01.09.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունված է 2023 թվականի դեկտեմբերի 22-ին
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 12.2-րդ գլխով.
«ԳԼՈՒԽ 12.2
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌԻ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԸ
| Հոդված 171.12. |
«Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջները խախտելը |
1. Առանց զբոսաշրջային փաթեթի պայմանագրի զբոսաշրջային փաթեթ տրամադրելը կամ զբոսաշրջային ծառայություններ մատուցելը կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պահանջվող պարտադիր տեղեկությունները զբոսաշրջային փաթեթի պայմանագրում չներառելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
2. Զբոսաշրջային ծառայություններ մատուցող անձանց միավորման կողմից իր կանոնադրության փոփոխություններն առանց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի հետ համաձայնեցնելու ընդունելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով:
3. Հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողի և նրա գույքի անվտանգությունն ապահովելու համար ներքին կանոնակարգ չհաստատելը կամ դրա պահանջները չպահպանելը կամ այդ կանոնակարգի` պետական լիազոր մարմնի սահմանած նվազագույն պահանջները չապահովելը կամ «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չհավաքելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
4. Հյուրանոցային տնտեսության օբյեկտում հյուրանոցային ծառայություն մատուցող անձի կողմից սպառողների համար տեսանելի հատվածում «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկությունները չտեղադրելը կամ սահմանված ձևին համապատասխան չտեղադրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
5. Նոր կառուցվող հյուրանոցներում և առողջարաններում հաշմանդամություն ունեցող անձանց համար հյուրանոցային ծառայություններից օգտվելու և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություն ստանալու հնարավորություն չապահովելը կամ այդ մասին հյուրերի համար տեսանելի հատվածներում տեղեկատվություն չտեղադրելը կամ չպահպանելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
6. Զբոսավարի կամ ուղեկցորդի պարտականություններ կատարելիս տեսանելի հատվածում Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված ձևի անվանաքարտ չկրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
7. Առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների գործունեություն իրականացնելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
8. Առանց որակավորման զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնի կողմից «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարբերանշան օգտագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
9. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կողմից զբոսաշրջային ավտոբուսի որակավորում չունեցող տրանսպորտային միջոցով փոխադրելը կամ զբոսաշրջային երթուղի կազմակերպելը, եթե անձանց քանակը հավասար է կամ գերազանցում է 9-ը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
10. Զբոսաշրջային ավտոբուսն առանց Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձևի նշանը զբոսաշրջային ավտոբուսի դիմապակու վրա` տեսանելի հատվածում, փակցնելու շահագործելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
11. Առանց զբոսաշրջային ծառայություն մատուցելու իրավունքի զբոսաշրջային ծառայություններ մատուցելուն ուղղված թիրախավորված առաջարկներ ներկայացնելը մեկ կամ ավելի թվով անձանց հրապարակային վայրերում` նպատակ ունենալով համոզելու կամ հարկադրելու այդ անձանց օգտվելու զբոսաշրջային ծառայությունից`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
12. Օտարերկրացու կողմից առանց «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված որակավորման զբոսավարի կամ ուղեկցորդի ծառայություններ մատուցելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:
13. «Զբոսաշրջության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները (բացառությամբ սույն հոդվածի 1-11-րդ մասերով նախատեսված դեպքերի) խախտելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:»:
i
Հոդված 2. Օրենսգրքի 224-րդ հոդվածի 1-ին մասը «169.30-րդ» բառերից հետո լրացնել «հոդվածներով, 171.12-րդ հոդվածի 6-րդ, 9-12-րդ մասերով (Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից հայտնաբերվելու դեպքում կազմված արձանագրությունը տրամադրվում է Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին)» բառերով:
i
Հոդված 3. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածի 1-ին մասը «158-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ, 23-րդ, 24-րդ, 26-րդ, 40-45-րդ, 47-րդ մասերով,» բառերից հետո լրացնել «171.12-րդ հոդվածի 3-5-րդ մասերով,» բառերով:
i
Հոդված 4. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 6-13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ վարչական տույժեր է նշանակում Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը:»:
i
Հոդված 5. Օրենսգրքի 244.7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մասով.
«2.1. Օրենսգրքի 171.12-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 7-րդ, 8-րդ և 13-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը քննում և Շուկայի վերահսկողության տեսչական մարմնին արձանագրություն տրամադրում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեն:»:
| Հոդված 6. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածով Օրենսգրքում լրացվող 171.12-րդ հոդվածի 6-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ մասերն ուժի մեջ են մտնում 2025 թվականի հունվարի 1-ից, իսկ 7-րդ և 8-րդ մասերը` 2025 թվականի հունիսի 30-ից:
|
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Վ. Խաչատուրյան |
|
2024 թ. հունվարի 12 Երևան ՀՕ-5-Ն
|
|
Պաշտոնական հրապարակման օրը` 12 հունվարի 2024 թվական: