(ուժը կորցրել է 05.03.15 թիվ 219-Ն որոշում)
i
040.0540.180505
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«18» մայիսի 2005 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
28 ապրիլի 2005 թվականի N 540-Ն
 
ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`
i
ա) սույն որոշման պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամսվա ընթացքում` օրենքով սահմանված կարգով հաստատել ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների որոշման մեթոդիկաները:
բ) (2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 06.07.06 թիվ 968-Ն որոշում)
i
(2-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 1957-Ն որոշում)
3. Սույն որոշում ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող սիգարետների վրա պարտադիր նշագրելու մասին» N 16 որոշումը:
i
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո, բացառությամբ սույն որոշման 1-ին կետով հաստատված տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետի, 17-րդ և 20-րդ կետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2008 թվականի փետրվարի 1-ից:
(4-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն որոշում)
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2005 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 13-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2005 թվականի ապրիլի 28-ի
N 540-Ն որոշման
 
ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ԾԽԱԽՈՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
I. ԿԻՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏԸ
 
1. Ծխախոտի վերաբերյալ տեխնիկական կանոնակարգի (այսուհետ` տեխնիկական կանոնակարգ) գործողությունը տարածվում է արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերին համապատասխան հետևյալ ծխախոտային հումքի (ծխախոտահումք) և ծխախոտային արտադրատեսակների վրա`
     ծխախոտահումք, ծխախոտահումքի մնացուկներ                     2401,
սիգարներ, կտրած ծայրերով սիգարներ, սիգարիլլաներ, սիգարետներ` ծխախոտահումքից կամ ծխախոտահումքի և դրա
 փոխարինիչների խառնուրդներից                                    2402,
այլ արդյունաբերական պատրաստման ծխախոտային արտադրատեսակներ (ծխամորճի և ծխելու ծխախոտներ, որոնք պարունակում են ցանկացած համամասնությամբ փոխարինիչներ կամ
 չեն պարունակում)                                               2403:
2. Սույն տեխնիկական կանոնակարգով սահմանվում են 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց մակնշմանը, փաթեթավորմանը և պահմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համապատասխանության հավաստման ընթացակարգերը:
3. Սույն տեխնիկական կանոնակարգը չի տարածվում ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչների և ամբողջությամբ դրանցից պատրաստված ծխախոտային արտադրատեսակների, դեղային սիգարետների, «վերականգնված» ծխախոտի, ծամախոտի, քթախոտի, ծխախոտի լուծամզուքների և էսենցիաների վրա:
4. Սույն տեխնիկական կանոնակարգի 1-ին կետում ներկայացված ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները ենթակա են համապատասխանության պարտադիր հավաստման:
 
II. ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
i
5. Սույն տեխնիկական կանոնակարգում կիրառված են «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և սույն բաժնով նախատեսված հետևյալ հասկացությունները`
ծխախոտահումք` ծխախոտաբույսերից (նիկոտիանա) ստացված հումք, որն ամբողջական բույսն է կամ տերևները` բնական վիճակում կամ չորացրած կամ ֆերմենտացված կամ առանձնացված մեջտեղի երակաթելով, կտրատած կամ ոչ, ճզմած կամ ջարդած, տեսակախառնած և խոնավացրած հատուկ բաղադրությամբ հեղուկով, ինչպես նաև ծխախոտաբույսի մնացուկները, պարունակում է նիկոտին և նախատեսված է ծխախոտային արտադրատեսակների պատրաստման համար.
ծխախոտահումքի արդյունաբերական փոխարինիչ` ծխելու համար նախատեսված բույսերի խառնուրդ, որը չի պարունակում ծխախոտաբույսեր.
սպառողական տարա` տարա, որով իրացվում է արտադրատեսակը և որը փոխադրական տարա չէ.
փոխադրական տարա` տարա, որը կազմում է ինքնուրույն փոխադրական միավոր.
տուփ` սպառողական տարայի միավոր, որը պարունակում է որոշակի քանակով ծխախոտային արտադրատեսակ.
բոքս` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պատրաստված է տուփի ստվարաթղթից կամ պիտակային թղթից և պարունակում է որոշակի քանակությամբ սիգարետներով տուփեր.
բլոկ` խմբակային սպառողական տարայի միավոր, որը պարունակում է թղթով կամ պոլիմերային թաղանթով փաթաթված կամ թղթե ժապավենով փաթաթված որոշակի քանակությամբ սիգարետներով կամ ծխագլանակներով տուփեր,
ծխախոտային արտադրատեսակի խմբաքանակ` միևնույն մակնիշի և փաթեթավորմամբ ծխախոտային արտադրատեսակի քանակ, որը նախատեսված է վերահսկման համար.
ծխախոտային արտադրատեսակի մակնիշ` որոշակի սպառողական հատկություններ ունեցող ծխախոտի արտադրանքի անվանում, որով նույնականացվում է ծխախոտի արտադրանքի յուրաքանչյուր առանձին տեսակը (ենթատեսակը):
(5-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 04.07.13 թիվ 765-Ն որոշումներ)
 
III. ՇՈՒԿԱ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
 
6. Հայաստանի Հանրապետության տարածքում ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների իրացումն առանց համապատասխանության հավաստման արգելվում է:
7. Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա և շրջանառության մեջ գտնվող ծխախոտահումքը և ծխախոտային արտադրատեսակները պետք է ուղեկցվեն համապատասխանության նշանի մակնշմամբ կամ համապատասխանության սերտիֆիկատով:
 
IV. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
 
8. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների անվտանգությունը բնութագրող ցուցանիշները ներկայացված են սույն տեխնիկական կանոնակարգի NN 1 և 2 աղյուսակներում և 9-13-րդ կետերում:
 
Ծխախոտահումքի ֆիզիկաքիմիական ցուցանիշները
 
Աղյուսակ N 1
i
._________________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը    |                 Ծխախոտահումքը                |
|                          |______________________________________________|
|                          |     չֆերմենտացված       |     ֆերմենտացված   |
|                          |_________________________|____________________|
|                          |     -      |   սիգարի   |   -   |   սիգարի   |
|__________________________|____________|____________|_______|____________|
|Խոնավությունը, %`         |            |            |       |            |
|                          |            |            |       |            |
|   փաթեթավորված կապոցներով|21, ոչ ավելի|     -      |   -   |            |
|   փաթեթավորված հակերով   |17, ոչ ավելի|     -      |   -   |            |
|   ցանկացած փաթեթավորմամբ |     -      |30, ոչ ավելի| 11-18 |25, ոչ ավելի|
|__________________________|____________|____________|_______|____________|
|Աղբոտվածությունը հողով և  |      3,0   |      3,0   |    3,0|       3,0  |
|ավազով, %, ոչ ավելի       |            |            |       |            |
|__________________________|____________|____________|____________________|
|Ֆերմենտացվածությունը,     |     -      |     -      |         0,1        |
|սմ3 թթվածին               |            |            |                    |
._________________________________________________________________________.
(1-ին աղյուսակը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն որոշում)
 
Ծխախոտային արտադրատեսակների ֆիզիկաքիմիական ցուցանիշները
 
Աղյուսակ N 2
._________________________________________________________________________.
|    Ծխախոտային   |            Ցուցանիշի անվանումը            |   Նորմը   |
|  արտադրատեսակը  |                                           |           |
|_________________|___________________________________________|___________|
|Սիգարետ          |խոնավությունը, %                           |   11-15   |
|                 |___________________________________________|___________|
|                 |նիկոտինի պարունակությունը մեկ սիգարետի     |           |
|                 |ծխում, մգ/սիգ, ոչ ավելի.                   |           |
|                 |սիգարետ` ֆիլտրով                           |    1,2    |
|                 |սիգարետ` առանց ֆիլտրի                      |    1,3    |
|                 |___________________________________________|___________|
|                 |խեժի պարունակությունը մեկ սիգարետի         |           |
|                 |ծխում, մգ/սիգ, ոչ ավելի.                   |           |
|                 |սիգարետ` ֆիլտրով                           |   14,0    |
|                 |սիգարետ` առանց ֆիլտրի                      |   16,0    |
|_________________|___________________________________________|___________|
|Սիգար, սիգարիլլա |խոնավությունը, %                           |   10-14   |
|_________________|                                           |___________|
|Ծխագլանակ        |                                           |   11-15   |
|_________________|                                           |___________|
|Ծխելու ծխախոտ    |                                           |   12-16   |
|_________________|                                           |___________|
|Ծխամորճի ծխախոտ  |                                           | 11,5-15,5 |
._________________________________________________________________________.
 
9. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում պեստիցիդների` հեքսաքլորցիկլոհեքսանի (ՀՔՑՀ) և դրա իզոմերների և երկքլորերկֆենիլեռաքլորէթանի (ԴԴՏ) և դրա մետաբոլիտների մնացորդային քանակությունները չպետք է գերազանցեն 0,7 մգ/կգ:
10. Ծխախոտահումքում և ծխախոտային արտադրատեսակներում ռադիոնուկլիդների քանակությունը չպետք է գերազանցի`
     ցեզիում - 137`             120 Բկ/կգ,
     ստրոնցիում - 90`           40 Բկ/կգ:
11. Ծխախոտահումքում չի թույլատրվում ցրտահարված, բորբոսնած, նեխած, կողմնակի հոտերով տերևների և դրանց պատառների առկայությունը:
12. Ծխախոտային արտադրատեսակներում չի թույլատրվում բորբոսահոտ, նեխահոտ և ծխախոտներին ոչ բնորոշ այլ կողմնակի հոտերի առկայությունը` բացառությամբ հատուկ բուրավետացման համար կիրառվող նյութերի հոտերի:
13. Ծխախոտահումքում տերևների հիվանդություններով և վնասատուներով վնասվածության մակերևույթը չպետք է գերազանցի 70 տոկոսը:
 
Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների մակնշման ու
փաթեթավորման պահանջները և պահման պայմանները
 
14. Ծխախոտահումքի հակերի, կապոցների, տակառների, զամբյուղների վրա տրանսպորտային մականշվածքը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը`
ա) արտադրողի անվանումը և գտնվելու վայրը,
բ) ծխախոտահումքի անվանումը, տեսակը,
գ) ֆերմենտացվածությունը (եթե ծխախոտահումքը ֆերմենտացված է),
դ) զտաքաշը և համաքաշը,
ե) բերքահավաքի տարեթիվը,
զ) թունաքիմիկատներով վերջին մշակման թվականը և դրանց անվանումները (չֆերմենտացված ծխախոտահումքի համար),
է) վարվելակարգային նշանները` «Պահպանել խոնավությունից», «Պահպանել արևի ճառագայթներից»` ըստ սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված բեռների մակնշման ստանդարտի:
i
15. Ծխախոտային արտադրատեսակների ծխախոտի տուփի յուրաքանչյուր միավորը, ինչպես նաև բոքսը և ծխամորճի ու ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթում տեղադրվող ներդիր թերթիկը պետք է պարունակեն հետևյալ տեղեկատվությունը`
ա) արտադրանքի անվանումը («Սիգարետներ», «Ծխագլանակներ», «Սիգարներ», «Սիգարիլլաներ», «Ծխամորճի ծխախոտ» կամ «Ծխելու ծխախոտ»),
բ) մակնիշը կամ ապրանքային նշանը,
գ) արտադրողի և լիցենզավորողի (առկայության դեպքում) անվանումները և գտնվելու վայրը կամ այն կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը, որն արտադրող կազմակերպությունում հսկում է իրեն պատկանող մակնիշների ծխախոտային արտադրատեսակների արտադրության գործընթացը, օգտագործվող հումքը և որակը` այդ դեպքում մականշվածքում նշելով նաև արտադրողի երկիրը` որպես արտադրող,
դ) Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը (եթե արտադրողը գտնվում է այլ երկրում),
ե) ֆիլտրի առկայությունը,
զ) քանակը` հատերով կամ զանգվածը` գրամներով (ծխամորճի և ծխելու ծխախոտի համար),
է) մենթոլի առկայությունը,
ը) ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական և լրացուցիչ նախազգուշացումները` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ և 17-րդ կետերին համապատասխան.
թ) նիկոտինի և խեժի պարունակությունը մեկ սիգարետի ծխում (միայն սիգարետների համար)` սույն տեխնիկական կանոնակարգի 19-րդ կետին համապատասխան:
(15-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 11.01.07 թիվ 68-Ն որոշումներ)
i
15.1. Ծխախոտային արտադրատեսակի տուփի վրա պետք է մակնշված լինի դրա առավելագույն մանրածախ գինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան:
(15.1-րդ կետը լրաց. 11.04.13 թիվ 354-Ն որոշում)
i
16. Մարդու առողջության վրա ծխախոտի ունեցած բացասական ազդեցության մասին նախազգուշացման տեքստերը լինում են`
ա) հիմնական նախազգուշացման տեքստով` «Ծխելը վնասակար է առողջությանը»,
բ) լրացուցիչ նախազգուշացման տեքստերով.
«Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ»,
«Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց շնչել ծխախոտի ծուխը»,
«Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր ապագա երեխային»,
«Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ»:
(16-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 11.01.07 թիվ 68-Ն որոշումներ)
i
17. Ծխելու վնասակարության վերաբերյալ հիմնական նախազգուշացման տեքստը պետք է զետեղվի ցանկացած տուփի 2 առավել մեծ մակերեսով կողմերից մեկի վրա, իսկ լրացուցիչ նախազգուշացման տեքստը` մյուսի վրա: Նախազգուշացման տեքստերը պետք է ներառվեն սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնեն ծխախոտային արտադրատեսակների մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) 2 առավել մեծ կողմերից յուրաքանչյուրի մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը, ներառյալ շրջանակը, և համապատասխանեն սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1 և 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`
ա) նախազգուշացման տեքստերը պետք է տպված լինեն այնպես, որ բացառվի դրանք հեռացնելու հնարավորությունը և տպված լինեն`
հստակ ու ընթեռնելի,
մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,
Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, հիմնական նախազգուշացման տեքստը` մեծատառերով, լրացուցիչ նախազգուշացման տեքստերը` փոքրատառերով, բացառությամբ առաջին տառի` մեծատառ.
բ) հիմնական և լրացուցիչ նախազգուշացման տեքստերը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.
գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նախազգուշացման տեքստերը զբաղեցնեն դրանց համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.
դ) նախազգուշացման տեքստերը պետք է գտնվեն դրանց համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի վերին եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.
ե) նախազգուշացման տեքստերը չպետք է`
տպագրվեն կամ ամրացվեն թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա,
թաքնված կամ ծածկված լինեն այլ տպագրված տեղեկատվությամբ կամ պատկերով,
տպագրված լինեն սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) ակցիզային դրոշմանիշերի վրա:
Ծխամորճի և ծխելու ծխախոտների թափանցիկ փաթեթվածքների դեպքում` սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետով նախատեսված` ծխելու վնասակարության վերաբերյալ նախազգուշացումների տեքստերը պետք է զետեղվեն ներդիր թերթիկի վրա և զբաղեցնեն դրա մակերևույթի 30 տոկոսից ոչ պակաս մակերեսը:
Սույն տեխնիկական կանոնակարգի 16-րդ կետի «բ» ենթակետով նախատեսված 4 տարբերակով լրացուցիչ նախազգուշացման տեքստերից յուրաքանչյուրը պետք է նշված լինի մոտավորապես հավասար քանակով ծխախոտային արտադրատեսակների սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) վրա, ինչը կապահովի բոլոր լրացուցիչ նախազգուշացման տեքստերի պարբերաբար երևալու հնարավորությունը:
(17-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 11.01.07 թիվ 68-Ն որոշումներ)
18. Հայաստանի Հանրապետությունում սպառողների բողոքներն ընդունող կազմակերպության մասին տեղեկատվությունը թույլատրվում է զետեղել տուփի ներսում` կարդալու համար հարմար տեղում:
i
19. Նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է ներառվի սև գույնի շրջանակի մեջ և զբաղեցնի մեծածախ ու մանրածախ առևտրում օգտագործվող սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի և բոքսի) կողմնային մակերևույթի 10 տոկոսից ոչ պակաս մակերեսը` ներառյալ շրջանակը, և համապատասխանի սույն տեխնիկական կանոնակարգում տրված օրինակներին (NN 1, 2 ձևեր) և հետևյալ պահանջներին`
ա) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի այնպես, որ բացառվի դրա հեռացնելու հնարավորությունը և լինի տպված`
հստակ ու ընթեռնելի,
մուգ թանաքով` հակադիր ֆոնի վրա,
Արիալ Արմենիան (Arial Armenian) թավ տառատեսակով, «Նիկոտին`» և «Խեժ`» բառերը` մեծատառերով, նիկոտինի և խեժի չափման միավորները` փոքրատառերով.
բ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը շրջագծող շրջանակի հաստությունը պետք է լինի 3-ից մինչև 4 մմ.
գ) տառատեսակի չափը պետք է ընտրված լինի այնպես, որ նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը զբաղեցնի դրա համար նախատեսված մակերեսի հնարավոր առավելագույն մասը.
դ) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը պետք է տպված լինի դրա համար նախատեսված մակերևույթի կենտրոնում, տուփի կողմնային եզրին զուգահեռ և բացելիս հնարավոր լինի խուսափել այն վնասելուց.
ե) նիկոտինի և խեժի պարունակության վերաբերյալ տեքստը չպետք է`
տպագրվի կամ ամրացվի թափանցիկ կամ արտաքին փաթեթավորման տարր համարվող թղթի վրա.
թաքնված կամ ծածկված լինի տպագրված այլ տեղեկատվությամբ կամ պատկերով,
տպագրված լինի սպառողական փաթեթի (ծխախոտի տուփի) ակցիզային դրոշմանիշերի վրա:
(19-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 11.01.07 թիվ 68-Ն որոշումներ)
i
20. Թույլատրվում է ծխախոտահումքի տրանսպորտային փաթեթվածքի, ինչպես նաև ծխախոտային արտադրատեսակների տուփերի, բոքսերի, ծխամորճի և ծխելու ծխախոտների ներդիր թերթիկների վրա արտադրանքը բնութագրող այլ տեղեկությունների լրացուցիչ զետեղումը, որոնք չեն հակասում սույն տեխնիկական կանոնակարգի 14-րդ և 15-րդ կետերում նշված տվյալներին, սակայն չի թույլատրվում «Նիկոտինի (խեժի) ցածր պարունակություն», «Թեթև», «Շատ թեթև» («Գերթեթև»), «Փափուկ», «Յուրահատուկ ֆիլտր» կամ ցանկացած այլ` մոլորության մեջ գցող տերմինների օգտագործումը, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում են տվյալ ծխախոտային արտադրատեսակի պակաս վտանգավոր լինելու մասին կարծիքի ձևավորմանը:
(20-րդ կետը փոփ. 06.07.06 թիվ 968-Ն, 11.01.07 թիվ 68-Ն որոշումներ)
i
21. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ապահովեն Հայաստանի Հանրապետությունում իրացվող` Հայաստանի Հանրապետությունում արտադրվող կամ ներմուծվող ծխախոտային արտադրատեսակների մասին սույն կանոնակարգի 15-րդ և 20-րդ կետերում նշված տեղեկատվության տրամադրումը` հայերենով:
Արտադրողը ու լիցենզավորողի անվանումները և ծխախոտային արտադրատեսակների մակնիշները կարող են ներկայացվել լատիներեն տառերով:
(21-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 1957-Ն, 06.07.06 թիվ 968-Ն որոշումներ)
i
22. Ծխախոտահումքը պետք է պահվի չոր, մաքուր, լավ օդափոխվող, ամբարային վնասատուներով չվարակված պահեստներում, որոնց հատակը պետք է լինի փայտե` առանց ճեղքերի: Եթե հատակը փայտե չէ, ապա կապոցներն ու հակերը պետք է դասավորվեն փայտե տախտակամածի վրա:
Ծխախոտային արտադրատեսակները պետք է պահվեն հողի մակերևույթից բարձր հատուկ ունեցող չոր, մաքուր, (60+/-10) տոկոս օդի հարաբերական խոնավությամբ սենքերում և դասավորված լինեն սենքի հատակից առնվազն 10 սանտիմետր բարձր:
(22-րդ կետը փոփ. 11.01.07 թիվ 68-Ն որոշում)
 
V. ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ
 
23. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանությունը հավաստելու համար արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի «Արտադրանքի կամ ծառայությունների համապատասխանության պարտադիր հավաստման համար կիրառվող սխեմաները և դրանց նույնականացման նշագրերը սահմանելու մասին» N 1170-Ն որոշմամբ սահմանված 2ս, 3ս, 4ս, 5ս կամ 6ս սխեմաներով հավաստված համապատասխանության սերտիֆիկատ:
24. Արտադրողը, մատակարարը կամ նրա լիազոր ներկայացուցիչը ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների սպառողական և փոխադրական տարաների վրա կամ ապրանքաուղեկից փաստաթղթերում կարող են նշել համապատասխանության նշանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի «Համապատասխանության նշանի պատկերը, դրան ներկայացվող տեխնիկական պահանջները և կիրառման կարգը հաստատելու մասին» N 1281-Ն որոշմամբ սահմանված կարգով:
25. Սերտիֆիկացման մարմինը փորձարկումներ կատարելու նպատակով նմուշառումն իրականացնում է արտադրողի, մատակարարի կամ նրա լիազոր ներկայացուցչի մասնակցությամբ` տվյալ խմբաքանակը բնորոշող նվազագույն բավարար քանակով սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների ստանդարտներով սահմանված նմուշառման կարգին համապատասխան:
26. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների նույնականացման գործընթացում ստուգվում են սպառողական կամ փոխադրական տարաների կամ պիտակների վրա կատարված մականշվածքի համապատասխանությունն ապրանքաուղեկից փաստաթղթում ներկայացված տեղեկատվությանը:
i
27. Հավատարմագրված փորձարկման լաբորատորիան փորձարկումները պետք է կատարի սույն տեխնիկական կանոնակարգի VIII բաժնում ներկայացված ստանդարտներով սահմանված փորձարկման մեթոդներով:
Ռադիոնուկլիդների պարունակությունը պետք է որոշվի Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված մեթոդներով:
(27-րդ կետը փոփ. 15.11.05 թիվ 1957-Ն, 06.07.06 թիվ 968-Ն որոշումներ)
28. Համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընտրությունը պետք է կատարվի ըստ իրականացված համապատասխանության հավաստման սխեմայի`
2ս կամ 6ս սխեմայի դեպքում` 12 ամիս,
3ս սխեմայի դեպքում` 24 ամիս,
4ս կամ 5ս սխեմայի դեպքում` 36 ամիս:
29. Սերտիֆիկացման մարմինը հայտատուին համապատասխանության սերտիֆիկատ հանձնելու ժամանակ նրա հետ կնքում է համապատասխանության սերտիֆիկատի օգտագործման մասին պայմանագիր, եթե սերտիֆիկացման գործողությունները կատարվել են 2ս, 3ս, 4ս և 5ս սխեմաներից որևէ մեկով:
30. Սերտիֆիկացված ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության հսկողությունն իրականացվում է համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետի ընթացքում, առնվազն տարեկան մեկ անգամ սույն տեխնիկական կանոնակարգի 29-րդ կետում նշված պայմանագրի հիման վրա:
31. «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան համապատասխանության հսկողության արդյունքների հիման վրա սերտիֆիկացման մարմինն իրավունք ունի պահպանելու իր կողմից տրված համապատասխանության սերտիֆիկատի գործողության ժամկետը կամ այն կասեցնելու կամ դադարեցնելու: Համապատասխանության սերտիֆիկատի գործողության կասեցման կամ դադարեցման պայմանները սահմանված են Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 12-ի N 1170-Ն որոշմամբ:
32. Համապատասխանության սերտիֆիկատի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու դեպքում սերտիֆիկացման մարմինը դրա մասին տեղեկացնում է համապատասխանության սերտիֆիկատը տնօրինողին և գրավոր ծանուցում ստուգումներ իրականացնող իրավասու մարմիններին:
 
VI. ՉԱՓՈՒՄՆԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ
 
33. Ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների չափումների միասնականությունը պետք է ապահովվի «Չափումների միասնականության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
VII. ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ
 
34. Սույն տեխնիկական կանոնակարգի պահանջներին ծխախոտահումքի և ծխախոտային արտադրատեսակների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի «Համապատասխանության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
 
i
VIII. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՑԱՆԿԸ
 
._________________________________________________________________________.
|    Ստանդարտի նշագիրը     |  Պահանջներ և  փորձարկման մեթոդներ սահմանող   |
|         (կետը)           |            ստանդարտի անվանումը               |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 858                  |Ծխախոտ ծխելու. Ընդհանուր տեխնիկական պայմաններ |
|(6.1, 6.3 կետերը)         |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 1505                 |Ծխագլանակներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ  |
|(6.1, 6.5 կետերը)         |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 3713                 |Ծխախոտահումք սիգարի չֆերմենտացված. Տեխնիկական |
|(3.1, 3.2, 3.3, 3.5, 3.6  |պայմաններ                                     |
|կետերը)                   |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 3714                 |Ծխախոտահումք սիգարի ֆերմենտացված. Տեխնիկական  |
|(3.1, 3.2, 3.3, 3.5, 3.6, |պայմաններ                                     |
|3.7 կետերը)               |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 3935                 |Սիգարետներ. Ընդհանուր տեխնիկական պայմաններ    |
|(6.1, 6.3 կետերը)         |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 7823                 |Ծխախոտ ծխամորճի. Ընդհանուր տեխնիկական         |
|(6.1, 6.3 կետերը)         |պայմաններ                                     |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 8072                 |Ծխախոտահումք ֆերմենտացված. Տեխնիկական         |
|(4.1, 4.2, 4.3, 4.4, 4.5  |պայմաններ                                     |
|կետերը)                   |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 8073                 |Ծխախոտահումք չֆերմենտացված. Տեխնիկական        |
|(4.1, 4.2, 4.3, 4.4       |պայմաններ                                     |
|կետերը)                   |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 8699                 |Սիգարներ. Տեխնիկական պայմաններ                |
|(3.1, 3.2 կետերը)         |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 14192                |Մակնշում բեռների                              |
|(4.1, 4.2 կետերը)         |                                              |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 30039 (ԻՍՕ 8243)     |Սիգարետներ. Նմուշառում                        |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 30040 (ԻՍՕ 4874)     |Ծխախոտ. Նմուշառում հումքի խմբաքանակներից.     |
|                          |Հիմնական դրույթներ                            |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 30570 (ԻՍՕ 10315)    |Սիգարետներ. Ծխի խտուցքում նիկոտինի            |
|                          |պարունակության որոշումը գազային քրոմատագրման  |
|                          |մեթոդով                                       |
|__________________________|______________________________________________|
|ԳՕՍՏ 30571 (ԻՍՕ 4987)     |Սիգարետներ. Սիգարետների ծխում խոնավ և  նիկոտին|
|                          |չպարունակող չոր կոնդենսատի (խեժի)             |
|                          |պարունակության որոշումը լաբորատոր ծխելու      |
|                          |մեքենայի օգնությամբ                           |
|ՀՍՏ ԻՍՕ 4389              |Ծխախոտահումք և  ծխախոտային արտադրատեսակներ.   |
|                          |Քլորօրգանական պեստիցիդների մնացորդային        |
|                          |քանակների որոշում. Գազային քրոմատագրման մեթոդ |
._________________________________________________________________________.
(VIII բաժինը փոփ. 15.11.05 թիվ 1957-Ն, 06.07.06 թիվ 968-Ն որոշումներ)
 
Ձև N 1
 
i
ԾԽԱԽՈՏԻ ՏՈՒՓԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՆԻԿՈՏԻՆԻ ԵՎ ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
 
 Հիմնական նախազգուշացման        Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը
տեքստը
.____________________. .____________________. .___________________.
|                    | |                    | |                   |
|                    | |                    | |                   |
|                    | |                    | |                   |
|                    | |                    | |                   |
|                    | |                    | |                   |
|      ԾԽԵԼԸ         | |     Պահպանեք       | |     Ծխելն         |
|    ՎՆԱՍԱԿԱՐ Է      | |   երեխաներին`      | |  առաջացնում է     |
|   ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ     | |թույլ մի տվեք նրանց | |  սիրտ-անոթային    |
|                    | |շնչել ծխախոտի ծուխը | |  հիվանդություններ |
.____________________. .____________________. .___________________.
Նիկոտինի և խեժի պարունակության տեքստը
.________________. .____________________. .___________________.
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |                   |
|                | |                    | |   Ծխելը հղիության |
|                | |      Ծխելն         | |      ընթացքում    |
|ԽԵԺ` մգ/սիգ     | |   առաջացնում է     | |   վնասում է Ձեր   |
|ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ | |   թոքի քաղցկեղ     | |   ապագա երեխային  |
.________________. .____________________. .___________________.
(1-ին ձևը լրաց. 11.01.07 թիվ 68-Ն որոշում)
 
Ձև N 2
 
ԲՈՔՍԻ ՎՐԱ ԾԽԵԼՈՒ ՎՆԱՍԱԿԱՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԻՄՆԱԿԱՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՆԻԿՈՏԻՆԻ ԵՎ ԽԵԺԻ ՊԱՐՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՏԵՔՍՏԵՐԻ ԶԵՏԵՂՄԱՆ ՕՐԻՆԱԿՆԵՐԸ
 
Հիմնական նախազգուշացման տեքստը
 
.______________________________________________________.
| ԾԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ                        |
.______________________________________________________.
 
Լրացուցիչ նախազգուշացման տեքստը
 
.______________________________________________________.
| Պահպանեք երեխաներին` թույլ մի տվեք նրանց             |
|            շնչել ծխախոտի ծուխը                       |
.______________________________________________________.
 
Լրացուցիչ նախազգուշացման տեքստերը
 
.______________________________________________________.
| Ծխելն առաջացնում է սիրտ-անոթային հիվանդություններ    |
.______________________________________________________.
 
.______________________________________________________.
| Ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ                      |
.______________________________________________________.
 
Լրացուցիչ նախազգուշացման տեքստը
 
.______________________________________________________.
| Ծխելը հղիության ընթացքում վնասում է Ձեր              |
|           ապագա երեխային                             |
.______________________________________________________.
 
Նիկոտինի և խեժի պարունակության տեքստը
 
.______________________________________________________.
|                                      ԽԵԺ` մգ/սիգ     |
|                                      ՆԻԿՈՏԻՆ` մգ/սիգ |
.______________________________________________________.
(2-րդ ձևը լրաց. 11.01.07 թիվ 68-Ն որոշում)