Սեղմել Esc փակելու համար:
ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ Ձ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱ ...

 

 

005

 

i

ԿՈՆՎԵՆՑԻԱ
ԿԱՆԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲՈԼՈՐ ՁԵՎԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ, ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՄԻԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԲԱՑ Է
ԳԼԽԱՎՈՐ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ 1979 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի 34/180 ԲԱՆԱՁԵՎՈՎ

 

ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ, 1981 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-ԻՆ 27 (1) ՀՈԴՎԱԾԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ

 

Սույն Կոնվենցիայի մասնակից պետությունները`

 

հաշվի առնելով, որ Միավորված ազգերի կազմակերպության Կանոնադրությունը վերստին հաստատեց հավատը մարդու հիմնական իրավունքների, մարդկային անհատի արժանապատվության ու արժեքի և տղամարդկանց ու կանանց իրավահավասարության նկատմամբ,

հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը հաստատում է խտրականության անթույլատրելիության սկզբունքը և ազդարարում, որ բոլոր մարդիկ իրենց արժանապատվությամբ և իրավունքներով ծնվում են ազատ և հավասար, և որ յուրաքանչյուր մարդ առանց որևէ տարբերության, այդ թվում նաև առանց սեռի տարբերության, պետք է օժտված լինի բոլոր իրավունքներով և բոլոր ազատություններով, որոնք հռչակված են դրանում,

հաշվի առնելով, որ Մարդու իրավունքների մասին միջազգային դաշնագրերին մասնակից պետությունների վրա ընկնում է տղամարդկանց և կանանց համար բոլոր տնտեսական, սոցիալական, կենցաղային, մշակութային, քաղաքացիական և քաղաքական իրավունքներից օգտվելու հավասար իրավունք ապահովելու պարտականությունը,

ուշադրության առնելով` տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը աջակցելու նպատակով միջազգային կոնվենցիաները, որոնք կնքվել են Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների հովանու ներքո,

հաշվի առնելով նաև տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը աջակցելու նպատակով Միավորված ազգերի կազմակերպության և մասնագիտացված հաստատությունների կողմից ընդունված բանաձևերը, հռչակագրերը և հանձնարարականները,

մտահոգված, որ չնայած այդ զանազան փաստաթղթերին, նախկինի պես առկա է զգալի խտրականություն կանանց նկատմամբ,

հիշեցնելով, որ կանանց նկատմամբ խտրականությունը խախտում է իրավահավասարության և մարդկային արժանապատվության հանդեպ հարգանքի սկզբունքները, խոչնդոտում իրենց երկրի քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում տղամարդու հետ կանանց հավասար մասնակցությանը, խանգարում հասարակության և ընտանիքի բարեկեցության աճին և էլ ավելի է դժվարացնում կանանց հնարավորությունների լիակատար բացահայտումը` ի բարօրություն իրենց երկրների և մարդկության,

մտահոգված լինելով, որ չքավորության պայմաններում կանայք նվազագույն չափով են օգտվում պարենից, առողջապահությունից, կրթությունից, մասնագիտական պատրաստությունից և աշխատանքի տեղավորվելու հնարավորություններից, ինչպես նաև մյուս պահանջմունքներից,

համոզված լինելով, որ հավասարության և արդարության վրա հիմնված միջազգային նոր տնտեսական կարգի հաստատումը զգալիորեն կնպաստի տղամարդկանց և կանանց միջև հավասարության ապահովմանը,

ընդգծելով, որ ապարտեիդի, ռասիզմի բոլոր ձևերի, ռասայական խտրականության, գաղութատիրության, նոր գաղութատիրության, ագրեսիայի, օտարերկրյա օկուպացման ու տիրապետության և պետությունների ներքին գործերին միջամտության վերացումը հանդիսանում է անհրաժեշտ պայման տղամարդկանց և կանանց իրավունքների լիակատար իրականացման համար,

հաստատելով, որ միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդումը, միջազգային լարվածության թուլացումը, բոլոր պետությունների միջև փոխադարձ համագործակցությունը` անկախ դրանց սոցիալական և տնտեսական համակարգերից, համընդհանուր և լիակատար զինաթափումը և հատկապես միջուկային զինաթափումը միջազգային խստագույն և արդյունավետ վերահսկողության ներքո, երկրների միջև հարաբերություններում արդարության, հավասարության և փոխշահավետության սկզբունքների հաստատումը, օտարերկրյա ու գաղութային տիրապետության և օտարերկրյա օկուպացման տակ գտնվող ժողովուրդների ինքնորոշման և անկախության իրավունքի իրականացումը, ինչպես նաև` պետությունների ազգային ինքնիշխանության, տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը կաջակցեն սոցիալական առաջադիմությանը և զարգացմանը և, որպես դրա հետևանք, կնպաստեն տղամարդկանց և կանանց միջև լիակատար հավասարության ձեռք բերմանը,

համոզված լինելով, որ երկրների լիակատար զարգացումը, ողջ աշխարհի բարեկեցությունը և խաղաղության գործը պահանջում են տղամարդկանց հետ համահավասար կանանց առավելագույն մասնակցություն բոլոր բնագավառներում,

հաշվի առնելով կանանց ավանդի նշանակությունն ընտանիքի, բարեկեցության և հասարակության զարգացման մեջ, ինչը մինչև այժմ չի արժանացել լիակատար ճանաչման, մայրության և ընտանիքում ու երեխաների դաստիարակության մեջ երկու ծնողների դերի սոցիալական նշանակությունը, և գիտակցելով, որ սերնդի շարունակման գործում կնոջ դերը չպետք է խտրականության պատճառ լինի, քանի որ երեխաների դաստիարակությունը պահանջում է տղամարդկանց և կանանց և ամբողջությամբ վերցված հասարակության համատեղ պատասխանատվությունը,

հիշելով, որ տղամարդկանց և կանանց միջև լիակատար հավասարության հասնելու համար անհրաժեշտ է փոխել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց ավանդական դերը հասարակության մեջ և ընտանիքում,

համակված վճռականությամբ. իրագործելու կանանց նկատմամբ խտրականության վերացման մասին Հռչակագրում հայտարարված սկզբունքները և այդ նպատակով ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները այդպիսի խտրականության` իր բոլոր ձևերով և դրսևորումներով հանդերձ վերացման ուղղությամբ`

 

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՄԱՍ I

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Սույն Կոնվենցիայի նպատակների համար «կանանց նկատմամբ խտրականություն» հասկացությունը նշանակում է սեռի հատկանիշով ցանկացած տարբերություն, բացառություն կամ սահմանափակում, որն ուղղված է տղամարդկանց և կանանց իրավահավասարության հիման վրա քաղաքական, սոցիալական, մշակութային, քաղաքացիական կամ ցանկացած այլ բնագավառում մարդու իրավունքներից և հիմնական ազատություններից կանանց օգտվելու թուլացմանը կամ ի չիք դարձնում դրանց ճանաչումը, օգտագործումը կամ իրականացումը` անկախ նրանց ընտանեկան դրությունից:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Մասնակից պետությունները դատապարտում են կանանց նկատմամբ խտրականությունը` դրա բոլոր ձևերով հանդերձ, համաձայնվում են բոլոր համապատասխան եղանակներով անհետաձգելիորեն վարել կանանց նկատմամբ խտրականության վերացման քաղաքականության և այդ նպատակով պարտավորվում են`

ա) տղամարդկանց և կանանց իրավահավասարության սկզբունքը մտցնել իրենց ազգային սահմանադրությունների կամ համապատասխան օրենսդրության մեջ, և եթե այդ բանը դեռևս չի արված, ապա օրենքի ու մյուս համապատասխան միջոցների օգնությամբ ապահովել այդ սկզբունքի գործնական իրականացումը.

բ) ընդունել կանանց նկատմամբ ամեն մի խտրականությունը արգելող համապատասխան օրենսդրական և այլ միջոցներ, ներառյալ պատժամիջոցները, այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է.

գ) սահմանել տղամարդկանց հետ հավասար հիմքերով կանանց իրավունքների իրավաբանական պաշտպանությունը և իրավասու ազգային դատարանների և պետական այլ հիմնարկների օգնությամբ ապահովել կանանց արդյունավետ պաշտպանությունը խտրականության ցանկացած գործողության դեմ.

դ) ձեռնպահ մնալ կանանց նկատմամբ խտրականության ցանկացած գործողությունների կամ արարքների կատարումից և երաշխավորել, որ պետական մարմինները և հիմնարկները կգործեն այդ պարտավորությանը համապատասխան.

ե) ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները որևէ անձի, կազմակերպության կամ ձեռնարկության կողմից կանանց նկատմամբ ցուցաբերվող խտրականությունը վերացնելու ուղղությամբ,

զ) ձեռնարկել համապատասխան միջոցներ, ներառյալ օրենսդրական, կանանց նկատմամբ խտրականություն ներկայացնող գործող օրենքները, որոշումները, սովորույթները և պրակտիկան փոփոխելու կամ վերացնելու համար.

է) վերացնել սեփական քրեական օրենսդրության բոլոր այն դրույթները, որոնք իրենցից ներկայացնում են խտրականություն կանանց նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ` ներառյալ օրենսդրական, բոլոր բնագավառներում, և մասնավորապես` քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային բնագավառներում կանանց համակողմանի զարգացումը և առաջադիմությունը ապահովելու համար, այն հաշվով, որպեսզի նրանց համար երաշխավորվեն մարդու իրավունքների և հիմնական ազատությունների իրականացումը և դրանցից օգտվելը տղամարդկանց հետ հավասարության հիման վրա:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Մասնակից պետությունների կողմից տղամարդկանց և կանանց միջև փաստական հավասարության սահմանման արագացմանն ուղղված` ժամանակավոր հատուկ միջոցների ընդունումը չի համարվում խտրական, ինչպես դա սահմանվում է սույն Կոնվենցիայով, սակայն այն ոչ մի կերպ չպետք է հանգեցնի անիրավահավասար կամ շերտավորված չափորոշիչների պահպանմանը, այդ միջոցները պետք է վերացվեն, երբ ձեռք բերվեն հնարավորությունների և իրավահավասար վերաբերմունքի նպատակները:

2. Մասնակից պետությունների կողմից մայրության պահպանությանն ուղղված հատուկ միջոցների ընդունումը, ներառյալ սույն Կոնվենցիայում բովանդակվող միջոցները, չեն համարվում խտրական:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Մասնակից պետությունները ընդունում են բոլոր համապատասխան միջոցները, նպատակ ունենալով`

ա) փոխել տղամարդկանց և կանանց վարվելաձևի սոցիալական և մշակութային մոդելները` նախապաշարումներն արմատախիլ անելու, սովորույթներն ու այլ պրակտիկան վերացնելու նպատակով, որոնք հիմնված են սեռերից մեկի ոչ լիարժեքության կամ առավելության կամ տղամարդկանց և կանանց դերի ստերեոտիպության գաղափարի հիման վրա.

բ) ապահովել, որպեսզի ընտանեկան դաստիարակությունն իր մեջ ներառի մայրության ճիշտ ընկալումը որպես սոցիալական գործառույթ և իրենց երեխաների դաստիարակության և զարգացման համար տղամարդկանց և կանանց ընդհանուր պատասխանատվության ճանաչումը, այն պայմանով, որ բոլոր դեպքերում երեխաների շահերը հանդիսանում են գերակշռող:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, ներառյալ օրենսդրական, կանանց առևտրի և կանանց պոռնկության շահագործման բոլոր տեսակները կասեցնելու համար:

 

ՄԱՍ II

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները երկրի քաղաքական և հասարակական կյանքում կանանց նկատմամբ խտրականության վերացման ուղղությամբ և, մասնավորապես, ապահովում են տղամարդկանց հետ հավասար պայմաններով կանանց իրավունքը`

ա) քվեարկելու բոլոր ընտրություններում և հրապարակային հանրաքվեներում և ընտրվելու բոլոր հրապարակայնորեն ընտրվող մարմիններում.

բ) մասնակցելու կառավարության քաղաքականության ձևավորմանը և իրականացմանը, և զբաղեցնելու պետական պաշտոններ, ինչպես նաև` իրականացնելու բոլոր պետական գործառույթները պետական կառավարման բոլոր մակարդակներում.

գ) մասնակցելու երկրի հասարակական և քաղաքական կյանքի հիմնահարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունների և ընկերությունների գործունեությանը:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի կանանց համար ապահովեն միջազգային մակարդակում իրենց կառավարությունները ներկայացնելու և միջազգային կազմակերպությունների աշխատանքին մասնակցելու հնարավորություն տղամարդկանց հետ հավասար պայմաններում, առանց որևէ խտրականության:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ իրենց քաղաքականության ձեռքբերման, փոփոխման կամ պահպանման նկատմամբ: Այդ պետությունները, մասնավորապես, ապահովում են, որ ոչ օտարերկրացու հետ ամուսնությունը, ոչ էլ ամուսնանալիս ամուսնու քաղաքացիության փոփոխումը իր հետ չի բերում կնոջ քաղաքացիության ինքնաբերաբար փոփոխում, նրան չեն վերածում առանց քաղաքացիության անձի և չեն կարող նրան ստիպել ընդունելու ամուսնու քաղաքացիությունը:

2. Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ հավասար իրավունքներ, իրենց երեխաների քաղաքացիության վերաբերմամբ:

 

ՄԱՍ III

 

ՀՈԴՎԱԾ 10

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները, որպեսզի վերացնեն կանանց նկատմամբ խտրականությունն այն հաշվով, որպեսզի նրանց համար ապահովեն տղամարդկանց հետ համահավասար իրավունքներ կրթության բնագավառում, մասնավորապես տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովեն`

ա) միատեսակ պայմաններ մասնագիտության կամ մասնագիտացման ընտրության կողմնորոշման համար, կրթության և ինչպես գյուղական, այնպես էլ քաղաքային շրջաններում բոլոր կատեգորիաների ուսումնական հաստատությունների վկայականներ ստանալու մատչելիության համար. այդ հավասարությունն ապահովվում է նախադպրոցական, ընդհանուր, մասնագիտական և բարձրագույն տեխնիկական կրթության մեջ, ինչպես նաև բոլոր տեսակի մասնագիտական պատրաստությունների մեջ.

բ) ուսուցման միատեսակ ծրագրերից, միատեսակ քննություններից, միատեսակ որակավորման դասախոսական անձնակազմի ծառայություններից, հավասար որակի դպրոցական շենքերից և սարքավորումներից օգտվելու մատչելիություն.

գ) տղամարդկանց և կանանց դերի ստերեոտիպային ցանկացած համադրույթի վերացում ուսման բոլոր մակարդակներում և ձևերում համատեղ ուսուցման և ուսուցման մյուս տեսակների խրախուսման միջոցով, որոնք կնպաստեն այդ նպատակի իրագործմանը, մասնավորապես, ուսումնական ձեռնարկների և և դպրոցական ծրագրերի վերանայման և ուսուցման մեթոդների հարմարեցման միջոցով.

դ) կրթաթոշակ և կրթության այլ նպաստներ ստանալու միատեսակ հնարավորություններ.

ե) կրթության շարունակման ծրագրերի մատչելիության միատեսակ հնարավորություններ, ներառյալ մեծահասակների շրջանում գրագիտության տարածման ծրագրերը և գործառնական գրագիտության ծրագրերը, որոնք, մասնավորապես, ուղղված են տղամարդկանց և կանանց գիտելիքների մեջ ցանկացած խզումը, որքան հնարավոր է արագ կրճատելուն.

զ) դպրոցը չավարտած աղջիկների թվի կրճատում և դպրոցը վաղաժամ թողած աղջիկների և կանանց համար ծրագրերի մշակում.

է) սպորտի և ֆիզիկական պատրաստության պարապմունքներին ակտիվորեն մասնակցելու միատեսակ հնարավորություններ.

ը) կրթական բնույթի հատուկ տեղեկատվությունից օգտվելու մատչելիությունը ընտանիքների առողջության և բարեկեցության ապահովմանը աջակցելու նպատակով, ներառյալ ընտանիքի չափը ծրագրելու մասին տեղեկատվությունն ու խորհրդատվությունը:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները զբաղվածության բնագավառում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու համար այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա հավասար իրավունքներ ապահովեն, մասնավորապես`

ա) աշխատանքի իրավունքը, որպես բոլոր մարդկանց անքակտելի իրավունք.

բ) աշխատանքի վարձվելիս միատեսակ հնարավորությունների իրավունքը, այդ թվում` վարձվելիս ընտրության միատեսակ չափանիշների կիրառումը.

գ) մասնագիտության կամ աշխատանքի տեսակի ազատ ընտրություն, պաշտոնում առաջ գնալու և զբաղվածության երաշխիքի, ինչպես նաև աշխատանքի արտոնություններից և պայմաններից օգտվելու, մասնագիտական պատրաստություն ստանալու և վերապատրաստվելու իրավունքը, ներառյալ աշակերտությունը, բարձրացված մակարդակի մասնագիտական պատրաստությունը և կանոնավոր վերապատրաստությունը.

դ) հավասար վարձատրության իրավունքը, ներառյալ արտոնությունների տրամադրումը, հավասար արժողության աշխատանքի վերաբերմամբ հավասար պայմանների, ինչպես նաև աշխատանքի որակի գնահատման վերաբերմամբ հավասար մոտեցման իրավունքը.

ե) սոցիալական ապահովության իրավունքը, մասնավորապես, կենսաթոշակի անցնելու, գործազրկության, հիվանդության, հաշմանդամության դեպքում, ծերության և աշխատունակության կորստի մյուս դեպքերում, ինչպես նաև` վճարովի արձակուրդի իրավունքը.

զ) առողջության պաշտպանության և աշխատանքի անվտանգ պայմանների իրավունքը, ներառյալ սերնդի շարունակման գործառույթի պահպանման իրավունքը:

2. Ամուսնության կամ մայրության պատճառով կանանց նկատմամբ խտրականության կանխարգելման և աշխատանքի արդյունավետ իրավունքի երաշխավորման համար մասնակից պետությունները համապատասխան միջոցներ են ձեռնարկում, որպեսզի`

ա) արգելեն աշխատանքից ազատելը հղիության, հղիության արձակուրդի և ծննդաբերության հիման վրա կամ աշխատանքից ազատելիս ընտանեկան դրության նկատառումով խտրականությունը պատժամիջոցների կիրառման սպառնալիքի ներքո.

բ) մտցնեն վճարովի արձակուրդներ կամ հղիության ու ծննդաբերության համադրելի սոցիալական նպաստներով արձակուրդներ` առանց աշխատանքի նախկին տեղի, ավագության կամ սոցիալական կորստի.

գ) խրախուսեն անհրաժեշտ լրացուցիչ սոցիալական ծառայությունների տրամադրումը այն հաշվով, որպեսզի ծնողներին թույլատրվի համատեղելու ընտանեկան պարտավորությունների կատարումը աշխատանքային գործունեության և հասարակական կյանքին մասնակցելու հետ, մասնավորապես, երեխաների խնամքով զբաղվող հիմնարկների ցանցի ստեղծման և ընդլայնման միջոցով.

դ) ապահովեն հղիության ժամանակաշրջանում կանանց հատուկ պաշտպանությունը աշխատանքի այն տեսակներում, որոնց վնասակարությունը նրանց առողջության համար ապացուցված է:

3. Սույն հոդվածում շոշափվող իրավունքների պաշտպանությանը վերաբերող օրենսդրությունը պարբերաբար քննության է առնվում գիտատեխնիկական գիտելիքների լույսի ներքո, ինչպես նաև վերանայվում, վերացվում կամ ընդլայնվում է, որքանով դա անհրաժեշտ է:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են համապատասխան միջոցներ առողջապահության բնագավառում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ, այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց հավասարության հիման վրա ապահովեն բժշկական սպասարկումից օգտվելու հնարավորությունը, մասնավորապես, այն բանում, ինչը վերաբերում է ընտանիքի չափի կարգավորմանը:

2. Այս հոդվածի 1-ին կետի դրույթներից անկախ մասնակից պետությունները կանանց համար ապահովում են համապատասխան սպասարկում հղիության, ծննդաբերության ժամանակաշրջանում և հետծննդյան շրջանում, անհրաժեշտության դեպքում նրանց տրամադրելով անվճար ծառայություններ, ինչպես նաև համապատասխան սնունդ` հղիության և կերակրման ժամանակաշրջանում:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցներ կանանց նկատմամբ տնտեսական և սոցիալական կյանքի մյուս բնագավառներում խտրականությունը վերացնելու համար, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա ապահովեն հավասար իրավունքներ, մասնավորապես`

ա) ընտանեկան նպաստների իրավունքը.

բ) փոխառություններ, անշարժ գույքի դիմաց դրամական վարկառություններ և այլ տեսակների ֆինանսական վարկեր ստանալու իրավունքը.

գ) հանգստի հետ կապված միջոցառումներին, սպորտի և մշակութային կյանքի բնագավառներում պարապմունքներին մասնակցելու իրավունքը:

 

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Մասնակից պետությունները ուշադրության են առնում այն հատուկ հիմնահարցերը, որոնց բախվում են գյուղական վայրերում բնակվող կանայք, և այն նշանակելի դերը, որ նրանք խաղում են իրենց ընտանիքների տնտեսական բարեկեցության ապահովման գործում, այդ թվում նաև` նրանց գործունեությունը տնտեսության ոչ ապրանքային բնագավառներում, և ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները գյուղական վայրերում բնակվող կանանց նկատմամբ սույն Կոնվենցիայի դրույթների կիրառման ապահովման համար:

2. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան գյուղական շրջաններում կանանց նկատմամբ խտրականությունը վերացնելու ուղղությամբ, այն հաշվով, որպեսզի տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա ապահովվի նրանց մասնակցությունը գյուղական շրջանների զարգացմանն ու այդպիսի զարգացումից օգուտ ստանալուն և մասնավորապես, այդպիսի կանանց համար իրավունք են ապահովում`

ա) մասնակցել բոլոր մակարդակներում զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանը.

բ) օգտվել համապատասխան բժշկական սպասարկումից, ներառյալ ընտանիքի չափի կարգավորման հարցերով տեղեկատվություն, խորհրդատվություններ և սպասարկում ստանալը.

գ) անմիջականորեն օգտվել սոցիալական ապահովագրության ծրագրերի բարիքներից.

դ) ստանալ պատրաստության և պաշտոնական ու ոչ պաշտոնական կրթության բոլոր տեսակները, ներառյալ գործառնական գրագիտությունը, ինչպես նաև` օգտվել համայնքային սպասարկման բոլոր միջոցներից, գյուղատնտեսական հարցերով խորհրդատվական ծառայություններից, մասնավորապես, նրանց տեխնիկական մակարդակի բարձրացման համար.

ե) կազմակերպել ինքօգնության խմբեր և կոոպերատիվներ այն հաշվով, որպեսզի ապահովվի տնտեսական հնարավորություններից օգտվելու հավասար մատչելիությունը` վարձու աշխատանքի անցնելու կամ անկախ աշխատանքային գործունեության միջոցով.

զ) մասնակցել կոլեկտիվ գործունեության բոլոր տեսակներին.

է) օգտվել գյուղատնտեսական վարկերից և փոխառություններից, իրացման համակարգից, համապատասխան տեխնոլոգիաներից, ունենալ հավասար կարգավիճակ հողային և ագրարային բարեփոխումներում, ինչպես նաև` հողերի վերաբնակեցման ծրագրերում.

ը) օգտվել կյանքի պատշաճ պայմաններից, հատկապես բնակարանային պայմաններից, սանիտարական ծառայություններից, էլեկտրամատակարարումից և ջրամատակարարումից, ինչպես նաև` տրանսպորտից և կապի միջոցներից:

 

ՄԱՍ IV

 

ՀՈԴՎԱԾ 15

 

1. Մասնակից պետությունները ճանաչում են տղամարդկանց հետ կանանց հավասարությունն օրենքի առաջ:

2. Մասնակից պետությունները կանանց տրամադրում են տղամարդկանց հետ միատեսակ քաղաքացիական իրավունակություն և դրա իրագործման միատեսակ հնարավորություններ: Նրանք կանանց մասնավորապես ապահովում են հավասար իրավունքներ պայմանագրեր կնքելիս և ունեցվածքը կառավարելիս, ինչպես նաև` նրանց նկատմամբ հավասար վերաբերմունք դատարաններում և տրիբունալներում քննության բոլոր փուլերում:

3. Մասնակից պետությունները համաձայնում են, որ բոլոր այն պայմանագրերը և ցանկացած կարգի մյուս բոլոր մասնավոր փաստաթղթերը, որոնք իրենց իրավական հետևանքով ունեն կանանց հավասարազորության սահմանափակում, չեղյալ են համարվում:

4. Մասնակից պետությունները տղամարդկանց և կանանց տրամադրում են միատեսակ իրավունքներ` անձանց տեղաշարժին և բնակության տեղի ու բնակավայրի ընտրության ազատությանը վերաբերող օրենսդրության նկատմամբ:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Մասնակից պետությունները ձեռնարկում են բոլոր համապատասխան միջոցները ամուսնության և ընտանեկան հարաբերությունների բոլոր հարցերում կանանց նկատմամբ խտրականության վերացման համար և, մասնավորապես, տղամարդկանց և կանանց համահավասարության հիման վրա ապահովում են`

ա) ամուսնանալու միատեսակ իրավունքներ.

բ) ամուսնու ազատ ընտրության և միայն իր ազատ և լիակատար համաձայնությամբ ամուսնանալու միատեսակ իրավունքներ.

գ) ամուսնության ընթացքում և ամուսնալուծվելիս միատեսակ իրավունքներ և պարտականություններ.

դ) տղամարդկանց և կանանց միատեսակ իրավունքներ և պարտականություններ` որպես ծնողների, անկախ նրանց ընտանեկան դրությունից, այն հարցերում, որոնք վերաբերում են նրանց երեխաներին, բոլոր դեպքերում, երեխաների շահերը հանդիսանում են գերակշռող.

ե) երեխաների քանակի և նրանց ծնունդի միջև ընկած ժամանակամիջոցի հարցի` ազատորեն և պատասխանատվությամբ լուծելու միատեսակ իրավունքներ և հնարավորություն` ստանալու տեղեկատվություն, կրթություն, ինչպես նաև` միջոցներ, որոնք նրանց թույլ են տալիս իրականացնելու այդ իրավունքը.

զ) երեխաների խնամակալ, հոգաբարձու, լիազորված և որդեգիր լինելու կամ համանման գործառույթներ իրականացնելու միատեսակ իրավունքներ և պարտականություններ, երբ դրանք նախատեսված են ազգային օրենսդրությամբ, բոլոր դեպքերում երեխաների շահերը հանդիսանում են գերակշռող.

է) ամուսնու և կնոջ հավասար անձնական իրավունքներ, այդ թվում` ազգանվան, մասնագիտության և զբաղմունքի ընտրության իրավունք:

ը) ամուսինների միատեսակ իրավունքներ գույքի անվճար, ինչպես նաև վճարովի վճարովի տիրապետման, ձեռքբերման, կառավարման, օգտագործման և տնօրինման վերաբերյալ:

2. Երեխայի նշանադրությունը և ամուսնությունն իրավական ուժ չունեն, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները` ներառյալ օրենսդրական, ամուսնական նվազագույն տարիքի սահմանման և քաղաքացիական կացության ակտերում ամուսնությունների պարտադիր գրանցման նպատակով:

 

ՄԱՍ V

 

ՀՈԴՎԱԾ 17

 

1. Սույն Կոնվենցիայի իրականացման ընթացքը քննության առնելու նպատակով հիմնվում է Կանանց նկատմամբ խտրականության վերացման Հանձնախումբ (այսուհետ` անվանվող «Հանձնախումբ»), բաղկացած` Կոնվենցիան ուժի մեջ մտնելու պահին, տասնութ, իսկ Կոնվենցիան երեսունհինգերորդ մասնակից պետության կողմից վավերացնելուց կամ դրան միացումից հետո` քսաներեք փորձագետներից, որոնք ունեն բարձր բարոյական հատկանիշները և իրավասություն` սույն Կոնվենցիայով ընդգրկվող բնագավառում: Այդ փորձագետները մասնակից պետությունների կողմից ընտրվում են իրենց քաղաքացիների թվից և հանդես են գալիս անձնապես, ընդսմին, դրանում հաշվի է առնվում արդարացի աշխարհագրական բաշխումը և քաղաքակրթության տարբեր ձևերի, ինչպես նաև` հիմնական իրավական համակարգերի ներկայացուցչությունը:

2. Հանձնախմբի անդամները ընտրվում են գաղտնի քվեարկությամբ, ցուցակի մեջ մտցված այն անձանց թվից, որոնք առաջարկվել են մասնակից պետությունների կողմից: Յուրաքանչյուր մասնակից պետություն կարող է իր քաղաքացիների թվից առաջադրել մեկ անձ:

3. Սկզբնական ընտրություններն անցկացվում են սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրից վեց ամիս հետո: Յուրաքանչյուր ընտրությունների անցկացման ժամկետից առնվազն երեք ամիս առաջ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը մասնակից պետություններին ուղարկում է նամակ` երկու ամսվա ընթացքում իրենց թեկնածությունները ներկայացնելու առաջարկով: Գլխավոր քարտուղարը պատրաստում է ցուցակը, որի մեջ այբբենական կարգով մտցված են այս ձևով առաջադրված բոլոր անձինք` նշելով այն մասնակից պետությունները, որոնք նրանց առաջադրել են, և այդ ցուցակը ներկայացնում է մասնակից պետություններին:

4. Հանձնախմբի անդամների ընտրություններն անցկացվում են մասնակից պետությունների` Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի կողմից գումարվող նիստում: Այդ նիստում, որտեղ քվորում են կազմում մասնակից պետությունների երկու երրորդը, Հանձնախմբի մեջ ընտրված անձինք են համարվում այն թեկնածուները, որոնք ստանում են ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող մասնակից պետությունների ներկայացուցիչների ձայների առավել մեծ թիվը և ձայների բացարձակ մեծամասնությունը:

5. Հանձնախմբի անդամները ընտրվում են քառամյա ժամկետով: Սակայն առաջին ընտրություններում ընտրված ինը անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա ավարտին: Առաջին ընտրություններից անմիջապես հետո, այդ ինը անդամների ազգանունները ընտրվում են Հանձնախմբի նախագահի կողմից` վիճակահանությամբ:

6. Հանձնախմբի լրացուցիչ հինգ անդամների ընտրությունը սույն հոդվածի 2, 3 և 4 կետերի դրույթներին համապատասխան անցկացվում է` Կոնվենցիան երեսունհինգերորդ պետության կողմից վավերացնելուց կամ դրան միանալուց հետո: Այդ ձևով ընտրված երկու լրացուցիչ անդամների լիազորությունների ժամկետը լրանում է երկրորդ տարվա ավարտին, այդ երկու անդամների ազգանունները ընտրվում են Հանձնախմբի նախագահի կողմից վիճակահանությամբ:

7. Չնախատեսված թափուր տեղերի լրացման համար մասնակից պետությունը, որի փորձագետը դադարել է գործելուց որպես Հանձնախմբի անդամ, իր քաղաքացիների թվից նշանակում է ուրիշ փորձագետ` Հանձնախմբի հավանությունը ստանալու պայմանով:

8. Հանձնախմբի անդամները ստանում են Գլխավոր Ասամբլեայի կողմից հաստատվող վարձատրություն, Միավորված ազգերի կազմակերպության միջոցներից, որոնք սահմանվում են Ասամբլեայի կողմից Հանձնախմբի պարտականությունների կարևորության հաշվառմամբ:

9. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը սույն Կոնվենցիային համապատասխան անհրաժեշտ անձնակազմ և նյութական միջոցներ է տրամադրում Հանձնախմբի գործառույթների արդյունավետ իրականացման համար:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

1. Հանձնախմբի կողմից քննության առնելու համար մասնակից պետությունները պարտավորվում են Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ներկայացնել ի կատարումն սույն Կոնվենցիայի դրույթների իրենց կողմից ընդունված օրենսդրական, դատական, վարչական և այլ միջոցների և այդ կապակցությամբ ձեռք բերված առաջադիմության մասին զեկույցները`

ա) շահագրգիռ պետության համար սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրից մեկ տարվա ընթացքում.

բ) դրանից հետո առնվազն յուրաքանչյուր չորս տարին մեկ և այնուհետև այն ժամանակ, երբ այդ մասին հարցում կանի Հանձնախումբը:

2. Զեկույցների մեջ կարող են նշվել սույն Կոնվենցիայով ստանձնված պարտավորությունների կատարման աստիճանի վրա ազդող գործոններն ու դժվարությունները:

 

ՀՈԴՎԱԾ 19

 

1. Հանձնախումբը հաստատում է ընթացակարգի իր սեփական կանոնները:

2. Հանձնախումբն ընտրում է իր պաշտոնատար անձանց երկամյա ժամկետով:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

1. Հանձնախումբն ամեն տարի անցկացնում է նիստեր, որպես կանոն, երկու շաբաթը չգերազանցող ժամանակաշրջանում, սույն Կոնվենցիայի 18-րդ հոդվածին համապատասխան ներկայացվող զեկույցները քննության առնելու նպատակով:

2. Հանձնախմբի նիստերը, որպես կանոն, անցկացվում են Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում կամ Հանձնախմբերի կողմից որոշվող ցանկացած այլ հարմար վայրում:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Հանձնախումբն ամեն տարի Տնտեսական և Սոցիալական խորհրդի միջոցով Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեային զեկուցում է ներկայացնում իր գործունեության մասին և կարող է մասնակից պետություններից ստացած զեկույցների և տեղեկատվության ուսումնասիրման վրա հիմնված ընդհանուր բնույթի առաջարկություններ և հանձնարարականներ անել: Ընդհանուր բնույթի այդպիսի առաջարկությունները և հանձնարարականները մտցվում են Հանձնախմբի զեկուցման մեջ` մասնակից պետությունների դիտողությունների հետ մեկտեղ, եթե այդպիսիք կան:

2. Գլխավոր քարտուղարը Հանձնախմբի զեկուցումներն ուղարկում է Կանանց դրության հանձնաժողովին` ի գիտություն:

 

ՀՈԴՎԱԾ 22

 

Մասնագիտացված հաստատություններն իրավունք ունեն ներկայացված լինելու սույն Կոնվենցիայի այնպիսի դրույթների իրականացման մասին հարցերը քննության առնելիս, որոնք մտնում են նրանց գործունեության ոլորտի մեջ: Հանձնախումբը կարող է մասնագիտացված հաստատություններին ներկայացնել զեկուցումներ` նրանց գործունեության ոլորտի մեջ մտնող բնագավառներում Կոնվենցիայի իրականացման մասին:

 

ՄԱՍ VI

 

ՀՈԴՎԱԾ 23

 

Ոչինչ սույն Կոնվենցիայում չի շոշափում տղամարդկանց և կանանց միջև իրավահավասարության ձեռքբերմանը նպաստող որևէ դրույթներ, որոնք կարող են բովանդակել`

ա) մասնակից պետության օրենսդրության մեջ կամ

բ) այդպիսի պետության համար ուժի մեջ գտնվող որևէ այլ միջազգային կոնվենցիայում, պայմանագրում կամ համաձայնագրում:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Մասնակից պետությունները պարտավորվում են ազգային մակարդակով ձեռնարկել բոլոր համապատասխան միջոցները սույն Կոնվենցիայում ճանաչված իրավունքների լրիվ իրացման հասնելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

1. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների կողմից ստորագրման համար:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը նշանակվում է սույն Կոնվենցիայի ավանդապահ:

3. Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերն ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

4. Սույն Կոնվենցիան բաց է բոլոր պետությունների կողմից դրան միանալու համար: Միանալն իրականացվում է միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

1. Սույն Կոնվենցիայի վերանայման խնդրանքը կարող է ներկայացվել ցանկացած ժամանակ, ցանկացած մասնակից պետության կողմից Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին հասցեագրված գրավոր հաղորդման միջոցով:

2. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր Ասամբլեան, եթե անհրաժեշտ է համարում որևէ միջոցի ձեռնարկումը, որոշում է կայացնում այն մասին, թե հատկապես ինչպիսի միջոցներ է անհրաժեշտ ձեռնարկել այդպիսի խնդրանքի վերաբերյալ:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր այն պետության համար, որը սույն Կոնվենցիան վավերացնում է կամ դրան է միացնում քսաներորդ վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելուց հետո, սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում նրա վավերագիրը կամ միանալու մասին փաստաթուղթը ի պահ հանձնելու օրից հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

1. Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարը ստանում և բոլոր պետություններին է ուղարկում վավերացման կամ միանալու պահին պետությունների կողմից արված վերապահումների տեքստը:

2. Սույն Կոնվենցիայի նպատակների և խնդիրների հետ անհամատեղելի վերապահում չի թույլատրվում:

3. Վերապահումները կարող են հանվել ցանկացած ժամանակ, Գլխավոր քարտուղարի անունով ուղարկվող համապատասխան ծանուցման միջոցով, որն այնուհետև այդ մասին հաղորդում է բոլոր մասնակից պետություններին: Այդպիսի ծանուցումը ուժի մեջ է մտնում այն ստացվելու օրվանից:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

1. Սույն Կոնվենցիայի մեկնաբանման կամ կիրառման վերաբերյալ երկու կամ մի քանի մասնակից պետությունների միջև ծագած և բանակցությունների միջոցով չլուծված ցանկացած վեճ կողմերից մեկի խնդրանքով հանձնվում է արբիտրաժային քննության: Եթե արբիտրաժային քննության մասին դիմում տալու պահից վեց ամսվա ընթացքում կողմերին չի հաջողվում համաձայնության գալ արբիտրաժային քննության կազմակերպման վերաբերյալ, ապա կողմերից ցանկացածը կարող է տվյալ վեճը հանձնել միջազգային դատարան` Դատարանի Կանոնադրությանը համապատասխան դիմում ներկայացնելու միջոցով:

2. Յուրաքանչյուր մասնակից պետություն սույն Կոնվենցիայի ստորագրման կամ վավերացման կամ դրան միանալու ժամանակ կարող է հայտարարել այն մասին, որ իրեն կապված չի համարում սույն հոդվածի 1-ին կետում բովանդակվող պարտավորություններով: Մյուս մասնակից պետությունները տվյալ հոդվածի նշված կետից բխող պարտավորություններ չեն կրում նման վերապահում կատարած որևէ մասնակից պետության նկատմամբ:

3. Սույն հոդվածի 2-րդ կետին համապատասխան վերապահում արած ցանկացած մասնակից պետություն կարող է ցանկացած ժամանակ հանել իր վերապահումը Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին ծանուցելու միջոցով:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

Սույն Կոնվենցիան, որի ռուսերեն, անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, ի պահ են հանձնվում Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարին:

Ի հավաստումն որի, ներքոստորագրյալներս` լինելով դրա համար պատշաճ կերպով լիազորված, ստորագրեցինք սույն Կոնվենցիան:

 

 

pin
Միջազգային կոնֆերանս
Կոնվենցիա