ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ2/11823/02/23
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ2/11823/02/23 2025 թ.
Նախագահող դատավոր` Ս. Սահակյան
Դատավորներ` Մ. Հարթենյան
Լ. Գրիգորյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող` Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «Հրաչյա Վարդանյան» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ Քաղաքաշինության կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2024 թվականի որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի 26.05.2023 թվականի որոշումը:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 17.08.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 17.08.2023 թվականի վճիռը բեկանվել և փոփոխվել է` Ընկերության հայցը մերժվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Կոմիտեն:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 59-րդ և 60-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 11-րդ հոդվածի 1-ին կետը, «Գնումների մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետը, 34-րդ հոդվածի 1-ին մասն ու 46-րդ հոդվածի 2-րդ մասը, Կառավարության 04.05.2017 թվականի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման (այսուհետ` Կարգ) 32-րդ կետի 19-րդ ենթակետը, 41-րդ և 42-րդ կետերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 1-ին մասն ու 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ գնման հրավերը հրապարակելու միակ հետևանքն այն է, որ մասնակիցը հրավերի հրապարակումից հետո իրավունք է ձեռք բերում հայտ ներկայացնելու կամ չներկայացնելու մրցույթին մասնակցելու նպատակով` այդպիսով առաջացնելով իրավահարաբերությունների ծագման կամային իրավաբանական փաստ կամ չառաջացնելով այդ իրավաբանական փաստը: Այդ փուլում մասնակցի համար չեն կարող ծագել պարտականություններ, այդ թվում` հայտը կամ դրա հետ միասին ներկայացվելիք փաստաթղթերը հրավերի պահանջներին համապատասխան ներկայացնելու պարտականություն, քանի որ պատվիրատուի կողմից հրավերի հրապարակումը միակողմանիորեն մասնակցի համար չի կարող առաջացնել պարտականություններ: Պատվիրատուի և մասնակցի միջև որոշակի իրավահարաբերությունների ծագման իրավաբանական փաստը մասնակցի կողմից հրավերով նախատեսված պահանջները բավարարող հայտ ներկայացնելն է: Եթե մասնակիցը չի ներկայացնում այդ հայտը կամ այն ներկայացնում է, գնահատող հանձնաժողովի կարծիքով, հրավերի պահանջների խախտմամբ, ապա, փաստորեն, իրավաբանական փաստը չի առաջանում, հետևաբար պատվիրատուի և մասնակցի միջև որևէ պարտավորական իրավահարաբերություն չի ծագում: Ընկերությունը, ներկայացնելով մրցույթին մասնակցելու` գնահատող հանձնաժողովի որոշմամբ ոչ բավարար գնահատված հայտ, որևէ պարտավորական իրավահարաբերության մեջ չի մտել Կոմիտեի հետ, չի ստանձնել նույն հայտը կրկին պատշաճ ձևով ներկայացնելու պարտականություն: Որևէ պարտավորական իրավահարաբերության բացակայության պայմաններում անօրինական և անհիմն է Ընկերության տնտեսական գործունեության և դրա վրա հիմնված սեփականության իրավունքների սահմանափակումը, քանի որ օրենքը թույլ է տալիս այդ իրավունքները սահմանափակել միայն գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունների խախտման պարագայում, իսկ սույն դեպքում Ընկերությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, հետևաբար նաև նրան չի կարող վերագրվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված` գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, որը կարող է հիմք հանդիսանալ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հրավերով սահմանված կարգով և ժամկետում հրավերով նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելու պարտականությունը չի կարող համարվել խախտված, եթե բոլոր փաստաթղթերը ներկայացված լինելու պայմաններում, գնահատող հանձնաժողովի մեկնաբանությամբ, որոշ փաստաթղթերի բովանդակության կապակցությամբ առկա են մրցույթի պահանջներին անհամապատասխանություններ: Հրավերով նախատեսված փաստաթղթերը մասնակի կամ ամբողջությամբ չներկայացնելու դեպքից պետք է տարանջատել այն դեպքը, երբ հրավերով նախատեսված փաստաթղթերը մասնակիցը ներկայացրել է, սակայն որևէ փաստաթղթի բովանդակության հետ կապված, գնահատող հանձնաժողովի կարծիքով, կան անհամապատասխանություններ հրավերով նախատեսված պահանջներին: Այդ դեպքում պետք է համարել, որ ոչ թե մասնակիցը հրավերով սահմանված ժամկետում և կարգով հրավերով նախատեսված փաստաթղթերը չի ներկայացրել, այլ հրավերով սահմանված կարգով և ժամկետում հրավերով նախատեսված փաստաթղթերը ներկայացրել է, սակայն առկա են որոշակի անհամապատասխանություններ հրավերի պահանջներին: Այլ կերպ ասած` եթե գնման գործընթացի մասնակիցը հրավերով պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնում է, սակայն գնահատող հանձնաժողովի կարծիքով կան դրանց բովանդակության հետ կապված որոշ թերություններ, ապա դա չի կարող մեկնաբանվել որպես հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և դիտվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ գնահատող հանձնաժողովի մատնանշած շտկումը չկատարելը կամ թերի կատարելը չի կարող նույնացվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով մասնակցի ստանձնած` հրավերով սահմանված կարգով և ժամկետում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու հետ, իսկ շտկում չկատարելը կամ թերի կատարելը ինքնին չի համարվում գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ` «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերն առկա չեն եղել: Մասնավորապես` Ընկերության հայտը մերժելու համար հիմք հանդիսացած խախտումները, որոնցով, իբրև, հաստատվում է Ընկերության կողմից պարտավորության խախտման փաստը, առկա չեն: Բացի այդ, առկա չէ նաև Ընկերությանը ցուցակում ներառելու մյուս հիմքը` նրա կողմից հրավերով սահմանված ժամկետում հայտի ապահովման գումարը վճարված չլինելը, որպիսի հանգամանքը Վերաքննիչ դատարանը քննության առարկա չի դարձրել, և դա այն դեպքում, երբ գործի փաստերի համաձայն` Ընկերությունը հրավերով պահանջվող 13.300.000 ՀՀ դրամի չափով հայտի ապահովման գումարը հրավերի պահանջներին համապատասխան վճարել է կանխիկ փողի ձևով` լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվին փոխանցելով, ու ներկայացրել է նշված փաստը հավաստող ապացույցներ:
Վերաքննիչ բողոքի քննության արդյունքով կիրառելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունը` Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Դատարանը հայցադիմումում նշված փաստարկներից վճռով անդրադարձ է կատարել միայն Ընկերության կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորություն խախտված լինելու և գլխավոր քարտուղարի` վիճարկվող որոշումը կայացնելու իրավասություն ունենալու հարցերին` չանդրադառնալով հայցի հիմքում դրված մյուս` ոչ պակաս կարևոր փաստերին, քանի որ Ընկերության կողմից գնման գործընթացի շրջանակում որևէ պարտավորություն խախտված չլինելն ինքնին բավարար է համարել որոշումն անվավեր ճանաչելու մասին վճիռ կայացնելու համար: Նկատի ունենալով, որ հայցի հիմքում Ընկերության կողմից դրված մյուս փաստարկները` Ընկերության հայտը մերժելու համար հիմք հանդիսացած խախտումների /անհամապատասխանությունների/ բացակայությունը և հայտի ապահովման գումարը սահմանված ժամկետում ընկերության կողմից վճարված լինելը, Դատարանը չի քննարկել, Վերաքննիչ դատարանը չէր կարող փոփոխել առաջին ատյանի դատարանի վճիռը, քանի որ Դատարանի հաստատած փաստերը թույլ չէին տալիս կայացնել նման դատական ակտ: Եթե առաջին ատյանի դատարանը քննության չի ենթարկել հայցի հիմքում դրված վերը նշված փաստերը, ապա Վերաքննիչ դատարանն իրավասու չէր Դատարանի փոխարեն քննել դրանք և իր իրականացրած քննության արդյունքներով փոփոխել Դատարանի կայացրած վճիռը:
Առնվազն թիվ ԵԴ/54386/02/21 և թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործերով Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի տված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության` սահմանելով գործի նոր քննության ծավալը, կամ փոփոխել այն` հայցը բավարարել:
2.1 Կոմիտեի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները
Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:
Գնումների մասին օրենսդրությունը գնման գործընթացի մասնակիցների համար սահմանել է պարտավորություններ, որոնք ծագում են դեռևս հայտերի ներկայացման փուլում: Մասնակիցը կրում է պարտավորություն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում ներկայացնելու ոչ թե պարզապես ցանկացած փաստաթղթեր, այլ հրավերի պահանջներին համապատասխանող պատշաճ փաստաթղթեր, այդ թվում նաև` շտկման փուլում, որպիսի պայմանը սահմանված է եղել նաև հրավերի 8.12-րդ կետում, հետևաբար բողոքաբերի այն փաստարկը, որ հայտի ներկայացման փուլում մասնակիցը չի կարող ստանձնել որևէ պարտավորություն, ամբողջությամբ անհիմն է:
Անհիմն են նաև Ընկերության այն փաստարկները, որ հայտը մերժելու հիմքերը բացակայել են, մասնավորապես` անտեսվել է, որ հրավերով նախատեսված պայմանը, որ գնման ընթացակարգի մասնակցի կողմից առաջադրված, սակայն այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված անձը պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում պետք է ներառվի ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրում, կիրառվում է այն ժամանակ, երբ հայտ ներկայացրած մասնակիցն ի սկզբանե ունի համապատասխան ներդիր, սակայն ներկայացնում է այլ աշխատակցի, ով այդ ներդիրում ներառված չէ: Բացի այդ, ակնհայտ է, որ Ընկերության կողմից ներկայացված` հրավերի պահանջներին իր փորձառության համապատասխանության վերաբերյալ ապացույցներով չէր հիմնավորվում Ընկերության փորձառության համապատասխանությունը հրավերով սահմանված պահանջներին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) թիվ «ՀՀՔԿ-ՓՆՄԽԾՁԲ-22/1» ծածկագրով փակ նպատակային մրցույթի գնահատող հանձնաժողովի 23.12.2022 թվականի թիվ 1 որոշմամբ հաստատվել է Կոմիտեի կարիքների համար նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայության (Երևան քաղաքի Էրեբունի համայնքում) ձեռքբերման նպատակով հայտարարված փակ նպատակային մրցույթի հրավերը (այսուհետ` Հրավեր):
Հրավերի 1-ին մասի 2.4-1-րդ կետում որպես մասնակցի համապատասխանության չափանիշներ նշված են մասնակցի նմանատիպ փորձառությունը, լիցենզիան և լիցենզիայի ներդիրը, որոնցով մասնակցի հայտը գնահատվում է «բավարար» կամ «անբավարար»:
Նույն կետի համաձայն` մասնակցի փորձառությունը գնահատվում է բավարար` հրավերի պահանջով նախատեսված նմանատիպ աշխատանքների նկատմամբ` հրավերով պահանջվող լիցենզիայի և դրա ներդիրի շրջանակներում մատուցված ծառայության մասով` հայտը ներկայացվելու տարվա և դրան նախորդող 10 տարիների ընթացքում պատշաճ մատուցված ծառայությունների դեպքում, իսկ լիցենզիայի և լիցենզիայի ներդիրի մասով մասնակցի չափանիշը գնահատվում է բավարար` հրավերով պահանջվող բոլոր լիցենզիաների և դրանց ներդիրների առկայությամբ:
Նույն կետի համաձայն` «Որպես նմանատիպ փորձառությունը հիմնավորող փաստաթուղթ, մասնակիցը ներկայացնում է նախկինում կատարած պայմանագրի (համաձայնագրերի, պայմանագրերի) պատճենները, իսկ դրանց պատշաճ կատարումը գնահատելու համար` տվյալ պայմանագրի կողմերի հաստատած, պայմանագրի (համաձայնագրի)` սահմանված ժամկետում կատարումը հավաստող ակտի (հանձնման-ընդունման արձանագրություն կամ պայմանագրով նախատեսված փաստաթուղթ) պատճենը և նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը, կամ տվյալ պայմանագրի կատարումն ընդունած կողմի գրավոր հավաստումը և նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը` պայմանով, որ հայտը ներկայացնելու տարվա և դրան նախորդող 10 տարիների ընթացքում պատշաճ ձևով իրականացրել է նմանատիպ առնվազն մեկ պայմանագիր:
Նմանատիպ է համարվում IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումը` հրավերով պահանջվող լիցենզիայի և ներդիրների շրջանակներում, որը պետք է ստացած լինի համապատասխան քաղաքաշինական դրական փորձաքննության եզրակացությունը»:
Նույն կետի համաձայն` մասնակիցը հայտով ներկայացնում է հետևյալ լիցենզիան և ներդիրները.
ԼԻՑԵՆԶԻԱ` Քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների)
ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐՆԵՐ (նույն լիցենզիայի անբաժանելի մաս հանդիսացող համապատասխան ոլորտի աշխատանքներն իրականացնող պատասխանատու անձանց), ի թիվս այլի` կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի` հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգեր:
Նույն կետի թիվ 1 աղյուսակի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական և կոնստրուկտորական բաժինների մշակման համար պահանջվող մասնագետներ են, ի թիվս այլի`
- ճարտարապետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ, ճարտարապետական ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու բարձրագույն դասի «Ա» ենթադասի արտոնագիր և նմանատիպ քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական մասի մշակման աշխատանքների առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ,
- ճարտարապետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ (արտոնագրի առկայությունը պարտադիր չէ) և քաղաքաշինական փաստաթղթերի ճարտարապետական մասի մշակման աշխատանքների առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ:
Նույն կետի թիվ 2 աղյուսակի համաձայն` քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) համար պահանջվող մասնագետներ են, ի թիվս այլի, կապի ցանցերի և հաղորդակցման համակարգերի մասնագետի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ կամ ճարտարագետ-էլեկտրիկի որակավորմամբ բարձրագույն կրթությամբ, կապի օբյեկտների նախագծային փաստաթղթերի` հեռահաղորդակցության և ազդանշանային համակարգերի ներդիրում նշված և քաղաքաշինական փաստաթղթերի հեռահաղորդակցության ու ազդանշանային համակարգերի բաժինների մշակման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ունեցող մեկ անձ:
Նույն կետում առկա ծանոթագրության համաձայն` թիվ 2 աղյուսակով ներկայացված աշխատանք իրականացնող պատասխանատու մասնագետները, մրցույթի մասնակցի կողմից գնման հայտը ներկայացվելու պահին պետք է ներառված լինեն վերջինիս գործունեության լիցենզիայի ներդիրում կամ ներդիրներում /ցանկով պահանջվող աշխատակիցները` յուրաքանչյուրը նախագծանախահաշվային փաստաթղթերի իր կողմից մշակման ենթակա բաժնի կամ բաժինների համար հանդիսանալու են պատասխանատու անձ, ինչի մասին հավաստումը պետք է լինի նախագծի տվյալ բաժնի յուրաքանչյուր էջի շտամպում ստորագրությունը/, կամ ներառված լինեն այլ լիցենզավորված կազմակերպությունների ներդիրներում, իսկ պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30 օրյա ժամկետում պետք է ներառվեն ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրներում:
Նույն կետի ներքո ներկայացված «Գնահատման ամփոփ աղյուսակ»-ի համաձայն` համապատասխանության չափանիշներ հանդիսացող «Նմանատիպ փորձառություն»-ը և «Լիցենզիա և լիցենզիայի ներդիր»-ը գնահատվում են «բավարար» կամ «անբավարար» միայն պահանջվող փաստաթղթերի լրակազմի համապատասխանության առումով: Ընդ որում, նույն աղյուսակի ներքո առկա ծանոթագրության համաձայն` գնահատման չափանիշներից որևէ մեկի անբավարար կամ նվազագույն շեմից (գնահատականից) ցածր գնահատվելու դեպքում մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Նույն կետում առկա մեկ այլ ծանոթագրության համաձայն` եթե ներկայացված մասնագետներից որևէ մեկի մասով հայտը գնահատվում է սահմանված նվազագույն շեմից ցածր կամ անբավարար, ապա հայտն ամբողջությամբ մերժվում է:
Հրավերի նույն մասի 8.8-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ, ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով տեղեկացնում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը:
Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտի գնահատման ընթացքում հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները:
Հրավերի նույն մասի 8.9-րդ կետի համաձայն` եթե նույն հրավերի 8.8-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա վերջինիս հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Հրավերի նույն մասի 8.12-րդ կետի համաձայն` Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված հիմքերն ի հայտ գալու դեպքում պատվիրատուի ղեկավարի պատճառաբանված որոշման հիման վրա լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: (...) Ընդ որում, եթե մասնակցի գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին դիմում-հայտարարությունը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող կամ մասնակիցը նույն հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը (այդ թվում` շտկման ենթակա) (...), ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում մասնակցի ստանձնած պարտավորության խախտում (հատոր 1-ին, գ.թ. 20-41).
2) մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը (հատոր 1-ին, գ.թ. 101).
3) գնահատող հանձնաժողովի նիստի 21.03.2023 թվականի թիվ 3-2 արձանագրության 1.1 կետի համաձայն` նաև Ընկերության հայտով ներկայացված փաստաթղթերում արձանագրվել են Հրավերի համեմատ հետևյալ անհամապատասխանությունները.
«Հրավերով պահանջվող լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների վերաբերյալ
Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերով պահանջվող լիցենզիայի կապի ներդիրը: Վերջինիս կողմից ներկայացված Անդրանիկ Ռաֆյանի այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված լինելու հանգամանքը, ինչպես նաև պայմանագրի կնքման պարագայում վերջինիս ընկերության ներդիրում ներգրավվելու վերաբերյալ պայմանը ընդունվել է ի գիտություն, սակայն հրավերի պահանջի համաձայն, ընկերությունը հայտը ներկայացնելուց պետք է ներկայացներ նաև կապի ներդիր:
Աշխատակազմի վերաբերյալ
Մասնակցի կողմից որպես ճարտարապետ ներկայացված Հրաչ Վարդանյանի համար որպես փորձառություն ներկայացված աշխատանքները չեն համապատասխանում հրավերի պահանջներին, չեն համարվում նմանատիպ, այն է, IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն, ինչը պարզվել է ընկերության կողմից որպես նմանատիպ ներկայացված պայմանագրից:
Մասնակցի կողմից որպես ճարտարապետ ներկայացված Տարոն Հայրապետյանի մասին տեղեկատվության համաձայն, վերջինս չունի քաղաքաշինական փաստաթղթերի շինարարական աշխատանքների կազմակերպման բաժնի մշակման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ /ներկայացված է ճարտարապետի գործունեության փորձառություն/: Միաժամանակ ԲՈՒՀ-ի որակավորման փաստաթուղթը վերջինիս տրվել է 2018 թվականին, իսկ CV-ում և հավելված 1.2-ում` նշված անձի փորձառությունը 1993 թվականից է:
Նմանատիպ փորձառության վերաբերյալ
Մասնակցի կողմից որպես նմանատիպ կատարված փորձառություն ներկայացվել է HDTRA-08-D-0008 պայմանագիրը, որն իրենից ներկայացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Երևանի Կենտրոնական կառույցի լաբորատորիայի վերակառուցման, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների կառուցման նախագիծ: Պայմանագրի անվանումից, ինչպես նաև ներկայացված բացատրագրից պարզ է դառնում, որ Երևանի կենտրոնական կառույցի լաբորատորիայի կարիքների համար մշակվել է վերակառուցման նախագիծ` 5875,96 քմ մակերեսով, իսկ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների համար կառուցման նախագիծ` յուրաքանչյուրը 496 քմ մակերեսով: Հետևաբար նշված փորձառությունը չի համարվում նմանատիպ, չի համապատասխանում հրավերի պահանջներին, այն է, IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն:
Մասնակցի կողմից ներկայացված Հավելված 1.2-ում (կնքվելիք պայմանագրի կատարման համար առաջարկվող աշխատակազմի մասին տեղեկանք) և մասնագետների կողմից ներկայացված գնման առարկա հանդիսացող ծառայությունները մատուցելու վերաբերյալ գրավոր համաձայնություններում նշված ծածկագրերը չեն համապատասխանում հրավերում նշված ծածկագրին»:
Նույն արձանագրության 1.2 կետի համաձայն` գնահատող հանձնաժողովը, հիմք ընդունելով Կարգի 41-րդ կետի պահանջները, որոշել է կասեցնել նիստը և ծանուցել նաև Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև 22.03.2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները (հատոր 1-ին, գ.թ. 132,133).
4) Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է Հրավերով նախատեսված շտկման ենթակա փաստաթղթերի փոփոխված տարբերակները (հատոր 2-րդ, գ.թ. 8-21, հայցադիմումի պատասխանին կից ներկայացված էլեկտրոնային սկավառակում ներբեռնված փաստաթղթեր, ֆայլ «Scan20230518154348»).
5) գնահատող հանձնաժողովի նիստի «19.04.2022» թվականի թիվ 3-4 արձանագրության 1.1-րդ կետի համաձայն` սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերաբերյալ ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանում հրավերի պահանջներին, մասնավորապես.
«Հրավերով պահանջվող լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների վերաբերյալ
Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերով պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիայի կապի ներդիրը: Հրավերով նախատեսված պայմանը, որ սույն գնման ընթացակարգի մասնակցի կողմից առաջադրված, սակայն այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված անձին պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում պետք է ներառեն ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրում կիրառվում է այն ժամանակ, երբ հայտ ներկայացրած մասնակիցը ի սկզբանե ունի համապատասխան ներդիր, սակայն ներկայացնում է այլ աշխատակցի, ով այդ ներդիրում ներառված չէ:
Նմանատիպ փորձառության վերաբերյալ
Մասնակցի կողմից որպես նմանատիպ կատարված փորձառություն ներկայացվել է HDTRA-08-D-0008 պայմանագիրը, որն իրենից ներկայացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Երևանի Կենտրոնական կառույցի լաբորատորիայի վերակառուցման, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների կառուցման նախագիծ: Պայմանագրի անվանումից, ինչպես նաև ներկայացված բացատրագրից պարզ է դառնում, որ Երևանի կենտրոնական կառույցի լաբորատորիայի կարիքների համար մշակվել է վերակառուցման նախագիծ` 5875,96 քմ մակերեսով, իսկ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների համար կառուցման նախագիծ` յուրաքանչյուրը 496 քմ մակերեսով: Հետևաբար նշված փորձառությունը չի համարվում նմանատիպ, չի համապատասխանում պահանջներին, այն է, IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն:
Աշխատակազմի վերաբերյալ
Հրաչյա Վարդանյանի համար որպես փորձառություն ներկայացվել է HDTRA-08-D-0008 պայմանագիրը, ինչը ներկայացվել է ընկերության համար, այն է` 5875,96 քմ մակերեսով լաբորատորիայի շենքի վերակառուցման և թվով երեք` 1608, 1488 և 1488 քմ մակերեսով` (ընդհանուր 4584 քմ մակերեսով) լաբորատորիաների կառուցման աշխատանքներ, սակայն հրավերով պահանջվում էր IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն: Հետևաբար նշված փորձառությունը չի համապատասխանում հրավերի պահանջներին` չի համարվում նմանատիպ: Հրաչյա Վարդանյանի համար որպես նմանատիպ փորձառություն ներկայացված մյուս աշխատանքները ևս չեն համապատասխանում հրավերի պահանջներին, չեն համարվում նմանատիպ»:
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն` գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերության կողմից ևս խախտվել է գնման ընթացակարգի հրավերի 8.9-րդ, ինչպես նաև Կարգի 42-րդ կետի պահանջները, որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար և մերժել (հատոր 1, գ.թ. 134-136).
6) Կոմիտեի գլխավոր քարտուղար Ա. Մկրտչյանի 26.05.2023 թվականի որոշմամբ, Ընկերությունը ևս ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և նույն հոդվածի 2-րդ մասը: Որպես փաստական հիմք նշվել է, որ Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանություններն ամբողջությամբ չեն շտկվել, որի հետևանքով Ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել: Այսպիսով, Ընկերությունը խախտել է ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նրա հետագա մասնակցությունը գնման գործընթացին: (հատոր 1-ին, գ.թ. 143,144):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ թիվ ԵԴ/54386/02/21 և թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունը հայտ ներկայացրած մասնակցի կողմից թերի շտկելը կարո՞ղ է արդյոք գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում և հիմք հանդիսանալ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումը:
Օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է պատվիրատուների կողմից ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ ձեռք բերելու գործընթացի հետ կապված հարաբերությունները, սահմանում այդ հարաբերությունների կողմերի հիմնական իրավունքները և պարտականությունները:
Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետի համաձայն` (...), գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք, որոնք հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ներառված են գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, եթե` խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորման ապահովման գումարը:
Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «(...) Մասնակիցը հայտը ներկայացնում է հրավերով սահմանված կարգով: Հայտը ներառում է մասնակցի հաստատած`
1) հրավերի պահանջներին իր տվյալների համապատասխանության մասին հայտարարությունը.
2) գնային առաջարկը.
3) ոչ գնային առաջարկը (տեխնիկական առաջարկ կամ տեխնիկական բնութագիր), եթե հրավերով նախատեսված է.
4) հրավերով նախատեսված այլ փաստաթղթեր (տեղեկություններ):»
Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մասնակիցը հայտով` հրավերով սահմանված պահանջով ներկայացնում է հայտի ապահովում: Հայտի ապահովումը ներկայացվում է միակողմանի հաստատված հայտարարության` տուժանքի կամ բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Կանխիկ փողի ձևով ներկայացված հայտի ապահովումը պահվում է լիազոր մարմնի անվամբ բացված գանձապետական հաշվում:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` մասնակիցը վճարում է հայտի ապահովումը, եթե նա`
1) հայտարարվել է ընտրված մասնակից, սակայն հրաժարվում կամ զրկվում է պայմանագիր կնքելու իրավունքից.
2) խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորություն, որը հանգեցրել է գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը.
Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը բացվում են հրավերում նշված օրը, ժամին և վայրում` հայտերի բացման նիստում: (...):
Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտերը գնահատվում են հրավերով սահմանված կարգով: Բավարար են գնահատվում հրավերով նախատեսված պայմաններին համապատասխանող հայտերը, հակառակ դեպքում հայտերը գնահատվում են անբավարար և մերժվում են:
Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետի համաձայն` հրավերով նախատեսվում է նաև, որ եթե մասնակցի` հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող, կամ մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը կամ ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Կարգի 40-րդ կետի 2-րդ ենթակետի «բ» պարբերության համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում (...) հանձնաժողովը գնահատում է բացված յուրաքանչյուր ծրարում պահանջվող (նախատեսված) փաստաթղթերի առկայությունը և դրանց կազմման համապատասխանությունը հրավերով սահմանված վավերապայմաններին:
Նույն կետի 4-րդ ենթակետի համաձայն` հայտերի բացման և գնահատման նիստում Հանձնաժողովը մերժում է այն հայտերը, որոնցում բացակայում է գնային առաջարկը և (կամ) հայտի ապահովումը, կամ եթե դրանք ներկայացված են հրավերի պահանջներին անհամապատասխան, բացառությամբ նույն կարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի: (...):
Կարգի 41-րդ կետի համաձայն` եթե հայտերի բացման և գնահատման նիստի ընթացքում իրականացված գնահատման արդյունքում մասնակցի հայտում արձանագրվում են անհամապատասխանություններ` հրավերի պահանջների նկատմամբ (...), ապա հանձնաժողովը մեկ աշխատանքային օրով կասեցնում է նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցում է մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել անհամապատասխանությունը: Մասնակցին ուղարկվող ծանուցման մեջ մանրամասն նկարագրվում են հայտնաբերված անհամապատասխանությունները:
Կարգի 42-րդ կետի համաձայն` եթե նույն կարգի 41-րդ կետով սահմանված ժամկետում մասնակիցը շտկում է արձանագրված անհամապատասխանությունը, ապա նրա հայտը գնահատվում է բավարար: Հակառակ դեպքում տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, ներառյալ եթե մասնակիցը նույն կարգի 32-րդ կետի 1-ին մասի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը:
Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնումը հանրային կարիքների համար անհրաժեշտ ապրանքը, աշխատանքը կամ ծառայությունը ձեռք բերելու համար կատարվող որոշակի գործողությունների համախումբ է, որոնց արդյունքում կնքվում է գնման պայմանագիրը, և բավարարվում է պատվիրատուի կարիքը:
Գնման գործընթացն իրականացվում է միմյանց տրամաբանորեն հաջորդող որոշակի փուլերով:
Գնման գործընթացը պայմանականորեն կարելի է բաժանել հաջորդաբար տեղի ունեցող առնվազն երկու փուլերի`
1) կոնտրագենտի ընտրության (նախապայմանագրային) փուլ, որը հետապնդում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով նախանշված սկզբունքների պահպանմամբ լավագույն (տնտեսող, արդյունավետ և օգտավետ) առաջարկի ընտրության և նրա հետ պայմանագրի կնքման նպատակ.
2) ընտրված մասնակցի հետ կնքված պայմանագրի կատարման (պայմանագրային) փուլ, որի նպատակը նախորդ փուլում ընտրված մասնակցից նրա կողմից առաջարկված և հավանության արժանացած առաջարկի պայմաններով ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների ձեռքբերման ապահովումն ու պատվիրատուի կարիքի բավարարումն է:
i
Գնման գործընթացի փուլերից յուրաքանչյուրի ընթացքում գնման գործընթացը նախաձեռնող պատվիրատուի և գնման գործընթացի մասնակիցների միջև ծագում են տարաբնույթ պարտավորական հարաբերություններ, որոնց իրավական կարգավորման հիմքում օրենսդիրը դրել է գնման գործընթացի տնտեսող, արդյունավետ և օգտավետ իրականացման վերջնանպատակն ու գնման գործընթացը միասնական կանոններով իրականացնելու, այն մրցակցային, թափանցիկ, համաչափ, հրապարակային և ոչ խտրական հիմունքներով կազմակերպելու, մասնակիցների շրջանակի ընդլայնման, նրանց միջև մրցակցության խրախուսման, ցանկացած անձի համար գնման գործընթացին մասնակցելու հնարավորության ապահովման սկզբունքները: Ընդ որում, նախապայմանագրային փուլում որպես գնման գործընթացի սուբյեկտների քաղաքացիական իրավունքների ու պարտականությունների ծագման հիմք հանդես են գալիս Օրենքով նախատեսված միակողմանի գործողությունները (գնումների հայտարարության և հրավերի հրապարակումը, հայտի ներկայացումը, ընտրված մասնակից ճանաչելու մասին որոշում կայացնելը և այլն), իսկ պայմանագրային փուլում` պատվիրատուի ու սահմանված կարգով ընտրված մասնակցի միջև կնքված պայմանագիրը (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
i
Նախկինում կայացված մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել, որ հայտի ապահովման նպատակը մասնակցի կողմից հայտերի ներկայացման փուլից մինչև պայմանագրի կնքման փուլն ընկած ժամանակահատվածում մասնակցի կողմից հայտի ներկայացմամբ ստանձնած պարտավորությունների կատարման ապահովումն է: Ուստի ընտրված մասնակցի հետ պայմանագրի կնքմամբ եզրափակվում է հայտի ապահովման գործառույթը, առավել ևս, որ ընտրված մասնակիցը պարտավորվում է ներկայացնել պայմանագրի ապահովում` Օրենքի 35-րդ հոդվածի համաձայն: Ի տարբերության հայտի ապահովման` պայմանագրի ապահովումն ապահովում է պայմանագրի կատարման գործընթացը (տե՛ս «Եղեգնաձոր ՃՇՇ» ՓԲԸ-ն ընդդեմ ՀՀ գնումների հետ կապված բողոքներ քննող անձի թիվ ԵԴ/12436/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.10.2021 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նախկինում կայացված վերոնշյալ որոշումներով ՀՀ վճռաբեկ դատարանը, ըստ էության, հերքել է դատական պրակտիկայում արտահայտված այն իրավական դիրքորոշման իրավաչափությունը, որի համաձայն` գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` մասնակիցը որևէ պարտավորություն չի ստանձնում, քանի դեռ համապատասխան գործընթացի արդյունքներով չի ճանաչվել հաղթող մասնակից, և հրավերով նախատեսված փաստաթղթերը նույն հրավերով սահմանված ժամկետում ու կարգով ներկայացնելը հանդիսանում է ոչ թե մասնակցի պարտականություն, այլ` օրենքով իրեն վերապահված հնարավորություն, որից չօգտվելը, որպես բացասական հետևանք, կարող է հանգեցնել բացառապես ներկայացված հայտն անբավարար գնահատելուն և մերժելուն ու չի կարող հիմք հանդիսանալ մասնակցի նկատմամբ այլ անբարենպաստ հետևանքների կիրառման համար (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև իրավական դիրքորոշում է հայտնել, որ հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է`
հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում` հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն,
հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն,
i
ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն (տե՛ս Պաշտպանության նախարարությունն ընդդեմ «Լիվադ» ՍՊԸ-ի թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գնման գործընթացին մասնակցող անձի` հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորությունը ներառում է ոչ միայն գնման գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելիս օրենքով ու հրավերով նախատեսված փաստաթղթերը (տեղեկությունները) ներկայացնելու, այլ նաև իր կողմից ներկայացված հայտում հրավերի պահանջների նկատմամբ արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով հանձնաժողովի կողմից պահանջված փաստաթղթերը սահմանված կարգով, ձևով և ժամկետում ներկայացնելու պարտականությունը:
Գնման գործընթացի մասնակցի կողմից օրենքով և հրավերով սահմանված կարգով հայտը (պահանջվող փաստաթղթերը) ներկայացնելու պարտավորությունը չկատարելու իրավական հետևանքները, նախևառաջ, կախված են գնահատող հանձնաժողովի կողմից հայտերի բացման ու գնահատման նիստում արձանագրված անհամապատասխանությունների բնույթից: Այսպես`
1) եթե մասնակցի հայտում բացակայում է գնային առաջարկը կամ հայտի ապահովումը` ներառյալ այն դեպքերը, երբ Կարգի 32-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությամբ սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտի ապահովման բնօրինակը, ապա մասնակցի ներկայացրած հայտը մերժվում է` առանց հայտը ներկայացրած մասնակցին հայտնաբերված անհամապատասխանությունը շտկելու հնարավորություն տալու.
2) եթե մասնակցի հայտում արձանագրվում են հրավերի պահանջների նկատմամբ այլ անհամապատասխանություններ, ապա հանձնաժողովը պարտավոր է մեկ աշխատանքային օրով կասեցնել նիստը, իսկ հանձնաժողովի քարտուղարը` նույն օրը դրա մասին էլեկտրոնային եղանակով ծանուցել մասնակցին` առաջարկելով մինչև կասեցման ժամկետի ավարտը շտկել արձանագրված անհամապատասխանությունը: Ընդ որում, եթե մասնակիցը մինչև կասեցման ժամկետի ավարտը չի շտկում կամ թերի է շտկում արձանագրված անհամապատասխանությունը` ներառյալ այն դեպքերը, երբ արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, դրանք ներկայացնում է սահմանված ժամկետի խախտմամբ կամ դրանցում թույլ է տալիս այլ անհամապատասխանություն հրավերի պահանջների նկատմամբ, տվյալ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է:
Բոլոր նշված դեպքերում մասնակցի հայտն անբավարար գնահատելը և մերժելը հանգեցնում է գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ գնահատող հանձնաժողովի կողմից մասնակցի հայտն անբավարար գնահատելն ու մերժելը, որպես հետևանք` գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցումը, ըստ գնումների մասին օրենսդրության, տվյալ մասնակցի համար կարող է առաջացնել նաև այլ անբարենպաստ հետևանքներ` հայտի ապահովման գումարը վճարելու պարտականություն Օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ, ինչպես նաև ընդգրկում գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետ:
Մասնակցի ներկայացրած հայտը մերժելու պատճառը կարող է հայտի ապահովման գումարը վճարելու պարտականության առաջացման և գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմք հանդիսանալ այն դեպքում, երբ հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն ուղղված մասնակցի վարքագիծը գնահատվում է որպես «գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում»:
Միևնույն ժամանակ անդրադառնալով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտման` Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով նախատեսված` «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» պայմանին` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերջինիս առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած` դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն:
i
Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետով գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում է դիտարկվում «փաստաթղթեր չներկայացնելը», որը հարկ է տարբերել այն իրավիճակներից, երբ մասնակիցը, նպատակ հետապնդելով շտկել հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը, սահմանված կարգով և ժամկետում ներկայացնում է անհրաժեշտ փաստաթղթերը` հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները կամ դրանցում թույլ տալով նոր անհամապատասխանություններ: Նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է` հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում: Համապատասխանաբար նման իրավիճակում չի կարող խոսք լինել նաև մասնակցի մոտ հայտի ապահովումը վճարելու պարտականության առաջացման (եթե կիրառելի է), իսկ վերջինս հրավերով սահմանված ժամկետում չվճարելու դեպքում` նաև մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին (տե՛ս «Բեստշին» ՍՊԸ-ն ընդդեմ Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ դատական դեպարտամենտի թիվ ԵԴ2/7636/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.07.2025 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Կոմիտեն հայտարարել է փակ նպատակային մրցույթ, որի արդյունքում ընտրված մասնակցին սահմանված կարգով պետք է առաջարկվեր կնքել Երևան քաղաքի Էրեբունի համայնքում նոր քրեակատարողական հիմնարկի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագիր:
Մրցույթին մասնակցելու դիմում-հայտարարություն է ներկայացրել նաև Ընկերությունը:
Գնահատող հանձնաժողովի նիստի 21.03.2023 թվականի թիվ 3-2 արձանագրության 1.1 կետի համաձայն` Ընկերության հայտով ներկայացված փաստաթղթերում արձանագրվել են Հրավերի համեմատ անհամապատասխանություններ` հրավերով պահանջվող լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների, Ընկերության կողմից որպես ճարտարապետ ներկայացված անձանց համապատասխանության ու Ընկերության նմանատիպ փորձառության կապակցությամբ:
Նույն արձանագրության 1.2 կետի համաձայն` գնահատող հանձնաժողովը որոշել է կասեցնել նիստը և ծանուցել նաև Ընկերությանը մեկ աշխատանքային օրվա ընթացքում` մինչև 22.03.2023 թվականը ներառյալ շտկել արձանագրված անհամապատասխանությունները:
Ընկերությունը սահմանված ժամկետում ներկայացրել է Հրավերով նախատեսված շտկման ենթակա փաստաթղթերի փոփոխված տարբերակները:
Գնահատող հանձնաժողովի նիստի «19.04.2022» թվականի թիվ 3-4 արձանագրության 1.1-րդ կետի համաձայն` սահմանված ժամկետում անհամապատասխանությունների վերաբերյալ ներկայացված շտկումները ոչ ամբողջությամբ են համապատասխանում հրավերի պահանջներին, մասնավորապես նշվել է, որ.
«Հրավերով պահանջվող լիցենզիայի և լիցենզիայի ներդիրների վերաբերյալ
Մասնակցի կողմից չի ներկայացվել հրավերով պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակում (բացառությամբ կոնստրուկտորական մասի, ինչպես նաև շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների) լիցենզիայի կապի ներդիրը: Հրավերով նախատեսված պայմանը, որ սույն գնման ընթացակարգի մասնակցի կողմից առաջադրված, սակայն այլ ընկերության լիցենզիայի ներդիրում ներգրավված անձին պայմանագրի կնքման օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում պետք է ներառեն ընտրված մասնակցի լիցենզիայի ներդիրում կիրառվում է այն ժամանակ, երբ հայտ ներկայացրած մասնակիցը ի սկզբանե ունի համապատասխան ներդիր, սակայն ներկայացնում է այլ աշխատակցի, ով այդ ներդիրում ներառված չէ:
Նմանատիպ փորձառության վերաբերյալ
Մասնակցի կողմից որպես նմանատիպ կատարված փորձառություն ներկայացվել է HDTRA-08-D-0008 պայմանագիրը, որն իրենից ներկայացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Երևանի Կենտրոնական կառույցի լաբորատորիայի վերակառուցման, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների կառուցման նախագիծ: Պայմանագրի անվանումից, ինչպես նաև ներկայացված բացատրագրից պարզ է դառնում, որ Երևանի կենտրոնական կառույցի լաբորատորիայի կարիքների համար մշակվել է վերակառուցման նախագիծ` 5875,96 քմ մակերեսով, իսկ Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի մարզային լաբորատորիաների համար կառուցման նախագիծ` յուրաքանչյուրը 496 քմ մակերեսով: Հետևաբար նշված փորձառությունը չի համարվում նմանատիպ, չի համապատասխանում պահանջներին, այն է, IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն:
Աշխատակազմի վերաբերյալ
Հրաչյա Վարդանյանի համար որպես փորձառություն ներկայացվել է HDTRA-08-D-0008 պայմանագիրը, ինչը ներկայացվել է ընկերության համար, այն է` 5875,96 քմ մակերեսով լաբորատորիայի շենքի վերակառուցման և թվով երեք` 1608, 1488 և 1488 քմ մակերեսով` (ընդհանուր 4584 քմ մակերեսով) լաբորատորիաների կառուցման աշխատանքներ, սակայն հրավերով պահանջվում էր IV կամ IV-ից բարձր կատեգորիայի ռիսկայնության աստիճանի 10 000 քմ ընդհանուր մակերեսով կամ 2 հատ յուրաքանչյուրը նվազագույնը 5000 քմ մակերեսով հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման փորձառություն: Հետևաբար նշված փորձառությունը չի համապատասխանում հրավերի պահանջներին` չի համարվում նմանատիպ: Հրաչյա Վարդանյանի համար որպես նմանատիպ փորձառություն ներկայացված մյուս աշխատանքները ևս չեն համապատասխանում հրավերի պահանջներին, չեն համարվում նմանատիպ»:
Նույն արձանագրության 1.2-րդ կետի համաձայն` գնահատող հանձնաժողովը, հաշվի առնելով, որ Ընկերության կողմից ևս խախտվել է գնման ընթացակարգի հրավերի 8.9-րդ, ինչպես նաև Կարգի 42-րդ կետի պահանջները, որոշել է Ընկերության հայտը գնահատել անբավարար և մերժել:
Կոմիտեի գլխավոր քարտուղար Ա. Մկրտչյանի 26.05.2023 թվականի որոշմամբ, Ընկերությունը ևս ներառվել է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում: Որպես որոշման իրավական հիմք վկայակոչվել է Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետը և նույն հոդվածի 2-րդ մասը: Որպես փաստական հիմք նշվել է, որ Ընկերության հայտում արձանագրված անհամապատասխանություններն ամբողջությամբ չեն շտկվել, որի հետևանքով Ընկերության հայտը գնահատվել է անբավարար և մերժվել: Այսպիսով, Ընկերությունը խախտել է ընթացակարգի շրջանակներում ստանձնած պարտավորությունները, ինչի հետևանքով դադարեցվել է նրա հետագա մասնակցությունը գնման գործընթացին:
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է մասնակիորեն` իրեն գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչել Կոմիտեի 26.05.2023 թվականի որոշումը` հայցի հիմքում, ի թիվս այլնի, դնելով նաև այն, որ Կոմիտեն պարտավորության խախտում է գնահատել հայտում արձանագրված որոշ անհամապատասխանությունը թերի շտկելը, մինչդեռ ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում` առավել ևս հաշվի առնելով այն, որ Ընկերությունը ներկայացրել է հրավերով պահանջվող բոլոր փաստաթղթերը (այդ թվում` շտկման ենթակա), սակայն գնահատող հանձնաժողովի կարծիքով առկա են դրանց բովանդակության հետ կապված որոշ թերություններ:
Դատարանը, պատճառաբանելով, որ.
- «ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը (կամ թերությունները չվերացնելը) և հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերը չներկայացնելը տարբեր գործողություններ են, որոնք պայմանավորված են նաև դրանց չկատարման արդյունքում վրա հասնող տարբեր անբարենպաստ հետևանքներով, հետևաբար` մասնակցի կողմից հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտվել որպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում և որակվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում»,
- «հրավերին չհամապատասխանելու հիմքով ընկերության հայտը մերժելը չի ընդգրկվում «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հիմքերից որևէ մեկում»,
17.08.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:
Վերաքննիչ դատարանը 25.04.2024 թվականի որոշմամբ Կոմիտեի բերած վերաքննիչ բողոքը բավարարել է, Դատարանի 17.08.2023 թվականի վճիռը բեկանել է և փոփոխել` Ընկերության հայցը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ.
- «եթե մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում և հանգեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառմանը»,
- Ավելին, (...) ինչպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում նույն հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացումը, այնպես էլ գնահատող հանձնաժողովի մատնանշած անհամապատասխանությունների չշտկումը համարվում է գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը»,
- «նկատի ունենալով, որ հայցվորի կողմից չեն շտկվել գնահատող հանձնաժողովի մատնանշած անհամապատասխանությունները, ինչը վերոնշյալ Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետի իմաստով համարվում է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, (...) հայցվորը խախտել է գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, ինչը հանգեցրել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառմանը»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անհիմն համարելով վճռաբեկ բողոքի այն փաստարկը, որ «սույն դեպքում Ընկերությունը չի ստանձնել որևէ պարտավորություն, հետևաբար նաև նրան չի կարող վերագրվել Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված` գնման գործընթացում ստանձնված պարտավորության խախտում»` Վճռաբեկ դատարանը, այդուհանդերձ, հարկ է համարում արձանագրել, որ Վերաքննիչ դատարանը պատշաճորեն չի գնահատել հայտի ներկայացման և գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու փուլում Ընկերության դրսևորած վարքագիծն ու արձանագրված թերությունների բնույթը: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ Ընկերությունը, գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը թերի շտկելով, թույլ է տվել գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորության խախտում, հաշվի չի առել, որ Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ կետի իմաստով «մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը» հիմքի առկայության մասին խոսք կարող է գնալ միայն այն դեպքերում, երբ մասնակիցը գնահատման հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունը շտկելու նպատակով սահմանված կարգով ու ժամկետում չի ներկայացնում պահանջվող փաստաթղթերը, այլ կերպ ասած` դրսևորում է անգործություն, կամ ներկայացնում է այնպիսի փաստաթղթեր, որոնք ակնհայտորեն վերաբերելի չեն արձանագրված անհամապատասխանությանը, այլ կերպ ասած` կարող են որակվել որպես հրավերով չնախատեսված, առերևույթ չեն կարող ուղղված լինել արձանագրված անհամապատասխանությունը շտկելուն: Մինչդեռ սույն դեպքում Ընկերությունը, նպատակ հետապնդելով շտկելու գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները, սահմանված կարգով և ժամկետում ներկայացրել է պահանջվող փաստաթղթերը` հանձնաժողովի գնահատմամբ թերի շտկելով արձանագրված անհամապատասխանությունները: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ նման դեպքերում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով մասնակցի հայտը կարող է գնահատվել անբավարար և մերժվել` հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցմանը, այդուհանդերձ մասնակցի վարքագիծը չի կարող գնահատվել որպես «հրավերով սահմանված կարգով և ժամկետներում նույն հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացում» ու, որպես հետևանք նաև` գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, և, համապատասխանաբար, հիմք հանդիսանալ Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար:
Սույն գործի փաստերի և կողմերի արտահայտած դիրքորոշումների վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շտկման փուլում Ընկերության կողմից ներկայացված փաստաթղթերում որոշակի անհամապատասխանությունների արձանագրումը ոչ թե Ընկերության կողմից գնահատման հանձնաժողովի պահանջած փաստաթղթերը չներկայացնելու կամ արձանագրված անհամապատասխանությունները շտկելուն ակնհայտորեն ոչ վերաբերելի փաստաթղթեր ներկայացնելու, այլ ներկայացված փաստաթղթերը հանձնաժողովի կողմից Հրավերի առանձին դրույթների (այդ թվում` իր կողմից դրանց տրված մեկնաբանության) համատեքստում գնահատելու արդյունք են, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Վերոգրյալ իրավական վերլուծության և արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով սույն գործի փաստերը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում, թեև Կարգի 42-րդ կետի ուժով Ընկերության ներկայացրած հայտը գնահատող հանձնաժողովի կողմից իր իրավասության սահմաններում կարող էր գնահատվել անբավարար և մերժվել` հանգեցնելով գնման գործընթացին նրա հետագա մասնակցության դադարեցման, այդուհանդերձ Ընկերության վարքագիծը չէր կարող գնահատվել որպես գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ Ընկերությունը գնահատող հանձնաժողովի կողմից արձանագրված անհամապատասխանությունները շտկելու նպատակով սահմանված ժամկետում չի դրսևորել անգործություն, այլ ներկայացրել է արձանագրված անհամապատասխանությունները շտկելուն ուղղված և դրանց ակնհայտորեն վերաբերելի փաստաթղթեր` թեկուզև, ըստ գնահատող հանձնաժողովի, դրանցում թույլ տալով նոր խախտումներ (անհամապատասխանություններ): Նման իրավիճակում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ չի կարող խոսք լինել Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու հիմքի առկայության մասին, որպիսի հանգամանքն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից` թույլ տալով գործի ելքի վրա ազդող դատական սխալ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և նկատի ունենալով այն, որ սույն դեպքում բացակայում է Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու համար անհրաժեշտ պայմաններից առնվազն մեկը` Ընկերության կողմից գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտումը, ինչն ինքնին բավարար է Կոմիտեի 26.05.2023 թվականի որոշումը մասնակիորեն` Ընկերությանը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու մասով, անվավեր ճանաչելու համար` Վճռաբեկ դատարանը նպատակահարմար չի գտնում անդրադառնալ վճռաբեկ բողոքում նշված նյութական ու դատավարական իրավունքի նորմերի մյուս խախտումներին:
Անդրադառնալով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը:
Տվյալ դեպքում բողոք բերած անձի կողմից վկայակոչվել են 23.03.2023 թվականին թիվ ԵԴ/52483/02/22 և 09.10.2023 թվականին թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից կայացված` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը` հիմնավորելով, որ այդ դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշմամբ նույն նորմերին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործով 23.03.2023 թվականին կայացված և օրինական ուժի մեջ մտած որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է. «Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետը հստակ և սպառիչ սահմանում է այն բոլոր դեպքերը, երբ մասնակցի կողմից դրսևորած վարքագիծը կարող է դիտարկվել որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորության խախտում, դրանք են. 1. հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին հավաստումը որակվում է որպես իրականությանը չհամապատասխանող. 2. մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը. 3. ընտրված մասնակիցը չի ներկայացնում որակավորման կամ պայմանագրի ապահովումը կամ համաձայնագիրը կնքելու նպատակով պայմանագիրը կնքած անձը չի փոխարինում տուժանքի ձևով ներկայացված որակավորման կամ պայմանագրի ապահովումը: (...) ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը, չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում և Ընկերության համար առաջացնել այնպիսի անբարենպաստ հետևանք, ինչպիսին է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվելը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է` որպեսզի գնման գործընթացի մասնակցին վերագրվի գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում, անհրաժեշտ է, որպեսզի առկա լինի Կարգի 32-րդ կետի 19-րդ ենթակետով նախատեսված հիմքերից որևէ մեկը: Վերաքննիչ դատարանն արձանագրում է նաև, որ օրենսդիրը չի նախատեսել ներկայացված հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելու առանձին և ինքնուրույն հետևանք, որպիսի պարագայում մասնակցի նման վարքագիծը կարող է դիտվել որպես հայտում առկա անհամապատասխանությունը չվերացնել, իսկ այդ դեպքում վրա հասնող միակ բացասական հետևանքն այն է, որ մասնակցի հայտը գնահատվում է անբավարար և մերժվում է, իսկ ընտրված մասնակից է ճանաչվում հաջորդող տեղ զբաղեցրած մասնակիցը»:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործով 30.06.2023 թվականին կայացված որոշմամբ, մասնավորապես, արձանագրել է. «Հայտի ներկայացումը, ինքնին, դեռևս բավարար չէ կողմերի միջև պարտավորական իրավահարաբերությունների առաջացման համար, այլ անհրաժեշտ են իրավաբանական այնպիսի փաստեր, որոնց առկայությունը կարող է հանգեցնել կողմերի միջև պարտավորական հարաբերությունների ձևավորմանը, մասնավորապես` օրենքով և հրավերով սահմանված չափանիշների բավարարում, նվազագույն գնառաջարկի ներկայացում, կողմերի միջև բանակցությունների անցկացում, պատվիրատուի կողմից պայմանագիր կնքելու առաջարկի ներկայացում, պայմանագիրը կնքելու առաջարկի բավարարում և այլն: Այլ կերպ ասած` նախքան ընտրված մասնակից համարվելը և պատվիրատուի հետ պայմանագիր կնքելը, մասնակիցը կողմի հետ որևէ պարտավորական հարաբերությունների մեջ չի գտնվում, հետևաբար նաև, վերջինիս համար չի կարող առաջանալ երաշխիք վճարելու պարտավորություն: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ պատասխանող ընկերությունն ընդամենը ձեռք է բերել պատվիրատուի հետ պայմանագրային իրավահարաբերությունների մեջ մտնելու նպատակով գնումների գործընթացին պահանջվող բոլոր փաստաթղթերը ներկայացնելու իրավունք, սակայն ներկայացնելով հայտը, հետագայում որոշակի հանգամանքներով պայմանավորված չի իրացրել համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու իր իրավունքը, ինչի արդյունքում հեռացվել է մասնակիցների ցուցակից: Այլ կերպ ասած` մասնակիցների ցուցակից ընկերության հեռացումն այն իրավաչափ բացասական հետևանքն է, որը կարող է վրա հասնել երաշխիքի բնօրինակը չներկայացնելու դեպքում: Վերոգրյալ պատճառաբանություններով հերքվում են բողոքաբերների այն փաստարկը, որ գործընթացին հայտ ներկայացնելով` ընկերությունը պարտավորաիրավական հարաբերությունների մեջ է մտել հայցվորի հետ, սակայն բանկային երաշխիքի բնօրինակը սահմանված ժամկետում չի ներկայացրել` այդ կերպ խախտելով գնման գործընթացի շրջանակներում ստանձնած պարտավորությունը և որպես պարտավորությունը խախտած կողմ, վերջինիս մոտ ծագել է վճարելու հայտի ապահովման գումարը»:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նույն գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.04.2025 թվականի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.06.2023 թվականի որոշումը բեկանվել է, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «հրապարակված հրավերի հիման վրա գնումների գործընթացին մասնակցելու հայտ ներկայացնելով` անձը ոչ միայն պարզապես ձեռք է բերում գնման գործընթացին մասնակցող անձի կարգավիճակ, այլ նաև, որպես հետևանք` գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում առնվազն ստանձնում է` 1) հայտն օրենքով և հրավերով սահմանված կարգով ներկայացնելու պարտավորություն` ներառյալ հայտին հրավերով պահանջվող փաստաթղթերը (այդ թվում` հայտի ապահովումը հավաստող) կցելու, գնման գործընթացում գնահատող հանձնաժողովին պահանջվող փաստաթղթերը ներկայացնելու պարտականություն, 2) հրավերով նախատեսված գնումներին մասնակցելու իրավունք ունենալու մասին արժանահավատ հավաստում ներկայացնելու պարտականություն, 3) ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում որակավորման ապահովում ներկայացնելու, պայմանագրի ապահովում ներկայացնելու, պայմանագիրը կնքելու պարտականություն»: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է համարել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի վերը նշված դատողությունները, քանի որ նման եզրահանգմամբ ստորադաս դատարանը, ըստ էության, բացառել է գնումների գործընթացի նախապայմանագրային փուլում հայտ ներկայացրած մասնակցի մոտ որևէ պարտավորության ծագումը:
Միևնույն ժամանակ, սույն գործով Վերաքննիչ դատարանը բողոքարկվող դատական ակտում քննարկվող հարցի վերաբերյալ, մասնավորապես, նշել է. «(...) եթե մասնակիցը հրավերով սահմանված կարգով և ժամկետներում չի ներկայացնում հրավերով նախատեսված փաստաթղթերը, ապա այդ հանգամանքը համարվում է որպես գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում և հանգեցնում է գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառմանը: Ավելին, (...) ինչպես հրավերով սահմանված կարգով և ժամկետներում նույն հրավերով նախատեսված փաստաթղթերի չներկայացումը, այնպես էլ գնահատող հանձնաժողովի մատնանշած անհամապատասխանությունների չշտկումը համարվում է գնման գործընթացում ստանձնած պարտավորության խախտում, քանի որ հանգեցնում է գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը»:
Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով ինչպես Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ, այնպես էլ 23.03.2023 թվականին թիվ ԵԴ/52483/02/22 և 09.10.2023 թվականին թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործերով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կայացրած դատական ակտերում արտահայտած դիրքորոշումները, արձանագրում է, որ բողոքի հիմքը հիմնավոր է, քանի որ թիվ ԵԴ/52483/02/22 ու թիվ ԵԴ/54386/02/21 քաղաքացիական գործերով ստորադաս դատարանի կողմից կայացված դատական ակտերում Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «ա» ենթակետն ու Կարգի 32-րդ կետի` մինչև 14.03.2025 թվականը գործած խմբագրությամբ 19-րդ ենթակետը կիրառվել են Վերաքննիչ դատարանի բողոքարկվող դատական ակտում նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ: Մասնավորապես` ստորադաս դատարանի կողմից, ի հակադրություն Վերաքննիչ դատարանի կողմից բողոքարկվող որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման, թիվ ԵԴ/52483/02/22 քաղաքացիական գործով տրվել է այնպիսի մեկնաբանություն, որ գնման գործընթացին մասնակցող անձի ներկայացրած հայտում առկա անհամապատասխանությունը թերի շտկելը չի կարող դիտարկվել գնման գործընթացի շրջանակում ստանձնված պարտավորության խախտում:
Վերը նշված փաստերից ելնելով` Վճռաբեկ դատարանը, ապահովելով օրենքի միատեսակ կիրառելիության երաշխավորման իր սահմանադրաիրավական առաքելությունը, կրկին փաստում է, որ նմանատիպ փաստական հանգամանքներով գործերի քննության դեպքում վերը նշված իրավական նորմերն անհրաժեշտ է կիրառել սույն որոշմամբ տրված մեկնաբանություններով:
Վերոգրյալ պատճառաբանությամբ միաժամանակ հերքվում են նաև վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը բեկանելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը` սույն որոշման պատճառաբանություններով` հետևյալ հիմնավորմամբ:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված` անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար` գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ կանոններին համապատասխան:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9.4-րդ կետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 50-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «ժե.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 75-ապատիկի չափով:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի «ժդ.» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որոշումների բողոքարկման հետ կապված վեճերով` բազային տուրքի 75-ապատիկի չափով:
Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 17.08.2023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պետական տուրքը պետք է բաշխել հետևյալ համամասնությամբ.
- Դատարանի 17.08.2023 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Վերաքննիչ դատարանում Կոմիտեի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասով պետք է համարել լուծված.
- Կոմիտեից հօգուտ Ընկերության ենթակա է բռնագանձման 75.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոք ներկայացնելու համար սահմանված և Ընկերության կողմից նախապես վճարված պետական տուրքի գումար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 25.04.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 17.08.2023 թվականի վճռին` սույն որոշման պատճառաբանություններով:
2. Քաղաքաշինության կոմիտեից հօգուտ «Հրաչյա Վարդանյան» ՍՊԸ-ի բռնագանձել 75.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար պետական տուրքի գումար:
Այլ դատական ծախսերի բաշխման հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող` Ս. Մեղրյան
Ա. Աթաբեկյան
Ն. Հովսեփյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=49258120924378679