Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ՀՀ-ՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒ ...

02.04.2016 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.03.2015  -ից մինչեւ   02.04.2016  -ը:
 

(ուժը կորցրել է 25.02.16 թիվ 238-Ն որոշում)

i

040.0662.200701

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հուլիսի 2001 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 հուլիսի 2001 թվականի N 662

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին համապատասխան և ի կատարումն «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման կարգը (կցվում է):

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2001 թ.

հուլիսի 20-ի N 662 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ԵՎ ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱՅՈՒՄ ՈՒՍՈՒՑՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետությունում պետական և հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների (այսուհետև` բուհեր), Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների գիտական կազմակերպությունների (այսուհետև` կազմակերպություններ) ասպիրանտուրայում և դոկտորանտուրայում ուսուցման, ինչպես նաև հայցորդության ձևակերպման կարգը:

i

2. Ասպիրանտուրան, դոկտորանտուրան և հայցորդությունը հետբուհական կրթության համակարգում գիտամանկավարժական ու գիտական բարձր որակավորում ունեցող կադրերի պատրաստման ձևեր են, որոնք իրականացվում են ՀՀ կրթության և գիտության նախարարության ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի (այսուհետև` ԲՈՀ) Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան մասնագիտություններով:

(2-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

3. Ասպիրանտը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը սովորում է ասպիրանտուրայում` տեսական մասնագիտական գիտելիքները խորացնելու և գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու, իսկ հետազոտողի հետբուհական մասնագիտական կրթության ծրագրի առկայության դեպքում` նաև համապատասխան որակավորման աստիճան ստանալու համար:

4. Դոկտորանտը գիտությունների թեկնածուի գիտական աստիճան ունեցող անձ է, որն ընդունվել է դոկտորանտուրա` գիտությունների դոկտորի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն պատրաստելու համար:

5. Հայցորդը բարձրագույն մասնագիտական կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձ է, որը բուհին կամ կազմակերպությանը կից պատրաստում է գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի հայցման ատենախոսություն:

6. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի և հայցորդների համակարգի ձևերով գիտական կադրեր պատրաստելու իրավունք ունեն այն բուհերը և կազմակերպությունները, որոնք ունեն բարձր որակավորմամբ գիտամանկավարժական և գիտական կադրեր, ժամանակակից գիտահետազոտական ու փորձարարական բազա, հեղինակավոր գիտական դպրոցներ, մասնակցում են հանրապետական և միջազգային գիտակրթական ծրագրերի, նախագծերի մշակմանն ու իրականացմանը:

7. Ասպիրանտուրայի, դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու կամ այն դադարեցնելու վերաբերյալ առաջարկությունները համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն (այսուհետև` նախարարություն), իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի կազմակերպությունների կողմից` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահություն` կցելով սույն կարգի 2-րդ կետում նշված մասնագիտությունների ցանկը, յուրաքանչյուր մասնագիտությամբ` գիտամանկավարժական կադրերի և գիտական աշխատողների կազմը, նրանց գիտական աշխատությունների ցանկը, ինչպես նաև բուհի և կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհրդի որոշումը:

Ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի ձևերով գիտական կադրեր պատրաստելու և այն դադարեցնելու մասին որոշում ընդունվում է փորձաքննության հիման վրա, որը սույն կարգի 6-րդ կետում նշված` նախարարության կողմից սահմանված չափանիշներով անցկացվում է նախարարության, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության կողմից: Ասպիրանտուրայի ու դոկտորանտուրայի բացումը և դրանց գործունեության դադարեցումը ձևակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի, իսկ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում` Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հրամանով:

Բուհերում, կազմակերպություններում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի գիտամեթոդական ղեկավարությունն ու գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է նախարարությունը:

i

8. Յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբից առնվազն 6 ամիս առաջ նախարարությունը, շահագրգիռ նախարարություններից և կազմակերպություններից իր սահմանված կարգով ստացած հայտերի հիման վրա, համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ, Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ասպիրանտուրայի և դոկտորանտուրայի տեղերի թիվն ըստ ուսուցման ձևերի (առկա, հեռակա) և ֆինանսավորման (անվճար, վճարովի):

Գիտության և տեխնիկայի գերակա ուղղությունների զարգացումն ու պետական (միջպետական) կարևորագույն ծրագրերի իրականացումն ապահովելու նպատակով նախարարությունը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության պետական պատվերի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահագրգիռ նախարարություններին, գերատեսչություններին և կազմակերպություններին իր սահմանած կարգով հատկացնում է նպատակային տեղեր:

(8-րդ կետը փոփ. 11.04.02 թիվ 391, 15.12.05 թիվ 2183-Ն որոշումներ)

9. Առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունված անձինք զինվորական ծառայությունից ստանում են տարկետում` «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան:

 

II. ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ

 

10. Ասպիրանտուրայում ուսուցումն իրականացվում է առկա և հեռակա ձևերով, անվճար և վճարովի հիմունքներով: Առկա ձևով ուսուցման տևողությունը չի գերազանցում երեք տարին, իսկ հեռակա ձևով ուսուցման տևողությունը` չորս տարին:

11. Ասպիրանտուրա մրցութային կարգով ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ստացել են մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների ասպիրանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ, ասպիրանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

Նախկինում ասպիրանտուրան ավարտած կամ ասպիրանտուրայից ազատված անձինք (անհարգելի պատճառով) չեն կարող պետական պատվերով կրկին ընդունվել ասպիրանտուրա:

(11-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

i

12. Ասպիրանտուրա ընդունվելու համար դիմումը տրվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա) բարձրագույն կրթության դիպլոմի և դրա հավելվածի պատճենները (օտարերկրյա պետություններում բարձրագույն կրթություն ստացածների համար` փաստաթուղթ նրանց կրթության համարժեքության մասին).

բ) (բ ենթակետն ուժը կորցրել է 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

գ) (գ ենթակետն ուժը կորցրել է 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

դ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).

ե) (12-րդ կետի ե ենթակետն ուժը կորցրել է 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

զ) քաղվածք աշխատանքային գրքույկից (եթե դիմողն աշխատում է):

Ընդունվողն անձնագիրն ու բարձրագույն կրթության դիպլոմը ներկայացնում է անձամբ:

(12-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

i

13. Ասպիրանտուրայի ընդունելությունը պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով տեղերի համար ավարտվում է մինչև ընթացիկ տարվա հունիսի 20-ը, իսկ առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի տեղերի համար ընդունելությունը կարող է կատարվել նաև սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ասպիրանտուրա ընդունելությունն իրականացնելու համար բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից ստեղծվում է ընդունող հանձնաժողով` բուհի կամ կազմակերպության ղեկավարի (տեղակալի) նախագահությամբ: Ընդունող հանձնաժողովում ընդգրկվում են տվյալ մասնագիտությամբ բարձր որակավորում ունեցող գիտամանկավարժական և գիտական կադրեր:

(13-րդ կետը փոփ. 24.12.01 թիվ 1239, 25.03.04 թիվ 496-Ն որոշումներ)

i

14. Ասպիրանտուրա ընդունվողները հանձնում են քննություններ մասնագիտական առարկայից, օտար լեզվից (անգլերեն, ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք (ինֆորմատիկա և (կամ) համակարգչից օգտվելու հիմունքներ): Այն դիմորդները, որոնց համար մասնագիտական առարկաներ են անգլերենը, ֆրանսերենը կամ գերմաներենը` քննություն են հանձնում մասնագիտականից տարբեր այլ օտար լեզու: Մասնագիտական առարկայի քննությունը պետք է նախորդի այլ առարկաների քննություններին:

Քննությունների և ստուգարքի անցկացման կանոնակարգը մշակում և հաստատում է նախարարությունը:

(14-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

15. Ընդունելության քննությունների վերահանձնում չի թույլատրվում: Ասպիրանտուրա ընդունելության քննությունների արդյունքներն ուժի մեջ են հաջորդ տարվա ընդունելության քննությունների ընթացքում:

16. Ընդունող հանձնաժողովն ընդունելության քննությունների և մրցույթի արդյունքներով որոշում է ընդունում յուրաքանչյուր դիմողի վերաբերյալ: Ասպիրանտուրա ընդունվելու կամ մրցույթով չանցնելու վերաբերյալ որոշման մասին դիմորդներն իրազեկվում են ընդունող հանձնաժողովի որոշումից հետո հինգօրյա ժամկետում:

17. Ասպիրանտների ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

i

18. Առկա ձևով և անվճար հիմունքներով ասպիրանտուրա ընդունվածներին տրվում է սահմանված չափի պետական կրթաթոշակ` ընդունման օրվանից:

(18-րդ կետը փոփ. 15.12.05 թիվ 2183-Ն որոշում)

19. Ասպիրանտն ուսման ընթացքում պետք է`

i

ա) հանձնի մասնագիտական քննություն` Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով սահմանված կարգով.

բ) ունենա բուհի կամ կազմակերպության գիտական խորհրդի կողմից հաստատված աշխատանքային պլան և առնվազն 36 ժամ մանկավարժական ծանրաբեռնվածություն (բուհում սովորող ասպիրանտը):

Առկա ասպիրանտուրայում ուսանելու ժամանակը մտնում է ասպիրանտների գիտամանկավարժական աստիճանի մեջ:

(19-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

20. Ասպիրանտների ընդունման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում հաստատվում են ատենախոսության թեման և գիտական ղեկավարը` համաձայն ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգի:

Գիտական ղեկավար, որպես կանոն, կարող է լինել տվյալ բուհում (կազմակերպությունում) աշխատող գիտությունների դոկտորը կամ նախարարության սահմանած կարգով ԲՈՀ-ի թույլտվության դեպքում` գիտությունների թեկնածուն: Յուրաքանչյուր գիտական ղեկավար կարող է միաժամանակ ունենալ 5-ից ոչ ավելի ասպիրանտ և հայցորդ:

i

21. Հարակից մասնագիտությունների սահմանում գիտական հետազոտություններ կատարելիս կարող է հաստատվել համաղեկավար:

Եթե գիտական կազմակերպությունում հնարավոր չէ իրականացնել ասպիրանտական կրթական ծրագրեր «օտար լեզու», «փիլիսոփայություն», «ինֆորմատիկա» առարկաների գծով, ապա այդ ուսուցումը պայմանագրային հիմունքներով կարող է իրականացվել բուհում կամ այլ կազմակերպությունում:

(21-րդ կետը փոփ. 15.12.05 թիվ 2183-Ն որոշում)

22. Ասպիրանտն ըստ աշխատանքային պլանի ամեն տարի հաշվետվության հիման վրա ատեստավորվում է ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Բուհերի համապատասխան ամբիոնում, ֆակուլտետի խորհրդում, կազմակերպությունների գիտական ստորաբաժանումներում, գիտական (գիտատեխնիկական) խորհրդում պարբերաբար լսվում և քննարկվում են ասպիրանտների ու նրանց գիտական ղեկավարների հաշվետվությունները: Ատեստավորում չանցած ասպիրանտը բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով ազատվում է ասպիրանտուրայից:

Ընտրած մասնագիտությամբ գիտական հետազոտություններ կատարելիս ասպիրանտները բուհի և կազմակերպության աշխատանքների հետ հավասարապես օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, գրադարաններից, գործուղումների իրավունքից, հանրակացարանից:

i

23. Ասպիրանտի տեղափոխումը մեկ բուհից կամ կազմակերպությունից մյուսը, ինչպես նաև առկա ուսուցման ձևից` հեռակա և հակառակը, իրականացվում է բուհերի և կազմակերպությունների ղեկավարների կողմից` ընդունող կազմակերպության միջոցների հաշվին:

Հարգելի պատճառներով մինչև ուսման ժամկետի ավարտն ասպիրանտուրայից ազատված` պետպատվերով սովորող ասպիրանտը բուհի կամ կազմակերպության միջոցների հաշվին կարող է վերականգնվել` ուսման մնացած ժամկետով առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի:

(23-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

24. Առկա ուսուցմամբ ասպիրանտներին ուսման ընթացքում տարեկան տրվում է երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ:

25. Բուհերի և կազմակերպությունների ղեկավարները կարող են արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանել առկա ուսուցմամբ ասպիրանտների կրթաթոշակին հավելավճար: Առկա ուսուցմամբ այն ասպիրանտները, ովքեր կատարում են իրենց պարտականությունները, կարող են աշխատել:

26. Ասպիրանտների գիտական ղեկավարների աշխատանքի վարձատրությունը կատարվում է բուհերի և կազմակերպությունների կանոնադրություններով սահմանված կարգով (մեկ ասպիրանտի համար տարեկան առնվազն 50 ժամ հաշվարկով): Բուհերի և կազմակերպությունների ղեկավարներն իրավունք ունեն ասպիրանտների գիտական ղեկավարների համար արտաբյուջետային միջոցների հաշվին սահմանելու աշխատավարձին հավելավճար:

 

III. ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ

 

i

27. Դոկտորանտների պատրաստումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, որի ժամկետը չպետք է գերազանցի երեք տարին:

Դոկտորանտուրա ընդունվում են Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Դոկտորանտուրա ընդունվողները ներկայացնում են տվյալ բուհում կամ կազմակերպությունում գիտական, տնտեսական կամ սոցիալ-մշակութային նշանակություն ունեցող հիմնարար և (կամ) կիրառական հետազոտությունների ծրագիր (նախագիծ):

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք բուհերի և կազմակերպությունների դոկտորանտուրա են ընդունվում միջպետական, միջկառավարական և միջգերատեսչական պայմանագրերի կամ համաձայնագրերի հիման վրա:

Օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կազմակերպությունների միջև կնքված պայմանագրերի հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ դոկտորանտուրա են ընդունվում վճարովի հիմունքներով:

(27-րդ կետը փոփ. 25.03.04 թիվ 496-Ն որոշում)

28. Դոկտորանտուրա ընդունվելու համար դիմումները տրվում են համապատասխան բուհերի և կազմակերպությունների ղեկավարների անունով` կցելով հետևյալ փաստաթղթերը`

ա) գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագրի պատճենը (այլ երկրներում գիտական աստիճանի վկայագիր ստացածների համար` նաև ԲՈՀ-ի կողմից տրված համապատասխանեցման վկայագիրը).

բ) դոկտորական ատենախոսության ծավալուն պլանը.

գ) կադրերի հաշվառման անձնական թերթիկ, ինքնակենսագրություն և երեք լուսանկար (3 x 4 չափսի).

դ) հրատարակված գիտական աշխատությունների, գյուտերի և հայտնագործությունների, ինչպես նաև կատարված գիտահետազոտական աշխատանքների հաշվետվությունների ցանկը:

Անձնագիրն ու գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի վկայագիրն ընդունվողը ներկայացնում է անձամբ:

29. Բուհի կամ կազմակերպության համապատասխան ամբիոնը կամ բաժինը (սեկտոր, լաբորատորիա) փաստաթղթերի քննարկման հիման վրա ներկայացնում է եզրակացություն: Դրական արդյունքի դեպքում բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը քննարկում է եզրակացությունը և ընդունում որոշում թեկնածուին դոկտորանտուրա ընդունելու մասին, որը հաստատում է բուհի կամ կազմակերպության ղեկավարը: Երկու և ավելի թեկնածուների դեպքում դոկտորանտի ընտրությունը կատարում է բուհի կամ կազմակերպության գիտական (գիտատեխնիկական) խորհուրդը, որը թեկնածուի ատենախոսության ծավալուն պլանի հիման վրա որոշում է ատենախոսության ավարտման հնարավոր ժամկետը:

30. Դոկտորանտի ընդունումը ձևակերպվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

31. Դոկտորանտուրայում գտնվելու ժամկետում դոկտորանտը պետք է կատարի անհատական ծրագրով նախատեսված աշխատանքները` ավարտի ատենախոսությունն ու տվյալ բուհում կամ կազմակերպությունում անցկացնի ատենախոսության նախնական քննարկումը:

Դոկտորանտը կարող է ունենալ գիտական խորհրդատու, որը հաստատվում է բուհի կամ կազմակերպության ղեկավարի կողմից:

32. Դոկտորանտներն անվճար օգտվում են բուհերի և կազմակերպությունների լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից, փորձարարական սարքավորումներից, գրադարաններից և այլ ծառայություններից` համաձայն բուհերի և կազմակերպությունների կանոնադրությունների:

33. Բուհերի կամ կազմակերպությունների գիտական (գիտատեխնիկական) խորհուրդները դոկտորանտների ծրագրին համապատասխան ներկայացված հաշվետվության հիման վրա տարեկան մեկ անգամ ատեստավորում են նրանց: Ատեստավորումը չանցած դոկտորանտն ազատվում է դոկտորանտուրայից:

Մինչև սահմանված ժամկետի ավարտը դոկտորանտուրայից ազատված դոկտորանտը (հարգելի պատճառով) բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով կարող է վերականգնվել` ազատվելուց հետո մեկ տարվա ընթացքում:

34. Դոկտորանտներին վճարվում է պետական կրթաթոշակ և ամեն տարի տրամադրվում է երկամսյա արձակուրդ` կրթաթոշակի պահպանմամբ: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն արտաբյուջետային միջոցների հաշվին կարող է սահմանել դոկտորանտների կրթաթոշակին հավելավճար:

35. Դոկտորանտների գիտական խորհրդատուների աշխատանքի վարձատրությունը կատարվում է բուհի կամ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով:

 

IV. ՀԱՅՑՈՂՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ (ՀԱՅՑՈՐԴՈՒԹՅՈՒՆ)

 

36. Թեկնածուական ատենախոսության վրա ինքնուրույն աշխատող հայցորդներ կարող են լինել բարձրագույն կրթություն (մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում) ունեցող անձինք:

i

37. Քննություն օտար լեզվից (անգլերեն կամ ֆրանսերեն կամ գերմաներեն) և ստուգարք ինֆորմատիկայից հանձնելու և ատենախոսությունն ավարտելու համար հայցորդներին հատկացվող առավելագույն ժամկետը հինգ տարի է:

Հայցորդի կարգավիճակով լրիվ ժամկետ անցած անձինք երկրորդ անգամ չեն կարող օգտվել նույն մասնագիտությամբ հայցորդ ձևակերպվելու իրավունքից:

(37-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

38. Հայցորդների կցումը բուհին կամ կազմակերպությանը ձևակերպվում է տվյալ բուհի կամ կազմակերպության ղեկավարի հրամանով:

39. Բուհի կամ կազմակերպության ղեկավարը հայցորդի և նախատեսվող գիտական ղեկավարի հետ հարցազրույցի արդյունքների և համապատասխան ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) եզրակացության հիման վրա` ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան հրամանագրում է հայցորդին` հաստատելով ատենախոսության թեման և գիտական ղեկավարին:

40. Հայցորդները տարեկան մեկ անգամ հաշվետվություն են ներկայացնում, որի հիման վրա ատեստավորվում են բուհի կամ կազմակերպության ամբիոնի, բաժնի (սեկտոր, լաբորատորիա) կողմից: Ատեստավորումը չանցած հայցորդները ենթակա են ազատման:

41. Հայցորդները տվյալ բուհում կամ կազմակերպությունում անվճար օգտվում են գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային տեխնիկայից և գրադարաններից: Բուհի կամ կազմակերպության ղեկավարն աջակցում է նրանց և ատենախոսությունների վրա աշխատելու համար ստեղծում անհրաժեշտ պայմաններ:

i

42. Հայցորդները բուհում և կազմակերպությունում հանձնում են մասնագիտական քննություն` Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգով սահմանված կարգով:

(42-րդ կետը փոփ. 26.02.15 թիվ 214-Ն որոշում)

43. Բուհերի կամ կազմակերպությունների ղեկավարներին թույլատրվում է սահմանված կարգով կատարել հայցորդների գիտական ղեկավարների վարձատրությունը (տարեկան առնվազն 30 ժամ):

44. Դոկտորական ատենախոսություն ինքնուրույն պատրաստող գիտությունների թեկնածուների ատենախոսության թեման հաստատվում է ԲՈՀ-ի կողմից հաստատված կարգին համապատասխան: Նրանք անվճար օգտվում են բուհի կամ կազմակերպության գիտական սարքավորումներից, լաբորատորիաներից, համակարգչային սենյակներից և գրադարաններից: Նրանց գիտական գործունեությունը որևէ ժամկետով չի սահմանափակվում:

Հայցորդությունը բուհերում կամ կազմակերպություններում իրականացվում է վճարովի և անվճար հիմունքներով, տվյալ բուհի կամ կազմակերպության սահմանած կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
20.07.2001
N 662
Որոշում