Սեղմել Esc փակելու համար:
ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ Կ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ Մ ...

 

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄԸ

 

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում  է.

Միանալ 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական կապերի մասին Վիեննայի կոնվենցիային:

6 հոկտեմբերի 1992 թվական:

 

ՎԻԵՆՆԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՊԵՐԻ ՄԱՍԻՆ ԿԱՏԱՐՎԱԾ Է ՎԻԵՆՆԱՅՈՒՄ 1961 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 18-ԻՆ

 

Սույն Կոնվենցիայի կողմեր հանդիսացող պետությունները,

նշելով, որ հնագույն ժամանակներից բոլոր երկրների ժողովուրդները ճանաչում են դիվանագիտական գործակալների կարգավիճակը,

ուշադրության առնելով Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության նպատակներն ու սկզբունքները պետությունների ինքնիշխան հավասարության, միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման և պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը նպաստելու վերաբերյալ,

համոզված լինելով, որ դիվանագիտական կապերի, արտոնությունների և իմունիտետների մասին միջազգային կոնվենցիայի կնքումը կնպաստի պետությունների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը, անկախ նրանց պետական և հասարակական կառուցվածքի տարբերություններից,

գիտակցելով, որ այդպիսի արտոնություններն ու իմունիտետները տրվում են ոչ թե առանձին անձանց շահերի համար, այլ դիվանագիտական ներկայացուցչությունների` որպես պետությունները ներկայացնող մարմինների ֆունկցիաների արդյունավետ իրականացումն ապահովելու համար,

հաստատելով, որ սույն կոնվենցիայի դրույթներով ուղղակիորեն չնախատեսված հարցերը կշարունակվեն կարգավորվել միջազգային իրավունքի նորմերով,

համաձայնվեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ  1

 

Սույն Կոնվենցիայում ստորև բերվող դարձվածքներն ունեն հետևյալ նշանակությունը.

a) «ներկայացուցչության ղեկավարը» այն անձն է, որին հավատարմագրող պետությունը պարտավորեցրել է հանդես գալ այդ կարգավիճակով.

b) «Ներկայացուցչության աշխատակիցներ» են հանդիսանում ներկայացուցչության ղեկավարը և ներկայացուցչության անձնակազմի անդամները.

c) «ներկայացուցչության անձնակազմի անդամներ» են հանդիսանում դիվանագիտական անձնակազմի, վարչատեխնիկական անձնակազմի և ներկայացուցչության սպասարկող անձնակազմի անդամները.

d) «դիվանագիտական անձնակազմի անդամներ» են հանդիսանում ներկայացուցչության անձնակազմի այն անդամները, որոնք ունեն դիվանագիտական աստիճան.

e) «դիվանագիտական գործակալը» ներկայացուցչության ղեկավարն է, կամ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամը.

f) «վարչատեխնիկական անձնակազմի անդամներ» են հանդիսանում ներկայացուցչության անձնակազմի այն անդամները, որոնք իրականացնում են ներկայացուցչության վարչատեխնիկական սպասարկումը.

q) «սպասարկող անձնակազմի անդամներ» են հանդիսանում ներկայացուցչության անձնակազմի այն անդամները, որոնք կատարում են ներկայացուցչության սպասարկման պարտականությունները.

h) «մասնավոր տնային աշխատողը» այն անձն է, որը կատարում է ներկայացուցչության աշխատակցի տնային աշխատողի պարտականությունները և չի հանդիսանում հավատարմագրող պետության ծառայողը.

i) «ներկայացուցչության շենքեր» նշանակում են ներկայացուցչության նպատակների համար օգտագործվող շենքերը կամ շենքերի մասերը, ներառյալ ներկայացուցչության ղեկավարի աթոռանիստը, անկախ նրանից, թե ում է պատկանում դրանց սեփականության իրավունքը, ներառյալ տվյալ շենքը կամ շենքի մի մասին սպասարկող հողամասը:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և մշտական դիվանագիտական ներկայացուցչությունների հիմնումը կատարվում են փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

i

1. Դիվանագիտական ներկայացուցչության ֆունկցիաները մասնավորապես կայանում են հետևյալում.

a) հավատարմագրող պետությունը ներկայացնել նստավայր պետությունում.

b) պաշտպանել հավատարմագրող պետության և նրա քաղաքացիների շահերը նստավայր պետությունում` միջազգային իրավունքով թույլատրելի շրջանակներում.

c) բանակցություններ վարել նստավայր պետության կառավարության հետ.

d) բոլոր օրինական միջոցներով պարզել նստավայր պետությունում առկա պայմաններն ու իրադարձությունները և դրանց մասին հաղորդել հավատարմագրող պետության կառավարությանը.

e) խրախուսել բարեկամական հարաբերությունները հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև և զարգացնել նրանց փոխհարաբերությունները էկոնոմիկայի, մշակույթի և գիտության բնագավառում:

2. Սույն կոնվենցիայի ոչ մի դրույթ չպետք է մեկնաբանվի որպես խոչնդոտ դիվանագիտական ներկայացուցչության կողմից կատարելու հյուպատոսական ֆունկցիաները:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

1. Հավատարմագրող պետությունը պետք է համոզված լինի այն բանում, որ նստավայր պետությունը ագրեման է տվյալ այն անձին, որին ինքը ենթադրում է հավատարմագրել որպես ներկայացուցչության ղեկավար այդ պետությունում:

2. Նստավայր պետությունը պարտավոր չէ հավատարմագրող պետությանը հայտնել ագրեման տալը մերժելու դրդապատճառները:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

1. Հավատարմագրող պետությունը, պատշաճ ձևով տեղյակ պահելով համապատասխան նստավայր պետություններին, կարող է, նայած հանգամանքներին, հավատարմագրել ներկայացուցչության ղեկավարին կամ նշանակել դիվանագիտական անձնակազմի ցանկացած անդամին կամ մի քանի այլ պետություններում, եթե որևէ նստավայր պետության կողմից առարկություն չի հայտնվել:

2. Եթե հավատարմագրող պետությունը ներկայացուցչության ղեկավարին հավատարմագրում է մեկ կամ մի քանի այլ պետություններում, ապա նա կարող է գործերի ժամանակավոր հավատարմատարների ղեկավարությամբ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնել յուրաքանչյուր այն պետությունում, որտեղ ներկայացուցչության ղեկավարը չունի մշտական աթոռանիստ:

3. Ներկայացուցչության ղեկավարը կամ ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի յուրաքանչյուր անդամ կարող է որպես հավատարմագրող պետության ներկայացուցիչ գործել ցանկացած միջազգային կազմակերպությանն առընթեր:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Երկու կամ մի քանի պետություններ միևնույն անձին կարող են հավատարմագրել որպես ներկայացուցչության ղեկավար այլ պետությունում, եթե նստավայր պետությունը դրա դեմ չի առարկում:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

5, 8, 9 և 11 հոդվածներում նախատեսված բացառություններով հավատարմագրող պետությունը անարգել կարող է նշանակել ներկայացուցչության անձնակազմի անդամներ: Ինչ վերաբերում է զինվորական, ծովային և օդային կցորդներին, ապա նստավայր պետությունը կարող է առաջարկել, որ նրանց անունները նախապես հայտնվեն իրեն` հավանություն ստանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 8

 

1. Ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամները սկզբունքորեն պետք է հանդիսանան հավատարմագրող պետության քաղաքացիներ:

2. Նստավայր պետության քաղաքացիներ հանդիսացող անձինք չեն կարող նշանակվել ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամներ այլ կերպ, քան նստավայր պետության համաձայնությամբ, ընդ որում այդ համաձայնությունը կարող է ցանկացած ժամանակ չեղյալ հայտարարվել:

3. Նստավայր պետությունը կարող է նույն իրավունքն իրեն վերապահել երրորդ պետության այն քաղաքացիների վերաբերմամբ, որոնք միաժամանակ հավատարմագրող պետության քաղաքացիներ չեն հանդիսանում:

 

ՀՈԴՎԱԾ 9

 

1. Նստավայր պետությունը ցանկացած ժամանակ, առանց պարտավոր լինելու պատճառաբանել իր որոշումը, կարող է տեղեկացնել հավատարմագրող պետությանը, որ ներկայացուցչության ղեկավարը, ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի որևէ անդամ հանդիսանում է persօna nօn grata կամ որ ներկայացուցչության ցանկացած այլ անդամ հանդիսանում է անընդունելի: Այդ դեպքում հավատարմագրող պետությունը համապատասխանաբար պետք է հետ կանչի տվյալ անձին կամ դադարեցնի նրա ֆունկցիաները ներկայացուցչությունում: Այդ կամ այն անձը կարող է nօn grata կամ անընդունելի հայտարարվել մինչև նստավայր պետության տարածք ժամանելը:

2. Եթե հավատարմագրող պետությունը հրաժարվի կատարելուց կամ ընդունելի ժամկետում չկատարի սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված իր պարտավորությունները, նստավայր պետությունը կարող է հրաժարվել տվյալ անձին ներկայացուցչության աշխատակից ճանաչելուց:

 

ՀՈԴՎԱԾ 10

 

1. Նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այլ նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, ծանուցվում է`

a) ներկայացուցչության աշխատակիցների նշանակման, նրանց ժամանման և վերջնական մեկնման մասին կամ ներկայացուցչությունում նրանց ֆունկցիաների դադարեցման մասին.

b) ներկայացուցչության աշխատակցի ընտանիքին պատկանող անձի ժամանման ու վերջնական մեկնման մասին և հարկ եղած դեպքերում այն մասին, որ այս կամ այն անձը դառնում է կամ դադարել է լինել ներկայացուցչության աշխատակցի ընտանիքի անդամ.

c) սույն կետի «a» ենթակետում հիշատակված անձանց մոտ ծառայության անցած մասնավոր տնային աշխատողների ժամանման և վերջնական մեկնման մասին և հարկ եղած դեպքերում` այդ անձանց մոտ նրանց ծառայությունը դադարեցնելու մասին.

d) նստավայր պետությունում բնակվող անձանց որպես ներկայացուցչության արտոնություններ և իմունիտետներ ունեցող աշխատակիցներ կամ տնային աշխատողներ վարձելու և ազատելու մասին:

2. Ժամանման և վերջնական մեկնման մասին նույնպես պետք է ըստ հնարավորության տեղեկացվի ևս վաղօրոք:

 

ՀՈԴՎԱԾ 11

 

1. Ներկայացուցչության անձնակազմի թվաքանակի մասին կոնկրետ համաձայնության բացակայության դեպքում նստավայր պետությունը կարող է առաջարկել, որպեսզի ներկայացուցչության անձնակազմի թվաքանակը պահպանվի այն սահմաններում, որոնք ինքը գտնում է բնական և նորմալ, հաշվի առնելով նստավայր պետությունում գոյություն ունեցող հանգամանքներն ու պայմանները և տվյալ ներկայացուցչության պահանջմունքները:

2. Նստավայր պետությունը կարող է նաև նույն հիմունքներով և առանց խտրականության հրաժարվել որևէ որոշակի կատեգորիայի պաշտոնատար անձանց ընդունելուց:

 

ՀՈԴՎԱԾ 12

 

Հավատարմագրող պետությունը չի կարող առանց նստավայր պետության որոշակիորեն արտահայտված նախնական համաձայնության հիմնել դիվանագիտական ներկայացուցչության մասը կազմող գրասենյակներ այլ բնակավայրերում, բացի այն վայրերից, որտեղ հիմնված է ինքը` ներկայացուցչությունը:

 

ՀՈԴՎԱԾ 13

 

1. Ներկայացուցչության ղեկավարը համարվում է նստավայր պետությունում իր ֆունկցիաների կատարմանն անցած ըստ այդ պետությունում գոյություն ունեցող պրակտիկայի, որի կիրառումը պետք է լինի միատեսակ, կամ իր հավատարմագրերը հանձնելու պահից, կամ էլ նստավայր պետության արտաքին գործերի նախարարությանը կամ այլ նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, իր ժամանման մասին հայտնելու և հավատարմագրերի հաստատված պատճենները ներկայացնելու պահից:

2. Հավատարմագիրը հանձնելու կամ դրանց հաստատված պատճենները ներկայացնելու հերթականությունը որոշվում է ներկայացուցչության ղեկավարի ժամանման ամսաթվով և ժամով:

ՀՈԴՎԱԾ 14

 

1. Ներկայացուցչությունների ղեկավարները ստորաբաժանվում են երեք դասի, որոնք են`

a) պետությունների ղեկավարներին և համարժեք աստիճանի ներկայացուցչությունների այլ ղեկավարներին առընթեր հավատարմագրող դեսպանների և նվիրակների դաս.

b) պետությունների ղեկավարներին առընթեր հավատարմագրվող դեսպանների և ինտերնվիրակների դաս,

c) արտաքին գործերի նախարարներին առընթեր հավատարմագրվող գործերի հավատարմատարների դաս:

2. Ոչ այլ կերպ, քան ելնելով ավագությունից և վարվելակարգից, ոչ մի տարբերություն չպետք է դրվի ներկայացուցչությունների ղեկավարների միջև` նրանց այս կամ այն դասին պատկանելու հետևանքով:

 

ՀՈԴՎԱԾ 15

 

Այն դասը, որին պետք է պատկանեն ներկայացուցչությունների ղեկավարները, որոշվում է պետությունների միջև կնքվող համաձայնագրով:

 

ՀՈԴՎԱԾ 16

 

1. Ներկայացուցչությունների համապատասխան դասի ղեկավարների ավագությունը որոշվում է իրենց ֆունկցիաների կատարման անցնելու ամսաթվով և ժամով` համաձայն 18 հոդվածի:

2. Ներկայացուցչության ղեկավարի հավատարմագրերում այն փոփոխությունները, որոնք չեն առաջացնում դասի փոփոխություն, չեն անդրադառնում նրա ավագության վրա:

3. Սույն հոդվածը չի շոշափում Վատիկանի ներկայացուցչի ավագության վերաբերյալ նստավայր պետությունում ընդունված պրակտիկան:

 

ՀՈԴՎԱԾ 17

 

Ներկայացուցչության դիվանագիտական անձնակազմի անդամների ավագությունը ներկայացուցչության ղեկավարի կողմից հայտնվում է արտաքին գործերի նախարարությանը կամ այն նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն:

 

ՀՈԴՎԱԾ 18

 

Յուրաքանչյուր պետությունում ներկայացուցչությունների ղեկավարներին ընդունելիս պահպանվող կարգը պետք է միատեսակ լինի յուրաքանչյուր դասի նկատմամբ:

ՀՈԴՎԱԾ 19

 

Եթե ներկայացուցչության ղեկավարի տեղը թափուր է կամ եթե ներկայացուցչության ղեկավարը չի կարող կատարել իր ֆունկցիաները, ներկայացուցչության ղեկավարի պարտականությունների ժամանակավոր պաշտոնատար հանդիսանում է գործերի ժամանակավոր հավատարմատարը: Գործերի ժամանակավոր հավատարմատարի ազգանունը նստավայր պետության արտաքին գործերի նախարարության կամ այն նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն, հայտնում է կամ ներկայացուցչության ղեկավարը կամ, եթե նա ի վիճակի չէ դա անելու, հավատարմագրող պետության արտաքին գործերի նախարարությունը:

2. Այն դեպքերում, երբ ներկայացուցչության ոչ մի դիվանագիտական աշխատակից չի գտնվում նստավայր պետությունում, վարչատեխնիկական անձնակազմի անդամը, նստավայր պետության համաձայնությամբ, կարող է հավատարմագրող պետության կողմից նշանակվել ներկայացուցչության ընթացիկ վարչական գործերի վարման պատասխանատու:

 

ՀՈԴՎԱԾ 20

 

Ներկայացուցչությունը և նրա ղեկավարը իրավունք ունեն հավատարմագրող պետության դրոշը և խորհրդանշանն օգտագործել ներկայացուցչության շենքերի վրա, ներառյալ ներկայացուցչության ղեկավարի աթոռանիստը, ինչպես նաև նրա փոխադրամիջոցների վրա:

 

ՀՈԴՎԱԾ 21

 

1. Նստավայր պետությունը պետք է աջակցի հավատարմագրող պետությանը, իր օրենքների համաձայն, իր տարածքում ձեռք բերելու ներկայացուցչության գործունեության համար անհրաժեշտ շենքեր կամ պետք է հավատարմագրող պետությանը օգնություն ցույց տա որևէ այլ ճանապարհով շենքեր ստանալու:

2. Նա անհրաժեշտության դեպքում պետք է նաև ներկայացուցչություններին օգնություն ցուցաբերի հարմար շինություններ ձեռք բերելու իրենց աշխատակիցների համար:

ՀՈԴՎԱԾ 22

 

i

1. Ներկայացուցչության շենքերը անձեռնմխելի են: Նստավայր պետության իշխանությունները չեն կարող մուտք գործել այդ շենքերը այլ կերպ, քան ներկայացուցչության ղեկավարի համաձայնությամբ:

2. Նստավայր պետության վրա հատուկ պարտականություն է դրվում բոլոր պատշաճ միջոցները ձեռնարկել ներկայացուցչության շենքերը ամեն տեսակ ներխուժումներից կամ վնաս հասցնելուց պաշտպանելու և ներկայացուցչության անդորրին ամեն տեսակ խախտումը կամ արժանապատվությունը վիրավորելը կանխելու համար:

3. Ներկայացուցչության շենքերը, կահավորանքի առարկաները և այնտեղ գտնվող մյուս գույքը, ինչպես նաև ներկայացուցչության փոխադրամիջոցները օգտվում են խուզարկման, բռնագրավման, կալանքի և գործադրման ենթակա գործողությունների իմունիտետից:

 

ՀՈԴՎԱԾ 23

 

i

1. Հավատարմագրող պետությունը և ներկայացուցչության ղեկավարն ազատվում են ներկայացուցչության մասնավոր կամ վարձու շենքերին վերաբերող պետական, շրջանային և տեղական բոլոր հարկերից, տուրքերից ու մաքսատուրքերից, բացի այն հարկերից, որոնք իրենցից ներկայացնում են սպասարկման կոնկրետ տեսակների համար գանձվող վարձ:

2. Սույն հոդվածում նշված պետական գանձումները չեն վերաբերում այն հարկերին, տուրքերին և մաքսատուրքերին, որոնց նստավայր պետության օրենքներին համապատասխան, ենթարկվում են այն անձինք, որոնք պայմանագրեր են կնքել հավատարմագրող պետության կամ ներկայացուցչության ղեկավարի հետ:

 

ՀՈԴՎԱԾ 24

 

Ներկայացուցչության արխիվները և փաստաթղթերն անձեռնմխելի են ցանկացած ժամանակ և անկախ դրանց գտնվելու վայրից:

 

ՀՈԴՎԱԾ 25

 

Նստավայր պետությունը պետք է բոլոր հնարավորություններն ընձեռնի ներկայացուցչության կողմից իր ֆունկցիաները կատարելու համար:

 

ՀՈԴՎԱԾ 26

 

Նստավայր պետությունը պետք է ապահովի ներկայացուցչության բոլոր աշխատակիցների ազատ տեղաշարժը իր տարածքում, եթե դա չի հակասում այն գոտիների մասին օրենքներին ու կանոններին, որտեղ մուտք գործելն արգելվում է կամ կարգավորվում է պետական անվտանգության ապահովման նկատառումներով:

 

ՀՈԴՎԱԾ 27

 

i

1. Նստավայր պետությունը պետք է թույլատրի և պահպանի ներկայացուցչության ազատ կապերը բոլոր պաշտոնական նպատակներով: Հավատարմագրող պետության կառավարության ու այլ ներկայացուցիչների և հյուպատոսությունների հետ հարաբերությունների ընթացքում, որտեղ էլ որ դրանք գտնվեն, ներկայացուցչությունը կարող է օգտագործել բոլոր հարմար միջոցները, ներառյալ դիվանագիտական սուրհանդակները և ծածկագիր կամ գաղտնագիր հեռագրերը: Այնուամենայնիվ, ներկայացուցչությունը կարող է ռադիոհաղորդիչ տեղադրել և օգտագործել միայն նստավայր պետության համաձայնությամբ:

2. Ներկայացուցչության պաշտոնական թղթակցությունը անձեռնմխելի է: Պաշտոնական թղթակցություն ասելով հասկացվում է այն ամբողջ թղթակցությունը, որը վերաբերում է ներկայացուցչությանը և նրա ֆունկցիաներին:

3. Դիվանագիտական փոստը ենթակա չէ ոչ բացման, ոչ էլ կալանքի:

4. Դիվանագիտական փոստ կազմող բոլոր տեղերը պետք է ունենան դրանց բնույթը մատնանշող, տեսանելի արտաքին նշաններ, և դրանք կարող են պարունակել միայն դիվանագիտական փաստաթղթեր և պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաներ:

i

5. Դիվանագիտական սուրհանդակը, որը պետք է ունենա իր կարգավիճակի և դիվանագիտական փոստը կազմող տեղերի քանակը նշումով պաշտոնական փաստաթուղթ, իր ծառայողական պարտականությունները կատարելիս օգտվում է նստավայր պետության պաշտպանությունից: Նա օգտվում է անձնական անձեռնմխելիությունից և ենթակա չէ, որևէ ձևի ձերբակալման կամ կալանքի:

6. Հավատարմագրող պետությունը կամ ներկայացուցչությունը կարող են նշանակել ad hօc հատուկ դիվանագիտական սուրհանդակներ: Այդ դեպքերում նույնպես կիրառվում են սույն հոդվածի 5-րդ կետի դրույթները այն բացառությամբ, որ այնտեղ նշված իմունիտետները դադարում են այդ սուրհանդակի կողմից դիվանագիտական փոստը ըստ նշանակման հասցնելու պահին:

7. Դիվանագիտական փոստը կարող է վստահվել քաղաքացիական այն օդանավի անձնակազմի հրամանատարին, որն ուղևորվում է ժամանելու համար թույլատրված օդանավակայան: Հրամանատարը պետք է ունենա պաշտոնական փաստաթուղթ, որտեղ նշված լինի փոստկազմող տեղերի քանակը, սակայն նա չի համարվում դիվանագիտական սուրհանդակ: Ներկայացուցչությունը կարող է իր աշխատակիցներից որևէ մեկին ուղարկել օդանավի հրամանատարից դիվանագիտական փոստը անմիջականորեն և անարգել ստանալու համար:

 

ՀՈԴՎԱԾ 28

 

i

Այն վարձատրությունները և գանձումները, որոնք ներկայացուցչությունը վերցնում է իր պաշտոնական պարտականությունները կատարելիս, ազատվում են բոլոր հարկերից, տուրքերից և մաքսատուրքերից:

 

ՀՈԴՎԱԾ 29

 

i

Դիվանագիտական գործակալի անձը անձեռնմխելի է: Նա ենթակա չէ որևէ ձևի ձերբակալման կամ կալանքի: Նստավայր պետությունը պարտավոր է նրան վերաբերվել պատշաճ հարգանքով և ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու նրա անձի, ազատության կամ արժանապատվության հանդեպ որևէ ոտնձգություն:

 

ՀՈԴՎԱԾ 30

 

1. Դիվանագիտական գործակալի մասնավոր նստավայրը օգտվում է նույն անձեռնմխելիությունից և պաշտպանությունից, ինչից օգտվում են ներկայացուցչության շենքերը:

2. Նրա թղթերը, թղթակցությունը և, բացառությամբ 31 հոդվածի 3-րդ կետում նախատեսվածից, նրա գույքը, հավասարապես օգտվում են անձեռնմխելիությունից:

 

ՀՈԴՎԱԾ 31

 

i

Դիվանագիտական գործակալը օգտվում է նստավայր պետության քրեական ենթադատության իմունիտետից: Նա օգտվում է նաև քաղաքացիական և վարչական ենթադատության իմունիտետից, բացի`

ա) իրեղեն հայցերից, որոնք վերաբերում են նստավայր պետության տարածքում գտնվող անշարժ մասնավոր գույքին, եթե միայն նա դրան չի տիրապետում հավատարմագրող պետության անունից` ներկայացուցչության նպատակներով.

բ) ժառանգությանը վերաբերող հայցերից, որոնց նկատմամբ դիվանագիտական գործակալը հանդես է գալիս իբրև կտակը կատարող, ժառանգված գույքի խնամակալ, ժառանգորդ կամ մերժվող կողմ որպես մասնավոր անձ և ոչ թե հավատարմագրված պետության անունից.

գ) ցանկացած մասնագիտական կամ առևտրային գործունեությանը վերաբերող հայցերից, որը դիվանագիտական գործակալը իրականացնում է նստավայր պետությունում` իր պաշտոնական ֆունկցիաների սահմաններից դուրս:

2. Դիվանագիտական գործակալը պարտավոր չէ ցուցմունքներ տալ որպես վկա:

3. Ոչ մի գործադիր միջոց չի կարող ձեռնարկվել դիվանագիտական գործակալի վերաբերմամբ, բացառությամբ այն դեպքերի, որոնք ընկնում են սույն հոդվածի 1-ին կետի «a», «b», «c» ենթակետերի տակ և ոչ այլ կերպ, քան պայմանով, որ համապատասխան միջոցներ կարող են ձեռնարկվել առանց խախտելու նրա անձի և նրա կենավայրի անձեռնմխելիությունը:

 

ՀՈԴՎԱԾ 32

 

1. Դիվանագիտական գործակալների և իմունիտետից օգտվող անձանց ենթադատության գույքից, 37 հոդվածի համաձայն, հավատարմագրող պետությունը կարող է հրաժարվել:

2. Հրաժարումը միշտ պետք է լինի որոշակիորեն արտահայտված:

3. Դիվանագիտական գործակալի կամ ենթադատության իմունիտետից օգտվող անձի կողմից, 37 հոդվածի համաձայն, գործի հարուցումը նրան զրկում է անմիջականորեն հիմնական հայցի հետ կապված հանդիպական հայցերի վերաբերմամբ ենթադատության իմունիտետը վկայակոչելու իրավունքից:

4. Քաղաքացիական և վարչական գործի վերաբերմամբ ենթադատության տակ չընկնող գույքից հրաժարումը չի նշանակում որոշման կատարման վերաբերմամբ իմունիտետից հրաժարում, դրա համար պահանջվում է հատուկ հրաժարում:

 

ՀՈԴՎԱԾ 33

 

1. Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթների պահպանման պայմանով սոցիալական ապահովության մասին նստավայր պետության մեջ գործող որոշումները չեն տարածվում դիվանագիտական գործակալի այն ծառայությունների վրա, որոնք կատարվում են հավատարմագրած պետության համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետի բացառումը վերաբերում է նաև դիվանագիտական գործակալի մոտ աշխատող տնային աշխատողներին, որոնք դիվանագիտական գործակալի մոտ գտնվում են բացառապես ծառայության մեջ, պայմանով`

a) որ նրանք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ և մշտապես այնտեղ չեն բնակվում,

b) որ նրանց վրա տարածվում են սոցիալական ապահովության մասին հավատարմագրած պետությունում կամ երրորդ պետությունում գործող որոշումները:

3. Դիվանագիտական գործակալը, որ վարձում է անձանց, որոնց վրա չի տարածվում սույն հոդվածի 2-րդ կետի բացառումը, պետք է կատարի սոցիալական ապահովության մասին նստավայր պետությունում գործող որոշումներով, գործատուների վրա դրված պարտականությունները:

4. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նախատեսված բացառումը չի խոչնդոտում նստավայր պետության սոցիալական համակարգին կամավոր մասնակցելուն, պայմանով, որ նման մասնակցությունը թույլատրվում է տվյալ պետության կողմից:

5. Սույն հոդվածի դրույթները չեն շոշափում սոցիալական ապահովության մասին նախկինում կնքված երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրերը և չեն խոչնդոտում ապագայում այդպիսի համաձայնագրերի կնքմանը:

 

ՀՈԴՎԱԾ 34

 

i

Դիվանագիտական գործակալը ազատվում է բոլոր տեսակի անձնական և գույքային, պետական, շրջանային և մունիցիպալ հարկերից, տուրքերից և մաքսատուրքերից, բացի`

a) անուղղակի հարկերից, որոնք սովորաբար մտնում են ապրանքի կամ սպասարկման գնի մեջ.

b) նստավայր պետության տարածքում գտնվող մասնավոր անշարժ գույքի վրա սահմանված տուրքերից և հարկերից, եթե նա դրան չի տիրապետում, հավատարմագրած պետության անունից ներկայացուցչության նպատակների համար.

c) նստավայր պետությունում գանձվող ժառանգության հարկից և ժառանգատուրքից, 39 հոդվածի 4-րդ կետում նախատեսված բացառումներով հանդերձ,

d) մասնավոր այն եկամտի վրա սահմանված հարկերից և տուրքերից, որի աղբյուրը գտնվում է նստավայր պետությունում, և նստավայր պետության առևտրային ձեռնարկության մեջ ներդրումների հարկերից,

e) սպասարկման կոնկրետ ձևերի համար կատարվող գանձումներից,

f) գրանցման, դատական և ցուցակագրական հարկերից, անշարժ գույքին վերաբերող այլահոս գանձումներից և դրոշմագանձումներից` 23 հոդվածում նախատեսված բացառումներով հանդերձ:

 

ՀՈԴՎԱԾ 35

 

Նստավայր պետությունը պարտավոր է դիվանագիտական գործակալներին ազատել բոլոր աշխատանքային և պետական պարհակներից, անկախ դրանց բնույթից, ինչպես նաև զինվորական պարհակներից, ինչպիսիք են բռնագրավումը, ռազմատուգանքը և զինվորական օթևան տրամադրելը:

 

ՀՈԴՎԱԾ 36

 

i

1. Նստավայր պետությունը ընդունված օրենքներին և կանոններին համապատասխան թույլատրում է ներմուծել և ազատում է բոլոր մաքսային տուրքերից, հարկերից և դրանց հետ կապված գանձումներից, բացառությամբ պահպանման, տեղափոխման և այդ բնույթի ծառայությունների համար գանձումներից`

a) ներկայացուցչության պաշտոնական օգտագործման համար նախատեսված առարկաները.

b) դիվանագիտական գործակալի կամ նրա ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամների իրերը, որոնք նախատեսված են նրանց անձնական օգտագործման համար, ներառյալ այն իրերը, որոնք նախատեսված են վերջիններիս առտնին օգտագործման համար:

2. Դիվանագիտական գործակալի անձնական ուղեբեռը ազատվում է զննումից, եթե լուրջ հիմքեր չկան ենթադրելու, որ այն պարունակում է իրեր, որոնց վրա չեն տարածվում սույն հոդվածի 1-ին կետում նշված բացառումները, կամ էլ առարկաներ, որոնց ներմուծումն ու արտահանումը արգելված են օրենքով կամ կարգավորվում են նստավայր պետության կարանտինային կանոններով: Նման զննումը պետք է կատարվի դիվանագիտական գործակալի կամ նրա կողմից լիազորված անձի ներկայությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 37

 

i

1. Դիվանագիտական գործակալի ընտանիքի` նրա հետ միասին ապրող անդամները օգտվում են 29-36 հոդվածներում նշված արտոնություններից և իմունիտետներից, եթե նրանք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ:

2. Ներկայացուցչության վարչատեխնիկական անձնակազմի անդամները և նրանց ընտանիքների` նրանց հետ ապրող անդամները, եթե նրանք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ կամ այնտեղ չեն բնակվում մշտապես, օգտվում են 29-35 հոդվածներում նշված արտոնություններից և իմունիտետներից այն բացառությամբ, որ նստավայր պետության քաղաքացիական և վարչական` 31 հոդվածի 1-ին կետում նշված ենթադատության իմունիտետը չի տարածվում այն գործողությունների վրա, որոնք նրանց կողմից կատարվել են ոչ իրենց պարտականությունները իրականացնելիս: Նրանք օգտվում են նաև առտնին օգտագործման իրերի վերաբերմամբ 36 հոդվածի 1-ին կետում նշված արտոնություններից:

3. Ներկայացուցչության սպասարկող անձնակազմի անդամները, որոնք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ կամ այնտեղ չեն բնակվում մշտապես, օգտվում են իմունիտետից իրենց պարտավորությունները իրականացնելիս կատարած գործողությունների ժամանակ և ազատվում են ծառայության դիմաց ստացվող աշխատավարձի հարկումից, գանձումներից և տուրքերից, ինչպես նաև օգտվում են 33 հոդվածում նշված բացառումներից:

4. Ներկայացուցչության աշխատակիցների տնային աշխատողները, եթե նրանք չեն հանդիսանում նստավայր պետության քաղաքացիներ կամ այնտեղ չեն բնակվում մշտապես, ազատվում են ծառայության դիմաց ստացվող աշխատավարձի հարկումից, գանձումներից և տուրքերից: Այլ հարաբերություններում նրանք արտոնություններից և իմունիտետներից օգտվում են այնչափ, որչափ որ դա թույլատրվում է նստավայր պետությունը: Սակայն նստավայր պետությունը պետք է իր ենթադատությունը այդ անձի նկատմամբ իրականացնի այնպես, որ անհարկի չմիջամտի ներկայացուցչության ֆունկցիաների իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 38

 

1. Նստավայր պետության քաղաքացի հանդիսացող կամ այնտեղ մշտապես բնակվող դիվանագիտական գործակալը, բացի այն լրացուցիչ արտոնություններից ու իմունիտետներից, որոնք կարող են հատկացվել նստավայր պետության կողմից, օգտվում է իրավասության իմունիտետից և անձեռնմխելիությունից միայն իր ֆունկցիաները կատարելիս` պաշտոնական գործողությունների ժամանակ:

2. Ներկայացուցչության մյուս անդամները և տնային աշխատողները, որոնք հանդիսանում են նստավայր պետության քաղաքացիներ կամ այնտեղ բնակվում են մշտապես, արտոնություններից և իմունիտետներից օգտվում են այնչափ, որչափ դա թույլատրում է նստավայր պետությունը: Սակայն նստավայր պետությունը պետք է այդ անձանց նկատմամբ իր ենթադատությունն իրականացնի այնպես, որ անհարգի չմիջամտի ներկայացուցչության ֆունկցիաների իրագործմանը:

 

ՀՈԴՎԱԾ 39

 

1. Արտոնությունների և իմունիտետների իրավունք ունեցող յուրաքանչյուր անձ դրանցից օգտվում է նստավայր պետության տարածք մուտք գործելու պահից, երբ նա ուղևորվում է իր պաշտոնը զբաղեցնելու կամ, եթե նա արդեն այդ տարածքում է, այն պահից, երբ նրա նշանակման մասին հայտնվում է արտաքին գործերի նախարարությանը կամ այն նախարարությանը, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն:

2. Եթե արտոնություններից և իմունիտետներից օգտվող անձի ֆունկցիաները ավարտվում են, ապա այդ արտոնություններն ու իմունիտետները նորմալ կարպով դադարում են այն պահից, երբ նա մեկնում է երկրից կամ այդ բանն անելու ընդունելի ժամկետի ավարտից հետո, բայց դրանք շարունակում են գոյություն ունենալ մինչև այդ ժամանակը` անգամ զինված ընդհարման դեպքում: Սակայն այն գործողությունների նկատմամբ, որոնք այդ անձը կատարել է ներկայացուցչության աշխատակցի իր ֆունկցիաները իրականացնելիս, իմունիտետը շարունակում է գոյություն ունենալ:

3. Ներկայացուցչության աշխատակցի մահվան դեպքում նրա ընտանիքի անդամները շարունակում են օգտվել այն արտոնություններից և իմունիտետներից, որոնց իրավունքն ունեն` մինչև նստավայր երկիրը թողնելու ընդունելի ժամկետի ավարտը:

4. Ներկայացուցչության` նստավայր պետության քաղաքացի չհանդիսացող կամ այնտեղ մշտապես չբնակվող աշխատակցի կամ նրա ընտանիքի` նրա հետ բնակվող անդամի մահվան դեպքում նստավայր պետությունը պետք է թույլատրի հանգուցյալի շարժական գույքի դուրս բերումը, բացառությամբ այն ամբողջ գույքի, որը ձեռք է բերվել այդ երկրում և դրա դուրս բերումը նրա մահվան պահին արգելված է: Ժառանգության տուրք չեն գանձվում այն շարժական գույքից, որի առկայությունը նստավայր պետությունում պայմանավորված է բացառապես մահացածի` ներկայացուցչության աշխատակցի կամ ներկայացուցչության աշխատակցի ընտանիքի անդամի այնտեղ գտնվելով:

 

ՀՈԴՎԱԾ 40

 

i

1. Եթե դիվանագիտական գործակալը անցնում է այն երրորդ պետության տարածքով, որը վիզա է տվել նրան, եթե դա անհրաժեշտ է, կամ նա գտնվում է այդ տարածքում պաշտոնը զբաղեցնելու համար ուղևորվելիս կամ այդ պաշտոնին կամ էլ երկիր վերադառնալիս, ապա այդ երրորդ պետությունը նրան տրամադրում է անձեռնմխելիություն և այնպիսի այլ իմունիտետներ, որոնք կպահանջվեն նրա անցնելու կամ վերադառնալու ապահովման համար: Դա վերաբերում է նաև նրա ընտանիքի` արտոնություններից և իմունիտետներից օգտվող ցանկացած անդամներին, որոնք ուղեկցում են դիվանագիտական գործակալին կամ ուղևորվում են առանձին` նրան միանալու կամ իրենց երկիր վերադառնալու համար:

2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված հանգամանքներին համանման հանգամանքների դեպքում երրորդ պետությունները չպետք է խոչնդոտեն իրենց տարածքով ներկայացուցչության վարչատեխնիկական և սպասարկող անձնակազմի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների անցնելուն:

3. Երրորդ պետությունները տարանցիկ պաշտոնական թղթակցությանը և պաշտոնական այլ հաղորդումներին, ներառյալ կոդավորված կամ ծածկագիր հաղորդումները, պետք է տան այնպիսի ազատություն և պաշտպանություն, ինչպիսին` տրամադրում է նստավայր պետությունը: Նրանք դիվանագիտական սուրհանդակներին, որոնց վիզա է տրվել, եթե այդպիսին անհրաժեշտ է, տարանցիկ դիվանագիտական փոստին պետք է տրամադրեն այն նույն անձեռնմխելիությունը և պաշտպանությունը, ինչպիսին պարտավոր է տրամադրել նստավայր պետությունը:

4. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված` երրորդ պետությունների պարտավորությունները վերաբերում են նաև այդ կետերում նշված անձանց ու պաշտոնական հաղորդակցությանը և դիվանագիտական փոստից, որոնց գտնվելը երրորդ պետության տարածքում առաջացել է ֆորսմաժորային (անհաղթահարելի - անկանխելի ) հանգամանքներով:

 

ՀՈԴՎԱԾ 41

 

1. Առանց վնասելու իրենց արտոնություններին և իմունիտետներին, այդ արտոնություններից և իմունիտետներից օգտվող բոլոր անձինք պարտավոր են հարգել նստավայր պետության օրենքներն ու որոշումները: Նրանք նաև պարտավոր են չմիջամտել այդ պետության ներքին գործերին:

2. Հավատարմագրած պետության կողմից ներկայացուցչությանը վստահված բոլոր պաշտոնական գործերը կատարվում են նստավայր պետության արտաքին գործերի նախարարության հետ, կամ այդ նախարարության միջոցներով` այլ նախարարության հետ, որի վերաբերյալ կա պայմանավորվածություն կամ այդ այլ նախարարության միջոցով:

3. Ներկայացուցչության շենքերը չպետք է օգտագործվեն ներկայացուցչության այն ֆունկցիաների հետ անհամատեղելի նպատակներով, որոնք նախատեսված են սույն կոնվենցիայով կամ միջազգային իրավունքի այլ նորմերով, կամ էլ որևէ հատուկ համաձայնագրերով, որոնք գործում են հավատարմագրող պետության և նստավայր պետության միջև:

 

ՀՈԴՎԱԾ 42

 

Դիվանագիտական գործակալը նստավայր պետությունում չպետք է զբաղվի անձնական շահի նպատակով պրոֆեսիոնալ կամ առևտրային գործունեությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 43

 

i

Դիվանագիտական գործակալի ֆունկցիաները դադարեցվում են մասնավորապես`

a) նստավայր պետությանը հավատարմագրած պետության կողմից արված ծանուցմամբ այն մասին, որ դիվանագիտական գործակալի ֆունկցիաները դադարեցված են.

b) հավատարմագրած պետությանը նստավայր պետության կողմից արված այն ծանուցմամբ, որ համաձայն 9 հոդվածի 2-րդ կետի նա հրաժարվում է դիվանագիտական գործակալին ներկայացուցչության աշխատակից ճանաչելուց:

 

ՀՈԴՎԱԾ 44

 

Նստավայր պետությունը, անգամ զինված կոնֆլիկտի դեպքում պետք է ցույց տա աջակցություն, որն անհրաժեշտ է նստավայր պետության քաղաքացիներ չհանդիսացող` արտոնություններից և իմունիտետներից օգտվող անձանց և այդ անձանց ընտանիքների անդամներին` հնարավորին չափ արագ մեկնելու համար, անկախ նրանց քաղաքացիությունից: Նստավայր պետությունը անհրաժեշտության դեպքում, մասնավորապես, պետք է, նրանց տրամադրության տակ դնի փոխադրամիջոցներ, որոնք անհրաժեշտ են նրանց և նրանց գույքի համար:

 

ՀՈԴՎԱԾ 45

 

Երկու պետությունների միջև դիվանագիտական կապերի խզման, կամ ներկայացուցչության վերջնական կամ ժամանակավոր ետկանչի դեպքում`

a) նստավայր պետությունը պարտավոր է անգամ զինված կոնֆլիկտի դեպքում հարգել և պահպանել ներկայացուցչության շենքերը` նրա գույքով և արխիվներով հանդերձ.

b) հավատարմագրող պետությունը կարող է իր ներկայացուցչության շենքերի, գույքի և արխիվների պահպանությունը վստահել այն երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար.

c) հավատարմագրող պետությունը կարող է իր և իր քաղաքացիների շահերի պաշտպանությունը վստահել այն երրորդ պետությանը, որն ընդունելի է նստավայր պետության համար:

 

ՀՈԴՎԱԾ 46

 

Հավատարմագրած պետությունը կարող է նստավայր պետության նախնական համաձայնությամբ և նստավայր պետությունում չներկայացված երրորդ պետության խնդրանքով ժամանակավորապես իր վրա վերցնել այդ երրորդ պետության և նրա քաղաքացիների շահերի պաշտպանությունը:

 

ՀՈԴՎԱԾ 47

 

1. Սույն Կոնվենցիայի դրույթները կիրառելիս նստավայր պետությունը չպետք է խտրականություն վարի պետությունների միջև:

2. Սակայն չի համարվում, որ տեղի է ունեցել խտրականություն`

a) եթե նստավայր պետությունը սույն կոնվենցիայի դրույթներից որևէ մեկը կիրառում է սահմանափակ ձևով, նկատի ունենալով իր ներկայացուցչության նկատմամբ հավատարմագրած պետության մեջ այդ դրույթի սահմանափակման կիրառումը:

b) եթե սովորույթի բերումով կամ համաձայնագրով պետությունները միմյանց հատկացնում են առավել նպաստավոր ռեժիմ, քան այն, ինչ պահանջվում է սույն Կոնվենցիայի դրույթներով:

 

ՀՈԴՎԱԾ 48

 

Սույն Կոնվենցիան ստորագրելու համար բաց է Միավորված ազգերի կազմակերպության անդամներ հանդիսացող բոլոր պետությունների կամ մասնագիտացված հիմնարկների միջազգային դատարանի կարգավիճակի մասնակիցներ հանդիսացող պետությունների առջև, ինչպես նաև ցանկացած ուրիշ պետության առջև, որը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր ասամբլեայի կողմից հրավիրված է դառնալու Կոնվենցիայի մասնակից մինչև 1961 թվականի հոկտեմբերի 31-ը` Ավստրիայի արտաքին գործերի ֆեդերալ նախարարությունում, իսկ այնուհետև մինչև 1962 թվականի մարտի 31-ը` Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնական հիմնարկներում, Նյու Յորքում:

 

ՀՈԴՎԱԾ 49

 

Սույն Կոնվենցիան ենթակա է վավերացման: Վավերագրերը տրվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 50

 

Սույն Կոնվենցիան բաց է 48 հոդվածում թվարկված բոլոր չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող ցանկացած պետության միանալու համար: Միանալու ակտերը տրվում են ի պահ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին:

 

ՀՈԴՎԱԾ 51

 

1. Սույն Կոնվենցիան ուժի մեջ է մտնում քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին ակտը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարին ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

2. Յուրաքանչյուր պետության վերաբերմամբ, որը վավերացնում է Կոնվենցիան կամ միանում է դրան քսաներկուերորդ վավերագիրը կամ միանալու մասին ակտը ի պահ հանձնելուց հետո, Կոնվենցիան ուժի մեջ է մտնում այդ պետության կողմից իր վավերագիրը կամ միանալու ակտը ի պահ հանձնելուց հետո երեսուներորդ օրը:

 

ՀՈԴՎԱԾ 52

 

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարը 48 հոդվածում թվարկված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող բոլոր պետություններին ծանուցում է`

a) սույն Կոնվենցիան ստորագրելու և վավերագրերը կամ միանալու մասին ակտերը ի պահ հանձնելու մասին` 46, 49 և 50 հոդվածներին համապատասխան:

b) սույն Կոնվենցիան ուժի մեջ մտնելու տարեթվի մասին` 51 հոդվածին համապատասխան:

 

ՀՈԴՎԱԾ 53

 

Սույն Կոնվենցիայի բնագիրը, որի անգլերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն և ֆրանսերեն տեքստերը հավասարապես նույնական են, կտրվի ի պահ Միավորված ազգերի կազմակերպության քարտուղարին, որը դրա հաստատված պատճենները կուղարկի 48 հոդվածում թվարկված չորս կատեգորիաներից որևէ մեկին պատկանող բոլոր պետություններին:

Ի հավաստումն որի ներքոստորագրյալները` պատշաճ կերպով լիազորված իրենց կառավարությունների կողմից, ստորագրեցին սույն Կոնվենցիան:

Կատարված է Վիեննայում հազար ինն հարյուր վաթսուն մեկ թվականի ապրիլի տասնութին:

 

 

pin
ՀՀ Գերագույն խորհուրդ
06.10.1992
N ՀՆ-0703-I
Որոշում