Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՆԹԱԿԱ Է ԿԱՐՃՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ԵՆԹԱԿԱ Է ԿԱՐՃՄԱՆ` ԳՈՐԾԸ ՔԱՂ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/24965/02/18

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24965/02/18        2025 թ.

    Նախագահող դատավոր` Ն. Կարապետյան

  Դատավորներ`        Մ. Հարթենյան

                                      Ս. Մատինյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Ա. Մկրտչյան

զեկուցող  Ս. Մեղրյան

Ն. Հովսեփյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ Բանկ)` պարտավորությունը դադարած համարելու պահանջի մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է դադարած համարել Բանկի և իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Բանկը պահանջել է ««Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությունից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել` 13.265.805,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից վարկի գումարի մնացորդ` 5.130.000 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսի գումար` 1.760.234,40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 2.885.767,02 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ` 3.489.804,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 5.130.000 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարին հաշվեգրել և բռնագանձել համաձայնագրի 6.3 կետով նախատեսված տոկոսներ` տարեկան 36 տոկոս տոկոսադրույքով, սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ` սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, համաձայնագրի 6.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0,2 տոկոսի չափով»:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է` սկզբնական հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 74-րդ, 119-րդ, 140-րդ, 157-րդ, 182-րդ և 381-րդ հոդվածները:

 

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված պահանջով ինքը հետամուտ է եղել կողմերի միջև կնքված վարկային պայմանագրից բխող և իր պնդմամբ` անփողության հիմքով չտրամադրված վարկի հետևանքով իր խախտված իրավունքների վերականգնմանը, ուստի այն դեպքում, երբ նյութական իրավունքի նորմերն ուղղակիորեն ամրագրում են իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով դատական պաշտպանությունից օգտվելու հնարավորություն, տվյալ դեպքում` նյութական իրավունքի նորմով ամրագրված` անփողության հիմքը վիճարկելու իրավական հնարավորություն, ապա այդպիսի հնարավորության իրացումը պետք է երաշխավորվի:

Վերաքննիչ դատարանը նույնացրել է պայմանագրից բխող պարտավորությունը դադարած համարելու` ճանաչելու պահանջը պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջի հետ` անտեսելով, որ դրանք տարբեր պահանջներ են և նույնական չեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սնանկության գործի առկայությունը Բանկին չի զրկել հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունից, և Բանկը չի ներկայացրել որևէ հարգելի պատճառ` հակընդդեմ հայց հարուցելու ժամկետն իր կամքից անկախ բաց թողնելու մասին, որպիսի պայմաններում Դատարանը չէր կարող ու չպետք է հարգելի համարեր հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետի բաց թողնումը, իսկ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերացական և անտրամաբանական դատողություններով ու պատճառաբանություններով վերաքննիչ բողոքի այս հիմքը ևս մերժեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Ամբողջությամբ բավարարել բողոքը` բեկանելով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ի ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել, այն է. բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 15.01.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 վճիռը և կայացնել նոր դատական ակտ` սկզբնական հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղ. գործի վարույթը կարճելու մասին, իսկ անհնարինության դեպքում «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ի սկզբնական հայցը բավարարել, իսկ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հակընդդեմ հայցը ամբողջությամբ մերժել, իսկ դրա անհնարինության դեպքում էլ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 15.01.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 վճիռը և քաղաքացիական գործը ուղարկել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության»:

 

2.1 Բանկի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Հայցվորի պահանջը չի բխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի իրավակարգավորումներից, ուստի Ընկերության ներկայացրած պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված չի եղել իրավահարաբերությունը դադարեցնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, նման պահանջը որևէ կերպ չի ներառվում քաղաքացիական իրավունքների պաշտպանության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-12-րդ կետերով նախատեսված եղանակների տրամաբանության և էության շրջանակներում ու չի համապատասխանում դրանց բնորոշմանը, ավելին` ՀՀ այլ օրենքներով ևս նախատեսված չէ քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համատեքստում:

Տվյալ դեպքում հակընդդեմ հայց չներկայացնելը հանդիսացել է ոչ թե իր տնօրինչական իրավունքի իրացման ընտրություն, այլ հարկադրված գործողություն այն պատճառաբանությամբ, որ մինչև թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելն ինքը չէր կարող ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ իր պահանջն ընդդեմ սույն քաղաքացիական գործով հայցվորի արդեն իսկ ներկայացված է եղել հարկադրված սնանկության դիմումի տեսքով, պահանջը եղել է գրանցված, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու, այն նոր քննության ուղարկելու կամ փոփոխելու դեպքում ինքը կշարունակեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով զրկված լինել քննվող քաղաքացիական գործի շրջանակներում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքից: Եւ միայն սնանկության վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտից հետո կարող էր պարզ դառնալ` արդյոք Բանկն իրավունք ունի սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցվորի դեմ քննվող քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացնել հակընդդեմ հայց` գումար բռնագանձելու պահանջի մասին, թե ոչ: Այդ իրավունքն իր մոտ ծագել է միայն ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020 թվականի որոշման մասին տեղեկանալուց հետո, երբ արդեն իսկ թիվ ԵԴ/24965/02/18 քաղաքացիական գործով բաշխված է եղել ապացուցման բեռը: Էական չէ, թե ապացուցման բեռը բաշխելուց հետո երբ է ներկայացվել հակընդդեմ հայցադիմումը, քանի որ եթե նույնիսկ այն ներկայացվեր հենց 29.08.2020 թվականին, կամ դրանից մեկ տարի անց, հակընդդեմ հայցվորը պետք է կրեր պարտականություն հիմնավորելու, թե ինչու մինչև ապացուցման բեռի բաշխման մասին որոշում կայացնելը չի ներկայացրել հակընդդեմ հայցադիմումը:

Այսինքն` հակընդդեմ հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով, այն է` օրենսդրական սահմանափակման հիմքով, հետևաբար` Դատարանի` հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումն ու դրա իրավաչափության գնահատման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը եղել են հիմնավոր, օրինական և պատճառաբանված, քանի որ հակառակ մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում կստացվի, որ ինքն օրենսդրական արգելքի ուժով կզրկվի սույն քաղաքացիական գործով իր քաղաքացիաիրավական իրավունքների պաշտպանության հնարավորությունից, ինչը չի կարող համատեղելի լինել դատարանի մատչելիության իրավունքի իրացման հետ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 27.04.2018 թվականին դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Նշված որոշումը Բանկի կողմից ստացվել է 10.09.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 90-94).

2) 05.11.2018 թվականին դիմելով դատարան` Ընկերությունը, հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ իր կողմից վարկային պարտավորությունների կատարումն անհնարին է, քանի որ նախ վարկը չի ստացել և հնարավորություն չի ունեցել այն նպատակային տնօրինելու ու ստացված շահույթից կատարելու վարկային պարտավորությունները, և հետո, չի կարող առաջանալ պարտավորություն այն պարագայում, երբ Բանկի կողմից իր կամքով կամ իր կամքից անկախ ստեղծած պայմաններում իր ստանձնած պարտավորությունը փաստացի չի կատարվել, պահանջել է դադարած համարել Բանկի ու իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 5-9).

3) Դատարանը 03.06.2020 թվականին սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել` սահմանելով ապացուցման ենթակա փաստերը (հատոր 2-րդ, գ.թ. 33-35).

4) Բանկի ներկայացուցիչը 16.02.2021 թվականին փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան, միևնույն ժամանակ միջնորդել է վերականգնել հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բանկն Ընկերությունից պարտքի հետ ստացման գործընթացը սկսել է դեռևս 2018թ.-ի ապրիլին, երբ սնանկության դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանում ստացվել է 27.04.2018թ.-ին: (...) Գործի նոր քննության արդյունքում ՀՀ սնանկության դատարանը 17.01.2020թ.-ին կայացրել է վճիռ, որով Բանկի դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, ամբողջությամբ բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 17.01.2020թ.-ի վճռի դեմ Ընկերության կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020թ. որոշմամբ բավարարվել է` 17.01.2020թ. վճիռը բեկանվել է և փոփոխվել, Բանկի դիմումը մերժվել է: Բանկը բողոքարկել է հիշյալ որոշումը վճռաբեկության կարգով, սակայն Բանկի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020թ. որոշմամբ: Սույն գործը հարուցվել է 12.12.2018թ.-ին, այսինքն թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործը հարուցվելուց հետո, իսկ ապացուցման պարտականությունը բաշխվել է 03.06.2020թ.-ին` մինչև սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Ստացվում է, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու` զուգահեռ գործընթացների իրականացում» (հատոր 3-րդ, գ.թ. 65-75).

5) Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարվել է հարգելի, և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է այն պատճառաբանությամբ, որ ««Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կողմից սույն քաղաքացիական գործով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին կայացնելը ընդդեմ հայցվոր «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, և դա բխել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառներից, քանի որ վերջինս դեռևս սույն գործով հայց հարուցելուց առաջ դիմել է դատարան` «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին պահանջով, իսկ նշված դիմումը մերժելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո, որի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական վերոնշյալ ժամկետները» (հատոր 2-րդ, գ.թ. 65-68).

6) Դատարանի 29.06.2021 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 80):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ, 140-րդ ու 182-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրումներին.

1. արդյո՞ք գործի վարույթը ենթակա է կարճման` գործը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելու հիմքով, եթե ներկայացված պահանջի ձևակերպումն առերևույթ չի համընկնում օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը,

2. ինչպիսի՞ հարցեր են ենթակա պարզման և գնահատման դատարանների կողմից բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդությունը քննելիս այն դեպքում, երբ հակընդդեմ հայցը ներկայացվել է օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ:

 

1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված իրավունքների ու ազատությունների դատական պաշտպանության, ինչպես նաև արդար դատաքննության իրավունքների կարևորությունը բազմիցս նշվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) որոշումներում:

Այսպես` Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն` արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրն է դատարանի մատչելիության իրավունքը: Կրեուզն ընդդեմ Լեհաստանի գործով Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը երաշխավորում է անձի քաղաքացիական իրավունքներին և պարտականություններին առնչվող հայցով դատարան դիմելու իրավունքը: Այդ դրույթը մարմնավորում է դատարան դիմելու, այն է` քաղաքացիական գործով դատարանում հայց հարուցելու իրավունքը: Այդուհանդերձ, դա է, որ հնարավորություն է տալիս օգտվելու Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի հիմքում ընկած մնացած երաշխիքներից: Դատական վարույթի արդար, հրապարակային և արագ բնութագրիչները, անշուշտ, արժեք չեն ունենա, եթե այդ գործընթացներին ընթացք չի տրվում: Դժվար է պատկերացնել իրավունքի գերակայություն քաղաքացիական գործերով արդարադատություն իրականացնելիս, եթե դատարան դիմելու իրավունքը չի ապահովվում (տե՛ս Kreuz v. Poland գործով Եվրոպական դատարանի 19.06.2001 թվականի վճիռը, 52-րդ կետ):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորվում է յուրաքանչյուրի դատական պաշտպանության իրավունքը, երբ որոշվում են նրա «քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները»: Այս կապակցությամբ Եվրոպական դատարանը դեռևս 1971 թվականին նշել է, որ խնդրո առարկա հասկացությունը ներառում է բոլոր ընթացակարգերը, որոնց արդյունքը վճռորոշ է մասնավոր իրավունքների և պարտականությունների համար (տե՛ս Ringeisen v. Austria գործով Եվրոպական դատարանի 16.07.1971 թվականի վճիռը, 94-րդ կետ):

Անդրադառնալով անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանը 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշմամբ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը.

«Հայցը կամ դիմումը դատարան ներկայացնելն իրավական պաշտպանության այն միջոցներն են, որոնցով հիմնական իրավունքների, այդ թվում` դատական պաշտպանության իրավունքի կրող հանդիսացող ֆիզիկական կամ իրավաբանական անձը պաշտպանվում է իր իրավունքների տարաբնույթ խախտումներից, որոնք կարող են կատարվել ինչպես հանրային իշխանության, այնպես էլ մասնավոր անձանց կողմից: Իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որը Հայաստանի Հանրապետությունում, ինչպես և բոլոր այլ իրավական պետություններում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ:

Անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս»:

Եվրոպական դատարանի և Սահմանադրական դատարանի վերոգրյալ որոշումներում արտահայտած իրավական դիրքորոշումների համադրված վերլուծության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ Հայաստանի Հանրապետությունում երաշխավորվում են դատական պաշտպանության ու արդար դատաքննության հիմնական իրավունքները, և Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը սահմանում է օրենսդիրը (տե՛ս Գեղանուշ Հարությունյանն ընդդեմ Մարտին Մկրտչյանի թիվ ԱՐԴ/4024/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.07.2018 թվականի որոշումը):

Սահմանադրության և Կոնվենցիայի վերը շարադրված իրավադրույթները, երաշխավորելով անձի` իր իրավունքների ու ազատությունների իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների և դատական պաշտպանության իրավունքները, սահմանում են անձի դատարան դիմելու իրավունքը, որը կոչված է ստեղծելու պայմաններ` անձի խախտված իրավունքները վերականգնելու համար: Դատարան դիմելու իրավունքն անձի համար ապահովում է իրավական երաշխիքներ` իր իրավունքների խախտումների դեպքում ստանալ արդյունավետ իրավական պաշտպանություն: Այստեղից հետևում է այն կարևոր կանոնը, որի համաձայն` դատական պաշտպանություն անձն ստանում է վերջինիս` Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, օրենքներով և այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքների ու (կամ) ազատությունների խախտման դեպքում: Դատական պաշտպանությունը չի կարող լինել ինքնանպատակ, այն ունի հստակ առաքելություն, հստակ սուբյեկտներ և հասցեատեր ու կոչված է ապահովել անձի խախտված իրավունքների արդյունավետ վերականգնումը:

Նշված դիրքորոշումը համահունչ է Տիգրան Էվոյանն ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԼԴ2/1922/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.01.2024 թվականի որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշմանը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը քաղաքացիական գործը հարուցում է միայն հայցադիմումի կամ դիմումի հիման վրա:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործին մասնակցող անձն իրականացնում է իր դատավարական իրավունքները, տնօրինում է դատական պաշտպանության միջոցները և եղանակները սեփական հայեցողությամբ` օրենքով սահմանված կարգով:

Վերոնշյալ սահմանադրական, օրենսդրական և կոնվենցիոն դրույթների, ինչպես նաև Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշումների վերլուծությունից հետևում է, որ դատարանի մատչելիության իրավունքն (որի բաղկացուցիչ մասն է դատարան դիմելու իրավունքը) ուղղակիորեն հարաբերակցվում է հայց հարուցելու իրավունքի նախադրյալների հետ: Դրանք այն հանգամանքներն են, որոնց առկայության կամ բացակայության հետ օրենսդիրը կապում է կոնկրետ գործով դատարան հայց ներկայացնելու սուբյեկտիվ իրավունքի ծագումը և դատարանի պոզիտիվ պարտականությունն այդ հայցով իրականացնելու արդարադատություն` կայացնելով վեճն ըստ էության լուծող եզրափակիչ դատական ակտ:

Հայց հարուցելու իրավունքի բացասական նախադրյալ է վեճը քաղաքացիական դատավարության կարգով քննության ենթակա չլինելը, որն ինչպես հայցադիմումի ընդունումը մերժելու, այնպես էլ գործի վարույթը կարճելու հիմքերից է: Այսպես.

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե գործը ենթակա չէ քննության քաղաքացիական դատավարության կարգով:

Նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ օրենսդրի կողմից վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով դատարան դիմելու իրավունքի սահմանափակումն ինքնանպատակ չէ, այլ նպատակաուղղված է ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի և դատական խնայողության սկզբունքների ապահովմանը: Օրենսդիրը երաշխավորել է անձանց դատական պաշտպանության իրավունքը` նրանց իրավունք վերապահելով իրենց իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար հայց հարուցել դատարան, իսկ դատարանի համար սահմանելով պարտականություն` քննելու գործը և գործով կայացնելու օրինական, հիմնավորված և պատճառաբանված դատական ակտ: Միևնույն ժամանակ օրենսդիրն ամրագրել է դատարանի լիազորությունը` կարճել գործի վարույթը բոլոր այն դեպքերում, երբ վեճն իր բնույթով ենթակա չէ դատարանում քննության: Հետևաբար, յուրաքանչյուր դեպքում դատարանի կողմից նշված հիմքով գործի վարույթը կարճելու լիազորության կիրառումը և ըստ այդմ` անձի դատական պաշտպանության իրավունքի մերժումը պետք է պայմանավորված լինեն ներկայացված հայցի շրջանակում անձի` իր սուբյեկտիվ իրավունքների դատական կարգով վերականգնման, դրանց ենթադրյալ խախտումների վերացման հնարավորության իսպառ բացակայությամբ, որն անհնարին է դարձնում տվյալ վեճի քննումը դատարանի կողմից (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ գործի վարույթի կարճմամբ դատավարության հետագա ընթացքը, փաստորեն, դադարում է:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ անդրադառնալով գործի վարույթը կարճելու դատավարական փուլին, նշել է, որ գործի վարույթի կարճումն իրենից ներկայացնում է գործի վարույթի ավարտ` առանց դատարանի կողմից գործն ըստ էության քննելու և վեճը լուծող վերջնական դատական ակտ կայացնելու (տե՛ս Նիկոլայ Իսկանդարյանն ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և Վեհանուշ Գրիգորյանի թիվ 3-169(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.03.2007 թվականի որոշումը):

Ըստ այդմ էլ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ չնայած այն հանգամանքին, որ գործի վարույթի կարճումը դատավարական մի փուլ է, որի ընթացքում դատարանը գործի ըստ էության քննություն չի իրականացնում, այնուամենայնիվ դատավարական այս փուլում դատարանը պարզում և գնահատում է գործի վարույթի կարճման հիմքում ընկած փաստական հանգամանքների հիմնավորվածությունը` արդյունքում կայացնելով համապատասխան դատական ակտ (տե՛ս «Նորք 5/4» համատիրությունն ընդդեմ Սարգիս Մանուկյանի թիվ ԵԴ/16359/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 16.12.2020 թվականի որոշումը):

Վերոգրյալի հիման վրա անդրադառնալով քաղաքացիական իրավունքների պաշտպանության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված եղանակների (միջոցների) բովանդակությանը և դրանց իրացման առանձնահատկություններին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական օրենսդրությունը հիմնվում է իր կողմից կարգավորվող հարաբերությունների մասնակիցների հավասարության, կամքի ինքնավարության և գույքային ինքնուրույնության, սեփականության անձեռնմխելիության, պայմանագրի ազատության, մասնավոր գործերին որևէ մեկի կամայական միջամտության անթույլատրելիության, քաղաքացիական իրավունքների անարգել իրականացման անհրաժեշտության, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների վրա:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրականացնում են իրենց հայեցողությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 13-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված գործերի ենթակայությանը համապատասխան, իրականացնում է դատարանը (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում` քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ: Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց` իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով: (...) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների թվարկումը նպատակ ունի ոչ թե սպառիչ կերպով ձևակերպել քաղաքացիական իրավունքների պաշտպանության բոլոր եղանակները, այլ դրանցից առավել տարածված եղանակների մատնանշմամբ կողմնորոշել շահագրգիռ անձանց` իրենց խախտված իրավունքների դատական պաշտպանության միջոցների ընտրության հարցում: Այլ կերպ ասած` անկախ նրանից, թե անձն ինչպես է ձևակերպում իրավունքի պաշտպանության եղանակն իր պահանջում, դատարանը նախ պետք է պարզի ներկայացված նյութաիրավական պահանջի բովանդակային, այլ ոչ թե ձևական համապատասխանությունն օրենքով նախատեսված պաշտպանության եղանակներից որևէ մեկին, որից հետո պարզի ներկայացված պահանջի շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը: Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը` այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այլ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում` ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանություն եղանակներին համահունչ ձևակերպված չլինելու) հիմքով, քանի դեռ դատարանի կողմից չի պարզվել իրավունքի պաշտպանության նպատակով հարուցված հայցի էությունը և ներկայացված հայցապահանջների շրջանակում հայցվորի խախտված կամ վիճարկվող իրավունքների պաշտպանության և վերականգնման հնարավորությունը: Շարադրվածի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ եթե անգամ հայցվորի ձևակերպած պահանջն առերևույթ չի համընկնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված իրավունքի պաշտպանության եղանակներից որևէ մեկին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրանց, ապա դատարանը չի կարող մերժել իրավունքի պաշտպանությունը` վեճը դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի և «Էյ-Ի-Ջի Սերվիս» ՍՊԸ-ի թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

 

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` հակընդդեմ հայցն առաջին ատյանի դատարանն ընդունում է վարույթ, եթե`

1) հակընդդեմ պահանջն ուղղված է սկզբնական պահանջի հաշվանցմանը.

2) հակընդդեմ հայցի բավարարումն ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառում է սկզբնական հայցի բավարարումը.

3) հակընդդեմ և սկզբնական հայցերի միջև առկա է փոխադարձ կապ, ու դրանց համատեղ քննությունը կարող է ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով սահմանված հիմքով հակընդդեմ հայց չներկայացնելը պատասխանողին զրկում է հետագայում այնպիսի հայց ներկայացնելու հնարավորությունից, որը կարող էր ամբողջությամբ կամ մասնակիորեն բացառել սկզբնական հայցի բավարարումը, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է նույն հոդվածով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, վերլուծելով վերոնշյալ նորմերը, արձանագրել է, որ պատասխանողն իրավունք ունի հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար: Ընդ որում, հակընդդեմ հայցը ներկայացվում է, վարույթ է ընդունվում, ընդունումը մերժվում կամ վերադարձվում է հայցադիմումին վերաբերող նույն օրենսգրքով նախատեսված կարգով: Այդ առումով ՀՀ վճռաբեկ դատարանը, նպատակ ունենալով զարգացնելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 2-րդ մասը, անհրաժեշտ է համարել արձանագրել, որ թեև օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով առանձին իրավակարգավորումներ չի նախատեսել հակընդդեմ հայցը ներկայացնելու, այն վարույթ ընդունելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու վերաբերյալ, սակայն սահմանել է, որ այդ հարցերը լուծելիս կիրառելի են հայցը ներկայացնելու, այն վարույթ ընդունելու, դրա ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու վերաբերյալ նույն օրենսգրքով նախատեսված կանոնները (տե՛ս Հայաստանում տուրիզմի զարգացման հիմնադրամն ընդդեմ «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/38109/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.02.2025 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, իր որոշումներով անդրադառնալով հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի բովանդակությանն ու իրացման խնդիրներին` կապված հանրային իրավահարաբերություններից ծագող (վարչական) գործերով դատական քննության առանձնահատկությունների հետ, ընդհանուր գնահատմամբ մատնանշել է, որ.

- հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավակարգավորման հիմնական խնդիրն է դատավարական անհրաժեշտ ու բավարար երաշխիքներ նախատեսել դրա իրավաչափ իրացումը երաշխավորելու համար,

- հակընդդեմ հայցի ինստիտուտը հնարավորություն է տալիս մեկ դատավարության ընթացքում մեկ դատական ակտով լուծել կողմերի փոխադարձ պահանջները և դատավարական նվազագույն ուժերի ու միջոցների կիրառմամբ դատական գործընթացն իրականացնել առավել արդյունավետությամբ,

- հակընդդեմ հայցը, հանդիսանալով պատասխանողի շահերի պաշտպանության դատավարական միջոց, նպատակ ունի նպաստել արդյունավետ դատական պաշտպանության` նրա իրավունքի իրացմանը և ապահովել արդար դատաքննության իրավունքի բաղադրատարրը հանդիսացող ողջամիտ ժամկետում գործի քննության` անձի իրավունքի իրականացումը (տե՛ս Սահմանադրական դատարանի 23.06.2016 թվականի թիվ ՍԴՈ-1289 և 18.10.2016 թվականի թիվ ՍԴՈ-1315 որոշումները):

Սահմանադրական դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ «հակընդդեմ հայցը», քաղաքացիական դատավարությունում լինելով հայցի դեմ պատասխանողի պաշտպանության իրավական նույնպիսի միջոց և կառուցակարգ, նպատակ ունի քաղաքացիական հարաբերություններից ծագած գործերով հնարավորություն ընձեռել պատասխանողին, ինչպես նաև դատարանին`

- կատարել հաշվանցում (փոխադարձ պահանջների և պարտավորությունների հաշվառում) սկզբնական հայցի հետ,

- ամբողջությամբ կամ մասնակի մերժել սկզբնական հայցը, իրականացնել վեճի համատեղ քննություն` հաշվի առնելով սկզբնական և հակընդդեմ հայցերի միջև փոխադարձ կապը,

- ապահովել գործի առավել արագ և արդյունավետ լուծումը:

Վերոթվարկյալ խնդիրների լուծմամբ «հակընդդեմ հայցի» կառուցակարգի կիրառումն ունի իրավունքի պաշտպանության նպատակ, որի իրացման արդյունավետությունն օրենսդիրը կարևորել է հատկապես նախնական դատական նիստի շրջանակներում և դրանով պայմանավորված` հայցից պաշտպանվելու դատավարական նման միջոցից պատասխանողի օգտվելու սահմանափակ հնարավորություն է նախատեսել: Վերջինս, որպես կառուցակարգային ընդհանուր սկզբունք և իրավակարգավորման միջոց, միտված է երաշխավորելու արդար հավասարակշռություն, մի կողմից` կողմերի դատավարական իրավունքների և պարտականությունների իրացման հնարավորության, մյուս կողմից` գործն արդարացի և ողջամիտ ժամկետում սկզբնական և հակընդդեմ հայցերը համատեղ քննելու և որոշում կայացնելու դատարանի պարտականության միջև:

Մասնավորապես, այդ նպատակին են ուղղված ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածում նախատեսված իրավակարգավորումները, համաձայն որոնց` պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման կայացումը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ այն համատեղ քննելու համար:

Այդպիսով, օրենսդիրը համարժեք երաշխիքներ է նախատեսել քաղաքացիական գործով հայցը և հակընդդեմ հայցը հավասար իրավապայմանների շրջանակներում քննության ընդունելու, ապացույցները ներկայացնելու, դրանք հետազոտելու, գնահատելու և դատաքննության արդյունքներով գործով ըստ էության որոշում կայացնելու համար:

Սահմանադրական դատարանն ընդգծել է, որ նույնպիսի նպատակ են հետապնդում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումները: Օրենսդիրը, ըստ էության առաջնորդվելով արդարադատության արդյունավետության երաշխավորման անհրաժեշտությամբ, հակընդդեմ հայց չներկայացնելու որոշակի դեպքերում սահմանափակել է պատասխանողի կողմից իր իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելու հետագա հնարավորությունը, բացառությամբ, երբ նա հիմնավորում է սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառների հիմքով (տե՛ս Սահմանադրական դատարանի 18.06.2019 թվականի թիվ ՍԴՈ-1464 որոշումը):

Վերոգրյալ իրավական վերլուծությունների արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ օրենսդիրը պատասխանողին իրավունք է վերապահել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման կայացումը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` այն սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար, միևնույն ժամանակ, առաջնորդվելով արդարադատության արդյունավետության երաշխավորման անհրաժեշտությամբ, հակընդդեմ հայց չներկայացնելու որոշակի դեպքերում սահմանափակել է պատասխանողի կողմից իր իրավունքների պաշտպանության հայց ներկայացնելու հետագա հնարավորությունը, բացառությամբ, երբ վերջինս հիմնավորում է սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը` իրենից անկախ պատճառների հիմքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հակընդդեմ հայցն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացնելու դեպքում պատասխանողը պետք է հիմնավորի իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը, միաժամանակ պետք է բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնի, որպիսի պահանջը բխում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված ընդհանուր կանոնից և հետապնդում է իրավաչափ նպատակ, այն է` հնարավորություն տալ դատարանին հակընդդեմ հայցի ընդունելության հարցը պարզելիս քննության առարկա դարձնել միջնորդությամբ ներկայացված հանգամանքները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ ժամկետը բաց թողնելու պատճառի հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ: Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության կամ գործուղման մեջ գտնվելու պատճառով (տե՛ս «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն ընդդեմ «ՄԻԼԼԱՐ» ՍՊԸ-ի թիվ ԵԿԴ/2628/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանվել է դատավարական ժամկետների բաց թողնման և դրանք վերականգնելու կարգը: Մասնավորապես` բոլոր այն դեպքերում, երբ դատավարական ժամկետները գործին մասնակցող անձանց կողմից բաց են թողնվել հարգելի պատճառներով, ապա դատարանն իրավասու է բավարարել այդ ժամկետը վերականգնելու վերաբերյալ գործին մասնակցող անձի միջնորդությունը: Հարկ է նաև նկատել, որ օրենսդրի կողմից դատավարական ժամկետի բաց թողնման պատճառի հարգելի լինելու հիմքերն արդարացիորեն չեն նշվել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքի գնահատողական ֆունկցիան թողնելով դատարանների հայեցողությանը: Դա պայմանավորված է նրանով, որ յուրաքանչյուր դեպքում դատավարական ժամկետի բաց թողնման պատճառը կարող է լինել տարբեր, ինչն էլ ենթակա է գնահատման ելնելով յուրաքանչյուր գործի հանգամանքներից (տե՛ս ըստ Պետական եկամուտների կոմիտեի դիմումի թիվ ԱՐԴ/0070/04/15 սնանկության գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 21.07.2021 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով այն հարցին, թե որ դեպքերում է բաց թողնված դատավարական ժամկետը ենթակա վերականգնման, արձանագրել է, որ դատարանը պարտավոր է բավարարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունն այն դեպքում, երբ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, ինչը ենթադրում է կոնկրետ իրավիճակում ներկայացված միջնորդության ըստ էության քննություն: Հետևաբար, դատարանը յուրաքանչյուր դեպքում ունի պարտականություն քննարկման առարկա դարձնելու միջնորդության քննության համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստական հանգամանք և միայն վերջինիս գնահատման ու համադրման արդյունքում կայացնելու միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին որոշում:

Ընդ որում, բոլոր դեպքերում բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ նախ միջնորդություն ներկայացրած անձը պետք է ապացուցի, որ օրենքով սահմանված դատավարական ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ և բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները: Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ վերը նշված գործողություններն իրականացնելը կարող է լինել աննպատակահարմար, իմաստազուրկ կամ ոչ անհրաժեշտ` պայմանավորված որոշակի հանգամանքներով, որպիսի «անգործությունը» չի կարող բացասական ազդեցություն ունենալ դատավարական ժամկետի բաց թողնումը հարգելի համարելու համար (տե՛ս ըստ Անդրանիկ Քոչարյանի դիմումի թիվ ԼԴ2/1953/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 17.07.2023 թվականի որոշումը):

Սահմանադրական դատարանը, Սաթենիկ Խաչատրյանի, Ռաֆայել Խաչատրյանի և Լիլիթ Թարվերդյանի դիմումի հիման վրա որոշելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի և 391-րդ հոդվածի 1-ին մասի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին ու 4-րդ մասերի դրույթների վերլուծությունից բխում է, որ դատարանը բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու միջնորդության քննության արդյունքում հայեցողական լիազորություն չունի: Այն բոլոր դեպքերում, երբ դատարանը պարզի, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, իրավական հետևանքը մեկն է` պետք է որոշում կայացվի բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին: Օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ մասում տեղ գտած «որոշում է կայացնում» ձևակերպումը ենթադրում է դատարանի ոչ թե հայեցողությունը, այլ կոնկրետ որոշում կայացնելու պարտականությունը:

Նույն որոշմամբ Սահմանադրական դատարանը, հաշվի առնելով նաև իր կողմից կայացված մի շարք որոշումներով (ՍԴՈ-1052, ՍԴՈ-1062, ՍԴՈ-1249) արտահայտված այն իրավական դիրքորոշումը, որի համաձայն` այն բոլոր դեպքերում, երբ բողոք բերելու համար օրենքով սահմանված ողջամիտ ժամկետը խախտվում է բողոք բերող անձից (նրա կամքից) անկախ պատճառներով, իրավունքի ուժով (ex jure) բաց թողնված ժամկետը պետք է համարվի հարգելի, այլ ոչ թե այդ հարցի լուծումը թողնվի դատարանի հայեցողությանը, դիրքորոշում է արտահայտել նաև այն մասին, որ ձևավորված այդպիսի իրավակիրառ պրակտիկայի պայմաններում բացառվում է նաև դատարանների կողմից «հարգելի պատճառի» գնահատման այնպիսի ազատությունը, ինչը կհանգեցնի բողոք բերող անձի կամքից անկախ պատճառներով բաց թողնված ժամկետը հարգելի չհամարելուն (տե՛ս Սահմանադրական դատարանի 02.02.2021 թվականի թիվ ՍԴՈ-1575 որոշումը):

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեկուզև պատասխանողն իրավունք ունի հակընդդեմ հայցը դատարան ներկայացնել մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին դատարանի որոշման կայացումը, այնուամենայնիվ, բացառված չեն նաև այնպիսի դեպքերը, երբ հակընդդեմ հայցը կարող է ներկայացվել օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ` պատասխանողի կողմից իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինությունը հիմնավորելու դեպքում` միաժամանակ ներկայացնելով ոչ միայն բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդություն, այլ նաև` իր կողմից ներկայացված միջնորդությամբ վկայակոչված հանգամանքները հավաստող համապատասխան ապացույցներ, որի պարագայում դատարանը, պարզելով, որ պատասխանողը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, պետք է որոշում կայացնի միջնորդությունը բավարարելու և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` հակընդդեմ հայցն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու կապակցությամբ պատասխանողի կողմից իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինության և դատավարական ժամկետի բաց թողնման պատճառները գնահատելիս դատարանները պետք է քննարկման առարկա դարձնեն այն հարցը, թե անձի կողմից վկայակոչված պատճառները որքանով են իրական խոչընդոտ հանդիսացել հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքի իրացման համար, միևնույն ժամանակ պարզեն, թե պատասխանողի կողմից իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինության հանգամանքը վերանալուց հետո վերջինիս կողմից ինչպիսի ողջամիտ ու բավարար միջոցներ են ձեռնարկվել հակընդդեմ հայց ներկայացնելու համար, առանց որոնց դատարանները չեն կարող հստակ եզրահանգումներ կատարել բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու կապակցությամբ:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 27.04.2018 թվականին դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Նշված որոշումը Բանկի կողմից ստացվել է 10.09.2020 թվականին:

05.11.2018 թվականին սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը, հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ իր կողմից վարկային պարտավորությունների կատարումն անհնարին է, քանի որ նախ վարկը չի ստացել և հնարավորություն չի ունեցել այն նպատակային տնօրինելու ու ստացված շահույթից վարկային պարտավորությունները կատարելու, և հետո, չի կարող առաջանալ պարտավորություն այն պարագայում, երբ Բանկի կողմից իր կամքով, կամ իր կամքից անկախ ստեղծած պայմաններում իր ստանձնած պարտավորությունը փաստացի չի կատարվել, պահանջել է դադարած համարել Բանկի ու իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Դատարանը 03.06.2020 թվականին սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել, որից հետո` 16.02.2021 թվականին, Բանկի ներկայացուցիչը փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան` միաժամանակ միջնորդելով վերականգնել հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բանկն Ընկերությունից պարտքի հետ ստացման գործընթացը սկսել է դեռևս 2018թ.-ի ապրիլին, երբ սնանկության դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանում ստացվել է 27.04.2018թ.-ին: (...) Գործի նոր քննության արդյունքում ՀՀ սնանկության դատարանը 17.01.2020թ.-ին կայացրել է վճիռ, որով Բանկի դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, ամբողջությամբ բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 17.01.2020թ.-ի վճռի դեմ Ընկերության կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020թ. որոշմամբ բավարարվել է` 17.01.2020թ. վճիռը բեկանվել է և փոփոխվել, Բանկի դիմումը մերժվել է: Բանկը բողոքարկել է հիշյալ որոշումը վճռաբեկության կարգով, սակայն Բանկի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020թ. որոշմամբ: Սույն գործը հարուցվել է 12.12.2018թ.-ին, այսինքն թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործը հարուցվելուց հետո, իսկ ապացուցման պարտականությունը բաշխվել է 03.06.2020թ.-ին` մինչև սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Ստացվում է, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու` զուգահեռ գործընթացների իրականացում»:

Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարվել է հարգելի և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է այն պատճառաբանությամբ, որ ««Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կողմից սույն քաղաքացիական գործով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին կայացնելը ընդդեմ հայցվոր «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, և դա բխել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառներից, քանի որ վերջինս դեռևս սույն գործով հայց հարուցելուց առաջ դիմել է դատարան` «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին պահանջով, իսկ նշված դիմումը մերժելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո, որի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական վերոնշյալ ժամկետները»:

Դատարանի 29.06.2021 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանը 15.01.2024 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ`

- «հայցվոր կողմը չի ապացուցել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված և իր կողմից ապացուցման ենթակա այն փաստերը, որ առկա է հայցվորի կողմից 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրից ծագած պարտավորության կատարման անհնարինություն, որն առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար հայցվորը պատասխանատու չէ կամ առաջացել է պատասխանողի մեղքով, և չի ներկայացրել այդ փաստերի վերաբերյալ բավարար ապացույցներ, որոնց գնահատմամբ Դատարանը կարող էր գալ այն եզրահանգման, որ տվյալ դեպքում առկա է հայցվորի կողմից 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրից ծագած պարտավորության կատարման անհնարինություն, որն առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար հայցվորը պատասխանատու չէ կամ առաջացել է պատասխանողի մեղքով: Իսկ քաղաքացիական գործում առկա ապացույցները բավարար չեն վերոնշյալ փաստերը հաստատված համարելու համար: Հետևաբար, բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում այդ փաստերի առկայությունը կամ բացակայությունը, ուստի դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող հայցվոր կողմը»,

- «հակընդդեմ հայցով պատասխանողը հակընդդեմ հայցվորի հանդեպ պատշաճ չի կատարել կողմերի միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով և 01.08.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրի հավելված թիվ V16-032867 վարկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում հակընդդեմ հայցով պատասխանող «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության պարտքը հակընդդեմ հայցվոր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲ ընկերության հանդեպ 16.02.2021 թվականի դրությամբ կազմում է 13.265.805,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

 

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ`

- «սույն գործով հայցվորը խնդրել է դադարեցված համարել 27.07.2016 թվականին «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նաիրի Բիզնես Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված թիվ GV16-0029 «Ֆինանսական գործիքներ տրամադրելու» հիմնական պայմանագրով «Նաիրի Բիզնես Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բոլոր պարտավորությունները: Այսինքն` ներկայացվել է պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջ, մինչդեռ իրավունքի պաշտպանության նման եղանակ նախատեսված չէ: (...) Ուստի, իրավունքի պաշտպանության նման եղանակի բացակայության դեպքում, հայցվող «վեճը» չի համարվում քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա»,

- «Դատարանին վերագրվող նյութական և դատավարական իրավունքների խախտումները չեն հիմնավորվում գործի փաստական և իրավական հանգամանքներով, և վերաքննիչ բողոքը հակընդդեմ հայցի մասով վճիռը բեկանելու մասով հիմնավոր չէ և ենթակա է մերժման»,

09.09.2024 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը` սկզբնական հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, իսկ հակընդդեմ հայցի մասով Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով հակընդդեմ հայց ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 4-րդ ու 140-րդ հոդվածի 1-ին մասերի խախտումներ թույլ տալու վերաբերյալ բողոքաբերի փաստարկներին, արձանագրել է, որ «Սնանկության վարույթի առկայությունն ինքնին խոչընդոտ էր քաղաքացիաիրավական հայցի տեսքով իրավական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու համար, քանզի պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագող հարցերը ենթակա էին հավաքագրման և մեկտեղման սնանկության վարույթի շրջանակներում: (...) Սնանկության դատարանի` սնանկության գործով կայացված վճիռներն ուժի մեջ են մտել հրապարակման պահից և առնվազն 17.01.2020 թվականի վճռով Ընկերությունը սնանկ էր ճանաչվել և նույնիսկ հաստատվել է պարտատերերի պահանջների վերջնական ցուցակը, որպիսի որոշումը, Վերաքննիչ դատարանի (...) կողմից 31.07.2020 թվականի որոշմամբ վերացվել է: Հետևաբար, Դատարանը, վերականգնելով հակընդդեմ հայց ներկայացնելու համար նախատեսված բացթողնված ժամկետները, գործել է իրեն վերապահված լիազորությունների սահմաններում` ելնելով գործի դատավարական փաստակազմի առանձնահատկություններից»:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջի ու դրա հիմքերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ ներկայացված պահանջով հայցվոր Ընկերությունը հետամուտ է եղել իր և Բանկի միջև կնքված ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրից բխող պարտավորությունը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածով նախատեսված` կատարման անհնարինության հիմքով դադարեցնելուն` ակնհայտորեն հետապնդելով մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելու նպատակ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 423-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը լրիվ կամ մասնակի դադարում է օրենքով, այլ իրավական ակտերով կամ պայմանագրով նախատեսված հիմքերով:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` կողմերից մեկի պահանջով թույլատրվում է դադարեցնել պարտավորությունը միայն օրենքով կամ պայմանագրով նախատեսված դեպքերում:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, ի թիվս այլնի, որպես պարտավորական իրավահարաբերությունը դադարելու հիմք սահմանել է պարտավորության կատարման անհնարինությունը: Մասնավորապես`

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորությունը դադարում է կատարման անհնարինությամբ, եթե դա առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար կողմերից որևէ մեկը պատասխանատու չէ: Այդ դեպքում պարտատերն իրավունք չունի պարտապանից պահանջել պարտավորության կատարում:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտապանի կողմից պարտավորության կատարման անհնարինության դեպքում, որն առաջացել է պարտատիրոջ մեղքով, պարտատերն իրավունք չունի հետ պահանջել պարտավորությամբ իր կատարածը:

Նշված իրավական նորմերի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 12-րդ ենթակետի համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քաղաքացիական օրենսդրությունը երաշխավորում է պարտավորական իրավահարաբերության կողմի իրավունքը` դատական կարգով պահանջելու պայմանագրային պարտավորության դադարեցում` դրա կատարման անհնարինության հիմքով:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերության կողմից ներկայացված պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել իրավահարաբերությունը դադարեցնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, որպիսի պայմաններում գործի վարույթի կարճումն այն պատճառաբանությամբ, որ «ներկայացվել է պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջ, մինչդեռ իրավունքի պաշտպանության նման եղանակ նախատեսված չէ», իրավաչափ համարվել չի կարող, քանի որ, թեև հայցվորի ձևակերպած պահանջն առերևույթ չի համընկնում իրավունքի պաշտպանության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված եղանակներից որևէ մեկին, այդ թվում` նույն հոդվածի 12-րդ ենթակետով նախատեսվածին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրան:

Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը` այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այլ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում` ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանության եղանակներին համահունչ ձևակերպված չլինելու) հիմքով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջն օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության միջոց չհանդիսանալու և այդ հիմքով այն դատարանում քննության ենթակա չլինելու ու նշված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն:

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով հակընդդեմ հայց ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել հետևյալը.

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը Դատարանը կայացրել է 03.06.2020 թվականին: Բանկի ներկայացուցիչը փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմումը դատարան է ներկայացրել սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելուց շուրջ ութ ամիս տասներեք օր հետո` 16.02.2021 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու ժամկետի խախտմամբ` միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը` պատճառաբանելով, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու զուգահեռ գործընթացների իրականացում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի առկայությունն ինքնին խոչընդոտ էր քաղաքացիաիրավական հայցի տեսքով իրավական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու համար, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պարտավոր էր սույն գործով հակընդդեմ հայցն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պայմաններում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքի հիմքը քննելիս ուշադրության արժանի համարել ինչպես միջնորդության մեջ նշված, այնպես էլ այն բոլոր հանգամանքները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ միջնորդությունը քննելու և լուծելու համար, ու միայն դրանց գնահատման և համադրման արդյունքում որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Մասնավորապես` պետք է գնահատման առարկա դառնար պատասխանողի կողմից իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինության հանգամանքը վերանալուց հետո վերջինիս կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու համար ողջամիտ և բավարար միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքը:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործով եզրափակիչ դատական ակտը կայացվել է 28.08.2020 թվականին, այն Բանկին հասանելի է դարձել 10.09.2020 թվականին, այդ պահից սկսած Բանկն ունեցել է հակընդդեմ հայց ներկայացնելու իրական հնարավորություն, սակայն այն ներկայացրել է 16.02.2021 թվականին, և նշվածի համատեքստում քննարկման առարկա դարձվեր այն ողջամիտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ էր Բանկին հակընդդեմ հայց ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար` արդյո՞ք Բանկը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, Վերաքննիչ դատարանը պետք է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքի հիմքը քննության առներ նաև սույն որոշմամբ մատնանշված փաստերի գնահատման համատեքստում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 09.09.2024 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանը չի անդրադարձել վերաքննիչ բողոքի բոլոր հիմքերին և հիմնավորումներին` Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը համապատասխան մասով բեկանելով և գործի վարույթն այդ մասով կարճելով անկախ վերաքննիչ բողոքի հիմքերից ու հիմնավորումներից: Միևնույն ժամանակ գործի նոր քննության ժամանակ բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու հարցը քննարկելիս անհրաժեշտ է հիմք ընդունել սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտչյան

Զեկուցող  Ս. Մեղրյան

Ն. Հովսեփյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱԼԱՏԻ ԿՈՂՄԻՑ ԹԻՎ ԵԴ/24965/02/18 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 14.11.2025 ԹՎԱԿԱՆԻՆ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՄԱՆ ՊԱՏՃԱՌԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ՄԱՍԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

26.11.2025 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի նոյեմբերի 14-ին (որոշումը դատական իշխանության պաշտոնական կայքում (court.am) հրապարակվել է 14.11.2025 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2024 թվականի որոշման դեմ` ըստ «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ-ի («Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի իրավահաջորդն է) (այսուհետ Բանկ)` պարտավորությունը դադարած համարելու պահանջի մասին, և ըստ Բանկի հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշվել է. «Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է դադարած համարել Բանկի և իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Բանկը պահանջել է ««Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությունից հօգուտ «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության բռնագանձել` 13.265.805,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, որից վարկի գումարի մնացորդ` 5.130.000 ԱՄՆ դոլար, հաշվարկված տոկոսի գումար` 1.760.234,40 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց վարկի գումարի նկատմամբ հաշվարկված տոկոս` 2.885.767,02 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ժամկետանց տոկոսի նկատմամբ հաշվարկված տույժ` 3.489.804,33 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, 5.130.000 ԱՄՆ դոլար ժամկետանց վարկի գումարին հաշվեգրել և բռնագանձել համաձայնագրի 6.3 կետով նախատեսված տոկոսներ` տարեկան 36 տոկոս տոկոսադրույքով, սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության կատարման` վարկի գումարների փաստացի վճարման օրը, ժամկետանց տոկոսագումարին հաշվեգրել և բռնագանձել տույժ` սկսած 17.02.2021 թվականից մինչև պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ, համաձայնագրի 6.2 կետով նախատեսված յուրաքանչյուր ուշացված օրվա համար` չվճարված տոկոսագումարի 0,2 տոկոսի չափով»:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 15.01.2024 թվականի վճռով հայցը մերժվել է, իսկ հակընդդեմ հայցը` բավարարվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 09.09.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է` սկզբնական հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճվել է, իսկ հակընդդեմ հայցի մասով Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Բանկը»:

 

«2. Վճռաբեկ դատարանը որպես Ընկերության վճռաբեկ բողոքի հիմքեր, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 380-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 74-րդ, 119-րդ, 140-րդ, 157-րդ, 182-րդ և 381-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ներկայացված պահանջով ինքը հետամուտ է եղել կողմերի միջև կնքված վարկային պայմանագրից բխող և իր պնդմամբ` անփողության հիմքով չտրամադրված վարկի հետևանքով իր խախտված իրավունքների վերականգնմանը, ուստի այն դեպքում, երբ նյութական իրավունքի նորմերն ուղղակիորեն ամրագրում են իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության նպատակով դատական պաշտպանությունից օգտվելու հնարավորություն, տվյալ դեպքում` նյութական իրավունքի նորմով ամրագրված` անփողության հիմքը վիճարկելու իրավական հնարավորություն, ապա այդպիսի հնարավորության իրացումը պետք է երաշխավորվի:

Վերաքննիչ դատարանը նույնացրել է պայմանագրից բխող պարտավորությունը դադարած համարելու` ճանաչելու պահանջը պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջի հետ` անտեսելով, որ դրանք տարբեր պահանջներ են և նույնական չեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ սնանկության գործի առկայությունը Բանկին չի զրկել հակընդդեմ հայց ներկայացնելու հնարավորությունից, և Բանկը չի ներկայացրել որևէ հարգելի պատճառ` հակընդդեմ հայց հարուցելու ժամկետն իր կամքից անկախ բաց թողնելու մասին, որպիսի պայմաններում Դատարանը չէր կարող ու չպետք է հարգելի համարեր հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետի բաց թողնումը, իսկ Վերաքննիչ դատարանն իրավասու չէր վերացական և անտրամաբանական դատողություններով ու պատճառաբանություններով վերաքննիչ բողոքի այս հիմքը ևս մերժեր:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Ամբողջությամբ բավարարել բողոքը` բեկանելով ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 09.09.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 որոշումը և փոփոխել այն հետևյալ կերպ. «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ի ներկայացված վերաքննիչ բողոքը բավարարել, այն է. բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 15.01.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 վճիռը և կայացնել նոր դատական ակտ` սկզբնական հայցը բավարարելու, իսկ հակընդդեմ հայցի մասով քաղ. գործի վարույթը կարճելու մասին, իսկ անհնարինության դեպքում «Նաիրի բիզնես տուր» ՍՊԸ-ի սկզբնական հայցը բավարարել, իսկ «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի հակընդդեմ հայցը ամբողջությամբ մերժել, իսկ դրա անհնարինության դեպքում էլ բեկանել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից 15.01.2024թ.-ին կայացված թիվ ԵԴ/24965/02/18 վճիռը և քաղաքացիական գործը ուղարկել ստորադաս դատարան ամբողջ ծավալով նոր քննության»:

 

2.1 Վճռաբեկ դատարանը որպես Ընկերության վճռաբեկ բողոքի վերաբերյալ Բանկի պատասխանի հիմքերն ու հիմնավորումներ նշել է, հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Հայցվորի պահանջը չի բխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 432-րդ հոդվածի իրավակարգավորումներից, ուստի Ընկերության ներկայացրած պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված չի եղել իրավահարաբերությունը դադարեցնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, նման պահանջը որևէ կերպ չի ներառվում քաղաքացիական իրավունքների պաշտպանության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-12-րդ կետերով նախատեսված եղանակների տրամաբանության և էության շրջանակներում ու չի համապատասխանում դրանց բնորոշմանը, ավելին` ՀՀ այլ օրենքներով ևս նախատեսված չէ քաղաքացիական իրավունքների պաշտպանության նման եղանակ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 13-րդ կետի համատեքստում:

Տվյալ դեպքում հակընդդեմ հայց չներկայացնելը հանդիսացել է ոչ թե իր տնօրինչական իրավունքի իրացման ընտրություն, այլ հարկադրված գործողություն այն պատճառաբանությամբ, որ մինչև թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելն ինքը չէր կարող ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ իր պահանջն ընդդեմ սույն քաղաքացիական գործով հայցվորի արդեն իսկ ներկայացված է եղել հարկադրված սնանկության դիմումի տեսքով, պահանջը եղել է գրանցված, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու, ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու, այն նոր քննության ուղարկելու կամ փոփոխելու դեպքում ինքը կշարունակեր «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հիմքով զրկված լինել քննվող քաղաքացիական գործի շրջանակներում գումարի բռնագանձման պահանջ ներկայացնելու իրավունքից: Եւ միայն սնանկության վարույթի շրջանակներում կայացված և օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտից հետո կարող էր պարզ դառնալ` արդյոք Բանկն իրավունք ունի սույն քաղաքացիական գործով սկզբնական հայցվորի դեմ քննվող քաղաքացիական գործի շրջանակներում ներկայացնել հակընդդեմ հայց` գումար բռնագանձելու պահանջի մասին, թե ոչ: Այդ իրավունքն իր մոտ ծագել է միայն ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020 թվականի որոշման մասին տեղեկանալուց հետո, երբ արդեն իսկ թիվ ԵԴ/24965/02/18 քաղաքացիական գործով բաշխված է եղել ապացուցման բեռը: Էական չէ, թե ապացուցման բեռը բաշխելուց հետո երբ է ներկայացվել հակընդդեմ հայցադիմումը, քանի որ եթե նույնիսկ այն ներկայացվեր հենց 29.08.2020 թվականին, կամ դրանից մեկ տարի անց, հակընդդեմ հայցվորը պետք է կրեր պարտականություն հիմնավորելու, թե ինչու մինչև ապացուցման բեռի բաշխման մասին որոշում կայացնելը չի ներկայացրել հակընդդեմ հայցադիմումը:

Այսինքն` հակընդդեմ հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով, այն է` օրենսդրական սահմանափակման հիմքով, հետևաբար` Դատարանի` հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումն ու դրա իրավաչափության գնահատման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը եղել են հիմնավոր, օրինական և պատճառաբանված, քանի որ հակառակ մեկնաբանությամբ առաջնորդվելու դեպքում կստացվի, որ ինքն օրենսդրական արգելքի ուժով կզրկվի սույն քաղաքացիական գործով իր քաղաքացիաիրավական իրավունքների պաշտպանության հնարավորությունից, ինչը չի կարող համատեղելի լինել դատարանի մատչելիության իրավունքի իրացման հետ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 27.04.2018 թվականին դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ:

Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Բանկի դիմումը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Նշված որոշումը Բանկի կողմից ստացվել է 10.09.2020 թվականին (հատոր 2-րդ, գ.թ. 90-94).

2) 05.11.2018 թվականին դիմելով դատարան` Ընկերությունը, հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ իր կողմից վարկային պարտավորությունների կատարումն անհնարին է, քանի որ նախ վարկը չի ստացել և հնարավորություն չի ունեցել այն նպատակային տնօրինելու ու ստացված շահույթից կատարելու վարկային պարտավորությունները, և հետո, չի կարող առաջանալ պարտավորություն այն պարագայում, երբ Բանկի կողմից իր կամքով կամ իր կամքից անկախ ստեղծած պայմաններում իր ստանձնած պարտավորությունը փաստացի չի կատարվել, պահանջել է դադարած համարել Բանկի ու իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները (հատոր 1-ին, գ.թ. 5-9).

3) Դատարանը 03.06.2020 թվականին սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել` սահմանելով ապացուցման ենթակա փաստերը (հատոր 2-րդ, գ.թ. 33-35).

4) Բանկի ներկայացուցիչը 16.02.2021 թվականին փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել Դատարան, միևնույն ժամանակ միջնորդել է վերականգնել հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բանկն Ընկերությունից պարտքի հետ ստացման գործընթացը սկսել է դեռևս 2018թ.-ի ապրիլին, երբ սնանկության դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանում ստացվել է 27.04.2018թ.-ին: (...) Գործի նոր քննության արդյունքում ՀՀ սնանկության դատարանը 17.01.2020թ.-ին կայացրել է վճիռ, որով Բանկի դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, ամբողջությամբ բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 17.01.2020թ.-ի վճռի դեմ Ընկերության կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020թ. որոշմամբ բավարարվել է` 17.01.2020թ. վճիռը բեկանվել է և փոփոխվել, Բանկի դիմումը մերժվել է: Բանկը բողոքարկել է հիշյալ որոշումը վճռաբեկության կարգով, սակայն Բանկի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020թ. որոշմամբ: Սույն գործը հարուցվել է 12.12.2018թ.-ին, այսինքն թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործը հարուցվելուց հետո, իսկ ապացուցման պարտականությունը բաշխվել է 03.06.2020թ.-ին` մինչև սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Ստացվում է, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու` զուգահեռ գործընթացների իրականացում» (հատոր 3-րդ, գ.թ. 65-75).

5) Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարվել է հարգելի, և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է այն պատճառաբանությամբ, որ ««Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կողմից սույն քաղաքացիական գործով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին կայացնելը ընդդեմ հայցվոր «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, և դա բխել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառներից, քանի որ վերջինս դեռևս սույն գործով հայց հարուցելուց առաջ դիմել է դատարան` «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին պահանջով, իսկ նշված դիմումը մերժելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո, որի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական վերոնշյալ ժամկետները» (հատոր 2-րդ, գ.թ. 65-68).

6) Դատարանի 29.06.2021 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ (հատոր 3-րդ, գ.թ. 80)»:

 

4. Հատուկ կարծիքի հիմնավորումները`

Սույն գործի փաստերի համաձայն` 27.04.2018 թվականին դիմելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` Բանկը պահանջել է Ընկերությանը ճանաչել սնանկ: Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճռով Բանկի դիմումը բավարարվել է: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Սնանկության դատարանի 17.01.2020 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Բանկի դիմումը մերժվել է: ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020 թվականի որոշմամբ Բանկի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է: Նշված որոշումը Բանկի կողմից ստացվել է 10.09.2020 թվականին:

05.11.2018 թվականին սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը, հայցի փաստական հիմքում դնելով նաև այն, որ իր կողմից վարկային պարտավորությունների կատարումն անհնարին է, քանի որ նախ վարկը չի ստացել և հնարավորություն չի ունեցել այն նպատակային տնօրինելու ու ստացված շահույթից վարկային պարտավորությունները կատարելու, և հետո, չի կարող առաջանալ պարտավորություն այն պարագայում, երբ Բանկի կողմից իր կամքով, կամ իր կամքից անկախ ստեղծած պայմաններում իր ստանձնած պարտավորությունը փաստացի չի կատարվել, պահանջել է դադարած համարել Բանկի ու իր միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսական գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով իր ստանձնած բոլոր պարտավորությունները:

Դատարանը 03.06.2020 թվականին սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում է կայացրել, որից հետո` 16.02.2021 թվականին, Բանկի ներկայացուցիչը փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմում է ներկայացրել դատարան` միաժամանակ միջնորդելով վերականգնել հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու ժամկետն այն հիմնավորմամբ, որ «Բանկն Ընկերությունից պարտքի հետ ստացման գործընթացը սկսել է դեռևս 2018թ.-ի ապրիլին, երբ սնանկության դիմում է ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, որը դատարանում ստացվել է 27.04.2018թ.-ին: (...) Գործի նոր քննության արդյունքում ՀՀ սնանկության դատարանը 17.01.2020թ.-ին կայացրել է վճիռ, որով Բանկի դիմումը` Ընկերությանը սնանկ ճանաչելու մասին, ամբողջությամբ բավարարվել է` Ընկերությունը ճանաչվել է սնանկ: ՀՀ սնանկության դատարանի 17.01.2020թ.-ի վճռի դեմ Ընկերության կողմից բերվել է վերաքննիչ բողոք, որը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.04.2020թ. որոշմամբ բավարարվել է` 17.01.2020թ. վճիռը բեկանվել է և փոփոխվել, Բանկի դիմումը մերժվել է: Բանկը բողոքարկել է հիշյալ որոշումը վճռաբեկության կարգով, սակայն Բանկի բողոքը վարույթ ընդունելը մերժվել է ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020թ. որոշմամբ: Սույն գործը հարուցվել է 12.12.2018թ.-ին, այսինքն թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործը հարուցվելուց հետո, իսկ ապացուցման պարտականությունը բաշխվել է 03.06.2020թ.-ին` մինչև սնանկության գործով վերջնական դատական ակտ կայացնելը: Ստացվում է, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու` զուգահեռ գործընթացների իրականացում»:

Դատարանի 25.02.2021 թվականի որոշմամբ Բանկի ներկայացուցչի միջնորդությունը բավարարվել է` հակընդդեմ հայցադիմում ներկայացնելու համար դատավարական ժամկետը բաց թողնելու պատճառը համարվել է հարգելի և բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնվել է այն պատճառաբանությամբ, որ ««Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կողմից սույն քաղաքացիական գործով մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին կայացնելը ընդդեմ հայցվոր «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառներով, և դա բխել է «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերության կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառներից, քանի որ վերջինս դեռևս սույն գործով հայց հարուցելուց առաջ դիմել է դատարան` «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերությանը սնանկ ճանաչելու մասին պահանջով, իսկ նշված դիմումը մերժելու մասին եզրափակիչ դատական ակտն օրինական ուժի մեջ է մտել սույն գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացնելուց հետո, որի արդյունքում «Հայբիզնեսբանկ» ՓԲ ընկերությունն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական վերոնշյալ ժամկետները»:

Դատարանի 29.06.2021 թվականի որոշմամբ հակընդդեմ հայցադիմումն ընդունվել է վարույթ:

Դատարանը 15.01.2024 թվականի վճռով հայցը մերժել է, իսկ հակընդդեմ հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ`

- «հայցվոր կողմը չի ապացուցել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ սահմանված և իր կողմից ապացուցման ենթակա այն փաստերը, որ առկա է հայցվորի կողմից 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրից ծագած պարտավորության կատարման անհնարինություն, որն առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար հայցվորը պատասխանատու չէ կամ առաջացել է պատասխանողի մեղքով, և չի ներկայացրել այդ փաստերի վերաբերյալ բավարար ապացույցներ, որոնց գնահատմամբ Դատարանը կարող էր գալ այն եզրահանգման, որ տվյալ դեպքում առկա է հայցվորի կողմից 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրից ծագած պարտավորության կատարման անհնարինություն, որն առաջացել է այնպիսի հանգամանքից, որի համար հայցվորը պատասխանատու չէ կամ առաջացել է պատասխանողի մեղքով: Իսկ քաղաքացիական գործում առկա ապացույցները բավարար չեն վերոնշյալ փաստերը հաստատված համարելու համար: Հետևաբար, բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում այդ փաստերի առկայությունը կամ բացակայությունը, ուստի դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստերի ապացուցման պարտականությունը կրող հայցվոր կողմը»,

- «հակընդդեմ հայցով պատասխանողը հակընդդեմ հայցվորի հանդեպ պատշաճ չի կատարել կողմերի միջև 27.07.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրով և 01.08.2016 թվականին կնքված թիվ GV16-0029 ֆինանսավորման գործիքներ տրամադրելու հիմնական պայմանագրի հավելված թիվ V16-032867 վարկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, որի արդյունքում հակընդդեմ հայցով պատասխանող «Նաիրի Բիզնես Տուր» ՍՊ ընկերության պարտքը հակընդդեմ հայցվոր «ԱՄԻՕ Բանկ» ՓԲ ընկերության հանդեպ 16.02.2021 թվականի դրությամբ կազմում է 13.265.805,75 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ`

- «սույն գործով հայցվորը խնդրել է դադարեցված համարել 27.07.2016 թվականին «Հայբիզնեսբանկ» փակ բաժնետիրական ընկերության և «Նաիրի Բիզնես Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև կնքված թիվ GV16-0029 «Ֆինանսական գործիքներ տրամադրելու» հիմնական պայմանագրով «Նաիրի Բիզնես Տուր» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության բոլոր պարտավորությունները: Այսինքն` ներկայացվել է պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջ, մինչդեռ իրավունքի պաշտպանության նման եղանակ նախատեսված չէ: (...) Ուստի, իրավունքի պաշտպանության նման եղանակի բացակայության դեպքում, հայցվող «վեճը» չի համարվում քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա»,

- «Դատարանին վերագրվող նյութական և դատավարական իրավունքների խախտումները չեն հիմնավորվում գործի փաստական և իրավական հանգամանքներով, և վերաքննիչ բողոքը հակընդդեմ հայցի մասով վճիռը բեկանելու մասով հիմնավոր չէ և ենթակա է մերժման»,

09.09.2024 թվականի որոշմամբ մերժել է Ընկերության վերաքննիչ բողոքը` սկզբնական հայցի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճել է, իսկ հակընդդեմ հայցի մասով Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը թողել է անփոփոխ:

Վճռաբեկ դատարանը սկզբնական հայցի մասով արձանագրել է, որ «(...) Ընկերության կողմից ներկայացված պահանջը, անկախ դրա ձևակերպումից, բովանդակային առումով ուղղված է եղել իրավահարաբերությունը դադարեցնելու միջոցով իր քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը, որպիսի պայմաններում գործի վարույթի կարճումն այն պատճառաբանությամբ, որ «ներկայացվել է պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջ, մինչդեռ իրավունքի պաշտպանության նման եղանակ նախատեսված չէ», իրավաչափ համարվել չի կարող, քանի որ, թեև հայցվորի ձևակերպած պահանջն առերևույթ չի համընկնում իրավունքի պաշտպանության` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածում ներառված եղանակներից որևէ մեկին, այդ թվում` նույն հոդվածի 12-րդ ենթակետով նախատեսվածին, սակայն բովանդակային առումով համապատասխանում է դրան:

Նշվածն ինքնին բացառում է դատարանի կողմից ներկայացված նյութաիրավական պահանջի քննության մեխանիկորեն մերժումը` այն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածով կամ այլ օրենքով սահմանված քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակների մեջ ներառված չլինելու (այդ թվում` ներկայացված պահանջն իրավունքի պաշտպանության եղանակներին համահունչ ձևակերպված չլինելու) հիմքով:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով ներկայացված պահանջն օրենքով նախատեսված իրավունքի պաշտպանության միջոց չհանդիսանալու և այդ հիմքով այն դատարանում քննության ենթակա չլինելու ու նշված պահանջի մասով քաղաքացիական գործի վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումները հիմնավոր չեն»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշման հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր անձ իրավունք ունի նույն օրենսգրքով սահմանված կարգով դիմելու դատարան` Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական իրավունքների պաշտպանությունն իրականացվում է`

1) իրավունքը ճանաչելով.

2) մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելով.

3) իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելով.

4) առոչինչ գործարքի անվավերության հետևանքները կիրառելով.

5) վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելով և դրա անվավերության հետևանքները կիրառելով.

6) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելով.

7) դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելով.

8) իրավունքի ինքնապաշտպանությամբ.

9) պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելով.

10) վնասներ հատուցելով.

11) տուժանք բռնագանձելով.

12) իրավահարաբերությունը դադարեցնելով կամ փոփոխելով.

13) օրենքով նախատեսված այլ եղանակներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ քաղաքացիական օրենսդրության հիմնարար սկզբունքների, այդ թվում` քաղաքացիական հարաբերությունների մասնակիցների իրավունքների անարգել իրականացման, խախտված իրավունքների վերականգնման ապահովման, դրանց դատական պաշտպանության սկզբունքների ապահովման նպատակով օրենսդիրը քաղաքացիական իրավունքներ և պարտականություններ կրող սուբյեկտներին օժտել է իրենց պատկանող քաղաքացիական իրավունքները` ներառյալ դրանց պաշտպանության իրավունքը, իրենց հայեցողությամբ իրականացնելու իրավազորությամբ:

Ընդ որում, օրենսդիրը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 14-րդ հոդվածի կարգավորմամբ սահմանելով քաղաքացիական իրավունքների պաշտպանության իրականացման հիմնական եղանակները, որոնց օգնությամբ շահագրգիռ անձը կարող է խափանել, կանխել իր իրավունքի խախտումը, վերականգնել (ճանաչել) իր իրավունքները և (կամ) փոխհատուցում ստանալ իրավունքի խախտմամբ պատճառված վնասների դիմաց, միաժամանակ հնարավորություն է վերապահել անձանց` իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնել նաև օրենքով նախատեսված այլ եղանակներով (տե՛ս Անժելա Գևորգյանն ընդդեմ «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության և «Էյ-Ի-Ջի Սերվիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության թիվ ԵԱՔԴ/3724/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.05.2020 թվականի որոշումը):

Քաղաքացիական իրավահարաբերությունների սուբյեկտները, ազատ լինելով սեփական կամքով որոշակի գործողություններ կատարել և ընտրելով վարքագծի դրսևորման համապատասխան ձևը, միևնույն ժամանակ պարտավոր են դրսևորել իրավաչափ վարքագիծ, այն է` իրենց գործողությունները համապատասխանեցնել օրենքի պահանջներին: Թեև անձինք իրենց ազատ կամահայտնությամբ են ընտրում իրավունքի պաշտպանության ցանկալի եղանակը, սակայն այն պետք է համապատասխանի օրենքով նախատեսված որոշակի պահանջների:

Դատարանի հասանելիությունը և լսված լինելը Սահմանադրությամբ և միջազգային մի շարք պայմանագրերով երաշխավորված իրավունքներ են, սակայն դատարան դիմելու իրավունքը չի կարող անսահմանափակ լինել և ամենակարևորը` պետք է ապահովվի անձի` իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակը:

Իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված եղանակներից որևէ մեկով, այդ թվում` իրավունքի խախտման փաստը հաստատելով, մինչև խախտումը եղած դրությունը վերականգնելով, իրավունքը ճանաչելով և այլն: Դատարանում հայց հարուցելու նպատակը ենթադրաբար խախտված իրավունքների պաշտպանությունն է: Այսինքն` հայց ներկայացնելիս կողմը նախ պետք է կարողանա հիմնավորել, թե իր ո՞ր իրավունքն է խախտվել կամ ո՞ր իրավունքի պաշտպանությանն է ուղղված հայցի հարուցումը:

Իրավունքը ճանաչելու պահանջով հայցը ներկայացվում է այն դեպքում, երբ հայցվորը ցանկանում է հաստատել իրեն որոշակի իրավունքի պատկանելիությունը, որը կասկածի տակ է դրվում այլ սուբյեկտների կողմից կամ առկա է նման վտանգ: Այսինքն` վերջինս ցանկանում է այդ եղանակով վերացնել իր որևէ իրավունքի իրականացման խոչընդոտները կամ հնարավոր դարձնել արդեն իսկ գոյություն ունեցող իրավունքի իրացումը: Կարևոր է ընդգծել, որ պարտավորական հարաբերություններում որոշակի պարտավորություն կատարելու պահանջի ներկայացումը դեռևս մյուս կողմի համար ինքնաբերաբար չի առաջացնում իրավունքի խախտում, որը ենթակա է պաշտպանության: Տվյալ դեպքում գտնում եմ, որ ինչպես

իրավացիորեն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, սույն գործով սկզբնական հայցով Ընկերության կողմից ներկայացվել է պարտավորությունից ազատ լինելու փաստը ճանաչելու պահանջ, մինչդեռ իրավունքի պաշտպանության նման եղանակ նախատեսված չէ: Պարտավորություններից ազատ լինելը հաստատելու պահանջը չի նույնանում իրավունքի ճանաչման պահանջի հետ. այս դեպքում չկա հայցվորին պատկանող իրավունք, որը ենթակա է ճանաչման: Դատական կարգով կարող է ճանաչվել իրավահարաբերության առկայությունը, իրավունքի խախտման փաստը կամ դատական կարգով կարող է դադարել իրավահարաբերությունը, բայց չի կարող հաստատվել իրավահարաբերության բացակայության փաստը: Միաժամանակ կարևոր է նաև այն, որ իրավահարաբերության բացակայությունը ճանաչելը չի կարող նույնացվել իրավահարաբերության փոփոխության կամ իրավահարաբերության դադարման` որպես պաշտպանության եղանակի հետ, քանի որ այդ դեպքում Դատարանի դատական ակտի ուժով է իրավահարաբերությունը փոփոխվում կամ դադարում, և ոչ թե ճանաչվում է պարտավորության դադարած լինելը մինչև դատարան դիմելու պահի դրությամբ:

Հետևաբար, Վերաքննիչ դատարանի 14.11.2025 թվականի որոշումը` Դատարանի 15.01.2024 թվականի վճիռը սկզբնական հայցի մասով բեկանելու և քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասով, պետք է թողնվեր անփոփոխ` հաշվի առնելով, որ տվյալ դեպքում հայցվող «վեճը» չի համարվում քաղաքացիական դատավարության կարգով լուծման ենթակա:

 

Վճռաբեկ դատարանը հակընդդեմ հայց ներկայացնելու համար նախատեսված դատավարական ժամկետի բացթողումը հարգելի համարելու մասով արձանագրել է, որ «(...), սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը Դատարանը կայացրել է 03.06.2020 թվականին: Բանկի ներկայացուցիչը փոստային առաքման եղանակով հակընդդեմ հայցադիմումը դատարան է ներկայացրել սկզբնական հայցի մասով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելուց շուրջ ութ ամիս տասներեք օր հետո` 16.02.2021 թվականին, այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված` հակընդդեմ հայցը դատարան ներկայացնելու ժամկետի խախտմամբ` միաժամանակ միջնորդել է վերականգնել բաց թողնված դատավարական ժամկետը` պատճառաբանելով, որ սույն գործով հակընդդեմ հայց ներկայացնելու դատավարական ժամկետը լրացել է այն ժամանակահատվածում, երբ Բանկը փորձել է Ընկերությունից պարտքի հետ ստացումն ապահովել` Ընկերությանը սնանկ ճանաչելու միջոցով և չուներ դատավարական հնարավորություն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածով սահմանված ժամկետում ներկայացնել հակընդդեմ հայց, քանի որ գործող դատավարական օրենսդրությունը բացառում է նույն պարտավորությունից բխող պարտքի հետ ստացման դատավարական երկու զուգահեռ գործընթացների իրականացում:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ թեև Վերաքննիչ դատարանն իրավամբ արձանագրել է, որ սնանկության վարույթի առկայությունն ինքնին խոչընդոտ էր քաղաքացիաիրավական հայցի տեսքով իրավական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու համար, այնուամենայնիվ Վերաքննիչ դատարանը, իր հերթին, պարտավոր էր սույն գործով հակընդդեմ հայցն օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ ներկայացված լինելու պայմաններում բաց թողնված ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքի հիմքը քննելիս ուշադրության արժանի համարել ինչպես միջնորդության մեջ նշված, այնպես էլ այն բոլոր հանգամանքները, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ միջնորդությունը քննելու և լուծելու համար, ու միայն դրանց գնահատման և համադրման արդյունքում որոշում կայացնել միջնորդությունը բավարարելու կամ մերժելու մասին: Մասնավորապես` պետք է գնահատման առարկա դառնար պատասխանողի կողմից իրենից անկախ պատճառների հիմքով սահմանված կարգով հակընդդեմ հայց ներկայացնելու անհնարինության հանգամանքը վերանալուց հետո վերջինիս կողմից հակընդդեմ հայց ներկայացնելու համար ողջամիտ և բավարար միջոցներ ձեռնարկված լինելու հանգամանքը:

Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործով եզրափակիչ դատական ակտը կայացվել է 28.08.2020 թվականին, այն Բանկին հասանելի է դարձել 10.09.2020 թվականին, այդ պահից սկսած Բանկն ունեցել է հակընդդեմ հայց ներկայացնելու իրական հնարավորություն, սակայն այն ներկայացրել է 16.02.2021 թվականին, և նշվածի համատեքստում քննարկման առարկա դարձվեր այն ողջամիտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ էր Բանկին հակընդդեմ հայց ներկայացնելու համար:

Վերոգրյալի հիման վրա` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարզելու համար` արդյո՞ք Բանկը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, Վերաքննիչ դատարանը պետք է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ բողոքի հիմքը քննության առներ նաև սույն որոշմամբ մատնանշված փաստերի գնահատման համատեքստում»:

Վճռաբեկ դատարանի դատավոր Էդ. Սեդրակյանս, համաձայն չլինելով Վճռաբեկ դատարանի 14.11.2025 թվականի որոշմամբ արտահայտված վերը նշված դիրքորոշման հետ, շարադրում եմ իմ հատուկ կարծիքը դրա վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական ժամկետների ավարտից հետո գործին մասնակցող անձինք զրկվում են այդ ժամկետներով պայմանավորված գործողություններ կատարելու իրավունքից, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարանը բավարարում է բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը: Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` դատարանը, պարզելով, որ գործին մասնակցող անձը դատավարական ժամկետը բաց է թողել հարգելի պատճառով, որոշում է կայացնում բաց թողնված դատավարական ժամկետը վերականգնելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու մասին:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողն իրավունք ունի մինչև ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը հակընդդեմ հայց ներկայացնել ընդդեմ հայցվորի` սկզբնական հայցի հետ համատեղ քննելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նշված իրավանորմի բովանդակությունից հետևում է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքեր օրենսդիրը կոնկրետ չի նշել` այդ հիմքերի ողջամիտ և բավարար լինելու հանգամանքը թողնելով դատարանների գնահատմանը: ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ բաց թողնված ժամկետը հարգելի համարելու հիմքերը պայմանականորեն կարելի է բաժանել երկու խմբի` օբյեկտիվ և սուբյեկտիվ:

Օբյեկտիվ հիմքերի մեջ կարելի է դասել ֆորսմաժորային դեպքերը` տարերային աղետները, ինչպես նաև արտակարգ իրավիճակը և նմանատիպ այլ` անձանց կամքից անկախ հիմքերով առաջացող պատճառները: Սուբյեկտիվ գործոնը պայմանավորված է անմիջականորեն տվյալ անձի հետ կապված և գործնականում ավելի երկար ժամանակ պահանջող ողջամիտ խնդիրների լուծմամբ, առանց որի անհնար է դատավարական գործողության կատարումը: Օրինակ` երբ ֆիզիկական անձը զրկված է դատական պրոցեսին մասնակցելու կամ ներկայացուցչի միջոցով մասնակցությունն ապահովելու հնարավորությունից երկարատև հիվանդության պատճառով:

Վերոգրյալի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բացի ֆորսմաժորային իրավիճակներից, բաց թողնված դատավարական ժամկետը հարգելի համարելու համար ընդհանուր կանոնն այն է, որ անձը պարտավոր է ապացուցել, որ օրենքով սահմանված ժամկետի ընթացքում ձեռնարկել է իրենից կախված ողջամիտ ու բավարար միջոցներ դատարան դիմելու, դատավարությանը մասնակցելու և այն հիմնավորող ապացույցները ներկայացնելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ պատճառներով բաց է թողել օրենքով սահմանված դատավարական ժամկետները (տե՛ս Հրաչյա Գրիգորյանն ընդդեմ Ռուբեն, Բաբկեն, Աշոտ Հովհաննիսյանների, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ՎԴ/1963/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.12.2014 թվականի որոշումը):

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկության գործով վերջնական որոշումը ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կայացվել է 28.08.2020 թվականին, իսկ ապացուցման պարտականությունը բաշխվել է 03.06.2020 թվականին:

Բանկը իր իրավունքների պաշտպանության ձևերից Ընկերությանը սնանկ ճանաչելու ձևն է ընտրել և այդ ձևով իրավունքների պաշտպանությունն իրականացնելու դեպքում արդյունքի չհասնելը չի կարող բացառել այլ ձևերով իրավունքների պաշտպանության հնարավորությունը:

Գտնում եմ, որ սնանկության վարույթի առկայությունն ինքնին խոչընդոտ էր քաղաքացիաիրավական հայցի տեսքով իրավական պաշտպանությանը ձեռնամուխ լինելու համար, քանզի պարտապանի գույքի կազմում ներառված գույքի և իրավունքների առնչությամբ ծագող հարցերը ենթակա էին հավաքագրման և մեկտեղման սնանկության վարույթի շրջանակներում: Հետևաբար, հարկադրված սնանկության դիմումի մերժման դեպքում անձի կողմից իր իրավունքների քաղաքացիաիրավական պաշտպանության հնարավորությունից զրկելը կհանգեցներ դատարանի հասանելության իրավունքի խախտման, որպիսի իրավաչափ եզրահանգման է եկել նաև Վերաքննիչ դատարանը:

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի այն պատճառաբանությանը, որ «Ընդ որում, Վերաքննիչ դատարանի կողմից պետք է հաշվի առնվեր նաև այն հանգամանքը, որ թիվ ԵԴ/0400/04/18 սնանկության գործով եզրափակիչ դատական ակտը կայացվել է 28.08.2020 թվականին, այն Բանկին հասանելի է դարձել 10.09.2020 թվականին, այդ պահից սկսած Բանկն ունեցել է հակընդդեմ հայց ներկայացնելու իրական հնարավորություն, սակայն այն ներկայացրել է 16.02.2021 թվականին, և նշվածի համատեքստում քննարկման առարկա դարձվեր այն ողջամիտ ժամանակահատվածը, որն անհրաժեշտ էր Բանկին հակընդդեմ հայց ներկայացնելու համար», ապա գտնում եմ, որ Բանկի մոտ հակընդդեմ հայց ներկայացնելու իրավունքը ծագել է միայն ՀՀ վճռաբեկ դատարանի 28.08.2020 թվականի որոշման մասին տեղեկանալուց հետո, երբ արդեն իսկ թիվ ԵԴ/24965/02/18 քաղաքացիական գործով բաշխված է եղել ապացուցման բեռը: Հետևաբար էական չէ, թե ապացուցման բեռը բաշխելուց հետո երբ է ներկայացվել հակընդդեմ հայցադիմումը, քանի որ եթե նույնիսկ այն ներկայացվեր հենց 29.08.2020 թվականին, կամ դրանից մեկ տարի անց, հակընդդեմ հայցվորը ամեն պարագայում պետք է կրեր պարտականություն հիմնավորելու, թե ինչու մինչև ապացուցման բեռի բաշխման մասին որոշում կայացնելը չի ներկայացրել հակընդդեմ հայցադիմումը, ինչը և վերջինիս կողմից կատարվել է:

Նման պայմաններում գտնում եմ, որ հակընդդեմ հայց ներկայացնելու համար օրենքով սահմանված ժամկետը բաց է թողնվել հարգելի պատճառով, հետևաբար` Դատարանի` հակընդդեմ հայց ներկայացնելու ժամկետը բաց թողնելու պատճառները հարգելի համարելու և դատավարական ժամկետը վերականգնելու մասին որոշումն ու դրա իրավաչափության գնահատման վերաբերյալ Վերաքննիչ դատարանի եզրահանգումը եղել են հիմնավոր, օրինական և պատճառաբանված:

Ամփոփելով վերոգրյալը` գտնում եմ, որ Վերաքննիչ դատարանը իրականացրել է գործի բազմակողմանի քննություն, ուստի տվյալ դեպքում առկա չէ գործի նոր քննության անհրաժեշտություն: Հետևաբար անհրաժեշտ էր կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտը օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` նկատի ունենալով, որ առկա չեն ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.09.2024 թվականի որոշումը բեկանելու հիմքեր:

 

Վերոգրյալով պայմանավորված հայտնում եմ իմ հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման վերաբերյալ:

 

    Դատավոր`                                Էդ. Սեդրակյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421203898216

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ԵԴ/24965/02/18
Որոշում