Սեղմել Esc փակելու համար:
ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՌԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԼՈՒԾԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԱՐԴ/10324/02/22

    Քաղաքացիական գործ թիվ ԱՐԴ/10324/02/22       2025 թ.

    Նախագահող դատավոր` Ն. Մարգարյան

  Դատավորներ`        Հ. Ենոքյան

                                    Կ. Համբարձումյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի դեկտեմբերի 04-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Պաշտպանության նախարարության (այսուհետ` Նախարարություն) հայցի ընդդեմ «ՕԼԷԴ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Նախարարության` պայմանագիրը միակողմանի լուծելու մասին որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2024 թվականի որոշման դեմ Նախարարության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.580.589 ՀՀ դրամ` որպես չկատարված պարտավորության գումար, որից 98.604 ՀՀ դրամը` որպես պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն հաշվարկված տույժ, 1.792.794 ՀՀ դրամը` որպես պայմանագրի կատարման ապահովման տուժանք, իսկ 2.689.191 ՀՀ դրամը` որպես որակավորման ապահովման տուժանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր և Նախարարության միջև 05.10.2021 թվականին կնքված թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» ծածկագրով պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր)` Նախարարության կողմից 07.01.2022 թվականին թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) կատարված միակողմանի լուծումը:

Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 21.02.2024 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 31.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 21.02.2024 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Նախարարությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 454-րդ, 466-րդ, 468-րդ և 538-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 7-9-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պայմանագրի փոփոխման համար օրենսդրությամբ նախատեսված են վարքագծի կանոններ, և այդ իմաստով վիճելի իրավահարաբերության նկատմամբ կիրառված կանոնը չի կարող գնահատվել որպես գործարար շրջանառության սովորույթ: Ավելին` նույնիսկ որպես գործարար շրջանառության սովորույթ որակվելու պարագայում այն սույն գործի շրջանակներում կիրառելի չէ, քանի որ հակասում է ոչ միայն օրենսդրության պարտադիր դրույթներին, այլ նաև Պայմանագրի 8.5-րդ և 8.6-րդ կետերի պահանջներին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է Պայմանագրի 8.5-րդ կետը` մասնավորապես այն, որ Պայմանագրում լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա Պայմանագրի անբաժանելի մասը: Մինչդեռ տվյալ դեպքում այդպիսի համաձայնություն ձեռք չի բերվել, և համաձայնագիր չի կնքվել, հետևաբար` անհիմն է նաև այն պնդումը, որ Նախարարությունը, չպատասխանելով համապատասխան գրությանը (Պայմանագրի ժամկետը մինչև 30 օրացուցային օր երկարացնելու առաջարկի վերաբերյալ), Ընկերության մոտ ստեղծել է ողջամիտ և օբյեկտիվ համոզմունք, որ Պայմանագիրը համարվում է երկարաձգված 30 օրացուցային օրով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել Պայմանագրի 8.6-րդ կետով նախատեսված պայմանն այն մասին, որ նշված կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել, քան պայմանագրով սահմանված ժամկետն է: Տվյալ դեպքում Պայմանագրի անբաժանելի մաս հանդիսացող Վճարման ժամանակացույցով նախատեսվել է ֆինանսավորումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչև 10.12.2021 թվականը, որը Պայմանագրի առավելագույն ժամկետն է, ինչը, վերոգրյալի հաշվառմամբ, նշանակում է, որ Պայմանագրի 8.5-րդ կետով նախատեսված համաձայնագիր կնքելու դեպքում Պայմանագրի 8.6-րդ կետի պահանջի պահպանմամբ ապրանքի մատակարարման ժամկետը կարող էր երկարաձգվել առավելագույնը մինչև 10.12.2021 թվականը, և այդ դեպքում ևս 05.01.2022 թվականին Նախարարության կողմից Պայմանագրի միակողմանի լուծումն իրականացվել է Պայմանագրի պահանջներին համապատասխան, քանի որ այս դեպքում էլ ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները հնարավոր չէ դիտարկել որպես բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ, քանի որ վերջինս, քննարկման առարկա չդարձնելով Նախարարության դիրքորոշումը և ներկայացված ապացույցները, միակողմանի համոզմունք է արտահայտել սույն գործի հանգամանքների կապակցությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 31.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 21.02.2024 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Նախարարության (այսուհետ նաև` Գնորդ) և Ընկերության (այսուհետ նաև` Վաճառող) միջև 05.10.2021 թվականին կնքվել է պետության կարիքների համար ապրանքի մատակարարման թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» պայմանագիր, որի 1.1-ին կետի համաձայն` Վաճառողը պարտավորվում է նույն պայմանագրով սահմանված կարգով, ծավալներով, ժամկետներում ու հասցեով Գնորդին մատակարարել պայմանագրի թիվ 1 հավելվածով` Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույցով նախատեսված ապրանքը, իսկ Գնորդը պարտավորվում է ընդունել ապրանքը և վճարել դրա համար:

Պայմանագրի 2.1.1-ին կետի համաձայն` Գնորդն իրավունք ունի ապրանքը պայմանագրով սահմանված ժամկետում Վաճառողի կողմից չմատակարարելու դեպքում հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Պայմանագրի 2.1.5-րդ կետի համաձայն` Գնորդն իրավունք ունի Վաճառողի կողմից մատակարարման ժամկետների խախտման դեպքում իր հայեցողությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ և պահանջել Վաճառողից վճարելու պայմանագրի 6.2-րդ կետով նախատեսված տույժը:

Պայմանագրի 2.1.7-րդ կետի համաձայն` Գնորդն իրավունք ունի միակողմանի լուծել պայմանագիրը (լրիվ կամ մասնակի), եթե Վաճառողն էականորեն խախտել է պայմանագիրը:

Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն` Վաճառողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե ապրանքի մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի:

Պայմանագրի 2.2.3-րդ կետի համաձայն` Գնորդը պարտավոր է Պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում մատակարարված ապրանքն ընդունելու դեպքում Վաճառողին վճարել վերջինիս վճարման ենթակա գումարները, իսկ վճարման ժամկետի խախտման դեպքում` նաև պայմանագրի 6.5 կետով նախատեսված տույժը:

Պայմանագրի 2.4.1-ին կետի համաձայն` Վաճառողը պարտավոր է Գնորդին հանձնել ապրանքը` պայմանագրով նախատեսված կարգով, ծավալներով, ժամկետներում և հասցեով:

Պայմանագրի 2.4.7-րդ կետի համաձայն` Վաճառողը պարտավոր է պայմանագրով նախատեսված դեպքերում վճարել պայմանագրի 6.2-րդ և 6.3-րդ կետերով նախատեսված տույժն ու տուգանքը:

Պայմանագրի 6.1-ին կետի համաձայն` Վաճառողը պատասխանատվություն է կրում հանձնած ապրանքի որակի և պայմանագրով նախատեսված մատակարարման ժամկետների պահպանման համար:

Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն` Վաճառողի կողմից պայմանագրով նախատեսված ապրանքի մատակարարման ժամկետների խախտման դեպքում Վաճառողից յուրաքանչյուր ուշացված օրվա համար գանձվում է տույժ` մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 տոկոսի չափով:

Պայմանագրի 6.3-րդ կետի համաձայն` Պայմանագրի 1.1-ին կետում նշված տեխնիկական բնութագրին չհամապատասխանող ապրանք մատակարարելու յուրաքանչյուր դեպքում Վաճառողից գանձվում է տուգանք` պայմանագրի գնի 0,5 տոկոսի չափով: (...):

Պայմանագրի 8.1-ին կետի համաձայն` պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից և գործում է մինչև կողմերի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը: (...):

Պայմանագրի 8.5-րդ կետի համաձայն` պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, որը կհանդիսանա պայմանագրի անբաժանելի մասը: (...):

Պայմանագրի 8.6-րդ կետի համաձայն` ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Վաճառողի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ Գնորդի մոտ չի վերացել ապրանքի շահագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացվել է ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ: Ընդ որում, նույն կետով սահմանված դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է:

Պայմանագրի թիվ 1 հավելվածով` «Տեխնիկական բնութագիր և գնման ժամանակացույց»-ով, սահմանվել է, որ 111 հատ հեռուստացույցի (հեռուստացույց 43) մատակարարումը նախատեսվում է 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 30.11.2021 թվականը:

Պայմանագրի թիվ 2 հավելվածով` «Վճարման ժամանակացույց»-ով, նախատեսվել է ֆինանսավորումն իրականացնել ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչև 10.12.2021 թվականը (հատոր 1-ին, գ.թ. 20-25).

2) 01.10.2021 թվականին Ընկերության կողմից միակողմանիորեն հաստատվել է պայմանագրի ապահովման տուժանքի մասին հայտարարություն (այսուհետ նաև` թիվ 1 համաձայնագիր):

Թիվ 1 համաձայնագրի 1.2-րդ կետի համաձայն` որպես գնման ընթացակարգի արդյունքում կնքվելիք պայմանագրի կատարման ապահովում, Ընկերությունը Պատվիրատուին է ներկայացնում նույն տուժանքի համաձայնագիրը և կից վճարման պահանջագիրը` լրացված ու հաստատված Ընկերության կողմից:

Թիվ 1 համաձայնագրի 1.6-րդ կետի համաձայն` Ընկերության կողմից գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, եթե այն հանգեցնում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի միակողմանի լուծման, Պատվիրատուն նույն տուժանքի համաձայնագիրը և կից Պահանջագիրը բնօրինակներով ներկայացնում է Վճարող Բանկին` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: (...):

Թիվ 1 համաձայնագրի 2.1-ին կետի համաձայն` նույն համաձայնագիրը և պահանջագիրը անհետկանչելի են, ուժի մեջ են մտնում Ընկերության կողմից վավերացման պահից ու ուժի մեջ են մինչև Ընկերության կողմից կնքվելիք պայմանագրով ստանձնվող պարտավորությունների ամբողջական կատարման վերջին օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրը ներառյալ:

Վճարման պահանջագրի համաձայն` ակցեպտավորված վճարումը` որպես պայմանագրի կատարման ապահովում, կազմել է 1.800.000 (մեկ միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ` վճարող` Ընկերություն, շահառու` Նախարարություն, վավերապայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 27, 28).

3) 01.10.2021 թվականին Ընկերության կողմից միակողմանիորեն հաստատվել է որակավորման ապահովման տուժանքի մասին հայտարարություն (այսուհետ` նաև թիվ 2 համաձայնագիր):

Թիվ 2 համաձայնագրի 1.2-րդ կետի համաձայն` որպես գնման ընթացակարգի արդյունքում ընտրված մասնակից, կնքվելիք պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար անհրաժեշտ որակավորման ապահովում Ընկերությունը Պատվիրատուին է ներկայացնում նույն տուժանքի համաձայնագիրը և կից վճարման պահանջագիրը` լրացված ու հաստատված Ընկերության կողմից:

Թիվ 2 համաձայնագրի 1.4-րդ կետի համաձայն` Ընկերության կողմից գնման ընթացակարգի արդյունքում կնքված պայմանագիրը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում, եթե այն հանգեցնում է Պատվիրատուի կողմից Պայմանագրի միակողմանի լուծման, Պատվիրատուն նույն տուժանքի համաձայնագիրը և կից Պահանջագիրը բնօրինակներով ներկայացնում է Վճարող Բանկին` այդ մասին գրավոր տեղեկացնելով Ընկերությանը: (...):

Թիվ 2 համաձայնագրի 2.1-ին կետի համաձայն` նույն համաձայնագիրը և պահանջագիրը անհետկանչելի են, ուժի մեջ են մտնում Ընկերության կողմից վավերացման պահից ու ուժի մեջ են մինչև Պատվիրատուի կողմից կնքված պայմանագրի կատարման արդյունքն ամբողջական ընդունվելու օրվան հաջորդող քսաներորդ աշխատանքային օրը ներառյալ:

Վճարման պահանջագրի համաձայն` ակցեպտավորված վճարումը` որպես որակավորման ապահովում, կազմել է 2.700.000 (երկու միլիոն յոթ հարյուր հազար) ՀՀ դրամ` վճարող` Ընկերություն, շահառու` Նախարարություն, վավերապայմաններով (հատոր 1-ին, գ.թ. 29, 30).

4) Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանը 23.11.2021 թվականին գրություն է ուղղել Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին առ այն, որ «ԶԻԶԻ» ՍՊԸ բեռնափոխադրող ընկերությունը, որը հանդիսանում է Պայմանագրի շրջանակում Ընկերության` Չինաստան-Հայաստան բեռնափոխադրող ընկերության ներկայացուցիչը, իր գրությամբ փաստում է, որ ուղեբեռը նույն թվականի նոյեմբերի 18-ից գտնվում է ԻԻՀ Բանդար Աբբաս նավահանգստում, սակայն, պայմանավորված համաշխարհային համավարակով (COVID 19), ինչպես նաև Իրան-Հայաստան բեռնափոխադրման ճանապարհների փոփոխություններով, ՀՀ-ում տեղակայված նոր անցակետերով, որն առաջացրել է ինչպես ճանապարհային խցանումներ, այնպես էլ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների կրճատում, ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, ինչի արդյունքում մատակարարումը հետաձգվել է անորոշ ժամանակահատվածով: Հաշվի առնելով, որ թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8» ծածկագրով գնման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, իսկ այդ ժամանակահատվածում նման խնդիրներ առկա չեն եղել, և հետագայում հնարավոր չէր կանխատեսել, որ կարող է առաջանալ ֆորս-մաժորային իրավիճակ` խնդրել է Պայմանագրի ժամկետը երկարացնել մինչև 30 օրացուցային օրով` հիմք ընդունելով Պայմանագրի 7-րդ ու 8.6-րդ կետերը:

Վերը նշված գրությանը Նախարարության կողմից պատասխան չի ներկայացվել (հատոր 1-ին, գ.թ. 179).

5) ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ա. Պողոսյանի կողմից ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության պետի ՊԺԿ Ս. Աբրահամյանին ուղղված 15.12.2021 թվականի գրությամբ հայտնվել է, որ 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի համաձայն` Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում` ոչ ուշ քան մինչև 30.11.2021 թվականը, պետք է մատակարարեր 1 անվանում ապրանքատեսակ` «Հեռուստացույց 43»: Պայմանագրի թիվ 1 հավելվածի պահանջների համաձայն` Ընկերությունը ՀՀ ԶՈՒ ԲՀԱ վարչություն պետք է ներկայացներ վերը նշված ապրանքատեսակի նմուշը` պատասխանատու ստորաբաժանման հետ աշխատանքի փորձարկում իրականացնելու համար, ինչը, սակայն, չի կատարել և ապրանքատեսակը չի մատակարարել: Հավաստվել է, որ նույն թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ «Հեռուստացույց 43» ապրանքատեսակի մատակարարման գործընթացը կասեցվել է, և մատակարարում իրականացվելու դեպքում չի ընդունվի: Ելնելով վերոգրյալից` առաջարկվել է Ընկերության նկատմամբ Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի համաձայն նախաձեռնել պայմանագրի միակողմանի լուծման գործընթաց: Միաժամանակ հայտնվել է, որ ապրանքների մատակարարման ուշացումը նույն թվականի դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմում է 11 աշխատանքային օր (հատոր 1-ին, գ.թ. 33).

6) ՀՀ ՊՆ ՆՏԱԳՎ վճարահաշվարկային գործառնությունների վարչության պետ Ա. Հակոբյանը ՀՀ ՊՆ ՆՏԱԳՎ ԹԱ վարչության պետ Հ. Մելիքյանին ուղղված 17.12.2021 թվականի գրությամբ նշել է, որ Նախարարության և Ընկերության միջև 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի միակողմանի լուծման դեպքում վճարման ենթակա տույժերի չափը, Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն, կկազմի 98.604 ՀՀ դրամ, մասնավորապես` «Հեռուստացույց 43» 111 հատ x 11 օր x 161.513 x 0,05%=98.604 ՀՀ դրամ: Համաձայն Ֆինանսների նախարարության կողմից թիվ 03/26/18969-2021 գրությամբ տրված պարզաբանման` Պայմանագրով սահմանված վճարման ենթակա տուգանքը կկազմի` 17.927.943x0,5%=89.640 ՀՀ դրամ: Ինչպես նաև ենթակա է գանձման պայմանագրի կատարման ապահովումը (տուժանք)` 17.927.943x10%=1.792.794 ՀՀ դրամ և որակավորման ապահովում` 17.927.943x15%=2.689.191 ՀՀ դրամի չափով` օրենսդրությամբ սահմանված կարգի համաձայն (հատոր 1-ին, գ.թ. 32).

7) 07.01.2022 թվականին Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանը գրություն է ուղղել Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանին այն մասին, որ Նախարարության և Ընկերության միջև 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 30.11.2021 թվականը, պետք է մատակարարեր ընդհանուր 111 հատ հեռուստացույց («Հեռուստացույց 43»), սակայն չի մատակարարել: Հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի պահանջները` Նախարարությունը 05.01.2022 թվականին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ Պայմանագիրը: Տեղեկացվել է, որ Ընկերությունը պարտավոր է նույն ծանուցումն ստանալուց հետո 5 (հինգ) բանկային օրվա ընթացքում Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005028106 հաշվեհամարին փոխանցել 98.604 ՀՀ դրամ` որպես տույժ` Պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն, և 89.604 ՀՀ դրամ` որպես տուգանք` Պայմանագրի 6.3-րդ կետի համաձայն, ինչպես նաև վերոնշյալ ժամկետում Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900005000758 հաշվեհամարին ենթակա է գանձման 1.792.794 ՀՀ դրամ` որպես պայմանագրի կատարման ապահովում և Ֆինանսների նախարարության կողմից բացված գանձապետական 900008000664 հաշվեհամարին ենթակա է գանձման 2.689.191 ՀՀ դրամ` որպես որակավորման ապահովում (հատոր 1-ին, գ.թ. 34):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 466-րդ, 468-րդ ու 538-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մատակարարման պայմանագիրը լուծելու առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք քաղաքացիական իրավունքները ձեռք են բերում ու իրականացնում իրենց կամքով և ի շահ իրենց: Նրանք ազատ են պայմանագրի հիման վրա սահմանելու իրենց իրավունքները և պարտականությունները, որոշելու պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով ու այլ իրավական ակտերով նախատեսված հիմքերից, ինչպես նաև քաղաքացիների և իրավաբանական անձանց այն գործողություններից, որոնք թեև օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված չեն, սակայն, ըստ քաղաքացիական օրենսդրության սկզբունքների` առաջացնում են քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ:

Դրան համապատասխան, քաղաքացիական իրավունքները և պարտականությունները ծագում են օրենքով նախատեսված պայմանագրերից և այլ գործարքներից (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 408-րդ հոդվածի համաձայն` պարտավորության խախտում է համարվում այն չկատարելը կամ անպատշաճ (կետանցով, ապրանքների, աշխատանքների և ծառայությունների թերություններով կամ պարտավորության բովանդակությամբ որոշվող այլ պայմանների խախտմամբ) կատարելը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 436-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագիր է համարվում երկու կամ մի քանի անձանց համաձայնությունը, որն ուղղված է քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դադարելուն:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագրից ծագող պարտավորությունների նկատմամբ կիրառվում են պարտավորությունների մասին ընդհանուր դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ նույն գլխի և պայմանագրերի առանձին տեսակների մասին նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս: (...):

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով (հոդված 438):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխումը և լուծումը հնարավոր է կողմերի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պայմանագիրը, կողմերից մեկի պահանջով, կարող է փոփոխվել կամ լուծվել դատարանի վճռով միայն մյուս կողմի թույլ տված` պայմանագրի էական խախտման կամ օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:

Էական է ճանաչվում կողմերից մեկի թույլ տված պայմանագրի խախտումը, որը հանգեցնում է մյուս կողմի համար այնպիսի վնասի, որն զգալիորեն զրկում է վերջինիս այն բանից, ինչը նա իրավունք ուներ ակնկալել պայմանագիրը կնքելիս:

Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու դեպքում, երբ պայմանագրից հրաժարվելը թույլատրվում է օրենքով կամ կողմերի համաձայնությամբ, պայմանագիրը համապատասխանաբար համարվում է լուծված կամ փոփոխված:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 468-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 540-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պետական կարիքների համար ապրանքները մատակարարվում են պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պետական պայմանագրի (այսուհետ` պետական պայմանագիր), ինչպես նաև դրան համապատասխան կնքված պետական կարիքների համար ապրանքների մատակարարման պայմանագրերի հիման վրա: Պետական կարիքներ են ճանաչվում պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվող և օրենքով սահմանված կարգով որոշվող Հայաստանի Հանրապետության պահանջմունքները:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պետական կարիքների համար ապրանքների մատակարարման հարաբերությունների նկատմամբ կիրառվում են մատակարարման պայմանագրի մասին կանոնները (521-538 հոդվածներ), եթե այլ բան նախատեսված չէ նույն պարագրաֆի կանոններով: (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 538-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել (լրիվ կամ մասնակի) թույլատրվում է, եթե պայմանագրի մյուս կողմն էականորեն խախտել է պայմանագիրը (466 հոդվածի 2-րդ կետ):

Նույն հոդվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն` մատակարարի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե բազմիցս խախտվել են ապրանքների մատակարարման ժամկետները:

Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` կողմերի համաձայնությամբ կարող են նախատեսվել մատակարարման պայմանագիրը միակողմանի փոփոխելու կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվելու այլ հիմքեր:

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` մատակարարման պայմանագիրը համարվում է փոփոխված կամ լուծված` այդ մասին կողմերից մեկի ծանուցումը մյուս կողմի ստանալու պահից, եթե ծանուցման մեջ նախատեսված չէ կամ կողմերի համաձայնությամբ սահմանված չէ պայմանագրի փոփոխման կամ լուծման այլ ժամկետ:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը, նպատակ ունենալով ապահովելու քաղաքացիական օրենսդրության վերը նշված սկզբունքներից կամքի ինքնավարության, պայմանագրի ազատության, քաղաքացիական իրավունքներն իրենց կամքով և ի շահ իրենց ձեռք բերելու ու իրականացնելու, պայմանագրի հիման վրա իրենց իրավունքները և պարտականություններն ազատ սահմանելու, պայմանագրի` օրենսդրությանը չհակասող ցանկացած պայման որոշելու սկզբունքների իրականացումը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով կարգավորվող հարաբերությունների մասնակիցների` կողմերի համար նախատեսել է հնարավորություն` կնքելու ինչպես օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված, այնպես էլ չնախատեսված պայմանագիր և սահմանելու պայմանագրի պայմանները, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ օրենսդիրը, սահմանելով կողմի` գնորդի կամ մատակարարի պահանջով մատակարարման պայմանագիրը լուծելու հիմքերը, ամրագրել է նաև կողմերի իրավունքը` սահմանելու մատակարարման պայմանագրով պայմանագիրը լուծելու ինքնուրույն այլ հիմքեր: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ օրենսդրական նման կարգավորումը բխում է պայմանագրի ազատության սկզբունքից, ըստ որի` պայմանագրի պայմանները որոշվում են կողմերի հայեցողությամբ, բացի այն դեպքերից, երբ համապատասխան պայմանի բովանդակությունը սահմանված է օրենքով կամ այլ իրավական ակտերով:

i

Ամփոփելով վերոնշյալը` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ մատակարարման պայմանագրով կողմերը կարող են սահմանել պայմանագիրը լրիվ կամ մասնակի կատարելուց միակողմանի հրաժարվելու ինչպես օրենքով նախատեսված, այնպես էլ` այլ հիմքեր, որոնց առկայությունը հիմք է պայմանագիրը լուծելու համար (տե՛ս «Դեագա» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի թիվ ԿԴ1/1125/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ընդհանուր կանոնի համաձայն` պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն այն ձևով, ինչ ձևով կնքվել է պայմանագիրը: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ որևէ օրենքով կամ պայմանագրով կամ գործարար շրջանառության սովորույթներով նախատեսված է պայմանագրի կնքման ձևից տարբերվող ձևով այն փոփոխելու կամ լուծելու իրավական հնարավորություն:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ պայմանագրով սահմանված պարտավորությունները փոփոխված կամ դադարած կարող են համարվել միայն օրենքով նախատեսված կարգով փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնության կայացման պահին, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից (տե՛ս Երևան համայնքն ընդդեմ Տիգրան Ղալումյանի և մյուսների թիվ ԵԿԴ/2654/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.10.2022 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` գործարար շրջանառության սովորույթ է համարվում ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոնը, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները չեն կիրառվում:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է գործարար շրջանառության սովորույթներ: Կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը:

Վերը նշված իրավական նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործարար շրջանառության սովորույթը ձեռնարկատիրական գործունեության որևէ բնագավառում ձևավորված և լայնորեն կիրառվող օրենսդրությամբ չնախատեսված վարքագծի կանոն է, անկախ դրա` որևէ փաստաթղթում ամրագրման հանգամանքից: Վեճը լուծելիս դատարանը կարող է կիրառել գործարար շրջանառության սովորույթ միայն օրենքով նախատեսված դեպքերում, իսկ դրա առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը: Միևնույն ժամանակ օրենսդիրը սահմանել է, որ օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթը կիրառվել չի կարող, այսինքն` օրենսդիրն արգելել է օրենսդրության պարտադիր դրույթներին կամ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթի կիրառումը, ինչը բխում է իրավական նորմերի ենթակարգության սկզբունքից. օրենսդրության պարտադիր դրույթներն ունեն գերակա ուժ սովորույթների նկատմամբ, իսկ պայմանագրի պայմանները` որպես կողմերի ազատ կամահայտնության արդյունք, առաջնահերթ են իրենց փոխադարձ հարաբերություններում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Նախարարության և Ընկերության միջև 05.10.2021 թվականին կնքվել է Պայմանագիր, որով Ընկերությունը պարտավորվել է 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 30.11.2021 թվականը, Նախարարությանը մատակարարել Պայմանագրի թիվ 1 հավելվածով` «Տեխնիկական բնութագիր-գնման ժամանակացույց»-ով նախատեսված ապրանքը` 111 հատ հեռուստացույց (հեռուստացույց 43), իսկ Նախարարությունը պարտավորվել է ընդունել ապրանքը և վճարել դրա համար ՀՀ պետական բյուջեի 2021 թվականի հատկացումների հաշվին, բայց ոչ ուշ, քան մինչև 10.12.2021 թվականը: Ապրանքները սահմանված ժամկետում չմատակարարելու դեպքում Նախարարությանը վերապահվել են հետևյալ իրավունքները` հրաժարվել ապրանքից, եթե մատակարարման ժամկետները խախտվել են 10 օրից ավելի, իր հայեցողությամբ սահմանել ապրանքների մատակարարման նոր ժամկետ` վաճառողից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձելով մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05 տոկոսի չափով տույժ, իսկ մատակարարման ժամկետները 10 օրից ավելի խախտված լինելու դեպքում` Պայմանագիրն էականորեն խախտված լինելու հիմքով այն միակողմանի (լրիվ կամ մասնակի) լուծել:

Պայմանագրի 8.1-ին, 8.5-րդ և 8.6-րդ կետերով սահմանվել է, որ պայմանագիրն ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրման պահից ու գործում է մինչև կողմերի` պայմանագրով ստանձնած պարտավորությունների ողջ ծավալով կատարումը, դրանում փոփոխություններ ու լրացումներ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, իսկ ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը` Վաճառողի առաջարկության առկայության դեպքում` պայմանով, որ Գնորդի մոտ վերացած չլինի ապրանքի շահագործման պահանջը, իսկ Վաճառողի առաջարկությունը ներկայացված լինի ոչ ուշ, քան պայմանագրով ի սկզբանե մատակարարման համար սահմանված ժամկետը լրանալուց առնվազն 5 օրացուցային օր առաջ, ընդ որում, տվյալ դեպքում ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մեկ անգամ մինչև 30 օրացուցային օրով, բայց ոչ ավել քան պայմանագրով սահմանված ժամկետն է (տե՛ս փաստ 1):

Ընկերության կողմից, որպես Պայմանագրի պատշաճ կատարման երաշխիք, 01.10.2021 թվականին միակողմանիորեն հաստատվել են թիվ 1 և թիվ 2 հայտարարությունները (տե՛ս փաստեր 2, 3):

23.11.2021 թվականին Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանը գրություն է ուղղել Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանին այն մասին, որ, պայմանավորված համաշխարհային համավարակով (COVID 19) և Իրան-Հայաստան բեռնափոխադրման ճանապարհների փոփոխություններով, ՀՀ-ում տեղակայված նոր անցակետերով, որն առաջացրել է ինչպես ճանապարհային խցանումներ, այնպես էլ Իրան-Հայաստան բեռնափոխադրումների կրճատում, ստեղծվել է ֆորս-մաժորային իրավիճակ, ինչի արդյունքում մատակարարումը հետաձգվել է անորոշ ժամանակահատվածով, ուստի, հաշվի առնելով, որ թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8» ծածկագրով գնման գործընթացը տեղի է ունեցել սեպտեմբեր ամսին, իսկ այդ ժամանակահատվածում նման խնդիրներ առկա չեն եղել, ու հետագայում հնարավոր չէր կանխատեսել, որ կարող է առաջանալ ֆորս-մաժորային իրավիճակ, խնդրել է Պայմանագրի ժամկետը երկարացնել մինչև 30 օրացուցային օրով` հիմք ընդունելով Պայմանագրի 7-րդ ու 8.6-րդ կետերը:

Վերը նշված գրությանը Նախարարության կողմից պատասխան չի ներկայացվել:

Նախարարության և Ընկերության միջև 05.10.2021 թվականին կնքված Պայմանագրի շրջանակներում Ընկերությունը 2021 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ, քան մինչև 30.11.2021 թվականը, չի մատակարարել ընդհանուր 111 հատ հեռուստացույցը («Հեռուստացույց 43»), իսկ 15.12.2021 թվականի դրությամբ ապրանքների մատակարարման ուշացումը կազմել է 11 աշխատանքային օր, ուստի Նախարարությունը, հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.7.1-ին կետի «բ» ենթակետի պահանջները, 05.01.2022 թվականին միակողմանի ամբողջությամբ լուծել է Պայմանագիրը: Նշվածի վերաբերյալ Ընկերության տնօրեն Թ. Ստեփանյանը տեղեկացվել է Պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի 07.01.2022 թվականի գրությամբ (տե՛ս փաստեր 5, 7):

Դիմելով դատարան` Նախարարությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 4.580.589 ՀՀ դրամ` որպես չկատարված պարտավորության գումար, որից 98.604 ՀՀ դրամը` որպես պայմանագրի 6.2-րդ կետի համաձայն հաշվարկվող տույժ, 1.792.794 ՀՀ դրամը` որպես պայմանագրի կատարման ապահովման տուժանք, իսկ 2.689.191 ՀՀ դրամը` որպես որակավորման ապահովման տուժանք:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել իր և Նախարարության միջև 05.10.2021 թվականին կնքված թիվ «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» ծածկագրով պայմանագրի Նախարարության կողմից 07.01.2022 թվականի թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) կատարված միակողմանի լուծումը:

Դատարանը 21.02.2024 թվականի վճռով հայցը բավարարել է, իսկ հակընդդեմ հայցը մերժել է նաև այն պատճառաբանությամբ, որ`

- «գործում առկա ապացույցներով և դրանցում պարունակող տեղեկություններով հաստատվում է, որ հայցվոր ՀՀ պաշտպանության նախարարության և պատասխանող «Օլէդ» ՍՊԸ-ի միջև 05.10.2021թ. կնքված N ԳՀԱՊՁԲ-21-3/8-1 գնման պայմանագրի շրջանակներում «Օլէդ» ՍՊԸ-ն 2021թ. 4-րդ եռամսյակի ընթացքում, բայց ոչ ուշ քան 30.11.2021թ. չի մատակարարել ընդհանուր 111 հատ հեռուստացույցը («Հեռուստացույց 43»), իսկ 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ ապրանքների մատակարարման ուշացումը կազմել է 11 (տասնմեկ) աշխատանքային օր, որպիսի փաստը` որպես պայմանագրի էական պայմանի խախտում, հիմք ընդունելով Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի պահանջներով ՀՀ պաշտպանության նախարարությունը 2022թ. հունվարի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծել է վերոնշյալ Պայմանագիրը, ինչի վերաբերյալ «Օլէդ» ՍՊԸ-ն տեղեկացվել է տնօրեն Թ. Ստեփանյանին ուղղված ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կ. Բրուտյանի` 07.01.2022թ.-ի N ՊՆՏ/2-25 գրությամբ, իսկ թիվ ԳՀԱՊՁԲ-21-3/8-1 ծածկագրով պայմանագիրը միակողմանի ամբողջությամբ լուծելու վերաբերյալ թիվ ՆՏԱ/2-25 հայտարարությունը www.gnumner.minfin.am կայքում հրապարակվել է 10.01.2022թ.-ին, որպիսի փաստը գործի քննության ընթացքում ընդունել է նաև պատասխանող «Օլէդ» ՍՊԸ-ն»,

- «վաճառող «Օլէդ» ՍՊԸ-ի կողմից պայմանագրի էական պայմանների խախտման հիմքով գնորդի կողմից Պայմանագիրը միակողմանի լուծվելու պայմաններում հայցվոր ՀՀ պաշտպանության նախարարության մոտ ծագել է Պայմանագրի 6.2 կետով նախատեսված տույժը` յուրաքանչյուր ուշացված աշխատանքային օրվա համար մատակարարման ենթակա, սակայն չմատակարարված ապրանքի գնի 0,05% (զրո ամբողջ հինգ հարյուրերորդական տոկոս) չափով, որը 2021թ.-ի դեկտեմբերի 15-ի դրությամբ կազմել է 98.604 ՀՀ դրամ (հեռուստացույց 43` 111 հատ x 11 օր x 161.513 դրամ x 0,05%=98.604 ՀՀ դրամ), և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի գ) պարբերության և 9-րդ ենթակետով պետության կարիքների համար ապրանքի մատակարարման N ԳՀԱՊՁԲ-21-3/8-1 պայմանագրի պատշաճ կատարման երաշխիք, ընտրված մասնակից «Օլէդ» ՍՊԸ-ի կողմից 01.10.2021 թվականին միակողմանի սահմանված որակավորման և պայմանագրի ապահովման տուժանքի մասին համաձայնագրերով և անհետկանչելի վճարման պահանջագրերով համապատասխանաբար 2.689.191 (երկու միլիոն վեց հարյուր ութսունինը հազար հարյուր իննսունմեկ) ՀՀ դրամ (17.927.943 x 15%=2.698.191) և 1.792.794 (մեկ միլիոն յոթ հարյուր իննսուներկու հազար յոթ հարյուր իննսունչորս) ՀՀ դրամ (17.927.943 x 10%=1.792.794) ապահովման միջոցները պահանջելու իրավունք, որոնք ենթակա են բռնագանձման պատասխանող «Օլէդ» ՍՊԸ-ից հօգուտ հայցվոր ՀՀ պաշտպանության նախարարության»,

- «պատասխանող և հակընդդեմ հայցով հայցվոր «ՕԼԷԴ» ՍՊԸ-ի կողմից, որպես պարտավորությունների չկատարման փաստարկ, վկայակոչվել է ի թիվս այլնի (...)` COVID 19 համավարակով պայմանավորված ֆորս-մաժորային իրավիճակը, մինչդեռ վերջինիս կողմից գործով որևէ ապացույց չի ներկայացվել առ այն, որ COVID 19 համավարակով պայմանավորված անհաղթահարելի ուժի ազդեցությամբ պայմանավորված հետևանքը ծագել է Պայմանագիրը կնքելուց հետո և որ կողմերը չէին կարող կանխատեսել այն մինչև պայմանագրի կնքումը»,

- «ելնելով իրավանորմերի և պայմանագրային դրույթների պահանջներից և այն հանգամանքից, որ (...) օրենքով, ինչպես նաև սույն գործով կողմերի միջև առկա չէ համաձայնություն լռությունը գործարք կնքելու կամքի արտահայտություն համարելու համար, դատարանը գտնում է, որ անհիմն է պատասխանող և հակընդդեմ հայցվոր «Օլէդ» ՍՊԸ-ի եզրակացությունը` 23.11.2021թ. գրության և Պայմանագրի 8.6 կետի հիմքով Պայմանագիրը երկարաձգված համարելու վերաբերյալ, առնվազն այն փաստի ուժով, որ առկա չի եղել ՀՀ պաշտպանության նախարարության կամքի արտահայտությունը` Պայմանագիրը երկարաձգելու և համաձայնագիր կնքելու վերաբերյալ»,

- «հակընդդեմ հայցվորը, ներկայացրած հայցապահանջով վիճարկում է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից վերջինիս և «Օլէդ» ՍՊ ընկերության միջև 05.10.2021թ. կնքված «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» ծածկագրով պայմանագրի` 07.01.2022թ.-ի թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) միակողմանի լուծման իրավաչափությունը, ուստի, հաշվի առնելով սկզբնական հայցի հիմքի և հիմնավորումների շրջանակներում, դատարանի կողմից ստուգվել են 05.10.2021թ. կնքված «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» պայմանագրի` 07.01.2022թ.-ի թիվ ՊՆՏ/2-25 հայտարարությամբ (գրությամբ) միակողմանի լուծման հիմքի առկայությունը և հաստատվել է դրա իրավաչափությունը` Պայմանագրով նախատեսված հիմքի և ապրանքի մատակարարման ժամկետները 10 օրից ավելի խախտված լինելու փաստով, դատարանը գալիս է եզրահանգման` հակընդդեմ հայցն անհիմն լինելու վերաբերյալ»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ`

- ««Օլէդ» ՍՊԸ 23.11.2021 թվականի գրությունը ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պարզապես անարձագանք թողնելու փաստը չի կարող վկայել գնորդի մոտ ապրանքի շահագործման վերացման պահանջի մասին և նշված համատեքստում պետք է արձանագրել, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը որևէ կերպ կաշկանդված չի եղել փաստարկելու ապրանքի շահագործման պահանջի վերացումը, եթե, իրոք, այդպիսի հանգամանք առկա է եղել»,

- «ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 454-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգավորումների հիմքով, մատակարարի 23.11.2021 թվականի գրության մասով ՀՀ ՊՆ-ի` որպես պատվիրատուի կողմից ցուցաբերված լռությունը սույն պարագայում պետք է դիտարկվի որպես գործարար շրջանառությունից բխող պայմանագրի ժամկետի փոփոխման կապակցությամբ համաձայնություն, առավել ևս այն պարագայում, երբ վերջինս որևէ կերպ չի հիմնավորել ապրանքի շահագործման պահանջի վերացման հանգամանքը»,

- «ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նաև ոչ մի ապացույց չի ներկայացվել, առ այն, որ վերջինիս մոտ մինչև պայմանագրի լուծման պահը ապրանքի օգտագործման պահանջը արդեն իսկ վերացել էր»,

- «հարցի կապակցությամբ, մասնավորապես` Բողոքաբերի` պայմանագրի ժամկետը մինչև 30 օրացուցային օրով երկարացնելու 23.11.2021 թվականի դիմումի կապակցությամբ պատվիրատու ՀՀ ՊՆ-ի լռությունը պետք է գնահատել որպես պայմանագրի ժամկետի փոփոխման ակցեպտ` նկատի ունենալով այն, որ նույն պայմանագրով հստակ նախատեսվել է, որ ապրանքի մատակարարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև պայմանագրով այդ ժամկետը լրանալը` վաճառողի առաջարկության առկայության դեպքում, պայմանով, որ գնորդի մոտ չի վերացել ապրանքի շահագործման պահանջը:

Այսինքն, մատակարարման պայմանագրի ժամկետը պետք է համարել երկարաձգված մինչև 30.12.2021 թվականը»,

- «23.11.2021 թվականի Բողոքաբերի պատվիրատուին հղված դիմումից հետո Բողոքաբերը ունեցել է օբյեկտիվ համոզմունք այն մասին, որ ապրանքների հետագա շահագործման մասով, անկախ ժամկետային ձգձգումից, պատվիրատուն չի կորցրել իր հետաքրքրությունը, և նկատի ունենալով գործարար սովորույթի ուժով իրավահարաբերության մասնակիցների միմյանց նկատմամբ փոխադարձ վստահության կանխավարկածի առկայությունը` մատակարար ընկերությունը շարունակել է ջանքեր գործադրել մատակարարման պայմանագրի հետագա կատարման կապակցությամբ»,

- ««ԳՀԱՊՁԲ-21-3/8-1» պայմանագրով սահմանված ապրանքների մատակարարումն իրականացվել է պայմանագրի երկարաձգված ժամկետի ավարտին (30.12.2021 թվականին) հաջորդող 10 օրվա ընթացքում, որպիսի պայմաններում Պայմանագրի 2.1.7.1 կետի բ) ենթակետի հիմքով այն որևէ կերպ չէր կարող համարվել պայմանագրի էական պայմանի խախտում և ըստ այդմ` ՀՀ պաշտպանության նախարարությանը իրավունք վերապահել 2022թ. հունվարի 5-ին միակողմանի ամբողջությամբ լուծելու վերոնշյալ Պայմանագիրը»,

- «ԳՀԱՊՁԲ-21-3/8-1 ծածկագրով պայմանագիրը` 111 հատ «հեռուստացույց 43» ապրանքատեսակի մասով, 05.01.2022թ. դրությամբ միակողմանի լուծվելու մասին պատվիրատուի որոշումը պետք է ճանաչել անվավեր` ըստ այդմ բավարարելով հակընդդեմ հայցադիմումը»,

31.10.2024 թվականի որոշմամբ բավարարել է Ընկերության վերաքննիչ բողոքը` Դատարանի 21.02.2024 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարել:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու կարող են հանգեցնել քաղաքացիական շրջանառության մասնակիցների ազատ կամահայտնությամբ իրականացվող իրավունքների անհամաչափ սահմանափակման, դրանց իրականացմանն անհարկի միջամտության և պայմանագրի ազատության սկզբունքի ոտնահարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 437-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` եթե պայմանագրի պայմանը սահմանված չէ կողմերի համաձայնությամբ կամ դիսպոզիտիվ նորմով, համապատասխան պայմանը որոշվում է կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվող գործարար շրջանառության սովորույթներով:

Նշված իրավանորմի բովանդակությունից նաև բխում է, որ պայմանագրի պայմանը կողմերի համաձայնությամբ սահմանված չլինելու դեպքում է որոշվում տվյալ իրավահարաբերության նկատմամբ կիրառելի գործարար շրջանառության սովորույթներով, որպիսի օրենսդրական պահանջը համահունչ է պայմանագրային իրավահարաբերությունում գտնվող կողմերի իրավունքները գործնականում կամքի ազատ արտահայտմամբ իրացնելու գաղափարին:

Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, կողմերը Պայմանագրով սահմանել են ապրանքի մատակարարման ժամկետը` միևնույն ժամանակ Վաճառողի կողմից տվյալ ժամկետը խախտելու դեպքում Գնորդին իրավունք վերապահելով սեփական նախաձեռնությամբ սահմանել ապրանքի մատակարարման նոր ժամկետ կամ մատակարարման ժամկետները 10 օրից ավելի ժամկետով խախտվելու պայմաններում միակողմանի լուծել Պայմանագիրը: Այսինքն` մատակարարման ժամկետի, ինչպես նաև դրա փոփոխման` որպես Պայմանագրի պայմանների շուրջ կողմերը ձեռք են բերել համաձայնություն` դրանով իսկ կամքի ազատ արտահայտմամբ կանխորոշելով նշված պայմանների գործնականում իրացումը տվյալ համաձայնության շրջանակներում: Ընդ որում, կողմերը Պայմանագրում փոփոխություններ, այդ թվում` վերը նշված պայմանների շուրջ, կատարելը հնարավոր են համարել միայն փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, գործարար շրջանառության սովորույթի համատեքստում քննարկման առարկա դարձնելով Պայմանագրի ժամկետի երկարաձգման հարցը` զուգորդված Նախարարության մոտ ապրանքի շահագործման պահանջը վերացած լինելու հանգամանքի հետ, անտեսել է, որ դատարանն օրենքով նախատեսված դեպքերում է կիրառում գործարար շրջանառության սովորույթներ, իսկ սույն դեպքում իրավական նման հնարավորությունն առնվազն բացակայել է` նկատի ունենալով վիճելի պայմաններն արդեն իսկ Պայմանագրով որոշված լինելու, ուստիև` դրանց բովանդակության շրջանակներում գործելու կողմերի պարտականությունը: Ընդ որում, կողմերն ազատ կամահայտնությամբ սահմանել են, որ Պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, իսկ տվյալ դեպքում գործով ձեռք չի բերվել որևէ ապացույց այն մասին, որ կողմերը փոխադարձ համաձայնությամբ կնքել են համաձայնագիր` Պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու վերաբերյալ:

Ավելին` Վերաքննիչ դատարանն իր որոշման հիմքում դնելով այն, որ մատակարարի 23.11.2021 թվականի գրության մասով ՀՀ ՊՆ-ի` որպես պատվիրատուի կողմից ցուցաբերված լռությունը սույն պարագայում պետք է դիտարկվի որպես գործարար շրջանառությունից բխող պայմանագրի ժամկետի փոփոխման կապակցությամբ համաձայնություն, հաշվի չի առել նաև, որ տվյալ դեպքում, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, առկա է պայմանագրային կարգավորում այն մասին, որ պայմանագրում փոփոխություններ կարող են կատարվել միայն կողմերի փոխադարձ համաձայնությամբ` համաձայնագիր կնքելու միջոցով, իսկ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ կետից բխում է, որ պայմանագրին հակասող գործարար շրջանառության սովորույթները կիրառվել չեն կարող: Բացի այդ, Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերը նշված դրույթի ուժով կիրառման ենթակա գործարար շրջանառության սովորույթի առկայությունն ապացուցելու պարտականությունը կրում է այն վկայակոչող գործին մասնակցող անձը, այլ կերպ ասած` կողմն է կրում թե՛ գործարար շրջանառության սովորույթի առկայությունը վկայակոչելու բեռը (հաստատման ծանրությունը), թե՛ դրա գոյությունն ու բովանդակությունն ապացուցելու պարտականությունը, մինչդեռ տվյալ դեպքում գործում բացակայում են թե՛ նման վկայակոչումը, թե՛ նման սովորույթի առկայության փաստը հաստատող ապացույցները, որպիսի պարագայում Վերաքննիչ դատարանի հետևություններն իրավաչափ համարվել չեն կարող:

 

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 7-րդ, 466-րդ, 468-րդ և 538-րդ հոդվածների խախտում թույլ տրված լինելու մասին վճռաբեկ բողոքում նշված փաստարկները, հետևաբար վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 31.10.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից:

Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 31.10.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 21.02.2024 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 21.02.2024 թվականի վճռով դատական ծախսերի հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված: Միաժամանակ Ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության գանձման է ենթակա 243.224 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար, ինչպես նաև Ընկերությունից հօգուտ Նախարարության գանձման է ենթակա 289.030 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված ու նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այլ դատական ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պատճառաբանությամբ այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 31.10.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 21.02.2024 թվականի վճռին:

2. «ՕԼԷԴ» ՍՊԸ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 243.224 ՀՀ դրամ` որպես վերաքննիչ բողոքի համար սահմանված և հետաձգված պետական տուրքի գումար:

«ՕԼԷԴ» ՍՊԸ-ից հօգուտ Պաշտպանության նախարարության բռնագանձել 289.030 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող` Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=38843546786237627

 

 

pin
Վճռաբեկ դատարան
04.12.2025
N ԱՐԴ/10324/02/22
Որոշում