| ԻՐՏԵԿ |
Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: |
28.12.2024 -
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
27 դեկտեմբերի 2024 թվականի N 2086-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման նպատակային ծրագրերը հաստատելու մասին» N 355-Լ որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
i
1) որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա. 3-րդ կետում «տոկոսադրույքի սուբսիդավորման ձևով» բառերը փոխարինել «տոկոսադրույքների սուբսիդավորման ձևով» բառերով,
բ. 4-րդ կետում «սույն նպատակային ծրագրով» բառերը փոխարինել «սույն նպատակային ծրագրի 5-րդ կետով» բառերով,
գ. 4-րդ գլխի վերնագրում «ՍՏԱՑՎԵԼԻՔ» բառը փոխարինել «ՏՐԱՄԱԴՐՎԵԼԻՔ» բառով,
դ. 6-րդ կետի 4-րդ ենթակետի աղյուսակում «(պայմանագրի ստորագրման պահի փոխարժեքով)» բառերից առաջ լրացնել «վարկի/լիզինգի» բառերը,
ե. 6-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«6) վարկի/լիզինգի առարկայի արժեքը ներառում է վարկի/լիզինգի առարկայի ձեռքբերման գինը, Հայաստանի Հանրապետություն ներմուծման հետ կապված ծախսերը: Սույն ենթակետով սահմանված ներմուծման հետ կապված ծախսերն իրենց մեջ պետք է ներառեն տեղափոխման, մաքսազերծման, ավելացված արժեքի հարկի վճարման և տեղափոխման հետ կապված այլ ծախսերը` դրանց առկայության պարագայում.»,
զ. 6-րդ կետի 9-րդ ենթակետում «տոկոսադրույքի սուբսիդավորման հաշվարկումը» բառերը փոխարինել «մատակարարման գործընթացի տոկոսադրույքի սուբսիդավորումը» բառերով,
է. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «բ» պարբերությունում «մատակարարման փուլի» բառերը փոխարինել «մատակարարման գործընթացի» բառերով,
ը. 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ե» պարբերությունն ուժը կորցրած ճանաչել,
թ. 6-րդ կետի 10-րդ ենթակետում «պայմանագրի կնքման օրվանից» բառերը փոխարինել «վարկի տրամադրման օրվանից» բառերով,
ժ. 6-րդ կետի 10-րդ ենթակետում «օրվանից» բառից հետո «:» կետադրական նշանը փոխարինել «,» կետադրական նշանով,
ժա. 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ ենթակետով`
«11) մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկի տարեկան տոկոսադրույքի սուբսիդավորումը.
ա. մեքենասարքավորումների և դրանց բաղկացուցիչ մասերի ձեռքբերման նպատակով վարկի տրամադրման օրվանից մինչև ձեռք բերվող սարքավորման մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրման օրը հաշվարկվում է տոկոս, որը չի կարող գերազանցել վարկի` պայմանագրով սահմանված տարեկան տոկոսադրույքը,
բ. սույն ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված տոկոսագումարը սուբսիդավորվում է մեքենասարքավորման և դրա բաղկացուցիչ մասերի մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրումից հետո միանվագ` ծրագրով սահմանված ընթացակարգով,
գ. մատակարարման գործընթացի սուբսիդավորումը կատարվում է մինչև 180 օր ժամկետի համար` սկսած վարկի տրամադրման օրվանից, իսկ 180 օր ժամկետը գերազանցող ժամկետի համար տոկոսների վճարման պարտականությունը կրում է վարկառուն,
դ. վարկի պայմանագրով սահմանված առարկան չմատակարարվելու կամ այլ հանգամանքներով պայմանավորված մատակարարման փաստաթղթերի բացակայության դեպքում` սույն ենթակետով նշված տոկոսագումարը ենթակա չէ սուբսիդավորման, և տոկոսագումարի վճարման պարտականությունը կրում է վարկառուն:»,
ժբ. 8-րդ կետում «ժամկետի» բառից հետո լրացնել «դեպքում» բառը, «6-րդ կետում նշված ժամանակահատվածի համար» բառերը փոխարինել «6-րդ և 11-րդ կետերում նշված պայմաններով»,
ժգ. 8.1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«8.1. Սույն հավելվածի 6-րդ կետի 9-րդ ենթակետի «ա» պարբերությամբ հանձնման-ընդունման ակտի ստորագրումից և 6-րդ կետի 11-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նախատեսված մատակարարումը հավաստող փաստաթղթերի ստորագրումից հետո վարկի/լիզինգի սուբսիդավորումն իրականացվում է սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափերով, վարկի/լիզինգի մարման ժամկետի դեպքում` սույն հավելվածի 6-րդ և 11-րդ կետերով նշված պայմաններով:»,
ժդ. 9-րդ և 10-րդ կետերում «վարկերի» բառը փոխարինել «վարկի/լիզինգի» բառերով,
ժե. 11-րդ կետի 1-ին ենթակետում «ներդրման հնգապատիկի չափով» բառերից առաջ լրացնել «յուրաքանչյուր» բառը,
ժզ. 13-րդ, 22-րդ և 23-րդ կետերում «500 մլն դրամ» բառերը փոխարինել «400 մլն դրամ» բառերով,
ժէ. 13-րդ և 23-րդ կետերում «ընկերությունների» բառը փոխարինել «կազմակերպությունների» բառով,
ժը. 14-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«14. Սույն հավելվածի 5-րդ, 9-րդ, 10-րդ, 12-րդ, 13-րդ և 15-րդ կետերում նշված պայմանների խախտման դեպքում` սույն նպատակային ծրագրով տրամադրված սուբսիդավորման գումարները բանկի միջոցով ենթակա են վերադարձման պետական բյուջե` ֆինանսական կազմակերպության և տնտեսավարողի միջև կնքվող պայմանագրով ամրագրված կարգով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի N 283-Ն որոշումը:»,
ժթ. 16-րդ կետում «2024» թիվը փոխարինել «2025» թվով,
ի. 20-րդ կետում «թողարկված 500 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող խորհրդատվական/աուդիտորական ընկերությունների կողմից» բառերը փոխարինել «թողարկված 400 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառություն ունեցող աուդիտորական կազմակերպության կողմից, որը պետք է գրանցված լինի «Հաշվապահական հաշվառման և աուդիտորական գործունեության կարգավորման և հանրային վերահսկողության մասին» օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված աուդիտորների, փորձագետ հաշվապահների և աուդիտորական կազմակերպությունների ռեեստրում: Ընդ որում, սույն կետով սահմանված 400 մլն դրամ և ավելի տարեկան շրջանառության պահանջը վերաբերում է բացառապես այդ աուդիտորական կազմակերպության կողմից ներկայացված ֆինանսական հաշվետվությանը` չներառելով խմբի կազմակերպություններին: Սույն դրույթի պահանջները տարածվում են նպատակային ծրագրի 13-րդ, 22-րդ և 23-րդ կետերի վրա:» բառերով,
իա. 20-րդ կետում «փոխառուին» բառը փոխարինել «տնտեսավարողին» բառով,
իբ. 22-րդ կետում «որոշման 5-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված արտադրողականությունն ավելացնելու նպատակով փորձագետ կամ խորհրդատվական կազմակերպություն ներգրավելու դեպքում» բառերը փոխարինել «հավելված 1-ի 5-րդ կետի 3-րդ կամ 4-րդ ենթակետերով, ինչպես նաև 5-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված նպատակներով վարկ/լիզինգ ներգրավելու դեպքում» բառերով,
իգ. 22-րդ կետում «շահառու կազմակերպությունը» և նույն կետի 1-ին ենթակետում «շահառու կազմակերպության» բառերը փոխարինել համապատասխանաբար «տնտեսավարողը» և «տնտեսավարողի» բառերով.
իդ. 22-րդ կետի 4-րդ պարբերությունում «Սույն» բառից առաջ լրացնել «22.1.» թիվը,
իե. 22-րդ կետի 4-րդ պարբերությունից հանել «Փոխհատուցման կարգը սահմանվում է լիազոր մարմնի կողմից:» նախադասությունը,
իզ. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.2-րդ կետով`
«22.2. Սույն հավելվածի 22-րդ կետով սահմանված հավելյալ աջակցությունը ստանալու նպատակով տնտեսավարողը ֆինանսական կազմակերպությանն է ներկայացնում սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով սահմանված պայմանների համապատասխանության վերաբերյալ տեղեկությունը: Արտահանման աճը հավաստող փաստաթղթերի և ISO 9001, բիզնես գործընթացների թվայնացման ծրագրային ապահովման նպատակով վարկի/լիզինգի ներգրավման դեպքում նաև ISO 27001 միջազգային ստանդարտների հավաստագրերին համապատասխանության դեպքում` ֆինանսական կազմակերպությունը նշված տեղեկությունը և փաստաթղթերը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, որոնց` սույն հավելվածի պայմաններին համապատասխանության ստուգումից հետո իրականացվում է փոխհատուցումը` սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ֆինանսական կազմակերպության հետ կնքած պայմանագրի շրջանակներում:»,
իէ. 23-րդ կետում «պարտավորվում են» բառերից հետո լրացնել «ֆինանսական կազմակերպությանը» բառերը.
i
2) որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետում «առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները» բառերից հետո լրացնել «(բացառությամբ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 874-Ն հրամանով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի G (ՋԻ) «ՄԵԾԱԾԱԽ ԵՎ ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ. ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ՄՈՏՈՑԻԿԼՆԵՐԻ ՆՈՐՈԳՈՒՄ» և K (ՔԵՅ) «ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ» բաժիններում ընդգրկված ոլորտներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների)» բառերը,
բ. 3-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) նպատակային ծրագրի իմաստով ԲՈՈՒՄ-ներին հաշվարկված աշխատավարձեր և դրան հավասարեցված այլ վճարումներ են համարվում վերջիններիս համար պայմանագրերով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով սահմանված «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2018 թվականի սեպտեմբերի 10-ի N 416-Ն, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի 2018 թվականի հոկտեմբերի 5-ի N 107-Ն և Պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 561-Ն համատեղ հրամանով սահմանված ցանկի համաձայն աշխատավարձերը և դրանց հավասարեցված այլ վճարումները կամ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրով սահմանված վճարները (այսուհետ` աշխատավարձեր և դրանց հավասարեցված այլ վճարումներ):»,
գ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր ամսվա համար» բառերով,
դ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «20%-ը» բառը փոխարինել «10%-ը» բառով,
ե. 4-րդ կետի 1-ին ենթակետում «ժամանակահատվածի համար» բառերից հետո լրացնել «ԲՈՈՒՄ-ի մասով» բառերը,
զ. 4-րդ կետի 1-ին ենթակետում «պետական այլ նպատակային ծրագիրների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն կամ 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1321-Ն կամ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշումների» բառերով,
է. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «50%-ը» բառերը փոխարինել «30%-ը» բառերով,
ը. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «որոնց դեպքում կփոխհատուցվի վճարված աշխատավարձերի» բառերը փոխարինել «որոնց դեպքում կփոխհատուցվի յուրաքանչյուր ամսվա համար վճարված աշխատավարձերի» բառերով,
թ. 4-րդ կետի 2-րդ ենթակետում «70%-ը» բառերը փոխարինել «50%-ը» բառերով,
ժ. 6-րդ կետում «վճարների» բառերը փոխարինել «վճարումների» բառերով,
ժա. 6-րդ կետում «ՊԵԿ-ին» բառերից հետո լրացնել «և Ազգային անվտանգության ծառայությանը» բառերը,
ժբ. 6-րդ կետում «ՊԵԿ-ին» բառը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեին» բառերով և «ՊԵԿ-ը» բառը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեն» բառերով,
ժգ. 6-րդ կետում «ՊԵԿ-ը» բառերից հետո լրացնել «և Ազգային անվտանգության ծառայությունը» բառերը, «եկամտային հարկի չափի» բառերից հետո լրացնել
«, եկամտային հարկից կատարվող նվազեցումների, գործատուի գործունեության ոլորտի, ԲՈՈՒՄ-ի` Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու» բառերը,
ժդ. 7-րդ կետում «փոխհատուցումները» բառից հետո «փոխանցվում են» բառերը հանել և լրացնել «յուրաքանչյուր ամսվա համար կատարվում են» բառերով,
ժե. 7-րդ կետում «մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում» բառերը փոխարինել «մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող 3-րդ ամսվա 15-րդ աշխատանքային օրը»,
ժզ. 12-րդ կետում «Սույն նպատակային ծրագրի» բառերից հետո լրացնել «շրջանակներում դիմում-հայտերի ընդունման» բառերը,
ժէ. 14-րդ կետը լրացնել հետևյալ նախադասությամբ` «Մոնիթորինգի շրջանակներում սույն նպատակային ծրագրի 5-րդ կետի համաձայն ներկայացված փաստաթղթերում անճշտությունների, անհամապատասխանությունների կամ կեղծիքների բացահայտման դեպքում փոխհատուցման տրամադրումը դադարեցվում է, իսկ սույն նպատակային ծրագրի ամբողջ ժամանակահատվածում կատարված ամբողջ փոխհատուցումը պայմանագրով սահմանված ժամկետում հետ է վերադարձվում` կիրառելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2010 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 283-Ն որոշումը:»,
ժը. որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ կետով`
«15. Նպատակային ծրագրի շրջանակում`
1) շահառու չեն կարող դառնալ այն տնտեսավարողները, որոնց աշխատողների թվաքանակը ծրագրին դիմելու պահին կազմում է մինչև 10-ը, ընդ որում, ծրագրի ամբողջ ընթացքում տնտեսավարողի աշխատողների թվաքանակը չպետք է նվազի 10-ից.
2) ԲՈՈՒՄ չեն կարող համարվել այն աշխատողները, ովքեր հանդիսանում են կազմակերպության տնօրեն կամ զբաղեցնում են դրան հավասարեցված այլ պաշտոն, ինչպես նաև հիմնադիր կամ սեփականատեր կամ բաժնետեր կամ փայատեր:»:
2. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի N 355-Լ որոշման 1-ին հավելվածով հաստատված արտադրողականության խթանման նպատակային ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի շրջանակներում սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո տրամադրվող վարկի/լիզինգի սպասարկումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:
3. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի N 355-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման նպատակային ծրագրի շրջանակներում հաստատված դիմում-հայտերի փոխհատուցումը շարունակվում է իրականացվել միևնույն պայմաններով:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ներկայացված, սակայն դեռ չհաստատված դիմում-հայտերի վրա տարածվում են մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը սահմանված պայմանները:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված դիմում-հայտերի վրա:
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ |
Ն. Փաշինյան |
|
2024 թ. դեկտեմբերի 27 Երևան
|
|