Սեղմել Esc փակելու համար:
ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/28259/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/28259/02/20        2025 թ.

    Նախագահող դատավոր` Ա. Խառատյան

   Դատավորներ`        Ն. Բարսեղյան

                                     Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող  Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի օգոստոսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշման դեմ` ըստ Լուսաբեր Օհանյանի և Գագիկ Խաչատրյանի (այսուհետ` Համահայցվորներ) հայցի ընդդեմ Ռոբերտ Մելիք-Ավետիսյանի` անշարժ գույքի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք ժառանգության իրավունքի վկայագիրը մասնակիորեն անվավեր ճանաչելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Համահայցվորները պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող բնակելի տան` 109,05 քմ մակերեսով բնակելի ու 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունների նկատմամբ և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 28.11.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռոբերտ Մելիք-Ավետիսյանը (ներկայացուցիչ Գայանե Սարգսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 172-րդ, 187-րդ ու 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ, 62-րդ և 66-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Համահայցվորների կողմից գործի քննության ընթացքում չի հիմնավորվել օգտագործվող տարածքների օրինական լինելու փաստը, մինչդեռ, հայցադիմում ներկայացնելով, Համահայցվորները պահանջել են ճանաչել իրենց սեփականության իրավունքը նաև ինքնակամ հանդիսացող կառույցի նկատմամբ, որպիսի վեճը դատարանում քննության ենթակա չէր և գործի վարույթը պետք է կարճվեր, քանի որ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ օրենսդրի կողմից համապարփակ ձևով նախատեսված են սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերը, մասնավորապես` նախատեսվել է նաև, որ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել գույքի նկատմամբ այն դեպքում, երբ նախկին սեփականատերը հրաժարվել է իր գույքից: Այնուհանդերձ կոմունալ ծառայությունների վերաբերյալ պայմանագրեր կնքելը, օգտագործված էլեկտրաէներգիայի, գազի և ջրի դիմաց վճարումներ կատարելը չի կարող հիմք հանդիսանալ փաստելու, որ Համահայցվորների կողմից գույքը բարեխղճորեն տիրապետվել է որպես սեփականը, իսկ գույքի սեփականատերը հրաժարվել է իր սեփականության իրավունքից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գույքը հատկացվել է օգտագործման իրավունքով, հետևաբար հիմնավորված չէ այն հանգամանքը, որ Համահայցվորների կողմից գույքի տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստի վրա, որը հիմք կտար վերջիններիս ենթադրելու, որ գույքը տիրապետում են որպես սեփականը: Բացի այդ, գործով չի ներկայացվել որևէ ապացույց, որը կվկայեր գույքի սեփականատիրոջ կողմից գույքից մեկուսանալու և սեփականության իրավունքից հրաժարվելու մասին, ավելին` իր ու իր իրավանախորդների կողմից կատարվել են գույքի պաշտպանությանն ուղղված մի շարք քայլեր, մասնավորապես` վճարվել է գույքահարկը, կատարվել է իրավունքի գրանցում, այսինքն` սեփականատերը չի մեկուսացել իր գույքից, ինչն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության հիմքով այլ անձի սեփականության իրավունք ճանաչելը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 28.11.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.06.2022 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Խաչատուր Խաչատրյանը և Լուսաբեր Օհանյանը ամուսնացել են 14.05.1965 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 18).

2) Սպանդարյանի շրջանի թիվ 3 թաղային կոմիտեի կողմից 26.01.1989 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Խաչատուր Խաչատրյանը կնոջ` Լուսաբեր Օհանյանի, որդու` Գագիկ Խաչատրյանի և դստեր` Աննա Խաչատրյանի հետ ժամանակավոր գրանցված է եղել ու բնակվել է Երևանի Կոնդ փողոցի թիվ 204 տանը, որը որպես լքյալ գույք պատկանել է Խաչատուր Խաչատրյանին: Տեղեկանքում նշված է նաև, որ «բնակարանի սուղ պայմանները չներելու պատճառով Գերագույն սովետի դեպուտատ Հ. Չեքիջյանի միջնորդությամբ և թաղային կոմիտեի միջնորդությամբ, Սպանդարյան շրջանի գործկոմի համաձայնությամբ քաղաքացին իր ընտանիքով բնակվում է Չկալովի փողոցի 37 տանը, բնակարանը նախկինում ազատված էր, քաղաքացին 78 թ.-ից բնակվում է նույն համարում» (հատոր 1-ին, գ.թ. 20).

3) Սպանդարյանի շրջսովետի գործկոմի բարեկարգման և կոմունալ ձեռնարկությունների վարչության պետի 14.01.1989 թվականի գրության համաձայն` հանձնաժողովի կողմից ստուգման է ենթարկվել Չկալով փողոցի թիվ 37 հասցեում գտնվող` Խաչիկ Խաչատրյանի զբաղեցրած բնակարանը, որի արդյունքում պարզվել է, որ այն հին ու խարխուլ կառույց է: Միաժամանակ հայտնվել է, որ Կոնդ փողոցի թիվ 204 բակի` Խաչիկ Խաչատրյանին պատկանող բնակարանի, որտեղ վերջինս գրանցված է, ներկա ժամանակ չբնակվելու և խնամք չտանելու հետևանքով ծածկը կիսով չափ փլվել է (հատոր 1-ին, գ.թ. 21).

4) Խաչատուր Խաչատրյանը մահացել է 26.10.1999 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 17).

5) Երևանի Կենտրոնի Չկալով փողոցի թիվ 37 բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Մամիկոն Մելիք-Ավետիսյանին, հիմք` 08.06.2007 թվականին տրված սեփականության իրավունքի վկայական (հատոր 2-րդ, գ.թ. 31-34).

6) Ժառանգության իրավունքի 30.01.2020 թվականի թիվ 874 վկայագրով հաստատվել է, որ Մամիկոն Մելիք-Ավետիսյանի գույքի նկատմամբ ժառանգ է հանդիսանում որդին` Ռոբերտ Մելիք-Ավետիսյանը: Ժառանգական գույքը, որի համար տրվել է վկայագիրը, բաղկացած է եղել նաև Երևանի Կենտրոնի Չկալով փողոցի թիվ 37 հասցեում գտնվող անշարժ գույքից (հատոր 2-րդ, գ.թ. 35).

7) «Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացության համաձայն` Երևանի Կենտրոնի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալովի փողոց) թիվ 37 հասցեում (կադաստրային ծածկագիր` 01-006-0508-0212) գտնվող` Գագիկ Խաչատրյանի կողմից օգտագործվող գույքը` արտաքին մակերես 109,05քմ, մասամբ համապատասխանում է 01-006-0508-0212-001 կադաստրային ծածկագրով շինության հետ:

Գագիկ Խաչատրյանի կողմից օգտագործվում է նաև 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը: Եզրակացությանը կից առկա է շինությունների բնութագիր, որի համաձայն` շինության ընդհանուր մակերեսը (օրինական կառուցված) կազմում է 75,53քմ, իսկ օժանդակ շինության ներքին մակերեսը (ինքնակամ կառուցված)` 3,45քմ (հատոր 1-ին, գ.թ. 38-41).

8) Երևանի Կենտրոնի թիվ 5 տեղամասի լիազոր ներկայացուցչի կողմից 31.08.2020 թվականին տրված տեղեկանքի համաձայն` Լուսաբեր Օհանյանն իր որդու` Գագիկ Խաչատրյանի հետ միասին 1978 թվականից բնակվում է Երևանի Չկալով փողոցի թիվ 37 հասցեում գտնվող տանը: Տեղեկանքում նշվել է նաև, որ «Նշված ժամանակից ի վեր նրանք փաստացի տիրապետել և կառավարել են նշված հասցեի անշարժ գույքը, միջոցներ են ձեռնարկել գույքը պահպանելու և իրենց հաշվին կատարել են գույքը պահպանելու ծախսերը, կատարել են պարտադիր նորմերի և կոմունալ վճարումները» (հատոր 1-ին, գ.թ. 42):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմք, որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա լինելու հարցին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): Սույն նորմը չի կիրառվում ինքնակամ կառույց հանդիսացող անշարժ գույքի նկատմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

Մինչև 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ինքնակամ կառույց է համարվում օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով այդ նպատակի համար չհատկացված հողամասում կամ առանց թույլտվության կամ թույլտվությամբ սահմանված պայմանների կամ քաղաքաշինական նորմերի և կանոնների էական խախտումներով կառուցված կամ վերակառուցված շենքը, շինությունը կամ այլ կառույցը:

Մինչև 06.01.2022 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` ինքնակամ կառույցները կարող են ճանաչվել օրինական` համայնքների ղեկավարների, համայնքի վարչական տարածքներից դուրս` մարզպետների կողմից, կառավարության սահմանած կարգով:

Ինքնակամ կառույցը կարող է ճանաչվել օրինական միայն այն անձի դիմումով, որին սեփականության իրավունքով պատկանող հողամասում գտնվում է այդ կառույցը:

Կառավարության 18.05.2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ (այսուհետ` Կառավարության որոշում) հաստատվել է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը:

Վերոնշյալ նորմերի վերլուծությունից բխում է, որ անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել միայն օրինական հիմքով կառուցված գույքի նկատմամբ, իսկ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերումը հնարավոր է միայն օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով դրա օրինականացումից հետո:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ անդրադարձել է ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման հարցին: Մասնավորապես` ՀՀ վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին պարբերությունը և Կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումը, արձանագրել է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք կարող է ճանաչվել միայն, երբ այն օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ դառնում է օրինական: Հետևաբար ինքնակամ կառույցի նկատմամբ չի կարող ճանաչվել անձի սեփականության իրավունքը, քանի դեռ այն, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի համաձայն, չի ճանաչվել օրինական: Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ դատական կարգով ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման իրավական հիմքը բացակայում է (տե՛ս Մկրտիչ և Գյուլխանում Գասպարյաններն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ 3-106 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր վերը նշված իրավական դիրքորոշումը վերահաստատել է նաև թիվ ԵԿԴ/1471/02/08 քաղաքացիական գործով 13.03.2009 թվականին կայացրած, թիվ ԵԿԴ/1862/02/08 քաղաքացիական գործով 27.05.2009 թվականին կայացրած, թիվ ԵՄԴ/0090/02/10 քաղաքացիական գործով 04.03.2011 թվականին կայացրած և թիվ ԵԱՔԴ/1493/02/10 քաղաքացիական գործով 27.12.2011 թվականին կայացրած որոշումներով:

Հիմք ընդունելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչումը նույնպես պահանջում է, որպեսզի անշարժ գույքը, որի նկատմամբ պետք է ճանաչվի սեփականության իրավունք` լինի օրինական հիմքով կառուցված կամ օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված կարգով օրինականացված: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը, վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները, կրկին փաստում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել, քանի որ բացակայում է այս ինստիտուտի կիրառելիության համար անհրաժեշտ օբյեկտային նախադրյալը` սեփականության իրավունքով անձին պատկանող օրինական (կամ օրինականացված) անշարժ գույքը, ուստի ինքնակամ կառույցի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջ ներկայացված լինելու դեպքում նման պահանջը չի կարող քննվել քաղաքացիական դատավարության կարգով և գործի վարույթը ենթակա է կարճման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: Դատարանի ըստ էության ճիշտ դատական ակտը չի կարող բեկանվել միայն ձևական նկատառումներով:

Նույն հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի համաձայն` դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, եթե ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից` դատական ակտը ենթակա է բեկանման, եթե առկա են նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ և 11-րդ կետերով սահմանված` դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ դատական ակտի անվերապահ բեկանման հիմքերի ցանկի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օրենսդիրը քննարկվող հոդվածում առանձնացրել է այնպիսի դատավարական սխալներ, որոնք անմիջականորեն կապված են արդարադատության սկզբունքների և դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի խախտումների հետ: Հենց դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նման խախտումների առկայության պայմաններում դատական ակտը բոլոր դեպքերում ենթակա է բեկանման, և այն բողոքարկող անձը պարտավոր չէ ապացուցել, որ այդ դատավարական խախտումները հանգեցրել են կամ կարող էին հանգեցնել գործի սխալ լուծման: Այդպիսի խախտումների առանձնահատկությունը մյուս դատավարական խախտումների համեմատ կայանում է նրանում, որ դրանք այնքան էական են, որ խաթարում են դատարանի` իբրև իրավունքների համապարփակ և արդյունավետ պաշտպանությանը կոչված պետական մարմնի դերն ու նշանակությունը: Նման խախտումների առկայությամբ կայացված դատական ակտը չի կարող լինել համոզիչ և հեղինակավոր ու պետք է գնահատվի որպես թույլ տրված խախտման հետևանք:

i

Գործի քննության ժամանակ կարող են տեղի ունենալ տարբեր բնույթի դատավարական իրավունքի նորմի խախտումներ: Ընդ որում, նման խախտումները հնարավոր է լինեն ինչպես դատավարության մասնակիցների, այնպես էլ դատարանի ոչ իրավաչափ վարքագծի հետևանք, որոնք գործի ելքի վրա ունենում են տարբեր ազդեցություն: Օրենսդիրը, ՀՀ վճռաբեկ դատարանի համար սահմանելով պարտականություն բողոքարկվող դատական ակտը որպես կանոն վերանայելու միայն վճռաբեկ բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում, միևնույն ժամանակ ընդհանուր կանոնից նախատեսել է ուղղակի բացառություն այն դեպքերի համար, երբ բողոքի քննությամբ ՀՀ վճռաբեկ դատարանը հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը: Այս դեպքում ՀՀ վճռաբեկ դատարանը, անկախ այդ հիմքի (հիմքերի) և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ: Ընդ որում, այդպիսի խախտումն օրենսդիրը չի համարել ձևական (տե՛ս ըստ «Ավիակոմպանիա «Պոբեդա»» ՍՊԸ-ի դիմումի թիվ ԱՐԱԴ/0006/16/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.05.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ այդպիսի խախտում կարող է լինել նաև այն դեպքը, երբ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք: Նշված դեպքն օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով դիտել է որպես դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից:

i

Այսինքն, եթե ՀՀ վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի քննությամբ հայտնաբերում է, որ առկա է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետում նշված` դատական ակտի անվերապահ բեկանման համապատասխան հիմքը` ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը կարճելու հիմք, ապա անկախ այդ հիմքի և դրա վերաբերյալ հիմնավորումների մասին վճռաբեկ բողոքում նշված լինելու հանգամանքից, պարտավոր է, դուրս գալով վճռաբեկ բողոքի հիմքերի ու հիմնավորումների սահմաններից, անվերապահորեն բեկանել բողոքարկվող դատական ակտը` այդ խախտումը համարելով դատավարական իրավունքի նորմի այնպիսի խախտում, որի դեպքում այլևս էական չէ` այն հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծմանը, թե` ոչ (տե՛ս Հարություն, Ռուզաննա, Մարինե և Զարինե Ղուկասյաններն ընդդեմ Այվազ Ղուկասյանի ու մյուսների թիվ ԱՎԴ/2187/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.06.2024 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Համահայցվորները, դիմելով դատարան, պահանջել են ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իրենց սեփականության իրավունքը Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող բնակելի տան` 109,05 քմ մակերեսով բնակելի ու 4,24 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունների նկատմամբ և որպես հետևանք` այդ մասով անվավեր ճանաչել 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը:

«Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացության համաձայն` 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց (տե՛ս փաստ թիվ 7): Ընդ որում` նշյալ փաստը գործի քննության ընթացքում չի վիճարկվել և չեն ներկայացվել շինության օրինականացման վերաբերյալ ապացույցներ:

Դատարանը, պատճառաբանելով, որ ««Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին կազմված շինությունների բնութագրից և եզրակացությունից պարզ է դառնում 3,45 քմ /արտաքին մակերեսը 4,24 քմ/ օժանդակ շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց, մինչդեռ ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ 3-84(ՎԴ) քաղաքացիական գործով 01.02.2008 թվականի որոշումից ուղղակիորեն բխում է, որ անհայտ կարգավիճակ ունեցող կառույցների (ինքնակամ կառույցի) նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունք չի կարող ճանաչվել, ուստի Դատարանը գտնում, որ նշված մասով պահանջն անհիմն է և ենթակա է մերժման: (...) Խաչատուր Ալեքսանի Խաչատրյանի և Հայցվորների բնակեցումը Չկալովի փողոցի 37 տանը կրել է ժամանակավոր բնույթ, մինչև նրանց բնակարանային հարցի լուծումը, հետևաբար սույն գործով չհիմնավորվեց, որ գույքի` Խաչատուր Ալեքսանի Խաչատրյանի և Հայցվորների փաստացի տիրապետմանը անցնելիս վերջիններիս մոտ եղել է այն համոզմունքը, որ նրանք այդ գույքը տիրապետելու են որպես սեփականություն, այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին ձեռք բերողների մոտ բացակայել է բարեխղճությունը», 21.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «Թեև վեճի առարկա գույքը հայցվորների ընտանիքի տիրապետմանն անցնելու սկզբնական ժամանակահատվածում բացառվել է վերջինների մոտ իրենց տիրապետման վերաբերյալ բարեխղճության համոզմունքը, այդուհանդերձ, վերը վկայակոչված իրավական դիրքորոշումների ուժով այդ համոզմունքը ձևավորվել է գույքի տիրապետման հետագա ընթացքում: (...) Վերաքննիչ դատարանի գնահատմամբ վերը թվարկված հանգամանքները ժամանակի ընթացքում, այն է` մոտ 44 տարիների ընթացքում, հայցվորների մոտ ողջամտորեն կարող էին համոզմունք ձևավորել առ այն, որ իրենք վեճի առարկա գույքը տիրապետում են որպես սեփականություն: (...) Դատարանը պատշաճ կերպով չի գնահատել սույն գործով ներկայացված ապացույցները, մասնավորապես, գույքի նախկին սեփականատիրոջ կողմից դրսևորած անգործությունը, որին պատշաճ կերպով գնահատման չարժանացնելուց բացի` չի պարզել նաև գույքի ներկայիս սեփականատիրոջ կողմից արդեն ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո դրսևորած վարքագիծը: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ սույն գործով այդ հանգամանքը պարզելու անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ հայցվորների` վեճի առարկա գույքը տիրապետելու բարեխղճությունը տիրապետման տասը տարիների ընթացքում գնահատման էր ենթակա պատասխանողի` որպես սեփականատիրոջ վարքագծի, ինչպես նաև բարեխղճության ծագման պահի համատեքստում: Հետևաբար, Վերաքննիչ դատարանն անհրաժեշտ է համարում հատկապես ընդգծել, որ այդ հանգամանքը պարզելուց հետո է հնարավոր գնահատել պատասխանողին պատկանող` վեճի առարկա գույքը հայցվորների կողմից տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելը, ուստի առկա է սույն գործի նոր քննության անհրաժեշտություն», 28.11.2022 թվականի որոշմամբ Համահայցվորների վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության:

Վերոնշյալ դիրքորոշումների լույսի ներքո և հաշվի առնելով սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը` Վճռաբեկ դատարանը, անդրադառնալով Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող` 4,24 քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջին, արձանագրում է, որ սույն դեպքում գործի քննության ընթացքում հաստատվել է, որ վերոնշյալ շինությունը հանդիսանում է ինքնակամ կառույց և քաղաքացիական գործում առկա չէ Կառավարության որոշմամբ սահմանված կարգով շինության օրինականացման վերաբերյալ ապացույցներ: Նշված փաստը հաստատվել է «Սինուս» ՍՊԸ-ի կողմից 01.06.2020 թվականին տրված եզրակացությամբ (տե՛ս, փաստ թիվ 7) և չի վիճարկվել գործի քննության ընթացքում:

Փաստերի նման դասավորվածության պարագայում Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով ինչպես նախկինում կայացված որոշումներով, այնպես էլ սույն գործով արտահայտված իրավական դիրքորոշումները, փաստում է, որ ինքնակամ կառույցի նկատմամբ սեփականության իրավունք, այդ թվում նաև` ձեռքբերման վաղեմության ուժով, չի կարող ճանաչվել, քանի որ բացակայում է ինքնակամ կառույցի նկատմամբ դատական կարգով սեփականության իրավունք ճանաչելու իրավական հնարավորությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական գործի վարույթը` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով ինքնակամ կառուցված օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, ենթակա է կարճման:

Ինչ վերաբերում է վճռաբեկ բողոքի մյուս հիմքերին և հիմնավորումներին, ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերը նշված դիրքորոշումների համատեքստում դրանք հիմնավոր չեն ու հիմք չեն դատական ակտի բեկանման համար, քանի որ Վերաքննիչ դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման` փաստելով, որ ստորադաս դատարանի կողմից պարզման է ենթակա ինչպես նախկին սեփականատիրոջ կողմից դրսևորած վարքագծի համատեքստում գույքի ներկայիս սեփականատիրոջ արդեն ժառանգության իրավունքի վկայագրեր ստանալուց հետո դրսևորած վարքագիծը, այնպես էլ արդեն գույքի տիրապետման ընթացքում տիրապետողի մոտ բարեխղճության հնարավոր ծագման պահը:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանում առկա է եղել գործի վարույթը` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, վերը նշված պատճառաբանությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճելու հիմք, որպիսի հանգամանքից ելնելով` Դատարանի և Վերաքննիչ դատարանի կողմից սույն գործի ըստ էության քննությունն այդ մասով իրավաչափ համարվել չի կարող` նկատի ունենալով, որ վերոնշյալ պահանջի մասով գործը ենթակա չի եղել քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Հիմք ընդունելով վերը նշված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով առկա է Վերաքննիչ դատարանի դատական ակտի անվերապահ բեկանման հիմք` անկախ վճռաբեկ բողոքի հիմքերից և հիմնավորումներից, որը տվյալ դեպքում պայմանավորված է նրանով, որ վերը նշված պահանջի մասով ստորադաս դատարանում առկա է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նշված հիմքով գործի վարույթը կարճելու հիմք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը վերը նշված հանգամանքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի, նույն հոդվածի 3-րդ մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը մասնակիորեն` Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով (ներքին մակերեսը 3,45 քմ) օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը մասնակիորեն բեկանելու և գործի վարույթը կարճելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործը` ձեռքբերման վաղեմության ուժով Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 109,05քմ մակերեսով բնակելի տան նկատմամբ Համահայցվորների սեփականության իրավունքը ճանաչելու և որպես հետևանք` այդ մասով 30.01.2020 թվականին Ռոբերտ Մելիք-Ավետիսյանին տրված թիվ 874 ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու պահանջների մասով, Վերաքննիչ դատարանի 28.11.2022 թվականի որոշման ուժով ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ, 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշումը մասնակիորեն` Երևանի Սիմոն Երևանցի (նախկինում Չկալով) փողոցի թիվ 37 հասցեում գտնվող 4,24քմ արտաքին մակերեսով օժանդակ շինության նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասով, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.06.2022 թվականի վճիռը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու մասով, բեկանել ու այդ մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել. մնացած մասով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 28.11.2022 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող  Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204070280

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.08.2025
N ԵԴ/28259/02/20
Որոշում