Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՑԱՊԱՀԱՆՋՈՒՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԳԴ/6116/02/23

    Քաղաքացիական գործ թիվ ԳԴ/6116/02/23         2025 թ.

    Նախագահող դատավոր` Ս. Մատինյան

  Դատավորներ`        Ն. Կարապետյան

                                     Մ. Հարթենյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող և զեկուցող` Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի օգոստոսի 29-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Հակոբ Իսրայելյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք Գյորգի, Դուխիկ և Նունե Իսրայելյանների ու Մարիետա Կարապետյանի` ընդհանուր գույքում բաժնի վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է «Հակոբ Գյորգու Իսրայելյանի, Գյորգի Նահապետի Իսրայելյանի, Մարիետա Գառնիկի Կարապետյանի, Դուխիկ Գյորգու Իսրայելյանի, Նունե Գյորգու Իսրայելյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզ, Գանձակ համայնքի բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքի մեջ պարտապան Հակոբ Գյորգու Իսրայելյանի բաժինն առանձնացնել` դրա վրա դատարանի վճռով սահմանված բռնագանձումը տարածելու համար:

Պատասխանող Հակոբ Գյորգու Իսրայելյանի բաժինն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում (...) Գեղարքունիքի մարզ, Գանձակ համայնքի բնակելի տուն հասցեում գտնվող անշարժ գույքը ամբողջությամբ հրապարակային սակարկություններով վաճառելու մասին` Հակոբ Գյորգու Իսրայելյանին հասանելիք գումարի վրա բռնագանձում տարածելու համար` մնացած գումարը բաշխելով համասեփականատերերի միջև»:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 04.04.2024 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.10.2024 թվականի որոշմամբ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 04.04.2024 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 10-րդ, 60-րդ, 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրությունը, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ, 169-րդ ու 379-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարողի որոշման ստացման պահից իր մոտ ծագել է որպես պարտատեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջի իրավունքը: Նշված նորմի համակարգային վերլուծությունից պարզ է դառնում, որ ինքը, որպես պարտատեր, դատական կարգով կարող է իր այդ պահանջն ուղղել միայն ընդհանուր (համատեղ կամ բաժնային) սեփականության մասնակից պարտապանին (ներգրավել որպես պատասխանող), իսկ ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին ինքը կարող է գործին մասնակցող անձանց կազմում ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք: Սույն քաղաքացիական իրավահարաբերության շրջանակներում վեճ ծագելու դեպքում գործին մասնակցող անձանց այլ շրջանակի որոշման պարտադրող որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ ՀՀ քաղաքացիական օրենսդրությամբ նախատեսված չէ:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ խախտվել է իր` «օրինական սպասելիք»-ի ակնկալիք ունեցող իրավական շահագրգռվածությունը, իսկ դրա արդյունքում` իր սեփականության իրավունքը:

Բացի այդ, թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով 01.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, թիվ ՍԴ/0268/02/20 քաղաքացիական գործով 11.08.2023 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ՏԴ/0360/02/20 քաղաքացիական գործով 19.05.2023 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 քաղաքացիական գործով 09.02.2023 թվականին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԴ/2359/02/21 քաղաքացիական գործով 28.06.2024 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԼԴ3/0760/02/21 քաղաքացիական գործով 29.07.2024 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից և թիվ ՏԴ/1169/02/22 քաղաքացիական գործով 19.05.2024 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը կիրառվել են բողոքարկվող որոշման մեջ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 21.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 14.01.2021 թվականին վճռել է «1. «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության հայցն ընդդեմ Հակոբ Գյորգու Իսրայելյանի և Աշխեն Հայկի Ալեքսանյանի` գումար բռնագանձելու պահանջի մասին, բավարարել մասնակի.

Հակոբ Գյորգու Իսրայելյանից և Աշխեն Հայկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության բռնագանձել 431 197.10 ՀՀ դրամ, որից 141 269.80 ՀՀ դրամը` որպես վարկի ամբողջ մայր գումարի մնացորդ, 25 625.50 ՀՀ դրամը` որպես հաշվեգրված տոկոսագումարի մնացորդ, 231 801.80 ՀՀ դրամը` որպես մայր գումարի և տոկոսագումարի նկատմամբ հաշվարկված տույժի գումար (Պայմանագրի համաձայն մինչև դատարան դիմելը հաշվարկված 1 տոկոս), 32 500 ՀՀ դրամը` որպես հաշվեգրված ամսական սպասարկման վճարի գումար:

Հակոբ Գյորգու Իսրայելյանից և Աշխեն Հայկի Ալեքսանյանից համապարտության կարգով հօգուտ «Ֆինքա» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության սկսած 09.09.2020 թվականից մինչև պարտքի վերջնական մարման օրը վարկի մայր գումարի` 141 269.80 ՀՀ դրամ փաստացի մնացորդի նկատմամբ հաշվարկել և բռնագանձել տոկոսներ` ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքաչափերի` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի դրույթները:

2. Հայցը մնացած մասով մերժել: (...)»:

Վերը նշված վճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով 14.01.2021 թվականին կայացված վճռի հիման վրա տրամադրվել է կատարողական թերթ, հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում արգելանք է դրվել նաև պարտապան Հակոբ Իսրայելյանին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում գտնվող բնակելի տան վրա: Միաժամանակ առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` դիմել դատարան վերջինիս անվամբ գրանցված նաև այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով (հատոր 1-ին, գ. թ. 11-15, «datalex.am» դատական տեղեկատվական համակարգ).

2) «Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 459137 վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում գտնվող 337,5քմ բնակելի տան և 0,095 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Հակոբ, Գյորգի, Դուխիկ ու Նունե Իսրայելյանների և Մարիետա Կարապետյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 16-21).

3) սույն գործով Ընկերությունը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 197-րդ և 200-րդ հոդվածներով, հայց է ներկայացրել դատարան ընդդեմ պարտապան Հակոբ Իսրայելյանի` որպես պատասխանողի, ինչպես նաև` ընդհանուր սեփականության մասնակիցներ Գյորգի, Դուխիկ ու Նունե Իսրայելյանների և Մարիետա Կարապետյանի` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձանց` ըստ էության, պահանջելով ընդհանուր գույքից առանձնացնել պարտապան Հակոբ Իսրայելյանի բաժինը` դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ այն առանձնացնելու անհնարինության կամ աննպատակահարմարության դեպքում նշված գույքը վաճառել հրապարակային սակարկություններով, բռնագանձում տարածել վաճառքից առաջացած` Հակոբ Իսրայելյանին հասանելիք գումարի վրա, իսկ մնացած գումարը բաշխել ընդհանուր սեփականության մյուս մասնակիցների միջև:

Նշված հայցադիմումը Դատարանի 22.12.2023 թվականի որոշմամբ ընդունվել է վարույթ և նախնական դատական նիստ է նշանակվել 30.01.2024 թվականին (հատոր 1-ին, գ. թ. 8, 9, 58).

4) Դատարանը, 30.01.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում որոշում կայացնելով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին, դրանում արձանագրել է նաև, որ`

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հակոբ Գյորգու Իսրայելյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, և վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա` ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող և էական համարվող հետևյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՞ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, և առհասարակ որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել` առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով` նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք նման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով» (հատոր 1-ին, գ. թ. 74-79).

5) Դատարանը, 06.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նաև, որ`

- «Նախնական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը` միջնորդելով գործը քննել հայցվոր կողմի բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` գործին մասնակցող անձանց կազմի հարցի քննության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քննարկել կողմերի, մասնավորապես` հայցվոր կողմի հետ, և քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը` հայցվորի տնօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որն իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձևով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քննարկման նպատակով»,

- «Դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մի շարք իրավական հարցադրումների հետ մեկտեղ առաջադրել էր նաև հետևյալ իրավական հարցադրումը, թե արդյո՞ք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել` առանց գույքի մյուս սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով` նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

Հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն` գույքի մյուս սեփականատերերին, ովքեր գործով ներգրավված են որպես երրորդ անձինք, նոր պատասխանողներ ներգրավելու մասին»,

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ նրանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից` ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քննության արդյունքներով, այսինքն` այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկվելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստիև քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում` նաև Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ` առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը և թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը` կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը` առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում` այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել և կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նաև իրավական որոշակիության և դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քննարկվող իրավունքների և պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան և համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների և պարտականությունների նույնաբնույթ լինելը և նույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմնավորվածության և բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել` անկախ գործով նյութաիրավական նորմերից բխող և նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նաև Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, և ներկայումս, երբ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացված է, այսինքն` այլևս հայցվորը զրկված է այս իրավունքից օգտվելու հնարավորությունից, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի` ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որևէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետևաբար այսքանով հանդերձ` Դատարանը գտնում է, որ հայցը ակնհայտ անհիմն լինելու մասին վերոնշյալ հիմնավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելն ակնհայտ է»,

ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին, և 04.04.2024 թվականին վճիռ է կայացրել Ընկերության հայցը մերժելու մասին (հատոր 1-ին, գ. թ. 95-103, 117-124):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում նշված նորմը կիրառվել է բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ`

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացվող հայցապահանջի շրջանակներում դատավարության մասնակիցների կազմին,

2. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցապահանջում ընդհանուր սեփականության մյուս մասնակիցներին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք ներգրավված լինելու կապակցությամբ մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում նշված հիմքով արագացված դատաքննություն կիրառելու իրավաչափությանը:

 

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` քաղաքացիական դատավարության մասնակիցներն են (...)` գործին մասնակցող անձինք, նրանց ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք են`

1) կողմերը.

2) երրորդ անձինք.

(...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարության կողմերն են հայցվորը և պատասխանողը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի քննության ընթացքում պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կատարվում է նույն օրենսգրքով սահմանված կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում մինչև դատաքննության ավարտը, իսկ նույն օրենսգրքի 41-րդ և 42-րդ գլուխներով նախատեսված կարգով քննվող գործերով` մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե առաջին ատյանի դատարանը գտնում է, որ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա ծանուցում է տվյալ անձանց` որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու նրանց իրավունքի և դրա իրականացման կարգի վերաբերյալ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 38-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` եթե գործին մասնակցող անձը գտնում է, որ դատական ակտը անխուսափելիորեն ազդելու է որոշակի անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ապա կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել տվյալ անձին որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողի անունը (անվանումը), (...):

Նույն հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` հայցադիմումում պարտադիր նշվում են պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջը (պահանջները), իսկ մի քանի պատասխանողների դեմ հայցադիմում ներկայացնելիս հայցվորի` նրանցից յուրաքանչյուրին ուղղված պահանջը (պահանջները), եթե այն համիրավ չէ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, մինչև նախնական դատական նիստի ավարտը պարզելով, որ հայցը հարուցվել է ոչ այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, կարող է հայցվորի համաձայնությամբ թույլ տալ, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայցվորը, գտնելով, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով, մինչև նախնական դատական նիստի ավարտը կարող է առաջին ատյանի դատարանին ներկայացնել այդ անձանց որպես պատասխանող ներգրավելու վերաբերյալ գրավոր միջնորդություն:

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է նաև, որ քաղաքացիական դատավարության մասնակիցներ են նաև կողմերը, այդ թվում` պատասխանողը, ինչպես նաև երրորդ անձինք: Ընդ որում, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել առաջին ատյանի դատարան: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին որպես պատասխանող գործին ներգրավելու համար պարտադիր պայման է նրա դեմ հայցը ներկայացնելը, այն է` նյութաիրավական պահանջ ուղղելը: Պատասխանողի փոխարինումը կամ նոր պատասխանողի ներգրավումը կարող է կատարվել բացառապես նույն օրենսգրքով սահմանված կարգով:

Իր հերթին վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք կարող են գործի մեջ մտնել հայցվորի կամ պատասխանողի կողմում, եթե գործով կայացվող վճիռը կարող է ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ կարող է հանգեցնել նման իրավունքների և պարտականությունների ծագմանը: Միևնույն ժամանակ օրենսդիրը, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների և պարտականությունների վրա, դատարանի համար պարտականություն է սահմանել տվյալ անձանց ծանուցելու որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ ներգրավվելու` նրանց իրավունքի ու դրա իրականացման կարգի վերաբերյալ: Իրավունքի իրացման տեսքով համանման հնարավորություն օրենսդիրը սահմանել է նաև գործին մասնակցող անձանց համար, բոլոր այն դեպքերում, երբ դատական ակտը կարող է անխուսափելիորեն ազդել երրորդ անձանց իրավունքների և պարտականությունների վրա, ներկայացնել վերջիններիս որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ ներգրավելու միջնորդություն: Այսինքն` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի իմաստով անձին դատարանի կողմից կամ գործին մասնակցող անձի միջնորդության հիման վրա որոշակի պայմաններում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ գործին ներգրավելու համար պարտադիր պայման է գործով կայացվող վճիռը կողմերից մեկի հանդեպ նրա ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա անխուսափելիորեն ազդելը:

Դրանից ելնելով` օրենսդիրը հայցադիմումում` որպես դրա բովանդակությանն առաջադրվող պարտադիր պահանջ, նախատեսել է պատասխանողի անունը (անվանումը) նշելը, ինչպես նաև` հայցադիմումում որպես պատասխանող նշված անձին նյութաիրավական պահանջ (պահանջներ) ուղղելը:

Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանել է պատասխանողի փոխարինման և նոր պատասխանողի ներգրավելու համապատասխան կարգավորումներ` որպես նախնական դատական նիստի ընթացքում դատարանի կողմից կատարվող դատավարական գործողություն նախատեսելով պարզելը, թե արդյո՞ք հայցը հարուցվել է այն անձի դեմ, որը պետք է պատասխանի այդ հայցով, որպեսզի հակառակ դեպքում հայցվորի համաձայնությամբ թույլ տա, որ պատասխանողը փոխարինվի պատշաճ պատասխանողով, ինչպես նաև` անձին որպես նոր պատասխանող ներգրավելը, եթե հայցվորը գտնի, որ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ, որոնք պետք է պատասխանեն այդ հայցով: Այսինքն` նշված երկու դեպքում էլ օրենսդիրը որպես պատասխանողին պատշաճ պատասխանողով փոխարինելու կամ նոր պատասխանող ներգրավելու համար, ըստ էության, պարտադիր պայման է նախատեսել հայցվորի համաձայնության առկայությունը:

Անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով պարտատիրոջ կողմից ներկայացվող հայցապահանջով դատավարության մասնակիցների կազմին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 4.1.-ին կետի համաձայն` հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պահանջատիրոջը գրավոր առաջարկություն է արվել ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականություն համարվող անշարժ գույքից պարտապանի բաժնեմասը առանձնացնելու պահանջ ներկայացնել դատարան:

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են` պահանջատերը և պարտապանը:

Պահանջատերն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (...), որի օգտին կամ ի շահ որի տրվել է կատարողական թերթը: (...):

Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, (...) որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից:

(...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բաժնային կամ համատեղ սեփականության մասնակցի մոտ այլ գույքի անբավարարության դեպքում նրա պարտատերն իրավունք ունի ընդհանուր գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ ներկայացնել` դրա վրա բռնագանձում տարածելու համար:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` եթե բաժինը բնեղենով առանձնացնել անհնար է կամ դրա դեմ առարկում են բաժնային կամ համատեղ սեփականության մնացած մասնակիցները, պարտատերն իրավունք ունի ընդհանուր սեփականության մնացած մասնակիցներից պահանջել շուկայական գնով գնելու պարտապանի բաժինը` պարտքը մարելու համար: Ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից պարտապանի բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու դեպքում պարտատերն իրավունք ունի պահանջելու բռնագանձումը տարածել ընդհանուր սեփականության իրավունքում պարտապանի բաժնի վրա` նույն օրենսգրքի 197 հոդվածին համապատասխան:

Վերը նշված նորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածում օրենսդիրը, օգտագործելով «պարտատեր» եզրույթը, ի նկատի է ունեցել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատիրոջը, իսկ օգտագործելով «պարտապան» եզրույթը` նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանին, որը կատարողական թերթի համաձայն` պարտավոր էր կատարել որոշակի գործողություններ, և որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ ներկայացնելու առաջարկություն է արել հարկադիր կատարողը: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` պարտատերը ներկայացնում է հենց այդ պարտապանի բաժինն առանձնացնելու պահանջ:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով նախատեսված հայցապահանջը ներկայացնելիս դրանում բացառապես որպես հայցվոր կարող է նշվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պահանջատեր հանդիսացող պարտատերը, իսկ որպես պատասխանող` նույն օրենքի 7-րդ հոդվածի իմաստով այն պարտապանը, որը կատարողական թերթի համաձայն` պարտավոր էր հօգուտ պարտատիրոջ կատարել որոշակի գործողություններ, և որին ընդհանուր բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքից բաժնեմաս առանձնացնելու պահանջ է ներկայացրել պարտատերը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման հայցապահանջներով գործին պարտադիր ներգրավման են ենթակա անշարժ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցները: Ընդ որում, վերջիններս նման հայցապահանջով գործին կարող են ներգրավվել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, քանի որ նրանց կողմից պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ ունենալու պայմաններում գործով կայացվող վճիռը կարող է անխուսափելիորեն ազդել նրանց իրավունքների և պարտականությունների վրա նաև այնքանով, որքանով կարող է ազդել գործին մասնակցող անձանցից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների կամ պարտականությունների վրա կամ հանգեցնել նման իրավունքների ու պարտականությունների ծագմանը:

 

2. Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն` (...) առաջին ատյանի դատարանն իրավունք ունի կիրառելու արագացված դատաքննություն, եթե հայցն ակնհայտ անհիմն է:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 41-րդ հոդվածով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ, որի համաձայն`

«8) հայցն ակնհայտ անհիմն է, եթե դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման` անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման կամ ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից կամ ոչ պատշաճ պատասխանողի դեմ (այսուհետ` ակնհայտ անհիմն հայց)»:

Նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով դատարանին իրավունք է վերապահել արագացված դատաքննություն կիրառելու այն դեպքում, երբ հայցն ակնհայտ անհիմն է: Դրանից հետո օրենսդիրը, նպատակ ունենալով որոշակիորեն բնութագրելու հայցի ակնհայտ անհիմն լինելու հատկանիշը, որպես այդպիսի հատկանիշներ սահմանել է ստորև նշվածներից որևէ մեկը`

- դրանում ձևակերպված հայցապահանջն ակնհայտորեն ոչ իրավաչափ է (ակնհայտորեն ենթակա է մերժման` անկախ դրա հիմքում դրված փաստերից) կամ հայցվորի կողմից դրա հիմքում դրված փաստերի հիման վրա ակնհայտորեն ենթակա է մերժման,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ հայցվորի կողմից,

- հայցը ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ:

Արդյունքում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով հայցը բնութագրվել է որպես ակնհայտ անհիմն նաև այն պատճառաբանությամբ, երբ այն ներկայացվել է ոչ պատշաճ պատասխանողի դեմ: Ընդ որում, վերը նշված նորմի վերլուծությունից բխում է, որ այն հայցն ակնհայտ անհիմն չի բնութագրում այն դեպքերում, երբ հայցը ներկայացվել է ոչ բոլոր անձանց դեմ:

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ԳԴ/0983/02/20 քաղաքացիական գործով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 14.01.2021 թվականին կայացված վերը նշված վճռի հիման վրա տրամադրված կատարողական թերթի համաձայն` հարուցվել է կատարողական վարույթ, որի արդյունքում արգելանք է դրվել նաև պարտապան Հակոբ Իսրայելյանին սեփականության իրավունքով պատկանող Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղում գտնվող բնակելի տան վրա: Միաժամանակ Ընկերությանն առաջարկվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` դիմել դատարան պարտապան Հակոբ Իսրայելյանի անվամբ գրանցված նաև այդ անշարժ գույքից բաժին առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջով:

Ընկերությունը, ղեկավարվելով նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով, որպես պարտատեր, հայց է ներկայացրել (նյութաիրավական պահանջ է ուղղել) Դատարան ընդդեմ պարտապան Հակոբ Իսրայելյանի` պահանջելով բռնագանձում տարածել ընդհանուր գույքում վերջինիս պատկանող բաժնի վրա: Նույն հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք են նշվել նույն գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Գյորգի, Դուխիկ և Նունե Իսրայելյաններն ու Մարիետա Կարապետյանը:

«Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման» թիվ 459137 վկայականի համաձայն` Գեղարքունիքի մարզի Գանձակ համայնքում գտնվող 337,5քմ բնակելի տան և 0,095 քմ մակերեսով հողամասի նկատմամբ գրանցված է Հակոբ, Գյորգի, Դուխիկ ու Նունե Իսրայելյանների և Մարիետա Կարապետյանի ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ. թ. 16-21):

Սույն քաղաքացիական գործով նշանակված նախնական դատական նիստում Դատարանը որոշում է կայացրել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին` դրանում արձանագրելով նաև, որ`

- «գործով հրավիրված առաջին նախնական դատական նիստի ընթացքում Դատարանը պարզել է որ Ընկերության կողմից հայցը ներկայացվել է բացառապես Հակոբ Գյորգու Իսրայելյանի դեմ, իսկ ընդդեմ գույքի մյուս սեփականատերերի, ովքեր չեն հանդիսացել օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա գումարի բռնագանձման մասին կատարողական թերթով պարտապաններ, հայց ներկայացված չէ, և վերջիններս գործով հանդես են գալիս միայն երրորդ անձանց կարգավիճակով»,

- «Դատարանը գործին մասնակցող անձանց ուշադրությունն է հրավիրում դատավարական առումով էական ներքոհիշյալ հարցադրումների վրա` ակնկալելով լսել կողմերի կարծիքները գործի ելքի վրա ազդեցություն ունեցող և էական համարվող հետևյալ իրավական հարցադրումների վերաբերյալ:

Դրանք են.

- Արդյո՞ք բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման մասին, և առհասարակ որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերով առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից,

- Արդյո՞ք նման պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել` առանց գույքի սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ Օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ Օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով` նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

- Արդյո՞ք նման պայմաններում հայցի բավարարման մասին հնարավոր վճիռը կարող է կատարվել հարկադիր կարգով»:

Դատարանը, 06.03.2024 թվականին նշանակված նախնական դատական նիստում արձանագրելով նաև, որ`

- «Նախնական դատական նիստերին Ընկերությունը չի ապահովել իր ներկայացուցչի մասնակցությունը` միջնորդելով գործը քննել հայցվոր կողմից բացակայությամբ, ներկայացված նյութերի հիման վրա: Արդյունքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` գործին մասնակցող անձանց կազմի հարցի քննության ժամանակ Դատարանը հնարավորություն չի ունեցել այս հարցը քննարկել կողմերի, մասնավորապես` հայցվոր կողմի հետ, և քանի որ հայցն այս կամ այն անձի դեմ հարուցելը` հայցվորի տնօրինչականության սկզբունքի համատեքստում իրացվող իրավունքն է, որն իրականացվում է առանց դատական հայեցողության կամ այլ ձևով միջամտության, ուստի Դատարանն իրավասու չէր ընդհատել դատական նիստը սույն հարցի քննարկման նպատակով»,

- «Դատարանն անհրաժեշտ է համարում նաև նշել, որ իր կողմից ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշմամբ մի շարք իրավական հարցադրումների հետ մեկտեղ առաջադրել էր նաև հետևյալ իրավական հարցադրումը, թե արդյո՞ք սեփականության իրավունքի պաշտպանության պահանջների մասին հայցերը կարող են բավարարվել` առանց գույքի մյուս սեփականատերերի դեմ հայց կամ պահանջ ներկայացնելու (պահանջը կարող է ներկայացվել կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 170-րդ հոդվածի կարգով` հայցի առարկան լրացնելով, կամ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի կարգով` նույն պահանջը նոր պատասխանողի դեմ ուղղելով):

Հայցվորի կողմից չի ներկայացվել միջնորդություն` գույքի մյուս սեփականատերերին, ովքեր գործով ներգրավված են որպես երրորդ անձինք, նոր պատասխանողներ ներգրավելու մասին»,

- «Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ նրանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում կխախտվեր կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը»,

- «Դատարանն արձանագրում է, որ չի կարող հրապարակային սակարկություններով վաճառվել այն բնակարանը, որի համասեփականատերերը զրկվելու են սեփականության իրավունքից` ոչ իրենց դեմ ներկայացված հայցի քննության արդյունքներով, այսինքն` այդ սեփականատերերի մասով, սեփականությունից զրկվելը տեղի է ունենալու ոչ դատական կարգով, ուստիև քանի դեռ դատավարական առումով Հայցվորի կողմից ներկայացված հայցային պահանջները չի ներկայացվել բոլոր սեփականատերերի, տվյալ դեպքում` նաև Երրորդ անձանց դեմ, բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելու և բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու մասին վճիռ կայացվել չի կարող»,

- «Դատարանը գտնում է, որ առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու, ըստ այդմ` առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու Երրորդ անձինք չեն կարող զրկվել իրենց սեփական գույքից, քանի որ դա կհանգեցնի վերջիններիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման, մասնավորապես, բավարարելով հայցը և թույլատրելով բնակարանը հրապարակային սակարկություններով վաճառելը` կդադարի բնակարանի մասով ինչպես պարտապանի, այնպես էլ մյուս սեփականատերերի սեփականության իրավունքը` առանց վերջիններիս դեմ ներկայացված հայցի, ինչն էլ անթույլատրելի է»,

- «Միևնույն ժամանակ Դատարանն արձանագրում է, որ անգամ հայցի բավարարման մասին վճիռ կայացվելու դեպքում` այն երրորդ անձանց մասով չէր կարող ենթարկվել հարկադիր կատարման, քանի որ կատարողական թերթով պարտապան կարող են հանդես գալ ընդհանուր գույքի այն սեփականատերերը, որոնց դեմ հայց է ներկայացվել և կայացվել է այն բավարարելու մասին վճիռ: Դատարանի դիրքորոշումը, փաստորեն, բխում է նաև իրավական որոշակիության և դատական ակտի կատարման պարտադիրության սկզբունքներից:

Վերը նշված վերլուծությունների հիման վրա սույն գործով իրավահարաբերությունների առանձնահատկությունների հաշվառմամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ և 197-րդ հոդվածների կիրառման շրջանակներում, հաշվի առնելով դրա շրջանակներում քննարկվող իրավունքների և պարտականությունների բնույթը, այն պահանջը, որը ներկայացվել է, նյութաիրավական տեսանկյունից դրա շրջանակներում որպես պարտապան և համասեփականատեր հանդիսացող անձանց իրավունքների և պարտականությունների նույնաբնույթ լինելը և նույն հիմքն ունենալը, նշված հայցի հիմնավորվածության և բավարարման համար էական է գործով բոլոր համասեփականատերերի որպես պատասխանող ներգրավված լինելու հանգամանքը, հակառակ դեպքում հայցը չի կարող բավարարվել` անկախ գործով նյութաիրավական նորմերից բխող և նշանակություն ունեցող փաստերի հիմնավորման հանգամանքից»,

- «Քանի որ սույն գործով գույքի բոլոր սեփականատերերը ներգրավված չեն որպես պատասխանողներ, այդպիսի միջնորդություն չի ներկայացվել նաև Հայցվորի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիման վրա, և ներկայումս, երբ ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշումը կայացված է, այսինքն` այլևս հայցվորը զրկված է այս իրավունքից օգտվելու հնարավորությունից, Դատարանը գտնում է, որ պարտավորության տվյալ փուլում, առկա է բավարար հիմք հայցի ակնհայտ անհիմն լինելու մասին եզրահանգում կատարելու համար, բացի այդ, հայցի` ներկայացված պատճառաբանություններով ակնհայտ անհիմն լինելու մասին Դատարանի եզրահանգումը որևէ ողջամիտ հակափաստարկի կամ առարկության միջոցով կասկածի տակ չի կարող դրվել, հետևաբար այսքանով հանդերձ` Դատարանը գտնում է, որ հայցը ակնհայտ անհիմն լինելու մասին վերոնշյալ հիմնավորումների ու հիմքերի համակցությունը թույլ է տալիս գալ այն եզրահանգման, որ հայցի բավարարման ենթակա չլինելը կամ անհիմն լինելն ակնհայտ է»,

և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, որոշում է կայացրել արագացված դատաքննություն կիրառելու մասին:

Արդյունքում Դատարանը, անդրադառնալով այն հարցադրմանը, թե «Արդյո՞ք որևէ գործ, որտեղ քննվում է սեփականության իրավունքի պաշտպանության որևէ պահանջ, և մասնավորապես բաժնեմասի վրա բռնագանձում տարածելու նպատակով բաժնեմասի առանձնացման պահանջով գործը, կարող է քննվել առանց գույքի բոլոր սեփականատերերի դեմ հայց (պահանջ) ներկայացնելու, և նման պահանջների մասին հայցերով սեփականատերերը կարող են զրկվել իր սեփական գույքից առանց իրենց դեմ ներկայացված հայցի դեմ պաշտպանվելու հնարավորություն ունենալու», 04.04.2024 թվականին վճիռ է կայացրել Ընկերության հայցը մերժելու մասին նաև այն պատճառաբանությամբ, որ`

- «սույն գործով հաստատվում է այն փաստը, որ վեճի առարկա Գեղարքունիքի մարզ, Գանձակ համայնք բնակելի տունը սեփականության իրավունքով պատկանում է Հակոբ Գյորգու Իսրայելյանին, Գյորգի Նահապետի Իսրայելյանին, Մարիետա Գառնիկի Կարապետյանին, Դուխիկ Գյորգու Իսրայելյանին, Նունե Գյորգու Իսրայելյանին, սակայն իրենց դեմ սույն գործով հայց չի ներկայացվել, և վերջիններս ներգրավված են որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձինք»,

- «իրավունքի պաշտպանության տեսանկյունից Երրորդ անձի կարգավիճակով հնարավոր չէ օգտվել պաշտպանության բոլոր իրավունքներից, այդ թվում` հակընդդեմ հայց ներկայացնելու և հաշտության համաձայնություն կնքելու իրավունքներից:

Ընդ որում, գործի քննության ընթացքում Դատարանը քննարկել է այս հարցը, կողմերի ուշադրությունը հրավիրելով այս հարցի վրա նաև Դատարանի ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշման մեջ, սակայն օրենքով սահմանված կարգով վեճի առարկայի նկատմամբ անձանց գործով պատասխանողներ ներգրավելու մասին գրավոր միջնորդություն Դատարան չի ներկայացվել, իսկ Դատարանը չունի լիազորություն իր նախաձեռնությամբ նրանց կարգավիճակը փոխելու, հակառակ դեպքում` կխախտվեր կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքը»,

- «սույն գործով հայցը չի կարող բավարարվել, քանի որ Գյորգի Նահապետի Իսրայելյանը, Մարիետա Գառնիկի Կարապետյանը, Դուխիկ Գյորգու Իսրայելյանը, Նունե Գյորգու Իսրայելյանը վեճի առարկայի օբյեկտ հանդիսացող գույքի համասեփականատեր են, սակայն վերջիններիս դեմ սույն գործով հայց չի ներկայացվել»,

- «Դատարանը զուտ դատավարական տեսանկյունից գտնում է, որ հայցն ակնհայտորեն չի կարող բավարարվել` առանց ընդհանուր գույքի սեփականատերերի դեմ հայց ներկայացնելու և նրանց օրենքով սահմանված պաշտպանության բոլոր միջոցներից օգտվելու հնարավորության ապահովման»:

Միաժամանակ Դատարանը գտել է, որ «06.03.2024 թվականին կայացրել է արագացված դատաքննություն կիրառելու մասին որոշում` հայցն ակնհայտ անհիմն լինելու հիմքով, քանի որ հայցը ներկայացվել է գույքի ոչ բոլոր սեփականատերերի դեմ և գործի քննության ընթացքում, Հայցվորը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 173-րդ հոդվածի հիմքով չի միջնորդել երրորդ անձանց գործով որպես նոր պատասխանվողներ ներգրավելու մասին: Այս առումով հատկանշական է այն, որ ստանալով որոշումը` Հայցվորը չի ներկայացրել որևէ դիրքորոշում` կապված արագացված դատաքննության կարգ կիրառելու որոշման և դրա հիմքերի հետ, ինչպես նաև ի հայտ չեն եկել արագացված դատաքննության կիրառումը դադարեցնելու հիմքեր»:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով նաև, որ`

- «նյութական իրավահարաբերությունները առաջացել են հայցի օբյեկտ գույքի նկատմամբ, որի կողմ են այդ գույքի բոլոր սեփականատերերը: Ուստի, չի կարող քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտ գույքի նկատմամբ առաջանալ իրավահարաբերություն` առանց այդ գույքի անմիջական սեփականատիրոջ մասնակցության: Գույքի համասեփականատերերը վիճելի իրավահարաբերության կողմ են, գործի ելքում ունեն ուղղակի նյութաիրավական շահագրգռվածություն, և ըստ այդմ էլ պետք է ունենան վարույթի շարժի վրա ազդելու լիարժեք հնարավորություն»,

- «Սույն գործով հայցի հնարավոր բավարարումը անխուսափելիորեն հանգեցնելու էր երրորդ անձանց պատկանող գույքի իրավական կարգավիճակի փոփոխության: Առավել ևս հրապարակային սակարկությունների դեպքում վերջիններս զրկվելու էին գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` հնարավորություն չունենալով օգտվել պատասխանողին վերաբերելի դատավարական և իրավական լայն գործիքակազմից: Այլ կերպ ասած, սույն գործով քաղաքացիական գործի վարույթն անմիջական, ուղղակի կապի մեջ է գտնվում երրորդ անձանց սեփականատիրական իրավազորությունների հետ»,

- «երրորդ անձինք սույն գործին կարող էին մասնակից դարձվել միայն պատասխանողի կարգավիճակով: Իսկ եթե անձի դեմ, ով իրավահարաբերությանը ներհատուկ առանձնահատկություններով պայմանավորված` գործի քննությանը պետք է մասնակցեր պատասխանողի կարգավիճակով, նյութաիրավական պահանջ չի ներկայացվել և հնարավորություն չի տրվել լիարժեքորեն պաշտպանվել իր դեմ ներկայացված հայցապահանջից, ապա վերջինս չի կարող զրկվել իր օրինական գույքից և այդ գույքի նկատմամբ իրավական հավակնություններից, քանի որ դա կհանգեցնի վերջինիս Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված սեփականության իրավունքի խախտման:

Ուստիև, չի կարող բավարարվել այն հայցը, որտեղ պատասխանողի կարգավիճակով հանդես գալու իրավունք ունեցող անձը ներգրավված է երրորդ անձի կարգավիճակով` առանց հնարավորություն ընձեռելու մրցակցության և իրավահավասարության պայմաններում հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը»,

21.10.2024 թվականին որոշում է կայացրել Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու, և Դատարանի 04.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Վկայակոչված իրավական ակտերի և դրանց վերաբերյալ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանք անհիմն են ու չէին կարող հիմք հանդիսանալ Ընկերության բերած վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 04.04.2024 թվականի վճիռն անփոփոխ թողնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:

Ինչպես արդեն իսկ նշվեց վերը, պատասխանողը գործին մասնակցող այն անձն է, որի դեմ հայց է ներկայացվել, այն է` ուղղվել է նյութաիրավական պահանջը: Տվյալ դեպքում հայցվորն իր նյութաիրավական պահանջն իրավաչափորեն ուղղել է բացառապես հենց Հակոբ Իսրայելյանի դեմ, ով «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի իմաստով պարտավոր էր հօգուտ իրեն կատարել որոշակի գործողություններ: Ավելին` հայցվորը ներկայացրել է ընդհանուր սեփականության իրավունքում հենց վերջինիս պատկանող բաժնեմասն առանձնացնելու պահանջ:

Միաժամանակ Ընկերությունն իր կողմից ներկայացված հայցադիմումում որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք է ներգրավել վերը նշված գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության մասնակիցներ Գյորգի, Դուխիկ և Նունե Իսրայելյաններին ու Մարիետա Կարապետյանին` նրանց դեմ չուղղելով որևէ նյութաիրավական պահանջ, որպիսի դատավարական գործողությունը ևս Վճռաբեկ դատարանը գնահատում է իրավաչափ, քանի որ վերջիններս այդ գույքի նկատմամբ ունեն ընդհանուր սեփականության իրավունք, իսկ այդ հիմքով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի համաձայն` պարտապանի բաժինը բնեղենով առանձնացնելու դեմ առարկելու, այն շուկայական գնով գնելու կամ այդ բաժինը ձեռք բերելուց հրաժարվելու իրավունքներ, որի պայմաններում գործով կայացվող վճիռը կարող էր անխուսափելիորեն ազդել կողմերից մեկի հանդեպ նրանց ունեցած իրավունքների և պարտականությունների վրա:

Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանն իրավաչափ է համարում հայցվորի նաև այն վարքագիծը, որ, ըստ էության, չի ընդունել Դատարանի առաջարկը` վերը նշված անձանց որպես նոր պատասխանողներ ներգրավելու մասին միջնորդություն ներկայացնելու առումով, որպիսի դատավարական գործողությունը կարող էր տեղի ունենալ բացառապես հայցվորի համաձայնությամբ:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նման պայմաններում Դատարանն իրավասու չէր հայցը մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի իմաստով գնահատել որպես ակնհայտ անհիմն, իսկ դրա արդյունքում` կիրառել արագացված դատաքննություն և մերժել հայցը` խախտելով Ընկերության` իր իրավունքների ու ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության, իր գործի արդարացի քննության իրավունքները` թույլ տալով արդարադատության բուն էությունը խաթարող դատական սխալ:

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մյուս` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի հիմնավորվածությանը, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Բողոք բերած անձը որպես վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմք վկայակոչել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` պայմանավորված նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` նշելով, որ թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով 01.08.2024 թվականին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից, թիվ ՍԴ/0268/02/20 քաղաքացիական գործով 11.08.2023 թվականին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ՏԴ/0360/02/20 քաղաքացիական գործով 19.05.2023 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 քաղաքացիական գործով 09.02.2023 թվականին Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԱՐԴ/2359/02/21 քաղաքացիական գործով 28.06.2024 թվականին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, թիվ ԼԴ3/0760/02/21 քաղաքացիական գործով 29.07.2024 թվականին Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից և թիվ ՏԴ/1169/02/22 քաղաքացիական գործով 19.05.2024 թվականին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատական ակտերում նաև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը կիրառվել է բողոքարկվող որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Կատարելով համեմատական վերլուծություն` Վերաքննիչ դատարանի 21.10.2024 թվականի որոշման և թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից 01.08.2024 թվականին կայացված որոշման` միևնույն նորմի իրար հակասող մեկնաբանության վերաբերյալ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01.08.2024 թվականին որոշում կայացնելիս նշել է, որ`

- «հայցվորի մոտ որպես պարտատեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված դատական պահանջի ծագման պահից պարտատերը դատական կարգով իր պահանջը կարող է ուղղել միայն ընդհանուր սեփականության /համատեղ կամ բաժնային/ մասնակից պարտապանին /ներգրավել որպես պատասխանող/, իսկ ընդհանուր սեփականության մյուս սեփականատերերին պահանջատերը գործին մասնակցող անձանց կազմում ներառելիս իրավասու է շնորհել իր նախընտրած դատավարական կարգավիճակը /և՛ պատասխանող, և՛ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ/, որպիսի հանգամանքը, սակայն, խոչընդոտ չէ` Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջներին համահունչ` կատարելու դատավարության մասնակիցների կազմը պարզելուն և գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը լուծելուն ուղղված օրենսդրական գործողություններ, դրանով իսկ ապահովելով գործի քննության բնականոն ընթացքը»,

- «Վերոգրյալների հիմքով, Վերաքննիչ դատարանը, գնահատման արժանացնելով Դատարանի կայացրած վճռի պատճառաբանությունները, արձանագրում է, որ Դատարանը անհարկի միջամտություն է թույլ տվել Հայցվորի կողմից տնօրինչականության սկզբունքի իրացմամբ իր կողմից հարուցված հայցով պատասխանող կողմում հանդես եկող անձանց կազմի ընտրության նկատմամբ` փորձելով հիմնավորել Երրորդ անձանց` իրականում սույն գործով որպես պատասխանողներ ներգրավելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայցվորի պահանջն իրականում նաև վերջիններիս ուղղված լինելու հանգամանքը, մինչդեռ` այդ հարցերը պետք է քննության առարկա դարձվեին նախնական դատական նիստում` Օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի պահանջների համատեքստում: Այդուհանդերձ, եթե Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված գործողությունների կատարման համատեքստում հայցվորը շարունակում է պնդել, որ պատասխանող դիտարկում է միայն պարտապան մասնակցին, ապա նույն Օրենսգրքի կանոններին համապատասխան, Դատարանը սեփական նախաձեռնությամբ պարզապես չի կարող ներգրավել այլ պատասխանող, որպիսի հանգամանքը, սակայն, իր հերթին երբեք չի կարող ինքնուրույն հիմք հանդիսանալ նմանատիպ գործերով հայցի մերժման համար»:

Սույն գործով Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում պատճառաբանելով, որ`

- «Սույն գործով երրորդ անձինք Գյորգի Նահապետի Իսրայելյանը, Մարիետա Գառնիկի Կարապետյանը, Դուխիկ Գյորգու Իսրայելյանը, Նունե Գյորգու Իսրայելյանը հայցի օբյեկտ գույքի համասեփականատերեր են, հայցի առարկան այդ նույն գույքից պարտապանի` պատասխանող Հակոբ Իսրայելյանի բաժինն առանձնացնելն է, որի անհնարինության դեպքում` գույքը հրապարակային սակարկություններով վաճառելը»,

- «Սույն գործով հայցի հնարավոր բավարարումը անխուսափելիորեն հանգեցնելու էր երրորդ անձանց պատկանող գույքի իրավական կարգավիճակի փոփոխության: Առավել ևս հրապարակային սակարկությունների դեպքում վերջիններս զրկվելու էին գույքի նկատմամբ սեփականության իրավունքից` հնարավորություն չունենալով օգտվել պատասխանողին վերաբերելի դատավարական և իրավական լայն գործիքակազմից: Այլ կերպ ասած, սույն գործով քաղաքացիական գործի վարույթն անմիջական, ուղղակի կապի մեջ է գտնվում երրորդ անձանց սեփականատիրական իրավազորությունների հետ:

Վերոգրյալի լույսի ներքո Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ երրորդ անձինք սույն գործին կարող էին մասնակից դարձվել միայն պատասխանողի կարգավիճակով»,

գտել է, որ «չի կարող բավարարվել այն հայցը, որտեղ պատասխանողի կարգավիճակով հանդես գալու իրավունք ունեցող անձը ներգրավված է երրորդ անձի կարգավիճակով` առանց հնարավորություն ընձեռելու մրցակցության և իրավահավասարության պայմաններում հետամուտ լինելու իրավունքների պաշտպանությանը»:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերը նշված հիմքի առկայությունը` նկատի ունենալով, որ թիվ ԳԴ/5792/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 01.08.2024 թվականին որոշում կայացնելիս ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը կիրառել է Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թիվ ՏԴ/0360/02/20 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 19.05.2023 թվականին, թիվ ԱՐԱԴ2/0367/02/20 քաղաքացիական գործով գործով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 09.02.2023 թվականին, թիվ ԱՐԴ/2359/02/21 քաղաքացիական գործով Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 28.06.2024 թվականին, թիվ ԼԴ3/0760/02/21 քաղաքացիական գործով Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 29.07.2024 թվականին և թիվ ՏԴ/1169/02/22 քաղաքացիական գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 19.05.2024 թվականին կայացնելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածի հիմքով ներկայացված հայցը բավարարելու մասին վճիռներ, որպիսի գործերով ընդհանուր գույքի սեփականատերերը ներգրավված են եղել որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձինք, ըստ էության, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 200-րդ հոդվածը չեն կիրառել սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և գործն ամբողջ ծավալով Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ուղարկելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը` որպես նոր քննության ծավալ սահմանելով գործի ըստ էության քննությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.10.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող և զեկուցող` Գ. Հակոբյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Ա. Մկրտչյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=33495522228673512

 

 

pin
Վճռաբեկ դատարան
29.08.2025
N ԳԴ/6116/02/23
Որոշում