Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

    ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ԵԿԴ/2336/02/17

    Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/2336/02/17        2025 թ.

    Նախագահող դատավոր` Կ. Համբարձումյան

    Դատավորներ`        Ն. Մարգարյան

                                     Ս. Թորոսյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող  Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի օգոստոսի 22-ին

գրավոր ընթացակարգով քննելով Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի (այսուհետ` Հաշտարար) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ` ըստ «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ ՓԲԸ-ի հայցի ընդդեմ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի, Հաշտարարի, երրորդ անձ Տիգրան Բոշյանի` որոշումը չեղյալ ճանաչելու պահանջի մասին

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 19.01.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2024 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարվել է` Դատարանի 19.01.2023 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` Ընկերության հայցը բավարարվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Հաշտարարը (ներկայացուցիչ Ահարոն Ստեփանյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ ու 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 379-րդ հոդվածի 1-ին ու 5-րդ մասերը, 380-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը, 414-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը, 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ մեկնաբանելով «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը, գտել է, որ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանն այլևս չէր կարող անդրադառնալ նույն նորմի մեկնաբանման վերաբերյալ վերաքննիչ բողոքի հիմքին` տալով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ տրված մեկնաբանությանը հակասող մեկնաբանություն:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ` սպասարկման վճարները, «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի իմաստով ենթակա է համամասնորեն նվազեցման ինչպես վարկի ամբողջական վաղաժամկետ մարում կատարելու, այնպես էլ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքերում:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ օրինական ուժ տալ Դատարանի 19.01.2023 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) Ընկերության` որպես կրեդիտավորողի և Տիգրան Բոշյանի` որպես վարկառուի միջև 21.04.2016 թվականին կնքվել է սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագիրը (այսուհետ նաև` Պայմանագիր), որի 1.1-ին կետի համաձայն` կրեդիտավորողը վարկառուին տրամադրել է 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ` սպառողական նպատակով:

Պայմանագրի 1.2-րդ կետի համաձայն` վարկը տրվել է տարեկան 24% դրույքով, 18 ամսով` մինչև 09.10.2017 թվականը:

Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` վարկառուն պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս` նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում նշված ժամանակացույցի համաձայն: Նույն ժամանակացույցով վճարվում են նաև տոկոսագումարները:

Պայմանագրի 1.8-րդ կետի համաձայն` վարկի սպասարկման համար վարկառուն պարտավորվել է կրեդիտավորողին վճարել ամսական վճար վարկի գումարի 1,1 տոկոսի չափով, որը վճարվում է Հավելված 1-ի ժամանակացույցի համաձայն: (...)

(հատոր 1-ին, գ.թ. 19, 20).

2) 13.02.2017 թվականին բողոք-պահանջով դիմելով Ընկերությանը` Տիգրան Բոշյանը խնդրել է իրեն վերադարձնել ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև վճարել 300.000 ՀՀ դրամ` նկատի ունենալով, որ ինքը վճարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կատարել է վաղաժամկետ, և իր վարկի գումարը համամասնորեն նվազել է:

Ընկերությունը 24.02.2017 թվականի թիվ Ե-180 գրությամբ Տիգրան Բոշյանի պահանջը մերժել է այն հիմնավորմամբ, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու պահանջի հիմքով Պայմանագրով սահմանված սպասարկման վճարը նվազեցնելու հարցին Ընկերությունն անդրադառնում է միայն վարկային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները վարկառուի կողմից կատարելու, վարկի գումարն ամբողջապես մարելու պայմաններում (հատոր 1-ին, գ.թ. 16, 17, 25-27).

3) Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ Տիգրան Բոշյանի պահանջն ընդդեմ Ընկերության` ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու և 300.000 ՀՀ դրամ տուժանքի գումար բռնագանձելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 316.387,15 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 31-43):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ բողոքարկվող դատական ակտը կայացնելիս Վերաքննիչ դատարանը թույլ է տվել «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

 

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ կրեդիտավորման պայմանագրով ստանձնած պարտավորությունները սպառողի կողմից ժամկետից շուտ կատարելու պայմաններում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը նվազեցնելու առանձնահատկություններին:

 

1. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 345-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտավորության ուժով մի անձը (պարտապանը) պարտավոր է մեկ այլ անձի (պարտատիրոջ) օգտին կատարել որոշակի գործողություն. այն է` վճարել դրամ, հանձնել գույք, կատարել աշխատանք, մատուցել ծառայություն և այլն, կամ ձեռնպահ մնալ որոշակի գործողություն կատարելուց, իսկ պարտատերն իրավունք ունի պարտապանից պահանջել կատարելու իր պարտականությունը:

Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` պարտավորությունները ծագում են պայմանագրից, վնաս պատճառելու հետևանքով և նույն օրենսգրքում նշված այլ հիմքերից:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 347-րդ հոդվածի համաձայն` պարտավորությունները պետք է կատարվեն պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան, իսկ նման պայմանների ու պահանջների բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 352-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` եթե պարտավորությունը նախատեսում է կամ հնարավորություն է ընձեռում որոշել դրա օրը կամ ժամանակահատվածը, ապա պարտավորությունը պետք է կատարվի այդ օրը կամ այդ ժամանակահատվածի ցանկացած պահին:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 353-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` պարտապանն իրավունք ունի պարտավորությունը կատարել ժամկետից շուտ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, այլ իրավական ակտերով կամ պարտավորության պայմաններով կամ չի բխում պարտավորության էությունից:

Վերը նշված նորմերի վերլուծությունից, ի թիվս այլի, բխում է, որ պայմանագրի հիմքով ծագող պարտավորության ուժով պարտապանը նաև պարտավոր է պարտատիրոջ օգտին կատարել որոշակի գործողություն, այդ թվում` վճարել դրամ: Ընդ որում, պարտավորությունը պետք է կատարվի պատշաճ` պարտավորության պայմաններին, օրենքին և այլ իրավական ակտերի պահանջներին, իսկ դրանց բացակայության դեպքում` գործարար շրջանառության սովորույթներին կամ սովորաբար ներկայացվող այլ պահանջներին համապատասխան: Միևնույն ժամանակ պարտապանը, կրելով որոշված օրը կամ որոշված ժամանակահատվածի ցանկացած պահին պարտավորությունը կատարելու պարտականություն, զրկված չէ պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու իրավական հնարավորությունից:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը բոլոր տոկոսներն ու այլ վճարումներն են, որոնք սպառողը պարտավոր է վճարել (կատարել) կրեդիտավորման համար:

«Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` սպառողն իրավունք ունի կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու)` անկախ այն հանգամանքից, թե նման իրավունք կրեդիտավորման պայմանագրով նախատեսված է, թե ոչ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում համամասնորեն նվազեցվում է սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` սպառողի` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավունքը սահմանափակող, ինչպես նաև նույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված պատասխանատվության միջոցներ սահմանող համաձայնությունն առ ոչինչ է:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` սպառողի` նույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված իրավունքն իրականացնելու դեպքում կրեդիտավորողը չի կարող կիրառել պատասխանատվության միջոցներ (տուժանք կամ սպառողի վիճակը վատթարացնող ցանկացած այլ միջոց):

Վերոգրյալ իրավանորմերի վերլուծությունից բխում է, որ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները պարտապանի կողմից ժամկետից շուտ կատարելու (մարելու) յուրաքանչյուր դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման: Ընդ որում, կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ` վարկի սպասարկման վճարը, նվազեցվում է այն համամասնությամբ, որով նվազել է վարկի մայր գումարը` պարտավորությունն սպառողի կողմից ժամկետից շուտ կատարելու արդյունքում:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ` սպառողը, կրեդիտավորման պայմանագրի շրջանակներում գտնվելով պարտավորաիրավական հարաբերությունների մեջ, կրում է պայմանագրով ունեցած յուրաքանչյուր պարտավորության` ներառյալ որոշված օրը և սահմանված չափի գումարի վճարման պատշաճ կատարման պարտականություն: Նշվածից, ըստ էության, հետևում է, որ կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ներառում են ոչ միայն պայմանագրի ամբողջական կատարում ենթադրող պարտավորությունները, այլ նաև` կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունների կատարմանն ուղղված` ժամանակացույցով սահմանված օրը և սահմանված չափով կատարման ենթակա յուրաքանչյուր պարտավորություն: Հետևաբար` կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման ինչպես կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները սպառողի կողմից ժամկետից շուտ և ամբողջապես մարելու դեպքում, այնպես էլ պայմանագրի մարման ժամանակացույցով նախատեսված վճարման (հերթական վճարում) ամսաթվի ու (կամ) տվյալ պահին վճարման ենթակա գումարի չափի հետ չհամընկնող վճարում կատարելու պայմաններում: Միևնույն ժամանակ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ` վարկի սպասարկման վճարը, պարտավորության վաղաժամկետ կատարման հիմքով ենթակա է համամասնորեն նվազեցման յուրաքանչյուր դեպքում, երբ վաղաժամկետ վճարման նպատակը ոչ թե ժամանակացույցով սահմանված հաջորդող հերթական մարումն է, այլ` հերթական վճարման ամսաթվի և (կամ) վճարման ենթակա գումարից ավել չափով կատարված վճարման միջոցով վարկի մայր գումարը նվազեցնելը:

 

2. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի խախտման վերաբերյալ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 414-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանում գործի նոր քննությունն իրականացվում է գործը նոր քննության ուղարկելու մասին որոշմամբ սահմանված ծավալով:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի նոր քննության ժամանակ վերաքննիչ կամ վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կիրառման ենթակա նորմերի վերաբերյալ արտահայտած իրավական դիրքորոշումները պարտադիր են գործը քննող դատարանի համար, բացառությամբ այն դեպքի, երբ դատարանը ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերադաս դատական ատյանի սահմանած ծավալով գործի նոր քննության իրականացման հարցին, արձանագրել է, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով: Վերջիններս ընդգծում են այն սահմանները, որոնց շրջանակներում պետք է իրականացվի գործի քննությունը դատական ակտի բեկանումից հետո: Այդ դատողությունների և եզրահանգումների բնույթը չի կարող լինել սահմանափակված միայն դատավարական իրավունքի կամ միայն նյութական իրավունքի նորմերի կիրառման շրջանակով: Բողոքի ցանկացած հիմքի և դրանում ներառված ցանկացած փաստարկի վերաբերյալ դատարանի եզրահանգումները կարող են պայմանավորել գործի նոր քննության սահմանները: Եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում (նույն սահմաններում) (տե՛ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչությունն ընդդեմ անհատ ձեռնարկատեր Արթուր Հովսեփյանի թիվ ՎԴ3/0011/05/10 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.07.2013 թվականի որոշումը):

Վերահաստատելով նշված դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ թեև նշված իրավական դիրքորոշումն արտահայտվել է վարչական դատավարության կարգով քննվող գործի շրջանակներում, սակայն այն հավասարապես կիրառելի է նաև քաղաքացիական դատավարության կարգով քննվող գործերի նկատմամբ, քանի որ եթե վերադաս դատական ատյանում բարձրացված հարցի վերաբերյալ դատարանը եկել է որոշակի հետևության և դրանով պայմանավորել գործի նոր քննության ծավալը, ապա ստորադաս դատական ատյանում գործի նոր քննությունը պետք է իրականացվի նույն ծավալի շրջանակներում:

Բողոքարկվող դատական ակտը բեկանելու և գործը ստորադաս դատարան նոր քննության ուղարկելու, ինչպես նաև ստորադաս դատարանում գործի նոր քննության ծավալ սահմանելու վերաքննիչ դատարանի լիազորությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսդրությամբ ամրագրված` վերաքննիչ դատարանի` որպես առաջին ատյանի դատարանի որոշումների օրինականությունը, հիմնավորվածությունը և պատճառաբանվածությունը ստուգող վերադաս դատական ատյանի առաքելությամբ: ՀՀ վճռաբեկ դատարանը բազմիցս վերահաստատել է այն, որ գործի նոր քննության ծավալը պայմանավորված է վերադաս դատական ատյանի կայացրած որոշման պատճառաբանություններով և եզրահանգումներով, որը, ի լրումն դատավարության մասնակիցների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը երաշխավորելու, նաև նպատակ է հետապնդում ապահովել դատական ատյանների միջև գործառութային կապերի տրամաբանական բնույթը:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է նաև, որ գործի նոր քննության արդյունքում կայացված դատական ակտը վերաքննության կարգով վերանայելու ընթացքում վերաքննիչ դատարանը նախ և առաջ պետք է ստուգի նախկինում վերաքննիչ դատարանի կողմից սահմանված նոր քննության ծավալը պահպանված լինելու հանգամանքը (տե՛ս, Սոֆիա Մոսինյանի ընդդեմ Տիգրան Կիրակոսյանի և Սոֆյա Շահվերդյանի թիվ ԼԴ/0902/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 10.06.2022 թվականի որոշումը):

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` Ընկերության և Տիգրան Բոշյանի միջև 21.04.2016 թվականին կնքված սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագրով Ընկերությունը վարկառուին տրամադրել է 1.500.000 ՀՀ դրամ գումար վարկ` սպառողական նպատակով: Վարկը տրվել է տարեկան 24% դրույքով, 18 ամսով` մինչև 09.10.2017 թվականը: Պայմանագրի 1.3-րդ կետի համաձայն` վարկառուն պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս` նույն Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում նշված ժամանակացույցի համաձայն: Նույն ժամանակացույցով վճարվում են նաև տոկոսագումարները: Պայմանագրի 1.8-րդ կետի համաձայն` վարկի սպասարկման համար վարկառուն պարտավորվել է կրեդիտավորողին վճարել ամսական վճար, վարկի գումարի 1,1 տոկոսի չափով, որը վճարվում է Հավելված 1-ի ժամանակացույցի համաձայն:

13.02.2017 թվականին բողոք-պահանջով դիմելով Ընկերությանը` Տիգրան Բոշյանը խնդրել է իրեն վերադարձնել ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև վճարել 300.000 ՀՀ դրամ` նկատի ունենալով, որ ինքը վճարման ժամանակացույցով նախատեսված վճարումները կատարել է վաղաժամկետ և իր վարկի գումարը համամասնորեն նվազել է:

Ընկերությունը 24.02.2017 թվականի թիվ Ե-180 գրությամբ Տիգրան Բոշյանի պահանջը մերժել է այն հիմնավորմամբ, որ կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու պահանջի հիմքով Պայմանագրով սահմանված սպասարկման վճարը նվազեցնելու հարցին Ընկերությունն անդրադառնում է միայն վարկային պայմանագրով ստանձնած բոլոր պարտավորությունները վարկառուի կողմից կատարելու, վարկի գումարն ամբողջապես մարելու պայմաններում:

Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ Տիգրան Բոշյանի պահանջն ընդդեմ Ընկերության` ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված 67.500 ՀՀ դրամ գումարը վերադարձնելու և 300.000 ՀՀ դրամ տուժանքի գումար բռնագանձելու մասին, բավարարվել է մասնակիորեն` 316.387,15 ՀՀ դրամի չափով:

Դիմելով Դատարան` Ընկերությունը պահանջել է չեղյալ ճանաչել Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշումը:

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել` հայցը մերժվել է:

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 23.07.2021 թվականի որոշմամբ Ընկերության վճռաբեկ բողոքը բավարարվել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.08.2019 թվականի որոշումը բեկանվել է, ու գործն ուղարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան` նոր քննության:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 09.12.2021 թվականի որոշմամբ Հաշտարարի վերաքննիչ բողոքը բավարարվել է` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 22.02.2019 թվականի վճիռը բեկանվել է, և գործն ուղարկվել է նոր քննության` արձանագրելով, որ. «(...) դատարանը, որպես ժամկետից շուտ կատարված պարտավորություն դիտարկելով միայն վարկն ամբողջությամբ և վաղաժամկետ վերադարձնելու դեպքը, վերաբերելիության, թույլատրելիության, արժանահավատության և բավարարության տեսանկյունից գնահատման առարկա չի դարձրել նաև ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվարկը «Սպառողական կրեդիտավորման մասին» 10 հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանելու հանգամանքը, որպիսիք էական նշանակություն ունեն վեճի լուծման համար: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ դատարանի կողմից նյութական և դատավարական իրավունքի նորմերի վերոնշյալ խախտումները հանգեցրել են գործի սխալ լուծման, հետևաբար պետք է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 380 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված լիազորությունը` բեկանել վճիռը և գործն ուղարկել նույն դատարան` վերը նշված ծավալով նոր քննության»:

Նշված որոշմամբ վերաքննիչ դատարանն արձանագրել է նաև հետևյալը. «(...) Վերաքննիչ դատարանն ընդգծում է, որ սպասարկման վճարը կրեդիտավորման ընդհանուր ծախսի բաղադրիչ տարր է, ինչը նշանակում է, որ վարկի հերթական մասերը վերադարձնելու պարտավորությունը ժամկետից շուտ կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը կարող է համամասնորեն նվազել միայն այն դեպքում, երբ նվազում են դրա բոլոր բաղադրատարրերը, այդ թվում` տոկոսագումարները, սպասարկման վճարը, քանի որ հակառակ դեպքում, դրանցից մեկի` վարկի մնացորդին հաշվարկված տոկոսագումարները նվազելու, իսկ մյուսի` սպասարկման վճարի չափն անփոփոխ մնալու դեպքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն չի նվազի:

Այսպիսով վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն կարող է նվազել միայն այն դեպքում, եթե նվազում են դրանում ներառված բոլոր բաղադրիչները, այդ թվում` սպասարկման ամսական վճարը:

Նման պայմաններում վերաքննիչ դատարանը գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետը և 10-րդ հոդվածի 2-րդ մասը խախտելու մասին բողոքաբերի փաստարկները հիմնավորված են»:

Գործի նոր քննության ընթացքում Դատարանը 19.01.2023 թվականի որոշմամբ հայցը մերժել է այն պատճառաբանությամբ, որ «(...) վարկային պարտավորությունը վաղաժամկետ մարելու դեպքում օրենսդիրը կրեդիտավորողների համար սահմանել է պարտադիր պայման` կատարել սպառողի ընդհանուր ծախսի համամասնորեն նվազեցում: Իրավական նորմի ձևակերպումից ակնհայտ է, որ պարտավորությունների ժամկետից շուտ կատարում ասելով նկատի է ունեցվում ոչ միայն ամբողջ վարկային պարտավորության կատարումը, այլև ժամանակացույցով սահմանված հերթական վճարման ենթակա գումարից ավել կատարված վճարումը, իսկ համամասնորեն բառը նշանակում է վճարած գումարին համարժեք, համապատասխան: Հետևաբար, դատարանն արձանագրում է, որ պարտավորությունների ժամկետից շուտ կատարումը կարող է վերաբերվել նաև հերթական վճարումից ավել կատարված վճարումը, և այդ դեպքում ևս կրեդիտավորողը պարտավոր է իրականացնել սպասարկման վճարի նվազեցում: (...): Անդրադառնալով սպասարկման բանաձևի կիրառման հարցին, դատարանը գտնում է, որ հայցվորը պարտավոր էր իրականացնել օրենքով նախատեսված սպասարկման վճարի նվազեցում, որը Տիգրան Բոշյանի համար իրավաչափ ակնկալիք է հանդիսանում: Դատարանը գտնում է, որ օրենքի վերը հիշատակված ձևակերպումը օրենքի որակի և կանխատեսելիության հարցում որևէ խնդիր չի առաջացնում, քանի որ օրենսդիրը սահմանել է պարտավորության վաղաժամկետ կատարելու դեպքում սպասարկման վճարի համամասնորեն նվազեցում: Նախ, հայցվորը գտել է, որ նվազեցումն ընդհանրապես ենթակա չէ կիրառման, հետևաբար չի էլ անդրադարձել բանաձևի հարցին, իսկ ինչ վերաբերում կիրառված բանաձևին, ապա դատարանը գտնում է, որ օրենսդիրը սահմանել է ելակետային դրույթները, որոնց գործարկմամբ հայցվորը պարտավոր էր մաթեմատիկական հաշվարկի տեսք տալ: Հետևաբար, դատարանը չի կարող համաձայնվել հայցվորի այն պնդման հետ, պատասխանողի կիրառած բանաձևը օրենքի սահմաններից դուրս է եկել: Դատարանը գտնում է նաև, որ պատասխանողի կիրառած բանաձևը համապատասխանում է օրենքի կարգավորմանը և իրենից ներկայացնում է մի գործողություն, որը սովորաբար կատարվում է մայր գումարի նվազեցման հիմքով տոկոսների նվազեցման համար, որի նպատակով օրենքը որևէ բանաձև չի սահմանում, հետևաբար նման անհրաժեշտություն չկա նաև սպասարկման վճարը նվազեցնելու համար»:

Վերաքննիչ դատարանն Ընկերության վերաքննիչ բողոքը բավարարել է` Դատարանի 19.01.2023 թվականի վճիռը բեկանել և փոփոխել է` հայցը բավարարել է այն պատճառաբանությամբ, որ ««Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դիսպոզիցիայում ներառված «ժամկետից շուտ» եզրույթը միանշանակորեն ենթակա է դատական մեկնաբանության և Վերաքննիչ դատարանը գտնում է, որ այդ մեկնաբանությունը պետք է կատարվի հաշվի առնելով նաև կողմերի միջև ծագած իրավահարաբերության տնտեսագիտական բաղադրիչը` ելակետ ունենալով ապահովելու իրավահարաբերության կողմերի շահերի հավասարակշռման անհրաժեշտությունը: Մասնավորապես, վարկային իրավահարաբերությունների ծագման պահից` բանկը, վարկային կազմակերպությունը ստանձնում են նաև վարկային ռիսկեր, որը, ընդհանուր կանոնի համաձայն, ավելի բարձր է սպառողական վարկավորման ժամանակ: (...) Նշված տեսանկյունից հարցը դիտարկելիս, եթե, օրինակ 1 մլն դրամ գումարով 1 տարի մարման վերջնաժամկետ և ամսական հավասարաչափ մարումներ նախատեսող վարկային պայմանագրով վարկառուն 2-րդ ամսում մարում է 600.000 դրամ, ապա դա վստահաբար երաշխիք չէ և որևէ մեկը չի կարող հաստատապես պնդել, որ մնացած 400.000 դրամը նույնպես պատշաճ կմարվի: Նշվածի համատեքստում առաջանում է հետևյալ հարցը. արդյո՞ք արդարացված է նկարագրված դեպքում վարկառուից պահանջել 2-րդ ամսում համամասնորեն նվազեցնել սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը, երբ պարզ չէ վարկային պարտավորությունը հետագայում պատշաճ կկատարվի թե ոչ` չհաշված որ պայմանականորեն 2-րդ ամսում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու, սակայն հաջորդիվ վերջինիս կողմից վարկային պարտավորությունների կատարման հնարավոր խախտումների դեպքում ինքնըստինքյան առաջ է գալու որոշակի վերահաշվարկի անհրաժեշտություն, որպիսի հնարավորությունը, նույն օրենքով կանոնակարգված չլինելու պայմաններում, առաջացնելու է խառնաշփոթ` ուղղակիորեն ոչ շահեկան վիճակի մեջ դնելով վարկառուին: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը վերը նշված նկատառումներից ելնելով, գտնում է, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված` սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորությունը»:

 

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների իրավաչափությանը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը:

Սույն գործի փաստերից բխում է, որ վարկառու Տիգրան Բոշյանի կողմից կատարվել են 21.04.2016 թվականին կնքված` սպառողական վարկի տրամադրման թիվ 00005729 պայմանագրով ստանձնած պարտավորությունների վաղաժամկետ մարումներ (անվիճելի փաստ), ինչը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների իմաստով հիմք է կրեդիտավորման ընդհանուր ծախսի, ներառյալ` վարկի սպասարկման վճարի համամասնորեն նվազեցման համար: Մասնավորապես` վարկառուն, Պայմանագրի 1.2-րդ կետի ուժով ստանձնելով Պայմանագրով ստանձնած պարտավորությունները մինչև 09.10.2017 թվականը կատարելու պարտականություն, միևնույն ժամանակ նույն Պայմանագրի 1.3-րդ կետի իմաստով պարտավորվել է վարկը մարել մաս առ մաս` Պայմանագրի անբաժանելի մասը կազմող հավելված 1-ում նշված ժամանակացույցին համապատասխան: Այսինքն` Պայմանագրով ունեցած պարտավորությունների մարմանն ուղղված` ժամանակացույցով սահմանված օրերին և սահմանված չափերով վճարումները սույն դեպքում ևս ենթադրում են պարտավորական իրավահարաբերությունների շրջանակներում վարկառուի կողմից կատարման ենթակա պարտավորություններ: Նման պայմաններում նկատի ունենալով, որ նշված պարտավորությունները Տիգրան Բոշյանի կողմից վաղաժամկետ կատարելու արդյունքում համապատասխանաբար նվազել է վարկի մայր գումարը, այսինքն` կատարված վաղաժամկետ վճարումների նպատակը ժամանակացույցով սահմանված հաջորդող հերթական մարումը չի եղել` Վճռաբեկ դատարանի գնահատմամբ կրեդիտավորման ընդհանուր ծախսը, ներառյալ` վարկի սպասարկման վճարը, ենթակա է եղել համամասնորեն նվազեցման: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ «սպառողի կողմից կրեդիտավորման պայմանագրով ունեցած պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու (մարելու) դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորությունը», չի կարևորել Պայմանագրով ունեցած պարտավորությունները վարկառուի կողմից վաղաժամկետ կատարելու, համապատասխանաբար` վարկի մայր գումարի նվազման հանգամանքները` որպես վարկի սպասարկման վճարի նվազեցման հիմք բացառապես դիտարկելով պարտավորությունները վարկառուի կողմից վաղաժամկետ և ամբողջապես կատարելը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ամսական սպասարկման վճարներից ավել հաշվարկված գումարները վարկառուին վերադարձնելու պահանջն Ընկերության կողմից մերժելն իրավաչափ չի կարող համարվել` սույն գործի փաստերի հաշվառմամբ` նկատի ունենալով սպասարկման վճարների նվազեցման ենթակա լինելու հանգամանքը, ինչն իրավամբ արձանագրվել է Հաշտարարի 05.05.2017 թվականի թիվ 15-1509/17 որոշմամբ և Դատարանի 19.01.2023 թվականի վճռով:

Այս պայմաններում Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում բողոք բերած անձի պատճառաբանությունն այն մասին, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 09.12.2021 թվականի օրինական ուժի մեջ մտած որոշմամբ արդեն իսկ արձանագրել էր, որ վարկի հերթական մասի վաղաժամկետ մարում կատարելու դեպքում սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը ենթակա է համամասնորեն նվազեցման, հետևաբար նույն գործով Վերաքննիչ դատարանի 19.01.2023 թվականի որոշմամբ կատարված եզրահանգումներն այն մասին, որ սպառողի կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն նվազեցնելու կանոնը ենթակա է կիրառման միայն այն դեպքում, եթե վարկառուն վարկային պայմանագրով սահմանված վերջնաժամկետից շուտ մարում է ամբողջ վարկային պարտավորությունը, անհիմն է` հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պարտավորությունները ժամկետից շուտ կատարելու արդյունքում կրեդիտավորման ընդհանուր ծախսը համամասնորեն կարող է նվազել միայն այն դեպքում, եթե նվազում են դրանում ներառված բոլոր բաղադրիչները, այդ թվում` սպասարկման ամսական վճարը:

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Դատարանը, իրականացնելով վերադաս ատյանի սահմանած ծավալին հետևելու` ստորադաս դատարանի պարտականությունը, քննության է առել Ընկերության ներկայացրած պահանջը, գործի քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը, անձանց արդար դատաքննության իրավունքն առավելագույնս ապահովելով, գնահատման առարկա դարձնելով ֆինանսական համակարգի հաշտարարի հաշվարկը «Սպառողական կրեդիտավորման մասին» 10-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներին համապատասխանելու հանգամանքը, արդյունքում, ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ, Ընկերության պահանջը մերժել է:

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հաստատված է համարում Վերաքննիչ դատարանի կողմից «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի այնպիսի խախտում թույլ տալը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով սահմանված` վերաքննիչ դատարանի դատական ակտն ամբողջությամբ բեկանելու և առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք: Սույն քաղաքացիական գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար: Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը հանդիսանում է Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր, հետևաբար գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից: Տվյալ դեպքում, Վճռաբեկ դատարանի կողմից առաջին ատյանի դատարանի դատական ակտին օրինական ուժ տալը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Առաջին ատյանի դատարանի վճռին օրինական ուժ տալիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի` մինչև 30.10.2021 թվականը գործած խմբագրությամբ 9-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի «բ» ենթակետի բովանդակությունից բխում է, որ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական ակտերի դեմ վճռաբեկ բողոքների համար պետական տուրքը գանձվում է հետևյալ դրույքաչափերով` ոչ դրամական պահանջի գործերով` բազային տուրքի քսանապատիկի չափով:

Վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշումը բեկանելու և Դատարանի 19.01.2023 թվականի վճռին ամբողջությամբ օրինական ուժ տալու պայմաններում անդրադառնալով պետական տուրք բռնագանձելու հարցին` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նշել, որ Դատարանի 19.01.2023 թվականի վճռով դատական ծախսերի բաշխման հարցը լուծված լինելու, ինչպես նաև Վերաքննիչ դատարանում Ընկերության կողմից վերաքննիչ բողոքի համար պետական տուրքի գումարը վճարված լինելու պայմաններում դատական ծախսերի բաշխման հարցն այդ մասերով պետք է համարել լուծված: Միաժամանակ նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանի 29.01.2024 թվականի որոշման դեմ վճռաբեկ բողոք ներկայացնելու համար Հաշտարարը վճարել է 20.000 ՀՀ դրամ, իսկ ներկայացված վճռաբեկ բողոքը բավարարվում է և օրինական ուժ է տրվում Դատարանի 19.01.2023 թվականի վճռին, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ընկերությունից հօգուտ Հաշտարարի ենթակա է բռնագանձման 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար նախապես վճարված պետական տուրքի գումար:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատական այլ ծախսերի վերաբերյալ պահանջ ներկայացված չլինելու պայմաններում այդ ծախսերի հարցը պետք է համարել լուծված:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2024 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 19.01.2023 թվականի վճռին:

2. «ԳՈՒԴԿՐԵԴԻՏ» ՈԻՎԿ ՓԲԸ-ից հօգուտ Ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանի բռնագանձել 20.000 ՀՀ դրամ` որպես վճռաբեկ բողոքի համար սահմանված և վերջինիս կողմից նախապես վճարված պետական տուրքի գումարի փոխհատուցում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող  Է. Սեդրակյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Ս. Մեղրյան

Վ. Քոչարյան

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=14355223812356185

 

 

pin
Վճռաբեկ դատարան
22.08.2025
N ԵԿԴ/2336/02/17
Որոշում