(ուժը կորցրել է 22.02.07 ՀՕ-123-Ն օրենք)
i
010.0085.160800
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2000 թվականի հուլիսի 28-ին
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 1. |
ՕՐԵՆՔԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱՌԱՐԿԱՆ |
1. Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նախապատրաստելու, դրա շուրջ բանակցություններ վարելու, այդ պայմանագիրը նախաստորագրելու, ստորագրելու, վավերացնելու կամ հաստատելու, դրան միանալու, ուժի մեջ մտնելու, գրանցելու, դա ժամանակավորապես կիրառելու, կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության համար միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, դադարեցնելու և դրա հետ կապված այլ հարաբերություններ:
i
2. Սույն օրենքի գործողությունը չի տարածվում միջազգային մասնավոր իրավունքի կարգավորման ոլորտում ընդգրկված միջազգային քաղաքացիաիրավական հարաբերությունների վրա, բացառությամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 3.1-րդ կետով սահմանված դեպքի:
(1 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-144 օրենք)
ՀՈԴՎԱԾ 2. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև կնքված գրավոր համաձայնություն է, որը կարգավորվում է միջազգային իրավունքով, սահմանում, փոփոխում կամ դադարեցնում է կողմերի իրավունքները և պարտականությունները, սահմանված կարգով մտնում է իրավաբանական ուժի մեջ և Հայաստանի Հանրապետության համար ճանաչվում է պարտադիր:
2. Սույն օրենքի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր է համարվում ցանկացած գրավոր համաձայնություն, որը ձևակերպվել է պայմանագրի, համաձայնագրի, կոնվենցիայի, հուշագրի, արձանագրության, նոտաների փոխանակման կամ միջազգային պրակտիկայում ընդունված այլ անվանմամբ փաստաթղթի տեսքով:
Միջազգային պայմանագիրը կարող է ձևակերպված լինել մեկ ընդհանուր փաստաթղթի կամ փոխկապակցված և միմյանցից անբաժանելի մեկից ավելի փաստաթղթերի տեսքով:
3. Սույն օրենքի համաձայն` միջազգային կազմակերպություն է համարվում երկու և ավելի պետությունների կամ դրանց կառավարությունների մասնակցությամբ ստեղծված միջպետական կամ միջկառավարական կազմակերպությունը:
ՀՈԴՎԱԾ 3. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՈՂՄԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է լինել երկկողմ կամ բազմակողմ:
2. Երկկողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ որպես պայմանագրի մյուս կողմ հանդես է գալիս միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ:
Երկկողմ միջազգային պայմանագրում (ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ մյուս կողմի հետ) որպես տվյալ պայմանագրի մեկ միասնական (հավաքական) կողմ կարող են հանդես գալ միջազգային իրավունքի մեկից ավելի սուբյեկտներ:
3. Բազմակողմ միջազգային պայմանագրում Հայաստանի Հանրապետության հետ որպես պայմանագրի ինքնուրույն կողմեր հանդես են գալիս միջազգային իրավունքի մեկից ավելի սուբյեկտներ:
ՀՈԴՎԱԾ 4. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, ինչպես նաև դրանց հիման վրա ընդունված` Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված և սույն օրենքով չկարգավորվող հարաբերությունները կարգավորվում են միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունքներով և նորմերով:
i
ՀՈԴՎԱԾ 5. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է: Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացված միջազգային պայմանագրով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենքներով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը:
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից չվավերացված Հայաստանի Հանրապետության միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերը չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության օրենքներին:
i
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նորմերը Հայաստանի Հանրապետության տարածքում գործում են անմիջականորեն, եթե պայմանագրով նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության ներպետական ակտի ընդունում, կամ եթե վերջինիս ընդունումը չի բխում այդ պայմանագրի պատշաճ կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
ԳԼՈՒԽ II
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ ԵՎ ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀՈԴՎԱԾ 6. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի սուբյեկտներ կարող են լինել օտարերկրյա պետությունները, միջազգային կազմակերպությունները, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կարող է կնքվել նաև դաշնային կամ միջազգային իրավունքով ընդունված համանման կառուցվածք ունեցող (այսուհետ` դաշնային) օտարերկրյա պետությունների դաշնության սուբյեկտի և ինքնավարության կամ այլ կարգավիճակ ունեցող պետական կազմավորման հետ, եթե նրանք դաշնային պետության օրենքների համաձայն ունեն միջազգային պայմանագրեր կնքելու իրավունք:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը կարող է կնքվել`
ա) Հայաստանի Հանրապետության անունից (միջպետական պայմանագիր).
բ) Հայաստանի Հանրապետության կառավարության անունից (միջկառավարական պայմանագիր).
գ) Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների, գլխավոր դատախազության, գիտությունների ազգային ակադեմիայի, ինչպես նաև կենտրոնական բանկի անունից (միջգերատեսչական պայմանագիր):
3. Անկախ նրանից, թե միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից ում անունից է կնքվել (այսուհետ` հայկական կողմ)` դրանում որպես կողմ և միջազգային պայմանագրի սուբյեկտ հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը: Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է հայկական կողմի ստանձնած պարտավորությունների կատարման համար:
ՀՈԴՎԱԾ 7. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվում են`
ա) այլ պետությունների հետ բարեկամության և համագործակցության, պաշտպանության, ուժի կիրառումից կամ ուժի կիրառման սպառնալիքից փոխադարձաբար հրաժարվելու, հաշտության, քաղաքական կամ ռազմական դաշինք ստեղծելու կամ դրան անդամակցելու, սահմանային, տարածքային հարցեր լուծելու, միջազգային կազմակերպություններ ստեղծելու կամ դրանց անդամակցելու, դիվանագիտական և հյուպատոսական հարաբերություններ հաստատելու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և Հայաստանի Հանրապետության կենսական շահերին վերաբերող այլ հարաբերություններ.
բ) մարդու իրավունքների, ազատությունների և պարտականությունների, քաղաքացիության, օտարերկրյա քաղաքացիների իրավական վիճակի, փախստականների, հարկադիր տեղահանվածների, ինչպես նաև քաղաքացիական, ընտանեկան, քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների հաստատման հետ կապված հարաբերությունները.
գ) Հայաստանի Հանրապետության սեփականություն համարվող մշակութային արժեքների և այլ օբյեկտների օտարման հետ կապված հարաբերությունները.
դ) սույն օրենքով միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կարգավորման շրջանակների մեջ մտնող հարաբերությունները, եթե պայմանագրի մյուս կողմը ցանկանում է դրանք կնքել Հայաստանի Հանրապետության անունից:
ՀՈԴՎԱԾ 8. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքին և այլ օրենքներին համապատասխան Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասության մեջ մտնող հարաբերություններ:
2. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով կարգավորվում են`
ա) ընդհանուր տնտեսական, ներառյալ` առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության, գիտության և տեխնիկայի, կրթության, օտարերկրյա ներդրումների և հարկային հարաբերությունները.
բ) տնտեսության առանձին ճյուղերի հետ կապված հարաբերությունները, եթե դրանք ուղղակիորեն չեն մտնում համապատասխան ճյուղի պետական կառավարում իրականացնող հանրապետական գործադիր մարմնի իրավասության մեջ.
գ) միջկառավարական միջազգային կազմակերպություններ ստեղծելու, դրանց միանալու, վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալու կամ դրանք տրամադրելու, ֆինանսական համագործակցության և դրանց հետ կապված այլ հարաբերություններ:
3. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ, այնպես էլ ի կատարումն Հայաստանի Հանրապետության միջպետական կամ այլ միջկառավարական պայմանագրի:
i
3.1. Բացառիկ դեպքերում Հայաստանի Հանրապետությունը կարող է միջազգային պայմանագիր կնքել միջազգային կամ օտարերկրյա ոչ կառավարական կազմակերպության կամ միավորման հետ, որը հիմնադրվել է բարեգործական կամ մարդասիրական գործունեության նպատակով և Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու է բարեգործական, մարդասիրական կամ զարգացման, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական գործունեություն կամ Հայաստանի Հանրապետությանը տրամադրելու է մարդասիրական, բարեգործական, տեխնիկական, տնտեսական կամ ֆինանսական օգնություն:
Այդպիսի պայմանագիրը նույնպես համարվում է Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիր:
4. Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագրով չեն կարող կարգավորվել Հայաստանի Հանրապետության միջպետական պայմանագրով կարգավորվող հարաբերություններ:
(8 հոդվածը լրաց. 05.03.01 ՀՕ-144 օրենք)
ՀՈԴՎԱԾ 9. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով կարգավորվում են միջգերատեսչական համագործակցության, փոխօգնության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այն հարաբերությունները, որոնք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, մտնում են Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր համապատասխան մարմնի, գլխավոր դատախազության, գիտությունների ազգային ակադեմիայի, կենտրոնական բանկի (այսուհետ` գերատեսչություններ) իրավասության մեջ:
2. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը կարող է կնքվել ինչպես գերատեսչությունների նախաձեռնությամբ, այնպես էլ ի կատարումն Հայաստանի Հանրապետության միջպետական, միջկառավարական կամ այլ միջգերատեսչական պայմանագրի:
3. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագրով չեն կարող կարգավորվել Հայաստանի Հանրապետության միջպետական և միջկառավարական պայմանագրերով կարգավորվող հարաբերություններ:
ԳԼՈՒԽ III
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 10. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները` իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով, ինչպես նաև օտարերկրյա պետությունները և միջազգային իրավունքի այլ սուբյեկտներ:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես գալ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով` վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ գերատեսչությունները կարող են նաև սեփական նախաձեռնությամբ կամ սույն հոդվածի 2-րդ կետում նշված մարմինների և պաշտոնատար անձանց հանձնարարությամբ համատեղ մշակել միջազգային պայմանագրի նախագիծ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող և պատասխանատվություն է կրում պայմանագրի նախագծի համաձայնեցման և հետագա ընթացքի համար:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու հանձնարարական կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրեր կնքելու վերաբերյալ, բացառությամբ կենտրոնական բանկի և գլխավոր դատախազության անունից կնքվող միջգերատեսչական պայմանագրի:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված հանձնարարականների կատարման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են միջազգային պայմանագրի կնքման առաջարկությանն ընթացք տալու վերաբերյալ սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետի, 13 հոդվածի, ինչպես նաև 14 հոդվածի 2-րդ կետի նորմերով, եթե այդ հանձնարարականներով այլ բան նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 11. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ |
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է գալիս գերատեսչությունը, ապա նա մշակում է համապատասխան պայմանագրի նախագիծն ու դրա կնքման անհրաժեշտության կամ նպատակահարմարության հիմնավորմամբ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու նախաձեռնությամբ հանդես է եկել օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, և համապատասխան առաջարկությունը ներկայացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն, ապա վերջինս` առաջարկությունն ստանալուց հետո` հինգօրյա ժամկետում, դա հասցեագրում է համապատասխան գերատեսչությանը:
Եթե առաջարկությունն ստացվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով կամ անմիջականորեն, ապա համապատասխան գերատեսչությունը դա ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, դրա վերաբերյալ գրավոր կարծիք է ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով համապատասխան գերատեսչությունների առաջարկությունները կամ կարծիքներն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
i
ՀՈԴՎԱԾ 12. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ |
i
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան որոշում ընդունելով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրի կնքման նախաձեռնությամբ կամ այն գերատեսչությանը, որի իրավասության մեջ են մտնում այդ պայմանագրով կարգավորվող հարցերը (այսուհետ` իրավասու գերատեսչություն):
Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրի կնքման հետ կապված հարցերի վերաբերյալ:
2. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության վերաբերյալ համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունն ստանալուց հետո (եթե Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը այլ ժամկետ չեն սահմանել), իրավասու գերատեսչությունը 1 ամսվա ընթացքում`
ա) վերանայում է միջպետական կամ միջկառավարական պայմանագիր կնքելու առաջարկության հետ կապված բոլոր փաստաթղթերը և անհրաժեշտության դեպքում ճշգրտում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծը կամ մշակում է այդպիսի նախագիծ, եթե օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից ստացված առաջարկությանը դա կցված չէ:
Եթե առաջարկությունն ստացվել է օտարերկրյա պետությունից կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտից, և դրան կցված է եղել համապատասխան պայմանագրի նախագիծը, ապա իրավասու գերատեսչությունը մշակում է այդ նախագծի վերաբերյալ իր նախնական կարծիքը.
բ) սույն կետի «ա» ենթակետով նախատեսված գործողություններն ավարտելուց հետո, համապատասխան միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծը համաձայնեցնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, ինչպես նաև տվյալ միջազգային պայմանագրով շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ:
ՀՈԴՎԱԾ 13. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ |
1. Համաձայնեցման նպատակով` Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն ստանալուց հետո` տասնհինգօրյա ժամկետում, շահագրգիռ գերատեսչությունները պարտավոր են իրենց կարծիքը կամ դիտողությունները և առաջարկությունները ներկայացնել իրավասու գերատեսչություն:
Համաձայնեցման նպատակով ներկայացված Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթների առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը նախագիծը կազմողին առաջարկում է վերացնել դրանք, իսկ Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող դրույթների առկայության դեպքում նախագիծը կազմողի ուշադրությունն է հրավիրում նման դրույթների պահպանման նպատակահարմարության վրա:
Շահագրգիռ գերատեսչությունների կարծիքները կամ դիտողությունները և առաջարկություններն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, իրավասու գերատեսչությունն ուսումնասիրում է դրանք, անհրաժեշտության դեպքում լրամշակում կամ վերամշակում է պայմանագրի նախագիծն ու ներկայացնում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Եթե իրավասու գերատեսչությունը լրիվ կամ մասամբ համաձայն չէ շահագրգիռ գերատեսչությունների կարծիքների կամ դիտողությունների ու առաջարկությունների հետ, ապա այդ մասին նույնպես հայտնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն` նշելով անհամաձայնության պատճառները:
2. Հայաստանի Հանրապետության միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագծում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին հակասող դրույթների պահպանման նպատակահարմարության հարցը լուծում է նախագիծը կազմողը:
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը միջպետական կամ միջկառավարական պայմանագրի նախագիծն իրավասու գերատեսչությունից ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, ներկայացնում է պայմանագրի մյուս կողմին:
Եթե նախատեսվում է կնքել միջպետական կամ միջկառավարական բազմակողմ պայմանագիր, ապա դրա նախագիծն ուղարկվում է բոլոր կողմերին կամ այն միջազգային կազմակերպությանը կամ դրա մարմնին, որը պատասխանատու է կամ լիազորված է նախագծի տեքստի համաձայնեցման համար:
i
ՀՈԴՎԱԾ 14. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆՆ ԸՆԹԱՑՔ ՏԱԼԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությունը` անկախ այն հանգամանքից` Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետության, թե միջազգային իրավունքի այլ սուբյեկտի նախաձեռնությամբ է դա արվել, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դա համաձայնեցման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն, որը դրա վերաբերյալ ընդունում է համապատասխան որոշում:
Եթե Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկություն է արել իրավասու գերատեսչությունը, ապա վերջինս առաջարկությանը պետք է կցի համապատասխան պայմանագրի նախագիծը` հիմնավորելով դրա կնքման անհրաժեշտությունը կամ նպատակահարմարությունը:
Եթե առաջարկությունն արել է օտարերկրյա պետությունը կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ և դա դիվանագիտական ուղիներով տրամադրել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը, ապա վերջինս առաջարկությունը հասցեագրում է իրավասու գերատեսչությանը:
Միջգերատեսչական պայմանագիր կնքելու առաջարկությունն ընդունելու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, այդ մասին հայտնում է իրավասու գերատեսչությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությունն ստանալուց հետո իրավասու գերատեսչությունը տվյալ միջգերատեսչական պայմանագրի նախագիծը ներկայացնում է սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված շահագրգիռ գերատեսչությունների համաձայնեցմանը:
Միջգերատեսչական պայմանագրի կնքման առաջարկության, այդ պայմանագրի նախագծի վերաբերյալ կարծիք կամ դիտողություններ ու առաջարկություններ ներկայացնելու, դրանք քննարկելու և պայմանագրի մյուս կողմին տրամադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են սույն օրենքի 12 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով և 13 հոդվածով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 15. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ, ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ, ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ, ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախագիծը կամ այդպիսի պայմանագրի նախագծի վերաբերյալ հայկական կողմի կարծիքը կամ դիտողություններն ու առաջարկությունները պայմանագրի մյուս կողմին ներկայացնելուց հետո Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, ներգրավելով իրավասու գերատեսչություններին, կազմակերպում և ղեկավարում է այդ պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները, պայմանագրի տեքստը մյուս կողմի հետ համաձայնեցնելու, նախաստորագրելու, ստորագրելու և սահմանված կարգով վավերացման կամ հաստատման ներկայացնելու հետ կապված աշխատանքները:
ՀՈԴՎԱԾ 16. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ, ԴԱ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԻՆՔ |
1. Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունեն բանակցություններ վարել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի շուրջ և ստորագրել դա:
Գերատեսչության ղեկավարը, առանց հատուկ լիազորությունների, իրավունք ունի բանակցություններ վարել միջգերատեսչական պայմանագրի շուրջ և ստորագրել դա:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և այդ պայմանագիրն ստորագրելու իրավունք ունեն նաև այն անձինք, ովքեր դրա համար ստացել են հատուկ լիազորություններ:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիր կնքելու շուրջ բանակցություններ վարելու և դա ստորագրելու համար հատուկ լիազորություններ տալիս են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական պայմանագրի վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական պայմանագրի վերաբերյալ.
գ) գերատեսչության ղեկավարը` գերատեսչության անունից կնքվելիք միջգերատեսչական պայմանագրի վերաբերյալ:
Սույն կետով սահմանված կարգով լիազորություններ են տրվում նաև միջազգային պայմանագիրը նախաստորագրելու համար:
Սույն կետով նախատեսված դեպքերում հատուկ լիազորությունների տրամադրումը կատարվում է համապատասխան իրավասու պաշտոնատար անձի կողմից սահմանված կարգով տրված լիազորագրով:
ՀՈԴՎԱԾ 17. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՆԱԽԱՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նախաստորագրումը դրա կնքման փուլն է, որի ընթացքում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված անձն այդ պայմանագրի յուրաքանչյուր էջի վրա նշագրում կատարելու միջոցով հավաստում է գրավոր տեքստի վերաբերյալ հայկական կողմի նախնական համաձայնությունը, որից հետո պայմանագիրը սահմանված կարգով պատրաստ է ստորագրման` Հայաստանի Հանրապետության կողմից:
2. Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության կողմից կարող է նախաստորագրվել միայն այդ պայմանագրի նախագծի մշակման և նախաստորագրման համար սույն օրենքով նախատեսված բոլոր գործողություններն ավարտվելուց հետո, եթե այլ բան նախատեսված չէ այդպիսի պայմանագիր կնքելու հանձնարարականով:
Միջազգային պայմանագիրը նախաստորագրելուց առաջ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մյուս կողմի հետ համաձայնեցնում է պայմանագրի նախաստորագրման վայրը, ժամկետն ու ծանուցում է հայկական կողմի պաշտոնական ներկայացուցչի կամ պատվիրակության կազմի մասին:
Միջազգային պայմանագրի նախաստորագրմանը հավասարեցվում է պայմանագրի վերջնական տեքստը մյուս կողմին ուղարկելը և այդ տեքստին համաձայն լինելու մասին նրա պաշտոնական ծանուցումը հայկական կողմին ներկայացնելը, եթե որևէ պատճառով հնարավոր չի եղել նախաստորագրման իրականացումը:
3. Նախաստորագրված միջազգային պայմանագրի տեքստը կարող է փոփոխվել միայն պայմանագիրն ստորագրելուց առաջ դրանում որոշակի ճշգրտումներ կամ ուղղումներ կատարելու համար կողմերի միջև ձեռք բերված լրացուցիչ պայմանավորվածության դեպքերում:
ՀՈԴՎԱԾ 18. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրումը դրա կնքման փուլն է, որով ավարտվում են պայմանագրի շուրջ բանակցությունները, և որի ընթացքում նախաստորագրված պայմանագիրը` ի հաստատումն դրա տեքստի հետ վերջնական համաձայնության, Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրում է սույն օրենքով այդպիսի իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը, որից հետո պայմանագիրը համարվում է Հայաստանի Հանրապետության համար կնքված կամ ենթակա է վավերացման կամ հաստատման սույն օրենքով սահմանված կարգով:
2. Ստորագրված միջազգային պայմանագրի տեքստը ենթակա չէ փոփոխման:
Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող, ապա դրա տեքստը կարող է սույն օրենքով սահմանված կարգով փոփոխվել, նոր հիմունքներով ստորագրվել և ներկայացվել վավերացման` տեքստից հանելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթները:
Այդ դեպքում պարտադիր չեն միջազգային պայմանագրի նախագծի համաձայնեցման և դրա նախաստորագրման վերաբերյալ սույն օրենքի պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ մյուս կողմի հետ ձեռք բերված պայմանավորվածությամբ:
3. Եթե միջպետական պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից կամ մինչև ուժի մեջ մտնելը կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա Հայաստանի Հանրապետության կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում մյուս կողմի հետ համաձայնեցնել, որ պայմանագիրն ուժի մեջ կմտնի դրա վավերացումից հետո: Այդպիսի համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում Հայաստանի Հանրապետության կողմից իրավասու կամ լիազոր անձը նման դրույթներ պարունակող պայմանագիրն ստորագրելիս պետք է վերապահում կատարի` նշելով, որ այդ պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտնելու կամ կիրառվելու է սույն օրենքով սահմանված կարգով:
Սույն կետի նորմերը տարածվում են նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերի վրա, որոնք սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի, ինչպես նաև 24 հոդվածի նորմերին համապատասխան վավերացնում կամ հաստատում են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ստորագրմանը հավասարազոր է ճանաչվում դիվանագիտական ուղիներով նոտաների փոխանակման միջոցով կողմերի միջև համապատասխան բնագավառում հարաբերություններ հաստատելու մասին համաձայնության ձեռքբերումը:
5. Միջազգային իրավունքի նորմերով և սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը կարող է ստորագրել նաև ստորագրման համար բաց միջազգային պայմանագիր, որի նախագծի նախապատրաստման, ինչպես նաև նախաստորագրման և ստորագրման ներկայացնելու աշխատանքներին ինքը չի մասնակցել:
ՀՈԴՎԱԾ 19. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԱՆՁՆԵԼՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏՈՒԿ ԴԵՊՔԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար սահմանված ծավալների շրջանակներում Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի վարկային, երաշխիքային կամ Հայաստանի Հանրապետության համար այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջազգային պայմանագրի նախապատրաստման նպատակով կնքել նախնական պայմանագիր, որն ուժի մեջ է մտնում և կիրառվում այդ պայմանագրով սահմանված կարգով` առանց սույն օրենքի ընթացակարգերի պահպանման, ինչպես նաև օգտագործել միջազգային պայմանագրի նախապատրաստման և դրա հետ կապված պարտավորությունների կատարման համար նախատեսված դրամական և այլ միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 20. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԼԵԶՈՒՆ |
1. Հայաստանի Հանրապետության երկկողմ և բազմակողմ միջազգային պայմանագրերի նախագծերը մշակվում և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ գերատեսչությունների հետ համաձայնեցվում են հայերենով:
Եթե երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի նախագիծը ներկայացրել է որևէ օտարերկրյա պետություն կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտ, ապա դա թարգմանվում է հայերեն:
2. Միջազգային պայմանագրի հայերենով և օտար լեզվով տեքստեր կազմելու կամ դրանք հայերեն թարգմանելու (եթե պայմանագրի նախագիծը ստացվել է մյուս կողմից) պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչության վրա:
3. Երկկողմ միջազգային պայմանագրի բնօրինակներից մեկն ստորագրվում է հայերենով:
4. Բազմակողմ միջազգային պայմանագիրը կարող է ստորագրվել օտար լեզվով, ինչպես նաև հայերենով, եթե դա նախատեսված է տվյալ միջազգային պայմանագրով:
5. Հայերենով ստորագրվող միջազգային պայմանագրին զուգահեռաբար ստորագրվող որևէ օտար լեզվով տեքստի նկատմամբ նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
6. Սույն հոդվածով սահմանված կարգով` օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագիրը հայերեն թարգմանելու պարտականությունը դրվում է իրավասու գերատեսչությունների վրա:
Օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստի հետ հայերեն թարգմանության նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Նույնականացված հայերեն տեքստը (պաշտոնական թարգմանությունը) հավասարազոր է օտար լեզվով ստորագրված միջազգային պայմանագրի տեքստին:
ՀՈԴՎԱԾ 21. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՈՒՄԸ, ՀԱՍՏԱՏՈՒՄԸ ԿԱՄ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումն այդ պայմանագրի կնքման փուլն է, որի ընթացքում հայկական կողմից ստորագրված միջազգային պայմանագրի վերաբերյալ սույն օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինը համապատասխան որոշում է ընդունում, և այդ հիմքով պայմանագիրը, դրա ուժի մեջ մտնելու պահից, պարտադիր է ճանաչվում Հայաստանի Հանրապետության համար:
Եթե հայկական կողմի ստորագրած միջազգային պայմանագիրը նախատեսում է դրա ընդունումը, ապա սույն օրենքով սահմանված կարգով իրավասու մարմնի` այդ պայմանագրի վավերացման կամ հաստատման մասին որոշումը փոխարինում է պայմանագրի ընդունման մասին որոշմանը:
ՀՈԴՎԱԾ 22. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼԸ |
i
1. Հայաստանի Հանրապետությունը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, կարող է միանալ ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին, որում ինքը հանդես չի եկել որպես պայմանագրի կողմ:
2. Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը, գերատեսչությունները` իրենց գործունեության ոլորտին կամ իրավասությանը վերաբերող հարցերով:
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը կարող է հանդես գալ միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ նաև այլ գերատեսչության իրավասությանը վերաբերող հարցերով` վերջինիս համապատասխան առաջարկություն ներկայացնելու միջոցով:
Միջազգային պայմանագրին միանալու նախաձեռնությամբ կարող են հանդես գալ շահագրգիռ մեկից ավելի գերատեսչություններ: Այդ դեպքում դրանցից մեկը հանդես է գալիս որպես գլխավոր նախաձեռնող, որը պատասխանատու է այդ պայմանագրին միանալու նպատակահարմարությունը հիմնավորելու և հետագա ընթացքի համար:
3. Միջազգային պայմանագրին միանալու հանձնարարականներ կարող են տալ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության վարչապետը` միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերին միանալու վերաբերյալ, բացառությամբ կենտրոնական բանկին և գլխավոր դատախազությանը վերաբերող միջգերատեսչական պայմանագրերի:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ կետերին համապատասխան միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը կամ հանձնարարականին ընթացք տալու համար իրավասու գերատեսչությունը հայերեն է թարգմանում միանալու ենթակա միջազգային պայմանագիրը, որի նույնականությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը: Միջազգային պայմանագիրը, դրան միանալու նպատակահարմարության հիմնավորմամբ, իրավասու գերատեսչությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
5. Համապատասխան գերատեսչությունների առաջարկություններն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ուսումնասիրում է դրանք և տվյալ միջազգային պայմանագրին միանալու վերաբերյալ բոլոր փաստաթղթերը կամ դրանց պատճենները նախարարության կարծիքի հետ համապատասխանաբար ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնեցմանը:
Եթե միջազգային պայմանագրին միանալու առաջարկությանը համաձայնություն են տվել համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` համապատասխան որոշում ընդունելով, ապա Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով այդ մասին հայտնվում է այն գերատեսչությանը, որը հանդես է եկել տվյալ պայմանագրին միանալու նախաձեռնությամբ:
Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է համաձայնության հետ միաժամանակ որոշակի հանձնարարականներ տալ տվյալ պայմանագրին միանալու հետ կապված հարցերի վերաբերյալ:
6. Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրին կարող է միանալ սույն օրենքով իրավասու մարմնի` տվյալ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին որոշում ընդունելու միջոցով, որը հիմք է դրանով նախատեսված կարգով դա Հայաստանի Հանրապետության համար պարտադիր և Հայաստանի Հանրապետությունն այդ պայմանագրի կողմ ճանաչելու համար:
ՀՈԴՎԱԾ 23. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը վավերացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը և Հայաստանի Հանրապետության Նախագահը:
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է միջպետական պայմանագիրը: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացնում է նաև միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք`
ա) վերաբերում են վարկեր, փոխառություններ, երաշխիքներ ստանալուն կամ դրանք տրամադրելուն կամ Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ:
Սույն օրենքի համաձայն` այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ են համարվում, մասնավորապես, հարկային և այլ պարտադիր վճարումների գծով արտոնություններ, միջազգային կազմակերպությունների պահպանման, միջպետական (միջկառավարական) հիմնադրամների ձևավորման նպատակով դրամական միանվագ կամ պարբերական մուծումներ նախատեսող պարտավորությունները:
Այլ անմիջական ֆինանսական պարտավորություններ չեն համարվում, մասնավորապես, գործուղումների, օտարերկրյա քաղաքացիների ընդունելության, բնակարանների և այլ գույքի վարձակալության հետ կապված պարտավորությունները.
բ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող նորմեր.
գ) պարունակում են Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու նորմեր:
3. Հայաստանի Հանրապետության Նախագահը վավերացնում է բոլոր միջկառավարական պայմանագրերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի:
i
4. Միջգերատեսչական պայմանագիրը, եթե դա, սույն հոդվածի 2-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն, ենթակա չէ վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, սակայն պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, կամ կողմերը նախատեսել են այդ պայմանագրի հաստատումը, ապա այդ պայմանագիրը հաստատում են`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե պայմանագիրը հակասում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ կնքված է կենտրոնական բանկի կամ գլխավոր դատախազության անունից.
i
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե պայմանագիրը կնքված է Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչությունների անունից:
i
5. Միջազգային իրավունքի նորմերին համապատասխան ուժի մեջ մտած միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու հարցը որոշում են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, համապատասխան գերատեսչությունը` ելնելով սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կետերի և սույն օրենքի 24 հոդվածի պահանջներից:
Այն միջգերատեսչական պայմանագրին միանալու դեպքում, որը պարունակում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերին կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին հակասող դրույթներ, այդ պայմանագիրը, սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն, ներկայացվում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:
i
ՀՈԴՎԱԾ 24. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի մասին օրենքով տվյալ տարվա համար հաստատված արտաքին փոխառության ծավալների շրջանակներում նախապատրաստված և ստորագրված վարկային, երաշխիքային կամ Հայաստանի Հանրապետության համար այլ ֆինանսական պարտավորություններ նախատեսող միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերը, ինչպես նաև միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական այն պայմանագրերը, որոնք նախատեսում են մարդասիրական օգնության, նվիրատվության կամ դրամաշնորհների տրամադրում Հայաստանի Հանրապետությանը կամ վերաբերում են տեխնիկատնտեսական, ֆինանսական համագործակցությանը, որոնք հայկական կողմի վրա փոխադարձ համարժեք պարտավորություններ չեն դնում, և եթե դրանք նույնիսկ նախատեսում են հարկային, մաքսային, պետական տուրքի և պարտադիր այլ վճարումների գծով արտոնություններ`
i
ա) վավերացնում կամ հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը, եթե դա համապատասխանաբար միջպետական կամ միջկառավարական պայմանագիր է կամ կնքված է կենտրոնական բանկի կամ գլխավոր դատախազության անունից.
i
բ) հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, եթե դա միջգերատեսչական պայմանագիր է:
ՀՈԴՎԱԾ 25. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԿԱՄ ԴՐԱՆ ՄԻԱՆԱԼՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, սույն օրենքով սահմանված կարգով, վավերացման, հաստատման կամ դրան միանալուն ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն ապահովում է հետևյալ փաստաթղթերն ստանալը`
ա) պայմանագիրը վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալու նպատակահարմարության վերաբերյալ դրա կնքման համար պատասխանատու գերատեսչության հիմնավորումը.
բ) պայմանագրի դրույթների և Հայաստանի Հանրապետության օրենսդրության միջև հակասության կամ դրա բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կարծիքը.
գ) պայմանագրով Հայաստանի Հանրապետության համար անմիջական ֆինանսական պարտավորություններ սահմանող կամ դրա բացակայության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը.
դ) տվյալ պայմանագրի կողմ համարվող օտարերկրյա պետության կամ միջազգային իրավունքի այլ սուբյեկտի կողմից այդ պայմանագիրը վավերացրած կամ հաստատած լինելու կամ նրանց համար պայմանագիրն ուժի մեջ մտած լինելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկանքը:
Սույն կետի «ա», «բ» և «գ» ենթակետերով նախատեսված փաստաթղթերը գերատեսչությունները Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են ներկայացնում վերջինիս կողմից համապատասխան հարցում ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված փաստաթղթերն ստանալուց հետո` երեսունօրյա ժամկետում, դրանք միջազգային պայմանագրի հետ ներկայացնում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահին կամ Հայաստանի Հանրապետության կառավարություն:
ՀՈԴՎԱԾ 26. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ |
Եթե Հայաստանի Հանրապետության միջկառավարական պայմանագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության Նախագահը, և դա սույն օրենքին համապատասխան ենթակա չէ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը, ապա պայմանագիրը վավերացված է համարվում դրա ստորագրման պահից:
ՀՈԴՎԱԾ 27. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՎԱՎԵՐԱՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության Նախագահը նախապես ներկայացնում է Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան` պայմանագրում ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանելու հարցի վերաբերյալ սահմանադրական դատարանի որոշումն ստանալու համար:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի դրական որոշումն ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահը միջազգային պայմանագիրը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
ՀՈԴՎԱԾ 28. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՂ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ |
1. Եթե Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշում է ընդունել միջազգային պայմանագրով ամրագրված պարտավորությունները Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասելու մասին, ապա Հայաստանի Հանրապետության Նախագահը, ելնելով Հայաստանի Հանրապետության համար այդ պայմանագրի կարևորությունից, կարող է`
ա) հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը` պայմանագրի մյուս կողմի հետ բանակցություններ վարել դրանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող պարտավորություններ նախատեսող նորմերը փոփոխելու, վերացնելու և սահմանված կարգով վավերացման ներկայացնելու համար.
բ) աննպատակահարմար համարել տվյալ միջազգային պայմանագիր կնքելը` հանձնարարելով այդ մասին դիվանագիտական ուղիներով պարտադիր ծանուցել պայմանագրի մյուս կողմին:
2. Եթե Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող դրույթներ պարունակող միջազգային պայմանագիրը վավերացնել առանց այդ դրույթները վերացնելու, ապա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը նշված պայմանագիրը կարող է վավերացնել միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մեջ սահմանված կարգով համապատասխան փոփոխություններ կատարվելուց հետո:
ՀՈԴՎԱԾ 29. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ, ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԴՐԱՆ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՄ ԴԱ ՄԵՐԺԵԼՈՒ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը միջազգային պայմանագիրը վավերացնելու, դրան միանալու կամ դա մերժելու մասին ընդունում է որոշում, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` հրամանագիր:
Հայաստանի Հանրապետության Նախագահը միջգերատեսչական պայմանագիրը հաստատում կամ մերժում է հրամանագրով, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը` որոշմամբ:
2. Եթե Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը, Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում (հրամանագիր) են ընդունել տվյալ միջազգային պայմանագիրը չվավերացնելու, չհաստատելու կամ դրան չմիանալու մասին, ապա այդ պայմանագիրը կարող է կրկնակի վավերացման, հաստատման կամ միանալու ներկայացվել` անհրաժեշտության դեպքում պահպանելով դրա համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգը:
Երկրորդ անգամ պայմանագիրը չվավերացնելու, չհաստատելու կամ դրան չմիանալու դեպքում դա այլևս չի կարող վավերացնելու, հաստատելու կամ դրան միանալու ներկայացվել, եթե համապատասխան իրավասու մարմինն այլ որոշում չընդունի:
3. Եթե Հայաստանի Հանրապետության միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագիրը սույն օրենքի պահանջների պահպանմամբ ուժի մեջ է մտել կամ ենթակա է ժամանակավորապես կիրառման ստորագրման պահից, և եթե դա սույն օրենքին համապատասխան վավերացնում կամ հաստատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ վերջիններս երկրորդ անգամ մերժել են դրա վավերացումը կամ հաստատումը և այլ որոշում չեն ընդունել, ապա իրավասու գերատեսչությունը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, միջոցներ է ձեռնարկում այդ պայմանագրի գործողությունը Հայաստանի Հանրապետության համար դադարեցնելու ուղղությամբ:
Եթե մերժվել է սույն օրենքի 19 հոդվածով նախատեսված միջազգային պայմանագրի վավերացումը կամ հաստատումը, ապա Հայաստանի Հանրապետությունը պատասխանատու է այդ պայմանագրով ստանձնած այն պարտավորությունների շրջանակներում, որոնք սույն օրենքի 19 հոդվածի նորմերի պահպանմամբ նախատեսվել են նախքան տվյալ պայմանագրի ուժի մեջ մտնելու համար սույն օրենքով նախատեսված ընթացակարգերի կատարումը:
ՀՈԴՎԱԾ 30. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելն այդ պայմանագրի կնքման ավարտական փուլն է, երբ միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան` այդ պայմանագիրն ստորագրելուց, վավերացնելուց, հաստատելուց կամ դրան միանալուց հետո իրականացվում են տվյալ պայմանագրով նախատեսված իրավունքների ու պարտականությունների ծագման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավաբանական վերջին գործողությունները, որոնց ավարտմամբ կամ ավարտից հետո տվյալ պայմանագիրը համարվում է կնքված, և պայմանագրով նախատեսված ժամկետից այդ իրավունքները և պարտականությունները համարվում են ծագած:
Միջազգային պայմանագրի կնքմանը հավասարազոր է ճանաչվում միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության կողմից իրեն միջազգային պայմանագրի իրավահաջորդ ճանաչելը (հայտարարելը):
2. Սույն օրենքով սահմանված կարգով ստորագրված, վավերացված, հաստատված կամ դրան միացած` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ուժի մեջ է մտնում`
ա) վավերացվելուց, հաստատվելուց կամ դրան միանալուց հետո` տվյալ պայմանագրով նախատեսված կարգով.
բ) միջազգային պայմանագրի պաշտոնական հրապարակումից հետո, եթե պայմանագիրը վերաբերում է մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին.
գ) ստորագրման կամ տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված այլ պահից, եթե պայմանագիրը միջկառավարական կամ միջգերատեսչական է և, սույն օրենքի 23 և 24 հոդվածների նորմերին համապատասխան, ենթակա չէ վավերացման կամ հաստատման համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
ՀՈԴՎԱԾ 31. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԵՎ ՄԻՆՉԵՎ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՏՈՒԿ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ |
1. Եթե Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դա ուժի մեջ է մտնում ստորագրման պահից կամ դա կարող է ժամանակավորապես կիրառվել մինչև սահմանված կարգով ուժի մեջ մտնելը, և այդ պայմանագրի ստորագրման պահին չի ապահովվել վերապահում կատարելու մասին սույն օրենքի 18 հոդվածի 3-րդ կետի պահանջը, ապա այդպիսի միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են հետևյալ կանոնները, եթե`
ա) միջազգային պայմանագիրն ստորագրված է Հայաստանի Հանրապետության անունից, կամ դա դասվում է սույն օրենքի 23 հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով նախատեսված միջկառավարական կամ միջգերատեսչական պայմանագրի շարքին, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով դրանց ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության համար չեն գործում այդ պայմանագրի` ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու վերաբերյալ դրույթները.
բ) միջազգային պայմանագիրը պարունակում է Հայաստանի Հանրապետության օրենքներին հակասող կամ օրենքներում փոփոխություններ կատարելու կամ նոր օրենքներ ընդունելու վերաբերյալ դրույթներ, ապա մինչև սույն օրենքով սահմանված կարգով այդ պայմանագրի ուժի մեջ մտնելը ստորագրման պահից ուժի մեջ մտնելու կամ ժամանակավորապես կիրառելու մասին տվյալ պայմանագրի դրույթները Հայաստանի Հանրապետության համար գործում են այդ պայմանագրով նախատեսված միայն այն պարտավորությունների կամ նորմերի նկատմամբ, որոնք չեն հակասում Հայաստանի Հանրապետության օրենքներին:
2. Եթե սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետով նախատեսված միջազգային պայմանագրի` սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտնելու համար նախատեսված ընթացակարգերը չեն ավարտվում այդ պայմանագիրն ստորագրելուց հետո` 1 տարվա ընթացքում, ապա նշված ենթակետով նախատեսված պայմանագրի գործողությունը ենթակա է դադարեցման հայկական կողմի համար:
ՀՈԴՎԱԾ 32. |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԵՐԱՊԱՀՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով միջազգային պայմանագիրն ստորագրելիս կամ վավերացնելիս, հաստատելիս կամ դրան միանալիս հայկական կողմը կարող է դրա վերաբերյալ կատարել վերապահումներ կամ վերացնել կատարված վերապահումները, ինչպես նաև ընդունել մյուս կողմի` նույն պայմանագրի վերաբերյալ կատարված վերապահումները կամ առարկել դրանց դեմ` միջազգային իրավունքի նորմերին և սույն օրենքի պահանջներին համապատասխան:
Միջազգային պայմանագրի վերաբերյալ կատարված վերապահումների և դրանց վերաբերյալ առարկելու իրավաբանական հետևանքների նկատմամբ կիրառվում են միջազգային իրավունքի և սույն օրենքի համապատասխան նորմերը:
ՀՈԴՎԱԾ 33. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԱՎԵՐԱԳԻՐ ԿԱՄ ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵԼԸ |
1. Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագիրը:
Սույն կետով նախատեսված միջազգային պայմանագրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է վավերագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմին կամ ավանդապահին տեղեկացվում է այն մասին, որ այդ պայմանագրի վավերացմամբ դա պարտադիր է դարձել Հայաստանի Հանրապետության համար:
2. Միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընդունած որոշումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահն ստորագրում է հայտարարագիր, որով այդ պայմանագրի մյուս կողմերին կամ ավանդապահին տեղեկացվում է այդ պայմանագրին Հայաստանի Հանրապետության միանալու մասին:
Հայաստանի Հանրապետության Նախագահի ստորագրած վավերագրերը և հայտարարագրերն ամրագրվում են Հայաստանի Հանրապետության կնիքով և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի ստորագրությամբ:
3. Սույն օրենքով սահմանված կարգով` Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած կամ հաստատած և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած միջազգային պայմանագրի վերաբերյալ վավերագիրը, ինչպես նաև միջազգային պայմանագրերին միանալու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերի կամ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների վերաբերյալ հայտարարագրերն ստորագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը և ամրագրում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կնիքով:
4. Միջազգային պայմանագրի վավերագրերի փոխանակման կամ այդ պայմանագրի ավանդապահներին վավերագրերի և հայտարարագրերի հանձնման գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
ՀՈԴՎԱԾ 34. |
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՑ ԲԽՈՂ ԱՅԼ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող այլ միջազգային պայմանագիր կարող է կնքվել, եթե այդպիսի պահանջ կա ուժի մեջ մտած պայմանագրում, կամ եթե նոր միջազգային պայմանագրի կնքումն անհրաժեշտ է ուժի մեջ մտած պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու համար:
2. ՈՒժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիրը կնքվում է միջազգային պայմանագիրը կնքելու` սույն օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե այլ կարգ նախատեսված չէ ուժի մեջ մտած պայմանագրով, կամ եթե նոր կնքվող պայմանագրով չի նախատեսվում այնպիսի լրացուցիչ դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
ՀՈԴՎԱԾ 35. |
ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ, ԱՅԴ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում կարող են կատարվել փոփոխություններ, լրացումներ և ուղղումներ:
Փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում կիրառվում են միջազգային պայմանագիրը կնքելու` սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը, եթե այլ կարգ սահմանված չէ այդ պայմանագրով, կամ եթե փոփոխությունները և լրացումները չեն նախատեսում այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
Միջազգային պայմանագրում ուղղումները կատարվում են միջազգային իրավունքի նորմերին համապատասխան:
2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա դրա պայմանները մեկնաբանվում են` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից: Պայմանագրի պայմանի տառացի նշանակությունը պարզ չլինելու դեպքում դա սահմանվում է պայմանագրի մյուս պայմանների և պայմանագրի ամբողջական իմաստի հետ համադրելու միջոցով:
Եթե սույն կետով նախատեսված կանոնները հնարավորություն չեն տալիս որոշել պայմանագրի բովանդակությունը, ապա պետք է պարզվի կողմերի իրական ընդհանուր կամքը` հաշվի առնելով պայմանագրի նպատակը: Ընդ որում, նկատի են առնվում բոլոր համապատասխան հանգամանքները` ներառյալ պայմանագրին նախորդող բանակցությունները և թղթակցությունները, կողմերի փոխադարձ հարաբերություններում հաստատված գործելակերպը, կողմերի հետագա վարքը:
ԳԼՈՒԽ IV
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ, Ի ՊԱՀ ՏԱԼԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 36. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանում:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանը վարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի գրանցման և այդ պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանի լրացման և պահպանման կարգը և պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ներկայացնում է Միավորված ազգերի կազմակերպություն, ինչպես նաև միջազգային այլ կազմակերպություններ, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը, և որոնց հիմնադիր կամ այլ փաստաթղթերով նախատեսված է, որ մասնակից պետությունների միջազգային պայմանագիրը ենթակա է գրանցման կամ պահպանման այդ կազմակերպություններում:
ՀՈԴՎԱԾ 37. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐՆ Ի ՊԱՀ ՏԱԼԸ ԵՎ ԴՐԱ ՊԱՏՃԵՆՆԵՐՆ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՈՒՂԱՐԿԵԼԸ |
1. Հայաստանի Հանրապետությունում երկկողմ միջազգային պայմանագրի ավանդապահը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն է:
Եթե բազմակողմ միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա ավանդապահն է Հայաստանի Հանրապետությունը, ապա այդ պայմանագրի ավանդապահի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրն ստորագրելուց հետո դրա բնագիրը (սահմանված կարգով հաստատված պատճենը, պաշտոնական թարգմանությունը) երկշաբաթյա ժամկետում ի պահ է տրվում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո` 1 ամսվա ընթացքում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը դրա պատճենը, պայմանագրի ուժի մեջ մտնելու մասին նշումով, ուղարկում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի, Հայաստանի Հանրապետության Նախագահի և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմեր, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն և այլ իրավասու գերատեսչություններ:
4. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը սույն հոդվածի 3-րդ կետում նշված մարմիններին տեղեկատվություն է տրամադրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու, վերսկսելու, դադարեցնելու, ինչպես նաև ժամկետը լրացած պայմանագրի գործողությունը երկարաձգելու վերաբերյալ:
ՀՈԴՎԱԾ 38. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագրում»:
«Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պաշտոնական տեղեկագիրը» Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական պարբերականն է, որը հրատարակվում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության սահմանած պարբերականությամբ:
2. Մարդու իրավունքներին, ազատություններին և պարտականություններին վերաբերող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը հրապարակվում են նաև «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում»` Հայաստանի Հանրապետության օրենքների, այլ նորմատիվ իրավական ակտերի հրապարակման մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
ԳԼՈՒԽ V
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ
ՀՈԴՎԱԾ 39. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը ենթակա է անվերապահ կատարման Հայաստանի Հանրապետության կողմից:
ՈՒժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ է մնում այնպիսի գործողություններից, որոնք կարող են հակասել այդ պայմանագրի նպատակներին և առարկային:
ՀՈԴՎԱԾ 40. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ |
Միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը, Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու Հայաստանի Հանրապետության վարչապետը, իրենց իրավասության շրջանակներում, ձեռնարկում են համապատասխան կազմակերպչական և իրավական միջոցներ:
ՀՈԴՎԱԾ 41. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԸ |
1. Գերատեսչությունները, որոնց իրավասության մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարցերը, ապահովում են դրանով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարումը, իրականացնում են այդ պայմանագրից բխող հայկական կողմի իրավունքները, հետևում են, որ նշված պայմանագրի մյուս կողմը (կողմերը) կատարի (կատարեն) պարտավորությունները:
2. Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով կարգավորվող հարաբերությունների բնույթից (միջպետական առևտուր, սահմանների պաշտպանություն, ներդրումների խրախուսում և այլն), դրանով նախատեսվող պարտավորությունների ծավալից, նշանակությունից և առանձնահատկություններից` այդ պայմանագրի կատարման աշխատանքներում կարող են ներգրավվել Հայաստանի Հանրապետության այլ գերատեսչություններ և այլ պետական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմիններ:
3. Միջազգային պայմանագրի հայկական կողմի և մյուս կողմի առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկները, ինչպես նաև ֆիզիկական անձինք այդ պայմանագրով, Հայաստանի Հանրապետության և մյուս կողմի օրենսդրությամբ կամ այլ իրավական ակտերով սահմանված կարգով, նշված պայմանագրի կատարմանը կարող են մասնակցել, եթե նրանց մասնակցությունը բխում է այդ պայմանագրից:
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման ընթացքում սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված գերատեսչությունները, այլ պետական մարմինները, տեղական ինքնակառավարման մարմինները, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, հիմնարկներն ու ֆիզիկական անձինք այդ պայմանագրի մյուս կողմի համապատասխան մարմինների, կազմակերպությունների, հիմնարկների և ֆիզիկական անձանց հետ հաղորդակցվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, եթե նշված պայմանագրով այլ կարգ նախատեսված չէ:
ՀՈԴՎԱԾ 42. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հետևում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարմանը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն իրավունք ունի օրենսդրությամբ սահմանված կարգով իրավասու գերատեսչություններում ծանոթանալ միջազգային պայմանագրի կատարման վիճակին և ընթացքին, համակարգել միջազգային պայմանագրի կատարման ուղղությամբ գերատեսչությունների կողմից կատարվող աշխատանքները:
Ելնելով Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կատարման վիճակից` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, անհրաժեշտության դեպքում, կարող է համապատասխան առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին:
ԳԼՈՒԽ VI
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
ՀՈԴՎԱԾ 43. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել այդ պայմանագրով նախատեսված դեպքերում և կարգով կամ ցանկացած ժամանակ` այդ պայմանագրի բոլոր մասնակիցների համաձայնությամբ, պայմանավորվող այլ պետությունների հետ խորհրդակցելուց հետո, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված դեպքերում:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է կասեցվել նաև, եթե`
ա) Հայաստանի Հանրապետությունը, գտնվելով պատերազմական կամ այլ ռազմական իրավիճակում, տնտեսական կամ այլ շրջափակման մեջ կամ երկրաշարժի, բնական այլ աղետի կամ այլ անհաղթահարելի ուժի ազդեցության տակ, օբյեկտիվ պատճառների բերմամբ հնարավորություն չունի ժամանակին կամ պատշաճ կերպով կատարել իր ստանձնած պարտավորությունները.
բ) միջազգային պայմանագրի մյուս կողմը (կողմերը) էականորեն խախտում է (են) այդ պայմանագրով ստանձնած անմիջական պարտավորությունները և վտանգում պայմանագրի կատարումը.
գ) միջազգային պայմանագրի մյուս կողմը (կողմերը) կասեցրել է (են) այդ պայմանագրի գործողությունը:
Սույն կետով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելը կատարվում է տվյալ պայմանագրի մյուս կողմին դիվանագիտական ուղիներով գրավոր ծանուցելով, իսկ անհրաժեշտության դեպքում` այդ կողմի համաձայնությունն ստանալով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու ծանուցման մեջ նշվում են կասեցման պատճառները, հնարավորության դեպքում` նաև կասեցման ժամկետը:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողության կասեցումն սկսվում է այդ մասին մյուս կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցելու կամ մյուս կողմի համաձայնությունը պաշտոնապես Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում ստանալու պահից:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու համար հիմք դարձած հանգամանքների վերացումից հետո այդ պայմանագրի գործողությունը վերսկսվում է: Այդ մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ծանուցում է մյուս կողմին (կողմերին):
ՀՈԴՎԱԾ 44. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել (ուժը կորցնել) այդ պայմանագրով սահմանված կարգով և այն պահից, երբ`
ա) որոշակի ժամկետով կնքված միջազգային պայմանագրի ժամկետը լրացել է, եթե այդ պայմանագրով սահմանված կարգով այդ ժամկետը չի երկարաձգվում.
բ) անորոշ ժամկետով կնքված միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին ծանուցել է հայկական կողմը կամ մյուս կողմը, եթե այդ պահից հետո պայմանագրով նախատեսված ժամկետը լրացել է.
գ) բազմակողմ միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունը դուրս է եկել այդ պայմանագրից:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև պայմանագրի մյուս կողմի` որպես միջազգային իրավունքի սուբյեկտի վերացմամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ սուբյեկտին փոխարինել է միջազգային իրավունքի մեկ այլ սուբյեկտ, որը, միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ստանձնել է վերացած սուբյեկտի իրավահաջորդի պարտականությունները, ինչպես նաև նույն հարցով նոր (հաջորդական) պայմանագիր կնքելով:
2. Եթե միջազգային պայմանագրով դրա գործողությունը դադարեցնելու մասին դրույթներ նախատեսված չեն, ապա դրա գործողությունը կարող է դադարեցվել (ուժը կորցնել) միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգով:
ՀՈԴՎԱԾ 45. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ |
Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կարող է դադարեցվել նաև չեղյալ հայտարարելու միջոցով: Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի չեղյալ հայտարարելը Հայաստանի Հանրապետության կողմից միակողմանիորեն և այդ պայմանագրով չսահմանված կարգով նշված պայմանագիրն իր համար այլևս պարտադիր չհամարելու մասին որոշում ընդունելն է:
Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար կարող է չեղյալ հայտարարվել, եթե պայմանագրի մյուս կողմը (կողմերը)`
ա) պատերազմական կամ այլ ռազմական գործողություններ է (են) սկսել Հայաստանի Հանրապետության դեմ կամ իրականացնում է (են) Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին սպառնացող այլ գործողություններ.
բ) էականորեն խախտում է (են) պայմանագրով ստանձնած սեփական պարտավորությունները, որի հետևանքով ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ Հայաստանի Հանրապետությունն այլևս նպատակահարմար չի գտնում իր համար այդ պայմանագրի հետագա պարտադիր լինելը.
գ) չեղյալ է (են) հայտարարել Հայաստանի Հանրապետության հետ կնքված միջազգային պայմանագիրը:
Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագիրը կարող է չեղյալ հայտարարել նաև միջազգային իրավունքի նորմերով նախատեսված այլ դեպքերում:
Միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար դադարում է պարտադիր լինել չեղյալ հայտարարելու մասին` իրավասու մարմնի որոշումն ընդունելու պահից, եթե այլ բան նախատեսված չէ այդ որոշմամբ:
ՀՈԴՎԱԾ 46. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ |
1. Սույն օրենքով սահմանված կարգով ուժի մեջ մտած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու և դադարեցնելու մասին առաջարկությամբ կարող են հանդես գալ`
ա) Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացրած միջազգային պայմանագրի առնչությամբ, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետով նախատեսված դեպքերի.
բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը` Հայաստանի Հանրապետության Նախագահի վավերացրած (հաստատած) միջազգային պայմանագրի առնչությամբ.
գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը` սույն կետի «ա» և «բ» ենթակետերով չնախատեսված մնացած միջազգային պայմանագրերի առնչությամբ:
Առաջարկություն ներկայացնող մարմինը հիմնավորում է միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու անհրաժեշտությունը` մատնանշելով դրդապատճառները:
2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին որոշումն ընդունում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը` իր վավերացրած միջազգային պայմանագրի վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության Նախագահը` իր վավերացրած միջազգային պայմանագրի վերաբերյալ, կամ իրավասու գերատեսչության ղեկավարը` համապատասխան միջգերատեսչական պայմանագրի վերաբերյալ:
Եթե Հայաստանի Հանրապետության միջգերատեսչական պայմանագիրը սույն օրենքին համապատասխան հաստատել է Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ապա դրա գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու որոշումը նույնպես հաստատում է համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության Նախագահը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին իրավասու մարմնի որոշումն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն այդ մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է տվյալ միջազգային պայմանագրի մյուս կողմին (կողմերին):
ՀՈԴՎԱԾ 47. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու պահից հայկական կողմի համար ժամանակավորապես դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքներն ու պարտականություններն ամբողջությամբ կամ դրանց մի մասով:
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը կասեցնելու ընթացքում հայկական կողմը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են խոչընդոտել տվյալ միջազգային պայմանագրի գործողության վերսկսմանը:
ՀՈԴՎԱԾ 48. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի գործողությունը դադարեցնելու պահից հայկական կողմի համար ամբողջությամբ դադարում են գործել այդ պայմանագրով նախատեսված իրավունքները և պարտականությունները:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել կողմերի այն իրավունքները և պարտականությունները, որոնք ծագել են ի կատարումն այդ պայմանագրի, ապա այդ իրավունքները և պարտականությունները գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է, որ դրա գործողությունը դադարեցնելուց հետո շարունակում են գործել այդ պայմանագրին համապատասխան կնքված տնտեսական և այլ քաղաքացիաիրավական պայմանագրերը, ապա այդ պայմանագրերը գործում են մինչև սահմանված կարգով դրանց դադարելը:
2. Եթե գործողությունը դադարեցրած Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան կնքվել և գործում է այլ միջազգային պայմանագիր, ապա վերջինս շարունակում է գործել և կարող է դադարեցվել այդ պայմանագրով սահմանված կարգով, եթե այլ բան նախատեսված չէ գործողությունը դադարեցրած այն պայմանագրով, որի հիման վրա կնքվել է այդ պայմանագիրը:
ՀՈԴՎԱԾ 49. |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ |
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը չեղյալ հայտարարելու պահից տվյալ պայմանագիրը հայկական կողմի համար համարվում է առ ոչինչ, որով Հայաստանի Հանրապետությունն իրեն միակողմանիորեն լրիվ ազատում է այդ պայմանագրով նախատեսված իրավունքների և պարտականությունների կատարումից, ինչպես նաև այն հետևանքների համար պատասխանատվությունից, որոնք կարող են բխել նախքան չեղյալ հայտարարելն այդ պայմանագրի գործողության ընթացքում ծագած պարտավորություններից:
ԳԼՈՒԽ VII
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԵՎ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ՀՈԴՎԱԾ 50. |
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ |
1. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքման փուլում գտնվող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի այն դրույթները, որոնք օրենքի ուժի մեջ մտնելու պահից կարգավորում են համապատասխան փուլի և դրան հաջորդող փուլերի հետ կապված հարաբերությունները:
2. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված (ուժի մեջ մտած) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու նկատմամբ կիրառվում են միջազգային պայմանագրի կնքման սույն օրենքով նախատեսված ընթացակարգերը, եթե այլ կարգ սահմանված չէ այդ պայմանագրով, կամ եթե փոփոխություններն ու լրացումները չեն նախատեսում այնպիսի դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
3. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը կնքված (ուժի մեջ մտած) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրից բխող նոր միջազգային պայմանագիրը կնքվում է միջազգային պայմանագրի կնքման սույն օրենքով սահմանված ընթացակարգերով, եթե այլ կարգ նախատեսված չէ ուժի մեջ մտած պայմանագրով, կամ եթե նոր կնքվող պայմանագիրը չի նախատեսում այնպիսի լրացուցիչ դրույթներ, որոնք սույն օրենքի ուժով ենթակա են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը:
ՀՈԴՎԱԾ 51. |
ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:
2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել 1992 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման, վավերացման և չեղյալ հայտարարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը:
16 օգոստոսի 2000թ.
ՀՕ-85