Սեղմել Esc փակելու համար:
ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՈՒԺՈՎ ԳՈՒՅՔԻ Ն...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՎԱՂԵՄՈՒԹՅԱՆ ՈՒԺՈՎ ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

   ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԴ/7867/02/21

    Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/7867/02/21         2025 թ.

    Նախագահող դատավոր` Ս. Գրիգորյան

  Դատավորներ`        Ա. Մխիթարյան

                                      Ա. Կուրեխյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող` Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի դեկտեմբերի 2-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևան համայնքի (այսուհետ` Համայնք) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2022 թվականի որոշման դեմ` ըստ Էդուարդ Ջզմեչյանի հայցի ընդդեմ Համայնքի, երրորդ անձ Կադաստրի կոմիտեի` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Էդուարդ Ջզմեչյանը պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ***(1) հասցեում գտնվող` 31,88 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ:

 

__________________

1) Առկա է անձնական տվյալ:

 

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 01.06.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.11.2022 թվականի որոշմամբ Էդուարդ Ջզմեչյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Համայնքը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Էդուարդ Ջզմեչյանը (ներկայացուցիչ Արմինե Ավետիսյան):

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ, 187-րդ և 280-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 57-րդ ու 62-րդ հոդվածները, Կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշումը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Էդուարդ Ջզմեչյանի մոտ բացակայել է համոզմունքն առ այն, որ գույքը ձեռք է բերվում օրինական` հետագայում սեփականության իրավունք ձեռք բերելու հիմքով, ուստի վերջինիս մոտ ակնհայտորեն բացակայել է վիճելի գույքը բարեխիղճ տիրապետելու հանգամանքը:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Էդուարդ Ջզմեչյանը «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ունեցել է գույքը սեփականաշնորհելու հնարավորություն, ինչպիսի պայմաններում անհասկանալի է, թե ինչու է վերջինս ավտոտնակն օրինականացնելու խնդրանքով դիմել իրեն:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքն է միջոցներ ձեռնարկել վիճելի գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելու հարցում, միաժամանակ պատշաճ չեն գնահատվել գործում առկա փաստերն ու ապացույցները, ինչի արդյունքում կայացվել է սխալ դատական ակտ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 01.06.2022 թվականի վճռին:

 

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմքերը և հիմնավորումները

Վերաքննիչ դատարանի դատական ակտը հիմնավոր է, քանի որ ինքն իր ընտանիքի հետ շուրջ 60 տարի տիրապետել է վիճելի գույքը, ավելին` 2004 թվականից ի վեր միայն ինքն է բացահայտ տիրապետել և օգտագործել ավտոտնակը` կայանելով այնտեղ իր մեքենան ու օգտագործելով վիճելի գույքը կենցաղային նպատակներով, բացառապես իր կողմից են կատարվել ավտոտնակի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ ծախսերը:

Համայնքը որևէ գործողություն չի կատարել իր սեփականության իրավունքը գրանցելու ուղղությամբ և հրաժարվել է իր գույքից: Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետարան դիմումներ ներկայացնելու փաստին, ապա այն չի կարող վկայել բարեխղճության պայմանի բացակայության մասին, քանի որ սեփականության իրավունքի գրանցման համար նման դիմում ներկայացնելն անհրաժեշտ քայլ է:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 30.12.1957 թվականի թիվ 79 օրդերի հիման վրա ***(2) հասցեի 40քմ մակերեսով բնակարանը և «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին` Զարիկ, Սերյոժա և Լյույզաննա Ճզմաջյանների, Ալինա «Հովհաննիսյանի» ու Անահիտ Գալստյանի հետ զբաղեցնելու նպատակով (հատոր 1-ին, գ.թ. 14).

 

__________________

2) Առկա է անձնական տվյալ:

 

2) Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 24.09.2004 թվականի թիվ 25/03-Ջ-73 տեղեկանքի համաձայն` «Արաբկիրի նախկին շրջգործկոմի 28.07.94թ.-04.08.94թ. հ ***(3) երկու սենյականոց բնակարանը սեփականաշնորհվել է որպես ընտանիքի ներքոհիշյալ երեք անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Ջզմեչյան Սերյոժա - սեփականատեր, Հովհաննիսյան Ալինա - կինը, Ջզմեչյան Էդուարդ - տղան» (հատոր 1-ին, գ.թ. 13).

 

__________________

3) Առկա է անձնական տվյալ:

 

3) Ալինա Հովհաննեսյանը մահացել է 24.07.1995 թվականին, Սերյոժա Ջզմեչյանը` 02.08.2003 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 11, 12).

4) Երևանի քաղաքապետարանը 11.12.2018 թվականի թիվ 18-12/1-Ջ-837 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ «Երևանի քաղաքապետին հասցեագրված ***(4)-ի բակում գտնվող ինքնակամ շինությունն օրինականացնելու մասին Ձեր դիմումի վերաբերյալ տեղեկացնում ենք, հարցը կարգավորվում է 07.05.2002թ. ընդունված ՀՀ «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքի շրջանակներում» (հատոր 1-ին, գ.թ. 22).

 

__________________

4) Առկա է անձնական տվյալ:

 

5) Երևանի քաղաքապետարանը 04.02.2019 թվականի թիվ 20/1-Ջ-14 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ «(...) «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի համաձայն նկուղները ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքի սեփականատերերին: Նույն օրենքի համաձայն ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բարձրագույն մարմինը շինությունների սեփականատերերի ժողովն է, որին պատկանում է բազմաբնակարան շենքի ընդհանուր բաժնային սեփականության կառավարման բնագավառում ցանկացած հարցի լուծման իրավունքը, ինչպես նաև շենքի ընդհանուր բաժնային սեփականության առանձնացված մասն օտարելու հարցը: Միաժամանակ հայտնում եմ, որ Երևան համայնքի սեփականություն համարվող գույքն օգտագործման կամ օտարման է տրամադրվում Երևան քաղաքի ավագանու 25.12.2018թ. հ.41-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան աճուրդով կամ մրցույթով Երևանի քաղաքապետարանում գործող Երևան քաղաքի սեփականություն համարվող գույքն օգտագործման տրամադրելու և օտարման աճուրդը և մրցույթը կազմակերպող ու անցկացնող հանձնաժողովի միջոցով: (...)» (հատոր 1-ին, գ.թ. 21).

6) Էդուարդ Ջզմեչյանը 24.02.2020 թվականին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում` խնդրելով ***(5) շենքի կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի նկատմամբ գրանցել Համայնքի իրավունքները և նվիրատվության պայմանագրով այն հանձնել իրեն` որպես սեփականություն:

Ի պատասխան Էդուարդ Ջզմեչյանի դիմումի` Երևանի քաղաքապետարանը 26.03.2020 թվականի թիվ 20/1-Ջ82 գրությամբ հայտնել է, որ ***(6) շենքի կիսանկուղային հարկում գտնվող գույքն ընդգրկված չէ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքային միավորների հաշվառման բազայում, և դրա նկատմամբ Համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ: Նույն գրությամբ, վկայակոչելով Կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը և Կառավարության 29.06.2017 թվականի թիվ 757-Ն որոշման 1-ին հավելվածի 10-րդ կետը, Երևանի քաղաքապետարանը հավելել է նաև, որ ավտոտնակը (ավտոկայանատեղի, ավտոհանգրվան) դասակարգված է բնակելի նշանակության շինությունների ցանկում, նշված գույքի նկատմամբ հնարավոր չէ գրանցել Համայնքի սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 19, 25).

 

__________________

5) Առկա է անձնական տվյալ:

6) Առկա է անձնական տվյալ:

 

7) Երևանի քաղաքապետարանը 07.12.2020 թվականի թիվ 20/1-97223 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ ***(7) շենքի կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի սեփականաշնորհման խնդրի հետ կապված Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան մասնագետները տանում են աշխատանքներ` նշված հասցեի ավտոտնակի նկատմամբ Համայնքի սեփականության իրավունքը գրանցելու ուղղությամբ (հատոր 1-ին, գ.թ. 20).

 

__________________

7) Առկա է անձնական տվյալ:

 

8) Երևանի քաղաքապետի 11.12.2020 թվականի թիվ 3775-Ա որոշմամբ Համայնքի դիմումի հիման վրա ***(8) շենքում գտնվող` 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրվել է` ***(9) հասցեն (հատոր 1-ին, գ.թ. 16, 17).

 

__________________

8) Առկա է անձնական տվյալ:

9) Առկա է անձնական տվյալ:

 

9) Կադաստրի կոմիտեի 14.01.2021 թվականի թիվ Կ-14012021-01-0133 որոշմամբ ***(10) հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է այն պատճառաբանությամբ, որ անհրաժեշտ է ներկայացնել անշարժ գույքի վերաբերյալ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից տեղեկանք` գույքի` կոմիտեի հաշվեկշռում ընդգրկված լինելու կամ չլինելու վերաբերյալ, որից հետո նոր հնարավոր կլինի կատարել Համայնքի անվամբ իրավունքի պետական գրանցում (հատոր 1-ին, գ.թ. 40):

 

__________________

10) Առկա է անձնական տվյալ:

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի և Կառավարության 29.05.2009 թվականի «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման համար անհրաժեշտ բարեխղճության պայմանի դրսևորման առանձնահատկություններին` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումը:

 

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 172-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` օրենքի և այլ իրավական ակտերի պահանջների պահպանմամբ` անձի կողմից իր համար պատրաստած կամ ստեղծած նոր գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք է բերում այդ անձը: (...):

Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով` անձը կարող է սեփականության իրավունք ձեռք բերել սեփականատեր չունեցող գույքի նկատմամբ, ինչպես նաև այն գույքի, որի սեփականատերն անհայտ է, կամ որից սեփականատերը հրաժարվել է, կամ որի նկատմամբ սեփականության իրավունքը նա կորցրել է օրենքով նախատեսված այլ հիմքերով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` տիրազուրկ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է ձեռք բերվել ձեռքբերման վաղեմության ուժով (հոդված 187): (...):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը, որն անշարժ գույքի սեփականատեր չէ, սակայն այն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում է որպես սեփական գույք, այդ գույքի նկատմամբ ձեռք է բերում սեփականության իրավունք (ձեռքբերման վաղեմություն):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` քաղաքացին կամ իրավաբանական անձը կարող է հրաժարվել իրեն պատկանող գույքի սեփականության իրավունքից` այդ մասին գրավոր հայտարարելով կամ այնպիսի գործողություններ կատարելով, որոնք ակնհայտ վկայում են գույքի տիրապետումից, օգտագործումից և տնօրինումից նրա մեկուսացման մասին` առանց այդ գույքի նկատմամբ որևէ իրավունք պահպանելու մտադրության, (...):

i

Սահմանադրական դատարանը, իր 21.11.2006 թվականի թիվ ՍԴՈ-667 որոշմամբ անդրադառնալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցին, արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմությունը դասվում է սեփականության իրավունքի ձեռքբերման եղանակների թվին: Ձեռքբերման վաղեմության հիմքով անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման համար պահանջվում է այդ գույքի` որպես սեփական ունեցվածքի բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ, տևական տիրապետում: Այս նախապայմանները բացառում են ուրիշի գույքը որպես սեփականություն ձեռք բերելու հնարավորությունը, որին տիրապետողը տիրապետում և օգտագործում է, մասնավորապես, վարձակալության, պահատվության կամ այլ պայմանագրերի հիման վրա, թեկուզև` բարեխիղճ, բացահայտ, անընդմեջ և երկարատև, սակայն իր պայմանագրային պարտավորությունների գիտակցմամբ այն համարելով ուրիշի գույք և այն տիրապետելով ոչ որպես սեփական գույք: Այն կոչված է պաշտպանելու գույքի բարեխիղճ տիրապետողի իրավունքները: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածը չի խոչընդոտում սեփականության իրավունքի ճանաչմանն ու պաշտպանությանը: Այն նախատեսում է դատական կարգով գույքի բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետողի` գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հնարավորություն:

Իր հերթին ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ձեռքբերման համար անհրաժեշտ է մի շարք նախապայմանների միաժամանակյա առկայությունը: Մասնավորապես դրանք են`

1. Տիրապետումը պետք է լինի բարեխիղճ: Տիրապետման բարեխղճությունը գնահատվում է գույքն անձի փաստացի տիրապետմանն անցնելիս: Գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Տիրապետողի մոտ պետք է առկա լինի այն համոզմունքը, որ նա գույքը ձեռք է բերում օրինական հիմքերով: Տիրապետումը պետք է հիմնված լինի այնպիսի փաստի հիման վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր ենթադրելու, որ նա այդ գույքը տիրապետելու է որպես սեփականություն:

2. Փաստացի տիրապետողը գույքը պետք է տիրապետի որպես սեփականը, այսինքն` գույքը փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար, ինչպես իր սեփական գույքի դեպքում: Անձը պետք է գույքը տիրապետի ինչպես սեփականը նաև երրորդ անձանց հետ հարաբերություններում:

3. Տիրապետումը պետք է լինի տասը տարի և անընդմեջ: Այսինքն` 10 տարվա ընթացքում գույքի տիրապետումը չպետք է ընդհատվի: Տիրապետումը կարող է ընդհատվել կամ տիրապետողի կամքով, երբ նա հրաժարվում է գույքի հետագա տիրապետումից (գույքը դուրս է գալիս նրա տիրապետումից), կամ գույքի սեփականատիրոջ կամ այլ անձանց գործողություններով, որոնք ուղղված են գույքը վերադարձնելուն:

4. Տիրապետումը պետք է լինի բացահայտ, այսինքն` փաստացի տիրապետողը գույքը չպետք է տիրապետի երրորդ անձանցից գաղտնի եղանակով (տե՛ս Վոլոդյա և Միշա Նիկողոսյաններն ընդդեմ Մանվել Սարիբեկյանի ու մյուսների և Մանվել Սարիբեկյանն ու Քնարիկ Աղազարյանն ընդդեմ Վոլոդյա և Միշա Նիկողոսյանների թիվ 3-1435/ՎԴ քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.10.2007 թվականի որոշումը):

Զարգացնելով ձեռքբերման վաղեմության ուժով գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ծագման պայմանների վերաբերյալ իր նախկինում արտահայտած դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է բարեխղճության պայմանի գնահատման առանձնահատկություններին և արձանագրել, որ նման իրավահարաբերություններում առավել կարևորվում է ինչպես անշարժ գույքի փաստացի տիրապետողի վերաբերմունքը տիրապետվող գույքի նկատմամբ, այնպես էլ գրանցված սեփականատիրոջ վարքագիծն այլ անձի կողմից իր գույքի սեփականության տիրապետման կապակցությամբ:

Ըստ էության, օրենքով նախատեսված տասը տարվա ժամանակահատվածն այն սահմանափակ ժամանակահատվածն է, որի ընթացքում անշարժ գույքի սեփականատիրոջ գործողությունները կարող են ազդել գույքի փաստացի տիրապետողի կողմից նրա` գույքը որպես սեփական տիրապետելու բարեխղճության վրա, քանի որ այս իրավահարաբերության համար էական է անշարժ գույքի սեփականատիրոջ վերաբերմունքը նման տիրապետման նկատմամբ, որովհետև ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման առումով սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչում որևէ սուբյեկտի համար: Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի 3-րդ կետի բովանդակությունից:

Անշարժ գույքի գրանցված սեփականության իրավունք ունեցող անձի վարքագիծը և վերաբերմունքն առանց օրենքի և պայմանագրի հիման վրա գույքը փաստացի տիրապետող անձի տիրապետման նկատմամբ էական է դառնում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածի բովանդակության առումով գնահատական տալու համար, քանի որ հիշատակված հոդվածը` որպես սեփականությունից հրաժարվելու հիմք, կարևորում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլ նաև` սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

i

Անշարժ գույքի գրանցված սեփականատիրոջ կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պաշտպանությանն ուղղված գործողությունները պետք է իրականացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածով նախատեսված ժամկետի ընթացքում` մինչև գույքի փաստացի տիրապետողի կողմից ձեռքբերման վաղեմության հիմքով սեփականության իրավունքի ճանաչման պահանջ ներկայացնելը (տես, ի թիվս այլնի, Օֆիկ Ենոքյանն ընդդեմ Հովակիմ Կարոյանի և Սվետլանա Կիրակոսյանի ու Հովակիմ Կարոյանը և Սվետլանա Կիրակոսյանն ընդդեմ Օֆիկ Ենոքյանի թիվ ԵՇԴ/0987/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ վկայակոչելով վերը նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ տիրապետման բարեխղճության հարցը քննարկելիս ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորել է նախ` տիրապետողի համոզմունքը, որ գույքը ձեռք է բերվում օրինական հիմքերով, որը և պետք է հիմնված լինի այնպիսի փաստի վրա, որը տիրապետողին կարող է տալ բավարար հիմքեր գույքը որպես սեփականություն տիրապետելու ենթադրության հանգելու համար, ապա` գույքի գրանցված սեփականատիրոջ վարքագիծն ու վերաբերմունքը թե՛ իր գույքի և թե՛ այդ գույքն այլ անձի կողմից տիրապետվելու կապակցությամբ: Ընդ որում, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 187-րդ հոդվածի կիրառման տեսանկյունից սեփականատիրոջ կողմից գույքի տիրապետման իրավազորության իրականացումն ինքնին բացառում է ձեռքբերման վաղեմության ուժով տիրապետողի սեփականության իրավունքի ճանաչումը, քանզի ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 280-րդ հոդվածը սեփականությունից հրաժարվելու հիմք համարում է ոչ միայն գրավոր փաստաթղթի առկայությունը, այլև սեփականատիրոջ գործողությունները (անգործությունը):

i

Ընդ որում, գույքն անձի փաստացի տիրապետմանը պետք է անցնի առանց որևէ բռնության գործադրման: Այսինքն` անկախ այն հանգամանքից, թե գույքն այլ անձի տիրապետմանն է անցել օրենքով սահմանված պահանջների պահպանմամբ կամ խախտմամբ, էական է այն հանգամանքը, որ տիրապետողը ենթադրի, որ նա այդ գույքը ձեռք է բերում և տիրապետելու է որպես սեփականություն, այսինքն` գույքի փաստացի տիրապետողը պետք է մասնակցի գույքի կառավարմանը, հոգ տանի դրա պահպանման համար (տե՛ս Օֆելյա Սարիբեկյանն ընդդեմ Սոնա Թորոսյանի և Սոնա Թորոսյանն ընդդեմ Օֆելյա Սարիբեկյանի ու Մանուկ Քոչարյանի թիվ ԵԴ/7920/02/20 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 24.11.2023 թվականի որոշումը):

i

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բարեխիղճ տիրապետման ինստիտուտը ժամանակագրական առումով կարող է չհամընկնել գույքի փաստացի տիրապետման անցնելու պահի հետ: Այլ կերպ` գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին այն ձեռք բերողի մոտ կարող է բացակայել բարեխղճությունը և ծագել ավելի ուշ: Նման դեպքերում ինքնին չպետք է բացառել ձեռքբերման վաղեմության առկայությունը: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ նման դեպքերում տասը տարվա ժամկետի հաշվարկի հոսքը սկսվում է ոչ թե գույքի փաստացի տիրապետմանն անցնելու պահից, այլ տիրապետման ընթացքում բարեխիղճ դառնալու պահից: Վերջինս էլ ըստ էության նշանակում է, որ գույքն այդ պահից է անցել անձի տիրապետմանը և անցման պահին անձը եղել է բարեխիղճ (տե՛ս, ի թիվս այլնի, Գայանե Խաչատրյանը և Նորայր Սարգսյանն ընդդեմ Բուրաստան Դավթյանի ու մյուսների թիվ ԱՐԱԴ/0084/02/12 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.04.2013 թվականի որոշումը):

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գույքի փաստացի տիրապետման ընթացքում բարեխղճության պայմանը կարող է ծագել միայն այն դեպքում, երբ տիրապետման ընթացքում կատարվում է այնպիսի գործողություն կամ վրա է հասնում այնպիսի իրողություն, որը կարող է անձին հիմք տալ ենթադրելու, որ այդ պահից սկսած գույքն իր կողմից տիրապետվում է որպես սեփականը և իրեն է անցել օրինական հիմունքներով: Այսինքն` պետք է տեղի ունենա որոշակի իրադարձություն, որը հիմք կհանդիսանա գույքը փաստացի տիրապետողի մոտ նման նոր համոզմունք ձևավորելու համար:

Ընդ որում` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ առանց բարեխղճության պայմանի ծագման անձի կողմից գույքը փաստացի երկարատև տիրապետելը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ տիրապետման ընթացքում առաջացել է բարեխղճության պայմանը, եթե տեղի չի ունեցել իրադրություն կամ գույքի նախկին սեփականատիրոջ վարքագծի այնպիսի փոփոխություն, որը կարող էր առաջացնել այն համոզմունքը, որ գույքը փաստացի տիրապետողը դրանից հետո վիճելի գույքը տիրապետում է օրինական հիմունքներով` որպես սեփականը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` գույքի նկատմամբ պետական գրանցման ենթակա իրավունքները ծագում են դրանց գրանցման պահից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը և այլ գույքային իրավունքները, այդ իրավունքների սահմանափակումները, դրանց ծագումը, փոխանցումն ու դադարումը ենթակա են պետական գրանցման: Գրանցման ենթակա են` անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը, օգտագործման իրավունքը, հիփոթեքը, սերվիտուտները, ինչպես նաև նույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերում` այլ իրավունքները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն դեպքերում, երբ գույքի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման, ձեռք բերողի սեփականության իրավունքը ծագում է դրա գրանցման պահից:

i

Սահմանադրական դատարանը 04.03.2011 թվականի թիվ ՍԴՈ-944 որոշմամբ, անդրադառնալով վերոհիշյալը նորմերի մեկնաբանությանը, արձանագրել է, որ օրենսդիրը միանշանակորեն անշարժ գույքի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված այս կամ այն հիմքից բխող իրավունքների պետական գրանցման փաստին հաղորդել է միանգամայն որոշակի նշանակություն` քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակիցների համար հստակ է, որ օրենսդիրն անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների ծագումը պայմանավորել է ոչ թե դրանց համար հիմք հանդիսացող հանգամանքների առկայությամբ, այլ այդ հանգամանքների առկայության պայմաններում համապատասխան գույքային իրավունքի պետական գրանցման` անշարժ գույքի հետ կապված գործարքներից բխող իրավունքների ու պարտականությունների ճանաչման փաստով:

Կառավարության «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետով սահմանվել է` Երևան քաղաքի վարչական տարածքում բազմաբնակարան բնակելի շենքերի չսեփականաշնորհված բնակարանները և պետական գրանցում չունեցող ընդհանուր օգտագործման տարածք չհամարվող ոչ բնակելի տարածքները (բացառությամբ պետական կառավարման մարմինների կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների ու դրանց տարածքային ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Տվյալ նորմի բովանդակությունից բխում է, որ բազմաբնակարան բնակելի շենքի ընդհանուր օգտագործման տարածք չհանդիսացող` չսեփականաշնորհված և պետական գրանցում չունեցող տարածքները (այդ թվում` նկուղները, որոնք չեն սեփականաշնորհվել կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով չեն պատկանում բազմաբնակարան բնակելի շենքի շինությունների սեփականատերերին) համարվում են Երևան քաղաքի սեփականությունը:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ Կառավարության «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետը Համայնքին միայն հնարավորություն է տալիս, որպես իրավական հիմք ընդունելով նշյալ կարգավորումը, գրանցել այդ տարածքների նկատմամբ իր սեփականության իրավունքը` հակառակ պարագայում սեփականության իրավունքն օրենքի ուժով չի ծագում: Այսինքն` Համայնքի գործողությունները` որպես գույքի սեփականատիրոջ վարքագիծ, գնահատման առարկա չեն կարող դառնալ, մինչև վերջինիս կողմից գույքի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումը` հաշվի առնելով, որ վերջինս հանդիսանում է միայն նշյալ գույքի նկատմամբ օրինական ակնկալիք ունեցող անձ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ապացույց ենթակա է գնահատման վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության, իսկ բոլոր ապացույցներն իրենց համակցության մեջ` փաստի հաստատման համար բավարարության տեսանկյունից:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ապացույցների գնահատման հարցին, նախկինում կայացված որոշմամբ արձանագրել է, որ ապացույցների հետազոտումը դատական ապացույցների անմիջական ընկալումը և վերլուծությունն է` դրանցից յուրաքանչյուրի վերաբերելիությունը, թույլատրելիությունն ու արժանահավատությունը որոշելու և գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայությունը և բացակայությունը հաստատելու համար դրանց համակցության բավարարությունը պարզելու նպատակով: Հետազոտման նշված նպատակն իրացվում է գործով ներկայացված ապացույցներն անմիջականորեն ընկալելու, դրանց բովանդակությունը վեր հանելու, մեկ ապացույցը մյուսի հետ համեմատելու, ներկայացված ապացույցների միջև եղած հակասությունները վեր հանելու, այլ կերպ ասած` ապացույցներն առանձին-առանձին և իրենց համակցությամբ ստուգելու ու ապացույցների ամբողջական համակարգ կառուցելու միջոցով:

Ապացույցների հետազոտումը դատական ապացուցման կենտրոնական փուլն է, որի կարևորությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ դատարանը վճիռը կարող է հիմնավորել միայն սահմանված դատավարական կարգով հետազոտված ապացույցներով:

Ապացույցների գնահատումն ապացուցողական գործունեության եզրափակիչ տարրն է, որի միջոցով որոշվում է գործի լուծման համար նշանակություն ունեցող և ապացուցման ենթակա փաստի հաստատված կամ հերքած լինելու, ինչպես նաև վիճելի մնալու լինելու հարցը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ առանց ապացույցների գնահատման հնարավոր չէ պատկերացնել դրանց ձեռք բերման, հավաքման, հետազոտման և դատական ակտի կայացման ողջ գործընթացը: Ապացույցների գնահատումը որպես տրամաբանական գործընթաց իր դրսևորումն է գտնում դատավարական գործողություններում ու ենթարկվում է իրավական կարգավորման, իրավական նորմերի ներգործության: Ապացույցների գնահատումն ունի ներքին (տրամաբանական) և արտաքին (իրավական) կողմեր: Ապացույցների գնահատման տրամաբանական կողմն այն է, որ դատական ապացուցման ողջ ընթացքում դատարանը վերլուծում է ապացույցների վերաբերելիությունը, դրանց թույլատրելիությունն ու արժանահավատությունը, փաստերի վերաբերյալ տեղեկությունները միավորում է ձեռք բերված ապացույցների ընդհանուր համակարգի մեջ, որը հաստատում կամ հերքում է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների առկայությունը կամ բացակայությունը: Ապացույցների գնահատման իրավական կողմը դրսևորվում է հետազոտված ապացույցների իրավաբանական որակման և դատավարական պատշաճ ձևակերպման մեջ (տե՛ս Ռոբերտ Ռայան Դիկին ընդդեմ «Թեղուտ» ՓԲԸ-ի թիվ ԵԴ/15069/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.03.2023 թվականի որոշումը):

i

Դատարանի կողմից ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտությունն առաջնահերթ նշանակություն ունի դրանք առանձին-առանձին ու իրենց համակցության մեջ ճիշտ գնահատելու` դրանց արժանահավատությունը և բավարարությունը ճիշտ որոշելու ու գործի քննության արդյունքում օրինական և հիմնավորված դատական ակտ կայացնելու համար (տե՛ս Տիգրան Հովհաննիսյանն ընդդեմ Անթրանիկ Բողոսսյանի և Հայկ Մարտիրոսյանի թիվ ԵԴ/18039/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.09.2023 թվականի որոշումը):

i

Քաղաքացիական դատավարությունում բոլոր ապացույցների հետազոտումից հետո որևէ փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի մնալու դեպքում դատարանը կարող է համապատասխան փաստի գոյությունն իրավաչափորեն համարել հերքված (չապացուցված) (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

 

Վերոնշյալ իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Հայկական ՍՍՌ Աշխատավորների դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի 30.12.1957 թվականի թիվ 79 օրդերի հիման վրա ***(11) հասցեի 40քմ մակերեսով բնակարանը և «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին` Զարիկ, Սերյոժա, Լյույզաննա Ճզմաջյանների, Ալինա «Հովհաննիսյանի» ու Անահիտ Գալստյանի հետ զբաղեցնելու նպատակով: Սերյոժա Ջզմեչյանը մահացել է 02.08.2003 թվականին, իսկ վերջինիս կինը` Ալինա Հովհաննեսյանը` 24.07.1995 թվականին:

 

__________________

11) Առկա է անձնական տվյալ:

 

Երևանի Արաբկիր համայնքի ղեկավարի աշխատակազմի քարտուղարի 24.09.2004 թվականի թիվ 25/03-Ջ-73 տեղեկանքի համաձայն` «Արաբկիրի նախկին շրջգործկոմի 28.07.94թ.-04.08.94թ. հ 17/1 ***(12) երկու սենյականոց բնակարանը սեփականաշնորհվել է որպես ընտանիքի ներքոհիշյալ երեք անդամների ընդհանուր համատեղ սեփականություն: Ջզմեչյան Սերյոժա - սեփականատեր, Հովհաննիսյան Ալինա - կինը, Ջզմեչյան Էդուարդ - տղան»:

 

__________________

12) Առկա է անձնական տվյալ:

 

Երևանի քաղաքապետի 11.12.2020 թվականի թիվ 3775-Ա որոշմամբ Համայնքի դիմումի հիման վրա ***(13) գտնվող` 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրվել է` ***(14) հասցեն:

 

__________________

13) Առկա է անձնական տվյալ:

14) Առկա է անձնական տվյալ:

 

Էդուարդ Ջզմեչյանը 24.02.2020 թվականին Երևանի քաղաքապետարան է ներկայացրել դիմում` խնդրելով ***(15) կիսանկուղային հարկում գտնվող ավտոտնակի նկատմամբ գրանցել Համայնքի իրավունքները և նվիրատվության պայմանագրով այն հանձնել իրեն` որպես սեփականություն:

 

__________________

15) Առկա է անձնական տվյալ:

 

Երևանի քաղաքապետարանը 26.03.2020 թվականի թիվ 20/1-Ջ82 գրությամբ Էդուարդ Ջզմեչյանին հայտնել է, որ ***(16) շենքի կիսանկուղային հարկում գտնվող գույքն ընդգրկված չէ Համայնքի սեփականություն հանդիսացող գույքային միավորների հաշվառման բազայում, և դրա նկատմամբ Համայնքի անվամբ սեփականության իրավունքի պետական գրանցում առկա չէ:

 

__________________

16) Առկա է անձնական տվյալ:

 

Կադաստրի կոմիտեի 14.01.2021 թվականի թիվ Կ-14012021-01-0133 որոշմամբ Համայնքի դիմումի հիման վրա ***(17) հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքի նկատմամբ հարուցված իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցվել է:

 

__________________

17) Առկա է անձնական տվյալ:

 

Էդուարդ Ջզմեչյանը, դիմելով դատարան, պահանջել է ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել իր սեփականության իրավունքը ***(18) հասցեում գտնվող` 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ:

 

__________________

18) Առկա է անձնական տվյալ:

 

Դատարանը 01.06.2022 թվականի վճռով հայցը մերժել է` պատճառաբանելով, որ «(...) բացակայում է հայցվորի կողմից վիճելի գույքի` բարեխիղճ կերպով ձեռք բերված լինելու փաստը, այսինքն` հայցվորի մոտ չէր կարող առկա լինել այն համոզմունքը, որ վերջինս գույքը ձեռք է բերում օրինական` հետագայում սեփականության իրավունքով ձեռք բերելու հիմքով, ուստի Դատարանը գտնում է, որ ձեռքբերման վաղեմության ուժով` ***(19) հասցեում գտնվող 31,88քմ մակերեսով ոչ բնակելի տարածքի նկատմամբ հայցվորի սեփականության իրավունքը ճանաչելու մասին պահանջն անհիմն է և ենթակա է մերժման»:

 

__________________

19) Առկա է անձնական տվյալ:

 

Վերաքննիչ դատարանը 07.11.2022 թվականի որոշմամբ Էդուարդ Ջզմեչյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 01.06.2022 թվականի վճիռը բեկանել է և գործն ուղարկել է նոր քննության` պատճառաբանելով, որ «(...) ավելի քան տասը տարի Երևան համայնքը ավտոտնակի նկատմամբ իր իրավունքները գրանցելու հետ կապված գործողություն չի կատարել (դրսևորել է անգործություն): Ավելին, Երևանի քաղաքապետարանը 26.03.2020թ. թիվ 20/1-Ջ82 գրությամբ, վկայակոչելով ՀՀ կառավարության 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշումը, հայցվորին տեղեկացրել է, որ ավտոտնակը դասակարգված է բնակելի նշանակության շինությունների ցանկում, ուստի ավտոտնակի նկատմամբ հնարավոր չէ գրանցել Երևան համայնքի սեփականության իրավունքը: Վերոնշյալ գրությունից, ըստ էության, բխում է, որ Երևան համայնքը հենց հայցվորին` ավտոտնակը տիրապետողին, հայտնել է, որ համայնքը չի կարող իր սեփականության իրավունքը գրանցել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երևան համայնքի կողմից տասը տարուց ավելի ցուցաբերված անգործությունը, ինչպես նաև հայցվորին ուղղված թիվ 20/1-Ջ82 գրությունը վերջինիս կարող էին ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ վիճելի անշարժ գույքն ինքը կարող է տիրապետել որպես սեփական գույք: (...) Տվյալ դեպքում հայցվորի կողմից վիճելի ավտոտնակը տիրապետելը հիմնված է եղել Հայկական ՍՍՌ Աշխատավորների Դեպուտատների Երևանի քաղաքային սովետի գործադիր կոմիտեի կողմից 30.12.1957 թվականին Սուրեն Ճզմաջյանին (ըստ հայցադիմումի տվյալների` հայցվորի պապին) տրված թիվ 79 օրդերի վրա, որով վերջինիս իրավունք է վերապահվել իր ընտանիքով զբաղեցնելու նաև վիճելի ավտոտնակը: Այսինքն` «Հայաստանի Հանրապետության պետական, հանրային և համայնքային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո հայցվորը (վերջինիս իրավանախորդը) հնարավորություն է ունեցել նաև սեփականաշնորհելու հիշյալ ավտոտնակը և այդ հիմքով ձեռք բերելու դրա նկատմամբ սեփականության իրավունք: Այլ կերպ ասած` հայցվորի (նրա իրավանախորդի) տիրապետումը հիմնված է եղել 1957 թվականին տրված օրդերի վրա, որի ուժով վերջինս այդ ավտոտնակը հետագայում սեփականաշնորհելու իրավունք է ունեցել: Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ օրենքի գործողության ընթացքում հայցվորի (կամ նրա իրավանախորդի) տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստի վրա, որը նրան ևս կարող էր ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ ավտոտնակն ինքը տիրապետում է որպես սեփականը: Արդյունքում Վերաքննիչ դատարանը հիմնավոր չի գնահատում Դատարանի այն եզրակացությունը, որ տվյալ դեպքում վիճելի ավտոտնակի տիրապետման բարեխղճության պայմանը բացակայում է»:

Սույն գործի փաստերի հաշվառմամբ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի դիրքորոշման հիմնավորվածությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տվյալ դեպքում Էդուարդ Ջզմեչյանը որպես ներկայացված հայցապահանջը հիմնավորող փաստեր վկայակոչել է այն, որ թիվ 79 օրդերով ***(20) հասցեի 40քմ մակերեսով բնակարանը և «գառաժը» տրամադրվել է Սուրեն Ճզմաջյանին` իր ընտանիքի հետ զբաղեցնելու նպատակով, իսկ ինքը հանդիսանում է Սուրեն Ճզմաջյանի իրավահաջորդը: Նշել է, որ վիճելի գույքն ավելի քան տասը տարի բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետվում է իր կողմից: Միաժամանակ նշել է, որ Համայնքին ուղղված իր դիմումներին ի պատասխան Համայնքը նշել է, որ ոչ բնակելի տարածքի սեփականաշնորհումը դուրս է Համայնքի լիազորությունների շրջանակից:

 

__________________

20) Առկա է անձնական տվյալ:

 

Համայնքն առարկել է հայցի դեմ այն հիմնավորմամբ, որ Կառավարության «Երևան քաղաքին սեփականության իրավունքով փոխանցվող անհրաժեշտ գույքի ցանկը սահմանելու մասին» 29.05.2009 թվականի թիվ 604-Ն որոշման 4-րդ կետի ուժով վիճելի գույքը հանդիսանում է Համայնքի սեփականությունը, իսկ իր կողմից ձեռնարկվել են միջոցառումներ իր սեփականության իրավունքը գրանցելու համար:

Վճռաբեկ դատարանը ներկայացված դիրքորոշումների և ապացույցների հաշվառմամբ փաստում է, որ թիվ 79 օրդերի հիման վրա Արաբկիրի շրջանի գործադիր կոմիտեի թիվ 17/1 որոշմամբ ***(21) բնակարանը սեփականաշնորհվել է, միևնույն ժամանակ Էդուարդ Ջզմեչյանի կամ նրա իրավանախորդների կողմից որևէ գործողություն չի իրականացվել նույն օրդերի հիման վրա տրամադրված ոչ բնակելի տարածքը սեփականաշնորհելու ուղղությամբ:

 

__________________

21) Առկա է անձնական տվյալ:

 

Հետագայում Էդուարդ Ջզմեչյանը դիմել է Երևանի քաղաքապետարանին ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքն իրեն փոխանցելու պահանջով` հիմքում դնելով այն, որ տարածքն իր կողմից տիրապետվում է թիվ 79 օրդերի հիման վրա:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նման պայմաններում առնվազն անհրաժեշտ է փաստել, որ վիճելի գույքի տիրապետման սկզբնական փուլում Էդուարդ Ջզմեչյանն իմացել է, որ բնակարանը և ոչ բնակելի տարածքը չի տրամադրվել սեփականության իրավունքով, որպիսի փաստի մասին է վկայում բնակարանի սեփականաշնորհումը, իսկ ոչ բնակելի տարածքը չի սեփականաշնորհվել (հետևաբար ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունք չի ծագել), այսինքն` գույքը Էդուարդ Ջզմեչյանի տիրապետմանն անցնելիս բացակայել է տիրապետման բարեխղճությունը:

Հետևաբար Վերաքննիչ դատարանի այն դատողությունը, համաձայն որի` «(...) հայցվորի (նրա իրավանախորդի) տիրապետումը հիմնված է եղել 1957 թվականին տրված օրդերի վրա, որի ուժով վերջինս այդ ավտոտնակը հետագայում սեփականաշնորհելու իրավունք է ունեցել: Նշվածի հաշվառմամբ Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ հիշյալ օրենքի գործողության ընթացքում հայցվորի (կամ նրա իրավանախորդի) տիրապետումը հիմնված է եղել այնպիսի փաստի վրա, որը նրան ևս կարող էր ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ ավտոտնակն ինքը տիրապետում է որպես սեփականը» չի համապատասխանում գործով ձեռք բերված ապացույցներին և փաստերին, քանի որ նման պայմաններում Էդուարդ Ջզմեչյանի (վերջինիս իրավանախորդների) կողմից չէին կատարվի համապատասխան միջոցառումներ նույն օրդերի հիման վրա տրված բնակարանը սեփականաշնորհելու կապակցությամբ կամ առնվազն բնակարանի սեփականաշնորհման պահից կծագեր ողջամիտ ենթադրություն առ այն, որ սեփականաշնորհման ենթակա ոչ բնակելի տարածքը ևս անհրաժեշտ է սեփականաշնորհել:

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ «Երևան համայնքը հենց հայցվորին` ավտոտնակը տիրապետողին, հայտնել է, որ համայնքը չի կարող իր սեփականության իրավունքը գրանցել: Վերաքննիչ դատարանի գնահատմամբ Երևան համայնքի կողմից տասը տարուց ավելի ցուցաբերված անգործությունը, ինչպես նաև հայցվորին ուղղված թիվ 20/1-Ջ82 գրությունը վերջինիս կարող էին ողջամիտ հիմք տալ ենթադրելու, որ վիճելի անշարժ գույքն ինքը կարող է տիրապետել որպես սեփական գույք», ապա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վիճելի գույքի նկատմամբ Համայնքի կողմից անգործության դրսևորումը դեռևս չէր կարող հիմք տալ Էդուարդ Ջզմեչյանին ենթադրելու, որ գույքն իր կողմից տիրապետվում է որպես սեփականը: Ընդհակառակը` վիճելի գույքի` որպես սեփականը չտիրապետելու համոզմունքի մասին է վկայում այն, որ Էդուարդ Ջզմեչյանը դիմել է Համայնքին վիճելի գույքը սեփականաշնորհելու կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահանջով (տե՛ս փաստեր թիվ 4-7): Այսինքն` Էդուարդ Ջզմեչյանը, գիտակցելով, որ գույքը սեփականության իրավունքով իրեն չի պատկանում, բազմիցս դիմել է Համայնքին դրա նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելու պահանջով:

Ընդ որում` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել նաև, որ Համայնքը ոչ բնակելի տարածքի նկատմամբ սեփականության իրավունքը չի գրանցել, որպիսի պայմաններում վերջինիս գործողությունները կամ անգործությունը չեն կարող գնահատվել որպես գույքի սեփականատիրոջ կողմից հրաժարում կամ գույքից մեկուսացում: Համայնքը վիճելի գույքի նկատմամբ իր սեփականության իրավունքը գրանցելու կապակցությամբ ակտիվ գործողություններ է սկսել կատարել միայն 07.12.2020 թվականից սկսած (տե՛ս փաստեր թիվ 7-9):

Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ, ինչպես արդեն նշվեց վերը, գույքի փաստացի տիրապետման ընթացքում բարեխղճության պայմանը կարող էր ծագել միայն այն դեպքում, երբ իրապես տեղի է ունեցել այնպիսի գործողություն կամ վրա է հասել այնպիսի իրողություն, որը հիմք կհանդիսանար գույքը փաստացի տիրապետողի մոտ նման նոր համոզմունք ձևավորելու համար առ այն, որ այդ պահից սկսած գույքը տիրապետում է բարեխղճորեն` որպես սեփականը, իսկ գույքը փաստացի երկարատև տիրապետելը չի կարող հիմք հանդիսանալ եզրահանգելու, որ տիրապետման ընթացքում առաջացել է բարեխղճության պայմանը:

Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ գույքը փաստացի տիրապետման անցնելու պահին Էդուարդ Ջզմեչյանի մոտ բացակայել է տիրապետման բարեխղճությունը, փաստում է, որ Էդուարդ Ջզմեչյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ չի հայտնվել որևէ դիրքորոշում, որը կփաստեր տիրապետման ընթացքում այնպիսի իրողության վրա հասնելու մասին, որը հիմք կտար ենթադրելու, որ այդ պահից գույքը վերջինիս կողմից տիրապետվել է բարեխղճորեն: Ինչ վերաբերում է Էդուարդ Ջզմեչյանի կողմից վկայակոչված դիրքորոշումներին առ այն, որ Համայնքին ուղղված գրություններին ի պատասխան Համայնքն ինքն ընդունել է, որ գույքն իրեն սեփականության իրավունքով չի պատկանում և դուրս է իր լիազորությունների սահմաններից (տե՛ս փաստեր թիվ 4-7), ապա նշյալ փաստը վկայում է այն մասին, որ առնվազն Էդուարդ Ջզմեչյանն իմացել է, որ գույքն իրեն չի պատկանում և ինքն այն չի տիրապետում որպես սեփականը: Ավելին` ենթադրելով անգամ, որ այդ պահից Էդուարդ Ջզմեչյանի կողմից կարող էր ծագել համոզմունք, որ գույքը Համայնքին չի պատկանում կամ Համայնքը դրսևորում է անգործություն և ինքը գույքը տիրապետում է որպես սեփականը, ապա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Համայնքին ուղղված` գործում առկա առաջին գրության պատասխանը թվագրված է 11.12.2018 ամսաթվով (տե՛ս փաստ թիվ 4), իսկ սույն գործով հայցը հարուցվել է 02.03.2021 թվականին, հետևաբար այդ պարագայում ևս չի հիմնավորվում Էդուարդ Ջզմեչյանի կողմից վիճելի ոչ բնակելի տարածքը տասը տարի անընդմեջ, բացահայտ, բարեխիղճ և որպես սեփականը տիրապետելու հանգամանքը:

Ողջ վերոշարադրյալի արդյունքում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ թիվ 79 օրդերի հիման վրա Արաբկիրի շրջանի գործադիր կոմիտեի թիվ 17/1 որոշմամբ ***(22) բնակարանը սեփականաշնորհելու, իսկ նույն օրդերի հիման վրա տրամադրված ոչ բնակելի տարածքը («գառաժը») սեփականաշնորհելու ուղղությամբ որևէ գործողություն կատարած չլինելու պայմաններում Էդուարդ Ջզմեչյանը գիտեր և կարող էր իմանալ, որ ոչ բնակելի տարածքը չի տիրապետում բարեխիղճ` որպես սեփականը: Միևնույն ժամանակ Էդուարդ Ջզմեչյանի կողմից չի ներկայացվել որևէ ապացույց կամ փաստ, որը կվկայեր այն մասին, որ գույքի փաստացի տիրապետման ընթացքում ծագել է բարեխղճության պայմանը:

 

__________________

22) Առկա է անձնական տվյալ:

 

ՀՀ վճռաբեկ դատարանի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները հանգում են նրան, որ տիրապետման բարեխղճության հարց քննարկելիս կարևորվում են ոչ թե գույքն առհասարակ տիրապետելու կամ դրա մասին հոգ տանելու փաստերը, այլ գույքը տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու հնարավորությունը` գույքի սեփականատիրոջ կողմից գույքից ակնհայտ հրաժարվելու, գույքն իր տիրապետմանն օրինական հիմքով անցնելու և այն արդեն որպես իր սեփականություն տիրապետելու մասին: Այսինքն` գործում եղած ապացույցները պետք է միտված լինեն հաստատելու գույքը տիրապետելու հարցում այնպիսի իրավական և փաստական հանգամանքների զուգորդված առկայությունը, որոնք իրենց համակցության մեջ բավարար կլինեն գույքը տիրապետելու բարեխղճության հարցում տիրապետողի մոտ ներքին համոզմունք ձևավորելու համար:

Արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ, ինչպես ի սկզբանե, այնպես էլ հետագայում, հայցվոր Էդուարդ Ջզմեչյանի մոտ բացակայել է տիրապետման բարեխղճությունը, որպիսի փաստի արձանագրումը բավարար է ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին հայցը մերժելու համար:

Վերոգրյալի հիման վրա դատական ակտը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու Վերաքննիչ դատարանի եզրահանգումը Վճռաբեկ դատարանը գնահատում է կիրառելի իրավակարգավորումներից ու գործի փաստերից չբխող:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելը և Դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատարանի 01.06.2022 թվականի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Մինչև 30.10.2021 թվականը գործող խմբագրությամբ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Նույն օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ, եթե պետական տուրքը վճարվել է ավելի, քան պահանջվում է գործող օրենսդրությամբ:

Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 07.11.2022 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 01.06.2022 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով Վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններում պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել հետևյալը.

Վերաքննիչ դատարանում դատական ծախսերի բաշխման հարցը պետք է համարել լուծված` նկատի ունենալով, որ Էդուարդ Ջզմեչյանի կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված է:

Համայնքի կողմից վճռաբեկ բողոքի համար նախապես որպես պետական տուրքի գումար վճարվել է 30.000 ՀՀ դրամ, մինչդեռ վճարման էր ենթակա 20.00 ՀՀ դրամ: Նման պայմաններում Էդուարդ Ջզմեչյանից հօգուտ Համայնքի պետք է բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար վճարման ենթակա և նախապես վճարված պետական տուրքի գումար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի «ա» կետի հիմքով ավել վճարված 10.000 ՀՀ դրամը ենթակա է վերադարձման Համայնքին:

Նկատի ունենալով, որ պետական տուրքից բացի փաստաթղթերով հիմնավորված այլ դատական ծախսեր առկա չեն, Վճռաբեկ դատարանը դատական ծախսերի բաշխման հարցը համարում է լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 07.11.2022 թվականի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 01.06.2022 թվականի վճռին:

2. Էդուարդ Ջզմեչյանից հօգուտ Երևան համայնքի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

3. Այլ դատական ծախսերի հարցը համարել լուծված:

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող` Ս. Մեղրյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ա. Մկրտչյան

Վ. Քոչարյան

 

https://datalex.am:443/.app=AppCaseSearch&case_id=45880421204120707

 

 

pin
Վճռաբեկ դատարան
02.12.2025
N ԵԴ/7867/02/21
Որոշում