ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ԵԴ/0743/06/18
 
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)
 
նախագահությամբ`                         Հ. Ասատրյանի
մասնակցությամբ դատավորներ`  Ս. Ավետիսյանի
                                                          Ե. Դանիելյանի
                                                          Լ. Թադևոսյանի
                                                          Ա. Պողոսյանի
                                                          Ս. Օհանյանի
 
    7 ապրիլի 2023 թվական                       ք. Երևան
գրավոր ընթացակարգով քննության առնելով մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված վճռաբեկ բողոքները,
 
ՊԱՐԶԵՑ
 
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:
Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
2. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ` Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը:
Վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:
3. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Միաժամանակ, կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է:
Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
3.1. Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
4. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, միաժամանակ կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը մերժվել է:
Դատախազ Պ.Պետրոսյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի, պաշտպաններ Հ.Խուդոյանի, Ա.Օրբելյանի, Հ.Ալումյանի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
5. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գործի դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները` Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել է, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը թողել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
  i 
6. Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
7. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ(1):
 
______________________________
  i 
1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքները քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
 
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
 
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
  i 
8. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նաև Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի` օրինական ուժի մեջ մտած և վերջնական որոշումները ենթակա են վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումները փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի` որևէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում նոր հանգամանքի ուժով այն դատական ակտերը, որոնք հանգեցրել են Ռ.Քոչարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի տևական սահմանափակման, ենթակա են բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետևության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումն է:
  i 
Բողոքաբերի կարծիքով Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից` 2009 թվականի մարտ ամսից: Հետևաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները` պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի ենթադրյալ կատարման համար Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքին` բողոքաբերը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն արձանագրել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի բացակայությունը, ուստի կալանքի ժամկետի երկարացումը վերաբերել է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի ենթադրյալ կատարմանը:
  i 
9. Վերոգրյալի հիման վրա, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը, խնդրել է`
- հարուցել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ` բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,
- վերանայել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի և Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումները` հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը,
- վերանայել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` մասնակի` պաշտպանների բողոքները մերժելու մասով, բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի և Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումները` հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը:
 
Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
  i 
10. Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման շրջանակներում արձանագրել է հետևյալը. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:
(...)
Այսպիսով` վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը (...)»(2):
 
______________________________
2) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 6.6-6.7-րդ կետերը:
 
10.1. Արդյունքում Սահմանադրական դատարանը որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»(3):
 
______________________________
3) Տե՛ս Սահմանադրական դատարանի վկայակոչված որոշումը:
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄԸ.
 
  i 
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի դատական ակտերը վերանայելու համար:
12. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք) 426.1-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:
2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ. (...)»:
13. Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտի վերանայման հիմք է նաև Սահմանադրական դատարանի որոշումը, որով տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչվել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ:
14. Սույն գործի նյութերից երևում է, որ`
- Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ. Սահակյանի, Հ. Ալումյանի, Ա. Օրբելյանի և Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքը վարույթ ընդունելը, որով անփոփոխ էր թողնվել մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը(4),
 
______________________________
4) Տե՛ս սույն որոշման 2-րդ կետը:
 
- Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը(5),
 
______________________________
5) Տե՛ս սույն որոշման 3-րդ կետը:
 
- Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ մերժվել է Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի, պաշտպաններ Հ.Խուդոյանի, Ա.Օրբելյանի, Հ.Ալումյանի կողմից ներկայացված բողոքները վարույթ ընդունելը, որով օրինական ուժի մեջ էր թողնվել Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը(6):
 
______________________________
6) Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
 
  i 
15. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները դիտարկելով սույն որոշման 12-13-րդ կետերում մեջբերված իրավադրույթների և կատարված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի դատական ակտերը վերանայելու համար:
16. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. արդյո՞ք Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:
17. Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային, կամ
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
17.1. Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:
Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև:
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է(7):
 
______________________________
7) Տե՛ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:
 
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:
18.1. Վերոնշյալ իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանը ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը.»(...) Իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին»(8):
 
______________________________
  i 
8) Տե՛ս ՀՀ Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 31-ի թիվ ՍԴՈ-1099 որոշման 6-րդ կետը:
 
19. Վերոնշյալ իրավական դիրքորոշումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը` որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է:
20. Գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ սույն գործով բողոքարկվող դատական ակտերը վերաբերել են Ռ.Քոչարյանի նախնական կալանքին, իսկ 2019 թվականի ապրիլի 29-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը վերացվել է, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը, և նա ազատ է արձակվել(9):
 
______________________________
9) Տե՛ս սույն որոշման 5-րդ կետը:
 
21. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 17-19-րդ կետերում վկայակոչված իրավադրույթների և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն բողոքների քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը գտնվում է ազատության մեջ և չի շարունակում կրել բողոքարկվող դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Ռ.Քոչարյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
22. Վերոշարադրյալի հաշվառմամբ, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար: Հետևաբար, Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, մայիսի 21-ի և հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայելու արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի կողմից ներկայացված բողոքները պետք է մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 361.1-րդ, 415.1-րդ, 418.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
 
ՈՐՈՇԵՑ
 
1. ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայել:
2. Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքները մերժել` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
 
Նախագահող` Հ. Ասատրյան
Դատավորներ`  Ս. Ավետիսյան
                          Ե. Դանիելյան
                             Լ. Թադևոսյան
                          Ա. Պողոսյան
                        Ս. Օհանյան
 
                               
                              ՀԱՏՈՒԿ ԿԱՐԾԻՔ
 
Դատավոր` Սերժիկ Ավետիսյան
 
    2023 թվականի ապրիլի 7-ին                    ք. Երևանում
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումների նոր հանգամանքի հիմքով վերանայման արդյունքում մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները մերժելու մասին ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի (այսուհետ` նաև Վճռաբեկ դատարան) 2023 թվականի ապրիլի 7-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ.
 
Գործի դատավարական նախապատմությունը և վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
1. Նախաքննության մարմնի` 2018 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ` ՀՀ քրեական օրենսգիրք) 300.1-րդ հոդվածի 1-ին մասով:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով: Միաժամանակ, մերժվել է կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը:
Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ բողոքները բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը բեկանել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին որոշումը վերացրել է և նրան ազատ արձակել:
Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանը, Ռ.Սահակյանը, Ա.Օրբելյանը և Հ.Խուդոյանը, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վ.Գրիգորյանը:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի սեպտեմբերի 19-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի և պաշտպանների վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի բողոքը թողնվել է առանց քննության:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն, իսկ պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը` մերժվել: Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի օգոստոսի 13-ի որոշումը բեկանվել է, և գործն ուղարկվել է նույն դատարան` նոր քննության:
Վճռաբեկ դատարանի` 2018 թվականի նոյեմբերի 15-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը մնացել է Հատուկ կարծիքի, առաջարկելով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի բողոքների վերաբերյալ վարույթը կասեցնել և դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` միջնորդելով որոշելու ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության համապատասխանությունը 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 56.1-րդ հոդվածի 2-րդ մասին և 57-րդ հոդվածին (2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածի 2-րդ մասին և 141-րդ, ինչպես նաև 78-րդ, 79-րդ հոդվածներին):
2. Վերաքննիչ դատարանը 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշմամբ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի, Հ.Խուդոյանի և Հ.Ալումյանի վերաքննիչ բողոքները մերժել է, մեղադրյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու և կալանքից գրավով ազատելն անթույլատրելի ճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի` 2018 թվականի հուլիսի 27-ի որոշումը` թողել անփոփոխ` Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված կալանավորման 2 (երկու) ամիս ժամկետին հաշվակցելով արգելանքի տակ գտնվելու ժամկետը:
Վերոնշյալ որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշմամբ մերժվել է:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը մնացել է Հատուկ կարծիքի, առաջարկելով Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպաններ Հ.Ալումյանի, Ռ.Սահակյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ` օրենքով սահմանված համապատասխան որոշում կայացնելու, այդ թվում` վարույթը կասեցնելու և ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու նպատակով:
3. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը: Միաժամանակ, կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը մերժվել է:
Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի փետրվարի 7-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի որոշման դեմ պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի վերոհիշյալ որոշման վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը ներկայացրել է Հատուկ կարծիք, առաջարկելով`
1) վճռաբեկ բողոքն ընդունել վարույթ` սույն գործով վարույթը կասեցնել և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության և ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան` հաշվի առնելով տվյալ դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները:
2) ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումից հետո պաշտպանների վճռաբեկ բողոքի քննության արդյունքում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի կարգով` կայացնել նոր դատական ակտ:
Նախաքննության մարմնի` 2019 թվականի փետրվարի 12-ի որոշմամբ Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել, լրացվել, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով:
4. Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշմամբ բավարարվել է Ռ.Քոչարյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննության մարմնի միջնորդությունը, միաժամանակ կալանավորումը գրավով փոխարինելու մասին պաշտպան Հ.Ալումյանի միջնորդությունը մերժվել է:
Դատախազ Պ.Պետրոսյանի, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպաններ Ռ.Սահակյանի, Հ.Ալումյանի, Ա.Օրբելյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2019 թվականի ապրիլի 11-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումը` թողել օրինական ուժի մեջ:
Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Հ.Ասլանյանի, պաշտպաններ Հ.Խուդոյանի, Ա.Օրբելյանի, Հ.Ալումյանի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման վերաբերյալ դատավոր Ս.Ավետիսյանը ներկայացրել է Հատուկ կարծիք, առաջարկելով` վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ և կայացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որոշումներից մեկը:
5. 2019 թվականի ապրիլի 29-ին թիվ 62202919 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան:
Գործի դատական քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշմամբ պաշտպաններ Հ.Ալումյանի և Ա.Վարդևանյանի միջնորդությունները` Ռ.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու կամ փոփոխելու, որպես խափանման միջոց անձնական երաշխավորություն ընտրելու, խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է:
Պաշտպաններ Ռ.Սահակյանի և Հ.Խուդոյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2020 թվականի հունիսի 18-ի որոշմամբ Առաջին ատյանի դատարանի` 2020 թվականի մայիսի 13-ի որոշումը մասնակիորեն բեկանել և փոփոխել է, բավարարել է պաշտպան Ա.Վարդևանյանի միջնորդությունը, վերացրել է ամբաստանյալ Ռ.Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել գրավը` 2.000.000.000 (երկու միլիարդ) ՀՀ դրամի չափով:
Վճռաբեկ դատարանը 2021 թվականի հուլիսի 30-ի որոշմամբ Վերաքննիչ դատարանի` 2020 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանի, տուժողներ Ա.Հարությունյանի, Ս.Հովհաննիսյանի ներկայացուցիչ Ա.Ղարագյոզյանի, տուժող Ա.Ավագյանի ներկայացուցիչ Ս.Սաֆարյանի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Տ.Եգորյանի և Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Ալումյանի վճռաբեկ բողոքները մերժել է, Վերաքննիչ դատարանի վերոնշյալ դատական ակտը թողել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
6. Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Սահմանադրական դատարանը (այսուհետ` նաև Սահմանադրական դատարան), քննության առնելով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը համապատասխանության հարցը, 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր»:
7. Մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի` նոր հանգամանքի հիմքով բերված բողոքների հիման վրա Վճռաբեկ դատարանը 2021 թվականի սեպտեմբերի 28-ի որոշմամբ հարուցել է նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման վարույթ և վճռաբեկ բողոքներն ընդունել վարույթ(1):
 
____________________
1) Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի անցումային դրույթները կարգավորող 483-րդ հոդվածի 8-րդ մասի` սույն բողոքները քննվել են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
 
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի հունվարի 19-ի որոշմամբ սահմանել է վճռաբեկ բողոքների քննության գրավոր ընթացակարգ:
8. Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմամբ ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումները նոր հանգամանքի հիմքով վերանայվել են: Վերանայման արդյունքում Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքները մերժվել են` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի վերաբերյալ մնացել եմ Հատուկ կարծիքի:
 
Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքները քննվել են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոշարադրյալ հիմնավորումներով.
9. Բողոքի հեղինակը, մատնանշելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի մի շարք իրավանորմեր, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներ, նշել է, որ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի` օրինական ուժի մեջ մտած և վերջնական որոշումները ենթակա են վերանայման: Ընդ որում, Սահմանադրական դատարանի` թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ոչ միայն վերանայման վարույթ հարուցելու, այլև Վճռաբեկ դատարանի վերոնշյալ որոշումները փոփոխելու համար: Ըստ բողոքաբերի` որևէ նորմի հակասահմանադրականության պարագայում Սահմանադրական դատարանի որոշումը պետք է փաստի ուժով հանգեցնի հակասահմանադրական նորմի հիման վրա կայացված դատական ակտի բեկանման: Մասնավորապես, սույն քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի` Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվելու պայմաններում նոր հանգամանքի ուժով այն դատական ակտերը, որոնք հանգեցրել են Ռ.Քոչարյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի տևական սահմանափակման, ենթակա են բեկանման: Արդյունքում, բողոքաբերը հանգել է հետևության, որ Ռ.Քոչարյանի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքների վերականգնման միակ հասանելի միջոցը դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումն է:
Բողոքաբերի կարծիքով ՀՀ Սահմանադրական դատարանի թիվ ՍԴՈ-1586 որոշմամբ ճանաչվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի հակասահմանադրականությունը ոչ թե 2021 թվականի մարտ ամսվա և դրան հաջորդող ժամանակահատվածի դրությամբ, այլ դրա ընդունման պահից` 2009 թվականի մարտ ամսից: Հետևաբար, բոլոր այն դատական ակտերը, որոնցով սահմանափակվել են Ռ.Քոչարյանի իրավունքները` պայմանավորված վերջինիս ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի մեղսագրմամբ, ենթակա են վերանայման, քանի որ 300.1-րդ հոդվածն իր ընդունման պահից չպետք է և չէր կարող առաջացնել որևէ իրավական հետևանք:
Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված հանցավոր արարքի ենթադրյալ կատարման համար Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքին` բողոքաբերը նշել է, որ ինչպես Առաջին ատյանի դատարանը, այնպես էլ Վերաքննիչ դատարանն արձանագրել են ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածով նախատեսված արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի բացակայությունը, ուստի կալանքի ժամկետի երկարացումը վերաբերել է բացառապես ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով նախատեսված արարքի ենթադրյալ կատարմանը:
10. Վերոգրյալի հիման վրա, մեղադրյալ Ռ.Քոչարյանի պաշտպան Հ.Խուդոյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը, խնդրել է`
- հարուցել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի որոշման վերանայման վարույթ, կայացնել նոր դատական ակտ` բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2018 թվականի դեկտեմբերի 7-ի որոշումը,
- վերանայել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մայիսի 21-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի փետրվարի 7-ի և Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի հունվարի 18-ի որոշումները` հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը,
- վերանայել Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի հունիսի 14-ի որոշումը, կայացնել նոր դատական ակտ` մասնակի` պաշտպանների բողոքները մերժելու մասով, բեկանելով Վերաքննիչ դատարանի` 2019 թվականի ապրիլի 11-ի և Առաջին ատյանի դատարանի` 2019 թվականի մարտի 15-ի որոշումները` հաստատելով կալանավորման ժամկետի երկարաձգման ոչ իրավաչափ բնույթը:
 
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Սույն գործով Վճռաբեկ դատարանն իր առջև բարձրացված երկրորդ իրավական հարցի վերաբերյալ` արդյո՞ք ՀՀ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք է ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար, ի թիվս այլնի, արտահայտել է հետևյալ դիրքորոշումը:
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացված վճիռների հիման վրա ներպետական մակարդակով որոշակի գործեր վերաքննելու կամ վերաբացելու մասին» Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի թիվ R(2000)2` անդամ պետություններին ուղղված հանձնարարականի (Այսուհետ` նաև Հանձնարարական) 1-ին կետի համաձայն` Պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restitutio in integrum»` հնարավորինս ապահովելու համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Նույն հանձնարարականի 2-րդ կետի համաձայն` Նախարարների կոմիտեն խրախուսում է Պայմանավորվող կողմերին, մասնավորապես` վերլուծել իրենց ազգային իրավական համակարգերը` նպատակ հետապնդելով երաշխավորել գործի վերաքննության համար անհրաժեշտ համարժեք հնարավորությունների գոյությունն այն դեպքերի համար, երբ Եվրոպական դատարանը հայտնաբերել է Կոնվենցիայի խախտում, հատկապես երբ.
(i) Տուժող կողմը շարունակում է համապատասխան ներպետական որոշման ելքի պատճառով կրել շատ ծանր բացասական հետևանքներ, որոնք համարժեքորեն չեն շտկվում արդարացի հատուցման տրամադրմամբ և չեն կարող շտկվել, բացառությամբ գործի վերաքննության կամ վերաբացման միջոցով, և
(ii) Դատարանի վճիռը հանգեցնում է այն եզրակացության, որ
ա) վիճարկվող ներպետական որոշումն ըստ էության հակասում է Կոնվենցիային կամ
բ) հայտնաբերված խախտումը հիմնված է այնպիսի ծանրության դատավարական սխալների կամ թերությունների վրա, որ լուրջ կասկածի տակ է հայտնվում բողոքի առարկա ներպետական վարույթի ելքը:
Վերոնշյալ հանձնարարականի կապակցությամբ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մեկնաբանությունների համաձայն` կոնվենցիոն մարմինների փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հատկապես քրեական իրավունքի ոլորտում գործերի վերանայումը, ներառյալ վերաբացումը, ունի հիմնարար նշանակություն:
Նշված չափանիշներից (i)-ը, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, վերաբերում է օրինակ այն անձանց, ովքեր դատապարտվել են ազատությունից զրկելու հետ կապված երկարատև պատիժների և դեռևս գտնվում են քրեակատարողական հիմնարկում, երբ կոնվենցիոն մարմինների կողմից քննվում է գործը: Այդ չափանիշի բավարարման համար պետք է լինի ուղիղ պատճառահետևանքային կապ` հայտնաբերված խախտման և տուժող կողմի համար առաջացած շարունակական բացասական հետևանքների միջև:
Վերոնշյալ պայմանի առկայության պարագայում, ըստ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի, (ii) խմբում ներառված չափանիշները նպատակաուղղված են ընդգծելու խախտումների բնույթը, որոնց պայմաններում գործերի վերանայումը կամ վերաբացումը հատկապես կարևոր է (...) (2):
 
____________________
2) Տե՛ս Explanatory memorandum, Council of Europe, Committee of Ministers, Recommendation R (2000)2 on the re-examination or reopening of certain cases at domestic level following judgements of the European Court of Human Rights:
 
Վերոնշյալ իրավական դիրքորոշումների, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 429.9-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումների հաշվառմամբ` Վճռաբեկ դատարանը գտել է, որ նշված մոտեցումը կիրառելի է նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը` որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է:
Վճռաբեկ դատարանը փաստել է նաև, որ սույն բողոքների քննության պահի դրությամբ Ռ.Քոչարյանը գտնվում է ազատության մեջ և չի շարունակում կրել բողոքարկվող դատական ակտերից բխող որևէ բացասական հետևանք: Նման պայմաններում Ռ.Քոչարյանի նախնական կալանքի վերաբերյալ դատական ակտերը եղել են ժամանակավոր և դրանց բեկանումը չի վերականգնի մինչ խախտումն առկա իրավիճակը:
Վերոշարադրյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշումը հիմք չէ ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար, ուստի ներկայացված բողոքները մերժել է` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
 
Դատավոր Ս.Ավետիսյանի իրավական դիրքորոշումները և եզրահանգումները.
12. Ուսումնասիրելով պաշտպան Հ.Խուդոյանի վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումներն ու պահանջը, ծանոթանալով վարույթում առկա նյութերին, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի` 2023 թվականի ապրիլի 7-ի որոշմանը, արժևորելով և բարձր գնահատելով դատավորների մեծամասնության իրավական դիրքորոշումները, այնուամենայնիվ, որոշման պատճառաբանական մասի առանձին դրույթների և եզրափակիչ մասի հետ ունեմ անհամաձայնություններ, ուստի ներկայացնում եմ Հատուկ կարծիք` ներքոշարադրյալ հիմնավորումներով:
12.1. Սույն գործի շրջանակներում 2019 թվականի մարտի 22-ին, մայիսի 21-ին և հունիսի 14-ին ներկայացված Հատուկ կարծիքներում իրավական դիրքորոշումներ եմ արտահայտել առ այն, որ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի սահմանադրականության առումով (հիմնավոր կասկածի շրջանակում) կան ողջամիտ կասկածներ և համապատասխան հիմքեր` ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար` հաշվի առնելով տվյալ նորմի վերաբերյալ իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:
Իրավակիրառ պրակտիկայում վիճարկվող նյութական և քրեադատավարական նորմերին տրված մեկնաբանությունները հաշվի առնելով և ելնելով դատական պաշտպանության ու անձնական ազատության իրավունքի սահմանափակման իրավաչափությունն ապահովելու անհրաժեշտությունից, ի թիվս այլնի, հանգել եմ հետևյալ եզրահանգումների`
1) Ռ.Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով առաջադրված մեղադրանքի օրինականությունը պատշաճ կարգով ստուգված չէ, հետևյալ նկատառումներով.
ա) Դատարաններն անտեսել են, որ մեղադրանքի օրինականությունը որպես կալանավորման պայման իր մեջ տվյալ դեպքում ներառում է Ռ.Քոչարյանի` անձեռնմխելիության հաղթահարումը, որը լուծված չէ:
բ) Բլանկետային դիսպոզիցիայի նորմով մեղադրանքի առաջադրումը, որի սահմանադրաիրավական և դրա հիման վրա քրեաիրավական բովանդակությունը հիմնավոր կասկածի մակարդակով հաղթահարված չէ:
գ) Վերոնշյալ հանգամանքների պարզումը ուղղված է ոչ թե Ռ.Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմնավորվածության ու ապացուցվածության, նրա մեղքի, մեղավորության կամ անմեղության ստուգմանն ու գնահատմանը, այլ հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության պարզմանը` որպես կալանքի պարտադիր պայմանի և անձնական ազատությունից սահմանափակելու իրավաչափության երաշխիքի:
2) Մեջբերված քրեաիրավական նորմից հետևում է, որ այն կառուցված է բլանկետային դիսպոզիցիայի միջոցով, այսինքն` այդ հանցակազմի որոշ տարրեր, այդ թվում` օբյեկտիվ կողմը (հանրորեն վտանգավոր արարքը, որը դրսևորվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ), ինչպես նաև սուբյեկտիվ կողմի հատկանիշները կարող են որոշվել ՀՀ Սահմանադրության համապատասխան դրույթների սահմանադրաիրավական բովանդակության բացահայտման միջոցով:
Մասնավորապես, նշել եմ, որ իրավական որոշակիության տեսանկյունից, պարզաբանման կարիք ունեն «սահմանադրական կարգ տապալելը», «Սահմանադրության որևէ նորմի փաստացի վերացնելը», «իրավական համակարգում այդ նորմի գործողության դադարեցում» և այլ եզրույթները:
Ուստի, գտել եմ, որ վիճարկվող քրեաիրավական դրույթի սահմանադրականությանը` դրան իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությամբ կալանքի հիմքում դրված մեղադրանքի իրավաչափությանն առնչվող հարցի շրջանակներում կարող է անդրադառնալ միայն ՀՀ Սահմանադրական դատարանը:
3) Վերոնշյալի հաշվառմամբ գտել եմ, որ Ռ.Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը (մեղադրանք առաջադրելը), ինչպես նաև նրա կալանավորումը և կալանքի տակ պահելու ժամկետի երկարացումը եղել է խնդրահարույց:
Արձանագրել եմ նաև, որ դատարանների հետևությունն առ այն, որ տվյալ հարցերի պարզումը դուրս է մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից և նախաքննության փուլում դատարանների առջև դրված խնդիրների շրջանակից, անհիմն է և չի բխում, ինչպես Եվրոպական դատարանի որոշումներից, այնպես էլ Վճռաբեկ դատարանի կայուն նախադեպային իրավունքից և Սահմանադրական դատարանի որոշումներից:
12.2. ՀՀ Սահմանադրական դատարանը 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման շրջանակներում արձանագրել է հետևյալը. «(...) Սահմանադրական դատարանը գտնում է, որ այնքանով, որքանով Օրենսգրքի 300.1-ին հոդվածը բլանկետային հղմամբ վկայակոչում է իր ընդունման պահին գործած, սակայն կիրառման պահին Սահմանադրության փոփոխված նորմերը, խնդրահարույց է Սահմանադրության 79-րդ հոդվածով սահմանված իրավական որոշակիության սկզբունքի տեսանկյունից, քանի որ հնարավորություն չի տալիս անձին հստակ պատկերացում կազմել Օրենսգրքով նախատեսված համապատասխան հանցակազմի բաղկացուցիչ տարրերի մասին և հստակ կանխատեսել, թե իր ո՞ր գործողությունները (անգործությունը) կառաջացնեն քրեական պատասխանատվություն:
(...)
Այսպիսով` վիճարկվող դրույթը, որն առավել ինտենսիվ միջամտություն է նախատեսում անձի անձնական ազատության հիմնական իրավունքին, ձևակերպված է այնքան անորոշ, որ հնարավորություն չի տալիս ընկալել դրա իմաստը, կարող է հանգեցնել անկանխատեսելի, հետևապես` նաև կամայական կիրառման, և թույլ է տալիս ընդլայնել հանցագործության սահմանները` պայմանավորված չափազանց բարձր վերացականության աստիճան ունեցող սահմանադրական նորմերին հղում անելու հանգամանքով: Վերացականության բարձր աստիճանն ինքնին խնդրահարույց չէր լինի, եթե հանցակազմի դիսպոզիցիան ձևակերպված լիներ հստակ և թույլ տար ողջամտորեն նույնականացնել նկարագրվող արարքի արտահայտման եղանակը (...)(3)»:
 
____________________
3) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2021 թվականի մարտի 26-ի թիվ ՍԴՈ-1586 որոշման 6.6-6.7-րդ կետերը:
 
Արդյունքում ՀՀ Սահմանադրական դատարանը որոշել է. «1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչել Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր(4)»:
 
____________________
4) Տե՛ս Սահմանադրական դատարանի նույն որոշումը:
 
12.3. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` «1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը տվյալ քրեական գործով դատարանի կիրառած օրենքի դրույթը ճանաչել է Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը` գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի համաձայն` «1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքների հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
2. Այդ վարույթի արդյունքում կայացված դատական ակտում դատարանը կարող է չփոփոխել վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը, միայն եթե ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ սույն օրենսգրքի 426.3 կամ 426.4 հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա: (...)»:
ՀՀ Սահմանադրական դատարանը նոր հանգամանքի հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին անդրադարձել է իր մի շարք որոշումներում (ՍԴՈ-701, ՍԴՈ-751, ՍԴՈ-758, ՍԴՈ-767, ՍԴՈ-833, ՍԴՈ-935, ՍԴՈ-943)` մասնավորապես ընդգծելով, որ անձի իրավունքի արդյունավետ իրացումը պահանջում է սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման այնպիսի լիարժեք օրենսդրական կարգավորում, որը հնարավորություն կտա անձին վերականգնելու սահմանադրական դատարանի կողմից Սահմանադրությանը հակասող ճանաչված նորմատիվ ակտի կիրառման արդյունքում խախտված իր սահմանադրական իրավունքը:
ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտերի վերանայմանը ՀՀ Սահմանադրական դատարանն անդրադարձել է` 2011 թվականի հուլիսի 15-ի թիվ ՍԴՈ-984 որոշմամբ, մասնավորապես, նշելով.
«(...) Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա դատական ակտերի վերանայման ինստիտուտի ողջ բովանդակությունը հանգում է նրան, որ այդ ինստիտուտի միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական իրավունքների վերականգնումը: Խախտված իրավունքների վերականգնումը պահանջում է խախտման արդյունքում տվյալ անձի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն` խնդրո առարկա դեպքում, խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու դեպքում: Հետևաբար, դատական ակտի վերանայման վարույթը` որպես անձի խախտված սահմանադրական իրավունքի վերականգնման միջոց, պետք է հանգեցնի իրավունքը խախտած դատական ակտի իրավաբանական ուժը կորցնելուն(5):
 
____________________
5) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2011 թվականի հուլիսի 15-ի որոշման 7-րդ կետը:
 
(...)
- օրինական ուժի մեջ մտած դատական համապատասխան ակտը նոր հանգամանքների հիմքով վերանայելու ծավալը, շրջանակները պայմանավորված են հակասահմանադրական ճանաչված նորմատիվ դրույթի կարգավորման առարկայով, հարաբերությունների բնույթով ու առանձնահատկություններով, կիրառման շրջանակներով և դրանցով պայմանավորված` նաև անձի կոնկրետ իրավունքների խախտման փաստով:
Վերանայման ինստիտուտը կարող է ծառայել իր նպատակին միայն այն դեպքում, երբ ապահովվի տվյալ գործի նորոգում` կիրառված կոնկրետ նորմի հակասահմանադրականության կոնկրետ փաստի ճանաչման պայմաններում և շրջանակներում: Հաշվի առնելով միջազգային իրավական մոտեցումները` սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ չնայած գործի նորոգման ինստիտուտը քրեական և քաղաքացիական վարույթներում ունի իր առանձնահատկությունները, այսուհանդերձ, դրանց սահմանադրաիրավական բովանդակությունը մեկ նպատակ է հետապնդում` անձի սուբյեկտիվ իրավունքի պաշտպանության երաշխավորում:
Հիմք ընդունելով վերոհիշյալը` սահմանադրական դատարանը գտնում է, որ սահմանադրական դատարանի որոշման հիման վրա` հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը պետք է փաստի ուժով (ipso facto) հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը: Ինչ վերաբերում է բեկանման արդյունքում իրավասու մարմնի լիազորություններին, ապա սահմանադրական դատարանը գտնում է, որ պայմանավորված յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով` տվյալ գործը կամ կարող է ուղարկվել նոր քննության` գործը քննած դատարան, կամ դատական ակտը բեկանած դատարանը կարող է փոփոխել բեկանված ակտը, եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս առանց նոր քննության կայացնելու նոր դատական ակտ` հաշվի առնելով կիրառված իրավանորմի` ՀՀ Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու փաստը:
(...)
Նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման վարույթի շրջանակներում իրականացվում է օրինական ուժի մեջ մտած վերջնական դատական ակտի առկայության պայմաններում խախտված իրավունքի վերականգնման գործառույթ, որն ունի իր ուրույն խնդիրներն ու նպատակները: Այս գործառույթի արդյունավետ իրականացումը կարող է ապահովվել հաշվի առնելով դրա բովանդակությամբ, խնդիրներով ու նպատակներով պայմանավորված առանձնահատկությունները, բացառելով հակասահմանադրական նորմ բովանդակող վերանայվող դատական ակտն ուժի մեջ թողնելու հնարավորությունը:
ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչված նորմ կիրառած դատական ակտը վերանայման արդյունքում ուժի մեջ թողնելը չի երաշխավորում դատական ակտերի վերանայման գործառույթի արդյունավետ իրականացման հնարավորություն` թույլ չտալով նաև դատական ակտերի վերանայման նպատակի ու խնդիրների իրացում, և միաժամանակ արգելափակելով անձի սահմանադրական արդարադատության իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը: Տվյալ իրավիճակում չի ապահովվում նաև իրավունքի գերակայության, հետևաբար` և Սահմանադրության գերակայության երաշխավորման սկզբունքի իրացումը:
(...)
Որևէ դատարանի կողմից իրավունքի խախտումը փաստելը` առանց այն վերացնելու, նշանակում է չիրականացնել արդարադատություն, մինչդեռ, եթե դատարանը կոչված է վերանայելու ստորադաս դատարանների դատական ակտերը (իսկ Վճռաբեկ դատարանի համար այդ պահանջն ուղղակիորեն սահմանված է Սահմանադրության 171-րդ հոդվածի 2-րդ մասում), ապա չի կարող չիրականացնել արդարադատություն, այսինքն, նաև չվերացնել հիմնական կամ այլ իրավունքների և ազատությունների խախտումները, հատկապես եթե արձանագրում է դրանք: Ակնհայտ է, որ որևէ նման օրենսդրական կառուցակարգ կամ դատական պրակտիկա հակասության մեջ կմտնեն Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի հետ, ընդ որում, նման դեպքերում երաշխավորված չեն լինի նաև արդար դատաքննության երաշխիքները (6)»:
 
____________________
6) Տե՛ս Սահմանադրական դատարանի նույն որոշումը:
 
ՀՀ Սահմանադրական դատարանը 2013 թվականի մայիսի 31-ին թիվ ՍԴՈ-1099 որոշմամբ անդրադառնալով արդարադատության մատչելիությանը` նշել է.
«նոր հանգամանքների հիման վրա դատական ակտի վերանայման հետ կապված իրավահարաբերությունների օրենսդրական կարգավորման նպատակը պետք է լինի ինչպես արդարադատության մատչելիությունը, այնպես էլ անձանց սահմանադրական իրավունքների դատական պաշտպանության արդյունավետության ապահովումը, որոնց օրենսդրորեն հստակեցումը կմեծացնի վստահությունն արդարադատության նկատմամբ, մարդկանց հնարավորություն կտա առավել երաշխավորված ու արդյունավետ իրացնել դատական պաշտպանության իրենց սահմանադրական իրավունքը(7) (...)»:
 
____________________
7) Տե՛ս Սահմանադրական դատարանի` 2013 թվականի մայիսի 13-ի որոշման 6-րդ կետը:
 
12.4. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի իրավադրույթի կապակցությամբ ՀՀ Սահմանադրական դատարանն իրավական դիրքորոշում է ձևավորել առ այն, որ. «(...) Իրավաչափ նպատակ է հետապնդում վեճի առարկա դրույթով նախատեսվող լրացուցիչ պահանջը: Այն պետք է դիտարկել ոչ թե իրավունք կամ սուբյեկտիվ հայեցողություն դատական ակտն անփոփոխ թողնելու համար, այլ նորմատիվ պարտադրանք` նման հնարավոր դեպքերում ծանրակշիռ փաստարկներով հիմնավորում ներկայացնելու վերաբերյալ: Պարզապես այսպիսի իրավակարգավորումը նույնպես ենթադրում է իրավական մշակույթի պատշաճ մակարդակ և «ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցում, ինչն օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է: (...) Անհրաժեշտ է նաև հաշվի առնել, որ նման փաստարկների բացակայության պայմաններում վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կհակասի իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին(8)»:
 
____________________
8) Տե՛ս Սահմանադրական դատարանի` նույն որոշումը:
 
13. Վերոշարադրյալ իրավական կարգավորումների և ՀՀ Սահմանադրական դատարանի դիրքորոշումների հաշվառմամբ հարկ եմ համարում արձանագրել հետևյալը`
1) Նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով դատարանը գործի քննության արդյունքում կայացնում է դատական ակտ` քրեադատավարական օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:
Սույն դեպքում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում վճռաբեկ դատարանը մերժում է վճռաբեկ բողոքը` դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, կամ կայացնում է նոր դատական ակտ, որն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից»:
2) Հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի վերանայումը փաստի ուժով (Ipso facto) պետք է հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի բեկանմանը:
3) Վերանայված դատական ակտի եզրափակիչ մասի անփոփոխ թողնելը կարող է հակասել իրավունքի գերակայության սկզբունքին և իրավական պետության հիմնարար արժեքներին:
4) Վերանայված դատական ակտի եզրափակիչ մասը կարող է չփոփոխվել (դատական ակտը չբեկանվել) միայն ծանրակշիռ փաստարկների առկայության հիմնավորմամբ, այն է` երբ նույն օրենսգրքի 426.3-րդ կամ 426.4-րդ հոդվածներով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
5) «Ծանրակշիռ փաստարկներ մատնանշմամբ հիմնավորում» եզրույթի հայեցողական սահմանների իրավական հստակեցումը օրենսդրի և դատական համարժեք նախադեպ ստեղծելու խնդիրն է:
6) Հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի կիրառումը չպետք է հանգեցնի իրավական անորոշության: Տվյալ պահանջի գնահատումը պայմանավորված է յուրաքանչյուր կոնկրետ գործի առանձնահատկություններով և կիրառված իրավանորմի` Սահմանադրությանը հակասող ճանաչված լինելու փաստով:
Գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման դեպքում, Վճռաբեկ դատարանը կարող է կայացնել նոր դատական ակտ (եթե հաստատված փաստական հանգամանքները հնարավորություն են տալիս այդպիսի ակտի կայացումը առանց նոր քննության):
7) «Կալանավորման պայմաններից` հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած» եզրույթի էությունը բացահայտելիս, Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքում ձևավորված դիրքորոշումների համաձայն, կարևոր նշանակություն ունի որոշակի խումբ անձանց համար անձեռնմխելիության պարտադիր հաղթահարումը, քրեական գործով վարույթը կարճելու բացառող հանգամանքների առերևույթ առկայությունը, քանի որ իրավունքի ուժով դրանք բացառում են գործի հարուցումը կամ քրեական հետապնդումը:
13.1. Վերոշարադրյալի լույսի ներքո անդրադառնալով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում նախատեսված դատական ակտերը վերանայելու նոր հանգամանքի էությանը, հարկ եմ համարում նշել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կիրառված քրեական օրենքի Հատուկ մասի նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը դատավարության ցանկացած փուլում վարույթը հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ կարճելու անվերապահ հիմք է (հանցագործությունը կարող է սահմանվել, իսկ պատիժը նախատեսվել` միայն օրենքով` «nullum crimen, nulla poena sine lege»): Այլ խոսքով` քրեական օրենքի Հատուկ մասի նորմի (հանցակազմի) հակասահմանադրական լինելու դեպքում արձանագրվում է, որ տվյալ արարքը հանցագործություն չի համարվում:
Եվրոպական դատարանը մի շարք որոշումներում արձանագրել է, որ «հիմնավոր կասկածն» ակնհայտորեն չի կարող գոյություն ունենալ, եթե կալանավորված անձին մեղսագրվող արարքները կամ փաստերը հանցագործություն չեն եղել այն ժամանակ, երբ դրանք տեղի են ունեցել (Kavala v.Turkey, § 128):
Նույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն, որպես նոր հանգամանք հանդիսանում է նաև միջազգային դատարանի որոշումը, երբ միջազգային դատարանը ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը:
Համադրելով տվյալ երկու նոր հանգամանքները, հարկ է ընդգծել, որ միջազգային դատարանի կողմից իրավունքի խախտման փաստը դեռևս հիմք չէ վերանայման արդյունքում վերաբացել վարույթը (բեկանել դատական ակտը): Այդ մոտեցումն ամրագրվել է նաև Վճռաբեկ դատարանի որոշումներում, մասնավորապես, դատական ակտերը Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման փաստով վերանայելիս:
Սակայն անհրաժեշտ է փաստել, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրվում է Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, դիմումատուին տրամադրվում է ոչ նյութական վնասի հատուցում: Մինչդեռ, ՀՀ Սահմանադրական դատարանը կիրառած օրենքի դրույթը ճանաչելով Սահմանադրությանը հակասող և անվավեր, չի արձանագրում դիմումատուի իրավունքների խախտման փաստը, ինչը դատական պրակտիկայի ձևավորման տիրույթում է:
Հետևապես, կիրառած ՀՀ քրեական օրենսգրքի Հատուկ մասի նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչելը որպես նոր հանգամանք, իմ կարծիքով, պետք է հիմք հանդիսանա Կոնվենցիայի 5-րդ հոդվածի խախտման փաստը արձանագրելու համար:
13.2. Անդրադառնալով խնդրո հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը, անհրաժեշտ եմ համարում արձանագրել հետևյալը`
Դատավորների մեծամասնությունը որոշման հիմքում դրել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի R(2000)2 Հանձնարարականը, որով պայմանավորվող կողմերին կոչ է արվել երաշխավորել ազգային մակարդակով «restituto in integrum» սկզբունքը` հնարավորինս ապահովվելու անհրաժեշտ համարժեք հնարավորությունների առկայությունը:
Գտնում եմ, որ Հանձնարարականի կիրառումը քննարկվող դեպքի նկատմամբ կարող է կիրառելի համարվել հետևյալ առանձնահատկությունների հաշվառմամբ:
Նախ և առաջ, Հանձնարարականի (i) խմբում նշված չափանիշները սույն գործի նկատմամբ կիրառելի չեն, քանի որ սույն որոշումը կայացնելու պահին Ռոբերտ Քոչարյանը բացասական հետևանքներ չի կրում և գտնվում է ազատության մեջ:
Միևնույն ժամանակ, Հանձնարարականի (ii) խմբի ա) կետում նախատեսված չափորոշիչը, այն է` դատարանի որոշումը հանգեցնում է այն եզրակացության, որ վիճարկվող ներպետական որոշումը ըստ էության հակասում է Կոնվենցիային, հնարավոր է կիրառել հետևյալ նկատառումներով:
Սույն դեպքով դատական ակտերը վերանայելու հիմքը` որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է, որով ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ընդ որում, դրա ընդունման պահից` 2009 թվականի մարտի 20-ից:
Դա նշանակում է, որ վիճարկվող դատական ակտերը ուղղակիորեն հակասում են ինչպես ներպետական օրենսդրությանը, այնպես էլ Եվրոպական Կոնվենցիայի դրույթներին: Հատկանշական է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածում ամրագրված իրավունքների խախտման հիմքով դատական ակտերը վերանայելիս, կիրառված քրեաիրավական նորմի սահմանադրականության տեսանկյունից կասկած չի հարուցվում, մինչդեռ, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման դեպքում արձանագրվում է, որ քրեական օրենքի կիրառված նորմը հակասահմանադրական է, ինչը պետք է հանգեցնի դատական ակտերի եզրափակիչ մասերի բեկանմանը (դատական ակտերի իրավաբանական ուժը կորցնելուն):
Հարկ է արձանագրել, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է ոչ միայն ներպետական օրենսդրության առնչությամբ, այլև «օրենքի որակին» վերաբերող պահանջներ, ինչը նշանակում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ազգային օրենսդրությամբ թույլատրվում է ազատությունից զրկել, ապա թույլատրող օրենսդրությունը պետք է բավարար չափով հասանելի, ճշգրիտ և կիրառելիության առումով կանխատեսելի լինի (J.N.v. the United Kingdom, § 77):
Վերոշարադրյալի հաշվառմամբ գտնում եմ, որ նման իրավիճակներում անձի ազատության մեջ գտնվելը, բացասական հետևանքներ չկրելը, թեև սկզբունքային նշանակություն ունի, սակայն միակ և վճռորոշ հանգամանք չէ դատական ակտերը չբեկանելու համար: Դեռ ավելին, գտնում եմ, որ նման դեպքերում Վճռաբեկ դատարանը պետք է արձանագրի դիմումատուի իրավունքների խախտումը և դատական ակտերի եզրափակիչ մասերը բեկանի: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի արձանագրել, որ Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա վերանայված դատական ակտերի արդյունքում անձի խախտված իրավունքներն ամբողջությամբ վերացել են: Այլ կերպ` դատական ակտերի վերանայման արդյունքում հակասահմանադրական նորմի կիրառման իրավական հետևանքները պետք է վերացվեն:
Հակառակ դեպքում, գործնականում վերանայված ակտի ուժի մեջ մնալը կնշանակի, որ արդարադատության հիմքում դրվել է ու կշարունակի ուժի մեջ մնալ հակասահմանադրական նորմը:
13.3. Ինչպես նշվել է, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` վերանայման արդյունքում դատական ակտի եզրափակիչ մասը կարող է չփոփոխվել այն հիմնավորմամբ, որ սույն օրենսգրքի, մասնավորապես, 426.4-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներն ըստ էության չէին կարող ազդել գործի ելքի վրա:
Տվյալ դեպքում, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումը որպես նոր հանգամանք, որով կիրառված քրեաիրավական նորմը ճանաչվել է Սահմանադրությանը հակասող և անվավեր, ծանրակշիռ փաստարկ է գալու հետևության, որ ազդել է գործով ելքի վրա` կալանավորման պայմանի` հիմնավոր կասկածի հարցը քննության առնելիս և կալանավորման ժամկետները երկարաձգելիս:
Վերոգրյալը հիմք է տալիս փաստելու, որ Վճռաբեկ դատարանի եզրահանգումն առ այն, որ Հանձնարարականում բերված նկատառումները կիրառելի են նաև այն դեպքում, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի վերանայման հիմքը` որպես նոր հանգամանք, ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումն է` առանց դատական ակտերի եզրափակիչ մասերը բեկանելու, վիճահարույց է:
Ամփոփելով վերոշարադրյալը, գտնում եմ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը միջազգային դատարանի և Սահմանադրական դատարանի որոշումների հիման վրա վերանայելիս և (կամ) վերաբացելիս իրավունքի զարգացման լույսի ներքո անհրաժեշտ է նկատի ունենալ, որ վերը նշված երկու նոր հանգամանքները միմյանցից էապես տարբերվում են և դատական ակտերի եզրափակիչ մասերը բեկանելու կամ չբեկանելու առումով կարևոր նշանակություն ունեն:
Վերոգրյալը հիմք է տալիս արձանագրելու, որ չնայած այն հանգամանքին, որ նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին իրենց մի շարք որոշումներում անդրադարձել են Եվրոպական դատարանը, ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ Վճռաբեկ դատարանը, այնուամենայնիվ, վերոշարադրյալի համատեքստում այդ ինստիտուտը, թե՛ օրենսդրական մակարդակում, թե՛ դատական պրակտիկայում շարունակում է մնալ վիճահարույց:
Այն դեպքերում, երբ Սահմանադրական դատարանի որոշմամբ արձանագրվում է, որ քրեական օրենքի Հատուկ մասի նորմը Սահմանադրությանը հակասող և անվավեր է, դատական ակտերի վերանայումը պետք է խարսխվի իրավունքի գերակայության և պետության` ՀՀ Սահմանադրությամբ սահմանված` մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխան պաշտպանելու պարտավորության հենքի վրա, ինչը քննարկվող դեպքում ենթադրում է դատական ակտերի բեկանում:
Այսպիսով, գտնում եմ, որ պաշտպանի վճռաբեկ բողոքները պետք է բավարարել` նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի վերոնշյալ դատական ակտերի վերանայման արդյունքում, ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանել:
Ելնելով վերոգրյալներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163-րդ, 171-րդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքի 6-րդ, 7-րդ, 11-րդ, 13-րդ, 29-րդ և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 40-42-րդ, 361.1-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ և 426.9-րդ հոդվածներով`
 
առաջարկում եմ`
 
Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի վճռաբեկ բողոքները բավարարել:
Նոր հանգամանքի հիմքով` ՀՀ Վճռաբեկ դատարանի` 2019 թվականի մարտի 22-ի, 2019 թվականի մայիսի 21-ի և 2019 թվականի հունիսի 14-ի որոշումների վերանայման արդյունքում ստորադաս դատարանների համապատասխան դատական ակտերը բեկանել:
 
    Դատավոր`                              Ս. Ավետիսյան