ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԿԴ2/1872/02/19
Քաղաքացիական գործ թիվ ԿԴ2/1872/02/19 2025 թ.
Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան
Դատավորներ` Ն. Մարգարյան
Ս. Թորոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Ա. Մկրտչյան
զեկուցող Է. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Վ. Քոչարյան
2025 թվականի նոյեմբերի 14-ին
գրավոր ընթացակարգով քննելով գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանի բերած վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ` ըստ Սեդա Խուդանյանի դիմումի` քաղաքացուն մահացած ճանաչելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Սեդա Խուդանյանը պահանջել է Հարություն Հովհաննիսյանին ճանաչել մահացած:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի վճռով դիմումը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
Գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին:
Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 10.05.2023 թվականի «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի դիմումը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2024 թվականի որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի բերած վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2023 թվականի «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Շողիկ Հովհաննիսյանը (ներկայացուցիչ Լուսնթագ Բեժանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ ու 27-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ և 27-րդ հոդվածները կիրառել է սխալ` 26-րդ հոդվածին տալով զուտ տառացի մեկնաբանություն: Այնուամենայնիվ, նույն իրավանորմի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանը իր 03.10.2023 թվականի թիվ ԿԴ1/0244/02/17 որոշմամբ, ինչպես նաև Սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ, ներկայացրել են դրույթի ավելի լայն մեկնաբանություն:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ իր համար վճիռն ունեցել է անմիջական հետևանք, այն է` կրկին գրանցվել է իր եղբոր մահը, ինչպիսի հանգամանքով պայմանավորված սխալ է որոշվել ժառանգության բացման օրը, ինչպես նաև այն, որ առաջին հերթի ժառանգները, Հարություն Հովհաննիսյանի մահից հետո չեն ընդունել նրա ժառանգությունը, բաց են թողել օրենքով նախատեսված ժառանգության ընդունման ժամկետները, և դիմել են դատարան` Հարություն Հովհաննիսյանին մահացած ճանաչելու պահանջով, որպեսզի վերականգնեն ժառանգության ընդունման բաց թողնված ժամկետները: Նշվածի հետևանքով վճռի կատարումն ուղղակիորեն ազդել է իր իրավունքների վրա, մասնավորապես, ինքը զրկվել է որպես երկրորդ հերթի ժառանգ իր ժառանգական իրավունքներն իրացնելու հնարավորությունից, քանի որ դրանով առաջին հերթի ժառանգները, բաց թողած լինելով ժառանգության ընդունման ժամկետներն ըստ էության «վերականգնել են» դրանք` վճռի հիման վրա ստանալով նոր մահվան վկայական, դրանով իսկ սահմանելով ժառանգության բացման նոր ժամկետ:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Հարություն Հովհաննիսյանին մահացած ճանաչելու վերաբերյալ վճիռը բեկանվել է հենց իր վերաքննիչ բողոքի հիման վրա, ինչը փաստում է, որ ինքը հանդիսանում է շահագրգիռ անձ, այլապես, իր վերաքննիչ բողոքը քննության չէր առնվի և չէր բավարարվի:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերաքննիչ բողոքը մերժելու արդյունքում խախտվել է իր արդար դատաքննության իրավունքը, քանզի չի վերականգնվել նախկին այն դրությունը, որը եղել է մինչ բեկանված դատական ակտի կայացումը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 01.02.2023 թվականի որոշումը և այն փոփոխել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Սեդա Խուդանյանի դիմումը` Հարություն Հովհաննիսյանին մահացած ճանաչելու պահանջի մասին, բավարարվել է (հատոր 1-ին, գ.թ. 43-49).
2) ՔԿԱԳ տարածքային բաժնի պետի կողմից 03.05.2021 թվականին տրված թիվ ԲԱ394062 մահվան մասին պետական վկայականի համաձայն` ՀՀ քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանում կատարվել է գրանցում, առ այն, որ Հարություն Հովհաննիսյանը մահացել է 24.12.2020 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 23).
3) Կոտայքի մարզի նոտար Ավետիք Պապինյանի կողմից 25.06.2021 թվականին տրվել է Հարություն Հովհաննիսյանի գույքի ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիր: Ժառանգական զանգվածը բաղկացած է ********(1) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի 1/8 մասից:
________________________
1) Առկա է անձնական տվյալ
Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 01.07.2021 թվականի թիվ N 01072021-07-0137 վկայականի համաձայն` ********(2) բնակարան հասցեում գտնվող անշարժ գույքի գրանցված իրավունքի սուբյեկտներ են Սեդա Խուդանյանը (1/8), (...) Շողիկ Հովհաննիսյանը (1/16), Մարիետտա Հովհաննիսյանը (2/8): Իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսացել Աբովյանի քաղխորհրդի գործադիր կոմիտեի 30.06.1994 թվականի թիվ 14 նիստի արձանագրությունից քաղվածքը, ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` տրված 24.11.2009 թվականին և ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը` տրված 25.06.2021 թվականին (հատոր 3-րդ, գ.թ. 24,25).
________________________
2) Առկա է անձնական տվյալ
4) ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի վճիռը ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության (հատոր 2-րդ, գ.թ. 38-41).
5) Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է (հատոր 3-րդ, գ.թ. 17,18).
6) Շողիկ Հովհաննիսյանի ներկայացուցիչը 01.12.2022 թվականին վճռի շրջադարձ կատարելու վերաբերյալ դատական ակտ կայացնելու մասին դիմում է ներկայացրել Դատարան, որով խնդրել է` «Կատարել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020թ. թիվ ԿԴ2/1872/02/19 վճռի կատարման շրջադարձ և անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020թ. թիվ ԿԴ2/1872/02/19 վճռի հիման վրա Աբովյանի ՔԿԱԳ տարածքային բաժնում 03.05.2021թ. կատարված Հարություն Սուրենի Հովհաննիսյանի մահվան գրանցումը` գրանցման համար 863/490/2021: Որպես մահվան գրանցման անվավերության հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Կոտայք մարզի նոտարական տարածքի նոտար Ա. Պապինյանի կողմից 25.06.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության վկայագիրը` գրանցված 2020 համարով, անվավեր ճանաչել ՀՀ Կոտայք մարզի նոտարական տարածքի նոտար Ա. Պապինյանի կողմից 25.06.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 01.07.2021թ. Մարիետտա Հարությունի Հովհաննիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ք. Աբովյան Սարալանջի փողոց 2 շենք թիվ 20 բնակարանի 2/8 նկատմամբ» (հատոր 3-րդ, գ.թ. 22).
7) Դատարանի 10.05.2023 թվականի որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի դիմումը` վճռի կատարման շրջադարձի մասին, մերժվել է (հատոր 3-րդ, գ.թ. 53-56).
8) Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ (հատոր 3-րդ, գ.թ. 138-143):
4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է եղել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի խախտում, ինչը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հերքվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում կրկին անդրադառնալ վճռի կատարման շրջադարձի մասին դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակին` վերահաստատելով նախկինում արտահայտած դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (...), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: (...):
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե ի կատար ածված վճիռը բեկանվել է և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության, ապա դատարանը կայացնում է դատական ակտ` գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է նոր դատական ակտ կայացրած դատարանը:
Եթե դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, պարտապանն իրավունք ունի դիմել նոր դատական ակտ կայացրած դատարան:
«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` կատարողական վարույթի կողմերն են պահանջատերը և պարտապանը: (...): Պարտապանն այն քաղաքացին կամ իրավաբանական անձն է, Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կամ օտարերկրյա պետությունը, որը, կատարողական թերթի համաձայն, պարտավոր է կատարել որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալ դրանց կատարումից: (...):
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ վճռի կատարման շրջադարձի մասին որոշում կայացնելու համար պարտադիր է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությունը`
1) գործով կայացված վճիռն ի կատար է ածվել,
2) ի կատար ածված վճիռը բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր վճիռ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Ընդ որում, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության` նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արտահայտել է այն դիրքորոշումը, որ խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում (տե՛ս Պապամիկալոպոպուլոսն ընդդեմ Հունաստանի (Papamichalopopuulos v. Greece) գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34):
ՀՀ սահմանադրական դատարանը 28.06.2013 թվականի թիվ ՍԴՈ-1102 որոշմամբ արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կոչված է կարգավորելու քաղաքացիաիրավական հարաբերություններ` կապված դատական սխալի արդյունքում կայացված դատական ակտի կատարմամբ անձին պատճառված նյութական վնասի վերականգնման (հատուցման) հետ: Նյութական-իրավական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել մասնավոր այնպիսի դեպքերում, երբ առկա են դատարանի կայացրած ակտի բեկանման (լրիվ կամ մասնակի), գործի վարույթը կարճելու, հայցն առանց քննության թողնելու` օրենքով նախատեսված հիմքեր, հետևաբար` նաև այդ ակտն ի կատար ածելու արդյունքում առաջացած իրավական հետևանքները վերացնելու (այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը, գործի հանգամանքներով պայմանավորված շահագրգիռ կողմի (տուժողի) նախկին իրավունքներն ու պարտականությունները վերականգնելու) իրավական անհրաժեշտություն: Այսինքն` դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի նպատակն արդար և արդյունավետ արդարադատության իրականացման (արդարադատության նպատակների իրականացման) ապահովումն է, իսկ օբյեկտը` գույքային իրավունքն է և դրանով պայմանավորված կողմերի` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները, դրանց իրացման իրավաչափությունը` քաղաքացիաիրավական տվյալ վեճի շրջանակներում: Այսինքն` վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ պետությունը, ի դեմս իրավասու դատարանի, նպատակ ունի կատարելու անձանց սեփականությունը պաշտպանելու (այդ թվում` այլոց ապօրինի գործողություններից) իր պոզիտիվ պարտականությունը, որը նաև արդարադատության իրականացման հիմնական խնդիրներից է: Դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի ինստիտուտը կարևոր երաշխիք է Սահմանադրության ինչպես 8-րդ, 18-րդ և 19-րդ, այնպես էլ այլ հոդվածներին համապատասխան անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության առումով: (...):
Նախկինում կայացրած որոշումներից մեկով ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վերոնշյալ իրավակարգավորման բովանդակության համաձայն` դատավարական իմաստով դատարանի ի կատար ածված վճռի կատարման շրջադարձի հարց կարող է լուծվել, եթե`
1. առկա է դատարանի ի կատար ածված վճիռ, և
2. դատարանի ի կատար ածված վճիռն իրավասու դատական ատյանի կողմից բեկանվել է, և կայացվել է հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճվել է, կամ հայցը թողնվել է առանց քննության:
Վճռի կատարման շրջադարձի նպատակն է դատական կարգով վերականգնել պատասխանողի իրավունքները և օրինական շահերը, որոնք խախտվել են բեկանված դատական ակտով: Բեկանված դատական ակտի փոխարեն համապատասխան դատարանի կողմից կայացվում է գործն ըստ էության լուծող այլ դատական ակտ` հայցը լրիվ կամ մասնակի մերժելու կամ գործի վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու մասին, որից հետո պարտապանը (գույքի նախկին սեփականատերը) իրավունք է ձեռք բերում վերականգնել նախկին դրությունը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է նաև, որ վճռի կատարման շրջադարձի նպատակն է` վերացնել ի կատար ածված դատական ակտի իրավական հետևանքները` վերականգնել այդ ակտի կայացմանը նախորդող իրավական դրությունը և գործի հանգամանքներով պայմանավորված` վերականգնել շահագրգիռ կողմի խախտված նախկին իրավունքներն ու պարտականությունները (տե՛ս ըստ Նինա Չալտիկյանի դիմումի` ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի թիվ 2-4247/2004թ. որոշումը):
i
Մեկ այլ որոշմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է: Այսինքն` բոլոր դեպքերում խոսք է գնում բեկանված դատական ակտով որոշված, սահմանված և տրամադրված իրավունքների և պարտականությունների մասին, որոնք վերացվել են դատական ակտի բեկանմամբ (տե՛ս Արսեն Չիչյանն ընդդեմ Սերոփ-Գորիոն Դեր-Բողոսսյանի իրավահաջորդ Վանիս Կորյունի Դեր-Բողոսսյանի և մյուսների` թիվ ԵԿԴ/0479/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, որպես կանոն, վճռի կատարման շրջադարձի հարցը լուծում է այն դատարանը, որը կայացրել է դատական ակտը բեկանելու և հայցը լրիվ կամ մասնակի մերժելու մասին նոր դատական ակտ, կամ գործի վարույթը կարճել է, կամ հայցը թողել է առանց քննության` նոր դատական ակտին համապատասխան որոշում կայացնելով գույքը լրիվ կամ մասնակի պարտապանին վերադարձնելու մասին: Այն դեպքում, երբ նոր դատական ակտ կայացրած դատարանը չի լուծել բեկանված վճռի կատարման շրջադարձի հարցը, ապա այդ հարցը կարող է լուծվել պարտապանի կողմից վճռի կատարման շրջադարձի մասին առանձին դիմումի հիման վրա (տե՛ս Շմավոն Համբարձումյանն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի թիվ ԿԴ1/0244/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.10.2023 թվականի որոշումը):
Այսպիսով` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարման շրջադարձի վերաբերյալ դիմումի քննության վարույթի նպատակը մինչև բեկանված դատական ակտի կատարումը եղած դրությունը վերականգնելն է: Հետևաբար վճռի շրջադարձի դիմումի քննության բովանդակությունը պետք է սահմանափակվի բեկանված դատական ակտի ծավալով, չսահմանափակելով ՀՀ օրենքով վերապահված իրավունքները: Այսինքն` բոլոր այն դեպքերում, երբ քաղաքացիական իրավունքներ են ծագել ոչ թե բեկանված դատական ակտի, այլ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այլ հիմքերով (օրինակ` ժառանգության վկայագրի), ապա քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը ենթակա է իրականացման քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` հաշվի առնելով օրենքով վերապահված երաշխիքները, որը հնարավոր է իրականացնել բացառապես հայցային վարույթի կարգով` ապահովելով արդար դատաքննության սահմանադրական և միջազգային պայմանագրերով նախատեսված երաշխիքները:
Վերահաստատելով իր նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վճռի կատարման շրջադարձը նպատակ ունի վերականգնելու շահագրգիռ կողմի խախտված իրավունքներն ու օրինական շահերը` շրջադարձելով հարկադիր կատարման ենթակա և սահմանված կարգով ի կատար ածված դատական ակտը: Հետևաբար, եթե դատարանը որոշակի դատավարական փուլի առանձնահատկությամբ պայմանավորված չի անդրադարձել դատական ակտի շրջադարձին, ապա շահագրգիռ կողմի դիմումի հիման վրա նոր դատական ակտ կայացրած դատարանը պարտավոր է, մինչ անձի` տվյալ գործով շահագրգիռ կողմ հանդիսանալու հանգամանքը գնահատելը, անդրադառնալ այն հարցին, թե արդյոք տվյալ դատական ակտն ընդհանրապես ենթակա է հարկադիր կատարման և, ըստ այդմ, կարող է արդյոք կատարվել վճռի շրջադարձ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 235-րդ հոդվածի համաձայն` դատարանը հատուկ վարույթներն իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն, այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն ենթաբաժնի դրույթներով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 236-րդ հոդվածի համաձայն`
1. Դատարանը հատուկ վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը
(...)
5) քաղաքացուն անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու գործերը. (...)
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքով նախատեսված իրավակարգավորումների շրջանակներում անդրադառնալով հատուկ վարույթի կարգով քննող դիմումների առանձնահատկությանը, արձանագրել է, որ հատուկ վարույթը բնորոշվում է հետևյալ հատկանիշներով`
1) այստեղ իրավունքի մասին վեճ չկա, քանի որ դիմողն այլ անձանց որևէ նյութաիրավական պահանջ չի ներկայացնում,
2) հատուկ վարույթին բնորոշ է ոչ թե վեճի բացակայությունն ընդհանրապես, այլ դատական մարմինների քննությանն օրենքով հանձնված իրավունքի մասին վեճի բացակայությունը,
3) հատուկ վարույթում դատարանի լուծմանը ենթակա իրավունքի մասին վեճ չկա, ուստի այստեղ չկան նաև հայցվոր ու պատասխանող, այստեղ կան միայն դիմողներ և շահագրգիռ այլ անձինք,
4) հատուկ վարույթում չկա նաև հայց:
Այսպիսով, հատուկ վարույթի գործերով բացակայում է իրավունքի մասին վեճը, իսկ շահագրգիռ անձն էլ որևէ մեկի դեմ որևէ պահանջ չի ներկայացնում: Այսինքն` հատուկ վարույթի գործերով բացակայում է դատարանի քննությանը ենթակա (նրա լուծմանը հանձնված) իրավունքի մասին վեճը (տե՛ս ըստ Ասատուր Հարությունյանի դիմումի` թիվ ԵՄԴ/3384/02/15 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը):
Վերոշարադրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործի շրջանակներում, նկատի ունենալով այն հանգամանքը, որ հարցը քննության է առնվել հատուկ վարույթի կարգով, բացակայում են հակադիր շահերով օժտված կողմերը և նրանց` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները: Բացակայում է նաև կատարողական գործողությունների ընթացքում պարտապանի կարգավիճակ ստացած անձը, ինչը պայմանավորված է նրանով, որ հարցը վերաբերում է իրավաբանական փաստի` անձի մահվան հանգամանքի հաստատմանը, և, որպես այդպիսին, նյութաիրավական վեճը բացակայել է:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի վճռով 07.12.1954 թվականին ծնված Հարություն Հովհաննիսյանը ճանաչվել է մահացած` մահվան օր համարելով նույն վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրը: Վճիռը հիմք է հանդիսացել քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից քաղաքացու մահվան մասին քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում համապատասխան գրառում կատարելու համար, և 03.05.2021 թվականին տրվել է թիվ ԲԱ394062 մահվան մասին պետական վկայականը, համաձայն որի` Հարություն Հովհաննիսյանը մահացել է 24.12.2020 թվականին: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 30.07.2021 թվականի որոշմամբ գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության: Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 13.10.2022 թվականի որոշմամբ գործի վարույթը կարճվել է:
Սույն գործով գործին մասնակից չդարձած անձ Շողիկ Հովհաննիսյանը դիմում է ներկայացրել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վճռի կատարման շրջադարձ կատարելու մասին, որով խնդրել է` «Կատարել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020թ. թիվ ԿԴ2/1872/02/19 վճռի կատարման շրջադարձ և անվավեր ճանաչել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020թ. թիվ ԿԴ2/1872/02/19 վճռի հիման վրա Աբովյանի ՔԿԱԳ տարածքային բաժնում 03.05.2021թ. կատարված Հարություն Սուրենի Հովհաննիսյանի մահվան գրանցումը` գրանցման համար 863/490/2021: Որպես մահվան գրանցման անվավերության հետևանք անվավեր ճանաչել ՀՀ Կոտայք մարզի նոտարական տարածքի նոտար Ա. Պապինյանի կողմից 25.06.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության վկայագիրը` գրանցված 2020 համարով, անվավեր ճանաչել ՀՀ Կոտայք մարզի նոտարական տարածքի նոտար Ա. Պապինյանի կողմից 25.06.2021թ. տրված ըստ օրենքի ժառանգության վկայագրի հիման վրա ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 01.07.2021թ. Մարիետտա Հարությունի Հովհաննիսյանի անվամբ կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը` ք. Աբովյան Սարալանջի փողոց 2 շենք թիվ 20 բնակարանի 2/8 նկատմամբ»:
Դատարանի 10.05.2023 թվականի որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի դիմումը մերժվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) սույն գործը քննվել է հատուկ վարույթի կարգով, հետևապես` այս վարույթի շրջանակներում առկա չեն եղել կողմեր, այսինքն` հակադիր շահերով օժտված սուբյեկտներ, համապատասխանաբար բացակայել է կողմի` խախտված կամ վիճարկվող իրավունքից ծագող և օրենքով սահմանված որոշակի կարգով քննության ենթակա նյութաիրավական պահանջ, ինչպես նաև սուբյեկտիվ իրավունքի մասին վեճ: Բացի այդ, հատուկ վարույթի կարգով իրականացված քննության արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 23-ին կայացված վճռով գործին մասնակցող որևէ անձին չի պարտավորեցվել որևէ կողմի (նման սուբյեկտի բացակայության պատճառով) օգտին կատարելու որոշակի գործողություններ կամ ձեռնպահ մնալու որոշակի գործողությունների կատարումից, այլ կերպ ասած` դրսևորելու վճռի կատարմանն ուղղված որոշակի վարքագիծ»: Դատարանն արձանագրել է, որ «դիմումն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ քննարկվող դիմումի միջոցով ակնկալվող հետևանքները, (...) չեն կարող իրականացվել վճռի կատարման շրջադարձի ինստիտուտի կիրառմամբ` դրա կիրառման համար անհրաժեշտ իրավապայմանների միաժամանակյա առկայությունը սույն գործով բացակայելու, այսինքն` դիմումով ներկայացված պահանջները վճռի շրջադարձով լուծման ենթակա հարցեր չլինելու պատճառով»:
Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշմամբ Շողիկ Հովհաննիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 10.05.2023 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ հետևյալ պատճառաբանությամբ. «Շողիկ Հովհաննիսյանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի իմաստով պարտապան կողմ հանդիսանալ չի կարող և նրա օգտին դատական ակտի կայացում ակնկալվել չի կարող: Շողիկ Հովհաննիսյանը ներգրավված չի եղել նյութաիրավական վեճով որպես կողմ (և առհասարակ նման վեճը սույն պարագայում բացակայում է), վերջինս չի ստանձնել որևէ պարտավորվածություն, և այդ պարտավորվածությունն ի կատար չի ածվել»:
Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների և սույն գործի փաստերի համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք հիմնավոր են հետևյալ պատճառաբանությամբ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասը կիրառելիս դրա գործողության տիրույթում պետք է լինի բացառապես գույքը պարտապանին լրիվ կամ մասնակի վերադարձնելու մասին` նոր դատական ակտին համապատասխան: Մինչդեռ սույն գործով Շողիկ Հովհաննիսյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի թիվ ԿԴ2/1872/02/19 վճռի կատարման շրջադարձի մասին դիմում է ներկայացրել այն պայմաններում, երբ քաղաքացուն մահացած ճանաչելու մասին դատական ակտն ընդհանրապես ենթակա չի եղել հարկադիր կատարման, հետևաբար և բեկանված դատական ակտի շրջադարձ կատարելու համար Շողիկ Հովհաննիսյանը չի ունեցել պարտապանի կարգավիճակ, որը թույլ կտար այդ կերպ իրականացնելու իր իրավունքների պաշտպանությունը:
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 23.11.2020 թվականի թիվ ԿԴ2/1872/02/19 քաղաքացիական գործով բացակայել են հակադիր շահերով օժտված կողմերը և նրանց` միմյանց հանդեպ ունեցած իրավունքներն ու պարտականությունները: Բացակայել են նաև կատարողական գործողությունների ընթացքում պահանջատիրոջ և պարտապանի կարգավիճակ ստացած անձինք, ինչը պայմանավորված է նրանով, որ հարցը վերաբերել է իրավաբանական փաստի` անձի մահվան հանգամանքի հաստատմանը, և որպես այդպիսին, նյութաիրավական վեճի բացակայությամբ: Բեկանված վճիռն անմիջական հետևանք չի ունեցել Շողիկ Հովհաննիսյանի համար` ներառյալ նրան պատկանող որևէ գույքին չի վերաբերել, այդ ակտով դադարած է ճանաչվել Հարություն Սուրենի Հովհաննիսյանի իրավունակությունը, որի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի գրանցամատյանում կատարվել է համապատասխան գրառում: Այսինքն` սույն գործով կայացված վճռի հիման վրա տեղի է ունեցել ոչ թե Շողիկ Սուրենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքի փոխանցում, փոփոխություն կամ դադարում, այլ Հարություն Սուրենի Հովհաննիսյանի իրավունակության դադարման վերաբերյալ գրանցում, որից հետո միայն առաջացել են մահացած ճանաչված անձի գույքի ժառանգության հետ կապված հետևանքները: Այլ կերպ ասած` Շողիկ Սուրենի Հովհաննիսյանի սեփականության իրավունքին առնչվող հանգամանքները (ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագրի տրամադրումը և սեփականության իրավունքի պետական գրանցման կատարումը) տեղի են ունեցել ոչ թե անմիջապես վճռի հիման վրա, այլ վճռի անմիջական հետևանքի, այսինքն` մահվան վերաբերյալ ակտային գրանցման կատարումից հետո` որոշակի անձանց կողմից ձեռնարկված և կատարված գործողությունների արդյունքում, հետևաբար մահվան վերաբերյալ ակտային գրանցումից հետո ձեռնարկված և կատարված այդ գործողությունները չեն կարող վճռի կատարման շրջադարձի դիմումի միջոցով վիճարկվել և (կամ) վերացվել:
Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարաններն իրավաչափորեն արձանագրել են, որ Շողիկ Հովհաննիսյանը «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի իմաստով պարտապան կողմ հանդիսանալ չի կարող, և նրա օգտին դատական ակտի կայացում ակնկալվել չի կարող:
Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, անփոփոխ թողնելով Դատարանի 10.05.2024 թվականի «Վճռի կատարման շրջադարձի մասին դիմումը քննության առնելու մասին» որոշումը, կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող եզրափակիչ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված` վճռաբեկ բողոքը մերժելու և ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու լիազորությունը:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետական տուրքի գանձման օբյեկտները, պետական տուրքի չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի «թ» կետի համաձայն` դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են. ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք` դատարանների վճիռների կատարումը շրջադարձելու դիմումներով:
Մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ նույն հոդվածի համաձայն` (...) նույն հոդվածի առաջին մասում նշված անձինք տուրքի վճարումից ազատվում են նաև դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար: (...):
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Շողիկ Հովհաննիսյանը մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի ուժով ազատված է եղել հայցադիմումի, վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար պետական տուրքի վճարման պարտականությունից, ուստի պետական տուրքի հարցը պետք է համարել լուծված:
Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսերի փոխհատուցման պահանջ չի ներկայացվել, հետևաբար այլ դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ:
2. Դատական ծախսերի հարցը համարել լուծված:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ա. Մկրտչյան
Զեկուցող Է. Սեդրակյան
Ն. Հովսեփյան
Ս. Մեղրյան
Վ. Քոչարյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=16325548649312938