Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐԴՅՈ՞Ք ՀՈՂԱՄԱՍԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՁԵՌՔ ԲԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

    ՀՀ վերաքննիչ վարչական                       Վարչական գործ

    դատարանի որոշում                            թիվ ՎԴ/6474/05/22

    Վարչական գործ թիվ ՎԴ/6474/05/22             2026 թ.

    Նախագահող դատավոր` Գ. Սոսյան

  Դատավորներ`        Կ. Գևորգյան

                                     Ա. Առաքելյան

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը

(այսուհետ` Վճռաբեկ դատարան) հետևյալ կազմով`

 

նախագահող` Հ. Բեդևյան

զեկուցող` Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

2026 թվականի հունվարի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով Երևանի քաղաքապետարանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.05.2025 թվականի որոշման դեմ` վարչական գործով ըստ հայցի Տիգրան Կոտոլիկյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` բարենպաստ վարչական ակտ` ***(1) հասցեի հարևանությամբ գտնվող 1607 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում, տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին,

 

______________________

1) Հանդիսանում է անձնական տվյալ

 

ՊԱՐԶԵՑ

 

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան` Տիգրան Կոտոլիկյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել ***(2) հասցեի հարևանությամբ գտնվող 1607 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում:

 

______________________

2) Հանդիսանում է անձնական տվյալ

 

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ռ. Ազրոյան) (այսուհետ` Դատարան) 29.09.2023 թվականի վճռով հայցը մերժվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 02.05.2025 թվականի որոշմամբ Տիգրան Կոտոլիկյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 29.09.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանվել է, և գործն ուղարկվել է ՀՀ վարչական դատարան` նույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Երևանի քաղաքապետարանը (ներկայացուցիչ` Լաուրա Հարությունյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

i

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասը, 5-րդ, 25-րդ, 27-րդ, 67-րդ, 124-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի 1-ին մասը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը նախևառաջ պետք է պարզեր այն իրավաբանական փաստերի շրջանակը, որոնք էական նշանակություն ունեն սույն վարչական գործի լուծման համար և ենթակա էին պարզման գործի քննության ընթացքում, քանի որ իրավաբանական նշանակություն ունեցող հենց այդ փաստերի համակցությունն էլ կկազմեր տվյալ գործով ներկայացված հայցի պահանջի ապացուցման առարկան:

Բացի այդ, գործի փաստերի իրավաբանական նշանակություն ունենալու հարցը լուծելիս` Վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվեր տվյալ իրավահարաբերությունը կարգավորող նյութական իրավունքի նորմերով, որոնցով սահմանված են տվյալ իրավահարաբերությունն ու կողմերի իրավունքներն ու պարտականությունները պայմանավորող պարտադիր պայմանները և նախադրյալները:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն փաստը, որ տվյալ պարագայում հայցվորի պահանջը վերաբերում է ոչ թե հողամասի տրամադրմանը, որի կարգավորումը սահմանված է ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով, այլ` սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի ճանաչմանը:

Վերաքննիչ դատարանը չի իրականացրել գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, դրանք չի հետազոտել բոլոր ապացույցների հետ համադրման միջոցով, ճիշտ չի գնահատել դրանք, որն էլ հանգեցրել է գործի ելքի սխալ լուծմանը:

Այսպիսով սույն գործով առկա է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ իրավունքի զարգացման խնդիր: Մասնավորապես` անհրաժեշտ է անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, թե արդյո՞ք սեփականության իրավունքով հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքի տրամադրման վերաբերյալ դիմումով դիմողն ակնկալում է հողամասի տրամադրում, թե` որոշակի իրավունքի ճանաչում, և արդյո՞ք նշված պահանջը ենթակա է դատարանում քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված հայցատեսակի շրջանակներում:

 

Վերոգրյալի հիման վրա` բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 02.05.2025 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 29.09.2023 թվականի վճռին:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Երևանի քաղաքապետին ուղղված 30.12.2020 թվականի թիվ 4/ԵՔ-477-20 դիմումով Տիգրան Կոտոլիկյանի ներկայացուցիչը խնդրել է հարուցել վարչական վարույթ և Տիգրան Կոտոլիկյանին տրամադրել բարենպաստ վարչական ակտ` 1. ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Տիգրան Կոտոլիկյանի ***(3) հասցեի հարևանությամբ գտնվող 1.607 քմ մակերեսով հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրելու մասին որոշում: 2. ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան սեփականության իրավունքով ***(4) հասցեի հարևանությամբ գտնվող 1.607 քմ մակերեսով հողամասը ձեռք բերելու Տիգրան Կոտոլիկյանի նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում (հատոր 1-ին, գ.թ. 45-48).

 

______________________

3) Հանդիսանում է անձնական տվյալ

4) Հանդիսանում է անձնական տվյալ

 

2) Երևանի քաղաքապետին ուղղված 07.09.2022 թվականի թիվ 5/ԵՔ-417-22 դիմումով Տիգրան Կոտոլիկյանի ներկայացուցիչը խնդրել է Տիգրան Կոտոլիկյանին տրամադրել նշված հողամասը նախապատվության իրավունքով տրամադրելու վերաբերյալ օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը (հատոր 1-ին, գ.թ. 88-89).

3) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի պաշտոնակատար, վարչության պետի տեղակալ Դ. Դալլաքյանի 16.09.2022 թվականի թիվ 18/90656-22 գրությամբ Տիգրան Կոտոլիկյանի վերը նշված դիմումի վերաբերյալ հայտնվել է, որ վերջինիս դիմումին 01.02.2021 թվականի թիվ 18-06/2-1855 գրությամբ արդեն վարչության կողմից տրվել է պատասխան (հատոր 1-ին, գ.թ. 86):

 

4. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, նույն հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի իմաստով, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

Սույն գործով վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը կարևորում է հետևյալ իրավական հարցադրումը.

 

- արդյո՞ք հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նկատմամբ կարող է կիրառելի լինել ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը և այդ դիմումի առնչությամբ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելը համարվել դիմումի մերժում:

 

Վերոգրյալով պայմանավորված Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ նաև այն իրավական հարցադրմանը, թե գործողության կատարման հայցատեսակի շրջանակում անձն արդյո՞ք կարող է պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ վարչական մարմնի անգործությունը դրսևորվել է ոչ թե հողամաս տրամադրելու դիմումի առնչությամբ, այլ` հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի առնչությամբ:

 

ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, ինչպես նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածը սահմանում են անձի դատական պաշտպանության իրավունքը և դրա արդյունավետության ապահովման երաշխիքներն ու չափորոշիչները: Վերջիններս իրենց ամբողջության մեջ կոչված են ապահովելու անձի խախտված իրավունքների լիարժեք ու ամբողջական վերականգնումը կամ կանխարգելելու իրավունքների ենթադրյալ խախտումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ վարչական արդարադատության ոլորտում դատական պաշտպանության իրավունքի իրացման անհրաժեշտ առաջնային նախապայմանն անձի և հանրային իշխանական լիազորություններով օժտված մարմինների միջև վեճի առկայությունն է: Յուրաքանչյուր վեճի առանցքում շահագրգիռ անձի այն կոնկրետ սուբյեկտիվ իրավունքն է, որը վերականգնելու կամ որի խախտումը կանխարգելելու նպատակով հայց է հարուցվել դատարանում: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 66-69-րդ հոդվածներով նախատեսված հայցատեսակների ճիշտ ընտրությունը կարևոր նախապայման է իրավունքի առավել արդյունավետ վերականգնումն ապահովելու համար: Ընդ որում, ճիշտ հայցատեսակի ընտրության գործընթացում ակտիվ դերակատարություն է վերապահված ՀՀ վարչական դատարանին` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված` գործի հանգամանքներն ի պաշտոնե պարզելու սկզբունքին համապատասխան ճիշտ հայցատեսակը մատնանշելու պարտականության կատարման միջոցով (տե՛ս, «ՌԻՈ» ՓԲԸ-ն ընդդեմ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի, թիվ ՎԴ/2102/05/20 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.09.2023 թվականի որոշումը):

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի (այսուհետ նաև` Օրենսգիրք) 68-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` գործողության կատարման հայցով հայցվորը կարող է պահանջել նաև օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը նույն օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «ա», «դ» և «ե» կետերի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը, բացառությամբ նույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական ակտը չի կարող ընդունված համարվել, եթե դա նույն օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն առ ոչինչ է:

Նախկինում կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված նորմը համակարգային փոխկապակցության մեջ է գտնվում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի հետ, որն ամրագրում է իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը: Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի նորմերն իրենց համակարգային փոխկապակցության մեջ կոչված են ապահովելու վարչական մարմնից բարենպաստ վարչական ակտ հայցող անձանց իրավունքների արդյունավետ իրավական պաշտպանությունն ընդդեմ վարչական մարմնի անգործության:

i

Այսպիսով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածն ամրագրել է վարչական մարմնի «պոզիտիվ լռության» դոկտրինը, ըստ որի` այն դեպքում, երբ վարչական մարմինն օրենքով սահմանված կարգով և ժամկետում անձի դիմումի վերաբերյալ որոշում չի կայացնում, ապա հայցվող բարենպաստ վարչական ակտը de jure համարվում է ընդունված: Այլ կերպ` օրենքով սահմանված ժամկետում վարչական մարմնի դիրքորոշման բացակայության դեպքում կատարվում է ենթադրություն հայցվող վարչական ակտի ընդունման վերաբերյալ, այսինքն` գործում է հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելու կանխավարկածը: Բացառություն է հանդիսանում այն դեպքը, երբ տվյալ վարչական ակտն առ ոչինչ է` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով, այն է` ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք (տե՛ս, Հայկ Մաշուրյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության, թիվ ՎԴ/5430/05/18 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.12.2023 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված է վարչարարության ընթացքում իրավաբանական ֆիկցիայի կիրառման ինստիտուտը: Այս ինստիտուտի նպատակը վարչարարության արդյունավետության, վարչական մարմինների կողմից իրենց առնչվող գործերի ողջամիտ ժամկետում քննության ապահովումն է: Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ իրավաբանական ֆիկցիայի նշված կարգավորումը համընդհանուր բնույթ չունի և կարող է սահմանափակվել ոլորտային հատուկ օրենքներով:

Այսպես. «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները սահմանվում են օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ, անդրադառնալով առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկություններին, նշել է, որ վարչարարության հիմունքների, վարչական ակտեր ընդունելու, վարչական ակտերը, վարչական մարմինների գործողությունները և անգործությունը բողոքարկելու, վարչական ակտի կատարման, վարչական ծախսերի, ինչպես նաև վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և անձանց միջև ծագած հարաբերություններն օրենսդիրը կարգավորել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով: Միաժամանակ օրենսդիրը նախատեսել է նաև, որ առանձին տեսակի վարչական վարույթների առանձնահատկությունները կարող են սահմանվել օրենքներով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով: Այլ խոսքով, օրենսդիրը չի բացառում վարչական վարույթների առանձին տեսակների նկատմամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի կիրառումը, սակայն դրա համար անհրաժեշտ է, որ այդ հարաբերությունները կարգավորված չլինեն հատուկ օրենքներով կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

i

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ բոլոր այն դեպքերում, երբ օրենսդիրը վարչական վարույթին վերաբերող հատուկ օրենքներում նախատեսել է հատուկ կարգավորումներ, ապա իրավասու վարչական մարմինները պարտավոր են կիրառել հատուկ օրենքը (տե՛ս, «Եվրոթերմ ՓԲԸ»-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/1567/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ հողային օրենսգրքի 1-ին հոդվածի 1-4-րդ մասերի համաձայն` հողային օրենսդրությունը ներառում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթները, նույն օրենսգիրքը և դրան համապատասխան ընդունված հողային հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքները (...) նույն օրենսգրքով և հողային հարաբերությունները կարգավորող այլ օրենքներով նախատեսված դեպքերում և շրջանակներում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները կարող են ընդունել հողային հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտեր (...) նույն օրենսգրքով նախատեսված հողային հարաբերությունները կարգավորող օրենքները և այլ նորմատիվ իրավական ակտերը պետք է համապատասխանեն նույն օրենսգրքին (...) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքը (...) հողերին վերաբերող մասով հողային հարաբերությունների նկատմամբ կիրառվում է նույն օրենսգրքի դրույթների հաշվառմամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1-ին հոդվածի 4-րդ կետի համաձայն` (...) բնական պաշարների օգտագործման ու շրջակա միջավայրի պահպանության հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով, եթե այլ բան նախատեսված չէ (...) հողային, բնապահպան և այլ հատուկ օրենսդրությամբ:

ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ, ի թիվս այլնի, հողամասերի սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրման, հողի նկատմամբ իրավունքների պաշտպանության իրավական հիմքերը սահմանող և առաջնային կիրառման ենթակա հատուկ օրենք է համարվում ՀՀ հողային օրենսգիրքը, որի 58-րդ հոդվածի 4-րդ մասով օրենսդիրը հստակ սահմանել է, որ հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումը համարվում է դիմումի մերժում: Ընդ որում, նշված իրավանորմն ուղղակիորեն վերաբերում է այն վարչարարությանը, որի առարկան հողամասը տրամադրելու պահանջն է:

Հետևաբար, թեև «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը կարող է կիրառվել վարչարարության տարբեր ոլորտներում, այնուամենայնիվ` հողային իրավահարաբերությունների դեպքում կիրառելի է ՀՀ հողային օրենսգրքի հատուկ նորմը, որը հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտման պարագայում նախատեսում է այլ հետևանք, քան որոշակի պահանջների բավարարված լինելու դեպքում դիմումի ինքնըստինքյան (օրենքի ուժով) բավարարված լինելն է:

i

Ինչ վերաբերում է ՀՀ հողային օրենսգրքի իմաստով «հողամասի տրամադրում» հասկացության բովանդակությանը, ապա ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պետության և համայնքների սեփականության հողամասերը տրամադրվում են սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով (տե՛ս, Վոլոդյա Դավթյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11705/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2025 թվականի որոշումը):

ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` քաղաքացիները և իրավաբանական անձինք, որոնք ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրենց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտվում են պետության կամ համայնքի հողերից, ունեն այդ հողերից սեփականության իրավունքով հողամասեր ձեռք բերելու նախապատվության իրավունք, եթե արգելված չէ սեփականության իրավունքով տվյալ հողամասերը ձեռք բերելը կամ, եթե դրանք վաճառվում կամ անհատույց փոխանցվում են միևնույն նպատակային նշանակության համար և, եթե հողամասերը համապատասխանում են նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջներին:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով գույքը ձեռք բերելու նախապատվության իրավունքի հասկացության բովանդակությանը, արձանագրել է, որ նախապատվությունը հավասար պայմաններում այլ անձանց համեմատությամբ տվյալ անձին վերապահված որոշակի արտոնությունն է` գերադասելիության իմաստով: Այսինքն, որոշակի կարգով հաստատված նախապատվության իրավունքն ընդամենը կոչված է ապահովելու գույքը ձեռք բերելու տվյալ անձի առաջնահերթությունը` մյուս հավանական ձեռքբերողների նկատմամբ:

Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը կարևոր է համարել նշել, որ գնման նախապատվության իրավունքի կենսագործումը երկկողմանի կամային գործընթաց է: Այսպես. գնման նախապատվության իրավունքն այն ձեռք բերած անձին չի պարտավորեցնում անվերապահորեն գնել տվյալ գույքը, այլ տալիս է գույքի օտարման դեպքում այն ձեռք բերելու առաջնահերթություն և զուգահեռաբար գույքի սեփականատիրոջը չի պարտավորեցնում օտարելու այդ գույքը, այլ միայն այդ գույքն օտարելու կամքի արտահայտման դեպքում պարտադիր հաշվի առնել առկա առաջնահերթությունը:

i

Նույն որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով պետական կամ համայնքային հողամասի գնման նախապատվության իրավունքին արձանագրել է, որ պետական կամ համայնքային հողամասը ձեռք բերելու` վարչական կամ դատական կարգով հաստատված նախապատվության իրավունքը տվյալ հողամասը ձեռք բերելու նախադրյալ է միայն համապատասխան վարչական մարմնի կողմից իր կամքով իրեն պատկանող հողամասի օտարմանն ուղղված գործողություններ կատարելու պարագայում. պետական կամ համայնքային հողամասն ուղղակի վաճառքով օտարելու կամքի ձևավորումը պայմանավորված չէ գնման նախապատվության իրավունքի ճանաչմամբ: Այլ կերպ ասած` պետական կամ համայնքային հողամասի գնման նախապատվության իրավունքը չի հանդիսանում անմիջականորեն գործող իրավունք, այլ այն կիրառելի է համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից պետական կամ համայնքային հողամասն առհասարակ օտարելու մտադրության ի հայտ գալու փաստի ուժով, հետևաբար քանի դեռ պետական կամ համայնքային հողամասն օտարելու մտադրությունը բացահայտված չէ` չի կարող գործել նաև պետական կամ համայնքային հողամասի նկատմամբ որևէ անձի ճանաչված գնման նախապատվության իրավունքը (տե՛ս, Շուշանիկ Գեղամյանն ընդդեմ Երևան համայնքի թիվ ՎԴ/4965/05/22 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 23.10.2025 թվականի որոշումը):

Հաշվի առնելով վերոնշյալ իրավակարգավորումները և ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումները, ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ պետության և համայնքների սեփականության հողամասերի տրամադրման ձևերից մեկը դրա սեփականության իրավունքով տրամադրումն է: Այնուամենայնիվ, հողային հարաբերություններն առանձնանում են պետական վերահսկողության բարձր աստիճանով և իրավական կարգավորման հատուկ մեխանիզմներով: Հողը` որպես հանրային սեփականություն և սահմանափակ բնական ռեսուրս, ենթակա է տրամադրման միայն հստակ օրինական ընթացակարգի պահպանմամբ: Այդ պատճառով էլ օրենսդիրը հողամասի տրամադրման ոլորտում բացառել է այնպիսի իրավական հետևանքների առաջացումը, որոնք կարող էին ձևավորվել վարչական անգործության հիմքով` նախատեսելով կարգավորում առ այն, որ հողամասի տրամադրման վերաբերյալ դիմումը տվյալ դիմումի քննարկման համար նախատեսված ժամկետի լրանալու պարագայում համարվում է մերժված համապատասխան վարչական մարմնի անգործության, այն է` տվյալ դիմումի վերաբերյալ վարույթը սահմանափակող ակտ չկայացնելու դեպքում:

Միևնույն ժամանակ ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ այն անձինք, ովքեր ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ և բացահայտ ձևով օգտվել են պետական կամ համայնքային հողերից, օրենքով նախատեսված արգելքների բացակայության պայմաններում ունեն այդ հողամասերը սեփականության իրավունքի ուժով ձեռք բերելու նախապատվության իրավունք: Սակայն այս իրավունքը, իր բնույթով, դեռևս չի նշանակում հողամասի տրամադրում, քանի որ այն դիմողի համար ստեղծում է առաջնահերթության իրավունք համապատասխան հողամասի օտարման դեպքում այն ուղղակի վաճառքով գնելու համար:

Ելնելով վերոգրյալից, ՀՀ վճռաբեկ դատարանն ամրագրել է, որ հողային իրավահարաբերություններում, ի թիվս այլնի, առկա են երկու առանձին տեսակի վարչական վարույթներ, որոնք միմյանցից տարբերվում են ինչպես առարկայով և դիմող անձի ակնկալիքով, այնպես էլ օրենքով դրանց համար նախատեսված հետևանքներով: Այնուամենայնիվ, նշված վարչարարություններից յուրաքանչյուրի դեպքում վարչական վարույթի հարուցման հիմքն անձի դիմումն է, ուստի և կապված դիմումով ներկայացված պահանջից` վարչական վարույթը կարող է եզրափակվել օրենքով նախատեսված տարբեր եղանակներով: Մասնավորապես, եթե անձի դիմումը վերաբերում է հողամասը տրամադրելուն, ապա այդ հիմքով հարուցվում է վարույթ, որի քննության առարկան է հանդիսանում պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելը: Նման վարչարարությունը չի կարող եզրափակվել այլ կերպ, քան դիմումի բավարարումն է կամ մերժումը, ընդ որում մերժման եղանակը կարող է լինել ինչպես վարչական մարմնի կողմից միջամտող վարչական ակտի ընդունումը, այնպես էլ վարչական մարմնի անգործությունը, որի դեպքում դիմումը համարվում է օրենքի ուժով մերժված` հողամաս տրամադրելու դիմումի քննարկման համար սահմանված ժամկետը լրանալու պահից: Միաժամանակ, եթե անձի դիմումը վերաբերում է ոչ թե պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության, կառուցապատման կամ օգտագործման իրավունքով տրամադրելուն (այդ իրավունքների փոխանցմանը), այլ հողամասին առնչվող այլ իրավունք (ներառյալ` ձեռքբերման նախապատվության իրավունքը) ճանաչելուն, ապա այդ դեպքում վարչական վարույթի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված հատուկ կարգավորումը կիրառելի չէ, և վարչական վարույթը կարող է եզրափակվել ընդհանուր կարգով` ինչպես միջամտող, զուգորդող կամ բարենպաստ վարչական ակտի ընդունմամբ, այնպես էլ վարչական մարմնի անգործության դեպքում` իրավաբանական ֆիկցիայի կիրառմամբ:

i

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է ընթանա այն ուղղությամբ, որ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու դեպքում հայցվող բարենպաստ վարչական ակտը համարվում է ընդունված օրենքի ուժով, եթե բավարարված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված պահանջները: Հետևաբար, անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթում օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել և վարչական մարմինն անձին չի տրամադրել օրենքի ուժով ընդունված վարչական ակտի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթը (տե՛ս, Վոլոդյա Դավթյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/11705/05/21 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 15.12.2025 թվականի որոշումը):

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումը` Վճռաբեկ դատարանը հարկ է համարում արձանագրել, որ հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի նկատմամբ ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումը կիրառելի չէ, ուստի այդ դիմումի առնչությամբ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելը չի կարող համարվել դիմումի մերժում և հիմք հանդիսանալ պարտավորեցման հայց ներկայացնելու համար: Հետևաբար, այն դեպքում, երբ վարչական մարմնի անգործությունը դրսևորվել է հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունք տրամադրելու վերաբերյալ դիմումի առնչությամբ, ապա անձի` իրավունքների դատական պաշտպանության ճիշտ եղանակը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողության կատարման հայցատեսակն է:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Դիմելով դատարան` Տիգրան Կոտոլիկյանը պահանջել է պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրել ***(5) հասցեի հարևանությամբ գտնվող 1.607 քմ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում:

 

______________________

5) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Դատարանը 29.09.2023 թվականի վճռով հայցը մերժել է` այն պատճառաբանությամբ, որ «(...) վարչական գործում առկա չէ որևէ վերաբերելի և թույլատրելի ապացույց առ այն, որ Հայցվորը ավելի քան տասը տարի անընդմեջ, բարեխիղճ ու բացահայտ, սակայն առանց իրավունքների իրավաբանական ձևակերպման օգտագործել է վիճելի հողատարածքը:

Վերոգրյալով պայմանավորված` Դատարանը գտնում է, որ սույն դեպքում տրամադրվելիք վարչական ակտով Հայցվորին կտրամադրվի ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

(...) Վարչական ակտի ընդունմանն ուղղված վարչական վարույթ իրականացնող վարչական մարմինն օժտված է այդ վարչական ակտն ընդունելու իրավասությամբ, քանի որ Հայաստանի Հանրապետության կառավարության 12.04.2001թ. «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշմամբ հաստատված Կարգով սահմանված է, որ հողամասերի օտարումը, կառուցապատման և օգտագործման իրավունքի տրամադրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքով, սույն կարգով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով` համայնքի վարչական տարածքում` համայնքի ղեկավարի կողմից:

(...) Վարչական վարույթն իրականացնող վարչական մարմինն օրենքով սահմանված ժամկետում չի ցուցաբերել անգործություն, քանի որ սույն գործի փաստերից հետևում է, որ Հայցվորի ներկայացուցիչը, դեռևս 30.12.2020թ. դիմելով Երևանի քաղաքապետ Հ. Մարությանին, խնդրել է Տիգրան Կոտոլիկյանին տրամադրել բարենպաստ վարչական ակտ` ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան Տիգրան Կոտոլիկյանին ***(6) հասցեի հարևանությամբ գտնվող 1607 քմ մակերեսով հողամասի օգտագործման իրավունքի ձեռքբերման վաղեմության իրավունքը տրամադրելու մասին որոշում, ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան սեփականության իրավունքով ***(7) հասցեի հարևանությամբ գտնվող 1607 քմ մակերեսով հողամասը ձեռք բերելու Տիգրան Կոտոլիկյանի նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում, որին ի պատասխան Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վ. Բալասյանի 01.02.2021թ. թիվ 18-06/2-1855 գրությամբ հայտնվել է, որ (...) ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի հիմքով սահմանված է ոչ թե հողամասի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչում ձեռքբերման վաղեմության հիմքով, այլ սեփականության իրավունքի ճանաչման նախապատվության իրավունք, այսինքն այդ հողամասը նույն պայմաններով այլ անձանց տրամադրելու հնարավորության ծագման դեպքում Տիգրան Կոտոլիկյանն օգտվում է այն ձեռք բերելու նախապատվության իրավունքից:

 

______________________

6) Հանդիսանում է անձնական տվյալ

7) Հանդիսանում է անձնական տվյալ

 

(...) սույն դեպքում բացակայում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի կողմից թիվ ՎԴ/9652/05/16 վարչական գործով նշված «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված` օրենքի ուժով վարչական ակտի ընդունված համարվելու իրավական կառուցակարգը պայմանավորող պայմանների միաժամանակյա առկայությունը, ուստի Դատարանը չի կարող օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու հիմքով պարտավորեցնել Երևանի քաղաքապետարանին տրամադրելու բարենպաստ վարչական ակտ` ***(8) հասցեի հարևանությամբ գտնվող 1607 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում, ուստի հայցը ենթակա է մերժման»:

 

______________________

8) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Վերաքննիչ դատարանը 02.05.2025 թվականի որոշմամբ Տիգրան Կոտոլիկյանի վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն` Դատարանի 29.09.2023 թվականի վճիռն ամբողջությամբ բեկանել է, և գործն ուղարկել է ՀՀ վարչական դատարան` նույն որոշմամբ սահմանված ծավալով նոր քննության` այն պատճառաբանությամբ, որ «(...) Տիգրան Կոտոլիկյանի 30.12.2020 թվականի դիմումի նկատմամբ ընդհանրապես կիրառելի չէ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված վարչական վարույթի ժամկետում որևէ վարչական ակտ չընդունելու բարենպաստ հետևանքի` հայցվորի հայցած բարենպաստ վարչական ակտն օրենքի ուժով ընդունված համարելու կանոնակարգումը, ինչից հետևում է, որ հայցվորի հայցն ըստ էության չի համապատասխանում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցի չափանիշներին, և գործը չէր կարող քննվել այդ տեսակի հայցի համար նախատեսված ընթացակարգով: (...):

Սույն գործով Տիգրան Կոտոլիկյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` բարենպաստ վարչական ակտ` ***(9) հասցեի հարևանությամբ գտնվող 1.607 քմ մակերեսով հողամասի նկատմամբ սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում, տրամադրել պարտավորեցնելու պահանջի մասին, այսինքն` հայցվորը ներկայացրել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայց` հիմքում դնելով այն հիմնավորումը, որ իր 30.12.2020 թվականի դիմումի վերաբերյալ օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չի ընդունվել, ինչի հետևանքով այն «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի ուժով համարվում է ընդունված:

 

______________________

9) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Մինչդեռ ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասի կանոնակարգմամբ հիշյալ դիմումի քննարկման համար սահմանված ժամկետի խախտումն արդեն իսկ համարվում է այդ դիմումի մերժում, ինչից հետևում է, որ հայցվորի դիմումն առնվազն մերժված է օրենքի ուժով (եթե նույնիսկ 01.02.2021 թվականի թիվ 18-06/2-1855 գրությունը չդիտվի որպես մերժում), իսկ նման դեպքում բացառվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածի կիրառման իրավական հնարավորությունը` բացառելով նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցի առկայությունը:

(...) հայցվորի կողմից սույն գործով հայց կարող էր հարուցվել հենց ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորեցման հայցի տեսքով, քանի որ հայցվորի դիմումին սահմանված ժամկետում պատասխան չտրամադրելու արդյունքում նույնիսկ այդ դիմումը ՀՀ հողային օրենսգրքի 58-րդ հոդվածի 4-րդ մասով համարվել է մերժված, ինչից հետևում է, որ սույն դեպքում ըստ էության բացակայում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայց հարուցելու անհրաժեշտ պայմանը` օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունելու հանգամանքը:

(...) սույն դեպքում Դատարանը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 5-րդ հոդվածի կիրառմամբ չի կատարել դատավարական մատնանշման գործողություններ և, ըստ այդմ, ոչ պատշաճ է կատարել ի պաշտոնե գործելու սկզբունքից բխող իր` օրենքի ուժով սահմանված պարտականությունը` խախտելով հայցվորի` դատարանի մատչելիության և դատական պաշտպանության իրավունքները, քանի որ գործը քննել է գործողության կատարման հայցի կանոններով, այն դեպքում, երբ հայցը չի համապատասխանում դրա չափանիշներին, և չի մատնանշել հայցվորին ոչ ճիշտ հայցատեսակը փոխարինել պատշաճ հայցատեսակներով` պարտավորեցման հայցով` հաշվի առնելով, որ սույն գործով ճիշտ տեսակի հայց կարող էր հանդիսանալ հենց հիշյալ հայցատեսակը»:

 

Վճռաբեկ դատարանը, վերոհիշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը, արձանագրում է հետևյալը.

Սույն գործի փաստերից հետևում է, որ Տիգրան Կոտոլիկյանն իր ներկայացուցչի միջոցով 30.12.2020 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին` խնդրելով հարուցել վարչական վարույթ և Տիգրան Կոտոլիկյանին տրամադրել բարենպաստ վարչական ակտ, ի թիվս այլնի, նաև ***(10) հասցեի հարևանությամբ գտնվող 1.607 քմ մակերեսով հողամասը ՀՀ հողային օրենսգրքի 72-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան սեփականության իրավունքով ձեռք բերելու նախապատվության իրավունքը տրամադրելու մասին որոշում:

 

______________________

10) Հանդիսանում է անձնական տվյալ

 

Տիգրան Կոտոլիկյանն իր ներկայացուցչի միջոցով 07.09.2022 թվականին դիմում է ներկայացրել Երևանի քաղաքապետին` խնդրելով տրամադրել նշված հողամասը նախապատվության իրավունքով տրամադրելու վերաբերյալ օրենքի ուժով ընդունված համարվող բարենպաստ վարչական ակտը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն դեպքում Տիգրան Կոտոլիկյանի և Երևանի քաղաքապետարանի միջև ծագել է վեճ օրենքի ուժով ընդունված համարվող հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու վերաբերյալ վարչական ակտը տրամադրելու մասին: Այսինքն` տվյալ պարագայում Տիգրան Կոտոլիկյանի պահանջը վերաբերել է ոչ թե հողամասի տրամադրմանը, այլ հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելուն, ապա` իրավաբանական ֆիկցիայի ուժով տվյալ վարչական ակտը ընդունված համարվելու արդյունքում այն տրամադրելուն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ անհիմն է Վերաքննիչ դատարանի եզրահանգումն այն մասին, որ հողամասը ձեռք բերելու նախապատվության իրավունքը ճանաչելու պահանջը ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով այդ հողամասը տվյալ անձին տրամադրելու վերաբերյալ պահանջ է, որպիսի դեպքում այդ դիմումի առնչությամբ օրենքով նախատեսված ժամկետում վարչական մարմնի կողմից վարույթը եզրափակող ակտ չկայացնելու պարագայում դիմումն օրենքի ուժով համարվում է մերժված, ըստ այդմ` Դատարանը, չիրացնելով Օրենսգրքի 5-րդ հոդվածով սահմանված ոչ ճիշտ հայցատեսակը պատշաճ հայցատեսակով փոխարինելու առաջարկ ներկայացնելու պարտականությունը, Տիգրան Կոտոլիկյանի պահանջը չէր կարող քննել գործողության կատարման հայցի շրջանակներում:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Տիգրան Կոտոլիկյանի պահանջը կարող էր քննվել գործողության կատարման հայցի շրջանակներում, քանի որ ՀՀ հողային օրենսգրքի 57-րդ հոդվածի 1-ին մասի և 58-րդ հոդվածի 4-րդ մասի իրավակարգավորումները սույն դեպքին վերաբերելի չեն:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել Դատարանի կողմից Օրենսգրքի 5-րդ հոդվածով ամրագրված պահանջներից բխեցված իր պարտականությունները չկատարելու և Դատարանի 29.09.2023 թվականի վճիռն այդ հիմքով բեկանելու և գործն ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու վերաբերյալ:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի նշված հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 152-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը ՀՀ վերաքննիչ վարչական դատարան ամբողջ ծավալով նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ.

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն հանգամանքը, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ տվյալ պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին պետք է անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

 

Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 02.05.2025 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վերաքննիչ վարչական դատարան` նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող` Հ. Բեդևյան

Զեկուցող` Ռ. Հակոբյան

Լ. Հակոբյան

Ք. Մկոյան

 

https://www.cassationcourt.am/precedent/precedent-single-decision/ administrative-cases/3108

 

pin
Վճռաբեկ դատարան
20.01.2026
N ՎԴ/6474/05/22
Որոշում