Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵ ...

 

 

020.0245.140700

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ԿԵՂԾ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՑՈՒՑԱՆՇՈՒՄՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ԵՎ ԽԱՓԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 14 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21 և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում քննեց «Կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելու և խափանելու միջոցառումների մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թ. հունիսի 4-ին Մինսկում` կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործման, ինչպես նաև անբարեխիղճ մրցակցության մեթոդների կիրառման փաստերի կանխմանն ու խափանմանն ուղղված համատեղ գործողությունները համակարգելու նպատակով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

- համագործակցել կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործման փաստերի հայտնաբերման կանխման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության մաքսային սահմաններով կեղծ ապրանքանշաններով և աշխարհագրական ցուցանշումներով ապրանքների թափանցումը կանխելու և ՀՀ տարածքում դրանց ազատ շրջանառությունը դադարեցնելու բնագավառներում,

- աշխարհագրական ցուցանշումների առնչությամբ շահագրգիռ կողմերին տրամադրել պաշտպանության իրավական միջոցներ` նպատակ ունենալով խոչընդոտել` 1) ապրանքի` աշխարհագրական ծագման առումով սխալ նշման կամ ներկայացման որևէ միջոցի օգտագործմանը, և 2) որևէ գործողության իրականացմանը, որը կարող է դիտվել որպես անբարեխիղճ մրցակցություն,

- ՀՀ օրենսդրությանը համապատասխան կամ շահագրգիռ կողմի հիմնավորված հարցմամբ մերժել կամ անվավեր ճանաչել ապրանքանշանի կամ ապրանքանշանի նկատմամբ իրավունքների փոխանցման գրանցումը, եթե դրանց օգտագործումը մոլորեցնում է սպառողներին,

- պաշտպանության իրավական միջոցներ կիրառել նաև այն աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ, որոնք, թեև տառացիորեն հավաստի են ապրանքների ծագման տարածքի առումով, սակայն սպառողներին մոլորեցնում են դրանց տարածքային ծագման հարցում,

- ՀՀ օրենսդրության մեջ ներառել դրույթներ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների պահպանման վերաբերյալ,

- արտադրողների համար հավասար պայմաններ ապահովելու և սպառողների մոլորեցումը կանխելու նպատակով սահմանում է պայմանական նշաններ, որոնցով միանման աշխարհագրական ցուցանշումները կտարբերվեն միմյանցից,

- ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների նկատմամբ իրավունքների սեփականատերերին տալ դատական մարմիններին դիմելու հնարավորություն, ինչպես նաև սահմանել դատական մարմինների իրավասությունները:

Համաձայնագիրը կատարված է մեկ բնօրինակով` ռուսերենով:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը ֆինանսական պարտավորություններ չի ստանձնում:

Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ` համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, դրա գործողության ժամկետի և համաձայնագրի գործողության դադարեցման վերաբերյալ:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Կեղծ ապրանքանշանների և աշխարհագրական ցուցանշումների օգտագործումը կանխելու և խափանելու միջոցառումների մասին 1999 թվականի հունիսի 4-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

14 հուլիսի 2000 թ.

ՍԴՈ-245

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
14.07.2000
N ՍԴՈ-245
Որոշում