Սեղմել Esc փակելու համար:
«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈ ...

 

 

010.0083.140714

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի հունիսի 21-ին

 

«ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀՈԴՎԱԾ 1. «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-1.8-րդ կետերով.

«1.1) ուսուցում` կրթական ծրագրով իրականացվող գործընթաց, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն նպատակաուղղված է անձի ուսումնառության կազմակերպմանը, իրականացմանը կամ դրա օժանդակմանը.

1.2) հարատև կրթություն` անձի ամբողջ կյանքի ընթացքում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության մասնակցության միջոցով ձեռք բերած ուսումնառության արդյունքներ, որոնցով անհատը ձևավորում կամ կատարելագործում է իր գիտելիքները, հմտությունները, կարողությունները և արժեքային համակարգը.

1.3) ֆորմալ կրթություն` հանրակրթական և մասնագիտական կրթական հիմնական ծրագրերի որոշակի մակարդակ կամ ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կողմից և հանգեցնում տվյալ մակարդակի որակավորման աստիճանի շնորհման և դիպլոմավորման.

1.4) ոչ ֆորմալ կրթություն (ուսուցում)` կրթության լրացուցիչ ուսուցման ծրագիր կամ ծրագրերի ամբողջություն, որն իրականացվում է համապատասխան ուսումնական հաստատության (հաստատությունների) կամ այդ գործառույթն իրականացնելու իրավասությունն ունեցող կազմակերպության և (կամ) ծառայության միջոցով, սակայն չի հանգեցնում որակավորման աստիճանի շնորհման և ուսումնառության արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի.

1.5) ինֆորմալ կրթություն` անձի առօրյա և ընտանեկան կյանքի, հանգստի, ժամանցի, աշխատանքային գործունեության և այլ տարբեր գործողությունների արդյունքում ձեռք բերված ուսումնառության արդյունքներ, որոնք, որպես կանոն, կանխամտածված չեն անձի կողմից որպես նպատակային ուսումնառություն, կազմակերպված և համակարգված չեն ժամանակի կամ ռեսուրսների առումով, չեն հանգեցնում արդյունքների պաշտոնական ճանաչման, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերի.

1.6) լրացուցիչ կրթություն (ուսուցում)` լրացուցիչ կրթական ծրագրով իրականացվող ոչ ֆորմալ ուսումնառություն, որի առավելագույն տևողությունը կարող է լինել մինչև հինգ ամիս.

1.7) ունկնդիր` լրացուցիչ կրթական ծրագրում ընդգրկված և ուսումնառող անձ.

1.8) սոցիալական գործընկեր` մասնագիտական կրթության և ուսուցման համակարգին աջակցող, համագործակցող և համակարգի զարգացման գործում շահագրգիռ կազմակերպություն կամ կազմակերպությունների միավորում, մասնավորապես գործատուների, արհեստակցական և հասարակական այլ միավորումներ, կրթական և ուսումնական ծրագրեր իրականացնող ցանկացած կազմակերպություն, պետական և համայնքային մարմիններ.».

2) 15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«15) ուսումնական կենտրոն` կազմակերպություն (այդ թվում` ուսումնական հաստատություն), որն իրականացնում է լրացուցիչ կրթական ծրագիր (ծրագրեր).».

3) 25-րդ կետի «երկուսից» բառը փոխարինել «մեկից» բառով:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 6-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.

«2.1. Պետությունը, համագործակցելով սոցիալական գործընկերների հետ, ապահովում է մասնագիտական կրթության և ուսուցման համակարգի զարգացումը` աշխատաշուկայի կարիքներին համապատասխան, ինչպես նաև երաշխավորում ֆորմալ, ոչ ֆորմալ և ինֆորմալ կրթության համակարգի համաչափ գործարկումն ու արդյունքների ճանաչումը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Լրացուցիչ կրթական ծրագրերը նպատակաուղղված են նախընթաց կրթության և ուսուցման արդյունքում կամ դրան զուգահեռ ձեռք բերված գիտելիքները, կարողությունները և (կամ) հմտությունները լրացնելուն, կատարելագործելուն և արդիականացնելուն:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսանողների հրամանագրումն ավարտվում է տվյալ ուսումնական տարվա պարապմունքներն սկսվելուց հետո` մեկամսյա ժամկետում:»:

 

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 26-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 26. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Լրացուցիչ կրթական ծրագրերն իրականացվում են անձի ամբողջ կյանքի ընթացքում մասնագիտական և անձնական կրթական պահանջմունքները բավարարելու նպատակով և համարվում են ոչ ֆորմալ ուսուցում ապահովելու միջոց:

2. Լրացուցիչ կրթական ծրագրերի խնդիրն է կատարելագործել, արդիականացնել և լրացնել մինչ այդ ձեռք բերված (նախընթաց) գիտելիքները, կարողությունները, հմտությունները և արժեքները:

3. Լրացուցիչ կրթական ծրագրերը կազմակերպվում են վերապատրաստումների, խմբային և անհատական մասնագիտական ուսուցման և կարճաժամկետ ուսուցման դասընթացների միջոցով, որոնց ուսումնառության արդյունքները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով գնահատվել և ճանաչվել:

4. Լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը, ինչպես նաև ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերով շնորհված միասնական նմուշի փաստաթուղթը (վկայականը և ներդիրը) կարող է գործատուի կողմից ընդունվել որպես մասնագիտական գործունեության կամ որոշակի զբաղմունքի համար անհրաժեշտ պարտադիր նախապայման:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին և 6.2-րդ կետերով.

«6.1) սահմանում է լրացուցիչ կրթական ծրագրերի կազմակերպման և իրականացման կարգը.

6.2) սահմանում է ոչ ֆորմալ և ինֆորմալ ուսուցման արդյունքների գնահատման և ճանաչման կարգը.»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

14 հուլիսի 2014 թվականի

ՀՕ-83-Ն

 

 

pin
ՀՀ 21.06.2014
N ՀՕ-83-Ն օրենք