Սեղմել Esc փակելու համար:
{04.08.1994 - 09.11.2000} ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{04.08.1994 - 09.11.2000} ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   04.08.1994  -ից մինչեւ   09.11.2000  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 04.08.1994 - 09.11.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Օրինագիծն ընդունված է ՀՀ Գերագույն խորհրդի
կողմից «04» հուլիսի 1994թ. Հ.Ն-1093-I

 

i

ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Սույն օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա ներդրումների իրականացման, իրավական, տնտեսական ու կազմակերպական հիմքերը և ուղղված է օտարերկրյա ներդրողների իրավունքների, օրինական շահերի, գույքի պաշտպանության ապահովմանը, օտարերկրյա նյութական և ֆինանսական միջոցների ներգրավման, առաջավոր տեխնոլոգիաների, կառավարման և կազմակերպման փորձի ներդրման ու արդյունավետ օգտագործման նախադրյալների ստեղծմանը:

 

ԲԱԺԻՆ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

 

Հոդված 1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

 

«Օտարերկրյա ներդրող» - օտարերկրյա պետություն, ցանկացած օտարերկրյա իրավաբանական անձ, օտարերկրյա քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ, Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչպես նաև միջազգային կազմակերպություն, որն իր գտնվելու վայրի օրենսդրությանը համապատասխան ներդրում է կատարում Հայաստանի Հանրապետությունում:

«Օտարերկրյա ներդրում» - գույքի ցանկացած տեսակ, այդ թվում` ֆինանսական միջոցներ և մտավոր արժեքներ, որն օտարերկրյա ներդրողի կողմից անմիջականորեն ներդրվում է Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող ձեռնարկատիրական կամ այլ գործունեության ոլորտում` շահույթի /եկամտի/ ստացման կամ այլ օգտակար արդյունքի հասնելու նպատակով:

«Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություն» - Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան ստեղծված ցանկացած կազմակերպական - իրավական տեսակի ձեռնարկություն, որի հիմնադիրը կամ մասնակիցն օտարերկրյա ներդրող է:

 

i
Հոդված 2. Օտարերկրյա ներդրումների իրավական կարգավորումը

 

Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա ներդրումների հետ կապված հարաբերությունները կարգավորում են սույն օրենքով, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով և միջազգային պայմանագրերով:

Եթե Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերով սահմանված են այլ կանոններ, քան բովանդակում է սույն օրենքը, ապա համապատասխան դեպքերում կիրառվում են միջազգային պայմանագրերի կանոնները:

 

Հոդված 3. Օտարերկրյա ներդրումների տեսակները

 

Օտարերկրյա ներդրողները կարող են Հայաստանի Հանրապետության տարածքում ներդրումներ իրականացնել`

ա/ արտարժույթով, արժութային այլ արժեքներով, Հայաստանի Հանրապետության ազգային դրամով.

բ/ շարժական ու անշարժ գույքով / շինություններ, շենքեր, սարքավորումներ և նյութական այլ արժեքներ / և դրա հետ կապված գույքային ցանկացած իրավունքով.

գ/ բաժնետոմսերով, պարտատոմսերով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթերով.

դ/ դրամական պահանջների ձևով և պայմանագրային արժեք ունեցող պարտավորությունների կատարման պահանջի իրավունքով.

ե/ արժեք ունեցող մտավոր սեփականության ցանկացած իրավունքով.

զ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով նախատեսված տնտեսական գործունեության իրականացման իրավունքով, այդ թվում նաև բնական ռեսուրսների հետախուզման, արդյունահանման, մշակման կամ շահագործման իրավունքով.

է/ վճարովի ծառայություններով.

i

ը/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ներդրումների ցանկացած տեսակներով:

Սահմանված տեսակների օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 4. Օտարերկրյա ներդրումների իրականացման ձևերը

 

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն ներդրումներ իրականացնել հետևյալ ձևերով.

ա/ օտարերկրյա ներդումներին ամբողջությամբ պատկանող ձեռնարկությունների, ինչպես նաև օտարերկրյա իրավաբանական անձանց պատկանող բաժանմունքներ, մասնաճյուղեր և ներկայացուցչություններ ստեղծելու կամ գործող ձեռնարկությունները որպես սեփականություն ձեռք բերելու միջոցով.

բ/ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ նոր ձեռնարկություններ հիմնադրելու կամ գործող ձեռնարկություններում բաժնեմաս ձեռք բերելու միջոցով.

գ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում բաժնետոմսեր, պարտատոմսեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ արժեթղթեր ձեռք բերելու միջոցով.

դ/ ինքնուրույն կամ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասնակցությամբ հողօգտագործման իրավունք և Հայաստանի Հանրապետության տարածքում բնական ռեսուրսների օգտագործման կոնցեսիաներ ձեռք բերելու միջոցով:

ե/ գույքային այլ իրավունքներ ձեռք բերելու միջոցով.

զ/ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ ձևերով, մասնավորապես` Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց կամ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ կնքված պայմանագրերի հիման վրա:

Սահմանված ձևերի օտարերկրյա ներդրումների իրականացման արգելումը կամ սահմանափակումը կարող է կատարվել միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 5. Օտարերկրյա ներդումների գնահատումը

 

Օտարերկրյա ներդրումներն օտարերկրյա ներդրողի ցանկությամբ գնահատում են ազատ փոխարկելի արտարժույթով կամ Հայաստանի Հանրապետության ազգային դրամով:

Արտարժույթի հաշվարկումը Հայաստանի Հանրապետության ազգային դրամով իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում արտարժույթի նկատմամբ ներդրման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքից ոչ բարձր:

 

ԲԱԺԻՆ 2
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

 

 

Հոդված 6. Օտարերկրյա ներդրումների իրավական ռեժիմը

 

Օտարերկրյա ներդրումների և դրանց հետ կապված իրավական ռեժիմը Հայաստանի Հանրապետությունում չի կարող նվազ բարենպաստ լինել, քան Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների գույքի, գույքային իրավունքների և ներդրման գործունեության ռեժիմը:

Սոցիալական և տնտեսական զարգացման կարևորագույն բնագավառներում օտարերկրյա ներդրումների խրախուսման նպատակով կարող են սահմանվել լրացուցիչ արտոնություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարող են սահմանվել այն տարածքները, որտեղ, ելնելով ազգային անվտանգության ապահովման պահանջներից, օտարերկրյա ներդրողների և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների գործունեությունը սահմանափակվում է կամ արգելվում է:

 

Հոդված 7. Երաշխիքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում

 

Օտարերկրյա ներդրումները կարգավորող` Հայաստանի Հանրապետության օրենսդրության փոփոխության դեպքում ներդրման պահից սկսած 5 տարվա ընթացքում, օտարերկրյա ներդրողի ցանկությամբ, կիրառվում է ներդրումների իրականացման պահին գործող օրենսդրությունը:

 

i
Հոդված 8. Երաշխիքներ ազգայնացումից և բռնագրավումներից

 

Օտարերկրյա ներդրումները Հայաստանի Հանրապետությունում ազգայնացման ենթակա չեն:

Պետական մարմինները չեն կարող նաև բռնագրավել օտարերկրյա ներդրումները: Առգրավումը որպես բացառիկ միջոց թույլատրվում է միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտակարգ դրության պայմաններում` դատարանի վճռով և լրիվ փոխհատուցմամբ:

 

Հոդված 9. Օտարերկրյա ներդրողներին պատճառած վնասի փոխհատուցումը

 

Օտարերկրյա ներդողներն ունեն նյութական և բարոյական այն վնասների, ներառյալ բաց թողնված օգուտի դատական կարգով փոխհատուցման իրավունքը, որոնք հասցվել են Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող գործողությունների, ինչպես նաև օտարերկրյա ներդրողի կամ օտարերկրյա ներդումներով ձեռնարկության նկատմամբ նշված մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով:

Օտարերկրյա ներդրողների կրած բոլոր այն վնասները, որոնք նրանց հասցվել են սույն օրենքի 8 հոդվածում և 9 հոդվածի առաջին մասում նշված գործողությունների հետևանքով, ենթակա են անհապաղ փոխհատուցման ընթացիկ շուկայական կամ անկախ աուդիտների գնահատումներով որոշված գներով` այն արժույթով, որով կատարվել է ներդրումը կամ, կողմերի փոխադարձ համաձայնությամբ` մեկ այլ արժույթով:

Փոխհատուցման իրավունքի ծագման պահից մինչև դրա իրացման պահը անցած ժամանակահատվածի համար փոխհատուցման գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսներ` Հայաստանի Հանրապետության վարկային շուկայում ժամկետային ավանդների ընթացիկ տոկոսադրույքների չափով:

 

Հոդված 10. Օտարերկրյա ներդրողի շահույթի / եկամտի / և այլ միջոցների տնօրինումը

 

Օտարերկրյա ներդրողի շահույթի / եկամուտը /, հարկերը վճարելուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ վճարումները կատարելուց հետո, մնում է նրա տնօրինության տակ:

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության բանկերում բացելու ընթացիկ, հաշվարկային կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ թույլատրված այլ հաշիվներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Օտարերկրյա ներդրողներն իրավունք ունեն իրենց օրինական կարգով ստացած միջոցները, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել Հայաստանի Հանրապետության ներքին շուկայում կամ ապրանքներ ձեռք բերելու նպատակով:

 

i
Հոդված 11. Օտարերկրյա ներդրումների հետ կապված սեփականության, շահույթի /եկամտի/ և այլ միջոցների արտահանման երաշխիքները

 

Օտարերկրյա ներդրողին և օտարերկրյա վարձու աշխատողներին իրավունք է տրվում և երաշխավորվում է ազատորեն արտահանել իրենց սեփականությունը, ներդրման հետևանքով ստացած շահույթը / եկամուտը / և այլ միջոցները, որոնք օրինական կերպով ստացվել են որպես ներդրումների արդյունք կամ որպես աշխատանքի դիմաց վճար, կամ որպես սույն օրենքի 9 հոդվածով նախատեսված փոխհատուցում:

 

ԲԱԺԻՆ 3
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

 

i
Հոդված 12. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության հիմնադրումը և գրանցումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները, դրանց բաժանմունքները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, ձեռնարկությունների տնտեսական միավորումները հիմնադրվում և գրանցվում են «Ձեռնարկությունների և ձեռնարկատիրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով սահմանված կարգով:

 

Հոդված 13. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության դադարումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության, նրա բաժանմունքների, մասնաճյուղերի, ներկայացուցչությունների գործունեության դադարումն իրականացվում է այն կարգով և դեպքերում, որոնք նախատեսված են դրանց հիմնադիր փաստաթղթերում և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

ԲԱԺԻՆ 4
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՈՎ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՂՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 

Հոդված 14. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության գործունեության շրջանակները

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները կարող են իրականացնել օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին համապատասխանող և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված ցանկացած տեսակի տնտեսական գործունեություն:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տնտեսական գործունեության առանձին տեսակներով կարող են զբաղվել միայն սահմանված կարգով լիցենզիա ստանալուց հետո:

 

Հոդված 15. Մաքսային հարկումը

 

Այն գույքը, որն օտարերկրյա ներդրողի կողմից Հայաստանի Հանրապետություն է ներմուծվում որպես օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության կանոնադրական հիմնադրամ, ինչպես նաև սեփական արտադրության համար նախատեսված գույքը (հումք, կիսապատրաստուկներ, լրակազմող իրեր, պահեստամասեր և այլն) ազատվում են մաքսատուրքերի գանձումից:

Միջազգային պայմանագրերի հիման վրա, որպես օտարերկրյա ներդրում, Հայաստանի Հանրապետություն ներմուծվող գույքը ազատվում է մաքսատուրքերից այն ժամկետներում, որոնք սահմանված են համապատասխան պայմանագրերով:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների օտարերկրյա աշխատողների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` անձնական կարիքների համար նախատեսված գույքն ազատվում է մաքսատուրքերից:

 

i
Հոդված 16. Արտադրանքի (աշխատանքների և ծառայությունների) արտահանումն ու ներմուծումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններն իրավունք ունեն առանց լիցենզիայի արտահանել սեփական արտադրության արտադրանքը /աշխատանքները, ծառայությունները/ և ներմուծել սեփական կարիքների համար արտադրանք /աշխատանքներ, ծառայություններ/, բացառությամբ այն դեպքերի, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և միջազգային պայմանագրերով: Արտահանվող արտադրանքը /աշխատանքները, ծառայությունները/ որպես սեփական արտադրանք ճանաչելու կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

Ձեռնարկության սեփական կարիքների համար նախատեսված ներմուծվող արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ ճանաչումը որպես սեփական արտադրանք իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Սեփական արտադրանքի / աշխատանքների, ծառայությունների / արտահանումից նշված ձեռնարկությունների ստացած շահույթը / եկամուտը /, այդ թվում` արժույթը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հարկերը վճարելուց հետո, մնում է նրանց տնօրինության տակ:

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների կողմից այլ արտադրանքի /աշխատանքների, ծառայությունների/ արտահանումն ու ներմուծումն իրականացվում է ընդհանուր հիմունքներով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 17. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների հարկումը

 

Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունները հարկեր են վճարում և հարկային արտոնություններ ստանում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 18. Օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների արտոնությունների սահմանումը

 

Սույն օրենքով սահմանված արտոնությունները տարածվում են օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունների վրա, որոնցում այդ ներդրումները հիմնադրման պահին կազմում են առնվազն 30 տոկոս:

Հաշվեկշռային գնահատման և հաշվառման նպատակով օտարերկրյա ներդրումներով ձեռնարկությունն իրականացնում է օտարերկրյա արժույթի վերահաշվարկ Հայաստանի Հանրապետության դրամի այն փոխարժեքով, որը որոշվում է սույն օրենքի 5 հոդվածով և Հայաստանի Հանրապետության օրենսդրական այլ ակտերով:

 

Հոդված 19. Գույքային իրավունքներ հողի և բնական այլ ռեսուրսների նկատմամբ

 

Օտարերկրյա ներդրողների կողմից հողի և բնական այլ ռեսուրսների վերաբերյալ գույքային իրավունքների ձեռքբերումը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան օրենսդրական ակտերով:

 

i
Հոդված 20. Գույքը վարձակալությամբ տրամադրելը

 

Օտարերկրյա ներդրողներին և օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին վարձակալությամբ գույքի տրամադրումը իրականացվում է վարձակալական պայմանագրերի հիման վրա` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

i
Հոդված 21. Կոնցեսիոն պայմանագրեր

 

Օտարերկրյա ներդրողներին վերարտադրվող և չվերարտադրվող բնական ռեսուրսների շահագործման իրավունքի վերապահումն իրականացվում է կոնցեսիոն պայմանագրերի հիման վրա, որոնք օտարերկրյա ներդրողների հետ կնքվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կամ դրա համար լիազորված պետական այլ մարմնի կողմից` կոնցեսիաների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Հոդված 22. Մտավոր սեփականության իրավունքները

 

Օտարերկրյա ներդրողների մտավոր սեփականության իրավունքների իրացումն ու պաշտպանությունն ապահովվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 23. Գույքի և ռիսկի ապահովագրությունը

 

Օտարերկրյա ներդրողի գույքի և ռիսկի ապահովագրությունը կատարվում է նրա հայեցողությամբ, եթե այլ կարգ չի նախատեսված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

 

Հոդված 24. Վեճերի լուծման կարգը

 

Օտարերկրյա ներդրումների հետ կապված բոլոր վեճերը, որոնք ծագել են օտարերկրյա ներդրողի և Հայաստանի Հանրապետության միջև, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Օտարերկրյա ներդրումների հետ կապված այն վեճերը, որոնցում որպես կողմ հանդես չի գալիս Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան քննվում են Հայաստանի Հանրապետության դատարաններում կամ տնտեսական վեճեր լուծող այլ մարմիններում, իսկ վիճող կողմերի համաձայնությամբ` նաև միջնորդ դատարաններում, եթե միջազգային պայմանագրերով կամ վիճող կողմերի նախնական պայմանավորվածությամբ / հիմնադիր փաստաթղթերով, տնտեսական պայմանագրերով և այլն / այլ կարգ չի նախատեսված:

 

Հոդված 25. Օտարերկրյա ներդրողների պատասխանատվությունը և պարտավորությունները

 

Օտարերկրյա ներդրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման համար:

Օտարերկրյա ներդրողի գույքը, ներառյալ ներգրավված միջոցները, գույքային իրավունքները կարող են նրա կողմից օգտագործվել որպես իր պարտավորությունների ապահովման միջոց:

 

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
31 հուլիսի 1994 թ.
ՀՕ-115

 

pin
ՀՀ 31.07.1994
N ՀՕ-115 օրենք