Սեղմել Esc փակելու համար:
ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆ ...

 

 

115.0066.181000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

19 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 66-Պ

 

i

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՉԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. փետրվարի 12-ի թիվ 64 որոշման պահանջներից, որդեգրման աշխատանքներում սոցիալական ապահովության մարմինների, որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովների և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների գործունեությունն ապահովելու նպատակով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել «Երեխայի որդեգրման կարգի կիրարկումն ապահովող հրահանգչամեթոդական ցուցումները» (կցվում է):

2. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության համակարգի խնամակալական հաստատությունների ղեկավարներին, որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներին և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների տնօրեններին` սույն հրամանի առաջին կետով հաստատված փաստաթուղթն ընդունել ի ղեկավարություն:

3. ՀՀ սոցիալական ապահովության նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությանը`

ա) սույն հրամանի 2-րդ կետում նշված հիմնարկներին և կազմակերպություններին, որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովներին ապահովել սույն հրամանի առաջին կետով հաստատված փաստաթղթով.

բ) Սոցիալական ապահովության նախարարության համակարգի որդեգրման հարցերով զբաղվող մասնագետների, որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) հանձնաժողովների անդամների, սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների համապատասխան աշխատակիցների համար 2000թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին կազմակերպել սեմինար-խորհրդակցություններ, հատուկ դասընթացներ` սույն հրամանի առաջին կետով հաստատված փաստաթղթի կիրարկումն ապահովելու նպատակով:

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը դնել ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ պարոն Ա. Պետրոսյանի վրա:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

ՀՀ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

2000Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի

ԹԻՎ 66-Պ ՀՐԱՄԱՆՈՎ

 

ԵՐԵԽԱՅԻ ՈՐԴԵԳՐՄԱՆ ԿԱՐԳԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՉԱՄԵԹՈԴԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

 

I. Ընդհանուր ցուցումներ

 

1. Հայաստանի Հանրապետությունում երեխայի որդեգրումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի, «Երեխայի որդեգրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի համաձայն:

2. ՀՀ ամուսնության և ընտանիքի օրենսգրքի (այսուհետև` Օրենսգիրք) 124 հոդվածի համաձայն որդեգրվածներն ու նրանց սերունդը որդեգրողների և նրանց ազգականների նկատմամբ, իսկ որդեգրողներն ու նրանց ազգականները` որդեգրվածների ու նրանց սերնդի նկատմամբ իրենց անձնական ու գույքային իրավունքներով ու պարտականություններով հավասարեցվում են ծագումով ազգականներին:

3. Որդեգրումը Օրենսգրքի 111 հոդվածի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 12-ի թիվ 64 որոշմամբ հաստատված «Երեխայի որդեգրման կարգի» (այսուհետև` Կարգ) համաձայն կատարվում է մինչև 18 տարեկան երեխաների նկատմամբ, ելնելով միայն երեխայի շահերից:

4. Որդեգրման մասին որոշումը Օրենսգրքի և Կարգի համաձայն ընդունվում է որդեգրողի թեկնածուի կամ որդեգրման ենթակա երեխայի բնակության վայրի համայնքի ղեկավարի կողմից:

5. Որդեգրման ենթակա երեխաների, որդեգրված երեխաների, ինչպես նաև որդեգրողի թեկնածուների հաշվառումը իրականացվում է որդեգրման հարցերով մարզային (Երևանի քաղաքային) և հանրապետական հանձնաժողովների (այսուհետ մարզային հանձնաժողով, հանրապետական հանձնաժողով), իսկ կենտրոնացված հաշվառումը` ՀՀ սոցիալական ապահովության նախարարության կողմից` Օրենսգրքի և Կարգի համաձայն:

 

II. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերի

նախապատրաստումը

 

6. Երեխայի որդեգրման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստումը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 20-ի «Որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կանոնադրությունը և անհատական կազմը, որդեգրման հարցերով մարզային հանձնաժողովների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 370 որոշման (այսուհետև` Որոշում) համաձայն իրականացնում են մարզային և հանրապետական հանձնաժողովները:

7. Ծննդատների, բուժկանխարգելիչ, խնամակալական հաստատությունների ղեկավարները, այլ պաշտոնատար անձինք Կարգի և Որոշման համաձայն պարտավոր են 5-օրյա ժամկետում երեխայի փաստացի գտնվելու վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեղեկատվություն (սեռի, տարիքի, առողջական վիճակի մասին և այլն) տրամադրել իրենց մոտ ծնված կամ ընդունված առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև պետության լրիվ հոգածության ներքո գտնվող երեխայի վերաբերյալ:

8. Խնամակալության և հոգաբարձության մարմինները պարտավոր են որդեգրման ենթակա երեխաների մասին ստացված տեղեկատվությունը 5-օրյա ժամկետում տրամադրել իրենց գտնվելու վայրի մարզային հանձնաժողովին` երեխայի հաշվառման համար:

9. Յուրաքանչյուր որդեգրման ներկայացված երեխայի համար համապատասխան հաստատությունից (բուժմիավորում, մանկատուն, երեխաների տուն, մանկան տուն, գիշերօթիկ դպրոց) ներկայացվում են փաստաթղթեր նրա առողջական վիճակի, ֆիզիկական և մտավոր զարգացման վերաբերյալ` հիմք ընդունելով մանկաբույժի, հոգեբույժի, նևրոպաթոլոգի, վիրաբույժի (օրթոպետվնասվածքաբանի), ակնաբույժի, քիթ-կոկորդի բժշկի, լոգոպեդի, իսկ 3 և ավելի տարեկանների համար մանկավարժ-սրտաբանի եզրակացությունները: Անհրաժեշտության դեպքում, ըստ ցուցմունքների, երեխան հետազոտվում է նաև այլ մասնագետների կողմից: Այդ եզրակացությունը հաստատվում է այն հաստատության ղեկավարի կողմից, որտեղ գտնվելու է երեխան:

10. Ընկեցիկ, բուժհիմնարկներում թողնված երեխաների համար ներքին գործերի մարմինների կողմից կազմվում է համապատասխան ակտ, որի հիման վրա բուժհիմնարկի ղեկավարությունը ՔԿԱԳ-ի տարածքային բաժնում կատարում է երեխայի ծննդի գրանցումը և համապատասխան հաստատություն ուղարկում հետևյալ փաստաթղթերը.

- Ծննդյան վկայական

- Առողջության մասին բժշկական եզրակացություն

- Ընկեցիկության ակտ:

11. Կարգի համաձայն ընկեցիկ երեխաները կարող են որդեգրման հանձնվել ընկեցիկության ակտը կազմելուց 3 ամսից ոչ շուտ:

12. Եթե ծննդատանը ծնված նորածնի ծնողի (ծնողների) կողմից երեխային որդեգրման հանձնելու համաձայնության մասին կամ երեխային ժամանակավորապես մանկատուն հանձնելու մասին դիմում է տրվել, այն պետք է հաստատվի բուժհիմնարկի տնօրենի կողմից:

Բուժման ավարտից հետո այդ երեխաները սահմանված կարգով եռօրյա ժամկետում տեղավորվում են խնամակալական հաստատություններում (մանկատուն, երեխաների տուն, մանկան տուն, այսուհետ` ԽՀ):

13. ԽՀ-ում գտնվող երեխայի որդեգրման համար անմիջապես այդ հաստատությունում ծնողների տված համաձայնությունը ձևակերպվում է գրավոր: Ծնողների անձնագրային տվյալները և ստորագրությունները վավերացվում են ԽՀ-ի ղեկավարի կողմից և հաստատվում են ԽՀ-ի կնիքով:

14. ԽՀ-ում գտնվող երեխայի որդեգրման համար նրա ծնողներից գրավոր համաձայնություն ստանալու դեպքում ԽՀ-ի տնօրինությունը ծնողներին բացատրում է որդեգրման իրավական հետևանքները, պարզում այն հանգամանքները, որոնք այդպիսի համաձայնություն տալու հիմք են հանդիսացել, վստահություն է ներշնչում նրանց երեխայի խնամքի և դաստիարակության գործի նկատմամբ և կախված ստացված տվյալներից օրենսդրությամբ սահմանված կարգով լուծում երեխային որդեգրման հանձնելու հարցը:

15. ԽՀ-ում գտնվող երեխայի որդեգրման համար գրավոր համաձայնություն չտված ծնողները նախազգուշացվում են այն մասին, որ Օրենսգրքի 115 հոդվածի համաձայն որդեգրման համար ծնողների համաձայնությունը չի պահանջվում, եթե նրանք զրկված են ծնողական իրավունքներից կամ օրենքով սահմանված կարգով անգործունակ են ճանաչվել, ինչպես նաև եթե նրանք մեկ տարուց ավելի երեխայի հետ համատեղ չեն ապրում, և չնայած խնամակալության և հոգաբարձության մարմինների նախազգուշացմանը, խուսափում են դաստիարակելուց ու խնամք տանելուց և երեխայի նկատմամբ ուշադրություն ու հոգատարություն չեն ցուցաբերում:

16. ԽՀ-ի տնօրինությունը հատուկ մատյանում (ձև թիվ 1) գրանցում է ծնողների ուղարկած նամակները (ծանրոցները) և կատարած այցելությունները: Ծնողների այցելությունները հաստատվում են նրանց և տնօրինության կողմից:

17. Հատուկ մոտեցում են պահանջում անչափահաս միայնակ մայրերի կողմից երեխաներին որդեգրման տալու դեպքերը: Անհրաժեշտ է անչափահաս միայնակ մորը բացատրել որդեգրման իրավական հետևանքները, խորհրդատվական (սոցիալական, իրավական և այլ բնույթի) օգնություն ցույց տալ նրան` երեխայի դաստիարակության և խնամքի ճիշտ կազմակերպման համար:

18. Այն դեպքերում, երբ ԽՀ-ում գտնվող ծնողազուրկ երեխան ունի հարազատներ (պապ, տատ, հորեղբայր, մորաքույր, քեռի, հորաքույր, չափահաս քույրեր կամ եղբայրներ), հարկավոր է օժանդակել, որպեսզի վերջիններս մասնակցեն նրա դաստիարակության, կյանքի և այլ հարցերի լուծման գործում, իսկ հնարավորության դեպքում երեխային խնամեն իրենց ընտանիքում: Եվ չնայած որ որդեգրման ժամանակ նրանցից համաձայնությունը չի պահանջվում, այդուհանդերձ, անչափահասի շահերը պահանջում են, որպեսզի հստակորեն սահմանվեն որդեգրված երեխայի` իր հարազատների հետ շփվելու հնարավորությունները:

19. Օրենսգրքի համաձայն 10 տարին լրացած երեխայի որդեգրման ժամանակ պահանջվում է նրա համաձայնությունը: երեխային բացատրվում է որդեգրման իմաստը և դրանից բխող իրավական հետևանքները, ինչպես նաև նրա ազգանվան, անվան, հայրանվան, ծնողների մասին տեղեկությունների և տվյալների հնարավոր փոփոխումները: Այդպիսի բացատրություններ կարող են տրվել նաև 10 տարին չբոլորած երեխաներին, հաշվի առնելով նրանց զարգացածության աստիճանը:

20. Օրենսգրքի համաձայն թույլատրվում է որդագրել 10 տարեկանից բարձր տարիք ունեցող երեխաների` առանց նրանց համաձայնության, եթե նրանք երկար ժամանակ ապրում են որդեգրողի ընտանիքում, սակայն անիրազեկ են, որ որդեգրողները իրենց հարազատ ծնողները չեն և իրենց համարում են նրանց հարազատ երեխան:

21. Երեխայի համաձայնությունը որդեգրմանը ի հայտ են բերում խնամակալության և հոգաբարձության մարմինները, որպես անչափահասի գրավոր համաձայնություն կարելի է ճանաչել նաև մարզային (հանրապետական) հանձնաժողովի երեխայի հետ ունեցած զրույցի արձանագրությունը:

22. Եթե որդեգրվող երեխան գտնվում է խնամակալության տակ, ապա Օրենսգրքի 114 հոդվածի համաձայն որդեգրման համար պահանջվում է խնամակալի, ինչպես նաև ծնողների գրավոր համաձայնությունը:

23. Այն դեպքերում, երբ օրինական ամուսիններից որդեգրել է ցանկանում միայն մեկը, իսկ մյուս ամուսինը տալիս է միայն իր գրավոր համաձայնությունը, հարկավոր է պարզել վերջինիս երեխային համատեղ որդեգրելուց հրաժարվելու պատճառը և այն հանգամանքը, արդյոք դա հետագայում բացասաբար չի անդրադառնա որդեգրվող երեխայի կյանքի և դաստիարակության վրա:

24. Հարկավոր է ուսումնասիրել այն դեպքերը, երբ որդեգրվող երեխան տառապում է որևէ հիվանդությամբ (արատով), որը որդեգրողից կպահանջի երեխայի հատուկ խնամք, երկարատև բուժում, ապրելու և դաստիարակելու համար հատուկ պայմանների ստեղծում: Նման դեպքերում որդեգրողի թեկնածուներին հարկավոր է ծանոթացնել որդեգրողին ներկայացվող պահանջները, որդեգրման իրավական հետևանքները և երեխայի առողջական վիճակի պատճառաբանությամբ որդեգրումը վերացնելու անթույլատրելիությունը` եթե որդեգրողը նախազգուշացվել է երեխայի հիվանդության մասին և, չնայած դրան, հայտնել է հիվանդ երեխային որդեգրելու մասին իր համաձայնությունը:

25. Այն դեպքերում, երբ որդեգրողը միայնակ անձ է, հարկավոր է պարզել հետևյալ հանգամանքները. արդյոք երեխայի շահերին չի հակասում նրա հանձնումը ոչ լրիվ ընտանիք, կարող է, արդյոք, որդեգրողը, ելնելով իր տարիքից, առողջական վիճակից, նյութական ապահովվածության աստիճանից, պատշաճ կերպով ապահովել որդեգրող երեխայի խնամքը և դաստիարակությունը` մինչև նրա չափահաս դառնալը: Սակայն հարկ չկա միայնակ անձնավորությանը զրկել որդեգրելու իրավունքից, եթե մինչև որդեգրելը նա հոգածություն է ցուցաբերել երեխայի հանդեպ և նրանց միջև առաջացել են բարեկամական հարաբերություններ, կապեր:

26. Գործող օրենսդրությունը թույլատրում է նաև ոչ ծնողազուրկ երեխաների որդեգրում ազգակցական կապեր ունեցող հարազատների (խորթ հայր, խորթ մայր, պապ, տատ, եղբայր, քույր և ուրիշներ) կողմից, եթե մարզային (հանրապետական) հանձնաժողովը և համայնքի ղեկավարը գտնում են, որ այդպիսի որդեգրումը չի հակասում երեխայի շահերին: Սակայն, որդեգրման հարցի ուսումնասիրման ժամանակ մարզային (հանրապետական) հանձնաժողովը պետք է պարզի ծնողներ ունեցող երեխաների որդեգրման շարժառիթները, որդեգրման հանձնելու մասին ծնողների համաձայնության պատճառները, որդեգրվող երեխայի հանդեպ նախկինում հոգածություն չցուցաբերած երեխայի խնամքով և դաստիարակությամբ չզբաղված հարազատներին, երեխաներ ունեցող ընտանիքներին, տարեցներին (տատին, պապին) երեխային որդեգրման հանձնելու նպատակահարմարությունը:

27. Անհրաժեշտ է պարզել որդեգրողների և ծնողների կյանքի պայմանները, որոշել երեխային հարազատ ընտանիքից այլ ընտանիք տեղափոխելու նպատակահարմարությունը, պարզել, դրանով արդյոք բարելավվում են որդեգրվող երեխայի կյանքի և դաստիարակության պայմանները, ինչպես նաև պարզել ոչ միայն ծնողների, այլև քույրերի, եղբայրների և վերընթաց ու վարընթաց գծով մյուս հարազատների հետ որդեգրվողի իրավահարաբերությունների դադարեցման նպատակահարմարությունը: Հատկապես մանրամասնորեն պետք է պարզել ծնողների կողմից դեռահաս երեխաներին որդեգրման հանձնելու պատճառը` արդյոք դեռահասի որդեգրումը պայմանավորված է որդեգրողի ընտանիքը համալրելու ցանկությամբ, թե հետապնդում է շահադիտական նպատակներ:

28. Առանձնակի ուշադրությամբ պետք է քննարկվեն 15-17 տարեկան պատանիների, աղջիկների որդեգրման մասին խնդրանքները` նախկինում նրանց խնամքով և դաստիարակությամբ չզբաղված անձանց կողմից: Քանի որ նման դեպքերում միշտ չէ, որ որդեգրումը կարող է բխել որդեգրվողի շահերից: Անհրաժեշտ է նաև 15-17 տարեկան որդեգրվողին տեղեկացնել, որ Օրենսգրքի 86 հոդվածի համաձայն չափահաս դառնալուց հետո նրանք միաժամանակ կկրեն որդեգրողներին խնամելու, նրանց հանդեպ հոգածություն ցուցաբերելու պարտականություններ:

29. Երեխային խորթ հոր, խորթ մոր, հարազատների (տատի, պապի, քրոջ, եղբոր, մորաքրոջ, քեռու, հորաքրոջ) կողմից որդեգրելու ժամանակ որդեգրողի սոցիալ-տնտեսական վիճակի զննումը պարտադիր չէ, եթե նրանք արդեն իսկ զբաղվում են երեխայի խնամքով և դաստիարակությամբ:

30. Որդեգրողի թեկնածուի կողմից ԽՀ-ում երեխայի ընտրությունը թույլատրվում է միայն որդեգրման համար համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում: Որդեգրողը պետք է ծանոթ լինի որդեգրվող երեխային վերաբերող բոլոր փաստաթղթերին, ինչպես նաև նրա առողջական վիճակի մասին բժշկական եզրակացությանը:

31. Եթե որդեգրվող երեխան հիվանդ է, ունի ֆիզիկական կամ մտավոր արատ, ՀԽ-ի ղեկավարությունը այդ մասին որդեգրողին տեղյակ է պահում գրավոր ձևով, իսկ վերջինս իրազեկության մասին ստորագրություն է տալիս: Երեխայի հիվանդության, դրա հետևանքների մասին բացատրություն է տալիս բուժհիմնարկի գլխավոր բժիշկը, մանկատան, բուժական հիմնարկի (ստացիոնար), գիշերօթիկ դպրոցի տնօրենը` մանկաբույժի հետ միասին:

32. Երեխայի անձնական գործում նշվում է, որ որդեգրողի թեկնածուն նախազգուշացված է երեխայի հիվանդության (արատի) և դրա հետևանքների մասին:

33. Եթե որդեգրողի թեկնածուի մոտ կասկածներ են առաջանում երեխայի առողջական վիճակի մասին, ապա նա իրավունք ունի երեխային ենթարկել լրացուցիչ բժշկական քննության` իր կողմից ընտրված բժշկական հաստատությունում:

34. Երեխան Կարգի համաձայն տրվում է որդեգրողներին միայն համայնքի ղեկավարի որոշման և իրենց անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում:

35. Կարգի համաձայն հղիություն և ծննդաբերություն նմանակող (իմիտացիա) որդեգրողի թեկնածու կանայք ծննդաբերության ենթադրվող ժամկետից 1-2 օր առաջ բժշկական հաստատության գլխավոր բժշկի թույլտվությամբ կարող են տեղավորել ծննդատանը` միայն կոնկրետ երեխայի որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման առկայության դեպքում:

36. Որդեգրման գաղտնիությունը պահպանելու համար ծննդատանը գտնվող իմիտացիայի ենթակա նորածնի վերաբերյալ տեղեկությունները հայտնվում են միայն հանրապետական, մարզային հանձնաժողովներին և որդեգրման մասին որոշում կայացնող համայնքի ղեկավարին:

37. Որդեգրող կնոջ համար կազմվում է ծննդաբերության պատմություն (ձև թիվ 096), որտեղ նշվում է երեխային որդեգրելու մասին համայնքի ղեկավարի որոշման թիվը, ամիսը և տարեթիվը: Ծննդատնից կին որդեգրողի դուրս գրումը կատարվում է այնպես, ինչպես նորմալ ֆիզիոլոգիական ծննդաբերության ժամանակ:

38. Հղիության և ծննդաբերության նմանակմամբ որդեգրման փաստաթղթերը (ծննդաբերության պատմություն, նորածնի զարգացման թերթիկ, առողջության վերաբերյալ տեղեկանք, որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշումը) պահպանվում են բժշկական հիմնարկում և ենթակա չեն հրապարակման:

39. Որդեգրողը նորածնի համար իրավունք ունի ստանալու հետծննդյան նպաստ` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

40. Հղիության և ծննդաբերության նմանակմամբ որդեգրվող երեխան կենսաբանական ծնողների և որդեգրողի թեկնածուի փոխադարձ համաձայնությամբ կարող է չհաշվառվել որպես որդեգրման ենթակա երեխա, բայց որդեգրումից հետո նա պարտադիր հաշվառվում է որպես որդեգրված երեխա:

41. ԽՀ-ի երեխաների ընդունման գրանցման մատյանում կամ հաշվառման գրքում և այլ փաստաթղթերում, որտեղ գրանցված է երեխան, որդեգրումից հետո նրա ազգանվան դիմաց գրվում է միայն «որդեգրված» բառը առանց նշելու որդեգրողի անուն, ազգանունը, հասցեն: Որդեգրման հանձնվող երեխայի մասին փաստաթղթերը (ծննդաբերության և նորածնի զարգացման պատմությունը, բժշկական այլ փաստաթղթերը, անձնական գործը, որդեգրման մասին համայնքի ղեկավարի որոշման պատճեն և այլն) մնում են այն ԽՀ-ում, որտեղ մինչև որդեգրելը գրանցված է եղել որդեգրվող երեխան: Նշված փաստաթղթերը հրապարակման ենթակա չեն:

 

III. Որդեգրման ձևակերպումը, որդեգրման գաղտնիության

ապահովումը

 

42. Որդեգրողները Օրենսգրքի 120-121 հոդվածների համաձայն իրավասու են պահանջել, որպեսզի որդեգրվողին տրվի որդեգրողի ազգանունը, որդեգրող տղամարդու անունով հայրանունը, ինչպես նաև փոխվի որդեգրվողի անունը: Սակայն համայնքի ղեկավարը կարող է նաև մերժել որդեգրվողի անվան փոփոխումը, օրինակ, եթե դրան դեմ է 10 տարեկանը լրացած որդեգրվողը:

43. Որդեգրողներն իրենց խնդրանքով որդեգրվողի ծննդյան մասին գրառումների մատյանում կարող են գրանցվել որպես որդեգրվողի ծնողներ: Սակայն, առանձին դեպքերում, համայնքի ղեկավարը կարող է մերժել այդ խնդրանքը, եթե դրան դեմ է 10 տարեկանը լրացած որդեգրվողը:

44. Եթե երեխային որդեգրում է միայնակ կինը և երեխայի հոր հետ կապ չի պահպանվում, ապա հոր մասին տեղեկությունները լրացնելիս որդեգրողի խնդրանքով կարող է գրառվել մոր ազգանունը, իսկ անունը և հայրանունը, գրանցվում են մոր հայեցողությամբ:

45. Օրենսգրքի 127 հոդվածի համաձայն որդեգրման գաղտնիքը պահպանվում է օրենքով: Առանց որդեգրողների համաձայնության, իսկ նրանց մահվան դեպքում առանց խնամակալության և հոգաբարձության մարմինների համաձայնության, արգելվում է ծանոթանալ ՔԿԱԳ-ի մատյանների և մյուս փաստաթղթերի բովանդակությանը, նրանցից քաղվածքներ տալ, ինչպես նաև այլ տեղեկություններ տալ, որոնցից հայտնի կդառնա, որ որդեգրողները որդեգրվածի հարազատ ծնողները չեն:

Որդեգրողի կամքին հակառակ որդեգրման գաղտնիքը հրապարակող անձինք պատասխանատվության են կանչվում օրենքով սահմանված կարգով:

 

IY. Որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի ապրելու և նրա

դաստիարակության նկատմամբ հսկողությունը

 

46. Որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի ապրելու և նրա դաստիարակության նկատմամբ հսկողության հիմնական նպատակը երեխայի ընտանիքին հարմարվելուն աջակցությունն է, նրա իրավունքների և օրինական շահերի ապահովումն է:

47. Կարգի 40-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունում որդեգրողների ընտանիքում որդեգրված երեխայի ապրելու և նրա դաստիարակության նկատմամբ հսկողությունը օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում են ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը և սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները (այսուհետ` ՍԾՏԿ), իսկ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս հսկողությունն իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան:

 

Ձև թիվ 1

 

ԽՆԱՄԱԿԱԼԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ ՄԱՏՅԱՆ

 

հաստատությունում խնամվող երեխաների և նրանց ծնողների

(այլ օրինական ներկայացուցիչների) միջև կապի

(հաղորդակցման) գրանցումների

 

2000թ.

._________________________________________________________________________.

|NN  |Երեխայի    |     Երեխայի        | Երեխայի         |  Հաստատության   |

|    |անունը,    |     և  նրա         | ծնողների և      |  տնօրինության   |

|    |ազգանունը, |     ծնողների       | այլ օրինական    |  ներկայացուցչի  |

|    |հայրանունը |     (այլ           | ներկայացու-     |                 |

|    |           |     օրինական       | ցիչների (նշել)  |                 |

|    |           |     ներկայա-       |                 |                 |

|    |           |     ցուցիչ-        |                 |                 |

|    |           |     ների)          |                 |                 |

|    |           |     միջև           |                 |                 |

|    |           |     կապի           |                 |                 |

|    |           |____________________|_________________|_________________|

|    |           |տեսակը`  | օրը,     | անունը,  |ստո-  | անունը, |ստո-   |

|    |           |այցելու- | ամիսը,   | ազգանու- |րագ-  | ազգա-   |րագ-   |

|    |           |թյուն,   | տարեթիվը | նը       |րութ- | նունը   |րութ-  |

|    |           |նամակ,   |          | (հայր-   |յունը | (հայր-  |յունը  |

|    |           |բացիկ,   |          | անունը)  |      | անունը  |       |

|    |           |ծանրոց   |          |          |      |         |       |

|    |           |և  այլն  |          |          |      |         |       |

|    |           |(նշել)   |          |          |      |         |       |

|____|___________|_________|__________|__________|______|_________|_______|

|1   |   2       |   3     |    4     |    5     |   6  |   7     |   8   |

|____|___________|_________|__________|__________|______|_________|_______|

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

|    |           |         |          |          |      |         |       |

._________________________________________________________________________.

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «18»  10  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11500119

 

 

pin
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
19.09.2000
N 66-Պ
Հրաման