Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈ ...

 

 

020.0247.180700

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-ԻՆ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 18 հուլիսի 2000 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Վ. Պողոսյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարար Կ. Ճշմարիտյանի,

ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով և 101 հոդվածի 1 կետով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 25 հոդվածի 1 կետով, 21(1) և 56 հոդվածներով,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին 1999 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հայաստանի Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Մ. Սևյանի հաղորդումը, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Ճշմարիտյանի բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

Համաձայնագիրն ստորագրվել է 1999 թ. դեկտեմբերի 7-ին Մոսկվայում` կոոպերացիայի հիման վրա համատեղ ծրագրերի մշակման և իրականացման, փոխշահավետ տնտեսական կապերի զարգացման և կատարելագործման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով:

Համաձայնագրի դրույթները տարածվում են Կողմերի համատեղ միջպետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ ապրանքների (ծառայությունների) առանձին տեսակների մատակարարման, ինչպես նաև կարևորագույն հատուկ լրակազմող հանգույցների և սպառող պետությունում չարտադրվող ու վերջնական արտադրանքի պատրաստման համար օգտագործվող որոշ տեսակի արտադրանքի նկատմամբ: Կոոպերացված մատակարարումների անվանացանկը և ծավալները, ինչպես նաև դրանք իրականացնող տնտեսավարող սուբյեկտների ցանկը որոշվում են համապատասխան տարվա համար Կողմերի միջև ստորագրվող արձանագրություններով:

Համաձայնագրով Կողմերը պայմանավորվում են աջակցել ձեռնարկությունների միջև (անկախ սեփականության ձևից) ուղիղ արտադրական կապերի և իրենց մասնագիտացման հիման վրա արտադրական կոոպերացիայի իրականացմանն ու զարգացմանը:

Սույն համաձայնագրի շրջանակներում ապրանքների (ծառայությունների) մատակարարումներն իրականացվում են Կողմերի տնտեսավարող սուբյեկտների միջև` պայմանագրերի հիման վրա, կիրառելով պայմանագրային գներով փոխհաշվարկներ: Պայմանագրերի կատարման պատասխանատվությունը կրում են դրանք կնքող տնտեսավարող սուբյեկտները: Արտադրական կոոպերացիայով առաքվող ապրանքները ենթակա չեն վերաարտահանման երրորդ երկրներ, եթե Կողմերը չպայմանավորվեն այլ բանի մասին:

Համաձայնագրում նախատեսված են նաև դրույթներ` համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ինչպես նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, գործողության ժամկետի և գործողության դադարեցման վերաբերյալ:

Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է ֆինանսական պարտավորություններ` կապված կոոպերացիայի շրջանակներում մատակարարվող ապրանքներն ավելացված արժեքի և ակցիզային հարկերից ազատելու հետ:

Համաձայնագրի դրույթները բխում են ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված` սեփականության բոլոր ձևերի ազատ զարգացման, տնտեսական գործունեության ազատության, ինչպես նաև ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական սկզբունքներից:

Համաձայնագիրը կնքված է երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն և ռուսերեն, ընդ որում, երկու տեքստերն էլ հավասարազոր են:

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

i

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև արտադրական կոոպերացիայի մասին 1999 թվականի դեկտեմբերի 7-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

18 հուլիսի 2000 թ.

ՍԴՈ-247

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
18.07.2000
N ՍԴՈ-247
Որոշում