ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 օգոստոսի 2022 թվականի N 1313-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերը, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 8-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագիրը` համաձայն հավելվածի:
i
2. Հայաստանի Հանրապետության մարզպետներին (բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզպետների)` մինչև 2022 թվականի հոկտեմբերի 22-ն ապահովել համայնքների և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության միջև աջակցության և մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարների տրամադրման պայմանագրերի կնքումը:
(2-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1618-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2121-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
(նախաբանը փոփ. 20.10.2022 թիվ 1618-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. օգոստոսի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի օգոստոսի 11-ի
N 1313-Լ որոշման
ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՑՈՐԵՆԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ
1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ
1. Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման 2022 թվականի պետական աջակցության ծրագրի (այսուհետ` ծրագիր) նպատակն է աշխարհաքաղաքական իրադրության, արտաքին սահմանափակումների, շրջանառու միջոցների թանկացման հետևանքների մեղմման, պարենային անվտանգության ապահովման համար 1 հա աշնանացան ցորենի մշակության ծախսերի, մասնավորապես` սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի մասնակի փոխհատուցման միջոցով նպաստել աշնանացան ցորենի ցանքատարածությունների ավելացմանը` նաև չմշակվող հողերի օգտագործման միջոցով, տեղական արտադրության ցորենի ծավալների և տնտեսավարող սուբյեկտների եկամուտների ավելացմանը, ցորենի ֆիզիկական և տնտեսական մատչելիության ապահովմանը:
2. Ծրագիրը կիրականացվի 2022 թվականին Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում` բացառությամբ Արարատի և Արմավիրի մարզերի:
3. Ծրագրի մասնակիցներն են`
1) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ` նախարարություն).
2) Հայաստանի Հանրապետության մարզպետարանները (այսուհետ` մարզպետարան).
3) Հայաստանի Հանրապետության համայնքները (այսուհետ` համայնք).
4) գյուղատնտեսությունում տնտեսավարողները` ֆիզիկական և իրավաբանական անձինք, անհատ ձեռնարկատերեր (այսուհետ` շահառու):
4. Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) ցորենի ցանքատարածություններ մշակող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը:
5. Ծրագրի շրջանակում ցորենի մշակության, ագրոտեխնիկական միջոցառումների կիրառման, սերմերի ախտահանված լինելու վերաբերյալ խորհրդատվություն ստանալու նպատակով նախարարությանը դիմած շահառուներին կտրամադրվի անվճար խորհրդատվություն:
i
6. Ծրագրի շրջանակում պետք է պարտադիր ցանք կատարվի մինչև 2022 թվականի նոյեմբերի 15-ը:
(6-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1618-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
7. Ծրագրի շրջանակում 1 հա-ի հաշվով աշնանացան ցորենի մշակության ծախսերի մասնակի փոխհատուցման նպատակով գնահատվել են սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերը շուրջ 235,5 հազար դրամ: 1 հա-ի հաշվով յուրաքանչյուր շահառուի կփոխհատուցվի`
1) հավաստագրված, աղյուսակում ընդգրկված սորտերի էլիտային կամ 1-ին վերարտադրության սերմերով ցանքի դեպքում` 120,0 հազար դրամ (սերմի, պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով).
2) չհավաստագրված սերմերով ցանքի դեպքում` 70,0 հազար դրամ (միայն պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի հաշվով):
8. Փոխհատուցման գումարը գնահատվել է սերմի, ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի ձեռքբերման ծախսերի շուրջ 50 տոկոսը` պայմանավորված վերջիններիս ձեռքբերման գների աճով:
i
9. Ծրագրին մասնակցելու համար շահառուները մինչև 2022 թվականի հոկտեմբերի 25-ը դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` դիմումում նշելով մշակվող (նախատեսվող) ցորենի ցանքատարածության տեղը, մակերեսը, սորտերը, բանկային հաշվեհամարը:
(9-րդ կետը փոփ. 20.10.2022 թիվ 1618-Լ / գործողությունը տարածվում է 2022 թվականի օգոստոսի 24-ից հետո ծագած հարաբերությունների վրա / որոշում)
10. Դիմումին կից շահառուն ներկայացնում է նաև`
1) անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքը հավաստող պետական գրանցման վկայականի (վկայականների) պատճենը (պատճենները), պայմանագրային հիմունքներով վարձակալության (ենթավարձակալության) կամ օգտագործման դեպքում` նաև նոտարական կարգով վավերացված այդ պայմանագրի (պայմանագրերի) պատճենը (պատճենները), կամ համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարի կողմից տրված տեղեկանքը` հողամասը շահառուի կողմից փաստացի օգտագործվելու վերաբերյալ (տեղեկանքում պարտադիր նշվում է շահառուի կողմից հողամասի փաստացի օգտագործման պատճառների վերաբերյալ տեղեկատվություն):
11. Համայնքի ղեկավարը դիմումը (նաև բնակավայրի վարչական ղեկավարին դիմած շահառուների դիմումները) ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում շահառուի հետ կնքում է ծրագրի մասնակցության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր, որի օրինակելի ձևը մշակում և հաստատում է նախարարությունը և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը հրապարակում նախարարության կայքում: Պայմանագրում ամրագրվում է դրույթ` կատարվելիք ցանքի տարածքի մակերեսի վերաբերյալ), ստեղծում շահառուների բանկ:
12. Շահառուները ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի ապրիլի 1-ը փոխհատուցում ստանալու նպատակով դիմում են համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին` դիմումում նշելով ցորենի փաստացի առկա ցանքատարածության տեղը, մակերեսը և հավաստագրված սերմերով ցանք կատարելու դեպքում` ներկայացնում նաև սերմերի հավաստագրերի պատճենները, սերմերի պարկերի պիտակների բնօրինակները, սերմերի հանձնման-ընդունման ակտը, որում պետք է պարտադիր նշված լինեն սերմերի սորտերը: Նշված փաստաթղթերի բացակայության դեպքում շահառուն կհամարվի չհավաստագրված սերմերով ցանք կատարող:
13. Համայնքի ղեկավարը ծրագրի 12-րդ կետում նշված դիմումի և փաստաթղթերի (առկայության դեպքում) պատճենները 2 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է մարզպետարան:
14. Համայնքի ղեկավարի կողմից սահմանված կարգով իրականացվում է համատարած մոնիթորինգ` ցորենի սերմերի ծլելուց հետո, բայց ոչ ուշ, քան մինչև 2023 թվականի մայիսի 1-ը:
15. Համայնքի ղեկավարը մոնիթորինգն իրականացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում ամփոփում է իր կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքները և մոնիթորինգի դրական եզրակացությամբ շահառուների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնում է նախարարություն` նախարարության կողմից մշակված ու հաստատված և մինչև 2022 թվականի սեպտեմբերի 1-ը համայնքին և մարզպետարանին տրամադրված ձևաչափով: Կից ներկայացվում է նաև յուրաքանչյուր շահառուի մոտ իրականացված մոնիթորինգի արձանագրությունը:
16. Մարզպետարանը, ցորենի սերմերի ծլելուց հետո, բայց ոչ ուշ, քան 2023 թվականի մայիսի 1-ը, ծրագրի 13-րդ կետում նշված տեղեկատվության հիման վրա, իր կողմից սահմանված կարգով իրականացնում է ընտրանքային մոնիթորինգ, ընդ որում, մոնիթորինգի ընդգրկելիության նվազագույն շեմը պետք է կազմի մարզի շահառուների թվի առնվազն 15%-ը:
17. Մարզպետարանը մինչև 2023 թվականի մայիսի 10-ն ամփոփում է իր կողմից իրականացված ընտրանքային մոնիթորինգի արդյունքները և ներկայացնում է նախարարություն` ծրագրի 15-րդ կետով նախատեսված ձևաչափով:
18. Նախարարությունն ամփոփում է ծրագրի 15-րդ կետով նշված տեղեկատվությունը և մոնիթորինգի արձանագրությունները` դրանք ստանալուց հետո 20 աշխատանքային օրվա ընթացքում, և փոխհատուցման համար նախատեսված գումարները փոխանցում համայնքների հաշվեհամարներին:
19. Համայնքները ծրագրի 18-րդ կետով նախատեսված գումարները ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում փոխանցում են շահառուների բանկային հաշվեհամարներին և 10 աշխատանքային օրվա ընթացքում նախարարություն են ներկայացնում վճարման ցուցակները և վճարումները հավաստող փաստաթղթերը:
20. Ծրագրի 17-րդ կետին համապատասխան ներկայացված մոնիթորինգի բացասական արդյունքների առկայության դեպքում (ծրագրի պայմանների կամ 11-րդ կետում նշված պայմանագրի դրույթների խախտում), տվյալ պայմանագրի (պայմանագրերի) շրջանակում փոխհատուցման գումար չի տրամադրվում, իսկ տրամադրված լինելու դեպքում նախարարության կողմից համայնքին ներկայացվում է պետական բյուջե հետվերադարձման պահանջ շահառուին փոխհատուցված և մոնիթորինգի համար համայնքին տրամադրված գումարների մասով: Ընդ որում, մոնիթորինգի համար տրամադրված գումարը հետվերադարձման ենթակա է տվյալ շահառուին փոխհատուցված գումարի ծրագրի 22-րդ կետում նշված տոկոսային կետերի չափերին համամասնորեն: Հետվերադարձման պահանջ ներկայացվելու դեպքում շահառուի և համայնքի կողմից 1-ամսյա ժամկետում գումարները չվճարելու պարագայում այն գանձվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
21. Նախարարությունը մինչև 2023 թվականի օգոստոսի 1-ն ուսումնասիրում է համայնքների կողմից ծրագրի 19-րդ կետով ներկայացված փաստաթղթերը, և անճշտությունների առկայության դեպքում համայնքներին առաջարկվում է 10 աշխատանքային օրվա ընթացքում կատարել համապատասխան ճշգրտումներ ու տեղեկատվություն ներկայացնել նախարարություն: Ճշգրտումից հետո շահառուներին չփոխանցված գումարները 1-ամսյա ժամկետում ենթակա են վերադարձման պետական բյուջե:
22. Նախարարությունը մինչև 2023 թվականի սեպտեմբերի 15-ը մոնիթորինգի իրականացման համար նախատեսված գումարները (մինչև 5000 հա-ի մոնիթորինգի դեպքում փոխհատուցված գումարի 3%-ի չափով, իսկ 5000 հա-ից ավելի դեպքում` փոխհատուցված գումարի 5%-ի չափով) փոխանցում է համայնքների հաշվեհամարներին:
23. Համայնքները մինչև 2023 թվականի դեկտեմբերի 1-ը նախարարություն են ներկայացնում ամփոփ հաշվետվություն` ծրագրի շրջանակում կատարված աշնանացան ցորենի ցանքատարածքների, միջին բերքատվության և համախառն բերքի վերաբերյալ:
24. Ծրագրի հնարավոր ռիսկերն են`
1) շրջանառու միջոցների գների թանկացումները.
2) եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով բերքի կորուստը.
3) չհավաստագրված սերմերի ցածր որակը.
4) սերմերի ծլունակության անբավարար մակարդակը.
5) փոխարժեքի զգալի տատանումները:
25. Ծրագրի ռիսկերի մեղմմանն են ուղղված 1 հա-ի հաշվով ծախսերի մասնակի փոխհատուցումը, ցորենի ցանքատարածությունների ապահովագրության հնարավորությունը:
26. Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից: Ծրագրի բյուջեն կկազմի շուրջ 6,8 մլրդ դրամ, որի գնահատման համար հիմք են հանդիսացել ծրագրով նախատեսված 75,0 հազար հա (25,0 հազար հա-ը հավաստագրված սերմերով ցանքի իրականացում, իսկ 50,0 հազար հա-ը` չհավաստագրված սերմերով) աշնանացան ցորենի հաշվով փոխհատուցման և համայնքներին մոնիթորինգի իրականացման համար տրվող գումարները (հաշվարկվել է փոխհատուցվող գումարի 4,0%-ը` շուրջ 260,0 մլն դրամ): 2022 թվականի համար ծրագրի բյուջեն գնահատվել է 3,9 մլրդ դրամ, իսկ 2023 թվականի համար` 2,9 մլրդ դրամ:
27. Ծրագրի իրականացումից ակնկալվում է շուրջ 75,0 հազար հա աշնանացան ցորենի ցանքի իրականացում, նոր հողատարածքների շրջանառության մեջ ներգրավում, ինչպես նաև շուրջ 25%-ով ցորենի համախառն բերքի ավելացում:
Աղյուսակ
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՓԱՓՈՒԿ ՑՈՐԵՆԻ ՍՈՐՏԵՐԻ
.__________________________________________________________________.
|1. |Ախթամար |Akhtamar |Ախտամառ |
|_____|____________________|__________________|____________________|
|2. |Ալեկսեիչ |Alekseich |Ալեկսեիչ |
|_____|____________________|__________________|____________________|
|3. |Ամալիա |Amalia |Ամալիյա |
|_____|____________________|__________________|____________________|
|4. |Անի 326 |Ani 326 |Անի 326 |
|_____|____________________|__________________|____________________|
|5. |Արա |Ara |Առա |
|_____|____________________|__________________|____________________|
|6. |Արագած |Aragats |Առագաց |
|_____|____________________|__________________|____________________|
|7. |Արայ |Aray |Առայ |
|_____|____________________|__________________|____________________|
|8. |Արեգակ |Aregak |Առեգակ |
|_____|____________________|__________________|____________________|
|9. |Արմիկ |Armik |Առմիկ |
|_____|____________________|__________________|____________________|
|10. |Արմյանկա 60 |Armyanka 60 |Առմյանկա 60 |
|_____|____________________|__________________|____________________|
|11. |ԱՐՄՍԻՄ |ARMSIM |Առմսիմ |
|_____|____________________|__________________|____________________|
|12. |Բատկո |Batko |Բատկօ |
|_____|____________________|__________________|____________________|
|13. |Բեզոստայա 1 |Bezostaya 1 |Բեզօստայա 1 |
|_____|____________________|__________________|____________________|
|14. |Բեզոստայա 100 |Bezostaya 100 |Բեզօստայա 100 |
|_____|____________________|__________________|____________________|
|15. |ԳԱԽ 5 |GAKH 5 |ԳԱԽ 5 |
|_____|____________________|__________________|____________________|
|16. |Գռացիա |Gracia |Գռացիյա |
|_____|____________________|__________________|____________________|
|17. |Գռոմ |Grom |Գռօմ |
|_____|____________________|__________________|____________________|
|18. |ԳՍԿ-95 |GSK-95 |ԳՍԿ-95 |
|_____|____________________|__________________|____________________|
|19. |Գրաֆ |Graf |Գռաֆ |
|_____|____________________|__________________|____________________|
|20. |Դավիթ 1 |Davit 1 |Դավիդ 1 |
|_____|____________________|__________________|____________________|
|21. |Դոնսկոյ սյուրպրիզ |Donskoy syurpriz |Դօնսկօյ սյուռպռիզ |
|_____|____________________|__________________|____________________|
|22. |Դվին |Dvin |Դվին |
|_____|____________________|__________________|____________________|
|23. |ԵԳԿ 90 |EGK 90 |ԵԳԿ 90 |
|_____|____________________|__________________|____________________|
|24. |Եսաուլ |Esaul |Եսաուլ |
|_____|____________________|__________________|____________________|
|25. |Էլթան |Eltan |Էլտան |
|_____|____________________|__________________|____________________|
|26. |Էջմիածին-2700 |Ejmiatsin-2700 |Էչմիադզին-2700 |
|_____|____________________|__________________|____________________|
|27. |Լալվարի 10 |Lalvari 10 |Լալվառի 10 |
|_____|____________________|__________________|____________________|
|28. |Լեբեդ |Lebed |Լեբեդ |
|_____|____________________|__________________|____________________|
|29. |Լենինականի 5 |Leninakani 5 |Լենինականի 5 |
|_____|____________________|__________________|____________________|
|30. |Կարավան |Karavan |Կառավան |
|_____|____________________|__________________|____________________|
|31. |Կոլլեգա |Collega |Կոլլեգա |
|_____|____________________|__________________|____________________|
|32. |Կոտայք |Kotayk |Կոտայկ |
|_____|____________________|__________________|____________________|
|33. |Հայասա |Hayasa |Այասա |
|_____|____________________|__________________|____________________|
|34. |Մակար |Makar |Մակառ |
|_____|____________________|__________________|____________________|
|35. |Մերձավանի 149 |Merdzavani 149 |Մեռդզավանի 149 |
|_____|____________________|__________________|____________________|
|36. |Միրլեբեն |Mirleben |Միռլեբեն |
|_____|____________________|__________________|____________________|
|37. |Մոսկվիչ |Moskvich |Մոսկվիչ |
|_____|____________________|__________________|____________________|
|38. |Յուբիլեյնայա 100 |Yubileynaya 100 |Յուբիլեյնայա 100 |
|_____|____________________|__________________|____________________|
|39. |Յուկա |Yuka |Յուկա |
|_____|____________________|__________________|____________________|
|40. |Նաիրի 68 |Nairi 68 |Նաիռի 68 |
|_____|____________________|__________________|____________________|
|41. |Նեմրութ |Nemrut |Նեմռուտ |
|_____|____________________|__________________|____________________|
|42. |Նժդեհ |Nzhdeh |Նժդե |
|_____|____________________|__________________|____________________|
|43. |Նիրսա |Nirsa |Նիռսա |
|_____|____________________|__________________|____________________|
|44. |Նոտա |Nota |Նոտա |
|_____|____________________|__________________|____________________|
|45. |Ոսկեհասկ |Voskehask |Վօսկեասկ |
|_____|____________________|__________________|____________________|
|46. |Պրիկումսկայա 140 |Prikumskaya 140 |Պռիկումսկայա 140 |
|_____|____________________|__________________|____________________|
|47. |Ռիմա |Rima |Ռիմա |
|_____|____________________|__________________|____________________|
|48. |Ռոստովչանկա-5 |Rostovchanka-5 |Ռօստօվչանկա-5 |
|_____|____________________|__________________|____________________|
|49. |Սաթենի 22 |Sateni 22 |Սատենի 22 |
|_____|____________________|__________________|____________________|
|50. |Սթիվենս |Stevens |Ստիվենս |
|_____|____________________|__________________|____________________|
|51. |Սիլա |Sila |Սիլա |
|_____|____________________|__________________|____________________|
|52. |Ստեպ |Step |Ստեպ |
|_____|____________________|__________________|____________________|
|53. |Սյունիք |Syunik |Սյունիկ |
|_____|____________________|__________________|____________________|
|54. |Վ-301 |W-301 |Վ-301 |
|_____|____________________|__________________|____________________|
|55. |Վան |Van |Վան |
|_____|____________________|__________________|____________________|
|56. |Վասսա |Vassa |Վասսա |
|_____|____________________|__________________|____________________|
|57. |Վարս |Vars |Վառս |
|_____|____________________|__________________|____________________|
|58. |Վեսթոն |Weston |Վեստոն |
|_____|____________________|__________________|____________________|
|59. |Վելենա |Velena |Վելենա |
|_____|____________________|__________________|____________________|
|60. |Վիկտորիա |Victoria |Վիկտորիյա |
|_____|____________________|__________________|____________________|
|61. |Տաթև |Tatev |Տատև |
|_____|____________________|__________________|____________________|
|62. |Տանաիս |Tanais |Տանաիս |
|_____|____________________|__________________|____________________|
|63. |Տանյա |Tanya |Տանյա |
|_____|____________________|__________________|____________________|
|64. |Տարոն |Taron |Տառօն |
|_____|____________________|__________________|____________________|
|65. |Քրիստինե |Christine |Կռիստինե |
.__________________________________________________________________.