ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ
11 նոյեմբերի 2010 թվականի N 44
44. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման հայեցակարգին` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2010 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-ԻՆ
Հավելված
ՀՀ կառավարության
2010 թ. նոյեմբերի 11-ի
նիստի N 44 արձանագրային
որոշման
ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
1. Ներածություն -------------------------------------------------- 3
2. Ինստիտուցիոնալ բարեփոխումներ ---------------------------------- 4
2.1 Սպասարկման գրասենյակների ստեղծում ---------------------------- 4
2.2 Անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցում --- 7
2.3 Իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման
ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցառումներ ------------------- 8
2.4 Առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացմանն ու
արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ -------------- 10
3. Համակարգի ավտոմատացմանն ուղղված բարեփոխումներ ----------------- 11
3.1 Համակարգի ներքին գործառույթների ավտոմատացում ----------------- 12
3.2 Արտաքին օգտվողներին` ծառայության մատուցման ավտոմատացում ------ 14
4. Իրավական բարեփոխումներ ---------------------------------------- 16
1. Ներածություն
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի ներկա վիճակի, անշարժ գույքի կադաստրի վարման առաջատար միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգի հետագա զարգացումը, գործառույթների իրականացման որակի բարձրացումը և համակարգի գործունեության թափանցիկության ապահովումը, համակարգում կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն ու քաղաքացիների և իրավաբանական անձանց սպասարկման որակի բարձրացումը հարկավոր չէ առանց համակարգում արմատական բարեփոխումների իրականացման: Բարեփոխումների հիմնական նպատակը և արդյունքը պետք է հանդիսանա համակարգի զարգացմանը խոչընդոտող գործոնների վերացումը և արդիական, զարգացող տեղեկատվական հասարակության նորանոր պահանջները բավարարելու ունակ` տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման բարձր մակարդակով համակարգի ձևավորման համար համապատասխան իրավական և ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորումը:
ՈՒսումնասիրելով Հայաստանում անշարժ գույքի կադաստրի համակարգի ներկա վիճակը և հիմք ընդունելով բարեփոխումների իրականացումից ակնկալվող արդյունքները, Կոմիտեի նախագահի կողմից ստեղծված աշխատանքային խումբը առաջարկում է իրականացնել համակարգի բարեփոխմանն ուղղված միջոցառումներ հետևյալ հիմնական ուղղություններով`
1. Ինստիտուցիոնալ բարեփոխումներ.
2. Համակարգի ավտոմատացմանն ուղղված բարեփոխումներ.
3. Իրավական բարեփոխումներ.
Հարկ է նշել, որ բարեփոխումները` նախանշված երեք հիմնական ուղղությունների բաժանումը խիստ պայմանական է և հիմնականում ծառայում է բարեփոխումների իրականացման հիմնական միջոցառումների և դրանցից ակնկալվող արդյունքների համակարգված ներկայացման համար, քանի որ ներկայացվող ուղղություններով բոլոր միջոցառումները պետք է դիտարկել որպես փոխկապակցված միջոցառումների համալիր, որոնցից յուրաքանչյուրի իրականացումից ակնկալվող դրական արդյունքը մեծապես կախված է նաև այլ միջոցառումների պատշաճ իրականացմամբ:
Ստորև ներկայացվում են բարեփոխումների հիմնական ուղղությունների նկարագրությունն ու դրանցում ներառվող միջոցառումները:
2. Ինստիտուցիոնալ բարեփոխումներ
i
Բարեփոխումների այս խմբի մեջ ներառված են միջոցառումներ, որոնց նպատակն է հանդիսանում`
- Կոմիտեի գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության բարելավումը, այդ թվում` այդ գործառույթներից օգտվող անձանց սպասարկման որակի բարձրացումը, գործառույթների իրականացման թափանցիկության և վերահսկելիության մակարդակի բարձրացումը, բյուրոկրատական քաշքշուկի առավելագույնս բացառումը.
- Առկա աշխատանքային և նյութական ռեսուրսների և օգտագործման օպտիմալացում և դրանց օգտագործման արդյունավետության բարձրացում.
- Կոմիտեին վերապահված գործառույթների իրականացման ընթացքում կոռուպցիոն ռիսկերի նվազեցում.
Ներկայացված արդյունքներին հասնելու համար աշխատանքային խմբի կողմից առաջարկվում է իրականացնել հետևյալ հիմնական միջոցառումները.
2.1 Սպասարկման գրասենյակների ստեղծում:
Պետական մարմինների և քաղաքացիների ու իրավաբանական անձանց փոխհարաբերություններում «մեկ պատուհանի» սկզբունքի գործնական իրագործման արդյունքներից պետք է հանդիսանա նաև որևէ պետական գործառույթի իրականացման համար դիմող քաղաքացու կամ իրավաբանական անձի (այսուհետ` դիմող) և գործառույթն իրականացնող պետական պաշտոնյայի (այսուհետ` գործառույթ իրականացնող) անձնական շփումների առավելագույնս բացառումը:
Թեև ներկայումս, Կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվության տրամադրման գործառույթների գործավարությունը չի ենթադրում դիմող-գործառույթը անմիջականորեն իրականացնող անձնական շփման անհրաժեշտությունը, սակայն դիմողն այսօր անմիջական շփում ունի տարածքային ստորաբաժանման ընդհանուր բաժնի և առանձին դեպքերում նաև անշարժ գույքի հաշվառման բաժնի աշխատակիցների հետ, որոնք, ի վերջո, աշխատում են գործառույթն իրականացնողի, այն է` տարածքային ստորաբաժանման ղեկավարի ենթակայության ներքո:
Դիմող-գործառույթ իրականացնող շղթայում անմիջական շփումների նվազեցումը ենթադրում է համալիր միջոցառումների իրականացում, որոնցից հիմնականներն են հանդիսանում դիմումների առցանց կամ էլեկտրոնային փոստի միջոցով ներկայացման հնարավորության ընձեռում և սպասարկման գրասենյակների ստեղծում:
Ի՞նչ է իրենից ներկայացնում սպասարկման գրասենյակը: Սպասարկման գրասենյակը մասնագիտացված կառույց է, որը պետք է հանդիսանա դիմող-գործառույթ իրականացնող շղթայի միջանկյալ օղակ, որի գործառույթները պետք է սահմանափակվեն միայն դիմումների ընդունման, պատասխանների (ավարտական փաստաթղթերի) տրամադրման և դիմողներին մասնագիտական խորհրդատվության մատուցման պարտականություններով: Սպասարկման գրասենյակը պետք է ունենա առանձնացված ստորաբաժանման կարգավիճակ և զերծ լինի գործառույթն իրականացնողի, այն է` տարածքային ռեգիստրի ենթակայությունից: Արդյունքում սպասարկման գրասենյակը ծառայում է նաև որպես գործառույթն իրականացնողի նկատմամբ անընդհատ վերահսկողության բավականին արդյունավետ մեխանիզմ, քանի որ դիմողը, սահմանված ժամկետում իր դիմումի պատասխանը պետք է ակնկալի ստանալ սպասարկման գրասենյակից, որն էլ իր հերթին, դիմողի դժգոհությունը չառաջացնելու համար շահագրգռված է պատասխանը տրամադրել ճիշտ ժամանակին, իսկ գործառույթն իրականացնողի մեղքով պատասխանը ժամանակին տրամադրելու անհնարինության դեպքում, այդ մասին պետք է ահազանգի գործառույթն իրականացնողին և վերջինիս վերադասին` պատասխանի ուշացման պատասխանատվությունից զերծ մնալու նպատակով:
Սպասարկման գրասենյակների աշխատանքները չպետք է առկախված լինեն գույքի գտնվելու վայրից, այսինքն` դիմողը պետք է հնարավորություն ունենա ցանկացած վայրում գտնվող անշարժ գույքի նկատմամբ գործառույթ իրականացնելու խնդրանքով դիմումը ներկայացնել ցանկացած սպասարկման գրասենյակ` անկախ այդ գրասենյակի և անշարժ գույքի գտնվելու վայրից: Նույնը վերաբերում է նաև դիմումի հիման վրա իրականացվող գործառույթի արդյունքում դիմողից տրամադրվող փաստաթղթերի ստացմանը. դիմողը պետք է հնարավորություն ունենա փաստաթուղթը ստանալ ցանկացած գրասենյակից, անկախ այն հանգամանքից, թե որտեղ է գործառույթի առարկա հանդիսացող անշարժ գույքը կամ որ գրասենյակում է մուտքագրվել գործառույթի իրականացման համար հիմք հանդիսացող դիմումը: Նման ընթացակարգի գործնական իրագործումը հնարավոր է սպասարկման գրասենյակների և տարածքային ստորաբաժանումների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգի առկայության պարագայում, որի առկայությամբ սպասարկման գրասենյակի միջոցով իրականացվող գործառույթների ընթացակարգը կլինի հետևյալը.
- դիմողը իրավունքի պետական գրանցման կամ տեղեկատվություն ստանալու նպատակով դիմում է ներկայացնում սպասարկման գրասենյակ, որտեղ նախատեսվում է նաև, որ տեղակայված լինեն բանկերի համապատասխան ծառայությունները, որը հնարավորություն կտա կատարել նաև գործառույթի իրականացման համար սահմանված վճարումները.
- սպասարկման գրասենյակի աշխատակիցն ընդունելով դիմումը, դիմողին տալիս է ստացական, վերջինիս մեջ նշելով նաև դիմումի մուտքագրման համարը, որը պետք է նաև հանդիսանա դիմումների շարժի մասին տեղեկություններ պարունակող համակարգչային ծրագրում դիմումի ընթացքը որոշելու բանալի.
- սպասարկման գրասենյակը, դիմումը ընդունելուց հետո, դիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը տեսաներածում է և էլեկտրոնային փաստաթղթերը ուղարկում է գործառույթի կատարման լիազորություն ունեցող տարածքային մարմին (կամ փաստաթղթերը մուտքագրում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգում` դրանք ամրացնելով գույքի գտնվելու վայրի տարածքային ստորաբաժանմանը).
- Տարածքային ստորաբաժանման ներսում գործավարության ընթացքը ևս պետք է լինի էլեկտրոնային, որի արդյունքում գործառույթի ավարտին պետք է պատրաստվի էլեկտրոնային փաստաթուղթը (վկայական, տեղեկանք և այլն), որը ստորաբաժանման ղեկավարի էլեկտրոնային ստորագրությամբ ուղարկվում է սպասարկման գրասենյակ (կամ մուտքագրում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության միասնական համակարգում).
- գործառույթի իրականացման արդյունքում նախապատրաստված էլեկտրոնային փաստաթուղթը սպասարկման գրասենյակի կողմից ելքագրվում է և դրա թղթային տարբերակը` հաստատվելով սպասարկման գրասենյակի կնիքով, տրամադրվում է դիմողին:
Սպասարկման գրասենյակների ներդրման սկզբնական փուլում, նախատեսվում է սպասարկման գրասենյակների միջոցով գործառույթներն իրականացնել միայն Երևան քաղաքում գտնվող գույքի համար, որի համար Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանումների ընդհանուր բաժինների գործառույթները պետք է ամբողջությամբ վերապահվեն Երևան քաղաքում ստեղծվող մեկ կամ մի քանի սպասարկման գրասենյակների:
2.2. Անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցում
Պետական գրանցման նոր համակարգում իրավունքի պետական գրանցում չստացված (այն է` 1998 թվականի մարտի 1-ից հետո իրավունքի պետական գրանցում չունեցող) անշարժ գույքի միավորների, ինչպես նաև իրավունքի պետական գրանցում ստացած անշարժ գույքի միավորների փոփոխման (միավորների բաժանում, միավորում, միավորի կազմում նոր ստեղծված կամ վերակառուցված շենք, շինությունների առկայություն և այլն) դեպքում, իրավունքի պետական գրանցմանը նախորդում են անշարժ գույքի (հողամասի և շենք, շինությունների) չափագրման աշխատանքները, որոնք ներկայումս կարող են իրականացվել բացառապես Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների հաշվառման բաժինների համապատասխան մասնագետների միջոցով: Ըստ էության, նշված գործառույթը ներկայումս «մենաշնորհային է», մինչդեռ այն բավականին արդյունավետ կարող է իրականացվել նաև մասնավոր հատվածի կողմից` համապատասխան ուսուցում անցած և լիազորված անձանց կամ կազմակերպությունների միջոցով: Չափագրման աշխատանքների իրականացման հնարավորության ընձեռումը մասնավոր հատվածին նախ որոշակիորեն կթեթևացնի տարածքային մարմինների աշխատանքների ծանրաբեռնվածությունը, և ապա դիմողին հնարավորություն կտա լիցենզավորված անձի միջոցով չափագրման աշխատանքները կազմակերպել իր համար նախընտրելի ժամերին (ինչը տարածքային մարմնի կողմից չափագրումն իրականացնելու դեպքում ոչ միշտ է հնարավոր):
Անհրաժեշտ է նշել նաև, որ չափագրման աշխատանքների իրականացումը պարտադիր չէ սահմանել որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ: Պարզապես, հաշվի առնելով նաև արտասահմանյան երկրներում կիրառվող փորձը, չափագրման աշխատանքների համար մասնավոր անձինք պետք է անցնեն համապատասխան ուսուցում և ստանան որակավորման հավաստագիր, իսկ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով պետք է նախատեսել, որ իրավունքի պետական գրանցման համար հիմք են հանդիսանում նաև համապատասխան որակավորման հավաստագիր ունեցող անձանց կողմից սահմանված ձևաթղթին համապատասխան կազմված հողամասի և/կամ շենք, շինությունների հատակագծերը:
2.3. Իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման
ընթացակարգերի պարզեցմանն ուղղված միջոցառումներ
Կոմիտեի կողմից գործառույթների իրականացման ընթացքում վարչարարության պարզեցման, կոռուպցիոն ռիսկերի նվազեցման, ինչպես նաև առկա աշխատանքային ռեսուրսների օգտագործումն օպտիմալացնելու նպատակով նախ անհրաժեշտ է հնարավորինս պարզեցնել նաև իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության (մասնավորապես` միասնական տեղեկատվության) տրամադրման ընթացակարգերը: Դրա համար առաջարկվում է Կոմիտեի գործառույթների իրականացման կարգը սահմանող իրավական ակտերով հստակ սահմանել, որ անշարժ գույքի չափագրման աշխատանքների իրականացումն անհրաժեշտ է միայն անշարժ գույքի առաջնային գրանցման (այսինքն` այն գույքերի համար, որոնք չեն ստացել իրավունքի պետական գրանցում 1998 թվականի մարտի 1-ից հետո), ինչպես նաև անշարժ գույքի որակական կամ քանակական փոփոխությունների առկայության դեպքում` սեփականատիրոջ դիմումի հիման վրա: Մնացած բոլոր դեպքերում իրավունքների պետական գրանցման իրականացման ընթացքում անշարժ գույքի չափագրման կամ տեղազննության աշխատանքներ չպետք է կատարվեն: Այս առումով անհրաժեշտ է հիմնվել այն սկզբունքի վրա, որ անշարժ գույքի պետական ռեգիստրը պատասխանատու է իր կողմից իրականացված իրավունքի գրանցման ճշտության համար և ոչ թե գրանցումից հետո գույքի որակական կամ քանակական բնութագրերի փոփոխության, կամ ինքնակամ իրականացված կառույցների ու ինքնակամ հողազավթումների հաշվառման, կամ դրանց հիմքով օրինական գույքի նկատմամբ փաստաթղթերով հավաստած իրավունքի գրանցումը մերժելու համար: Ի վերջո, գրանցման սուբյեկտը իրավասու է տնօրինել միայն այն գույքը, որի նկատմամբ իրավունքը ստացել է պետական գրանցում, այլ ոչ թե այն, ինչը փաստացի է տիրապետում տվյալ սուբյեկտը: Ինքնակամ կառույցների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ գույքի օրինական մասի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումների վերացմանը դեռևս կանդրադառնանք իրավական բարեփոխումների նկարագրության ընթացքում: Ինչ վերաբերում է նաև դրանից բխող` ընթացակարգային փոփոխություններին, ապա այս առումով առաջարկվում են հետևյալ միջոցառումները.
- Իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգը սահմանող իրավական ակտերում հստակ ամրագրել, որ անշարժ գույքի չափագրման աշխատանքները պարտադիր են միայն գույքի առաջնային գրանցման, ինչպես նաև սեփականատիրոջ դիմումի հիման վրա` գույքի որակական և քանակական բնութագրերի փոփոխության դեպքում: Մնացած դեպքերում, այդ թվում նաև միասնական տեղեկատվության տրամադրման ընթացքում, անշարժ գույքի չափագրում կամ տեղազննություն չպետք է իրականացվի: Կարծում ենք, այս միջոցառման իրականացումը նախ էապես կթեթևացնի տարածքային մարմինների հաշվառման բաժինների աշխատանքների ծանրաբեռնվածությունը, ինչպես նաև կպարզեցնի գույքի նկատմամբ կատարվող գործարքներից ծագող իրավունքների պետական գրանցման և միասնական տեղեկատվության տրամադրման ընթացակարգը` հնարավորություն ստեղծելով կրճատելու դրանց իրականացման ժամկետները, իսկ միասնական էլեկտրոնային տվյալների բազայի առկայության դեպքում նաև միասնական տեղեկատվությունը տրամադրել առցանց` հաշված րոպեների ընթացքում:
- Իրավունքի գրանցման վկայականների ձևաթղթերի վերանայում, մասնավորապես` պետք է քննարկվի վկայականների ձևաթղթերից հողամասի և շենք, շինությունների հատակագծերը հանելու հարցը: ներկայումս, յուրաքանչյուր պետական գրանցում իրականացնելիս իրավունքի գրանցման վկայականում պետք է պարտադիր հատակագծվեն հողամասը և շենք, շինությունները: Այս աշխատանքները շատ դեպքերում (հատկապես մեծ օբյեկտների գրանցման դեպքում) բավականին աշխատատար են և տեղազննության/չափագրման աշխատանքների հետ մեկտեղ էապես երկարացնում են իրավունքի գրանցման համար անհրաժեշտ ժամանակը: Իրավունքների գրանցման ընթացակարգի պարզեցման նպատակով, աշխատանքային խումբը առաջարկում է իրավունքի գրանցման վկայականների ձևաթղթերից հանել հողամասի և շենք, շինության հատակագծերը պարունակող էջերը: Անշուշտ, հողամասի կադաստրային քարտեզն ու շենք, շինությունների հատակագծերը կպահպանվեն կադաստրի տեղեկատվական բանկի փաստաթղթերում` որպես դրանց պարտադիր և անբաժանելի մաս, իսկ գրանցման սուբյեկտներին դրանք կարող են տրամադրվել համապատասխան դիմումի հիման վրա: Այդ դեպքում, իրավունքի գրանցման վկայականը պետք է դիտվի, որպես գրանցման սուբյեկտին տրամադրվող փաստաթուղթ, որը հավաստում է իրավունքի գրանցման փաստը և պարունակում է բավարար տվյալներ` անշարժ գույքը նույնականացնելու համար: Նման մոտեցումը ոչ միայն կպարզեցնի գրանցման ընթացակարգն ու հնարավորություն կտա կրճատել իրավունքի գրանցման համար պահանջվող ժամկետը, այլ նաև դրա արդյունքում վկայականը հեշտությամբ կարող է փոխանցվել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով և տրամադրել դիմողին` իր նախընտրած սպասարկման գրասենյակից:
2.4. Առկա ռեսուրսների օգտագործման օպտիմալացմանն ու
արդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումներ
Կոմիտեի գործունեության բարեփոխումների առաջարկվող միջոցառումների իրականացմանը համընթաց անխուսափելիորեն կարիք է առաջանալու նաև վերանայել աշխատանքային և նյութատեխնիկական ռեսուրսների օգտագործման ուղղությունները: Մասնավորապես, սպասարկման գրասենյակների ստեղծումը, իրավունքի պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման դիմումների` անկախ գույքի գտնվելու վայրից ընդունման համակարգի ներդրումը, անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցումը, համակարգում գործառույթների ավտոմատացման մակարդակի բարձրացումը անխուսափելիորեն կհանգեցնի Կոմիտեի աշխատակազմի տարածքային մարմիններում աշխատանքները նոր կարգով կազմակերպելու անհրաժեշտության: Նշված միջոցառումների իրականացման պարագայում հնարավորություն կառաջանա նաև վերանայել տարածքային մարմինների քանակը և տարածքային բաշխվածությունը` տարածքային մարմինների աստիճանաբար միավորման և դրանց քանակի օպտիմալացման առումով, ինչը կարող է նաև չուղեկցվել հաստիքների կրճատմամբ, սակայն անշուշտ հնարավորություն կտա կրճատելու նման քանակությամբ տարածքային մարմինների պահպանմանն ուղղված այլ վարչական ծախսերը:
Քննարկվող միջոցառման իրականացման համար ներկայումս բավականին դժվար է նախանշել կոնկրետ ժամկետներ, քանի որ այն պետք է իրականացվի աստիճանաբար, այն մեծապես պայմանավորված է լինելու առաջարկվող մյուս միջոցառումների իրականացման դրական արդյունքներով:
Ինչպես երևում է, ռեսուրսների օգտագործման օպտիմալացման խնդիրը կարելի է առանձնացնել որպես բարեփոխումների համալիրի իրագործման արդյունքներով իրականացման ենթակա հեռահար գործառույթ, սակայն դրա իրականացումը բավականին կարևոր է, ուստի այն որպես առանձին միջոցառում պարտադիր պետք է նախանշվի առաջարկվող բարեփոխումների շրջանակներում:
3. Համակարգի ավտոմատացմանն ուղղված բարեփոխումներ
Անշարժ գույքի կադաստրի վարման առաջադեմ միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կադաստրի համակարգի զարգացման հիմքում բոլոր ուսումնասիրված երկրներում դրված է եղել տեղեկատվական տեխնոլոգիաների լայն կիրառումը թե գործառույթների ներքին ավտոմատացման և թե արտաքին օգտվողներին ծառայությունների առցանց (on-line) մատուցման ոլորտներում:
Դրան համապատասխան, համակարգի ավտոմատացման ուղղությամբ առաջարկվող առաջնահերթ միջոցառումները ևս կբաժանվեն երկու ուղղությունների`
- Համակարգի ներքին գործառույթների ավտոմատացում
- Արտաքին օգտվողներին ծառայությունների մատուցման ավտոմատացում
3.1. Համակարգի ներքին գործառույթների ավտոմատացում
Առաջնահերթ միջոցառումներն են.
3.1.1. Կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների և սպասարկման
գրասենյակների միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունը ապահովող
համակարգչային ծրագրի ստեղծում և ներդրում:
Կոմիտեի աշխատակազմի տարածքային մարմինների ընդհանուր բաժինների գործառույթների առանձնացումը սպասարկման գրասենյակների ստեղծման միջոցով ապահովելու նպատակով անհրաժեշտ է ներդնել դրանց միջև կապը ապահովող` էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգչային ծրագիր, որի միջոցով ստացված փաստաթղթերը նախ սպասարկման գրասենյակներից էլեկտրոնային կապի միջոցով կուղարկվեն համապատասխան տարածքային ստորաբաժանում և ապա վերջինիս, գործառույթի իրականացման ընթացքում կազմված ավարտական փաստաթուղթը (գրանցման վկայական, տեղեկանք և այն) կուղարկվի սպասարկման գրասենյակ` դիմողին տրամադրելու նպատակով: Բացի այդ, այս համակարգչային ծրագիրը պետք է ապահովի նաև տարածքային ստորաբաժանումներում ներքին գործավարության ավտոմատացումը:
3.1.2. Կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծում.
Համակարգի հետագա ավտոմատացման (այդ թվում Նորվեգական ծրագրի շրջանակներում ավտոմատացված համակարգի արդյունավետ շահագործման), քաղաքացիներին և իրավաբանական անձանց ծառայությունների առցանց մատուցման, ինչպես նաև այլ պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման գործառույթների իրականացման համար պարտադիր նախապայման է հանդիսանում կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի առկայությունը: Խոսքը վերաբերում է համապատասխան համակարգչային ծրագրում մուտքագրված գույքի նկատմամբ գրանցված իրավունքների և սահմանափակումների մասին տեքստային տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի որակական և քանակական բնութագրերը պարունակող` միասնական էլեկտրոնային բազային, որի ստեղծումը բավականին աշխատատար և ժամանակատար գործընթաց է: Այսպես, աշխատանքային խմբի կողմից կատարված հաշվարկները (կցվում է) ցույց տվեցին, որ միայն տվյալների մուտքագրման աշխատանքներով զբաղված 140 օպերատորների ներգրավման դեպքում անշարժ գույքի բոլոր միավորների տվյալները հնարավոր կլինի ամբողջությամբ մուտքագրել մեկ ու կես տարվա ընթացքում: Սակայն, նախքան տվյալների համակարգչային մուտքագրման բուն գործառույթին անցնելը, նախ անհրաժեշտ է ստեղծել տվյալների համակարգչային մուտքագրման և պահպանման համար նախատեսված համակարգչային ծրագիր, որի առկայության դեպքում միայն հնարավոր կլինի կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծումը:
3.1.3. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի
կորպորատիվ ցանցի տրամաբանական միացումը այն բոլոր ցանցերին, որոնք
օգտվում են և որոնց տվյալները անհրաժեշտ են անշարժ գույքի ռեեստրի վարման
համար.
Կադաստրի տեղեկատվական բանկի տվյալների ամբողջականացման և տվյալների արդիականության ապահովման նպատակով կոմիտեի կորպորատիվ ցանցը պետք է միացած լինի և հնարավորություն ունենա օգտվելու նաև հանրապետությունում վարվող մյուս հիմնական ռեեստրների, մասնավորապես` բնակչության պետական ռեգիստրի, իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, սոցիալական ապահովության և այլ մարմինների տեղեկատվական բազաների տվյալներից: Ընդհանուր առմամբ նշված միջոցառման իրականացման արդյունքում կադաստրի պետական կոմիտեի և կոմիտեի կողմից հավաքագրվող տեղեկատվությունից պարբերաբար օգտվող մյուս պետական մարմինների միջև տեղեկատվության փոխանակումը պետք է իրականացվի էլեկտրոնային եղանակով, իսկ կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազայի ստեղծումից հետո պետական մարմինները պետք է հնարավորություն ստանան սահմանված ձևաչափով ինքնուրույն համակարգից ելքագրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Նույնը վերաբերում է նաև կադաստրի պետական կոմիտեի կողմից այլ մարմինների ռեեստրների տեղեկատվություններից օգտվելուն:
3.2. Արտաքին օգտվողներին` ծառայության մատուցման ավտոմատացում
Արտաքին օգտվողներին առցանց ծառայությունների մատուցմանն ուղղված միջոցառումները կոչված են նախ ապահովել համակարգի ծառայություններից օգտվողների համար առցանց կադաստր վարող մարմին անձամբ ներկայանալու անհրաժեշտության կադաստրի ծառայություններից օգտվելու հնարավորություն, որը միաժամանակ կարող է բավականին թեթևացնել նաև տարածքային մարմինների ընդհանուր բաժինների և նոր ստեղծվող սպասարկման գրասենյակների աշխատանքների ծանրաբեռնվածությունը:
Նշված ուղղությամբ ներկայումս հնարավոր է իրականացնել հետևյալ միջոցառումները.
3.2.1. Ցանկացած բնույթի տեղեկատվություն (այդ թվում նաև միասնական
տեղեկատվություն) ստանալու համար դիմումների առցանց` Կոմիտեի պաշտոնական
վեբ-կայքի միջոցով ներկայացման, այդ թվում նաև էլեկտրոնային վճարման
հնարավորության ընձեռումը:
Դեռևս չունենալով on-line ռեժիմով աշխատող կադաստրային տվյալների միասնական էլեկտրոնային բազա, որի առկայության պարագայում տեղեկատվությունն ուղղակիորեն հնարավոր կլինի ելքագրել համապատասխան վեբ-կայքից, ներկայումս նման ծառայությունը հնարավոր է կազմակերպել միայն դիմումների առցանց ներկայացման համակարգի ներդրման միջոցով: Տվյալ համակարգի օգնությամբ դիմողը պետք է հնարավորություն ստանա առցանց ներկայացնել տեղեկատվության ստացման համար անհրաժեշտ ելակետային տվյալները (գույքի հասցեն, անհրաժեշտ տեղեկատվության բնույթը, դիմողի տվյալները և այլն), որից հետո ստացված դիմումը, սպասարկման գրասենյակի աշխատակիցների կողմից կամ համակարգչային ծրագրի միջոցով կմշակվի և էլեկտրոնային կապով կուղեփոխվի համապատասխան տարածքային մարմին կամ տեղեկատվական կենտրոն: Ընդ որում, դիմողին պետք է հնարավորություն ընձեռվի նաև ընտրել տեղեկատվության ստացման եղանակը: Մասնավորապես, դա կարող է իրականացվել կամ Կոմիտեի աշխատակազմի համապատասխան տարածքային ստորաբաժանում կամ սպասարկման գրասենյակ անձամբ այցելելու միջոցով, կամ, լրացուցիչ վճարի դիմաց, տեղեկատվությունը կարող է առաքվել դիմողին փոստային ծառայության միջոցով:
3.2.2. Որոշ կատեգորիաների դիմողների համար իրավունքի պետական գրանցման
դիմումների և իրավահաստատող փաստաթղթերի առցանց ներկայացման համակարգի
ներդրում:
Խոսքը հիմնականում վերաբերում է առևտրային բանկերին և վարկային կազմակերպություններին, որոնք հանդիսանում են գրավի իրավունքի գրանցման համար դիմող հիմնական սուբյեկտները: Նման սուբյեկտների համար առաջարկվում է ստեղծել իրավունքի գրանցման դիմումների և իրավահաստատող փաստաթղթերի առցանց ներկայացման հնարավորությունը, որի դեպքում դիմումը և համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն ոչ թե անձամբ ներկայանալու, այլ էլեկտրոնային կապի միջոցով: Այս համակարգի կիրառմամբ բանկը կամ այլ արտոնագրված օգտվող, հնարավորություն կստանա Կադաստրի պաշտոնական վեբ-կայքում մուտքագրել իրավունքի պետական գրանցման դիմումը` դրան կցելով տեսաներածված և էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված իրավահաստատող փաստաթղթերի պատճենները:
Հարկ է նշել, որ քննարկվող համակարգի ներդրման և բանկերի ու վարկային կազմակերպությունների կողմից համակարգից լիարժեք օգտվելու պարագայում հնարավոր կլինի տարեկան մոտ 15%-ով նվազեցնել թղթային տարբերակով կոմիտեի տարածքային մարմիններ ներկայացվող իրավունքի պետական գրանցման դիմումների ընդունման և հաշվառման հետ կապված գործավարությունը:
3.2.3. Կադաստրային գործերի էլեկտրոնային արխիվի նյութերի` ինտերնետ
համացանցի միջոցով առցանց դիտարկման և փաստաթղթերի էլեկտրոնային
պատճենների ներբեռնման համակարգի ներդրում:
Համակարգում ավարտին են մոտենում կադաստրային գործերի` էլեկտրոնային արխիվի ստեղծման աշխատանքները: Էլեկտրոնային արխիվը կարող է ծառայել որպես ոչ միայն փաստաթղթերի պահպանման, այլ նաև տեղեկատվության տրամադրման բավականին արդյունավետ գործիք: Մասնավորապես, համակարգում հաճախ են մուտքագրվում կադաստրային գործի նյութերին ծանոթանալու կամ գործերից որոշակի փաստաթղթերի պատճենը տրամադրելու խնդրանքով դիմումներ: Ինտերնետ ցանցի միջոցով էլեկտրոնային արխիվի նյութերի հասանելիության ապահովումը հնարավորություն կտա նման բովանդակությամբ դիմումների մի մասի դեպքում խուսափել թղթային գործավարության անհրաժեշտությունից, ինչպես նաև արտաքին օգտվողներին հնարավորություն կընձեռի անհրաժեշտ տեղեկատվությունը` կադաստրային գործի փաստաթղթերի պատճենի տեսքով ստանալ բավականին արագ և առանց տարածքային մարմին անձամբ այցելելու անհրաժեշտության:
Նմանատիպ ծառայության ներդրման համար անհրաժեշտ է սակայն լուծել ոչ միայն դրա իրագործման տեխնիկական ապահովման խնդիրը, այլ նաև հստակեցնել կադաստրային գործերի փաստաթղթերի պատճենի տրամադրման դեպքում այն փաստաթղթերի ցանկը, որոնք ազատորեն կարող են ձեռք բերվել ցանկացած դիմողի կողմից, և այն փաստաթղթերը, որոնցում պարունակվող տեղեկությունների մատչելիությունը պետք է սահմանափակվի: Այս խնդիրը ևս ներառված է իրավական բարեփոխումների բաժնում, որպես օրենսդրական փոփոխությունների արդյունքում կարգավորման ենթակա խնդիր:
4. Իրավական բարեփոխումներ
Սույն փաստաթղթում ներկայացվող բոլոր միջոցառումների իրականացումը հնարավոր է միայն դրանց իրականացման համար համապատասխան իրավական հիմքերի առկայության դեպքում: Հետևաբար, կոմիտեի գործառույթները կարգավորող իրավական դաշտի վերանայման առաջին ուղղությունը պետք է հանդիսանա բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական դաշտի ձևավորումը: Բացի այդ, իրավական բարեփոխումների շրջանակում անհրաժեշտ է ընդհանրապես վերլուծել և համակարգել իրավունքների պետական գրանցման, տեղեկատվության տրամադրման, ինչպես նաև կոմիտեի այլ գործառույթների իրականացումը կարգավորող իրավական դաշտը` այն հնարավորինս պարզեցնելու և դրանում առկա բազմաթիվ իրավական ակտերը համակարգելու նպատակով: Մասնավորապես, իրավունքի պետական գրանցման գործառույթը ներկայումս կարգավորում է ինչպես «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքով, այնպես էլ դրա հիման վրա ընդունված մի շարք գերատեսչական ակտերով (հրահանգներ, մեթոդական ցուցումներ, կարգադրություններ, իսկ որոշ դեպքերում նաև շրջաբերականներ), որոնցից մի մասը ընդունվել են դեռևս 1998-1999 թվականներին և առ այսօր չեն վերանայվել, որի պատճառով ոչ միայն չեն կարող ծառայել որպես համակարգի հետագա զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքեր, այլ նաև շատ դեպքերում ուղղակիորեն կհակասեն առաջարկվող բարեփոխումների ընդհանուր տրամաբանությանը, խոչընդոտելով դրանց իրականացմանը:
Իրավական բարեփոխումների իրականացման շրջանակում անհրաժեշտ միջոցառումներն են.
- «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակումը և ընդունումը: Օրենքի փոփոխությունների կարգավորման հիմնական առարկան են հանդիսանալու`
. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման դիմումները` ըստ գույքի գտնվելու վայրի ներկայացման դրույթի վերանայումը.
. իրավունքի պետական գրանցման համար դիմումների և իրավահաստատող փաստաթղթերի էլեկտրոնային համակարգերի միջոցով ներկայացման կարգը սահմանող դրույթների ամրագրումը.
. անշարժ գույքի չափագրման աշխատանքների մասնակի մասնավորեցման հետ կապված դրույթների սահմանումը.
. տեղեկատվության տրամադրման գործառույթի իրավական կարգավորման հստակեցումը. մասնավորապես անհրաժեշտ է հստակորեն սահմանել հրապարակման ենթակա և սահմանափակ մատչելիությամբ տեղեկատվությունը.
. գործառույթների պարզեցման նպատակով օրենքում վերանայման և փոփոխման ենթակա այլ դրույթներ:
- Ինքնակամ կառույցների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ իրավունքի պետական գրանցման սահմանափակումների վերացման նպատակով անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 07.04.2005 թ. «Ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայության դեպքում գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» թիվ 719-Ն որոշման մեջ:
- Իրավունքների գրանցման վկայականների ձևաթղթերի փոփոխման համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել վկայականների ձևը սահմանող ՀՀ կառավարության 1997 թվականի հոկտեմբերի 22-ի N 466 որոշման մեջ:
- Նախատեսվող օրենսդրական փոփոխություններին համապատասխան անհրաժեշտ է վերանայել Կոմիտեի կողմից ընդունված գրեթե բոլոր գերատեսչական նորմատիվ ակտերը` դրանք օրենսդրական փոփոխություններին համապատասխանեցնելու նպատակով: Միաժամանակ անհրաժեշտ է նաև իրականացնել իրավական ակտերի ինկորպորացիա` առանձին խնդիրներ կարգավորող և առանձնահատկություններ սահմանող իրավական ակտերը (հրահանգներ, մեթոդական ցուցումներ, կարգադրություններ և այլն) մեկ կամ մի քանի առավել համապարփակ իրավական ակտերում միավորելու նպատակով:
ԾՐԱԳԻՐ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի
կադաստրի պետական կոմիտեի համակարգում բարեփոխումների իրականացման
հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների
._____________________________________________________________________.
| N|Միջոցառման անվանումը | Նպատակը |Իրականացման |
| | | |ժամկետը |
|__|_________________________|___________________________|____________|
| 1|«Հայաստանի Հանրապետության|Քաղաքային բնակավայրերում |2011 թվականի|
| |կառավարության 2005 |ինքնակամ զբաղեցված |փետրվար |
| |թվականի ապրիլի 7-ի թիվ |հողամասերի առկայությամբ |ամսվա երրորդ|
| |719-Ն որոշման մեջ |գույքի օրինական մասի |տասնօրյակ |
| |փոփոխություններ կատարելու|նկատմամբ իրավունքների | |
| |մասին» ՀՀ կառավարության |պետական գրանցման | |
| |որոշման նախագծի |սահմանափակման վերացում: | |
| |ներկայացում ՀՀ |Մասնավորապես ներկայիս | |
| |կառավարության քննարկմանը |խմբագրությամբ ՀՀ | |
| | |կառավարության 07.04.2005 թ.| |
| | |թիվ 719-Ն որոշումը արգելում| |
| | |է քաղաքային բնակավայրերում | |
| | |օրինական հողամասին կից | |
| | |ինքնակամ զբաղեցրած հողամասի| |
| | |և/կամ ինքնակամ կառուցված | |
| | |շենք, շինությունների | |
| | |առկայությամբ նույնիսկ | |
| | |գույքի օրինական մասի | |
| | |նկատմամբ իրավունքների | |
| | |պետական գրանցման | |
| | |իրականացումը, ինչը և | |
| | |նախատեսվում է վերացնել | |
| | |նախագծով: | |
|__|_________________________|___________________________|____________|
| 2|ՀՀ կառավարությանն առընթեր|Կադաստրի տեղեկատվական բանկի|2011 թվականի|
| |անշարժ գույքի կադաստրի |տվյալների ամբողջականացման |ապրիլ ամսվա |
| |պետական կոմիտեի |և տվյալների արդիականության|երրորդ |
| |կորպորատիվ ցանցի |ապահովման նպատակով |տասնօրյակ |
| |տրամաբանական միացումը այն| | |
| |բոլոր ցանցերին, որոնք | | |
| |օգտվում են և որոնց | | |
| |տվյալները անհրաժեշտ են | | |
| |անշարժ գույքի ռեեստրի | | |
| |վարման համար | | |
|__|_________________________|___________________________|____________|
| 3|«Գույքի նկատմամբ |1. Գույքի նկատմամբ |2011 թվականի|
| |իրավունքների պետական |իրավունքների պետական |հուլիս ամսվա|
| |գրանցման մասին Հայաստանի |գրանցման էլեկտրոնային |երրորդ |
| |Հանրապետության օրենքում |համակարգի ներդրման իրավական|տասնօրյակ |
| |լրացումներ և |հիմքերի ստեղծում | |
| |փոփոխություններ կատարելու|2. Սպասարկման գրասենյակների| |
| |մասին» ՀՀ օրենքի նախագծի |ձևավորման իրավական հիմքերի| |
| |ներկայացում ՀՀ |ստեղծում, | |
| |կառավարության քննարկմանը |3. Իրավունքի պետական | |
| | |գրանցման դիմումների` ըստ | |
| | |գույքի գտնվելու վայրի | |
| | |ներկայացման պահանջի | |
| | |վերացում | |
| | |4. Իրավունքի պետական | |
| | |գրանցման դիմումների և | |
| | |իրավահաստատող փաստաթղթերի` | |
| | |առցանց ներկայացման իրավական| |
| | |հիմքի սահմանում | |
| | |5. Անշարժ գույքի չափագրման | |
| | |աշխատանքները հատուկ | |
| | |որակավորում ունեցող անձանց | |
| | |կողմից իրականացման համար | |
| | |իրավական հիմքերի սահմանում | |
| | |6. Կադաստրի տեղեկատվական | |
| | |բանկի տեղեկատվության հստակ | |
| | |դասակարգում ըստ | |
| | |հանրամատչելի և սահմանափակ | |
| | |մատչելիությամբ | |
| | |տեղեկությունների | |
| | |7. Իրավունքի պետական | |
| | |գրանցման վկայականներին | |
| | |ներկայացվող պահանջների | |
| | |փոփոխություն | |
| | |8. Բարեփոխումների | |
| | |իրականացման ընդհանուր | |
| | |տրամաբանությունից բխող այլ | |
| | |փոփոխություններ | |
|__|_________________________|___________________________|____________|
| 4|«Հայաստանի Հանրապետության|Իրավունքի պետական գրանցման |2011 թվականի|
| |կառավարության 1997 |վկայականների ձևաթղթերի |հոկտեմբեր |
| |թվականի հոկտեմբերի 22-ի |փոփոխություն |ամսվա երրորդ|
| |N 466 որոշման մեջ | |տասնօրյակ |
| |փոփոխություններ կատարելու| | |
| |մասին» ՀՀ կառավարության | | |
| |որոշման նախագծի | | |
| |ներկայացում ՀՀ | | |
| |կառավարության քննարկմանը | | |
|__|_________________________|___________________________|____________|
| 5|«Անշարժ գույքի չափագրման |1. Անշարժ գույքի չափագրման |2011 թվականի|
| |աշխատանքների իրականացման |աշխատանքներ իրականացնելու |հոկտեմբեր |
| |նպատակով անձանց |համար մասնավոր անձանց |ամսվա երրորդ|
| |որակավորման կարգը |որակավորման կարգի |տասնօրյակ |
| |հաստատելու մասին» ՀՀ |սահմանում, որը անհրաժեշտ | |
| |կառավարության որոշման |նախադրյալներ կստեղծի | |
| |նախագծի ներկայացում |տարածքային | |
| | |ստորաբաժանումների քանակի | |
| | |հետագա օպտիմալացման և | |
| | |անշարժ գույքի չափագրման | |
| | |աշխատանքների մասնավոր | |
| | |անձանց կողմից որպես | |
| | |այլընտրանքային տարբերակ | |
| | |իրականացնելու համար | |
| | |(Հատուկ որակավորում ունեցող| |
| | |անձանց կողմից անշարժ գույքի| |
| | |չափագրման աշխատանքների | |
| | |իրականացման իրավական | |
| | |հիմքերը և սույն որոշման | |
| | |ընդունման պահանջը | |
| | |նախատեսվելու է «Գույքի | |
| | |նկատմամբ իրավունքների | |
| | |պետական գրանցման մասին» ՀՀ | |
| | |օրենքում կատարվող | |
| | |փոփոխություններով (կետ 3)) | |
|__|_________________________|___________________________|____________|
| 6|Մի շարք գերատեսչական |1. Իրավունքների պետական |2011 թվականի|
| |իրավական ակտերում |գրանցման, տեղեկատվության |հոկտեմբեր |
| |փոփոխությունների և |տրամադրման |ամսվա երրորդ|
| |լրացումների ընդունում |առանձնահատկությունները |տասնօրյակ |
| | |սահմանող նորմատիվ և ներքին| |
| | |գերատեսչական ակտերի | |
| | |համապատասխանեցում «Գույքի | |
| | |նկատմամբ իրավունքների | |
| | |պետական գրանցման մասին» ՀՀ | |
| | |օրենքում կատարված | |
| | |փոփոխություններին. | |
| | |2. Գերատեսչական իրավական | |
| | |ակտերի ինկորպորացիա | |
|__|_________________________|___________________________|____________|
| 7|«Գույքի նկատմամբ |Անշարժ գույքի |2011 թվականի|
| |իրավունքների պետական |չափագրման/տեղազննության |նոյեմբեր |
| |գրանցման և |աշխատանքների իրականացման |ամսվա երրորդ|
| |տեղեկատվության տրամադրման|կանոնակարգում |տասնօրյակ |
| |ընթացքում անշարժ գույքի |/տեղեկատվության տրամադրման | |
| |չափագրման և/կամ |համար տեղազննության | |
| |տեղազննության |իրականացման պահանջի | |
| |աշխատանքների իրականացման |վերացում, գույքի չափագրման | |
| |առանձնահատկությունների |պահանջ միայն առաջնային | |
| |մասին» հրահանգի ընդունում|գրանցման կամ դիմումի հիման | |
| | |վրա` փոփոխությունների | |
| | |առկայության դեպքում/ | |
|__|_________________________|___________________________|____________|
| 8|Կադաստրային տվյալների |. Համակարգի հետագա |2011 թվականի|
| |միասնական էլեկտրոնային |ամբողջական ավտոմատացման |նոյեմբեր |
| |բազայի ստեղծում |համար անհրաժեշտ տվյալների |ամսվա երրորդ|
| | |շտեմարանների ստեղծում |տասնօրյակ |
| | |. Տեղեկատվության տրամադրման| |
| | |առցանց համակարգի ներդրում | |
| | |. Այլ ռեեստրների և | |
| | |ճյուղային կադաստրների հետ | |
| | |տեղեկատվության ավտոմատ | |
| | |փոխանակման հիմքերի | |
| | |ձևավորում | |
|__|_________________________|___________________________|____________|
| 9|Կոմիտեի աշխատակազմի |Կոմիտեի աշխատակազմի |2011 թվականի|
| |տարածքային |տարածքային մարմինների |դեկտեմբեր |
| |ստորաբաժանումների և |ընդհանուր բաժինների |ամսվա երրորդ|
| |սպասարկման գրասենյակների |գործառույթների առանձնացումը|տասնօրյակ |
| |միջև էլեկտրոնային |սպասարկման գրասենյակների | |
| |փաստաթղթաշրջանառությունը |ստեղծման, ինչպես նաև | |
| |ապահովող համակարգչային |համակարգի հետագա | |
| |ծրագրի ստեղծում և |ավտոմատացումն ապահովելու | |
| |ներդրում |նպատակով | |
|__|_________________________|___________________________|____________|
|10|Երևան քաղաքում |. Դիմումների միասնական |2011 թվականի|
| |սպասարկման գրասենյակների |ընդունում` անկախ գույքի |դեկտեմբեր |
| |ստեղծում |գտնվելու վայրից |ամսվա երրորդ|
| | |. Քաղաքացիների սպասարկման |տասնօրյակ |
| | |որակի բարձրացում | |
| | |. Տարածքային | |
| | |ստորաբաժանումների քանակի | |
| | |հետագա օպտիմալացում | |
|__|_________________________|___________________________|____________|
|11|Անշարժ գույքի կադաստրի |Դիմումատուների համար |2011 թվականի|
| |տվյալների վերաբերյալ |տեղեկատվության ձեռքբերման |դեկտեմբեր |
| |տեղեկատվություն /այդ |ընթացակարգի էական |ամսվա երրորդ|
| |թվում նաև միասնական |պարզեցում, առանց կադաստր |տասնօրյակ |
| |տեղեկատվություն/ ստանալու|վարող մարմին անձամբ | |
| |համար դիմումների առցանց` |այցելելու տեղեկատվության | |
| |Կոմիտեի պաշտոնական |ստացման հնարավորություն | |
| |վեբ-կայքի միջոցով | | |
| |ներկայացման, այդ թվում | | |
| |նաև էլեկտրոնային վճարման| | |
| |համակարգի ներդրում | | |
|__|_________________________|___________________________|____________|
|12|Որոշ կատեգորիաների |Բանկերի, վարկային |2011 թվականի|
| |դիմողների համար իրավունքի|կազմակերպությունների, այլ |դեկտեմբեր |
| |պետական գրանցման |արտոնագրված օգտվողների |ամսվա երրորդ|
| |դիմումների և |համար իրավունքների գրանցման|տասնօրյակ |
| |իրավահաստատող փաստաթղթերի|ընթացակարգի պարզեցում | |
| |առցանց ներկայացման |Տարածքային | |
| |համակարգի ներդրում |ստորաբաժանումների ընդհանուր| |
| | |բաժինների, հետագայում նաև | |
| | |սպասարկման գրասենյակների | |
| | |աշխատանքների | |
| | |ծանրաբեռնվածության | |
| | |նվազեցում | |
|__|_________________________|___________________________|____________|
|13|Կադաստրային գործերի |Դիմումատուների համար |2011 թվականի|
| |էլեկտրոնային արխիվի |տեղեկատվության ձեռքբերման |դեկտեմբեր |
| |նյութերի` ինտերնետ |ընթացակարգի էական |ամսվա երրորդ|
| |համացանցի միջոցով առցանց |պարզեցում, առանց կադաստր |տասնօրյակ |
| |դիտարկման և փաստաթղթերի |վարող մարմին անձամբ | |
| |էլեկտրոնային պատճենների |այցելելու տեղեկատվության | |
| |ներբեռնման համակարգի |ստացման հնարավորություն | |
| |ներդրում | | |
._____________________________________________________________________.