ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական Քաղաքացիական գործ
դատարանի որոշում թիվ ԵԴ/24298/02/22
Քաղաքացիական գործ թիվ ԵԴ/24298/02/22 2025 թ.
Նախագահող դատավոր` Դ. Սերոբյան
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը
(այսուհետ` Վճռաբեկ դատարան), հետևյալ կազմով`
նախագահող` Գ. Հակոբյան
զեկուցող Ն. Հովսեփյան
Ա. Աթաբեկյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
2025 թվականի սեպտեմբերի 26-ին
գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89.165.717 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 88.578.125 ՀՀ դրամ և 88.578.125 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Էմանուել Անանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 66-րդ, 368-րդ, 370-րդ ու 371-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ փոստային ծառայության միջոցով 23.12.2024 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վերաբերել է Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելուն: Փաստացի Էմանուել Անանյանը սույն գործով գրեթե սկզբնական փուլից հանդիսանում է սկզբնական հայցով պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը, ով մինչև վերաքննիչ բողոք բերելը մշտապես մասնակցել է գործի քննությանը, որը սկսվել է 13.05.2022 թվականից: Էմանուել Անանյանը մշտապես մասնակցել է սույն գործով դատական նիստերին, ներկայացրել է գրավոր առարկություններ, միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ, որոնք մշտապես քննության են ենթարկվել և երբևէ կասկածի տակ չեն դրվել նրա լիազորությունները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքաբերը պարտավոր չէ ներկայացնել բողոքին կից լիազորագիր, եթե իր լիազորագիրը բնօրինակ տեսքով գտնվում է գործի նյութերում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
3. ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԵԶՐԱՀԱՆԳՈՒՄՆԵՐԸ
i
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է և առկա է գործում, ավելին` դրա պատճենը ներառվել է նաև գործի հավելվածում` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
i
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R(95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (...) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
i
Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում` այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
i
Մեկ այլ, այն է` 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
i
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...):Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև ներկայացուցչի` դատական ակտը բողոքարկելու լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23-Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում է բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)` կազմելով գործի հավելված:
Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:
Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս` դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական և այլ փաստաթղթերի ստացման, հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նաև արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:
Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի` դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.` գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլնի պատճենները: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:
i
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ տվյալ դեպքում գործում է դատարանի կողմից կազմված և հավելվածում ներառված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկության կանխավարկածը, ինչն իրենից ենթադրում է, որ հավելվածում ներառված դատավարական փաստաթղթերի պատճենները չպետք է կասկածի տակ դրվեն զուտ միայն այն պատճառով, որ դրանք պատճեններ են: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք առաջին հերթին պատճենահանվում են դատական գործից` դատարաններում գործավարության կանոններին համապատասխան, երկրորդ` դատարանի կողմից, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է փաստաթղթերի իսկության կանխավարկածի ապահովման համար, եթե հակառակը չի ապացուցվել (տե՛ս, Հարություն Բետխեմյանն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է (Հավելված 1, գ.թ. 150-154):
Դատարանի նշված որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (2-րդ հատոր գ.թ. 6-13):
Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և սույն գործի նյութերում, և վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար:
Անդրադառնալով սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022թ. տրված լիազորագրին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է: (...)»:
Մինչդեռ, գործի փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործում Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի կողմից Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված, որը և ուղարկվել է Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի քննությունն ապահովելու համար: Դատարանի կողմից կազմված և գործի նյութերի անբաժան մաս հանդիսացող Հավելվածը, ի թիվս այլնի, պարունակել է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթի պատճենը, որում նշված է նաև վերջինիս դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Կոնկրետ դեպքում, Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենը, որն ընդգրկված է դատարաններում գործավարության կանոններին համահունչ կազմված գործի հավելվածում, Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ չէր կարող դրվել: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որևէ իրավանորմով պարտադիր չի համարել, որ վերաքննիչ բողոքին կից անհրաժեշտ է ներկայացնել նույն լիազորագրի բնօրինակը, եթե այն ոչ միայն արդեն իսկ առկա է, այլև ստուգված և ընդունված է համարվել դատարանի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել փաստաթղթի իսկության կանխավարկածով, քանի դեռ հակառակը չի ապացուցվել` իրականացնելով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակային քննություն:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, անհարկի վերադարձրել է Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերջինիս վրա դնելով ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված պարտականություն և անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքի գերակայության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները պահանջում են գործել ոչ թե ձևականության, այլ արդյունավետության տեսանկյունից:
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 29.01.2025 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ, 406-րդ ու 408-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Գ. Հակոբյան
Զեկուցող Ն. Հովսեփյան
Ա. Աթաբեկյան
Ս. Մեղրյան
Ա. Մկրտչյան
Է. Սեդրակյան
Վ. Քոչարյան
Հատուկ կարծիք
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի կողմից թիվ ԵԴ/24298/02/22 քաղաքացիական գործով 26.09.2025 թվականին
կայացված որոշման պատճառաբանական և եզրափակիչ մասերի վերաբերյալ
03.10.2025 թվական
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), 2025 թվականի սեպտեմբերի 26-ին (համակարգում տեղադրվել է 26.09.2025 թվականին) գրավոր ընթացակարգով քննելով ըստ «ՕՍՏ-ՇԻՆ» ՍՊԸ-ի (այսուհետ` Ընկերություն) հայցի ընդդեմ «ՄՈՒՇ ԹԱՈՒԵՐՍ» ՍՊԸ-ի (այսուհետ` Կազմակերպություն)` գումար բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Կազմակերպության հակընդդեմ հայցի ընդդեմ Ընկերության` գումար բռնագանձելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության բերած վճռաբեկ բողոքը, Վճռաբեկ դատարանի դատավորների ընդհանուր թվի մեծամասնությամբ որոշել է վճռաբեկ բողոքը բավարարել, վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կարծիքի հետ, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի 9-րդ և 10-րդ մասերով, շարադրում ենք մեր հատուկ կարծիքն այդ մասերի վերաբերյալ:
1. Վճռաբեկ դատարանը որպես գործի դատավարական նախապատմություն նշել է հետևյալը.
«Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Կազմակերպությունից բռնագանձել 89.165.717 ՀՀ դրամ:
Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Կազմակերպությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 88.578.125 ՀՀ դրամ և 88.578.125 ՀՀ դրամի նկատմամբ հաշվարկված ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով սահմանված տոկոսները:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (այսուհետ` Դատարան) 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության միջնորդությունը` հակընդդեմ ապահովում կիրառելու մասին, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության բերած վերաքննիչ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպությունը (ներկայացուցիչ Էմանուել Անանյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել»:
2. Վճռաբեկ դատարանը որպես վճռաբեկ բողոքի հիմք, հիմնավորումներ և պահանջ նշել է հետևյալը.
«Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 6-րդ, 9-րդ, 66-րդ, 368-րդ, 370-րդ ու 371-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանը պատշաճ չի գնահատել, որ փոստային ծառայության միջոցով 23.12.2024 թվականին ներկայացված վերաքննիչ բողոքը վերաբերել է Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի կողմից ներկայացված միջնորդությունը մերժելուն: Փաստացի Էմանուել Անանյանը սույն գործով գրեթե սկզբնական փուլից հանդիսանում է սկզբնական հայցով պատասխանողի և հակընդդեմ հայցով հայցվորի ներկայացուցիչը, ով մինչև վերաքննիչ բողոք բերելը մշտապես մասնակցել է գործի քննությանը, որը սկսվել է 13.05.2022 թվականից: Էմանուել Անանյանը մշտապես մասնակցել է սույն գործով դատական նիստերին, ներկայացրել է գրավոր առարկություններ, միջնորդություններ, վերաքննիչ բողոքներ, որոնք մշտապես քննության են ենթարկվել և երբևէ կասկածի տակ չեն դրվել նրա լիազորությունները:
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ բողոքաբերը պարտավոր չէ ներկայացնել բողոքին կից լիազորագիր, եթե իր լիազորագիրը բնօրինակ տեսքով գտնվում է գործի նյութերում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը»:
3. Վճռաբեկ դատարանը որպես պատճառաբանություններ և եզրահանգումներ նշել է հետևյալը.
«Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ այն իրավական հարցադրմանը, արդյո՞ք անձի վրա կարող է դրվել ներկայացուցչի լիազորությունը հավաստող ապացույցը վերաքննիչ բողոքին կցելու պարտականություն, եթե առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում այն ներկայացվել է և առկա է գործում, ավելին` դրա պատճենը ներառվել է նաև գործի հավելվածում` վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:
Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:
Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք:
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները, (...) ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) նախադեպային իրավունքի համաձայն` դատարանի մատչելիության իրավունքն արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասն է: Այնուամենայնիվ, այդ իրավունքը բացարձակ չէ և կարող է ենթարկվել սահմանափակումների: Այդ սահմանափակումները թույլատրվում են, քանի որ մատչելիության իրավունքն իր բնույթով պահանջում է պետության կողմից որոշակի կարգավորումներ, և այս առումով պետությունը որոշակի հայեցողական լիազորություն ունի: Սակայն դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակումը պետք է իրականացվի այնպես, որ չխախտի կամ զրկի անձին մատչելիության իրավունքից այնպես կամ այն աստիճան, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը (տե՛ս Աշինգդեյնն ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 8225/78 գանգատով Եվրոպական դատարանի 28.05.1985 թվականի վճիռը, կետ 57, Տոլստոյ Միլոսլավսկին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 18139/91 գանգատով Եվրոպական դատարանի 13.07.1995 թվականի վճիռը, կետ 59): Բացի այդ, սահմանափակումը Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե կիրառված միջոցների և հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն` գործնական ու արդյունավետ իրավունքների երաշխավորման ապահովմամբ (տե՛ս Ալ-Ադսանին ընդդեմ Միացյալ Թագավորության թիվ 35763/97 գանգատով Եվրոպական դատարանի 21.11.2001 թվականի վճիռը, կետ 53, Խալֆաուին ընդդեմ Ֆրանսիայի թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.12.1999 թվականի վճիռը, կետ 35-36, Ռապոն ընդդեմ Ֆրանսիայի թիվ 4210/00 գանգատով Եվրոպական դատարանի 25.07.2002 թվականի վճիռը, կետ 90, «Պայքար և հաղթանակ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի թիվ 21638/03 գանգատով Եվրոպական դատարանի 20.12.2007 թվականի վճիռը, կետ 44):
Եվրոպական դատարանը մեկ այլ վճռով նշել է, որ պետությունը դատարան դիմելու իրավունքից օգտվելու համար կարող է սահմանել որոշակի պայմաններ, «...պարզապես պետության կողմից կիրառված սահմանափակումները չպետք է այն կերպ կամ այն աստիճանի սահմանափակեն անձի դատարանի մատչելիության իրավունքը, որ վնաս հասցվի այդ իրավունքի բուն էությանը: Բացի այդ, սահմանափակումը 6-րդ հոդվածի 1-ին կետին չի համապատասխանի, եթե այն իրավաչափ նպատակ չի հետապնդում, և եթե կիրառված միջոցների ու հետապնդվող նպատակի միջև չկա համաչափության ողջամիտ հարաբերակցություն» (տե՛ս, թիվ 34791/97 գանգատով Եվրոպական դատարանի 14.03.2000 թվականի վճիռը, կետ 36):
Եվրոպական դատարանը նշել է նաև, որ դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 1995 թվականի փետրվարի 7-ի թիվ R(95) 5 հանձնարարականի 1-ին հոդվածի (a) կետով նախատեսված սկզբունքի համաձայն` պետք է առկա լինի վերադաս դատարանի (երկրորդ ատյանի դատարան) կողմից ստորադաս դատարանի (առաջին ատյանի դատարանի) ցանկացած որոշման վերանայման հնարավորություն: Այսինքն` առաջին ատյանի դատական ակտերի նկատմամբ դատական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որպեսզի հնարավորինս ապահովվի դատավարական օրենքով սահմանված կարգով բողոքարկման ենթակա դատական ակտի վերանայման հնարավորությունը վերադաս դատարանի կողմից (երկրորդ ատյանի դատարան): Այն է` այն դեպքում, երբ պետության դատական համակարգն ունի եռաստիճան կառուցվածք, անձը պետք է ունենա առնվազն երկու ատյանում լսված լինելու իրավունք: Հետևաբար, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ դատարանների կողմից չեն կարող ստեղծվել այնպիսի ձևական խոչընդոտներ, որոնց արդյունքում կարող է խախտվել անձանց` դատական ակտի` օրենքով նախատեսված կարգով վերանայման իրավունքը (տե՛ս, ի թիվս այլնի, Ժաննա Տերյանն ընդդեմ Վահան Տերյանի և Վահան Տերյանն ընդդեմ Ժաննա Տերյանի թիվ ԵԱՆԴ/0563/02/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 07.12.2018 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի` Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված իրավունքը չի ներառում վերաքննության իրավունքը: Միևնույն ժամանակ Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում հետևողականորեն արտահայտվում է այն սկզբունքային իրավական դիրքորոշումը, որի համաձայն` Եվրոպական կոնվենցիան պայմանավորվող պետություններին չի պարտադրում ստեղծել վերաքննիչ կամ վճռաբեկ դատարաններ, այնուամենայնիվ, եթե ստեղծվել են, ապա պետք է ապահովվի, որ շահագրգիռ անձինք այդ դատարաններում ևս օգտվեն 6-րդ հոդվածի երաշխիքներից (...) (տե՛ս Ստարոշչկն ընդդեմ Լեհաստանի թիվ 59519/00 գանգատով Եվրոպական դատարանի 22.03.2007 թվականի վճիռը, կետ 125):
Դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի բաղադրատարր հանդիսացող` դատական ակտի բողոքարկման իրավունքի լիարժեք և արդյունավետ իրացումն ապահովելու խնդիրներին անդրադարձ է կատարել նաև Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում` այդ կապակցությամբ հայտնելով որոշ սկզբունքային իրավական դիրքորոշումներ: Մասնավորապես, անդրադառնալով սահմանադրորեն երաշխավորված անձի դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացման իրավական խնդրին` Սահմանադրական դատարանն իր 28.11.2007 թվականի թիվ ՍԴՈ-719 որոշման մեջ արտահայտել է հետևյալ իրավական դիրքորոշումը. անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը` ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառ գործունեություն իրականացնելիս: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը և պայմանները սահմանում է օրենսդիրը: Օրենսդիրն այս գործընթացում օժտված է գնահատման որոշակի ազատությամբ, սակայն սա չի նշանակում, որ օրենսդիրն իրավասու է սահմանելու դատարան դիմելու իրավունքի իրացմանը վերաբերող ցանկացած իրավակարգավորում: ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված այս հիմնարար իրավունքի իրացման կարգը և պայմանները նախատեսող իրավակարգավորումները պետք է նպատակ հետապնդեն ապահովելու դատական պաշտպանության միջոցների գործնականում արդյունավետ երաշխավորումը, այլ խոսքով` արդարադատության պատշաճ իրականացումը և անձանց իրավունքների և ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը:
Մեկ այլ, այն է` 25.11.2008 թվականի թիվ ՍԴՈ-780 որոշմամբ Սահմանադրական դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքի կարևոր բաղադրիչներից մեկը բողոքարկման իրավունքն է:
Ըստ Սահմանադրական դատարանի 18.07.2012 թվականի թիվ ՍԴՈ-1037 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշման` դատական ակտերի բողոքարկման ինստիտուտի նպատակը ոչ միայն ներկայացված պահանջի մերժման կամ բավարարման իրավաչափության ստուգումն է: Այս ինստիտուտն այն հիմնական և էական իրավական երաշխիքն է, որի միջոցով ապահովվում է ստորադաս դատարանի կողմից արդար դատաքննության իրավունքի հիմնական բաղադրատարրերի, մասնավորապես, ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի 1-ին մասով և Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված դատավարական երաշխիքների պահպանումը: Բոլոր այն դեպքերում, երբ առաջին ատյանի դատարանը չի պահպանել հիշյալ դատավարական երաշխիքները, քաղաքացին չունենալով վերաքննության իրավունք, ըստ էության զրկվում է իր գործի արդար դատաքննության իրավունքն արդյունավետորեն իրացնելու հնարավորությունից և արդար դատաքննության իրավունքի խախտման դեմ պաշտպանության արդյունավետ միջոցից:
Բացի այդ, Սահմանադրական դատարանը, մի շարք որոշումներում (տե՛ս, ՍԴՈ-652, ՍԴՈ-690, ՍԴՈ-719, ՍԴՈ-765, ՍԴՈ-844, ՍԴՈ-873, ՍԴՈ-890, ՍԴՈ-932, ՍԴՈ-942, ՍԴՈ-1037, ՍԴՈ-1052, ՍԴՈ-1115, ՍԴՈ-1127, ՍԴՈ-1190, ՍԴՈ-1192, ՍԴՈ-1196, ՍԴՈ-1197, ՍԴՈ-1220, ՍԴՈ-1222, ՍԴՈ-1257, ՍԴՈ-1289) կարևորելով իրավակարգավորման մի շարք սկզբունքներ, նաև արձանագրել է, որ`
- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ,
- ընթացակարգային որևէ առանձնահատկություն չի կարող մեկնաբանվել որպես ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված` դատարանի մատչելիության իրավունքի սահմանափակման հիմնավորում,
- դատարանի մատչելիությունը կարող է ունենալ այնպիսի սահմանափակումներ, որոնք չեն խաթարում այդ իրավունքի բուն էությունը,
- դատարան դիմելիս անձը չպետք է ծանրաբեռնվի ավելորդ ձևական պահանջներով,
- իրավական որոշակիության ապահովման պահանջից ելնելով` դատարանի մատչելիության իրավունքի իրացման համար անհրաժեշտ որոշակի իմպերատիվ նախապայմանի առկայությունն ինքնին չի կարող դիտվել որպես ՀՀ Սահմանադրությանը հակասող: Այլ հարց է, որ նման նախապայմանը պետք է լինի իրագործելի, ողջամիտ և չհանգեցնի իրավունքի էության խախտման:
Բողոքարկման իրավունքի և այդ համատեքստում նաև դատարանի մատչելիության վերաբերյալ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով կիրառման ենթակա իրավակարգավորումներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` գործին մասնակցող անձինք ունեն առաջին ատյանի դատարանի դատական ակտերի վերաքննության կարգով վերանայման իրավունք` նույն օրենսգրքով նախատեսված դեպքերում և կարգով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր` նույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: (...):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետի համաձայն` վերաքննիչ բողոքում նշվում են` (...) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` (...):Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե` չեն պահպանվել նույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացված որոշմամբ անդրադառնալով դատական ակտերի բողոքարկման ինստիտուտին, արձանագրել է, որ ՀՀ Սահմանադրության և Կոնվենցիայի համապատասխան հոդվածներով ամրագրված է անձի դատական պաշտպանության իրավունքը, որի կարևոր բաղադրիչներից մեկը դատական ակտերի բողոքարկման իրավունքն է: Բողոքարկման ինստիտուտն իրավական միջոց է, որը հնարավորություն է տալիս որոշակի ընթացակարգի միջոցով գործնականում ապահովել դատական սխալների բացահայտումը և ուղղումը` դրանով իսկ նպաստելով արդարադատության նպատակների գործնականում իրականացմանը (տե՛ս Սուսաննա Արարատի Միրզոյանն ընդդեմ Սուսաննա Միհրանի Միրզոյանի թիվ ԱՐԱԴ/0170/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.11.2015 թվականի որոշումը):
Բացի այդ, ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում, անդրադառնալով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին, փաստել է, որ որպեսզի դատարանի մատչելիության իրավունքը լինի արդյունավետ, անձը պետք է իր իրավունքների իրականացմանը միջամտող իրավական ակտը վիճարկելու հստակ և իրական հնարավորություն ունենա (տե՛ս, Bellet v. France, 04.12.1995 թվականի վճիռը, կետ 36, Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի 16.03.2010 թվականի վճիռը, կետ 25), (տե՛ս, «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունն ընդդեմ Մհեր Մուրադյանի թիվ ԿԴ1/2503/03/16 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 29.05.2019 թվականի որոշումը):
Ըստ Եվրոպական դատարանի իրավական դիրքորոշման` դատարանի մատչելիությունն օրենսդրական կարգավորումների առարկա է, և դատարանները պարտավոր են կիրառել դատավարական համապատասխան կանոնները` խուսափելով ինչպես գործի արդարացի քննությանը խոչընդոտող ավելորդ ձևականություններից (ֆորմալիզմից), այնպես էլ չափազանց ճկուն մոտեցումից, որի դեպքում օրենքով սահմանված դատավարական պահանջները կկորցնեն իրենց նշանակությունը: Ըստ Եվրոպական դատարանի` դատարանի մատչելիության իրավունքը խաթարվում է այն դեպքում, երբ օրենսդրական նորմերը դադարում են ծառայել իրավական որոշակիության ու արդարադատության պատշաճ իրականացման նպատակներին և խոչընդոտում են անձին հասնել իրավասու դատարանի կողմից իր գործի ըստ էության քննությանը (տե՛ս, Dumitru Gheorghe v. Romania գործով Եվրոպական դատարանի 12.04.2016 թվականի վճիռը, կետ 28):
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած մեկ այլ որոշմամբ արձանագրել է, որ օրենսդիրը կարևորելով դատավարական ներկայացուցչությունը, որպես դատական պաշտպանության արդյունավետ միջոց, սահմանել է վերաքննիչ բողոքին պարտադիր կցել ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը (լիազորագիրը), եթե վերաքննիչ բողոքը բերվել է (ստորագրվել է) ներկայացուցչի կողմից: Ընդ որում նշված կանոնը կիրառելի է միայն այն դեպքում, եթե գործում բացակայում է լիազորագիրը: Այլ կերպ ասած, վերաքննիչ բողոք բերած անձն այն դեպքում է կրում պարտականություն վերաքննիչ բողոքին կցելու ներկայացուցչի լիազորությունները հաստատող ապացույցը, եթե վերաքննիչ բողոքը ստորագրվել է ներկայացուցչի կողմից և այն առկա չէ գործում: Նշված կանոնի սահմանումը պայմանավորված է նաև ներկայացուցչի` դատական ակտը բողոքարկելու լիազորության առկայության ստուգմամբ, նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետը, ըստ որի` դատարանում գործը վարելու լիազորագիրը ներկայացուցչին իրավունք է տալիս ներկայացվողի անունից կատարելու ցանկացած դատավարական գործողություն, բացառությամբ դատական ակտը բողոքարկելու, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի 1-ին մասում թվարկված գործողություններից յուրաքանչյուրի կատարման համար ներկայացվողի տված լիազորագրում պետք է ուղղակիորեն նախատեսված լինի ներկայացուցչի այդ լիազորությունը: Բացի այդ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատարանների գործունեությունը պետք է կազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանությունը` օրենքի հիման վրա ստեղծված անկախ և անաչառ դատարանի կողմից գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության միջոցով:
Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 21.12.2007 թիվ 23-Լ որոշմամբ հաստատված և ներկայումս գործող ՀՀ դատարանների գործավարության կանոնների 6-րդ բաժնի 16-րդ կետի համաձայն` այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործը քննող դատարանում գործից առանձնացվում է բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի պատճենները (եթե անհրաժեշտ է գործն ամբողջությամբ, ապա գործում առկա բոլոր փաստաթղթերի պատճենները)` կազմելով գործի հավելված:
Դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով:
Նույն բաժնի 14-րդ կետի համաձայն դատական գործը կազմելիս` դատական գործում կարվում են դատավարության մասնակիցների (կողմեր) ներկայացրած բոլոր փաստաթղթերը, ապացույցները (բացառությամբ իրեղեն ապացույցների), գործի հետ կապված դատարանի կողմից իրականացվող դատավարական գործողությունները հավաստող փաստաթղթերը, էլեկտրոնային կրիչները, ինչպես նաև գործի հետ կապված այլ փաստաթղթեր:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ դատարանների գործունեության կանոնակարգված լինելը նպատակ ունի ապահովելու արդարադատության պատշաճ իրականացումը: Ըստ այդմ էլ դատարաններում գործավարության կանոնների պահպանումն էական է օրենսդրության ճիշտ կիրառման, դատարանների բնականոն աշխատանքների ապահովման, դատավարական և այլ փաստաթղթերի ստացման, հանձնման ընթացքի ապահովման, ինչպես նաև արդարադատության այլ խնդիրների իրագործման համար:
Այսպես, ըստ դատարաններում գործավարության կանոնների, այն դեպքում, երբ բողոքարկվում է այնպիսի դատական ակտ, որի քննությունը վերադասության կարգով խոչընդոտում է գործի հիմնական քննությանը, ապա հիմնական գործից առանձնացվում են բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են դատական գործի բողոքարկվող մասը քննելու համար, ինչի արդյունքում էլ կազմվում է դատական գործի հավելված: Ընդ որում դատական գործի հավելվածը կազմվում է դատական գործի կազմման համար նախատեսված կարգով: Ըստ այդմ էլ, դատական գործի հավելվածում ներառվում են բողոքարկվող մասի վերաբերյալ փաստաթղթերի` դատավարության մասնակցի ներկայացրած դիմումի, հայցադիմումի, դրանց կից ներկայացված փաստաթղթերի (օր.` գրավոր ապացույցների), քննության արդյունքում ընդունված և բողոքարկվող համապատասխան դատական ակտի և այլնի պատճենները: Այսինքն, դատական գործի հավելվածում պետք է ներառվեն այն բոլոր փաստաթղթերի պատճենները, որոնք անհրաժեշտ են բողոքարկվող դատական ակտի վերանայումն ապահովելու համար: Հետևաբար այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարան հայցադիմում կամ դիմում է ներկայացրել անձի ներկայացուցիչը, ներկայացնելով նաև համապատասխան լիազորությունները հավաստող լիազորագիրը և փաստաբանական գործունեության վերաբերյալ արտոնագիրը, դատական ակտի վերադասության կարգով բողոքարկելու և գործի հավելված կազմելու անհրաժեշտության առաջացման դեպքում, հավելվածում պարտադիր կերպով պետք է ներառվեն նաև ներկայացուցչի լիազորությունների վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները: Նշվածը բխում է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի 5-րդ մասի իրավակարգավորումից: Հակառակ դեպքում այդ թերացումը կարող է հանգեցնել անձի բողոքարկման իրավունքի անհարկի սահմանափակմանը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ տվյալ դեպքում գործում է դատարանի կողմից կազմված և հավելվածում ներառված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի պատճենների իսկության կանխավարկածը, ինչն իրենից ենթադրում է, որ հավելվածում ներառված դատավարական փաստաթղթերի պատճենները չպետք է կասկածի տակ դրվեն զուտ միայն այն պատճառով, որ դրանք պատճեններ են: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք առաջին հերթին պատճենահանվում են դատական գործից` դատարաններում գործավարության կանոններին համապատասխան, երկրորդ` դատարանի կողմից, որպիսի հանգամանքն ինքնին բավարար է փաստաթղթերի իսկության կանխավարկածի ապահովման համար, եթե հակառակը չի ապացուցվել (տե՛ս, Հարություն Բետխեմյանն ընդդեմ Հայկ Բետխեմյանի, Գրիգոր Բետխեմյանի, Ալվարդ Բետխեմյանի թիվ ԵԴ/33311/02/19 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 20.04.2021 թվականի որոշումը):
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ
Սույն գործի փաստերի համաձայն` Դատարանի 03.12.2024 թվականի որոշմամբ Կազմակերպության հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժվել է (Հավելված 1, գ.թ. 150-154):
Դատարանի նշված որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք (2-րդ հատոր գ.թ. 6-13):
Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցչի վերաքննիչ բողոքը վերադարձվել է հետևյալ պատճառաբանությամբ. «(...) վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և սույն գործի նյութերում, և վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար:
Անդրադառնալով սույն քաղաքացիական գործի նյութերում առկա «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022թ. տրված լիազորագրին` Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ նշված լիազորագիրը հիմք չի հանդիսանում սույն վերաքննիչ բողոքը ստորագրած անձ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, քանի որ այն պատճենի տեսքով է: (...)»:
Մինչդեռ, գործի փաստերի լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական գործում Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի կողմից Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված, որը և ուղարկվել է Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի քննությունն ապահովելու համար: Դատարանի կողմից կազմված և գործի նյութերի անբաժան մաս հանդիսացող Հավելվածը, ի թիվս այլնի, պարունակել է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթի պատճենը, որում նշված է նաև վերջինիս դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Կոնկրետ դեպքում, Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենը, որն ընդգրկված է դատարաններում գործավարության կանոններին համահունչ կազմված գործի հավելվածում, Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ չէր կարող դրվել: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որևէ իրավանորմով պարտադիր չի համարել, որ վերաքննիչ բողոքին կից անհրաժեշտ է ներկայացնել նույն լիազորագրի բնօրինակը, եթե այն ոչ միայն արդեն իսկ առկա է, այլև ստուգված և ընդունված է համարվել դատարանի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել փաստաթղթի իսկության կանխավարկածով, քանի դեռ հակառակը չի ապացուցվել` իրականացնելով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակային քննություն:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, անհարկի վերադարձրել է Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերջինիս վրա դնելով ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված պարտականություն և անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքի գերակայության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները պահանջում են գործել ոչ թե ձևականության, այլ արդյունավետության տեսանկյունից:
Դրանից ելնելով` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, 29.01.2025 թվականին կայացնելով «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշում, սահմանափակել է Կազմակերպության` Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածներով ու Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված` դատական պաշտպանության իրավունքը, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
Այսպիսով` Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքի հիմքերի առկայությունը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 405-րդ հոդվածի 2-րդ մասի ուժով վճռաբեկ բողոքը բավարարելու` Վերաքննիչ դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար»:
Վճռաբեկ դատարանի դատավորներ Գ. Հակոբյանս և Ա. Աթաբեկյանս, համաձայն չլինելով վերը նշված որոշման պատճառաբանական ու եզրափակիչ մասերում Վճռաբեկ դատարանի դատավորների մեծամասնության կողմից արտահայտված կարծիքի հետ, շարադրում ենք մեր հատուկ կարծիքը դրանց վերաբերյալ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
Նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` նույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերը համարվում են խախտված կամ սխալ կիրառված, եթե առկա է նույն օրենսգրքի 365-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատավարական իրավունքի նորմերի խախտումը կամ սխալ կիրառումը դատական ակտի բեկանման հիմք է, եթե հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման: (...)
Վերը նշված նորմերի վերլուծությունից բխում է, որ մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտման առերևույթ առկայության հիմքով վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը: Օրենսդիրը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 390-րդ հոդվածի 3-րդ մասի և նույն օրենսգրքի 365-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով` դատավարական իրավունքի նորմերի խախտման առումով այդպիսի խախտում, իսկ դրա արդյունքում` դատական ակտի բեկանման հիմք է համարում դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտումը կամ դրանց սխալ կիրառումը, որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել գործի սխալ լուծման:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը, ինչպես արդեն իսկ նշվեց վերը, սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում նշված հիմքի առկայությամբ` նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով` նշելով, որ «Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտման հետևանքով առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների այնպիսի հիմնարար խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը»:
Բողոքի քննության արդյունքում Վճռաբեկ դատարանը, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար համարելով Վերաքննիչ դատարանի դատական ակտը վերացնելու համար, Կազմակերպության վճռաբեկ բողոքը բավարարել է` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացրել է:
Դրանից ելնելով անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ Վճռաբեկ դատարանի պատճառաբանություններին` պարզելու համար, թե արդյո՞ք դրանցում նշվածները կարող էին բավարար հիմք հանդիսանալ բողոքի քննության արդյունքներով նման եզրահանգման գալու համար:
Այսպես`
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի 5-րդ մասի 8-րդ կետի համաձայն` բողոքի քննության արդյունքներով կայացված Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում են դատական ակտը բեկանելիս կամ օրինական ուժի մեջ թողնելիս այն շարժառիթները, որոնցով Վճռաբեկ դատարանը չի համաձայնել այդ ակտը կայացրած դատարանի հետևությունների հետ:
Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը Վերաքննիչ դատարանին արդարադատության բուն էությունը խաթարող` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 368-րդ հոդվածի խախտում է վերագրել, ըստ էության, այն շարժառիթներով, որ`
- «քաղաքացիական գործում Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի կողմից Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ ներկայացված բողոքարկումը հիմնական գործի քննության հետ համատեղ ապահովելու համար Դատարանի կողմից կազմվել է գործի հավելված, որը և ուղարկվել է Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքի քննությունն ապահովելու համար: Դատարանի կողմից կազմված և գործի նյութերի անբաժան մաս հանդիսացող Հավելվածը, ի թիվս այլնի, պարունակել է նաև Կազմակերպության ներկայացուցիչ Էմանուել Անանյանի լիազորությունները հավաստող պատշաճ փաստաթղթի պատճենը, որում նշված է նաև վերջինիս դատական ակտը բողոքարկելու լիազորությունը: Կոնկրետ դեպքում, Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենը, որն ընդգրկված է դատարաններում գործավարության կանոններին համահունչ կազմված գործի հավելվածում, Վերաքննիչ դատարանի կողմից կասկածի տակ չէր կարող դրվել: Ավելին, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որևէ իրավանորմով պարտադիր չի համարել, որ վերաքննիչ բողոքին կից անհրաժեշտ է ներկայացնել նույն լիազորագրի բնօրինակը, եթե այն ոչ միայն արդեն իսկ առկա է, այլև ստուգված և ընդունված է համարվել դատարանի կողմից: Հետևաբար, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել փաստաթղթի իսկության կանխավարկածով, քանի դեռ հակառակը չի ապացուցվել` իրականացնելով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակային քննություն:
Մինչդեռ, Վերաքննիչ դատարանը, անտեսելով նշված հանգամանքները, անհարկի վերադարձրել է Դատարանի 03.12.2024 թվականի «Հակընդդեմ ապահովում կիրառելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին» որոշման դեմ Կազմակերպության ներկայացուցչի ներկայացրած վերաքննիչ բողոքը` վերջինիս վրա դնելով ՀՀ օրենսդրությամբ չնախատեսված պարտականություն և անտեսելով այն հանգամանքը, որ իրավունքի գերակայության և արդար դատաքննության հիմնարար սկզբունքները պահանջում են գործել ոչ թե ձևականության, այլ արդյունավետության տեսանկյունից»:
Կարծում ենք, որ վերը նշվածը չէր կարող բավարար հիմք հանդիսանալ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու համար հետևյալ պատճառաբանությամբ:
Վճռաբեկ դատարանի վերը նշված պատճառաբանությունից բխում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացվել է, ըստ էության, այն հիմնավորումներով, որ`
- Վերաքննիչ դատարանը չէր կարող կասկածի տակ դնել գործի հավելվածում առկա` Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենը,
- ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում օրենսդիրը որևէ իրավանորմով պարտադիր չի համարել, որ վերաքննիչ բողոքին կից անհրաժեշտ է ներկայացնել նույն լիազորագրի բնօրինակը, եթե այն ոչ միայն արդեն իսկ առկա է, այլև ստուգված և ընդունված է համարվել դատարանի կողմից, որի պայմաններում Վերաքննիչ դատարանը պարտավոր էր առաջնորդվել փաստաթղթի իսկության կանխավարկածով, քանի դեռ հակառակը չի ապացուցվել` իրականացնելով ներկայացված վերաքննիչ բողոքի բովանդակային քննություն:
Վերը նշված առաջին հիմնավորման մասով ցանկանում ենք նշել, որ տվյալ դեպքում Վերաքննիչ դատարանը ոչ թե կասկածի տակ է դրել գործի հավելվածում առկա` Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենը, այլ արձանագրելով, որ «վերաքննիչ բողոքը «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի անունից ստորագրել է Էմանուել Անանյանը, մինչդեռ և՛ սույն գործի նյութերում, և՛ վերաքննիչ բողոքին կից ներկայացված փաստաթղթերի ցանկում բացակայում է «Մուշ թաուերս» ՍՊԸ-ի կողմից վերաքննիչ բողոքը ստորագրած անձ` Էմանուել Անանյանին տրված բնօրինակ լիազորագիր, որը հիմք կհանդիսանար վերաքննիչ բողոքը ստորագրած անձի լիազորությունները հավաստելու համար», իսկ սույն քաղաքացիական գործի նյութերում առկա` Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագիրը պատճենի տեսքով է, ուստի չի կարող հիմք հանդիսանալ Էմանուել Անանյանի լիազորությունները հաստատելու համար, եզրահանգել է, որ վերոնշյալը Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 371-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված հիմք է վերաքննիչ բողոքը վերադարձնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 55-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված իրավակարգավորումն այն մասին, որ նույն հոդվածում նշված` ներկայացուցչի լիազորությունների հավաստող փաստաթղթերի բնօրինակները դատարանի ստուգելուց հետո կարող են վերադարձվել այն ներկայացրած անձին` դատարանի հաստատած պատճենները կցելով գործի նյութերին, կարծում ենք, որ Վճռաբեկ դատարանը կարող էր Վերաքննիչ դատարանին վերագրել վերը նշված խախտումն այն դեպքում, երբ վճռաբեկ բողոքի քննության արդյունքով հաստատված համարեր բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող այն փաստերը, որ Դատարանում ներկայացվել է Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված վերը նշված լիազորագրի բնօրինակը, այն ստուգվել է Դատարանի կողմից, որից հետո վերադարձվել է այն ներկայացրած անձին` այդ փաստաթղթի պատճենը կցելով գործի նյութերին: Մինչդեռ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանը նշված փաստերը հաստատված չի համարել, ավելին` Կազմակերպության կողմից Էմանուել Անանյանին 30.06.2022 թվականին տրված լիազորագրի պատճենի վրա բացակայում է այն Դատարանի կողմից հաստատված լինելու վերաբերյալ նշումը:
Նման պայմաններում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 29.01.2025 թվականի «Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերացնելու հիմքում չէր կարող դրվել նաև Վճռաբեկ դատարանի երկրորդ հիմնավորումը, քանի որ ինչպես արդեն իսկ նշվեց վերը, այդ լիազորագիրն ստուգելու և Դատարանի կողմից ընդունված համարվելու փաստերը Վճռաբեկ դատարանի կողմից չեն ստուգվել, իսկ դրանց վերաբերյալ եզրահանգումները կատարվել են բացառապես ենթադրությունների հիման վրա` հիմք ընդունելով համապատասխան իրավակարգավորումների բովանդակությունը` առանց պարզելու, թե արդյո՞ք Դատարանը պահպանել է այդ իրավակարգավորումներով նախատեսված ընթացակարգերը:
Հիմք ընդունելով վերոգրյալը` հայտնում ենք սույն հատուկ կարծիքը Վճռաբեկ դատարանի որոշման վերաբերյալ:
Դատավոր` Գ. Հակոբյան
Դատավոր` Ա. Աթաբեկյան
https://datalex.am:443/?app=AppCaseSearch&case_id=45880421204298489