Սեղմել Esc փակելու համար:
«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ Գ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒ ...

 

 

040.0008.090101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«9» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

9 հունվարի 2001 թվականի N 8

 

i

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 341 որոշման 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կանոնադրությունը (կցվում է).

բ) «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի կազմը (կցվում է):

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 07.11.01 թիվ 1081 որոշում)

i

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 9-ից:

 

    «Գրանցված է»                                     Հաստատված է

    Հայաստանի Հանրապետության                 ՀՀ կառավարության 2001 թ.

    ձեռնարկությունների պետական               հունվարի 9-ի N 8 որոշմամբ

ռեգիստրի կողմից

    2000 թ. ___________ «  »

Գրանցման N______

Վկայական N______

Պետական ռեգիստրի շրջանային բաժնի պետ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետև` ընկերություն) իրավաբանական անձ է, որի կանոնադրական կապիտալը բաժանված է ընկերության նկատմամբ բաժնետիրոջ պարտավորական իրավունքը հավաստիացնող որոշակի թվով բաժնետոմսերի:

Ընկերության հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետև` հիմնադիր): Ընկերությունն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 23-ի «Զբոսաշրջիկության զարգացման ազգային գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 341 որոշմամբ:

2. Ընկերությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետև` օրենք), այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրի և ընկերության միջև հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:

4. Ընկերության ֆիրմային անվանումն է`

i

հայերեն լրիվ` «Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերություն,

կրճատ` «ԶԶՀԳ» ՓԲԸ,

ռուսերեն լրիվ` Զակռիտոյե ակցիոնեռնոյե օբշեստվո «Առմյանսկոյե ագենստվո ռազվիտիյա տուրիզմա»,

կրճատ` ԶԱՕ «ԱԱՌՏ»,

անգլերեն լրիվ` «Armenian tourism development agency» Close Joint Stock Company,

կրճատ` «ATDA» CJSC

(4-րդ կետը խմբ. 24.12.01 թիվ 1240 որոշում)

5. Ընկերության գտնվելու վայրը և իրավաբանական (փոստային) հասցեն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Չարենցի 7:

 

II. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

6. Ընկերության նպատակներն են`

ա) Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության արդյունքի խթանմանը և իրացմանն օժանդակելն ու տնտեսական գործունեությունից շահույթի ստացումը.

բ) Հայաստանի` որպես զբոսաշրջության համար բարենպաստ և հրապուրիչ երկրի նկարագրի ձևավորմանն օժանդակումը.

գ) Հայաստանը հաճախելի երկրներից մեկը դարձնելը, միջազգային ներգնա զբոսաշրջության կայուն աճին աջակցելը.

դ) հայ զբոսաշրջային բիզնեսի մրցակցությանը նպաստող ու այն ապահովող միջավայրի ձևավորմանն ու զարգացմանն օժանդակումը:

7. Ընկերության խնդիրներն են`

ա) Հայաստանի Հանրապետության վերաբերյալ զբոսաշրջային տեղեկատվական գովազդային նյութերի (պրակներ, տեսաերիզներ, քարտեզներ, ուղեցույցներ, պնակիտներ և այլն) կազմումը, հրատարակումը և տարածումը.

բ) զբոսաշրջության գրավչության օբյեկտների տեղեկատվական բանկի ստեղծումը և սահմանված կարգով` ոլորտի տարածքային ու տարածաշրջանային զարգացման ծրագրային առաջարկներ ներկայացնելը.

գ) միջազգային և տարածաշրջանային զբոսաշրջային տոնավաճառներին ու ցուցահանդեսներին Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցության ապահովումը.

դ) զբոսաշրջության օրենսդրական դաշտի կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, դրա կատարելագործման վերաբերյալ սահմանված կարգով առաջարկություններ ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության օրենսդրության մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն օտարերկրյա գործընկերներին.

զ) զբոսաշրջության ոլորտի կազմակերպությունների և դրանց միությունների հետ համատեղ ֆինանսավորման միջոցով զբոսաշրջության խթանման նպատակային պետական և այլ ծրագրերի իրականացումը.

է) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ավանդական ձևերի (մշակութային, պատմակրոնական, կուրորտաառողջարանային, մարզական և այլն) կատարելագործման և հեռանկարային (բնապահպանական, գյուղական, ագրարային և այլն) ձևերի զարգացման խթանումը, նշված ձևերի զբոսաշրջությունն սպասարկող ենթակառուցվածքների գործունեությանն օժանդակումը.

ը) զբոսաշրջության զարգացման նպատակով համաժողովների, գիտաժողովների, սեմինարների և այլնի կազմակերպումը.

թ) զբոսաշրջային արդյունքի խթանման և իրացման համաշխարհային առաջավոր փորձի ուսումնասիրումը և միջոցառումների իրականացումը` այդ փորձը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու համար.

ժ) զբոսաշրջային արտաքին շուկաների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրումը, համակարգումը և տրամադրումը շահագրգիռ պետական մարմիններին ու կազմակերպություններին.

ժա) զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության, զբոսաշրջային միջազգային և տարածաշրջանային այլ կազմակերպությունների հետ համագործակցության իրականացումը իր գործառույթների շրջանակներում.

ժբ) Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության ոլորտում կնքված պայմանագրերի և համաձայնագրերի իրականացմանն օժանդակումը.

ժգ) մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կողմից իրականացվող զբոսաշրջության շուրջ վարվող միջազգային բանակցություններին, անցկացվող ֆորումներին և խորհրդակցություններին.

ժդ) զբոսաշրջության ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման աշխատանքների իրականացումն ու դրան օժանդակումը.

ժե) զբոսաշրջության ոլորտի գիտական ապահովմանն օժանդակումը.

ժզ) զբոսաշրջության ոլորտում խորհրդատվական ծառայությունների մատուցումը:

8. Ընկերությունը կարող է իրականացնել սույն կանոնադրությամբ չնախատեսված, օրենքով չարգելված, զբոսաշրջության ոլորտի զարգացմանը միտված ցանկացած այլ ձեռնարկատիրական գործունեություն:

Ընկերությունն օրենքով սահմանված գործունեության առանձին տեսակներով կարող է զբաղվել միայն հատուկ թույլտվության (լիցենզիայի) հիման վրա:

 

III. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

9. Ընկերությունը համարվում է ստեղծված և կարող է գործել ընկերության` սահմանված կարգով պետական գրանցման պահից:

10. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում` ինչպես Հայաստանի Հանրապետության արժույթով, այնպես էլ արտարժույթով:

11. Ընկերությունն ունի իր ֆիրմային անվանմամբ, հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիք, դրոշմակնիք և ձևաթղթեր, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գրանցված խորհրդանիշ, ապրանքային, առևտրային և այլ նշաններ:

12. Ընկերությունն իր պարտավորությունների կատարման համար պատասխանատու է իրեն պատկանող ամբողջ գույքով:

Ընկերությունը պատասխանատու չէ հիմնադրի պարտավորությունների համար:

Հիմնադիրը պատասխանատու չէ ընկերության պարտավորությունների համար:

13. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները պատասխանատվություն չեն կրում ընկերության պարտավորությունների համար:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պարտավորությունների համար:

14. Ընկերությունն իրավունք ունի`

ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր ձևերով ձեռք բերելու գույք, այդ թվում` արժեթղթեր, տիրապետելու, օգտագործելու ու տնօրինելու դրանք և դրանցից ստացված եկամուտը.

բ) ինքնուրույնաբար կազմավորելու իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալու բանկային ու առևտրային վարկեր, այդ թվում` արտարժույթով.

գ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իր անունից թողարկելու և բաշխելու արժեթղթեր.

դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքելու պայմանագրեր և կրելու պարտավորություններ.

ե) ինքնուրույնաբար ընտրելու իր արտաքին ձեռնարկատիրական գործունեության վարման կարգը, այն իրականացնելու անմիջականորեն, առանց միջնորդի կամ այլ կազմակերպության միջոցով.

զ) ունենալու արտարժույթով միջոցներ, դրանք ստանալու որպես արտաքին ձեռնարկատիրական գործունեության արդյունք և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված բոլոր միջոցներով դրանք ձեռք բերելու և ինքնուրույնաբար տնօրինելու, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վաճառելու.

է) ինքնուրույնաբար պլանավորելու իր գործունեությունը, որոշելու թողարկվող արտադրանքի, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ծավալը, գները, իրենց մատակարարներին և արտադրանքն սպառողներին.

ը) ստեղծելու մասնաճյուղեր և բացելու ներկայացուցչություններ` օրենքի և այլ իրավական ակտերի դրույթներին համապատասխան:

Ընկերությունը պարտավոր է`

ա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով վարել հաշվապահական հաշվառում և ներկայացնել վիճակագրական հաշվետվություն.

բ) ապահովել ընկերության փաստաթղթերի (ընկերության կանոնադրություն, գույքի նկատմամբ գույքային իրավունքները հավաստող փաստաթղթեր, ընկերության ներքին փաստաթղթեր, մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնակարգեր, տարեկան հաշվետվություններ, հաշվապահական հաշվառման փաստաթղթեր, կառավարման մարմինների նիստերի արձանագրություններ, օրենքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ փաստաթղթեր) պահպանումը:

 

IV. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ

 

15. Ընկերության կանոնադրական կապիտալը 10000000 դրամ է, որը կազմում է հարյուր սովորական բաժնետոմս: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը 100000 դրամ է:

Ընկերության բոլոր բաժնետոմսերը բաշխվում են և պատկանում են Հայաստանի Հանրապետությանը:

16. Ընկերությունը կարող է կանոնադրական կապիտալի չափը փոխել բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում սույն կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարվելուց հետո և ընկերության` սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից:

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

 

Ընկերության կանոնադրական կապիտալի չափը կարող է ավելացվել ընկերության բաժնետոմսերի անվանական արժեքի մեծացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով:

Ընկերությունը կարող է ընդունել որոշում լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխման մասին` միայն` ընկերության կանոնադրության մեջ հայտարարված բաժնետոմսերի նոր քանակի սահմաններում:

Ընկերությունն իր գործունեության ֆինանսական արդյունքներն ամփոփելուց հետո կարող է`

ա) շահույթի մի մասը ներդնել կանոնադրական կապիտալում` տեղաբաշխելով նոր բաժնետոմսեր.

բ) իրեն պատկանող կանոնադրական կապիտալի չափից ավելի գույքի արժեքը կամ դրա մի մասը փոխանցել կանոնադրական կապիտալ:

Ընկերությունը չի կարող բաժնետոմսեր թողարկել` իր ձեռնարկատիրական գործունեության հետևանքով առաջացած պարտքերը մարելու համար:

 

ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

 

Ընկերությունն իրավունք չունի կանոնադրական կապիտալը նվազեցնելու օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված ընկերության նվազագույն կանոնադրական կապիտալի չափից:

Ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցման և ընկերության կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

 

V. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐ

 

17. Ընկերությունը կարող է տեղաբաշխել օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթեր:

18. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխելու միայն սովորական բաժնետոմսեր: Ընկերության թողարկած սովորական բաժնետոմսերի անվանական արժեքը պետք է լինի միևնույնը:

19. Ընկերության բաժնետոմսերը տեղաբաշխվում են ընկերության բաժնետերերի ռեեստրում առկա` բաժնետիրոջ անձնական հաշվում գրանցման միջոցով:

20. Ընկերության պետական գրանցումն իրականացվելուց և բաժնետոմսերի արժեքը լրիվ վճարվելուց հետո ընկերության հիմնադրին ընկերության կողմից տրվում է բաժնետոմսերի հավաստագիր (սերտիֆիկատ):

Հավաստագիրը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի օրենքով սահմանված ռեկվիզիտներ:

Հավաստագիրը պետք է համապատասխանի Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:

21. Բաժնետոմսն անբաժանելի է:

22. Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց վճարումը պետք է կատարվի դրանց տեղաբաշխման մասին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան դրանց տեղաբաշխման պահից մեկ ամսվա ընթացքում:

Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը կարող է իրականացվել դրամով, արժեթղթերով, այլ գույքով կամ գույքային իրավունքներով, կամ այլ իրավունքներով, որոնք ունեն դրամային արժեք:

Ընկերության բաժնետոմսերը և մյուս արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, դրանց ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով:

Ընկերության լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի դիմաց վճարվող ոչ դրամական գույքապարտքերի դրամային արժեքը սահմանվում է հիմնադրի կողմից:

Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարումը գույքով կամ գույքային իրավունքներով իրականացնելիս դրանց դրամային արժեքը ենթակա է անկախ փորձագիտական վերստուգման (աուդիտի):

23. Ընկերությունն ունի պահուստային կապիտալ:

Ընկերության շահույթից մասհանումների հաշվին ստեղծվում է պահուստային կապիտալ` կանոնադրական կապիտալի տասնհին տոկոսի չափով:

Եթե պահուստային կապիտալը կազմում է ընկերության կանոնադրությամբ սահմանվածից ավելի փոքր մեծություն, ապա այդ, կապիտալին հատկացումները կատարվում են շահույթի հինգ տոկոսի չափով:

Պահուստային կապիտալն օգտագործվում է ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև ընկերության պարտատոմսերը մարելու համար, եթե ընկերության շահույթն այդ նպատակի համար բավարար չէ:

Պահուստային կապիտալը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար (բացի օրենքով սահմանված դեպքերից):

24. Ընկերությունը բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող է ստեղծել նաև սպառման, կուտակման, սոցիալական զարգացման և այլ հիմնադրամներ:

25. Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: եթե ընկերության նշված ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ընկերությունը ենթակա է լուծարման:

Եթե սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերում ընկերության կանոնադրական կապիտալի չափի նվազեցման կամ ընկերության լուծարման մասին որոշում չի ընդունվել, ապա ընկերության հիմնադիրը, պարտատերերը, ինչպես նաև պետության կողմից լիազորված մարմիններին իրավունք ունեն պահանջելու ընկերության լուծարումը` դատական կարգով:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

26. Ընկերության յուրաքանչյուր բաժնետոմս իր սեփականատերը հանդիսացող բաժնետիրոջը տալիս է միևնույն իրավունքները:

Բաժնետոմսի սեփականատեր հանդիսացող բաժնետերը` հիմնադիրը, իրավունք ունի`

ա) իրականացնելու ընկերության կառավարումը.

բ) ստանալու շահաբաժիններ` ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

գ) ստանալու ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն, այդ թվում` ծանոթանալու հաշվապահական հաշվեկշռին, հաշվետվություններին, ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

դ) ընկերության ընդհանուր ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի (անձանց).

ե) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հանդես գալու առաջարկություններով.

զ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քվեարկելու իրեն պատկանող` լրիվ վճարված բաժնետոմսերի թվով.

է) ընկերության լուծարման դեպքում ստանալու պարտատերերի հետ կատարված հաշվարկներից հետո ընկերությանը մնացած գույքի մի մասը կամ դրա արժեքը.

ը) ընկերության միջոցների հաշվին ընկերության կանոնադրական կապիտալի ավելացման դեպքում անվճար ստանալու համապատասխան թվով սովորական բաժնետոմսեր.

թ) օգտվելու օրենքով և ընկերության կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներից:

27. Հիմնադիրը (բաժնետերը) պարտավոր է`

ա) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով գումարել ընկերության ընդհանուր ժողով` վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերով.

բ) ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով կատարել դրամական և գույքային ներդրումներ.

գ) չհրապարակել ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը:

 

VII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱԲԱԺԻՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Ընկերությունն իրավունք ունի հայտարարելու (որոշում ընդունելու) տեղաբաշխված բաժնետոմսերի դիմաց եռամսյակային, կիսամյակային և (կամ) տարեկան շահաբաժինների վճարման մասին:

Շահաբաժինները վճարվում են ընկերության տվյալ տարվա ընթացիկ զուտ շահույթից:

Ինչպես տարեկան, այնպես էլ եռամսյակային և կիսամյակային շահաբաժինների վճարման, շահաբաժնի չափի և դրա վճարման ձևի մասին որոշումն ընդունվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն իրավունք ունի որոշում ընդունելու շահաբաժիններ չվճարելու կամ ոչ լրիվ չափով վճարելու մասին: Այդ որոշումների գործողության ժամկետը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից, որը, սակայն, չի կարող գերազանցել մեկ տարին:

Շահաբաժինների վճարման ժամկետը սահմանվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից ընդունված` շահաբաժիններ վճարելու մասին որոշմամբ:

29. Ընկերությունն իրավունք չունի հայտարարելու (որոշում ընդունելու) բաշխված բաժնետոմսերի շահաբաժինների վճարման մասին, եթե`

ա) լրիվ չի վճարել ընկերության կանոնադրական կապիտալը.

բ) շահաբաժիններ վճարելու մասին որոշման ընդունման պահին ընկերության տնտեսական վիճակը համապատասխանում է օրենքով սահմանված անվճարունակության (սնանկացման) հայտանիշներին կամ նշված հայտանիշներն ի հայտ կգան շահաբաժինների վճարման հետևանքով.

գ) ընկերության զուտ ակտիվների արժեքը փոքր է ընկերության կանոնադրական կապիտալի և պահուստային կապիտալի գումարից կամ այդ գումարից փոքր կդառնա շահաբաժինների վճարման հետևանքով:

 

VIII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

30. Ընկերության կառավարման բարձրագույն մարմինն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն է:

31. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`

ա) ընկերության կանոնադրության հաստատումը, դրա մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը, ընկերության կանոնադրության հաստատումը` նոր խմբագրությամբ, նրա կանոնադրական կապիտալի չափի փոփոխումը.

բ) բաշխված բաժնետոմսերի թվի ավելացումը` ընկերության կողմից բաշխված բաժնետոմսը փոխարկելով երկու կամ ավելի տեսակի բաժնետոմսերի` համապատասխանաբար կրճատելով դրանց անվանական արժեքը.

գ) բաշխված բաժնետոմսերի թվի կրճատումը` միաձուլելով ընկերության կողմից բաշխված երկու կամ ավելի բաժնետոմսերը` դրանք դարձնելով մեկ նույն ձևի և տեսակի բաժնետոմս` համապատասխանաբար ավելացնելով այդ բաժնետոմսի անվանական արժեքը.

դ) բաժնետոմսերի անվանական արժեքի ավելացման կամ լրացուցիչ բաժնետոմսերի բաշխման միջոցով ընկերության կանոնադրական կապիտալի չափի ավելացումը.

ե) ընկերության խորհրդի անդամների նշանակումը և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

զ) ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

է) ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշիվների հաստատումն ու նրա շահույթների և վնասների բաշխումը.

ը) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը, լուծարային հանձնաժողովի անդամների նշանակումը, լուծարային հաշվեկշիռների հաստատումը.

թ) օրենքով սահմանված կարգով խոշոր գործարքների կնքումը.

ժ) (31-րդ կետի ժ ենթակետն հանվել է 07.11.01 թիվ 1081 որոշում)

i

ժա) (31-րդ կետի ժա ենթակետն հանվել է 07.11.01 թիվ 1081 որոշում)

ժբ) օրենքով նախատեսված այլ հարցեր:

32. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի իրավասություններն ընկերության միակ բաժնետիրոջ իրավունքով իրականացնում է հիմնադիրը (բաժնետերը) կամ նրա կողմից լիազորված անձը` հիմնադրի կողմից սահմանված լիազորությունների շրջանակներում:

33. Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումն իրականացնելու նպատակով ընկերությունն ստեղծում է զբոսաշրջության զարգացման ազգային խորհուրդ (այսուհետև` խորհուրդ): Խորհրդի իրավասությանն են պատկանում ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարման հետ կապված բոլոր հարցերը, բացառությամբ այն հարցերի, որոնք օրենքով և սույն կանոնադրությամբ վերապահված են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը:

34. Խորհրդի անդամները նշանակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

35. Խորհրդի բացառիկ իրավասությանն են պատկանում հետևյալ հարցերը`

ա) ընկերության գործունեության հիմնական ուղղությունների որոշումը.

բ) պարտատոմսերի և այլ արժեթղթերի բաշխումը.

գ) ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու ժամկետի հաստատումը, ինչպես նաև բոլոր այն հարցերի լուծումը, որոնք առնչվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի նախապատրաստմանն ու գումարմանը և ընկերության խորհրդի իրավասությանն են պատկանում օրենքով.

դ) առաջարկություններ ներկայացնելը ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին` վերջինիս իրավասության սահմաններում.

ե) օրենքով սահմանված կարգով գույքի շուկայական արժեքի որոշումը.

զ) օրենքով նախատեսված դեպքերում ընկերության բաշխման բաժնետոմսերի, պարտատոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերումը.

է) ընկերության պահուստային կապիտալի օգտագործումը.

ը) ընկերության կառավարման մարմինների գործունեությունը համակարգող ներքին փաստաթղթերի հաստատումը.

թ) շահագրգռվածության առկայության դեպքում` օրենքով սահմանված կարգով գործարքների կնքումը.

ժ) ընկերության վերստուգող հանձնաժողովի անդամների վարձատրության և ծախսերի փոխհատուցումների վճարման կարգի ու պայմանների վերաբերյալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացվելիք առաջարկությունների նախապատրաստումը.

ժա) ընկերության աուդիտն իրականացնող անձի վարձատրության չափի սահմանումը.

ժբ) ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարվող տարեկան շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին ներկայացվելիք առաջարկությունների նախապատրաստումը.

ժգ) ընկերության բաժնետոմսերի միջանկյալ (եռամսյակային կամ կիսամյակային) շահաբաժինների չափի և վճարման կարգի սահմանումը.

i

ժդ) ընկերության ամենամյա ծախսերի ու եկամուտների նախահաշվի, կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը, գործադիր մարմնի կազմավորումն ու դրա լիազորությունների վաղաժամկետ դադարեցումը.

ժե) ընկերության կողմից դուստր ընկերությունների ստեղծումը, դուստր և կախյալ ընկերությունների գործունեությանը մասնակցությունը` օրենքով սահմանված կարգով.

ժզ) ընկերության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ստեղծումը.

ժէ) այլ կազմակերպությունների աշխատանքներին մասնակցությունը, եթե դա խոշոր գործարք չէ.

ժը) օրենքով և սույն ենթակետով սահմանված կարգով` ընկերության գույքի օտարման և ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքների կնքումը:

Սույն և «ժէ» ենթակետերով նախատեսված խոշոր գործարքների կնքման մասին որոշումները, որոնց առարկան ընկերության գույքն է և որի արժեքը գործարքի կնքման մասին որոշման ընդունման պահին կազմում է ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-50 տոկոսը, ընդունում է խորհուրդը: Եթե որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի ընդունելու որոշում հարցն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում քննարկելու մասին:

(35-րդ կետը փոփ. 07.11.01 թիվ 1081 որոշում)

36. Խորհուրդն իր իրավասության սահմաններում որոշումներ է ընդունում խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, եթե օրենքով և սույն կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Քվեարկության ժամանակ խորհրդի անդամների ձայները հավասար լինելու դեպքում խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:

Խորհուրդը կարող է որոշումներ ընդունել հեռակա քվեարկությամբ (հարցման միջոցով):

37. Ընկերության խորհրդի նախագահի և տնօրենի պաշտոնները չեն կարող համատեղվել: Խորհրդի նախագահը չի կարող ընկերությունում զբաղեցնել այլ վճարովի պաշտոն:

38. Խորհրդի նախագահը`

ա) կազմակերպում է խորհրդի աշխատանքները.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

դ) կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը:

Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի նախագահի հանձնարարությամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

39. Ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարումը, որպես գործադիր մարմին, իրականացնում է ընկերության տնօրենը (այսուհետև` տնօրեն), որը նշանակվում է խորհրդի կողմից` մինչև երեք տարի ժամկետով, և հաշվետու է խորհրդին ու ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Տնօրենի հետ պայմանագիրը կնքում է խորհրդի նախագահը:

40. Տնօրենը սույն կանոնադրությամբ և խորհրդի նախագահի հետ կնքված պայմանագրով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում`

ա) տնօրինում է ընկերության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կատարում ընկերության անունից.

բ) ներկայացնում է ընկերությունը Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում.

գ) գործում է առանց լիազորագրի.

դ) տալիս է լիազորագրեր.

ե) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր (այդ թվում` աշխատանքային).

զ) բանկերում բացում է ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

է) նախապատրաստում է առաջարկություններ ընկերության վճարվող շահաբաժինների չափի և վճարման կարգի վերաբերյալ.

ը) հաստատում է ընկերության առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները և նշանակում դրանց ղեկավարներին.

թ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

ժ) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է ընկերության աշխատողներին.

ժա) աշխատողների նկատմամբ կիրառում է կարգապահական պատասխանատվության և խրախուսման միջոցներ.

ժբ) իրականացնում է ընկերության գործունեության ընթացիկ ղեկավարման հետ կապված այլ գործառույթներ:

 

IX. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ

 

41. Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովն ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը վերահսկելու նպատակով ընտրում է ընկերության վերստուգող հանձնաժողով:

Վերստուգող հանձնաժողովը հետևում է ընկերության կառավարման մարմինների որոշումների կատարմանը, ստուգում ընկերության փաստաթղթերի համապատասխանությունն օրենքներին, այլ իրավական ակտերին և ընկերության կանոնադրությանը:

Վերստուգող հանձնաժողովի գործունեության կարգը սահմանում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից հաստատվող ներքին փաստաթղթերով` վերստուգող հանձնաժողովի կանոնակարգով:

Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի ստուգելու ընկերության ֆինանսատնտեսական գործունեության տարեկան արդյունքները, ընկերության ֆինանսատնտեսական գործունեությունը` սեփական նախաձեռնությամբ, ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ, ինչպես նաև հիմնադրի պահանջով:

Վերստուգող հանձնաժողովն իրավունք ունի պահանջելու ընկերության բաժնետերերի արտահերթ ընդհանուր ժողովի արձանագրությունը:

Վերստուգող հանձնաժողովի պահանջով նրան պետք է ներկայացվեն ընկերության, դրա մասնաճյուղերի ու ներկայացուցչությունների ֆինանսատնտեսական գործունեությանը վերաբերող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, նյութերը և բացատրությունները:

Վերստուգող հանձնաժողովի անդամներն ընտրվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից` 3 տարի ժամկետով:

Վերստուգող հանձնաժողովի անդամները հաշվետու են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովին:

Վերստուգող հանձնաժողովի անդամների վարձատրության չափերը և պայմանները սահմանվում են ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

Վերստուգող հանձնաժողովի անդամ կարող են լինել ընկերության կառավարման մարմիններում չընդգրկված ֆիզիկական անձինք:

Վերստուգող հանձնաժողովի նախագահն ընտրվում է վերստուգող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:

42. Վերստուգող հանձնաժողովի իրավասություններն ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ կարող են դրվել վերստուգող հանձնաժողովի անդամի վրա:

43. Ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման նպատակով ընկերությունը նշված աշխատանքներում կարող է ներգրավել արտաքին աուդիտորների (կազմակերպություն կամ ֆիզիկական անձի)` նրանց հետ կնքելով համապատասխան պայմանագրեր: Ընկերության աուդիտն իրականացնող անձն ընկերության ֆինանսատնտեսական գործունեության ստուգման վերաբերյալ ներկայացնում է գրավոր եզրակացություն:

Ընկերության աուդիտն իրականացնող անձը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից: Ընկերության աուդիտն իրականացնող անձի հետ պայմանագրերը կնքվում են ընկերության գործադիր մարմնի, իսկ ընկերության աուդիտն իրականացնող անձի ծառայությունների դիմաց վճարվող գումարի չափը որոշվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի կողմից:

 

X. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

44. Ընկերությունը կարող է ունենալ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

 

XI. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

45. Ընկերության կանոնադրության մեջ փոփոխությունները և լրացումները կատարվում են, ինչպես նաև ընկերության` նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում է ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ:

46. Ընկերության մասնաճյուղի և (կամ) ներկայացուցչության ստեղծման կամ գործունեության դադարեցման հետ կապված տեղեկությունները մտցվում են ընկերության կանոնադրության մեջ:

47. Ընկերության կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները և լրացումները, ինչպես նաև ընկերության նոր խմբագրությամբ կանոնադրությունը երրորդ անձի համար իրավաբանական ուժ են ձեռք բերում դրանց պետական գրանցման, իսկ օրենքով նախատեսված դեպքերում` նման գրանցում կատարող պետական մարմնին կատարված փոփոխությունների մասին իրազեկելու պահից:

 

XII. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

 

48. Ընկերությունը կարող է վերակազմակերպվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով միաձուլման, միացման, բաժանման, առանձնացման և վերակազմավորման ձևերով:

Ընկերությունը (բացառությամբ միացման ձևով վերակազմակերպման դեպքի) վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից: Այլ ընկերության (ընկերությունների) հետ միացման ձևով վերակազմակերպվելիս` դրանցից առաջնայինը համարվում է վերակազմակերպված (միացված) ընկերությունը` դրա գործունեության դադարեցման վերաբերյալ այդ ընկերությունների պետական գրանցամատյանում գրառման պահից:

Վերակազմակերպման արդյունքում ստեղծված ընկերությունների պետական գրանցումը և վերակազմակերպման արդյունքում իրենց գործունեությունը դադարեցրած ընկերությունների գործունեության դադարման մասին գրառումը կատարվում է օրենքով սահմանված կարգով` կազմակերպությունների պետական գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

49. Ընկերության լուծարումը հանգեցնում է ընկերության գործունեության դադարմանը` առանց ընկերության իրավունքների և պարտականությունների` իրավահաջորդության կարգով այլ անձանց փոխանցման:

Ընկերությունը կարող է լուծարվել`

ա) նրա հիմնադրի որոշմամբ` սահմանված ժամկետը լրանալու կապակցությամբ, ինչպես նաև իր առջև դրված խնդիրներն ու նպատակներն իրականացնելուց հետո.

բ) դատարանի կողմից ընկերության գրանցումն անվավեր ճանաչվելու դեպքում` կապված դրա ստեղծման ժամանակ թույլ տրված` օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների խախտումների հետ.

գ) դատարանի վճռով` առանց թույլտվության (լիցենզիայի) կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքի կամ այլ իրավական ակտերի պահանջների բազմակի կամ կոպիտ խախտումների դեպքում.

դ) սնանկացման հետևանքով.

ե) օրենքով նախատեսված այլ հիմքերով:

Լուծարային հանձնաժողովի կազմում պետք է ընդգրկվեն հիմնադրի ներկայացուցիչները:

Ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը նախքան լուծարման մասին որոշման ընդունումը պետք է հաստատի գործադիր մարմնի կողմից ներկայացված ամփոփիչ հաշվեկշիռն ու ընկերության լուծարման մասին որոշման նախագիծը:

Ընկերությունը լուծարվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:

Ընկերության լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գործունեությունը` դադարած` պետական գրանցամատյանում համապատասխան գրառման կատարման պահից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հունվարի 9-ի N 8 որոշմամբ

 

ԿԱԶՄ

i

«ԶԲՈՍԱՇՐՋԻԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ

 

    Վ. Հովնանյան       - խորհրդի նախագահ

    Դ. Ավետիսյան       - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի տեղակալ

    Թ. Մարգարյան       - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Խ. Հարությունյան   - Հայաստանում քրիստոնեության հռչակման 1700-ամյակի

տոնակատարության կազմակերպման պետական հանձնաժողովի

նախագահի տեղակալ

    Կ. Արիստակեսյան    - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և  սպորտի

                         նախարարի տեղակալ

    Ա. Պետրոսյան       - ՀՀ արդյունաբերության և  առևտրի  նախարարի տեղակալ

    Մ. Զաքարյան        - ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ,

                         քարտուղար

    Ա. Բադալյան        - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի

                         տեղակալ, քարտուղարության պետ

    Լ. Արևշատյան       - «Մերսեդես բենց» ընկերության ներկայացուցիչ

    Մ. Հովհաննիսյան    - «Կրեդիտ-Երևան»  բանկի նախագահ

    Մ. Ղազարյան        - «Վեդի Ալկո» ընկերության նախագահ

    Հ. Խաչատրյան       - «Հովնանյան Ինթերնեյշնլ» ընկերության տնօրեն

    Ն. Աթենիզյան       - ԱՄՆ-ի գործարար

    Ջ. Գֆելլեր         - ԱՄՆ-ի գործարար

    Հ. Թուֆենկյան      - ԱՄՆ-ի գործարար

    Հ. Իպեքյան         - Բելգիայի Թագավորության գործարար

Մ. Հարությունյան   - ԱՄՆ-ի գործարար

    Փ. Մարքարյան       - ԱՄՆ-ի գործարար

    Սևանա              - Իսրայելի Պետության գործարար

 

(կազմը փոփ. 07.11.01 թիվ 1081 որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
09.01.2001
N 8
Որոշում