Սեղմել Esc փակելու համար:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՎԵՃԵՐՈՎ ԱՊԱՑՈՒՑՄԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԵՌ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ

 

  ՀՀ վերաքննիչ քաղաքացիական                   Քաղաքացիական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՇԴ/4598/02/20

    Քաղաքացիական գործ թիվ ՇԴ/4598/02/20         2025 թ.

    Նախագահող դատավոր` Լ. Գրիգորյան

   Դատավորներ`        Մ. Հարթենյան

                                      Դ. Սերոբյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Գ. Հակոբյան

զեկուցող  Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Վ. Քոչարյան

 

2025 թվականի դեկտեմբերի 05-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշման դեմ` ըստ Աղասի Բիշարյանի հայցի ընդդեմ Ընկերության` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին,

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի իրեն աշխատանքից ազատելու մասին թիվ 37/Կ հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է.

«1.1 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը ճանաչել անվավեր:

1.2 Աղասի Սերյոժայի Բիշարյանին վերականգնել իր նախկին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործի աշխատանքում:

1.3 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղից հօգուտ Աղասի Սերյոժայի Բիշարյանի, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (20.10.2020 թվականից մինչև իր նախկին աշխատանքում փաստացի վերականգնելու պահը) բռնագանձել նրա միջին աշխատավարձի գումարը` միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 15.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աղասի Բիշարյանը:

Աղասի Բիշարյանի կողմից 19.07.2024 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանի լրացում:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ, 61-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 113-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 210-րդ ու 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է ներկայացված ապացույցներն այն մասին, որ Ընկերությունում բացակայել է որևէ այլ աշխատանք, որը կհամապատասխաներ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի կրճատում, ինչն Աղասի Բիշարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման պատճառ է հանդիսացել, քանի որ վերջինս աշխատել է որպես հսկիչ, իսկ Ընկերությունում աշխատող հսկիչների թիվը կրճատվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը չի առարկել Դատարանի 17.11.2020 թվականի ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման դեմ` նկատի ունենալով, որ այն բխել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի դրույթներից, ինչպես նաև ներկայացրել է դրանով պահանջվող ապացույցները, որոնք հիմնավորում են վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունման նախադրյալները և պատճառները` 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանը, այդ հրամանի ընդունման համար հիմք հանդիսացած օրենսդրական փոփոխությունները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հսկիչների թվաքանակի կրճատումը չի նշանակում, որ Աղասի Բիշարյանի կողմից նախկինում սպասարկվող տեղամասը չի սպասարկվելու: Այն հսկիչները, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը չեն լուծվել, սպասարկում են երկու կամ ավելի տարածք, ուստի այն հանգամանքը, որ Աղասի Բիշարյանի սպասարկման տարածքը սպասարկվում է մեկ այլ հսկիչի կողմից, չի նշանակում, որ աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը, իրավասու լինելով պահանջել այլ ապացույցներ, Ընկերության կողմից ներկայացված ապացույցները բավարար չի համարել` առանց այլ ապացույցներ պահանջելու:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մասնաճյուղը, չլինելով իրավաբանական անձ և որպես սեփականություն չունենալով առանձնացված գույք, չի կարող իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Նման պայմաններում, վճիռը հնարավոր չէ կատարել, քանի որ մասնաճյուղը չունի իրեն պատկանող գույք, այդ թվում` դրամական միջոց, որի վրա հնարավոր կլինի բռնագանձում տարածել, ուստի մասնաճյուղից հօգուտ հայցվորի հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելն անհնար է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության և լուծման եռամսյա ժամկետի խախտման հետևանքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հասել է մինչև 15.02.2023 թվականը և շարունակվում է մինչ օրս, ինչի արդյունքում զգալիորեն աճել է վճարվելիք գումարի չափը:

i

Միևնույն ժամանակ, վճռաբեկ բողոք բերած անձը վկայակոչել է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը` հիմնավորելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության:

 

2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Գործի քննության ընթացքում չի բարձրաձայնվել այն մասին, որ սույն գործով որպես պատասխանող պետք է հանդես գար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, այլ ոչ թե Շիրակի մարզի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը:

Ընկերության դատավարական գործողությունների արդյունքում է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության և լուծման եռամսյա ժամկետը, քանի որ դատական նիստերի մեծ մասը հետաձգվել է` պահանջված փաստաթղթերի ներկայացման, հաշտության համաձայնության, Ընկերության ներկայացուցչի փոփոխության և ոչ պատշաճ լիազորագիր ներկայացնելու պատճառաբանություններով:

Ընկերության վճռաբեկ բողոքում նշված է միայն նրա` որպես հսկիչ աշխատելու հանգամանքը, մինչդեռ իրականում վերջինս աշխատել է որպես հսկիչ-փականագործ և հավելել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել են երեք հսկիչ-փականագործներ, սակայն մյուս երկուսը հետագայում շարունակել են աշխատել ընկերությունում` փականագործի պաշտոնում, այնինչ իրեն այդ հնարավորությունը չի ընձեռնվել:

Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, թե որքան է կազմել կրճատված աշխատակիցների քանակը և ինչ չափանիշներով են առաջնորդվել աշխատողներին ազատելիս: Ավելին, ներկայացվել են իրարամերժ ապացույցներ. մասնավորապես, մի ապացույցով նշվել է, որ ինքը դեբիտորական պարտքեր չունի, իսկ մեկ ուրիշով նշված է պարտքի մասին` դա ներկայացնելով, որպես թերի կատարված աշխատանք: Ընդ որում, ինքը դատարանի վճռի հիման վրա բաժանորդից բռնագանձման ենթակա գումարի մասով իրականացման ենթակա որևէ գործառույթ չի ունեցել, իսկ Ընկերության 25.06.2021 թվականի գրությամբ էլ հաստատվել է, որ գազահաշվիչի արտաքին միջամտության հետ կապված խախտումն իր ցուցանիշի վրա որևէ ազդեցություն չունի:

Ընկերության ներկայացրած ապացույցներից հետևում է, որ իրեն աշխատանքից ազատելիս չի առաջարկվել այլ աշխատանք, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին: Բացի այդ, առկա են եղել թափուր հաստիքներ, և աշխատանքից ազատման հիմքերը չեն բացատրվել: Ավելին, աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստանալուց հետո ինքը շարունակել է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչը վկայում է, որ ծանուցումը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, փականագործի աշխատանքը դեռևս անհրաժեշտ է եղել:

Բացի այդ, Ընկերությունը չի ներկայացրել աշխատանքից ազատելու հրամանի հիմքում դրված իրավական և փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցներ, ազատման պահի, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ գործող հաստիքացուցակները, որոնք պահանջվել էին Դատարանի որոշմամբ:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 07.07.1982 թվականի թիվ ԻՎ 006529 դիպլոմի համաձայն` Աղասի Բիշարյանը 1982 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, և պետական քննական հանձնաժողովի 22.06.1982 թվականի որոշմամբ Աղասի Բիշարյանին տրվել է ինժեներ-մեխանիկի որակավորում (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) 25.04.2008 թվականին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և Աղասի Բիշարյանի միջև անորոշ ժամկետով կնքված թիվ 7764 աշխատանքային պայմանագրի հիման վրա Աղասի Բիշարյանն ընդունվել է աշխատանքի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասում` որպես հսկիչ-փականագործ (հատոր 1-ին, գ.թ. 54-56).

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի կողմից տրված թիվ 003995 վկայականի համաձայն` Շիրակի գազիֆիկացման Գազամատակարարման մասնաճյուղի կողմից Աղասի Բիշարյանին 03.06.2009 թվականին տրվել է համապատասխան մասնագիտական ուսուցում` «Գազաբաշխման համակարգը շահագործող կազմակերպությունների ԻՏ և գծային անձնակազմի «Գազի տնտեսությունում անվտանգության տարրերի տեխնիկական շահագործման կանոնների և աշխատանքի անվտանգության պահանջներ» թեմայով և այդ հիմքով վերջինս ստացել է հսկիչ-փականագործ աշխատելու թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 96).

4) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի, 01.03.2018 թվականի «Շիրակի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի Հսկիչ-փականագործ», պաշտոնեական հրահանգի 1.1-րդ ու 1.2-րդ կետերի համաձայն` Ընկերության արտադրական անձնակազմի հսկիչ-փականագործը հանդիսանում է Ընկերության` բանվոր դասի աշխատող: Որպես հսկիչ-փականագործ կարող է աշխատանքի ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորմամբ, ինչպես նաև առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձ (հատոր 1-ին, գ.թ. 57-64).

5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հ. Թադևոսյանը, 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանի 2-րդ կետով նույն ընկերության տնօրեններին` յուրաքանչյուրին իր մասով հրամայել է. «ԳԳՄ-ում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատումը` պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքների վերաբերյալ դրույթները» (հատոր 1-ին, գ.թ. 75, 76).

6) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի կողմից Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանին 20.08.2020 թվականին ուղարկված` աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ նշվել է աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատման մասին, և հաշվի առնելով, որ Ընկերությունում բացակայել է Աղասի Բիշարյանի մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք, ծանուցվել է կողմերի միջև 25.04.2008 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 77, 78).

7) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով (այսուհետ նաև` Հրաման) Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 20.10.2020 թվականից ազատվել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման պատճառով` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (հատոր 1-ին, գ.թ. 79).

8) Դատարանը 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետևյալ ապացույցները.

«1. վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2. վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3. աշխատողի [հայցվոր` Աղասի Սերյոժայի Բիշարյանի] գործունեությունը կարգավորող պայմանագրերը» (հատոր 1-ին, գ.թ. 24).

9) Աղասի Բիշարյանը 14.09.2021 թվականին ներկայացրած միջնորդությամբ Դատարանից խնդրել է Ընկերությունից պահանջել «2019թ.-ի հոկտեմբերից մինչև հայցվորին աշխատանքից ազատելը` 2020թ. հոկտեմբերի 20-ը հայցվորի կատարողական ցուցանիշների, դրանց հաշվարկման փաստաթղթային հիմքերը, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Ն. Վարագյանը 20.10.2020թ.-ին աշխատանքից ազատվելուց հետո կրկին, երբ է ընդունվել աշխատանքի և ինչ պաշտոն է զբաղեցնում ընկերությունում»:

Դատարանը 15.09.2021 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարել է (հատոր 2-րդ, գ.թ. 39, 44).

10) Ընկերությունը գործի քննության ընթացքում հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ: Բացի այդ, պարզաբանվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում, Արթիկի ՏՏ-ում բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությունը, հետևապես Բիշարյանին նշված մասնագիտությամբ և ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր չէ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 27, 28, 83-87):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ

 

i

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխման կանոնների և գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ պահանջելու դատարանի լիազորության իրականացման վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

i

Քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

i

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 48-րդ և 49-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով այն դիրքորոշումը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, արձանագրել է նաև, որ օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե՛ս «Դեագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի թիվ ԿԴ1/1125/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):

i

Ընդ որում, գործի համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու պայմաններում, դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած` անբարենպաստ հետևանքներ կողմի համար կարող են ի հայտ գալ միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և վերջինիս վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

i

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերի քննության կարգը սահմանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով (հոդվածներ 210-214): Այսպես`

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: (...):

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխ] սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգին, փաստել է, որ մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանին իրավունք է վերապահվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նաև այլ լրացուցիչ ապացույցներ: Միաժամանակ հարկ է նկատել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը: (...) Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն (տե՛ս Տիգրան Բաղդասարյանն ընդդեմ «Արագած Պեռլիտ» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը, Մոնիկա Մարտիրոսյանն ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին կայացրած որոշմամբ արձանագրելով, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոնը նախատեսվել է` նկատի ունենալով աշխատողների խոցելի կարգավիճակը, հավելել է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ: Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ:

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապացուցման պարտականության բաշխման հարցում ցուցաբերված այս հատուկ մոտեցումը պայմանավորված է ոչ միայն աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողի խոցելի դիրքում գտնվելու իրողությամբ, այլև նրանով, որ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող փաստաթղթերը (ներքին իրավական ակտեր, կարգապահական կանոններ, կոլեկտիվ պայմանագրեր, աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի կատարման նորմաներ) հիմնականում կազմվում են գործատուների կողմից, այսինքն` գտնվում են կամ պետք է գտնվեն գործատուի մոտ, ուստի վերջինս պետք է կրի անհրաժեշտ գրավոր ապացույցները ներկայացնելու պարտականությունը (այս հարցի կապակցությամբ տե՛ս Նունե Մանուկյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 3-34 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Շարադրվածն ամփոփելով, հիմք ընդունելով աշխատանքային վեճերն օրենքով սահմանված սեղմ ժամկետներում քննելու, գործի փաստական հանգամանքները համակողմանի պարզելու անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, աշխատանքային վեճերով նույնպես սահմանափակված լինելով գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ, այդուհանդերձ, կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, և եթե առկա է գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստական հանգամանք պարզելու ու դրա առկայության կամ բացակայության փաստը գնահատելու նպատակով այլ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն, դատարանը կարող է առաջարկել կողմերին ներկայացնել այդ ապացույցները:

Այս կերպ դատարանն իր հայեցողական լիազորության իրականացմամբ նպաստում է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի հետազոտելուն` կողմերի համար, ըստ էության, կանխատեսելի դարձնելով համապատասխան փաստական հանգամանքների վիճելի մնալու հնարավոր բացասական հետևանքները:

Շարադրվածն իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումն է, քանի որ բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Ըստ այդմ, իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս դատավարության մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Աղասի Բիշարյանը 25.04.2008 թվականին ընդունվել է աշխատանքի որպես հսկիչ-փականագործ:

Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 20.10.2020 թվականից ազատվել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման պատճառով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

Աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ Աղասի Բիշարյանին հայտնվել է աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատման և Ընկերությունում Աղասի Բիշարյանի մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի բացակայության մասին:

Դիմելով դատարան` Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գործի քննության ընթացքում Ընկերությունը հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ, ինչպես նաև պարզաբանվել է, որ «բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությունը, հետևապես Բիշարյանին նշված մասնագիտությամբ և ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր չէ (...)»:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով, հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետևյալ ապացույցները.

«1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի [հայցվոր` Աղասի Սերյոժայի Բիշարյանի] գործունեությունը կարգավորող պայմանագրերը»:

Դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը կատարված լինելու հարցին, արձանագրել է, որ

«(...) հաշվի առնելով այն փաստերը, որ Աղասի Բիշարյանն ունի թիվ 003995 վկայականով հավաստվող` գազի բնագավառում աշխատելու իրավունքի թույլտվություն, ինչը Դատարանի գնահատմամբ, իրենից ներկայացնում է գազի բնագավառում հայցվորի կողմից իրականացված բանվորական դասի աշխատանքի համար որոշակի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ապացույց, Դատարանը գտնում է, որ պատասխանող Կազմակերպությունը Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելիս, ի կատարումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի իմպերատիվ պահանջի, պարտավոր էր նախապես դիտարկել ոչ միայն վերջինիս բարձրագույն կրթության դիպլոմով շնորհված մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, այլև հայցվորի կողմից նախկինում կատարած աշխատանքին և պատրաստվածությանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, ինչը չի արել` սահմանափակվելով միայն հայցվորի բարձրագույն կրթության շրջանակներում ստացած մասնագիտության և որակավորման շրջանակներով, այն պայմաններում, երբ հայցվորը 2008թ.-ից մինչև 2020թ.-ը պատասխանող Կազմակերպությունում կատարել է բանվորական բնույթի աշխատանք համարվող` հսկիչ-փականագործի աշխատանք` ունենալով գազի բնագավառում աշխատելու իրավունքի համապատասխան վկայական»:

Արդյունքում Դատարանը, Ընկերության կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարված լինելու տեսանկյունից հանգելով այն հետևության, որ

«(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանող կողմը, որը Դատարանի գնահատմամբ, սույն գործի քննության ընթացքում չկարողացավ բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցների վկայակոչմամբ և/կամ ներկայացմամբ ապացուցել սույն գործի լուծման համար էական նշանակության ունեցող այն փաստը, որ Աղասի Բիշարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման պահին իր մոտ բացակայել է հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, ինչպես նաև նախկինում զբաղեցրած պաշտոնին, աշխատանքային փորձառությանը և կատարած աշխատանքին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը», 15.02.2023 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին` Աղասի Բիշարյանին վերականգնելով իր նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքում:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին, նշել է, որ

«(...) Պատասխանողը Դատարանի 17.11.2020 թվականի ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման համաձայն` կրել է վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները ներկայացնելու պարտականություն և Դատարանում դրա վերաբերյալ որևէ առարկությամբ հանդես չի եկել: Սույն դեպքում վիճարկվող անհատական իրավական ակտում վկայակոչվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի կիրառման համար նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է գործատուի կողմից աշխատողին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականությունը` դրա առկայության դեպքում: Այսպիսով, ըստ Դատարանի վերը նշված որոշման պահանջի` սույն դեպքում Պատասխանողը պետք է ապացուցեր իր մոտ Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի բացակայության փաստը, մինչդեռ գործի քննության ընթացքում Պատասխանողի կողմից չեն ներկայացվել Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ իր մոտ առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հնարավոր լիներ հանգել եզրակացության այն մասին, որ Պատասխանողի կողմից պահպանվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայցվորին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը, իսկ նշված փաստի չապացուցված մնալու բացասական հետևանքները պետք է կրի Պատասխանողը»:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը 23.11.2023 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 15.02.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

 

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Աղասի Բիշարյանին ազատելու օրվա դրությամբ Ընկերությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու բացասական հետևանքները վերագրել է Ընկերությանը` փաստելով, որ հնարավոր չէ եզրահանգում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը պահպանված լինելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի լուծման համար նշանակություն է ունեցել նաև այն հարցը, թե արդյո՞ք Ընկերությունում առկա է եղել Աղասի Բիշարյանի նախկինում զբաղեցրած` հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ թափուր աշխատանք, մինչդեռ այս փաստը պարզելու ուղղությամբ Դատարանն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել:

Մասնավորապես` Դատարանն Ընկերությունից պահանջել է ներկայացնել Հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, որպիսի պայմաններում ապացուցման առարկան եղել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանի` Աղասի Բիշարյանի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առկա լինելու փաստը:

Մինչդեռ Դատարանը, անդրադառնալով «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացություններին, գործի լուծման համար նշանակություն ունեցող է համարել նաև Աղասի Բիշարյանի նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանքի առկայության փաստը, և դրա ապացուցված չլինելու բեռը դրել Ընկերության վրա:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի արդյունավետ քննության հրամայականը պահանջել է նշված փաստական տվյալը պարզելու և գնահատելու նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով Ընկերությունից պահանջել անհրաժեշտ ապացույցներ` այն դեպքում, երբ իր այդ լիազորությունը Դատարանը կիրառել է հայցվորի ներկայացրած փաստական տվյալները պարզելու նպատակով:

Տվյալ գործողությունը չկատարելու, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալի մասով ապացուցման գործընթաց չիրականացնելու հետևանքով Ընկերության համար կանխատեսելի չեն եղել հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանքի առկայության փաստի վիճելի մնալու` իր համար առաջացող հնարավոր բացասական հետևանքները:

i

Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, նմանատիպ փաստական հանգամանքով թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականի որոշմամբ անդրադառնալով աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը, հանգել է այն եզրակացության, որ անկախ այն հանգամանքից, որ աշխատանքային հարաբերություններում օրենքով գործատուի վրա է դրված անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճերով գործերի քննության առանձնահատկությունները, դատարանի վրա դրել է ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ պահանջելու պարտականություն: Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Ըստ այդմ, նշված փաստի վիճելի մնալու անբարենպաստ հետևանքներն Ընկերությունը կարող էր կրել միայն դրա ապացուցման բեռը կրելու և դրա վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Դատարանը վճռով Աղասի Բիշարյանին վերականգնել է իր նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքում` այն դեպքում, երբ Ընկերությունը գործի քննության ընթացքում հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, և Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ:

Դատարանը չի պարզել Աղասի Բիշարյանին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը, մասնավորապես այն հարցերը, թե արդյո՞ք Շիրակի գազիֆիկացման Գազամատակարարման մասնաճյուղում պահպանվել է հսկիչ-փականագործի հաստիքը, թե՞ վերափոխվել է այլ` հսկիչի հաստիքի: Եթե ոչ, ապա համապատասխան մասնաճյուղում արդյո՞ք առկա է հսկիչ-փականագործի թափուր հաստիք, թե` ոչ:

Շարադրվածը կարևորվում է այն տեսանկյունից, որ եթե Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղում հսկիչ-փականագործի հաստիքն այլ հաստիքում համատեղված լինելու պայմաններում դադարել է գոյություն ունենալ կամ բոլոր հաստիքները համալրված են, ապա Ընկերության վրա դրվում է կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք ստեղծելու լրացուցիչ պարտավորություն, ինչը Սահմանադրությամբ ամրագրված և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների անհամարժեք սահմանափակում է (այս հարցի կապակցությամբ տե՛ս Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքի քննությամբ հաստատվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ` գործի լուծման համար անհրաժեշտ փաստական տվյալները պարզելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Պատասխանողի կարգավիճակի կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներին անդրադառնալով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով բողոքի այդ հիմքը, արձանագրել է, որ...»(...) Հայցվորի կողմից ի սկզբանե որպես պատասխանող է նշվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը, իսկ բողոք բերող անձը մասնակցել է դատավարությանը և հանդես է եկել որպես պատասխանող, սակայն ձեռնպահ է մնացել նշված հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը Դատարանում հայտնելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ներկայացված պնդումը ենթակա չէ քննարկման Վերաքննիչ դատարանի կողմից` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, (...)»:

Մինչդեռ վճռաբեկ բողոքը չի բովանդակում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման մասին որևէ հիմնավորում, ուստի բողոք բերած անձի փաստարկները չեն կարող քննարկման առարկա դառնալ Վճռաբեկ դատարանի կողմից:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան բողոք բերելու և բողոքի քննության հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն գլխի [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ գլուխ] կանոններին համապատասխան:

Նկատի ունենալով, որ Ընկերության վճռաբեկ բողոքը մասնակիորեն բավարարելու արդյունքում Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի որոշումը բեկանվում է, և գործն ուղարկվում է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության արդյունքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող` Գ. Հակոբյան

Զեկուցող  Ա. Մկրտչյան

Ա. Աթաբեկյան

Ն. Հովսեփյան

Վ. Քոչարյան

 

Հատուկ կարծիք

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի

կողմից թիվ ՇԴ/4598/02/20 քաղաքացիական գործով 05.12.2025 թվականին

կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ

 

12.12.2025 թվական

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի դեկտեմբերի 05-ին (համակարգում տեղադրվել է 05.12.2025 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի (այսուհետ նաև` Ընկերություն) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշման դեմ` ըստ Աղասի Բիշարյանի հայցի ընդդեմ Ընկերության` հրամանն անվավեր ճանաչելու, աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի գումարը բռնագանձելու պահանջների մասին, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 23.11.2023 թվականի որոշումը և գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավոր Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ ու 10-րդ մասերով, շարադրում եմ հատուկ կարծիքս այդ մասերի վերաբերյալ:

 

1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.

«Դիմելով դատարան` Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի իրեն աշխատանքից ազատելու մասին թիվ 37/Կ հրամանը և իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել միջին աշխատավարձը` հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար:

Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` Դատարան) 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է` վճռվել է.

«1.1 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը ճանաչել անվավեր:

1.2 Աղասի Սերյոժայի Բիշարյանին վերականգնել իր նախկին` «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործի աշխատանքում:

1.3 «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղից հօգուտ Աղասի Սերյոժայի Բիշարյանի, հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար (20.10.2020 թվականից մինչև իր նախկին աշխատանքում փաստացի վերականգնելու պահը) բռնագանձել նրա միջին աշխատավարձի գումարը` միջին օրական աշխատավարձի չափը համապատասխան օրերի քանակով բազմապատկելու միջոցով»:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 23.11.2023 թվականի որոշմամբ Ընկերության վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 15.02.2023 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Աղասի Բիշարյանը:

Աղասի Բիշարյանի կողմից 19.07.2024 թվականին ներկայացվել է վճռաբեկ բողոքի պատասխանի լրացում»:

 

2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.

«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 50-րդ, 61-րդ հոդվածները, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 11-րդ, 113-րդ և 265-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ, 210-րդ ու 213-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված հիմքերի առկայությունը պատճառաբանել է հետևյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է ներկայացված ապացույցներն այն մասին, որ Ընկերությունում բացակայել է որևէ այլ աշխատանք, որը կհամապատասխաներ աշխատողի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին: Մասնավորապես, գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ տեղի է ունեցել աշխատողների թվաքանակի կրճատում, ինչն Աղասի Բիշարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման պատճառ է հանդիսացել, քանի որ վերջինս աշխատել է որպես հսկիչ, իսկ Ընկերությունում աշխատող հսկիչների թիվը կրճատվել է:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ինքը չի առարկել Դատարանի 17.11.2020 թվականի ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման դեմ` նկատի ունենալով, որ այն բխել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի դրույթներից, ինչպես նաև ներկայացրել է դրանով պահանջվող ապացույցները, որոնք հիմնավորում են վիճարկվող անհատական իրավական ակտի ընդունման նախադրյալները և պատճառները` 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանը, այդ հրամանի ընդունման համար հիմք հանդիսացած օրենսդրական փոփոխությունները:

Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ հսկիչների թվաքանակի կրճատումը չի նշանակում, որ Աղասի Բիշարյանի կողմից նախկինում սպասարկվող տեղամասը չի սպասարկվելու: Այն հսկիչները, որոնց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը չեն լուծվել, սպասարկում են երկու կամ ավելի տարածք, ուստի այն հանգամանքը, որ Աղասի Բիշարյանի սպասարկման տարածքը սպասարկվում է մեկ այլ հսկիչի կողմից, չի նշանակում, որ աշխատողների թվաքանակի կրճատում տեղի չի ունեցել:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել նաև, որ Դատարանը, իրավասու լինելով պահանջել այլ ապացույցներ, Ընկերության կողմից ներկայացված ապացույցները բավարար չի համարել` առանց այլ ապացույցներ պահանջելու:

Միաժամանակ Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ մասնաճյուղը, չլինելով իրավաբանական անձ և որպես սեփականություն չունենալով առանձնացված գույք, չի կարող իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող: Նման պայմաններում, վճիռը հնարավոր չէ կատարել, քանի որ մասնաճյուղը չունի իրեն պատկանող գույք, այդ թվում` դրամական միջոց, որի վրա հնարավոր կլինի բռնագանձում տարածել, ուստի մասնաճյուղից հօգուտ հայցվորի հարկադիր պարապուրդի գումար բռնագանձելն անհնար է:

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության և լուծման եռամսյա ժամկետի խախտման հետևանքով հարկադիր պարապուրդի ժամանակահատվածը հասել է մինչև 15.02.2023 թվականը և շարունակվում է մինչ օրս, ինչի արդյունքում զգալիորեն աճել է վճարվելիք գումարի չափը:

Միևնույն ժամանակ, վճռաբեկ բողոք բերած անձը վկայակոչել է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշումը` հիմնավորելով, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի վերաբերյալ Վերաքննիչ դատարանի մեկնաբանությունը հակասում է ՀՀ վճռաբեկ դատարանի նշված որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել կամ գործն ուղարկել նոր քննության»:

 

2.1. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ:

Գործի քննության ընթացքում չի բարձրաձայնվել այն մասին, որ սույն գործով որպես պատասխանող պետք է հանդես գար «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը, այլ ոչ թե Շիրակի մարզի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը:

Ընկերության դատավարական գործողությունների արդյունքում է, որ չի պահպանվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված աշխատանքային վեճերի քննության և լուծման եռամսյա ժամկետը, քանի որ դատական նիստերի մեծ մասը հետաձգվել է` պահանջված փաստաթղթերի ներկայացման, հաշտության համաձայնության, Ընկերության ներկայացուցչի փոփոխության և ոչ պատշաճ լիազորագիր ներկայացնելու պատճառաբանություններով:

Ընկերության վճռաբեկ բողոքում նշված է միայն նրա` որպես հսկիչ աշխատելու հանգամանքը, մինչդեռ իրականում վերջինս աշխատել է որպես հսկիչ-փականագործ և հավելել է, որ ընդհանուր առմամբ աշխատանքից ազատվել են երեք հսկիչ-փականագործներ, սակայն մյուս երկուսը հետագայում շարունակել են աշխատել ընկերությունում` փականագործի պաշտոնում, այնինչ իրեն այդ հնարավորությունը չի ընձեռնվել:

Ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, թե որքան է կազմել կրճատված աշխատակիցների քանակը և ինչ չափանիշներով են առաջնորդվել աշխատողներին ազատելիս: Ավելին, ներկայացվել են իրարամերժ ապացույցներ. մասնավորապես, մի ապացույցով նշվել է, որ ինքը դեբիտորական պարտքեր չունի, իսկ մեկ ուրիշով նշված է պարտքի մասին` դա ներկայացնելով, որպես թերի կատարված աշխատանք: Ընդ որում, ինքը դատարանի վճռի հիման վրա բաժանորդից բռնագանձման ենթակա գումարի մասով իրականացման ենթակա որևէ գործառույթ չի ունեցել, իսկ Ընկերության 25.06.2021 թվականի գրությամբ էլ հաստատվել է, որ գազահաշվիչի արտաքին միջամտության հետ կապված խախտումն իր ցուցանիշի վրա որևէ ազդեցություն չունի:

Ընկերության ներկայացրած ապացույցներից հետևում է, որ իրեն աշխատանքից ազատելիս չի առաջարկվել այլ աշխատանք, ինչը հակասում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին: Բացի այդ, առկա են եղել թափուր հաստիքներ, և աշխատանքից ազատման հիմքերը չեն բացատրվել: Ավելին, աշխատանքից ազատման մասին ծանուցումը ստանալուց հետո ինքը շարունակել է կատարել իր աշխատանքային պարտականությունները, ինչը վկայում է, որ ծանուցումը ստանալուց հետո` երկամսյա ժամկետում, փականագործի աշխատանքը դեռևս անհրաժեշտ է եղել:

Բացի այդ, Ընկերությունը չի ներկայացրել աշխատանքից ազատելու հրամանի հիմքում դրված իրավական և փաստական հանգամանքները հիմնավորող ապացույցներ, ազատման պահի, ինչպես նաև դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ գործող հաստիքացուցակները, որոնք պահանջվել էին Դատարանի որոշմամբ»:

 

3. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստեր նշել է հետևյալը.

«Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`

1) 07.07.1982 թվականի թիվ ԻՎ 006529 դիպլոմի համաձայն` Աղասի Բիշարյանը 1982 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի լրիվ դասընթացը «Մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ» մասնագիտությամբ, և պետական քննական հանձնաժողովի 22.06.1982 թվականի որոշմամբ Աղասի Բիշարյանին տրվել է ինժեներ-մեխանիկի որակավորում (հատոր 1-ին, գ.թ. 11).

2) 25.04.2008 թվականին «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և Աղասի Բիշարյանի միջև անորոշ ժամկետով կնքված թիվ 7764 աշխատանքային պայմանագրի հիման վրա Աղասի Բիշարյանն ընդունվել է աշխատանքի «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասում` որպես հսկիչ-փականագործ (հատոր 1-ին, գ.թ. 54-56).

3) «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության «Ինժեներական կենտրոն» մասնաճյուղի կողմից տրված թիվ 003995 վկայականի համաձայն` Շիրակի գազիֆիկացման Գազամատակարարման մասնաճյուղի կողմից Աղասի Բիշարյանին 03.06.2009 թվականին տրվել է համապատասխան մասնագիտական ուսուցում` «Գազաբաշխման համակարգը շահագործող կազմակերպությունների ԻՏ և գծային անձնակազմի «Գազի տնտեսությունում անվտանգության տարրերի տեխնիկական շահագործման կանոնների և աշխատանքի անվտանգության պահանջներ» թեմայով և այդ հիմքով վերջինս ստացել է հսկիչ-փականագործ աշխատելու թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 96).

4) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի, 01.03.2018 թվականի «Շիրակի գազամատակարարման և գազիֆիկացման մասնաճյուղի Արթիկի տարածքային տեղամասի Հսկիչ-փականագործ», պաշտոնեական հրահանգի 1.1-րդ ու 1.2-րդ կետերի համաձայն` Ընկերության արտադրական անձնակազմի հսկիչ-փականագործը հանդիսանում է Ընկերության` բանվոր դասի աշխատող: Որպես հսկիչ-փականագործ կարող է աշխատանքի ընդունվել համապատասխան մասնագիտական որակավորմամբ, ինչպես նաև առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ունեցող անձ (հատոր 1-ին, գ.թ. 57-64).

5) «Գազպրոմ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հ. Թադևոսյանը, 17.07.2020 թվականի թիվ 47 հրամանի 2-րդ կետով նույն ընկերության տնօրեններին` յուրաքանչյուրին իր մասով հրամայել է. «ԳԳՄ-ում արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում կազմակերպել աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատումը` պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը լուծելու արգելքների վերաբերյալ դրույթները» (հատոր 1-ին, գ.թ. 75, 76).

6) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի կողմից Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանին 20.08.2020 թվականին ուղարկված` աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ նշվել է աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատման մասին, և հաշվի առնելով, որ Ընկերությունում բացակայել է Աղասի Բիշարյանի մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանք, ծանուցվել է կողմերի միջև 25.04.2008 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին (հատոր 1-ին, գ.թ. 77, 78).

7) Ընկերության տնօրեն Ս. Ամիրբեկյանի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով (այսուհետ նաև` Հրաման) Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 20.10.2020 թվականից ազատվել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման պատճառով` համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի (հատոր 1-ին, գ.թ. 79).

8) Դատարանը 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետևյալ ապացույցները.

«1. վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2. վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3. աշխատողի [հայցվոր` Աղասի Սերյոժայի Բիշարյանի] գործունեությունը կարգավորող պայմանագրերը» (հատոր 1-ին, գ.թ. 24).

9) Աղասի Բիշարյանը 14.09.2021 թվականին ներկայացրած միջնորդությամբ Դատարանից խնդրել է Ընկերությունից պահանջել «2019թ.-ի հոկտեմբերից մինչև հայցվորին աշխատանքից ազատելը` 2020թ. հոկտեմբերի 20-ը հայցվորի կատարողական ցուցանիշների, դրանց հաշվարկման փաստաթղթային հիմքերը, ինչպես նաև տեղեկատվություն այն մասին, թե արդյոք Ն. Վարագյանը 20.10.2020թ.-ին աշխատանքից ազատվելուց հետո կրկին, երբ է ընդունվել աշխատանքի և ինչ պաշտոն է զբաղեցնում ընկերությունում»:

Դատարանը 15.09.2021 թվականի «Ապացույց պահանջելու մասին» որոշմամբ միջնորդությունը բավարարել է (հատոր 2-րդ, գ.թ. 39, 44).

Ընկերությունը գործի քննության ընթացքում հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ: Բացի այդ, պարզաբանվել է, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ում, Արթիկի ՏՏ-ում բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությունը, հետևապես Բիշարյանին նշված մասնագիտությամբ և ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր չէ (...)» (հատոր 1-ին, գ.թ. 27, 28, 83-87)»:

 

4. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.

«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, քանի որ բողոքարկվող դատական ակտում ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի մեկնաբանությունը հակասում է թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2021 թվականի որոշման մեջ նույն նորմին տրված մեկնաբանությանը:

 

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում վերահաստատել աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխման կանոնների և գործի փաստական հանգամանքները պարզելու ու գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ պահանջելու դատարանի լիազորության իրականացման վերաբերյալ նախկինում հայտնած իրավական դիրքորոշումները:

 

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պարտավոր է ապացուցել իր պահանջների և առարկությունների հիմքում դրված ու գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը, եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքով կամ այլ օրենքներով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, բացառությամբ նույն օրենսգրքի 61-րդ հոդվածով նախատեսված փաստերի, ենթակա են ապացուցման:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ապացույցները, ինչպես նաև դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդությունները ներկայացնում են գործին մասնակցող անձինք:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 62-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն` եթե բոլոր ապացույցների հետազոտումից և գնահատումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող անձը:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը, գնահատելով գործում եղած բոլոր ապացույցները, որոշում է փաստի հաստատված լինելու հարցը` ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:

Քաղաքացիական դատավարությունում իր պահանջների և առարկությունների հիմքում ընկած հանգամանքների առկայությունը կամ բացակայությունն ապացուցելու ծանրությունը` ապացուցման բեռը, օրենսդրի կողմից դիտարկվում է որպես գործին մասնակցող անձի դատավարական պարտականություն, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով (տե՛ս «Արսուգրիգ» ՍՊԸ-ն ընդդեմ Ա/Ձ Տիգրան Զալինյանի թիվ ԵԱՔԴ/3111/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.11.2021 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության նախկին օրենսգրքի իրավակարգավորման շրջանակներում (հոդվածներ 48-րդ և 49-րդ) ՀՀ վճռաբեկ դատարանը, վերահաստատելով այն դիրքորոշումը, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը, արձանագրել է նաև, որ օրենսդիրն այդպես է սահմանել, քանի որ որևէ փաստի վրա հիմնվող կողմն իրազեկ է և դատարանին կարող է ցույց տալ տվյալ փաստի մասին տեղեկություններ պարունակող աղբյուրները: Ենթադրվում է, որ շահագրգռված կողմը կձեռնարկի բոլոր միջոցներն իր մատնանշած փաստն ապացուցելու համար (տե՛ս «Դեագա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն ընդդեմ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի թիվ ԿԴ1/1125/02/17 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.07.2021 թվականի որոշումը):

Ընդ որում, գործի համար էական նշանակություն ունեցող փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա դրված չլինելու պայմաններում, դատարանը չի կարող նշված փաստը չապացուցելու բացասական հետևանքները դնել այդ կողմի վրա: Այլ կերպ ասած` անբարենպաստ հետևանքներ կողմի համար կարող են ի հայտ գալ միայն որոշակի փաստի ապացուցման բեռը կրելու և վերջինիս վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում (տե՛ս Ասյա Պողոսյանն ընդդեմ Գայանե Գալստյանի, «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք Երևանի քաղաքապետարանի, Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի թիվ ԵԱՔԴ/1539/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2020 թվականի որոշումը):

Ապացուցման բեռի բաշխման ընդհանուր կանոնը կիրառվում է բոլոր այն դեպքերում, երբ դատավարական կամ նյութական իրավունքի նորմերով տվյալ փաստի հաստատման վերաբերյալ հատուկ կանոն սահմանված չէ (տե՛ս Գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերի քննության կարգը սահմանվել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով (հոդվածներ 210-214): Այսպես`

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է գործատուի նախաձեռնությամբ:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` գործատուն իրավունք ունի աշխատողի հետ լուծելու անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը, ինչպես նաև որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման և (կամ) արտադրական անհրաժեշտությամբ պայմանավորված` աշխատողների քանակի և (կամ) հաստիքների կրճատման դեպքում:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով նախատեսված հիմքերով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից: Գործատուի մոտ համապատասխան հնարավորությունների բացակայության դեպքում պայմանագիրը լուծվում է առանց աշխատողին այլ աշխատանք առաջարկելու:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 264-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքային վեճերը ենթակա են քննության դատական կարգով` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Մինչև 31.07.2023 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 265-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան անհատական իրավական ակտը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` երկու ամսվա ընթացքում, իրավունք ունի դիմելու դատարան: Եթե պարզվում է, որ աշխատանքի պայմանները փոփոխվել են, աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը լուծվել է առանց օրինական հիմքերի կամ օրենսդրությամբ սահմանված կարգի խախտումով, ապա աշխատողի խախտված իրավունքները վերականգնվում են: (...):

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխ] սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով աշխատանքային վեճերի լուծման հատուկ ընթացակարգին, փաստել է, որ մասնավորապես, կարևորելով առավել սեղմ ժամկետներում աշխատանքային վեճերի լուծման դատավարական գործընթացը, օրենսդրորեն դատարանին իրավունք է վերապահվել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշման հետ մեկտեղ գործատուից պահանջել այն բոլոր ապացույցները, որոնք ընկած են վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում, որը գործատուի կողմից ենթակա է կատարման նույնպես առավել սեղմ ժամկետում` այդ որոշումն ստանալուց հետո մեկ շաբաթվա ընթացքում: Ընդ որում, այն դեպքում, երբ գործի նախնական քննության փուլում դատարանն առաջարկում է հայցվորին հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջը, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, դատարանն իրավասու է պահանջելու նաև այլ լրացուցիչ ապացույցներ: Միաժամանակ հարկ է նկատել, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում նախատեսվել է նաև ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության այլ կանոն: Այսպես, օրենսդիրը հստակեցրել է, որ աշխատանքային վեճերով վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորելու փաստն ապացուցելու պարտականությունը կրում է գործատուն: Ըստ այդմ էլ, սահմանվել է նաև, որ վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցը գործատուի կողմից, որպես ընդհանուր կանոն կարող է ներկայացվել միայն դատարանի կողմից ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշման կատարման ընթացքում, ինչը ենթադրում է այդ որոշումը գործատուի կողմից ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում: Հակառակ պարագայում, գործատուն պարտավոր է հիմնավորել իրենից անկախ պատճառներով ապացույցի ներկայացման անհնարինությունը: (...) Ընդ որում, աշխատանքային վեճերով ևս ապացուցման պարտականություն կրող անձը` գործատուն, պարտավոր է ապացուցել գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը: Հակառակ պարագայում, երբ փաստը մնում է վիճելի, դրա բացասական հետևանքները պետք է կրի դրա ապացուցման պարտականությունը կրող անձը, այն է` գործատուն (տե՛ս Տիգրան Բաղդասարյանն ընդդեմ «Արագած Պեռլիտ» բաց բաժնետիրական ընկերության թիվ ԱՐԱԴ/1385/02/18 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.08.2020 թվականի որոշումը):

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանը, Մոնիկա Մարտիրոսյանն ընդդեմ Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքի թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականին կայացրած որոշմամբ արձանագրելով, որ աշխատանքային վեճերի լուծման դեպքում ապացուցման պարտականության բաշխման ընդհանուր կանոնից տարբերվող` ապացուցման պարտականության բաշխման հատուկ կանոնը նախատեսվել է` նկատի ունենալով աշխատողների խոցելի կարգավիճակը, հավելել է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև այդ հանգամանքները հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ: Ընդ որում, դատարանի կողմից նման առաջարկ ներկայացնելը չի ենթադրում բացարձակ հայեցողություն, դատարանը ցանկացած պարագայում սահմանափակված է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ:

Վերահաստատելով վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ապացուցման պարտականության բաշխման հարցում ցուցաբերված այս հատուկ մոտեցումը պայմանավորված է ոչ միայն աշխատանքային իրավահարաբերություններում աշխատողի խոցելի դիրքում գտնվելու իրողությամբ, այլև նրանով, որ աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորող փաստաթղթերը (ներքին իրավական ակտեր, կարգապահական կանոններ, կոլեկտիվ պայմանագրեր, աշխատանքային պայմանագրեր, աշխատանքի կատարման նորմաներ) հիմնականում կազմվում են գործատուների կողմից, այսինքն` գտնվում են կամ պետք է գտնվեն գործատուի մոտ, ուստի վերջինս պետք է կրի անհրաժեշտ գրավոր ապացույցները ներկայացնելու պարտականությունը (այս հարցի կապակցությամբ տե՛ս Նունե Մանուկյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 3-34 (ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.01.2007 թվականի որոշումը):

Շարադրվածն ամփոփելով, հիմք ընդունելով աշխատանքային վեճերն օրենքով սահմանված սեղմ ժամկետներում քննելու, գործի փաստական հանգամանքները համակողմանի պարզելու անհրաժեշտությունը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատարանը, աշխատանքային վեճերով նույնպես սահմանափակված լինելով գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ, այդուհանդերձ, կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, և եթե առկա է գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստական հանգամանք պարզելու ու դրա առկայության կամ բացակայության փաստը գնահատելու նպատակով այլ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն, դատարանը կարող է առաջարկել կողմերին ներկայացնել այդ ապացույցները:

Այս կերպ դատարանն իր հայեցողական լիազորության իրականացմամբ նպաստում է գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի հետազոտելուն` կողմերի համար, ըստ էության, կանխատեսելի դարձնելով համապատասխան փաստական հանգամանքների վիճելի մնալու հնարավոր բացասական հետևանքները:

Շարադրվածն իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկի` իրավական որոշակիության սկզբունքի արտացոլումն է, քանի որ բոլոր սուբյեկտների, այդ թվում` դատարանի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ: Ըստ այդմ, իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է դատարանների որոշումների հստակություն և կանխատեսելիություն, ինչը թույլ է տալիս դատավարության մասնակիցներին համապատասխան պատկերացում կազմել իրենց վարքագծի հնարավոր հետևանքների մասին:

 

Վերը շարադրված իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ

Սույն գործի փաստերի համաձայն` Աղասի Բիշարյանը 25.04.2008 թվականին ընդունվել է աշխատանքի որպես հսկիչ-փականագործ:

Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանով Ընկերության Արթիկի տարածքային տեղամասի հսկիչ-փականագործ Աղասի Բիշարյանը 20.10.2020 թվականից ազատվել է աշխատանքից` աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման պատճառով` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն:

Աշխատանքային պայմանագիրը գործատուի նախաձեռնությամբ լուծելու վերաբերյալ ծանուցմամբ Աղասի Բիշարյանին հայտնվել է աշխատողների (այդ թվում` հսկիչների) թվաքանակի կրճատման և Ընկերությունում Աղասի Բիշարյանի մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան այլ աշխատանքի բացակայության մասին:

Դիմելով դատարան` Աղասի Բիշարյանը պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Գործի քննության ընթացքում Ընկերությունը հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, հաստիքային ցուցակները հաստատելու մասին Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ, ինչպես նաև պարզաբանվել է, որ «բացակայում է մեքենաշինության տեխնոլոգիա, մետաղահատ հաստոցներ և գործիքներ մասնագիտությունը, հետևապես Բիշարյանին նշված մասնագիտությամբ և ինժեներ-մեխանիկ որակավորմամբ համապատասխան աշխատանքով ապահովել հնարավոր չէ (...)»:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասով, հայցադիմումը վարույթ ընդունելու հետ մեկտեղ 17.11.2020 թվականի «Ապացույցներ պահանջելու վերաբերյալ» որոշմամբ Ընկերությունից պահանջել է ներկայացնել հետևյալ ապացույցները.

«1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում, որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի [հայցվոր` Աղասի Սերյոժայի Բիշարյանի] գործունեությունը կարգավորող պայմանագրերը»:

Դատարանը, անդրադառնալով Ընկերության կողմից ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պարտականությունը կատարված լինելու հարցին, արձանագրել է, որ

«(...) հաշվի առնելով այն փաստերը, որ Աղասի Բիշարյանն ունի թիվ 003995 վկայականով հավաստվող` գազի բնագավառում աշխատելու իրավունքի թույլտվություն, ինչը Դատարանի գնահատմամբ, իրենից ներկայացնում է գազի բնագավառում հայցվորի կողմից իրականացված բանվորական դասի աշխատանքի համար որոշակի մասնագիտական պատրաստվածության վերաբերյալ ապացույց, Դատարանը գտնում է, որ պատասխանող Կազմակերպությունը Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելիս, ի կատարումն ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի նորմի իմպերատիվ պահանջի, պարտավոր էր նախապես դիտարկել ոչ միայն վերջինիս բարձրագույն կրթության դիպլոմով շնորհված մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, այլև հայցվորի կողմից նախկինում կատարած աշխատանքին և պատրաստվածությանը համապատասխան աշխատանք առաջարկելու հնարավորությունը, ինչը չի արել` սահմանափակվելով միայն հայցվորի բարձրագույն կրթության շրջանակներում ստացած մասնագիտության և որակավորման շրջանակներով, այն պայմաններում, երբ հայցվորը 2008թ.-ից մինչև 2020թ.-ը պատասխանող Կազմակերպությունում կատարել է բանվորական բնույթի աշխատանք համարվող` հսկիչ-փականագործի աշխատանք` ունենալով գազի բնագավառում աշխատելու իրավունքի համապատասխան վկայական»:

Արդյունքում Դատարանը, Ընկերության կողմից իր վրա դրված ապացուցման պարտականությունը կատարված լինելու տեսանկյունից հանգելով այն հետևության, որ

«(...) ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանող կողմը, որը Դատարանի գնահատմամբ, սույն գործի քննության ընթացքում չկարողացավ բավարար թույլատրելի և վերաբերելի ապացույցների վկայակոչմամբ և/կամ ներկայացմամբ ապացուցել սույն գործի լուծման համար էական նշանակության ունեցող այն փաստը, որ Աղասի Բիշարյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի լուծման պահին իր մոտ բացակայել է հայցվորի մասնագիտական պատրաստվածությանը, ինչպես նաև նախկինում զբաղեցրած պաշտոնին, աշխատանքային փորձառությանը և կատարած աշխատանքին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու հնարավորությունը», 15.02.2023 թվականին վճիռ է կայացրել հայցը բավարարելու մասին` Աղասի Բիշարյանին վերականգնելով իր նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքում:

Վերաքննիչ դատարանը, բողոքարկվող դատական ակտում անդրադառնալով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածին, նշել է, որ

«(...) Պատասխանողը Դատարանի 17.11.2020 թվականի ապացույց պահանջելու վերաբերյալ որոշման համաձայն` կրել է վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները ներկայացնելու պարտականություն և Դատարանում դրա վերաբերյալ որևէ առարկությամբ հանդես չի եկել: Սույն դեպքում վիճարկվող անհատական իրավական ակտում վկայակոչվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը, որի կիրառման համար նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվել է գործատուի կողմից աշխատողին նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առաջարկելու պարտականությունը` դրա առկայության դեպքում: Այսպիսով, ըստ Դատարանի վերը նշված որոշման պահանջի` սույն դեպքում Պատասխանողը պետք է ապացուցեր իր մոտ Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի բացակայության փաստը, մինչդեռ գործի քննության ընթացքում Պատասխանողի կողմից չեն ներկայացվել Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ իր մոտ առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հնարավոր լիներ հանգել եզրակացության այն մասին, որ Պատասխանողի կողմից պահպանվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայցվորին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը, իսկ նշված փաստի չապացուցված մնալու բացասական հետևանքները պետք է կրի Պատասխանողը»:

Վերոգրյալ պատճառաբանությամբ Վերաքննիչ դատարանը 23.11.2023 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 15.02.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

 

Սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների համատեքստում անդրադառնալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությանը` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել հետևյալը.

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Աղասի Բիշարյանին ազատելու օրվա դրությամբ Ընկերությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու բացասական հետևանքները վերագրել է Ընկերությանը` փաստելով, որ հնարավոր չէ եզրահանգում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը պահպանված լինելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի լուծման համար նշանակություն է ունեցել նաև այն հարցը, թե արդյո՞ք Ընկերությունում առկա է եղել Աղասի Բիշարյանի նախկինում զբաղեցրած` հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ թափուր աշխատանք, մինչդեռ այս փաստը պարզելու ուղղությամբ Դատարանն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել:

Մասնավորապես` Դատարանն Ընկերությունից պահանջել է ներկայացնել Հրամանի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները, որպիսի պայմաններում ապացուցման առարկան եղել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանի` Աղասի Բիշարյանի մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը և առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք առկա լինելու փաստը:

Մինչդեռ Դատարանը, անդրադառնալով «մասնագիտական պատրաստվածություն» և «որակավորում» հասկացություններին, գործի լուծման համար նշանակություն ունեցող է համարել նաև Աղասի Բիշարյանի նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանքի առկայության փաստը, և դրա ապացուցված չլինելու բեռը դրել Ընկերության վրա:

Սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի արդյունավետ քննության հրամայականը պահանջել է նշված փաստական տվյալը պարզելու և գնահատելու նպատակով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով Ընկերությունից պահանջել անհրաժեշտ ապացույցներ` այն դեպքում, երբ իր այդ լիազորությունը Դատարանը կիրառել է հայցվորի ներկայացրած փաստական տվյալները պարզելու նպատակով:

Տվյալ գործողությունը չկատարելու, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական տվյալի մասով ապացուցման գործընթաց չիրականացնելու հետևանքով Ընկերության համար կանխատեսելի չեն եղել հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ աշխատանքի առկայության փաստի վիճելի մնալու` իր համար առաջացող հնարավոր բացասական հետևանքները:

Մինչդեռ ՀՀ վճռաբեկ դատարանը, նմանատիպ փաստական հանգամանքով թիվ ԱՐԴ/3808/02/18 քաղաքացիական գործով 02.12.2021 թվականի որոշմամբ անդրադառնալով աշխատանքային վեճերով ապացուցման պարտականության բեռի բաշխմանը, հանգել է այն եզրակացության, որ անկախ այն հանգամանքից, որ աշխատանքային հարաբերություններում օրենքով գործատուի վրա է դրված անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը ապացուցելու պարտականությունը, այնուամենայնիվ, օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային վեճերով գործերի քննության առանձնահատկությունները, դատարանի վրա դրել է ապացուցման պարտականությունը բաշխելու և ապացույցներ պահանջելու պարտականություն: Ավելին, Վճռաբեկ դատարանը ևս մեկ անգամ ընդգծում է, որ աշխատանքային վեճերով դատարանը կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, ինչպես նաև դրանք հիմնավորելու նպատակով ներկայացված ապացույցներով, և իրավասու է առաջարկել վեճի կողմերին համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Ըստ այդմ, նշված փաստի վիճելի մնալու անբարենպաստ հետևանքներն Ընկերությունը կարող էր կրել միայն դրա ապացուցման բեռը կրելու և դրա վերաբերյալ ապացույցներ չներկայացնելու պայմաններում, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

Բացի այդ, Դատարանը վճռով Աղասի Բիշարյանին վերականգնել է իր նախկին` հսկիչ-փականագործի աշխատանքում` այն դեպքում, երբ Ընկերությունը գործի քննության ընթացքում հայտնել է, որ Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղից կրճատվել է 38 հսկիչ, և Ընկերության տնօրենի հրամանով առանձին դեպքերում թույլատրվել է հսկիչ-փականագործ մասնագիտությունների համատեղումը մեկ պաշտոնում` հսկիչ:

Դատարանը չի պարզել Աղասի Բիշարյանին նախկին աշխատանքում վերականգնելու հնարավորությունը, մասնավորապես այն հարցերը, թե արդյո՞ք Շիրակի գազիֆիկացման Գազամատակարարման մասնաճյուղում պահպանվել է հսկիչ-փականագործի հաստիքը, թե՞ վերափոխվել է այլ` հսկիչի հաստիքի: Եթե ոչ, ապա համապատասխան մասնաճյուղում արդյո՞ք առկա է հսկիչ-փականագործի թափուր հաստիք, թե` ոչ:

Շարադրվածը կարևորվում է այն տեսանկյունից, որ եթե Շիրակի գազիֆիկացման գազամատակարարման մասնաճյուղում հսկիչ-փականագործի հաստիքն այլ հաստիքում համատեղված լինելու պայմաններում դադարել է գոյություն ունենալ կամ բոլոր հաստիքները համալրված են, ապա Ընկերության վրա դրվում է կառուցվածքային նոր միավոր, նոր հաստիք ստեղծելու լրացուցիչ պարտավորություն, ինչը Սահմանադրությամբ ամրագրված և իրավաբանական անձանց նկատմամբ կիրառելի երաշխիքային նորմերի և օրենքով նախատեսված իրավունքների անհամարժեք սահմանափակում է (այս հարցի կապակցությամբ տե՛ս Զոյա Ծատուրյանն ընդդեմ «ԱրմենՏել» փակ բաժնետիրական ընկերության թիվ 3-496(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.03.2007 թվականի որոշումը):

 

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում բողոքի քննությամբ հաստատվեց ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի իմաստով նույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու` Վճռաբեկ դատարանի լիազորությունը:

Վճռաբեկ դատարանը միաժամանակ արձանագրում է, որ սույն որոշմամբ արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ` գործի լուծման համար անհրաժեշտ փաստական տվյալները պարզելու և գնահատելու նպատակով անհրաժեշտ է գործն ուղարկել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` ամբողջ ծավալով նոր քննության:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերը նշված պատճառաբանություններով:

 

Պատասխանողի կարգավիճակի կապակցությամբ վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներին անդրադառնալով` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ Վերաքննիչ դատարանը, քննարկելով բողոքի այդ հիմքը, արձանագրել է, որ...»(...) Հայցվորի կողմից ի սկզբանե որպես պատասխանող է նշվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի գազիֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը, իսկ բողոք բերող անձը մասնակցել է դատավարությանը և հանդես է եկել որպես պատասխանող, սակայն ձեռնպահ է մնացել նշված հարցի կապակցությամբ իր դիրքորոշումը Դատարանում հայտնելու հնարավորությունից, որպիսի պայմաններում ներկայացված պնդումը ենթակա չէ քննարկման Վերաքննիչ դատարանի կողմից` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասը, (...)»:

Մինչդեռ վճռաբեկ բողոքը չի բովանդակում Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 379-րդ հոդվածի 5-րդ մասի կիրառման մասին որևէ հիմնավորում, ուստի բողոք բերած անձի փաստարկները չեն կարող քննարկման առարկա դառնալ Վճռաբեկ դատարանի կողմից»:

 

Վճռաբեկ դատարանի դատավոր Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում եմ հատուկ կարծիքս դրա վերաբերյալ:

 

Սույն գործի փաստերի համաձայն` Աղասի Բիշարյանը, դիմելով դատարան, պահանջել է անվավեր ճանաչել Ընկերության տնօրենի 20.10.2020 թվականի թիվ 37/Կ հրամանը, իրեն վերականգնել նախկին աշխատանքում, ինչպես նաև Ընկերությունից բռնագանձել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

Դատարանի 15.02.2023 թվականի վճռով հայցը բավարարվել է:

Վերաքննիչ դատարանը, պատճառաբանելով, որ «(...) սույն դեպքում Պատասխանողը պետք է ապացուցեր իր մոտ Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանքի բացակայության փաստը, մինչդեռ գործի քննության ընթացքում Պատասխանողի կողմից չեն ներկայացվել Հայցվորին աշխատանքից ազատելու պահի դրությամբ իր մոտ առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ, որպեսզի հնարավոր լիներ հանգել եզրակացության այն մասին, որ Պատասխանողի կողմից պահպանվել է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով Հայցվորին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը, իսկ նշված փաստի չապացուցված մնալու բացասական հետևանքները պետք է կրի Պատասխանողը», 23.11.2023 թվականին որոշում է կայացրել Ընկերության վերաքննիչ բողոքը մերժելու և Դատարանի 15.02.2023 թվականի վճիռն անփոփոխ թողնելու մասին:

Վճռաբեկ դատարանի 05.12.2025 թվականի որոշմամբ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը բավարարվել է, իսկ Վերաքննիչ դատարանի 23.11.2023 թվականի որոշումը` բեկանվել, և գործն ուղարկվել է նոր քննության այն պատճառաբանությամբ, որ «(...) դատարանը, աշխատանքային վեճերով նույնպես սահմանափակված լինելով գործի փաստական հանգամանքները լրիվ և բազմակողմանի պարզելու, կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքներն ապահովելու պարտականությամբ, այդուհանդերձ, կաշկանդված չէ կողմի ներկայացրած գործի փաստական հանգամանքներով, և եթե առկա է գործի լուծման համար նշանակություն ունեցող որևէ փաստական հանգամանք պարզելու ու դրա առկայության կամ բացակայության փաստը գնահատելու նպատակով այլ ապացույցներ հետազոտելու անհրաժեշտություն, դատարանը կարող է առաջարկել կողմերին ներկայացնել այդ ապացույցները:

(...)

Սույն գործով Վերաքննիչ դատարանն Աղասի Բիշարյանին ազատելու օրվա դրությամբ Ընկերությունում առկա թափուր հաստիքների վերաբերյալ տեղեկություններ ներկայացված չլինելու բացասական հետևանքները վերագրել է Ընկերությանը` փաստելով, որ հնարավոր չէ եզրահանգում կատարել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով Աղասի Բիշարյանին աշխատանքից ազատելու` նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պայմանը պահպանված լինելու մասին:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործի լուծման համար նշանակություն է ունեցել նաև այն հարցը, թե արդյո՞ք Ընկերությունում առկա է եղել Աղասի Բիշարյանի նախկինում զբաղեցրած` հսկիչ-փականագործի աշխատանքին համարժեք որակավորում և մասնագիտական պատրաստվածություն պահանջող այլ թափուր աշխատանք, մինչդեռ այս փաստը պարզելու ուղղությամբ Դատարանն անհրաժեշտ գործողություններ չի ձեռնարկել»:

 

Անդրադառնալով Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությանը` հարկ եմ համարում արձանագրել հետևյալը:

Մինչև 01.01.2025 թվականը գործած խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 202-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը հատուկ հայցային վարույթի կարգով քննում է հետևյալ գործերը.

(...)

3) առանձին աշխատանքային վեճերով գործերը:

Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանը նույն գլխով [ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 24-րդ գլուխ] սահմանված կարգով քննում և լուծում է աշխատանքային պայմանագրի փոփոխման, լուծման և աշխատողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հետ կապված անհատական աշխատանքային վեճերը (այսուհետ` աշխատանքային վեճ):

Օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ դատարանը կայացնում է որոշում` պատասխանողից հետևյալ ապացույցները պահանջելու մասին.

1) վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած փաստերը հաստատող ապացույցները,

2) վիճարկվող անհատական իրավական ակտում որպես հիմք վկայակոչված ներքին և անհատական իրավական ակտերը,

3) աշխատողի գործունեությունը կարգավորող պայմանագրերը:

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն` ապացույցներ պահանջելու վերաբերյալ որոշումը կատարվում է պատասխանողի կողմից որոշումն ստանալուց հետո` մեկշաբաթյա ժամկետում:

Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն` գործը դատաքննության նախապատրաստելիս դատարանը կարող է առաջարկել հայցը փոփոխելու միջոցով ճշգրտելու ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները, համալրելու ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև ներկայացնելու գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ:

Օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը կրում է պատասխանողը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատասխանողը վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը հիմնավորող ապացույցներ կարող է ներկայացնել միայն ապացույցները պահանջելու որոշման կատարման ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` իրենից անկախ պատճառներով:

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նորմատիվ իրավական ակտի նորմը մեկնաբանվում է` հաշվի առնելով նորմատիվ իրավական ակտն ընդունելիս այն ընդունող մարմնի նպատակը` ելնելով դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությունից, ամբողջ հոդվածի, գլխի, բաժնի կարգավորման համատեքստից, այն նորմատիվ իրավական ակտի դրույթներից, ի կատարումն որի ընդունվել է այդ ակտը, տվյալ նորմատիվ իրավական ակտով սահմանված սկզբունքներից, իսկ այդպիսի սկզբունքներ սահմանված չլինելու դեպքում` տվյալ իրավահարաբերությունը կարգավորող իրավունքի ճյուղի սկզբունքներից:

Վկայակոչված իրավանորմերի համակարգային վերլուծությունից բխում է, որ օրենսդիրը, հաշվի առնելով աշխատանքային իրավահարաբերությունների և դրանցից բխող վեճերի առանձնահատուկ բնույթը, գործի քննության հատուկ դատավարական կարգ է նախատեսել առանձին կատեգորիայի աշխատանքային վեճերի համար` դրանց սպառիչ ցանկն ամրագրելով Օրենսգրքի 210-րդ հոդվածի 1-ին մասում: Մասնավորապես, Օրենսգրքի 24-րդ գլխի վերլուծությունը հնարավորություն է տալիս պնդելու, որ առանձին աշխատանքային վեճերի քննության համար օրենսդիրը սահմանել է քաղաքացիական դատավարության հիմնարար մրցակցության սկզբունքից որոշակի իրավաչափ շեղումներ` նկատի ունենալով, որ մրցակցության սկզբունքը լրիվ ծավալով կարող է կենսագործվել միայն վիճելի նյութական իրավահարաբերության մասնակիցների փաստացի հավասարության պայմաններում, մինչդեռ աշխատանքային իրավահարաբերություններում կողմերից մեկը` աշխատողը, աշխատանքային պայմանագրի կնքման պահից ենթարկվում է որոշակի աշխատանքային ռեժիմի, որպիսի պայմաններում կողմերի միջև առաջացող հարաբերությունները կրում են ենթակայական բնույթ: Ընդ որում, իմ գնահատմամբ օրենսդրի նման մոտեցումը պայմանավորված է ոչ միայն գործին մասնակցող անձանց համար որոշակի սոցիալական անբարենպաստ հետևանքների առաջացումից զերծ մնալու նպատակով աշխատանքային վեճերին հնարավորինս սեղմ ժամկետում լուծում տալու, այլև աշխատանքային իրավահարաբերությունների մասնակիցների փաստացի անհավասարությունը վերացնելու և դրանով իսկ` աշխատողի` որպես «թույլ» կողմում գտնվող անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության համար արդյունավետ կառուցակարգեր սահմանելու անհրաժեշտությամբ: Շարադրվածի լույսի ներքո հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի կարգավորումը` կարծում եմ, որ առանձին աշխատանքային վեճերի քննությանը կամ դրա դատավարական կարգին վերաբերող ցանկացած օրենսդրական դրույթ պետք է մեկնաբանվի` վերը նշված նպատակներից, ինչպես նաև Օրենսգրքի 24-րդ գլխում զետեղված այլ դրույթների համատեքստից ելնելով:

Այսպես, Օրենսգրքի` վերը վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ առանձին աշխատանքային վեճերով գործի քննության ժամանակ, հաշվի առնելով, որ ապացույցների ճնշող մեծամասնությունը գտնվում է պատասխանողի տիրապետության ներքո, վերջինս կրում է վիճարկվող անհատական իրավական ակտի հիմքում ընկած, ինչպես նաև տվյալ անհատական իրավական ակտի ընդունման օրենքով, այլ նորմատիվ կամ գործատուի ներքին իրավական ակտերով սահմանված կարգը պահպանված լինելու փաստերն ապացուցելու պարտականությունը: Ըստ այդմ, նշված պարտականությունը, ինչպես նաև գործի քննությունը ողջամիտ ժամկետում իրականացվելու նպատակով դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու հետ միաժամանակ կայացնում է պատասխանողի տիրապետության ներքո գտնվող ապացույցները պահանջելու մասին որոշում` տրամադրելով մեկշաբաթյա ժամկետ: Ընդ որում, պատասխանողն, ի կատարումն իր վրա դրված ապացուցման պարտականության, կարող է ապացույցներ ներկայացնել բացառապես ապացույց պահանջելու մասին որոշման կատարման ընթացքում: Հետևում է, որ ապացույց պահանջելու մասին որոշմամբ տրամադրված ժամկետի ավարտից հետո ներկայացված ապացույցներով պատասխանողը չի կարող հիմնավորել վիճարկվող անհատական իրավական ակտի իրավաչափությունը բացառությամբ այն դեպքերի, երբ հիմնավորվում է ապացույցի ներկայացման անհնարինությունը` պատասխանողից անկախ պատճառներով:

Վերոգրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ ապացույց պահանջելու մասին որոշման կատարման ժամկետի ավարտից հետո դատարանի կողմից պատասխանողին գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու մասին առաջարկ ուղղվելու դեպքում իմաստազրկվում են Օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասով և 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված և քննարկվող վարույթի շրջանակներում գործի քննության համար առանցքային նշանակություն ունեցող արգելքները: Այլ խոսքով` դատարանի կողմից պատասխանողին գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու մասին առաջարկ ուղղվելու դեպքում վերջինս հնարավորություն է ստանում ապացույց պահանջելու մասին որոշման կատարման ժամկետի ավարտից հետո ներկայացնելու նոր ապացույցներ առանց հիմնավորելու ապացույցի ներկայացման անհնարինությունը` դրանով իսկ շրջանցելով Օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ մասում և 213-րդ հոդվածի 1-ին մասում ուղղակի ամրագրում ստացած արգելքները, ինչը չի բխում առանձին աշխատանքային վեճերով գործերի վարույթի էությունից, հակասում է աշխատանքային իրավահարաբերություններում «թույլ» կողմում գտնվող անձի խախտված իրավունքների դատական պաշտպանության համար արդյունավետ կառուցակարգեր ապահովելու հրամայականին` խթանելով կողմերի միջև արդեն իսկ առկա փաստացի անհավասարությունը:

Շարադրվածի լույսի ներքո կարծում եմ, որ Օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգավորումը չպետք է մեկնաբանվի մեկուսի. քննարկվող կարգավորման բովանդակությունը պետք է բացահայտվի` Օրենսգրքի 24-րդ գլխում զետեղված այլ դրույթների համատեքստից և աշխատանքային իրավահարաբերության «թույլ» կողմին պաշտպանելու միջոցով գործին մասնակցող անձանց իրավահավասարությունն ապահովելու օրենսդրի կամքից ելնելով: Հիմք ընդունելով վերը նշվածը, ինչպես նաև նկատի ունենալով, որ Օրենսգրքի 211-րդ հոդվածի 4-րդ մասում մասնավորեցված չէ դատարանի «օժանդակող» գործառույթների հասցեատերերի շրջանակը` գտնում եմ, որ առանձին աշխատանքային վեճերով վարույթում դատարանը հայցը փոփոխելու միջոցով ոչ հստակ, թերի կամ սխալ ձևակերպված հայցապահանջները ճշգրտելու, ոչ բավարար փաստական տվյալները համալրելու, ինչպես նաև գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ ապացույցներ ներկայացնելու առաջարկություն կարող է ներկայացնել բացառապես հայցվորին (աշխատողին):

 

Վերը նշվածից ելնելով` հայտնում եմ իմ անհամաձայնությունը Վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ:

 

    Դատավոր`                                Ա. Աթաբեկյան

 

https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=29554872554749603

 

 

 

pin
Վճռաբեկ դատարան
05.12.2025
N ՇԴ/4598/02/20
Որոշում