Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՀԱՇՏԱՐԱՐԻՆ ԴԻՄԵԼՈՒ ՀԱ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՏԴ/2886/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ՏԴ/2886/02/21         2025 թ.

   Նախագահող դատավոր Ն. Բարսեղյան

   Դատավորներ        Ա. Մխիթարյան

                                   Գ. Խաչատրյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով

 

նախագահող` Ա. Մկրտչյան

զեկուցող  է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի նոյեմբերի 14-ին

գրավոր ընթացակարգով քննելով ֆինանսական համակարգի գլխավոր հաշտարար Վազգեն Մնացականյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշման դեմ` ըստ դիմումի «Ռեսո» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն)` Ավետիս Ավետիսյանի (այսուհետ` Հաճախորդ)` որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի կողմից 03.06.2021 թվականին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 10.09.2021 թվականի որոշմամբ դիմումը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 21.01.2022 թվականին որոշել է. «Վերաքննիչ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի թիվ ՏԴ/2886/02/21 քաղաքացիական գործով` «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննության առնելու մասին» 10.09.2021 թվականին կայացված որոշումը և կայացնել նոր որոշում, այն է` ««ՌԵՍՈ» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության` ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.06.2021 թ-ին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին, դիմումը բավարարել.»: Չեղյալ ճանաչել ՀՀ ֆինանսական համակարգի հաշտարարի 03.06.2021 թ-ին Երևան քաղաքում կայացված թիվ 15-2894/21 որոշումը»:

Դատավոր Ն. Մարգարյանը հայտնել է հատուկ կարծիք:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի 24.03.2023 թվականի որոշմամբ Հաշտարարի վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.01.2022 թվականի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Գ. Հակոբյանը հայտնել է հատուկ կարծիք:

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 12.07.2023 թվականի որոշմամբ Ընկերության դիմումը բավարարվել է` Հաշտարարի 03.06.2021 թվականի թիվ 15-2894/21 որոշումը ճանաչվել է չեղյալ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 30.01.2024 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 12.07.2023 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասը, 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերը, չի կիրառել «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի 24.12.2019 թվականի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ապահովագրողների բյուրոյի RL1-001 կանոններ (Ապպա ընդհանուր պայմաններ)»-ի 127-րդ կետը, որոնք պետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ Հաճախորդը ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում իր գույքին պատճառված վնասների վերաբերյալ առաջնային փորձաքննությունից հետո դիմել է Հաշտարարին, մինչդեռ կարող էր Հաշտարարին դիմել միայն առաջնային փորձաքննության արդյունքները «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով բողոքարկելուց հետո:

Վերաքննիչ դատարանի նշված դիրքորոշումն անհիմն է, քանի որ ՀՀ օրենսդրությամբ Հաշտարարին դիմելուց առաջ լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն իրականացնելու պարտադիր պահանջ սահմանված չէ: Ավելին` առաջնային փորձաքննությունից հետո լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու պահանջ ներկայացնելը կամ ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելը անձի իրավունքն է և վերջինս իր հայեցողությամբ է որոշում իր իրավունքների իրացման ծավալը:

Վերաքննիչ դատարանը, եզրահանգելով, որ Հաշտարարին դիմելուց առաջ անձը պարտավոր է պահանջել լրացուցիչ և կրկնակի փորձաքննության անցկացում, գործնականում անհնարին է դարձրել մեքենային պատճառված վնասի չափի վերաբերյալ փորձաքննության արդյունքների հիման վրա կազմված որոշումը Հաշտարարի միջոցով բողոքարկելու իրավունքից օգտվելու հնարավորությունը, քանի որ կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Օրենսդրության նորմերի այդպիսի մեկնաբանության արդյունքում անձը զրկվել է իրավական պաշտպանության արդյունավետ միջոցից, խաթարվել է Հաշտարարին դիմելու նրա իրավունքը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը չեղյալ է ճանաչել Հաշտարարի որոշումը` Հաշտարարին դիմած անձին զրկելով իր իրավունքների արդյունավետ պաշտպանության կառուցակարգերից, որպիսի մեկնաբանությունը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Նշված մեկնաբանությամբ, Վերաքննիչ դատարանը խաթարել է վեճերի այլընտրանքային լուծման մարմինների գործունեության հիմքում ընկած պահանջն անվճար քննելու սկզբունքը` դրանով իսկ Հաճախորդին ծանրաբեռնելով Հաշտարարին դիմելու համար օրենքով չսահմանված ֆինանսական պարտականություններով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը և փոփոխել այն:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության և Ավետիս Ավետիսյանի միջև կնքված ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SM287560 վկայագրի համաձայն` ապահովագրվել է Ավետիս Ավետիսյանին պատկանող **********(1) ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը (հատոր 2, գ.թ. 36).

 

___________________

1) Առկա է անձնական տվյալ:

 

2) Նյութական վնասով ճանապարհատրանսպորտային պատահարի (ՃՏՊ) մասին արձանագրության համաձայն` 29.01.2021 թվականին ժամը 10:15-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ընդհարվել են Ավետիս Ավետիսյանին (հաճախորդ) պատկանող և Լևոն Ղևոնդյանի կողմից վարած ***********(2) և Վիգեն Ներկարարյանի վարած ***********(3) տրանսպորտային միջոցները (հատոր 2, գ.թ. 38, 39).

 

___________________

2) Առկա է անձնական տվյալ:

3) Առկա է անձնական տվյալ:

 

3) Հաճախորդը 03.02.2021 թվականին Ընկերությանը ներկայացրել է գույքին պատճառված վնասների գծով ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմում (հատոր 2, գ.թ. 41).

4) Ընկերության պատվերով իրականացված վնասների գնահատման առաջնային փորձաքննության 12.02.2021 թվականի թիվ DP22009523 եզրակացության համաձայն` **********(4) ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 465.600 ՀՀ դրամ (հատոր 2, գ.թ. 44-46).

 

___________________

4) Առկա է անձնական տվյալ:

 

5) Ընկերության պատվերով «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից 10.02.2021 թվականին տրված փորձաքննության թիվ 0308-21 եզրակացության համաձայն` պատահարի առաջացման մեջ հաստատվել է ***********(5) տրանսպորտային միջոցի վարորդ Լևոն Ղևոնդյանի մեղավորությունը (հատոր 2, գ.թ. 47-53).

 

___________________

5) Առկա է անձնական տվյալ:

 

6) Ընկերության 12.02.2021 թվականի թիվ CT22007944 որոշում-ծանուցման համաձայն` ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ Հաճախորդի դիմումը մերժվել է (հատոր 2, գ.թ. 54).

7) Հաճախորդը 22.02.2021 թվականին բողոք-պահանջ է ներկայացրել Ընկերությանը` պահանջելով տրամադրել ապահովագրական հատուցում մեքենային պատճառված վնասի` 800.000 ՀՀ դրամի չափով և չի ստացել պահանջի բավարարում (հատոր 2, գ.թ. 57-59).

8) Հաճախորդը 10.03.2021 թվականին Հաշտարարին ներկայացրած թիվ 08-690/21 պահանջ-դիմումով պահանջել է, որ Ընկերությունը տրամադրի ապահովագրական հատուցում մեքենային պատճառված վնասի` 800.000 ՀՀ դրամի չափով (հատոր 3, գ.թ. 21).

9) Հաշտարարի կողմից պահանջի քննությանը ներգրավված մասնագետ «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի` 30.03.2021 թվականի թիվ ՖՀ-21/110 եզրակացության համաձայն` *********(6) ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 495.000 ՀՀ դրամ (հատոր 2, գ.թ. 20).

 

___________________

6) Առկա է անձնական տվյալ:

 

10) Հաշտարարի կողմից պահանջի քննությանը ներգրավված մասնագետ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից պատահարի առաջացման պատճառների փորձաքննության արդյունքում կազմված թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացության համաձայն` պատահարի առաջացման մեջ մեղավոր է ************(7) տրանսպորտային միջոցի վարորդ Վիգեն Ներկարարյանը, իսկ *********(8) տրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունը տեղի ունեցած պատահարում բացակայում է (հատոր 2, գ.թ. 63-67).

 

___________________

7) Առկա է անձնական տվյալ:

8) Առկա է անձնական տվյալ:

 

11) «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից պատահարի առաջացման պատճառների փորձաքննության արդյունքում կազմված թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացության վերաբերյալ Ընկերությունն առարկություն է ներկայացրել` հայտնելով, որ փորձագետը տեսագրությունը չի հետազոտել, քանի որ իրականում «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենան վազանց չի կատարել, այլ ընթացել է իր գծով, իսկ «OPEL VECTRA 1.8» մակնիշի ավտոմեքենան երթևեկության գոտի է փոխել և խոչընդոտ հանդիսացել «MERCEDES-BENZ» մակնիշի ավտոմեքենայի համար (հատոր 2, գ.թ. 83).

12) Հաշտարարի 03.06.2021 թվականի թիվ 15-2894/21 որոշմամբ 495.000 ՀՀ դրամի չափով հաճախորդի պահանջը մասնակիորեն բավարարվել է (հատոր 2, գ.թ. 69-81).

13) Հաճախորդը 07.06.2021 թվականին գրավոր ձևով և անվերապահորեն համաձայնել է Հաշտարարի որոշմանը (հատոր 3, գ.թ. 33).

14) Հաշտարարը 10.06.2021 թվականին Ընկերությանը ծանուցել է Հաշտարարի որոշման հետ Հաճախորդի համաձայնության և որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու մասին (հատոր 2, գ.թ. 82):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ դատարանի կիրառած «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի, 22-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ մասերի և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածների կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր, ինչպես նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջների խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, որպիսի հիմքի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունների իրականացման գործընթացի սպառումը:

 

1. Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Սահմանադրության 81-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հիմնական իրավունքների և ազատությունների վերաբերյալ Սահմանադրությունում ամրագրված դրույթները մեկնաբանելիս հաշվի է առնվում Հայաստանի Հանրապետության վավերացրած` մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային պայմանագրերի հիման վրա գործող մարմինների պրակտիկան:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:

Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:

i

Սահմանադրական դատարանն իր 08.12.2020 թվականի թիվ ՍԴՈ-1571 որոշմամբ արձանագրել է, որ «(...): Հայաստանի Հանրապետությունում Հաշտարարի ինստիտուտը ներդրվել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով` հիմք ընդունելով «Դատարանների աշխատանքի չափազանց ծանրաբեռնվածությունը կանխելու և նվազեցնելու միջոցառումների վերաբերյալ» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1986 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ R (86)12 հանձնարարականը (Recommendation No R (86) 12 Of The Committee of Ministers to Member States Worklood in the courts) և «Սպառողների վեճերի արտադատական լուծման համար պատասխանատու մարմինների վրա տարածվող սկզբունքների մասին» Եվրոպական հանձնաժողովի 1998 թվականի մարտի 30-ի թիվ 98/257/EC հանձնարարականում ամրագրված սկզբունքները: Վերջինս, ի թիվս այլնի, նախատեսում է արդյունավետության սկզբունքը, որը մասնավորապես ենթադրում է, որ պահանջի ներկայացման և որոշման կայացման միջև կարճ ժամանակ պետք է լինի: Ընդ որում, Օրենքի ընդունման հիմնավորումներում նշվել է, որ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի նպատակը ֆինանսական ոլորտում սպառողների իրավունքների պաշտպանությունն է, նրանց բողոքների արագ, արդյունավետ և անվճար քննությունը, ֆինանսական համակարգի նկատմամբ հանրության վստահության բարձրացումը և ֆինանսական միջնորդության ավելացումը»:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ֆինանսական համակարգի հաշտարարը իրավասու է քննելու այն պահանջները, որոնք ներկայացվում են հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ, կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ և պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ, իսկ «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային բյուրոյի (այսուհետ` վարկային բյուրո) դեմ ներկայացված, ինչպես նաև «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վարկային տեղեկատվության վերաբերյալ կամ դրա հետ կապված պահանջների դեպքում` նաև ոչ գույքային բնույթի պահանջ:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հաճախորդն իրավունք ունի դիմելու Ֆինանսական համակարգի հաշտարարին` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք հաճախորդի և Կազմակերպության միջև կնքված պայմանագրով նախատեսված է, թե ոչ: Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու հաճախորդի իրավունքը սահմանափակող համաձայնությունը կամ պայմանն առ ոչինչ է:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` մինչև պահանջը Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացնելը հաճախորդը պետք է Կազմակերպությանը ներկայացնի բողոք-պահանջ:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` կազմակերպության վերջնական պատասխանը ստանալու պահից կամ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում այն չստանալու դեպքում հաճախորդն իրավունք է ձեռք բերում պահանջ ներկայացնելու Ֆինանսական համակարգի հաշտարարին:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը քննում է պահանջը, եթե հաճախորդը պահանջ է ներկայացրել վեց ամսվա ընթացքում` սկսած այն օրվանից, երբ հաճախորդը ստացել է Կազմակերպության վերջնական պատասխանը կամ նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը մերժում է պահանջի քննությունը, եթե`

1) պահանջը նույն օրենքին համապատասխան ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.

3) դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի առարկայի վերաբերյալ գործ.

4) պահանջն արդեն քննվել է Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից, և դրա վերաբերյալ առկա է նրա որոշումը.

5) հաճախորդը նույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված կարգով բողոք-պահանջ չի ներկայացրել Կազմակերպությանը.

6) պահանջը չի ներկայացվել նույն օրենքի 8-րդ հոդվածով սահմանված ժամկետներում.

7) Կազմակերպության լիցենզիայի գործողությունը դադարեցվել է.

8) պահանջը ստորագրվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ անձի կողմից.

9) պահանջն ակնհայտորեն զրպարտիչ է, կամ պահանջ ներկայացնող հաճախորդի վարքագիծն անբարեխիղճ է.

10) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չէ.

11) անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը չի պահպանել սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 7.1-ին կետով սահմանված պահանջը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` այն դեպքում, երբ պահանջը, նույն հոդվածի 1-ին մասին համապատասխան, ենթակա չէ քննության, Ֆինանսական համակարգի հաշտարարը յոթ աշխատանքային օրվա ընթացքում մերժում է պահանջի քննումը և այդ մասին գրավոր տեղեկացնում է հաճախորդին` նշելով մերժման հիմքերը:

«Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն` Ֆինանսական համակարգի հաշտարարը իր որոշմամբ դադարեցնում է պահանջի քննությունը, եթե`

1) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջը, սույն օրենքին համապատասխան, ենթակա չէ քննության Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից.

2) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ պահանջի առարկայի վերաբերյալ առկա է դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վճիռ.

3) պահանջի քննության ընթացքում պարզվում է, որ դատարանի կամ արբիտրաժային տրիբունալի վարույթում քննվում է հաճախորդի և Կազմակերպության միջև նույն պահանջի վերաբերյալ գործ.

4) հաճախորդը հրաժարվել է պահանջից.

4.1) կողմերը հաշտվել են` կնքվել է հաշտության համաձայնագիր, կամ հաճախորդը դիմում է ներկայացրել հաշտության համաձայնության գալու մասին.

5) հաճախորդը մահացել է կամ ճանաչվել է մահացած կամ անհայտ բացակայող, իսկ իրավաբանական անձ հաճախորդի դեպքում` լուծարվել է.

6) Կազմակերպությունը լուծարվել է կամ լիցենզիայի գործողությունը դադարեցվել է:

Վերը նշված նորմերի բովանդակությունից հետևում է նաև, որ օրենսդիրը հաճախորդի կողմից ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելու համար, որպես ընդհանուր կանոն, սահմանել է վեցամսյա ժամկետ` սկսած այն օրվանից, երբ վերջինս ստացել է Կազմակերպության վերջնական պատասխանը կամ նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում վերջնական պատասխան չի ստացել, բացառությամբ այն դեպքի, երբ նշված ժամկետի խախտմամբ պահանջ ներկայացնելը հանդիսացել է անհաղթահարելի ուժի գործողության հետևանք: Ընդ որում, «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջ ներկայացնելու ժամկետն իր բնույթով իրավադադարեցնող ժամկետ է այնքանով, որքանով նշված ժամկետի խախտմամբ ներկայացված պահանջը ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից ենթակա չէ քննության և «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի հիմքով հանդիսանում է ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից պահանջի քննումը մերժելու հիմք:

Վերը նշված նորմերի բովանդակությունից հետևում է նաև, որ ֆինանսական համակարգի հաշտարարի (օմբուդսմենի) ինստիտուտը հանդիսանում է ֆինանսական բնագավառում վեճերի այլընտրանքային լուծման ինքնուրույն ձև, որը, որպես անկախ ու մասնագիտացված մարմին, քննում և լուծում է ֆինանսական շուկայում գործունեություն իրականացնող սպառողների ու համապատասխան կազմակերպության միջև առաջացած և դրամական արտահայտություն ունեցող վեճերը` այդպիսով խուսափելով ավելորդ դատական ձգձգումներից: Ուշագրավ է, որ մինչև ֆինանսական համակարգի հաշտարարին պահանջ ներկայացնելը օրենսդիրը պարտադիր է համարել հաճախորդի կողմից Կազմակերպությանը բողոք-պահանջ ներկայացնելը: Ընդ որում, օրենսդիրը սահմանել է Հաշտարարի քննությանը ենթակա պահանջների շրջանակը, մասնավորապես Հաշտարարն իրավասու է քննելու այն պահանջները, որոնք`

1. ներկայացվում են Հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ,

2. կապված են Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ,

3. պարունակում են տասը միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ:

i

Վճռաբեկ դատարանը թիվ ԼԴ2/0698/02/19 գործով 11.01.2022 թվականի որոշմամբ արձանագրել է, որ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 22.12.2015 թվականի 70/186 բանաձևում (General Assembly Resolution 70/186 on Consumer Protection (A/RES/70/186)) ընդգծվում է սպառողների պահանջների բավարարման արդյունավետ ընթացակարգեր նախատեսելու անհրաժեշտությունը (3-րդ բաժին, 5-րդ կետ): Բանաձևի 5-րդ բաժնի «F» գլխում, որը վերաբերում է վեճերի լուծմանը և փոխհատուցմանը (պահանջների բավարարմանը), կարևորվում է իրավական այնպիսի միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը, որոնք հնարավորություն կընձեռեն սպառողներին ներկայացնել իրենց պահանջներն արդյունավետ, արդար և հասանելի ընթացակարգերի (այդ թվում` վեճերի այլընտրանքային լուծման) միջոցով: Ընդ որում, կարևորվում է սպառողների պահանջների արագ, արդարացի, թափանցիկ, ոչ թանկ, հասանելի և չձևականացված (ոչ ֆորմալ) քննությունը:

 

2.»Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ԱՊՊԱ պայմանագրով նույն օրենքով սահմանված պայմաններով ապահովագրվում է տուժած անձանց պատճառված վնասների հատուցման համար ապահովագրված անձանց պատասխանատվությունը:

Օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` քաղաքացիական, քրեական կամ դատական կարգով վարչական գործ հարուցված լինելու դեպքում գույքին պատճառված վնասների չափը գնահատվում է, և դրանում անձի մեղավորության աստիճանը որոշվում է գործն ըստ էության լուծող և օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, իսկ այդպիսի գործ հարուցված չլինելու կամ այդպիսի գործն ըստ էության լուծող դատական ակտ չընդունվելու դեպքում` Բյուրոյի որակավորած փորձագետների (այսուհետ` փորձագետ) կողմից, բացառությամբ նույն օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի, որոնց համար Բյուրոյի կանոններով կարող է նախատեսվել ապահովագրական ընկերության կողմից մեղավորության որոշման և (կամ) վնասի չափի գնահատման պարզեցված կարգ:

Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դիմումը ստանալուց հետո` Բյուրոյի կանոններով սահմանված ժամկետում, սակայն ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է որոշում ընդունել փորձաքննություն նշանակելու մասին (...): Փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, լրացուցիչ փորձաքննություն չնշանակվելու և կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում` ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե ըստ ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի)` փորձագետի եզրակացությունը պարզ կամ ամբողջական չէ, ապա նրանք նույն հոդվածի 1-ին մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունեն փոխադարձ համաձայնությամբ նշանակելու լրացուցիչ փորձաքննության անցկացում (...): Լրացուցիչ փորձաքննության նշանակման դեպքում լրացուցիչ փորձաքննության ավարտից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) փորձաքննության արդյունքների մասին գրավոր ձևով ծանուցում է ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին): Ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) նույն մասով նախատեսված ծանուցումից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, կրկնակի փորձաքննության պահանջ չներկայացվելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` եթե ապահովադիրը, ապահովագրված անձը, տուժողը (նրա իրավահաջորդը) կամ ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) համաձայն չէ նույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով սահմանված կարգով անցկացված փորձաքննության արդյունքներին, ապա նա նույն հոդվածի համապատասխանաբար 1-ին կամ 2-րդ մասով սահմանված ծանուցման օրվանից հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իրավունք ունի պահանջելու կրկնակի փորձաքննության անցկացում (...):

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` կրկնակի փորձաքննության անցկացման պահանջ ներկայացվելու դեպքում կրկնակի փորձաքննություն նշանակելու և փորձագետ նշանակելու մասին որոշումն ընդունում է Բյուրոն` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, նույն մասով նախատեսված փորձագետը չպետք է փոխկապակցված լինի ապահովադրի, ապահովագրված անձի, տուժողի (նրա իրավահաջորդի) և ապահովագրական ընկերության (Բյուրոյի) հետ: Կրկնակի փորձաքննության անցկացումից հետո լրացուցիչ փորձաքննություն նշանակվել չի կարող, և կրկնակի փորձաքննության արդյունքները կարող են բողոքարկվել միայն դատական կարգով: Կրկնակի փորձաքննության ավարտից հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում, ապահովագրական ընկերությունը (Բյուրոն) ընդունում է գրավոր որոշում ապահովագրական հատուցումը վճարելու կամ ապահովագրական հատուցման վճարումը մերժելու մասին` համապատասխան որոշումը 3 աշխատանքային օրվա ընթացքում, պատշաճ կերպով ուղարկելով ապահովադրին, ապահովագրված անձին և տուժողին (նրա իրավահաջորդին):

i

Վճռաբեկ դատարանը թիվ ԵԱՔԴ/2014/02/17 գործով 09.10.2023 թվականի որոշմամբ անդրադառնալով ավտոտրանսպորտային միջոցի օգտագործման հետևանքով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի իմաստով անձանց պատճառված վնասի չափի որոշման արտադատական ընթացակարգերին, ինչպես նաև փորձաքննության արդյունքները դատական կարգով վիճարկելու իրավական հնարավորությանը` արձանագրել է, որ «օրենսդիրը որոշակի սահմանափակումներ է կիրառել Օրենքի իմաստով պատճառված վնասի չափը դատական կարգով որոշելու համար` դրա որոշման եղանակներն առավելապես նախատեսելով արտադատական կարգով, իսկ այդ վնասի չափի որոշման համար դատական կարգ սահմանել է բացառապես այն դեպքի համար, երբ արտադատական կարգով արդեն իսկ առկա է կրկնակի փորձաքննության եզրակացություն, որի արդյունքների հետ վերը նշված անձանցից որևէ մեկն անհամաձայնություն ունի, և անհրաժեշտ է կրկնակի փորձաքննության արդյունքները բողոքարկել դատական կարգով: Նման իրավակարգավորում նախատեսելու արդյունքում, ըստ էության, չի խախտվում անձի` դատարանի մատչելիության իրավունքը, ու անձը չի զրկվում այդ իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ խախտվի այդ իրավունքի բուն էությունը: Սահմանելով նման իրավակարգավորում` օրենսդիրը նաև հետապնդել է իրավաչափ նպատակ` ողջամիտ հարաբերակցություն պահպանելով ձեռնարկվող միջոցների և հետապնդվող նպատակների միջև»:

Իրավահարաբերության ծագման պահին գործած խմբագրությամբ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի 24.12.2019 թվականի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL1-001 կանոններ (ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ)»-ի (այսուհետ` Կանոն) 1-ին կետի համաձայն` նույն կանոններով կարգավորվում են ԱՊՊԱ ոլորտի մասնակիցների միջև պայմանագրերի կնքման, պատահարների կարգավորման, փորձաքննությունների իրականացման, հատուցումների կարգավորման և հետադարձ պահանջի կիրառման գործընթացում առաջացող հարաբերությունները: Սույն կանոններով սահմանված դրույթները միաժամանակ հանդիսանում են Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ընդհանուր պայմանները, որոնք ԱՊՊԱ վկայագրի (այսուհետ նաև` Վկայագիր) հետ կազմում են ԱՊՊԱ պայմանագիրը և սույն կանոններում անվանվում են ԱՊՊԱ պայմանագիր: Կանոնի 127-րդ կետի համաձայն` տարաձայնությունների դեպքում վեճերը լուծվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն կամ դատական կարգով` ՀՀ օրենսդրության համաձայն:

Վերը նշված նորմերի մեկնաբանությունից հետևում է, որ դրանցով կարգավորում են ինչպես ապահովագրական հատուցում ստանալու համար անհրաժեշտ ընթացակարգերը, այնպես էլ ճանապարհատրանսպորտային պատահարում անձի մեղավորությունը և գույքին պատճառված վնասների չափը պարզելու միջոցները: Ըստ այդմ, դատական կարգով գործ հարուցված չլինելու դեպքում պատահարում անձի մեղավորությունը և գույքին պատճառված վնասի չափը որոշում է Բյուրոյի կողմից որակավորված փորձագետը, որի համար նշանակվում և իրականացվում է առաջնային փորձաքննություն: Առաջնային փորձաքննությունից հետո կարող է իրականացվել լրացուցիչ փորձաքննություն, իսկ լրացուցիչ փորձաքննությունից հետո կարող է իրականացվել կրկնակի փորձաքննություն, որի արդյունքները բողոքարկում են միայն դատական կարգով: Նշված փորձաքննության արդյունքների հիման վրա էլ ապահովագրական ընկերությունը կայացնում է ապահովագրական հատուցումը տրամադրելու կամ մերժելու մասին որոշում:

Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ փորձագետի կողմից իրականացված առաջնային փորձաքննությունից հետո թե՛ լրացուցիչ և թե՛ կրկնակի փորձաքննության իրականացումը պայմանավորված է ոչ թե պարտադիր, այլ հայեցողական իրավազորությամբ: Այսինքն` առաջնային փորձաքննությունից հետո համապատասխան սուբյեկտի իրավունքն է լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննության իրականացման համար նման պահանջ ներկայացնելը:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` 29.01.2021 թվականին` ժամը 10:15-ին, Տավուշի մարզի Իջևան քաղաքի Արցախյան փողոցում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար` ընդհարվել են Ավետիս Ավետիսյանին պատկանող և Լևոն Ղևոնդյանի կողմից վարած ***********(9) և Վիգեն Ներկարարյանի վարած ************(10) տրանսպորտային միջոցները: 12.02.2021 թվականի թիվ DP22009523 եզրակացությամբ ***********(11) ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 465.600 ՀՀ դրամ: «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» ՍՊԸ-ի 10.02.2021 թվականի թիվ 0308-21 եզրակացությամբ ևս պատահարի առաջացման մեջ հաստատվել է ************(12) տրանսպորտային միջոցի վարորդ Լևոն Ղևոնդյանի մեղավորությունը: Ընկերությունը 12.02.2021 թվականի որոշմամբ Հաճախորդի` ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումը մերժել է:

 

___________________

9) Առկա է անձնական տվյալ:

10) Առկա է անձնական տվյալ:

11) Առկա է անձնական տվյալ:

12) Առկա է անձնական տվյալ:

 

Հաճախորդը 22.02.2021 թվականին Ընկերությանը ներկայացրած բողոք-պահանջով խնդրել է տրամադրել ապահովագրական հատուցում մեքենային պատճառված վնասի` 800.000 ՀՀ դրամի չափով և չի ստացել պահանջի բավարարում:

Հաճախորդը 10.03.2021 թվականին Ֆինանսական համակարգի հաշտարարին ներկայացրած թիվ 08-690/21 պահանջ-դիմումով խնդրել է, որ Ընկերությունը տրամադրի ապահովագրական հատուցում մեքենային պատճառված վնասի` 800.000 ՀՀ դրամի չափով: Հաշտարարի կողմից պահանջի քննությանը ներգրավված մասնագետ «Փորձագետների միություն» ՍՊԸ-ի 30.03.2021 թվականի թիվ ՖՀ-21/110 եզրակացության համաձայն` ***********(13) ավտոմեքենային պատճառված վնասը գնահատվել է 495.000 ՀՀ դրամ: Հաշտարարի կողմից պահանջի քննությանը ներգրավված մասնագետ «Պատահարների փորձագիտական կենտրոն» ՍՊԸ-ի թիվ Ֆ21 0451 ԱՏ եզրակացության համաձայն` պատահարի առաջացման մեջ մեղավոր է ************(14) տրանսպորտային միջոցի վարորդ Վիգեն Ներկարարյանը, իսկ ***************(15) տրանսպորտային միջոցի վարորդի մեղավորությունը տեղի ունեցած պատահարում բացակայում է:

 

___________________

13) Առկա է անձնական տվյալ:

14) Առկա է անձնական տվյալ:

15) Առկա է անձնական տվյալ:

 

Հաշտարարը 03.06.2021 թվականի թիվ 15-2894/21 որոշմամբ Հաճախորդի պահանջը բավարարել է մասնակի` 495.000 (չորս հարյուր իննսունհինգ հազար) ՀՀ դրամ գումարի չափով, որը կողմերի համար դարձել է պարտադիր:

Սույն գործով դիմելով դատարան` Ընկերությունը խնդրել է չեղյալ ճանաչել հաշտարարի 03.06.2021 թվականի թիվ 15-2894/21 որոշումը:

Դատարանի 21.07.2023 թվականի որոշմամբ դիմումը բավարարվել է, և Հաշտարարի թիվ 15-2894/21 որոշումը չեղյալ է ճանաչվել` հետևյալ պատճառաբանությամբ. «(...) Սույն դեպքում ԱՊՊԱ օրենքի և ԱՊՊԱ Կանոնների համաձայն` առաջնային փորձաքննության արդյունքները` «Անկախ Փորձագիտական Ինստիտուտ» ՍՊԸ-ի կողմից 10.02.2021թ. տրված փորձաքննության առաջնային թիվ 0308-21 եզրակացությունը, Հաճախորդի կողմից չի բողոքարկվել, այլ պահանջ-դիմում է ներկայացվել Հաշտարարին, իսկ Հաշտարարը, խախտելով ինչպես ԱՊՊԱ օրենքի, այնպես էլ ԱՊՊԱ Պայմանների պահանջները, բողոքի քննության ընթացքում կրկին անգամ իրականացրել է ՃՏՊ-ի առաջացման պատճառների առաջնային փորձաքննություն, մինչդեռ տվյալ պատահարի գծով ԱՊՊԱ ոլորտում արդեն իսկ իրականացված է եղել առաջնային` թիվ 0308-21 փորձաքննություն և այն ԱՊՊԱ օրենքի և ԱՊՊԱ Պայմանների պահանջներին համապատասխան չի բողոքարկվել, հետևաբար` պարտադիր է դարձել կողմերի համար, այդ թվում նաև Հաճախորդի համար»:

Վերաքննիչ դատարանը 30.01.2024 թվականի որոշմամբ Դատարանի 21.07.2023 թվականի որոշումը թողել է անփոփոխ, Դատարանի հետևությունները դիտել է հիմնավոր և արձանագրել է հետևյալը.»(...) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ մասնագետ ներգրավելու և փորձաքննություն նշանակելու Հաշտարարի իրավասության հարցը կարող էր իրականացվել միայն «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի և Կանոններով սահմանված կարգավորումների շրջանակներում` Հաճախորդի կողմից թիվ 0308-21 եզրակացությունը բողոքարկված լինելու, մասնավորապես, լրացուցիչ, այնուհետև կրկնակի փորձաքննություններ անցկացնելու մասին պահանջներ ներկայացնելուց հետո, այսինքն, տվյալ օրենքով նախատեսված ընթացակարգերը սպառելուց հետո, որը սույն գործով տեղի չի ունեցել: Հետևաբար, թե՛ հաշտարարի վարույթի շրջանակներում ձեռք բերված ապացույցը (անկախ հաշտարարության արդյունքներից) և թե՛ ԱՊՊԱ գործընթացի շրջանակներից դուրս բողոքաբերի կողմից վնասի չափի գնահատման վերաբերյալ ստացված մասնագետի եզրակացությունը, սույն գործի առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող դիտարկվել որպես հիմնական իրավունքների պահպանմամբ ձեռքբերված ապացույցներ: (...)» Վերաքննիչ դատարան, որպես իր եզրահանգումների հիմնավորում վկայակոչել է Վճռաբեկ դատարանի 09.10.2023 թվականի թիվ ԵԱՔԴ/2014/02/17 որոշմամբ արտահայտած վերը նշված դիրքորոշումը:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին, ինչպես նաև 22-րդ հոդվածի 1-ից 4-րդ մասերի պահանջները, Հաճախորդին ծանրաբեռնել է օրենսդրությամբ չնախատեսված պարտականություններով` խախտելով նաև վեճերի այլընտրանքային լուծման մարմինների գործունեության միջազգայնորեն ընդունված սկզբունքները, հատկապես` արդյունավետության սկզբունքը: Ավելին` Վերաքննիչ դատարանի վերը նշված եզրահանգումը հակասում է նաև «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներին: Մասնավորապես, սույն դեպքում ներկայացված պահանջը ենթակա է եղել Հաշտարարի քննությանը, և Հաշտարարն իրավասու է եղել կայացնել պահանջն ըստ էության լուծող որոշում, քանի որ Ավետիս Ավետիսյանը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի իմաստով համարվում է Հաճախորդ, իսկ «Ռեսո» ԱՓԲԸ-ն` նույն օրենքի իմաստով` Կազմակերպություն: Հաճախորդի պահանջը վերաբերել է ԱՊՊԱ պատահարի արդյունքում կազմված` հատուցում տրամադրելը մերժելու մասին որոշմանը, ինչպես նաև Հաճախորդը` որպես տուժող կողմ, անհամաձայնություն է հայտնել իր մեքենային պատճառված վնասի չափի գնահատման արդյունքներին, այսինքն` պահանջը կապված է եղել Կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների հետ: Միաժամանակ, Հաճախորդի կողմից Կազմակերպության դեմ ներկայացված պահանջը չի գերազանցել 10 միլիոն ՀՀ դրամը, ինչից հետևում է, որ պահպանվել են պահանջը Հաշտարարի քննությանը ենթակա լինելու` օրենքով սահմանված բոլոր պայմանները: Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով վերը նշված հանգամանքները, ոչ միայն խախտել է «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածը, այլև անհիմն սահմանափակել է նույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` Հաշտարարի դիմելու Հաճախորդի իրավունքը, ինչպես նաև հաշվի չի առել Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի խորհրդի 24.12.2019 թվականի թիվ 50-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի RL1-001 կանոններ (ԱՊՊԱ ընդհանուր պայմաններ)»-ի 127-րդ կետի պահանջն այն մասին, որ տարաձայնությունների դեպքում վեճերը լուծվում են Ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից` «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն:

i

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից վկայակոչված թիվ ԵԱՔԴ/2014/02/17 գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.10.2023 թվականի որոշմամբ արտահայտած դիրքորոշումներին, ապա դրանք սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չեն կարող լինել` նկատի ունենալով, որ նշված որոշմամբ Վճռաբեկ դատարանն անդրադարձել է բացառապես դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման խնդրին, ինչի արդյունքում եզրահանգել է, որ մինչև դատարան դիմելը անձը պարտավոր է սպառել օրենքով սահմանված արտադատական կարգը: Այլ խոսքով` Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները վերաբերում են բացառապես դատարան դիմելուց առաջ անձի կողմից կատարվելիք գործողություններին, և այդ որոշմամբ որևէ անդրադարձ չի կատարվել մինչև Հաշտարարին` վեճերի այլընտրանքային լուծման մարմնին, դիմելը Հաճախորդի կողմից որևէ գործողություն կատարելու մասին:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ անձը Հաշտարարին կարող էր դիմել միայն լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունից հետո, սահմանափակել է անձի` իրավական պաշտպանության արդյունավետ միջոց ստանալու իրավունքը, նրա համար սահմանել է օրենքով չսահմանված պարտականություն և զրկել իր իրավունքի` այլընտրանքային կարգով իրացման հնարավորությունից` Հաշտարարին դիմելը գործնականում դարձնելով անհնարին:

 

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-րդ մասի 2-րդ կետով նախատեսված լիազորությունը` բեկանել Վերաքննիչ դատարանի 30.01.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլխի կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ սույն գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ և 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.01.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Ա. Մկրտչյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=32369622321772869

 

 

pin
Վճռաբեկ դատարան
14.11.2025
N ՏԴ/2886/02/21
Որոշում