Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅՑԻ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ԲՈՂՈՔԱՐԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/35420/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/35420/02/20        2025 թ.

    Նախագահող դատավոր` Ս. Գրիգորյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի հոկտեմբերի 02-ին

գրավոր ընթացակարգով քննելով ըստ Վարդան Մարկոսյանի հայցի ընդդեմ Սուսաննա Մարկոսյանի` ժառանգությունից մեկուսացնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշման դեմ Վարդան Մարկոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Վարդան Մարկոսյանը պահանջել է Սուսաննա Մարկոսյանին` որպես անարժան ժառանգ, մեկուսացնել ժառանգությունից:

Վարդան Մարկոսյանը հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն է ներկայացրել դատարան:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.04.2024 թվականի որոշմամբ Վարդան Մարկոսյանի միջնորդությունը բավարարվել է:

Սուսաննա Մարկոսյանը հակընդդեմ ապահովում պահանջելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել Դատարան:

Դատարանի 16.08.2024 թվականի որոշմամբ Սուսաննա Մարկոսյանի միջնորդությունը բավարարվել է:

Սուսաննա Մարկոսյանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան:

Դատարանի 03.10.2024 թվականի որոշմամբ Սուսաննա Մարկոսյանի միջնորդությունը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 06.12.2024 թվականի որոշմամբ Վարդան Մարկոսյանի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Վարդան Մարկոսյանը (ներկայացուցիչ Էդիկ Ոսկանյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 134-րդ, 135-րդ, 200-րդ, 361-րդ, 370-րդ ու 372-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա է բողոքարկման միայն այն դեպքում, երբ վերացման հիմք է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը` եզրահանգել է, որ սույն գործով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը ենթակա չէ բողոքարկման` իրեն զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից:

i

Բողոքարկվող դատական ակտում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ և 372-րդ հոդվածներին տրված մեկնաբանությունը հակասում է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ տվյալ նորմերին տրված մեկնաբանությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 06.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

 

3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ և 372-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:

Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն` հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումները չեն կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված սահմանափակումները:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` վերաքննության կարգով բողոքարկման են ենթակա առաջին ատյանի դատարանի հետևյալ որոշումները` (...), հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումները:

Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում անդրադարձել է արդարադատության մատչելիության, արդար և արդյունավետ դատաքննության իրավունքների երաշխավորման սահմանադրական իրավաչափության խնդիրներին` դրանք դիտարկելով որպես դատական պաշտպանության իրավունքի անհրաժեշտ բաղադրատարրեր, և արձանագրել է, որ`

- վերաքննիչ կամ վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելու հարցում դատարանները պետք է ունենան ոչ թե հայեցողական անսահմանափակ ազատություն, այլ` օրենսդրորեն նախատեսված, հստակ, և անձանց համար միակերպ ընկալելի հիմքերով, բողոքը վարույթ ընդունելու կամ մերժելու իրավունք և պարտականություն,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,

- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,

- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,

i

- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման (տե՛ս թիվ ՍԴՈ-652, թիվ ՍԴՈ-690, թիվ ՍԴՈ-719, թիվ ՍԴՈ-765, թիվ ՍԴՈ-844, թիվ ՍԴՈ-873, թիվ ՍԴՈ-890, թիվ ՍԴՈ-932, թիվ ՍԴՈ-942, թիվ ՍԴՈ-1037, թիվ ՍԴՈ-1052, թիվ ՍԴՈ-1115, թիվ ՍԴՈ-1127, թիվ ՍԴՈ-1190, թիվ ՍԴՈ-1192, թիվ ՍԴՈ-1196, թիվ ՍԴՈ-1197, թիվ ՍԴՈ-1220, թիվ ՍԴՈ-1222, թիվ ՍԴՈ-1257, թիվ ՍԴՈ-1289 որոշումները):

i

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 07.02.1995 թվականի թիվ R(95)5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարան) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին արձանագրել է, որ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովելու դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի և Սուսաննա Միհրանի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Արարատի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ օրենսդիրը սահմանել է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի սպառիչ շրջանակ, հետևաբար այլ` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասում չնշված հիմքերով վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել չի կարող: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի և 361-րդ հոդվածի 1-ին մասի համադրված վերլուծության հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը եզրահանգել է, որ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը կիրառելի է բացառապես այն դեպքերում, երբ բողոքարկվել է առաջին ատյանի դատարանի այնպիսի որոշում, որի անմիջական բողոքարկման հնարավորությունն օրենքով ուղղակիորեն նախատեսված չէ (տե՛ս «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունը և մյուսներն ընդդեմ Նանե Իսրայելյանի թիվ ԵԴ2/15602/02/23 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.12.2024 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը վերաքննության կարգով բողոքարկման ենթակա որոշումների շարքում հստակ նախատեսել է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավական հնարավորությունը: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որևէ նախապայմանով (տե՛ս Նոնա Սարգսյանն ընդդեմ «Կոմս Արտի» ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչ Լևոն Պետրոսյանի և Միքայել Խչեյանի թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել հետևյալը.

Մինչև 14.03.2024 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցի ապահովման միջոցը կարող է լրիվ կամ մասնակի վերացվել, եթե`

1) բացակայում են նույն օրենսգրքի հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը.

2) առկա է հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու վերաբերյալ գործին մասնակցող այն անձի գրավոր համաձայնությունը, որի միջնորդությամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց.

3) նույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը վերաքննիչ դատարան կարող է բողոքարկել այն անձը, որի միջնորդությամբ կիրառվել էր հայցի ապահովման միջոց: Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա չէ բողոքարկման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 6-րդ մասով օրենսդիրը սահմանել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու իրավասու սուբյեկտին` այդ իրավունքը վերապահելով բացառապես միջնորդություն ներկայացրած անձին: Քննարկվող հոդվածում որևէ այլ հատուկ սուբյեկտ նախատեսված չէ:

Այսինքն` կախված նրանից, թե ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված որ հիմքով է լրիվ կամ մասնակի վերացվել հայցի ապահովման միջոցը, օրենսդիրը սահմանափակել է ոչ թե դատարանի համապատասխան որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու հնարավորությունն ընդհանրապես, այլ` այն վիճարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը` մի դեպքում այդ իրավունքը վերապահելով բացառապես միջնորդություն ներկայացրած անձին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված մնացած դեպքերում` նաև գործին մասնակցող մյուս անձանց:

Արդյունքում` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հիմքով հայցի ապահովման միջոցը լրիվ կամ մասնակի վերացնելու մասին դատարանի որոշումը բողոքարկելու առնչությամբ օրենսդիրը տարբերակված մոտեցում է ցուցաբերել` սահմանափակելով միայն նշված հիմքով որոշումը վիճարկելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:

Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը վերահաստատում է հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկելիության վերաբերյալ նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը և արձանագրում, որ նշված միջանկյալ դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ընդ որում, հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումը բողոքարկելու իրավական հնարավորությունն օրենսդիրը չի պայմանավորել այդ որոշման կայացման իրավական հիմքով:

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Վարդան Մարկոսյանը ներկայացրել է հայցի ապահովում կիրառելու մասին միջնորդություն, որը Դատարանի 19.04.2024 թվականի որոշմամբ բավարարվել է:

Պատասխանող Սուսաննա Մարկոսյանը ներկայացրել է հակընդդեմ ապահովում կիրառելու մասին միջնորդություն, որը Դատարանի 16.08.2024 թվականի որոշմամբ բավարարվել է:

Սուսաննա Մարկոսյանը հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին միջնորդություն է ներկայացրել Դատարան:

Դատարանը, արձանագրելով, որ «հայցվորը և նրա ներկայացուցիչը մասնակցել են հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդության քննության համար հրավիրված դատական նիստին, վերջիններս պետք է և կարող էին հետամուտ լինել միջնորդության քննության արդյունքում կայացվող որոշմանը, ինչպես նաև այն, որ Դատարանի 16.08.2024թ. որոշումը «Datalex» դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է 10.09.2024թ. և Դատարանի 16.08.2024թ. որոշման համաձայն հայցվորն օրենքով նախատեսված եռօրյա ժամկետում հակընդդեմ ապահովման գումարը չի փոխանցել Դատարանի դեպոզիտ և չի ներկայացրել փոխանցման փաստը հավաստող ապացույց», 03.10.2024 թվականի որոշմամբ եզրահանգել է, որ Դատարանի 19.04.2024 թվականի որոշմամբ կիրառված հայցի ապահովման միջոցը պետք է վերացնել:

Դատարանի 03.10.2024 թվականի որոշումը բողոքարկվել է վերաքննության կարգով:

Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման` բողոքարկման ենթակա լինելու հարցը կախված է այն հիմքերից, որոնցով կայացվել է այդ որոշումը: Մասնավորապես հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, երբ ապահովման միջոցը վերացվել է օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով (բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի` հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը): Հետևաբար այլ հիմքերով հայցի ապահովման միջոց վերացնելու որոշումը ենթակա չէ բողոքարկման: Տվյալ դեպքում բողոքարկվել է հայցի ապահովման միջոց վերացնելու մասին այն որոշումը, որի հիմքում չի դրվել օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը: Այդ որոշումը կայացվել է այն հիմքով, որ հայցվորն օրենքով նախատեսված 3-օրյա ժամկետում հակընդդեմ ապահովման գումարը չի փոխանցել դատարանի դեպոզիտ և չի ներկայացրել փոխանցման փաստը հավաստող ապացույց: Այսինքն` հայցի ապահովման միջոցը վերացվել է օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 135-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով»,

եզրահանգել է, որ «Դատարանի 03.10.2024 թվականի որոշումը ենթակա չէ վերաքննության կարգով բողոքարկման, առկա է վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված հիմքը»:

Մինչդեռ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Դատարանի 03.10.2024 թվականի «Հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշումը վերաքննության կարգով բողոքարկելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, և հայցի ապահովման միջոցը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 6-րդ մասի հիմքով վերացված լինելու հանգամանքը որևէ կերպ չի բացառում հայցի ապահովումը վերացնելու մասին որոշումն օրենքով սահմանված կարգով անմիջականորեն բողոքարկելու հնարավորությունը:

Վերոգրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում բացակայել է վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 372-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի հիմքով մերժելու իրավական հնարավորությունը: Վերաքննիչ դատարանը, կայացնելով հայցվորի վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշում, սահմանափակել է վերջինիս բողոքարկման իրավունքի իրացման հնարավորությունը` նրան զրկելով վերադաս դատարանի մատչելիության իրավունքից: Այսինքն` Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ և 372-րդ հոդվածների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Անդրադառնալով վճռաբեկ բողոք բերած անձի նշած` վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված պայմանի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

i

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով հայցի ապահովումը վերացնելու մասին որոշման բողոքարկելիությանը, մերժել է վերաքննիչ բողոքի ընդունումը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի այնպիսի մեկնաբանության արդյունքում, որ «հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման` բողոքարկման ենթակա լինելու հարցը կախված է այն հիմքերից, որոնցով կայացվել է այդ որոշումը: Մասնավորապես հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել միայն այն դեպքում, երբ ապահովման միջոցը վերացվել է օրենսգրքի 134-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հիմքով (բացակայում են կամ վերացել են սույն օրենսգրքի` հայցի ապահովման միջոց կիրառելու հիմքերը): Հետևաբար այլ հիմքերով հայցի ապահովման միջոց վերացնելու որոշումը ենթակա չէ բողոքարկման»: Միևնույն ժամանակ, բողոք բերած անձը վկայակոչել է թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշումը` հիմնավորելով, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նույնանման փաստական հանգամանքներով թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով 08.04.2022 թվականի որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասի մեկնաբանությանը, հանգել է այն հետևության, որ հայցի ապահովման միջոցի վերացման մասին որոշումն ընդգրկված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վերաքննության կարգով բողոքարկման ենթակա դատական ակտերի ցանկում և դրա համար նախատեսված է ուղղակի բողոքարկման հնարավորություն: Ընդ որում, հայցի ապահովման միջոցը վերացնելու մասին որոշման անմիջական բողոքարկումն օրենսդիրը չի պայմանավորել հակընդդեմ ապահովման միջնորդության հետ կապված լինելու կամ չլինելու որևէ նախապայմանով:

Վճռաբեկ դատարանը, համեմատական վերլուծության ենթարկելով Վերաքննիչ դատարանի բողոքարկվող որոշմամբ և թիվ ՍնԴ/0064/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.04.2022 թվականի որոշմամբ արտահայտված վերոշարադրյալ իրավական դիրքորոշումները, փաստում է, որ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու նշված հիմքը հիմնավոր է, քանի որ Վերաքննիչ դատարանը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 361-րդ հոդվածը կիրառել է ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից նույն նորմին տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանությամբ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի և 390-րդ հոդվածի 3-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի 06.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը վերացնելու համար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 06.12.2024 թվականի «Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող` Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Է. Սեդրակյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204091460

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.10.2025
N ԵԴ/35420/02/20
Որոշում