Սեղմել Esc փակելու համար:
1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍԵՎԾ ...

 

 

020.0233.020500

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

1998 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-ԻՆ ՍՈՉԻՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՍԵՎԾՈՎՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ (ՍԾՏՀ) ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ԲՆԱԿԱՆ ԵՎ ՏԵԽՆԱԾԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 2 մայիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության պետ Վ. Հարությունյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 (1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1998 թվականի ապրիլի 15-ին Սոչիում ստորագրված` Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) մասնակից պետությունների կառավարությունների միջև բնական և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի գրավոր հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Վ. Հարությունյանի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1998 թ. ապրիլի 15-ին Սոչիում` Սևծովյան տնտեսական համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների կողմից` բնական և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- համագործակցել բնական և տեխնածին աղետների կամ դրանց հնարավորության դեպքում տեղեկատվություն ու օգնություն տրամադրելու հարցում.

- օգնությունը ցուցաբերել անվճար, եթե Կողմերն այլ բան չպայմանավորվեն.

- ապահովել օգնության բեռների անարգել ստացումը և առանց խտրականության դրանց բաշխումը բացառապես տուժած բնակչությանը.

- խնդրող Կողմի դիմումի հիման վրա օժանդակություն ցուցաբերել իր տարածքով օգնության անարգել տեղափոխման ընթացքում.

- նշանակել ՍԾՏՀ-ի շրջանակներում ստեղծվող Արտակարգ իրավիճակների աշխատանքային խմբի ներկայացուցիչներ.

- որպես Խնդրող կողմ տեղեկացնել Օժանդակող կողմի խմբի ղեկավարին իրավիճակի զարգացման մասին, այդ խմբերին ապահովել թարգմանիչներով, կապի և այլ անհրաժեշտ միջոցներով` նրանց խնդրանքի հիման վրա, ապահովել Օգնության խմբերի անդամների անվտանգությունը, անվճար բուժսպասարկումը, սնունդը, կացարանը, նրանց սեփական պաշարների սպառման դեպքում տրամադրել առաջին անհրաժեշտության առարկաներ.

- օգնության նպատակների համար ներմուծվող և արտահանվող սարքավորումներն ու ապրանքներն ազատել մաքսատուրքերից, հարկերից և վճարումներից,

- օգնություն ցույց տվող օդանավերն ազատել սահմանված գանձումներից և ծառայությունների համար վճարումներից,

- որպես Խնդրող կողմ հատուցել համաձայնագրի իրականացման հետ կապված գործողությունների իրականացման ընթացքում Օգնության խմբերի անդամների առողջությանը հասցված վնասի կամ նրանց մահվան հետ կապված բոլոր ծախսերը, փոխհատուցել Օգնության խմբի անդամի կողմից համաձայնագրի իրականացման հետ կապված առաքելության ժամանակ պատճառված վնասը և, որպես Օժանդակող կողմ, հատուցել իր Օգնության խմբի անդամի կողմից դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ հասցված վնասը:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` անգլերենով:

Համաձայնագրի անբաժանելի մասն է հանդիսանում հավելվածը, որը սահմանում է համաձայնագրի շրջանակներում օգնություն ցուցաբերողների մասին անձնական տվյալների փոխանակման կանոնները:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) մասնակից պետությունների կառավարությունների միջև բնական և տեխնածին աղետների կանխարգելման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

2 մայիսի 2000 թ.

ՍԴՈ-233

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
02.05.2000
N ՍԴՈ-232
Որոշում