ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
24 հուլիսի 2018 թվականի թիվ 5-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման հավելվածի 20-րդ կետի 8-րդ ենթակետի.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում արձակուրդների ձևակերպման և տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ոստիկանության տնտեսական վարչության պետին` Հայաստանի Հանրապետության ոստիկանության կադրային քաղաքականության վարչության կողմից ներկայացված հայտին համապատասխան ապահովել արձակուրդների հաշվառման մատյանի տպագրությունը:
3. Հրամանը ծանոթացնել Հայաստանի Հանրապետության ոստիկանության անձնակազմին:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ
2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-ԻՆ
Հավելված
ՀՀ ոստիկանության պետի
2018 թ. հուլիսի 24-ի
թիվ 5-Լ հրամանի
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՁԵՎԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում (այսուհետ Ոստիկանություն) արձակուրդների ձևակերպման և տրամադրման ընթացակարգը:
2. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են հետևյալ արձակուրդները.
1) ամենամյա,
2) լրացուցիչ,
3) կարճատև,
4) ուսումնական,
5) հղիության և ծննդաբերության,
6) երեխայի խնամքի:
3. Ամենամյա արձակուրդ տրամադրվում է.
1) Ոստիկանության պետի թույլտվությամբ` ոստիկանության պետի տեղակալներին, տվյալ ծառայության գործունեության ընդհանուր համակարգումն իրականացնող Ոստիկանության պետի տեղակալի միջոցով` Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին, Ոստիկանության պետի խորհրդականներին, Ոստիկանության պետի օգնականներին, Ոստիկանության պետի տեղակալների օգնականներին, որը ձևակերպվում է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում,
2) Ոստիկանության պետի թույլտվությամբ` Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչությունների պետերի միջոցով` համապատասխանաբար Ոստիկանության Երևան քաղաքի և մարզային վարչություններին ենթակա տարածքային բաժինների պետերին, որը ձևակերպվում է վերը նշված վարչությունների կադրային ծառայությունում,
3) Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ` գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների) պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կադրային ծառայությունում, իսկ կադրային ծառայության բացակայության դեպքում` Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում,
4) Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի թույլտվությամբ` Ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում,
5) գործուղման վայրի ստորաբաժանման ղեկավարի թույլտվությամբ` Ոստիկանության կադրերի գործող ռեզերվում գտնվող ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կադրային ծառայությունում, իսկ կադրային ծառայության բացակայության դեպքում` Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում,
(3-րդ կետը փոփ. 15.02.2020 թիվ 9-Լ հրաման)
4. Ամենամյա արձակուրդը տրամադրվում է արձակուրդի թույլտվության իրավասություն ունեցող ղեկավարի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն, որը կազմվում է հաշվի առնելով ծառայության շահերը, ստորաբաժանման առանձնահատկությունները, ծառայողների ցանկությունը:
5. Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, Ոստիկանության պետի խորհրդականների, Ոստիկանության պետի օգնականի, Ոստիկանության պետի տեղակալների օգնականների ամենամյա արձակուրդի ժամանակացույցը կազմվում է ՀՀ ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչությունում, որը հաստատում է Ոստիկանության պետը:
(5-րդ կետը փոփ. 15.02.2020 թիվ 9-Լ հրաման)
6. Կադրային ծառայություն ունեցող Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների) պաշտոններ զբաղեցնող ծառայողների ամենամյա արձակուրդի ժամանակացույցը կազմվում է Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կադրային ծառայությունում, որը հաստատում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
7. Կադրային ծառայություն չունեցող Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների) պաշտոններ զբաղեցնող ծառայողների ամենամյա արձակուրդի ժամանակացույցը կազմվում է Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կադրային աշխատանքների իրականացման համար պատասխանատու անձի կողմից, որը հաստատում է համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը:
8. Ամենամյա արձակուրդի ժամանակացույցը հաստատվում է մինչև նախորդ տարվա դեկտեմբերի 25-ը:
9. Կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը պատասխանատու է հաստատված ժամանակացույցին համապատասխան ոստիկանության ծառայողին տվյալ տարվա հասանելիք արձակուրդը տրամադրելու համար:
10. Ամենամյա արձակուրդ տրամադրելու համար Ոստիկանության ծառայողը ժամանակացույցով նախատեսված ժամկետում վերադասության կարգով զեկուցագրով դիմում է արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող ղեկավարին: Զեկուցագրում ծառայողը նշում է երբ և որտեղ է անցկացնելու ամենամյա արձակուրդը:
11. Ամենամյա արձակուրդի ձևակերպման համար Ոստիկանության ծառայողը զեկուցագրի հետ ներկայացնում է հաշվեցուցակային զենքը հանձնելու մասին տեղեկանք:
11.1 Ամենամյա արձակուրդի տրամադրումը, այն թույլատրելու իրավասություն ունեցող ղեկավարի կողմից, հաշվի առնելով ծառայողական անհրաժեշտությունը, կարող է հետաձգվել, եթե ոստիկանության ծառայողը մեղադրվում է կարգապահական խախտում կատարելու մեջ և նրա նկատմամբ կատարվում է ծառայողական քննություն:
Ծառայողական քննությունը ավարտվելու կամ դրա ընթացքը կասեցվելու դեպքում` նշված սահմանափակումը վերանում է:
(11.1-ին կետը լրաց. 06.12.2019 թիվ 27-Լ հրաման)
12. Արձակուրդի ձևակերպման համար կադրային ծառայողի կողմից լրացվում է արձակուրդային վկայականի ձևաթուղթը (համաձայն ձև 1-ի):
13. Ձևաթղթի առաջին մասը մնում է կադրային ծառայությունում, երկրորդ մասը կադրային ծառայության կողմից ուղարկվում է համապատասխան ֆինանսական ծառայություն, իսկ երրորդ մասը («Արձակուրդային վկայական») տրվում է ծառայողին:
14. Անհրաժեշտության դեպքում զեկուցագրում և արձակուրդի վկայականում նշվում է նաև ծառայողին ուղեկցող ընտանիքի անդամների թիվը, անունը, ազգանունը և նրանց ծննդյան տարեթվերը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 9-ի թիվ 898-Ն որոշմամբ սահմանված կարգով արձակուրդի վայր մեկնելու և վերադառնալու հետ կապված տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ստանալու համար: Արձակուրդային վկայականի հակառակ կողմում ծառայողի արձակուրդ անցկացնելու վայրի Ոստիկանության տարածքային ստորաբաժանման ղեկավարի կողմից կատարվում են նշումներ` ուղեկցող ընտանիքի անդամների թվի, արձակուրդի անցկացման վայր ժամանելու ու մեկնելու մասին, և կնիքվում ստորաբաժանման կնիքով:
(14-րդ կետը փոփ. 15.02.2020 թիվ 9-Լ հրաման)
15. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, Ոստիկանության պետի գրավոր համաձայնության հիման վրա, արձակուրդի թույլտվություն տված ստորաբաժանման ղեկավարի հրամանով, որում նշվում է հետ կանչի օրը, ամիսը և չօգտագործված արձակուրդի օրերի թիվը:
16. Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին:
17. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:
18. Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով, յուրաքանչյուրը` 15 օր տևողությամբ:
19. Ոստիկանության ծառայողին ամենամյա արձակուրդի հետ միասին տրվում է լրացուցիչ արձակուրդ`
1) 15-ից մինչև 25 տարի օրացուցային հաշվարկով ծառայողներին` 10 օր,
2) 25 և ավելի տարի օրացուցային հաշվարկով ծառայողներին` 15 օր:
20. Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում լրացուցիչ արձակուրդի օրերն ավելացվում են մասերից որևէ մեկին:
21. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով առողջապահական հաստատության կողմից տրված համապատասխան տեղեկանքը:
22. Հիվանդության մասին ծառայողը տեղեկացնում է իր անմիջական ղեկավարին:
23. Ընտանեկան հանգամանքներով և այլ հարգելի պատճառներով Ոստիկանության ծառայողին կարող է տրվել կարճատև արձակուրդ` մինչև 10 օր տևողությամբ, որը չի հաշվարկվում ամենամյա արձակուրդում:
24. Կարճատև արձակուրդ տրամադրվում է ամենամյա արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող ղեկավարի կողմից: Զեկուցագրում նշվում է արձակուրդ մեկնելու հիմնավոր փաստարկը, երբ և որտեղ է անցկացնելու այն:
25. Կարճատև արձակուրդի ձևակերպման համար Ոստիկանության ծառայողը զեկուցագրի հետ ներկայացնում է հաշվեցուցակային զենքը հանձնելու մասին տեղեկանք:
26. Ամենամյա և կարճատև արձակուրդները հաշվառվում են արձակուրդ ձևակերպող կադրային ծառայությունում` «Կադրեր» ինֆորմացիոն համակարգում և «Արձակուրդների հաշվառման մատյան»-ում (ձև 2-ի):
27. Միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության քննություններին (ստուգումներին) նախապատրաստվելու համար Ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` յուրաքանչյուր քննության համար երեք աշխատանքային օր:
28. Ընդունելության քննություններից (ստուգումներից) անբավարար գնահատված և ընդունելության հետագա մրցույթից դուրս մնացած ծառայողի ուսումնական արձակուրդի ժամկետը համարվում է ավարտված և ծառայողը հաջորդ աշխատանքային օրը ներկայանում է ծառայության:
29. Ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ձևով սովորող Ոստիկանության ծառայողներին տրամադրվում է ուսումնական արձակուրդ` ուսումնաքննական ժամկետներին համապատասխան:
30. Ոստիկանության ծառայողին ուսումնական արձակուրդը տրամադրվում է.
1) Ոստիկանության պետի հրամանով` Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներին և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում Ոստիկանության միջոցների հաշվին սովորող Ոստիկանության ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում,
2) կադրային ծառայություն ունեցող Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների հրամանով` գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների) պաշտոններ զբաղեցնող ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության համապատասխան կառուցվածքային ստորաբաժանման կադրային ծառայությունում,
3) Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետի հրամանով` կադրային ծառայություն չունեցող Ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի (բացառությամբ սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված պաշտոնների) պաշտոններ զբաղեցնող ծառայողներին և օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում իրենց ֆինանսական միջոցների հաշվին սովորող Ոստիկանության ծառայողներին, որը ձևակերպվում է Ոստիկանության կադրային քաղաքականության վարչությունում:
31. Ուսումնական արձակուրդ տրամադրելու համար ուսումնաքննական հավաքը սկսելուց 10 օր առաջ սովորողի վերաբերյալ տեղեկանք-կանչը ուսումնական հաստատության կողմից ուղարկվում է նրա ծառայության ստորաբաժանում, որի ղեկավարը 3-օրյա ժամկետում տեղեկանք-կանչը համապատասխան միջնորդությամբ ուղարկում է ուսումնական արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող ստորաբաժանման ղեկավարին, իսկ 30-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում` Ոստիկանության կադրային քաղաքականության վարչություն:
32. Ոստիկանության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններն ավարտած շրջանավարտներին տրամադրվում է արձակուրդ ամփոփիչ պետական ատեստավորումից հետո` 30 օր տևողությամբ, որը հաշվարկվում է ընթացիկ տարվա ամենամյա արձակուրդի մեջ:
33. Ոստիկանության կին ծառայողի կողմից վերադասության կարգով ներկայացված զեկուցագրի հիման վրա նրան տրամադրվում է նաև հղիության և ծննդաբերության արձակուրդ` ամենամյա արձակուրդ տրամադրելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից և ձևակերպվում է սույն կարգի 3-րդ կետի համապատասխան ենթակետով սահմանված ստորաբաժանումում: Զեկուցագրի հետ ներկայացվում է առողջապահական հաստատության կողմից տրված փաստաթուղթ` հաստատված Ոստիկանության բժշկական վարչության կողմից (անաշխատունակության թերթիկ):
34. Ոստիկանության ծառայողի կողմից վերադասության կարգով ներկայացված զեկուցագրի հիման վրա նրան տրամադրվում է նաև երեխայի խնամքի արձակուրդ` սույն կարգի 33-րդ կետով սահմանված ընթացակարգով: Զեկուցագրի հետ ներկայացվում է երեխայի ծննդյան վկայականի պատճենը:
35. Հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդի ավարտից 20 օր առաջ ծառայողի կողմից վերադասության կարգով ներկայացված զեկուցագրի հիման վրա հղիության և ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդ տրամադրելու իրավունք ունեցող ղեկավարի կողմից արձակվում է հրաման` ծառայողի ծառայողական պարտականություններին անցնելու մասին:
36. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում Ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի հղիության և ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:
37. Արձակուրդը, հանգստյան և ոչ աշխատանքային հանդիսացող տոն ու հիշատակի օրերը Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս անցկացնելու դեպքում մեկնող անձի կողմից անմիջական ղեկավարին տրամադրվում են հասանելիության տվյալներ (հեռախոսահամար, էլ. հասցե և այլն), իսկ կադրերի ռեզերվում գտնվող ծառայողները նշված տվյալները տրամադրում են Ոստիկանության կադրային քաղաքականության վարչության իրավասու ծառայողին:
(37-րդ կետը փոփ. 15.02.2020 թիվ 9-Լ հրաման)
38. Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները պարտավոր են վերահսկել ենթակաների արձակուրդից ժամանակին վերադառնալու գործընթացը: Ժամանակին ծառայության չներկայանալու փաստը հիմք է ծառայողական քննություն նշանակելու համար:
39. Արձակուրդների ընթացքում միջադեպ տեղի ունենալու դեպքում Ոստիկանության ծառայողն անմիջապես, անմիջական պետի միջոցով, արձակուրդ տրամադրած ղեկավարին ներկայացնում է զեկուցագիր միջադեպի մասին, իսկ արձակուրդը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս անցկացնելու դեպքում` զեկուցագիրը ներկայացվում է Հայաստանի Հանրապետություն վերադառնալուց հետո:
40. Սույն կարգի դրույթները արձակուրդ ձևակերպելու և տրամադրելու մասով տարածվում են նաև Ոստիկանության զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա:
41. Ոստիկանության զինծառայողների, քաղաքացիական ծառայողների, հայեցողական պաշտոններ զբաղեցնողների, քաղաքացիական աշխատանք կատարողների և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց արձակուրդի տեսակների և տևողության հետ կապված առանձնահատկությունները սահմանվում են այլ օրենքներով:
(41-րդ կետը փոփ. 15.02.2020 թիվ 9-Լ հրաման)
Ձև 1
| |
ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ |ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ|ԱՐՁԱԿՈՒՐԴԱՅԻՆ
ՎԿԱՅԱԿԱՆԻ ԿՏՐՈՆ |ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ |ՎԿԱՅԱԿԱՆ
| |
Թիվ _________ | Թիվ___________ |____________________
__________________________|_______________________| կոչումը
կոչումը | կոչումը |
__________________________|_______________________|____________________
ազգանուն, անուն, հայրանուն| ազգանուն, անուն, | ազգանուն
| հայրանուն |____________________
__________________________|_______________________|____________________
պաշտոնը | | անուն, հայրանուն
| |
| |որ նրան տրամադրվել է
տրամադրվում է արձակուրդ |տրամադրվում է արձակուրդ|արձակուրդ
________________________ |_______________________|_____________________
ամենամյա, ուսումնական, |ամենամյա, ուսումնական, |ամենամյա, ուսումնական,
կարճատև, չօգտագործված |կարճատև, չօգտագործված |կարճատև, չօգտագործված
(նշել) |(նշել) |(նշել)
| |
«_____ 20 թ-ից |«_____ 20 թ-ից |» «20 թ-ից
«_____ 20 թ-ը ներառյալ |«_____ 20 թ-ը ներառյալ|» «20 թ-ը ներառյալ
| |
_________________________ |Ստորաբաժանման պետ, |______________________
անցկացման վայրը |կոչում | անցկացման վայրը
| |______________________
Կադրային ծառայող ________ |______________ Անուն, |
_________________________ |ստորագրություն Ազգանուն|_____________________
| |ուղեկցող ընտանիքի
«_____ 20 թ. |«_____ 20 թ. | անգամները
| |
| |Ուժի մեջ է վկայականի
| |կամ անձնագրի
| |ներկայացման դեպքում
| |
| |Ստորաբաժանման պետ,
| |կոչում
| |
| |______________ Անուն,
| |ստորագրություն Ազգանուն
| |
| |«_____ 20 թ.
| |
Ձև 2
ՄԱՏՅԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ
Սկսված է «___»_____________ 20 ___թ.
Ավարտված է «___»_____________ 20 ___թ.
էջերի քանակը ________________________
Պահպանման ժամկետը 5 տարի
Հիմք` հրաման 55-ԱԳ, 2007թ. հոդված 327
._____________________________________________________________________.
|N |Կոչում |Ազգանուն, անուն,|Ստորաբաժանում|Երբվանից|Ելք |Ձևակերպված |
| | |հայրանուն | | | |ամսաթիվը |
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
|__|_______|________________|_____________|________|____|_____________|
._____________________________________________________________________.
@x