Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵ ...

25.05.2006 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   14.02.2001  -ից մինչեւ   25.05.2006  -ը:
 

(ուժը կորցրել է 10.04.06 թիվ 404-Ն հրաման)

i

118.0276.220101

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀՐԱՄԱՆ

 

17 նոյեմբերի 2000 թվականի N 276

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՈՐՈՇ ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշման, հրամայում եմ`

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման հետևյալ ստանդարտները.

ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ»,

ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու

հաշվետվությունը»,

ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումն ու չափումը»,

ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք»:

 

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտներում փոփոխությունները (կցվում է):

3. Սահմանել, որ նշված ստանդարտները և փոփոխությունները տարածվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:

4. ՈՒժը կորցրած ճանաչել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 1999 թվականի հունվարի 18-ի N 17 հրամանով հաստատված ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 19

(մաս 1)

 

Աշխատակիցների հատուցումներ

 

Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 1998 թվականին վերանայված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 19-ի «Աշխատակիցների հատուցումներ» հիման վրա:

 

Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:

 

Բովանդակություն

 

Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 19

 

Աշխատակիցների հատուցումներ

 

    ՆՊԱՏԱԿԸ                                              Պարագրաֆներ

 

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ                                        1-6

    ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ                                                 7

    ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ                    8-23

      Ճանաչումը և  չափումը                                   10-22

        Աշխատակիցների բոլոր կարճաժամկետ հատուցումները           10

        Կարճաժամկետ փոխհատուցելի բացակայություններ           11-16

        Շահույթի բաշխումների և  պարգևավճարների  պլաններ      17-22

      Բացահայտում                                               23

    ՀԵՏԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ. ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ    24-42

ՊԼԱՆԻ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԻ ՏԱՐԲԵՐԱԿՈՒՄԸ

      Մեկից ավելի գործատուների պլաններ                       29-35

      Պետական պլաններ                                        36-38

      Ապահովագրված հատուցումներ                              39-42

    ՀԵՏԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ.                            43-47

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐ

      Ճանաչումը և  չափումը                                   44-45

      Բացահայտում                                            46-47

    ՀԵՏԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ.                           48-125

ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐ

      Ճանաչումը և  չափումը                                   49-62

      Կառուցողական պարտականության հաշվապահական հաշվառումը    52-53

      Հաշվապահական հաշվեկշիռ                                 54-60

      Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն           61-62

      Ճանաչումը և  չափումը. սահմանված հատուցումների գծով    63-101

պարտականությունների ներկա արժեքը և ընթացիկ

ծառայության արժեքը

        Ակտուարային գնահատման մեթոդը                         64-66

        Հատուցումների վերագրումը ծառայության                 67-71

        ժամանակաշրջաններին

        Ակտուարային ենթադրություններ                         72-77

        Ակտուարային ենթադրություններ. զեղչման դրույք         78-82

        Ակտուարային ենթադրություններ. աշխատավարձեր,          83-91

        հատուցումներ և բուժսպասարկման ծախսումներ

        Ակտուարային շահույթներ և  վնասներ                    92-95

        Անցյալ ծառայության արժեքի աճ                        96-101

      Ճանաչումը և  չափումը. պլանի ակտիվներ                 102-107

        Պլանի ակտիվների իրական արժեքը                      102-104

        Պլանի ակտիվների հատույցը                           105-107

      Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ              108

      Կրճատումներ և  մարումներ                             109-115

      Ներկայացում                                          116-119

        Հաշվանցում                                         116-117

        Տարբերակումը ընթացիկի և  ոչ ընթացիկի                   118

        Հետաշխատանքային հատուցումների գծով ծախսումների         119

        ֆինանսական բաղադրիչները

      Բացահայտում                                          120-125

    ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԱՅԼ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ            126-131

      Ճանաչումը և  չափումը                                 128-130

      Բացահայտում                                              131

    ԱԶԱՏՄԱՆ ՆՊԱՍՏՆԵՐ                                       132-143

      Ճանաչումը                                            133-138

      Չափումը                                              139-140

      Բացահայտում                                          141-143

    ՍԵՓԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ԳՈՐԾԻՔՆԵՐՈՎ (ԿԱՄ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ)    144-152

ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐ

      Ճանաչումը և  չափումը                                     145

      Բացահայտում                                          146-152

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ                                   153-156

    ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                            157

ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐ

Հավելված 1. Ցուցադրական օրինակ

Հավելված 2. Ցուցադրական բացահայտումներ

 

Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 19

 

Աշխատակիցների հատուցումներ

 

Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:

Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:

 

Նպատակը

 

Սույն ստանդարտի նպատակն է սահմանել աշխատակիցների հատուցումների հաշվապահական հաշվառման մոտեցումները և դրանց հետ կապված բացահայտման պահանջները: Ստանդարտը կազմակերպությունից պահանջում է ճանաչել`

 

ա) պարտավորություն, երբ աշխատակիցը մատուցել է ծառայություններ` ապագայում վճարվելիք հատուցումների դիմաց, և

 

բ) ծախս, երբ կազմակերպությունը սպառում է աշխատակցի կողմից` հատուցումների դիմաց մատուցված ծառայություններից առաջացող տնտեսական օգուտները:

 

Գործողության ոլորտը

 

1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի գործատուի կողմից` աշխատակիցների հատուցումները հաշվառելիս:

 

2. Սույն ստանդարտը չի առնչվում թոշակային ապահովության պլանների կողմից հաշվետվությունների ներկայացմանը (տես ՀՀՀՀՍ 26 «Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը «):

 

3. Սույն ստանդարտը կիրառվում է աշխատակիցների բոլոր հատուցումների նկատմամբ, ներառյալ նրանց, որոնք տրամադրվում են`

 

ա) ֆորմալ պլանների համաձայն կամ կազմակերպության և առանձին աշխատակիցների, աշխատակիցների խմբերի կամ նրանց ներկայացուցիչների միջև այլ ֆորմալ համաձայնությունների համաձայն,

 

բ) օրենսդրության պահանջների համաձայն կամ ներճյուղային համաձայնությունների միջոցով, որոնցով կազմակերպություններից պահանջվում է մասհանումներ անել պետական, ճյուղային կամ այլ մեկից ավելի գործատուների պլաններին, կամ

 

գ) համաձայն ձևավորված պրակտիկայի, որն առաջացնում է կառուցողական պարտականություն: Ձևավորված պրակտիկան առաջացնում է կառուցողական պարտականություն, եթե կազմակերպությունը աշխատակիցների հատուցումներ վճարելուց բացի այլ իրատեսական այլընտրանք չունի: Կառուցողական պարտականության օրինակ է այն դեպքը, երբ կազմակերպության ձևավորված պրակտիկայի փոփոխությունը անընդունելիորեն կվնասի նրա փոխհարաբերությունները աշխատակիցների հետ:

 

4. Աշխատակիցների հատուցումները ներառում են`

 

ա) աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները, ինչպիսիք են, օրինակ, աշխատավարձերը, սոցիալական ապահովության մասհանումները (վճարները), վճարովի տարեկան արձակուրդները, հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները, շահույթի բաշխումները և պարգևավճարները (եթե դրանք ենթակա են վճարման ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում), ինչպես նաև ոչ դրամային հատուցումները (օրինակ` բուժսպասարկում, բնակարանով և ավտոմեքենայով ապահովում, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքներ կամ ծառայություններ) ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող աշխատակիցների համար.

 

բ) հետաշխատանքային հատուցումները, ինչպիսիք են, օրինակ, կենսաթոշակները, կենսաթոշակի անցնելու հետ կապված այլ հատուցումները, հետաշխատանքային բուժսպասարկումը և կյանքի ապահովագրությունը,

 

գ) աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումները, ներառյալ երկարամյա ծառայության համար արձակուրդը կամ գիտական աշխատանքների համար տրվող արձակուրդը, հոբելյանական կամ երկարամյա ծառայության համար այլ հատուցումները, երկարատև անաշխատունակության նպաստները, ինչպես նաև շահույթի բաշխումները, պարգևավճարները և հետաձգված փոխհատուցումները, եթե դրանք ոչ ամբողջությամբ են ենթակա վճարման ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում,

 

դ) ազատման նպաստները, և

 

ե) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումները:

 

Քանի որ վերը նշված «ա»-ից «ե» կետերում որոշակիացված յուրաքանչյուր դաս ունի տարբեր բնութագրեր, սույն ստանդարտը սահմանում է առանձին պահանջներ յուրաքանչյուր դասի գծով:

 

5. Աշխատակիցների հատուցումները ներառում են այն հատուցումները, որոնք տրամադրվում են կամ աշխատակիցներին, կամ նրանց խնամարկյալներին և կարող են իրականացվել վճարումների միջոցով (կամ ապրանքների կամ ծառայությունների մատակարարմամբ), որոնք կատարվում են կամ ուղղակիորեն աշխատակիցներին, նրանց ամուսիններին, երեխաներին կամ այլ խնամարկյալներին, կամ էլ այլոց, օրինակ, ապահովագրական կազմակերպություններին:

 

6. Աշխատակիցը կարող է կազմակերպությանը ծառայություններ մատուցել լրիվ աշխատանքային օրվա, մասնակի զբաղվածության, մշտական, ոչ կանոնավոր կամ ժամանակավոր հիմունքներով: Սույն ստանդարտի նպատակներով աշխատակիցների թվին են դասվում նաև տնօրենները և այլ կառավարչական անձնակազմը:

 

Սահմանումներ

 

7. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.

 

Աշխատակիցների հատուցումներ` աշխատակիցների կողմից մատուցված ծառայության դիմաց կազմակերպության կողմից ցանկացած ձևով տրվող հատուցումներ:

 

Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումներ` աշխատակիցների հատուցումներ (բացի ազատման նպաստներից և սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներից), որոնք ամբողջությամբ ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը:

 

Հետաշխատանքային հատուցումներ` աշխատակիցների հատուցումներ (բացի ազատման նպաստներից և սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներից), որոնք ենթակա են վճարման աշխատանքային գործունեությունն ավարտելուց հետո:

 

Հետաշխատանքային հատուցումների պլաններ` ֆորմալ կամ ոչ ֆորմալ համաձայնություններ, որոնց համաձայն կազմակերպությունը տրամադրում է հետաշխատանքային հատուցումներ մեկ կամ ավելի աշխատակիցների:

 

Սահմանված մասհանումների պլան` հետաշխատանքային հատուցումների պլան, ըստ որի կազմակերպությունը ֆիքսված մասհանումներ է կատարում որևէ առանձին միավորի (հիմնադրամի) և չունի ոչ իրավական և ոչ էլ կառուցողական պարտականություն` կատարելու հետագա մասհանումներ, եթե հիմնադրամը չունենա բավարար ակտիվներ, որպեսզի վճարի աշխատակիցների բոլոր հատուցումները` կապված ընթացիկ կամ նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայության հետ:

 

Սահմանված հատուցումների պլան` սահմանված մասհանումների պլանից տարբեր հետաշխատանքային հատուցումների պլան:

 

Մեկից ավելի գործատուների պլաններ` սահմանված մասհանումներով պլաններ (բացի պետական պլաններից) կամ սահմանված հատուցումներով պլաններ (բացի պետական պլաններից), որոնք`

 

ա) միավորում են ընդհանուր հսկողության տակ չգտնվող տարբեր կազմակերպությունների կողմից հատկացված ակտիվները, և

 

բ) օգտագործում են նշված ակտիվները մեկից ավելի կազմակերպությունների աշխատակիցներին հատուցումներ վճարելու համար` այնպիսի հիմունքով, որ հատկացումների (մասհանումների) և հատուցումների մակարդակները որոշվում են առանց հաշվի առնելու, թե որ կազմակերպությունում են աշխատում համապատասխան աշխատակիցները:

 

Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ` աշխատակիցների հատուցումներ (բացառությամբ հետաշխատանքային հատուցումների, ազատման նպաստների և սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների), որոնք ոչ ամբողջությամբ են ենթակա վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցում են համապատասխան ծառայությունը:

 

Ազատման նպաստներ` աշխատակիցների հատուցումներ, որոնք ենթակա են վճարման այն բանի արդյունքում, որ`

 

ա) կազմակերպությունը որոշում է դադարեցնել աշխատանքային պայմանագիրը մինչև թոշակի անցնելու ընդունված ժամկետը, կամ

 

բ) աշխատակիցը որոշում է, աշխատակիցների թվաքանակի կրճատման դեպքում, կամավոր ազատվել` փոխարենը ստանալով այդ նպաստները:

 

Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ` աշխատակիցների հատուցումներ, որոնց դեպքում`

 

ա) աշխատակիցներն իրավունք ունեն ստանալ կազմակերպության (կամ նրա մայր կազմակերպության) կողմից թողարկված սեփական կապիտալի ֆինանսական գործիքներ, կամ

 

բ) կազմակերպության` աշխատակիցների նկատմամբ պարտավորության գումարը կախված է կազմակերպության կողմից թողարկված սեփական կապիտալի ֆինանսական գործիքների ապագա գնից:

 

Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլաններ` ֆորմալ կամ ոչ ֆորմալ համաձայնություններ, որոնց համաձայն կազմակերպությունը տրամադրում է սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ մեկ կամ ավելի աշխատակիցների:

 

Աշխատակիցների երաշխավորված հատուցումներ` աշխատակիցների հատուցումներ, որոնք պայմանավորված չեն աշխատակցի հետագա աշխատանքով:

 

Սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեք` ակնկալվող ապագա այն վճարումների (առանց պլանի ակտիվները հանելու) ներկա արժեքը, որոնք պահանջվում են ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայությունից առաջացող պարտականությունը մարելու համար:

 

Ընթացիկ ծառայության արժեք` սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի աճը, որն առաջանում է ընթացիկ ժամանակաշրջանում աշխատակցի ծառայությունից:

 

Տոկոսների արժեք` սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի աճը ժամանակաշրջանի ընթացքում, որն առաջանում է հատուցումների վճարման ժամկետը մեկ ժամանակաշրջանով մոտենալու հետևանքով:

 

Պլանի ակտիվներ` ակտիվներ (բացի հաշվետու կազմակերպության կողմից թողարկված չփոխանցելի ֆինանսական գործիքներից), որոնք պահվում են միավորի (հիմնադրամի) կողմից, որը բավարարում է հետևյալ բոլոր պայմաններին.

 

ա) միավորը իրավաբանորեն առանձնացված է հաշվետու կազմակերպությունից,

 

բ) հիմնադրամի ակտիվները պետք է օգտագործվեն միայն աշխատակիցների հատուցումների գծով պարտականությունները մարելու համար, մատչելի չեն կազմակերպության կրեդիտորներին և չեն կարող վերադարձվել կազմակերպությանը (կամ կարող են վերադարձվել կազմակերպությանը միայն, եթե հիմնադրամի մնացած ակտիվները բավարար են մարելու համար պլանի պարտականությունները):

 

Այն չափով, որով հիմնադրամում կան բավարար ակտիվներ, կազմակերպությունը չունի իրավական կամ կառուցողական պարտականություն` ուղղակիորեն վճարելու աշխատակիցների համապատասխան հատուցումները:

 

Իրական արժեք` գումար, որով ակտիվը կարող է փոխանակվել, կամ պարտավորությունը` մարվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության» գործարքում:

 

Պլանի ակտիվների հատույց` տոկոս, շահաբաժիններ և այլ եկամուտներ, որոնք ստացվում են պլանի ակտիվներից` պլանի ակտիվների գծով իրացված և չիրացված շահույթների կամ վնասների հետ միասին` հանած պլանի կառավարման գծով ցանկացած ծախսում և պլանի կողմից վճարվելիք ցանկացած հարկ:

 

Ակտուարային շահույթները և վնասները ներառում են`

 

ա) փորձի վրա հիմնված ճշգրտումները (նախկին ակտուարային ենթադրությունների և փաստացի տեղի ունեցածների միջև տարբերությունների հետևանքները), և

 

բ) ակտուարային ենթադրություններում փոփոխությունների հետևանքները:

 

Անցյալ ծառայության արժեքի աճ` նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայությանը վերաբերող սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի աճը, որն առաջանում է ընթացիկ ժամանակաշրջանում նոր հետաշխատանքային հատուցումների կամ աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների ներդրումից կամ գոյություն ունեցողներում փոփոխություններից: Անցյալ ծառայության արժեքի աճը կարող է լինել դրական (երբ ներդրվում են նոր հատուցումներ կամ ավելացվում գոյություն ունեցողները) կամ բացասական (երբ նվազեցվում են գոյություն ունեցող հատուցումները):

 

Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումներ

 

8. Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումները ներառում են այնպիսի հոդվածներ, ինչպիսիք են`

 

ա) աշխատավարձերը և սոցիալական ապահովության մասհանումները (վճարները),

 

բ) կարճաժամկետ փոխհատուցելի բացակայությունները (ինչպիսիք են, օրինակ, վճարովի տարեկան արձակուրդները և հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդները), երբ ակնկալվում է, որ բացակայությունները տեղի կունենան այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան աշխատանքային ծառայությունը,

 

գ) շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, և

 

դ) ոչ դրամային հատուցումները (օրինակ` բուժսպասարկում, բնակարանով և ավտոմեքենայով ապահովում, անվճար կամ մասնակի վճարումով ապրանքներ կամ ծառայություններ) ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող աշխատակիցների համար:

 

9. Աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների հաշվապահական հաշվառումը սովորաբար պարզ է, քանի որ պարտականությունը կամ ծախսումները չափելու համար ակտուարային ենթադրություններ չեն պահանջվում, և չեն կարող առաջանալ ակտուարային շահույթներ կամ վնասներ: Ավելին, աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների գծով պարտականությունները չափվում են առանց զեղչման:

 

Ճանաչումը և չափումը

Աշխատակիցների բոլոր կարճաժամկետ հատուցումները

 

10. Երբ աշխատակիցը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպությանը մատուցել է ծառայություն, կազմակերպությունը, աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների չզեղչված գումարը, որոնք ակնկալվում է վճարել այդ ծառայության դիմաց, պետք է ճանաչի`

 

ա) որպես պարտավորություն` արդեն վճարված գումարները հանելուց հետո: Եթե արդեն վճարված գումարը գերազանցում է հատուցումների չզեղչված գումարը, կազմակերպությունը պետք է ճանաչի այդ տարբերությունը որպես ակտիվ` այն չափով, որով կանխավճարը կհանգեցնի, օրինակ, ապագա վճարումների կրճատման կամ դրամական միջոցների վերադարձի, և

 

բ) որպես ծախս, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով պահանջվում կամ թույլատրվում է հատուցումների գումարը ներառել մեկ այլ ակտիվի արժեքի մեջ (տես, օրինակ, ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» և ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ»):

 

11, 14 և 17 պարագրաֆները բացատրում են, թե կազմակերպությունը ինչպես պետք է կիրառի այս պահանջը փոխհատուցելի բացակայությունների և շահույթի բաշխման ու պարգևավճարների ձևով աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների նկատմամբ:

 

Կարճաժամկետ փոխհատուցելի բացակայություններ

 

11. Կազմակերպությունը փոխհատուցելի բացակայությունների ձևով աշխատակիցների հատուցումների ակնկալվող ծախսումները, ըստ պարագրաֆ 10-ի, պետք է ճանաչի`

 

ա) կուտակվող փոխհատուցելի բացակայությունների դեպքում` այն ժամանակ, երբ աշխատակիցները ծառայություն են մատուցում, որն ավելացնում է իրենց իրավունքները ապագա փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ, և

 

բ) չկուտակվող փոխհատուցելի բացակայությունների դեպքում` այն ժամանակ, երբ բացակայությունը տեղի է ունենում:

 

12. Կազմակերպությունը կարող է փոխհատուցել աշխատակիցների` տարբեր պատճառներով առաջացող բացակայությունները, ներառյալ` տարեկան արձակուրդը, հիվանդությունը, կարճաժամկետ անաշխատունակությունը, երեխայի խնամքը, որպես երդվյալ ատենակալ աշխատելը և զինվորական ծառայությունը: Փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ իրավունքները բաժանվում են երկու կատեգորիաների`

 

ա) կուտակվող,

 

բ) չկուտակվող:

 

13. Կուտակվող փոխհատուցելի բացակայությունները նրանք են, որոնք փոխադրվում են հետագա ժամանակաշրջաններ և կարող են օգտագործվել այդ ժամանակաշրջաններում, եթե ընթացիկ ժամանակաշրջանի իրավունքները ամբողջությամբ չեն օգտագործվել: Կուտակվող փոխհատուցելի բացակայությունները կարող են լինել կամ երաշխավորված (այլ կերպ ասած` աշխատակիցները կազմակերպությունից դուրս գալու ժամանակ իրավունք ունեն ստանալ դրամական վճարում չօգտագործված իրավունքների գծով) կամ չերաշխավորված (այլ կերպ ասած` աշխատակիցները կազմակերպությունից դուրս գալու ժամանակ իրավունք չունեն ստանալ դրամական վճարում չօգտագործված իրավունքների գծով): Պարտականություն է առաջանում, երբ աշխատակիցները ծառայություն են մատուցում, որն ավելացնում է նրանց իրավունքները ապագա փոխհատուցելի բացակայությունների նկատմամբ: Պարտականությունը գոյություն ունի և ճանաչվում է, նույնիսկ եթե փոխհատուցելի բացակայությունները չերաշխավորված են: Այնուամենայնիվ, այն բանի հնարավորությունը, որ աշխատակիցները կարող են դուրս գալ կազմակերպությունից մինչև իրենց կուտակված չերաշխավորված իրավունքների օգտագործումը, ազդում է այդ պարտականության չափման վրա:

 

14. Կազմակերպությունը պետք է չափի կուտակվող փոխհատուցելի բացակայությունների գծով ակնկալվող ծախսումները որպես լրացուցիչ գումար, որը կազմակերպությունն ակնկալում է վճարել որպես հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կուտակված չօգտագործված իրավունքների արդյունք:

 

15. Ըստ նախորդ պարագրաֆում նկարագրված մեթոդի` պարտականությունը չափվում է այն լրացուցիչ վճարումների գումարով, որոնք ակնկալվում է, որ կառաջանան բացառապես հատուցումների կուտակման պատճառով: Շատ դեպքերում կարող է կարիք չլինել, որ կազմակերպությունը մանրամասն հաշվարկներ անի` գնահատելու համար, թե արդյոք չօգտագործված փոխհատուցելի բացակայությունների գծով գոյություն ունի զգալի պարտականություն: Օրինակ` հիվանդության հետ կապված արձակուրդի գծով պարտականությունը զգալի կլինի միայն այն դեպքում, եթե գոյություն ունեն ֆորմալ կամ ոչ ֆորմալ հիմքեր ենթադրելու, որ հիվանդության հետ կապված չօգտագործված վճարովի արձակուրդը կարող է դիտվել որպես վճարովի արձակուրդ:

 

14 և 15 պարագրաֆները լուսաբանող օրինակ

 

Կազմակերպությունն ունի 100 աշխատակից, որոնցից յուրաքանչյուրն ունի հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդի իրավունք` տարեկան հինգ աշխատանքային օր տևողությամբ: Հիվանդության հետ կապված չօգտագործված արձակուրդը կարող է փոխադրվել մեկ օրացուցային տարով: Հիվանդության հետ կապված արձակուրդը նախ հանվում է ընթացիկ տարվա համար հասանելիք օրերի թվից և ապա` նախորդ տարվանից փոխադրված մնացորդից (LIFO հիմունք): 20x1 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ հիվանդության հետ կապված արձակուրդի միջին չօգտագործված օրերի թիվը մեկ աշխատակցի հաշվով կազմում էր երկու օր: Հիմնվելով անցյալի փորձի վրա, որը ենթադրվում է, որ չի փոփոխվելու, կազմակերպությունն ակնկալում է, որ 20x2 թվականին 92 աշխատակից վերցնելու են հինգ օրից ոչ ավելի հիվանդության հետ կապված վճարովի արձակուրդ, իսկ մնացած 8 աշխատակիցները` յուրաքանչյուրը միջին հաշվով վեց և կես օր:

 

Կազմակերպությունն ակնկալում է, որ ինքը վճարելու է լրացուցիչ 12 օրվա հիվանդության հետ կապված արձակուրդային վճար` 20x1 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կուտակված չօգտագործված արձակուրդի հետևանքով (մեկ ու կես օր` 8 աշխատակիցներից յուրաքանչյուրի համար): Հետևաբար կազմակերպությունը ճանաչում է պարտավորություն 12 օրվա հիվանդության հետ կապված արձակուրդային վճարին հավասար չափով:

 

16. Չկուտակվող փոխհատուցելի բացակայությունները չեն փոխադրվում հետագա ժամանակաշրջաններ. նրանք կորում են, եթե ընթացիկ ժամանակաշրջանում չեն օգտագործվում կամ օգտագործվում են ոչ ամբողջությամբ, և աշխատակիցները կազմակերպությունից դուրս գալու ժամանակ չօգտագործված փոխհատուցելի բացակայությունների դիմաց դրամական միջոցներ ստանալու իրավունք չունեն: Սա սովորաբար վերաբերում է հիվանդության հետ կապված արձակուրդներին (այն չափով, որով անցյալում չօգտագործված իրավունքները չեն ավելացնում ապագա իրավունքները), երեխայի խնամքի համար արձակուրդներին, ինչպես նաև որպես երդվյալ ատենակալ աշխատելու կամ զինվորական ծառայության համար փոխհատուցելի բացակայություններին: Կազմակերպությունը չի ճանաչում ոչ պարտավորություն և ոչ էլ ծախս մինչև բացակայության տեղի ունենալը, քանի որ աշխատակցի ծառայությունը չի ավելացնում հատուցման գումարը:

 

Շահույթի բաշխումների և պարգևավճարների պլաններ

 

17. Կազմակերպությունը պետք է ճանաչի շահույթի բաշխումների և պարգևավճարների վճարման ակնկալվող ծախսումները համաձայն պարագրաֆ 10-ի, և միայն այն ժամանակ, երբ`

 

ա) կազմակերպությունն ունի այդպիսի վճարումներ կատարելու ներկա իրավական կամ կառուցողական պարտականություն` որպես անցյալ դեպքերի արդյունք, և

 

բ) պարտականությունը հնարավոր է արժանահավատորեն գնահատել:

 

Ներկա պարտականություն գոյություն ունի այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը ոչ մի իրատեսական հնարավորություն չունի վճարում չկատարելու:

 

18. Շահույթի բաշխման որոշ պլանների համաձայն աշխատակիցներն ստանում են շահույթի մի մասը միայն այն դեպքում, եթե նրանք աշխատում են կազմակերպությունում որոշակի ժամանակաշրջանի ընթացքում: Նման պլանները ստեղծում են կառուցողական պարտականություն, քանի որ աշխատակիցները մատուցում են ծառայություն, որն ավելացնում է վճարվելիք գումարը, եթե նրանք շարունակեն աշխատել կազմակերպությունում մինչև սահմանված ժամանակաշրջանի ավարտը: Այդպիսի կառուցողական պարտականությունները չափելիս հաշվի է առնվում այն բանի հնարավորությունը, որ որոշ աշխատակիցներ կարող են լքել կազմակերպությունը առանց շահույթի բաշխումներից վճարումներ ստանալու:

 

Պարագրաֆ 18-ը լուսաբանող օրինակ

 

Շահույթի բաշխման պլանի համաձայն կազմակերպությունը պետք է տարվա իր զուտ շահույթի որոշակի մասը վճարի այն աշխատակիցներին, որոնք կաշխատեն դրան հաջորդող տարվա առաջին կիսամյակի ընթացքում: Եթե այդ կիսամյակի ընթացքում ոչ մի աշխատակից չլքի կազմակերպությունը, ապա շահույթի բաշխման ընդհանուր վճարումները կկազմեն զուտ շահույթի 3 տոկոսը: Կազմակերպության գնահատականների համաձայն` անձնակազմի հոսունությունը կկրճատի վճարումները մինչև զուտ շահույթի 2,5 տոկոսը:

 

Կազմակերպությունը ճանաչում է պարտավորություն և ծախս զուտ շահույթի 2,5 տոկոսի չափով:

 

19. Կազմակերպությունը կարող է պարգևավճարներ վճարելու իրավական պարտականություն չունենալ: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում, կազմակերպությունում լինում է պարգևավճարներ վճարելու պրակտիկա: Այս դեպքերում կազմակերպությունը ունի կառուցողական պարտականություն, քանի որ այն պարգևավճարներ չվճարելու իրատեսական հնարավորություն չունի: Կառուցողական պարտականության չափումն արտացոլում է այն բանի հնարավորությունը, որ որոշ աշխատակիցներ կարող են լքել կազմակերպությունը առանց պարգևավճարներ ստանալու:

 

20. Կազմակերպությունը կարող է արժանահավատորեն գնահատել շահույթի բաշխման կամ պարգևավճարների պլանների համաձայն իր իրավական կամ կառուցողական պարտականությունը այն և միայն այն դեպքում, երբ`

 

ա) պլանի ֆորմալ պայմանները պարունակում են հատուցման գումարի որոշման բանաձևը,

 

բ) կազմակերպությունը որոշում է վճարվելիք գումարները մինչև ֆինանսական հաշվետվությունները հրապարակման համար հաստատելը, կամ

 

գ) անցյալ փորձը տրամադրում է հստակ վկայություն կազմակերպության կառուցողական պարտականության գումարի վերաբերյալ:

 

21. Շահույթի բաշխման և պարգևավճարների պլանների համաձայն պարտականությունն առաջանում է աշխատակցի ծառայությունից և ոչ թե կազմակերպության սեփականատերերի հետ գործարքներից: Հետևաբար` կազմակերպությունը շահույթի բաշխման կամ պարգևավճարների պլանների գծով ծախսումները ճանաչում է ոչ թե որպես զուտ շահույթի բաշխում, այլ` որպես ծախս:

 

22. Եթե շահույթի բաշխման և պարգևավճարների գծով վճարումները ոչ ամբողջությամբ են ենթակա վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, ապա այս վճարումներն իրենցից ներկայացնում են աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ (տես 126-131 պարագրաֆները): Եթե շահույթի բաշխումները և պարգևավճարները բավարարում են սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների սահմանմանը, ապա կազմակերպությունը դրանք հաշվառում է 144-152 պարագրաֆների համաձայն:

 

Բացահայտում

 

23. Թեև սույն ստանդարտը չի պահանջում աշխատակիցների կարճաժամկետ հատուցումների վերաբերյալ հատուկ բացահայտումներ, նման պահանջներ կարող են պարունակվել Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներում: Օրինակ` այն դեպքերում, երբ ՀՀՀՀՍ 24 «Կապակցված կողմերի բացահայտում» ստանդարտով պահանջվում է բացահայտել տեղեկատվություն հանգուցային կառավարչական անձնակազմի համար աշխատակիցների հատուցումների վերաբերյալ: ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտով պահանջվում է, որ կազմակերպությունը բացահայտի անձնակազմի գծով ծախսերը:

 

Հետաշխատանքային հատուցումներ. սահմանված մասհանումների պլանի և սահմանված հատուցումների պլանի տարբերակումը

 

24. Հետաշխատանքային հատուցումները ներառում են, օրինակ`

 

ա) կենսաթոշակի անցնելու հետ կապված հատուցումները, ինչպիսիք են, օրինակ, կենսաթոշակները, և

 

բ) այլ հետաշխատանքային հատուցումներ, ինչպիսիք են, օրինակ, հետաշխատանքային կյանքի ապահովագրությունը կամ հետաշխատանքային բուժսպասարկումը:

 

Այն համաձայնությունները, որոնց համաձայն կազմակերպությունը տրամադրում է հետաշխատանքային հատուցումներ, կոչվում են հետաշխատանքային հատուցումների պլաններ: Բոլոր այդպիսի համաձայնությունների նկատմամբ կազմակերպությունը կիրառում է սույն ստանդարտը` անկախ այն բանից, թե արդյոք դրանք նախատեսում են առանձին միավորի ստեղծում` մասհանումներ ստանալու և հատուցումներ վճարելու համար:

 

25. Հետաշխատանքային հատուցումների պլանները դասակարգվում են կամ որպես սահմանված մասհանումների պլաններ, կամ որպես սահմանված հատուցումների պլաններ` կախված պլանի` իր հիմնական պայմաններից բխող տնտեսական բովանդակությունից: Ըստ սահմանված մասհանումների պլանի`

 

ա) կազմակերպության իրավական կամ կառուցողական պարտականությունը սահմանափակվում է այն գումարով, որը նա համաձայնել է հատկացնել (մասհանել) հիմնադրամին: Այդպիսով` աշխատակցի կողմից ստացվող հետաշխատանքային հատուցումների գումարը որոշվում է կազմակերպության (հնարավոր է` նաև աշխատակցի) կողմից հետաշխատանքային հատուցումների պլանին կամ ապահովագրական կազմակերպությանը վճարված մասհանումների գումարով` այդ մասհանումներից առաջացող ներդրումների հատույցի հետ միասին, և

 

բ) որպես հետևանք, ակտուարային ռիսկը (որ հատուցումները կլինեն ակնկալվածից քիչ) և ներդրումային ռիսկը (որ ներդրված ակտիվները բավարար չեն լինի ակնկալվող հատուցումները ապահովելու համար) ընկնում են աշխատակցի վրա:

 

26. Կազմակերպության պարտականությունը չի սահմանափակվում այն գումարով, որը նա համաձայնել է մասհանել հիմնադրամին այն դեպքերում, երբ կազմակերպությունն ունի իրավական կամ կառուցողական պարտականություն` կապված, օրինակ`

 

ա) պլանի հատուցումների բանաձևի հետ, որը կախված չէ միայն մասհանումների գումարից,

 

բ) մասհանումների գծով որոշակի հատույցի երաշխիքի հետ` լինի անուղղակիորեն` պլանի միջոցով, թե` ուղղակիորեն, կամ

 

գ) ձևավորված (ոչ ֆորմալ) պրակտիկայի հետ, որն առաջացնում է կառուցողական պարտականություն: Օրինակ` կառուցողական պարտականություն կարող է առաջանալ այն դեպքում, երբ կազմակերպությունում ձևավորվել է նախկին աշխատակիցներին վճարվող հատուցումները ավելացնելու ավանդույթ` սղաճի հետևանքները վերացնելու նպատակով, նույնիսկ եթե գոյություն չունի այդպես անելու իրավական պարտականություն:

 

27. Ըստ սահմանված հատուցումների պլանի`

 

ա) կազմակերպությունը պարտականություն ունի տրամադրել համաձայնեցված հատուցումներ ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող և նախկին աշխատակիցներին, և

 

բ) ակտուարային ռիսկը (որ հատուցումները կլինեն ակնկալվածից շատ) և ներդրումային ռիսկը, ըստ էության, ընկնում են կազմակերպության վրա: Եթե ակտուարային կամ ներդրումային փորձի (փաստի) տվյալները ակնկալվածից ավելի վատ են, ապա կազմակերպության պարտականությունը կարող է աճել:

 

28. Ստորև` 29-42 պարագրաֆներում, բացատրվում է սահմանված մասհանումների պլանների և սահմանված հատուցումների պլանների տարբերակումը` մեկից ավելի գործատուների պլանների, պետական պլանների և ապահովագրված հատուցումների առումով:

 

Մեկից ավելի գործատուների պլաններ

 

29. Կազմակերպությունը պետք է դասակարգի մեկից ավելի գործատուների պլանը որպես սահմանված մասհանումների պլան կամ որպես սահմանված հատուցումների պլան` պլանի պայմանների համաձայն (ներառյալ ցանկացած կառուցողական պարտականություն, որը դուրս է մնում ֆորմալ պայմաններից): Այն դեպքերում, երբ մեկից ավելի գործատուների պլանն իրենից ներկայացնում է սահմանված հատուցումների պլան, կազմակերպությունը պետք է`

 

ա) հաշվառի սահմանված հատուցումների գծով պարտականության, պլանի ակտիվների և պլանի հետ կապված ծախսումների իր համամասնական բաժինը ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ սահմանված հատուցումների պլանի դեպքում, և

 

բ) բացահայտի պարագրաֆ 120-ով պահանջվող տեղեկատվությունը:

 

30. Երբ առկա տեղեկատվությունը բավարար չէ, որպեսզի իրենից սահմանված հատուցումների պլան ներկայացնող` մեկից ավելի գործատուների պլանի նկատմամբ կիրառվի սահմանված հատուցումների պլանի համար օգտագործվող հաշվառման մեթոդը, կազմակերպությունը պետք է`

 

ա) պլանի հաշվապահական հաշվառումը իրականացնի 44-46 պարագրաֆների համաձայն` այնպես, ինչպես եթե այն լիներ սահմանված մասհանումների պլան,

 

բ) բացահայտի`

 

I. այն փաստը, որ պլանն իրենից ներկայացնում է սահմանված հատուցումների պլան, և

 

II. պատճառը, թե ինչու չկա բավարար տեղեկատվություն, որպեսզի կազմակերպությունը կարողանար պլանը հաշվառել ինչպես սահմանված հատուցումների պլան, և

 

գ) այն չափով, որով պլանի ավելցուկը կամ պակասորդը կարող է ազդել ապագա մասհանումների գումարի վրա, լրացուցիչ բացահայտի`

 

I. այդ ավելցուկի կամ պակասորդի վերաբերյալ ցանկացած առկա տեղեկատվություն,

 

II. այդ ավելցուկը կամ պակասորդը որոշելու համար օգտագործված հիմունքը, և

 

III. կազմակերպության համար դրա հետևանքները, եթե այդպիսիք կան:

 

31. Մեկից ավելի գործատուների սահմանված հատուցումների պլանի օրինակ է այն, որի դեպքում`

 

ա) պլանը ֆինանսավորվում է ընթացիկ հիմունքով, այսինքն` մասհանումները սահմանվում են այն մակարդակով, որը համարվում է բավարար` վճարելու համար այդ նույն ժամանակաշրջանում վճարման ենթակա հատուցումները. իսկ ընթացիկ ժամանակաշրջանում վաստակած ապագա հատուցումները վճարվելու են ապագա մասհանումներից, և

 

բ) աշխատակիցների հատուցումները որոշվում են իրենց ծառայության (աշխատանքային ստաժի) տևողությամբ, և պլանի մասնակից կազմակերպությունները չունեն իրատեսական միջոցներ, որպեսզի դուրս գան պլանից` առանց վճարելու մասհանումներ այն հատուցումների գծով, որոնք վաստակել են աշխատակիցները մինչև դուրս գալու օրը: Նման պլանը կազմակերպության համար ստեղծում է ակտուարային ռիսկ. եթե հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ արդեն վաստակած հատուցումների վերջնական արժեքը ակնկալվածից ավելի է, ապա կազմակերպությունը կամ պետք է ավելացնի իր մասհանումները, կամ համոզի իր աշխատակիցներին համաձայնել հատուցումների կրճատմանը: Հետևաբար` նման պլանն իրենից ներկայացնում է սահմանված հատուցումների պլան:

 

32. Այն դեպքերում, երբ առկա է բավարար տեղեկատվություն իրենից սահմանված հատուցումների պլան ներկայացնող մեկից ավելի գործատուների պլանի վերաբերյալ, կազմակերպությունը հաշվառում է սահմանված հատուցումների գծով պարտականության, պլանի ակտիվների և պլանի հետ կապված հետաշխատանքային հատուցումների գծով ծախսումների իր համամասնական բաժինը ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ սահմանված հատուցումների պլանի դեպքում: Այնուամենայնիվ, որոշ դեպքերում կազմակերպությունը կարող է ի վիճակի չլինել որոշակիացնել իր բաժինը պլանի ֆինանսական վիճակում և ֆինանսական արդյունքներում բավարար արժանահավատությամբ` հաշվապահական հաշվառման նպատակներով: Այդպես կարող է լինել, եթե`

 

ա) կազմակերպությանը մատչելի չէ այն պլանի վերաբերյալ տեղեկատվությունը, որ կբավարարեր սույն ստանդարտի պահանջներին, կամ

 

բ) պլանը մասնակից կազմակերպություններին ենթարկում է ակտուարային ռիսկերի` կապված այլ կազմակերպությունների ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող և նախկին աշխատակիցների հետ, որի արդյունքն այն է, որ չկա պարտականությունը, պլանի ակտիվները և ծախսումները պլանին մասնակցող կազմակերպությունների միջև բաշխելու հետևողական և հուսալի հիմունք:

 

Այսպիսի դեպքերում կազմակերպությունը հաշվառում է պլանն այնպես, ինչպես եթե այն լիներ սահմանված մասհանումների պլան, և բացահայտում է պարագրաֆ 30-ով պահանջվող լրացուցիչ տեղեկատվությունը:

 

33. Մեկից ավելի գործատուների պլանը տարբերվում է խմբային կառավարման պլաններից: Խմբային կառավարման պլանը պարզապես առանձին գործատուների պլանների համակցություն է, որոնք միավորվել են, որպեսզի հնարավորություն տան մասնակից գործատուներին իրենց ակտիվները միավորել պուլում` ներդրումներ կատարելու և ներդրումների կառավարման ու վարչական ծախսումները կրճատելու նպատակով, սակայն այս դեպքում տարբեր գործատուների պահանջներն առանձնացված են` միայն իրենց աշխատակիցներին հատուցումներ վճարելու նպատակով: Խմբային կառավարման պլանները հաշվապահական հաշվառման համար պրոբլեմ չեն ներկայացնում, քանի որ հեշտությամբ մատչելի է տեղեկատվություն` դիտարկելու համար դրանք ճիշտ այնպես, ինչպես ցանկացած այլ մեկ գործատուի պլանի դեպքում, ինչպես նաև այն պատճառով, որ նման պլանները մասնակից կազմակերպություններին չեն ենթարկում ակտուարային ռիսկերի` կապված այլ կազմակերպությունների ընթացիկ ժամանակաշրջանում աշխատող և նախկին աշխատակիցների հետ: Սույն ստանդարտում բերված սահմանումները պահանջում են, որ կազմակերպությունը խմբային կառավարման պլանը դասակարգի կամ որպես սահմանված մասհանումների պլան, կամ որպես սահմանված հատուցումների պլան` ելնելով պլանի պայմաններից (ներառյալ ցանկացած կառուցողական պարտականություն, որը դուրս է մնում ֆորմալ պայմաններից):

 

34. Այն սահմանված հատուցումների պլանները, որոնք միավորում են պուլում ընդհանուր հսկողության տակ գտնվող տարբեր կազմակերպությունների (օրինակ` մայր կազմակերպության և իր դուստր ընկերությունների) կողմից մասհանված (հատկացված) ակտիվները, մեկից ավելի գործատուների պլաններ չեն: Հետևաբար` կազմակերպությունը բոլոր նման պլանները դիտում է որպես մեկ գործատուի սահմանված հատուցումների պլաններ:

 

35. ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը բացահայտի տեղեկատվություն որոշակի պայմանական պարտավորությունների վերաբերյալ: Մեկից ավելի գործատուների պլանի առումով պայմանական պարտավորություն կարող է առաջանալ, օրինակ`

 

ա) այլ մասնակից կազմակերպություններին վերաբերող ակտուարային վնասներից, քանի որ մեկից ավելի գործատուների պլանում մասնակցող յուրաքանչյուր կազմակերպություն կիսում է յուրաքանչյուր այլ մասնակից կազմակերպության ակտուարային ռիսկը, կամ

 

բ) պլանով նախատեսված ցանկացած պարտականությունից` ֆինանսավորելու պլանի պակասորդը, եթե մյուս կազմակերպությունները դադարեն մասնակցելուց:

 

Պետական պլաններ

 

36. Կազմակերպությունը պետական պլանը պետք է հաշվառի ճիշտ այնպես, ինչպես հաշվառում է մեկից ավելի գործատուների պլանը (տես 29 և 30 պարագրաֆները):

 

37. Պետական պլանները հիմնադրվում են օրենսդրությամբ` ընդգրկելով բոլոր կազմակերպություններին (կամ որոշակի կատեգորիայի, օրինակ` որոշակի ճյուղի բոլոր կազմակերպություններին), և կառավարվում են պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմինների, կամ էլ այլ մարմինների (օրինակ` հատուկ այդ նպատակով ստեղծված ինքնավար գործակալության) կողմից, որոնք ենթակա չեն հաշվետու կազմակերպության հսկողությանը կամ ազդեցությանը: Կազմակերպության կողմից ստեղծված որոշ պլաններ տրամադրում են ինչպես պարտադիր հատուցումներ, որոնք այլապես ծածկվելու էին պետական պլաններով, այնպես էլ լրացուցիչ կամավոր հատուցումներ: Այդպիսի պլանները պետական պլաններ չեն:

 

38. Պետական պլաններն իրենց բնույթով բնութագրվում են որպես սահմանված հատուցումների կամ սահմանված մասհանումների պլաններ` հիմք ընդունելով պլանի համաձայն կազմակերպության պարտականությունը: Պետական պլանների մեծ մասը ֆինանսավորվում են ընթացիկ հիմունքով. մասհանումները սահմանվում են այն մակարդակով, որը համարվում է բավարար վճարելու համար այդ նույն ժամանակաշրջանում վճարման ենթակա պահանջվող հատուցումները. իսկ ընթացիկ ժամանակաշրջանում վաստակած ապագա հատուցումները վճարվելու են ապագա մասհանումներից: Այնուամենայնիվ, պետական պլաններից շատերում կազմակերպությունները չունեն իրավական կամ կառուցողական պարտականություն` վճարելու այդ ապագա հատուցումները. նրանց միակ պարտականությունն է վճարել մասհանումներ, երբ դրանք ենթակա են վճարման, և եթե պետական պլանում ընդգրկված անձինք դուրս գան կազմակերպությունից, վերջինս չի ունենա պարտականություն վճարելու իր աշխատակիցների կողմից նախորդ տարիներին վաստակած հատուցումները: Այս պատճառով պետական պլանները սովորաբար իրենցից ներկայացնում են սահմանված մասհանումների պլաններ: Այնուամենայնիվ, այն հազվագյուտ դեպքերում, երբ պետական պլանը սահմանված հատուցումների պլան է, կազմակերպությունը կիրառում է 29 և 30 պարագրաֆներում նկարագրված մոտեցումը:

 

Ապահովագրված հատուցումներ

 

39. Կազմակերպությունը կարող է վճարել ապահովագրական վճարներ` հետաշխատանքային հատուցումների պլանը ֆինանսավորելու նպատակով: Կազմակերպությունը պետք է այդպիսի պլանը դիտի որպես սահմանված մասհանումների պլան, բացի այն դեպքերից, երբ կազմակերպությունն ունի (կամ ուղղակիորեն, կամ անուղղակիորեն` պլանի միջոցով) իրավական կամ կառուցողական պարտականություն`

 

ա) վճարելու աշխատակիցների հատուցումներ ուղղակիորեն, երբ դրանք ենթակա են վճարման, կամ

 

բ) վճարելու լրացուցիչ մասհանումներ, եթե ապահովագրողը չի վճարում ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայությանը վերաբերող բոլոր ապագա հատուցումները:

 

Եթե կազմակերպությունը պահպանում է այդպիսի իրավական կամ կառուցողական պարտականություն, ապա այն պետք է պլանը դիտի որպես սահմանված հատուցումների պլան:

 

40. Պարտադիր չէ, որ ապահովագրական պայմանագրի միջոցով ապահովագրված հատուցումները ուղղակիորեն կապված լինեն աշխատակիցների հատուցումների գծով կազմակերպության պարտականության հետ: Ապահովագրական պայմանագրեր ներառող հետաշխատանքային հատուցումների պլանները նույնպես ենթակա են տարբերակման սահմանված հատուցումների պլանների կամ սահմանված մասհանումների պլանների, ինչպես որ այլ ֆոնդավորվող պլանները:

 

41. Եթե կազմակերպությունը ֆինանսավորում է հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունը` կատարելով մասհանումներ ըստ ապահովագրական պոլիսի, որի համաձայն կազմակերպությունը (կամ ուղղակիորեն, կամ անուղղակիորեն` պլանի միջոցով, ապագա ապահովագրական վճար սահմանելու մեխանիզմի միջոցով կամ ապահովագրողի հետ որպես կապակցված կողմի փոխհարաբերությունների միջոցով) պահպանում է իրավական կամ կառուցողական պարտականությունը, ապա ապահովագրական վճարի վճարումը համարժեք չէ սահմանված մասհանումների պլանի գծով վճարումներին: Այստեղից հետևում է, որ կազմակերպությունը`

 

ա) ըստ ապահովագրական պոլիսի իր իրավունքները ճանաչում է որպես ակտիվ (եթե պոլիսը պահվում է կազմակերպության կողմից) կամ պլանի ակտիվ (եթե պոլիսի համաձայն պլանի իրավունքները բավարարում են պլանի ակտիվների սահմանմանը), և

 

բ) հաշվառում է իր պարտականությունն աշխատակիցների նկատմամբ որպես պարտավորություն ճիշտ այնպես, ինչպես կհաշվառեր, եթե ապահովագրական պայմանագիր չլիներ:

 

42. Եթե ապահովագրական պոլիսը պլանի որոշակի մասնակցի կամ մասնակիցների խմբի անունով է, և կազմակերպությունը չունի պայմանագրի գծով որևէ վնաս ծածկելու իրավական կամ կառուցողական պարտականություն, ապա կազմակերպությունը աշխատակիցներին հատուցումներ վճարելու ոչ մի պարտականություն չունի, և ապահովագրողը միայնակ է պատասխանատու հատուցումները վճարելու համար: Այդպիսի պայմանագրերի համաձայն ֆիքսված ապահովագրական վճարների վճարումն ըստ էության իրենից ներկայացնում է աշխատակիցների հատուցումների գծով պարտականության մարում, այլ ոչ թե պարտականության կատարումը ապահովելու համար ներդրում: Հետևաբար` կազմակերպությունն այլևս չունի ոչ ակտիվ, ոչ էլ պարտավորություն: ՈՒստի կազմակերպությունը նման մասհանումները դիտում է որպես վճարումներ սահմանված մասհանումների պլանին:

 

Հետաշխատանքային հատուցումներ. սահմանված մասհանումների պլաններ

 

43. Սահմանված մասհանումների պլանների հաշվապահական հաշվառումը սովորաբար պարզ է, քանի որ հաշվետու կազմակերպության պարտականությունը յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար որոշվում է այդ ժամանակաշրջանի համար մասհանման ենթակա գումարներով: Հետևաբար պարտականությունը կամ ծախսը չափելու համար ակտուարային ենթադրություններ չեն պահանջվում, և չկա ակտուարային շահույթի կամ վնասի հնարավորություն: Ավելին, պարտականությունները չափվում են առանց զեղչման, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք ոչ ամբողջությամբ են ենթակա մարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը:

 

Ճանաչումը և չափումը

 

44. Երբ աշխատակիցը ժամանակաշրջանի ընթացքում ծառայություն է մատուցում կազմակերպությանը, կազմակերպությունը այդ ծառայության դիմաց սահմանված մասհանումների պլանին վճարվելիք մասհանումը պետք է ճանաչի`

 

ա) որպես պարտավորություն` արդեն վճարված մասհանումները հանելուց հետո: Եթե արդեն վճարած մասհանումը գերազանցում է մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը ծառայության դիմաց վճարվելիք մասհանումը, ապա կազմակերպությունը պետք է ճանաչի այդ տարբերությունը որպես ակտիվ` այն չափով, որով կանխավճարը կհանգեցնի, օրինակ, ապագա վճարումների կրճատման կամ դրամական միջոցների վերադարձի, և

 

բ) որպես ծախս, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով պահանջվում կամ թույլատրվում է հատուցումների գումարը ներառել մեկ այլ ակտիվի արժեքի մեջ (տես, օրինակ, ՀՀՀՀՍ 2 և ՀՀՀՀՍ 16):

 

45. Այն դեպքերում, երբ սահմանված մասհանումների պլանին մասհանումները ոչ ամբողջությամբ են ենթակա վճարման այն ժամանակաշրջանի ավարտից հետո տասներկու ամսվա ընթացքում, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, դրանք պետք է զեղչվեն` օգտագործելով պարագրաֆ 78-ում սահմանված զեղչման դրույքը:

 

Բացահայտում

 

46. Կազմակերպությունը պետք է բացահայտի սահմանված մասհանումների պլանի գծով որպես ծախսում ճանաչված գումարը:

 

47. ՀՀՀՀՍ 24-ով պահանջվող դեպքերում կազմակերպությունը պետք է բացահայտի տեղեկատվություն հանգուցային կառավարչական անձնակազմի գծով սահմանված մասհանումների պլանին կատարված մասհանումների վերաբերյալ:

 

Հետաշխատանքային հատուցումներ. սահմանված հատուցումների պլաններ

 

48. Սահմանված հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումը բարդ է, քանի որ պարտականությունը և ծախսը չափելու համար պահանջվում են ակտուարային ենթադրություններ, և հնարավոր են ակտուարային շահույթներ և վնասներ: Ավելին, պարտականությունները չափվում են զեղչմամբ, քանի որ նրանք կարող են մարվել աշխատակիցների կողմից համապատասխան ծառայությունը մատուցելուց շատ տարիներ հետո:

 

Ճանաչումը և չափումը

 

49. Սահմանված հատուցումների պլանները կարող են լինել չֆոնդավորվող, կամ նրանք կարող են ամբողջությամբ կամ մասամբ ֆոնդավորվել կազմակերպության և երբեմն էլ իր աշխատակիցների կողմից որևէ առանձին միավորի (հիմնադրամի) մասհանումներ անելու միջոցով, որն իրավաբանորեն առանձնացված է հաշվետու կազմակերպությունից և որից էլ վճարվում են աշխատակիցների հատուցումները: Ֆոնդավորվող հատուցումների վճարումը (հատուցումների վճարումը առանձին միավորից (հիմնադրամից)), երբ դրանք ենթակա են վճարման, կախված է ոչ միայն հիմնադրամի ֆինանսական վիճակից և ներդրումային գործունեության արդյունքներից, այլ նաև կազմակերպության կարողությունից (և ցանկությունից) ծածկել հիմնադրամի ակտիվների պակասորդը: Հետևաբար` կազմակերպությունն ըստ էության իր վրա է վերցնում պլանի հետ կապված ակտուարային և ներդրումային ռիսկերը: Հետևաբար, սահմանված հատուցումների պլանի գծով ճանաչվող ծախսը պարտադիր չէ, որ հավասար լինի տվյալ ժամանակաշրջանի համար վճարման ենթակա հատուցումների գումարին:

 

50. Կազմակերպության կողմից սահմանված հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումը ներառում է հետևյալ քայլերը.

 

ա) ակտուարային մեթոդների օգտագործումը` արժանահավատորեն գնահատելու համար այն հատուցման գումարը, որը վաստակել են աշխատակիցները ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում իրենց ծառայության դիմաց: Սա կազմակերպությունից պահանջում է որոշել, թե ինչ չափի հատուցումներ են վերագրելի ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններին (տես 67-71 պարագրաֆները) և անել գնահատումներ (ակտուարային ենթադրություններ) ժողովրդագրական փոփոխականների (ինչպիսիք են անձնակազմի հոսունությունը և մահացությունը) և ֆինանսական փոփոխականների (ինչպիսիք են աշխատավարձերի և առողջապահական ծախսումների ապագա աճը) վերաբերյալ, որոնք ազդեցություն կունենան հատուցման գծով ծախսումների վրա (տես 72-91 պարագրաֆները).

 

բ) այդ հատուցման զեղչումը` նախատեսված հատուցման միավորի մեթոդի օգտագործմամբ` որոշելու համար սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը և ընթացիկ ծառայության արժեքը (տես 64-66 պարագրաֆները).

 

գ) պլանի ակտիվների իրական արժեքի որոշումը (տես 102-104 պարագրաֆները).

 

դ) ակտուարային շահույթների և վնասների ընդհանուր գումարի, ինչպես նաև ակտուարային շահույթների և վնասների այն գումարի որոշումը, որը ենթակա է ճանաչման (տես 92-95 պարագրաֆները),

 

ե) պլանների ներդրման կամ փոփոխության դեպքում` արդյունքում առաջացող անցյալ ծառայության արժեքի աճի որոշումը (տես 96-101 պարագրաֆները), և

 

զ) պլանի կրճատման կամ մարման դեպքում` արդյունքում առաջացող շահույթի կամ վնասի որոշումը (տես 109-115 պարագրաֆները):

 

Այն դեպքերում, երբ կազմակերպությունն ունի մեկից ավելի սահմանված հատուցումների պլաններ, այն պետք է յուրաքանչյուր էական պլանի նկատմամբ այս ընթացակարգերը կիրառի առանձին:

 

51. Որոշ դեպքերում գնահատումները, միջինացված ցուցանիշները և կրճատ հաշվարկները կարող են ապահովել սույն ստանդարտով նախատեսված մանրամասն հաշվարկների արժանահավատ մոտավորեցումներ:

 

Կառուցողական պարտականության հաշվապահական հաշվառումը

 

52. Կազմակերպությունը պետք է հաշվառի ոչ միայն իր իրավական պարտականությունն ըստ սահմանված հատուցումների պլանի ֆորմալ պայմանների, այլ նաև ցանկացած կառուցողական պարտականություն, որն առաջանում է կազմակերպության ձևավորված պրակտիկայից: Ձևավորված պրակտիկան առաջացնում է կառուցողական պարտականություն այն դեպքում, երբ կազմակերպությունը աշխատակիցների հատուցումները չվճարելու ոչ մի իրատեսական հնարավորություն չունի: Կառուցողական պարտականության օրինակ է այն, երբ կազմակերպության ձևավորված պրակտիկայի փոփոխությունն անընդունելի վնաս կպատճառի իր և իր աշխատակիցների փոխհարաբերություններին:

 

53. Սահմանված հատուցումների պլանի ֆորմալ պայմանները կարող են թույլ տալ կազմակերպությանը դադարեցնել իր` պլանով նախատեսված պարտականությունները: Այնուամենայնիվ, կազմակերպության համար սովորաբար դժվար է չեղյալ համարել պլանը, եթե նա ձգտում է պահպանել աշխատակիցներին: Հետևաբար, հակառակն ապացուցող վկայությունների բացակայության պայմաններում, հետաշխատանքային հատուցումների հաշվապահական հաշվառման նպատակով ենթադրվում է, որ ներկայումս այդպիսի հատուցումներ խոստացող կազմակերպությունը կշարունակի այդպես վարվել նաև աշխատակիցների մնացած ամբողջ աշխատանքային գործունեության ընթացքում:

 

Հաշվապահական հաշվեկշիռ

 

54. Գումարը, որը ճանաչվում է որպես սահմանված հատուցումների գծով պարտավորություն, պետք է իրենից ներկայացնի հետևյալ մեծությունների զուտ հանրագումարը.

 

ա) սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ (տես պարագրաֆ 64),

 

բ) գումարած ակտուարային շահույթները (հանած ակտուարային վնասները), որոնք չեն ճանաչվել 92-93 պարագրաֆներում նկարագրված մոտեցման պատճառով,

 

գ) հանած դեռ չճանաչված` ցանկացած անցյալ ծառայության արժեքի աճ (տես պարագրաֆ 96),

 

դ) հանած հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքը (եթե այդպիսիք կան), որոնք ուղղակիորեն նախատեսված են պարտականությունները մարելու համար (տես 102-104 պարագրաֆները):

 

55. Սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքն իրենից ներկայացնում է համախառն պարտականությունը` նախքան պլանի ակտիվների իրական արժեքը հանելը:

 

56. Կազմակերպությունը պետք է սահմանված հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքը և պլանի ակտիվների իրական արժեքը որոշի բավարար պարբերականությամբ, որպեսզի ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարներն էականորեն չտարբերվեն այն գումարներից, որոնք կորոշվեին հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ:

 

57. Սույն ստանդարտով խրախուսվում է, բայց չի պահանջվում, որ կազմակերպությունը, բոլոր նշանակալի հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունները չափելիս, ներգրավի որակավորված ակտուարային գնահատողի: Գործնական նկատառումներից ելնելով կազմակերպությունը կարող է հրավիրել մասնագետ գնահատողի` իրականացնելու համար պարտականության մանրամասն գնահատում մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը: Այնուամենայնիվ, նման գնահատման արդյունքներն արդիականացվում են` հաշվի առնելով մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը տեղի ունեցած բոլոր նշանակալի գործառնությունները և իրավիճակի այլ էական փոփոխությունները (ներառյալ շուկայական գների և տոկոսադրույքների փոփոխությունները):

 

58. Պարագրաֆ 54-ի համաձայն որոշված գումարը կարող է լինել բացասական (ակտիվ): Կազմակերպությունը պետք է առաջացող ակտիվը չափի հետևյալ մեծություններից նվազագույնով.

 

ա) պարագրաֆ 54-ի համաձայն որոշված գումարից, և

 

բ) ստորև բերվածների զուտ հանրագումարից.

 

I. չճանաչված ակտուարային վնասների և անցյալ ծառայության արժեքի աճի (տես պարագրաֆներ 92, 93 և 96), և

 

II. պլանից միջոցների վերադարձումների կամ պլանին ապագա մասհանումների նվազեցումների ձևով առկա ցանկացած տնտեսական օգուտների ներկա արժեքի: Այդ տնտեսական օգուտների ներկա արժեքը պետք է որոշվի` օգտագործելով պարագրաֆ 78-ում սահմանված զեղչման դրույքը:

 

59. Ակտիվ կարող է առաջանալ այն դեպքերում, երբ սահմանված հատուցումների պլանը գերֆինանսավորվել է կամ էլ, երբ որոշակի դեպքերում ճանաչվել են ակտուարային շահույթներ: Այդպիսի դեպքերում կազմակերպությունը ճանաչում է ակտիվ, քանի որ`

 

ա) կազմակերպությունը վերահսկում է միջոց, որը ապագա օգուտներ ստեղծելու համար ավելցուկն օգտագործելու կարողությունն է,

 

բ) այդ վերահսկողությունն անցյալ դեպքերի (կազմակերպության կողմից մասհանումների վճարման և աշխատակցի կողմից ծառայության մատուցման) արդյունք է, և

 

գ) ապագա տնտեսական օգուտները մատչելի են կազմակերպությանը ապագա մասհանումների կրճատման կամ դրամական միջոցների վերադարձման (կամ ուղղակիորեն կազմակերպությանը, կամ անուղղակիորեն` պակասորդ ունեցող մեկ այլ պլանին) ձևով:

 

60. Պարագրաֆ 58-ի «բ» կետում նշված սահմանափակումը չի խաթարում որոշակի ակտուարային վնասների (տես 92-93 պարագրաֆները) և որոշակի անցյալ ծառայության արժեքի աճի (տես պարագրաֆ 96) հետաձգված ճանաչումը: Այնուամենայնիվ, այս սահմանափակումը գերակշռում է 155 պարագրաֆի «բ» կետի անցումային դրույթի նկատմամբ: 120 պարագրաֆի «գ» կետի «VI» ենթակետով պահանջվում է, որ կազմակերպությունը բացահայտի այն գումարները, որոնք չեն ճանաչվել որպես ակտիվ 58 պարագրաֆի «բ» կետի սահմանափակման պատճառով:

 

Պարագրաֆ 60-ը լուսաբանող օրինակ.

 

Սահմանված հատուցումների պլանն ունի հետևյալ բնութագրերը.

    Պարտականության ներկա արժեքը                            1.100

    Պլանի ակտիվների իրական արժեքը                         (1.190)

                                                          -------

                                                             (90)

    Չճանաչված ակտուարային վնասներ                           (110)

    Չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ                   (70)

    Պարտավորության չճանաչված աճը` ստանդարտի սկզբնական        (50)

    ընդունման ժամանակ` համաձայն պարագրաֆ 155-ի «բ» կետի     ------

    Պարագրաֆ 54-ի համաձայն որոշված բացասական գումարը        (320)

                                                            ------

    Առկա ապագա դրամական միջոցների վերադարձումների և          100

ապագա մասհանումների նվազեցումների ներկա արժեքը

Պարագրաֆ 58-ի «բ» կետով նախատեսված սահմանափակումը

հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

    Չճանաչված ակտուարային վնասներ                            110

    Չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճը                   70

    Առկա ապագա դրամական միջոցների վերադարձումների և          100

    ապագա մասհանումների նվազեցումների ներկա արժեքը           ----

    Սահմանափակումը                                           280

                                                            -----

280-ը 320-ից փոքր է. հետևաբար կազմակերպությունը ճանաչում է ակտիվ

280-ի չափով և բացահայտում է, որ սահմանափակումը նվազեցրել է ակտիվի

հաշվեկշռային արժեքը 40-ով (տես 120 պարագրաֆի «գ» կետի «VI» ենթակետը):

 

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվություն

 

61. Կազմակերպությունը պետք է ճանաչի ստորև ներկայացված մեծությունների զուտ հանրագումարը որպես ծախս կամ (հաշվի առնելով պարագրաֆ 58-ի «բ» կետի սահմանափակումը) եկամուտ, բացառությամբ դրա այն մասի, որը Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման մեկ այլ ստանդարտով պահանջվում կամ թույլատրվում է ներառել որևէ ակտիվի արժեքի մեջ.

 

ա) ընթացիկ ծառայության արժեքը (տես 63-91 պարագրաֆները),

 

բ) տոկոսների արժեքը (տես պարագրաֆ 82),

 

գ) պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը (տես 105-107 պարագրաֆները),

 

դ) ակտուարային շահույթները և վնասները` այն չափով, որով դրանք ճանաչվում են համաձայն 92 և 93 պարագրաֆների,

 

ե) անցյալ ծառայության արժեքի աճը` այն չափով, որով կազմակերպությունից պահանջվում է ճանաչել այն համաձայն պարագրաֆ 96-ի, և

 

զ) պլանի ցանկացած կրճատման կամ մարման ազդեցությունը (տես 109 և 110 պարագրաֆները):

 

62. Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներով պահանջվում է, որ աշխատակիցների հատուցումների գծով որոշակի ծախսումներ ներառվեն ակտիվների, օրինակ, պաշարների կամ հիմնական միջոցների արժեքի մեջ (տես ՀՀՀՀՍ 2 և ՀՀՀՀՍ 16): Նման ակտիվների արժեքում ներառված հետաշխատանքային հատուցումների գծով ծախսումները համապատասխան համամասնությամբ ներառում են պարագրաֆ 61-ում թվարկված բաղադրիչները:

 

Ճանաչումը և չափումը. սահմանված հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքը և ընթացիկ ծառայության արժեքը

 

63. Սահմանված հատուցումների պլանի գծով վերջնական ծախսումների վրա կարող են ազդել բազմաթիվ փոփոխականներ, ինչպիսիք են, օրինակ, աշխատավարձերը թոշակի անցնելու ժամանակ, աշխատակիցների հոսունությունը և մահացությունը, բուժսպասարկման ծախսումների միտումները և, ֆոնդավորվող պլանի համար, պլանի ակտիվների գծով ներդրումային եկամուտները: Պլանի գծով վերջնական ծախսումներն անորոշ են, և հավանաբար այդ անորոշությունը կպահպանվի երկար ժամանակաշրջանի ընթացքում: Հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքը և համապատասխան ընթացիկ ծառայության արժեքը չափելու համար անհրաժեշտ է`

 

ա) կիրառել ակտուարային գնահատման մեթոդը (տես 64-66պարագրաֆները),

 

բ) վերագրել հատուցումը ծառայության ժամանակաշրջաններին (տես 67-71 պարագրաֆները), և

 

գ) կատարել ակտուարային ենթադրություններ (տես 72-91 պարագրաֆները):

 

Ակտուարային գնահատման մեթոդը

 

64. Կազմակերպությունը պետք է կիրառի «նախատեսված հատուցման միավորի մեթոդը»` որոշելու համար իր սահմանված հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքն ու համապատասխան ընթացիկ ծառայության արժեքը և, որտեղ կիրառելի է, անցյալ ծառայության արժեքի աճը:

 

65. «Նախատեսված հատուցման միավորի մեթոդի» (երբեմն կոչվում է «կուտակված հատուցումների` ըստ ծառայության ժամանակաշրջանների համամասնական բաշխման մեթոդ» կամ «հատուցումներ` բաժանած ծառայության տարիների մեթոդ») համաձայն` ծառայության յուրաքանչյուր ժամանակաշրջան դիտվում է որպես լրացուցիչ միավոր հատուցում ստանալու իրավունք առաջացնող (տես 67-71 պարագրաֆները), իսկ յուրաքանչյուր միավոր հատուցում չափվում է առանձին` ստանալու համար վերջնական պարտականությունը (տես 72-91 պարագրաֆները):

 

66. Կազմակերպությունը զեղչում է հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունն ամբողջությամբ, նույնիսկ եթե նրա մի մասը ենթակա է վճարման հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից հետո տասներկու ամսվա ընթացքում:

 

Պարագրաֆ 65-ը լուսաբանող օրինակ

 

Ծառայությունն ավարտելու ժամանակ պետք է վճարվի միանվագ հատուցում, որը ծառայության յուրաքանչյուր տարվա համար հավասար է վերջնական (ավարտման պահի) աշխատավարձի 1 տոկոսին: Առաջին տարում աշխատավարձը 10.000 է, և ենթադրվում է, որ այն տարեկան 7 տոկոսով (բարդ տոկոս) աճելու է: Օգտագործվող զեղչման դրույքը տարեկան 10 տոկոս է: Ստորև բերված աղյուսակում ցույց է տրվում, թե ինչպես է ձևավորվում պարտականությունն այն աշխատակցի համար, որը ակնկալվում է, որ աշխատանքից դուրս կգա 5-րդ տարվա վերջում, ընդ որում ենթադրվում է, որ ակտուարային ենթադրություններում փոփոխություններ տեղի չեն ունենալու: Պարզության համար այս օրինակում անտեսվում են լրացուցիչ ճշգրտումները, որոնք անհրաժեշտ են արտացոլելու համար այն բանի հավանականությունը, որ աշխատակիցը կարող է լքել կազմակերպությունը ավելի վաղ կամ ավելի ուշ:

 

           Տարի                                    1    2    3    4    5

Հատուցում, որը վերագրվում է`

  - նախորդ տարիներին                               0   131  262  393  524

  - ընթացիկ տարվան (վերջին աշխատավարձի 1 %-ը)     131  131  131  131  131

                                                  ___  ___  ___  ___  ___

  - ընթացիկ և  նախորդ տարիներին                   131  262  393  524  655

                                                  ___  ___  ___  ___  ___

Պարտականությունը տարեսկզբին                        -    89  196  324  476

Տոկոսների արժեքը (10 % զեղչման դրույքով)           -     9   20   33   48

Ընթացիկ ծառայության արժեքը                         89   98  108  119  131

                                                  ___  ___  ___  ___  ___

Պարտականությունը տարեվերջին                        89  196  324  476  655

                                                  ___  ___  ___  ___  ___

 

Ծանոթագրություն.

1. Տարեսկզբի պարտականությունն իրենից ներկայացնում է նախորդ տարիներին վերագրվող հատուցումների ներկա արժեքը:

2. Ընթացիկ ծառայության արժեքն իրենից ներկայացնում է ընթացիկ տարվան վերագրվող հատուցումների ներկա արժեքը:

3. Տարեվերջի պարտականությունն իրենից ներկայացնում է ընթացիկ և նախորդ տարիներին վերագրվող հատուցումների ներկա արժեքը:

 

Հատուցումների վերագրումը ծառայության ժամանակաշրջաններին

 

67. Սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքն ու համապատասխան ընթացիկ ծառայության արժեքը և, որտեղ կիրառելի է, անցյալ ծառայության արժեքի աճը որոշելիս կազմակերպությունը պետք է հատուցումը վերագրի ծառայության ժամանակաշրջաններին` ըստ պլանի հատուցումների բանաձևի: Այնուամենայնիվ, եթե ավելի ուշ տարիներին աշխատակցի ծառայությունը կհանգեցնի հատուցումների էապես ավելի բարձր մակարդակի, քան ավելի վաղ տարիներին, ապա կազմակերպությունը հատուցումները պետք է վերագրի (բաշխի) գծային (հավասարաչափ) հիմունքով` սկսած այն ամսաթվից, երբ համաձայն պլանի աշխատակցի կողմից ծառայությունն առաջին անգամ հանգեցրել է հատուցումների առաջացմանն ըստ պլանի (անկախ այն բանից, թե արդյոք հատուցումները կախված են հետագա ծառայությունից, թե ոչ), մինչև այն ամսաթիվը, երբ աշխատակցի կողմից հետագա ծառայությունն ըստ պլանի չի հանգեցնում հետագա հատուցումների էական գումարի, բացառությամբ աշխատավարձի հետագա ավելացումների:

 

68. Նախատեսված հատուցման միավորի մեթոդը պահանջում է, որ կազմակերպությունը հատուցումը վերագրի ընթացիկ ժամանակաշրջանին (որպեսզի որոշի ընթացիկ ծառայության արժեքը) և ընթացիկ ու նախորդ ժամանակաշրջաններին (որպեսզի որոշի սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը): Կազմակերպությունը հատուցումը վերագրում է այն ժամանակաշրջաններին, որոնցում առաջացել է հետաշխատանքային հատուցումներ վճարելու պարտականությունը: Այդ պարտականությունն առաջանում է, երբ աշխատակիցները ծառայություններ են մատուցում հետաշխատանքային հատուցումների դիմաց, որոնք կազմակերպությունն ակնկալում է վճարել հետագա հաշվետու ժամանակաշրջաններում: Ակտուարային մեթոդները թույլ են տալիս կազմակերպությանը չափել այդ պարտականությունը բավարար արժանահավատությամբ` հիմնավորելու համար պարտավորության ճանաչումը:

 

Պարագրաֆ 68-ը լուսաբանող օրինակ

 

1. Սահմանված հատուցումների պլանն ապահովում է միանվագ հատուցում` ծառայության յուրաքանչյուր տարվա համար 100 միավոր, որը ենթակա է վճարման թոշակի անցնելիս:

 

Յուրաքանչյուր տարվան վերագրվում է 100 միավոր հատուցում: Ընթացիկ ծառայության արժեքն իրենից ներկայացնում է 100 միավորի ներկա արժեքը: Սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքն իրենից ներկայացնում է 100 միավորի ներկա արժեքը` բազմապատկված մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը ծառայության տարիների թվով:

 

Եթե հատուցումը ենթակա է վճարման աշխատակցի` կազմակերպությունից դուրս գալուց անմիջապես հետո, ապա ընթացիկ ծառայության արժեքը և սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը որոշվում են` ելնելով այն ամսաթվից, որի դրությամբ ակնկալվում է, որ աշխատակիցը դուրս կգա կազմակերպությունից:

 

2. Պլանով նախատեսվում է ամսական կենսաթոշակ` ծառայության յուրաքանչյուր տարվա համար վերջնական (պլանով նախատեսված թոշակի անցնելու ամսաթվի) աշխատավարձի 0,2 տոկոսի չափով: Թոշակը ենթակա է վճարման 65 տարեկանից:

 

Ծառայության յուրաքանչյուր տարվան վերագրվում է հատուցում, որը հավասար է թոշակի անցնելու ամսաթվից մինչև մահվան ակնկալվող ամսաթիվը վճարվելիք` գնահատված վերջնական աշխատավարձի 0,2 տոկոսին հավասար ամսական կենսաթոշակի ներկա արժեքին` թոշակի անցնելու ամսաթվի դրությամբ: Ընթացիկ ծառայության արժեքն այդ հատուցման ներկա արժեքն է: Սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքն իրենից ներկայացնում է վերջնական աշխատավարձի 0,2 տոկոսին հավասար ամսական կենսաթոշակի վճարումների ներկա արժեքը` բազմապատկված մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը ծառայության տարիների թվով: Ընթացիկ ծառայության արժեքը և սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը զեղչվում են, քանի որ կենսաթոշակի վճարումները սկսվում են 65 տարեկանից:

 

69. Աշխատակիցների ծառայությունն առաջացնում է պարտականություն սահմանված հատուցումների պլանի համաձայն նույնիսկ այն դեպքում, երբ հատուցումները պայմանավորված են հետագա աշխատանքով (այլ կերպ ասած` դրանք երաշխավորված չեն): Աշխատակցի ծառայությունը մինչև երաշխավորված հատուցումների իրավունք ստանալու ամսաթիվը առաջացնում է կառուցողական պարտականություն, քանի որ յուրաքանչյուր հաջորդ հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ կրճատվում է աշխատակցի կողմից մինչև հատուցումներ ստանալու իրավունք ձեռք բերելը մատուցվելիք ապագա ծառայության չափը: Իր` սահմանված հատուցումների գծով պարտականությունը չափելիս` կազմակերպությունը հաշվի է առնում այն բանի հավանականությունը, որ որոշ աշխատակիցներ կարող են չբավարարել երաշխավորված հատուցումներ ստանալու պայմանները: Նմանապես, որոշակի հետաշխատանքային հատուցումներ, օրինակ, հետաշխատանքային բուժսպասարկումը, դառնում են վճարման ենթակա միայն նախապես որոշված իրադարձության տեղի ունենալու դեպքում, երբ աշխատակիցը այլևս չի աշխատում. չնայած դրան` պարտականություն ստեղծվում է, երբ աշխատակիցը մատուցում է ծառայություն, որն ապահովում է հատուցումը ստանալու իրավունք` նախապես որոշված իրադարձության տեղի ունենալու դեպքում: Նախապես որոշված իրադարձության տեղի ունենալու հավանականությունն ազդում է պարտականության չափման վրա, սակայն դրանով չի որոշվում պարտականության գոյություն ունենալը:

 

Պարագրաֆ 69-ը լուսաբանող օրինակ

 

1. Ըստ պլանի վճարվում է 100 միավոր հատուցում` ծառայության յուրաքանչյուր տարվա համար: Հատուցումները դառնում են երաշխավորված տաս տարվա ծառայությունից հետո:

 

Յուրաքանչյուր տարվան վերագրվում է 100 միավոր հատուցում: Առաջին տասը տարիներից յուրաքանչյուրում ընթացիկ ծառայության արժեքը և պարտականության ներկա արժեքն արտացոլում են այն բանի հավանականությունը, որ աշխատակիցը կարող է աշխատանքից դուրս գալ մինչև տասը տարվա լրանալը:

 

2. Ըստ պլանի վճարվում է 100 միավոր հատուցում` ծառայության յուրաքանչյուր տարվա համար, բացառությամբ մինչև 25 տարեկան դառնալը մատուցած ծառայության: Հատուցումները երաշխավորվում են անմիջապես:

 

Մինչև 25 տարին լրանալը մատուցած ծառայությանը հատուցում չի վերագրվում, քանի որ ծառայությունը մինչև այդ ամսաթիվը չի հանգեցնում հատուցումների (պայմանական կամ ոչ պայմանական): Յուրաքանչյուր հաջորդ տարվան վերագրվում է 100 միավոր հատուցում:

 

70. Պարտականությունն աճում է մինչև այն ամսաթիվը, երբ աշխատակցի հետագա ծառայությունն այլևս չի հանգեցնում հետագա հատուցումների էական գումարի: Հետևաբար հատուցումն ամբողջությամբ վերագրվում է այն ժամանակաշրջաններին, որոնք ավարտվում են այդ ամսաթվին կամ մինչև այդ ամսաթիվը: Հատուցումը վերագրվում է առանձին հաշվետու ժամանակաշրջաններին ըստ պլանի հատուցումների բանաձևի: Այնուամենայնիվ, եթե աշխատակցի ծառայությունն ավելի ուշ տարիներին կհանգեցնի էապես ավելի բարձր մակարդակի հատուցման, քան ավելի վաղ տարիներին, ապա կազմակերպությունը հատուցումը վերագրում (բաշխում) է գծային հիմունքով մինչև այն ամսաթիվը, երբ աշխատակցի հետագա ծառայությունն այլևս չի հանգեցնելու հետագա հատուցումների էական գումարի: Սա տեղի է ունենում այն պատճառով, որ աշխատակցի ծառայությունն ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում ի վերջո հանգեցնելու է այդ` բարձր մակարդակի հատուցմանը:

 

Պարագրաֆ 70-ը լուսաբանող օրինակներ

 

1. Ըստ պլանի վճարվում է 1000 միավոր միանվագ հատուցում, որը դառնում է երաշխավորված տաս տարվա ծառայությունից հետո: Պլանով հետագա ծառայության դիմաց որևէ այլ հատուցում չի նախատեսվում:

 

Առաջին տաս տարիներից յուրաքանչյուրին վերագրվում է 100 միավոր հատուցում (1.000-ը բաժանած 10-ի): Առաջին տաս տարիներից յուրաքանչյուրում ընթացիկ ծառայության արժեքը որոշելիս հաշվի է առնվում է այն բանի հավանականությունը, որ աշխատակիցը կարող է աշխատանքից դուրս գալ մինչև տասը տարվա լրանալը: Հետագա տարիներին հատուցում չի վերագրվում:

 

2. Ըստ պլանի վճարվում է 2.000 միավոր միանվագ կենսաթոշակ բոլոր այն աշխատակիցներին, որոնք 55 տարեկան են և ունեն քսան տարվա ծառայություն (ստաժ) կամ որոնք 65 տարեկան են` անկախ ծառայության տևողությունից (ստաժից):

 

Այն աշխատակիցների համար, որոնք կազմակերպությունում աշխատանքի են անցել մինչև 35 տարեկան դառնալը, ծառայությունը, համաձայն պլանի, հանգեցնում է հատուցումների միայն 35 տարեկանից սկսած (աշխատակիցը կարող է դուրս գալ կազմակերպությունից 30 տարեկան հասակում և վերադառնալ 33-ում` առանց հատուցման գումարի կամ վճարման ժամկետների վրա որևէ ազդեցության): Այս հատուցումները պայմանավորված են հետագա ծառայությամբ: Բացի այդ, ծառայությունը 55 տարեկանից հետո չի հանգեցնելու հետագա հատուցման էական ավելացման: Այդ աշխատակիցների համար կազմակերպությունը 35-ից մինչև 55 տարեկանն ընկած յուրաքանչյուր տարվան վերագրում է 100 միավոր հատուցում (2.000-ը բաժանած 20-ի):

 

Այն աշխատակիցների համար, որոնք կազմակերպությունում աշխատանքի են անցել 35-ից 45 տարեկան հասակում, քսան տարուց ավելի ծառայությունը չի հանգեցնելու հետագա հատուցման էական ավելացման: Այդ աշխատակիցների համար կազմակերպությունը առաջին քսան տարիներից յուրաքանչյուրին վերագրում է 100 միավոր հատուցում (2.000-ը բաժանած 20-ի):

 

Այն աշխատակիցների համար, որոնք կազմակերպությունում աշխատանքի են անցել 55 տարեկան հասակում, տաս տարուց ավելի ծառայությունը չի հանգեցնելու հետագա հատուցման էական ավելացման: Այդ աշխատակիցների համար կազմակերպությունը առաջին տաս տարիներից յուրաքանչյուրին վերագրում է 200 միավոր հատուցում (2.000-ը բաժանած 10-ի):

 

Բոլոր աշխատակիցների համար ընթացիկ ծառայության արժեքը և պարտականության ներկա արժեքը որոշելիս հաշվի է առնվում այն բանի հավանականությունը, որ աշխատակիցը կարող է չլրացնել ծառայության անհրաժեշտ ժամանակաշրջանը:

 

3. Ըստ հետաշխատանքային բժշկական ապահովության պլանի` փոխհատուցվում է աշխատակցի հետաշխատանքային բուժսպասարկման ծախսումների 40 տոկոսը, եթե աշխատակիցը կազմակերպությունում աշխատել է ոչ պակաս քան տասը և ոչ ավել քան քսան տարի, և 50 տոկոսը, եթե աշխատակիցը աշխատել է քսան և ավելի տարիներ:

 

Ըստ պլանի հատուցումների բանաձևի` կազմակերպությունն առաջին տաս տարիներից յուրաքանչյուրին վերագրում է ակնկալվող բուժսպասարկման ծախսումների ներկա արժեքի 4 տոկոսը (40 տոկոսը բաժանած 10-ի), իսկ հաջորդ տաս տարիներից յուրաքանչյուրին` 1 տոկոսը (10 տոկոսը բաժանած 10-ի): Յուրաքանչյուր տարվա ընթացիկ ծառայության արժեքը որոշելիս հաշվի է առնվում այն բանի հավանականությունը, որ աշխատակիցը կարող է չլրացնել հատուցումն ամբողջությամբ կամ մասամբ ստանալու համար անհրաժեշտ ժամանակաշրջանը: Այն աշխատակիցների համար, որոնք ակնկալվում է, որ դուրս կգան աշխատանքից տաս տարիների ընթացքում, հատուցում չի վերագրվում:

 

4. Ըստ հետաշխատանքային բժշկական ապահովության պլանի` փոխհատուցվում է աշխատակցի հետաշխատանքային բուժսպասարկման ծախսումների 10 տոկոսը, եթե աշխատակիցը կազմակերպությունում աշխատել է ոչ պակաս քան տաս և ոչ ավել քան քսան տարի, և 50 տոկոսը, եթե աշխատակիցը աշխատել է քսան և ավելի տարիներ:

 

Ծառայությունն ավելի ուշ տարիներին հանգեցնելու է ավելի բարձր մակարդակի հատուցման, քան ավելի վաղ տարիներին: Հետևաբար այն աշխատակիցների համար, որոնք ակնկալվում է, որ դուրս կգան աշխատանքից քսան և ավելի տարիներից հետո, կազմակերպությունը հատուցումը վերագրում (բաշխում) է գծային հիմունքով` համաձայն պարագրաֆ 68-ի: Քսան տարին գերազանցող ծառայությունը չի հանգեցնելու հետագա հատուցման էական ավելացման: Հետևաբար առաջին քսան տարիներից յուրաքանչյուրին վերագրվող հատուցումը կազմում է ակնկալվող բուժսպասարկման ծախսումների ներկա արժեքի 2,5 տոկոսը (50 տոկոսը բաժանած քսանի):

 

Այն աշխատակիցների համար, որոնք ակնկալվում է, որ աշխատանքից դուրս կգան տասից քսան տարվա ընթացքում, առաջին տաս տարիներից յուրաքանչյուրին վերագրվող հատուցումը կազմում է ակնկալվող բուժսպասարկման ծախսումների ներկա արժեքի 1 տոկոսը: Այդ աշխատակիցների համար տասներորդ տարվա ավարտից մինչև աշխատանքից դուրս գալու կանխատեսվող ամսաթիվն ընկած ծառայությանը հատուցում չի վերագրվում:

 

Այն աշխատակիցների համար, որոնք ակնկալվում է, որ դուրս կգան աշխատանքից տաս տարիների ընթացքում, ոչ մի հատուցում չի վերագրվում:

 

71. Այն դեպքերում, երբ հատուցման գումարը ծառայության յուրաքանչյուր տարվա համար իրենից ներկայացնում է վերջնական աշխատավարձի հաստատուն մասը, աշխատավարձի ապագա բարձրացումները կազդեն այն գումարի վրա, որը պահանջվում է մարելու համար մինչ հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը մատուցած ծառայության գծով գոյություն ունեցող պարտականությունը, սակայն լրացուցիչ պարտականություն չեն ստեղծի: Հետևաբար`

 

ա) պարագրաֆ 67-ի երկրորդ նախադասության նպատակներից ելնելով, աշխատավարձի բարձրացումը չի հանգեցնում լրացուցիչ հատուցումների, նույնիսկ այն դեպքում, երբ հատուցումների գումարը կախված է վերջնական աշխատավարձից,

 

բ) յուրաքանչյուր ժամանակաշրջանին վերագրվող հատուցման գումարն իրենից ներկայացնում է այն աշխատավարձի հաստատուն մասը, որի հետ կապված է այդ հատուցումը:

 

Պարագրաֆ 71-ը լուսաբանող օրինակ

 

Աշխատակիցներն իրավունք ունեն ստանալու հատուցում վերջնական աշխատավարձի 3 տոկոսի չափով` մինչև 55 տարեկան դառնալը ծառայության յուրաքանչյուր տարվա համար:

 

Մինչև 55 տարեկան դառնալը ծառայության յուրաքանչյուր տարվան վերագրվում է գնահատված վերջնական աշխատավարձի 3 տոկոսի չափով հատուցում: Սա այն ամսաթիվն է, երբ աշխատակցի հետագա ծառայությունը չի հանգեցնում ըստ պլանի հետագա հատուցումների էական ավելացումների: Ոչ մի հատուցում չի վերագրվում այդ տարիքից հետո ծառայությանը:

 

Ակտուարային ենթադրություններ

 

72. Ակտուարային ենթադրությունները պետք է լինեն անաչառ և փոխադարձ համադրելի:

 

73. Ակտուարային ենթադրություններն իրենցից ներկայացնում են կազմակերպության` այն փոփոխականների լավագույն գնահատականները, որոնք որոշելու են հետաշխատանքային հատուցումներ տրամադրելու վերջնական ծախսումները: Ակտուարային ենթադրությունները ներառում են`

 

ա) ժողովրդագրական ենթադրություններ` հատուցումներ ստանալու իրավունք ունեցող ներկա և նախկին աշխատակիցների (և նրանց խնամարկյալների) ապագա բնութագրերի վերաբերյալ: Ժողովրդագրական ենթադրություններն առնչվում են այնպիսի հարցերի, ինչպիսիք են`

 

I. մահացությունը` աշխատանքի ընթացքում և դրանից հետո,

 

II. անձնակազմի հոսունության, հաշմանդամության և վաղաժամկետ թոշակի անցնելու ցուցանիշները,

 

III. պլանի այն անդամների տոկոսը, որոնք ունեն հատուցումներ ստանալու իրավունք ունեցող խնամարկյալներ, և

 

IV. բժշկական ապահովման պլանների օգտագործման (պահանջների ներկայացման) մակարդակը, և

 

բ) ֆինանսական ենթադրություններ, որոնք առնչվում են այնպիսի հոդվածների, ինչպիսիք են`

 

I. զեղչման դրույքը (տես 78-82 պարագրաֆները),

 

II. աշխատավարձերի և հատուցումների ապագա մակարդակները (տես 83-87 պարագրաֆները),

 

III. բուժսպասարկման հատուցումների դեպքում` ապագա բուժսպասարկման ծախսումները, ներառյալ, երբ դրանք էական են, պահանջների վարչարարության (կառավարման) և հատուցումների վճարման ծախսումները (տես 88-91 պարագրաֆները), և

 

IV. պլանի ակտիվների ակնկալվող հատույցադրույքը (տես 105-107 պարագրաֆները):

 

74. Ակտուարային ենթադրություններն անաչառ են, եթե դրանք զգուշավոր են, բայց միաժամանակ չափազանց պահպանողական էլ չեն:

 

75. Ակտուարային ենթադրությունները փոխադարձ համադրելի են, եթե նրանք արտացոլում են այնպիսի գործոնների միջև տնտեսական կապը, ինչպիսիք են սղաճը, աշխատավարձի աճի տեմպերը, պլանի ակտիվների գծով հատույցը և զեղչման դրույքները: Օրինակ` բոլոր ենթադրությունները, որոնք կախված են սղաճի որոշակի մակարդակից (ինչպիսիք են ենթադրությունները տոկոսադրույքների, աշխատավարձերի կամ հատուցումների բարձրացումների վերաբերյալ) ապագա ցանկացած ժամանակաշրջանում ենթադրում են սղաճի նույն մակարդակը:

 

76. Կազմակերպությունը որոշում է զեղչման դրույքները և այլ ֆինանսական ենթադրությունները` արտահայտված անվանական մեծություններով, բացառությամբ այն դեպքերի, երբ իրական (սղաճով ճշգրտված) մեծություններով արտահայտված ենթադրություններն ավելի արժանահավատ են. օրինակ` գերսղաճային տնտեսություններում (տես ՀՀՀՀՍ 29 «Ֆինանսական հաշվետվությունները գերսղաճային տնտեսություններում), կամ երբ հատուցումն ինդեքսավորվող է, և գոյություն ունի զարգացած շուկա նույն արժույթով և նույն պայմաններով ինդեքսավորվող պարտատոմսերի համար:

 

77. Ֆինանսական ենթադրությունները պետք է հիմնված լինեն հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ շուկայական կանխատեսումների վրա` այն ժամանակաշրջանի համար, որի ընթացքում պետք է մարվեն պարտականությունները:

 

Ակտուարային ենթադրություններ. զեղչման դրույք

 

78. Դրույքը, որն օգտագործվում է հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունները զեղչելու համար (թե ֆոնդավորվող, թե չֆոնդավորվող պլանների համար), պետք է որոշվի հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ բարձրորակ կորպորատիվ պարտատոմսերի շուկայական եկամտաբերության հիման վրա: Եթե այդպիսի պարտատոմսերի համար չկա զարգացած շուկա, ապա պետք է օգտագործվի պետական պարտատոմսերի շուկայական եկամտաբերությունը (հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ): Կորպորատիվ կամ պետական պարտատոմսերի արժույթը և պայմանները պետք է համապատասխանեն հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունների արժույթին և կանխատեսվող պայմաններին:

 

79. Էական ազդեցություն ունեցող ակտուարային ենթադրություններից մեկը զեղչման դրույքն է: Զեղչման դրույքն արտացոլում է դրամի արժեքը ժամանակի մեջ, բայց ոչ ակտուարային կամ ներդրումային ռիսկը: Ավելին, զեղչման դրույքը չի արտացոլում կազմակերպությանը հատուկ պարտքային ռիսկերը, որոնք կրում են կազմակերպության կրեդիտորները, ոչ էլ արտացոլում է այն ռիսկը, որ ապագա փորձը կարող է տարբերվել ակտուարային ենթադրություններից:

 

80. Զեղչման դրույքն արտացոլում է հատուցումների վճարման գնահատված ժամկետները: Գործնականում կազմակերպությունները հաճախ հասնում են դրան` կիրառելով մեկ միջին կշռված զեղչման դրույք, որն արտացոլում է հատուցումների վճարման գնահատված ժամկետները և գումարները, ինչպես նաև այն արժույթը, որով պետք է վճարվեն հատուցումները:

 

81. Որոշ դեպքերում կարող է գոյություն չունենալ զարգացած շուկա այնպիսի պարտատոմսերի համար, որոնց մարման ժամկետները լինեն այնքան երկարատև, որ համապատասխանեն հատուցումների վճարման գնահատված ժամկետներին: Այդպիսի դեպքերում կազմակերպությունն օգտագործում է ընթացիկ շուկայական դրույքները, որոնք տեղին են կարճաժամկետ վճարումները զեղչելու համար, իսկ երկարաժամկետ վճարումների համար զեղչման դրույքը հաշվարկում (գնահատում) է` ընթացիկ շուկայական դրույքների էքստրապոլյացիայի միջոցով: Հավանական չէ, որ սահմանված հատուցումների գծով պարտականության ընդհանուր ներկա արժեքը զգայուն լինի այն զեղչման դրույքի նկատմամբ, որն օգտագործվում է հատուցումների այն մասի նկատմամբ, որը ենթակա է վճարման ավելի ուշ, քան առկա կորպորատիվ կամ պետական պարտատոմսերի վերջնական մարման ժամկետն է:

 

82. Տոկոսների արժեքը հաշվարկվում է ժամանակաշրջանի սկզբի դրությամբ որոշված զեղչման դրույքը բազմապատկելով այդ ժամանակաշրջանի ընթացքում սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքով` հաշվի առնելով պարտականության ցանկացած էական փոփոխություն: Պարտականության ներկա արժեքը կտարբերվի հաշվապահական հաշվեկշռում ճանաչված պարտավորությունից, քանի որ պարտավորությունը ճանաչվում է պլանի ակտիվների իրական արժեքը հանելուց հետո, ինչպես նաև այն պատճառով, որ որոշ ակտուարային շահույթներ և վնասներ և, որոշ դեպքերում, անցյալ ծառայության արժեքի աճն անմիջապես չեն ճանաչվում: (Հավելված 1-ում, ի թիվս այլ հարցերի, ցուցադրվում է տոկոսների արժեքի հաշվարկումը):

 

Ակտուարային ենթադրություններ. աշխատավարձեր, հատուցումներ և բուժսպասարկման ծախսումներ

 

83. Հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունները պետք է չափվեն այնպիսի հիմունքով, որն արտացոլում է`

 

ա) աշխատավարձերի գնահատված ապագա ավելացումները,

 

բ) հատուցումները, որոնք արտահայտված են պլանի պայմաններում (կամ որոնք առաջանում են ցանկացած կառուցողական պարտականությունից, որը դուրս է այդ պայմանների շրջանակից), և

 

գ) պետական հատուցումների մակարդակի գնահատված ապագա փոփոխությունները, որոնք ազդում են սահմանված հատուցումների պլանի համաձայն վճարվելիք հատուցումների վրա այն և միայն այն դեպքում, երբ`

 

I. այդ փոփոխություններն ուժի մեջ են մտել մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը, կամ

 

II. անցյալի փորձը կամ այլ արժանահավատ վկայություն ցույց է տալիս, որ պետական հատուցումները փոփոխվելու են ինչ-որ կանխատեսելի ձևով, օրինակ` գների ընդհանուր մակարդակի կամ աշխատավարձի ընդհանուր մակարդակի ապագա փոփոխություններին համապատասխան:

 

84. Աշխատավարձի ապագա ավելացումները գնահատելիս հաշվի են առնվում սղաճը, աշխատանքային ստաժը, ծառայողական առաջխաղացումը և այլ համապատասխան գործոններ, ինչպիսիք են, օրինակ, առաջարկը և պահանջարկը աշխատուժի շուկայում:

 

85. Եթե պլանի ֆորմալ պայմանները (կամ այդ պայմաններից դուրս մնացած կառուցողական պարտականությունը) կազմակերպությունից պահանջում են փոփոխել հատուցումներն ապագա ժամանակաշրջաններում, ապա պարտականության չափումն արտացոլում է այդ փոփոխությունները: Այդպես է, օրինակ, երբ`

 

ա) կազմակերպությունն անցյալում ավելացրել է հատուցումները` օրինակ, սղաճի ազդեցությունը մեղմելու համար, և չկա որևէ վկայություն այն մասին, որ այդ պրակտիկան ապագայում փոփոխվելու է, կամ

 

բ) ֆինանսական հաշվետվություններում արդեն ճանաչվել են ակտուարային շահույթներ, և կազմակերպությունը կամ պլանի ֆորմալ պայմաններով (կամ այդ պայմաններից դուրս մնացող կառուցողական պարտականությամբ), կամ էլ օրենսդրությամբ պարտավորված է` պլանի ցանկացած ավելցուկ օգտագործել պլանի մասնակիցների օգտին (տես պարագրաֆ 98-ի «գ» կետը):

 

86. Ակտուարային ենթադրությունները չեն արտացոլում հատուցումների այն ապագա փոփոխությունները, որոնք հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ սահմանված չեն պլանի ֆորմալ պայմաններով (կամ կառուցողական պարտականությամբ): Նման փոփոխությունները կարտահայտվեն`

 

ա) անցյալ ծառայության արժեքի աճում` այն չափով, որով դրանք փոփոխում են այն ծառայության դիմաց հատուցումները, որը մատուցվել է մինչև նշված փոփոխության տեղի ունենալը, և

 

բ) ընթացիկ ծառայության արժեքում` այդ փոփոխությունից հետո ընկած ժամանակաշրջանների համար` այն չափով, որով դրանք փոփոխում են այն ծառայության դիմաց հատուցումները, որը մատուցվել է նշված փոփոխության տեղի ունենալուց հետո:

 

87. Որոշ հետաշխատանքային հատուցումներ կապված են այնպիսի փոփոխականների հետ, ինչպիսիք են պետական կենսաթոշակների մակարդակը կամ պետական բժշկական ապահովության մակարդակը: Այդպիսի հատուցումների չափումն արտացոլում է նշված փոփոխականների ակնկալվող փոփոխությունները` հիմք ընդունելով անցյալ փորձը և այլ արժանահավատ վկայություններ:

 

88. Բժշկական ապահովության ծախսումների վերաբերյալ ենթադրությունները պետք է հաշվի առնեն բուժսպասարկման ծախսումների ապագա փոփոխությունները` կապված ինչպես սղաճի, այնպես էլ բժշկական ապահովության ծախսումների յուրահատուկ փոփոխությունների հետ:

 

89. Հետաշխատանքային բուժսպասարկման հատուցումների չափումը պահանջում է ենթադրություններ ապագա պահանջների մակարդակի և հաճախականության, ինչպես նաև այդ պահանջները բավարարելու ծախսումների վերաբերյալ: Ապագա բուժսպասարկման ծախսումները կազմակերպությունը գնահատում է հիմնվելով իր սեփական փորձի հիման վրա ստացված տվյալների վրա, որոնք ըստ անհրաժեշտության լրացվում են այլ կազմակերպություններից, ապահովագրական կազմակերպություններից, առողջապահական հաստատություններից և այլ աղբյուրներից ստացված տվյալներով: Ապագա բժշկական ապահովության ծախսումները գնահատելիս հաշվի են առնվում տեխնիկական առաջընթացի ազդեցությունը, առողջապահական ծառայությունների սպառման կամ տրամադրման եղանակների փոփոխությունները, ինչպես նաև պլանի մասնակիցների առողջական վիճակում փոփոխությունները:

 

90. Բուժօգնության համար պահանջների մակարդակը և հաճախականությունը հատկապես զգայուն են աշխատակիցների (կամ նրանց խնամարկյալների) տարիքի, առողջական վիճակի և սեռի նկատմամբ և կարող են զգայուն լինել այնպիսի գործոնների նկատմամբ, ինչպիսին է, օրինակ, աշխարհագրական տեղադրությունը: Հետևաբար` անցյալ փորձի տվյալները ճշգրտվում են այն չափով, որով բնակչության ժողովրդագրական կազմը տարբերվում է նրանից, որը օգտագործվել է որպես հիմք անցյալի փորձի համար: Դրանք ճշգրտվում են նաև այն դեպքերում, երբ գոյություն ունի արժանահավատ վկայություն, որ անցյալի միտումները չեն շարունակվելու:

 

91. Հետաշխատանքային բուժսպասարկման որոշ պլաններ պահանջում են, որ աշխատակիցները իրենց մասնակցությունը բերեն պլանում ընդգրկված բուժսպասարկման ծախսումներին: Ապագա բուժսպասարկման ծախսումները գնահատելիս հաշվի է առնվում ցանկացած այդպիսի մասնակցություն` հիմք ընդունելով հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պլանի պայմանները (կամ հիմք ընդունելով այդ պայմաններից դուրս մնացած ցանկացած կառուցողական պարտականություն): Աշխատակիցների նման մասնակցության փոփոխությունները հանգեցնում են անցյալ ծառայության արժեքի աճի կամ, երբ կիրառելի է, կրճատումների: Բուժօգնության համար դիմողների պահանջները բավարարելու ծախսումները կարող են նվազեցվել պետական կամ այլ առողջապահական հաստատությունների կողմից տրամադրվող հատուցումների չափով (տես պարագրաֆ 83-ի «գ» կետը և պարագրաֆ 87-ը):

 

Ակտուարային շահույթներ և վնասներ

 

92. Պարագրաֆ 54-ի համաձայն իր սահմանված հատուցումների գծով պարտավորությունը չափելիս կազմակերպությունը իր ակտուարային շահույթների և վնասների մի մասը (որը որոշվում է ըստ պարագրաֆ 93-ի) պետք է ճանաչի որպես եկամուտ կամ ծախս, եթե հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները և վնասները գերազանցում են ստորև բերված մեծություններից առավելագույնը.

 

ա) այդ ամսաթվի դրությամբ սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի 10 տոկոսը (մինչև պլանի ակտիվների հանելը), և

 

բ) այդ ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքի 10 տոկոսը:

 

Այս սահմանները պետք է հաշվարկվեն և կիրառվեն յուրաքանչյուր սահմանված հատուցումների պլանի համար առանձին:

 

93. Յուրաքանչյուր սահմանված հատուցումների պլանի համար ակտուարային շահույթների և վնասների այն մասը, որը ենթակա է ճանաչման, իրենից ներկայացնում է պարագրաֆ 92-ի համաձայն որոշված գերազանցումը` բաժանված պլանում մասնակցող աշխատակիցների մինչև թոշակի անցնելը մնացած ծառայության ակնկալվող միջին տևողության վրա: Այնուամենայնիվ, կազմակերպությունը կարող է ընդունել այլ սիստեմատիկ մեթոդ, որը հանգեցնում է ակտուարային շահույթների և վնասների արագացված ճանաչմանը` պայմանով, որ նույն հիմունքն է կիրառվում և շահույթների, և վնասների նկատմամբ, և այդ հիմունքը հետևողականորեն կիրառվում է ժամանակաշրջանից ժամանակաշրջան: Կազմակերպությունը կարող է վերը նշված սիստեմատիկ մեթոդները կիրառել ակտուարային շահույթների և վնասների նկատմամբ նույնիսկ այն դեպքում, երբ դրանք չեն գերազանցում պարագրաֆ 92-ով սահմանված սահմանները:

 

94. Ակտուարային շահույթներ և վնասներ կարող են առաջանալ կամ սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի, կամ համապատասխան պլանի ակտիվների իրական արժեքի ավելացումներից կամ նվազումներից: Ակտուարային շահույթների կամ վնասների պատճառ են համարվում, օրինակ`

 

ա) անձնակազմի հոսունության, վաղաժամկետ թոշակի անցնելու կամ մահացության, աշխատավարձերի, հատուցումների (եթե պլանի ֆորմալ կամ կառուցողական պայմաններով նախատեսվում է հատուցումների սղաճով պայմանավորված բարձրացումներ) կամ բուժսպասարկման ծախսումների ավելացումների անսպասելի բարձր կամ ցածր մակարդակը,

 

բ) անձնակազմի հոսունության, վաղաժամկետ թոշակի անցնելու կամ մահացության, աշխատավարձերի, հատուցումների (եթե պլանի ֆորմալ կամ կառուցողական պայմաններով նախատեսվում է հատուցումների սղաճով պայմանավորված բարձրացումներ) կամ բուժսպասարկման ծախսումների գնահատականներում փոփոխությունների ազդեցությունը,

 

գ) զեղչման դրույքի փոփոխությունների ազդեցությունը, և

 

դ) պլանի ակտիվների գծով փաստացի հատույցի և ակնկալվող հատույցի միջև տարբերությունները (տես 105-107 պարագրաֆները):

 

95. Երկարատև ժամանակաշրջանում ակտուարային շահույթները և վնասները կարող են չեզոքացնել մեկը մյուսին: Հետևաբար` հետաշխատանքային հատուցումների գծով պարտականությունների գնահատականներն ավելի լավ է դիտել որպես տիրույթ (կամ «միջանցք») լավագույն գնահատականի շուրջ: Թույլատրվում է, սակայն չի պահանջվում, որ կազմակերպությունը ճանաչի այն ակտուարային շահույթները և վնասները, որոնք ընկնում են այդ տիրույթի մեջ: Սույն ստանդարտով պահանջվում է, որ կազմակերպությունը առնվազն ճանաչի ակտուարային շահույթների և վնասների որոշակի մասը, որը դուրս է ընկնում է 10 տոկոս «միջանցքից»: (Հավելված 1-ը, ի թիվս այլ հարցերի, լուսաբանում է ակտուարային շահույթների կամ վնասների հաշվառման մոտեցումը): Սույն ստանդարտը թույլատրում է նաև արագացված ճանաչման սիստեմատիկ մեթոդների կիրառում` պայմանով, որ այդ մեթոդները բավարարեն պարագրաֆ 93-ում շարադրված պայմաններին: Այդպիսի թույլատրելի մեթոդներից է բոլոր ակտուարային շահույթների և վնասների (ինչպես «միջանցքի» ներսում, այնպես էլ դրանից դուրս) անհապաղ ճանաչումը: Պարագրաֆ 155-ի «բ» կետի «III» ենթակետում բացատրվում է հետագա ակտուարային շահույթների հաշվառման համար ցանկացած անցումային պարտավորության չճանաչված մասը հաշվի առնելու անհրաժեշտությունը:

 

Անցյալ ծառայության արժեքի աճը

 

96. Պարագրաֆ 54-ի համաձայն սահմանված հատուցումների գծով պարտավորությունը չափելիս կազմակերպությունը անցյալ ծառայության արժեքի աճը պետք է ճանաչի որպես ծախս գծային հիմունքով` մինչև հատուցումների երաշխավորված դառնալը մնացած միջին ժամանակաշրջանի ընթացքում: Այն չափով, որով հատուցումներն արդեն իսկ երաշխավորված են սահմանված հատուցումների պլանը գործողության մեջ դնելուց կամ դրանում փոփոխություններ կատարելուց անմիջապես հետո, կազմակերպությունը պետք է անցյալ ծառայության արժեքի աճը ճանաչի անմիջապես:

 

97. Անցյալ ծառայության արժեքի աճն առաջանում է, երբ կազմակերպությունը գործողության մեջ է դնում սահմանված հատուցումների պլան կամ փոփոխում է գործող սահմանված հատուցումների պլանի համաձայն վճարման ենթակա հատուցումները: Այդպիսի փոփոխությունները վերաբերում են այն ժամանակաշրջանի ընթացքում աշխատակցի ծառայությանը, որի անցնելուց հետո հատուցումները դառնում են երաշխավորված: Հետևաբար` անցյալ ծառայության արժեքի աճը ճանաչվում է այդ ժամանակաշրջանի ընթացքում` անկախ այն բանից, որ այն վերաբերում է նախորդ ժամանակաշրջաններում աշխատակցի ծառայությանը: Անցյալ ծառայության արժեքի աճը չափվում է որպես պարտավորության ճշգրտումից առաջացող փոփոխություն (տես պարագրաֆ 64):

 

Պարագրաֆ 97-ը լուսաբանող օրինակ

 

Կազմակերպությունը իրականացնում է թոշակային պլան, որը նախատեսում է կենսաթոշակ` ծառայության յուրաքանչյուր տարվա համար վերջնական աշխատավարձի 2 տոկոսի չափով: Հատուցումները դառնում են երաշխավորված հինգ տարվա ծառայությունից հետո: 20x5 թ. հունվարի 1-ին կազմակերպությունը բարձրացնում է կենսաթոշակի չափը ծառայության յուրաքանչյուր տարվա համար մինչև վերջնական աշխատավարձի 2,5 տոկոսը` սկսած 20x1 թ. հունվարի 1-ից: 20x1 թ. հունվարի 1-ից մինչև 20x5 թ. հունվարի 1-ը ծառայության համար լրացուցիչ հատուցումների ներկա արժեք բարձրացման օրվա դրությամբ հետևյալն է.

 

    01.01.X5-ի դրությամբ ավելի քան հինգ տարվա ծառայություն          150

մատուցած աշխատակիցների համար

    01.01.X5-ի դրությամբ հինգ տարուց պակաս ծառայություն մատուցած    120

    աշխատակիցների համար (մինչև  հատուցման երաշխավորված դառնալը      ___

մնացած միջին ժամանակաշրջանը` երեք տարի)

270

___

Կազմակերպությունը 150 միավորը ճանաչում է անմիջապես, քանի որ այդ հատուցումներն արդեն երաշխավորված են: Կազմակերպությունը 120 միավորը ճանաչում է գծային հիմունքով երեք տարիների ընթացքում` սկսած 20x5 թ. հունվարի 1-ից:

 

98. Անցյալ ծառայության արժեքի աճը չի ներառում`

 

ա) աշխատավարձի բարձրացումների վերաբերյալ նախապես կատարված ենթադրությունների և փաստացի բարձրացումների միջև տարբերությունների ազդեցությունը նախորդ տարիներում ծառայության համար հատուցումներ վճարելու գծով պարտականության վրա (գոյություն չունի անցյալ ծառայության արժեքի աճ, քանի որ ակտուարային ենթադրությունները ներառում են կանխատեսված աշխատավարձերը),

 

բ) կազմակերպության հայեցողությամբ թոշակների բարձրացումների չափերի թերագնահատումները և գերագնահատումները` համապատասխան կառուցողական պարտականություն ունենալու դեպքում (գոյություն չունի անցյալ ծառայության արժեքի աճ, քանի որ ակտուարային ենթադրությունները ներառում են նման բարձրացումներ),

 

գ) ֆինանսական հաշվետվություններում արդեն իսկ ճանաչված ակտուարային շահույթներով պայմանավորված` հատուցումների գնահատված ավելացումները, եթե կազմակերպությունը կամ պլանի ֆորմալ պայմաններով (կամ այդ պայմաններից դուրս մնացող կառուցողական պարտականությամբ), կամ էլ օրենսդրությամբ պարտավորված է պլանի ցանկացած ավելցուկ օգտագործել պլանի մասնակիցների օգտին, նույնիսկ եթե հատուցումների ավելացումը պաշտոնապես դեռ չի ամրագրվել (արդյունքում առաջացող պարտականության ավելացումն իրենից ներկայացնում է ակտուարային վնաս, այլ ոչ թե անցյալ ծառայության արժեքի աճ. տես պարագրաֆ 85-ի «բ» կետը),

 

դ) երաշխավորված հատուցումների ավելացումը, երբ, նոր կամ ավելացված հատուցումների բացակայության պայմաններում, աշխատակիցները բավարարում են երաշխավորման պահանջները (չկա անցյալ ծառայության արժեքի աճ, քանի որ հատուցումների գծով գնահատված ծախսումները ճանաչվել են որպես ընթացիկ ծառայության արժեք` ծառայության մատուցմանը զուգընթաց), և

 

ե) պլանի փոփոխությունների ազդեցությունը, որոնցով նվազեցվում են ապագա ծառայության դիմաց հատուցումները (կրճատումներ):

 

99. Երբ գործողության մեջ են դրվում նոր հատուցումներ կամ փոփոխության են ենթարկվում գոյություն ունեցողները, կազմակերպությունը սահմանում է անցյալ ծառայության արժեքի աճի ամորտիզացման ժամանակացույց: Գործնականում անհնարին կլիներ նշված ժամանակացույցի շրջանակներում մանրամասն գրառումների վարումը` բոլոր հետագա փոփոխությունները որոշակիացնելու և իրականացնելու համար: Ավելին` արդյունքը հավանաբար կարող է էական լինել միայն այն դեպքում, երբ իրականացվում է պլանի կրճատում կամ մարում: Հետևաբար` կազմակերպությունը անցյալ ծառայության արժեքի աճի ամորտիզացիայի ժամանակացույցի մեջ փոփոխություններ է մտցնում միայն պլանի կրճատման կամ մարման դեպքում:

 

100. Եթե կազմակերպությունը նվազեցնում է գոյություն ունեցող սահմանված հատուցումների պլանի համաձայն վճարվելիք հատուցումները, ապա արդյունքում ստացվող սահմանված հատուցումների գծով պարտավորության նվազումը ճանաչվում է որպես անցյալ ծառայության արժեքի աճ (բացասական)` մինչև նվազեցված հատուցումների երաշխավորված դառնալը մնացած միջին ժամանակաշրջանի ընթացքում:

 

101. Եթե կազմակերպությունը նվազեցնում է գոյություն ունեցող սահմանված հատուցումների պլանի համաձայն վճարվելիք որոշակի հատուցումներ և միաժամանակ ավելացնում է նույն աշխատակիցներին այդ պլանի համաձայն վճարվելիք այլ հատուցումներ, ապա կազմակերպությունը փոփոխությունները դիտում է որպես մեկ զուտ փոփոխություն:

 

Ճանաչումը և չափումը. պլանի ակտիվներ

Պլանի ակտիվների իրական արժեքը

 

102. Հաշվապահական հաշվեկշռում պարագրաֆ 54-ի համաձայն ճանաչվող գումարը որոշելիս պլանի ակտիվների իրական արժեքը հանվում է: Եթե չկա շուկայական գին, պլանի ակտիվների իրական արժեքը գնահատվում է, օրինակ, ակնկալվող ապագա դրամական միջոցների հոսքերը զեղչելու միջոցով` օգտագործելով զեղչման այնպիսի դրույք, որն արտացոլում է ինչպես պլանի ակտիվների հետ կապված ռիսկերը, այնպես էլ այդ ակտիվների մարման կամ ակնկալվող օտարման ժամկետը (կամ, եթե դրանք մարման ժամկետ չունեն, ապա մինչև համապատասխան պարտականության կատարումը ընկած ակնկալվող ժամանակաշրջանը):

 

103. Պլանի ակտիվների մեջ չեն ներառվում չվճարված մասհանումները, որոնք հաշվետու կազմակերպության կողմից ենթակա են վճարման հիմնադրամին, ինչպես նաև կազմակերպության կողմից թողարկված և հիմնադրամի կողմից պահվող չփոխանցելի ֆինանսական գործիքները:

 

104. Եթե պլանի ակտիվները ներառում են ապահովագրական պոլիսներ, որոնք գումարով և ժամկետներով ճշգրտորեն համապատասխանում են պլանի համաձայն վճարվելիք բոլոր հատուցումներին կամ դրանց մի մասին, ապա պլանի իրավունքները ըստ այդ պոլիսների չափվում են նույն այն գումարներով, ինչ որ համապատասխան պարտականությունները:

 

Պլանի ակտիվների հատույցը

 

105. Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվող բաղադրիչներից մեկն է: Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցի և փաստացի հատույցի միջև տարբերությունն իրենից ներկայացնում է ակտուարային շահույթ կամ վնաս. այն ակտուարային շահույթների և վնասների հետ միասին ներառվում է սահմանված հատուցումների գծով պարտականության մեջ` այն զուտ գումարը որոշելիս, որը համեմատվում է պարագրաֆ 92-ում սահմանված` 10 տոկոսանոց «միջանցքի» սահմանների հետ:

 

106. Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցի հիմքում ընկած են պարտականության ամբողջ ժամկետի ընթացքում հատույցների գծով շուկայական կանխատեսումները` հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ: Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցն արտացոլում է ժամանակաշրջանի ընթացքում պահվող պլանի ակտիվների իրական արժեքի փոփոխությունները, որոնք արդյունք են հիմնադրամ վճարված փաստացի մասհանումների և հիմնադրամից վճարված փաստացի հատուցումների:

 

107. Պլանի ակտիվների գծով ակնկալվող և փաստացի հատույցը որոշելիս կազմակերպությունը հանում է ակնկալվող վարչական (կառավարման) ծախսումները, բացառությամբ նրանց, որոնք ներառվել են պարտականությունը չափելու համար օգտագործված ակտուարային ենթադրություններում:

 

Պարագրաֆ 106-ը լուսաբանող օրինակ

 

20x1 թ. հունվարի 1-ի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքը 10.000 միավոր էր, իսկ կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները` 760 միավոր: 20x1 թ. հունիսի 30-ին պլանը վճարել է 1.900 միավոր հատուցումներ և ստացել 4.900 միավոր մասհանումներ: 20x1 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքը կազմում էր 15.000 միավոր, իսկ սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը` 14.792 միավոր: Պարտականության գծով ակտուարային վնասները 20x1 թվականի համար կազմել են 60 միավոր:

 

20x1 թ. հունվարի 1-ի դրությամբ հաշվետու կազմակերպությունը, հիմք ընդունելով այդ ամսաթվի դրությամբ շուկայական գները, կատարել է հետևյալ գնահատումները.

 

%

    Տոկոսային և  շահաբաժնային եկամուտ` հիմնադրամի կողմից          9,25

վճարվելիք հարկերը հանելուց հետո

    Պլանի ակտիվների գծով իրացված և  չիրացված շահույթներ           2,00

(հարկումից հետո)

    Վարչական (կառավարման) ծախսումներ                             (1,00)

                                                                _______

    Ակնկալվող հատույցադրույք                                     10,25

                                                                _______

        20x1 թվականի համար պլանի ակտիվների գծով ակնկալվող և փաստացի

հատույցները եղել են հետևյալը.

 

    12 ամիս պահվող 10.000 միավորի գծով հատույցը` 10,25 %-ով       1.025

    6 ամիս պահվող 3.000 միավորի գծով հատույցը` 5 %-ով               150

    (համարժեք է տարեկան 10,25 %-ին` բարդ տոկոսով, որը               ___

հաշվեգրվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ)

    20x1-ի համար պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը          1.175

                                                                  _____

    Պլանի ակտիվների իրական արժեքը 20x1թ.                         15.000

դեկտեմբերի 31-ի դրությամբ

    Հանած 20x1 թ. հունվարի 1-ի դրությամբ պլանի ակտիվների        (10.000)

իրական արժեքը

 

    Հանած ստացված մասհանումները                                  (4.900)

    Գումարած վճարված հատուցումները                                1.900

                                                                 ______

    Պլանի ակտիվների գծով փաստացի հատույցը                         2.000

                                                                 _______

Պլանի ակտիվների գծով ակնկալվող (1.175) և փաստացի (2.000) հատույցների միջև տարբերությունը (825) ակտուարային շահույթ է: Հետևաբար` կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթը կազմում է 1.525 միավոր (760 + 825 - 60): Պարագրաֆ 92-ի համաձայն` «միջանցքի» չափը կլինի 1.500 միավոր (15.000-ի 10 %-ից և 14.792-ի 10 %-ից առավելագույնը): Հաջորդ տարի (20x2 թ.) կազմակերպությունը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչում է ակտուարային շահույթ` 25 միավորը (1.525-ից հանած 1.500) բաժանված աշխատակիցների` մինչև թոշակի անցնելը մնացած ծառայության ակնկալվող միջին տևողության վրա:

 

20x2 թվականի համար պլանի ակտիվների ակնկալվող հատույցի հիմքում ընկած կլինեն 01.01.x2 թ. դրությամբ պարտականության ամբողջ ժամկետի ընթացքում հատույցների վերաբերյալ շուկայական կանխատեսումները:

 

Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ

 

108. Իրենից ձեռք բերում ներկայացնող ձեռնարկատիրական գործունեության միավորման ժամանակ կազմակերպությունը հետաշխատանքային հատուցումներից առաջացող ակտիվները և պարտավորությունները ճանաչում է պարտականության ներկա արժեքով` հանած պլանի ակտիվների իրական արժեքը (տես ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտը): Պարտականության ներկա արժեքը ներառում է ստորև թվարկված բոլոր հոդվածները նույնիսկ այն դեպքում, երբ ձեռք բերվողը դեռ չի ճանաչել դրանք ձեռք բերման ամսաթվի դրությամբ.

 

ա) ակտուարային շահույթները և վնասները, որոնք առաջացել են մինչև ձեռք բերման ամսաթիվը (անկախ նրանից, թե դրանք ընկնում են 10 տոկոսանոց «միջանցքի» մեջ, թե ոչ),

 

բ) անցյալ ծառայության արժեքի աճը, որն առաջացել է մինչև ձեռք բերման ամսաթիվը նոր պլան գործողության մեջ դնելուց կամ գոյություն ունեցող հատուցումների փոփոխություններից, և

 

գ) այն գումարները, որոնք, պարագրաֆ 155-ի «բ» կետի անցումային դրույթների համաձայն, ձեռք բերվողը չի ճանաչել:

 

Կրճատումներ և մարումներ

 

109. Կազմակերպությունը սահմանված հատուցումների պլանի կրճատումից կամ մարումից առաջացող շահույթները կամ վնասները պետք է ճանաչի կրճատումը կամ մարումը իրականացնելու պահին: Կրճատումից կամ մարումից առաջացող շահույթը կամ վնասը պետք է ներառի`

 

ա) սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքի առաջացող փոփոխությունները,

 

բ) պլանի ակտիվների իրական արժեքի առաջացող փոփոխությունները, և

 

գ) համապատասխան ակտուարային շահույթներն ու վնասները և անցյալ ծառայության արժեքի աճը, որոնք, համաձայն 92 և 96 պարագրաֆների, նախկինում չեն ճանաչվել:

 

110. Մինչև կրճատման կամ մարման ազդեցությունը որոշելը, կազմակերպությունը պետք է վերաչափի պարտականությունը (և համապատասխան պլանի ակտիվները, եթե այդպիսիք կան)` օգտագործելով ընթացիկ ակտուարային ենթադրություններ (ներառյալ ընթացիկ շուկայական տոկոսադրույքները և այլ ընթացիկ շուկայական գները):

 

111. Կրճատում իրականացվում է, երբ կազմակերպությունը`

 

ա) ցուցադրաբար պարտավորվում է էականորեն նվազեցնել պլանում ընդգրկված աշխատակիցների թվաքանակը, կամ

 

բ) փոփոխում է սահմանված հատուցումների պլանի պայմաններն այնպես, որ ընթացիկ շրջանում զբաղված աշխատակիցների ապագա ծառայության էական մասն այլևս հաշվի չի առնվելու հատուցումների հաշվարկման համար կամ հաշվի է առնվելու միայն նվազեցված հատուցումների հաշվարկման համար:

 

Կրճատում կարող է առաջանալ ինչ-որ առանձին իրադարձության արդյունքում, օրինակ` գործարանի փակման, որևէ գործառնության ընդհատման, պլանի դադարեցման կամ կասեցման արդյունքում: Դեպքը համարվում է բավարար նշանակալի` որակվելու համար որպես կրճատում, եթե կրճատումից առաջացող շահույթների կամ վնասների ճանաչումը էական ազդեցություն կունենա ֆինանսական հաշվետվությունների վրա: Կրճատումները հաճախ կապված են վերակառուցումների հետ: Այդ իսկ պատճառով կազմակերպությունը կրճատումը հաշվառում է նույն այն ժամանակ, երբ համապատասխան վերակառուցումը:

 

112. Մարում իրականացվում է, երբ կազմակերպությունը կնքում է գործարք, որը վերացնում է բոլոր հետագա իրավական կամ կառուցողական պարտականությունները` սահմանված հատուցումների պլանի համաձայն տրամադրվելիք բոլոր հատուցումների կամ դրանց մի մասի գծով, օրինակ, երբ պլանի մասնակիցներին կամ նրանց օգտին կատարվում է միանվագ վճարում` նրանց որոշակի հետաշխատանքային հատուցումներ ստանալու իրավունքների փոխարեն:

 

113. Ապահովագրական պոլիսի ներքո իրավունքների ձեռք բերումը մարում չէ, եթե կազմակերպությունը պահպանում է իրավական կամ կառուցողական պարտականություն (տես պարագրաֆ 39)` վճարելու հետագա մասհանումներ, եթե ապահովագրողը չի վճարում աշխատակիցների` ընթացիկ և նախորդ ժամանակաշրջաններում ծառայությանը վերաբերող բոլոր հետագա հատուցումները:

 

114. Մարումն իրականացվում է կրճատման հետ միաժամանակ այն դեպքում, երբ պլանը դադարեցվում է այնպես, որ պարտականությունը մարվում է, իսկ պլանը դադարում է գոյություն ունենալ: Այնուամենայնիվ, պլանի դադարեցումը կրճատում կամ մարում չէ, եթե այն փոխարինվում է մի նոր պլանով, որն առաջարկում է ըստ էության նույնական հատուցումներ:

 

115. Այն դեպքերում, երբ կրճատումը վերաբերում է պլանում ընդգրկված միայն որոշ աշխատակիցների, կամ երբ մարվում է պարտականության միայն մի մասը, շահույթը կամ վնասը ներառում է նախկինում չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճի և ակտուարային շահույթների ու վնասների (ինչպես նաև պարագրաֆ 155-ի «բ» կետի համաձայն չճանաչված մնացած անցումային գումարների) համամասնական մասը: Համամասնական մասը որոշվում է կրճատումից կամ մարումից առաջ և հետո պարտականության ներկա արժեքի հիման վրա, եթե մեկ այլ հիմունք ավելի նպատակահարմար չէ տվյալ հանգամանքներում: Օրինակ` կարող է նպատակահարմար լինի նույն պլանի կրճատումից կամ մարումից առաջացող բոլոր շահույթները օգտագործել` նույն պլանին վերաբերող ցանկացած չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճն առաջինը վերացնելու համար:

 

Պարագրաֆ 115-ը լուսաբանող օրինակ

 

Կազմակերպությունը դադարեցնում է արտադրական սեգմենտի գործունեությունը, և այդ սեգմենտի աշխատակիցները հետագա հատուցումներ չեն վաստակելու: Սա իրենից ներկայացնում է կրճատում առանց մարման: Օգտագործելով ընթացիկ ակտուարային ենթադրությունները (ներառյալ ընթացիկ շուկայական տոկոսադրույքներն ու այլ ընթացիկ շուկայական գները) կրճատում իրականացնելուց անմիջապես առաջ` կազմակերպությունը որոշել է, որ իր սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը կազմում է 1.000 միավոր, պլանի ակտիվների իրական արժեքը` 820 միավոր, իսկ չճանաչված կուտակված ակտուարային զուտ շահույթները` 50 միավոր: Կազմակերպությունը սույն ստանդարտը սկսել է կիրառել մեկ տարի առաջ, որի հետ կապված պարտավորությունը ավելացել է 100 միավորով, որը կազմակերպությունը նախընտրել է ճանաչել հինգ տարվա ընթացքում (տես պարագրաֆ 155-ի «բ» կետը): Կրճատումը նվազեցնում է պարտականության ներկա արժեքը 100 միավորով` հասցնելով այն 900 միավորի:

 

Նախկինում չճանաչված ակտուարային շահույթների և անցումային գումարների 10 %-ը (100/1.000) վերաբերում է պարտականության այն մասին, որը վերացվել է կրճատման միջոցով: Այսպիսով, կրճատման ազդեցությունը կլինի հետևյալը.

 

                                          Մինչև     Կրճատումից Կրճատումից

                                          կրճատումը շահույթ    հետո

 

  Պարտականության ներկա արժեքը              1.000       (100)      900

  Պլանի ակտիվների իրական արժեքը             (820)        __-     (820)

                                             180       (100)       80

  Չճանաչված ակտուարային շահույթներ            50         (5)       45

  Չճանաչված անցումային գումար (100 x 4/5)    (80)         8       (72)

                                             _________________________

  Հաշվեկշռում ճանաչվող զուտ պարտավորություն   150       (97)        53

                                            __________________________

Ներկայացում

Հաշվանցում

 

116. Կազմակերպությունը պետք է հաշվանցի մի պլանին վերաբերող ակտիվը մեկ այլ պլանին վերաբերող պարտավորության դիմաց այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը`

 

ա) ունի իրավաբանորեն ամրագրված իրավունք օգտագործելու մի պլանի գծով ավելցուկը մեկ այլ պլանի գծով պարտականությունները մարելու համար, և

 

բ) մտադիր է կամ մարել պարտականությունը զուտ հիմունքով, կամ միաժամանակ իրացնել մի պլանի ավելցուկը և մարել մյուս պլանի գծով իր պարտականությունը:

 

117. Հաշվանցման չափանիշները համանման են նրանց, որոնք սահմանված են ֆինանսական գործիքների համար ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ստանդարտում:

 

Տարբերակումը ընթացիկի և ոչ ընթացիկի

 

118. Համաձայն ՀՀՀՀՍ 1-ի` կազմակերպությունը հաշվապահական հաշվեկշռում ընթացիկ և ոչ ընթացիկ ակտիվներն ու պարտավորությունները պետք է ներկայացնի առանձին դասակարգմամբ: Հետևաբար կազմակերպությունը պետք է հետաշխատանքային հատուցումներից առաջացող ակտիվները և պարտավորությունները տարբերակի ընթացիկ ու ոչ ընթացիկ բաղադրիչների և դրանք ներկայացնի առանձին-առանձին:

 

Հետաշխատանքային հատուցումների գծով ծախսումների ֆինանսական բաղադրիչները

 

119. Սույն ստանդարտը չի կոնկրետացնում, թե արդյոք կազմակերպությունը պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ընթացիկ ծառայության արժեքը, տոկոսների արժեքը և պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը ներկայացնի որպես եկամտի կամ ծախսի մեկ հոդվածի բաղադրիչներ:

 

Բացահայտում

 

120. Սահմանված հատուցումների պլանների վերաբերյալ կազմակերպությունը պետք է բացահայտի հետևյալ տեղեկատվությունը.

 

ա) կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ակտուարային շահույթների և վնասների ճանաչման համար.

 

բ) պլանի տեսակի ընդհանուր նկարագրությունը.

 

գ) ակտիվների և պարտավորությունների համապատասխանեցումը` ցույց տալով առնվազն`

 

I. հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ սահմանված հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքը, որոնք ամբողջությամբ չֆոնդավորվող են,

 

II. հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ սահմանված հատուցումների գծով պարտականությունների ներկա արժեքը (մինչև պլանի ակտիվների իրական արժեքը հանելը), որոնք ամբողջությամբ կամ մասամբ ֆոնդավորվող են,

 

III. հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների իրական արժեքը,

 

IV. հաշվապահական հաշվեկշռում չճանաչված ակտուարային զուտ շահույթները կամ վնասները (տես պարագրաֆ 92),

 

V. հաշվապահական հաշվեկշռում դեռ չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճը (տես պարագրաֆ 96),

 

VI. պարագրաֆ 58-ի «բ» կետի սահմանափակումների պատճառով որպես ակտիվ չճանաչված ցանկացած գումար, և

 

VII. հաշվապահական հաշվեկշռում ճանաչված գումարները.

 

դ) պլանի ակտիվների իրական արժեքում ներառված գումարները հետևյալների գծով`

 

I. հաշվետու կազմակերպության սեփական ֆինանսական գործիքների յուրաքանչյուր կատեգորիայի,

 

II. հաշվետու կազմակերպության կողմից զբաղեցրած ցանկացած անշարժ գույքի կամ օգտագործվող այլ ակտիվների.

 

ե) հաշվապահական հաշվեկշռում ճանաչված զուտ պարտավորության (կամ ակտիվի) համապատասխանեցումը, որը ցույց է տալիս ժամանակաշրջանի ընթացքում դրա փոփոխությունները.

 

զ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված ընդհանուր ծախսը (եկամուտը) հետևյալ հոդվածներից յուրաքանչյուրի գծով, ինչպես նաև ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության տողային հոդվածը (հոդվածները), որոնց մեջ դրանք ներառվել են.

 

I. ընթացիկ ծառայության արժեքը,

 

II. տոկոսների արժեքը,

 

III. պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը,

 

IV. ակտուարային շահույթները և վնասները,

 

V. անցյալ ծառայության արժեքի աճը, և

 

VI. ցանկացած կրճատման կամ մարման ազդեցությունը.

 

է) պլանի ակտիվների գծով փաստացի հատույցը, և

 

ը) հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ օգտագործված հիմնական ակտուարային ենթադրությունները, ներառյալ`

 

I. զեղչման դրույքները,

 

II. պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցադրույքները ֆինանսական հաշվետվություններում ներկայացված ժամանակաշրջանների համար,

 

III. աշխատավարձերի բարձրացման ակնկալվող տեմպերը (կամ ինդեքսի կամ մեկ այլ փոփոխականի փոփոխությունները, որը, ըստ պլանի ֆորմալ կամ կառուցողական պայմանների, որոշված է որպես հատուցումների ապագա ավելացումների հիմք),

 

IV. բուժսպասարկման ծախսումների փոփոխման միտումները, և

 

V. օգտագործված ցանկացած այլ էական ակտուարային ենթադրություն:

 

Յուրաքանչյուր ակտուարային ենթադրություն կազմակերպությունը պետք է բացահայտի բացարձակ մեծություններով (օրինակ` որպես բացարձակ տոկոս) և ոչ թե որպես տարբեր տոկոսաչափերի կամ այլ փոփոխականների միջև հարաբերակցություն:

 

121. Պարագրաֆ 120-ի «բ» կետով պահանջվում է պլանի տեսակի ընդհանուր նկարագրությունը: Այսպիսի նկարագրությունը թույլ է տալիս, օրինակ, տարբերակել միջինացված աշխատավարձերի վրա հիմնված թոշակային պլանները վերջին աշխատավարձի վրա հիմնված թոշակային պլաններից և հետաշխատանքային բժշկական ապահովության պլաններից: Հավելյալ մանրամասներ չեն պահանջվում:

 

122. Երբ կազմակերպությունն ունի մեկից ավելի սահմանված հատուցումների պլաններ, բացահայտումները կարող են արվել միագումար (համակցված) թվերով կամ յուրաքանչյուր պլանի համար առանձին, կամ այնպիսի խմբավորումներով, որոնք կհամարվեն առավել օգտակար: Օգտակար կարող է լինել տեղեկատվության խմբավորումը ըստ այնպիսի չափանիշների, ինչպիսիք են`

 

ա) պլանների աշխարհագրական տեղադրությունը, օրինակ, տարբերակելով տեղական պլանները արտասահմանյան պլաններից, կամ

 

բ) պլանների ենթարկվածությունը էականորեն տարբեր ռիսկերի, օրինակ, տարբերակելով միջինացված աշխատավարձերի վրա հիմնված թոշակային պլանները վերջին աշխատավարձի վրա հիմնված թոշակային պլաններից և հետաշխատանքային բժշկական ապահովության պլաններից:

 

Այն դեպքերում, երբ կազմակերպությունը բացահայտումներ է տալիս ըստ պլանների խմբավորումների` միագումար (համակցված) թվերով, նման բացահայտումները տրամադրվում են միջին կշռված ցուցանիշների կամ ցուցանիշների համեմատաբար նեղ միջակայքերի տեսքով:

 

123. Պարագրաֆ 30-ով պահանջվում են լրացուցիչ բացահայտումներ այն մեկից ավելի գործատուների սահմանված հատուցումների պլանների վերաբերյալ, որոնք դիտվում են այնպես, իբրև թե դրանք սահմանված մասհանումների պլաններ են:

 

124. Այն դեպքերում, երբ դա պահանջվում է ՀՀՀՀՍ 24-ով, կազմակերպությունը բացահայտում է տեղեկատվություն հետևյալի վերաբերյալ.

 

ա) հետաշխատանքային հատուցումների պլանների և կազմակերպության հետ կապակցված կողմերի միջև գործարքների, և

 

բ) հանգուցային կառավարչական անձնակազմի համար հետաշխատանքային հատուցումների:

 

125. ՀՀՀՀՍ 37-ով պահանջվող դեպքերում կազմակերպությունը բացահայտում է տեղեկատվություն հետաշխատանքային հատուցումների գծով պարտականություններից առաջացող պայմանական պարտավորությունների վերաբերյալ:

 

Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ

 

126. Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումներ են, օրինակ`

 

ա) երկարաժամկետ փոխհատուցվող բացակայությունները, ինչպիսիք են երկարամյա ծառայության կամ գիտական աշխատանքների համար տրվող արձակուրդը,

 

բ) հոբելյանական կամ երկարամյա ծառայության համար այլ հատուցումները,

 

գ) երկարատև անաշխատունակության նպաստները,

 

դ) շահույթի բաշխումները և պարգևավճարները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում աշխատակիցները մատուցել են համապատասխան ծառայությունը, և

 

ե) հետաձգված փոխհատուցումները, որոնք ենթակա են վճարման այն ժամանակաշրջանի ավարտից տասներկու կամ ավելի ամիսներ հետո, որում դրանք վաստակվել են:

 

127. Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների չափումը սովորաբար ենթակա չէ անորոշության նույն աստիճանին, ինչ որ հետաշխատանքային հատուցումներինը: Ավելին, աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների ներդրումը կամ նրանց փոփոխությունը հազվագյուտ է հանգեցնում անցյալ ծառայության արժեքի աճի էական գումարի: Այդ պատճառով էլ սույն ստանդարտը աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների համար պահանջում է կիրառել հաշվապահական հաշվառման պարզեցված մեթոդ: Այս մեթոդը հետաշխատանքային հատուցումների հաշվապահական հաշվառման համար պահանջվող մեթոդից տարբերվում է հետևյալով.

 

ա) ակտուարային շահույթները և վնասները ճանաչվում են անմիջապես, և չի կիրառվում և ոչ մի «միջանցք», և

 

բ) ամբողջ անցյալ ծառայության արժեքի աճը ճանաչվում է անմիջապես:

 

Ճանաչումը և չափումը

 

128. Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների գծով որպես պարտավորություն ճանաչվող գումարը պետք է իրենից ներկայացնի հետևյալ մեծությունների զուտ հանրագումարը.

 

ա) սահմանված հատուցումների գծով պարտականության ներկա արժեքը հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ (տես պարագրաֆ 64),

 

բ) հանած հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների (եթե այդպիսիք կան) իրական արժեքը, որոնցից պետք է ուղղակիորեն մարվեն պարտականությունները (տես 102-104 պարագրաֆները):

 

Պարտավորությունը չափելիս կազմակերպությունը պետք է կիրառի 49-91 պարագրաֆները, բացառությամբ 54 և 61 պարագրաֆների:

 

129. Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների գծով կազմակերպությունը պետք է ճանաչի ստորև ներկայացված մեծությունների զուտ հանրագումարը որպես ծախս կամ (հաշվի առնելով պարագրաֆ 58-ի «բ» կետի սահմանափակումը) եկամուտ, բացառությամբ դրա այն մասի, որը Հայաստանի Հանրապետության հաշվառման մեկ այլ ստանդարտով պահանջվում կամ թույլատրվում է ներառել որևէ ակտիվի արժեքի մեջ.

 

ա) ընթացիկ ծառայության արժեքը (տես 63-91 պարագրաֆները),

 

բ) տոկոսների արժեքը (տես պարագրաֆ 82),

 

գ) պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը (տես 105-107 պարագրաֆները),

 

դ) ակտուարային շահույթները և վնասները, որոնք ամբողջությամբ պետք է ճանաչվեն անմիջապես,

 

ե) անցյալ ծառայության արժեքի աճը, որը պետք է ամբողջությամբ ճանաչվի անմիջապես, և

 

զ) պլանի ցանկացած կրճատման կամ մարման ազդեցությունը (տես 109 և 110 պարագրաֆները):

 

130. Աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների մի տեսակ է երկարաժամկետ անաշխատունակության նպաստը: Եթե նպաստի չափը կախված է ծառայության տևողությունից, ապա պարտականությունն առաջանում է ծառայության մատուցման ժամանակ: Նշված պարտականության չափումն արտացոլում է հատուցում պահանջվելու հավանականությունը, ինչպես նաև այն ժամանակաշրջանի տևողությունը, որի ընթացքում ակնկալվում է վճարել հատուցումը: Եթե նպաստի չափը նույնն է ցանկացած անաշխատունակ աշխատակցի համար` անկախ ծառայության տարիների թվից, ապա այդ նպաստների գծով ակնկալվող ծախսումները ճանաչվում են այն ժամանակ, երբ տեղի է ունենում դեպք, որը հանգեցնում է երկարաժամկետ անաշխատունակության:

 

Բացահայտում

 

131. Թեև սույն ստանդարտը չի պահանջում հատուկ բացահայտումներ աշխատակիցների այլ երկարաժամկետ հատուցումների վերաբերյալ, Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներ կարող են պահանջել բացահայտումներ, օրինակ, այն դեպքերում, երբ նման հատուցումներից առաջացող ծախսերն այնպիսի չափի, բնույթի կամ ոլորտի են, որ տվյալ ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության արդյունքները բացատրելու համար դրանց բացահայտումը տեղին է (տես ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտը): ՀՀՀՀՍ 24-ով պահանջվող դեպքերում կազմակերպությունը բացահայտում է տեղեկատվություն հանգուցային կառավարչական անձնակազմի այլ երկարաժամկետ հատուցումների վերաբերյալ:

 

Ազատման նպաստներ

 

132. Սույն ստանդարտը ազատման նպաստները դիտարկում է աշխատակիցների այլ հատուցումներից առանձին, քանի որ պարտականություն առաջացնող դեպքը դադարեցումն է և ոչ թե աշխատակցի ծառայությունը:

 

Ճանաչումը

 

133. Կազմակերպությունը պետք է ճանաչի ազատման նպաստները որպես պարտավորություն և ծախս այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը ցուցադրաբար պարտավորված է`

 

ա) դադարեցնել աշխատակցի կամ աշխատակիցների խմբի աշխատանքը մինչև թոշակի անցնելու ընդունված ժամկետը, կամ

 

բ) տրամադրել ազատման նպաստներ` որպես առաջարկության արդյունք, որն արվել է խրախուսելու համար աշխատանքից կամավոր ազատվելը:

 

134. Կազմակերպությունը ցուցադրաբար պարտավորված է դադարեցնել աշխատանքը այն և միայն այն դեպքում, երբ նա ունի դադարեցման մանրամասն ֆորմալ պլան, որից հրաժարվելու ոչ մի իրատեսական հնարավորություն չունի: Մանրամասն պլանը պետք է առնվազն ներառի`

 

ա) այն աշխատակիցների գտնվելու վայրը, գործառույթները և մոտավոր թիվը, որոնց ծառայությունը պետք է դադարեցվի,

 

բ) ազատման նպաստները յուրաքանչյուր աշխատանքային մասնագիտության կամ գործառույթի գծով, և

 

գ) պլանի իրագործման ժամանակը: Իրագործումը պետք է սկսվի որքան հնարավոր է շուտ, իսկ իրագործումն ավարտելու ժամանակը պետք է լինի այնպիսին, որ պլանում էական փոփոխություններ մտցնելը հավանական չլինի:

 

135. Կազմակերպությունը կարող է օրենսդրությամբ, աշխատակիցների կամ նրանց ներկայացուցիչների հետ կնքված պայմանագրային կամ այլ համաձայնությամբ կամ էլ ձեռնարկատիրական պրակտիկայի, ավանդույթների կամ արդար գործելու ցանկության վրա հիմնված կառուցողական պարտականությամբ պարտավորված լինել վճարումներ կատարել (կամ տրամադրել այլ հատուցումներ) աշխատակիցներին, երբ կազմակերպությունը դադարեցնում է նրանց աշխատանքը: Այդպիսի վճարումները ազատման նպաստներ են: Ազատման նպաստները սովորաբար միանվագ վճարումներ են, սակայն երբեմն ներառում են նաև`

 

ա) թոշակային հատուցումների կամ այլ հետաշխատանքային հատուցումների ավելացումները` կամ անուղղակիորեն` աշխատակիցների հատուցումների պլանների միջոցով, կամ էլ ուղղակիորեն, և

 

բ) մինչև նախապես սահմանված ժամկետի ավարտը վճարվող աշխատավարձեր, եթե աշխատակիցն այլևս չի մատուցում որևէ ծառայություն, որը կազմակերպությանը տնտեսական օգուտներ կապահովեր:

 

136. Աշխատակիցների որոշ հատուցումներ ենթակա են վճարման` անկախ աշխատակցի ազատման պատճառից: Նման հատուցումների վճարումը որոշակի է (և կախված է երաշխավորման կամ նվազագույն ծառայության պահանջների բավարարումից), սակայն անորոշ է դրանց վճարման ժամանակը: Թեև այդպիսի հատուցումները կարող են բնորոշվել որպես ազատման փոխհատուցումներ կամ դադարեցման նպաստներ, դրանք ըստ էության իրենցից ներկայացնում են հետաշխատանքային հատուցումներ, այլ ոչ թե ազատման նպաստներ, և կազմակերպությունը հաշվառում է դրանք որպես հետաշխատանքային հատուցումներ: Որոշ կազմակերպություններ վճարում են ավելի ցածր մակարդակի հատուցումներ, երբ աշխատակիցը ազատվում է կամավոր` իր նախաձեռնությամբ (ըստ էության` հետաշխատանքային հատուցումներ), քան կազմակերպության նախաձեռնությամբ իրականացվող հարկադիր ազատման դեպքում: Հարկադիր ազատման դեպքում վճարման ենթակա լրացուցիչ հատուցումներն իրենցից ներկայացնում են ազատման նպաստներ:

 

137. Ազատման նպաստները կազմակերպության համար չեն ապահովում ապագա տնտեսական օգուտներ և անմիջապես ճանաչվում են որպես ծախս:

 

138. Այն դեպքերում, երբ կազմակերպությունը ճանաչում է ազատման նպաստներ, կարող է անհրաժեշտություն լինի կատարելու թոշակային հատուցումների կամ աշխատակիցների այլ հատուցումների կրճատման հաշվառում (տես պարագրաֆ 109):

 

Չափումը

 

139. Եթե ազատման նպաստները դառնում են վճարման ենթակա հաշվապահական հաշվեկշռի ամսաթվից ավելի քան տասներկու ամիս հետո, դրանք պետք է զեղչվեն` օգտագործելով պարագրաֆ 78-ում սահմանված զեղչման դրույքը:

 

140. Այն դեպքում, երբ առաջարկ է արվում աշխատանքից կամավոր ազատվելը խրախուսելու նպատակով, ազատման նպաստների չափումը պետք է հիմնված լինի այն աշխատակիցների քանակի վրա, որոնք ակնկալվում է, որ ընդունելու են այդ առաջարկը:

 

Բացահայտում

 

141. Այն դեպքերում, երբ առկա է անորոշություն` կապված այն աշխատակիցների թվաքանակի հետ, որոնք նպաստներ ստանալու պայմանով ընդունելու են ազատման առաջարկը, գոյություն ունի պայմանական պարտավորություն: Ինչպես պահանջում է ՀՀՀՀՍ 37-ը, կազմակերպությունը պետք է բացահայտի տեղեկատվություն պայմանական պարտավորությունների վերաբերյալ, բացառությամբ այն դեպքերի, երբ մարման նպատակով ցանկացած արտահոսքի հավանականությունը շատ փոքր է:

 

142. Ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ 8-ով, կազմակերպությունը բացահայտում է ծախսի բնույթը և գումարը, եթե այն այնպիսի չափի, բնույթի կամ ոլորտի է, որ տվյալ ժամանակաշրջանում կազմակերպության գործունեության արդյունքները բացատրելու համար դրանց բացահայտումը տեղին է: Ազատման նպաստները կարող են հանգեցնել այնպիսի ծախսի, որը անհրաժեշտ է բացահայտել նշված պահանջը բավարարելու համար:

 

143. ՀՀՀՀՍ 24-ով պահանջվող դեպքերում կազմակերպությունը բացահայտում է տեղեկատվություն հանգուցային կառավարչական անձնակազմի գծով ազատման նպաստների վերաբերյալ:

 

Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ

 

144. Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումները ներառում են այնպիսի հատուցումներ, ինչպիսիք են`

 

ա) բաժնետոմսերը, բաժնետոմսերի օպցիոնները և սեփական կապիտալի այլ գործիքները, որոնք թողարկվել են աշխատակիցների համար այնպիսի գնով, որն ավելի ցածր է, քան իրական արժեքը, որով նույն գործիքները կթողարկվեին երրորդ անձանց համար, և

 

բ) դրամական միջոցների վճարումները, որոնց գումարը կախված է հաշվետու կազմակերպության բաժնետոմսերի ապագա շուկայական գներից:

 

Ճանաչումը և չափումը

 

145. Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների համար սույն ստանդարտը չի սահմանում ճանաչման ու չափման պահանջներ:

 

Բացահայտում

 

146. Պահանջվող բացահայտումների նպատակն է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողներին հնարավորություն տալ գնահատելու սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների ազդեցությունը կազմակերպության ֆինանսական վիճակի, գործունեության արդյունքների և դրամական միջոցների հոսքերի վրա: Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումները կարող են ազդել`

 

ա) կազմակերպության ֆինանսական վիճակի վրա` պահանջելով նրանից թողարկել սեփական կապիտալի ֆինանսական գործիքներ կամ փոխարկել ֆինանսական գործիքները, օրինակ, այն դեպքերում, երբ աշխատակիցները կամ աշխատակիցների հատուցումների պլանները ունեն բաժնետոմսերի օպցիոններ կամ մասնակիորեն բավարարել են երաշխավորման պայմանները, ինչը հնարավորություն կտա նրանց ձեռք բերել բաժնետոմսերի օպցիոններ ապագայում, և

 

բ) կազմակերպության գործունեության արդյունքների և դրամական միջոցների հոսքերի վրա` այն դրամական միջոցների կամ աշխատակիցների այլ հատուցումների գումարը նվազեցնելու միջոցով, որոնք կազմակերպությունը տրամադրում է աշխատակիցներին նրանց ծառայության դիմաց:

 

147. Կազմակերպությունը պետք է բացահայտի`

 

ա) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների բնույթը և պայմանները (ներառյալ երաշխավորման պայմանները),

 

բ) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների համար,

 

գ) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների գծով ֆինանսական հաշվետվություններում ճանաչված գումարները,

 

դ) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների (և, բաժնետոմսերի օպցիոնների դեպքում, աշխատակիցների) կողմից պահվող` կազմակերպության սեփական կապիտալի ֆինանսական գործիքների քանակը և պայմանները (ներառյալ, կիրառելի լինելու դեպքում, շահաբաժնի և ձայնի իրավունքները, փոխարկման իրավունքները, իրագործման ամսաթվերը, իրագործման գները և ուժի մեջ լինելու ժամկետները)` ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ: Պետք է նաև նշել, թե այդ գործիքների նկատմամբ աշխատակիցների իրավունքները ինչ չափով են երաշխավորված ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ,

 

ե) ժամանակաշրջանի ընթացքում կազմակերպության կողմից սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլաններին կամ աշխատակիցներին թողարկված սեփական կապիտալի գործիքների (կամ սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների միջոցով աշխատակիցներին բաշխված կազմակերպության սեփական կապիտալի գործիքների) թիվը և պայմանները (ներառյալ, կիրառելի լինելու դեպքում, շահաբաժնի և ձայնի իրավունքները, փոխարկման իրավունքները, իրագործման ամսաթվերը, իրագործման գները և ուժի մեջ լինելու ժամկետները), ինչպես նաև սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլաններից կամ աշխատակիցներից ստացված փոխհատուցման իրական արժեքը,

 

զ) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների համաձայն ժամանակաշրջանի ընթացքում իրագործված բաժնետոմսերի օպցիոնների քանակը, իրագործման ամսաթվերը և իրագործման գները,

 

է) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների կողմից պահվող կամ այդպիսի պլանների համաձայն աշխատակիցների կողմից պահվող այն բաժնետոմսերի օպցիոնների քանակը, որոնց ուժի մեջ լինելու ժամկետը լրացել է ժամանակաշրջանի ընթացքում, և

 

ը) հաշվետու կազմակերպության կողմից սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլաններին կամ նրանց օգտին տրամադրված վարկերի կամ երաշխավորությունների գումարը և հիմնական պայմանները:

 

148. Կազմակերպությունը պետք է բացահայտի նաև`

 

ա) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների կողմից պահվող` կազմակերպության սեփական կապիտալի ֆինանսական գործիքների (բացի բաժնետոմսերի օպցիոններից) իրական արժեքը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ, և

 

բ) կազմակերպության այն սեփական կապիտալի ֆինանսական գործիքների (բացի բաժնետոմսերի օպցիոններից) իրական արժեքը թողարկման ամսաթվի դրությամբ, որոնք տվյալ ժամանակաշրջանում թողարկվել են կազմակերպության կողմից` սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների կամ աշխատակիցների համար:

 

Եթե գործնականում անհնարին է որոշել սեփական կապիտալի ֆինանսական գործիքների (բացի բաժնետոմսերի օպցիոններից) իրական արժեքը, ապա այդ փաստը պետք է բացահայտվի:

 

149. Երբ կազմակերպությունն ունի մեկից ավելի սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլաններ, բացահայտումները կարող են արվել միագումար (համակցված) թվերով կամ յուրաքանչյուր պլանի համար առանձին, կամ այնպիսի խմբավորումներով, որոնք կհամարվեն առավել օգտակար` գնահատելու համար այդպիսի պլանների համաձայն սեփական կապիտալի գործիքներ թողարկելու կազմակերպության պարտականությունները և ընթացիկ ժամանակաշրջանում այդ պարտականությունների փոփոխությունները: Այդպիսի խմբավորումները կարելի է կատարել` ելնելով, օրինակ, դիտարկվող աշխատակիցների խմբերի գտնվելու վայրից և պաշտոնից ու աշխատանքային ստաժից: Այն դեպքերում, երբ կազմակերպությունը բացահայտումներ է տալիս ըստ պլանների խմբավորումների` միագումար (համակցված) թվերով, նման բացահայտումները պետք է տրամադրվեն միջին կշռված ցուցանիշների կամ ցուցանիշների համեմատաբար նեղ միջակայքերի տեսքով:

 

150. Այն դեպքերում, երբ կազմակերպություն բաժնետոմսերի օպցիոններ է թողարկել իր աշխատակիցների կամ սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների համար, բացահայտումները կարող են արվել միագումար (համակցված) թվերով կամ այնպիսի խմբավորումներով, որոնք առավել օգտակար են համարվում` գնահատելու համար այն բաժնետոմսերի քանակը և ժամկետները, որոնք կարող են թողարկվել, ինչպես նաև այն դրամական միջոցները, որոնք կարող են արդյունքում ստացվել: Օրինակ` օգտակար կարող է լինել տարբերակել «առանց փողի» 1* (երբ իրագործման գինը մեծ է ընթացիկ շուկայական գնից) օպցիոնները «փողով» 2* (երբ ընթացիկ շուկայական գինն է մեծ իրագործման գնից) օպցիոններից: Ավելին, կարող է օգտակար լինել բացահայտումները խմբավորել այնպես, որ մեկ խմբում չմիավորվեն իրագործման գների կամ ժամկետների լայն տիրույթով օպցիոնները:

 

----------------------

1* «Առանց փողի» (out-of-the-money) օպցիոն` օպցիոն, որի իրագործման

գինն ավելի ցածր է (վաճառքի օպցիոնի դեպքում) կամ բարձր է (գնման

օպցիոնի դեպքում) նրա հիմքում ընկած ֆինանսական գործիքի ընթացիկ

շուկայական գնից (այսինքն` նրա «ներքին» արժեքը բացասական է):

 

2* «Փողով» (in-the-money) օպցիոն` օպցիոն, որի իրագործման գինն ավելի

բարձր է (վաճառքի օպցիոնի դեպքում) կամ ցածր է (գնման օպցիոնի

դեպքում) նրա հիմքում ընկած ֆինանսական գործիքի ընթացիկ շուկայական

գնից (այսինքն` նրա «ներքին» արժեքը դրական է):

 

151. 147 և 148 պարագրաֆներով պահանջվող բացահայտումները նախատեսված են բավարարելու սույն ստանդարտի նպատակները: Լրացուցիչ բացահայտում կարող է պահանջվել ՀՀՀՀՍ 24-ի պահանջները բավարարելու համար, եթե կազմակերպությունը`

 

ա) սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ է տրամադրում հանգուցային կառավարչական անձնակազմին,

 

բ) տրամադրում է սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ` իր մայր կազմակերպության կողմից թողարկված գործիքների տեսքով, կամ

 

գ) կնքում է կապակցված կողմերի միջև գործարքներ` կապված սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների հետ:

 

152. Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումների պլանների գծով ճանաչման և չափման հատուկ պահանջների բացակայության դեպքում այդպիսի պլաններում օգտագործված` հաշվետու կազմակերպության ֆինանսական գործիքների իրական արժեքի վերաբերյալ տեղեկատվությունը օգտակար է ֆինանսական հաշվետվություններ օգտագործողների համար:

 

Անցումային դրույթներ

 

153. Սույն բաժնում սահմանվում է սահմանված հատուցումների պլանների հաշվապահական հաշվառման անցումային մոտեցումը: Երբ կազմակերպությունը սույն ստանդարտը առաջին անգամ է կիրառում աշխատակիցների այլ հատուցումների հաշվառման համար, այն կիրառում է ՀՀՀՀՍ 8-ը:

 

154. Սույն ստանդարտն առաջին անգամ կիրառելիս կազմակերպությունը պետք է որոշի սահմանված հատուցումների պլանների գծով իր անցումային պարտավորությունը այդ ամսաթվի դրությամբ հետևյալ կերպ.

 

ա) պարտականության ներկա արժեքը (տես պարագրաֆ 64) ստանդարտը առաջին անգամ կիրառելու ամսաթվի դրությամբ,

 

բ) հանած ստանդարտը առաջին անգամ կիրառելու ամսաթվի դրությամբ պլանի ակտիվների (եթե այդպիսիք կան) իրական արժեքը, որոնցից ուղղակիորեն մարվելու են պարտականությունները (տես 102-104 պարագրաֆները),

 

գ) հանած անցյալ ծառայության արժեքի աճը, որը, համաձայն պարագրաֆ 96-ի, պետք է ճանաչվի ավելի ուշ ժամանակաշրջաններում:

 

155. Եթե անցումային պարտավորությունը ավելի մեծ է, քան այն պարտավորությունը, որը նույն ամսաթվի դրությամբ արդեն ճանաչված է կազմակերպության նախորդ հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն, ապա կազմակերպությունը պետք է պարագրաֆ 54-ի համաձայն ճանաչի այդ ավելացումը որպես իր սահմանված հատուցումների գծով պարտավորության մի մաս` կամ

 

ա) անմիջապես` համաձայն ՀՀՀՀՍ 8-ի, կամ

 

բ) որպես ծախս գծային հիմունքով հինգ տարվա ընթացքում` սույն ստանդարտը առաջին անգամ կիրառելու ամսաթվից սկսած: Եթե կազմակերպությունը ընտրում է «բ» տարբերակը, ապա այն պետք է`

 

I. կիրառի պարագրաֆ 58-ի «բ» կետում նկարագրված սահմանափակումը հաշվապահական հաշվեկշռում ճանաչվող ակտիվը չափելիս,

 

II. յուրաքանչյուր հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ բացահայտի` 1) ավելացման գումարը, որը մնում է չճանաչված և 2) ընթացիկ ժամանակաշրջանում ճանաչված գումարը,

 

III. սահմանափակի հետագա ակտուարային շահույթների (բայց ոչ անցյալ ծառայության արժեքի բացասական աճի) ճանաչումը հետևյալ կերպ. եթե 92 և 93 պարագրաֆների համաձայն պետք է ճանաչվի ակտուարային շահույթ, ապա կազմակերպությունը պետք է այդ ակտուարային շահույթը ճանաչի միայն այն չափով, որով կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները (մինչև այդ ակտուարային շահույթի ճանաչումը) գերազանցում են անցումային պարտավորության չճանաչված մասը, և

 

IV. չճանաչված անցումային պարտավորության համապատասխան մասը ներառի մարման կամ կրճատման գծով ցանկացած հետագա շահույթի կամ վնասի հաշվարկի մեջ:

 

Եթե անցումային պարտավորությունը ավելի փոքր է, քան այն պարտավորությունը, որը նույն ամսաթվի դրությամբ արդեն ճանաչված է կազմակերպության նախորդ հաշվապահական հաշվառման քաղաքականության համաձայն, ապա կազմակերպությունը պետք է ճանաչի այդ նվազումն անմիջապես` համաձայն ՀՀՀՀՍ 8-ի:

 

156. Սույն ստանդարտի սկզբնական կիրառման ժամանակ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների ազդեցությունը ներառում է բոլոր ակտուարային շահույթները և վնասները, որոնք առաջացել են նախորդ ժամանակաշրջաններում նույնիսկ, եթե դրանք պարագրաֆ 92-ով սահմանված 10 տոկոսանոց «միջանցքի» սահմաններում են:

 

154-156 պարագրաֆները լուսաբանող օրինակ

 

1998 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմակերպության հաշվապահական հաշվեկշիռը ներառում է 100 միավոր թոշակային պարտավորություն: Կազմակերպությունը կիրառում է այս ստանդարտը 1999 թ. հունվարի 1-ից, երբ պարտականության ներկա արժեքը սույն ստանդարտի համաձայն կազմում է 1.300 միավոր, իսկ պլանի ակտիվների իրական արժեքը` 1000 միավոր: 1993 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմակերպությունը ավելացրել է թոշակները (չերաշխավորված հատուցումների արժեքը կազմում էր 160 միավոր, իսկ մինչև երաշխավորումը մնացած միջին ժամանակաշրջանը այդ ամսաթվի դրությամբ կազմում էր 10 տարի):

 

Անցումային արդյունքը կլինի հետևյալը.

    Պարտականության ներկա արժեքը                               1.300

    Պլանի ակտիվների իրական արժեքը                            (1.000)

    Ավելի ուշ ժամանակաշրջաններում ճանաչվելիք անցյալ            (64)

ծառայության արժեքի աճը (160 x 4/10)

    Անցումային պարտավորություն                                  236

    Արդեն ճանաչված պարտավորություն                              100

    Պարտավորության ավելացում                                    136

 

Կազմակերպությունը կարող է ընտրություն անել` 136 միավոր ավելացումը կամ ճանաչել անմիջապես, կամ` հինգ տարվա ընթացքում: Ընտրությունը վերջնական է:

 

1999 թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ սույն ստանդարտի համաձայն պարտականության ներկա արժեքը կազմում է 1.400 միավոր, իսկ պլանի ակտիվների իրական արժեքը` 1.050 միավոր: Կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները սկսած սույն ստանդարտի կիրառման ամսաթվից կազմում են 260 միավոր: Պլանում մասնակցող աշխատակիցների մնացած ծառայության ակնկալվող միջին տևողությունը կազմում է ութ տարի: Կազմակերպությունը ընդունել է ակտուարային շահույթները և վնասները պարագրաֆ 93-ով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան ճանաչելու քաղաքականություն:

 

Պարագրաֆ 155-ի «բ» կետի «III» ենթակետի սահմանափակման ազդեցությունը հետևյալն է (գործնականում այդ սահմանափակումը հազվադեպ է էական ազդեցություն ունենում).

    Կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթներ               260

    «Միջանցք» (140-ից և  105-ից առավելագույնը)                   (140)

    Գերազանցում                                                   120

    Անցումային պարտավորության չճանաչված մասը (136 x 4/5)         (109)

    Ճանաչման ենթակա առավելագույն շահույթ                           11

 

Առանց պարագրաֆ 155-ի «բ» կետի «III» ենթակետի սահմանափակման, կազմակերպությունը 2000 թվականին կճանաչեր 15 միավոր ակտուարային շահույթ (120-ը բաժանած 8-ի)` համաձայն պարագրաֆ 93-ի: Այնուամենայնիվ, կազմակերպությունը այդ ակտուարային շահույթը ճանաչում է միայն այն չափով, որով կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները (120) գերազանցում են անցումային պարտավորության չճանաչված մասը (109): Հետևաբար` 2000 թվականին ճանաչվող ակտուարային շահույթը սահմանափակվում է 11-ով:

 

ՈՒժի մեջ մտնելը

 

157. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում 2001 թ. հունվարի 1-ից:

 

Հավելված 1.

Ցուցադրական օրինակ

 

Սույն հավելվածը բացառապես ցուցադրական բնույթ է կրում և ստանդարտի մաս չի կազմում: Հավելվածի նպատակն է ցուցադրել ստանդարտի կիրառումը դրա իմաստը պարզաբանելու համար: Հաշվապահական հաշվեկշռից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունից քաղվածքները ներկայացված են ստորև նկարագրված գործառնությունների հետևանքները ցույց տալու նպատակով: Այս քաղվածքները պարտադիր չէ, որ համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտների` բացահայտման ու ներկայացման բոլոր պահանջներին:

 

Ելակետային տվյալներ

 

Ստորև բերված տվյալները վերաբերում են ֆոնդավորվող սահմանված հատուցումների պլանի: Տոկոսների հաշվարկման պարզություն ապահովելու նպատակով ենթադրվում է, որ բոլոր գործարքները տեղի են ունենում տարեվերջին: Պարտականության ներկա արժեքը և պլանի ակտիվների իրական արժեքը 20x1 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմում էին 1.000 միավոր: Կուտակված չճանաչված ակտուարային զուտ շահույթները նույն ամսաթվի դրությամբ կազմում էին 140 միավոր:

 

                                                 20x1     20x2      20x3

  Զեղչման դրույքը տարեսկզբի դրությամբ           10,0 %    9,0 %     8,0 %

  Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը       12,0 %   11,1 %    10, 3 %

տարեսկզբի դրությամբ

  Ընթացիկ ծառայության արժեքը                      130      140        150

  Վճարված հատուցումներ                            150      180        190

  Վճարված մասհանումներ                             90      100        110

  Դեկտեմբերի 31-ի դրությամբ պարտականության      1.141    1.197      1.295

ներկա արժեքը

  Դեկտեմբերի 31-ի դրությամբ պլանի ակտիվների     1.092    1.109      1.093

իրական արժեքը

 

  Աշխատակիցների մնացած ծառայության ակնկալվող       10       10         10

միջին տևողությունը (տարի)

 

20x2 թվականին պլանում փոփոխություն է կատարվել, համաձայն որի լրացուցիչ հատուցումներ են տրամադրվելու 20x2 թվականի հունվարի 1-ից: 20x2 թ. հունվարի 1-ի դրությամբ մինչև այդ ժամկետը մատուցված աշխատանքային ծառայության դիմաց լրացուցիչ հատուցումների ներկա արժեքը կազմել է 50 միավոր` երաշխավորված հատուցումների գծով, և 30 միավոր` չերաշխավորված հատուցումների գծով: 20x2 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմակերպությունը գնահատել է, որ մինչև չերաշխավորված հատուցումները երաշխավորված դառնալը մնացած ժամանակաշրջանի միջին տևողությունը կազմում է երեք տարի: Հետևաբար` լրացուցիչ չերաշխավորված հատուցումներից առաջացող անցյալ ծառայության արժեքի աճը ճանաչվում է գծային հիմունքով` երեք տարվա ընթացքում: Լրացուցիչ երաշխավորված հատուցումներից առաջացող անցյալ ծառայության արժեքի աճը ճանաչվում է անմիջապես (տես ստանդարտի պարագրաֆ 96-ը): Կազմակերպությունը ընդունել է պարագրաֆ 93-ով սահմանված նվազագույն պահանջներին համապատասխան ակտուարային շահույթները և վնասները ճանաչելու քաղաքականություն:

 

Պարտականության ներկա արժեքի և պլանի ակտիվների իրական արժեքի փոփոխությունները

 

Առաջին քայլը կայանում է պարտականության ներկա արժեքի և պլանի ակտիվների իրական արժեքի փոփոխությունները ընդհանրացնելու և այն ժամանակաշրջանի ակտուարային շահույթների կամ վնասների գումարը որոշելու նպատակով օգտագործելու մեջ: Դրանք հետևյալն են.

 

                                                     20x1    20x2    20x3

 Պարտականության ներկա արժեքը                        1.000   1.141   1.197

հունվարի 1-ի դրությամբ

 Տոկոսների արժեքը                                     100     103      96

 Ընթացիկ ծառայության արժեք                            130     140     150

 Անցյալ ծառայության արժեքի աճը` չերաշխավորված          -       30      -

հատուցումների գծով

 Անցյալ ծառայության արժեքի աճը` երաշխավորված           -       50      -

հատուցումների գծով

 Վճարված հատուցումներ                                (150)   (180)   (190)

 Ակտուարային (շահույթ) վնաս պարտականության գծով         61    (87)     42

(հաշվեկշռող մեծություն)

 Պարտականության ներկա արժեքը դեկտեմբերի 31-ի         1.141   1.197   1.295

դրությամբ

 Պլանի ակտիվների իրական արժեքը հունվարի 1-ի          1.000   1.092   1.109

դրությամբ

 Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը               120     121     114

 Մասհանումներ                                           90     100     110

 Վճարված հատուցումներ                                 (150)   (180)   (190)

 Ակտուարային շահույթ (վնաս) պլանի ակտիվների գծով        32     (24)    (50)

(հաշվեկշռող մեծություն)

 Պլանի ակտիվների իրական արժեքը դեկտեմբերի 31-ի        1.092   1.109   1.093

դրությամբ

 

«Միջանցքի» սահմանները

 

Հաջորդ քայլը կայանում է միջանցքի սահմանների որոշման և այնուհետև դրանք, հաջորդ ժամանակաշրջանում ճանաչման ենթակա ակտուարային զուտ շահույթը կամ վնասը որոշելու նպատակով, կուտակված չճանաչված ակտուարային շահույթների և վնասների հետ համեմատման մեջ: Համաձայն ստանդարտի պարագրաֆ 92-ի` «միջանցքի» սահմանները սահմանվում են հետևյալ երկու մեծություններից առավելագույնի չափով.

 

ա) պարտականության ներկա արժեքի 10 %-ը` մինչև պլանի ակտիվների հանելը, և

 

բ) պլանի ակտիվների իրական արժեքի 10 %-ը:

 

Այս սահմանները, ինչպես նաև ճանաչված ու չճանաչված ակտուարային շահույթներն ու վնասները հետևյալն են.

 

                                                     20x1    20x2    20x3

    Կուտակված չճանաչված ակտուարային զուտ              140     107     170

շահույթները (վնասները) հունվարի 1-ի դրությամբ

    «Միջանցքի» սահմանները հունվարի 1-ի դրությամբ      100     114     120

    Ավելցուկ [Ա]                                       40      -       50

    Ակնկալվող մնացած ծառայության միջին տևողությունը    10      10      10

(տարիներ) [Բ]

    Ճանաչման ենթակա ակտուարային շահույթ (վնաս) [Ա/Բ]    4       -       5

    Չճանաչված ակտուարային շահույթներ (վնասներ)        140     107     170

հունվարի 1-ի դրությամբ

    Ակտուարային շահույթ (վնաս) տարվա ընթացքում`       (61)     87     (42)

պարտականության գծով

    Ակտուարային շահույթ (վնաս) տարվա ընթացքում`        32     (24)    (50)

պլանի ակտիվների գծով

 

    Ընդամենը                                          111      170      78

    Ճանաչված ակտուարային (շահույթ) վնաս               (4)       -       (5)

    Չճանաչված ակտուարային շահույթներ (վնասներ)        107      170      73

դեկտեմբերի 31-ի դրությամբ

 

Հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված գումարները և համապատասխան վերլուծությունը

 

Վերջին քայլը այն գումարների որոշումն է, որոնք ճանաչվելու են հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, ինչպես նաև համապատասխան վերլուծությունը, որը պետք է բացահայտվի ստանդարտի 120 պարագրաֆի «գ», «ե», «զ» և «է» կետերի համաձայն: Դրանք հետևյալն են.

 

                                                     20x1    20x2    20x3

    Պարտականության ներկա արժեքը                     1.141   1.197   1.295

(դեկտեմբերի 31-ի դրությամբ)

    Պլանի ակտիվների իրական արժեքը                  (1.092) (1.109) (1.093)

(դեկտեմբերի 31-ի դրությամբ)

                                                       49      88     202

 

    Չճանաչված ակտուարային շահույթներ (վնասներ)        107      170     73

(դեկտեմբերի 31-ի դրությամբ)

 

    Չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճը`           -       (20)   (10)

չերաշխավորված հատուցումների գծով

    Հաշվապահական հաշվեկշռում ճանաչվող պարտավորություն 156      238     265

    Ընթացիկ ծառայության արժեքը                        130      140     150

    Տոկոսների արժեքը                                  100      103      96

    Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը          (120)    (121)   (114)

    Տարվա ընթացքում ճանաչված զուտ ակտուարային         (4)       -      (5)

(շահույթ) վնաս

    Անցյալ ծառայության արժեքի աճ` չերաշխավորված        -        10      10

հատուցումների գծով

    Անցյալ ծառայության արժեքի աճ` երաշխավորված         -        50       -

հատուցումների գծով

    Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում   106      182     137

ճանաչվող ծախս

 

Հաշվապահական հաշվեկշռում ճանաչված զուտ պարտավորության փոփոխությունները, որոնք ենթակա են բացահայտման 120 պարագրաֆի «ե» կետի համաձայն.

    Զուտ պարտավորությունը ժամանակաշրջանի սկզբին       140      156     238

    Ծախս (ինչպես վերևում)                             106      182     137

    Վճարված մասհանումներ                             (90)     (100)   (110)

    Զուտ պարտավորությունը ժամանակաշրջանի վերջին       156      238     265

 

Պլանի ակտիվների գծով փաստացի հատույցը, որը ենթակա է բացահայտման 120 պարագրաֆի «է» կետի համաձայն.

 

                                                     20x1    20x2    20x3

    Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը           120     121     114

    Պլանի ակտիվների գծով ակտուարային շահույթ (վնաս)    32    (24)    (50)

    Պլանի ակտիվների գծով փաստացի հատույցը             152      97      64

 

Հավելված 2.

Ցուցադրական բացահայտումներ

 

Սույն հավելվածը բացառապես ցուցադրական բնույթ է կրում և ստանդարտի մաս չի կազմում: Հավելվածի նպատակն է ցուցադրել ստանդարտի կիրառումը դրա իմաստը պարզաբանելու համար: Ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություններից քաղվածքները ցույց են տալիս, թե պահանջվող բացահայտումները ինչպես կարող են ընդհանրացվել խոշոր բազմազգ (տարերկրյա) խմբի դեպքում, որը տրամադրում է աշխատակիցների տարբեր ձևի հատուցումներ: Այս քաղվածքները պարտադիր չէ, որ համապատասխանեն Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտների` բացահայտման ու ներկայացման բոլոր պահանջներին: Մասնավորապես դրանք չեն ցուցադրում հետևյալների բացահայտումները.

 

ա) աշխատակիցների հատուցումների գծով հաշվապահական հաշվառման քաղաքականությունը (տես ՀՀՀՀՍ 1): Համաձայն սույն ստանդարտի 120 պարագրաֆի «ա» կետի` նման բացահայտումը պետք է ներառի կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականությունը ակտուարային շահույթների և վնասների ճանաչման համար, կամ

 

բ) հանգուցային կառավարչական անձնակազմին տրամադրվող աշխատակիցների հատուցումները (տես ՀՀՀՀՍ 24):

 

Աշխատակիցների հատուցումների գծով պարտականություններ

 

Հաշվեկշռում ճանաչված գումարները հետևյալն են.

 

                                           Սահմանված      Հետաշխատանքային

                                           հատուցումների  բժշկական

                                           թոշակային      ապահովության

                                           պլաններ        հատուցումներ

                                           20x2    20x1    20x2    20x1

  Ֆոնդավորվող պարտականությունների         12.310  11.772   2.819   2.721

ներկա արժեքը

  Պլանի ակտիվների իրական արժեքը          (11.982) (11.188) (2.480) (2.415)

 

                                             328      584     339     306

  Չֆոնդավորվող պարտականությունների         6.459    6.123   5.160   5.094

ներկա արժեքը

 

  Չճանաչված ակտուարային շահույթներ          (97)     (17)      31      72

(վնասներ)

 

  Չճանաչված անցյալ ծառայության արժեքի աճ   (450)    (650)       -       -

  Զուտ պարտավորությունը հաշվապահական       6.240    6.040   5.530   5.472

հաշվեկշռում

Գումարները հաշվապահական հաշվեկշռում`

    պարտավորություններ                     6.451    6.278   5.530   5.472

    ակտիվներ                               (211)    (238)      -       -

  Զուտ պարտավորությունը հաշվապահական       6.240    6.040   5.530   5.472

հաշվեկշռում

 

Թոշակային պլանի ակտիվները ներառում են [հաշվետու կազմակերպության անվանումը] կողմից թողարկված սովորական բաժնետոմսեր` 317 միավոր իրական արժեքով (20x1 թվականին` 281 միավոր): Պլանի ակտիվները ներառում են նաև [հաշվետու կազմակերպության անվանումը] կողմից զբաղեցրած անշարժ գույք` 200 միավոր իրական արժեքով (20x1 թվականին` 185 միավոր):

 

Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված գումարները հետևյալն են.

 

                                           Սահմանված      Հետաշխատանքային

                                           հատուցումների  բժշկական

                                           թոշակային      ապահովության

                                           պլաններ        հատուցումներ

                                           20x2    20x1    20x2    20x1

  Ընթացիկ ծառայության արժեքը              1.679   1.554     471     411

  Տոկոսներ պարտականության գծով            1.890   1.650     819     705

Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցը (1.392) (1.188)  (291)   (266)

  Տարվա ընթացքում ճանաչված զուտ              90    (187)     -       -

ակտուարային վնասներ (շահույթներ)

  Անցյալ ծառայության արժեքի աճ              200     200      -       -

  Կրճատումներից և  մարումներից վնասներ      221    (47)      -       -

(շահույթներ)

 

  Հանրագումարը, որը ներառված է            2.688   1.982     999     850

«անձնակազմի գծով ծախսումներ» հոդվածում

 

  Պլանի ակտիվների գծով փաստացի հատույցը   1.232   1.205     275     254

 

Հաշվապահական հաշվեկշռում ճանաչված զուտ պարտավորության փոփոխություններն հետևյալն են.

 

                                           Սահմանված      Հետաշխատանքային

                                           հատուցումների  բժշկական

                                           թոշակային      ապահովության

                                           պլաններ        հատուցումներ

                                           20x2    20x1    20x2    20x1

  Զուտ պարտավորությունը տարեսկզբին        6.040   5.505   5.472   5.439

  Ֆինանսական արդյունքների մասին           2.688   1.982     999     850

հաշվետվությունում ճանաչված զուտ ծախսը

  Մասհանումներ                           (2.261) (1.988)   (941)  (817)

  Արտերկրյա պլանների գծով փոխարժեքային     (227)    221      -      -

տարբերություններ

 

  Ձեռնարկատիրական գործունեության             -      320      -      -

միավորումներից առաջացած պարտավորություններ

 

  Զուտ պարտավորությունը տարեվերջին        6.240   6.040    5.530   5.472

 

Հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ հիմնական ակտուարային ենթադրությունները (արտահայտված միջին կշռված ցուցանիշներով) հետևյալն են.

 

                                                       20x2     20x1

    Զեղչման դրույքը դեկտեմբերի 31-ի դրությամբ         10,0 %    9,1 %

    Պլանի ակտիվների գծով ակնկալվող հատույցադրույքը    12,0 %   10,9 %

դեկտեմբերի 31-ի դրությամբ

    Աշխատավարձի ապագա բարձրացումներ                      5 %      4 %

    Կենսաթոշակների ապագա բարձրացումներ                   3 %      2 %

    Աշխատակիցներ, որոնք նախընտրում են վաղաժամկետ        30 %     30 %

ազատվելը

    Բուժսպասարկման ծախսերի տարեկան աճը                   8 %      8 %

    Պետական բուժսպասարկման հատուցումների առավելագույն    3 %      2 %

տարեկան ապագա փոփոխությունները

 

Խումբը մասնակցում է նաև ընդհանուր ճյուղային սահմանված հատուցումների պլանին, որը տրամադրում է վերջին (թոշակի անցնելու պահի) աշխատավարձի վրա հիմնված կենսաթոշակներ և ֆինանսավորվում է ընթացիկ հիմունքով: Գործնականում իմաստ չունի որոշել խմբի պարտականության ներկա արժեքը կամ համապատասխան ընթացիկ ծառայության արժեքը, քանի որ պլանը հաշվարկում է իր պարտականությունները այնպիսի հիմունքով, որն էականորեն տարբերվում է [հաշվետու կազմակերպության անվանումը] ֆինանսական հաշվետվություններում օգտագործվող հիմունքից: [Նկարագրել հիմունքը]: Այդ հիմունքով պլանի ֆինանսական հաշվետվությունները մինչև 20x0 թ. հունիսի 30-ը ցույց են տալիս 27.525 միավոր չֆոնդավորված պարտավորություն: Չֆոնդավորված պարտավորությունը կհանգեցնի մասնակից գործատուների կողմից կատարվելիք ապագա վճարումների: Պլանն ունի մոտավորապես 75.000 անդամ, որից շուրջ 5.000-ը [հաշվետու կազմակերպության անվանումը] ներկա կամ նախկին աշխատակիցներ են կամ նրանց խնամարկյալներ: Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված ծախսը, որը հավասար է տարվա համար վճարվելիք մասհանումներին, կազմում է 230 միավոր (20x1 թվականին` 215 միավոր): Խմբի ապագա մասհանումները կարող են էականորեն ավելանալ, եթե այլ կազմակերպություններ դուրս գան պլանից:

 

Սեփական կապիտալի գործիքներով (կամ դրանց հետ կապված) հատուցումներ

 

Բաժնետոմսերի օպցիոնների պլան

 

Խումբը ավելի քան երեք տարվա ծառայություն ունեցող տնօրեններին և այլ բարձրաստիճան պաշտոնյաներին առաջարկում է երաշխավորված բաժնետոմսերի օպցիոններ` առանց վճարման: Աշխատակիցների կողմից պահվող բաժնետոմսերի օպցիոնների թվի փոփոխությունները հետևյալն են.

 

                                                       20x2     20x1

    Հունվարի 1-ի դրությամբ շրջանառվող                10.634   10.149

    Թողարկված                                         2.001    1.819

    Իրագործված                                        (957)    (891)

    Ժամկետը անցած                                     (481)    (443)

    Դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառվող             11.197   10.634

 

Մանրամասներ ժամանակաշրջանի ընթացքում տրամադրված (թողարկված) բաժնետոմսերի օպցիոնների վերաբերյալ.

 

    ՈՒժի մեջ լինելու ժամկետը                    01.01.X7      01.01.X6

    Իրագործման գինը մեկ բաժնետոմսի հաշվով     12,17-12,27   10,05-10,22

    Համախառն մուտքերը բաժնետոմսերի թողարկման    24.000        19.000

դեպքում

 

Հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական Այս օրինակում ցույց չեն տրվում,

 արդյունքների մասին հաշվետվությունում    քանի որ ստանդարտը կոնկրետ           

 ճանաչված գումարները (և  հաշվապահական    հաշվապահական մոտեցում չի

 հաշվառման քաղաքականությունը)            սահմանում  

 

Մանրամասներ ժամանակաշրջանի ընթացքում իրագործված բաժնետոմսերի օպցիոնների վերաբերյալ.

    ՈՒժի մեջ լինելու ժամկետը                     01.01.X2     01.01.X1

    Իրագործման գինը մեկ բաժնետոմսի հաշվով       7,45-7,49    7,37-7,48

    Համախառն մուտքերը բաժնետոմսերի թողարկումից    7.000        7.000

 

Դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառվող օպցիոնների պայմանները.

 

                                           20X2 թ.         20X1 թ.

    ՈՒժի մեջ            Իրագործման        Քանակը          Քանակը

    լինելու ժամկետը     գինը                      

    01.01.20X2 թ.       7,43-7,51           -             1.438

    01.01.20X3 թ.       7,57-7,65          1.952          1.952

    01.01.20X4 թ.       7,89-8,01          2.118          2.118

    01.01.20X5 թ.       9,09-9,12          3.307          3.307

    01.01.20X6 թ.      10,05-10,22         1.819          1.819

    01.01.20X7 թ.      12,17-12,27         2.001            -

                                          ______________________

                                          11.197         10.634

                                          ______________________

 

Բաժնետոմսերում աշխատակիցների մասնակցության պլան

 

Կազմակերպությունն իրականացնում է բաժնետոմսերում աշխատակիցների մասնակցության պլան ավելի քան երեք տարվա ծառայություն ունեցող բարձրաստիճան պաշտոնյաների համար: Կազմակերպությունը պլանին տրամադրում է չապահովված անտոկոս փոխատվություն առանց ֆիքսված մարման ժամկետի, ինչը հնարավորություն է տալիս պլանին ձեռք բերել կազմակերպության սովորական բաժնետոմսեր: Բաժնետոմսերը տալիս են շահաբաժինների և ձայնի լրիվ իրավունք: Պլանն այնուհետև բաժնետոմսերը բաշխում է այն աշխատակիցներին, որոնք բավարարում են աշխատանքի արդյունավետության որոշակի չափանիշների: Աշխատակիցներից չի պահանջվում կատարել մասհանումներ բաժնետոմսերի արժեքը հատուցելու համար: Պլանի կողմից պահվող բաժնետոմսերի փոփոխությունները հետևյալն են.

 

                                                    20X2 թ.    20X1 թ.

    Հունվարի 1-ի դրությամբ շրջանառվող               125        100

    Պլանի համար թողարկված` 60 միավոր ընդհանուր       42         37

հատուցմամբ (20X1 թ.` 52 միավոր)

    Աշխատակիցներին բաշխված                          (18)       (12)

    Դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառվող            149        125

    Դեկտեմբերի 31-ի դրությամբ տնօրինվող             781        607

բաժնետոմսերի իրական արժեքը

    Դեկտեմբերի 31-ի դրությամբ շրջանառվող            590        530

փոխատվություններ

    Տարվա ընթացքում թողարկված բաժնետոմսերի          166        137

իրական արժեքը թողարկման պահին

    Տարվա ընթացքում աշխատակիցներին բաշխված           57         41

բաժնետոմսերի իրական արժեքը

 

Հաշվապահական հաշվեկշռում և ֆինանսական Այս օրինակում ցույց չեն տրվում,

 արդյունքների մասին հաշվետվությունում    քանի որ ստանդարտը կոնկրետ           

 ճանաչված գումարները (և  հաշվապահական    հաշվապահական մոտեցում չի

 հաշվառման քաղաքականությունը)            սահմանում  

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 26

 

Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը

 

Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 1994 թվականին վերափոխված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 26-ի «Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը» հիման վրա:

 

Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:

 

Բովանդակություն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 26

 

Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը

 

պարագրաֆներ

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ                                           1-7

    ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ                                                 8-12

    ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐ                             13-16

    ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆՆԵՐ                             17-31

      Նախատեսված թոշակային հատուցումների ակտուարային            23-26

ներկա արժեքը

      Ակտուարային գնահատումների հաճախականությունը                  27

      Հաշվետվության բովանդակությունը                            28-31

    ԲՈԼՈՐ ՊԼԱՆՆԵՐԸ                                              32-36

      Պլանի ակտիվների գնահատումը                                32-33

      Բացահայտում                                               34-36

    ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                                37

 

Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 26

 

Թոշակային հատուցումների պլանների հաշվապահական հաշվառումն ու հաշվետվությունը

 

Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:

Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:

 

Գործողության ոլորտը

 

1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի թոշակային հատուցումների պլանների հաշվետվությունները պատրաստելիս:

 

2. Թոշակային հատուցումների պլանները երբեմն կրում են տարբեր այլ անվանումներ, ինչպես օրինակ` «կենսաթոշակային սխեմաներ», «ծերության սխեմաներ» կամ «թոշակային հատուցումների սխեմաներ»: Սույն ստանդարտը դիտարկում է թոշակային հատուցումների պլանը որպես պլանի մասնակիցների գործատուներից առանձին հաշվետու միավոր: Հաշվապահական հաշվառման մյուս բոլոր ստանդարտները կիրառվում են թոշակային հատուցումների պլանների նկատմամբ այնքանով, որքանով չեն փոխարինվում սույն ստանդարտով:

 

3. Սույն ստանդարտը անդրադառնում է պլանի կողմից հաշվապահական հաշվառմանն ու հաշվետվությանը բոլոր մասնակիցների` որպես մեկ խմբի համար: Այն չի անդրադառնում առանձին մասնակիցների համար պատրաստվող թոշակային հատուցումների իրավունքների մասին հաշվետվություններին:

 

4. ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ» ստանդարտում դիտարկվում է պլաններ ունեցող գործատուների ֆինանսական հաշվետվություններում թոշակային հատուցումների ծախսումների որոշումը: Հետևաբար սույն ստանդարտը լրացնում է ՀՀՀՀՍ 19-ը:

 

5. Թոշակային հատուցումների պլանները կարող են լինել սահմանված մասհանումների պլաններ կամ սահմանված հատուցումների պլաններ: Շատ դեպքերում պահանջվում է ստեղծել առանձին հիմնադրամներ, որոնք կարող են լինել կամ չլինել առանձին իրավաբանական անձ և կարող են ունենալ կամ չունենալ հավատարմագրային կառավարիչ, որոնց կատարվում են մասհանումները և որոնց կողմից վճարվում են թոշակային հատուցումները: Սույն ստանդարտը կիրառվում է անկախ նրանից, թե արդյոք ստեղծվել է հիմնադրամ, և անկախ նրանից, թե արդյոք կան հավատարմագրային կառավարիչներ:

 

6. Ապահովագրական ընկերություններում ներդրված ակտիվներով թոշակային հատուցումների պլանները ենթակա են հաշվառման և ֆոնդավորման նույն պահանջներին, ինչպես առանձին հիմնադրամում ներդրումները: Հետևաբար, դրանք գտնվում են սույն ստանդարտի գործողության ոլորտում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապահովագրական ընկերության հետ պայմանագիրը կնքվում է թոշակային պլանի կոնկրետ մասնակցի կամ մասնակիցների խմբի անունից, և թոշակային հատուցումների գծով պարտականությունը բացառապես ապահովագրական ընկերության պարտականությունն է:

 

7. Սույն ստանդարտը չի անդրադառնում աշխատանքային հատուցումների այլ ձևերին, ինչպես օրինակ` աշխատանքի դադարեցման փոխհատուցումները, հետաձգված փոխհատուցումների համաձայնությունները, երկարատև ծառայության համար տրվող հատուցումները, վաղաժամկետ թոշակի անցնելու կամ հարկադիր աշխատանքից ազատվելու հատուկ պլանները, առողջապահական և սոցիալական պլանները կամ պարգևավճարների պլանները: Պետական սոցիալական ապահովության համաձայնությունները նույնպես չեն ներառվում սույն ստանդարտի գործողության ոլորտում:

 

Սահմանումներ

 

8. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով`

 

Թոշակային հատուցումների պլաններ` համաձայնություններ, որոնցով կազմակերպությունը տրամադրում է հատուցումներ իր աշխատակիցներին` վերջիններիս ծառայության մեջ գտնվելու ժամանակ կամ դրանից հետո (պարբերական և (կամ) միանվագ վճարի ձևով), երբ այդպիսի հատուցումները կամ այդ նպատակով գործատուների մասհանումները կարող են որոշվել կամ գնահատվել նախքան թոշակի անցնելը` փաստաթղթի պայմանների հիման վրա կամ կազմակերպության փորձից ելնելով:

 

Սահմանված մասհանումների պլաններ` թոշակային հատուցումների պլաններ, որոնց համաձայն որպես թոշակային հատուցում վճարվելիք գումարները որոշվում են հիմնադրամին կատարվող մասհանումներով և հիմնադրամի միջոցների ներդրումից առաջացող եկամուտներով:

 

Սահմանված հատուցումների պլաններ` թոշակային հատուցումների պլաններ, որոնց համաձայն որպես թոշակային հատուցում վճարվելիք գումարները որոշվում են բանաձևով, որի հիմքում սովորաբար ընկած են աշխատակիցների եկամուտները և (կամ) ծառայության տարիները (աշխատանքային ստաժը):

 

Ֆոնդավորում` ակտիվների փոխանցում գործատու կազմակերպությունից առանձին միավորի (հիմնադրամի)` թոշակային հատուցումների վճարման ապագա պարտականությունները կատարելու նպատակով:

 

Սույն ստանդարտի նպատակներով օգտագործվում են նաև հետևյալ տերմինները`

 

Մասնակիցներ` թոշակային հատուցումների պլանի անդամներ և այլոք, որոնք պլանի շրջանակներում ունեն հատուցումներ ստանալու իրավունք:

 

Հատուցումների համար առկա զուտ ակտիվներ` պլանի ակտիվները` հանած պարտավորությունները, բացառությամբ հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը:

 

Հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեք` տվյալ պահին աշխատող և նախկին աշխատակիցներին արդեն իսկ մատուցված ծառայության դիմաց թոշակային հատուցումների պլանի շրջանակներում ակնկալվող վճարումների ներկա արժեքը:

 

Երաշխավորված հատուցումներ` հատուցումներ, որոնց նկատմամբ իրավունքը, համաձայն թոշակային հատուցումների պլանի պայմանների, պայմանավորված չէ հետագա աշխատանքով:

 

9. Որոշ թոշակային հատուցումների պլաններ գործատուներից բացի ունեն հովանավորներ. սույն ստանդարտը կիրառվում է նաև այդպիսի պլանների հաշվետվությունների նկատմամբ:

 

10. Թոշակային հատուցումների պլանների մեծամասնությունը հիմնված են ֆորմալ համաձայնագրերի վրա: Որոշ պլաններ ոչ ֆորմալ են, բայց, որպես գործատուների հաստատված փորձի արդյունք, ձեռք են բերել պարտականության աստիճան: Չնայած որոշ պլաններ գործատուներին իրավունք են տալիս սահմանափակել պլանների գծով իրենց պարտականությունները, սովորաբար նրանց համար դժվար է չեղյալ համարել պլանը, եթե գործատուներին պետք է, որ աշխատակիցները չհեռանան աշխատանքից: Ոչ ֆորմալ պլանների նկատմամբ կիրառվում են հաշվապահական հաշվառման և հաշվետվությունների նույն հիմունքները, ինչ ֆորմալ պլանների նկատմամբ:

 

11. Թոշակային հատուցումների շատ պլաններ նախատեսում են առանձին հիմնադրամների հիմնադրում, որոնց կատարվում են մասհանումներ և որոնցից վճարվում են հատուցումներ: Նման հիմնադրամները կարող են կառավարվել անձանց կողմից, որոնք հիմնադրամի ակտիվները կառավարելիս գործում են անկախ: Սովորաբար այդ անձինք կոչվում են լիազորագրային կառավարիչներ: Լիազորագրային կառավարիչ տերմինը սույն ստանդարտում կիրառվում է` բնութագրելու համար այդպիսի անձանց, անկախ այն բանից, թե լիազորագրային կառավարում (տրաստ) ձևավորվել է, թե` ոչ:

 

12. Թոշակային հատուցումների պլանները, որպես կանոն, բնութագրվում են կամ որպես սահմանված մասհանումների պլաններ, կամ որպես սահմանված հատուցումների պլաններ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր բնորոշ առանձնահատկությունը: Երբեմն կարող են լինել երկուսի առանձնահատկությունները պարունակող պլաններ: Սույն ստանդարտի նպատակներով նման հիբրիդային պլանները համարվում են սահմանված հատուցումների պլաններ:

 

Սահմանված մասհանումների պլաններ

 

13. Սահմանված մասհանումների պլանի հաշվետվությունը պետք է պարունակի հատուցումների համար առկա զուտ ակտիվների մասին հաշվետվություն և ֆոնդավորման քաղաքականության նկարագրություն:

 

14. Սահմանված մասհանումների պլանի շրջանակներում մասնակիցների ապագա հատուցումների գումարը որոշվում է գործատուների, մասնակիցների կամ նրանց երկուսի վճարած մասհանումներով և հիմնադրամի գործունեության արդյունավետությամբ ու ներդրումային եկամուտներով: Գործատուների պարտականությունները սովորաբար մարվում են հիմնադրամին կատարվող մասհանումների միջոցով: Որպես կանոն, ակտուարային մասնագետի խորհրդատվություն չի պահանջվում, չնայած այդպիսի խորհուրդ երբեմն օգտագործվում է` գնահատելու ապագա հատուցումները, որոնք կարող են հասանելի լինել` ելնելով ներկա մասհանումներից և ապագա մասհանումների ու ներդրումային եկամուտների տարբեր մակարդակներից:

 

15. Մասնակիցները շահագրգռված են պլանի գործունեության մեջ, քանի որ այն ուղղակիորեն ազդում է նրանց ապագա հատուցումների մակարդակի վրա: Մասնակիցները շահագրգռված են իմանալու` արդյոք մասհանումները կատարվում են, և արդյոք իրականացվում է պատշաճ վերահսկողություն բենեֆիցիարների (ստացողների) իրավունքները պաշտպանելու նպատակով: Գործատուն շահագրգռված է պլանի արդյունավետ և պատշաճ գործելու մեջ:

 

16. Սահմանված մասհանումների պլանի մասին հաշվետվության նպատակը պլանի և նրա կատարած ներդրումների արդյունքների վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրումն է: Սովորաբար այս նպատակին հասնում են` պատրաստելով հաշվետվություններ, որոնք ներառում են հետևյալը`

 

ա) ժամանակաշրջանի էական գործունեության նկարագրությունը և պլանին վերաբերող ցանկացած փոփոխությունների ազդեցությունը, ինչպես նաև նրան անդամակցությունը, ժամկետները և պայմանները,

 

բ) հաշվետվություն, որն արտացոլում է տվյալ ժամանակաշրջանում կատարված գործառնությունները և ներդրումային գործունեության արդյունքները, ինչպես նաև պլանի ֆինանսական վիճակը` ժամանակաշրջանի վերջի դրությամբ, և

 

գ) ներդրումային քաղաքականության նկարագրությունը:

 

Սահմանված հատուցումների պլաններ

 

17. Սահմանված հատուցումների պլանի հաշվետվությունը պետք է պարունակի կամ`

 

ա) հաշվետվություն, որն արտացոլում է`

 

I. հատուցումների համար առկա զուտ ակտիվները,

 

II. հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը` դասակարգված ըստ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների, և

 

III. առաջացած ավելցուկը կամ պակասորդը կամ`

 

բ) հաշվետվություն հատուցումների վճարման համար առկա զուտ ակտիվների մասին, որը ներառում է կամ`

 

I. ծանոթագրություն, որը բացահայտում է հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը` դասակարգված ըստ երաշխավորված և չերաշխավորված հատուցումների, կամ

 

II. հղում այդ տեղեկատվությունը ներառող ուղեկցող ակտուարային հաշվետվության վրա:

 

Եթե հաշվետվության ամսաթվի դրությամբ ակտուարային գնահատում պատրաստված չէ, ապա որպես հիմք պետք է օգտագործվի ամենավերջին գնահատումը և բացահայտվի գնահատման ամսաթիվը:

 

18. Պարագրաֆ 17-ի նպատակներով` հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը պետք է հիմնված լինի տվյալ ամսաթվի դրությամբ մատուցված ծառայության համար պլանով սահմանված հասանելիք հատուցումների վրա` օգտագործելով կամ ընթացիկ կամ կանխատեսվող աշխատավարձերի մակարդակը, բացահայտելով կիրառված հիմունքը: Ակտուարային ենթադրությունների փոփոխության հետևանքները, որոնք էական ազդեցություն են ունեցել հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի վրա, նույնպես պետք է բացահայտվեն:

 

19. Հաշվետվությունը պետք է մեկնաբանի հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի և հատուցումների համար առկա զուտ ակտիվների միջև փոխկապվածությունը, ինչպես նաև հասանելիք հատուցումների ֆոնդավորման քաղաքականությունը:

 

20. Սահմանված հատուցումների պլանի շրջանակներում հասանելիք թոշակային հատուցումների վճարումները կախված են պլանի ֆինանսական վիճակից և պլանին ապագա մասհանումներ կատարողների հնարավորությունից, ինչպես նաև պլանի ներդրումային գործունեության արդյունքներից և գործառնությունների արդյունավետությունից:

 

21. Սահմանված հատուցումների պլանը կարիք ունի ակտուարային մասնագետի պարբերական խորհրդատվության` գնահատելու համար պլանի ֆինանսական վիճակը, վերանայելու ենթադրությունները և երաշխավորություն ստանալու ապագա մասհանումների մակարդակի վերաբերյալ:

 

22. Սահմանված հատուցումների պլանի հաշվետվության նպատակը պլանի ֆինանսական ռեսուրսների և գործունեության վերաբերյալ պարբերական տեղեկատվության տրամադրումն է, որը կարող է օգտակար լինել ժամանակի ընթացքում ռեսուրսների կուտակման և պլանի հատուցումների միջև կապը գնահատելիս: Սովորաբար այս նպատակին հասնում են` տրամադրելով հաշվետվություններ, որոնք ներառում են հետևյալը`

 

ա) ժամանակաշրջանի էական գործունեության նկարագրությունը և պլանին վերաբերող ցանկացած փոփոխությունների ազդեցությունը, ինչպես նաև նրան անդամակցությունը, ժամկետները և պայմանները,

 

բ) հաշվետվություն, որն արտացոլում է տվյալ ժամանակաշրջանում կատարված գործառնությունները և ներդրումային գործունեության արդյունքները, ինչպես նաև պլանի ֆինանսական վիճակը` ժամանակաշրջանի վերջի դրությամբ,

 

դ) ակտուարային տեղեկատվություն` որպես հաշվետվության մաս կամ որպես առանձին հաշվետվություն,

 

գ) ներդրումային քաղաքականության նկարագրությունը:

 

Հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը

 

23. Թոշակային հատուցումների պլանի շրջանակներում ակնկալվող վճարումների ներկա արժեքը կարող է հաշվարկվել և զեկուցվել` օգտագործելով ընթացիկ աշխատավարձի մակարդակը կամ մասնակիցների թոշակի անցնելու ժամանակ կանխատեսվող աշխատավարձի մակարդակը:

 

24. Ընթացիկ աշխատավարձի մակարդակի մոտեցումը ընտրելու համար հիմք են հանդիսանում.

 

ա) հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը, լինելով պլանի յուրաքանչյուր մասնակցին ներկայումս վերագրելի գումարների հանրագումար, կարող է ավելի օբյեկտիվորեն հաշվարկվել ընթացիկ աշխատավարձի մակարդակի հիման վրա, քան կանխատեսվողի հիման վրա, քանի որ այն ավելի քիչ ենթադրություններ է ներառում,

 

բ) աշխատավարձի ավելացմամբ պայմանավորված հատուցումների ավելացումը դառնում է պլանի պարտավորություն աշխատավարձի ավելացման պահից,

 

գ) ընթացիկ աշխատավարձի մակարդակի վրա հիմնված հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի գումարը սովորաբար ավելի մոտ է այն գումարին, որը ենթակա է վճարման պլանի դադարեցման կամ ընդհատման դեպքում:

 

25. Կանխատեսվող աշխատավարձի մակարդակի մոտեցումը ընտրելու համար հիմք են հանդիսանում.

 

ա) ֆինանսական տեղեկատվությունը պետք է պատրաստվի` հիմք ընդունելով անընդհատության հիմունքը, անկախ կատարվելիք ենթադրություններից և գնահատումներից,

 

բ) վերջնական վճարումների պլանի շրջանակներում հատուցումների մակարդակը որոշվում է թոշակի ամսաթվի դրությամբ կամ ավելի մոտ ժամանակաշրջանի աշխատավարձերի մակարդակով. հետևաբար, աշխատավարձերը, մասհանումների մակարդակները և հատույցադրույքները պետք է կանխատեսվեն, և

 

գ) աշխատավարձի կանխատեսումների չկիրառումը, երբ հիմնական ֆոնդավորումը հիմնվում է կանխատեսված աշխատավարձի վրա, կարող է հաշվետվության արդյունքում ցույց տալ գերֆոնդավորում, երբ իրականում պլանը գերֆոնդավորված չէ, կամ ցույց տալ ֆոնդավորման համապատասխանություն, երբ պլանը թերֆոնդավորված է:

 

26. Ընթացիկ աշխատավարձերի վրա հիմնված հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը բացահայտվում է պլանի հաշվետվությունում` ցույց տալով վաստակած հատուցումների գծով պարտականությունը հաշվետվության ամսաթվի դրությամբ: Կանխատեսվող աշխատավարձերի վրա հիմնված հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը բացահայտվում է` ցույց տալով պոտենցիալ պարտականությունների ամբողջությունը անընդհատության հիմունքով, որը սովորաբար, հիմք է ֆոնդավորման համար: Ի լրումն հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի բացահայտման, կարող է պահանջվել բավարար բացատրություն, որպեսզի հստակ ցույց տրվի այն համատեքստը, որում պետք է ընկալվի հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը: Նման բացատրությունը կարող է լինել պլանի ապագա ֆոնդավորման համապատասխանության և աշխատավարձի կանխատեսումների վրա հիմնված ֆոնդավորման քաղաքականության վերաբերյալ տեղեկատվության ձևով: Դա կարող է ներառվել ֆինանսական տեղեկատվության մեջ կամ ակտուարային մասնագետի զեկույցում:

 

Ակտուարային գնահատումների հաճախականությունը

 

27. Սովորաբար ակտուարային գնահատումներն իրականացվում են ոչ հաճախ, քան երեք տարին մեկ անգամ: Եթե հաշվետվության ամսաթվի դրությամբ ակտուարային գնահատում չի իրականացվել, ապա որպես հիմք օգտագործվում է ամենավերջին գնահատումը և գնահատման ամսաթիվը բացահայտվում է:

 

Հաշվետվության բովանդակությունը

 

28. Սահմանված հատուցումների պլանի համար տեղեկատվությունը ներկայացվում է հետևյալ ձևերից որևէ մեկով, որոնք արտացոլում են ակտուարային տեղեկատվության բացահայտման և ներկայացման տարբեր փորձեր.

 

ա) պլանի հաշվետվությունը ներառում է հաշվետվություն, որը ցույց է տալիս հատուցումների համար առկա զուտ ակտիվները, հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը և արդյունքային ավելցուկը կամ պակասորդը: Պլանի հաշվետվությունը պարունակում է նաև հաշվետվություններ հատուցումների համար առկա զուտ ակտիվների և հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի փոփոխությունների մասին: Պլանի հաշվետվությունը կարող է ներառել ակտուարային մասնագետի` հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը հիմնավորող առանձին հաշվետվություն,

 

բ) պլանի հաշվետվությունը ներառում է հաշվետվություն հատուցումների համար առկա զուտ ակտիվների մասին և հաշվետվություն դրանց փոփոխությունների մասին: Հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը բացահայտվում է հաշվետվություններին կից ծանոթագրություններում: Պլանի հաշվետվությունը կարող է ներառել նաև ակտուարային մասնագետի` հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը հիմնավորող առանձին հաշվետվություն,

 

գ) պլանի հաշվետվությունը ներառում է հաշվետվություն հատուցումների համար առկա զուտ ակտիվների մասին և հաշվետվություն դրանց փոփոխությունների մասին` հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը հիմնավորող առանձին ակտուարային հաշվետվության հետ միասին:

 

Նշված ձևերից որևէ մեկով ներկայացվող հաշվետվություններին կարող են կցվել նաև ներդրումների վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև լիազորագրային կառավարիչների զեկույց, որը պետք է կազմված լինի նույն բնույթով, ինչպես կազմվում է տնօրենների զեկույցը:

 

29. 28 պարագրաֆի «ա» և «բ» կետերում նկարագրված ձևերով պլանի հաշվետվության ներկայացումը հիմնավորվում են նրանով, որ հասանելիք թոշակային հատուցումների քանակական արտացոլումը և ըստ այդ մոտեցումների պատրաստված այլ տեղեկատվությունը օգնում է օգտագործողներին գնահատելու պլանի ընթացիկ վիճակը և պլանի պարտականությունների կատարման հավանականությունը: Դա հիմնավորվում է նաև նրանով, որ ֆինանսական հաշվետվությունները պետք է ինքնին ամբողջական լինեն, այլ ոչ թե հիմնվեն ուղեկցող հաշվետվությունների վրա:

 

30. 28 պարագրաֆի «գ» կետում նկարագրված ձևով պլանի հաշվետվության ներկայացումը հիմնավորվում է նրանով, որ հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը չպետք է ներառվի հատուցումների համար առկա զուտ ակտիվների հաշվետվությունում, ինչպես 28 պարագրաֆի «ա» կետում նկարագրված ձևի դեպքում, կամ նույնիսկ բացահայտվի ծանոթագրություններում` ինչպես նկարագրված է 28 պարագրաֆի «բ» կետում, քանի որ այն ուղղակիորեն կհամեմատվի պլանի ակտիվների հետ, իսկ այդպիսի համեմատությունը կարող է ընդունելի չլինել: Այս հիմնավորման համաձայն` ակտուարային մասնագետները անպայման չէ, որ համեմատեն հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը ներդրումների շուկայական արժեքի հետ, բայց փոխարենը կարող են գնահատել ներդրումներից ակնկալվող դրամական միջոցների հոսքերի ներկա արժեքը: Այնուամենայնիվ, անկախ քանակական ներկայացումից, հասանելիք թոշակային հատուցումների մասին տեղեկատվությունը պետք է ներառվի առանձին ակտուարային հաշվետվությունում` տրամադրելով պատշաճ բացատրություն:

 

31. Սույն ստանդարտի շրջանակներում ընդունելի է համարվում հասանելիք թոշակային հատուցումների մասին տեղեկատվության բացահայտումը առանձին ակտուարային հաշվետվությունում: Սույն ստանդարտի շրջանակներում ընդունելի են համարվում ինչպես 28 պարագրաֆի «ա» և «բ» կետերում նկարագրված ձևերը, այնպես էլ 28 պարագրաֆի «գ» կետում նկարագրված ձևը, պայմանով, որ ֆինանսական տեղեկատվությունը պարունակի հղում ակտուարային հաշվետվությանը և դրան կից ներկայացվի այդ հաշվետվությունը, որը կներառի հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը:

 

Բոլոր պլանները

Պլանի ակտիվների գնահատումը

 

32. Թոշակային հատուցումների պլանի ներդրումները պետք է հաշվառվեն իրական արժեքով: Շուկայական արժեթղթերի դեպքում ներդրումների իրական արժեքը դրանց շուկայական արժեքն է: Եթե կան պլանի ներդրումներ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ գնահատել, պետք է բացահայտվի իրական արժեքը չօգտագործելու պատճառը:

 

33. Շուկայական արժեթղթերի դեպքում ներդրումների իրական արժեքը, սովորաբար, դրանց շուկայական արժեքն է, քանի որ այն համարվում է հաշվետվության ամսաթվի դրությամբ արժեթղթերի և ժամանակաշրջանի համար ներդրումային գործունեության արդյունքների առավել արդյունավետ գնահատական: Այն արժեթղթերը, որոնք ունեն ֆիքսված մարման արժեք և ձեռք են բերվել պլանի պարտականությունները կամ դրա հատուկ մասերը հավասարակշռելու համար, կարող են հաշվառվել դրանց մարման վերջնական արժեքի վրա հիմնված գումարներով` նկատի ունենալով մինչև մարումը հաստատուն հատույցադրույքը: Եթե կան պլանի ներդրումներ, որոնց իրական արժեքը հնարավոր չէ գնահատել, ինչպես օրինակ` երբ որևէ կազմակերպություն ամբողջովին համարվում է պլանի սեփականությունը, ապա բացահայտվում է իրական արժեքը չօգտագործելու պատճառը: Այն չափով, որով ներդրումները հաշվառվում են շուկայական արժեքից կամ իրական արժեքից տարբեր գումարներով, որպես կանոն, դրանց իրական արժեքը նույնպես բացահայտվում է: Ակտիվները, որոնք օգտագործվում են հիմնադրամի գործառնությունների համար, հաշվառվում են համաձայն Հայաստանի Հանրապետության համապատասխան հաշվապահական հաշվառման ստանդարտների:

 

Բացահայտում

 

34. Թոշակային հատուցումների պլանի հաշվետվությունը, անկախ սահմանված հատուցումների կամ սահմանված մասհանումների պլան լինելուց, պետք է պարունակի նաև հետևյալ տեղեկատվությունը`

 

ա) հատուցումների համար առկա զուտ ակտիվներում փոփոխությունների մասին հաշվետվություն,

 

բ) հաշվապահական հաշվառման քաղաքականության նշանակալի դրույթների ամփոփագիր,

 

գ) պլանի նկարագրությունը և ժամանակաշրջանի ընթացքում պլանում ցանկացած փոփոխության ազդեցությունը:

 

35. Թոշակային հատուցումների պլանների հաշվետվությունները ներառում են հետևյալը, եթե տեղին է`

 

ա) հատուցումների համար առկա զուտ ակտիվների մասին հաշվետվություն, բացահայտելով`

 

I. ակտիվները` ժամանակաշրջանի վերջի դրությամբ` համապատասխան դասակարգմամբ,

 

II. ակտիվների գնահատման հիմունքը,

 

III. հատուցումների համար առկա զուտ ակտիվների 5%-ը կամ արժեթղթերի ցանկացած դասի կամ տեսակի 5%-ը գերազանցող յուրաքանչյուր առանձին ներդրման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ,

 

IV. գործատու կազմակերպությունում կատարած ցանկացած ներդրման վերաբերյալ մանրամասն տեղեկություններ, և

 

V. հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքից տարբեր պարտավորությունները.

 

բ) հատուցումների համար առկա զուտ ակտիվներում փոփոխությունների մասին հաշվետվություն, արտացոլելով հետևյալը`

 

I. գործատուի մասհանումները,

 

II. աշխատակիցների մասհանումները,

 

III. ներդրումներից եկամուտները, ինչպես օրինակ` տոկոսները և շահաբաժինները,

 

IV. այլ եկամուտները,

 

V. վճարված կամ վճարվելիք հատուցումները (վերլուծված, օրինակ` ըստ թոշակային, մահվան կամ անաշխատունակության նպաստների և ըստ միանվագ վճարումների),

 

VI. վարչական ծախսերը,

 

VII. այլ ծախսերը,

 

VIII. շահութահարկը,

 

IX. ներդրումների օտարումից և ներդրումների արժեքի փոփոխություններից շահույթները կամ վնասները, և

 

X. այլ պլաններից ստացված և այլ պլաններին փոխանցված միջոցները,

 

գ) ֆոնդավորման քաղաքականության նկարագրությունը,

 

դ) սահմանված հատուցումների պլանների դեպքում` հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքը (որը կարող է տարբերակվել երաշխավորված և չերաշխավորված հատուցումների)` հիմնված պլանի պայմաններով հասանելիք հատուցումների, տվյալ ամսաթվի դրությամբ մատուցված ծառայությունների վրա` օգտագործելով ընթացիկ աշխատավարձերի կամ կանխատեսվող աշխատավարձերի մակարդակները. այս տեղեկատվությունը կարող է ներառվել կից ներկայացվող ակտուարային հաշվետվությունում, որը պետք է ընկալվի համապատասխան ֆինանսական տեղեկատվության հետ միասին, և

 

ե) սահմանված հատուցումների պլանների դեպքում` էական ակտուարային ենթադրությունների նկարագրությունը և հասանելիք թոշակային հատուցումների ակտուարային ներկա արժեքի հաշվարկման ժամանակ օգտագործված մեթոդը:

 

36. Թոշակային հատուցումների պլանի հաշվետվությունը պարունակում է պլանի նկարագրությունը` կամ որպես ֆինանսական տեղեկատվության մաս, կամ որպես առանձին զեկույց: Այն կարող է պարունակել հետևյալը`

 

ա) ներգրավված գործատուների և աշխատակիցների խմբերի անունները,

 

բ) հատուցում ստացող մասնակիցների թիվը և այլ մասնակիցների թիվը` համապատասխան դասակարգմամբ,

 

գ) պլանի տեսակը` սահմանված մասհանումների կամ սահմանված հատուցումների,

 

դ) ծանոթագրություն մասնակիցների` պլանին կատարած մասհանումների վերաբերյալ,

 

ե) մասնակիցների համար հասանելիք թոշակային հատուցումների նկարագրությունը,

 

զ) պլանի ցանկացած դադարեցման պայմանների նկարագրությունը,

 

է) ժամանակաշրջանի ընթացքում «ա»-»զ» կետերում տեղի ունեցող փոփոխությունները:

 

Ընդունված են հղումները այլ փաստաթղթերին, որոնք հեշտությամբ մատչելի են օգտագործողներին և որոնցում նկարագրված է պլանը, ընդ որում, այս դեպքում զեկույցը ներառում է միայն հետագա փոփոխությունների վերաբերյալ տեղեկատվություն:

 

ՈՒժի մեջ մտնելը

 

37. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում 2001 թվականի հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 39

(մաս 1)

 

Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը

 

Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 1998 թվականին ընդունված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 39-ի «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» հիման վրա:

 

Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:

 

Բովանդակություն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 39

 

Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը

 

պարագրաֆներ

ՆՊԱՏԱԿԸ

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ                                          1 - 7

    ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ                                                8 - 26

      ՀՀՀՀՍ 32-ից                                                8 - 9

      Լրացուցիչ սահմանումներ                                        10

      Ածանցյալ գործիքի սահմանումը                                   10

      Ֆինանսական ակտիվների չորս կատեգորիաների (և  առևտրական         10

նպատակներով պահվող ֆինանսական պարտավորության) սահմանումները

      Ճանաչմանն ու չափմանը վերաբերող սահմանումներ                   10

      Հեջի հաշվապահական հաշվառմանը վերաբերող սահմանումներ           10

      Այլ սահմանումներ                                              10

      Սահմանումների զարգացում                                  11 - 21

        Սեփական կապիտալի գործիք                                11 - 12

        Ածանցյալ գործիքներ                                     13 - 16

        Գործարքի հետ կապված ծախսումներ                              17

        Առևտրական  նպատակներով պահվող պարտավորություն               18

        Կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ      19 - 20

        և դեբիտորական պարտքեր

        Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ                   21

      Պարունակվող ածանցյալ գործիքներ                           22 - 26

    ՃԱՆԱՉՈՒՄ                                                   27 - 65

      Սկզբնական ճանաչում                                       27 - 29

      Առևտրի  ամսաթիվ և  վերջնահաշվարկի ամսաթիվ                30 - 34

      Ապաճանաչում                                              35 - 65

        Ֆինանսական ակտիվի ապաճանաչում                          35 - 43

        Գրավի հաշվառում                                        44 - 46

        Ֆինանսական ակտիվի մի մասի ապաճանաչում                  47 - 50

        Ակտիվների ապաճանաչում` զուգակցված նոր ֆինանսական       51 - 56

        ակտիվի կամ պարտավորության առաջացման հետ

        Ֆինանսական պարտավորության ապաճանաչում                  57 - 64

        Ֆինանսական պարտավորության մի մասի ապաճանաչում.              65

        ֆինանսական պարտավորության ապաճանաչում` զուգակցված

        նոր ֆինանսական ակտիվի կամ պարտավորության առաջացման հետ

    ՉԱՓՈՒՄ                                                    66 - 165

      Ֆինանսական ակտիվների և  ֆինանսական                      66 - 67

պարտավորությունների սկզբնական չափում

      Ֆինանսական ակտիվների հետագա չափում                      68 - 92

        Մինչև  մարման ժամկետը պահվող ներդրումներ              79 - 92

      Ֆինանսական պարտավորությունների հետագա չափում            93 - 94

      Իրական արժեքով չափման նկատառումներ                     95 - 102

      Իրական արժեքով վերաչափումից շահույթներ կամ վնասներ    103 - 107

      Իրական արժեքով չվերաչափվող ֆինանսական ակտիվների և           108

պարտավորությունների գծով շահույթներ կամ վնասներ

      Ֆինանսական ակտիվների արժեզրկում և                     109 - 119

անհավաքագրելիություն

Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ 111 - 115

        Արժեզրկման ճանաչումից հետո առաջացող տոկոսային եկամուտ     116

        Իրական արժեքով վերաչափվող ֆինանսական ակտիվներ       117 - 119

      Հեջավորում                                            120 - 164

        Հեջավորման գործիքներ                                121 - 125

        Հեջավորված հոդվածներ                                126 - 134

        Հեջի հաշվապահական հաշվառում                         135 - 144

        Հեջի արդյունավետության գնահատում                    145 - 151

        Իրական արժեքի հեջեր                                 152 - 156

        Դրամական միջոցների հոսքերի հեջեր                    157 - 162

        Արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջեր                   163

        Հեջի հաշվապահական հաշվառումը, եթե հեջը չի                 164

        բավարարում հեջի հաշվապահական հաշվառման կիրառման

        հատուկ պահանջները

    ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ                                             165 - 169

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ                                          170

    ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                               171

 

Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտ ՀՀՀՀՍ 39

 

Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը

 

Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:

Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:

 

Նպատակը

 

Սույն ստանդարտի նպատակն է սահմանել կազմակերպությունների ֆինանսական հաշվետվություններում ֆինանսական գործիքների ճանաչման, չափման և դրանց վերաբերյալ տեղեկատվության բացահայտման սկզբունքները:

 

Գործողության ոլորտը

 

1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի կազմակերպությունների կողմից բոլոր ֆինանսական գործիքների նկատմամբ, բացառությամբ`

 

ա) դուստր ընկերություններում, ասոցիացված կազմակերպություններում և համատեղ ձեռնարկումներում այն բաժնեմասերի (մասնակցության), որոնք հաշվառվում են համաձայն ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում», ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» և ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ստանդարտների, բացառությամբ այն դեպքերի, երբ նշված ստանդարտներում հղում է կատարվում սույն ստանդարտի վրա,

 

բ) վարձակալությունների գծով իրավունքների և պարտականությունների, որոնց նկատմամբ կիրառվում է ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտը: Այնուամենայնիվ`

 

I. վարձատուի հաշվեկշռում ճանաչված` վարձակալության գծով դեբիտորական պարտքերի նկատմամբ կիրառվում են սույն ստանդարտի ապաճանաչման դրույթները (պարագրաֆներ 35-65 և պարագրաֆ 169-ի «դ» կետը), և

 

II. սույն ստանդարտը կիրառվում է վարձակալության պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների նկատմամբ,

 

գ) աշխատակիցների հատուցման ծրագրերի (որոնց նկատմամբ կիրառվում է ՀՀՀՀՍ 19 «Աշխատակիցների հատուցումներ» ստանդարտը) գծով գործատուների ակտիվների և պարտավորությունների,

 

դ) ապահովագրական պայմանագրերի գծով իրավունքների և պարտականությունների, ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ստանդարտի պարագրաֆ 3-ում, սակայն սույն ստանդարտը կիրառվում է ապահովագրական պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների նկատմամբ (տես 22-26 պարագրաֆները),

 

ե) հաշվետու կազմակերպության կողմից թողարկված սեփական կապիտալի գործիքների, ներառյալ օպցիոնները, վարանտները և այլ ֆինանսական գործիքները, որոնք դասակարգված են որպես հաշվետու կազմակերպության սեփական կապիտալ (այնուամենայնիվ, նման գործիքների տիրապետողից պահանջվում է դրանց նկատմամբ կիրառել սույն ստանդարտը),

 

զ) ֆինանսական երաշխավորությունների պայմանագրերի (ներառյալ ակրեդիտիվները), որոնք նախատեսում են վճարումների կատարում պարտապանի (դեբիտորի) կողմից վճարումը կատարելու անկարողության դեպքում (ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտը պարունակում է ցուցումներ ֆինանսական երաշխավորությունների, երաշխիքային վաճառքի գծով պարտականությունների և այլ համանման գործիքների ճանաչման և չափման վերաբերյալ): Ի տարբերություն դրա, սույն ստանդարտը կիրառվում է ֆինանսական երաշխավորությունների պայմանագրերի նկատմամբ, որոնք նախատեսում են վճարումների կատարում` ի պատասխան սահմանված տոկոսադրույքի, արժեթղթի գնի, ապրանքի գնի, վարկունակության, արտարժույթի փոխարժեքի, գների կամ դրույքների ինդեքսի կամ այլ փոփոխականի (երբեմն կոչվում են «հիմքում ընկած») փոփոխությունների: Բացի այդ, սույն ստանդարտը պահանջում է այն ֆինանսական երաշխավորությունների ճանաչումը, որոնք առաջացել կամ մնացել են որպես 35-65 պարագրաֆներում ներկայացված ապաճանաչման դրույթների արդյունք,

 

է) ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում պայմանական փոխհատուցման պայմանագրերի (տես ՀՀՀՀՍ 22 «Ձեռնարկատիրական գործունեության միավորումներ» ստանդարտի 65-76 պարագրաֆները),

 

ը) պայմանագրերի, որոնք պահանջում են կլիմայական, երկրաբանական կամ բնության այլ փոփոխականների վրա հիմնված վճարում (տես պարագրաֆ 2), սակայն սույն ստանդարտը կիրառվում է համանման պայմանագրերում պարունակվող ածանցյալ գործիքների այլ տեսակների նկատմամբ (տես 22-26 պարագրաֆները):

 

2. Պայմանագրերը, որոնք պահանջում են կլիմայական, երկրաբանական կամ բնության այլ փոփոխականների վրա հիմնված վճարում, սովորաբար օգտագործվում են որպես ապահովագրական պոլիսներ (այն պայմանագրերը, որոնք հիմնված են կլիմայական փոփոխականների վրա, երբեմն կոչվում են եղանակային ածանցյալ գործիքներ): Այսպիսի դեպքերում կատարվող վճարումը հիմնված է կազմակերպությանը պատճառված կորստի գումարի վրա: Ապահովագրական պայմանագրերի գծով իրավունքները և պարտականությունները, համաձայն պարագրաֆ 1-ի «դ» կետի, չեն ներառվում սույն ստանդարտի գործողության ոլորտում: Որոշ այսպիսի պայմանագրերի գծով կատարվող վճարումները կապված չեն կազմակերպությանը պատճառված կորստի գումարի հետ: Չնայած նման ածանցյալ գործիքները ներառված են սույն ստանդարտի գործողության ոլորտում, իրականացվում են ուսումնասիրություններ` մշակելու համար գործնական սահմանումներ, որոնք կտարբերակեն «ապահովագրական» և «ածանցյալ» պայմանագրերը:

 

3. Սույն ստանդարտը չի փոփոխում այն պահանջները, որոնք վերաբերում են`

 

ա) մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում դուստր ընկերություններում ներդրումների հաշվառմանը, ինչպես շարադրված է ՀՀՀՀՍ 27-ի 26 և 27 պարագրաֆներում,

 

բ) ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառմանը, ինչպես շարադրված է ՀՀՀՀՍ 28-ի 12-14 պարագրաֆներում,

 

գ) ձեռնարկողի կամ ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում համատեղ ձեռնարկումներում ներդրումների հաշվառմանը, ինչպես շարադրված է ՀՀՀՀՍ 31-ի 35 և 42 պարագրաֆներում, կամ

 

դ) աշխատակիցների հատուցման ծրագրերի, որոնք համապատասխանում են ՀՀՀՀՍ 26 «Թոշակային նպաստների ծրագրերի հաշվառում և հաշվետվություն» ստանդարտին:

 

4. Երբեմն կազմակերպությունն այլ կազմակերպության հետ երկարաժամկետ գործառնական կապերի հաստատման կամ պահպանման մտադրությամբ կատարում է իր կարծիքով «ռազմավարական ներդրում» այդ կազմակերպության կողմից թողարկվող բաժնային արժեթղթերում 1*: Ներդրող կազմակերպությունը կիրառում է համապատասխանաբար ՀՀՀՀՍ 27 և ՀՀՀՀՍ 28 ստանդարտները` որոշելու համար, թե տեղին է արդյոք նման ներդրման հաշվառման համար բաժնեմասնակցության մեթոդի կիրառումը, քանի որ ներդրողը դուստր ընկերության (ասոցիացված կազմակերպության) նկատմամբ ունի վերահսկողություն (նշանակալի ազդեցություն): Նմանապես, ներդրող կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 31-ը` որոշելու համար, թե արդյոք նման ներդրման համար տեղին է համամասնական համախմբման, թե բաժնեմասնակցության մեթոդի կիրառումը: Եթե ոչ բաժնեմասնակցության, ոչ էլ համամասնական համախմբման մեթոդները տեղին չեն, կազմակերպությունն այդ ռազմավարական ներդրման նկատմամբ կկիրառի սույն ստանդարտը:

 

-------------------------

1* Բաժնային արժեթղթի իմաստով ՀՀՀՀՍ 32-ում օգտագործված է «սեփական

կապիտալի արժեթուղթ» արտահայտությունը:

 

5. Սույն ստանդարտը կիրառվում է ապահովագրական կազմակերպությունների ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների նկատմամբ, բացառությամբ ապահովագրական պայմանագրերից առաջացող իրավունքների և պարտականությունների, ինչպես նշված է պարագրաֆ 1-ի «դ» կետում: Ներկայումս իրականացվում են ուսումնասիրություններ` մշակելու համար ապահովագրական պայմանագրերի հաշվառման վերաբերյալ առանձին ստանդարտի նախագիծ, որն անդրադառնալու է ապահովագրական պայմանագրերից առաջացող իրավունքներին և պարտականություններին: Ապահովագրական պայմանագրերում պարունակվող ֆինանսական գործիքների վերաբերյալ ցուցումները բերված են 22-26 պարագրաֆներում:

 

6. Սույն ստանդարտը պետք է կիրառվի ապրանքի վրա հիմնված պայմանագրերի նկատմամբ, որով պայմանագրի յուրաքանչյուր կողմին իրավունք է տրվում մարումը կատարել դրամական միջոցներով կամ որևէ այլ ֆինանսական գործիքով, բացառությամբ այն ապրանքային պայմանագրերի, որոնք`

 

ա) կնքվել էին և շարունակում են օգտագործվել կազմակերպության գնման, վաճառքի կամ օգտագործման ակնկալվող պահանջմունքները բավարարելու նպատակով, և

 

բ) ակնկալվում են մարվել առաքման միջոցով:

 

7. Եթե կազմակերպությունը կիրառում է հաշվանցող պայմանագրերի կնքման քաղաքականություն, որոնց գծով մարումներն արդյունավետորեն կատարվում են զուտ հիմունքով, ապա այդ պայմանագրերը չեն համարվում կազմակերպության գնման, վաճառքի կամ օգտագործման պահանջմունքները բավարարելու նպատակով կնքված:

 

Սահմանումներ

ՀՀՀՀՍ 32-ից

 

8. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են ՀՀՀՀՍ 32-ում սահմանված իմաստներով`

 

Ֆինանսական գործիք` ցանկացած պայմանագիր, որը միաժամանակ մի կազմակերպությունում առաջացնում է ֆինանսական ակտիվ, իսկ մյուս կազմակերպությունում` ֆինանսական պարտավորություն կամ սեփական կապիտալի գործիք:

 

Ֆինանսական ակտիվ` ցանկացած ակտիվ, որը`

 

ա) դրամական միջոց է,

 

բ) մեկ այլ կազմակերպությունից դրամական միջոցներ կամ այլ ֆինանսական ակտիվ ստանալու պայմանագրային իրավունք է,

 

գ) մեկ այլ կազմակերպության հետ պոտենցիալ նպաստավոր պայմաններով ֆինանսական գործիքների փոխանակման պայմանագրային իրավունք է, կամ`

 

դ) այլ կազմակերպության սեփական կապիտալի գործիք է:

 

Ֆինանսական պարտավորություն` ցանկացած պարտավորություն, որը պայմանագրային պարտականություն է`

 

ա) մեկ այլ կազմակերպությանը դրամական միջոցներ կամ այլ ֆինանսական ակտիվ տրամադրելու (վճարելու), կամ`

 

բ) մեկ այլ կազմակերպության հետ պոտենցիալ ոչ նպաստավոր պայմաններով ֆինանսական գործիքներ փոխանակելու:

 

Սեփական կապիտալի գործիք (կոչվում է նաև բաժնեմասնակցության գործիք)` ցանկացած պայմանագիր, որը հավաստում է կազմակերպության` բոլոր պարտավորությունները հանելուց հետո մնացորդային ակտիվների բաժնի նկատմամբ իրավունք (տես պարագրաֆ 11):

 

Իրական արժեք` այն գումարը, որով ակտիվը կարող է փոխանակվել, կամ պարտավորությունը` մարվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության գործարքի» ընթացքում:

 

9. ՀՀՀՀՍ 32-ով ամրագրվում է, որ վերը շարադրված սահմանումների նպատակներով «կազմակերպություն» տերմինն ընդգրկում է ֆիզիկական անձանց, ընկերակցություններին, ընկերություններին, պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կազմակերպություններին:

 

Լրացուցիչ սահմանումներ

 

10. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.

 

Ածանցյալ գործիքի սահմանումը

 

Ածանցյալ գործիք` ֆինանսական գործիք,

 

ա) որի արժեքը փոփոխվում է` ի պատասխան սահմանված տոկոսադրույքի, արժեթղթի գնի, ապրանքի գնի, արտարժույթի փոխարժեքի, գների կամ դրույքների ինդեքսի, վարկունակության, վարկային ինդեքսի կամ համանման այլ փոփոխականի (երբեմն կոչվում են «հիմքում ընկած») փոփոխությունների,

 

բ) որը չի պահանջում սկզբնական զուտ ներդրում կամ էլ պահանջում է աննշան սկզբնական զուտ ներդրում` պայմանագրերի այլ տեսակների համեմատ, որոնք շուկայական պայմանների փոփոխություններին հակազդում են համանման ձևով, և

 

գ) որի գծով վերջնահաշվարկը կատարվում է ապագա որևէ ամսաթվին:

 

Ֆինանսական ակտիվների չորս կատեգորիաների (և առևտրական նպատակներով պահվող ֆինանսական պարտավորության) սահմանումները

 

Առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվնեը (պարտավորություններ)` ֆինանսական ակտիվներ (պարտավորություններ), որոնք ձեռք են բերվել կամ առաջացել են հիմնականում գների կամ դիլերային հավելագների (մարժաների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով: Ֆինանսական ակտիվը պետք է դասակարգվի որպես առևտրական նպատակներով պահվող, եթե այն, անկախ դրա ձեռք բերման պատճառից, այնպիսի պորտֆելի մի մաս է, որի համար առկա է վկայություն կարճ ժամկետում շահույթ ստանալու արդիական փաստացի ուղիների վերաբերյալ (տես պարագրաֆ 21): Ածանցյալ ֆինանսական ակտիվը և ածանցյալ ֆինանսական պարտավորությունը միշտ դիտարկվում են առևտրական նպատակների համար պահվող, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք նախատեսված են և հանդիսանում են արդյունավետ հեջավորման գործիքներ (տես պարագրաֆ 18-ի առևտրական նպատակներով պահվող պարտավորության օրինակը):

 

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ` ֆիքսված կամ որոշելի վճարումներով և ֆիքսված մարման ժամկետով ֆինանսական ակտիվներ, որոնք կազմակերպությունը հաստատապես մտադրված է և հնարավորություն ունի պահել մինչև մարման ժամկետի լրանալը (տես 80-92 պարագրաֆները) և որոնք կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր չեն:

 

Կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ (վարկեր) և դեբիտորական պարտքեր` ֆինանսական ակտիվներ, որոնք ստեղծվում են կազմակերպության կողմից ուղղակիորեն պարտապանին (դեբիտորին) դրամ, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելու միջոցով, բացառությամբ նրանց, որոնք տրամադրվում են անմիջապես կամ կարճ ժամկետում վաճառելու մտադրությամբ (դրանք պետք է դասակարգվեն որպես առևտրական նպատակներով պահվող): Կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունները և դեբիտորական պարտքերը չեն ներառվում մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներում, այլ ավելի շուտ դասակարգվում են առանձին` համաձայն սույն ստանդարտի (տես 19-20 պարագրաֆները):

 

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ` ֆինանսական ակտիվներ, որոնք`

 

ա) կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր չեն,

 

բ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ չեն, կամ

 

գ) առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ չեն (տես պարագրաֆ 21):

 

Ճանաչմանն ու չափմանը վերաբերող սահմանումներ

 

Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ամորտիզացված արժեք` գումար, որով ֆինանսական ակտիվը կամ պարտավորությունը չափվել էր սկզբնական ճանաչման պահին` հանած հիմնական գումարի մարումները, գումարած կամ հանած սկզբնական գումարի և մարման գումարի տարբերության կուտակված ամորտիզացիան և հանած արժեզրկման կամ անհավաքագրելիության գծով դուրսգրված ցանկացած գումար (ուղղակիորեն կամ կարգավորող հաշիվների օգտագործման միջոցով):

 

Արդյունավետ տոկոսային մեթոդ` ամորտիզացիայի հաշվարկման մեթոդ` օգտագործելով ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության արդյունավետ տոկոսադրույքը: Արդյունավետ տոկոսադրույքը 2* այն դրույքն է, որով մինչև մարման ժամկետը կամ շուկայի վրա հիմնված հաջորդ վերանայումը դրամական միջոցների ակնկալվող վճարումների հոսքերը զեղչվում են ճշգրտորեն մինչև ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ընթացիկ զուտ հաշվեկշռային արժեքը: Այս հաշվարկում պետք է ներառվեն պայմանագրի կողմերի միջև վճարված կամ ստացված բոլոր վճարները: «Արդյունավետ տոկոսադրույք» տերմինի փոխարեն երբեմն օգտագործվում է «մարման (հաջորդ անգամ վերանայման) եկամտաբերության մակարդակ» տերմինը և իրենից ներկայացնում է նույն ժամանակահատվածում ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության ներքին հատույցադրույքը (տես ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտի պարագրաֆ 30 և ՀՀՀՀՍ 32-ի պարագրաֆ 61):

 

-------------------------

2* ՀՀՀՀՍ 32-ում «արդյունավետ տոկոսադրույք» արտահայտության փոխարեն

օգտագործված է «գործող (փաստացի) տոկոսադրույք» արտահայտությունը:

 

Գործարքի հետ կապված ծախսումներ` լրացուցիչ ծախսումներ, որոնք ուղղակիորեն վերագրելի են ֆինանսական ակտիվի կամ պարտավորության ձեռք բերմանը կամ օտարմանը (տես պարագրաֆ 17):

 

Կայուն պարտավորվածություն` սահմանված ժամկետում կամ ժամկետներում սահմանված քանակությամբ ռեսուրսներ սահմանված գնով փոխանակելու պարտավորեցնող համաձայնագիր:

 

Ակտիվի նկատմամբ վերահսկողություն` ակտիվից հոսող ապագա տնտեսական օգուտները ստանալու կարողություն:

 

Ապաճանաչում` կազմակերպության հաշվեկշռից ֆինանսական ակտիվի կամ պարտավորության, կամ դրանց մի մասի դուրսգրում:

 

Հեջի հաշվապահական հաշվառմանը վերաբերող սահմանումներ

 

Հեջավորում` հաշվապահական հաշվառման նպատակներով նշանակում է հեջավորման մեկ կամ ավելի գործիքների նախատեսում` այնպես, որ դրանց իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունը ամբողջությամբ կամ մասամբ փոխհատուցի (հաշվանցի) հեջավորված հոդվածի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունը:

 

Հեջավորված հոդված` ակտիվ, պարտավորություն, կայուն պարտավորվածություն կամ կանխատեսված ապագա գործարք,

 

ա) որը կազմակերպությանը ենթարկում է իրական արժեքի փոփոխությունների կամ դրամական միջոցների ապագա հոսքերի փոփոխությունների ռիսկին, և

 

բ) որը հեջի հաշվառման նպատակներով նախատեսված է որպես հեջավորվող (126-134 պարագրաֆներում զարգացված է հեջավորված հոդվածի սահմանումը):

 

Հեջավորման գործիք` հեջի հաշվապահական հաշվառման նպատակներով` նախատեսված ածանցյալ գործիք կամ, սահմանափակ հանգամանքներում, մեկ այլ ֆինանսական ակտիվ կամ պարտավորություն, որի իրական արժեքը կամ դրամական միջոցների հոսքերը ակնկալվում է, որ կփոխհատուցեն (կհաշվանցեն) նախատեսված հեջավորված հոդվածի իրական արժեքի կամ ապագա դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները (121-125 պարագրաֆներում զարգացված է հեջավորման գործիքի սահմանումը): Սույն ստանդարտի համաձայն` ոչ ածանցյալ ֆինանսական ակտիվը կամ պարտավորությունը հեջի հաշվապահական հաշվառման նպատակներով կարող է նախատեսված լինել որպես հեջավորման գործիք միայն այն դեպքում, եթե այն հեջավորում է արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների ռիսկը:

 

Հեջի արդյունավետություն` այն աստիճանը, որով հեջավորման գործիքի միջոցով փոխհատուցվում են հեջավորված ռիսկին վերագրելի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները (տես պարագրաֆներ 145-151):

 

Այլ սահմանումներ

 

Արժեթղթավորում` գործընթաց, որի միջոցով ֆինանսական ակտիվները ձևափոխվում են արժեթղթերի:

 

Հետգնման պայմանագիր (ռեպո պայմանագիր)` դրամական միջոցների կամ այլ փոխհատուցման դիմաց մեկ այլ կողմին ֆինանսական ակտիվ փոխանցելու պայմանագիր, որը միաժամանակ առաջացնում է որևէ ապագա ամսաթվին այդ ֆինանսական ակտիվն այնպիսի գումարով հետ գնելու պարտականություն, որը հավասար կլինի փոխանակված դրամական միջոցներին կամ այլ փոխհատուցմանը` գումարած տոկոս:

 

Սահմանումների զարգացում

Սեփական կապիտալի գործիք

 

11.Կազմակերպությունը կարող է ունենալ պայմանագրային պարտականություն, որը կարող է մարել կամ ֆինանսական ակտիվներ վճարելով, կամ էլ իր բաժնային արժեթղթերով վճարելու ձևով: Նման դեպքում, եթե պարտականությունը մարելու համար պահանջվող բաժնային արժեթղթերի քանակը տատանվում է դրանց իրական արժեքի փոփոխությունների հետ մեկտեղ այնպես, որ վճարված բաժնային արժեթղթերի ընդհանուր արժեքը միշտ հավասար է պայմանագրային պարտականության գումարին, պարտապանը (պարտավորության տերը) չի ունենում շահույթ կամ վնաս բաժնային արժեթղթերի գների տատանումներից: Այդպիսի պարտականությունը պետք է հաշվառվի որպես կազմակերպության ֆինանսական պարտավորություն, և, հետևաբար, այն ներառվում է սույն ստանդարտի գործողության ոլորտում:

 

12. Կազմակերպությունը կարող է կնքել ֆորվարդային կամ օպցիոն պայմանագիր կամ ձեռքբերել այլ ածանցյալ գործիք, որի արժեքը փոփոխվում է` ի պատասխան այնպիսի փոփոխականի, որը կազմակերպության բաժնային արժեթղթերի շուկայական գինը չէ, սակայն որը կազմակերպությունը կարող է կամ որը պահանջվում է մարել իր բաժնային արժեթղթերով: Նման դեպքում կազմակերպությունը այս գործիքը հաշվառում է որպես ածանցյալ գործիք, այլ ոչ թե որպես սեփական կապիտալի գործիք, քանի որ նման գործիքի արժեքը կապված չէ կազմակերպության սեփական կապիտալի փոփոխությունների հետ:

 

Ածանցյալ գործիքներ

 

13. Ածանցյալ գործիքների տիպիկ օրինակներ են ֆյուչերսները, ֆորվարդները, սվոպերը և օպցիոնները: Ածանցյալ գործիքը սովորաբար ունի պայմանական մեծություն, որն իրենից ներկայացնում է այդ պայմանագրով սահմանված արժույթի գումար, բաժնետոմսերի քանակ, զանգվածի կամ ծավալի միավորների քանակ, կամ այլ միավորներ: Այնուամենայնիվ, ածանցյալ գործիքը դրա տիրապետողից կամ դուրսգրողից չի պահանջում պայմանագրի սկզբին ներդնել կամ ստանալ այդ պայմանական մեծությունը: Այլ դեպքերում ածանցյալ գործիքը կարող է պահանջել ֆիքսված վճարում` որպես որևէ ապագա դեպքի արդյունք, որը կապված չէ որևէ պայմանական մեծության հետ: Օրինակ` պայմանագրով կարող է պահանջվել 1.000 միավորին հավասար ֆիքսված գումարի վճարում, եթե Լոնդոնյան Միջբանկային Դրույքը (LIBOR) 3* վեց ամսվա համար աճի 100 բազային կետով: Այս օրինակում պայմանական մեծություն սահմանված չէ:

 

-------------------------

3* Լոնդոնյան միջբանկային դրույքը (LIBOR) այն դրույքն է, որով

եվրոդոլարային շուկայում գործող վարկունակ միջազգային բանկերի մեծ մասը

միմյանց տրամադրում են միջբանկային վարկեր: Սովորաբար օգտագործվում է

որպես հիմք պակաս վարկունակ փոխառուներին տրամադրվելիք խոշոր

փոխառությունների տոկոսադրույքի հաշվարկման համար:

 

14. Ոչ ֆինանսական ակտիվներ և պարտավորություններ գնելու կամ վաճառելու պարտավորվածությունները, որոնք նախատեսվում է, որ կմարվեն հաշվետու կազմակերպության կողմից ձեռնարկատիրական գործունեության սովորական ընթացքում առաքումն իրականացնելու կամ ստանալու միջոցով և որոնց համար գոյություն չունի հանդիպակաց պահանջների հաշվանցման (զուտ հիմունքով մարման) պրակտիկա (պայմանագրի մյուս կողմի հետ կամ հաշվանցող պայմանագրերի կնքման միջոցով), հաշվառվում են ոչ թե որպես ածանցյալ գործիքներ, այլ ավելի շուտ որպես կատարման ենթակա պայմանագրեր: Հանդիպակաց պահանջների հաշվանցումը ենթադրում է դրամական միջոցների վճարում` հիմնված իրական արժեքի փոփոխության վրա:

 

15. Ածանցյալ գործիքի սահմանման պայմաններից մեկն այն է, որ վերջինս չի պահանջում կամ պահանջում է աննշան սկզբնական զուտ ներդրում` այն պայմանագրերի համեմատ, որոնք շուկայական պայմանների փոփոխություններին հակազդում են համանման ձևով: Օպցիոն պայմանագիրը բավարարում է այդ սահմանմանը, քանի որ հավելավճարը (պրեմիան) զգալիորեն ավելի փոքր է, քան այն ներդրումը, որը կպահանջվեր ստանալու համար օպցիոնի հիմքում ընկած ֆինանսական գործիքը, որի հետ կապված է օպցիոնը:

 

16. Եթե կազմակերպությունը պայմանագիր է կնքել որևէ ֆինանսական ակտիվ այնպիսի պայմաններով գնելու վերաբերյալ, որոնք պահանջում են այդ ակտիվի առաքումը կատարել սովորաբար շուկայական առևտրի պայմաններով կամ կանոնակարգող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում (երբեմն կոչվում է «կարգավորվող ձևի» պայմանագիր), ապա առևտրի ամսաթվի և վերջնահաշվարկի ամսաթվի միջև առաքումը ֆիքսված գնով կատարելու պարտավորվածությունը ֆորվարդային պայմանագիր է, որը բավարարում է ածանցյալ գործիքի սահմանմանը: Նման սովորական բնույթի պայմանագրերի հաշվառման համար սույն ստանդարտը պարունակում է հատուկ դրույթներ (տես 30-34 պարագրաֆներ):

 

Գործարքի հետ կապված ծախսումներ

 

17. Գործարքի հետ կապված ծախսումները ներառում են գործակալներին, խորհրդատուներին, բրոքերներին և դիլերներին վճարված վճարները և կոմիսիոն վարձատրությունը, կանոնակարգող մարմինների և արժեթղթերի բորսաների կողմից գանձվող վճարները, ինչպես նաև գործարքի հետ կապված հարկերը և տուրքերը: Գործարքի հետ կապված ծախսումները չեն ներառում պարտքային գործիքների գծով հավելավճարները կամ զեղչերը, ֆինանսական ծախսումները կամ ներքին վարչական կամ տիրապետման ծախսումների 4* բաշխումները:

 

--------------------------

4* Տիրապետման ծախսումները կազմակերպության կողմից ակտիվները պահելու

ծախսումներն են: Այդ ծախսումները ներառում են ակտիվներում ներդրված

գումարի դիմաց տոկոսները, ակտիվների պահպանման, ապահովագրության և

այլ տեսակի ծախսումներ:

 

Առևտրական նպատակներով պահվող պարտավորություն

 

18. Առևտրական նպատակներով պահվող պարտավորությունները ներառում են`

 

ա) ածանցյալ պարտավորությունները, որոնք հեջավորման գործիքներ չեն, և

 

բ) «կարճ վաճառք» իրականացնողի (կազմակերպություն, որը վաճառում է արժեթղթեր, որոնք այն դեռևս չի տնօրինում)` պարտք վերցված արժեթղթերն առաքելու պարտականությունը:

 

Այն փաստը, որ պարտավորությունն օգտագործվում է առևտրական գործունեությունը ֆինանսավորելու համար, այդ պարտավորությունը չի դարձնում առևտրական նպատակներով պահվող:

 

Կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր

 

19. Փոխառությունը դիտվում է որպես կազմակերպության կողմից տրամադրված, եթե դրա պահանջի իրավունքի ձեռքբերումը կատարվում է այլ փոխատուի կողմից տրամադրվող փոխառությանը մասնակցության միջոցով` այն պայմանով, որ դա կազմակերպության կողմից ֆինանսավորվում է այն ամսաթվին, երբ այդ փոխառությունը տրամադրվում է նշված փոխատուի կողմից: Այնուամենայնիվ, փոխառությունների կամ դեբիտորական պարտքերի պուլում մասնակցության միջոցով պահանջի իրավունքի ձեռքբերումը` կապված, օրինակ, արժեթղթավորման հետ, իրենից ներկայացնում է ձեռքբերում, այլ ոչ թե տրամադրում, քանի որ կազմակերպությունը չի տրամադրել դրամ, ապրանքներ կամ ծառայություններ ուղղակիորեն ելակետային պարտապաններին (դեբիտորներին) և ոչ էլ ձեռք է բերել իր մասնաբաժինը այլ փոխատուի հետ մասնակցության միջոցով այն ամսաթվին, երբ ելակետային փոխառությունները կամ դեբիտորական պարտքերը տրամադրվել էին: Բացի այդ, գործարքը, որն ըստ էության իրենից ներկայացնում է նախկինում արդեն տրամադրված փոխառության պահանջի իրավունքի ձեռքբերում (օրինակ` փոխատվությունը չհամախմբվող` հատուկ նպատակներով ստեղծված միավորին 5*, որը տրամադրվում է այլ անձանց կողմից տրամադրված փոխառությունների պահանջի իրավունքի ձեռքբերման ֆինանսավորման նպատակով), կազմակերպության կողմից տրամադրված փոխառություն չէ: Ձեռնարկատիրական գործունեության միավորման ընթացքում կազմակերպության կողմից փոխառության պահանջի իրավունքի ձեռքբերումը համարվում է ձեռք բերող կազմակերպության կողմից տրամադրված, եթե վերջինս նույն ձևով էր դասակարգված ձեռք բերված կազմակերպության կողմից: Ձեռք բերման պահին փոխառությունը չափվում է համաձայն ՀՀՀՀՍ 22-ի: Սինդիկացիայի (կոնսորցիումի մեջ միավորման) միջոցով սինդիկատորի կամ հովանավորի կողմից տրամադրված փոխառության բաժնեմասի պահանջի իրավունքի ձեռք բերումը տրամադրված փոխառություն է, քանի որ յուրաքանչյուր փոխատու այդ փոխառության տրամադրման մեջ ունի իր բաժինը և դրամը տրամադրում է ուղղակիորեն պարտապանին (դեբիտորին):

 

----------------------------

5* Հատուկ նպատակներով ստեղծված միավոր (special purpose entity)` խիստ

որոշակի նպատակի իրագործման (օրինակ` հետազոտության և մշակման

աշխատանքների իրականացում, ֆինանսական ակտիվների արժեթղթավորում)

համար ստեղծված միավոր է: Այդ միավորի ստեղծմանը կարող են մասնակցել

միաժամանակ մի քանի կազմակերպություններ, իսկ վերջիններիս ֆինանսական

հաշվետվություններում այդ միավորի համախմբումը կամ չհամախմբումը

կախված է նրանից, թե քննարկվող կազմակերպությունը ինչ չափով է

վերահսկում այդ միավորի գործունեությունը:

 

20. Փոխառությունները և դեբիտորական պարտքերը, որոնք կազմակերպության կողմից ավելի շուտ գնվում են, քան` տրամադրվում, դասակարգվում են որպես մինչև մարման ժամկետը պահվող, վաճառքի համար մատչելի կամ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ` կախված կոնկրետ հանգամանքներից:

 

Վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ

 

21. Ֆինանսական ակտիվը դասակարգվում է որպես վաճառքի համար մատչելի, եթե այն տեղին չէ դասակարգել ֆինանսական ակտիվների երեք այլ խմբերից որևէ մեկում, այսինքն` որպես առևտրական նպատակներով պահվող, որպես մինչև մարման ժամկետը պահվող կամ որպես կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ կամ դեբիտորական պարտքեր: Եթե ֆինանսական ակտիվը համանման ակտիվների պորտֆելի մի մաս է, որոնց համար գոյություն ունեն գների կամ դիլերային հավելագների (մարժաների) կարճաժամկետ տատանումներից շահույթ ստանալու նպատակով առք ու վաճառքի ուղիներ, ապա ֆինանսական ակտիվը դասակարգվում է ավելի շուտ որպես առևտրական նպատակներով պահվող, քան որպես վաճառքի համար մատչելի:

 

Պարունակվող ածանցյալ գործիքներ

 

22. Երբեմն ածանցյալ գործիքը կարող է լինել հիբրիդային (բաղադրյալ) ֆինանսական գործիքի բաղկացուցիչ մաս, որը ներառում է և ածանցյալ գործիքը, և «հիմնական» պայմանագիրը. արդյունքում բաղադրյալ գործիքի դրամական միջոցների որոշ հոսքեր փոփոխվում են համանման ձևով, ինչ առանձին վերցված ածանցյալ գործիքինը: Նման ածանցյալ գործիքները երբեմն կոչվում են «պարունակվող ածանցյալ գործիքներ»: Պարունակվող ածանցյալ գործիքը պատճառ է դառնում, որ դրամական միջոցների բոլոր կամ որոշ հոսքեր, որոնք այլապես կպահանջվեին պայմանագրով, փոփոխվեն` սահմանված տոկոսադրույքի, արժեթղթի գնի, ապրանքի գնի, արտարժույթի փոխարժեքի, գների կամ դրույքների ինդեքսի կամ մեկ այլ փոփոխականի հիման վրա:

 

23. Պարունակվող ածանցյալ գործիքը պետք է առանձնացվի «հիմնական» պայմանագրից և հաշվառվի որպես ածանցյալ գործիք սույն ստանդարտի համաձայն, եթե բավարարված են հետևյալ բոլոր պայմանները.

 

ա) պարունակվող ածանցյալ գործիքի տնտեսական բնութագրերը և ռիսկերը սերտորեն կապված չեն «հիմնական» պայմանագրի տնտեսական բնութագրերի և ռիսկերի հետ,

 

բ) առանձին գործիքը, որի պայմանները նման են պարունակվող ածանցյալ գործիքի պայմաններին, կբավարարեր ածանցյալ գործիքի սահմանմանը, և

 

գ) հիբրիդային (բաղադրյալ) գործիքը չի չափվում իրական արժեքով:

 

Եթե պարունակվող ածանցյալ գործիքն առանձնացվում է, ապա «հիմնական» պայմանագիրը պետք է հաշվառվի`

 

ա) սույն ստանդարտի համաձայն, եթե «հիմնական» պայմանագիրն ինքնին ֆինանսական գործիք է, և

 

բ) Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ համապատասխան ստանդարտների համաձայն, եթե այն ֆինանսական գործիք չէ:

 

24. Ստորև բերված օրինակներում` պարունակվող ածանցյալ գործիքի տնտեսական բնութագրերը և ռիսկերը չեն դիտարկվում որպես սերտորեն կապված «հիմնական» պայմանագրի հետ (պարագրաֆ 23-ի «ա» կետ): Այսպիսի հանգամանքներում, ենթադրելով, որ պարագրաֆ 23-ի «բ» և «գ» կետերի պայմանները նույնպես բավարարված են, կազմակերպությունը, սույն ստանդարտի համաձայն, պարունակվող ածանցյալ գործիքը հաշվառում է հիմնական պայմանագրից առանձին.

 

ա) կազմակերպության կողմից պահվող սեփական կապիտալի գործիքում պարունակվող վաճառքի օպցիոնը սերտորեն կապված չէ «հիմնական» սեփական կապիտալի գործիքի հետ,

 

բ) կազմակերպության կողմից պահվող սեփական կապիտալի գործիքում պարունակվող գնման օպցիոնը սերտորեն կապված չէ «հիմնական» սեփական կապիտալի գործիքի հետ այն տիրապետողի տեսանկյունից (թողարկողի տեսանկյունից` գնման օպցիոնը թողարկողի սեփական կապիտալի գործիք),

 

գ) պարտքի ժամկետի (մարման ամսաթվի) երկարաձգման օպցիոնը կամ ինքնստինքյան երկարաձգման պայմանը սերտորեն կապված չէ կազմակերպության կողմից պահվող «հիմնական» պարտքային պայմանագրի հետ, բացառությամբ այն դեպքերի, երբ երկարաձգման պահին միաժամանակ տեղի է ունենում տոկոսադրույքների ճշգրտում` հաշվի առնելով շուկայական տոկոսադրույքը,

 

դ) սեփական կապիտալի գործիքների արժեքով ինդեքսավորվող տոկոսների կամ հիմնական գումարի վճարումները (այսինքն` երբ տոկոսները կամ հիմնական գումարը ինդեքսավորվում են սեփական կապիտալի գործիքների արժեքի հիման վրա) սերտորեն կապված չեն «հիմնական» պարտքային գործիքի հետ, քանի որ «հիմնական» պայմանագրին և պարունակվող ածանցյալ գործիքին հատուկ ռիսկերը տարբեր են,

 

ե) ապրանքների գնով ինդեքսավորվող տոկոսների կամ հիմնական գումարի վճարումները (այսինքն` երբ տոկոսները կամ հիմնական գումարը ինդեքսավորվում են ապրանքի գնի հիման վրա) սերտորեն կապված չեն «հիմնական» պարտքային գործիքի հետ, քանի որ «հիմնական» պայմանագրին և պարունակվող ածանցյալ գործիքին հատուկ ռիսկերը տարբեր են,

 

զ) սեփական կապիտալի գործիքով փոխարկման հատկանիշը, որը պարունակվում է պարտքային գործիքում, սերտորեն կապված չէ «հիմնական» պարտքային գործիքի հետ,

 

է) այնպիսի պարտքային գործիքի գնման կամ վաճառքի օպցիոնը, որը թողարկված է զգալի զեղչով կամ հավելավճարով, սերտորեն կապված չէ պարտքային գործիքի հետ, բացառությամբ այնպիսի պարտքային գործիքի (օրինակ` զրոյական արժեկտրոնային պարտատոմսը 6*), որը կարող է հետ կանչվել կամ մարվել ավելացած գումարի չափով, և

 

------------------------

6* Զրոյական արժեկտրոնային պարտատոմսը (zero-coupon security) զգալի

զեղչով վաճառվող պարտատոմս է, որի դիմաց հաշվեգրված տոկոսները, ինչպես

նաև հիմնական գումարը մարվում են մարման ամսաթվին: Ֆիքսված եկամուտ

ապահովող արժեթղթերից հիմնական տարբերությունն այն է, որ այդ

պարտատոմսերը չեն ապահովում պարբերական եկամուտ:

 

ը) «հիմնական» պարտքային գործիքում պարունակվող համաձայնությունները, որոնք հայտնի են որպես վարկային ածանցյալ գործիքներ (այս գործիքները մի կողմին (շահառուին) թույլ են տալիս այլ կողմին (երաշխավորողին) փոխանցել իրեն պատկանող կամ չպատկանող ակտիվի գծով պարտքային ռիսկը), սերտորեն կապված չեն «հիմնական» պարտքային գործիքի հետ:

 

25. Մյուս կողմից, ստորև բերված օրինակներում, պարունակվող ածանցյալ գործիքի տնտեսական բնութագրերը և ռիսկերը դիտարկվում են որպես սերտորեն կապված «հիմնական» պայմանագրի տնտեսական բնութագրերի և ռիսկերի հետ: Այսպիսի հանգամանքներում կազմակերպությունը, սույն ստանդարտի համաձայն, պարունակվող ածանցյալ գործիքը չի հաշվառում «հիմնական» պայմանագրից առանձին.

 

ա) պարունակվող ածանցյալ գործիքը սերտորեն կապված է տոկոսադրույքի կամ տոկոսադրույքների ինդեքսի հետ, որը կարող է փոփոխել տոկոսների գումարը, որն այլապես կվճարվեր կամ կստացվեր «հիմնական» պարտքային պայմանագրի գծով (այսինքն` սույն ստանդարտով չի թույլատրվում լողացող դրույքով պարտքը դիտել որպես ֆիքսված դրույքով պարտք, որը պարունակում է ածանցյալ գործիք),

 

բ) պարունակվող տոկոսային կեպերը կամ ֆլորները 7* դիտարկվում են որպես պարտքային գործիքի տոկոսադրույքի հետ սերտորեն կապված, եթե այդ գործիքի թողարկման պահին կեպը (վերին սահմանը) շուկայական տոկոսադրույքի մակարդակին է կամ դրանից բարձր է, կամ եթե ֆլորը (ներքին սահմանը) շուկայական տոկոսադրույքի մակարդակին է կամ դրանից ցածր է, ընդ որում կեպը և ֆլորը չեն կարգավորվում «հիմնական» գործիքով,

 

-------------------------

7* Կեպը (cap) լողացող դրույքով պարտքային գործիքների տոկոսադրույքի

վերին սահմանն է, իսկ ֆլորը` (floor) ներքին սահմանը:

 

գ) պարունակվող ածանցյալ գործիքը հիմնական գումարի կամ տոկոսի վճարումների հոսք է` արտահայտված արտարժույթով: Նման ածանցյալ գործիքը չի առանձնացվում «հիմնական» պայմանագրից, քանի որ ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխությունների հետևանքները» ստանդարտը պահանջում է, որ ողջ «հիմնական» դրամային հոդվածի գծով արտարժույթի վերահաշվարկումից օգուտները կամ վնասները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս,

 

դ) «հիմնական» պայմանագիրը ֆինանսական գործիք չէ և պահանջում է վճարումներ` արտահայտված`

 

I. այն հիմնական տնտեսական միջավայրի արժույթով, որում գործում է այդ պայմանագրի ցանկացած էական կողմ, կամ

 

II. այն արժույթով, որով սովորաբար արտահայտվում է ձեռքբերվող կամ առաքվող ապրանքի կամ ծառայության գինը միջազգային առևտրում (օրինակ` ԱՄՆ դոլարը հում նավթի գործարքներում):

 

Այսինքն` այդպիսի պայմանագիրը չի դիտվում որպես «հիմնական» պայմանագիր` իր մեջ պարունակվող արտարժույթի ածանցյալ գործիքով:

 

ե) պարունակվող ածանցյալ գործիքն իրենից ներկայացնում է ժամկետից շուտ վճարման օպցիոն այնպիսի իրագործման գնով, որը չի հանգեցնելու զգալի շահույթների կամ վնասների,

 

զ) պարունակվող ածանցյալ գործիքն իրենից ներկայացնում է ժամկետից շուտ վճարման օպցիոն, որը պարունակվում է միայն տոկոսային ստրիպում կամ միայն հիմնական գումարի ստրիպում 8*, որը`

 

---------------------

8* Ստրիպը (strip)` պարտատոմսի տրոհումն է տոկոսների և հիմնական

գումարի ստացման իրավունք տվող առանձին արժեթղթերի:

 

I. սկզբնապես ի հայտ է եկել որպես ֆինանսական գործիքի` պայմանագրով նախատեսված դրամական միջոցների հոսքեր ստանալու իրավունքի առանձնացման հետևանք, ընդ որում այդ ֆինանսական գործիքն ինքնին իր մեջ ածանցյալ գործիք չէր պարունակում, և որը

 

II. չի պարունակում որևէ պայման, որն առկա չէր սկզբնական «հիմնական» պարտքային պայմանագրում,

 

է) «հիմնական» պայմանագրի` վարձակալության պայմանագիր լինելու դեպքում պարունակվող ածանցյալ գործիքն իրենից ներկայացնում է`

 

I. սղաճի հետ կապված ինդեքսավորում, ինչպիսին է վարձավճարների ինդեքսավորումը սպառողական գների ինդեքսով (այն պայմանով, որ վարձակալության առարկան վարկավորմամբ ձեռքբերված չէ, իսկ ինդեքսը վերաբերում է միայն սղաճին այն տնտեսական միջավայրում, ուր գործում է տվյալ կազմակերպությունը),

 

II. պայմանական ռենտաներ, որոնց հիմքում ընկած են համապատասխան վաճառքները, և

 

III. պայմանական ռենտաներ, որոնց հիմքում ընկած են փոփոխվող տոկոսադրույքներ, կամ

 

ը) պարունակվող ածանցյալ գործիքի հիմքում ընկած է տոկոսադրույք կամ տոկոսադրույքների ինդեքս, որը չի փոփոխում զուտ տոկոսային վճարները, որոնք այլապես կվճարվեին «հիմնական» պայմանագրի գծով այնպես, որ տիրապետողը չի փոխհատուցի իր` գործնականում բոլոր գրանցված ներդրումները, կամ (իրենցից պարտավորություն ներկայացնող ածանցյալ գործիքների դեպքում) թողարկողը կվճարի այնպիսի դրույքով, որը երկուսից ավելի անգամ բարձր է առաջացման պահին գործող շուկայական դրույքաչափից:

 

26. Եթե սույն ստանդարտով պահանջվում է, որ կազմակերպությունը առանձնացնի պարունակվող ածանցյալ գործիքը «հիմնական» պայմանագրից, սակայն այն ի վիճակի չէ առանձին չափել պարունակվող ածանցյալ գործիքը ոչ ձեռք բերման և ոչ էլ հետագա հաշվետու ամսաթվի դրությամբ, ապա այն պետք է ողջ բաղադրյալ պայմանագիրը դիտի որպես առևտրական նպատակներով պահվող ֆինանսական գործիք:

 

Ճանաչում

Սկզբնական ճանաչում

 

27. Կազմակերպությունը ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը իր հաշվեկշռում պետք է ճանաչի այն և միայն այն դեպքում, երբ նա դառնում է գործիքի պայմանագրային կողմ (ֆինանսական ակտիվների «կարգավորվող ձևի» գնումների վերաբերյալ տես պարագրաֆ 30):

 

28. Որպես նախորդ պարագրաֆում ներկայացված սկզբունքի հետևանք, կազմակերպությունն ածանցյալ գործիքների գծով իր բոլոր պայմանագրային իրավունքները կամ պարտականություններն իր հաշվեկշռում ճանաչում է որպես ակտիվներ կամ պարտավորություններ:

 

29. Ստորև բերված են պարագրաֆ 27-ում ներկայացված սկզբունքի կիրառման որոշ օրինակներ.

 

ա) ոչ պայմանական դեբիտորական և կրեդիտորական պարտքերը ճանաչվում են որպես ակտիվներ կամ պարտավորություններ, երբ կազմակերպությունը դառնում է պայմանագրի կողմ և, որպես հետևանք, ունենում է դրամական միջոցներ ստանալու իրավաբանորեն ամրագրված իրավունք կամ վճարելու իրավական պարտականություն,

 

բ) հաշվապահական հաշվառման ներկա պրակտիկայի համաձայն` ապրանքներ կամ ծառայություններ գնելու կամ վաճառելու կայուն պարտավորվածության հետևանքով գնման ենթակա ակտիվները և կատարման ենթակա պարտավորությունները չեն ճանաչվում, քանի դեռ պայմանագրի կողմերից առնվազն մեկը, ըստ համաձայնագրի, չի իրականացնում այնպիսի մի գործողություն, որով նա ակտիվ ստանալու իրավունք է ստանում կամ պարտավորվում է փոխանցել ակտիվ: Օրինակ` կազմակերպությունը, որը ստացել է «կայուն» պատվեր, պարտավորվածությունը ստանձնելու պահին չի ճանաչում ակտիվ (իսկ պատվիրատու կազմակերպությունը չի ճանաչում պարտավորություն), այլ, ավելի շուտ, հետաձգում է ճանաչումը, քանի դեռ պատվիրված ապրանքները կամ ծառայությունները չեն բեռնվել, առաքվել կամ մատուցվել,

 

գ) այնուամենայնիվ, ի տարբերություն վերը շարադրված «բ» կետի, ֆորվարդային պայմանագիրը (ապագա որևէ ամսաթվին սահմանված գնով սահմանված ֆինանսական գործիք կամ ապրանք գնելու կամ վաճառելու պարտավորություն, որը սույն ստանդարտի քննարկման առարկա է) ավելի շուտ ճանաչվում է որպես ակտիվ կամ պարտավորություն` պարտավորվածությունը ստանձնելու ամսաթվին, քան թե ճանաչումը հետաձգվում է մինչև փակման ամսաթիվը, երբ փոխանակումը փաստացի տեղի է ունենում: Երբ կազմակերպությունը դառնում է ֆորվարդային պայմանագրի կողմ, հաշվեկշռում որպես ակտիվ կամ պարտավորություն ճանաչվում է միայն իրավունքի և պարտականության զուտ իրական արժեքը (ֆորվարդային պայմանագրի կնքման պահին հաճախ իրավունքի և պարտականության իրական արժեքները հավասար են, այսպիսով ֆորվարդային պայմանագրի զուտ իրական արժեքը հավասար է զրոյի): Այնուամենայնիվ, պայմանագրի յուրաքանչյուր կողմ ենթարկվում է գնային ռիսկի, որն այդ ամսաթվից պայմանագրի առարկա է: Նման ֆորվարդային պայմանագիրն այն պահին, երբ կազմակերպությունները դառնում են պայմանագրի կողմեր, բավարարում է պարագրաֆ 27-ում ներկայացված սկզբունքին ինչպես գնորդի, այնպես էլ վաճառողի տեսանկյունից, թեև այն այդ ամսաթվի դրությամբ կարող է ունենալ զրոյին հավասար զուտ արժեք: Պայմանագրի իրական արժեքն ապագայում կարող է դառնալ զուտ ակտիվ կամ պարտավորություն` կախված, ի թիվս այլոց, ժամանակի մեջ դրամի արժեքից և ֆորվարդի առարկա հանդիսացող հիմքում ընկած գործիքի կամ ապրանքի արժեքից,

 

դ) ֆինանսական օպցիոնը ճանաչվում է որպես ակտիվ տիրապետողի մոտ և պարտավորություն` դուրսգրողի մոտ, երբ նրանք դառնում են պայմանագրի կողմ, և

 

ե) պլանավորված ապագա գործարքները, անկախ դրանց հավանականությունից, կազմակերպության ակտիվներ կամ պարտավորություններ չեն, քանի որ կազմակերպությունը հաշվետու ամսաթվի դրությամբ չի դարձել այնպիսի պայմանագրի կողմ, որով պահանջվում է ապագա գործարքներից առաջացող ակտիվների ապագա ստացում կամ առաքում:

 

Առևտրի ամսաթիվ և վերջնահաշվարկի ամսաթիվ

 

30. Ֆինանսական ակտիվների «կարգավորվող ձևով» գնումը պետք է ճանաչվի` օգտագործելով 32 և 33 պարագրաֆներում նկարագրված ըստ առևտրի ամսաթվի հաշվառումը կամ ըստ վերջնահաշվարկի ամսաթվի հաշվառումը: Օգտագործված մեթոդը պետք է կիրառվի հետևողականորեն` պարագրաֆ 10-ում սահմանված ֆինանսական ակտիվների չորս կատեգորիաներից յուրաքանչյուրի նկատմամբ: Ֆինանսական ակտիվների «կարգավորվող ձևով» վաճառքը պետք է ճանաչվի` օգտագործելով ըստ վերջնահաշվարկի ամսաթվի հաշվառումը:

 

31. Ֆինանսական ակտիվների գնման կամ վաճառքի պայմանագիրը, որը պահանջում է ակտիվներն առաքել շուկայական առևտրի պայմաններով կամ կարգավորող օրենսդրությամբ սահմանված ժամկետներում (երբեմն կոչվում է «կարգավորվող ձևի» պայմանագիր) ֆինանսական գործիք է, ինչպես նկարագրված է սույն ստանդարտում: Առևտրի ամսաթվի և վերջնահաշվարկի ամսաթվի միջև ընկած ժամանակաշրջանում ֆիքսված գնով պարտավորվածությունը բավարարում է ածանցյալ գործիքի սահմանմանը. այն ֆորվարդային պայմանագիր է: Այնուամենայնիվ, պարտավորվածության կարճ տևողության պատճառով այսպիսի պայմանագիրը չի ճանաչվում որպես ածանցյալ ֆինանսական գործիք` ըստ սույն ստանդարտի:

 

32. Առևտրի ամսաթիվն այն ամսաթիվն է, որի դրությամբ կազմակերպությունը պարտավորվում է գնել ակտիվը: Ըստ առևտրի ամսաթվի հաշվառումը նախատեսում է ստացվելիք ակտիվի կամ վճարվելիք պարտավորության ճանաչում առևտրի ամսաթվի դրությամբ: Որպես կանոն, ակտիվի և համապատասխան պարտավորության գծով տոկոսների հաշվեգրումը սկսվում է վերջնահաշվարկի ամսաթվից ոչ շուտ, երբ փոխանցվում է սեփականության իրավունքը:

 

33. Վերջնահաշվարկի ամսաթիվը կազմակերպությանը ակտիվի առաքման ամսաթիվն է: Ըստ վերջնահաշվարկի ամսաթվի հաշվառումը նախատեսում է ակտիվի ճանաչում այն օրվա դրությամբ, երբ վերջինս փոխանցվում է կազմակերպությանը: Երբ օգտագործվում է ըստ վերջնահաշվարկի ամսաթվի հաշվառման մեթոդը, ապա կազմակերպությունը, համաձայն պարագրաֆ 106-ի, ստացվելիք ակտիվի իրական արժեքի ցանկացած փոփոխություն, որը տեղի է ունենում առևտրի ամսաթվի և վերջնահաշվարկի ամսաթվի միջև ընկած ժամանակահատվածում, կհաշվառի նույն եղանակով, որով այն կհաշվառեր ձեռք բերված ակտիվի արժեքի փոփոխությունը` համաձայն սույն ստանդարտի: Այսինքն` արժեքի փոփոխությունը չի ճանաչվում այն ակտիվների համար, որոնք հաշվառվում են սկզբնական արժեքով կամ ամորտիզացված արժեքով. ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս այն ակտիվների համար, որոնք դասակարգված են որպես առևտրական նպատակներով պահվող. ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, կամ էլ սեփական կապիտալում (որը տեղին է ըստ պարագրաֆ 103-ի) այն ակտիվների համար, որոնք դասակարգված են որպես վաճառքի համար մատչելի:

 

34. Ստորև ներկայացված օրինակը լուսաբանում է 30-33 պարագրաֆների, ինչպես նաև սույն ստանդարտի հետագա դրույթների կիրառությունը, որոնք որոշակիացնում են ֆինանսական ակտիվների տարբեր տեսակների իրական արժեքների փոփոխությունների չափումը և ճանաչումը: 20x1 թ. դեկտեմբերի 29-ին կազմակերպությունը պարտավորվում է 1.000 միավորով (ներառյալ գործարքի հետ կապված ծախսումները) գնել ֆինանսական ակտիվ, և այս գումարն իրենից ներկայացնում է պարտավորությունը ստանձնելու (առևտրի) ամսաթվի դրությամբ դրա իրական արժեքը: 20x1 թ. դեկտեմբերի 31-ին (հաշվետու տարվա վերջին) և 20x2 թ. հունվարի 4-ին (վերջնահաշվարկի ամսաթվին) ակտիվի իրական արժեքը կազմում է համապատասխանաբար 1.002 և 1.003 միավոր: Ակտիվի գծով հաշվետվություններում արտացոլման ենթակա գումարը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպես է այն դասակարգվել, և արդյոք օգտագործվում է ըստ առևտրի ամսաթվի, թե ըստ վերջնահաշվարկի ամսաթվի հաշվառման մեթոդը, ինչպես ցույց է տրված ստորև բերված երկու աղյուսակներում.

 

._________________________________________________________________________.

|                 ԸՍՏ ՎԵՐՋՆԱՀԱՇՎԱՐԿԻ ԱՄՍԱԹՎԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ                    |

|_________________________________________________________________________|

|                        |Մինչև       |Վաճառքի համար   |Առևտրական         |

|                        |մարման      |մատչելի         |նպատակներով       |

|   Մնացորդները          |ժամկետը     |ակտիվներ.       |պահվող և          |

|                        |պահվող      |վերաչափվում են  |վաճառքի համար     |

|                        |ներդրումներ.|իրական արժեքով` |մատչելի ակտիվներ. |

|                        |հաշվառվում  |դրա             |վերաչափվում են    |

|                        |են          |փոփոխությունները|իրական արժեքով`   |

|                        |ամորտիզացված|ճանաչելով       |դրա               |

|                        |արժեքով     |սեփական         |փոփոխությունները  |

|                        |            |կապիտալում      |ֆինանսական        |

|                        |            |                |արդյունքների      |

|                        |            |                |մասին             |

|                        |            |                |հաշվետվությունում |

|                        |            |                |ճանաչելով որպես   |

|                        |            |                |եկամուտ կամ ծախս  |

|________________________|____________|________________|__________________|

| 20x1 թ. դեկտեմբերի     |            |                |                  |

| 29-ին                  |            |                |                  |

|   Ֆինանսական ակտիվ     |    -       |    -           |     -            |

|   Պարտավորություն      |    -       |    -           |     -            |

|________________________|____________|________________|__________________|

| 20x1 թ. դեկտեմբերի     |            |                |                  |

| 31-ին                  |            |                |                  |

|   Դեբիտորական պարտք    |    -       |    2           |     2            |

|   Ֆինանսական ակտիվ     |    -       |    -           |     -            |

|   Պարտավորություն      |    -       |    -           |     -            |

|   Սեփական կապիտալ      |    -       |   (2)          |     -            |

|    (իրական արժեքի      |            |                |                  |

|    ճշգրտում)           |            |                |                  |

|   Չբաշխված շահույթ     |    -       |   (2)          |     -            |

|    (եկամտի կամ ծախսի   |            |                |                  |

|    միջոցով)            |            |                |                  |

|________________________|____________|________________|__________________|

| 20x2 թ. հունվարի 4-ին  |            |                |                  |

|   Դեբիտորական պարտք    |    -       |    -           |     -            |

|   Ֆինանսական ակտիվ     |            |                |                  |

|   Պարտավորություն      |   1,000    |  1,003         |   1,003          |

|   Սեփական կապիտալ      |    -       |    -           |     -            |

|    (իրական արժեքի      |            |                |                  |

|    ճշգրտում)           |            |                |                  |

|   Չբաշխված շահույթ     |    -       |   (3)          |     -            |

|    (եկամտի կամ ծախսի   |            |                |                  |

|    միջոցով)            |            |                |                  |

|                        |    -       |    -           |    (3)           |

._________________________________________________________________________.

 

._________________________________________________________________________.

|                    ԸՍՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՄՍԱԹՎԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ                        |

|_________________________________________________________________________|

|                        |Մինչև       |Վաճառքի համար   |Առևտրական         |

|                        |մարման      |մատչելի         |նպատակներով       |

|   Մնացորդները          |ժամկետը     |ակտիվներ.       |պահվող և          |

|                        |պահվող      |վերաչափվում են  |վաճառքի համար     |

|                        |ներդրումներ.|իրական արժեքով` |մատչելի ակտիվներ. |

|                        |հաշվառվում  |դրա             |վերաչափվում են    |

|                        |են          |փոփոխությունները|իրական արժեքով`   |

|                        |ամորտիզացված|ճանաչելով       |դրա               |

|                        |արժեքով     |սեփական         |փոփոխությունները  |

|                        |            |կապիտալում      |ֆինանսական        |

|                        |            |                |արդյունքների      |

|                        |            |                |մասին             |

|                        |            |                |հաշվետվությունում |

|                        |            |                |ճանաչելով որպես   |

|                        |            |                |եկամուտ կամ ծախս  |

|________________________|____________|________________|__________________|

|20x1 թ. դեկտեմբերի 29-ին|            |                |                  |

|   Ֆինանսական ակտիվ     |    1000    |      1000      |       1000       |

|   Պարտավորություն      |   (1000)   |     (1000)     |      (1000)      |

|________________________|____________|________________|__________________|

|20x1 թ. դեկտեմբերի 31-ին|            |                |                  |

|   Դեբիտորական պարտք    |     -      |       -        |        -         |

|   Ֆինանսական ակտիվ     |    1000    |      1002      |       1002       |

|   Պարտավորություն      |   (1000)   |     (1000)     |      (1000)      |

|   Սեփական կապիտալ      |     -      |       (2)      |        -         |

|    (իրական արժեքի      |            |                |                  |

|    ճշգրտում)           |            |                |                  |

|   Չբաշխված շահույթ     |     -      |        -       |       (2)        |

|    (եկամտի կամ ծախսի   |            |                |                  |

|    միջոցով)            |            |                |                  |

|________________________|____________|________________|__________________|

|20x2 թ. հունվարի 4-ին   |            |                |                  |

|   Դեբիտորական պարտք    |     -      |        -       |         -        |

|   Ֆինանսական ակտիվ     |   1,000    |      1,003     |       1,003      |

|   Պարտավորություն      |     -      |        -       |         -        |

|   Սեփական կապիտալ      |     -      |       (3)      |         -        |

|    (իրական արժեքի      |            |                |                  |

|    ճշգրտում)           |            |                |                  |

|   Չբաշխված շահույթ     |     -      |        -       |        (3)       |

|    (եկամտի կամ ծախսի   |            |                |                  |

|    միջոցով)            |            |                |                  |

._________________________________________________________________________.

 

Ապաճանաչում

Ֆինանսական ակտիվի ապաճանաչում

 

35. Կազմակերպությունը պետք է ապաճանաչի ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական ակտիվի մի մասը այն և միայն այն դեպքում, երբ կազմակերպությունը կորցնում է վերահսկողությունը պայմանագրային իրավունքների նկատմամբ, որոնք կազմում են այդ ֆինանսական ակտիվը (կամ ֆինանսական ակտիվի մի մասը): Կազմակերպությունը կորցնում է այդ վերահսկողությունը, եթե այն իրացնում է պայմանագրով սահմանված օգուտների նկատմամբ իրավունքները, իրավունքների ուժի մեջ լինելու ժամկետը լրանում է կամ կազմակերպությունը հրաժարվում է այդ իրավունքներից:

 

36. Եթե ֆինանսական ակտիվը փոխանցվում է այլ կազմակերպության, սակայն այդ փոխանցումը չի բավարարում պարագրաֆ 35-ում նշված ապաճանաչման պայմաններին, ապա, մասնավորապես ռեպո պայմանագրի դեպքում փոխանցողը գործարքը հաշվառում է որպես գրավով ապահովված փոխառություն: Այս դեպքում ակտիվը հետ գնելու փոխանցողի իրավունքն ածանցյալ գործիք չէ:

 

37. Որոշումը, թե արդյոք կազմակերպությունը կորցրել է ֆինանսական ակտիվի նկատմամբ վերահսկողությունը, թե ոչ, կախված է ինչպես տվյալ կազմակերպության, այնպես էլ ստացողի դիրքից: Հետևաբար, եթե կազմակերպություններից որևէ մեկի դիրքը ցույց է տալիս, որ փոխանցողը պահպանել է վերահսկողությունը, ապա փոխանցողը չպետք է դուրսգրի ակտիվն իր հաշվեկշռից:

 

38. Փոխանցողը չի կորցնում վերահսկողությունը փոխանցված ֆինանսական ակտիվի նկատմամբ, և, հետևաբար, ակտիվը չի ապաճանաչվում, եթե, օրինակ.

 

ա) փոխանցողն իրավունք ունի հետ գնել փոխանցված ակտիվը, բացի այն դեպքերից, երբ.

 

I. ակտիվը հեշտությամբ կարելի է ձեռք բերել շուկայում, և

 

II. հետգնման գինն իրենից ներկայացնում է հետգնման պահի դրությամբ իրական արժեքը,

 

բ) փոխանցողը և իրավունք ունի, և պարտավոր է հետ գնել փոխանցված ակտիվն այնպիսի պայմաններով, որոնք ստացողին` փոխանցված ակտիվի դիմաց ստացված ակտիվների գծով գործնականում ապահովում են փոխատուի հատույցին հավասար հատույց: Փոխատուի հատույցն այն հատույցն է, որն էականորեն չի տարբերվում այն մուտքերից, որոնք կարող էին ստացվել փոխանցողին տրամադրված փոխառությունից, որն ամբողջապես ապահովված է փոխանցված ակտիվով, կամ

 

գ) փոխանցված ակտիվը հնարավոր չէ հեշտությամբ ձեռք բերել շուկայում, և փոխանցողը պահպանել է ակտիվի սեփականության հետ կապված ըստ էության բոլոր ռիսկերը և հատույցները` ստացողի հետ կնքված ընդհանուր հատույցի սվոպի միջոցով, կամ պահպանել է ակտիվի սեփականության հետ կապված ըստ էության բոլոր ռիսկերը` ստացողի կողմից պահվող ակտիվի գծով վաճառքի օպցիոնի միջոցով (ընդհանուր հատույցի սվոպը նախատեսում է, որ կողմերից մեկը ստանում է շուկայական հատույցները և պարտքային ռիսկերը մյուս կողմին տոկոսային ինդեքսի, օրինակ, Լոնդոնյան Միջբանկային Դրույքի (LIBOR) վճարման դիմաց):

 

39. Համաձայն պարագրաֆ 38-ի «ա» կետի` փոխանցված ակտիվը չի ապաճանաչվում, եթե փոխանցողն իրավունք ունի հետ գնել ակտիվը ֆիքսված գնով, և ակտիվը հնարավոր չէ հեշտությամբ ձեռք բերել շուկայում, քանի որ պարտադիր չէ, որ ֆիքսված գինը հավասար լինի հետգնման պահին դրա իրական արժեքին: Օրինակ` մի խումբ հիփոթեքային փոխառությունների փոխանցումը, որը փոխանցողին իրավունք է տալիս այդ նույն փոխառությունները հետ գնել ֆիքսված գնով, չի հանգեցնի ապաճանաչման:

 

40. Փոխանցողը կարող է և իրավունք ունենալ, և պարտավոր լինել հետ գնել ակտիվը`

 

ա) գնման ֆորվարդային պայմանագրի միջոցով,

 

բ) պահվող գնման օպցիոնի և դուրսգրված վաճառքի օպցիոնի միջոցով, որոնց իրագործման գինը մոտավորապես նույնն է, կամ

 

գ) այլ եղանակներով:

 

Այնուամենայնիվ, ոչ գնման ֆորվարդային պայմանագիրը («ա» կետ) և ոչ էլ օպցիոնների համակցությունը (»բ» կետ) ինքնին բավարար չեն փոխանցված ակտիվի նկատմամբ վերահսկողությունը պահպանելու համար, եթե հետգնման գինն իրենից ներկայացնում է հետգնման պահին դրա իրական արժեքը:

 

41. Փոխանցողն ընդհանուր առմամբ կորցնում է փոխանցված ֆինանսական ակտիվի նկատմամբ վերահսկողությունը միայն այն դեպքում, երբ ստացողն ունի փոխանցված ակտիվից օգուտները ստանալու կարողություն: Այդ կարողությունն առկա է, օրինակ, եթե ստացողը`

 

ա) կարող է ազատ վաճառել կամ գրավ դնել փոխանցված ամբողջ ակտիվը, կամ

 

բ) հատուկ նպատակներով ստեղծված միավոր է, որի թույլատրելի գործունեության տեսակները սահմանափակ են, և հատուկ նպատակներով ստեղծված միավորն ինքնին կամ նրանում բաժնեմասերի օգտառու տնօրինողներն 9* ունեն փոխանցված ակտիվի ըստ էության բոլոր տնտեսական օգուտները ստանալու կարողություն 10*:

 

--------------------------

9* Օգտառու տնօրինողը այն անձն է, որը ստանում է սեփականությունից

օգուտները, չնայած այն բանին, որ սեփականության իրավունքը ուրիշի

անունով է:

10* Այնուամենայնիվ, նույնիսկ եթե փոխանցողն ապաճանաչել է ակտիվը, ապա

որոշ դեպքերում փոխանցողից կարող է պահանջվել համախմբել հատուկ

նպատակներով ստեղծված միավորը համաձայն ՀՀՀՀՍ 27-ի:

 

Այս կարողությունը կարող է առկա լինել նաև այլ եղանակներով:

 

42. Պարագրաֆ 38-ը և պարագրաֆ 41-ը չպետք է դիտվեն առանձին-առանձին: Օրինակ` բանկը մեկ այլ բանկի փոխանցում է փոխառություն, սակայն փոխանցող բանկի և հաճախորդի միջև հարաբերությունները պահպանելու նպատակով ձեռքբերող բանկին թույլ չի տրվում վաճառել կամ գրավ դնել այդ փոխառությունը: Չնայած վաճառելու կամ գրավ դնելու անկարողությունը ենթադրում է, որ ստացողը չի ստացել վերահսկողություն այդ փոխառության նկատմամբ, սակայն այս օրինակում փոխանցումն իրենից ներկայացնում է վաճառք` այն պայմանով, որ փոխանցողն իրավունք կամ կարողություն չունի հետ գնելու փոխանցված ակտիվը:

 

43. Ապաճանաչման ժամանակ` ա) այլ կողմին փոխանցված ակտիվի (կամ ակտիվի մի մասի) հաշվեկշռային արժեքի և բ) հետևյալ երկու մեծությունների` I. ստացված կամ ստացման ենթակա մուտքերի և II. սեփական կապիտալում ճանաչված` ակտիվի իրական արժեքն արտացոլելու համար նախկինում կատարված ճշգրտումների հանրագումարի տարբերությունը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

Գրավի հաշվառում

 

44. Եթե պարտապանը (դեբիտորը) գրավի առարկան փոխանցում է պարտատիրոջը (կրեդիտորին), և պարտատիրոջը թույլ է տրված վաճառել կամ նորից գրավ դնել այն առանց սահմանափակումների, ապա`

 

ա) պարտապանը գրավի առարկան պետք է բացահայտի այն ակտիվներից առանձին, որոնք չեն օգտագործվում որպես գրավ, և

 

բ) պարտատերը իր հաշվապահական հաշվեկշռում գրավի առարկան պետք է ճանաչի որպես ակտիվ` սկզբնապես չափված իր իրական արժեքով, և նաև պետք է ճանաչի գրավը վերադարձնելու պարտականությունը որպես պարտավորություն:

 

45. Եթե առկա են սահմանափակումներ գրավի առարկան վաճառելու կամ նորից գրավ դնելու պարտատիրոջ կարողության վրա, քանի որ պարտապանը իրավունք և կարողություն ունի հետ ստանալ գրավի առարկան ծանուցումից հետո կարճ ժամանակահատվածում, օրինակ` տրամադրելով գրավի այլ առարկա կամ դադարեցնելով պայմանագիրը, ապա պարտատերը գրավի առարկան չի ճանաչում իր հաշվապահական հաշվեկշռում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 39

(մաս 2)

 

46. Պարագրաֆ 44-ի կիրառության ցուցադրման օրինակ. Ա-ն Բ-ին փոխանցում և առաքում է որոշակի արժեթղթեր որպես գրավ, սակայն գործարքը չի բավարարում Ա-ի հաշվապահական հաշվեկշռում ապաճանաչվելու համար սահմանված պահանջներին, իսկ Բ-ն տնօրինում է գրավի առարկան և կարող է այն ազատ վաճառել կամ գրավ դնել: Այս դեպքում գրավն արտացոլելու նպատակով գրանցամատյաններում անհրաժեշտ է կատարել հետևյալ գրանցումները.

 

    Ա-ի գրանցամատյանում («փոխառու»)                     Դեբետ     Կրեդիտ

    Գրավ դրված արժեթղթեր                                  xx

         Արժեթղթեր                                                  xx

Գրավ դրված ակտիվը այլ (սահմանափակում չունեցող)

ակտիվներից առանձնացնելու համար:

 

    Դրամական միջոցներ                                     xx

         Պարտավորություն                                            xx

Փոխառությունը (որի դիմաց գրավ է տրվել) գրանցելու համար:

 

    Բ-ի գրանցամատյանում («փոխատու»)                     ԴեբԵտ     Կրեդիտ

    Որպես գրավ պահվող արժեթղթեր                           xx

         Արժեթղթերը վերադարձնելու պարտականություն                   xx

 

Բ-ի վերահսկողությունը ակտիվի նկատմամբ և Ա-ին արժեթղթերը

վերադարձնելու նրա պարտականությունը արտացոլելու համար:

 

    Դեբիտորական պարտք                                     xx

         Դրամական միջոցներ                                          xx

Գրավով ապահովված փոխառությունը գրանցելու համար:

 

Ֆինանսական ակտիվի մի մասի ապաճանաչում

 

47. Եթե կազմակերպությունը փոխանցում է ֆինանսական ակտիվի մի մասը այլ կողմերին` պահպանելով դրա մյուս մասը, ապա ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը պետք է բաշխվի պահպանված և վաճառված մասերի միջև` հիմք ընդունելով վաճառքի ամսաթվի դրությամբ դրանց հարաբերական իրական արժեքները: Շահույթը կամ վնասը պետք է ճանաչվեն` հիմք ընդունելով վաճառված մասի գծով մուտքերը: Հազվագյուտ դեպքերում, երբ պահպանված մասի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, այդ ակտիվը պետք է հաշվառվի զրոյական արժեքով: Ֆինանսական ակտիվի ամբողջ հաշվեկշռային արժեքը պետք է վերագրվի վաճառված մասին, իսկ շահույթը կամ վնասը պետք է ճանաչվի հետևյալ երկու մեծությունների` ա) մուտքերի և բ) ֆինանսական ակտիվի նախկին հաշվեկշռային արժեքին գումարած կամ հանած այդ ակտիվի իրական արժեքն արտացոլելու համար նախկինում կատարված ճշգրտումները, որոնք ճանաչվել էին սեփական կապիտալում, տարբերության չափով («ծախսումների փոխհատուցման» մոտեցում):

 

48. Պարագրաֆ 47-ի օրինակներ են`

 

ա) պարտատոմսի հիմնական գումարի և տոկոսների գծով դրամական միջոցների հոսքերի առանձնացումը և դրանց որոշ մասի վաճառքը մեկ այլ կողմին` պահպանելով մնացած մասը, և

 

բ) դեբիտորական պարտքերի պորտֆելի վաճառքը` պահպանելով դեբիտորական պարտքերը վճարի դիմաց շահութաբեր սպասարկելու իրավունքը, որը հանգեցնում է սպասարկման իրավունքի գծով ակտիվի (պարագրաֆ 50):

 

49. Պարագրաֆ 47-ի կիրառության ցուցադրման օրինակ. ենթադրենք` 100 միավոր հաշվեկշռային արժեքով դեբիտորական պարտքերը վաճառվում են 90 միավորով: Վաճառող կազմակերպությունը պահպանում է այդ դեբիտորական պարտքերը սպասարկելու իրավունքը այնպիսի վճարի դիմաց, որը ակնկալվում է, որ կգերազանցի սպասարկման ծախսումները, սակայն սպասարկման իրավունքի իրական արժեքը չի կարող արժանահավատորեն չափվել: Այդ դեպքում կճանաչվի 10 միավոր վնաս, իսկ սպասարկման իրավունքը կհաշվառվի զրոյական արժեքով:

 

50. Այս օրինակը ցուցադրում է, թե ինչպես է փոխանցողը հաշվառում վաճառքը կամ արժեթղթավորումը, երբ սպասարկման իրավունքը պահպանվում է: Կազմակերպությունը տրամադրում է 1.000 միավոր փոխառություններ, որոնց եկամտաբերությունը 10 տոկոս է, իսկ ենթադրվող ժամկետը` 9 տարի: Կազմակերպությունը 1.000 միավորի դիմաց վաճառում է հիմնական գումարի (1.000 միավոր) և 8 տոկոս տոկոսային եկամուտ ստանալու իրավունքը մեկ այլ կազմակերպության: Փոխանցողը շարունակելու է սպասարկել փոխառությունները, և պայմանագրով նախատեսվում է, որ սպասարկման դիմաց ստացվող փոխհատուցումը չվաճառված տոկոսային եկամտի կեսը (այն է` 200 բազիսային կետերից 11* 100-ը) ստանալու իրավունքն է: Չվաճառված տոկոսային եկամտի մնացած կեսը դիտարկվում է որպես տոկոսային ստրիպի գծով դեբիտորական պարտք: Փոխանցման ամսաթվի դրությամբ փոխառության իրական արժեքը, ներառյալ սպասարկումը, կազմում է 1.100 միավոր, որից 40 միավորը սպասարկման իրավունքի գծով ակտիվի իրական արժեքն է, իսկ 60 միավորը` տոկոսային ստրիպի գծով դեբիտորական պարտքի իրական արժեքը: Փոխառության 1.000 միավոր հաշվեկշռային արժեքի բաշխումը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

----------------------------

11* Բազիսային կետը պարտատոմսի, մուրհակի, փոխառության եկամտաբերության

չափման համար օգտագործվող նվազագույն միավոր է, և հավասար է տոկոսի

մեկ հարյուրերորդ մասին (0,01%):

 

Իրական Ընդհանուր Բաշխված

                                          արժեք  իրական     հաշվեկշռային

                                          ------ արժեքի մեջ արժեք        

                                                 տեսակարար

                                                 կշիռը

 

    Վաճառված փոխառություններ             1.000    91,0 %      910

    Սպասարկման իրավունքի գծով ակտիվ         40     3,6 %       36

    Տոկոսային ստրիպի գծով դեբիտորական     _60_    _5,4 %_     _54_

պարտք

    Ընդամենը                             1.100   100,0 %    1.000

 

Փոխանցողը կճանաչի փոխառության վաճառքից 90 միավոր շահույթ` 1.000 միավոր զուտ մուտքերի և 910 միավոր բաշխված հաշվեկշռային արժեքի տարբերությունը: Իր հաշվապահական հաշվեկշռում նա նաև կներկայացնի 36 միավոր սպասարկման իրավունքի գծով ակտիվ և 54 միավոր տոկոսային ստրիպի գծով դեբիտորական պարտքը: Սպասարկման իրավունքի գծով ակտիվը ոչ նյութական ակտիվ է, որը ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտի կարգավորման առարկա է:

 

Ակտիվների ապաճանաչում` զուգակցված նոր ֆինանսական ակտիվի կամ պարտավորության առաջացման հետ

 

51. Եթե կազմակերպությունը փոխանցում է ամբողջ ֆինանսական ակտիվի նկատմամբ վերահսկողությունը, սակայն դրանով հանդերձ ստեղծում է նոր ֆինանսական ակտիվ կամ ստանձնում է նոր ֆինանսական պարտավորություն, ապա կազմակերպությունը պետք է ճանաչի այդ նոր ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը իրական արժեքով և պետք է ճանաչի գործարքից շահույթը կամ վնասը` հիմք ընդունելով հետևյալ երկու մեծությունների տարբերությունը.

 

ա) մուտքերը և

 

բ) վաճառված ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքին գումարած ստանձնած նոր ֆինանսական պարտավորությունների իրական արժեքը, հանած նոր ձեռքբերված ֆինանսական ակտիվների իրական արժեքը և գումարած կամ հանած այդ ակտիվի իրական արժեքն արտացոլելու համար նախկինում կատարված ճշգրտումները, որոնք ճանաչվել էին սեփական կապիտալում:

 

52. Պարագրաֆ 51-ի օրինակներ են`

 

ա) դեբիտորական պարտքերի պորտֆելի վաճառքը` այդ դեբիտորական պարտքերի գնորդին փոխհատուցելու պարտականության միաժամանակյա ստանձնմամբ, եթե հավաքագրելիությունը ցածր լինի սահմանված մակարդակից,

 

բ) դեբիտորական պարտքերի պորտֆելի վաճառքը` այդ դեբիտորական պարտքերը սահմանված վճարի դիմաց սպասարկելու պարտականության միաժամանակյա պահպանմամբ, ընդ որում ստացման ենթակա վճարը ավելի փոքր է, քան սպասարկման ծախսումները, որն էլ հանգեցնում է սպասարկման պարտականության գծով պարտավորության:

 

53. Ստորև բերված օրինակը ցուցադրում է պարագրաֆ 51-ի կիրառությունը: Ա-ն Բ-ին փոխանցում է որոշակի դեբիտորական պարտքեր դրամական միջոցներով միանվագ, ֆիքսված վճարի դիմաց: Ա-ն պարտավորված չէ Բ-ից ստացված դրամական միջոցների դիմաց կատարելու ապագա տոկոսային վճարումներ: Այնուամենայնիվ, Ա-ն, որոշված գումարի սահմաններում, երաշխավորում է Բ-ին այդ դեբիտորական պարտքերի չվճարումից կորուստների փոխհատուցման գծով: Երաշխավորված գումարը գերազանցող փաստացի կորուստները կրելու է Բ-ն: Այս գործարքի արդյունքում Ա-ն կորցրել է դեբիտորական պարտքերի նկատմամբ վերահսկողությունը, իսկ Բ-ն` ստացել: Այժմ Բ-ն ունի դեբիտորական պարտքերին ներհատուկ դրամական միջոցներ ստանալու պայմանագրային իրավունք, ինչպես նաև Ա-ի կողմից տրամադրված երաշխավորությունը: Համաձայն պարագրաֆ 51-ի.

 

ա) Բ-ն իր հաշվապահական հաշվեկշռում ճանաչում է դեբիտորական պարտքերը, իսկ Ա-ն դուրս է գրում այդ դեբիտորական պարտքերը իր հաշվապահական հաշվեկշռից, քանի որ դրանք վաճառված են Բ-ին, և

 

բ) երաշխավորությունը դիտվում է որպես առանձին ֆինանսական գործիք, որն ստեղծվել է փոխանցման արդյունքում և պետք է ճանաչվի որպես ֆինանսական պարտավորություն Ա-ի կողմից ու որպես ֆինանսական ակտիվ Բ-ի կողմից: Գործնական նկատառումներով Բ-ն կարող է երաշխավորության գծով ակտիվը ներառել դեբիտորական պարտքերում:

 

54. Հազվագյուտ դեպքերում, երբ նոր ֆինանսական ակտիվի կամ նոր ֆինանսական պարտավորության իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, ապա`

 

ա) եթե ստեղծվում է նոր ֆինանսական ակտիվ, որը, սակայն, չի կարող արժանահավատորեն չափվել` դրա սկզբնական հաշվեկշռային արժեքը պետք է լինի զրո, իսկ շահույթը կամ վնասը պետք է ճանաչվի հետևյալ երկու մեծությունների տարբերության չափով.

 

I. մուտքեր և

 

II. ապաճանաչված ֆինանսական ակտիվի նախկին հաշվեկշռային արժեքին գումարած կամ հանած այդ ակտիվի իրական արժեքն արտացոլելու համար նախկինում կատարված ճշգրտումները, որոնք ճանաչվել էին սեփական կապիտալում, և

 

բ) եթե ստանձնվում է նոր ֆինանսական պարտավորություն, որը, սակայն, չի կարող արժանահավատորեն չափվել` դրա սկզբնական հաշվեկշռային արժեքը պետք է լինի այնպիսին, որ այդ գործարքի գծով որևէ շահույթ չճանաչվի, իսկ, եթե ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ, պայմանական ակտիվներ» ստանդարտը պահանջում է պահուստի ճանաչում` պետք է ճանաչվի վնաս:

 

Պարագրաֆներ 95-102-ում ներկայացված են ցուցումներ այն բանի վերաբերյալ, թե երբ է հնարավոր արժանահավատորեն չափել իրական արժեքը:

 

55. Պարագրաֆ 54-ի «բ» կետի լուսաբանում. հաշվեկշռային արժեքը գերազանցող մուտքերը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում չեն ճանաչվում որպես եկամուտ կամ ծախս: Փոխարենը դրանք հաշվեկշռում ներկայացվում են որպես պարտավորություն:

 

56. Եթե սույն ստանդարտի ներքո երաշխավորությունը ճանաչվում է որպես պարտավորություն, ապա մինչև դրա ժամկետի լրանալը այն շարունակում է ճանաչվել որպես երաշխավորողի պարտավորություն` չափվելով իր իրական արժեքով (կամ սկզբնապես գրանցված գումարից և ՀՀՀՀՍ 37-ով պահանջվող ցանկացած պահուստի գումարից առավելագույնի չափով, եթե իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել): Եթե երաշխավորությունը ընդգրկում է միավորների մեծ բազմություն, ապա այն պետք է չափվի` կշռելով բոլոր հնարավոր արդյունքները դրանց համապատասխան հավանականություններով:

 

Ֆինանսական պարտավորության ապաճանաչում

 

57. Կազմակերպությունը պետք է իր հաշվապահական հաշվեկշռից դուրս գրի ֆինանսական պարտավորությունը (կամ ֆինանսական պարտավորության մի մասը) այն և միայն այն դեպքում, երբ այն մարվում է, այսինքն` երբ պայմանագրով սահմանված պարտականությունը կատարվել է, չեղյալ է համարվել կամ լրացել է դրա ուժի մեջ լինելու ժամկետը:

 

58. Պարագրաֆ 57-ում նշված պայմանը բավարարվում է, եթե`

 

ա) պարտապանը պարտավորությունը կատարում է պարտատիրոջը վճարելու միջոցով` սովորաբար դրամական միջոցներով, այլ ֆինանսական ակտիվներով, ապրանքներով կամ ծառայություններով, կամ

 

բ) պարտապանը դատական կարգով կամ պարտատիրոջ կողմից իրավաբանորեն ազատվել է պարտավորության (կամ դրա մի մասի) գծով սկզբնական պատասխանատվությունից (այն փաստը, որ պարտապանը կարող է երաշխավորություն տրամադրած լինել, պարտադիր չէ, որ նշանակի, թե այս պայմանը բավարարված չէ):

 

59. Եթե պարտականության դադարելը իրավաբանորեն ձևակերպված չէ, ապա վճարումը երրորդ կողմին, ներառյալ տրաստը (երբեմն կոչվում է պարտավորությունների մարման (հաշվանցման) լիազորագրային կառավարման հիմնադրամ), պարտապանին ինքնին չի ազատում պարտատիրոջ նկատմամբ սկզբնական պարտականությունից:

 

60. Չնայած պարտականության դադարելու իրավաբանորեն ձևակերպված լինելը (դատական կարգով կամ պարտատիրոջ կողմից) կհանգեցնի պարտավորության ապաճանաչմանը, կազմակերպությունը կարող է ստիպված լինի ճանաչել նոր պարտավորություն, եթե բավարարված չեն 35-57 պարագրաֆներում ներկայացված ապաճանաչման չափանիշները` փոխանցված ոչ դրամական ֆինանսական ակտիվների համար: Եթե նշված չափանիշները չեն բավարարվում, ապա փոխանցված ակտիվները դուրս չեն գրվում փոխանցողի հաշվապահական հաշվեկշռից, և փոխանցողը ճանաչում է փոխանցված ակտիվներին վերաբերող նոր պարտավորություն, որը կարող է հավասար լինել ապաճանաչված պարտավորությանը:

 

61. Փոխառուի և փոխատուի միջև պարտքային գործիքների փոխանակումը, որոնց պայմանները էականորեն տարբերվում են միմյանցից, իրենից ներկայացնում է հին պարտքի մարում, որը պետք է հանգեցնի այդ պարտքի ապաճանաչմանը և նոր պարտքային գործիքի ճանաչմանը: Նմանապես, գոյություն ունեցող պարտքային գործիքի պայմանների էական փոփոխությունը (անկախ նրանից, թե դա կատարվել է պարտապանի ֆինանսական դժվարությունների կամ այլ պատճառներով) պետք է հաշվառվի որպես հին պարտքի մարում:

 

62. Պարագրաֆ 61-ի նպատակով` պայմանները համարվում են էականորեն տարբեր, եթե նոր պայմանների համաձայն առաջացող դրամական միջոցների հոսքերի (ներառյալ գործիքի պայմանների փոփոխության հետ կապված վճարված և ստացված վճարների միջև տարբերությունը) զեղչված (ներկա) արժեքը առնվազն 10 տոկոսով տարբերվում է սկզբնական պարտքային գործիքի դրամական միջոցների մնացած հոսքերի զեղչված (ներկա) արժեքից: Եթե պարտքային գործիքների փոխանակումը կամ պայմանների փոփոխությունը հաշվառվում է որպես պարտքի մարում, ապա կատարված բոլոր ծախսումները կամ վճարները ճանաչվում են որպես պարտքի մարման գծով շահույթի կամ վնասի մի մաս: Եթե փոխանակումը կամ փոփոխությունը չեն հաշվառվում որպես պարտքի մարում, ապա կատարված բոլոր ծախսումները կամ վճարները իրենցից ներկայացնում են պարտավորության հաշվեկշռային արժեքի ճշգրտում և ամորտիզացվում են փոփոխված փոխառության մնացած ժամկետի ընթացքում:

 

63. Մարված կամ այլ կողմին փոխանցված պարտավորության (կամ պարտավորության մի մասի) հաշվեկշռային արժեքի` ներառյալ դրան վերաբերող չամորտիզացված ծախսումները, և դրա համար վճարված գումարի միջև տարբերությունը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

64. Որոշ դեպքերում պարտատերը պարտապանին ազատում է վճարումներ կատարելու ներկա պարտականությունից, սակայն պարտապանը ստանձնում է վճարումներ կատարելու պարտականություն, եթե վճարումներ կատարելու սկզբնական պատասխանատվությունը ստանձնած կողմը չի կատարում վճարումները: Այս դեպքում պարտապանը`

 

ա) ճանաչում է նոր ֆինանսական պարտավորություն` հիմք ընդունելով երաշխավորության գծով իր պարտականության իրական արժեքը, և

 

բ) ճանաչում է շահույթ կամ վնաս` հիմք ընդունելով հետևյալ երկու մեծությունների` I. պարտատիրոջը կատարված բոլոր մարումների և II. սկզբնական ֆինանսական պարտավորության հաշվեկշռային արժեքից (ներառյալ բոլոր համապատասխան չամորտիզացված ծախսումները) հանած նոր ֆինանսական պարտավորության իրական արժեքը, տարբերությունը:

 

Ֆինանսական պարտավորության մի մասի ապաճանաչում.

ֆինանսական պարտավորության ապաճանաչում` զուգակցված նոր ֆինանսական ակտիվի կամ պարտավորության առաջացման հետ

 

65. Եթե կազմակերպությունը փոխանցում է ֆինանսական պարտավորության մի մասը այլ կողմերին` պահպանելով դրա մյուս մասը, կամ եթե կազմակերպությունը փոխանցում է ամբողջ ֆինանսական պարտավորությունը` դրանով հանդերձ ստեղծելով նոր ֆինանսական ակտիվ կամ ստանձնելով նոր ֆինանսական պարտավորություն, ապա կազմակերպությունը պետք է այդ գործարքը հաշվառի 47-56 պարագրաֆներում ներկայացված եղանակին համանման:

 

ՉԱՓՈՒՄ

Ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների սկզբնական չափում

 

66. Ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը սկզբնական ճանաչման ժամանակ պետք է չափվեն իրենց սկզբնական արժեքով, որն իրենից ներկայացնում է դրա դիմաց տրված (ակտիվի դեպքում) կամ ստացված (պարտավորության դեպքում) փոխհատուցման իրական արժեքը: Գործարքի հետ կապված ծախսումները ներառվում են ֆինանսական ակտիվների և պարտավորությունների սկզբնական չափման մեջ:

 

67. Տրված կամ ստացված փոխհատուցման իրական արժեքը սովորաբար հնարավոր է որոշել գործարքի գնի կամ այլ շուկայական գների հիման վրա: Եթե շուկայական գները հնարավոր չէ արժանահավատորեն որոշել, ապա փոխհատուցման իրական արժեքը գնահատվում է որպես դրամական միջոցների բոլոր ապագա վճարումների կամ մուտքերի հանրագումար, որը, եթե զեղչման ազդեցությունն էական է, զեղչվում է` օգտագործելով համանման վարկունակություն ունեցող թողարկողի կողմից թողարկված համանման գործիքի (համանման` ըստ արժույթի, ժամկետի, տոկոսադրույքի մեծության և այլ գործոնների) համար գերիշխող շուկայական տոկոսադրույքը (տոկոսադրույքները) (տես ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտի պարագրաֆ 10): Որպես պարագրաֆ 66-ի բացառություն` պարագրաֆ 160-ով պահանջվում է, որ որոշ դեպքերում հեջավորումից շահույթները և վնասները ներառվեն որպես համապատասխան հեջավորված ակտիվի արժեքի սկզբնական չափման մաս:

 

Ֆինանսական ակտիվների հետագա չափում

 

68. Սկզբնական ճանաչումից հետո ֆինանսական ակտիվի չափման նպատակով սույն ստանդարտով ֆինանսական ակտիվները դասակարգվում են չորս կատեգորիաների մեջ.

 

ա) կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր, որոնք չեն պահվում առևտրական նպատակներով,

 

բ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ,

 

գ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ, և

 

դ) առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ:

 

69. Սկզբնական ճանաչումից հետո ֆինանսական ակտիվները, ներառյալ իրենցից ակտիվ ներկայացնող ածանցյալ գործիքները, պետք է չափվեն դրանց իրական արժեքով` առանց նվազեցնելու գործարքի հետ կապված ծախսումները, որոնք կարող են կատարվել վաճառքի կամ այլ ձևով օտարման ժամանակ, բացառությամբ ֆինանսական ակտիվների հետևյալ կատեգորիաների, որոնք պետք է չափվեն համաձայն պարագրաֆ 73-ի.

 

ա) կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր, որոնք չեն պահվում առևտրական նպատակներով,

 

բ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ, և

 

գ) ցանկացած ֆինանսական ակտիվ, որը գործող շուկայում չունի գնանշված շուկայական գին և որի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել (տես պարագրաֆ 70):

 

Ֆինանսական ակտիվները, որոնք նախատեսված են որպես հեջավորված հոդվածներ, ենթակա են չափման` համաձայն սույն ստանդարտի 121-165 պարագրաֆներում ներկայացված հեջի հաշվապահական հաշվառման դրույթների:

 

70. Ենթադրվում է, որ իրական արժեքը կարող է արժանահավատորեն որոշվել այն ակտիվների մեծ մասի համար, որոնք դասակարգվել են որպես վաճառքի համար մատչելի կամ առևտրական նպատակներով պահվող: Այնուամենայնիվ, այդ ենթադրությունը կարող է չգործել սեփական կապիտալի գործիքում ներդրման դեպքում (ներառյալ այն ներդրումը, որն ըստ էության սեփական կապիտալի գործիք է, տես պարագրաֆ 71), որը գործող շուկայում չունի գնանշված շուկայական գին և որի իրական արժեքը խելամտորեն գնահատելու այլ մեթոդները ակնհայտորեն տեղին չեն կամ կիրառելի չեն: Այս ենթադրությունը կարող է չգործել նաև այնպիսի ածանցյալ գործիքի դեպքում, որը կապված է սեփական կապիտալի չգնանշվող գործիքի հետ և պետք է մարվի դրա առաքման միջոցով: 95-102 պարագրաֆներում բերված են ցուցումներ իրական արժեքի գնահատման վերաբերյալ:

 

71. Իրենից ըստ էության սեփական կապիտալի գործիք ներկայացնող ներդրման օրինակ են սահմանված մարման ժամկետ չունեցող հատուկ մասնակցության իրավունքները, որոնց հատույցը կապված է կազմակերպության գործունեության արդյունքների հետ:

 

72. Եթե պահանջվում է, որ ֆինանսական ակտիվը չափվի իրական արժեքով, և դրա իրական արժեքը զրոյից փոքր է, ապա այն հաշվառվում է որպես ֆինանսական պարտավորություն` ինչպես ներկայացված է պարագրաֆ 93-ում:

 

73. Այն ֆինանսական ակտիվները, որոնց նկատմամբ, համաձայն պարագրաֆ 69-ի, չի կիրառվում իրական արժեքով գնահատումը և որոնք ունեն ֆիքսված մարման ժամկետ, պետք է չափվեն ամորտիզացված արժեքով` կիրառելով արդյունավետ տոկոսադրույքի մեթոդը: Այն ֆինանսական ակտիվները, որոնք չունեն ֆիքսված մարման ժամկետ, պետք է չափվեն սկզբնական արժեքով: Բոլոր ֆինանսական ակտիվների արժեզրկված լինելը ենթակա է ստուգման` ինչպես շարադրված է 109-119 պարագրաֆներում:

 

74. Կարճ տևողությամբ դեբիտորական պարտքերը, որոնց համար չկա սահմանված տոկոսադրույք, սովորաբար չափվում են սկզբնական հաշվում նշված գումարով, բացառությամբ այն դեպքերի, երբ ենթադրվող (ներքին) տոկոսադրույքի ազդեցությունը զգալի կլինի:

 

75. Կազմակերպության կողմից տրամադրված փոխառությունները և դեբիտորական պարտքերը, որոնք չեն պահվում առևտրական նպատակներով, չափվում են ամորտիզացված արժեքով` անկախ կազմակերպության` դրանք մինչև մարման ժամկետը պահելու մտադրությունից:

 

76. Լողացող դրույքով ֆինանսական գործիքների համար դրամական միջոցների որոշելի հոսքերի պարբերական վերահաշվարկումը, որը կատարվում է տոկոսի շուկայական դրույքների փոփոխություններն արտացոլելու նպատակով, փոփոխում է դրամային ֆինանսական ակտիվի արդյունավետ եկամտաբերությունը: Դրամական միջոցների հոսքերի այսպիսի փոփոխությունները ճանաչվում են ակտիվի մնացած ժամկետի ընթացքում կամ մինչև ակտիվի տոկոսադրույքի հաջորդ վերանայման ամսաթիվը, եթե այդ վերանայումը կատարվում է շուկայական դրույքին համապատասխան: Լողացող դրույքով ֆինանսական ակտիվի դեպքում, որը սկզբնապես ճանաչվել է մարման ժամանակ վճարվելիք հիմնական գումարին հավասար գումարով, ապագա տոկոսային վճարումների վերահաշվարկումը սովորաբար չունի զգալի ազդեցություն ակտիվի հաշվեկշռային արժեքի վրա:

 

77. Հետևյալ օրինակը ցուցադրում է, թե գործարքի հետ կապված ծախսումները ինչպես են կապված առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվի սկզբնական և հետագա չափման հետ: Ակտիվը ձեռք է բերվում 100 միավորով` գումարած 2 միավոր կոմիսիոն վարձատրություն: Սկզբնապես այն գրանցվում է 102 միավորով: Հաջորդ հաշվետու ամսաթվի դրությամբ ակտիվի գնանշված շուկայական գինը մնում է 100 միավոր: Եթե ակտիվը վաճառվեր, ապա կվճարվեր 3 միավոր կոմիսիոն վարձատրություն: Այս դեպքում ակտիվը չափվում է 100 միավորով (առանց հաշվի առնելու վաճառքի դեպքում հնարավոր կոմիսիոն վարձատրությունը), և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է 2 միավոր կորուստ:

 

78. Կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 21-ը այն ֆինանսական ակտիվների նկատմամբ, որոնք, համաձայն ՀՀՀՀՍ 21-ի, իրենցից ներկայացնում են դրամային հոդվածներ, և որոնք արտահայտված են արտարժույթով: Համաձայն ՀՀՀՀՍ 21-ի` դրամային ակտիվների գծով արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացող շահույթները և վնասները ճանաչվում են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Բացառություն է կազմում այն դրամային հոդվածը, որը նախատեսված է որպես դրամական միջոցների հոսքերի հեջավորման գործիք (տես 120-164 պարագրաֆներ): Այսպիսի դրամային հոդվածի իրական արժեքի ցանկացած ճանաչված փոփոխություն, բացառությամբ արտարժույթի փոխարժեքային տարբերություններից շահույթների և վնասների, հաշվառվում է համաձայն պարագրաֆ 103-ի: Ինչ վերաբերում է այն ֆինանսական ակտիվներին, որոնք, համաձայն ՀՀՀՀՍ 21-ի, դրամային հոդվածներ չեն (օրինակ` սեփական կապիտալի գործիքներ), ապա դրանց իրական արժեքի ցանկացած ճանաչված փոփոխություն, ներառյալ այն փոփոխությունները, որոնք կարող են կապված լինել արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետ, հաշվառվում է համաձայն պարագրաֆ 103-ի: Սույն ստանդարտի հեջի հաշվապահական հաշվառման դրույթների համաձայն (պարագրաֆներ 121-165)` եթե ոչ ածանցյալ դրամային ակտիվի և ոչ ածանցյալ դրամային պարտավորության միջև գոյություն ունի հեջավորման փոխհարաբերություն, ապա այդ ֆինանսական գործիքների իրական արժեքների փոփոխությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են որպես եկամուտ կամ ծախս:

 

Մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ

 

79. Կազմակերպությունը հաստատապես մտադրված չէ ֆիքսված մարման ժամկետով ֆինանսական ակտիվում ներդրումը պահել մինչև դրա մարման ժամկետը, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

 

ա) կազմակերպությունը մտադրություն ունի պահել ֆինանսական ակտիվը միայն անորոշ ժամանակաշրջանի համար,

 

բ) կազմակերպությունը պատրաստ է վաճառել ֆինանսական ակտիվը (բացի այն դեպքերից, երբ առաջանում է բացառիկ իրավիճակ, որը չէր կարող խելամտորեն կանխատեսվել կազմակերպության կողմից)` ի պատասխան շուկայական տոկոսադրույքների կամ ռիսկերի փոփոխությունների, իրացվելիության կարիքների, այլընտրանքային ներդրումների մատչելիության և շահութաբերության փոփոխությունների, ֆինանսավորման աղբյուրների և պայմանների փոփոխությունների կամ արտարժութային ռիսկի փոփոխությունների, կամ

 

գ) թողարկողն իրավունք ունի մարել ֆինանսական ակտիվը դրա ամորտիզացված արժեքից զգալիորեն ցածր գումարով:

 

80. Փոփոխական տոկոսադրույքով պարտքային արժեթուղթը կարող է բավարարել մինչև մարման ժամկետը պահվող ներդրման չափանիշներին: Բաժնային արժեթղթերի մեծ մասը չեն կարող լինել մինչև մարման ժամկետը պահվող այն պատճառով, որ դրանց մարման ժամկետը անհայտ է (օրինակ` սովորական բաժնետոմսեր), կամ որովհետև այն գումարները, որոնք կարող է ստանալ դրանց տիրապետողը, կարող են անկանխատեսելի ձևով փոփոխվել (օրինակ` բաժնետոմսերի օպցիոնները, վարանտները և րայթերը): Ինչ վերաբերում է մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներին, ապա ֆիքսված կամ որոշելի վճարումները և ֆիքսված մարման ժամկետը նշանակում են պայմանագրային համաձայնության առկայություն, որը սահմանում է տիրապետողին կատարվելիք այնպիսի վճարումների գումարները և ժամկետները, ինչպիսին են պարտքի գծով տոկոսների և հիմնական գումարի վճարումները:

 

81. Ֆինանսական ակտիվը, որը թողարկողի կողմից կարող է հետ գնվել (մարվել), բավարարում է մինչև մարման ժամկետը պահվող ներդրման չափանիշներին, եթե տիրապետողը մտադիր է և ի վիճակի է պահել այն մինչև դրա հետ գնվելը կամ մինչև դրա մարման ժամկետը, և եթե տիրապետողը կփոխհատուցի դրա ըստ էության ողջ հաշվեկշռային արժեքը: Գնման օպցիոնը իրագործման դեպքում պարզապես մոտեցնում է ակտիվի մարման ժամկետը: Այնուամենայնիվ, եթե ֆինանսական ակտիվը կարող է հետ գնվել (մարվել) այնպես, որ դրա տիրապետողը չի փոխհատուցի դրա ըստ էության ողջ հաշվեկշռային արժեքը, ապա ֆինանսական ակտիվը չի դասակարգվում որպես մինչև մարման ժամկետը պահվող: Որոշելիս, թե արդյոք հաշվեկշռային արժեքը ըստ էության փոխհատուցվելու է, թե ոչ, կազմակերպությունը դիտարկում է բոլոր վճարված հավելավճարները և գործարքի հետ կապված կապիտալացված ծախսումները:

 

82. Ժամկետից շուտ մարման իրավունքով ֆինանսական ակտիվը (տիրապետողն իրավունք ունի պահանջել, որ թողարկողը հետ գնի կամ մարի ֆինանսական ակտիվը մինչև դրա մարման ժամկետը) դասակարգվում է որպես մինչև մարման ժամկետը պահվող ներդրում միայն այն դեպքում, եթե տիրապետողը հաստատապես մտադրված է և հնարավորություն ունի պահել այն մինչև դրա մարման ժամկետը և չիրագործել ժամկետից շուտ մարման իրավունքը:

 

83. Կազմակերպությունը չպետք է դասակարգի ֆինանսական ակտիվները որպես մինչև մարման ժամկետը պահվող, եթե որպես այդպիսին դասակարգված ֆինանսական ակտիվների գումարը, որոնք ընթացիկ հաշվետու տարվա կամ նախորդ երկու հաշվետու տարիների ընթացքում կազմակերպության կողմից վաճառվել կամ վերադասակարգվել են, կամ որոնց գծով իրագործվել է վաճառքի օպցիոն մինչև դրանց մարման ժամկետը, էական է` համեմատած մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների ողջ պորտֆելի հետ, բացառությամբ, երբ.

 

ա) վաճառքները տեղի են ունեցել մարման ժամկետին կամ հետգնման իրավունքի իրագործման ամսաթվին բավականաչափ մոտ` այնպես, որ շուկայական տոկոսադրույքների փոփոխությունները զգալի ազդեցություն չեն թողել ֆինանսական ակտիվների իրական արժեքի վրա,

 

բ) վաճառքները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ կազմակերպությունը սահմանված ժամանակացույցի համաձայն կամ սահմանված ժամկետներից շուտ կատարված վճարումների միջոցով արդեն ստացել էր ֆինանսական ակտիվների ըստ էության ողջ սկզբնական հիմնական գումարը, կամ

 

գ) վաճառքները տեղի են ունեցել առանձին բացառիկ դեպքի արդյունքում, որը կազմակերպության հսկողությունից դուրս է և որը չէր կարող խելամտորեն կանխատեսվել կազմակերպության կողմից:

 

90-92 պարագրաֆները անդրադառնում են իրական արժեքով հաշվառումից ամորտիզացված արժեքով հաշվառմանը, ինչպես նաև ամորտիզացված արժեքով հաշվառումից իրական արժեքով հաշվառմանը անցնելու խնդիրներին:

 

84. Համաձայն սույն ստանդարտի` ֆինանսական ակտիվների մեծամասնության համար իրական արժեքով չափումը ավելի տեղին է, քան ամորտիզացված արժեքով չափումը: Որպես մինչև մարման ժամկետը պահվող դասակարգվածները կազմում են բացառություն, բայց միայն այն դեպքում, եթե կազմակերպությունը հաստատապես մտադրված է և հնարավորություն ունի պահել այս ներդրումները մինչև դրանց մարման ժամկետը: Եթե կազմակերպության գործողությունները կասկածի տակ են դնում նրա` ներդրումները մինչև մարման ժամկետը պահելու մտադրությունը և հնարավորությունը, ապա, համաձայն պարագրաֆ 83-ի, նշված բացառությունը դադարում է գործել խելամիտ ժամանակահատվածի ընթացքում:

 

85. Այնպիսի չնախատեսված դեպքերը, որոնց հանդես գալու հավանականությունը ծայրահեղ փոքր է (օրինակ` բանկի ավանդատուները միանգամից հանում են իրենց ներդրումները այդ բանկից, կամ նմանօրինակ իրավիճակ է տեղի ունենում ապահովագրական ընկերությունում), չպետք է հաշվի առնվեն կազմակերպության կողմից ներդրումները մինչև դրանց մարման ժամկետը պահելու հաստատապես մտադրված լինելը և հնարավորություն ունենալը որոշելիս:

 

86. Անհրաժեշտ չէ, որ կազմակերպությունը վերադասակարգի մինչև մարման ժամկետը պահվող իր այլ ներդրումները (տես պարագրաֆ 83), եթե վաճառքները հետևանք են`

 

ա) թողարկողի վճարունակության զգալի անկման,

 

բ) հարկային օրենսդրության փոփոխության, որը վերացնում կամ զգալիորեն կրճատում է մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների գծով տոկոսների ազատումը հարկերից (սակայն հարկային օրենսդրության ոչ այն փոփոխությունների, որոնց համաձայն վերանայվում են տոկոսային եկամուտների նկատմամբ կիրառվող հարկերի սահմանային դրույքները),

 

գ) ձեռնարկատիրական գործունեության խոշոր միավորման կամ խոշոր օտարումների (օրինակ` սեգմենտի վաճառքը), որոնք անհրաժեշտ են դարձնում մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների վաճառքը կամ փոխանցումը, որի նպատակն է պահպանել կազմակերպության` տոկոսադրույքի ռիսկի գծով առկա դիրքը կամ պարտքային ռիսկի քաղաքականությունը (թեև ձեռնարկատիրական գործունեության միավորումն ինքնին կազմակերպության վերահսկողության տակ գտնվող դեպք է, իսկ տոկոսադրույքի ռիսկի գծով դիրքի կամ պարտքային ռիսկի քաղաքականության պահպանման նպատակով իր ներդրումային պորտֆելում կատարվող փոփոխությունները ավելի շուտ ստեղծված իրավիճակից տրամաբանորեն հետևում են, քան նախօրոք ակնկալվում),

 

դ) օրենսդրության կամ կանոնակարգող պահանջների փոփոխության, որը զգալիորեն փոփոխում է թույլատրելի ներդրումները կամ ներդրումների որոշակի տեսակների առավելագույն մակարդակը` դրանով իսկ պատճառ դառնալով, որ կազմակերպությունը օտարի մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները,

 

ե) կանոնակարգող մարմնի կողմից տվյալ ճյուղի կազմակերպությունների կապիտալի նկատմամբ պահանջների զգալի խստացման, որը պատճառ է դառնում, որ կազմակերպությունը նվազեցնի մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները` վաճառելու միջոցով, կամ

 

զ) մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների` ռիսկով կշռման գործակիցների զգալի աճի, որոնք օգտագործվում են կապիտալի նորմատիվների որոշման նպատակներով:

 

87. Կազմակերպությունը չունի ֆիքսված մարման ժամկետով ֆինանսական ակտիվներում ներդրումը մինչև մարման ժամկետը պահելու ցուցադրելի հնարավորություն, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

 

ա) կազմակերպությունը չունի մատչելի ֆինանսական միջոցներ` շարունակելու համար այդ ներդրման ֆինանսավորումը մինչև դրա մարման ժամկետը, կամ

 

բ) կազմակերպությունը ենթակա է գործող իրավական կամ այլ սահմանափակման, որը կարող է խախտել նրա` ֆինանսական ակտիվը մինչև մարման ժամկետը պահելու մտադրությունը (այնուամենայնիվ, թողարկողի գնման օպցիոնը պարտադիր չէ, որ խախտի ֆինանսական ակտիվը մինչև մարման ժամկետը պահելու կազմակերպության մտադրությունը. տես պարագրաֆ 81):

 

88. Բացի 79-87 պարագրաֆներում նկարագրված հանգամանքներից, կարող են լինել այլ հանգամանքներ, որոնք ցույց են տալիս, որ կազմակերպությունը հաստատապես մտադրված չէ կամ հնարավորություն չունի ֆինանսական ակտիվը պահել մինչև մարման ժամկետը:

 

89. Կազմակերպությունը գնահատում է ներդրումները մինչև մարման ժամկետը պահելու իր մտադրությունը և հնարավորությունը ոչ միայն այն պահին, երբ այդ ֆինանսական ակտիվները սկզբնապես ձեռք են բերվում, այլև յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ:

 

90. Եթե մտադրության կամ հնարավորության փոփոխության հետևանքով այլևս տեղին չէ մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները հաշվառել ամորտիզացված արժեքով, ապա դրանք պետք է վերաչափվեն իրական արժեքով, իսկ հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի միջև տարբերությունը պետք է հաշվառվի համաձայն պարագրաֆ 103-ի:

 

91. Նմանապես, եթե հնարավոր է դառնում արժանահավատորեն չափել ֆինանսական ակտիվի իրական արժեքը, որի արժանահավատ չափումը նախկինում անհնար էր, ապա ակտիվը պետք է վերաչափվի իրական արժեքով, իսկ հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի միջև տարբերությունը պետք է հաշվառվի համաձայն պարագրաֆ 103-ի:

 

92. Եթե մտադրության կամ հնարավորության փոփոխության հետևանքով կամ այն հազվագյուտ հանգամանքներում, երբ իրական արժեքի արժանահավատ չափումը այլևս անհնար է, կամ պարագրաֆ 83-ում նշված «նախորդ երկու ֆինանսական տարիների» անցած լինելու պատճառով տեղին է դառնում ֆինանսական ակտիվը հաշվառել ամորտիզացված արժեքով, այլ ոչ թե իրական արժեքով, ապա այդ ամսաթվի դրությամբ ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը, որն էլ այդ ամսաթվի դրությամբ իրական արժեքն է, դառնում է դրա նոր ամորտիզացված արժեքը: Այդ ակտիվի գծով նախկինում համաձայն պարագրաֆ 103-ի ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված շահույթը կամ վնասը պետք է հաշվառվի հետևյալ կերպ.

 

ա) ֆիքսված մարման ժամկետով ֆինանսական ակտիվի դեպքում այդ ակտիվի գծով ուղղակիորեն սեփական կապիտալում նախկինում ճանաչված շահույթը կամ վնասը պետք է ամորտիզացվի եկամուտներին (ծախսերին) մինչև մարման ժամկետը պահվող ներդրման մնացած ժամկետի ընթացքում: Նոր ամորտիզացված արժեքի և մարման ենթակա գումարի միջև ցանկացած տարբերություն պետք է ամորտիզացվի ֆինանսական ակտիվի մնացած ժամկետի ընթացքում որպես եկամտի ճշգրտում` հավելավճարի կամ զեղչի ամորտիզացիային համանման, և

 

բ) ֆիքսված մարման ժամկետ չունեցող ֆինանսական ակտիվի դեպքում այդ ակտիվի գծով ուղղակիորեն սեփական կապիտալում նախկինում ճանաչված շահույթը կամ վնասը, պետք է մնա սեփական կապիտալում մինչև ֆինանսական ակտիվի վաճառքը կամ այլ ձևով օտարումը, իսկ այդ պահին էլ այն պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

Ֆինանսական պարտավորությունների հետագա չափում

 

93. Սկզբնական ճանաչումից հետո բոլոր ֆինանսական պարտավորությունները, բացառությամբ առևտրական նպատակներով պահվող պարտավորությունների և իրենցից պարտավորություն ներկայացնող ածանցյալ գործիքների, պետք է չափվեն ամորտիզացված արժեքով: Սկզբնական ճանաչումից հետո առևտրական նպատակներով պահվող պարտավորությունները և իրենցից պարտավորություն ներկայացնող ածանցյալ գործիքները պետք է չափվեն իրական արժեքով, բացի այն ածանցյալ պարտավորություններից, որոնք կապված են սեփական կապիտալի չգնանշվող գործիքի հետ և պետք է մարվեն դրա առաքման միջոցով, ընդ որում այդ գործիքի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել: Այսպիսի ածանցյալ պարտավորությունները պետք է չափվեն սկզբնական արժեքով: Ֆինանսական պարտավորությունները, որոնք նախատեսված են որպես հեջավորված հոդվածներ, ենթակա են չափման` համաձայն սույն ստանդարտի 120-164 պարագրաֆներում ներկայացված հեջի հաշվապահական հաշվառման դրույթների:

 

94. Կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 21-ը այն ֆինանսական պարտավորությունների նկատմամբ, որոնք, համաձայն ՀՀՀՀՍ 21-ի, իրենցից ներկայացնում են դրամային հոդվածներ, և որոնք արտահայտված են արտարժույթով: Համաձայն ՀՀՀՀՍ 21-ի` դրամային պարտավորությունների գծով արտարժույթի փոխարժեքային տարբերություններից առաջացող շահույթները կամ վնասները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են որպես եկամուտ կամ ծախս: Բացառություն է կազմում այն դրամային հոդվածը, որը նախատեսված է որպես դրամական միջոցների հոսքերի հեջավորման գործիք (տես 120-164 պարագրաֆներ): Այսպիսի դրամային հոդվածի իրական արժեքի ցանկացած ճանաչված փոփոխություն, բացառությամբ արտարժույթի փոխարժեքային տարբերություններից շահույթների և վնասների, հաշվառվում է համաձայն պարագրաֆ 103-ի: Ինչ վերաբերում է այն ֆինանսական պարտավորություններին, որոնք, համաձայն ՀՀՀՀՍ 21-ի, դրամային հոդվածներ չեն (օրինակ` կազմակերպության կողմից թողարկված արտոնյալ բաժնետոմսերը, որոնք պարտադիր ենթակա են մարման), ապա դրանց իրական արժեքի ցանկացած ճանաչված փոփոխություն, ներառյալ այն փոփոխությունները, որոնք կարող են կապված լինել արտարժույթի փոխարժեքային տարբերությունների հետ, հաշվառվում է համաձայն պարագրաֆ 103-ի: Սույն ստանդարտի հեջի հաշվապահական հաշվառման դրույթների համաձայն (պարագրաֆներ 120-164)` եթե ոչ ածանցյալ դրամային ակտիվի և ոչ ածանցյալ դրամային պարտավորության միջև գոյություն ունի հեջավորման փոխհարաբերություն, ապա այդ ֆինանսական գործիքների իրական արժեքների փոփոխությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են որպես եկամուտ կամ ծախս:

 

Իրական արժեքով չափման նկատառումներ

 

95. Ֆինանսական գործիքի իրական արժեքը արժանահավատորեն չափելի է, եթե`

 

ա) տիրույթը, որի մեջ ընկած են իրական արժեքի խելամիտ գնահատականները, այդ ֆինանսական գործիքի համար նշանակալի չէ, կամ

 

բ) այդ տիրույթում ընկած տարբեր գնահատականների հավանականությունները հնարավոր է արժանահավատորեն գնահատել և օգտագործել իրական արժեքը գնահատելիս:

 

Հաճախ կազմակերպությունն ի վիճակի կլինի կատարել ֆինանսական գործիքի իրական արժեքի գնահատում, որը բավականաչափ արժանահավատ է ֆինանսական հաշվետվություններում օգտագործվելու համար: Սակայն երբեմն էլ տիրույթը, որի մեջ ընկած են իրական արժեքի խելամիտ գնահատականները, այնքան մեծ է լինում, և տարբեր արդյունքների հավանականությունն այնքան դժվար է լինում գնահատել, որ իրական արժեքի միանշանակ գնահատականի օգտակարությունը հավասարվում է զրոյի:

 

96. Իրավիճակները, որոնց ժամանակ իրական արժեքը արժանահավատորեն չափելի է, ներառում են.

 

ա) ֆինանսական գործիքի համար գոյություն ունի արժեթղթերի գործող շուկա, որտեղ այդ ֆինանսական գործիքի գնանշումը հրապարակվում է,

 

բ) պարտքային գործիքը (դրա թողարկողը) ունի անկախ վարկանիշային գործակալության կողմից տրված վարկանիշ, և դրա դրամական միջոցների հոսքերը հնարավոր է արժանահավատորեն գնահատել, և

 

գ) ֆինանսական գործիքի համար գոյություն ունի արժեքի որոշման ընդունելի մոդել, որի համար անհրաժեշտ ելակետային տվյալները հնարավոր է արժանահավատորեն գնահատել, քանի որ այդ տվյալները ստացվում են գործող շուկայից:

 

97. Ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության իրական արժեքը կարող է որոշվել մի քանի համընդհանուր ընդունված մեթոդներից մեկով: Արժեքի որոշման տեխնիկան պետք է հիմնված լինի այն ենթադրությունների վրա, որոնք կօգտագործվեին շուկայի մասնակիցների կողմից իրական արժեքը գնահատելիս, ներառյալ վճարման պայմանները և ժամանակացույցը, պարտքերի գնահատված կորուստների չափի (տոկոսային արտահայտությամբ), տոկոսադրույքների կամ զեղչման դրույքների վերաբերյալ ենթադրությունները: Պարագրաֆ 167-ի «ա» կետով պահանջվում է բացահայտել իրական արժեքները գնահատելիս կիրառված մեթոդները և կարևոր ենթադրությունները:

 

98. Իրական արժեքի որոշման հիմքում ընկած է այն ենթադրությունը, որ կազմակերպությունը անընդհատ գործելու է, և այն չունի լուծարվելու, իր գործունեության ծավալները էապես կրճատելու կամ անբարենպաստ պայմաններով գործարք իրականացնելու մտադրություն կամ անհրաժեշտություն: Հետևաբար, իրական արժեքը այն գումարը չէ, որը կազմակերպությունը կստանար կամ կվճարեր պարտադրված գործարքի, ստիպողական լուծարման կամ պարտքի բռնագանձման նպատակով վերգրված գույքի վաճառքի ընթացքում: Այնուամենայնիվ, իր ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների իրական արժեքները որոշելիս կազմակերպությունը հաշվի է առնում ընթացիկ հանգամանքները: Օրինակ` այն ֆինանսական ակտիվի իրական արժեքը, որը կազմակերպությունը որոշել է ամենամոտ ապագայում վաճառել դրամական միջոցների դիմաց, որոշվում է այն գումարի չափով, որը ակնկալվում է ստանալ այդ վաճառքից: Այդ վաճառքից ստացման ենթակա դրամական միջոցների գումարի վրա կազդեն այնպիսի գործոններ, ինչպիսիք են այդ ակտիվի ընթացիկ իրացվելիությունը և շուկայի տարողունակությունը:

 

99. Գործող շուկայում հրապարակվող գնանշումների գոյությունը սովորաբար իրական արժեքի լավագույն վկայությունն է: Պահվող ակտիվի կամ թողարկման ենթակա պարտավորության համար նպատակահարմար գնանշվող շուկայական գինը սովորաբար ընթացիկ առքի գինն է, մինչդեռ ձեռք բերման ենթակա ակտիվի կամ պահվող պարտավորության համար այդ գինը ընթացիկ վաճառքի գինն է: Երբ ընթացիկ առքի գինը կամ վաճառքի գինը մատչելի չեն, ապա որպես ընթացիկ իրական արժեքի վկայություն կարող է հանդես գալ ամենավերջին գործարքի գինը` այն պայմանով, որ գործարքի ամսաթվի և հաշվետու ամսաթվի միջև տնտեսական պայմանների զգալի փոփոխություն տեղի չի ունեցել: Երբ ակտիվների և պարտավորությունների գծով կազմակերպության դիրքերը միմյանց համապատասխանում են, ապա իրական արժեքի որոշման համար կարող է տեղին լինել միջին շուկայական գնի օգտագործումը:

 

100. Եթե ֆինանսական գործիքի շուկան ակտիվորեն գործող շուկա չէ, ապա իրական արժեքը արժանահավատորեն չափելու նպատակով կարող է անհրաժեշտ լինի ճշգրտել հրապարակված գնանշումները: Եթե շուկայի ակտիվությունը ցածր է, շուկան լավ կազմակերպված չէ (օրինակ` որոշ արտաբորսայական շուկաներ) կամ շրջանառվում են փոքր ծավալներ` համեմատած գնահատման ենթակա ֆինանսական գործիքի ընդհանուր շրջանառվող միավորների քանակի հետ, ապա գնանշվող շուկայական գները կարող են չհամապատասխանել գործիքի իրական արժեքին: Որոշ դեպքերում, երբ շրջանառվող ծավալները համեմատաբար փոքր են, ավելի մեծ խմբաքանակի գնանշումը կարելի է ստանալ տվյալ գործիքի շուկա ստեղծողից (մարքեթ մեյքերից): Այլ հանգամանքներում, ինչպես նաև երբ գնանշված շուկայական գները մատչելի չեն, սույն ստանդարտի պահանջները բավարարելու նպատակով իրական արժեքները բավականաչափ արժանահավատորեն որոշելու համար կարող են կիրառվել գնահատման այլ տեխնիկաներ: Ֆինանսական շուկաներում արդեն արմատավորված տեխնիկաներից են` համեմատությունը մեկ այլ` ըստ էության նույն գործիքի ընթացիկ շուկայական արժեքի հետ, դրամական միջոցների զեղչված հոսքերի վերլուծությունը և օպցիոնի գնորոշման մոդելները: Դրամական միջոցների զեղչված հոսքերի վերլուծությունը կիրառելիս կազմակերպությունն օգտագործում է զեղչման այն դրույքը (դրույքները), որը (որոնք) հավասար է (են) այնպիսի ֆինանսական գործիքների համար գերիշխող հատույցադրույքին, որոնց պայմանները և բնութագրերը ըստ էության նույնն են, ներառյալ` պարտապանի (դեբիտորի) վճարունակությունը, մնացած ժամկետը, որի ընթացքում պայմանագրային տոկոսադրույքը ֆիքսված է, հիմնական գումարի մարմանը մնացած ժամկետը, ինչպես նաև այն արժույթը, որով պետք է կատարվեն վճարումները:

 

101. Եթե ֆինանսական գործիքի` որպես մեկ ամբողջության համար շուկայական գին գոյություն չունի, սակայն շուկա գոյություն ունի դրա բաղկացուցիչ մասերի համար, ապա իրական արժեքը կազմավորվում է համապատասխան շուկայական գների հիման վրա: Եթե տվյալ ֆինանսական գործիքի համար շուկա գոյություն չունի, սակայն շուկա գոյություն ունի համանման ֆինանսական գործիքի համար, ապա իրական արժեքը կազմավորվում է համանման ֆինանսական գործիքի շուկայական գնի հիման վրա:

 

102. Ի լրումն 95-101 պարագրաֆներում թվարկվածների, գոյություն ունեն շատ իրավիճակներ, որոնցում տիրույթը, որում ընկած են իրական արժեքի խելամիտ գնահատականները, հավանաբար զգալի չի լինի: Սովորաբար հնարավոր է գնահատել այն ֆինանսական ակտիվի իրական արժեքը, որը կազմակերպությունը ձեռք է բերել այլ կողմից: Հավանական չէ, որ կազմակերպությունը գնի ֆինանսական գործիք` չակնկալելով, որ ձեռքբերումից հետո նա ի վիճակի կլինի արժանահավատորեն գնահատել դրա իրական արժեքը: ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում նշված է. «Ձեռնարկատիրական գործունեությանը հատուկ անորոշությունների հետևանքով, ֆինանսական հաշվետվությունների բազմաթիվ հոդվածներ չեն կարող ճշգրիտ չափվել, այլ կարող են միայն գնահատվել... Խելամիտ գնահատումների կիրառումը ֆինանսական հաշվետվությունների կազմման կարևորագույն մասն է և չի խաթարում դրանց արժանահավատությունը»:

 

Իրական արժեքով վերաչափումից շահույթներ կամ վնասներ

 

103. Հեջավորման փոխհարաբերության մաս չկազմող (տես 120-164 պարագրաֆներ) ֆինանսական ակտիվի կամ ֆինանսական պարտավորության իրական արժեքի փոփոխության հետևանքով առաջացող ճանաչված շահույթը կամ վնասը պետք է ներկայացվի հետևյալ կերպ.

 

ա) առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվի կամ պարտավորության գծով շահույթը կամ վնասը պետք է ճանաչվի այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, որի ընթացքում այն ի հայտ է եկել (այս առումով, ածանցյալ գործիքը պետք է միշտ դիտվի որպես առևտրական նպատակներով պահվող, բացառությամբ այն դեպքերի, երբ այն նախատեսված է որպես հեջավորման գործիք. տես պարագրաֆ 121),

 

բ) վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվի գծով շահույթը կամ վնասը պետք է.

 

I. ճանաչվի այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, որի ընթացքում այն առաջացել է, կամ

 

II. սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում ճանաչվի ուղղակիորեն սեփական կապիտալում (տես ՀՀՀՀՍ 1 «Ֆինանսական հաշվետվությունների ներկայացում» ստանդարտի 81-84 պարագրաֆներ), մինչև այն պահը, երբ նշված ֆինանսական ակտիվը վաճառվում է, մարվում է կամ այլ ձևով օտարվում է, կամ երբ ֆինանսական ակտիվը որոշվում է որպես արժեզրկված (տես 117-119 պարագրաֆներ): Այդ պահին կուտակված շահույթը կամ վնասը, որը նախկինում ճանաչվել էր սեփական կապիտալում, պետք է ճանաչվի հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

104. Կազմակերպությունը, որպես հաշվապահական հաշվառման իր քաղաքականություն, պետք է ընտրի 103 պարագրաֆի «բ» կետի I ենթակետը կամ 103 պարագրաֆի «բ» կետի II ենթակետը և կիրառի այդ քաղաքականությունը վաճառքի համար մատչելի բոլոր ֆինանսական ակտիվների նկատմամբ (բացառությամբ հեջերի. տես պարագրաֆ 120):

 

105. ՀՀՀՀՍ 8-ով ամրագրվում է, որ հաշվապահական հաշվառման քաղաքականության կամավոր փոփոխություն պետք է կատարվի միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունը նպաստում է կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում տնտեսական գործունեության դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը: Չափազանց անհավանական է, որ այդ պայմանը տեղի ունենա պարագրաֆ 103-ի «բ» կետի I ենթակետում նշված մոտեցումից II ենթակետում նշված մոտեցմանն անցնելու դեպքում:

 

106. Եթե կազմակերպությունը ֆինանսական ակտիվների գնումը հաշվառում է` օգտագործելով ըստ վերջնահաշվարկի ամսաթվի մեթոդը (տես պարագրաֆ 30), ապա առևտրի ամսաթվի և վերջնահաշվարկի ամսաթվի միջև ստացման ենթակա ֆինանսական ակտիվի իրական արժեքի ցանկացած փոփոխություն չի ճանաչվում (բացառությամբ արժեզրկումից կորուստների) այն ակտիվների համար, որոնք հաշվառվում են սկզբնական արժեքով կամ ամորտիզացված արժեքով: Այնուամենայնիվ, այն ակտիվների համար, որոնք վերաչափվում են իրական արժեքով, իրական արժեքի փոփոխությունը պետք է ճանաչվի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, կամ էլ սեփական կապիտալում` պարագրաֆ 103-ի համաձայն:

 

107. Քանի որ ֆինանսական ակտիվը որպես առևտրական նպատակներով պահվող նախատեսելու հիմքում ընկած է դրա սկզբնապես ձեռքբերման նպատակը, հետևաբար, քանի դեռ դրանք պահվում են կազմակերպության կողմից, այն չպետք է իր այդ ֆինանսական ակտիվները, որոնք վերաչափվում են իրական արժեքով, վերադասակարգի ֆինանսական ակտիվների այլ կատեգորիաներում: Կազմակերպությունը իր ֆինանսական ակտիվը պետք է վերադասակարգի առևտրական նպատակներով պահվող կատեգորիայի մեջ միայն այն դեպքում, երբ առկա է վկայություն կարճաժամկետ շահույթ ստանալու փաստացի և արդիական ուղիների վերաբերյալ, որն էլ նման վերադասակարգման հիմք է հանդիսանում (տես պարագրաֆ 21):

 

Իրական արժեքով չվերաչափվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների գծով շահույթներ կամ վնասներ

 

108. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և ֆինանսական պարտավորությունների (պարագրաֆներ 73 և 93) գծով շահույթը կամ վնասը ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս, երբ այդ ֆինանսական ակտիվը կամ պարտավորությունը ապաճանաչվում կամ արժեզրկվում է, ինչպես նաև ամորտիզացիայի հաշվարկման միջոցով: Այնուամենայնիվ, եթե այդ ֆինանսական ակտիվների կամ պարտավորությունների (հեջավորված հոդված) և հեջավորման գործիքի միջև գոյություն ունի հեջավորման փոխհարաբերություն` ինչպես նկարագրված է 120-151 պարագրաֆներում, ապա շահույթի կամ վնասի հաշվառումը պետք է իրականացվի` համաձայն 152-163 պարագրաֆների:

 

Ֆինանսական ակտիվների արժեզրկում և անհավաքագրելիություն

 

109. Ֆինանսական ակտիվն արժեզրկված է, երբ դրա հաշվեկշռային արժեքը ավելի մեծ է, քան գնահատված փոխհատուցվող գումարը: Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը պետք է գնահատի, թե արդյոք առկա է որևէ անկողմնակալ վկայություն, ըստ որի ֆինանսական ակտիվը կամ ակտիվների խումբը կարող է արժեզրկված լինել: Եթե որևէ նման վկայություն գոյություն ունի, ապա կազմակերպությունը պետք է գնահատի այդ ակտիվի կամ ակտիվների խմբի փոխհատուցվող գումարը և, եթե առկա է արժեզրկումից կորուստ, ճանաչի այն` համաձայն պարագրաֆ 111-ի (ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների համար) կամ պարագրաֆ 117-ի (իրական արժեքով վերաչափվող ֆինանսական ակտիվների համար):

 

110. Անկողմնակալ վկայությունը, ըստ որի ֆինանսական ակտիվը կամ ակտիվների խումբն արժեզրկված է կամ անհավաքագրելի է, ներառում է ակտիվի տիրապետողին հայտնի դարձած հետևյալ տեղեկատվությունը.

 

ա) թողարկողի նշանակալի ֆինանսական դժվարությունները,

 

բ) պայմանագրի փաստացի խախտումը, օրինակ` տոկոսների կամ հիմնական գումարի չվճարումը կամ վճարման ուշացումը,

 

գ) փոխառուի ֆինանսական դժվարությունների հետ կապված տնտեսական կամ իրավական պատճառներով փոխատուի կողմից փոխառուին արտոնյալ պայմանների տրամադրումը, որն այլ պայմաններում փոխատուի կողմից չէր կատարվի,

 

դ) թողարկողի սնանկացման կամ այլ ֆինանսական վերակազմակերպման բարձր հավանականությունը,

 

ե) նախորդ հաշվետու ժամանակաշրջանում այդ ակտիվի գծով արժեզրկումից կորստի ճանաչումը,

 

զ) ֆինանսական դժվարությունների հետևանքով այդ ֆինանսական ակտիվի համար գործող շուկայի վերանալը, կամ

 

է) դեբիտորական պարտքերի հավաքագրման նախկին փորձի վերլուծությունը, որը ցույց է տալիս, որ դեբիտորական պարտքերի պորտֆելի ամբողջ անվանական գումարը չի հավաքագրվելու:

 

Կազմակերպության արժեթղթերի այլևս հրապարակայնորեն չշրջանառվելու արդյունքում գործող շուկայի վերանալը ինքնին արժեզրկման վկայություն չէ: Կազմակերպության վարկունակության անկումը ինքնին արժեզրկման վկայություն չէ, թեև այն կարող է արժեզրկման վկայություն լինել, երբ դիտարկվում է այլ մատչելի տեղեկատվության հետ միասին:

 

Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվներ

 

111. Եթե հավանական է, որ կազմակերպությունն ի վիճակի չի լինի հավաքագրել ամորտիզացված արժեքով հաշվառվող փոխառությունների, դեբիտորական պարտքերի կամ մինչև մարման ժամկետը պահվող ներդրումների բոլոր գումարները (հիմնական գումարը և տոկոսները)` համաձայն պայմանագրային դրույթների, ապա առկա է արժեզրկումից կամ անհուսալի պարտքերի գծով կորուստ: Կորստի գումարն իրենից ներկայացնում է ակտիվի հաշվեկշռային արժեքի և այդ ֆինանսական գործիքի սկզբնական արդյունավետ տոկոսադրույքով զեղչված դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի ներկա արժեքի (փոխհատուցվող գումար) միջև տարբերությունը: Կարճաժամկետ դեբիտորական պարտքերի հետ կապված դրամական միջոցների հոսքերը սովորաբար չեն զեղչվում (տես պարագրաֆ 74): Ակտիվի հաշվեկշռային արժեքը պետք է նվազեցվի մինչև դրա գնահատված փոխհատուցվող գումարը` կամ ուղղակիորեն, կամ էլ կարգավորող հաշիվների օգտագործման միջոցով: Կորստի գումարը պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվի որպես տվյալ ժամանակաշրջանի ծախս:

 

112. Արժեզրկումը և անհավաքագրելիությունը կարող են չափվել և ճանաչվել առանձին ֆինանսական ակտիվների համար, որոնք առանձին վերցված զգալի են: Համանման ֆինանսական ակտիվների խմբի համար արժեզրկումը և անհավաքագրելիությունը կարող են չափվել և ճանաչվել պորտֆելի հիմունքով:

 

113. Ամորտիզացված արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվի արժեզրկումը չափվում է ֆինանսական գործիքի սկզբնական արդյունավետ տոկոսադրույքի կիրառմամբ, քանի որ ընթացիկ շուկայական տոկոսադրույքով զեղչումը փաստորեն կնշանակեր, որ այդ ֆինանսական ակտիվները չափվում են իրական արժեքով, այնինչ, սույն ստանդարտի համաձայն, դրանք պետք է չափվեն ամորտիզացված արժեքով: Եթե փոխառությունը, դեբիտորական պարտքը կամ մինչև մարման ժամկետը պահվող ներդրումն ունի փոփոխական տոկոսադրույք, ապա պարագրաֆ 111-ի համաձայն փոխհատուցվող գումարը չափելիս` որպես զեղչման դրույք օգտագործվում է պայմանագրի համաձայն որոշված ընթացիկ արդյունավետ տոկոսադրույքը (տոկոսադրույքները): Փոխհատուցվող գումարի չափման վերը նշված եղանակի փոխարեն փոխատուն կարող է արժեզրկումը չափել այդ գործիքի իրական արժեքի հիման վրա` օգտագործելով առկա շուկայական գինը: Գրավով ապահովված փոխառության դեպքում, եթե հավանական է, որ այդ փոխառությունը չի մարվելու և գրավի առարկան չի վերադարձվելու, ապա փոխատուն արժեզրկումը չափում է գրավի իրական արժեքի հիման վրա:

 

114. Եթե հետագա ժամանակաշրջանում արժեզրկումից կորուստը կամ անհուսալի պարտքի գծով կորուստը նվազում է, և այդ նվազումը օբյեկտիվորեն կարելի է կապել արժեքի իջեցումից հետո տեղի ունեցած դեպքի հետ (օրինակ` պարտապանի վարկունակության բարելավում), ապա ֆինանսական ակտիվի արժեքի իջեցումը պետք է հակադարձվի` կամ ուղղակիորեն, կամ կարգավորող հաշիվների ճշգրտման միջոցով: Հակադարձումը չպետք է հանգեցնի ֆինանսական ակտիվի այնպիսի հաշվեկշռային արժեքի, որը գերազանցում է այն ամորտիզացված արժեքը, որը կլիներ, եթե այդ ֆինանսական ակտիվի արժեքի իջեցման հակադարձման ամսաթվի դրությամբ արժեզրկումը ճանաչված չլիներ: Հակադարձման գումարը պետք է ճանաչվի հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

115. Յուրաքանչյուր հաշվետու ամսաթվի դրությամբ կազմակերպությունը, հիմնվելով դրամական միջոցների ակնկալվող զուտ ներհոսքերի վերլուծության վրա, արժեզրկման հայտանիշների առկայության դեպքում պետք է ստուգի այն ֆինանսական ակտիվների արժեզրկված լինելը, որոնք չեն հաշվառվում իրական արժեքով, քանի որ դրանց իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել (տես պարագրաֆ 69-ի «գ» կետ): Եթե առկա է արժեզրկման հայտանիշ, ապա այդ ֆինանսական ակտիվի գծով արժեզրկումից կորստի գումարը դրա հաշվեկշռային արժեքի և այդ ակտիվից ակնկալվող դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի ներկա արժեքի (փոխհատուցվող գումար) միջև տարբերությունն է, ընդ որում զեղչելիս օգտագործվում է համանման ֆինանսական ակտիվի ընթացիկ շուկայական տոկոսադրույքը:

 

Արժեզրկման ճանաչումից հետո առաջացող տոկոսային եկամուտ

 

116. Այն պահից, երբ ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը նվազեցվել է մինչև դրա գնահատված փոխհատուցվող գումարը, տոկոսային եկամուտն այնուհետև ճանաչվում է` հիմք ընդունելով փոխհատուցվող գումարը չափելու նպատակով դրամական միջոցների ապագա հոսքերը զեղչելիս օգտագործված տոկոսադրույքը: Բացի այդ, արժեզրկումից կորստի սկզբնական ճանաչումից հետո կազմակերպությունը պետք է հետագա հաշվետու ամսաթվերի դրությամբ ստուգի այդ ակտիվի հետագա արժեզրկված լինելը (տես պարագրաֆ 110-ի «ե» կետ): ՀՀՀՀՍ 18-ի պարագրաֆ 29-ում տեղ են գտել չարժեզրկված ֆինանսական ակտիվների գծով տոկոսային եկամտի ճանաչման վերաբերյալ ցուցումներ:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 39

 

Իրական արժեքով վերաչափվող ֆինանսական ակտիվներ

 

117. Եթե իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվի գծով ճանաչվել է վնաս (փոխհատուցվող գումարը ցածր է սկզբնական ձեռքբերման արժեքից) ուղղակիորեն սեփական կապիտալում պարագրաֆ 103-ի «բ» կետի II ենթակետի համաձայն, և առկա է օբյեկտիվ վկայություն (տես պարագրաֆ 110), որ ակտիվն արժեզրկված է, ապա կուտակված զուտ վնասը, որը ճանաչվել էր ուղղակիորեն սեփական կապիտալում, պետք է հանվի սեփական կապիտալից և ճանաչվի հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում` նույնիսկ եթե այդ ֆինանսական ակտիվը չի ապաճանաչվել:

 

118. Վնասի գումարը, որը պետք է հանվի սեփական կապիտալից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվի որպես ծախս, իրենից ներկայացնում է ձեռքբերման արժեքի (հանած հիմնական գումարի մարումները և ամորտիզացիան (այսինքն` այն մեծությունը, որը կստացվեր, եթե կազմակերպությունը ֆինանսական ակտիվը չհաշվառեր իրական արժեքով)) և ընթացիկ իրական արժեքի (սեփական կապիտալի գործիքների համար) կամ փոխհատուցվող գումարի (պարտքային գործիքների համար) միջև տարբերությունը` հանած այդ ակտիվի գծով արժեզրկումից ցանկացած կորուստ, որը նախկինում ճանաչվել էր ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Իրական արժեքով վերաչափվող պարտքային գործիքի փոխհատուցվող գումարն իրենից ներկայացնում է դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի ներկա արժեքը` զեղչված համանման ֆինանսական ակտիվի ընթացիկ շուկայական տոկոսադրույքով:

 

119. Եթե հետագա ժամանակաշրջանում իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվի իրական արժեքը կամ փոխհատուցվող գումարը աճում է, և այդ աճը օբյեկտիվորեն կարելի է կապել կորստի ճանաչումից հետո տեղի ունեցած դեպքի հետ, ապա կորուստը պետք է հակադարձվի` հակադարձման գումարը ճանաչելով տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

Հեջավորում

 

120. Եթե հեջավորման գործիքի և համապատասխան հեջավորվող հոդվածի միջև գոյություն ունի հեջավորման փոխհարաբերություն` ինչպես նկարագրված է 121-151 պարագրաֆներում, ապա շահույթի կամ վնասի հաշվառումը պետք է իրականացվի 152-163 պարագրաֆների համաձայն:

 

Հեջավորման գործիքներ

 

121. Սույն ստանդարտով չեն սահմանափակվում այն հանգամանքները, որոնցում ածանցյալ գործիքը հեջի հաշվապահական հաշվառման նպատակներով կարող է նախատեսվել որպես հեջավորման գործիք, եթե բավարարված են պարագրաֆ 141-ի պայմանները, բացառությամբ որոշակի դուրսգրված օպցիոնների (տես պարագրաֆ 123): Այնուամենայնիվ, ոչ ածանցյալ ֆինանսական ակտիվը կամ պարտավորությունը հեջի հաշվապահական հաշվառման նպատակներով կարող է նախատեսվել որպես հեջավորման գործիք միայն արտարժութային ռիսկի հեջի դեպքում: Նման սահմանափակման պատճառը ածանցյալ և ոչ ածանցյալ գործիքների չափման հիմունքների տարբերությունն է: Սույն ստանդարտի համաձայն` ածանցյալ գործիքները միշտ դիտվում են որպես առևտրական կամ հեջավորման նպատակներով պահվող և, հետևաբար, վերաչափվում են (բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք կապված են սեփական կապիտալի չգնանշվող գործիքի հետ և պետք է մարվեն դրա առաքման միջոցով, ընդ որում այդ գործիքի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել) իրական արժեքով` իրական արժեքի փոփոխությունները ճանաչելով ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, կամ էլ սեփական կապիտալում, եթե այդ գործիքը դրամական միջոցների հոսքերի հեջ է: Մյուս կողմից, ոչ ածանցյալ գործիքները երբեմն չափվում են իրական արժեքով` իրական արժեքի փոփոխությունները ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչելով որպես եկամուտ կամ ծախս, երբեմն չափվում են իրական արժեքով` դրա փոփոխությունները ներառելով սեփական կապիտալում, իսկ երբեմն էլ չափվում են ամորտիզացված արժեքով: Եթե թույլատրվեր ոչ ածանցյալ գործիքները նախատեսել որպես հեջավորման գործիքներ ոչ սահմանափակ հանգամանքներում, ապա դա կհանգեցներ չափման անհետևողականության:

 

122. Կազմակերպության բաժնային արժեթղթերը ֆինանսական ակտիվներ կամ ֆինանսական պարտավորություններ չեն և, հետևաբար, հեջավորման գործիքներ չեն:

 

123. Հեջավորումը ներառում է հեջավորման գործիքի և հեջավորված հոդվածի իրական արժեքի կամ դրանց վերագրելի դրամական միջոցների հոսքերի փոփոխություններից եկամուտների համամասնական հաշվանցում: Կազմակերպության կողմից դուրսգրված օպցիոնի գծով պոտենցիալ վնասը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քան համապատասխան հեջավորված հոդվածի արժեքի գծով պոտենցիալ շահույթը: Այսպիսով, դուրսգրված օպցիոնը արդյունավետ չէ զուտ շահույթի կամ վնասի գծով ռիսկին ենթարկվածության նվազեցման առումով: Հետևաբար, դուրսգրված օպցիոնը հեջավորման գործիք չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ այն նախատեսված է գնված օպցիոնի փոխհատուցման (հաշվանցման) համար, ներառյալ մեկ այլ ֆինանսական գործիքում պարունակվող օպցիոնը, օրինակ` դուրսգրված օպցիոնը օգտագործվում է հետգնման (մարման) իրավունքով պարտքի հեջի համար: Ի տարբերություն դրա, գնված օպցիոնի գծով պոտենցիալ շահույթները հավասար են կամ ավելի մեծ են, քան ձեռքբերման արժեքը, և հետևաբար, ունեն իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխություններից շահույթի կամ վնասի գծով ռիսկին ենթարկվածությունը նվազեցնելու պոտենցիալ: Հետևաբար, այն կարող է որակվել որպես հեջավորման գործիք:

 

124. Ամորտիզացված արժեքով հաշվառվող` մինչև մարման ժամկետը պահվող ներդրումները կարող են լինել արդյունավետ հեջավորման գործիքներ` կապված արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների ռիսկերի հետ:

 

125. Ֆինանսական ակտիվը կամ ֆինանսական պարտավորությունը, որի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, չի կարող լինել հեջավորման գործիք, բացառությամբ այն ոչ ածանցյալ գործիքի`

 

ա) որը արտահայտված է արտարժույթով,

 

բ) որը նախատեսված է արտարժութային ռիսկի հեջավորման նպատակով, և

 

գ) որի արտարժութային բաղադրիչը հնարավոր է արժանահավատորեն չափել:

 

Հեջավորված հոդվածներ

 

126. Հեջավորված հոդվածը կարող է լինել ճանաչված ակտիվ կամ պարտավորություն, չճանաչված կայուն պարտավորվածություն կամ ակնկալվող ապագա գործարք, որի հետ կապված պարտավորվածություն կազմակերպությունը չունի, սակայն այն մեծապես հավանական է («կանխատեսված գործարք»): Հեջավորված հոդվածը կարող է լինել`

 

ա) առանձին ակտիվ, պարտավորություն, կայուն պարտավորվածություն կամ կանխատեսված գործարք, կամ

 

բ) ակտիվների, պարտավորությունների, կայուն պարտավորվածությունների կամ կանխատեսված գործարքների խումբ, որոնց ռիսկային բնութագրերը համանման են:

 

Ի տարբերություն տրամադրված փոխառությունների և դեբիտորական պարտքերի, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումը տոկոսադրույքի ռիսկի առումով չի կարող հանդես գալ որպես հեջավորված հոդված, քանի որ ներդրման նախատեսումը որպես մինչև մարման ժամկետը պահվող ենթադրում է, որ տոկոսադրույքների համապատասխան փոփոխությունները չեն հաշվառվում: Այնուամենայնիվ, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումը կարող է լինել հեջավորված հոդված` արտարժույթի փոխարժեքի փոփոխությունների ռիսկի և պարտքային ռիսկի առումներով:

 

127. Ֆինանսական ակտիվ կամ պարտավորություն հեջավորելիս` հեջավորված հոդվածը կարող է կապված լինել այդ ֆինանսական ակտիվի կամ պարտավորության դրամական միջոցների հոսքերի կամ իրական արժեքի միայն մի մասի ռիսկերի հետ, եթե արդյունավետությունը հնարավոր է չափել:

 

128. Եթե հեջավորված հոդվածը ոչ ֆինանսական ակտիվ կամ պարտավորություն է, այն պետք է նախատեսվի որպես հեջավորված հոդված`

 

ա) արտարժութային ռիսկերի համար, կամ

 

բ) որպես մեկ ամբողջություն` բոլոր ռիսկերի համար, քանի որ դժվար է առանձնացնել և չափել դրամական միջոցների հոսքերի կամ իրական արժեքի փոփոխությունների համապատասխան մասը, որը վերագրելի է արտարժութային ռիսկերից տարբեր այլ յուրահատուկ ռիսկերին:

 

129. Քանի որ ոչ ֆինանսական ակտիվի կամ պարտավորության բաղադրիչի գնի փոփոխությունը սովորաբար չունի կանխատեսելի, առանձին չափելի ազդեցություն հոդվածի գնի վրա, որը համեմատելի է ֆինանսական ակտիվի կամ պարտավորության գնի վրա նման ազդեցության հետ, օրինակ, պարտատոմսի գնի վրա շուկայական տոկոսադրույքների փոփոխության ազդեցության հետ, հետևաբար ոչ ֆինանսական ակտիվը կամ պարտավորությունը հեջավորված հոդված են միայն որպես մեկ ամբողջություն:

 

130. Հեջավորման մեկ առանձին գործիքը կարող է նախատեսվել որպես մեկից ավելի տիպի ռիսկերի հեջավորման գործիք այն պայմանով, որ.

 

ա) հնարավոր է հստակ որոշակիացնել հեջավորված ռիսկերը,

 

բ) հնարավոր է ցուցադրել հեջավորման արդյունավետությունը, և

 

գ) հնարավոր է ապահովել հեջավորման գործիքի յուրահատուկ նախատեսում, ինչպես նաև ճիշտ որոշել տարբեր ռիսկերի գծով դիրքերը:

 

131. Եթե համանման ակտիվները կամ համանման պարտավորությունները համախմբվում և հեջավորվում են որպես մի խումբ, ապա այն ռիսկին, որի գծով դրանք նախատեսվել են որպես հեջավորվող, այդ խմբի առանձին ակտիվները կամ առանձին պարտավորությունները ենթակա են համատեղ: Ավելին, խմբի յուրաքանչյուր միավորի գծով հեջավորված ռիսկին վերագրելի իրական արժեքի փոփոխությունը ակնկալվում է, որ մոտավորապես համամասնական կլինի այդ խմբի գծով հեջավորված ռիսկին վերագրելի իրական արժեքի ընդհանուր փոփոխությանը:

 

132. Քանի որ հեջի արդյունավետությունը պետք է գնահատվի` համեմատելով հեջավորման գործիքի (կամ համանման հեջավորման գործիքների խմբի) և հեջավորված հոդվածի (կամ համանման հեջավորված հոդվածների խմբի) արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները, հետևաբար, հեջավորման գործիքի համեմատումը ընդհանուր զուտ դիրքի հետ (օրինակ` ֆիքսված դրույքով բոլոր ակտիվներից հանած համանման մարման ժամկետներով ֆիքսված դրույքով բոլոր պարտավորությունները), այլ ոչ թե որոշակի հեջավորված հոդվածի հետ, հեջի հաշվապահական հաշվառման նպատակով չի որակվում որպես հեջավորում: Այնուամենայնիվ, հաշվապահական հաշվառման ժամանակ նման տեսակի հեջավորման փոխհարաբերության դեպքում կարելի է մոտավորապես նույն ձևով ազդել զուտ շահույթի կամ վնասի վրա` որպես հեջավորված դիրք նախատեսելով հիմքում ընկած հոդվածների մի մասը: Օրինակ, եթե բանկն ունի 100 միավոր ակտիվ և 90 միավոր պարտավորություն, որոնց ռիսկերը և պայմանները համանման բնույթ ունեն, և բանկը ցանկանում է հեջավորել 10 միավոր տարբերությունը, ապա այն կարող է այդ ակտիվներից 10 միավորը նախատեսել որպես հեջավորված հոդված: Այս նախատեսումը կարող է օգտագործվել, եթե նման ակտիվները և պարտավորությունները ֆիքսված դրույքներով գործիքներ են, որի դեպքում դա իրական արժեքի հեջ է, կամ եթե դրանք երկուսն էլ փոփոխական դրույքով գործիքներ են, որի դեպքում դա դրամական միջոցների հոսքերի հեջ է: Նմանապես, եթե կազմակերպությունը ունի 100 միավոր արտարժույթով գնում կատարելու կայուն պարտավորվածություն և 90 միավոր արտարժույթով վաճառք կատարելու կայուն պարտավորվածություն, ապա այն կարող է հեջավորել 10 միավոր տարբերությունը` ձեռք բերելով ածանցյալ գործիք և նախատեսելով այն որպես հեջավորման գործիք, որը կապված է 100 միավոր գնման կայուն պարտավորվածության 10 միավորի հետ:

 

133. Հեջի հաշվապահական հաշվառման նպատակներով որպես հեջավորման գործիքներ կարող են նախատեսվել միայն ածանցյալ գործիքները, որի մի կողմը հանդիսանում է կազմակերպության նկատմամբ արտաքին կողմ: Չնայած համախմբված խմբի առանձին կազմակերպություններ կարող են կնքել հեջավորման գործարքներ խմբի այլ կազմակերպությունների հետ, նման գործարքների գծով շահույթները և վնասները համախմբման ժամանակ վերացվում են: Հետևաբար, համախմբման ընթացքում ներխմբային հեջավորման գործարքները հեջի հաշվապահական հաշվառման նպատակով չեն որակվում որպես հեջավորում:

 

134. Ձեռնարկատիրական գործունեություն ձեռք բերելու (ձեռնարկատիրական գործունեության միավորման) կայուն պարտավորվածությունը չի կարող լինել հեջավորված հոդված, բացառությամբ այն դեպքերի, երբ դա վերաբերում է արտարժութային ռիսկերին, քանի որ այլ հեջավորվող ռիսկերը հնարավոր չէ հստակորեն որոշակիացնել և չափել: Դա ընդհանուր ձեռնարկատիրական գործունեության ռիսկի հեջ է:

 

Հեջի հաշվապահական հաշվառում

 

135. Հեջի հաշվապահական հաշվառման ժամանակ հեջավորման գործիքի և համապատասխան հեջավորվող հոդվածի իրական արժեքների փոփոխությունների` միմյանց փոխհատուցող (փոխհաշվանցող) արդյունքները համաչափորեն (սիմետրիկորեն) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում են զուտ շահույթում կամ վնասում:

 

136. Հեջավորման փոխհարաբերությունները լինում են երեք տիպի.

 

ա) իրական արժեքի հեջ` ճանաչված ակտիվի կամ պարտավորության կամ այդպիսի ակտիվի կամ պարտավորության որոշված մասի իրական արժեքի փոփոխություններին ենթարկվածության հեջ, որը (հեջը) վերաբերում է որոշակի ռիսկի և ազդեցություն կթողնի հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի վրա,

 

բ) դրամական միջոցների հոսքերի հեջ` դրամական միջոցների հոսքերի տատանումներին ենթարկվածության հեջ, որը.

 

I. վերաբերում է որոշակի ռիսկի, որը կապված է ճանաչված ակտիվի կամ պարտավորության (օրինակ` փոփոխական դրույքով պարտքի գծով ապագա տոկոսային բոլոր վճարումները կամ դրանց մի մասը) կամ էլ կանխատեսված գործարքի (օրինակ` սպասվող գնումը կամ վաճառքը) հետ, և

 

II. ազդեցություն կթողնի հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի վրա:

 

Կազմակերպության հաշվետու արժույթով արտահայտված` ֆիքսված գնով ակտիվ գնելու կամ վաճառելու չճանաչված կայուն պարտավորվածության հեջը հաշվառվում է որպես դրամական միջոցների հոսքերի հեջ, նույնիսկ եթե այն ենթակա է իրական արժեքի փոփոխությունների ռիսկին:

 

գ) արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջ` ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 21-ում:

 

137. Իրական արժեքի հեջի օրինակ է տոկոսադրույքների փոփոխության արդյունքում ֆիքսված դրույքով պարտատոմսի իրական արժեքի փոփոխություններին ենթարկվածության հեջը: Այսպիսի հեջ կարող է իրականացվել ինչպես թողարկողի, այնպես էլ տիրապետողի կողմից:

 

138. Դրամական միջոցների հոսքերի հեջի օրինակներ են`

 

ա) ապագա արտարժութային ռիսկի հեջը, որը կապված է ավիաընկերության կողմից արտարժույթի ֆիքսված գումարով ինքնաթիռ գնելու չճանաչված պայմանագրային պարտավորվածության հետ,

 

բ) վառելիքի գնի փոփոխության հեջը, որը կապված է էլեկտրաէներգիա արտադրող կազմակերպության կողմից ազգային արժույթով վճարմամբ, ֆիքսված գնով վառելիք գնելու չճանաչված պայմանագրային պարտավորվածության հետ,

 

գ) սվոպի օգտագործումը, որն ըստ էության ուղղված է լողացող դրույքով պարտքը` ֆիքսված դրույքով պարտքի փոխելուն (վերջինս ապագա գործարքի հեջ է, ընդ որում դրամական միջոցների ապագա հեջավորվող հոսքերը ապագա տոկոսային վճարումներն են):

 

139. Կազմակերպության հաշվետու արժույթով արտահայտված կայուն պարտավորվածության հեջը ավելի շուտ իրական արժեքի փոփոխություններին ենթարկվածության հեջ է, քան թե դրամական միջոցների հոսքերի փոփոխություններին ենթարկվածության հեջ: Այնուամենայնիվ, սույն ստանդարտի համաձայն այդպիսի հեջը հաշվառվում է որպես դրամական միջոցների հոսքերի հեջ, այլ ոչ թե որպես իրական արժեքի հեջ` խուսափելու համար պարտավորվածությունը որպես ակտիվ կամ պարտավորություն ճանաչելուց, որը հաշվապահական հաշվառման ընդունված պրակտիկայի համաձայն, չէր ճանաչվելու որպես ակտիվ կամ պարտավորություն:

 

140. Ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 21-ում, արտերկրյա միավորը արտերկրյա այնպիսի ստորաբաժանում է, որի գործունեությունը հաշվետու կազմակերպության գործունեության անբաժան մասը չէ: Համաձայն ՀՀՀՀՍ 21-ի` արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունները մայր կազմակերպության հաշվետու արժույթով վերահաշվարկելիս առաջացող բոլոր փոխարժեքային տարբերությունները դասակարգվում են որպես սեփական կապիտալ` մինչև զուտ ներդրման օտարումը:

 

141. Համաձայն սույն ստանդարտի` հեջավորման փոխհարաբերության նկատմամբ կիրառվում են 152-163 պարագրաֆներում ներկայացված հեջի հաշվապահական հաշվառման հատուկ դրույթները այն և միայն այն դեպքում, եթե բավարարվում են բոլոր հետևյալ պայմանները.

 

ա) հեջի սկզբի դրությամբ գոյություն ունի հեջավորման փոխհարաբերության, կազմակերպության ռիսկերի կառավարման նպատակների և հեջի իրականացման ռազմավարության ֆորմալ փաստաթղթավորում: Այս փաստաթղթավորումը պետք է ներառի հեջավորման գործիքի, համապատասխան հեջավորված հոդվածի, հեջավորվող ռիսկի բնույթի որոշակիացումը և այն, թե ինչպես է կազմակերպությունը գնահատելու հեջավորման գործիքի արդյունավետությունը` հեջավորված հոդվածների իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխություններին ենթարկվածությունը հաշվանցելիս, որը վերագրելի է հեջավորված ռիսկերին,

 

բ) ակնկալվում է, որ հեջը լինելու է մեծապես արդյունավետ (տես պարագրաֆ 145) հեջավորված ռիսկին վերագրելի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունների հաշվանցման գործում` տվյալ հեջավորման փոխհարաբերության գծով ռիսկերի կառավարման սկզբնապես փաստաթղթավորված ռազմավարությանը հետևողական,

 

գ) դրամական միջոցների հոսքերի հեջերի դեպքում հեջի առարկա կանխատեսված գործարքը պետք է լինի մեծապես հավանական և պետք է ենթարկված լինի դրամական միջոցների հոսքերի տատանումներին, և այդ ենթարկվածությունն էլ ի վերջո կարող էր ազդել հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթի կամ վնասի վրա,

 

դ) հեջի արդյունավետությունը հնարավոր է արժանահավատորեն չափել, այսինքն` հեջավորված հոդվածի իրական արժեքը կամ դրամական միջոցների հոսքերը և հեջավորման գործիքի իրական արժեքը կամ դրամական միջոցների հոսքերը հնարավոր է արժանահավատորեն չափել (տես պարագրաֆ 95, որտեղ ներկայացված են իրական արժեքի վերաբերյալ ցուցումներ), և

 

ե) հեջը գնահատվել է անընդհատության հիմունքով և որոշվել է, որ այն փաստացի եղել է մեծապես արդյունավետ ամբողջ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում:

 

142. Տոկոսադրույքի ռիսկի դեպքում հեջի արդյունավետությունը կարող է գնահատվել մարման ժամանակացույց պատրաստելու միջոցով, որը ցույց է տալիս դրույքին ենթարկվածության` ամբողջությամբ կամ մասամբ նվազեցումը մարման ժամանակացույցի յուրաքանչյուր փուլի համար, որը արդյունք է այն տարրերի համակցման, որոնց գծով զուտ դիրքը հեջավորված է, այն պայմանով, որ նման զուտ ենթարկվածությունը կարող է կապվել այդ զուտ ենթարկվածությունը առաջացնող ակտիվի կամ պարտավորության հետ, և այդ ակտիվի կամ պարտավորության նկատմամբ կորելյացիան կարող է գնահատվել:

 

143. Սովորաբար, հեջավորման գործիքի` որպես մեկ ամբողջության իրական արժեքը միարժեքորեն չափելի է, իսկ իրական արժեքի փոփոխությունների պատճառ հանդիսացող գործոնները փոխկապակցված են: Այսպիսով, հեջավորման փոխհարաբերության ժամանակ հեջավորման գործիքը կազմակերպության կողմից նախատեսվում է որպես մեկ ամբողջություն: Թույլատրվում են միայն հետևյալ բացառությունները`

 

ա) օպցիոնի ներքին արժեքի և օպցիոնի ժամանակային արժեքի տրոհումը և օպցիոնի միայն ներքին արժեքի փոփոխությունների նախատեսումը որպես հեջավորման գործիք` միաժամանակ բացառելով օպցիոնի մյուս բաղադրիչը (դրա ժամանակային արժեքը), և

 

բ) ֆորվարդի տոկոսային բաղադրիչի և «սփոթ» (ներկա) գնի տրոհումը:

 

Այս բացառություններում ընդունվում է, որ օպցիոնի ներքին արժեքը և ֆորվարդային հավելավճարը սովորաբար կարող են առանձին չափվել: Դինամիկ հեջավորման ռազմավարության նկատմամբ, որի համաձայն գնահատվում են ինչպես օպցիոնի ներքին արժեքը, այնպես էլ օպցիոնի ժամանակային արժեքը, կարող են կիրառվել հեջի հաշվապահական հաշվառման պահանջները:

 

144. Հեջավորման փոխհարաբերության ժամանակ կարող է նախատեսվել ամբողջ հեջավորման գործիքի որոշակի մասը, օրինակ` պայմանական մեծության 50 տոկոսը: Այնուամենայնիվ, հեջավորման փոխհարաբերության ժամանակ հեջավորման գործիքը չի կարող նախատեսվել դրա շրջանառության մեջ գտնվելու ժամանակաշրջանի միայն մի մասի համար:

 

Հեջի արդյունավետության գնահատում

 

145. Հեջը սովորաբար համարվում է մեծապես արդյունավետ, եթե հեջի սկզբի դրությամբ և դրա ողջ տևողության ընթացքում կազմակերպությունը կարող է ակնկալել, որ հեջավորված հոդվածի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները գրեթե ամբողջությամբ կփոխհատուցվեն (կհաշվանցվեն) հեջավորման գործիքի իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխություններով, իսկ փաստացի արդյունքները տատանվում են 80-ից 125 տոկոսի սահմաններում: Օրինակ, եթե հեջավորման գործիքի գծով վնասը կազմում է 120 միավոր, իսկ հեջավորված հոդվածի գծով շահույթը` 100 միավոր, ապա փոխհատուցման արդյունքը կարող է չափվել 120/100 հարաբերակցությամբ, որը կազմում է 120 տոկոս, կամ 100/120 հարաբերակցությամբ, որը կազմում է 83 տոկոս: Կազմակերպությունը եզրակացնում է, որ հեջը մեծապես արդյունավետ է:

 

146. Հեջի արդյունավետությունը գնահատելու նպատակով կազմակերպության կողմից ընտրվող մեթոդը կախված է իր` ռիսկերի կառավարման ռազմավարությունից: Որոշ դեպքերում կազմակերպությունն ընտրում է տարբեր մեթոդներ հեջի տարբեր տիպերի համար: Եթե հեջավորման գործիքի և ամբողջ հեջավորված ակտիվի կամ պարտավորության կամ հեջավորված կանխատեսված գործարքի հիմնական պայմանները նույնն են, ապա հեջավորվող ռիսկին վերագրելի` իրական արժեքի և դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները ամբողջությամբ փոխհատուցվում (հաշվանցվում) են ինչպես հեջի ուժի մեջ մտնելու պահին, այնպես էլ ընդհուպ մինչև դրա ավարտը: Օրինակ` տոկոսադրույքային սվոպը հավանական է, որ կլինի արդյունավետ հեջ, եթե պայմանական մեծությունը և հիմնական գումարը, ժամկետները, տոկոսադրույքների վերանայման ամսաթվերը, տոկոսների և հիմնական գումարների վճարումների և ստացումների ամսաթվերը, ինչպես նաև տոկոսադրույքների չափման հիմունքները նույնն են հեջավորման գործիքի և հեջավորված հոդվածի համար:

 

147. Մյուս կողմից, երբեմն հեջավորման գործիքը կփոխհատուցի (կհաշվանցի) հեջավորված ռիսկը միայն մասամբ: Օրինակ` հեջը լիովին արդյունավետ չի լինի, եթե հեջավորման գործիքը և հեջավորված հոդվածն արտահայտված են տարբեր արժույթներով, և դրանց փոխարժեքները չեն փոփոխվում փոխկապակցված ձևով: Բացի այդ, տոկոսադրույքի ռիսկի հեջը ածանցյալ գործիքի միջոցով չի լինի լիովին արդյունավետ, եթե ածանցյալ գործիքի իրական արժեքի փոփոխության մի մասը պայմանավորված է կոնտրագենտի պարտքային ռիսկով:

 

148. Որպեսզի կիրառվեն հեջի հաշվապահական հաշվառման հատուկ պահանջները, հեջը պետք է վերաբերի կոնկրետ որոշված և նախատեսված ռիսկի, այլ ոչ թե կազմակերպության ընդհանուր ձեռնարկատիրական ռիսկերին, և պետք է, ի վերջո, ազդի կազմակերպության զուտ շահույթի կամ վնասի վրա: Հեջի հաշվապահական հաշվառման պահանջների կիրառման իմաստով` նյութական ակտիվի բարոյական մաշվածության ռիսկի կամ պետության կողմից կազմակերպության գույքի բռնագրավման ռիսկի հեջը չի ընդունվում որպես հեջավորում. դրա արդյունավետությունը հնարավոր չէ չափել, քանի որ նշված ռիսկերը արժանահավատորեն չափելի չեն:

 

149. Բաժնեմասնակցության մեթոդով հաշվառվող ներդրումը չի կարող լինել հեջավորված հոդված իրական արժեք հեջավորելիս, քանի որ, բաժնեմասնակցության մեթոդի համաձայն, ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս ճանաչվում է ասոցիացված կազմակերպության հաշվեգրված զուտ շահույթում կամ վնասում ներդրողի բաժնեմասը, այլ ոչ թե իրական արժեքի փոփոխությունները: Եթե դա լիներ հեջավորված հոդված, ապա այն կճշգրտվեր ինչպես իրական արժեքի փոփոխություններով, այնպես էլ հաշվեգրված շահույթով և վնասով, որը կհանգեցներ կրկնահաշվարկի, քանի որ իրական արժեքի փոփոխությունները ներառում են հաշվեգրված շահույթը և վնասը: Նույն պատճառով համախմբվող դուստր ընկերությունում ներդրումը չի կարող լինել հեջավորված հոդված իրական արժեք հեջավորելիս, քանի որ համախմբման ժամանակ ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս ճանաչվում է մայր կազմակերպության բաժնեմասը դուստր ընկերության հաշվեգրված զուտ շահույթում կամ վնասում, այլ ոչ թե իրական արժեքի փոփոխությունները: Այլ է արտերկրյա դուստր ընկերությունում զուտ ներդրման հեջը: Այստեղ գոյություն չունի կրկնահաշվարկ, քանի որ դա արտարժութային ռիսկին, այլ ոչ թե ներդրման իրական արժեքի փոփոխության ռիսկին ենթարկվածության հեջ է:

 

150. Սույն ստանդարտը չի սահմանում հեջի արդյունավետության գնահատման որևէ առանձին մեթոդ: Հեջավորման ռազմավարության վերաբերյալ կազմակերպության փաստաթղթավորումը պետք է ներառի արդյունավետության գնահատման ընթացակարգերը: Այս ընթացակարգերում պետք է նշել, թե արդյոք գնահատումը կներառի հեջավորման գործիքի գծով ողջ շահույթները կամ վնասները, թե գործիքի ժամանակային արժեքը կբացառվի: Արդյունավետությունը գնահատվում է առնվազն այն պահին, որի դրությամբ կազմակերպությունը պատրաստում է իր տարեկան կամ միջանկյալ ֆինանսական հաշվետվությունները: Եթե հեջավորման գործիքի և ամբողջ հեջավորված ակտիվի կամ պարտավորության կամ հեջավորված կանխատեսված գործարքի հիմնական պայմանները նույնն են, ապա կազմակերպությունը կարող է եզրակացնել, որ հեջավորվող ռիսկին վերագրելի` իրական արժեքի կամ դրամական միջոցների հոսքերի փոփոխությունները ակնկալվում է, որ ամբողջությամբ փոխհատուցվելու (հաշվանցվելու) են դրա առաջացման պահին և հետագայում` շարունակաբար: Օրինակ` կազմակերպությունը կարող է ենթադրել, որ ապրանքի կանխատեսված գնման հեջը ֆորվարդային պայմանագրի միջոցով կլինի մեծապես արդյունավետ, և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչման ենթակա անարդյունավետ հեջի հետևանքներ առկա չեն լինի, եթե.

 

ա) ֆորվարդային պայմանագիրը կնքված է գնելու համար նույն ապրանքի նույն քանակը նույն պահին և վայրում, ինչ որ հեջավորված կանխատեսված գնման դեպքում,

 

բ) սկզբնական պահին ֆորվարդային պայմանագրի իրական արժեքը հավասար է զրոյի, և

 

գ) կամ ֆորվարդային պայմանագրի գծով զեղչի կամ հավելավճարի փոփոխությունը բացառվում է հեջի արդյունավետության գնահատումից և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ուղղակիորեն ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս, կամ էլ կանխատեսված գործարքի գծով դրամական միջոցների ակնկալվող հոսքերի փոփոխությունների հիմքում ընկած է ապրանքի ֆորվարդային գինը:

 

151. Հեջի արդյունավետությունը գնահատելիս, որպես կանոն, անհրաժեշտ է լինում հաշվի առնել դրամի արժեքը ժամանակի մեջ: Հեջավորված հոդվածի գծով ֆիքսված դրույքը անհրաժեշտ չէ, որ ճշգրտորեն համապատասխանի սվոպի գծով ֆիքսված դրույքի հետ, որը նախատեսված է իրական արժեքի հեջի նպատակով: Տոկոսակիր ակտիվի կամ պարտավորության փոփոխվող դրույքը ևս անհրաժեշտ չէ, որ համապատասխանի սվոպի գծով փոփոխական դրույքի հետ, որը նախատեսված է դրամական միջոցների հոսքերի հեջի նպատակով: Սվոպի իրական արժեքը որոշվում է զուտ հիմունքով հաշվարկի հիման վրա: Սվոպի գծով ֆիքսված և փոփոխական դրույքները կարող են փոփոխվել` առանց ազդելու զուտ հիմունքով հաշվարկի վրա` պայմանով, որ դրանք փոփոխվում են նույն մեծությամբ:

 

Իրական արժեքի հեջեր

 

152. Եթե իրական արժեքի հեջը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարում է պարագրաֆ 141-ի պայմաններին, ապա դա պետք է հաշվառվի հետևյալ կերպ.

 

ա) հեջավորման գործիքի` իրական արժեքով վերաչափումից շահույթները կամ վնասները պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում անմիջականորեն ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս, և

 

բ) հեջավորված ռիսկին վերագրելի` հեջավորված հոդվածի գծով շահույթները կամ վնասները պետք է ճշգրտեն հեջավորված հոդվածի հաշվեկշռային արժեքը և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում անմիջականորեն ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս: Այս դրույթը կիրառվում է, նույնիսկ եթե հեջավորված հոդվածը այլապես կչափվեր իրական արժեքով` դրա փոփոխությունները պարագրաֆ 103-ի «բ» կետի համաձայն ճանաչելով ուղղակիորեն սեփական կապիտալում: Այս դրույթը նաև կիրառվում է, եթե հեջավորված հոդվածն այլապես կչափվեր սկզբնական արժեքով:

 

153. Ստորև լուսաբանվում է, թե ինչպես է պարագրաֆ 152-ը կիրառվում տոկոսադրույքների փոփոխությունների հետևանքով ֆիքսված դրույքով պարտքային գործիքի իրական արժեքի փոփոխություններին ենթարկվածության հեջի նկատմամբ: Այս օրինակը ներկայացված է տիրապետողի տեսանկյունից: 1-ին տարվա ընթացքում ներդրողը 100 միավորով գնում է պարտքային արժեթուղթ, որը դասակարգվում է որպես վաճառքի համար մատչելի: 1-ին տարվա ավարտին ընթացիկ իրական արժեքը կազմում է 110 միավոր: Հետևաբար, 10 միավոր աճը ներկայացվում է սեփական կապիտալում (ենթադրելով, որ ներդրողը ընտրել է այս մեթոդը), իսկ հաշվեկշռային արժեքը աճում է մինչև 110 միավոր: Արժեքը 110 միավորի մակարդակին պահելու նպատակով տիրապետողը իրականացնում է հեջ` ածանցյալ գործիք ձեռք բերելու միջոցով: 2-րդ տարվա վերջին ածանցյալ գործիքի գծով առաջանում է 5 միավոր շահույթ, իսկ պարտքային արժեթղթի իրական արժեքը համապատասխանաբար նվազում է:

 

    Ներդրողի գրանցամատյան. 1-ին տարի                    Դեբետ  Կրեդիտ

    Ներդրում պարտքային արժեթղթում                        100

        Դրամական միջոցներ                                        100

Արտացոլելու համար արժեթղթի գնումը

 

    Ներդրում պարտքային արժեթղթում                         10

        Իրական արժեքի աճ (ներառված սեփական կապիտալում)            10

Արժեթղթի իրական արժեքի աճն արտացոլելու համար

 

    Ներդրողի գրանցամատյան. 2-րդ տարի                    Դեբետ  Կրեդիտ

    Ածանցյալ ակտիվ                                         5

        Շահույթ (ճանաչված ֆինանսական արդյունքների                 5

        մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս)

Ածանցյալ գործիքի իրական արժեքի աճն արտացոլելու համար

 

    Վնաս (ճանաչված ֆինանսական արդյունքների մասին           5

հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս)

        Ներդրում պարտքային արժեթղթում                             5

Պարտքային արժեթղթի իրական արժեքի նվազումն արտացոլելու համար

 

2-րդ տարվա վերջին պարտքային արժեթղթի հաշվեկշռային արժեքը կազմում է 105 միավոր, իսկ ածանցյալ գործիքինը` 5 միավոր: 10 միավոր շահույթը ներկայացվում է սեփական կապիտալում մինչև պարտքային արժեթղթի վաճառքը և ենթակա է ամորտիզացման` համաձայն պարագրաֆ 156-ի:

 

154. Եթե հեջավորվել են հեջավորված հոդվածին վերագրելի միայն որոշակի ռիսկեր, ապա հեջավորման հետ չկապված` հեջավորված հոդվածի իրական արժեքի ճանաչված փոփոխությունները ներկայացվում են պարագրաֆ 103-ում նշված երկու եղանակներից մեկի միջոցով:

 

155. Կազմակերպությունը հետագայում պետք է դադարեցնի իրականացնել պարագրաֆ 152-ով նախատեսված հեջի հաշվառումը, եթե տեղի է ունենում հետևյալ իրավիճակներից որևէ մեկը.

 

ա) հեջավորման գործիքի ժամկետը լրանում է կամ այն վաճառվում, լուծվում կամ իրագործվում է (այս նպատակներով, հեջավորման գործիքի փոխարինումը մեկ այլ հեջավորման գործիքով կամ ժամկետի երկարաձգումը չի դիտվում այնպես, որպես թե դրա ժամկետը լրացել է կամ այն լուծվել է, եթե նման փոխարինումը կամ ժամկետի երկարարաձգումը կազմակերպության հեջավորման փաստաթղթավորված ռազմավարության մի մաս է), կամ

 

բ) տվյալ հեջը այլևս չի բավարարում հեջի հաշվապահական հաշվառման պահանջների կիրառման վերաբերյալ պարագրաֆ 141-ում շարադրված չափանիշներին:

 

156. Հեջավորված տոկոսակիր ֆինանսական գործիքի` իրական արժեքով վերաչափումից շահույթը կամ վնասը, որը ճանաչվել էր ուղղակիորեն սեփական կապիտալում, պետք է ամորտիզացվի եկամուտներին կամ ծախսերին: Ամորտիզացիան պետք է սկսվի այն պահից ոչ ուշ, երբ դադարում է հեջավորված հոդվածի ճշգրտումը հեջավորվող ռիսկին վերագրելի` իրական արժեքի փոփոխությունները հաշվի առնելու համար: Այս ճշգրտումը պետք է ամբողջությամբ ամորտիզացվի մինչև մարման ժամկետը:

 

Դրամական միջոցների հոսքերի հեջեր

 

157. Եթե դրամական միջոցների հոսքերի հեջը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում բավարարում է պարագրաֆ 141-ի պայմաններին, ապա դա պետք է հաշվառվի հետևյալ կերպ.

 

ա) հեջավորման գործիքի այն մասի գծով շահույթը կամ վնասը, որը որոշված է որպես արդյունավետ հեջ (տես պարագրաֆ 141), պետք է ճանաչվի ուղղակիորեն սեփական կապիտալում` արտացոլվելով սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում (տես ՀՀՀՀՍ 1-ի 81-84 պարագրաֆները), և

 

բ) ոչ արդյունավետ մասը պետք է ճանաչվի`

 

I. անմիջականորեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, եթե հեջավորման գործիքը ածանցյալ գործիք է, կամ

 

II. պարագրաֆ 103-ի համաձայն` այն սահմանափակ հանգամանքներում, երբ հեջավորման գործիքը ածանցյալ գործիք չէ:

 

158. Մասնավորապես, դրամական միջոցների հոսքերի հեջը հաշվառվում է հետևյալ կերպ.

 

ա) սեփական կապիտալի առանձին բաղադրիչը, որը կապված է հեջավորված հոդվածի հետ (այսինքն` որտեղ արտացոլվել են տվյալ հեջի գծով պարագրաֆ 157-ի «ա» կետի համաձայն ճանաչված գումարները), ճշգրտվում է հետևյալ երկու մեծություններից նվազագույնի չափով (բացարձակ մեծություններով).

 

I. հեջավորման գործիքի գծով կուտակված շահույթը կամ վնասը, որոնք անհրաժեշտ են փոխհատուցելու (հաշվանցելու) համար հեջի առաջացման պահից հեջավորված հոդվածի գծով դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի կուտակված փոփոխությունը, բացառությամբ անարդյունավետ բաղադրիչի, որը քննարկվել է պարագրաֆ 157-ի «բ» կետում, և

 

II. հեջի առաջացման պահից հեջավորված հոդվածի գծով դրամական միջոցների ակնկալվող ապագա հոսքերի կուտակված փոփոխության իրական արժեքը,

 

բ) հեջավորման գործիքի գծով շահույթի կամ վնասի մնացած մասը (որը արդյունավետ հեջ չէ) ճանաչվում է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, կամ էլ ուղղակիորեն սեփական կապիտալում` 103 և 157 պարագրաֆներին համապատասխան, և

 

գ) եթե տվյալ հեջավորման փոխհարաբերության համար կազմակերպության ռիսկերի կառավարման փաստաթղթավորված ռազմավարությամբ հեջի արդյունավետության գնահատումից բացառվում է հեջավորման գործիքի գծով շահույթի կամ վնասի, կամ էլ դրամական միջոցների համապատասխան հոսքերի որոշակի (յուրահատուկ) բաղադրիչ (տես պարագրաֆ 141-ի «ա» կետ), ապա շահույթի կամ վնասի բացառված բաղադրիչը ճանաչվում է համաձայն պարագրաֆ 103-ի:

 

159. Եթե հեջավորված կայուն պարտավորվածությունը կամ կանխատեսված գործարքը հանգեցնում է ակտիվի կամ պարտավորության ճանաչմանը, ապա տվյալ ակտիվի կամ պարտավորության ճանաչման պահին համապատասխան շահույթները կամ վնասները, որոնք համաձայն պարագրաֆ 157-ի, ճանաչվել էին ուղղակիորեն սեփական կապիտալում, պետք է հանվեն սեփական կապիտալից և ներառվեն ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի սկզբնական չափման մեջ:

 

160. Հեջավորման գործիքի գծով շահույթը կամ վնասը, որը ներառվել էր ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի սկզբնական չափման մեջ, հետագայում ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվում է որպես եկամուտ կամ ծախս, երբ տվյալ ակտիվը կամ պարտավորությունն ազդում է զուտ շահույթի կամ վնասի վրա (օրինակ` այն ժամանակաշրջաններում, երբ ճանաչվում են ամորտիզացիայի ծախսերը, տոկոսային եկամուտը կամ ծախսը, կամ վաճառքի ծախսումները): Հեջավորված կանխատեսված գործարքներից առաջացող ակտիվների նկատմամբ կիրառվում են համապատասխան ՀՀՀՀՍ-երի դրույթները, օրինակ, ակտիվների արժեզրկման հետ կապված` ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտի դրույթները, իսկ պաշարների արժեքի նվազման հետ կապված` ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտի դրույթները:

 

161. Դրամական միջոցների հոսքերի բոլոր հեջերի համար, բացառությամբ նրանց, որոնք քննարկված են պարագրաֆ 159-ում, ուղղակիորեն սեփական կապիտալում ճանաչված գումարները պետք է ճանաչվեն այն ժամանակաշրջանի կամ ժամանակաշրջանների ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, որոնց ընթացքում հեջավորված կայուն պարտավորվածությունը կամ կանխատեսված գործարքը ազդում է զուտ շահույթի կամ վնասի վրա (օրինակ` երբ կանխատեսված վաճառքը փաստացի տեղի է ունենում):

 

162. Կազմակերպությունը հետագայում պետք է դադարեցնի իրականացնել 157-161 պարագրաֆներով նախատեսված հեջի հաշվառումը, եթե տեղի է ունենում հետևյալ իրավիճակներից որևէ մեկը.

 

ա) հեջավորման գործիքի ժամկետը լրանում է կամ այն վաճառվում, լուծվում կամ իրագործվում է (այս նպատակներով, հեջավորման գործիքի փոխարինումը մեկ այլ հեջավորման գործիքով կամ ժամկետի երկարաձգումը չի դիտվում այնպես, որպես թե դրա ժամկետը լրացել է կամ այն լուծվել է, եթե նման փոխարինումը կամ ժամկետի երկարարաձգումը կազմակերպության հեջավորման փաստաթղթավորված ռազմավարության մի մաս է): Այս դեպքում հեջավորման գործիքի գծով կուտակված շահույթը կամ վնասը, որը սկզբնապես ներկայացվել էր ուղղակիորեն սեփական կապիտալում, երբ հեջն արդյունավետ էր (տես պարագրաֆ 157-ի «ա» կետ), պետք է շարունակի առանձին արտացոլվել սեփական կապիտալում մինչև պարտավորված կամ կանխատեսված գործարքի տեղի ունենալը: Երբ այդ գործարքը տեղի է ունենում, կիրառվում են 159 և 161 պարագրաֆները,

 

բ) տվյալ հեջը այլևս չի բավարարում հեջի հաշվապահական հաշվառման պահանջների կիրառման վերաբերյալ պարագրաֆ 141-ում շարադրված չափանիշներին: Այս դեպքում հեջավորման գործիքի գծով կուտակված շահույթը կամ վնասը, որը սկզբնապես ներկայացվել էր ուղղակիորեն սեփական կապիտալում, երբ հեջն արդյունավետ էր (տես պարագրաֆ 157-ի «ա» կետ), պետք է շարունակի առանձին արտացոլվել սեփական կապիտալում մինչև պարտավորված կամ կանխատեսված գործարքի տեղի ունենալը: Երբ այդ գործարքը տեղի է ունենում, կիրառվում են 160 և 161 պարագրաֆները, կամ

 

գ) այլևս չի ակնկալվում, որ պարտավորված կամ կանխատեսված գործարքը տեղի կունենա: Այս դեպքում համապատասխան կուտակված զուտ շահույթը կամ վնասը, որը սկզբնապես ներկայացվել էր ուղղակիորեն սեփական կապիտալում, պետք է ճանաչվի հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

Արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջեր

 

163. Արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջերը (տես ՀՀՀՀՍ 21) պետք է հաշվառվեն դրամական միջոցների հոսքերի հեջերի հաշվառմանը համանման.

 

ա) հեջավորման գործիքի այն մասի գծով շահույթը կամ վնասը, որը որոշված է որպես արդյունավետ հեջ (տես պարագրաֆ 141), պետք է ճանաչվի ուղղակիորեն սեփական կապիտալում` արտացոլվելով սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում (տես ՀՀՀՀՍ 1-ի 81-84 պարագրաֆները), և

 

բ) ոչ արդյունավետ մասը պետք է ճանաչվի`

 

I. անմիջականորեն ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում որպես եկամուտ կամ ծախս, եթե հեջավորման գործիքը ածանցյալ գործիք է, կամ

 

II. ՀՀՀՀՍ 21-ի պարագրաֆ 16-ի համաձայն` այն սահմանափակ հանգամանքներում, երբ հեջավորման գործիքը ածանցյալ գործիք չէ:

 

Հեջի հաշվապահական հաշվառումը, եթե հեջը չի բավարարում հեջի հաշվապահական հաշվառման կիրառման հատուկ պահանջները

 

164. Եթե, պարագրաֆ 141-ի պահանջներին չբավարարելու պատճառով, հեջի նկատմամբ կիրառելի չեն հեջի հաշվապահական հաշվառման հատուկ պահանջները, ապա սկզբնական չափումից հետո իրական արժեքով չափվող հեջավորված հոդվածի իրական արժեքի փոփոխություններից առաջացող շահույթները կամ վնասները ներկայացվում են պարագրաֆ 103-ում շարադրված երկու եղանակներից մեկի միջոցով: Իրենից ածանցյալ գործիք ներկայացնող հեջավորման գործիքի իրական արժեքի ճշգրտումները պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվեն որպես եկամուտ կամ ծախս:

 

Բացահայտում

 

165. Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն ՀՀՀՀՍ 32-ով պահանջվող բոլոր բացահայտումները, բացառությամբ այն բանի, որ իրական արժեքները լրացուցիչ անգամ բացահայտելու ՀՀՀՀՍ 32-ի պահանջները (պարագրաֆներ 77 և 88) կիրառելի չեն իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների նկատմամբ:

 

166. Ստորև ներկայացված կետերը պետք է ներառվեն կազմակերպության հաշվապահական հաշվառման քաղաքականության վերաբերյալ բացահայտումներում` որպես ՀՀՀՀՍ 32-ի պարագրաֆ 47-ի «բ» կետով պահանջվող բացահայտումների մաս.

 

ա) իրական արժեքով հաշվառվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների իրական արժեքների գնահատման ժամանակ կիրառվող մեթոդները և կարևոր ենթադրությունները` ֆինանսական ակտիվների կարևոր դասերի համար առանձին (ՀՀՀՀՍ 32-ի պարագրաֆ 46-ում ներկայացված են ֆինանսական ակտիվների դասերի որոշման ցուցումներ),

 

բ) սկզբնական ճանաչումից հետո իրական արժեքով չափվող վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների իրական արժեքների փոփոխություններից առաջացող շահույթները կամ վնասները արդյոք ճանաչվում են հաշվետու ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, թե ճանաչվում են ուղղակիորեն սեփական կապիտալում` մինչև ֆինանսական ակտիվի օտարումը, և

 

գ) պարագրաֆ 10-ում սահմանված ֆինանսական ակտիվների չորս կատեգորիաներից յուրաքանչյուրի համար «կարգավորվող ձևի» գնումները արդյոք հաշվառվում են ըստ առևտրի ամսաթվի մեթոդի, թե ըստ վերջնահաշվարկի ամսաթվի մեթոդի (տես պարագրաֆ 30):

 

167. Պարագրաֆ 166-ի «ա» կետը կիրառելիս` կազմակերպությունը պետք է բացահայտի վճարման պայմանները և ժամանակացույցը, գնահատված պարտքային վնասների չափերը, ինչպես նաև տոկոսադրույքները կամ զեղչման դրույքները:

 

168. Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն հեջավորմանը վերաբերող հետևյալ բոլոր լրացուցիչ բացահայտումները.

 

ա) կազմակերպության` ֆինանսական ռիսկերի կառավարման նպատակների և քաղաքականության նկարագրությունը, ներառյալ կանխատեսված գործարքի յուրաքանչյուր խոշոր տիպի համար հեջավորման քաղաքականությունը (տես պարագրաֆ 141-ի «ա» կետ),

 

Օրինակ` ապագա վաճառքներին վերաբերող ռիսկերի հեջերի դեպքում այս նկարագրության մեջ նշվում են` հեջավորվող ռիսկերի բնույթը, մոտավորապես քանի ամսվա կամ տարվա ակնկալվող ապագա վաճառքներն են հեջավորվել, այդ ապագա ամիսների կամ տարիների վաճառքների մոտավորապես որ մասն է հեջավորվել:

 

բ) իրական արժեքի հեջերի, դրամական միջոցների հոսքերի հեջերի և արտերկրյա միավորում զուտ ներդրման հեջերի համար առանձին-առանձին բացահայտվում է`

 

I. հեջի նկարագրությունը,

 

II. այն ֆինանսական գործիքների նկարագրությունը, որոնք նախատեսված են որպես հեջավորման գործիքներ տվյալ հեջի համար, ինչպես նաև դրանց իրական արժեքները հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի դրությամբ,

 

III. հեջավորվող ռիսկերի բնույթը, և

 

IV. կանխատեսված գործարքների հեջերի համար` այն ժամանակաշրջանները, որոնց ընթացքում ակնկալվում է կանխատեսված գործարքների տեղի ունենալը, երբ է ակնկալվում ներառել այդ հեջերը զուտ շահույթի կամ վնասի հաշվարկում, ինչպես նաև այն կանխատեսված գործարքների նկարագրությունը, որոնց նկատմամբ նախկինում օգտագործվել է հեջի հաշվապահական հաշվառումը, սակայն որոնց տեղի ունենալը այլևս չի ակնկալվում, և

 

գ) եթե դրամական միջոցների հոսքերի հեջերի ժամանակ որպես հեջավորման գործիքներ նախատեսված ածանցյալ կամ ոչ ածանցյալ ֆինանսական ակտիվների և պարտավորությունների գծով շահույթը կամ վնասը ուղղակիորեն ճանաչվել են սեփական կապիտալում` արտացոլվելով սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում, ապա բացահայտում են.

 

I. հաշվետու ժամանակաշրջանում այս ձևով սեփական կապիտալում ճանաչված գումարը,

 

II. այն գումարը, որը հանվել է սեփական կապիտալից և ճանաչվել է տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, և

 

III. այն գումարը, որը հաշվետու ժամանակաշրջանում հանվել է սեփական կապիտալից և ավելացվել է հեջավորված կանխատեսված գործարքի գծով առաջացող ակտիվի կամ պարտավորության հաշվեկշռային արժեքի սկզբնական չափման մեջ (տես պարագրաֆ 159):

 

169. Ֆինանսական հաշվետվությունները պետք է ներառեն ֆինանսական գործիքներին վերաբերող հետևյալ բոլոր լրացուցիչ բացահայտումները.

 

ա) եթե վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվները (բացի այն ակտիվներից, որոնք վերաբերում են հեջերին) իրական արժեքով վերաչափումից շահույթները կամ վնասները ճանաչվել են ուղղակիորեն սեփական կապիտալում` արտացոլվելով սեփական կապիտալում փոփոխությունների մասին հաշվետվությունում, ապա բացահայտվում են`

 

I. հաշվետու ժամանակաշրջանում այս ձևով սեփական կապիտալում ճանաչված գումարը, և

 

II. այն գումարը, որը հանվել է սեփական կապիտալից և ճանաչվել է տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում,

 

բ) եթե չի գործել այն ենթադրությունը, որ վաճառքի համար մատչելի կամ առևտրական նպատակներով պահվող բոլոր ֆինանսական ակտիվների իրական արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել (տես պարագրաֆ 70), և կազմակերպությունը, հետևաբար, այսպիսի ֆինանսական ակտիվները չափում է ամորտիզացված արժեքով, ապա այս փաստը բացահայտվում է` բացահայտելով նաև այդ ֆինանսական ակտիվների նկարագրությունը, դրանց հաշվեկշռային արժեքը, իրական արժեքը արժանահավատորեն չափելու անհնարինության բացատրությունը, ինչպես նաև, եթե հնարավոր է, այն գնահատականների տիրույթը, որում մեծապես հավանական է, որ կլինի իրական արժեքը: Բացի այդ, եթե վաճառվում են ֆինանսական ակտիվներ, որոնց իրական արժեքները նախկինում հնարավոր չէր արժանահավատորեն չափել, ապա այդ փաստը, վաճառքի պահին այդպիսի ֆինանսական ակտիվի հաշվեկշռային արժեքը և ճանաչված շահույթի կամ վնասի գումարը պետք է բացահայտվեն,

 

գ) բացահայտվում են ֆինանսական ակտիվներից կամ ֆինանսական պարտավորություններից առաջացած եկամուտների, ծախսերի, շահույթների և վնասների նշանակալի հոդվածները` անկախ նրանից, թե դրանք ճանաչվել են ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, թե որպես սեփական կապիտալի առանձին բաղադրիչ: Այդ նպատակով.

 

I. ընդհանուր տոկոսային եկամուտները և ընդհանուր տոկոսային ծախսերը պետք է բացահայտվեն առանձին-առանձին,

 

II. վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվների առումով, որոնք սկզբնական ձեքբերումից հետո վերաչափվում են իրական արժեքով, դրանց ապաճանաչումից ընդհանուր շահույթները և վնասները, որոնք ճանաչվել են տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, պետք է ներկայացվեն ճանաչված ակտիվների և պարտավորությունների իրական արժեքով վերաչափումից ընդհանուր շահույթներից ու վնասներից առանձին (առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների համար նման բացահայտում չի պահանջվում),

 

III. կազմակերպությունը պետք է բացահայտի տոկոսային եկամուտների գումարը, որոնք հաշվեգրվել են արժեզրկված փոխառությունների գծով համաձայն պարագրաֆ 116-ի և որոնք դեռևս չեն ստացվել դրամական միջոցներով,

 

դ) եթե կազմակերպությունը կնքել է արժեթղթավորման կամ ռեպո պայմանագիր, ապա հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած նման յուրաքանչյուր գործարքի համար, ինչպես նաև նախորդ հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տեղի ունեցած գործարքների համար, որոնց գծով մնացել են կուտակված տոկոսներ, առանձին բացահայտվում են`

 

I. այդպիսի գործարքների բնույթը և ծավալը, ներառյալ գրավի նկարագրությունը և քանակական տեղեկատվություն այն առանցքային ենթադրությունների վերաբերյալ, որոնք կիրառվել են նոր և կուտակված տոկոսների իրական արժեքները հաշվարկելիս,

 

II. արդյոք այդ ֆինանսական ակտիվներն ապաճանաչվել են, թե ոչ,

 

ե) եթե կազմակերպությունը որևէ ֆինանսական ակտիվ վերադասակարգել է որպես ամորտիզացված արժեքով ներկայացվող, այլ ոչ թե իրական արժեքով, ապա բացահայտվում են նման վերադասակարգման պատճառները, և

 

զ) ֆինանսական ակտիվների յուրաքանչյուր նշանակալի խմբի համար առանձին բացահայտվում են ֆինանսական ակտիվների գծով արժեզրկումից (անհավաքագրելիությունից) կորստի կամ արժեզրկումից կորստի հակադարձման բնույթը և գումարը (ՀՀՀՀՍ 32-ի պարագրաֆ 46-ը բովանդակում է ֆինանսական ակտիվների խմբերի սահմանման վերաբերյալ ցուցումներ):

 

Անցումային դրույթներ

 

170. Անցումը սույն ստանդարտին պետք է իրագործվի հետևյալ կերպ.

 

ա) հաշվապահական հաշվառման քաղաքականությունը` կապված ֆինանսական գործիքների ճանաչման, ապաճանաչման և չափման, ինչպես նաև հեջի հաշվապահական հաշվառման հետ, որին կազմակերպությունը հետևել է սույն ստանդարտի ուժի մեջ մտնելու ամսաթվին նախորդող ժամանակաշրջանների ֆինանսական հաշվետվություններում, չպետք է հակադարձվի, և, հետևաբար, այդ ֆինանսական հաշվետվությունները չպետք է վերաներկայացվեն,

 

բ) սույն ստանդարտի ճանաչման, ապաճանաչման և չափման դրույթները պետք է առաջընթաց կիրառվեն մինչև սույն ստանդարտի առաջին անգամ կիրառվելու հաշվետու տարվա սկիզբը կնքված այն գործարքների նկատմամբ, որոնք կազմակերպությունը նախկինում նախատեսել է որպես հեջեր: Հետևաբար, եթե նախկինում նախատեսված հեջը չի բավարարում արդյունավետ հեջի համար պարագրաֆ 141-ի պայմաններին, և հեջավորման գործիքը դեռ պահվում է, ապա հեջի հաշվապահական հաշվառումն այլևս տեղին չի լինի` սկսած այն հաշվետու տարվա սկզբից, որում առաջին անգամ կիրառվում է սույն ստանդարտը: Նախորդ հաշվետու տարիների հաշվապահական հաշվառումը չպետք է հետընթաց փոփոխության ենթարկվի` սույն ստանդարտի պահանջներին համապատասխանեցնելու համար: Պարագրաֆներ 155-ում և 162-ում բացատրվում է` ինչպես դադարեցնել հեջի հաշվապահական հաշվառումը:

 

գ) այն հաշվետու տարվա սկզբում, երբ առաջին անգամ կիրառվում է սույն ստանդարտը, կազմակերպությունը պետք է հաշվեկշռում ճանաչի բոլոր ածանցյալ գործիքները կամ որպես ակտիվներ, կամ էլ որպես պարտավորություններ, և պետք է չափի դրանք իրական արժեքով (բացառությամբ ածանցյալ գործիքի, որը կապված է սեփական կապիտալի չգնանշվող գործիքի հետ և պետք է մարվի դրա առաքման միջոցով, ընդ որում, այդ գործիքի իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել): Քանի որ բոլոր ածանցյալ գործիքները, բացառությամբ որպես հեջավորման գործիքներ նախատեսվածներից, դիտվում են որպես առևտրական նպատակներով պահվող, ապա ածանցյալ գործիքների նախկին հաշվեկշռային արժեքի (որը կարող է լինել զրո) և իրական արժեքի միջև տարբերությունը պետք է ճանաչվի որպես չբաշխված շահույթի` սույն ստանդարտի առաջին անգամ կիրառման հաշվետու տարվա սկզբի դրությամբ մնացորդի ճշգրտում (բացառությամբ որպես հեջավորման գործիք նախատեսված ածանցյալ գործիքի),

 

դ) այն հաշվետու տարվա սկզբում, երբ առաջին անգամ կիրառվում է սույն ստանդարտը, կազմակերպությունը պետք է կիրառի պարագրաֆներ 66-102-ի չափանիշները` որոշելու համար այն ֆինանսական ակտիվները և պարտավորությունները, որոնք պետք է չափվեն իրական արժեքով, և նրանք, որոնք պետք է չափվեն ամորտիզացված արժեքով, և պետք է համապատասխանաբար վերաչափի դրանք: Նախորդ հաշվեկշռային արժեքի ցանկացած ճշգրտում պետք է ճանաչվի որպես չբաշխված շահույթի` սույն ստանդարտի առաջին անգամ կիրառման հաշվետու տարվա սկզբի դրությամբ մնացորդի ճշգրտում,

 

ե) այն հաշվետու տարվա սկզբում, երբ առաջին անգամ կիրառվում է սույն ստանդարտը, իրական արժեքի հեջերի առարկա հանդիսացող գոյություն ունեցող ֆինանսական ակտիվների և պարտավորությունների հաշվեկշռային արժեքները պետք է ճշգրտվեն` արտացոլելու համար հեջավորման գործիքների իրական արժեքները,

 

զ) եթե մինչև սույն ստանդարտի առաջին անգամ կիրառումը հեջի հաշվապահական հաշվառման կազմակերպության քաղաքականության համաձայն դրամական միջոցների հոսքերի հեջի գծով ճանաչվել են հետաձգված շահույթներ կամ վնասներ` որպես ակտիվներ և պարտավորություններ, ապա սույն ստանդարտի առաջին անգամ կիրառման հաշվետու տարվա սկզբի դրությամբ այդ հետաձգված շահույթները և վնասները պետք է վերադասակարգվեն որպես սեփական կապիտալի առանձին բաղադրիչ` այն չափով, որով այդ գործարքները բավարարում են պարագրաֆ 141-ի չափանիշներին, և այնուհետև հաշվառվեն 159-161 պարագրաֆների համաձայն,

 

է) այն գործարքները, որոնք կնքվել են նախքան սույն ստանդարտի առաջին անգամ կիրառման հաշվետու տարվա սկիզբը, չպետք է հետընթաց կերպով նախատեսվեն որպես հեջեր, և

 

ը) եթե արժեթղթավորումը, փոխանցումը կամ ապաճանաչման այլ գործարքը կնքվել է նախքան սույն ստանդարտի առաջին անգամ կիրառման հաշվետու տարվա սկիզբը, ապա այդ գործարքի հաշվառումը չպետք է հետընթաց կերպով փոփոխվի` համապատասխանեցնելու համար սույն ստանդարտի պահանջներին,

 

թ) այն հաշվետու տարվա սկզբում, երբ առաջին անգամ կիրառվում է սույն ստանդարտը, կազմակերպությունը ֆինանսական գործիքը որպես սեփական կապիտալ կամ որպես պարտավորություն պետք է դասակարգի սույն ստանդարտի պարագրաֆ 11-ի համաձայն:

 

ՈՒժի մեջ մտնելը

 

171. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում 2001թ. հունվարի 1-ից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 40

 

Ներդրումային գույք

 

Հաշվապահական հաշվառման սույն ստանդարտը սահմանվում է 2000 թվականին ընդունված հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտ 40-ի «Ներդրումային գույք» հիման վրա:

 

Սույն ստանդարտը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 26-ի «Հաշվապահական հաշվառման համակարգի բարեփոխումների մասին» N 740 որոշմամբ սահմանված կազմակերպությունների վրա:

 

Բովանդակություն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 40

 

Ներդրումային գույք

 

պարագրաֆներ

ՆՊԱՏԱԿԸ

    ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԸ                                         1 - 3

    ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ                                               4 - 14

    ՃԱՆԱՉՈՒՄ                                                  15 - 16

    ՍԿԶԲՆԱԿԱՆ ՉԱՓՈՒՄ                                          17 - 21

    ՀԵՏԱԳԱ ԾԱԽՍՈՒՄՆԵՐ                                         22 - 23

    ՍԿԶԲՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՄԱՆԸ ՀԱՋՈՐԴՈՂ ՉԱՓՈՒՄՆԵՐ                    24 - 50

      Իրական արժեքի մոդել                                     27 - 49

      Իրական արժեքը արժանահավատորեն չափելու անկարողություն    47 - 49

      Սկզբնական արժեքի մոդել                                       50

    ՎԵՐԱԴԱՍԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ                                        51 - 59

    ՕՏԱՐՈՒՄՆԵՐ                                                60 - 64

    ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ                                               65 - 69

      Իրական արժեքի մոդել և  սկզբնական արժեքի մոդել           65 - 66

      Իրական արժեքի մոդել                                     67 - 68

      Սկզբնական արժեքի մոդել                                       69

    ԱՆՑՈՒՄԱՅԻՆ ԴՐՈՒՅԹՆԵՐ                                      70 - 73

      Իրական արժեքի մոդել                                     70 - 72

      Սկզբնական արժեքի մոդել                                       73

    ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ                                           74 - 75

 

ՀԱՎԵԼՎԱԾ. ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՍԽԵՄԱ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՍՏԱՆԴԱՐՏ ՀՀՀՀՍ 40

 

Ներդրումային գույք

 

Ստանդարտը գրված է շեղ և թավ տառերով և պետք է ընկալվի սույն փաստաթղթում ներկայացված մեկնաբանությունների հետ:

Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետությունում հաշվապահական հաշվառման իրավական կարգավորման համակարգի տարրերից մեկը և պետք է կիրառվի հաշվապահական հաշվառման մյուս ստանդարտների և այլ իրավական ակտերի հետ համատեղ:

 

Նպատակը

 

Սույն ստանդարտի նպատակն է սահմանել ներդրումային գույքի հաշվապահական հաշվառման մոտեցումները և դրա հետ կապված բացահայտման պահանջները:

 

Գործողության ոլորտը

 

1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի ներդրումային գույքի ճանաչման, չափման և բացահայտման ժամանակ:

 

2. Ի թիվս այլնի, սույն ստանդարտում քննարկվում են վարձակալի ֆինանսական հաշվետվություններում ֆինանսական վարձակալությամբ ստացված, ինչպես նաև վարձատուի ֆինանսական հաշվետվություններում գործառնական վարձակալության տրված ներդրումային գույքի չափման խնդիրները: Սույն ստանդարտում չեն քննարկվում այն խնդիրները, որոնք կարգավորվում են ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտով, այդ թվում`

 

ա) վարձակալության դասակարգումը որպես ֆինանսական կամ գործառնական,

 

բ) ներդրումային գույքի գծով վաստակած վարձակալական եկամտի ճանաչումը,

 

գ) վարձակալի ֆինանսական հաշվետվություններում գործառնական վարձակալությամբ ստացված գույքի չափումը,

 

դ) վարձատուի ֆինանսական հաշվետվություններում ֆինանսական վարձակալության տրված գույքի չափումը,

 

ե) հետադարձ վարձակալությամբ վաճառքի գործարքների հաշվառումը, և

 

զ) ֆինանսական և գործառնական վարձակալությունների վերաբերյալ բացահայտումները:

 

3. Սույն ստանդարտը չի կիրառվում`

 

ա) անտառների և նմանատիպ վերականգնվող բնական ռեսուրսների նկատմամբ, և

 

բ) օգտակար հանածոների արդյունահանման իրավունքների, ինչպես նաև հանքաքարերի, նավթի, բնական գազի և նմանատիպ չվերականգնվող այլ ռեսուրսների գծով հետախուզությունների և արդյունահանման նկատմամբ:

 

Սահմանումներ

 

4. Ստորև բերված տերմինները սույն ստանդարտում օգտագործված են հետևյալ իմաստներով.

 

Ներդրումային գույք` գույք (հող կամ շինություն, շինության մի մաս կամ և հող, և շինություն), որը պահվում է (սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից` ֆինանսական վարձակալության դեպքում) ավելի շուտ վարձակալական եկամուտ վաստակելու կամ դրա արժեքի աճի, կամ էլ միաժամանակ այդ երկու նպատակներով, քան թե`

 

ա) արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով օգտագործելու համար, կամ

 

բ) սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում վաճառքի համար:

 

Սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք` գույք, որը պահվում է (սեփականատիրոջ կամ վարձակալի կողմից` ֆինանսական վարձակալության դեպքում) արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով օգտագործելու համար:

 

Իրական արժեք` այն գումարը, որով ակտիվը կարող է փոխանակվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության գործարքի» ընթացքում:

 

Սկզբնական արժեք` ակտիվի ձեռքբերման կամ կառուցման ժամանակ վճարված կամ վճարվելիք դրամական միջոցների կամ դրամական միջոցների համարժեքների գումարը, կամ այլ հատուցման իրական արժեքը:

 

Հաշվեկշռային արժեք` այն գումարը, որով ակտիվը ճանաչվում է հաշվապահական հաշվեկշռում:

 

5. Ներդրումային գույքը պահվում է վարձակալական եկամուտ վաստակելու կամ դրա արժեքի աճի, կամ էլ միաժամանակ այդ երկու նպատակներով: Հետևաբար, ներդրումային գույքը առաջացնում է դրամական միջոցների հոսքեր, որոնք մեծապես անկախ են կազմակերպության կողմից պահվող այլ ակտիվներից: Դա էլ հենց տարբերակում է ներդրումային գույքը սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքից: Արտադրանք արտադրելը, ծառայություններ մատուցելը, աշխատանքներ կատարելը կամ ապրանքներ իրացնելը (կամ վարչական նպատակներով օգտագործելը) առաջացնում է դրամական միջոցների այնպիսի հոսքեր, որոնք վերագրելի են ոչ միայն գույքին, այլև այդ գործընթացներում օգտագործվող այլ ակտիվներին: Սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքի նկատմամբ կիրառվում է ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը:

 

6. Ստորև բերված են ներդրումային գույքի օրինակներ.

 

ա) հող, որը պահվում է երկար ժամկետի ընթացքում դրա արժեքի աճի, այլ ոչ թե սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում կարճաժամկետ վաճառքի նպատակով,

 

բ) հող, որը պահվում է ներկայումս չորոշված նպատակով ապագա օգտագործման համար (եթե կազմակերպությունը չի որոշել, թե նա հողն օգտագործելու է որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք, թե սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում կարճաժամկետ վաճառքի համար, ապա հողը դիտարկվում է որպես արժեքի աճի նպատակով պահվող),

 

գ) հաշվետու կազմակերպությանը պատկանող (կամ ֆինանսական վարձակալությամբ ստացված) շինություն, որը տրված է մեկ կամ ավելի գործառնական վարձակալությունների, և

 

դ) ազատ շինություն, որը պահվում է մեկ կամ ավելի գործառնական վարձակալությունների տալու նպատակով:

 

7. Ստորև բերված են այնպիսի հոդվածների օրինակներ, որոնք չեն հանդիսանում ներդրումային գույք, և հետևաբար դուրս են մնում սույն ստանդարտի գործողության ոլորտից.

 

ա) գույք, որը պահվում է սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում վաճառելու համար կամ գտնվում է կառուցման կամ բարելավման ընթացքում` այդպիսի վաճառքի համար (տես ՀՀՀՀՍ 2 «Պաշարներ» ստանդարտը): Օրինակ` գույք, որը ձեռք է բերվել բացառապես մոտ ապագայում հետագա օտարման, կամ բարելավման և հետագա վաճառքի նպատակով,

 

բ) գույք, որը կառուցվում կամ բարելավվում է երրորդ կողմի պատվերով (տես ՀՀՀՀՍ 11 «Կառուցման պայմանագրեր» ստանդարտը),

 

գ) սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքը (տես ՀՀՀՀՍ 16-ը), ներառյալ (ի թիվս այլնի) այն գույքը, որը` պահվում է ապագայում որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք օգտագործելու նպատակով. պահվում է ապագայում բարելավվելու և այնուհետև որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք օգտագործելու նպատակով. զբաղեցված է աշխատակիցների կողմից (անկախ նրանից` նրանք վճարում են շուկայական դրույքով վարձավճար, թե ոչ). պահվում է օտարելու համար, և

 

դ) գույք, որը գտնվում է կառուցման կամ բարելավման ընթացքում ապագայում որպես ներդրումային գույք օգտագործելու նպատակով: Նախքան կառուցման կամ բարելավման ավարտը նման գույքի նկատմամբ կիրառվում է ՀՀՀՀՍ 16-ը, իսկ ավարտելուց հետո գույքը դառնում է ներդրումային գույք, և դրա նկատմամբ կիրառվում է սույն ստանդարտը: Այնուամենայնիվ, սույն ստանդարտը կիրառվում է գոյություն ունեցող ներդրումային գույքի նկատմամբ, որը գտնվում է բարելավման ընթացքում ապագայում ևս որպես ներդրումային գույք օգտագործելու համար (տես պարագրաֆ 52):

 

8. Որոշակի դեպքերում գույքի մի մասը պահվում է վարձակալական եկամուտ վաստակելու կամ արժեքի աճի համար, իսկ մյուս մասը` արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով օգտագործելու համար: Եթե նշված մասերը հնարավոր է առանձին-առանձին վաճառել (կամ առանձին-առանձին տալ ֆինանսական վարձակալության), ապա կազմակերպությունը այդ մասերը հաշվառում է առանձին-առանձին: Եթե այդ մասերը հնարավոր չէ առանձին-առանձին վաճառել, ապա այդ գույքը համարվում է ներդրումային գույք միայն այն դեպքում, եթե դրա միայն աննշան մասն է պահվում արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով օգտագործելու համար:

 

9. Որոշակի դեպքերում կազմակերպությունը իր կողմից պահվող գույքը զբաղեցրածներին մատուցում է որոշակի ծառայություններ: Կազմակերպությունը նման գույքը դիտում է որպես ներդրումային գույք, եթե այդ ծառայությունները տվյալ համաձայնության` որպես մեկ ամբողջության համեմատաբար աննշան մաս են կազմում: Օրինակ` երբ շենքի սեփականատերը շենքը զբաղեցրած վարձակալներին մատուցում է պահակային և շենքի շահագործման ծառայություններ:

 

10. Այլ դեպքերում մատուցվող ծառայությունները կարող են ավելի նշանակալի մաս կազմել: Օրինակ` եթե կազմակերպությունը կառավարում է իրեն պատկանող հյուրանոցը, ապա կենվորներին մատուցվող ծառայությունները կազմում են այդ համաձայնության` որպես մեկ ամբողջության նշանակալի մասը: Հետևաբար, սեփականատիրոջ կողմից կառավարվող հյուրանոցը ավելի շուտ սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք է, քան ներդրումային գույք:

 

11. Կարող է դժվար լինի որոշել, թե վերը նշված ծառայությունները որքանով են նշանակալի, որպեսզի գույքը որակվի կամ չորակվի որպես ներդրումային գույք: Օրինակ` երբեմն հյուրանոցի սեփականատերը կառավարման պայմանագրի համաձայն որոշ պարտականություններ փոխանցում է երրորդ կողմի: Նման կառավարման պայմանագրերի պայմանները կարող են միմյանցից մեծապես տարբերվել: Մի դեպքում, սեփականատերը, ըստ էության, կարող է լինել պասիվ ներդրող: Մյուս դեպքում, սեփականատերը կարող է պարզապես փոխանցել որոշակի առօրյա գործառույթները` միաժամանակ պահպանելով հյուրանոցի գործունեությունից առաջացող դրամական միջոցների հոսքերի տատանումներին նշանակալի ենթարկվածությունը:

 

12. Գույքը որպես ներդրումային որակելու կամ չորակելու համար անհրաժեշտ են դատողություններ: Կազմակերպությունը մշակում է չափանիշներ` այնպես, որ այն կարողանա հետևողականորեն կիրառել այդ դատողությունները` ներդրումային գույքի սահմանման և 5-11 պարագրաֆներում ներկայացված համապատասխան ցուցումների համաձայն: Պարագրաֆ 66-ի «ա» կետը պահանջում է, որ, եթե դասակարգումը բարդ է, կազմակերպությունը բացահայտի այդ չափանիշները:

 

13. Համաձայն ՀՀՀՀՍ 17-ի` վարձակալը որպես ակտիվ չի ճանաչում գործառնական վարձակալությամբ ստացված գույքը: Հետևաբար, վարձակալը նման գույքում իր մասնակցությունը (օգտագործման իրավունքը) չի դիտում որպես ներդրումային գույք:

 

14. Որոշ դեպքերում կազմակերպությանը պատկանող գույքը վարձակալվում և օգտագործվում է մայր կազմակերպության կամ մեկ այլ դուստր ընկերության կողմից: Այդ երկու կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները ներառող համախմբված ֆինանսական հաշվետվություններում այդ գույքը չի որակվում որպես ներդրումային գույք, քանի որ խմբի` որպես մեկ ամբողջության տեսանկյունից այդ գույքը սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք է: Այնուամենայնիվ, առանձին կազմակերպության տեսանկյունից, որին պատկանում է այդ գույքը, այն հանդիսանում է ներդրումային գույք, եթե բավարարում է պարագրաֆ 4-ում ներկայացված սահմանմանը: Հետևաբար, իր առանձին ֆինանսական հաշվետվություններում վարձատուն այդ գույքը դիտում է որպես ներդրումային գույք:

 

Ճանաչում

 

15. Ներդրումային գույքը պետք է ճանաչվի որպես ակտիվ այն և միայն այն դեպքում, երբ.

 

ա) հավանական է, որ այդ ներդրումային գույքի հետ կապված ապագա տնտեսական օգուտները կհոսեն կազմակերպություն, և

 

բ) ներդրումային գույքի արժեքը հնարավոր է արժանահավատորեն չափել:

 

16. Որոշելու համար, թե արդյոք տվյալ հոդվածը բավարարում է ճանաչման առաջին չափանիշին, կազմակերպությունը պետք է գնահատի ապագա տնտեսական օգուտների հոսքի որոշակիության աստիճանը` հիմք ընդունելով սկզբնական ճանաչման պահին մատչելի վկայությունները: Ճանաչման երկրորդ չափանիշը սովորաբար հեշտորեն բավարարվում է, քանի որ ակտիվի գնումը վկայող փոխանակման գործարքը որոշակիացնում է դրա արժեքը:

 

Սկզբնական չափում

 

17. Ներդրումային գույքը սկզբնապես պետք է չափվի սկզբնական արժեքով: Գործարքի հետ կապված ծախսումները պետք է ներառվեն սկզբնական չափման մեջ:

 

18. Գնված ներդրումային գույքի սկզբնական արժեքը ներառում է դրա գնման գինը և ուղղակիորեն վերագրելի ցանկացած ծախսում: ՈՒղղակիորեն վերագրելի ծախսումներից են, օրինակ, իրավաբանական ծառայությունների դիմաց վճարները, չփոխհատուցվող հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները, ինչպես նաև գործարքի հետ կապված այլ ծախսումները:

 

19. Սեփական ուժերով կառուցվող ներդրումային գույքի սկզբնական արժեքը իրենից ներկայացնում է դրա վրա կատարված ծախսումների հանրագումարը այն ամսաթվի դրությամբ, երբ ավարտվում է կառուցումը կամ բարելավումը: Մինչև այդ ամսաթիվը կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 16-ը: Այդ ամսաթվի դրությամբ գույքը դառնում է ներդրումային գույք, և կիրառվում է սույն ստանդարտը (տես պարագրաֆ 51-ի «ե» կետ և պարագրաֆ 59):

 

20. Ներդրումային գույքի սկզբնական արժեքը չի ներառում`

 

ա) գործարկման ծախսումները (բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք անհրաժեշտ են գույքը աշխատանքային վիճակի բերելու համար),

 

բ) նախքան ներդրումային գույքի` պլանավորված օգտագործման մակարդակի հասնելը սկզբնապես կրած գործառնական վնասները, և

 

գ) այդ գույքի կառուցման կամ բարելավման ժամանակ նյութերի, աշխատուժի կամ այլ ծախսումների նորմալ մակարդակը գերազանցող ծախսումները (գերնորմատիվային ծախսումներ):

 

21. Եթե ներդրումային գույքի դիմաց վճարումները հետաձգվում են, ապա դրա սկզբնական արժեքը որոշելիս հաշվի է առնվում այն գնի համարժեքը, որը կվճարվեր, եթե վճարումը կատարվեր անմիջապես: Ընդհանուր վճարումների և այս գումարի միջև տարբերությունը ճանաչվում է որպես տոկոսային ծախս փոխառության ժամանակահատվածում, եթե այն չի կապիտալացվում` համաձայն ՀՀՀՀՍ 23 «Փոխառության ծախսումներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցման:

 

Հետագա ծախսումներ

 

22. Հետագա ծախսումները, որոնք վերաբերում են արդեն ճանաչված ներդրումային գույքին, պետք է ավելացվեն ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքին, երբ հավանական է, որ ավելի շատ ապագա տնտեսական օգուտներ կհոսեն դեպի կազմակերպություն, քան ակնկալվում էր առկա ներդրումային գույքի նորմատիվային ցուցանիշների սկզբնական գնահատումից: Մյուս բոլոր հետագա ծախսումները պետք է ճանաչվեն որպես ծախս այն ժամանակաշրջանում, որում դրանք կատարվել են:

 

23. Ներդրումային գույքի ձեռքբերումից հետո կատարված ծախսումների հաշվառման համապատասխան մոտեցումը կախված է այն հանգամանքներից, որոնք նկատի են առնվել համապատասխան ներդրման սկզբնական չափման և ճանաչման ժամանակ: Օրինակ` եթե ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքը արդեն արտացոլում է ապագա տնտեսական օգուտների կորուստը (օրինակ` մաշվածության հաշվարկման կիրառվող քաղաքականության միջոցով), ապա հետագա ծախսումները, որոնք ուղղված են ակտիվից ակնկալվող ապագա տնտեսական օգուտների ստացումը վերականգնելուն, կապիտալացվում են: Հետագա ծախսումները կապիտալացվում են նաև այն դեպքում, երբ ակտիվի գնման գինը արդեն արտացոլում է կազմակերպության` ապագայում հետագա ծախսումներ կատարելու անհրաժեշտությունը` կապված ակտիվը աշխատանքային վիճակի բերելու հետ: Որպես այսպիսի օրինակ կարող է ծառայել վերակառուցման կարիք ունեցող շինության ձեռքբերումը: Նման դեպքերում հետագա ծախսումները գումարվում են ակտիվի հաշվեկշռային արժեքին:

 

Սկզբնական ճանաչմանը հաջորդող չափումներ

 

24. Կազմակերպությունը որպես իր հաշվապահական հաշվառման քաղաքականություն պետք է ընտրի կամ 27-49 պարագրաֆներում նկարագրված իրական արժեքի մոդելը, կամ պարագրաֆ 50-ում նկարագրված սկզբնական արժեքի մոդելը և պետք է կիրառի ընտրված քաղաքականությունը իր ողջ ներդրումային գույքի նկատմամբ:

 

25. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտում նշված է, որ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ կամավոր փոփոխություն պետք է կատարվի միայն այն դեպքում, եթե այդ փոփոխությունը նպաստում է կազմակերպության ֆինանսական հաշվետվություններում տնտեսական գործունեության դեպքերի և գործառնությունների առավել ճշգրիտ ներկայացմանը: Չափազանց անհավանական է, որ անցումը իրական արժեքի մոդելից սկզբնական արժեքի մոդելին նպաստի առավել ճշգրիտ ներկայացմանը:

 

26. Սույն ստանդարտը պահանջում է, որ բոլոր կազմակերպությունները չափման (իրական արժեքի մոդելի դեպքում) կամ բացահայտման (սկզբնական արժեքի մոդելի դեպքում) նպատակով որոշեն ներդրումային գույքի իրական արժեքը: Խրախուսվում է, սակայն չի պահանջվում, որ կազմակերպությունները ներդրումային գույքի իրական արժեքը որոշեն ճանաչված և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անկախ գնահատողի գնահատման հիման վրա, որը տիրապետում է տվյալ տարածքում տվյալ կատեգորիայի ներդրումային գույքի գնահատման արդի փորձին:

 

Իրական արժեքի մոդել

 

27. Իրական արժեքի մոդելն ընտրած կազմակերպությունը սկզբնական ճանաչումից հետո իր ողջ ներդրումային գույքը պետք է չափի իրական արժեքով, բացառությամբ պարագրաֆ 47-ում նկարագրված բացառիկ դեպքերի:

 

28. Ներդրումային գույքի իրական արժեքի փոփոխություններից առաջացող շահույթը կամ վնասը պետք է ներառվի այն ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում, որի ընթացքում այն առաջանում է:

 

29. Ներդրումային գույքի իրական արժեքը սովորաբար դրա շուկայական արժեքն է: Ըստ իրական արժեքի սահմանման, իրական արժեքը այն ամենահավանական գինն է, որը հաշվեկշռի ամսաթվի դրությամբ խելամտորեն կարելի է ստանալ շուկայում: Դա լավագույն գինն է, որը խելամտորեն կարող է ստանալ վաճառողը, և ամենաշահեկան գինն է, որը խելամտորեն կարող է ստանալ գնորդը: Այս գնահատումը մասնավորապես բացառում է գնահատված գնի ուռճացումը կամ նվազեցումը հատուկ պայմանների կամ հանգամանքների ազդեցության տակ, ինչպիսիք են ոչ տիպային ֆինանսավորումը, հետադարձ վարձակալությամբ վաճառքը, հատուկ նկատառումները կամ վաճառքի հետ կապված արտոնյալ պայմանների տրամադրումը:

 

30. Կազմակերպությունը իրական արժեքը որոշում է` առանց նվազեցնելու գործարքի հետ կապված ծախսումները, որոնք այն կարող է կատարել վաճառքի կամ այլ ձևով օտարման ընթացքում:

 

31. Ներդրումային գույքի իրական արժեքը պետք է արտացոլի փաստացի շուկայական իրավիճակը և հանգամանքները հաշվապահական հաշվեկշռի ամսաթվի, այլ ոչ թե անցյալ կամ ապագա որևէ ամսաթվի դրությամբ:

 

32. Գնահատված իրական արժեքն ուղղակիորեն կապված է գնահատման ամսաթվի հետ: Քանի որ շուկաները և շուկայական պայմանները կարող են փոփոխվել, գնահատված արժեքը մեկ այլ պահի դրությամբ կարող է սխալ կամ ոչ տեղին լինել: Իրական արժեքի սահմանումը նաև ենթադրում է միաժամանակյա փոխանակում և վաճառքի պայմանագրի ավարտ` առանց գնի որևէ փոփոխության, որը կարող էր կատարվել իրազեկ և պատրաստակամ կողմերի միջև «պարզած ձեռքի հեռավորության գործարքի» ընթացքում, եթե փոխանակումն ու ավարտը չեն կատարվում միաժամանակ:

 

33. Ներդրումային գույքի իրական արժեքը, ի թիվս այլնի, արտացոլում է ընթացիկ վարձակալություններից վարձակալական եկամուտները, ինչպես նաև խելամիտ ու օժանդակող ենթադրությունները, որոնք արտացոլում են շուկայի տեսակետը այն բանի կապակցությամբ, թե, հաշվի առնելով ընթացիկ շուկայական պայմանները, իրազեկ և պատրաստակամ կողմերը ինչ վարձակալական եկամուտ են ենթադրում ապագա վարձակալություններից:

 

34. Իրական արժեքի սահմանման մեջ հղում է արվում «իրազեկ, պատրաստակամ կողմեր»-ին: Այս կոնտեքստում «իրազեկ» նշանակում է, որ և պատրաստակամ գնորդը, և պատրաստակամ վաճառողը բավականաչափ տեղեկացված են ներդրումային գույքի բնույթի և հատկանիշների, դրա փաստացի և պոտենցիալ օգտագործման, ինչպես նաև հաշվեկշռի ամսաթվի դրությամբ շուկայի վիճակի մասին:

 

35. Պատրաստակամ գնորդը ոչ թե պարտադրված, այլ շահագրգռված է գնումը կատարել: Այս գնորդը ոչ չափազանց շատ է ցանկանում գնումը կատարել, ոչ էլ որոշել է գնումը կատարել ցանկացած գնով: Այս գնորդը գնումը կատարում է` ելնելով ընթացիկ շուկայի իրողություններից և սպասումներից, այլ ոչ թե երևակայական կամ հիպոթետիկ շուկայի, որը գոյություն չունի կամ որի գոյությունը հնարավոր չէ ակնկալել: Ենթադրվող գնորդը չի վճարի ավելի բարձր գին, քան պահանջվում է շուկայում:

 

36. Պատրաստակամ վաճառողը ոչ չափազանց շատ է ցանկանում, ոչ էլ պարտադրված է կատարել վաճառքը և հետևաբար չի պատրաստվում վաճառքը կատարել ցանկացած գնով, ոչ էլ պատրաստվում է առաջարկել այնպիսի գին, որը ընթացիկ շուկայում չի դիտարկվում որպես խելամիտ: Պատրաստակամ վաճառողը շահագրգռված է ներդրումային գույքը վաճառել այն լավագույն գնով` հաշվի առնելով շուկայական պայմանները, որը կարելի է ստանալ բաց շուկայում` այդ գնի որոշման նպատակով համապատասխան մարքեթինգային հետազոտություններ կատարելուց հետո: Ներդրումային գույքի փաստացի սեփականատիրոջ իրական պայմանները հաշվի չեն առնվում:

 

37. «Համապատասխան մարքեթինգային հետազոտություններ կատարելուց հետո» արտահայտությունը նշանակում է, որ ներդրումային գույքը շուկայում վաճառքի կհանվեր այնպես, որ դրա օտարումը կիրականացվեր լավագույն գնով, որը կարելի էր խելամտորեն ստանալ: Վաճառահանման տևողությունը, կախված շուկայի պայմաններից, կարող է տարբեր լինել, սակայն այն պետք է բավարար լինի, որ ներդրումային գույքը գրավի բավարար քանակով պոտենցիալ գնորդների ուշադրությունը: Ենթադրվում է, որ վաճառահանումը ավարտվելու է մինչև հաշվապահական հաշվեկշռի ամսաթիվը:

 

38. Իրական արժեքի սահմանման մեջ հղում է արվում «պարզած ձեռքի հեռավորության գործարք»-ին: «Պարզած ձեռքի հեռավորության գործարք» է համարվում այնպիսի կողմերի միջև կնքվող գործարքը, որոնք չունեն յուրահատուկ կամ մասնավոր հարաբերություններ, որոնք գործարքների գները կդարձնեին շուկային ոչ բնորոշ: Ենթադրվում է, որ գործարքը կնքվում է չկապակցված կողմերի միջև, որոնցից յուրաքանչյուրը գործում է անկախ:

 

39. Իրական արժեքի լավագույն վկայությունը սովորաբար ստացվում է նույն տարածքում գտնվող և նույն վիճակի, նմանատիպ վարձակալական պայմանագրերի առարկա հանդիսացող համանման գույքի գործող շուկայի ընթացիկ գների հիման վրա: Կազմակերպությունը որոշակիացնում է գույքի բնույթի, գտնվելու վայրի և վիճակի կամ այդ գույքին վերաբերող վարձակալական և այլ պայմանագրերի պայմանների միջև ցանկացած տարբերություն:

 

40. Պարագրաֆ 39-ում նկարագրված գործող շուկայի ընթացիկ գների բացակայության պայմաններում կազմակերպությունը քննարկում է տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվությունը, ներառյալ`

 

ա) տարբեր բնույթի, վիճակի կամ տարբեր տարածքներում գտնվող (կամ տարբեր վարձակալական պայմանագրերի առարկա հանդիսացող) գույքի գործող շուկայի ընթացիկ գները, որոնք ճշգրտվում են` արտացոլելու համար այդ տարբերությունները,

 

բ) ավելի պակաս ակտիվությամբ գործող շուկաների ամենավերջին գները, որոնք ճշգրտվում են` արտացոլելու համար այդ գներով կատարված գործարքների ամսաթվից հետո տեղի ունեցած տնտեսական պայմանների փոփոխությունները, և

 

գ) դրամական միջոցների ապագա հոսքերի արժանահավատ գնահատումների վրա հիմնված` դրամական միջոցների զեղչված հոսքերի կանխատեսումները, որոնք հիմնավորված են գործող վարձակալական կամ այլ պայմանագրերի պայմաններով և (եթե հնարավոր է) արտաքին վկայություններով, ինչպիսիք են, օրինակ, նույն վայրում և նույն վիճակում գտնվող համանման գույքի գծով ընթացիկ շուկայական վարձավճարները: Կիրառվող զեղչման դրույքներն արտացոլում են դրամական միջոցների հոսքերի գումարների և ժամկետների հետ կապված անորոշությունների ընթացիկ շուկայական գնահատականները:

 

41. Որոշ դեպքերում նախորդ պարագրաֆում թվարկված տարբեր աղբյուրները կարող են ներդրումային գույքի իրական արժեքի վերաբերյալ տարբեր եզրակացությունների հանգեցնել: Կազմակերպությունը դիտարկում է այս տարբերությունների պատճառները` իրական արժեքի խելամիտ գնահատականների համեմատաբար փոքր տիրույթի սահմաններում ամենաարժանահավատ իրական արժեքը որոշելու համար:

 

42. Բացառիկ դեպքերում, երբ կազմակերպությունը ձեռք է բերում ներդրումային գույք (կամ երբ գոյություն ունեցող գույքը դառնում է ներդրումային գույք` կառուցման կամ բարելավման ավարտից կամ օգտագործման եղանակի մեջ փոփոխությունից հետո), իրական արժեքի խելամիտ գնահատականների տիրույթը կարող է այնքան մեծ լինել, և տարբեր գնահատականների հավանականությունները կարող է այնքան դժվար լինի գնահատել, որ իրական արժեքի միանշանակ գնահատականի օգտակարությունը հավասարվում է զրոյի: Դա կարող է ցույց տալ, որ այդ գույքի իրական արժեքը հնարավոր չէ շարունակական հիմունքով արժանահավատորեն որոշել (տես պարագրաֆ 47):

 

43. Ինչպես սահմանված է ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտում, իրական արժեքը տարբեր է օգտագործման արժեքից: Իրական արժեքն արտացոլում է շուկայի մասնակիցների գիտելիքները և գնահատականները, ինչպես նաև այն գործոնները, որոնք ընդհանուր առմամբ կարևոր նշանակություն ունեն շուկայի մասնակիցների համար: Ի տարբերություն դրա, օգտագործման արժեքն արտացոլում է կազմակերպության գիտելիքները և գնահատականները, ինչպես նաև տվյալ կազմակերպությանը բնորոշ յուրահատուկ գործոնները, որոնք ընդհանուր առմամբ կիրառելի չեն այլ կազմակերպությունների համար: Օրինակ, իրական արժեքը չի արտացոլում.

 

ա) լրացուցիչ արժեքը, որը ստացվում է տարբեր վայրերում գտնվող գույքերի պորտֆելի ստեղծման արդյունքում,

 

բ) ներդրումային գույքի և այլ ակտիվների միջև սիներգիզմը,

 

գ) իրավաբանորեն ամրագրված իրավունքները կամ սահմանափակումները, որոնք հատուկ են միայն տվյալ սեփականատիրոջը, և

 

դ) հարկային արտոնությունները կամ հարկային բեռը, որոնք հատուկ են տվյալ սեփականատիրոջը:

 

44. Ներդրումային գույքի իրական արժեքը որոշելիս կազմակերպությունը պետք է խուսափի այն ակտիվների կամ պարտավորությունների կրկնահաշվարկից, որոնք հաշվապահական հաշվեկշռում ճանաչվել են որպես առանձին ակտիվներ կամ պարտավորություններ: Օրինակ.

 

ա) այնպիսի սարքավորումները, ինչպիսիք են վերելակները կամ օդափոխիչները, հաճախ կազմում են շինության անբաժանելի մասը և սովորաբար ներառվում են ներդրումային գույքի մեջ, այլ ոչ թե առանձին-առանձին ճանաչվում են որպես հիմնական միջոցներ,

 

բ) եթե գրասենյակը վարձակալության է հանձնվում կահավորված վիճակում, ապա գրասենյակի իրական արժեքը ներառում է նաև կահույքի իրական արժեքը, քանի որ վարձակալական եկամուտը վերաբերում է կահավորված գրասենյակին: Երբ կահույքը ներառվում է ներդրումային գույքի իրական արժեքում, կազմակերպությունը այդ կահույքը չի ճանաչում որպես առանձին ակտիվ, և

 

գ) ներդրումային գույքի իրական արժեքը չի ներառում գործառնական վարձակալության ներքո ստացված կանխավճարների գծով կրեդիտորական պարտքը կամ հաշվեգրված եկամուտների գծով դեբիտորական պարտքը, քանի որ կազմակերպությունը դրանք ճանաչում է որպես առանձին պարտավորություն կամ ակտիվ:

 

45. Ներդրումային գույքի իրական արժեքը չի արտացոլում ապագա կապիտալ բնույթի ծախսումները, որոնք կբարելավեն կամ կկատարելագործեն գույքը, ինչպես նաև չի արտացոլում այդ ապագա ծախսումների հետ կապված ապագա օգուտները:

 

46. Որոշ դեպքերում կազմակերպությունն ակնկալում է, որ ներդրումային գույքին վերաբերող իր կողմից կատարվելիք վճարումների (բացառությամբ արդեն ճանաչված ֆինանսական պարտավորությանը վերաբերող վճարումների) ներկա արժեքը կգերազանցի դրամական միջոցների համապատասխան մուտքերի ներկա արժեքը: Կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 37 «Պահուստներ, պայմանական պարտավորություններ և պայմանական ակտիվներ» ստանդարտը` որոշելու համար, թե արդյոք կազմակերպությունը ճանաչում է պահուստ, թե ոչ, և ինչպես է չափում ցանկացած նման պահուստ:

 

Իրական արժեքը արժանահավատորեն չափելու անկարողություն

 

47. Չնայած ենթադրվում է, որ կազմակերպությունն ի վիճակի կլինի շարունակական հիմունքով արժանահավատորեն որոշել ներդրումային գույքի իրական արժեքը, այնուամենայնիվ, բացառիկ դեպքերում, երբ կազմակերպությունը ձեռք է բերում ներդրումային գույք (կամ երբ գոյություն ունեցող գույքը դառնում է ներդրումային գույք` կառուցման կամ բարելավման ավարտից, կամ օգտագործման եղանակի մեջ փոփոխությունից հետո) այն ի վիճակի չի լինի շարունակական հիմունքով արժանահավատորեն որոշել ներդրումային գույքի իրական արժեքը: Նման իրավիճակ կարող է առաջանալ այն և միայն այն դեպքերում, երբ համեմատելի շուկայական գործարքները հաճախակի չեն և իրական արժեքի այլընտրանքային գնահատականները մատչելի չեն (օրինակ, դրամական միջոցների զեղչված հոսքերի կանխատեսումների հիման վրա): Այս դեպքերում կազմակերպությունը նշված ներդրումային գույքը պետք է չափի` կիրառելով ՀՀՀՀՍ 16-ով նախատեսված հիմնական մոտեցումը: Ներդրումային գույքի մնացորդային արժեքը պետք է ընդունվի զրո: Կազմակերպությունը պետք է շարունակի կիրառել ՀՀՀՀՍ 16-ը մինչև ներդրումային գույքի օտարումը:

 

48. Բացառիկ դեպքերում, երբ նախորդ պարագրաֆում նշված պատճառով կազմակերպությունը ստիպված է ներդրումային գույքը չափել ՀՀՀՀՍ 16-ով նախատեսված հիմնական մոտեցման համաձայն, կազմակերպությունը իր ողջ այլ ներդրումային գույքը պետք է չափի իրական արժեքով:

 

49. Եթե կազմակերպությունը ներդրումային գույքը նախկինում չափել է իրական արժեքով, ապա այն պետք է շարունակի չափել այդ գույքը իրական արժեքով մինչև դրա օտարումը (կամ մինչև որ գույքը դառնա սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք կամ կազմակերպությունը սկսի այն բարելավել սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում հետագա վաճառքի նպատակով), նույնիսկ եթե համեմատելի շուկայական գործարքները դառնում են ավելի հազվադեպ կամ շուկայական գները դառնում են ավելի դժվար մատչելի:

 

Սկզբնական արժեքի մոդել

 

50. Սկզբնական արժեքի մոդելն ընտրած կազմակերպությունը սկզբնական ճանաչումից հետո իր ողջ ներդրումային գույքը պետք է չափի ՀՀՀՀՍ 16-ով նախատեսված հիմնական մոտեցման համաձայն, այսինքն` սկզբնական արժեքով (հաշվի առած հետագա կապիտալացվող ծախսումները)` հանած կուտակված մաշվածությունը և արժեզրկումից կուտակված կորուստները:

 

Վերադասակարգումներ

 

51. Որպես ներդրումային դասակարգված գույքը պետք է վերադասակարգվի ակտիվների այլ խմբի մեջ, կամ որպես ոչ ներդրումային դասակարգված ակտիվը պետք է վերադասակարգվի որպես ներդրումային գույք այն և միայն այն դեպքում, երբ դրանց օգտագործման եղանակի մեջ առկա է փոփոխություն, որի վկայություններն են.

 

ա) սեփականատիրոջ կողմից գույքի զբաղեցումը (արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով գույքի օգտագործումը) սկսելը. այս դեպքում ներդրումային գույքը պետք է վերադասակարգվի որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք,

 

բ) գույքի բարելավումը սկսելը` հետագայում այն վաճառելու մտադրությամբ. այս դեպքում ներդրումային գույքը պետք է վերադասակարգվի որպես պաշար,

 

գ) սեփականատիրոջ կողմից գույքի զբաղեցումը (արտադրանքի արտադրության, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման, ապրանքների իրացման կամ վարչական նպատակներով գույքի օգտագործումը) ավարտելը. այս դեպքում սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքը պետք է վերադասակարգվի որպես ներդրումային գույք,

 

դ) որպես պաշար դասակարգված գույքի` այլ կողմին գործառնական վարձակալության տալը. այս դեպքում պաշարները վերադասակարգվում են որպես ներդրումային գույք, կամ

 

ե) գույքի կառուցման կամ բարելավման (որը իրականացվում է գույքը ապագայում որպես ներդրումային գույք օգտագործելու նպատակով) ավարտը. այս դեպքում կառուցված կամ բարելավված գույքը վերադասակարգվում է որպես ներդրումային գույք (կառուցման կամ բարելավման ընթացքում գույքի հաշվառումը կարգավորվում է ՀՀՀՀՍ 16-ով):

 

52. Վերը շարադրված պարագրաֆ 51-ի «բ» կետը պահանջում է, որ կազմակերպությունը ներդրումային գույքը վերադասակարգի որպես պաշար այն և միայն այն դեպքում, երբ այդ գույքի օգտագործման եղանակում առկա է փոփոխություն, որի մասին վկայում է բարելավումը սկսելը` հետագա վաճառքի մտադրությամբ: Երբ կազմակերպությունը որոշում է օտարել ներդրումային գույքը առանց բարելավման, ապա այն շարունակում է դիտել այդ գույքը որպես ներդրումային` մինչև դրա ապաճանաչումը (դուրսգրումը հաշվեկշռից) և չի դիտում այն որպես պաշար: Նմանապես, եթե կազմակերպությունը սկսում է բարելավել գոյություն ունեցող ներդրումային գույքը` այն ապագայում ևս որպես ներդրումային գույք օգտագործելու համար, ապա այդ գույքը մնում է որպես ներդրումային գույք և բարելավման ընթացքում չի վերադասակարգվում որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք:

 

53. 54-59 պարագրաֆներն անդրադառնում են վերադասակարգման ժամանակ ճանաչման ու չափման խնդիրներին և կիրառվում են, երբ կազմակերպությունը ներդրումային գույքի նկատմամբ օգտագործում է իրական արժեքի մոդելը: Երբ կազմակերպությունը օգտագործում է սկզբնական արժեքի մոդելը, ապա ներդրումային գույքի, սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքի և պաշարների միջև վերադասակարգումները չեն փոխում վերադասակարգված գույքի հաշվեկշռային արժեքը:

 

54. Իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույքը որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք կամ պաշար վերադասակարգելու դեպքում այդ գույքի սկզբնական արժեքը, ՀՀՀՀՍ 16-ի կամ ՀՀՀՀՍ 2-ի համաձայն հետագայում հաշվառվելու նպատակով, պետք է լինի դրա իրական արժեքը` օգտագործման եղանակը փոխելու ամսաթվի դրությամբ:

 

55. Եթե սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքը դառնում է ներդրումային գույք, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա կազմակերպությունը պետք է կիրառի ՀՀՀՀՍ 16-ը` մինչև օգտագործման եղանակի փոփոխության ամսաթիվը: Կազմակերպությունը այդ ամսաթվի դրությամբ ՀՀՀՀՍ 16-ի համաձայն որոշված հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի միջև տարբերությունը պետք է հաշվառի այնպես, ինչպես հաշվառվում է վերագնահատումը ՀՀՀՀՍ 16-ի համաձայն:

 

56. Մինչև այն ամսաթիվը, երբ սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքը դառնում է իրական արժեքով հաշվառվող ներդրումային գույք, կազմակերպությունը շարունակում է ամորտիզացնել այդ գույքը և ճանաչել առաջացող արժեզրկումից կորուստները: Կազմակերպությունը այդ ամսաթվի դրությամբ ՀՀՀՀՍ 16-ի համաձայն որոշված հաշվեկշռային արժեքի և իրական արժեքի միջև տարբերությունը հաշվառում է այնպես, ինչպես հաշվառվում է վերագնահատումը ՀՀՀՀՍ 16-ի համաձայն: Այլ կերպ ասած`

 

ա) վերադասակարգման արդյունքում առաջացող հաշվեկշռային արժեքի նվազումը ճանաչվում է տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում: Այնուամենայնիվ, այդ նվազումը հանվում է այդ գույքի նախորդ վերագնահատումներից առաջացած արժեքի աճից այն չափով, որ նվազումը չգերազանցի նույն գույքի հետ կապված վերագնահատումից առաջացած արժեքի աճը, և

 

բ) վերադասակարգման արդյունքում առաջացող հաշվեկշռային արժեքի աճը պետք է հաշվառվի հետևյալ կերպ.

 

I. այդ աճը ուղղակիորեն կրեդիտագրվում է սեփական կապիտալի` ակտիվների վերագնահատումից առաջացած արժեքի աճը հաշվառող հոդվածին: Ներդրումային գույքի հետագա օտարման ժամանակ սեփական կապիտալում ներառված վերագնահատումից առաջացած արժեքի աճը հաշվեգրվում է չբաշխված շահույթին: Վերագնահատումից առաջացած արժեքի աճի հաշվեգրումը չբաշխված շահույթին ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում չի արտացոլվում.

 

II. եթե այդ աճը վերականգնում է նույն ակտիվի նախկին վերագնահատումների կամ այդ ակտիվի գծով արժեզրկումից կորստի ճանաչման արդյունքում առաջացած նվազումը` այն պետք է ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչվի որպես եկամուտ այն չափով, որով նախապես նվազումը ճանաչվել էր որպես ծախս: Տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ճանաչված գումարը չի գերազանցում այն գումարը, որը անհրաժեշտ է վերականգնելու հաշվեկշռային արժեքը մինչև այն մակարդակը, որը որոշված կլիներ (հանած համապատասխան մաշվածությունը), եթե այդ ակտիվը նախկինում վերագնահատված չլիներ և այդ ակտիվի գծով նախկինում ճանաչված չլիներ արժեզրկումից կորուստ:

 

57. Երբ պաշարները վերադասակարգվում են որպես ներդրումային գույք, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա այդ ամսաթվի դրությամբ գույքի իրական արժեքի և նախորդ հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը պետք է ճանաչվի տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

58. Երբ պաշարները վերադասակարգվում են որպես ներդրումային գույք, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա դրա վերաբերյալ մոտեցումը համապատասխանում է պաշարների վաճառքի վերաբերյալ մոտեցմանը:

 

59. Երբ կազմակերպությունն ավարտում է սեփական ուժերով կառուցվող ներդրումային գույքի կառուցումը կամ բարելավումը, որը հաշվառվելու է իրական արժեքով, ապա այդ ամսաթվի դրությամբ գույքի իրական արժեքի և նախորդ հաշվեկշռային արժեքի միջև տարբերությունը պետք է ճանաչվի տվյալ ժամանակաշրջանի ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում:

 

Օտարումներ

 

60. Ներդրումային գույքը պետք է ապաճանաչվի (դուրս գրվի հաշվապահական հաշվեկշռից), երբ այն օտարվում է կամ երբ ներդրումային գույքն ընդմիշտ դուրս է հանվում օգտագործումից, և ապագա ոչ մի տնտեսական օգուտ չի ակնկալվում դրա օտարումից:

 

61. Ներդրումային գույքի օտարումը կարող է տեղի ունենալ վաճառքի կամ ֆինանսական վարձակալության տալու միջոցով: Ներդրումային գույքի օտարման ամսաթիվը որոշելիս կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտով սահմանված` ապրանքների վաճառքից հասույթի ճանաչման չափանիշները, ինչպես նաև հաշվի է առնում ՀՀՀՀՍ 18-ի հավելվածում ներկայացված համապատասխան ցուցումները: Ֆինանսական վարձակալության տալու կամ հետադարձ վարձակալությամբ վաճառքի դեպքերում կիրառվում է ՀՀՀՀՍ 17-ը:

 

62. Ներդրումային գույքը շրջանառությունից հանելուց կամ օտարելուց առաջացող ֆինանսական արդյունքը պետք է որոշվի որպես օտարումից զուտ մուտքերի և այդ ակտիվի հաշվեկշռային արժեքի միջև տարբերություն, և ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում պետք է ճանաչվի որպես եկամուտ կամ ծախս (բացառություն է կազմում հետադարձ վարձակալությամբ վաճառքը, որի դեպքում ՀՀՀՀՍ 17-ով պահանջվում է այլ մոտեցում):

 

63. Ներդրումային գույքի օտարման դիմաց ստացվելիք փոխհատուցումը սկզբնապես ճանաչվում է իրական արժեքով: Մասնավորապես, եթե ներդրումային գույքի դիմաց վճարումը հետաձգվում է, ապա ստացվելիք փոխհատուցումը սկզբնապես ճանաչվում է այն գնի համարժեքի չափով, որը կվճարվեր, եթե վճարումը կատարվեր անմիջապես: Փոխհատուցման անվանական արժեքի և այն գնի համարժեքի միջև տարբերությունը, որը կվճարվեր, եթե վճարումը կատարվեր անմիջապես, համաձայն ՀՀՀՀՍ 18-ի, ճանաչվում է որպես տոկոսային եկամուտ ժամանակային համամասնության սկզբունքով` հաշվի առնելով այդ դեբիտորական պարտքի արդյունավետ եկամտաբերությունը:

 

64. Կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 37-ը կամ, եթե տեղին է, Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման այլ ստանդարտներ այն պարտավորությունների նկատմամբ, որոնք պահպանվում են կազմակերպությունում ներդրումային գույքն օտարելուց հետո:

 

Բացահայտում

Իրական արժեքի մոդել և սկզբնական արժեքի մոդել

 

65. Ստորև բերված բացահայտումները կիրառվում են ի լրումն ՀՀՀՀՍ 17-ով պահանջվողների: Ներդրումային գույքի սեփականատերը գործառնական վարձակալության վերաբերյալ կատարում է բացահայտումներ որպես վարձատու` համաձայն ՀՀՀՀՍ 17-ի: Կազմակերպությունը, որը ֆինանսական վարձակալությամբ ստացված գույքը տալիս է գործառնական վարձակալության (պահում է որպես ներդրումային գույք), կատարում է բացահայտումներ որպես վարձակալ` ֆինանսական վարձակալության վերաբերյալ, և որպես վարձատու` գործառնական վարձակալության վերաբերյալ:

 

66. Կազմակերպությունը պետք է բացահայտի`

 

ա) այն չափանիշները, որոնք մշակվել են կազմակերպության կողմից ներդրումային գույքը սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույքից, ինչպես նաև սովորական (ամենօրյա) գործունեության ընթացքում վաճառքի համար պահվող գույքից տարբերակելու համար, երբ դասակարգումը բարդ է (տես պարագրաֆ 12),

 

բ) այն մեթոդները և նշանակալի ենթադրությունները, որոնք կիրառվել են ներդրումային գույքի իրական արժեքը որոշելիս, ներառյալ նշում այն մասին, թե արդյոք իրական արժեքը որոշելիս հիմք են ընդունվել շուկայից ստացվող վկայությունները, թե հիմնականում այլ գործոններ (որոնք կազմակերպությունը պետք է բացահայտի)` գույքի բնույթի և համեմատելի շուկայական տվյալների պակասի պատճառով,

 

գ) թե ներդրումային գույքի իրական արժեքի (որով այն չափվել կամ բացահայտվել է ֆինանսական հաշվետվություններում) հիմքում որ չափով է ընկած ճանաչված և համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող անկախ գնահատողի գնահատումը, որը տիրապետում է տվյալ տարածքում, տվյալ կատեգորիայի ներդրումային գույքի գնահատման արդի փորձին: Եթե նման գնահատում տեղի չի ունեցել, ապա այդ փաստը պետք է բացահայտվի,

 

դ) ֆինանսական արդյունքների մասին հաշվետվությունում ներառված հետևյալ գումարները.

 

I. ներդրումային գույքից վարձակալական եկամուտը,

 

II. տվյալ ժամանակաշրջանի ընթացքում վարձակալական եկամուտ ստեղծած ներդրումային գույքի գծով ուղղակի գործառնական ծախսերը (ներառյալ վերանորոգման և պահպանման ծախսերը), և

 

III. տվյալ ժամանակաշրջանի ընթացքում վարձակալական եկամուտ չստեղծած ներդրումային գույքի գծով ուղղակի գործառնական ծախսերը (ներառյալ վերանորոգման և պահպանման ծախսերը),

 

ե) ներդրումային գույքի իրացվելիության կամ օտարումից մուտքերի դրամական փոխանցումների վրա սահմանափակումների գոյության փաստը և գումարները, և

 

զ) ներդրումային գույք ձեռք բերելու, կառուցելու կամ բարելավելու, կամ էլ վերանորոգելու, պահպանելու կամ կատարելագործելու գծով էական պայմանագրային պարտականությունները:

 

Իրական արժեքի մոդել

 

67. Ի լրումն պարագրաֆ 66-ով պահանջվող բացահայտումների, 27-49 պարագրաֆներում ներկայացված իրական արժեքի մոդելը կիրառող կազմակերպությունը պետք է բացահայտի նաև ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի համապատասխանեցումը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ (համեմատական տեղեկատվություն չի պահանջվում), ցույց տալով հետևյալը.

 

ա) ավելացումները` առանձին-առանձին բացահայտելով ձեռքբերումներից և հետագա կապիտալացված ծախսումներից առաջացածները,

 

բ) ձեռնարկատիրական գործունեության միավորումների միջոցով ձեռքբերումներից առաջացած ավելացումները,

 

գ) օտարումները,

 

դ) իրական արժեքի ճշգրտումներից զուտ շահույթները կամ վնասները,

 

ե) արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացած փոխարժեքային զուտ տարբերությունները,

 

զ) ներդրումային գույքի վերադասակարգումները որպես պաշար և ընդհակառակը, ինչպես նաև ներդրումային գույքի վերադասակարգումները որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք և ընդհակառակը, և

 

է) այլ շարժեր:

 

68. Բացառիկ դեպքերում, երբ կազմակերպությունն իր ներդրումային գույքը չափում է ՀՀՀՀՍ 16-ով նախատեսված հիմնական մոտեցման համաձայն (արժանահավատ իրական արժեքի բացակայության պատճառով` տես պարագրաֆ 47), նախորդ պարագրաֆով պահանջվող համապատասխանեցման մեջ այդ ներդրումային գույքին վերաբերող գումարները պետք է բացահայտվեն այլ ներդրումային գույքին վերաբերող գումարներից առանձին: Բացի այդ, կազմակերպությունը պետք է բացահայտի`

 

ա) այդ ներդրումային գույքի նկարագրությունը,

 

բ) բացատրություն, թե ինչու իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել,

 

գ) եթե հնարավոր է` այն գնահատականների տիրույթը, որում մեծապես հավանական է, որ ընկած է իրական արժեքը, և

 

դ) իրական արժեքով չհաշվառվող ներդրումային գույքի օտարման գծով`

 

I. այն փաստը, որ կազմակերպությունն օտարել է իրական արժեքով չհաշվառվող ներդրումային գույք,

 

II. վաճառքի պահին այդ ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքը, և

 

III. ճանաչված շահույթի կամ վնասի գումարը:

 

Սկզբնական արժեքի մոդել

 

69. Ի լրումն պարագրաֆ 66-ով պահանջվող բացահայտումների, պարագրաֆ 50-ում ներկայացված սկզբնական արժեքի մոդելը կիրառող կազմակերպությունը պետք է նաև բացահայտի`

 

ա) մաշվածության հաշվարկման օգտագործված մեթոդները,

 

բ) օգտակար ծառայությունը կամ մաշվածության հաշվարկման օգտագործված դրույքները,

 

գ) տվյալ ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ համախառն հաշվեկշռային արժեքների ու կուտակված մաշվածության և արժեզրկումից կորուստների հանրագումարները,

 

դ) ներդրումային գույքի հաշվեկշռային արժեքի համապատասխանեցումը հաշվետու ժամանակաշրջանի սկզբի և վերջի դրությամբ (համեմատական տեղեկատվություն չի պահանջվում), ցույց տալով հետևյալը`

 

I. ավելացումները` առանձին-առանձին բացահայտելով ձեռքբերումներից և հետագա կապիտալացված ծախսումներից առաջացածները,

 

II. ձեռնարկատիրական գործունեության միավորումների միջոցով ձեռքբերումներից առաջացած ավելացումները,

 

III. օտարումները,

 

IV. մաշվածությունը,

 

V. տվյալ ժամանակաշրջանի ընթացքում համաձայն ՀՀՀՀՍ 36 «Արժեզրկումից կորուստներ» ստանդարտի ճանաչված և հակադարձված արժեզրկումից կորուստների գումարը,

 

VI. արտերկրյա միավորի ֆինանսական հաշվետվությունների վերահաշվարկումից առաջացած փոխարժեքային զուտ տարբերությունները,

 

VII. ներդրումային գույքի վերադասակարգումները որպես պաշար և ընդհակառակը, ինչպես նաև ներդրումային գույքի վերադասակարգումները որպես սեփականատիրոջ կողմից զբաղեցված գույք և ընդհակառակը, և

 

VIII. այլ շարժեր, և

 

ե) ներդրումային գույքի իրական արժեքը: Պարագրաֆ 47-ում նկարագրված բացառիկ դեպքերում, երբ կազմակերպությունը չի կարող արժանահավատորեն որոշել ներդրումային գույքի իրական արժեքը, կազմակերպությունը պետք է բացահայտի.

 

I. այդ ներդրումային գույքի նկարագրությունը,

 

II. բացատրություն, թե ինչու իրական արժեքը հնարավոր չէ արժանահավատորեն չափել, և

 

III. եթե հնարավոր է` այն գնահատականների տիրույթը, որում մեծապես հավանական է, որ ընկած է իրական արժեքը:

 

Անցումային դրույթներ

Իրական արժեքի մոդել

 

70. Եթե կազմակերպությունն ընտրում է իրական արժեքի մոդելը, ապա այն, սույն ստանդարտը առաջին անգամ կիրառելիս, կիրառման հետևանքները պետք է ներկայացնի որպես այդ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտում: Բացի այդ.

 

ա) եթե կազմակերպությունը նախկինում հրապարակայնորեն բացահայտել է (ֆինանսական հաշվետվություններում կամ այլ կերպ) իր ներդրումային գույքի իրական արժեքն ավելի վաղ ժամանակաշրջանների ընթացքում (որը որոշված է այնպիսի հիմունքով, որը բավարարում է պարագրաֆ 4-ում ներկայացված իրական արժեքի սահմանմանը և 29-46 պարագրաֆների ցուցումներին), ապա խրախուսվում, սակայն չի պահանջվում, որ կազմակերպությունը`

 

I. ճշգրտի ներկայացված ամենավաղ ժամանակաշրջանի չբաշխված շահույթի սկզբնական մնացորդը, որի համար նման իրական արժեքը հրապարակայնորեն բացահայտվել է, և

 

II. վերաներկայացնի այդ ժամանակաշրջանների համար համեմատական տեղեկատվությունը, և

 

բ) եթե կազմակերպությունը նախկինում հրապարակայնորեն չի բացահայտել «ա» կետում նկարագրված տեղեկատվությունը, ապա կազմակերպությունը չպետք է վերաներկայացնի համեմատական տեղեկատվություն և պետք է բացահայտի այդ փաստը:

 

71. Սույն ստանդարտով հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների նկատմամբ պահանջվում է այնպիսի մոտեցում, որը տարբեր է ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտով նախատեսված հիմնական կամ այլընտրանքային մոտեցումներից: ՀՀՀՀՍ 8-ով պահանջվում է, որ համեմատական տեղեկատվությունը վերաներկայացվի (հիմնական մոտեցում) կամ լրացուցիչ կանխատեսական համեմատական տեղեկատվությունը բացահայտվի (թույլատրելի այլընտրանքային մոտեցում), բացառությամբ այն դեպքերի, երբ դա իրագործելի չէ:

 

72. Երբ կազմակերպությունն առաջին անգամ կիրառում է սույն ստանդարտը, չբաշխված շահույթի սկզբնական մնացորդի ճշգրտումը ներառում է ներդրումային գույքի գծով նախկին վերագնահատումներից արժեքի աճը:

 

Սկզբնական արժեքի մոդել

 

73. Երբ կազմակերպությունն առաջին անգամ կիրառում է սույն ստանդարտը և ընտրում է սկզբնական արժեքի մոդելը, ապա հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ ցանկացած փոփոխության նկատմամբ կիրառվում է ՀՀՀՀՍ 8-ը: Հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխությունների հետևանքները ներառում են ներդրումային գույքի գծով նախկին վերագնահատումներից արժեքի աճը:

 

ՈՒժի մեջ մտնելը

 

74. Սույն հաշվապահական հաշվառման ստանդարտը գործողության մեջ է դրվում 2001թ. հունվարի 1-ից:

 

Հավելված.

Որոշումների ընդունման սխեմա

 

Սույն սխեմայի նպատակն է ամփոփ ներկայացնել, թե Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման որ ստանդարտներն են կիրառվում գույքի տարբեր տեսակների նկատմամբ: Սույն հավելվածը ստանդարտի մաս չի կազմում և պետք է ընկալվի ստանդարտի բովանդակության հետ միասին:

._________.

|  Սկիզբ  |

._________.

 

/----------------------\

  /   Արդյոք գույքը պահվում  \     Այո        .___________________.

<   է սովորական գործունեության>-------------->| Կիրառել ՀՀՀՀՍ 2-ը |

  \     ընթացքում վաճառքի    /                .___________________.

    \      համար, թե ոչ    /

\------------------/

Ոչ  |

\|/

        /----------------\                  .___________________________.

/  Արդյոք գույքը     \         Այո    |  Կիրառել ՀՀՀՀՍ 16-ը       |

< սեփականատիրոջ կողմից  >-------------->| (հիմնական կամ թույլատրելի |

\օգտագործվող գույք է,/                |  այլընտրանքային մոտեցում) |

        \   թե ոչ        /                  .___________________________.

          \------------/

|

Ոչ  |

\|/

        /-------------- \                   .___________________________.

/   Արդյոք գույքը   \           Այո   |    Կիրառել ՀՀՀՀՍ 16-ը     |

<    կառուցվում կամ    >--------------->| (հիմնական կամ թույլատրելի |

\կատարելագործվում է,/                 |  այլընտրանքային մոտեցում) |

        \   թե ոչ       /                   .___________________________.

          \-----------/

|

Ոչ    |

\|/

.__________________________________.

|  Այդ գույքը ներդրումային գույք է |

.__________________________________.

|

|

\|/                                     ._______________________.

__________________                            |  Կիրառել ՀՀՀՀՍ 16-ը   |

/ Որ մոդելն է ընտրվել\ Սկզբնական արժեքի մոդել   |  (հիմնական մոտեցում)  |

<   ողջ ներդրումային     >----------------------> |  և  կատարել           |

\  գույքի նկատմամբ     /                         |  ՀՀՀՀՍ 40-ով          |

\__________________/                           |  նախատեսված           |

|                                     |  բացահայտումները      |

|                                     ._______________________.

|          Իրական արժեքի մոդել        ._______________________.

|-----------------------------------> | Կիրառել ՀՀՀՀՍ 40-ը    |

._______________________.

Ծանոթագրություն: Իրական արժեքի մոդելի ներքո բացառիկ դեպքերում վկայությունները կարող են հստակորեն ցույց տալ, որ կազմակերպությունը ի վիճակի չի լինի շարունակական հիմունքներով արժանահավատորեն որոշել այդ գույքի իրական արժեքը (սույն ստանդարտի պարագրաֆ 47): Այդ դեպքում կազմակերպությունը այդ գույքը չափում է` կիրառելով ՀՀՀՀՍ 16-ի հիմնական մոտեցումը, իսկ իր այլ ներդրումային գույքը չափում է իրական արժեքով:

 

Փոփոխություններ Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման

ստանդարտներում

 

Բովանդակություն

 

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 8-ՈՒՄ                                     1

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 12-ՈՒՄ                                    2

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 16-ՈՒՄ                                    3

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 17-ՈՒՄ                                    4

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 18-ՈՒՄ                                    5

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 21-ՈՒՄ                                    6

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 27-ՈՒՄ                                    7

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 28-ՈՒՄ                                    8

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 30-ՈՒՄ                                    9

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 31-ՈՒՄ                                   10

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 34-ՈՒՄ                                   11

    ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՀՀՀՍ 36-ՈՒՄ                                   12

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 8-ում

 

1. ՀՀՀՀՍ 8 «Հաշվետու ժամանակաշրջանի զուտ շահույթ կամ վնաս, էական սխալներ և փոփոխություններ հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ» ստանդարտի պարագրաֆ 43-ը շարադրել շեղ և թավ տառերով, հետևյալ խմբագրությամբ.

«43. Հաշվապահական հաշվառման քաղաքականության փոփոխություններ չեն համարվում.

 

ա) հաշվապահական հաշվառման քաղաքականության ընդունումը տնտեսական գործունեության այնպիսի դեպքերի և գործարքների համար, որոնք իրենց բովանդակությամբ տարբերվում են նախորդ տնտեսական գործունեության դեպքերից և գործարքներից,

 

բ) նոր հաշվապահական հաշվառման քաղաքականության ընդունումը տնտեսական գործունեության այնպիսի դեպքերի և գործարքների համար, որոնք առաջ տեղի չեն ունեցել կամ հանդիսացել են ոչ էական:

 

Ակտիվները վերագնահատված արժեքով հաշվառելու (ինչպես նախատեսված է ՀՀՀՀՍ 16-ի կամ ՀՀՀՀՍ 38-ի թույլատրելի այլընտրանքային մոտեցմամբ) քաղաքականության առաջին անգամ ընդունումը հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ փոփոխություն է, սակայն դիտվում է որպես վերագնահատում` համաձայն ՀՀՀՀՍ 16-ի կամ ՀՀՀՀՍ 38-ի, այլ ոչ թե որպես քաղաքականության փոփոխություն` համաձայն սույն ստանդարտի: ՈՒստի սույն ստանդարտի 47-55 պարագրաֆները կիրառելի չեն հաշվապահական հաշվառման քաղաքականության մեջ այդպիսի փոփոխությունների նկատմամբ».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 12-ում

 

2. ՀՀՀՀՍ 12 «Շահութահարկ» ստանդարտի`

 

ա) պարագրաֆ 20-ի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության հաշվապահական հաշվառման ստանդարտները թույլ են տալիս որոշ ակտիվներ հաշվառել իրական արժեքով կամ դրանք վերագնահատել (տես, օրինակ, ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ», ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը», ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտները)».

 

բ) պարագրաֆ 62-ի «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա) հաշվեկշռային արժեքի փոփոխություն, որն առաջանում է հիմնական միջոցների վերագնահատումից (տես ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը)».

 

գ) պարագրաֆ 64-ի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նմանատիպ նկատառումներ են կիրառվում այն փոխանցումների նկատմամբ, որոնք կատարվում են հիմնական միջոցների օբյեկտի օտարման ժամանակ».

 

դ) Հավելված 1-ի պարագրաֆ 10-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ֆինանսական ակտիվները կամ ներդրումային գույքը հաշվառվում են իրական արժեքով, որը գերազանցում է փաստացի ինքնարժեքը, սակայն համապատասխան ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում».

 

ե) Հավելված 1-ի պարագրաֆ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Կազմակերպությունը վերագնահատում է հիմնական միջոցները (ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի թույլատրելի այլընտրանքային մոտեցմանը համապատասխան), որի արդյունքում հաշվեկշռային արժեքն աճում է, սակայն համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում: (Ծանոթագրություն. սույն ստանդարտի պարագրաֆ 61-ը պահանջում է, որ համապատասխան հետաձգված հարկը դեբետագրվի անմիջականորեն սեփական կապիտալին»).

 

զ) Հավելված 2-ի պարագրաֆ 8-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Ֆինանսական ակտիվները կամ ներդրումային գույքը հաշվառվում են իրական արժեքով, որը փոքր է դրանց ինքնարժեքից, սակայն համարժեք ճշգրտում հարկային նպատակներով չի կատարվում».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 16-ում

 

3. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտի պարագրաֆ 4-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Կազմակերպությունն իր ներդրումային գույքի նկատմամբ պետք է կիրառի ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը, այլ ոչ թե սույն ստանդարտը: Կազմակերպությունը սույն ստանդարտը կիրառում է այն գույքի նկատմամբ, որը կառուցվում կամ բարելավվում է ապագայում որպես ներդրումային գույք օգտագործելու նպատակով: Այն պահից, երբ ավարտվում է կառուցումը կամ բարելավումը, կազմակերպությունը կիրառում է ՀՀՀՀՍ 40-ը: ՀՀՀՀՍ 40-ը կիրառվում է նաև գոյություն ունեցող ներդրումային գույքի նկատմամբ, որը բարելավվում է ապագայում շարունակաբար որպես ներդրումային գույք օգտագործելու նպատակով».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 17-ում

 

4. ՀՀՀՀՍ 17 «Վարձակալություն» ստանդարտի`

 

ա) պարագրաֆ 1-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«1. Սույն ստանդարտը պետք է կիրառվի բոլոր վարձակալությունների նկատմամբ, բացառությամբ`

 

ա) բնական ռեսուրսների (նավթ, գազ, անտառանյութ, մետաղներ և այլ հանքանյութեր) հետազոտման կամ օգտագործման վարձակալական պայմանագրերի, և

 

բ) կինոնկարների, տեսաձայնագրությունների, պատենտների, հեղինակային իրավունքի և նման այլ օբյեկտների արտոնագրային պայմանագրերի:

 

Այնուամենայնիվ, սույն ստանդարտը չպետք է կիրառվի`

 

ա) վարձակալի կողմից ֆինանսական վարձակալությամբ ստացված ներդրումային գույքի չափման նկատմամբ (տես ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը), կամ

 

բ) վարձատուի կողմից գործառնական վարձակալությամբ տրված ներդրումային գույքի չափման նկատմամբ (տես ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը)».

 

բ) պարագրաֆ 19-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«19. Ֆինանսական վարձակալությունը առաջացնում է մաշվածության ծախսումներ` մաշվող (ամորտիզացվող) ակտիվների գծով, ինչպես նաև ֆինանսական ծախսեր` յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար: Վարձակալված մաշվող (ամորտիզացվող) ակտիվների մաշվածության հաշվարկման քաղաքականությունը պետք է համապատասխանի սեփական ակտիվների մաշվածության հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվածության (ամորտիզացիայի) հաշվարկը պետք է կատարվի համաձայն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտների: Եթե չկա բավարար համոզվածություն, որ վարձակալը վարձակալության ժամկետի վերջում ձեռք է բերելու սեփականության իրավունքը, ապա ակտիվն ամբողջովին պետք է ամորտիզացվի հետևյալ երկու ժամկետներից առավել կարճի ընթացքում` վարձակալության ժամկետի կամ օգտակար ծառայության ժամկետի».

 

գ) պարագրաֆ 24-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Բացի այդ, ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» և ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտների` բացահայտման գծով պահանջները կիրառվում են ֆինանսական վարձակալության շրջանակներում վարձակալված ակտիվների նկատմամբ, որոնք վարձակալի կողմից հաշվառվում են որպես ակտիվների ձեռքբերում».

 

գ) պարագրաֆ 44-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44. Վարձակալված մաշվող (ամորտիզացվող) ակտիվների մաշվածության հաշվարկը պետք է կատարվի այն հիմունքով, որը համապատասխանում է նմանատիպ ակտիվների համար վարձատուի կողմից կիրառվող մաշվածության հաշվարկման քաղաքականությանը, իսկ մաշվածության (ամորտիզացիայի) գծով հատկացումները պետք է հաշվարկվեն ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» և ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» ստանդարտներում արձանագրված հիմունքներով».

 

դ) պարագրաֆ 47-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«47. Ի լրումն ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» ստանդարտի պահանջների, վարձատուն գործառնական վարձակալության առումով պետք է ապահովի հետևյալ բացահայտումները`

 

ա) չեղյալ չհայտարարվող գործառնական վարձակալության շրջանակներում ընդհանուր ապագա նվազագույն վարձավճարները հետևյալ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար`

 

I. ոչ ուշ, քան մեկ տարի,

 

II. մեկ տարուց հետո, բայց ոչ ուշ, քան հինգ տարի,

 

III. հինգ տարուց հետո:

 

բ) եկամուտներում ճանաչված ընդհանուր պայմանական ռենտաները, և

 

գ) վարձատուի նշանակալի վարձակալական պայմանագրերի ընդհանուր նկարագրությունը».

 

ե) պարագրաֆ 47-ից հետո ավելացնել նոր պարագրաֆ` 47Ա, հետևյալ բովանդակությամբ.

«47Ա. Բացի այդ, գործառնական վարձակալության տրված ակտիվների նկատմամբ կիրառվում են ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ», ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում», ՀՀՀՀՍ 38 «Ոչ նյութական ակտիվներ» և ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտների բացահայտման գծով պահանջները».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 18-ում

 

5. ՀՀՀՀՍ 18 «Հասույթ» ստանդարտի պարագրաֆ 10-ի վերջին նախադասության «պարագրաֆների» բառից հետո ավելացնել «և ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտի» բառերը.

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 21-ում

 

6. ՀՀՀՀՍ 21 «Արտարժույթի փոխանակման փոխարժեքի փոփոխության հետևանքները» ստանդարտի պարագրաֆ 2-ի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հեջի հաշվապահական հաշվառման այլ ասպեկտները, ներառյալ դրա օգտագործման չափանիշները, քննարկված են ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտում».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 27-ում

 

7. ՀՀՀՀՍ 27 «Համախմբված ֆինանսական հաշվետվություններ և դուստր ընկերություններում ներդրումների հաշվառում» ստանդարտի`

 

ա) պարագրաֆ 11-ի վերջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Նման դուստր ընկերություններում ներդրումները պետք է հաշվառվեն համաձայն ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտի».

 

բ) պարագրաֆ 21-ում «ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում»» բառերը փոխարինել «ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը»» բառերով.

 

գ) պարագրաֆ 26-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«26. Դուստր ընկերությունում ներդրումները, որոնք ներառվում են համախմբված ֆինանսական հաշվետվություններում, մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետվություններում պետք է հաշվառվեն`

 

ա) սկզբնական արժեքով,

 

բ) բաժնեմասնակցության մեթոդով` ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտում, կամ

 

գ) որպես վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ` ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտում».

 

դ) պարագրաֆ 27-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Համախմբումից բացառված դուստր ընկերություններում ներդրումները մայր կազմակերպության առանձին ֆինանսական հաշվետություններում պետք է հաշվառվեն`

 

ա) սկզբնական արժեքով,

 

բ) բաժնեմասնակցության մեթոդով` ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 28-ում, կամ

 

գ) որպես վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ` ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 39-ում».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 28-ում

 

8. ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումներ հաշվառում» ստանդարտի`

 

ա) պարագրաֆ 6-ի վերջին նախադասությունից հանել «համաձայն ՀՀՀՀՍ 25 «Ներդրումների հաշվառում» ստանդարտի» բառերը.

 

բ) պարագրաֆ 11-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Ասոցիացված կազմակերպությունում ներդրումները, որոնք ներառվում են համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստող ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում և որոնք չեն պահվում բացառապես մոտ ապագայում օտարելու նպատակով, պետք է հաշվառվեն`

 

ա) սկզբնական արժեքով,

 

բ) բաժնեմասնակցության մեթոդով` ինչպես նկարագրված է սույն ստանդարտում, կամ

 

գ) որպես վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ` ինչպես նկարագրված է ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտում».

 

գ) պարագրաֆ 13-ը շարադրել է հետևյալ խմբագրությամբ.

«13. Ասոցիացված կազմակերպությունում ներդրումները, որոնք ներառվում են համախմբված ֆինանսական հաշվետվություններ չպատրաստող ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում, պետք է հաշվառվեն`

 

ա) սկզբնական արժեքով,

 

բ) բաժնեմասնակցության մեթոդով, եթե վերջինս նպատակահարմար կլիներ ասոցիացված կազմակերպությունում ներդրումը հաշվառելու համար, եթե ներդրողը պատրաստեր համախմբված ֆինանսական հաշվետվություններ, կամ

 

գ) համաձայն ՀՀՀՀՍ 39-ի` որպես վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ կամ առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ` հիմք ընդունելով ՀՀՀՀՍ 39-ի սահմանումները».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 30-ում

 

9. ՀՀՀՀՍ 30 «Բանկերի և նմանատիպ ֆինանսական հաստատությունների ֆինանսական հաշվետվություններում բացահայտումներ» ստանդարտի 24 և 25 պարագրաֆները շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Բանկը պետք է բացահայտի իր ֆինանսական ակտիվների և պարտավորությունների յուրաքանչյուր դասի իրական արժեքը, ինչպես պահանջվում է ՀՀՀՀՍ 32 «Ֆինանսական գործիքներ. բացահայտումը և ներկայացումը» և ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտներով:

 

25. ՀՀՀՀՍ 39-ով նախատեսված են ֆինանսական ակտիվների չորս կատեգորիաներ` կազմակերպության կողմից տրամադրված փոխառություններ և դեբիտորական պարտքեր, մինչև մարման ժամկետը պահվող ներդրումներ, առևտրական նպատակներով պահվող ֆինանսական ակտիվներ և վաճառքի համար մատչելի ֆինանսական ակտիվներ: Բանկը պետք է բացահայտի իր ֆինանսական ակտիվների իրական արժեքները առնվազն այս չորս կատեգորիաների համար».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 31-ում

 

10. ՀՀՀՀՍ 31 «Համատեղ ձեռնարկումներում մասնակցության արտացոլումը ֆինանսական հաշվետվություններում» ստանդարտի`

 

ա) պարագրաֆ 35-ի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«35. Ձեռնարկողը հետևյալ մասնակցությունները պետք է հաշվառի որպես ներդրումներ կամ սկզբնական արժեքով, կամ էլ համաձայն ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտի».

 

բ) պարագրաֆ 42-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«42. Համատեղ ձեռնարկումում ներդրողը, որը չի իրականացնում համատեղ վերահսկողություն, իր համախմբված ֆինանսական հաշվետվություններում պետք է ներկայացնի համատեղ ձեռնարկումում իր մասնակցությունը համաձայն ՀՀՀՀՍ 39 «Ֆինանսական գործիքներ. ճանաչումը և չափումը» ստանդարտի, կամ, եթե նա համատեղ ձեռնարկումում ունի նշանակալի ազդեցություն` համաձայն ՀՀՀՀՍ 28 «Ասոցիացված կազմակերպություններում ներդրումների հաշվառում» ստանդարտի: Համախմբված ֆինանսական հաշվետվություններ պատրաստող ներդրողի առանձին ֆինանսական հաշվետվություններում ներդրումը կարող է ներկայացվել նաև սկզբնական արժեքով»:

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 34-ում

 

11. ՀՀՀՀՍ 34 «Միջանկյալ ֆինանսական հաշվետվություններ» ստանդարտի Հավելված 3-ի պարագրաֆ 7-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Վերագնահատումներ և իրական արժեքով հաշվառում. ՀՀՀՀՍ 16 «Հիմնական միջոցներ» ստանդարտը, որպես այլընտրանքային մոտեցում, թույլ է տալիս հիմնական միջոցների վերագնահատումը իրական արժեքով: Նմանապես, ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը պահանջում է, որ կազմակերպությունը որոշի ներդրումային գույքի իրական արժեքը: Տարեկան հաշվետու ամսաթվի դրությամբ այսպիսի չափումների համար կազմակերպությունը կարող է դիմել որակավորված գնահատողների օգնությանը, թեև կարող է խուսափել դրանից միջանկյալ հաշվետու ամսաթվերի դրությամբ».

 

Փոփոխություններ ՀՀՀՀՍ 36-ում

 

12. ՀՀՀՀՍ 36 «Ակտիվների արժեզրկում» ստանդարտի պարագրաֆ 1-ի վերջում ավելացնել նոր կետ հետևյալ բովանդակությամբ.

«զ) իրական արժեքով չափվող ներդրումային գույքի (տես ՀՀՀՀՍ 40 «Ներդրումային գույք» ստանդարտը)».

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                   «22»         01           2001 Թ.

                    ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11801025

 

 

pin
Ֆինանսների (նախկին Ֆինանս. և էկոն.
17.11.2000
N 276
Հրաման