Սեղմել Esc փակելու համար:
ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱ ...

 

 

040.0024.160101

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» հունվարի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 հունվարի 2001 թվականի N 24

 

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 36 հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչները` համաձայն NN 1 և 2 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը`

ա) ապահովել բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսումնական պլանների ու առարկայական ծրագրերի համապատասխանեցումը բարձրագույն և միջին մասնագիտական կրթության պետական չափորոշիչներին:

(2-րդ կետի բ ենթակետն ուժը կորցրել է 10.08.01. թիվ 732 որոշում)

 

i

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 16-ի N 24 որոշման

 

Բարձրագույն մասնագիտական կրթության

պետական ընդհանուր չափորոշիչը

 

I. Հիմնական դրույթներ

 

1. Բարձրագույն մասնագիտական կրթության (այսուհետև` բարձրագույն կրթություն) պետական ընդհանուր չափորոշիչը (այսուհետև` չափորոշիչ) սահմանում է`

ա) բարձրագույն կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը.

բ) բարձրագույն ուսումնական հաստատության (այսուհետև` ուսումնական հաստատություն) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը.

գ) բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները:

2. Չափորոշչի պահանջների պահպանումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ուսումնական հաստատությունների համար:

 

II. Բարձրագույն կրթության ծրագրերի բովանդակության

պարտադիր նվազագույնը և ուսուցման ժամկետները

 

3. Բարձրագույն կրթության շրջանակներում իրականացվում են հիմնական կրթական ծրագրեր, որոնք ապահովում են «բակալավր», «դիպլոմավորված մասնագետ» և «մագիստրոս» որակավորմամբ մասնագետների պատրաստումը:

«Բակալավր» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական ու բնագիտական, ընդհանուր մասնագիտական և հատուկ մասնագիտական դասընթացներ ու պրակտիկա:

Ուսուցման ժամկետն առնվազն 4 տարի է:

Ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ «բակալավր» (բակալավր- մանկավարժ, բակալավր-տնտեսագետ, բակալավր-իրավաբան և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:

«Դիպլոմավորված մասնագետ» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական ու բնագիտական, ընդհանուր մասնագիտական դասընթացներ, ինչպես նաև շրջանավարտներին տարբեր տեսակի մասնագիտական գործունեության նախապատրաստող մասնագիտական և մասնագիտացման տեսական դասընթացներ ու պրակտիկա:

Ուսուցման ժամկետն առնվազն 5 տարի է, իսկ բժշկական մասնագիտությունների համար` 5-6 տարի:

Ծրագիրն ավարտվում է ատեստավորմամբ, ներառյալ դիպլոմային աշխատանքը, «դիպլոմավորված մասնագետ» (ուսուցիչ, տնտեսագետ, ճարտարագետ, գյուղատնտես և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:

«Մագիստրոս» որակավորմամբ մասնագետի պատրաստման հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է «բակալավր» որակավորմամբ մասնագետի առնվազն 2 տարվա խորացված ուսուցում` ներառյալ շրջանավարտների գիտահետազոտական կամ գիտամանկավարժական գործունեության պրակտիկան:

Ծրագիրն ավարտվում է ատեստավորմամբ, ներառյալ ավարտական աշխատանքը, «մագիստրոս» (մագիստրոս-մանկավարժ, մագիստրոս-տնտեսագետ, մագիստրոս-իրավաբան և այլն) որակավորման շնորհմամբ և դիպլոմի հանձնումով:

4. Հիմնական կրթական ծրագիրը սահմանում է ուսումնասիրվող առարկաների (դրանց բաժինների, հատուկ թեմաների, դասընթացների) անվանացանկը և սովորողների ուսուցման տեսակները (դասախոսություն, սեմինար պարապմունք, գործնական աշխատանք, ինքնուրույն աշխատանք, ուսումնական և արտադրական պրակտիկաներ և այլն):

5. Հիմնական կրթական ծրագրի բովանդակության պարտադիր նվազագույնով ապահովվում է մասնագիտական առարկայական չափորոշիչներով նախատեսված`

ա) համաշխարհային մակարդակին համարժեք ընդհանուր և մասնագիտական գիտելիքներով օժտված անձի ձևավորումը,

բ) սովորողների կողմից ազգային և համամարդկային մշակութային արժեքների յուրացումը,

գ) հասարակության կատարելագործումը և ազգի զարգացման նոր մակարդակ ապահովող հայ անհատի ու քաղաքացու ձևավորումը,

դ) հասարակության մտավոր ներուժի և աշխատուժի վերարտադրությունն ու զարգացումը:

6. Հիմնական կրթական ծրագիրն ընդգրկում է հետևյալ պարտադիր դասընթացները`

ա) ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական,

բ) մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական (այդ թվում` էկոլոգիական),

գ) ընդհանուր մասնագիտական,

դ) հատուկ մասնագիտական:

7. Հիմնական կրթական ծրագիրը պարտադիր դասընթացներից բացի կարող է ներառել նաև սովորողի ընտրությամբ (նախասիրական) դասընթացներ և ֆակուլտատիվ դասընթացներ:

8. Ուսումնական հաստատությունն իրավունք ունի հիմնական կրթական ծրագրում ընդգրկված 4 պարտադիր դասընթացներում կատարելու մինչև 15 տոկոսի չափով դասընթացային և մինչև 15 տոկոսի չափով բովանդակային փոփոխություններ:

 

III. Ուսումնական հաստատության սովորողների ուսումնական

ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը

 

9. Ուսումնական տարին, որպես կանոն, սկսվում է սեպտեմբերի 1-ին: Ուսումնական տարվա տևողությունը 34 շաբաթ է: Ուսումնական հաստատության, բացառությամբ արվեստի բուհերի, սովորողի ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները (լսարանային` մինչև 36 ժամ):

10. Առկա (ստացիոնար) կրթության ձևի դեպքում պարտադիր լսարանային պարապմունքների առավելագույն ծավալը սահմանափակվում է պետական չափորոշչով, սահմանված բարձրագույն կրթության բովանդակության նվազագույնով:

Հեռակա կրթության ձևի դեպքում դասախոսի հետ սովորողի պարապմունքները չպետք է պակաս լինեն տարեկան 160 ժամից:

11. Ուսումնական տարվա ընթացքում սովորողների արձակուրդները պետք է կազմեն 7-10 շաբաթ, այդ թվում` ձմռանը` 2 շաբաթից ոչ պակաս:

 

IV. Բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվող

որակական պահանջները

 

12. Բարձրագույն կրթությամբ շրջանավարտներին ներկայացվում են հետևյալ որակական պահանջները`

ա) բակալավրի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական ու բնագիտական առարկաների, ազգային և համաշխարհային պատմության ու մշակույթի անհրաժեշտ իմացություն, ընդհանուր և հատուկ մասնագիտական տեսական ու գործնական հիմնարար գիտելիքներ, ստացած գիտելիքները փոփոխվող իրադրություններում կիրառելու ունակություն, մշակութային, իրավական, բարոյագիտական, գեղագիտական և էկոլոգիական գիտելիքների որոշակի պաշար.

բ) դիպլոմավորված մասնագետի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական ու բնագիտական առարկաների, ազգային ու համաշխարհային պատմության և մշակույթի անհրաժեշտ իմացություն (բակալավրի ծրագրից ոչ պակաս ծավալով), մասնագիտական խորը գիտելիքներ, արտադրությունը կազմակերպելու, մասնագիտության մեջ ինքնուրույնաբար կատարելագործվելու համար անհրաժեշտ կարողություններ և հմտություն, իրավական, բարոյագիտական, գեղագիտական և էկոլոգիական գիտելիքների որոշակի պաշար.

գ) մագիստրոսի ծրագրով կրթված շրջանավարտը պետք է ունենա մասնագիտական հիմնարար պատրաստություն, գիտահետազոտական և գիտամանկավարժական աշխատանքի, կառավարման, մասնագիտության մեջ ինքնուրույնաբար կատարելագործվելու համար անհրաժեշտ գիտելիքներ, կարողություններ և հմտություն:

 

V. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ

վերահսկողությունը

 

13. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2001 թվականի

հունվարի 16-ի N 24 որոշման

 

Միջին մասնագիտական կրթության

պետական ընդհանուր չափորոշիչը

 

I. Հիմնական դրույթներ

 

1. Միջին մասնագիտական կրթության պետական ընդհանուր չափորոշիչը (այսուհետև` չափորոշիչ) սահմանում է`

ա) միջին մասնագիտական կրթության ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը.

բ) միջին մասնագիտական ուսումնական հաստատության (այսուհետև` ուսումնական հաստատություն) սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը.

գ) միջին մասնագիտական կրթության շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները:

2. Չափորոշչի պահանջների պահպանումը պարտադիր է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունների համար:

 

II. Միջին մասնագիտական կրթության ծրագրերի բովանդակության

պարտադիր նվազագույնը և ուսուցման ժամկետները

 

3. Միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է հիմնական և լրացուցիչ կրթական ծրագրերով:

4. Հիմնական միջին մասնագիտական կրթությունն իրականացվում է կրտսեր մասնագետի պատրաստումն ապահովող հիմնական մասնագիտական կրթական ծրագրով, որը պետք է ներառի ընդհանուր հումանիտար և սոցիալ-տնտեսագիտական, մաթեմատիկական և ընդհանուր բնագիտական, ընդհանուր մասնագիտական (մասնագիտությունների տվյալ խմբի համար), հատուկ մասնագիտական դասընթացները և արտադրական (մասնագիտական) պրակտիկան:

5. Միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագիրը պետք է ներառի պարտադիր դասընթացներ, այդ թվում` հաստատության ընտրությամբ, և նախասիրական առարկաներ` սովորողի ընտրությամբ:

6. Հաստատությունն իրավունք ունի հիմնական մասնագիտական կրթական ծրագրում ներառված պարտադիր դասընթացներից յուրաքանչյուրում կատարելու մինչև 15 տոկոսի չափով բովանդակային փոփոխություններ:

7. Միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրով ուսուցումը թույլատրվում է իրականացնել ուսուցման կրճատ ժամկետներում` հաշվի առնելով սովորողների նախկինում ստացած կրթությունը:

Հիմնական ընդհանուր կրթության հիմքով առկա ուսուցման տևողությունը պետք է լինի 3 տարվանից ոչ պակաս: Առանձին մասնագիտությունների գծով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի որոշմամբ կարող են սահմանվել այլ ժամկետներ:

Այս ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ` ներառյալ ավարտական որակավորման աշխատանքը, և շրջանավարտին մասնագետի համապատասխան որակավորման շնորհմամբ:

8. Միջին մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագիրը կրտսեր մասնագետի մասնագիտական որակավորման բարձրացման ծրագիրն է: Վերջինիս ուսուցման տևողությունը չպետք է մեկ տարվանից ավելի լինի: Ծրագիրը ներառում է արտադրական (մասնագիտական) պրակտիկան, առանձին և (կամ) մի շարք ուսումնական առարկաների ուղղությամբ խորացված և (կամ) գործնական պատրաստումը:

Այս ծրագիրն ավարտվում է ամփոփիչ ատեստավորմամբ` ներառյալ ավարտական որակավորման աշխատանքը, և շրջանավարտին մասնագետի համապատասխան որակավորման շնորհմամբ:

 

III. Ուսումնական հաստատության սովորողների ուսումնական

բեռնվածության առավելագույն ծավալը

 

9. Սովորողների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը չպետք է գերազանցի շաբաթական 54 ժամը` ներառյալ լսարանային և արտալսարանային ուսումնական աշխատանքների բոլոր տեսակները:

10. Հեռակա ձևով ուսուցման դեպքում ուսումնական տարվա ընթացքում սովորողների պարապմունքների ծավալը դասախոսների հետ պետք է կազմի ոչ պակաս, քան 160 ժամ:

11. Ուսումնական տարվա ընթացքում արձակուրդային ժամանակի ընդհանուր ծավալը պետք է կազմի 8-11 շաբաթ, այդ թվում` ձմռան ժամանակահատվածում 2 շաբաթից ոչ պակաս:

 

IV. Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտներին

ներկայացվող որակական պահանջները

 

12. Միջին մասնագիտական կրթությամբ շրջանավարտը պետք է ունենա կրտսեր մասնագետի որակավորմանը համապատասխան մասնագիտական, տեսական ու գործնական գիտելիքներ, հումանիտար, սոցիալ-տնտեսագիտական և բնագիտական առարկաների, ազգային ու համաշխարհային պատմության և մշակույթի որոշակի իմացություն:

 

V. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ

վերահսկողությունը

 

13. Չափորոշչի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.01.2001
N 24
Որոշում