Սեղմել Esc փակելու համար:
ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ (2-ՐԴ ՄԱՍ)

01.01.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   21.08.2000  -ից մինչեւ   01.01.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 06.12.04 ՀՕ-160-Ն օրենք)

i

010.0062.190600

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2000 թվականի հունիսի 5-ին

 

ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

§ 3. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 33. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ԲԱՑՈՒՄԸ

 

1. Մրցույթի հայտերը բացվում են մրցույթի հրավերում նշված ժամկետը լրանալու օրը, մրցույթի հանձնաժողովի հատուկ նիստում: Հայտերի բացման օրը և ժամը պետք է համընկնի դրանք ներկայացնելու վերջին ժամկետին:

2. Մրցույթի հայտերի բացման նիստում հրապարակվում են`

1) հայտ ներկայացրած յուրաքանչյուր անձի անվանումը (անունը).

2) նախնական տվյալներ` ներկայացրած մրցույթի հայտերի` մրցույթի հրավերի պահանջներին համապատասխանության վերաբերյալ.

3) տվյալներ` գնային առաջարկներ պարունակող ծրարների առկայության, դրանք կազմելու ու ներկայացնելու` սույն օրենքի պահանջների համապատասխանության վերաբերյալ.

4) ամփոփ տվյալներ` մրցույթի ներկայացված հայտերում սույն օրենքին համապատասխան փոփոխություններ կատարելու մասին ծանուցումների վերաբերյալ:

3. Մրցույթի հայտերը բացելուց հետո մրցույթի հանձնաժողովը կազմում է արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամներն ու նիստին ներկա մասնակիցները: Արձանագրությունը պետք է ներառի`

1) նշում` մրցույթի հայտերի բացման վայրի, օրվա և ժամի մասին.

2) մրցույթի հայտեր ներկայացրած անձանց անվանումները (անունները) և գտնվելու վայրերը (հասցեները).

3) նախնական տվյալներ մրցույթի հայտերի` մրցույթի հրավերի պահանջների համապատասխանության մասին.

4) նշում` մրցույթի յուրաքանչյուր հայտի` գնային առաջարկ պարունակող ծրարի առկայության, դրա կազմման ու ներկայացման` սույն օրենքի պահանջների համապատասխանության, մրցույթի յուրաքանչյուր հայտի մյուս հիմնական պայմանների մասին.

5) մրցույթը չկայացած հայտարարվելու դեպքում` դրա հիմնավորումը.

6) մրցույթի որևէ հայտի մերժման դեպքում դրա հիմնավորումը.

7) տեղեկատվություն` մրցույթի հայտերի վերաբերյալ հարցումների և դրանց պատասխանների մասին.

8) մրցույթի արդյունքներն ամփոփելու նպատակով կայանալիք նիստի վայրը, օրը և ժամը.

9) մրցույթի հանձնաժողովի անդամների անունները, ազգանունները և պաշտոնները.

10) այլ անհրաժեշտ տեղեկատվություն:

4. Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները և (կամ) մասնակիցները մրցույթի հայտերի բացման ընթացակարգի վերաբերյալ ունեն մրցույթի բացման նիստի արձանագրության մեջ չներառված այլ կարծիք (հատուկ կարծիք), ապա դա ներկայացնում են գրավոր, որը կցվում է արձանագրությանը` որպես դրա անբաժանելի մաս:

5. Մրցույթի մասնակիցները և նրանց ներկայացուցիչները կարող են ներկա գտնվել հայտերի բացման նիստին: Մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները կարող են պահանջել մրցույթի բացման նիստի արձանագրության պատճենը, որը մրցույթի հանձնաժողովը տրամադրում է անհապաղ:

6. Մրցույթի հայտերի բացման նիստի օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն մրցույթի հայտերի բացման արդյունքները հաղորդում է այն մասնակիցներին, որոնք կամ որոնց ներկայացուցիչները չեն մասնակցել այդ նիստին:

 

ՀՈԴՎԱԾ 34. ՄՐՑՈՒՅԹԻ ՀԱՅՏԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ, ԳՆԱՀԱՏՈՒՄԸ, ՀԱՄԵՄԱՏՈՒՄԸ ԵՎ ՄԵՐԺՈՒՄԸ

 

1. Մրցույթի հայտերի բացումից հետո պատվիրատուն կարող է մրցույթի բոլոր մասնակիցներից պահանջել բացատրություններ (պարզաբանումներ)` ներկայացված մրցույթի հայտերի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատել իրենց կողմից ներկայացված որակավորման տվյալները: Պատվիրատուն բացատրությունների և ստացված պարզաբանումների վերաբերյալ կազմում է արձանագրություն, որը գնման ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Բացատրությունները չեն կարող ներառել առաջարկություններ` գների կամ մրցույթի հայտի պայմանների փոփոխման վերաբերյալ:

2. Եթե մասնակիցը սույն հոդվածի 1-ին կետի համաձայն չի վերահաստատում իր որակավորման տվյալները, ապա նրա մրցույթի հայտը մերժվում է: Նման դեպքում պատվիրատուն կազմում է արձանագրություն` նշելով մրցույթի հայտի մերժման հիմքը, որի պատճենը տրամադրում է մասնակցին` նրա կողմից նման պահանջ ներկայացնելու պահին: Արձանագրությունը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է:

3. Մրցույթի հանձնաժողովը գնահատում և համեմատում է նշանակալի շեղումներ չունեցող մրցույթի հայտերը: Շեղումները համարվում են նշանակալի, եթե դրանք չեն համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին կամ հանգեցնում են դրանց փոփոխմանը: Նշանակալի շեղումներ ունեցող մրցույթի հայտերը մերժվում են:

4. Մրցույթի հրավերի պահանջները բավարարող հայտերը գնահատվում են տեխնիկապես: Տեխնիկապես բավարար գնահատված հայտերը գնահատվում են տնտեսապես: Մրցույթի հայտերի գնահատման և համեմատման ժամանակ մրցույթի հրավերով նախատեսված չափանիշներից բացի այլ չափանիշների օգտագործումն անթույլատրելի է:

5. Եթե բավարար գնահատված մրցույթի հայտերում անհամապատասխանություն է տեղ գտել տառերով և թվերով գրված գումարների միջև, ապա մրցույթի հանձնաժողովը հիմք է ընդունում տառերով գրված գումարը:

6. Մրցույթի հանձնաժողովը մերժում է մասնակիցների ներկայացրած հայտերը, սույն օրենքով նախատեսված դեպքերում և, եթե մրցույթի հայտ ներկայացրած մասնակիցը`

1) չի համապատասխանում մրցույթի հրավերով սահմանված որակավորման և (կամ) ընթացակարգային այլ պահանջներին.

2) չի համաձայնվում սույն հոդվածի 5-րդ կետին համապատասխան կատարված ուղղումներին:

7. Մրցույթի հաղթողին որոշելու նպատակով մրցույթի հանձնաժողովը համեմատում է բավարար գնահատված հայտերը: Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որի ներկայացրած առաջարկը տեխնիկապես և որակապես բավարարում է մրցույթի հրավերի պահանջները և, եթե նրա հայտը մյուսներից առավել շահավետ է: Մրցույթի հայտը որպես առավել շահավետ ճանաչելիս մրցույթի հանձնաժողովը հաշվի է առնում միայն մրցույթի հայտի գինը, ընդ որում, ընտրված մասնակցի մրցույթի հայտի գինը մնացած հավասար պայմաններում պետք է լինի առաջարկվող գներից ամենացածրը:

8. Եթե առաջարկվող գները ներկայացված են երկու կամ ավելի արժույթներով, ապա դրանք համեմատվում են Հայաստանի Հանրապետության դրամով` մրցույթի հայտերի բացման օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով:

9. Ապրանքների և ծառայությունների գնման դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պայմանագիրը կնքելու նախապատվությունը մինչև առաջարկվող գնի քսան տոկոսի չափով տրվում է այն մասնակցին, որը պարտավորվում է պայմանագիրը կատարելու ժամանակ ավելի քան հիսուն տոկոսի չափով օգտագործել հայաստանյան ծագում ունեցող աշխատանքային և արտադրական ռեսուրսները: Այդ նախապատվությունը կարող է կիրառվել, եթե բաց մրցույթով գնումների կատարման ժամանակ նախատեսված է մրցույթի հրավերի մեջ:

 

ՀՈԴՎԱԾ 35. ՄՐՑՈՒՅԹԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

1. Կառավարության սահմանած ժամկետում, բայց ոչ ուշ, քան մրցույթի հայտերը ներկայացնելու վերջին օրվանից երեսուն աշխատանքային օր անց, մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը որոշում է հաղթողին կամ սույն օրենքին համապատասխան մրցույթը չկայացած է հայտարարում:

2. Մրցույթի արդյունքների ամփոփման նիստում մրցույթի հանձնաժողովը հրապարակում է հաղթող ճանաչված մասնակցի անվանումը (անունը) և հիմնավորում է վերջինիս ընտրությունը:

3. Հաղթողին ընտրելուց հետո մրցույթի հանձնաժողովը կազմում է մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրություն, որը գնումների ընթացակարգի արձանագրության անբաժանելի մասն է: Արձանագրությունն ստորագրում են մրցույթի հանձնաժողովի անդամները: Եթե մրցույթի հանձնաժողովի անդամները և (կամ) մասնակիցները մրցույթի արդյունքների ամփոփման վերաբերյալ ունեն այլ կարծիք (հատուկ կարծիք) և հարկ են համարում արտահայտել այն, շարադրում են գրավոր և կցում արձանագրությանը: Հատուկ կարծիքը մրցույթի արդյունքների ամփոփման նիստի արձանագրության անբաժանելի մասն է:

 

ՀՈԴՎԱԾ 36. ՄՐՑՈՒՅԹԸ ՉԿԱՅԱՑԱԾ ՀԱՅՏԱՐԱՐԵԼԸ

 

i

1. Մրցույթի հանձնաժողովը չկայացած է հայտարարում մրցույթը, եթե`

1) ներկայացված հայտերից ոչ մեկը չի համապատասխանում մրցույթի հրավերի պայմաններին.

2) արտակարգ իրավիճակում անհնար է դառնում գնումների կատարումը.

3) ոչ մի հայտ չի ներկայացվել.

4) ներկայացվել է միայն մեկ հայտ:

2. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո պատվիրատուն իրավունք չունի բացել հայտերը: Դրանք ներկայացված տեսքով պետք է վերադարձվեն մասնակցին:

3. Մրցույթը չկայացած հայտարարվելուց հետո` 15 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն պաշտոնական տեղեկագրում հրապարակում է հայտարարություն` նշելով մրցույթը չկայացած հայտարարվելու հիմնավորումը:

 

ՀՈԴՎԱԾ 37. ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԱՐԵԼՈՒ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ

 

Մինչև պայմանագրի կնքումը մրցույթի հանձնաժողովի, պատվիրատուի և մասնակիցների միջև բանակցություններ վարելն արգելվում է, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

 

ՀՈԴՎԱԾ 38. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

1. Եթե պայմանագրի նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի տասնապատիկը, ապա պատվիրատուն, որպես պայմանագրի կնքման պայման, ընտրված մասնակցին պարտավոր է ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու պահանջ:

2. Պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավերում նշել պայմանագրի կատարման ապահովման վերաբերյալ պահանջները:

3. Պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու` պատվիրատուի պահանջի հիման վրա, այն ստանալու օրվանից 15 աշխատանքային օրվա ընթացքում ընտրված մասնակիցը պարտավոր է օրենքով չարգելված ցանկացած ձևով, մրցույթի հրավերի պահանջներին համապատասխան, ներկայացնել պայմանագրի կատարման ապահովում:

4. Մինչև պայմանագրի կատարման ապահովումը ներկայացնելը մասնակիցն իրավունք ունի պատվիրատուից պահանջել հաստատելու ներկայացվող պայմանագրի կատարման ապահովման ընդունելի լինելը, որին պատվիրատուն պետք է պատասխանի նման հարցում ստանալուց հետո` 3 աշխատանքային օրվա ընթացքում:

Սույն կետի համաձայն ներկայացվող ապահովման ընդունելի լինելու հանգամանքը պատվիրատուին չի զրկում պայմանագրի կատարման ապահովումը հետագայում չընդունելու իրավունքից, եթե այն ներկայացրած անձը կամ երաշխավորը դարձել է անվճարունակ:

5. Մասնակցի կողմից սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջների պահպանման դեպքում պատվիրատուն իրավունք չունի չընդունել ներկայացված պայմանագրի կատարման ապահովումը և պարտավոր է այն ընդունելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կնքել պայմանագիր:

i

6. Պայմանագրի կատարման ապահովման չափը պետք է հավասար լինի գնման պայմանագրի նախագծով նախատեսված, պատվիրատուի կողմից վճարման ենթակա կանխավճարի չափին, եթե կանխավճարը պայմանագրով նախատեսված է: Հակառակ դեպքում պայմանագրի կատարման ապահովման չափը որոշում է պատվիրատուն` լիազոր մարմնի սահմանած կարգով:

7. Եթե պայմանագրի կատարման ապահովումը ներկայացվում է կանխիկ դրամի ձևով, ապա պատվիրատուն պահում է այն լիազոր մարմնի անվամբ` այդ նպատակով բացված գանձապետական հաշվում` որպես ցպահանջ ավանդ: Եթե պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է, ապա ավանդից ստացված տոկոսները պատվիրատուն վերադարձնում է այն ներկայացրած մասնակցին:

8. Եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով, ապա պայմանագրի կատարման ապահովումը վերադարձվում է այն ներկայացնողին, պայմանագրի կատարման ավարտից, հետո ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում:

 

ՀՈԴՎԱԾ 39. ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ ԱՌԱՋԱՐԿԸ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՈՒՄԸ

 

1. Ընտրված մասնակցի հետ պայմանագիրը կնքվում է մրցույթի հանձնաժողովի որոշման հիման վրա:

Եթե պայմանագիրը կնքելու պատվիրատուի որոշումը պետք է հաստատվի նաև լիազոր մարմնի կողմից, ապա պայմանագիրը չի կարող կնքվել առանց այդ հաստատման:

2. Պայմանագիրը կնքվում է գրավոր` մեկ փաստաթուղթ կազմելով:

3. Մրցույթը հաղթած մասնակցին մրցույթի հաղթող ճանաչվելու, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում լիազոր մարմնի կողմից հավանություն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում պատվիրատուն ծանուցում է պայմանագիր կնքելու առաջարկի մասին:

Սույն օրենքով նախատեսված դեպքերում պատվիրատուն պարտավոր է հաղթած մասնակցին ծանուցել պայմանագրի կատարման ապահովում ներկայացնելու մասին: Պատվիրատուն հաղթած մասնակցին ծանուցմամբ տրամադրում է գնման պայմանագրի նախագիծն ու պաշտոնական տեղեկագրում հրապարակում է պայմանագիր կնքելու մասին որոշումը:

4. Եթե մրցույթը հաղթած մասնակիցը պայմանագիր կնքելու մասին ծանուցումը և պայմանագրի նախագիծն ստանալուց քսան աշխատանքային օրվա ընթացքում չի ստորագրում պայմանագիրը կամ սույն օրենքի 38 հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում չի ներկայացնում պայմանագրի կատարման ապահովում, ապա նա զրկվում է պայմանագիրն ստորագրելու իրավունքից: Այդ դեպքում, լիազոր մարմնի համաձայնությամբ, պատվիրատուն կարող է պայմանագիր կնքելու առաջարկ ներկայացնել մրցույթում երկրորդ, իսկ վերջինիս կողմից առաջարկը չընդունվելու դեպքում` երրորդ տեղը զբաղեցրած մասնակցին: Սույն օրենքի 34 հոդվածի 6-րդ կետի համաձայն, մրցույթի հանձնաժողովն իրավունք ունի մերժել մրցույթի մնացած հայտերը:

5. Եթե գնվելիք ապրանքների և ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, ապա պայմանագիրը կնքելու մասին պատվիրատուի որոշումը պետք է հաստատվի լիազոր մարմնի կողմից: Նման դեպքում գնման պայմանագրի նախագիծը, մրցույթի հայտարարության և մրցույթի հրավերի տեքստերը, ինչպես նաև գնումների ընթացակարգի արձանագրության ու դրա անբաժանելի մաս կազմող մյուս փաստաթղթերի պատճենները, պատվիրատուն ներկայացնում է լիազոր մարմին:

Պատվիրատուն սույն կետով պահանջվող փաստաթղթերը լիազոր մարմին է ներկայացնում մրցույթի հայտերի ամփոփման նիստի` մրցույթում հաղթողին որոշելուց հետո` երեք աշխատանքային օրվա ընթացքում:

6. Լիազոր մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում հաստատում կամ մերժում է պայմանագիրը կնքելու` պատվիրատուի որոշումը` վերջինիս տրամադրելով իր որոշման հիմնավորումը:

7. Լիազոր մարմինը հաստատում է պայմանագիրը կնքելու` պատվիրատուի որոշումը, եթե կազմակերպված գնումների ընթացակարգը և գնման պայմանագրի նախագիծը համապատասխանում են օրենսդրության պահանջներին:

Եթե լիազոր մարմինը մերժում է պայմանագիրը կնքելու մասին պատվիրատուի որոշումը, ապա անցկացված մրցույթը չեղյալ է հայտարարվում:

8. Եթե մրցույթը չեղյալ է հայտարարվել սույն հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան, ապա այն կողմը, որի գործողությունների պատճառով մրցույթը չեղյալ է հայտարարվել, հատուցում է մրցույթի կազմակերպման և անցկացման, ինչպես նաև մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը` մրցույթը չեղյալ հայտարարվելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում: Եթե մրցույթը չեղյալ է հայտարարվել պատվիրատուի գործողությունների պատճառով, ապա վերջինս հատուցում է միայն ընտրված մասնակցի մրցույթին մասնակցելու հետ կապված ծախսերը:

9. Եթե գնվելիք ապրանքների և ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը և այն կնքվում է սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ապա պայմանագիր կնքելուց հրաժարված մասնակիցը պետք է հատուցի պատվիրատուի կրած վնասները պայմանագիրը կնքելուց հրաժարվելուց հետո` տասն աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, հատուցման գումարը պետք է հավասար լինի մրցույթում առաջին, երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ներկայացրած մրցույթի հայտերի գների տարբերությանը:

10. Եթե մրցույթում ընտրվել է հաղթող, և գնվելիք ապրանքների ու ծառայությունների նախահաշվային գինը չի գերազանցում գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, սակայն պատվիրատուն կամ ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, և չեն կիրառվում սույն հոդվածի 9-րդ կետի դրույթները, ապա հրաժարվող կողմը հատուցում է մրցույթի կազմակերպման, անցկացման և (կամ) մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը` պայմանագիրը կնքելուց հրաժարվելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

11. Եթե գնվելիք ապրանքների ու ծառայությունների նախահաշվային գինը գերազանցում է գնումների բազային միավորի իննսունապատիկը, իսկ աշխատանքների դեպքում` հինգհարյուրապատիկը, սակայն պատվիրատուն կամ ընտրված մասնակիցը հրաժարվում է պայմանագիրը կնքելուց, ապա հրաժարվող կողմը հատուցում է մրցույթի կազմակերպման, անցկացման կամ մրցույթին մասնակցելու հետ կապված մյուս կողմի ծախսերը: Ընդ որում`

1) եթե պատվիրատուն պայմանագիր է կնքում սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան, ապա մրցույթում հաղթած և պայմանագիրը ստորագրելու իրավունքից զրկված մասնակիցը հատուցում է պատվիրատուի վնասները մրցույթում առաջին և երկրորդ կամ երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցների ներկայացրած մրցույթի հայտերի գների տարբերության չափով` իր ներկայացրած մրցույթի հայտի ապահովումը հետ ստանալու իրավունքով.

2) եթե պայմանագիրը կնքելուց հրաժարվում է ընտրված մասնակիցը, և չեն կիրառվում սույն կետի 1-ին ենթակետի դրույթները, ապա այդ մասնակցի մրցույթի հայտի ապահովումը չի վերադարձվում:

12. Պատվիրատուն գնումների գործընթացին առնչվող փաստաթղթերը պարտավոր է պահել առնվազն երեք տարի:

 

ՀՈԴՎԱԾ 40. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՆԻ ՀԱՇՎԱՐԿԸ

 

Պայմանագրի գնի հաշվարկը պետք է ներառի տվյալ պայմանագրի կատարումն ապահովելու նպատակով կատարվելիք բոլոր վճարները (ծախսերը), այդ թվում` նաև հարկերի, տուրքերի, փոխադրման, ապահովագրման ծախսերը, պարգևավճարները, կոմիսիոն վճարներն ու շահույթը:

 

ԳԼՈՒԽ 5.
ԳՆՈՒՄՆԵՐԻ ԱՅԼ ՁԵՎԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

 

ՀՈԴՎԱԾ 41. ԵՐԿՈՒ ՓՈՒԼՈՎ ՄՐՑՈՒՅԹԻ ԱՆՑԿԱՑՈՒՄԸ

 

1. Երկու փուլով մրցույթ անցկացնելու դեպքում պատվիրատուն պարտավոր է այդ մասին նշել բաց մրցույթով գնումների կատարման դեպքում մրցույթի հայտարարության, իսկ փակի դեպքում` մրցույթի հրավերի մեջ:

2. Երկու փուլով մրցույթի ընթացակարգի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

3. Երկու փուլով մրցույթի առաջին փուլում մասնակիցների կողմից սույն օրենքին համապատասխան ներկայացվում են մրցույթի սկզբնական հայտեր: Մրցույթի սկզբնական հայտերը չպետք է ներառեն մրցույթի հայտի գինը: Մրցույթի հանձնաժողովն առաջին փուլում գնահատում է մասնակիցների ներկայացրած սկզբնական հայտերը: Մրցույթի հանձնաժողովն իրավունք ունի բանակցություններ վարել բոլոր մասնակիցների հետ` նրանց ներկայացրած սկզբնական հայտերի ցանկացած դրույթի կապակցությամբ:

4. Երկրորդ փուլում մրցույթի հանձնաժողովն առաջարկում է առաջին փուլն անցած բոլոր մասնակիցներին ներկայացնել մրցույթի վերջնական հայտեր, ներառյալ` գնի առաջարկը:

5. Մրցույթի հանձնաժողովը երկրորդ փուլում կարող է փոխել մրցույթի հրավերով նախապես սահմանված տեխնիկական և որակական բնութագրերը և մրցույթի հայտերի գնահատման և համեմատման չափանիշները, որոնց մասին նա պարտավոր է տեղեկացնել երկրորդ փուլի հնարավոր մասնակիցներին` մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու համար ուղարկվող առաջարկում: Մրցույթի վերջնական հայտերը գնահատելու և համեմատելու ժամանակ մրցույթի հանձնաժողովի և մասնակիցների միջև բանակցություններն արգելվում են:

6. Երկու փուլով մրցույթի մասնակիցները գնի մասին առաջարկը, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում նաև մրցույթի հայտի ապահովումը, ներկայացնում են երկրորդ փուլում, մրցույթի վերջնական հայտը ներկայացնելու հետ միաժամանակ:

7. Մրցույթի առաջին փուլն անցած ցանկացած մասնակից իրավունք ունի հրաժարվել վերջնական հայտ ներկայացնելուց:

 

ՀՈԴՎԱԾ 42. ՓԱԿ ՄՐՑՈՒՅԹԸ

 

1. Փակ մրցույթ անցկացնելու դեպքում պատվիրատուն պարտավոր է մրցույթի հրավեր տրամադրել բոլոր հնարավոր անձանց:

2. Փակ մրցույթի ձևով գնումների կատարման ժամանակ կիրառվում են սույն օրենքի 4-րդ գլխի դրույթները, եթե այլ բան նախատեսված չէ սույն հոդվածով:

 

ՀՈԴՎԱԾ 43. ԳՆԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՀԱՐՑՈՒՄԸ

 

1. Գնանշումների հարցման ձևով գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն պարտավոր է նման հարցում ուղղել առնվազն երկու անձի:

Գնանշումների հարցումը պետք է ներառի պատվիրատուի կողմից կնքվելիք պայմանագրով առաջադրվող բոլոր պայմանները, ներառյալ` գնանշումները ներկայացնելու, գնահատելու և համեմատելու պայմանները:

2. Ի պատասխան պատվիրատուի` սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան կատարած հարցման` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ներկայացնել միայն մեկ գնանշում, որը հետագայում չի կարող փոփոխվել: Գնանշումները ներկայացվում են նման հարցում ստանալու օրվան հաջորդող տասն աշխատանքային օրվա ընթացքում, սույն օրենքի 29 հոդվածի 3-րդ կետին համապատասխան կազմված փակ ծրարով:

3. Արգելվում են բանակցությունները պատվիրատուի և գնանշում ներկայացրած անձանց միջև` վերջիններիս ներկայացրած գների վերաբերյալ: Գնանշումների գնահատման ժամանակ պատվիրատուն իրավունք ունի օգտագործել միայն գնանշումների հարցման մեջ նշված չափանիշները:

4. Հաղթող է ճանաչվում պատվիրատուի ներկայացրած պահանջները բավարարող, առավել ցածր գնանշում առաջարկած անձը, որի հետ, գնանշումների ներկայացման վերջին օրվան հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն կնքում է պայմանագիր:

 

ՀՈԴՎԱԾ 44. ԳՆՈՒՄՆԵՐ ՄԵԿ ԱՂԲՅՈՒՐԻՑ

 

i

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում պատվիրատուն կարող է ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ գնել մեկ անձից` ապրանքների, աշխատանքների և ծառայությունների պահանջ ներկայացնելու կամ գնանշման միջոցով:

2. Մեկ անձից գնումներ կատարելու դեպքում պատվիրատուն իրավունք ունի վարել բանակցություններ` նրա ներկայացրած ապրանքների, աշխատանքների և ծառայությունների առաջարկի կամ գնանշման ցանկացած դրույթի կապակցությամբ:

 

ԳԼՈՒԽ 6.
ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ

 

ՀՈԴՎԱԾ 45. ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ

 

1. Յուրաքանչյուր անձ ունի բողոքարկման իրավունք, եթե պատվիրատուի և (կամ) լիազոր մարմնի գործողությունների հետևանքով կրել է կամ կարող է կրել վնասներ: Բողոքարկման առարկա չի կարող լինել`

1) պատվիրատուի գնումներ կատարելու ձևի և ընթացակարգի ընտրությունը.

2) պատվիրատուի համար պարտադիր պահանջների կիրառումը:

2. Յուրաքանչյուր անձ իրավունք ունի`

1) բողոքարկել պատվիրատուի որոշումները պատվիրատուին` սույն օրենքի 46 հոդվածի համաձայն.

2) բողոքարկել պատվիրատուի որոշումները լիազոր մարմին` սույն օրենքի 47 հոդվածի համաձայն.

3) դատական կարգով բողոքարկել լիազոր մարմնի և (կամ) պատվիրատուի որոշումները` սույն օրենքի 50 հոդվածի համաձայն:

 

ՀՈԴՎԱԾ 46. ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Պատվիրատուին բողոք ներկայացնելու վերջին ժամկետը պայմանագիրը կնքելու մասին որոշումը հրապարակելու օրվան հաջորդող հինգերորդ աշխատանքային օրն է:

2. Բողոքը ենթակա չէ քննարկման պայմանագիրը կնքելուց հետո: Այդ դեպքում բողոքարկումը կատարվում է սույն օրենքի 47 հոդվածի 1-ին կետի համաձայն:

3. Բողոքն ստանալուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, պատվիրատուն պետք է ընդունի գրավոր որոշում, որը պետք է պարունակի`

1) բողոքի մերժման դեպքում` դրա հիմնավորումը.

2) ներկայացված պահանջների բավարարման միջոցները` բողոքի լրիվ կամ մասնակի բավարարման դեպքում:

4. Սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված ժամկետում որոշում չընդունվելու կամ ընդունված որոշումը մասնակցին չբավարարելու դեպքում վերջինս իրավունք ունի բողոքարկել սույն օրենքի 47 և 50 հոդվածների համաձայն: Նման բողոքը ներկայացվելու պահից վեճը չի կարող քննարկվել պատվիրատուի կողմից:

5. Պատվիրատուի որոշումը համարվում է վերջնական, քանի դեռ սույն օրենքի 47 կամ 50 հոդվածներին համաձայն քննություն չի սկսվել:

 

ՀՈԴՎԱԾ 47. ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆ ԲՈՂՈՔԱՐԿԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

1. Լիազոր մարմին բողոքարկելու իրավունք ունի այն անձը`

ա) որի բողոքը պատվիրատուն չի քննարկել.

բ) որը բավարարված չէ պատվիրատուի ընդունած որոշմամբ.

գ) որի բողոքի վերաբերյալ պատվիրատուի որոշումն ընդունվել է սույն օրենքի 46 հոդվածի 3-րդ կետով նախատեսված ժամկետի խախտմամբ:

Եթե բողոքը ներկայացվում է պատվիրատուի պայմանագիր կնքելու մասին որոշումը հրապարակվելուց հետո, ապա այն պետք է գրավոր ներկայացվի որոշումը հրապարակվելուց հետո ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում:

2. Լիազոր մարմինը բողոքն ստանալու մասին գրավոր հայտնում է պատվիրատուին:

3. Լիազոր մարմինն իրավունք ունի ընդունել հետևյալ որոշումները`

1) արգելել պատվիրատուին կատարել որոշակի գործողություններ, ընդունել որոշումներ, կիրառել ընթացակարգեր.

2) պարտավորեցնել պատվիրատուին ընդունել համապատասխան որոշումներ, ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ և կիրառել դրանցից բխող ընթացակարգեր.

3) լրիվ կամ մասնակի վերացնել կամ վերանայել պատվիրատուի որոշումները կամ ընդունել պատվիրատուի որոշմանը փոխարինող որոշում, բացառությամբ պայմանագիրը կնքելու մասին որոշումն անվավեր ճանաչելու կամ պայմանագիրը լուծելու մասին որոշումների.

4) պարտավորեցնել պատվիրատուին հատուցել գնումների ընթացակարգ կատարելու կապակցությամբ նրա գործողությունների կամ որոշումների կամ նրա կողմից որոշակի ընթացակարգ կիրառելու հետևանքով բողոք ներկայացրած անձի կողմից տվյալ գնումներին մասնակցելու նպատակով կատարված օրենսդրությամբ սահմանված և փաստաթղթերով հիմնավորված ծախսերը.

5) գնումների ընթացակարգի դադարեցման մասին:

4. Լիազոր մարմինը գնումների մասին օրենսդրությամբ սահմանված դրույթների հիման վրա հինգ աշխատանքային օրվա ընթացքում բողոքի կապակցությամբ ընդունում է հիմնավորված որոշում:

5. Բողոքի կապակցությամբ լիազոր մարմնի որոշումը համարվում է վերջնական, եթե այն չի բողոքարկվում դատարան:

6. Լիազոր մարմնի կողմից բողոքը բավարարվելու դեպքում պատվիրատուն պատասխանատվություն է կրում բողոքը ներկայացրած անձին իր գործողությունների հետևանքով պատճառված վնասի համար:

 

ՀՈԴՎԱԾ 48. ԲՈՂՈՔԱՐԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՐՄԵՐԸ

 

1. Բողոք ստացած մարմինը գործընթացի բոլոր մասնակիցներին տեղեկացնում է դրա բովանդակության մասին` սույն օրենքի 46 և 47 հոդվածներին համապատասխան:

2. Յուրաքանչյուր անձ, որի շահերը խախտվել են կամ կարող են խախտվել բողոքարկման հիմք ծառայած գործողությունների արդյունքում, իրավունք ունի մասնակցել բողոքարկման ընթացակարգին: Բողոքարկման ընթացակարգին չմասնակցած անձը զրկվում է սույն օրենքի 46 և 47 հոդվածներին համապատասխան համանման բողոք ներկայացնելու իրավունքից:

3. Բողոքի վերաբերյալ պատվիրատուի կամ լիազոր մարմնի որոշումը, այն կայացնելու օրվանից հինգ աշխատանքային օրվա ընթացքում ուղարկվում է բողոքը ներկայացրած անձին և տվյալ գնումներին մասնակցած և շահագրգիռ այլ անձանց, որոնք ներկայացրել են նման պահանջ:

 

ՀՈԴՎԱԾ 49. ԳՆՈՒՄՆԵՐԻ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ԿԱՍԵՑՈՒՄԸ

 

1. Սույն օրենքի 46 կամ 47 հոդվածներին համապատասխան լիազոր մարմինը մինչև 7 աշխատանքային օր ժամկետով կասեցնում է գնումների ընթացակարգը, եթե բողոքը ներկայացրած անձը հիմնավորում է, որ կկրի վնասներ ընթացակարգը չկասեցվելու դեպքում:

2. Լիազոր մարմինը բողոք ներկայացրած անձի իրավունքների ապահովման նպատակով իրավունք ունի երկարաձգել սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կասեցման ժամկետը մինչև բողոքարկման ընթացակարգի ավարտը, պայմանով, որ կասեցման ընդհանուր ժամկետը չգերազանցի 15 աշխատանքային օրը:

3. Կասեցումը չի կիրառվում, եթե պատվիրատուն լիազոր մարմնին հիմնավորում է, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության և ազգային անվտանգության շահերից ելնելով անհրաժեշտ է շարունակել գնումների ընթացակարգը: Գնումների ընթացակարգը շարունակելու պատվիրատուի հիմնավոր պահանջը կցվում է գնումների ընթացակարգի արձանագրությանը:

4. Կասեցման վերաբերյալ պատվիրատուի ընդունած ցանկացած որոշում կցվում է գնումների ընթացակարգի արձանագրությանը:

 

ՀՈԴՎԱԾ 50. ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ԴԱՏԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ

 

Սույն օրենքի 46 և 47 հոդվածներին համապատասխան պատվիրատուի և (կամ) լիազոր մարմնի ընդունած որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

ԳԼՈՒԽ 7.
ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 51. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքով կառավարությանը վերապահված լիազորությունները, համայնքի կարիքների համար գնումների կատարման դեպքում, իրականացնում է ավագանին, բացառությամբ սույն օրենքի 5 հոդվածով, 17 հոդվածի 3-րդ կետի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ և 12-րդ ենթակետերով, 32 հոդվածի 2-րդ կետով, ինչպես նաև 6-րդ գլխով նախատեսված լիազորությունների:

2. Պայմանագիր կնքած պատվիրատուի պաշտոնատար անձը պետության, համայնքի և (կամ) պատվիրատուի հետ պայմանագիր կնքած անձի վնասների հատուցման համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կրում է անձնական պատասխանատվություն, եթե տվյալ պայմանագիրը կնքվել է այլ կերպ, քան նախատեսված սույն օրենքով:

 

ԳԼՈՒԽ 8.
ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

ՀՈԴՎԱԾ 52. ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 60 օր հետո:

2. Կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները, սույն օրենքի հրապարակման պահից 60 օրվա ընթացքում, ընդունում են իրենց իրավասությանը վերապահված` սույն օրենքը կիրառելու համար անհրաժեշտ նորմատիվ ակտեր և որոշումներ:

3. Պետական գնումների գործակալության կողմից գնումներ կարող են իրականացվել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին օրենքի հրապարակման օրվան հաջորդող 30-րդ օրվանից սկսած:

4. Մինչև պետական գնումների գործակալության կողմից գնումների իրականացումը բաց մրցույթով գնումներն իրականացվում են ապակենտրոնացված` այլ պատվիրատուների կողմից` սույն օրենքին համապատասխան:

 

19 հունիսի 2000 թ.

ՀՕ-62

 

 

pin
ՀՀ 05.06.2000
N ՀՕ-62 օրենք