Սեղմել Esc փակելու համար:
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 փետրվարի 2000 թվականի թիվ 20

 

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը, քննության առնելով քրեական դատավարության օրենսդրության կիրառման դատական պրակտիկայի խնդիրները, արձանագրում է, որ հանրապետության դատարանները, հիմնականում, ճիշտ են կիրառում 1999թ. հունվարից գործողության մեջ դրված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի դրույթները: Այդուհանդերձ, դժվարություններ են առաջանում դատարանների կողմից նոր օրենսդրության որոշ դրույթների միատեսակ ընկալման և կիրառման հարցում:

Դատավարական օրենսդրության առանձին նորմերի տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու, դրանց կիրառման միասնական դատական պրակտիկա ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը

 

ՈՐՈՇՈՒՄ Է

 

Դատարաններին պարզաբանել.

1. Նկատի ունենալով, որ ՀՀ քր. դատ. օր. 288 հոդվածը նախատեսում է որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու որոշումների օրինականության և հիմնավորվածության ստուգում վերաքննիչ դատարանի կողմից, ուստի վերը նշված հարցերը լուծելիս առաջին ատյանի դատարանները պետք է կազմեն առանձին վարույթ: Յուրաքանչյուր վարույթ, քննիչի կամ դատախազի միջնորդություն հարուցելու որոշումից զատ, պետք է պարունակի քրեական գործ հարուցելու մասին որոշման, կասկածյալի ձերբակալման արձանագրության, անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման կրկնօրինակները, ինչպես նաև ՀՀ քր. դատ. օր. 135 հոդվածի 3-րդ մասում թվարկված տեղեկություններին վերաբերող այն փաստաթղթերի կրկնօրինակները, որոնք կներկայացնեն կողմերը կամ անհրաժեշտ հկամարի դատարանը:

Վերաքննիչ դատարանը, ստուգելով առաջին ատյանի դատարանի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, ստացված վարույթին է կցում իր նյութերը (վերաքննիչ բողոքը, դատական նիստի արձանագրության որոշումը, կողմերի ներկայացրած փաստաթղթերը) և այն վերադարձնում է առաջին ատյանի դատարանին:

2. Քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը մի կողմից կապված է մարդու իրավունքների ազատությունների սահմանափակման, իսկ մյուս կողմից քրեադատավարական այնպիսի կարևոր խնդիրների հետ, ինչպիսին անձի, հասարակության և պետության պաշտպանությունն է հանցագործությունից (ՀՀ քր. դատ. օր. 2-րդ հոդված), ենթադրվում է, որ կալանք ընտրելու կամ չընտրելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ չերկարացնելու մասին դատարանի որոշումները պետք է բողոքարկվեն անհապաղ կամ հնարավոր կարճ ժամկետներում: Այդուհանդերձ, որպեսզի բողոքարկումը չդառնա ինքնանպատակ ու անիմաստ, վերաքննիչ բողոքը քննում է միայն այն դեպքերում, երբ բողոքը բերվել է օրենքով վերաքննիչ բողոք բերելու համար նախատեսված 15-օրյա ժամկետում (ՀՀ քր. դատ. օր. 379 հոդված):

3. Դատական պրակտիկայում հանդիպում են դեպքեր, երբ որպես խափանման միջոց կալանք ընտրելու մասին դատարանի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքը դեռ չքննված ավարտվում է գործով մինչդատական վարույթը, և գործը ուղարկվում է դատարան: Նման դեպքերում գործը ստացող դատարանը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղյակ պահել վերաքննիչ դատարանին, իսկ վերջինս պետք է բողոքը թողնի առանց քննության, քանի որ մինչդատական վարույթի ավարտման հետ ավարտվում է նաև այդ վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը և բացի այդ ՀՀ քր. դատ. օր. 300 հոդվածի համաձայն բուն գործը իր վարույթն ընդունած դատարանը պարտավոր է քննել մեղադրյալի նկատմամբ ընտրված խափանման միջոցի հիմնավոր լինելու կամ չլինելու հարցը:

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 08.12.05 թիվ 83 որոշում)

i

5. ա) Բոլոր դեպքերում հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի որոշումների և գործողությունների բողոքարկման արդյունքում վարույթն իրականացնող մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարանի վերջնական որոշումները կարող են բողոքարկվել վերադաս դատարան.

բ) հետաքննության մարմնի աշխատակիցների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից քննչական, օպերատիվ-հետախուզական գործողություններ կատարելու և անձի սահմանադրական իրավունքները և ազատությունները սահմանափակող դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու վերաբերյալ դատարանի կողմից ընդունվող որոշումները կարող են վերանայվել վերադաս դատարանի կողմից:

(5-րդ կետը փոփ. 10.07.07 թիվ 01 որոշում)

6. Համաձայն ՀՀ քր. դատ. օր. 90 հոդվածի 2-րդ մասի «առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանում գործի քննությանը մասնակցած դատավորը չի կարող մասնակցել տվյալ գործի հետագա քննությանը»: Այստեղ օրենսդիրը նկատի ունի այն դատավորին, որի մասնակցությամբ տվյալ գործով կայացվել է դատավճիռ կամ քրեական գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում և հետագայում այդպիսիք բեկանվել են:

Գործը լրացուցիչ քննության վերադարձնելու որոշումը բացառող հիմք չէ դատավորի հետագա մասնակցությանը քրեական գործի քննությանը:

7. ՀՀ քր. դատ. օր. 314 հոդվածում սահմանված է «Նախագահողի կարգադրությունները պարտադիր են դատական քննությանը մասնակցող կամ դատական նիստին ներկա գտնվող յուրաքանչյուր անձի համար»:

Եթե դատական նիստը խանգարում է ամբաստանյալը, ապա դատարանի որոշմամբ նա կարող է հեռացվել նիստի դահլիճից: Նման դեպքերում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ:

Դատավարության մասնակից չհանդիսացող անձինք դատական նիստում սահմանված կարգը խախտելու դեպքում դահլիճից հեռացվում են նախագահողի կարգադրությամբ:

8. Քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բերված բողոքով վերաքննիչ դատարանը ստուգում է այդ որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը: Հետևաբար, այդ գործերով, ի տարբերություն դատավճիռների դեմ բերված բողոքներով, ինչպես նաև Վճռաբեկ դատարանի որոշումներով վերադարձված գործերի, որոնցով վերաքննիչ դատարանի նախագահող դատավորը որոշում է կայացնում դատական նիստ նշանակելու մասին, դրանում լուծելով ՀՀ քր. դատ. օր. 389 հոդվածի 3-րդ մասում նշված հարցերը, նախագահող դատավորի որոշումը (մակագրությունը) պետք է վերաբերի միայն գործը քննության նշանակելուն:

Գործի քննությունը պետք է կատարվի ՀՀ քր. դատ. օր. 418 հոդվածով սահմանված կարգով, բացառելով ապացույցների անմիջական հետազոտությունը: Ընդ որում գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու մասին որոշման օրինականության և հիմնավորվածության հարցը լուծելիս պետք է պարզել որոշման համապատասխանությունը ՀՀ քր. դատ. օր. 297, 311 հոդվածների պահանջներին:

i

9. ՀՀ քր. դատ. օր. 373 հոդվածի համաձայն «Դատավճիռն ստորագրելուց հետո դատարանը վերադառնում է դատական նիստի դահլիճ և նախագահողը հրապարակում է դատավճիռը»: Ուստի դատավճռի հրապարակումը ամբողջովին, թե մասամբ յուրաքանչյուր անգամ որոշում է նախագահողը, և մասամբ հրապարակումը չի կարող դիտվել որպես քրեական դատավարության նորմի խախտում: Սակայն բոլոր դեպքերում դատավճռի ներածական և եզրափակիչ մասերի ամբողջովին հրապարակումը պարտադիր է:

(9-րդ կետը լրաց. 19.07.00 թիվ 28 որոշում)

i

9. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը սահմանում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների ցանկը: Ըստ նշված հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառվում է, եթե «անձի նկատմամբ կա նույն մեղադրանքով օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ դատարանի այլ որոշում, որը հաստատում է քրեական հետապնդման անհնարինությունը»:

«Դատարանի այլ որոշում» ասելով պետք է հասկանալ միայն քրեական գործի վարույթով դատարանի կողմից կայացվող որոշում` քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու մասին (ՀՀ քր. դատ. օր. 292, 394, 419 հոդվածները):

Նման մեկնաբանությունը բխում է ՀՀ քր. դատ. օր. 6-րդ կետի պահանջներից, ըստ որի որոշում հասկացության տակ օրենսդիրը նկատի է ունեցել «քրեական գործով դատարանի որոշումները, բացի դատավճռից, ինչպես նաև մինչդատական վարույթի ընթացքում հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կայացրած որոշումները»:

Հետևաբար, քաղաքացիական դատավարության կարգով ընդունվող որոշումները, վճիռները, եթե անգամ վերաբերում են նույն դեպքին և անձին, չեն կարող խոչընդոտել նույն դեպքի առթիվ քրեական գործ հարուցելուն կամ նույն անձի նկատմամբ քրեական հետապնդում սկսելուն: Քաղաքացիական դատավարությամբ բոլորովին այլ խնդիրներ են լուծվում: Ինչ վերաբերվում է հանցագործության կատարման մեջ անձի մեղավորության հարցի լուծմանը, ապա ՀՀ Սահմանադրության 41 հոդվածի ուժով անձի մեղավորությունը կարող է ապացուցվել միայն քրեական դատավարության եղանակով:

(2-րդ 9-րդ կետը լրաց. 19.07.00 թիվ 28 որոշում)

i

10. ՀՀ քր. դատ. օր. 394 հոդվածը սահմանում է վերաքննիչ դատարանի կողմից ընդունվող որոշումների ցանկը:

Ըստ այդ հոդվածի առաջին կետի վերաքննիչ դատարանը իրավունք ունի նաև առաջին ատյանի դատարանի դատավճիռը կամ որոշումը թողնել անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Նման որոշում ընդունելիս բավարար է, որ վերաքննիչ դատարանը իր որոշման եզրափակիչ մասում նշի, թե ում նկատմամբ և որ դատավճիռը կամ որոշումն է թողնվում անփոփոխ:

(10-րդ կետը լրաց. 19.07.00 թիվ 28 որոշում)

11. (11-րդ կետն ուժը կորցրել է 08.12.05 թիվ 82 որոշում)

i

(11-րդ կետը լրաց. 19.07.00 թիվ 28 որոշում)

 

 

pin
Դատարանների նախագահների խորհուրդ
12.02.2000
N 20
Որոշում