ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ
դատարանի որոշում թիվ ՎԴ/6854/05/25
Վարչական գործ թիվ ՎԴ/6854/05/25 2026 թ.
Նախագահող դատավոր` Ա. Պողոսյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`
նախագահող` Հ. Բեդևյան
զեկուցող` Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
2026 թվականի փետրվարի 10-ին
գրավոր ընթացակարգով քննելով Կարեն Ավետիսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Կարեն Ավետիսյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունն անվավեր ճանաչելու, և բարենպաստ վարչական ակտ, այն է` Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «***(1) հասցեի հարևանությամբ գտնվող 830.19 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով» ընդունել պարտավորեցնելու պահանջների մասին,
________________
1) Հանդիսանում է անձնական տվյալ
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան` Կարեն Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունը, և պարտավորեցնել ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «***(2) հասցեի հարևանությամբ գտնվող 830.19 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:
________________
2) Հանդիսանում է անձնական տվյալ
ՀՀ վարչական դատարանի (դատավոր Ա. Դարբինյան) (այսուհետ` Դատարան) 14.05.2025 թվականի որոշմամբ հայցադիմումը վերադարձվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 27.06.2025 թվականի որոշմամբ Կարեն Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կարեն Ավետիսյանը (ներկայացուցիչ Լուսինե Գրիգորյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.
i
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը, կիրառել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը, որոնք չպետք է կիրառեր, չի կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 33-րդ հոդվածը, որոնք պետք է կիրառեր:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածը չկիրառելու արդյունքում սկզբում Դատարանը, այնուհետև Վերաքննիչ դատարանը առերևույթ խախտել են բողոքաբերի դատական պաշտպանության իրավունքը և հայցվորին զրկել են պատշաճ հայցատեսակով դատարան դիմելու հնարավորությունից: Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ հայցվորի վերջնական նպատակն այն է, որ հողամասն իրեն օտարվի մինչև 31.12.2020 թվականի գործող կադաստրային արժեքով, իսկ վիճարկման հայցի շրջանակում հայցվորը չի կարող հասնել իր ակնկալվող նպատակին, ինչն իմաստազրկում է դատական պաշտպանության դիմելու գործընթացը: Այսպիսով, նյութական և դատավարական իրավունքների վերը նշված նորմերի խախտմամբ հայցվորը զրկվել է դատական պաշտպանության իրավունքից, ինչով խախտվել են նաև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 10.12.1948 թվականի 217 Ա (III) բանաձևի համաձայն ընդունված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 8-րդ և 10-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը և ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի խախտման հետևանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ պարտավորեցման հայցի առարկային և նշված հայցատեսակով դատարան դիմելու իրավական նախադրյալին` վերահաստատելով նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները.
ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի» (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ նույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ` խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (...), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար, չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով (...):
i
ՀՀ սահմանադրական դատարանը 10.02.2015 թվականի թիվ ՍԴՈ-1190 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ մասնագիտացված արդարադատության, այդ թվում` վարչական արդարադատության ինստիտուտի ներդրումը, ի թիվս այլնի, նպատակ է հետապնդում առաջին հերթին ապահովելու տվյալ ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման արդյունավետությունը և լիարժեքությունը` արդարադատության այդ տեսակին բնորոշ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Վարչական դատավարությունում կողմերի մրցակցության և իրավահավասարության սկզբունքի մասնավոր դրսևորումներից մեկն այն է, որ վարչական դատարանը պարտավոր է նախ և առաջ ապահովել գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքը, որը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը:
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ դատարան ներկայացված հայցադիմումը, համաձայն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի կանոնակարգումների, ի թիվս այլնի, պետք է բովանդակի նաև այն փաստերը, որոնց վրա հիմնվում է հայցվորի պահանջը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները:
i
Անդրադառնալով վերոգրյալ իրավանորմին` ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներից մեկում արձանագրել է, որ դրանում ամրագրված իրավական կարգավորումը հնարավորություն է տալիս դատարանին հայցադիմումը վարույթ ընդունելու հարցը լուծելու փուլում նախնական պատկերացում կազմել ինչպես հայց ներկայացրած անձի իրավունքների և օրինական շահերի հնարավոր խախտման մասին, այնպես էլ այդ իրավունքները վերականգնելու համար ընտրված դատական պաշտպանության եղանակի արդյունավետ լինելու մասին, մասնավորապես` պարզել, թե արդյո՞ք հայցվորի կողմից ընտրված հայցատեսակը կարող է հանդիսանալ վերջինիս ենթադրյալ խախտված իրավունքները վերականգնելու համար պատշաճ հայցատեսակ: Այլ կերպ ասած, հայցվորի պահանջի հիմքում ընկած փաստերը, հայցվորի պահանջը հիմնավորող փաստարկները հայցադիմումում շարադրելու` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածով նախատեսված պարտադիր կանոնը հայցվորի կողմից պահպանելու դեպքում միայն դատարանը կարող է հետևություն անել այն մասին, որ ընտրվել է պատշաճ հայցատեսակ, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր կլինի գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):
ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արձանագրել է նաև, որ այն դեպքում, երբ անձն իր խախտված իրավունքների պաշտպանության նպատակով դիմում է վարչական դատարան, ապա վերջինիս իրավունքների և շահերի դատական պաշտպանությունը պետք է իրականացվի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված պատշաճ հայցատեսակի հիման վրա հարուցված վարչական գործի ըստ էության քննության և լուծման միջոցով: Այսինքն` վարչական դատավարությունում հայցվորի պահանջը պետք է համապատասխանի օրենքով սահմանված այն հայցատեսակին բնորոշ հայցի առարկային, որի միջոցով տվյալ վիճելի իրավահարաբերության շրջանակներում հնարավոր է գործնականում հասնել անձի իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպում են դեպքեր, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք` որպես վարչական դատավարության մասնակիցներ, ակնկալելով վարչական դատավարության կարգով վերականգնել իրենց խախտված իրավունքները, ճիշտ չեն ընտրում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպում իրենց հայցային պահանջները:
i
Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման` իրավակիրառ պրակտիկայում հաճախ հանդիպող վերը նկարագրված դեպքերում հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ու լուծման միջոցով ֆիզիկական, իրավաբանական անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանության միջոցի իրացումն ապահովվում է դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու սկզբունքի կենսագործման միջոցով, որը վարչական արդարադատությանը բնորոշ կարևորագույն առանձնահատկություններից մեկն է (տե՛ս, Ռազմիկ Խոջումյանի իրավահաջորդ Արթուր Խոջումյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/3331/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 28.06.2024 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վարչական արդարադատությանը բնորոշ սկզբունքի` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքի բովանդակությունը սահմանված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածում: Այս սկզբունքի իրավական բաղադրիչ է հանդիսանում դատարանի մատնանշման պարտականությունը: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Դատարանը մատնանշում է հայցադիմումներում առկա ձևական սխալները, առաջարկում է ճշտել ոչ հստակ հայցային պահանջները, ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով, տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները, համալրել ոչ բավարար փաստական տվյալները, ինչպես նաև պահանջում է, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները»:
Նշված նորմն սպառիչ կերպով սահմանում է այն կոնկրետ դատավարական գործողությունները, որոնք դատարանը պարտավոր է կատարել մատնանշման պարտականության շրջանակներում: Այն է.
- մատնանշել հայցադիմումում առկա ձևական սխալները,
- առաջարկել ճշտել ոչ հստակ հայցային պահանջները,
- առաջարկել ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակով,
- առաջարկել տարբերակել հիմնական և ածանցյալ պահանջները,
- առաջարկել համալրել ոչ բավարար փաստական տվյալները,
- պահանջել, որ ներկայացվեն գործի փաստական հանգամանքները պարզելու և գնահատելու համար անհրաժեշտ բոլոր ապացույցները:
Ճիշտ հայցատեսակը մատնանշելու դատարանի պարտականությանը, այդ պարտականության կատարմանը ներկայացվող պահանջներին, ինչպես նաև ոչ ճիշտ հայցատեսակով հայցապահանջը ձևակերպելու իրավական հետևանքներին ՀՀ վճռաբեկ դատարանն անդրադարձել է իր մի շարք որոշումներում (տե՛ս, Եվա Ղազարյանն ընդդեմ ՀՀ նոտարական պալատի նոտար Աստղիկ Մազմանյանի թիվ ՎԴ/6010/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.08.2024 թվականի որոշումը):
Մասնավորապես, անդրադառնալով վարչական դատավարությունում հայցատեսակների առկայությանը և դրա նպատակին` ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական հայցի տեսակները և դրանց օրենսդրական բնորոշումները չեն կարող խոչընդոտել անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի կենսագործումը: Վարչական հայցի տեսակների գոյության նպատակն այն է, որ հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերն արդյունավետ կերպով քննության առնվեն վարչական դատարանի կողմից` հաշվի առնելով միայն տվյալ հայցատեսակին բնորոշ առանձնահատուկ հատկանիշները: Այլ կերպ ասած` վարչական հայցի տեսակներն ուղղված են անձանց դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման ապահովմանը: Վարչական հայցի տեսակների` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված բնորոշումները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես գործիք` անձին դատական պաշտպանություն փաստացի չտրամադրելու և վարչական արդարադատությունից հրաժարվելու համար (տե՛ս, Գագիկ Սիմոնյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/8117/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.09.2019 թվականի որոշումը):
Մեկ այլ որոշմամբ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքի էությանը և բովանդակությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ դատարանի կողմից գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքը հանրային իրավահարաբերություններից ծագող վեճերից բխող գործերի քննության ընթացքում վարչական դատարանին օժտում է ակտիվ դերակատարությամբ, ինչը հնարավորություն է տալիս արդյունավետորեն ապահովելու իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտների ընդունած իրավական ակտերի, գործողությունների ու անգործությունների դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության իրացումը: Խնդրո առարկա սկզբունքի համաձայն` դատարանի ակտիվ դերակատարությունն արտահայտվում է, մասնավորապես, որոշակի դատավարական գործողություններ կատարելիս դատավարության մասնակիցներին օժանդակելու` վարչական դատարանի պարտականությամբ: Այսպես, այն դեպքում, երբ ֆիզիկական և իրավաբանական անձինք, դիմելով վարչական դատարան, ճիշտ չեն ընտրել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված համապատասխան հայցատեսակը կամ ճիշտ չեն ձևակերպել իրենց հայցային պահանջները, վարչական դատարանը պարտավոր է մատնանշել ճիշտ հայցապահանջները կամ պատշաճ հայցատեսակները` առաջարկելով հայցվորին ճշտել ոչ հստակ հայցային պահանջները կամ ոչ ճիշտ հայցատեսակները փոխարինել պատշաճ հայցատեսակներով: Քննարկվող պարագայում վարչական դատարանի` դատավարության մասնակիցներին օժանդակելու պարտականությունը, որը բխում է գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե (»ex officio») պարզելու սկզբունքի բովանդակությունից, ստանում է գործնական մեծ նշանակություն, քանի որ ոչ հստակ հայցային պահանջները ճշտելու, ոչ ճիշտ հայցատեսակները պատշաճ հայցատեսակներով փոխարինելու վերաբերյալ դատավարության մասնակիցներին առաջարկ անելու վարչական դատարանի պարտականության պատշաճ կատարման պայմաններում ապահովվում է ոչ միայն արդյունավետ դատաքննությունը, այլ նաև` անձի խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանությունը (տե՛ս, Վարուժան Ավետիքյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/3804/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 14.03.2017 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածի համաձայն` վարչական դատարանում գործը հարուցվում է հայցի հիման վրա:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ նշել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 65-րդ հոդվածում ամրագրելով, որ վարչական դատարանում գործ հարուցելու հիմքը հայցն է, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի մյուս հոդվածներում սահմանել է հանրային իրավահարաբերություններից ծագող գործերով իրավասու սուբյեկտների կողմից վարչական դատարան դիմելու հայցատեսակները` որպես վարչական գործի հարուցման հիմքեր: Այսինքն` ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հստակ սահմանում է այն հայցատեսակները, որոնց միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք կարող են վարչական դատարանից հայցել իրենց խախտված իրավունքների և շահերի դատական պաշտպանություն: Ընդ որում, նշված հայցատեսակները միմյանցից առաջին հերթին տարբերվում են հայցի առարկայով, այսինքն` այն նյութաիրավական պահանջի բովանդակությամբ, որը ֆիզիկական և իրավաբանական անձինք ուղղում են այս կամ այն վարչական մարմնին:
ՀՀ վճռաբեկ դատարանը հավելել է, որ վարչական դատարանին ընդդատյա` հանրային իրավահարաբերություններից բխող վեճերի լուծումը ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը նախատեսում է հայցային և հատուկ վարույթի կարգով, ընդ որում, հայցային վարույթի կարգով վեճերի լուծումն օրենսդիրը սահմանափակել է չորս հայցատեսակներով: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված հայցատեսակները սուբյեկտիվ իրավունքների պաշտպանությանն ուղղված դատավարական գործուն կառուցակարգեր են, որոնք ելակետային նշանակություն ունեն անձի խախտված իրավունքների վերականգնման տեսանկյունից: Միևնույն ժամանակ, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ հայցատեսակի ընտրությունը պայմանավորված է անձի խախտված սուբյեկտիվ իրավունքների դատական պաշտպանության եղանակով: Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ վարչական դատարանում գործի քննության և լուծման կարգն ըստ էության պայմանավորված է անձի կողմից ընտրված հայցատեսակով` նկատի ունենալով այն հանգամանքը, որ գործող ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը հայցի տեսակներով է պայմանավորում հայց ներկայացնելու ժամկետները, ապացուցման բեռը, հայցի ապահովման միջոցները, ինչպես նաև գործն ըստ էության լուծող դատական ակտով լուծման ենթակա հարցերի շրջանակը:
ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ հաշվի առնելով վիճելի իրավահարաբերության բնույթը, դատական պաշտպանության ենթակա սուբյեկտիվ իրավունքը, ինչպես նաև տվյալ իրավունքի վերականգնման հնարավոր եղանակի առանձնահատկությունները, դատարանը կարող է որոշել, թե որ հայցատեսակին բնորոշ կանոնների կիրառումը կարող է առավելագույնս արդյունավետորեն ապահովել անձի խախտված իրավունքների վերականգնումը` ապահովելով դատարանի մատչելիության իրավունքը, մասնագիտացված արդարադատության նպատակայնությունը և սուբյեկտիվ իրավունքների ճիշտ պաշտպանության համար անհրաժեշտ և բավարար իրավական գործիքակազմը (տե՛ս, Շուշանիկ Վարդանյանը, Թորոս Վարդանյանը և Արարատ Խառատյանն ընդդեմ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության թիվ ՎԴ/10875/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.10.2022 թվականի որոշումը):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը:
Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկին որոշումներից մեկում արձանագրել է, որ Վարչական դատարանում գործի հարուցման հիմք հանդիսացող առանձին հայցատեսակներից է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված պարտավորեցման հայցը, որով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
i
ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ փաստել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանվել է պարտադիր պահանջ, համաձայն որի` դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին: Այսինքն` պարտավորեցման հայցը ՀՀ վարչական դատարան ներկայացնելուց առաջ անհրաժեշտ է, որ անձը համապատասխան ակնկալվող բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջով դիմած լինի համապատասխան վարչական մարմնին (տե՛ս, Նազելի Նահատակյանը և Գրիշա Չաումյանն ընդդեմ ՀՀ կառավարության թիվ ՎԴ/4571/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.08.2019 թվականի որոշումը):
Անդրադառնալով պարտավորեցման հայցի էությանը` ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար նախապայման է հանդիսանում բարենպաստ վարչական ակտի ընդունումը վարչական մարմնի կողմից մերժելու հանգամանքը: Ընդ որում, պարտավորեցման հայցը, բարենպաստ վարչական ակտն ընդունելու պահանջից բացի, օրենքի ուժով իր մեջ ներառում է նաև վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը` անկախ հայցվորի կողմից այդպիսի պահանջ ներկայացնելու հանգամանքից: Օրենսդրի կողմից նման պայմանի սահմանումը բխում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածի սկզբունքից այնքանով, որքանով անձը չի կարող հայցել իր համար բարենպաստ վարչական ակտի ընդունում, քանի դեռ այդպիսի ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտն օրենքով սահմանված կարգով վերացված չէ: Ըստ այդմ, օրենսդիրը նախատեսել է, որ պարտավորեցման հայցի քննության արդյունքներով գործն ըստ էության լուծող դատական ակտ կայացնելիս հայցը բավարարելու դեպքում վարչական դատարանը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունել պարտավորեցնելու հետ մեկտեղ պետք է անվավեր ճանաչի վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը:
i
Միաժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ պարտավորեցման հայցի բուն նպատակը անձի համար բարենպաստ վարչական ակտի ընդունմանը հասնելն է: Հիմք ընդունելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 124-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումները, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ եթե վարչական դատարանը ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հաստատված է համարում հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը, վերջինս պետք է կայացնի հայցը բավարարելու վերաբերյալ գործն ըստ էության լուծող դատական ակտ` անվավեր ճանաչելով վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ որոշումը և պարտավորեցնելով վարչական մարմնին այդ վարչական ակտի ընդունմանը: Այլ կերպ` վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի իրավաչափությունը պարտավորեցման հայցի շրջանակներում չի քննվում վիճարկման հայցի քննության համար սահմանված կարգով, և ձեռք բերված ապացույցների շրջանակում և դատական ակտի կայացման պահին գործող օրենքների հիման վրա հայցվող բարենպաստ վարչական ակտի իրավաչափությունը հաստատվելն ինքնին հանգեցնում է վարչական մարմնի կողմից հայցվող վարչական ակտն ընդունելը մերժելու վերաբերյալ միջամտող վարչական ակտի անվավերության (տե՛ս, Կարեն Սարդարյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/6495/05/14 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.12.2016 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պարտավորեցման հայց ներկայացնելու համար օրենսդրի կողմից սահմանված պարտադիր պահանջը հանգում է նրան, որ դատարան դիմելու համար անհրաժեշտ է վեճի առկայություն, որը կարող է լինել այն դեպքում, երբ անձը համապատասխան պահանջով դիմել է վարչական մարմնին և վերջինս մերժել է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը: Ընդ որում, պարտավորեցման հայցը ներառում է նաև հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունումը մերժելու մասին միջամտող վարչական ակտի վիճարկման պահանջը (տե՛ս, «Էմբիդիզայն» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/2598/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 26.08.2022 թվականի որոշումը):
Նախկինում կայացրած որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե («ex officio») պարզելու դատավարական սկզբունքից ելնելով` դատարանը պարտավորեցման հայցի հիման վրա հարուցված վարչական գործով պարտավոր է ձեռնարկել համարժեք միջոցներ կոնկրետ գործի լուծման համար անհրաժեշտ այնպիսի փաստերի վերաբերյալ հնարավոր և հասանելի տեղեկություններ ձեռք բերելու համար, որպիսիք հնարավորություն կտան եզրահանգում անել պարտավորեցման հայց ներկայացնելու պարտադիր նախապայմանների առկայության մասին, ինչն իր հերթին հնարավոր կդարձնի նաև պարզել պարտավորեցման հայցի` պատշաճ հայցատեսակ հանդիսանալու հանգամանքը և անհրաժեշտության դեպքում` մատնանշման միջոցով ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնել հայցվորին: (տե՛ս, Մխիթար Խուրշուդյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/0324/05/23 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.10.2025 թվականի որոշումը):
Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը վերստին արձանագրում է, որ պարտավորեցման հայցի շրջանակում հայց ներկայացնելու իրավական նախադրյալը դատարան դիմող անձի կողմից բարենպաստ վարչական ակտ ընդունելու նպատակով վարչական մարմնին դիմում ներկայացված և այն մերժված լինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունն է: Վճռաբեկ դատարանը հարկ է համարում շեշտադրել, որ հայցվող բարենպաստ վարչական ակտի բովանդակությունը չի կարող սահմանափակել հայցվորի` պատասխանողին ուղղված պահանջը պարտավորեցման հայցի շրջանակում ձևակերպելու թույլատրելիությունը, ըստ այդմ` արձանագրել, որ պարտավորեցման հայցի շրջանակում դատարան դիմող անձը կարող է հայցել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը (այդ թվում` անբողոքարկելի չդարձած վարչական ակտում փոփոխություն կատարելու վերաբերյալ), որի ընդունումը մերժվել է վարչական մարմնի կողմից:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն գործի փաստերի համաձայն` դիմելով դատարան Կարեն Ավետիսյանը պահանջել է անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությունը, և պարտավորեցնել պատասխանողին ընդունել բարենպաստ վարչական ակտ, այն է` Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «***(3) հասցեի հարևանությամբ գտնվող 830.19 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:
________________
3) Հանդիսանում է անձնական տվյալ
Դատարանը 14.05.2025 թվականի որոշմամբ վերադարձրել է այն պատճառաբանությամբ, որ. «(...) Ձեր դատական պաշտպանության դիմելու նպատակը պայմանավորված է այն հանգամանքով, որ 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշմամբ հողամասի ուղղակի վաճառքի օտարման արժեքը սահմանվել է նշված որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հինգերորդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, այսինքն` Ձեր իրավունքներին անմիջական միջամտություն ունի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշմամբ նշված արժեքի սահմանումը, հետևաբար` Դուք կարող եք վիճարկել Երևանի քաղաքապետարանի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը` մասնակի` որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հինգերորդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքի կիրառման մասով, այն է` այդ որոշման չորրորդ կետի մասով: (...) Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով նախատեսված` մատնանշման պարտականության կատարման հիմքով, մատնանշում եմ հայցվորին, որ անհրաժեշտ է ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակով, այն է` հայցադիմումը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակով, որով կարող եք պահանջել մասնակի` 4-րդ կետի մասով անվավեր ճանաչել Երևանի քաղաքապետարանի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը` պահպանելով վիճարկման հայց ներկայացնելու կանոնները և ժամկետները:
Ամբողջ վերոգրյալի հիման վրա գտնում եմ, որ հայցադիմումը ենթակա է վերադարձման` ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու մատնանշման հիմքով»:
Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի որոշմամբ Կարեն Ավետիսյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը թողնվել է անփոփոխ` այն պատճառաբանությամբ, որ. «Սույն մասնավոր դեպքում ուսումնասիրության առարկա դարձնելով հայցադիմումը և կից ներկայացված նյութերը` Վերաքննիչ դատարանը նկատում է, որ հայցվորը, հետապնդելով նախկինում կայացված վարչական ակտի մեջ որոշակի փոփոխություն կատարելու իրավական նպատակ, որպես իրավական հիմք, 23.03.2025 թվականի իր բողոքում չի վկայակոչել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածը և չի խնդրել, օրինակ, վերսկսել վարչական վարույթը: Մինչդեռ, ինչպես նշվել է, վարույթը վերսկսելու ինստիտուտը կիրառելի է միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտերի առնչությամբ և այդ ինստիտուտի կիրառմամբ կարող է վերանայվել միայն բողոքարկման ոչ ենթակա վարչական ակտը: Տվյալ պարագայում, Վերաքննիչ դատարանը գտնում է, որ հայցվորի ու պատասխանողի միջև չի ծագել վեճ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի» մասին ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգերի գործարկման առումով:
Արդյունքում, հայցվորի պահանջը վերաբերում է Երևանի քաղաքապետարանին 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշման կատարման համար ոչ թե որոշման ընդունման պահին գործող տարածագնահատման հինգերորդ գոտու շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով, այլ մինչ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող արժեքով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն պարտավորեցնելուն, հիմնավոր է Դատարանի դիրքորոշումն այն մասին, որ սույն պարագայում հայցվորը, ելնելով տնօրինչականության սկզբունքից, կարող է քննության առարկա դարձնել, օրինակ, Երևանի քաղաքապետի 13.03.2025 թվականի թիվ 905-Ա որոշումը կամ դրա մի մասը վիճարկելու մասին պահանջը` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածով սահմանված վիճարկման հայցատեսակի շրջանակներում:
Նման պայմաններում Վերաքննիչ դատարանը հիմնավոր է համարում Դատարանի եզրահանգումն առ այն, հայցադիմումն ենթակա է վերադարձման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի ուժով»:
Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանը նկատում է, որ Երևանի քաղաքապետարանի անշարժ գույքի կառավարման վարչության պետի տեղակալի 17.04.2025 թվականի թիվ 20/49190-25 գրությամբ ըստ էության մերժվել է հայցվորի դիմումը բարենպաստ վարչական ակտ ընդունելու մասին, այն է` Երևանի քաղաքապետ Տ. Ավինյանի 13.03.2025 թվականի «***(4) հասցեի հարևանությամբ գտնվող 830.19 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու և օտարելու մասին» թիվ 905-Ա որոշման չորրորդ կետը փոփոխել և շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, այն ուղղակի վաճառքի միջոցով օտարել Կարեն Ավետիսյանին մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գործող կադաստրային արժեքով»:
________________
4) Հանդիսանում է անձնական տվյալ
Ընդ որում, հայցադիմումի ուսումնասիրությունից հետևում է, որ հայցվորը հետապնդում է ***(5) հասցեի հարևանությամբ գտնվող 830.19 քմ մակերեսով հողամասը ուղղակի վաճառքի միջոցով իրեն մինչև 31.12.2020 թվականին գործող կադաստրային արժեքով օտարելու վերաբերյալ բարենպաստ վարչական ակտ պատասխանողի կողմից ընդունելու նպատակ, որպիսի պահանջ ներկայացրել է նաև պատասխանողին 23.03.2025 թվականի իր դիմումով: Ուստի Վճռաբեկ դատարանն անհիմն է գնահատում Վերաքննիչ դատարանի դիտարկումն առ այն, որ հայցվորի ու պատասխանողի միջև չի ծագել վեճ` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածով նախատեսված կառուցակարգերի գործարկման առումով` նկատի ունենալով, որ հայցվորի և պատասխանողի միջև վեճն առկա է պատասխանողին բարենպաստ վարչական ակտ (անկախ դրա բովանդակությունից) ընդունելու դիմում ներկայացված լինելու և այն վերջինիս կողմից մերժված լինելու փաստի ուժով: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ առկա է պատասխանողին ուղղված պահանջը պարտավորեցման հայցի շրջանակում ձևակերպելու` սույն որոշմամբ արձանագրված իրավական նախադրյալը, այն է` բարենպաստ վարչական ակտ ընդունելու վերաբերյալ պատասխանողին դիմում ներկայացված և այն մերժված լինելու հանգամանքների միաժամանակյա առկայությունը: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ հայցվորը քննարկման առարկա վիճելի իրավահարաբերության շրջանակում կարող է գործնականում հասնել իր իրավունքների և շահերի դատական պաշտպանության ապահովմանը հենց պարտավորեցման հայցի շրջանակում:
________________
5) Հանդիսանում է անձնական տվյալ
Ամփոփելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Դատարանը եկել է սխալ եզրահանգման հայցվորի կողմից ներկայացված պահանջը ոչ ճիշտ հայցատեսակի շրջանակում ձևակերպված լինելու վերաբերյալ, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:
Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը վերացնելու և նոր դատական ակտ կայացնելու, այն է` Դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 153-րդ, 169-րդ և 171-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 27.06.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը մերժելու մասին» որոշումը և կայացնել նոր դատական ակտ. վերացնել ՀՀ վարչական դատարանի 14.05.2025 թվականի «Հայցադիմումը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:
Նախագահող` Հ. Բեդևյան
Զեկուցող` Ք. Մկոյան
Ա. Թովմասյան
Լ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases-intermediate/3129