Սեղմել Esc փակելու համար:
«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՀ Կ ...

 

 

050.0260.111000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

11 հոկտեմբերի 2000 թվականի թիվ 260

 

«ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ «ԲԱՆԿԵՐԻ ՍՆԱՆԿԱՑՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 7-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ գլխի դրույթները, «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի «գ» կետը, «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների ընդունման, գրանցման և վերահսկողության ընթացակարգերը կանոնակարգելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Լուծարման գործընթացում գտնվող բանկերի կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունների հաշվառման, վերլուծության, ամփոփման և վերահսկողության կարգը» (կցվում է):

i

2. «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ի կանոն 5-ի 10-րդ կետի առաջին նախադասությունից հետո ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն` «Հաշվետվությունները ներկայացվում են թղթային եղանակով և մագնիսական կրիչներով»:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչությանը` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահին ներկայացնել «Բանկերի սնանկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ տեղեկանք:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

 

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի

2000 թվականի հոկտեմբերի 11-ի թիվ 260 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ, ԱՄՓՈՓՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգը սահմանում է «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով լուծարման գործընթացում գտնվող բանկերի լուծարային կառավարիչների կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխան ներկայացվող հաշվետվությունների հաշվառման, վերլուծության, ամփոփման, նշված ընթացակարգերի նկատմամբ վերահսկողության իրականացման կարգը:

1.2. Սույն կարգի իմաստով`

Կենտրոնական բանկ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ.

Նախագահ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ.

Խորհուրդ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդ.

Իրավաբանական վարչություն` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի իրավաբանական վարչություն.

Բանկային վերահսկողության դեպարտամենտ` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի բանկային վերահսկողության դեպարտամենտ.

Լուծարված բանկ` «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկ.

Լուծարային կառավարիչ` «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկի լուծարային կառավարիչ.

Հաշվետվություն` «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ գլխով սահմանված կարգով լուծարման ընթացակարգում գտնվող բանկի լուծարային կառավարչի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություն.

Հաշվետվության հաշվառում` հաշվետվության (ների) մուտքագրում, գրանցում.

Հաշվետվության վերլուծություն` հաշվետվության (ների) քննարկում, լուծարված բանկի հաշվեկշռային տվյալների վերլուծություն.

Հաշվետվության ամփոփում` հաշվետվության վերլուծության արդյունքների հիման վրա ամփոփ տեղեկանքի պատրաստում.

Վերահսկողություն` իրավաբանական վարչության կողմից հաշվետվությունների հաշվառման, ամփոփման, վերլուծության ընթացակարգերի նկատմամբ իրականացվող վերահսկողություն, լուծարային կառավարիչների հետ մինչև հերթական հաշվետվության ներկայացումը և հաշվետվության ամփոփումից հետո իրականացվող աշխատանքներ.

Ամփոփ տեղեկանք` բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից հաշվետվության վերլուծության արդյունքում կազմված տեղեկանք, որում ներկայացվում են լուծարված բանկի ակտիվները, պարտավորությունները, արտահաշվեկշռային տվյալները: Ընդ որում, առանձին տողով տրվում է Կենտրոնական բանկի հանդեպ տվյալ լուծարված բանկի պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվություն.

Ամսական տեղեկանք` լուծարված բանկերի վերաբերյալ իրավաբանական վարչության կողմից Կենտրոնական բանկի նախագահին ներկայացվող տեղեկանք, որում տրվում են լուծարված բանկերի` նախորդ ամսվա ընդհանուր պարտավորությունները, իրավաբանական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումները, դրանց արդյունքը և այլ անհրաժեշտ տեղեկություններ.

Կիսամյակային տեղեկանք` իրավաբանական վարչության կողմից լուծարված բանկերի վերաբերյալ խորհրդին ներկայացվող տեղեկանք, որում տրվում են լուծարված բանկերի ընդհանուր պարտավորությունները, իրավաբանական վարչության կողմից ձեռնարկված միջոցառումները, դրանց իրականացման ժամկետները, ակնկալվող արդյունքը և այլ անհրաժեշտ տեղեկություններ.

Այլ փաստաթղթեր` «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան բանկի նախնական խնամակալության, խնամակալության և լուծարման ընթացքում ձևավորված փաստաթղթերը:

1.3. Կենտրոնական բանկում լուծարված բանկերի վերաբերյալ փաստաթղթերը և այլ փաստաթղթերը (ըստ բանկերի) հավաքագրվում և պահպանվում են իրավաբանական վարչությունում:

 

2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

2.1. Լուծարային կառավարիչների կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները մուտքագրվում են Կենտրոնական բանկում փաստաթղթաշրջանառության սահմանված կարգին համապատասխան:

Հաշվետվությունները մուտքագրումից հետո եռօրյա ժամկետում իրավաբանական վարչության կողմից գրանցվում են հաշվետվությունների գրանցամատյանում, որտեղ նշվում են հաշվետվության ներկայացման ամսաթիվը, լուծարային կառավարչի տվյալները և այլ անհրաժեշտ տվյալներ:

2.2. Իրավաբանական վարչությունը հաշվետվության գրանցումից հետո այն կից գրությամբ ներկայացնում է բանկային վերահսկողության դեպարտամենտ` պահպանելով սույն կարգի 2.1 կետով սահմանված եռօրյա ժամկետը:

 

3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

3.1. Սույն կարգի 2.2 կետով սահմանված կից գրությամբ հաշվետվությունները ստանալուց հետո բանկային վերահսկողության դեպարտամենտը մեկշաբաթյա ժամկետում իրականացնում է հաշվետվությունների վերլուծություն:

3.2. Սույն կարգի 3.1 կետով իրականացվող վերլուծության արդյունքում բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից պատրաստվում է ամփոփ տեղեկանք:

3.3. Սույն կարգի 3.2 կետով սահմանված ամփոփ տեղեկանքը բանկային վերահսկողության դեպարտամենտի կողմից կից գրությամբ ներկայացվում է իրավաբանական վարչություն` չխախտելով սույն կարգի 3.1 կետով սահմանված մեկշաբաթյա ժամկետը:

3.4. Իրավաբանական վարչության կողմից ամփոփ տեղեկանքի ցուցանիշները ներառվում են տվյալ լուծարված բանկի թղթապանակում և կիսամյակային տեղեկանքում: Ընդ որում, իրավաբանական վարչությունը սույն կարգին համապատասխան նախագահին ներկայացվող ամսական և խորհրդին ներկայացվող կիսամյակային տեղեկանքներում առանձին տողով ներկայացնում է Կենտրոնական բանկի հանդեպ լուծարված բանկերի պարտավորությունների, ինչպես նաև այդ պարտավորությունների սպասարկման ուղղությամբ ձեռնարկված և ձեռնարկվելիք միջոցառումների մասին տեղեկատվություն:

3.5. Իրավաբանական վարչությունը մինչև յուրաքանչյուր տարվա հուլիսի 15-ը և հունվարի 15-ը բանկային վերահսկողության դեպարտամենտ է ներկայացնում լուծարված բանկի վեց ամիսների հաշվետվությունները, որոնք վերլուծվում են, և համապատասխան տեղեկանքը իրավաբանական վարչությանն է տրվում սույն կարգի 3.1, 3.2 և 3.3 կետերին համապատասխան:

3.6. Սույն կարգի 3.5 կետով նախատեսված տեղեկանքը իրավաբանական վարչության կողմից կիսամյակային տեղեկանքին կից ներկայացվում է խորհրդին:

 

4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ, ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄՓՈՓՄԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

4.1. Սույն կարգով նախատեսված ընթացակարգերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է իրավաբանական վարչությունը:

4.2. Լուծարված բանկերի ամսական հաշվետվությունների հավաքագրման նպատակով իրավաբանական վարչության կողմից աշխատանքներ են տարվում լուծարային կառավարիչների հետ, մասնավորապես`

- կազմակերպվում են հանդիպումներ, քննարկումներ, որոնք արձանագրվում են.

- գրագրություն է տարվում լուծարային կառավարիչների, լուծարված

բանկերի նկատմամբ վերահսկողություն իրականացնող դատարանների հետ:

4.3. Իրավաբանական վարչության կողմից`

- մինչև յուրաքանչյուր ամսվա 7-ը նախագահին ներկայացվում է նախորդ

ամսվա ընթացքում իրականացված աշխատանքների վերաբերյալ ամսական

տեղեկանք, որին կցվում է նաև սույն կարգի 3.2 կետով նախատեսված ամփոփ

տեղեկանքը.

- մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը և փետրվարի 1-ը խորհրդին է

ներկայացվում կիսամյակային տեղեկանք` համապատասխանաբար հուլիսի 1-ի և

հունվարի 1-ի դրությամբ լուծարված բանկերի վերաբերյալ, որին կցվում է

նաև սույն կարգի 3.5 կետով նախատեսված տեղեկանքը.

- սույն կետով սահմանված տեղեկանքներին կից ներկայացվում է նաև

Կենտրոնական բանկի հանդեպ լուծարված բանկերի ունեցած

պարտավորությունների սպասարկմանն ուղղված միջոցառումների ծրագիր և

նման միջոցառումների իրականացման կամ իրականացման անհնարինության

վերաբերյալ եզրակացություն:

4.4. Լուծարային կառավարիչների կողմից սույն կարգով սահմանված հաշվետվությունները «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ով սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում իրավաբանական վարչությունը եռօրյա ժամկետում այդ մասին զեկուցագիր է ներկայացնում նախագահին` նշելով հաշվետվության չներկայացման պատճառները, ինչպես նաև իրավաբանական վարչության կողմից հաշվետվությունները ստանալու ուղղությամբ կատարված և կատարվող աշխատանքների մասին:

4.5. Լուծարային կառավարիչների կողմից սույն կարգով սահմանված հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու դեպքում Կենտրոնական բանկի հանդեպ լուծարված բանկերի պարտավորությունների սպասարկմանն ուղղված աշխատանքներն իրականացնելիս հիմք են ընդունվում լուծարային կառավարչի կողմից Կենտրոնական բանկ ներկայացված նախորդ հաշվետվության տվյալները:

4.6. Սույն կարգի 4.4 կետով սահմանված կարգով զեկուցագիր ներկայացնելուց հետո իրավաբանական վարչությունը շարունակում է հաշվետվությունները ստանալու աշխատանքները, ընդ որում, երկու և ավելի անգամ հաշվետվություններ չստանալու դեպքում այդ մասին գրավոր տեղեկացնում է նախագահին: Նախագահի հանձնարարությամբ լուծարային կառավարչի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման միջնորդությամբ դատարան դիմելու հարցը «Բանկերի սնանկացման ընթացակարգի մասին» կանոնակարգ 7-ով սահմանված կարգով ներկայացվում է խորհրդի առաջիկա նիստին:

 

5. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

5.1. Սույն կարգն ուժի մեջ մտնելու պահից իրավաբանական վարչությունը սույն որոշմամբ հաստատված կարգին համապատասխան նախագահին և խորհրդին ներկայացվող տեղեկանքի հետ միասին ներկայացնում է նաև մինչև «Բանկերի սնանկացման մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելու պահը լուծարման գործընթացում գտնվող բանկերի վերաբերյալ տեղեկանք:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
11.10.2000
N 260
Որոշում