Սեղմել Esc փակելու համար:
ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈ ...

 

 

113.0410.130513

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «13»        05            2013 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11313181

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

8 ապրիլի 2013 թվականի N 410-Ն

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-Ի N 175-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով և զինապարտների ու զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության գործընթացը կանոնակարգելու նպատակով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննության կարգը` համաձայն հավելվածի:

2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի 2010 թվականի փետրվարի 26-ի «Զինապարտների բժշկական և զինծառայողների ռազմաբժշկական փորձաքննության կարգը հաստատելու մասին» N 175-Ն հրամանը:

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ պաշտպանության նախարարի

2013 թվականի ապրիլի 8-ի

N 410-Ն հրամանով

 

ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ

(խաղաղ և պատերազմական պայմաններում)

 

ԳԼՈՒԽ I
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Կարգավորման ոլորտը

 

1. Զինապարտների և զինծառայողների առողջական վիճակի փորձաքննությունն իրականացվում է համաձայն սույն կարգի, որի նպատակն է որոշել.

1) կցագրման, զորակոչի, զինվորական ծառայության անցնելու, վարժական հավաքների, զինվորական վարժանքների (հրամանատարային կամ շտաբային) և զորավարժությունների (զորախաղերի) ժամանակ քաղաքացիների պիտանիությունը զինվորական ծառայությանը` նկատի ունենալով նրանց առողջական վիճակը և ֆիզիկական զարգացումը,

2) սպայական և ենթասպայական կազմերի պայմանագրային զինծառայողների (այդ թվում` կին զինծառայողների), ՌՈՒՀ-երի կուրսանտների և ունկնդիրների, պարտադիր և պայմանագրային զինծառայության շարքային կազմերի, ՌՈՒՀ-երի դիմորդների պիտանիությունը զինվորական ծառայությանը` ըստ նրանց առողջական վիճակի,

3) ռադիոակտիվ նյութերով, իոնացնող ճառագայթման այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով, էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող սարքավորումներով աշխատելու համար զինծառայողների, զինապարտների և աշխատողների պիտանիությունը,

4) զինծառայողների, ՀՀ սահմանների պաշտպանությանը մասնակցած անձանց ստացած հիվանդությունների, վնասվածքների, խեղումների ու ՀՀ սահմանների պաշտպանության, զինվորական պարտականությունների կատարման կամ զինվորական ծառայության, ինչպես նաև նրանց մահվան պատճառական կապը,

5) Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ԽՍՀՄ նախկին զինծառայողների և ՀՀ ԶՈՒ զինծառայողների ստացած հիվանդությունների ու վնասվածքների, խեղումների հետևանքների ու զինվորական ծառայության պատճառական կապը:

2. Փորձաքննությունն իրականացնում են ռազմաբժշկական և բժշկական հանձնաժողովները, որոնք որոշումներն ընդունում են «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի» (Հավելված 1), «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների առանձին հոդվածների ցանկի կիրառման պարզաբանումների» (Հավելված 2), «Ըստ զինվորական մասնագիտությունների լրացուցիչ պահանջների ցանկի» (Հավելված 3), «Ըստ հիվանդությունների փորձաքննության ենթակա անձանց և փորձաքննություն իրականացնող մարմինների ցանկի» (Հավելված 4), «Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող անձանց, զինծառայողների, ռազմաուսումնական հաստատությունների դիմորդների առողջական վիճակի և ֆիզիկական զարգացման սահմանափակումների աստիճանների ցանկի» (Հավելված 15) համաձայն:

3. Ըստ մասնագիտության զորակոչվող բարձրագույն բժշկական կրթությամբ զորակոչիկները փորձաքննվում են համաձայն «Հիվանդությունների և ֆիզիկական թերությունների ցանկի» 3-րդ սյունակի:

4. Երկրորդ սյունակի համաձայն հետագա ուսման համար ոչ պիտանի ճանաչված` ՌՈՒՀ-երի առաջին և երկրորդ կուրսերի կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) վերաբերյալ ԿՌԲՀ-ն միաժամանակ զինվորական ծառայության համար նրանց պիտանիության վերաբերյալ որոշում է ընդունում ըստ 1-ին սյունակի: Առաջին և երկրորդ կուրսերի կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) առողջական վիճակի ժամանակավոր փոփոխությունների դեպքում ԿՌԲՀ-ն ծառայողական պարտականություններից, պարապմունքներից նրանց ժամանակավորապես ազատելու կամ արձակուրդ հատկացնելու որոշումն ընդունում է 1-ին սյունակի համաձայն, իսկ հետագա ուսման համար նրանց պիտանիության մասին վերջնական որոշումն ընդունում է նրանց` ծառայողական պարտականություններից, պարապմունքներից ժամանակավորապես ազատելու ժամկետի կամ արձակուրդի ավարտից հետո` 2-րդ սյունակի համաձայն, իսկ հետագա, որպես պարտադիր զինծառայող, պիտանիությունը` 1-ին սյունակով:

Երրորդ կուրսից` կուրսանտների (սպայական կոչում չունեցող ունկնդիրների) բժշկական փորձաքննության ժամանակ ԿՌԲՀ-ն զինվորական ծառայության համար նրանց պիտանիության մասին որոշում է ընդունում 3-րդ և 1-ին սյունակների համաձայն:

5. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատողներ պատրաստող ՌՈՒՀ-երում դիմորդները փորձաքննության են ենթարկվում 4-րդ սյունակի համաձայն:

6. ՌՈՒՀ-ում սովորող արտերկրների քաղաքացիները փորձաքննվում են 2-րդ, 3-րդ, 4-րդ սյունակների համաձայն` ըստ տվյալ ՌՈՒՀ-ի, ֆակուլտետի պրոֆիլի: Որոշումն ընդունվում է միայն ՌՈՒՀ-ում սովորելու համար պիտանի կամ ոչ պիտանի լինելու վերաբերյալ, առանց նշելու սույն Կարգի համապատասխան հոդվածը:

7. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատելու, օդադեսանտային զորքերում ծառայության համար ոչ պիտանի ճանաչված զինծառայողների վերաբերյալ ԿՌԲՀ-ն միաժամանակ որոշում է ընդունում զինվորական ծառայության համար նրանց պիտանիության մասին` 1-ին կամ 3-րդ սյունակների համաձայն:

8. Վեց ամսից պակաս տևողությամբ կատարելագործման դասընթացների (այդ թվում` սպաների պատրաստման և վերապատրաստման) ուղարկվողները ռազմաբժշկական փորձաքննության չեն ենթարկվում:

9. ՌՆ, ԻՃ այլ աղբյուրներով, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող սարքերով աշխատանքի նշանակվող զինծառայողները 4-րդ սյունակով փորձաքննության են ենթարկվում միայն այն դեպքում, եթե նրանք, ըստ զինվորական կոչման, զորատեսակի, պիտանի են 1-ին կամ 3-րդ սյունակների հիման վրա:

10. Բժշկական հակացուցումներ չունեցող զինվորական մասնագիտություններով աշխատելու համար ընտրված զինծառայողներին ԿՌԲՀ-ն փորձաքննության է ենթարկում 1-ին, 3-րդ կամ 4-րդ սյունակների համաձայն` ըստ զինվորական կոչման և զինվորական մասնագիտության:

11. Կին զինծառայողները (զինապարտները) փորձաքննության են ենթարկվում ընդհանուր հիմունքներով` գինեկոլոգի պարտադիր մասնակցությամբ:

 

ԳԼՈՒԽ II
ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐՆ ՈՒ ՆՐԱՆՑ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ

 

2. Ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները

 

12. Ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող մարմիններն են.

1) ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովը (հաստիքային),

2) հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային),

3) հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողովը (արտահաստիքային),

4) կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային),

5) ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովը (արտահաստիքային` գործում է ընդունելության ժամանակ):

13. Բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինն է.

1) կենտրոնական բժշկական հանձնաժողովը (արտահաստիքային` գործում է զորակոչի ժամանակ),

2) զինկոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովները (արտահաստիքային` գործում են ամբողջ տարվա ընթացքում):

14. Փորձաքննություն իրականացնող մարմինները ղեկավարվում են ՀՀ օրենքներով, ՀՀ Նախագահի հրամանագրերով, ՀՀ կառավարության որոշումներով և իրավական այլ ակտերով:

 

3. Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՌԲՀ)

 

15. ԿՌԲՀ-ն ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական փորձաքննության հաստիքային մարմին է, որի նախագահը և մասնագետները նշանակվում են ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով: ԿՌԲՀ-ն համալրվում է թերապևտ, վիրաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, քիթ-կոկորդ-ականջ և մաշկավեներոլոգ բժիշկ-մասնագետներով:

ԿՌԲՀ-ն ունի ՀՀ զինանշանով կնիք, ձևաթերթիկներ և անհատականացման այլ միջոցներ:

16. ԿՌԲՀ-ի գործառույթներն են.

1) ՀՀ ԶՈՒ-ում կազմակերպել ռազմաբժշկական փորձաքննությունը, ղեկավարել և վերահսկել փորձաքննություն իրականացնող մարմինների աշխատանքը,

2) մշակել զինծառայողների և զինապարտների` զորամասերի միջև ըստ առողջական վիճակի նպատակահարմար բաշխման բժշկական ցուցումներ, ինչպես նաև ՀՀ տարբեր տարածաշրջաններում զինծառայության ընթացքում ռադիոակտիվ նյութերով և իոնացնող ճառագայթների այլ աղբյուրներով, հրթիռային վառելիքի բաղադրամասերով և խիստ թունավոր այլ նյութերով, 30-300 կհց հաճախականության դիապազոնի ԷՄԴ ստեղծող ռադիոտեխնիկական միջոցներով, օպտիկական քվանտային գեներատորներով (հետագայում ՌՆ ԻՃ այլ աղբյուրներ, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրներ) աշխատող զինծառայողների բժշկական հակացուցումներ,

3) պլանային (տարին մեկ անգամ), ինչպես նաև անհրաժեշտության դեպքում ՀՀ պաշտպանության նախարարին ներկայացնել հաշվետվություն` ԶՈՒ-ում իրականացվող ռազմաբժշկական փորձաքննության գործընթացի մասին,

4) որոշումներ ընդունել ստորադաս փորձաքննական մարմինների եզրակացությունները հաստատելու կամ մերժելու, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, զինծառայողներին և զինապարտներին փորձաքննության ենթարկելու վերաբերյալ,

5) որոշումներ ընդունել, հաստատել կամ անհրաժեշտության դեպքում վերանայել փորձաքննության ստորադաս մարմինների որոշումները` Հայրենական մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, զինծառայողների հիվանդությունների, վերքերի, վնասվածքների, խեղումների և կոնտուզիաների, մարտական գործողությունների, ՀՀ սահմանների պաշտպանությանն առնչվող պատճառական կապի վերաբերյալ,

6) ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից ուսումնասիրել զինվորական ու քաղաքացիական բուժհիմնարկներում հիվանդ զինծառայողների հետազոտման, բուժման և փորձաքննության որակն ու ընթացքը,

7) անհրաժեշտության դեպքում հիվանդ զինծառայողներին ուղարկել լրացուցիչ հսկողական բուժհետազոտման, պահանջել նրանց անձնական գործերը, թոշակավորման, բժշկական փաստաթղթերը, բնութագրերը, արխիվային տեղեկանքները և այլ փաստաթղթեր,

8) բուժական կամ վերականգնման նպատակով սույն Կարգով նախատեսված դեպքերում և ժամկետներով ազատել ծառայողական պարտականություններից կամ տրամադրել արձակուրդ,

9) փորձաքննություն իրականացնող մարմինների գործունեության կատարելագործման նպատակով ներգրավել քաղաքացիական և զինվորական բուժհիմնարկների առաջատար մասնագետների,

10) անհրաժեշտության դեպքում ներկայացնել կարծիք` երիտասարդ համալրման առողջական վիճակի վերաբերյալ,

11) զինված ուժերում ռազմաբժշկական փորձաքննության մարմինների գործունեության արդյունքները քննարկելու և գնահատելու համար տեղեկատվություն պահանջել ռազմաբժշկական ստորադաս մարմիններից, զորամասերից, զինվորական և քաղաքացիական հիմնարկներից,

12) ռազմաբժշկական փորձաքննության հարցերում ԿՌԲՀ-ի որոշումները վերջնական են և կարող են բողոքարկվել դատական կարգով:

 

4. Հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողով (ՀՌԲՀ)

 

17. ՀՌԲՀ-ն կազմավորվում է հոսպիտալի պետի հրամանով` ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի և ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ: ՀՌԲՀ-ի նախագահ, որպես կանոն, նշանակվում է հոսպիտալի պետի բուժգծով տեղակալը, անդամներ` առաջատար մասնագետները և առաջատար բաժանմունքների պետերը:

18. ՀՌԲՀ-ի գործառույթներն են.

1) իրականացնել զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, ՌՈՒՀ-եր ընդունվողների, զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված անձանց, զինապարտների, ՀՀ պաշտպանության նախարարության քաղաքացիական անձնակազմի բժշկական փորձաքննությունը,

2) ԿՌԲՀ ուղեգրվող անձանց նախապես ենթարկել փորձաքննության,

3) առանձին դեպքերում ներկայացնել կարծիք` զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ,

4) պարբերաբար ամփոփել իր գործունեության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ԿՌԲՀ,

5) որոշումներ ընդունել սույն Կարգի համաձայն,

6) ստուգել և վերահսկել հոսպիտալում բուժկանխարգելիչ գործընթացի կազմակերպումը ռազմաբժշկական փորձաքննության տեսակետից,

7) որոշում կայացնել շարային ծառայության համար պիտանիության վերաբերյալ,

8) որոշում ընդունել բուժական-վերականգնողական արձակուրդ տրամադրելու վերաբերյալ,

9) երկարաձգել բուժվող զինծառայողների բուժման ժամկետը` մինչև 15 օր,

10) անհրաժեշտության դեպքում հայտնել կարծիք զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ:

Զինծառայողների` զինծառայության համար պիտանիության աստիճանի մասին ՀՌԲՀ-ի որոշումները հաստատում կամ այլ որոշում է ընդունում ԿՌԲՀ-ն:

 

5. Հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողով (ՀՌԲՕՀ)

 

19. ՀՌԲՕՀ-ը կազմավորվում է հոսպիտալի պետի հրամանով` ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի և ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ, հետևյալ կազմով` նախագահ, առնվազն 4 բժիշկ-անդամ և քարտուղար: Որպես կանոն, հոսպիտալային ռազմաբժշկաօդաչուական հանձնաժողովի նախագահ է նշանակվում ռազմաօդաչուական բաժանմունքի պետը:

ՀՌԲՕՀ-ի որոշումները քննարկում, վերանայում և հաստատում է ԿՌԲՀ-ն:

20. ՀՌԲՕՀ-ի գործառույթներն են.

1) անցկացնել ՀՀ ԶՈՒ ավիացիայի օդաչուական կազմի, ՌՈՒՀ-եր ընդունվողների, բուժման նպատակով հոսպիտալներում գտնվող կուրսանտների բժշկական փորձաքննությունը,

2) ամփոփել ՀՀ ԶՈՒ ավիացիայի օդաչուական կազմի, ՌՈՒՀ-եր ընդունվողների, բուժման նպատակով հոսպիտալներում գտնվող կուրսանտների բուժման ու փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ԿՌԲՀ:

 

6. Կենտրոնական պոլիկլինիկայի ռազմաբժշկական հանձնաժողով (ԿՊ ՌԲՀ)

 

21. ԿՊ ՌԲՀ-ն կազմավորվում է ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի հրամանով` ԿՌԲՀ-ի նախագահի համաձայնությամբ և կենտրոնական պոլիկլինիկայի պետի ներկայացմամբ, հետևյալ կազմով` նախագահ, քարտուղար և առնվազն 2 բժիշկ-անդամ: ԿՊ ՌԲՀ-ի նախագահ կարող են նշանակվել պոլիկլինիկայի պետը կամ նրա տեղակալը, անդամներ` ԿՊ բաժնի պետերից:

22. ԿՊ ՌԲՀ-ի գործառույթներն են.

1) իրականացնել Երևանի կայազորի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների, տարբեր կայազորներից և զորամասերից ուղարկված զինծառայողների, ՌՈՒՀ-եր ընդունվողների, զինվորական ծառայության զորակոչվող պահեստազորի սպաների, ենթասպաների, շարքայինների, կանանց, ՀՀ ԶՈՒ քաղաքացիական անձնակազմի բժշկական փորձաքննությունը, ովքեր աշխատելու են ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՄԴ ստեղծող սարքերով,

2) որոշումներ ընդունել սույն Կարգի համաձայն,

3) ամփոփել ԿՊ-ում բուժում անցնող անձանց բուժման ու փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ՌԲՎ և ԿՌԲՀ,

4) ստացիոնար բուժում չպահանջող, սակայն աշխատունակության ժամանակավոր կորստով ուղեկցվող հիվանդությունների դեպքում տրամադրել բուժական արձակուրդ` մինչև 30 օր:

ԿՊ ՌԲՀ-ի ընդունած որոշումները հաստատում կամ այլ որոշում է ընդունում ԿՌԲՀ-ն:

 

7. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ռազմաբժշկական

հանձնաժողով

 

23. Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովը կազմավորվում է` հիմք ընդունելով ՌՈՒՀ-երի ընդունելությունը կազմակերպելու և անցկացնելու վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախարարի հրամանը, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետի հրամանով, հետևյալ կազմով` նախագահ (ՀՀ ԶՈՒ ՌԲՎ մասնագետ), անդամներ` թերապևտ, վիրաբույժ, վնասվածքաբան, ատամնաբույժ, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, ինչպես նաև բուժքույրեր և ռենտգեն-տեխնիկներ (զինվորական բուժհիմնարկներից):

24. ՌՈՒՀ-երի ընդունելության ռազմաբժշկական հանձնաժողովի գործառույթներն են.

1) անցկացնել ռազմաուսումնական հաստատություններ ընդունվողների ռազմաբժշկական փորձաքննությունը,

2) ամփոփել ՌՈՒՀ ընդունվողների, հոսպիտալներում գտնվող կուրսանտների բուժման ու փորձաքննության արդյունքները և հաշվետվություն ներկայացնել ընդունելության հանձնաժողովի նախագահին և ՌԲՎ պետին:

 

8. Կենտրոնական բժշկական հանձնաժողով (ԿԲՀ)

 

25. ԿԲՀ-ն կազմավորվում է ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված անհատական կազմով: Որպես կանոն, հանձնաժողովի նախագահ է նշանակվում ՀՀ զինվորական կոմիսարը, տեղակալ (բժիշկ), անդամներ` թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, մաշկաբան, օտոլարինգոլոգ, համակարգչային օպերատոր ու քարտուղար:

ԿԲՀ-ն բժշկական փորձաքննության ղեկավար մարմին է և հաշվետու է հանրապետական զորակոչային հանձնաժողովի նախագահին:

26. ԿԲՀ-ի գործառույթներն են.

1) բժշկական փորձաքննության ենթարկել զինկոմիսարիատներում նախնական բժշկական հետազոտում և փորձաքննություն անցած զորակոչիկներին,

2) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց բժշկական փորձաքննության աշխատանքներում գործնական և մեթոդական օգնություն ցուցաբերել զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովներին,

3) նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց հետազոտման և բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով համագործակցել առողջապահական մարմինների հետ,

4) զորակոչիկների առողջական վիճակի մասին գրավոր եզրակացություն ներկայացնել, եթե նրանք.

ա. պիտանի են ճանաչվել զինվորական ծառայությանը (կամ պիտանի զինվորական ծառայության` սահմանափակումով),

բ. տարկետում են ստացել առողջական վիճակի պատճառով` բուժման նպատակով,

գ. ժամանակավորապես ոչ պիտանի են ճանաչվել առողջական վիճակի պատճառով` պարտադիր զինվորական ծառայության համար,

դ. ոչ պիտանի են խաղաղ ժամանակ զինծառայության համար,

ե. ոչ պիտանի են ճանաչվել զինծառայության համար` հանելով զինվորական հաշվառումից,

5) վերահսկել զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովների գործունեությունը,

6) անհրաժեշտության դեպքում վերանայել նախկինում ընդունած իր որոշումները,

7) ՀՀ զորակոչային հանձնաժողովի հաստատմանը ներկայացնել ԿԲՀ-ի եզրակացությունները` զորակոչից հետո 20-օրյա ժամկետում:

27. Զորակոչիկների առողջական վիճակի վերաբերյալ ԿԲՀ-ի եզրակացությունները վերջնական են:

 

9. Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողով (ԶԲՀ)

 

28. Զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները կազմավորվում են «Զինապարտության մասին ՀՀ օրենքի համաձայն և գործում են ամբողջ տարվա ընթացքում` զինվորական կոմիսարի հաստատած ժամանակացույցի համաձայն: ԶԲՀ-ների կազմը մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը հաստատում են մարզպետները (Երևանում` քաղաքապետը)` համապատասխան զինվորական կոմիսարի ներկայացմամբ: ԶԲՀ-ների կազմում ընդգրկվում են թերապևտ, սրտաբան, վիրաբույժ, վնասվածքաբան, նյարդաբան, հոգեբույժ, ակնաբույժ, օտոլարինգոլոգ, մաշկաբան և բուժքույր: ԶԲՀ-ների մասնագետ-բժիշկների կազմից տարածքային զորակոչային հանձնաժողովի նախագահը նշանակում է ավագ բժիշկ, որը որպես փորձագետ ընդգրկվում է զորակոչային հանձնաժողովի կազմում:

29. ԶԲՀ-ի գործառույթներն են.

1) զինապարտներին փորձաքննության ենթարկել կցագրման, զորակոչի, վարժական հավաքների, ինչպես նաև զինված ուժերի համար մասնագետների պատրաստության և ՌՈՒՀ-երի թեկնածուների ընտրության ժամանակ,

2) փորձաքննության ենթարկել պահեստազորում հաշվառված զինապարտներին,

3) ներկայացնել եզրակացություն` զինվորական ծառայությանը զինապարտների պիտանիության (նաև` սահմանափակումով) մասին,

4) անհրաժեշտության դեպքում զինապարտներին ուղարկել ստացիոնար հետազոտման,

5) զորակոչիկների զինվորական ծառայությանը ոչ պիտանիության մասին եզրակացություն ներկայացնել ԿԲՀ,

6) ամփոփել փորձաքննության արդյունքները և այդ մասին զեկուցել ըստ վերադասության:

 

ԳԼՈՒԽ III
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ` ՆՐԱՆՑ ԶՈՐԱԿՈՉԱՅԻՆ ՏԵՂԱՄԱՍԵՐԻՆ ԿՑԱԳՐԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ

 

30. Քաղաքացիների բժշկական փորձաքննությունն իրականացվում է զինկոմիսարիատներում` այդ աշխատանքի համար հատուկ հարմարեցված և սարքավորված հավաքակետերում:

Բժշկական փորձաքննությունից առաջ կատարվում են զորակոչային տեղամասերին կցագրվող և պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող քաղաքացիների մարդաչափություն, ուժաչափություն, կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, ԷՍԳ, սպիրոմետրիա, արյան (հեմոգլոբին, լեյկոցիտներ, ԷՆԱ, արյան խումբ և ռեզուս գործոն, ՄՌՊ), մեզի անալիզ, կանխարգելիչ պատվաստումներ` ըստ օրացուցային պլանի կամ բժշկական ցուցումների, անհրաժեշտության դեպքում` այլ հետազոտություններ:

Պատվաստումների, արյան խմբի և ռեզուս-գործոնի վերաբերյալ տվյալները գրառվում են զինվորական գրքույկում:

31. Քաղաքացիների առողջական վիճակի փորձաքննությունը կազմակերպում է զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի ավագ բժիշկը:

32. Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ զինկոմիսարիատները կազմակերպում և անցկացնում են նրանց համակողմանի ուսումնասիրություն` առողջական և ֆիզիկական զարգացման վիճակը գնահատելու համար:

33. Այդ նպատակով զինկոմիսարիատները պահանջում և ուսումնասիրում են.

1) հոգեբուժական, հակատուբերկուլոզային և մաշկավեներաբանական դիսպանսերներում, ինչպես նաև նարկոլոգիական հաստատություններում հաշվառված անձանց ցուցակները,

2) աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից բնութագիր,

3) սոցիալական ապահովության բաժիններից` հաշմանդամ անձանց վերաբերյալ տեղեկություններ,

4) օժանդակ դպրոցներից` մտավոր հետամնաց և դժվար դաստիարակվող երեխաների բժշկական-մանկավարժական բնութագրեր,

5) իրավապահ մարմիններից` նախաքննության և հետաքննության մեջ գտնվող ու դատված անձանց մասին տեղեկություններ,

6) մանկան, դեռահասի առողջության անձնագիր, կատարված ռենտգեն հետազոտության տվյալները, որոնք դրվում են անձնական գործում մինչև ծառայության ավարտը, ինչպես նաև, ըստ անհրաժեշտության, տարած հիվանդությունների վերաբերյալ քաղվածք:

34. Քաղաքացիներին զորակոչային տեղամասերին կցագրելու և պարտադիր զինվորական ծառայության զորակոչելու ժամանակ բժիշկները նրանց առողջական վիճակը որոշում են անհատական գնահատման կարգով:

35. Բժշկական փորձաքննությունից հետո յուրաքանչյուր բժիշկ զորակոչիկի հաշվառման քարտում (ԿԲՀ փորձաքննությունից հետո` նաև բժշկական գրքույկում) գրանցում է ախտորոշումը, պարտադիր զինվորական ծառայության համար նրա պիտանիության մասին եզրակացությունը` համաձայն սույն Կարգի համապատասխան հոդվածի` նշելով բժշկական հետազոտման և փորձաքննության օրը, ամիսը, տարին, ստորագրում է այն` նշելով ազգանունը, անվան և հայրանվան սկզբնատառերը: Զինվորական ծառայության համար պիտանիությունը սահմանափակող հիվանդություններ, վնասվածքների հետևանքներ, ֆիզիկական թերզարգացում ունեցող զորակոչիկների վերաբերյալ ձևակերպվում է նաև բժշկի եզրակացություն:

Զորակոչիկները բժշկական փորձաքննություն են անցնում անձամբ` զինվորական կոմիսարիատում կազմված անձնական գործով, որը պետք է լինի կարված, համարակալված` վերջին էջում նշելով ցանկը, էջերի թվաքանակը և հաստատված լինի զորակոչի բաժնի պետի և ավագ բժշկի ստորագրությամբ:

36. Պիտանիության մասին փորձագետ-բժիշկը կարող է տալ հետևյալ եզրակացություններից որևէ մեկը.

1) պիտանի է զինվորական ծառայության,

2) պիտանի է զինվորական ծառայության` սահմանափակումով,

3) բուժման (բուժհսկողության) կարիք ունի,

4) բուժման համար տարկետման կարիք ունի` մինչև մեկ տարի,

5) ժամանակավորապես պիտանի չէ զինվորական ծառայության համար,

6) պիտանի չէ խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար,

7) պիտանի չէ` հանելով հաշվառումից:

37. Այն դեպքերում, երբ բժիշկները դժվարանում են վերջնականորեն որոշել զորակոչիկի առողջական վիճակը, զորակոչային հանձնաժողովը նրան հետազոտման է ուղարկում քաղաքացիական բուժհիմնարկ: ՈՒղեգրում նշվում է նրա նախնական ախտորոշումը և հատկապես` ինչ պետք է ճշտել հետազոտության ժամանակ: ՈՒղեգրին կցվում է առողջական վիճակի հետազոտման ակտը:

Բուժհիմնարկում հետազոտությունից հետո լրացվում է զորակոչիկի առողջական վիճակի հետազոտման ակտը: Այն ստորագրում է տվյալ բուժհիմնարկում ՀՀ ԱՆ հրամանով կազմած փորձաքննական հանձնաժողովը և հաստատվում բուժհիմնարկի կնիքով: Ակտը ներկայացվում է զինկոմիսարիատ, որի հիման վրա տրվում է եզրակացություն` զորակոչիկի պիտանիության մասին:

38. Բուժման և բժշկական հսկողության կարիք ունեցող նախազորակոչիկները կցագրման ժամանակ հաշվառվում են տարածքային (քաղաքային) զինկոմիսարիատում: Հաշվառվելուց հետո` 15 օրվա ընթացքում, նրանց վերաբերյալ տեղեկությունները ցուցակով փոխանցվում են համապատասխան առողջապահական մարմիններ:

Եթե կցագրման ժամանակ քաղաքացիների մոտ հայտնաբերվել են բուժման ոչ ենթակա հիվանդություններ և ֆիզիկական թերություններ, ապա նրանք ցուցակում չեն հաշվառվում:

39. Այն դեպքերում, երբ զորակոչիկի առողջական վիճակը թույլ չի տալիս նրան զորակոչել, նա ներկայացվում է ԿԲՀ` վերջնական որոշում կայացնելու համար: Կցագրման ժամանակ հաշվառումից հանելով կամ խաղաղ ժամանակ զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված նախազորակոչիկներին անհրաժեշտության դեպքում ուղարկում է լրացուցիչ հետազոտման ԿԲՀ-ն:

40. Առանձին դեպքերում ախտորոշումը ճշտելու նպատակով ԿԲՀ-ն կարող է զորակոչիկին հսկողական հետազոտման ուղարկել զինվորական բուժհիմնարկ: Հետազոտությունից հետո կազմվում է առողջական վիճակի հետազոտման ակտ (Հավելված 9): Այն հաստատվում է բուժհիմնարկի կնիքով և ուղարկվում է ԿԲՀ-ի որոշմանը:

41. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն ժամանակավորապես խանգարող, բայց բուժման ենթակա հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովը տալիս է տարկետում` մինչև մեկ տարի ժամկետով: Տարկետման ժամկետը լրանալուց հետո, անկախ առողջական վիճակից, զորակոչիկները կրկին ներկայացվում են ԿԲՀ:

Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և դժվար բուժվող հիվանդություններ ունեցող զորակոչիկներին հանրապետական զորակոչային հանձնաժողովն առողջական վիճակի պատճառով տալիս է տարկետում` 3 տարի ժամկետով: Զորակոչից առողջական վիճակի պատճառով 3 տարի ժամկետով տարկետում կարող է տրվել 1 անգամ, որից հետո` առողջական վիճակը նկատի ունենալով, նրանք կամ զորակոչվում են, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար և հաշվառվում պահեստազորում, կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար, հաշվառվում պահեստազորում կամ ոչ պիտանի են ճանաչվում խաղաղ ժամանակ` հանվելով զինվորական հաշվառումից:

Ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զորակոչիկներին, տարկետման ժամկետի ավարտից հետո պիտանի ճանաչվելու դեպքում, մեկ այլ հիվանդությամբ բուժման կարիք ունենալու ժամանակ տրվում է տարկետում` մինչև 1 տարի` օրենքով սահմանված կարգով:

Հայտարարված զորակոչի ընթացքում 24 տարին լրացող և առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար առաջին անգամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված զորակոչիկները (բացառությամբ` ասպիրանտուրա ավարտածները) ենթակա են պահեստազորում հաշվառման:

42. Զորակոչից տարկետում ստացած և բուժման կարիք ունեցող զորակոչիկին ԿԲՀ բժիշկ-մասնագետի եզրակացությամբ զինկոմիսարիատն ուղեգրում է համապատասխան բուժհիմնարկ` համապատասխան բուժում ստանալու համար, իսկ դինամիկ հսկողության անհրաժեշտություն ունեցողներին` տեղամասային պոլիկլինիկա: Զինվորական կոմիսարը հսկողություն է իրականացնում զորակոչիկի բուժման ընթացքի նկատմամբ:

43. Պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուն խանգարող և անբուժելի հիվանդություններ կամ արատներ ունեցող զորակոչիկները հանրապետական զորակոչային հանձնաժողովի կողմից խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելիս հաշվառվում են պահեստազորում կամ ճանաչվում են խաղաղ կամ պատերազմական պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի` հանվելով զինհաշվառումից:

44. Պատերազմական ժամանակ զորակոչիկներին և զինապարտներին զորակոչից տարկետում տրվում է մինչև 2 ամիս: Բժշկական ցուցումներով այն կարող է երկարացվել ևս 4 ամսով: Տարկետման ավարտից հետո զորակոչիկները և զինապարտները ենթարկվում են բժշկական փորձաքննության` զինվորական ծառայության համար նրանց պիտանիությունը որոշելու համար:

45. Սույն կարգի 1-ին հավելվածի I սյունակի 1բ, 2բ, 3բ, 4բ, 6բ, 8բ, 14բ, 21բ, 23բ, 25բ, 26բ, 29բ, 33բ, 35բ, 39բ, 41ա, 42բ, 58ա, 80, 82բ և 83բ հոդվածներով, լեղապարկի, փայծաղի վիրահատական, երիկամի բնածին կամ վիրահատական հեռացումից հետո, ներքին օրգանների մակաբուծային կիստաների վիրահատություններից հետո, թոքի 2 և ավելի սեգմենտների, ստամոքսի մասնահատումից և սրտի արատների վիրահատությունից հետո, ներքին օրգանների լրիվ ինվերսիայի դեպքում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված անձինք խաղաղ պայմաններում ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվում են պահեստազորում:

i

45.1. Այն զորակոչիկներին, ովքեր հայտարարված զորակոչի ընթացքում փորձաքննության արդյունքներով առնվազն 5 տարբեր հոդվածներով ճանաչվում են պիտանի զինվորական ծառայությանը սահմանափակումով, տրվում է տարկետում բուժման նպատակով` մինչև մեկ տարի ժամկետով:

(45.1-ին կետը լրաց. 13.06.16 թիվ 9-Ն հրաման)

46. Զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված զորակոչիկներին զորակոչվելուց անմիջապես առաջ զննում են զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները:

47. ԿՌԲՀ եզրակացությամբ առողջական վիճակի պատճառով ոչ ճիշտ զորակոչված և ծառայության ընթացքում վաղաժամկետ զորացրման դեպքերում ԿՌԲՀ-ն հրավիրում է նիստ` Հանրապետական զինկոմիսարիատի ավագ բժշկի, ԿԲՀ-ի համապատասխան մասնագետի, համապատասխան զինվորական կոմիսարի և զինկոմիսարիատի ավագ բժշկի մասնակցությամբ: Քննարկման արդյունքների վերաբերյալ ԿՌԲՀ նախագահը զեկուցում է ՀՀ պաշտպանության նախարարին:

 

ԳԼՈՒԽ IV
ՊԱՀԵՍՏԱԶՈՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԶԻՆԱՊԱՐՏՆԵՐԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

48. Պահեստազորում հաշվառված զինապարտների բժշկական փորձաքննությունը տարածքային զինվորական կոմիսարի կարգադրությամբ իրականացնում են զինկոմիսարիատների բժշկական հանձնաժողովները.

1) պարտադիր զինվորական ծառայության զորակոչելիս,

2) վարժական հավաքների կանչելիս,

3) պահեստազորում հաշվառված զինապարտի` իր առողջական վիճակից գանգատներ հայտնելու կամ նրա առողջական վիճակի փոփոխության վերաբերյալ այլ տվյալների առկայության դեպքերում,

4) հաշվառման նպատակներով:

Փորձաքննվողների թվաքանակը խաղաղ պայմաններում մեկ աշխատանքային օրվա ընթացքում չպետք է անցնի 50-ը (պատերազմական ժամանակ 100-ը):

49. Պահեստազորում հաշվառված զինապարտները փորձաքննվում են ըստ I, II, III, IV սյունակների (պայմանավորված զինվորական կոչումով և ռազմահաշվառման մասնագիտությամբ)` վիրաբույժի, թերապևտի, սրտաբանի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, օտոլարինգոլոգի և այլ մասնագետ-բժիշկների կողմից: Անցկացվում են կրծքավանդակի օրգանների ֆլյուորոգրաֆիկ հետազոտություն, արյան և մեզի անալիզ ԷՍԳ հետազոտություն, չափվում է նաև ներակնային ճնշումը:

50. Մինչև փորձաքննությունն սկսվելը, զինկոմիսարիատը փորձաքննվողների տվյալները ճշտելու համար հոգեբուժական, հակատուբերկուլոզային, մաշկավեներոլոգիական դիսպանսերներից և նարկոլոգիական հաստատություններից պահանջում է հաշվառման վերցված անձանց անվանացուցակները, ինչպես նաև աշխատանքի վայրից կամ ուսումնական հաստատությունից` բնութագրեր: Այս փաստաթղթերը, իսկ սպայական կազմի և ենթասպաների համար նաև անձնական գործերը, զինկոմիսարիատն ուսումնասիրման է ներկայացնում բժշկական հանձնաժողովին:

51. Պահեստազորում հաշվառված զինապարտների բժշկական փորձաքննության տվյալները և զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովի որոշումն արձանագրվում են զինապարտների հետազոտության և բժշկական փորձաքննության քարտերում: Զինվորի, սերժանտի և ավագի զինվորական կոչում ունեցող զինապարտների քարտերը պահվում են զինկոմիսարիատում` մինչև հաջորդ բժշկական փորձաքննությունը, իսկ սպայական կազմի և ենթասպաների քարտերը մշտապես մնում են նրանց անձնական գործերում:

52. Սույն Կարգի` անհատական մոտեցում պահանջող հոդվածները կիրառելիս, սպայական կազմի վերաբերյալ ընդունվում է ստորև նշված որոշումներից որևէ մեկը.

1) պիտանի է ծառայության համար սահմանափակումով,

2) պիտանի չէ ծառայության խաղաղ պայմաններում, սահմանափակ պիտանի է պատերազմական ժամանակ:

Սույն Կարգի այն հոդվածները կիրառելիս, որոնք պահեստազորի սպայական կազմի համար նախատեսում են զորակոչից տարկետում, զինկոմիսարիատն այդ անձանց ուղարկում է բուժման:

53. Եթե բժիշկները դժվարանում են վերջնականորեն գնահատել զինապարտի առողջական վիճակը, ապա նա հետագայում ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտման է ուղարկվում տվյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում բժշկական փորձաքննություն անցնելու համար: Եթե ամբուլատոր կամ ստացիոնար հետազոտությունն անցկացվել է զինվորական բուժհիմնարկում, ապա բժշկական փորձաքննությունը կատարում են ԿՊ ՌԲՀ-ն կամ հոսպիտալային ՌԲՀ-ն: ԿՊ ՌԲՀ-ն կամ հոսպիտալային ՌԲՀ-ն որոշումն ուղարկում է ԿՌԲՀ` հաստատման: Զինապարտների առողջական վիճակի հետազոտման ակտը ԿՌԲՀ-ի որոշմամբ ուղարկվում է զինկոմիսարիատ:

54. Զինապարտների հետազոտման և բժշկական փորձաքննության արդյունքները ձևակերպվում են.

1) քաղաքացիական բուժհիմնարկներում` առողջական վիճակի հետազոտման ակտով,

2) զինվորական բուժհիմնարկներում` առողջական վիճակի հետազոտման ակտով. ՀՌԲՀ կամ ԿՊ ՌԲՀ-ում փորձաքննվողների համար` տեղեկանքի, իսկ ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և հաշվառումից հանելու ենթակա պահեստազորի սպայական կազմի համար` հիվանդության վկայականի ձևով: Ընդ որում, ՌԲՀ-ի որոշման մեջ նշվում է հիվանդության (վերքի, վնասվածքի, ցնցակաթված. խեղման) պատճառական կապը ճակատում լինելու, զինվորական ծառայության և ծառայողական պարտականությունների կատարման հետ:

55. Եթե զինապարտը բժշկական փորձաքննության ժամանակ ճանաչվել է բուժման կարիք ունեցող (ստանում է տարկետում), ապա զինկոմիսարիատը նրան ուղարկում է համապատասխան բուժհիմնարկ: Զինապարտի բուժման հարցը գտնվում է զինկոմիսարիատի հսկողության տակ: Բուժման ավարտից հետո զինապարտը ենթարկվում է կրկնակի փորձաքննության տվյալ զինկոմիսարիատի բժշկական հանձնաժողովում:

56. Վարժական հավաքների ընթացքում հիվանդություն, վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննության դեպքում պատճառական կապի մասին որոշումն ընդունվում է ստացած հիվանդության, վերքի, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման վերաբերյալ զորամասի հրամանատարության ներկայացրած տեղեկանքի և բժշկական փաստաթղթերի հիման վրա: Ընդ որում, ընդունվում է ստորև նշված որոշումներից որևէ մեկը.

1) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունը, այո, ստացել է զինվորական պարտականությունները կատարելիս,

2) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունն ստացել է դժբախտ դեպքի հետևանքով, ոչ, կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ,

3) կոնտուզիան (վնասվածքը, խեղումը, վերքը), հիվանդությունը զարգացել է դժբախտ դեպքի հետևանքով, ոչ, կապված չէ զինվորական ծառայության պարտականությունների կատարման հետ:

57. Վարժական հավաքների ընթացքում վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննությունն անցկացվում է բուժումն ավարտվելուց հետո` անկախ այն բանից, թե դրանց հետևանքները զինվորական ծառայության սահմանափակում առաջացրել են, թե ոչ: Հիվանդության, վերքի, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ ԿՌԲՀ-ի որոշումը գրանցվում է հիվանդության պատմության մեջ, նիստերի արձանագրությունների գրքում, տեղեկանքում կամ հիվանդության վկայականում: Հիվանդության վկայականը ԿՌԲՀ-ի որոշմամբ հրամանատարն ուղարկում է զինապարտին զորակոչած զինկոմիսարիատ: Վարժական հավաքների ընթացքում հիվանդություն, վերք, վնասվածք, կոնտուզիա ստացած կամ խեղանդամ դարձած զինապարտների բժշկական փորձաքննության այն դեպքերում, երբ անցկացվում է հետաքննություն կամ հարուցված է քրեական գործ, ԿՌԲՀ-ն պատճառական կապի վերաբերյալ որոշում չի կայացնում: Այն ընդունում են իրավապահ մարմինները` գործի քննությունն ավարտվելուց հետո:

Այն դեպքերում, երբ զինապարտի համար հիվանդության վկայական չի կազմվում, վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի կամ խեղման պատճառական կապի վերաբերյալ տեղեկանքը տրվում է զինապարտին` ԿՌԲՀ-ի կողմից, համապատասխան գրանցում կատարելով նիստերի արձանագրությունների գրքում:

58. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են բժշկական փորձաքննության` 5 տարին մեկ անգամ:

59. «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչված և պահեստազորում հաշվառված զինապարտները ենթակա են փորձաքննության պատերազմական ժամանակ:

60. Եթե պահեստազորի (զորացրված) գեներալը կամ սպան պահանջում է վերանայել ԿՌԲՀ-ի որոշումը (զորացրման հոդվածը փոխելու նպատակով) կամ որոշում կայացնել, որ ինքը զինվորական ծառայության համար պիտանի է, ապա զինկոմիսարիատը ԿՌԲՀ է ուղարկում նրա դիմումը, անձնական գործը, բժշկական գրքույկը և զինկոմիսարիատում առկա բժշկական այլ փաստաթղթեր: ԿՌԲՀ-ն կարող է պահանջել դիմողի առողջական վիճակի վերաբերյալ տարբեր քաղաքացիական և զինվորական բուժկանխարգելիչ հաստատություններում առկա այլ փաստաթղթեր: Անհրաժեշտության դեպքում ԿՌԲՀ-ն կարող է գործն ուղարկել վերափորձաքննության: Նրանց համար ձևակերպվում է հիվանդության վկայական կամ տեղեկանք: ԿՌԲՀ-ն որոշում է կայացնում նաև հիվանդության (վիրավորվելու, վնասվածքի, կոնտուզիայի, խեղման) պատճառական կապի վերաբերյալ: Պահեստի գեներալը կամ սպան կարող է անմիջականորեն դիմել ԿՌԲՀ:

61. Սպայի զինվորական կոչումն անվանարկելու համար զորացրված կամ օրինախախտման համար դատված անձինք բժշկական վերափորձաքննություն չեն կարող անցնել, բացառությամբ այն դեպքերի, երբ նրանց մոտ հայտնաբերվում է ծառայության ընթացքում չհայտնաբերված որևէ հոգեկան հիվանդություն, որի պատճառով կատարել են օրինախախտում:

 

ԳԼՈՒԽ V
ՌԱԶՄԱՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

62. ՌՈՒՀ-երի դիմորդներն անցնում են նախնական և վերջնական (առաջնային և երկրորդային) ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննություն: Հետազոտվողների թվաքանակը խաղաղ ժամանակ մեկ օրում չպետք է անցնի 50-ը, իսկ պատերազմական ժամանակ` 100-ը:

63. Նախքան առաջնային ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունն անցնելը, բոլոր դիմորդները (բացի` թռիչքային պատրաստման անձնակազմը) անցնում են կրծքավանդակի օրգանների ռենտգենաբանական (ֆլյուորոգրաֆիկ) հետազոտություն, որովայնի օրգանների սոնոգրաֆիա, կատարվում են արյան, մեզի ընդհանուր անալիզ և ԷՍԳ, անհրաժեշտության դեպքում նաև այլ հետազոտություններ: Հետազոտությունների տվյալները գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:

Յուրաքանչյուր դիմորդ փորձաքննվում է թերապևտի, վիրաբույժի, նյարդաբանի, հոգեբույժի, ակնաբույժի, ատամնաբույժի, օտոլարինգոլոգի, մաշկաբան-վեներոլոգի և այլ բժիշկ մասնագետների կողմից:

64. Ռազմաբժշկական (բժշկական) փորձաքննությունից առաջ բժիշկները հետազոտում են թեկնածուների առողջական վիճակի վերաբերյալ տվյալներ ներառող փաստաթղթերը.

1) քաղաքացիների դեպքում` ամբուլատոր բժշկական քարտը և դեռահասի ներդիր թերթիկը,

2) զինծառայողների դեպքում` բժշկական գրքույկը` հերթական բժշկական հետազոտման տվյալներով (սպայական անձնակազմի համար` վերջին 3 տարվա) և ՌՈՒՀ ընդունվելու համար դիմորդի պիտանիության մասին զորամասի բժշկի եզրակացությամբ:

Նշված փաստաթղթերում դիմորդի առողջական վիճակին վերաբերող և ՌՈՒՀ ընդունվելը սահմանափակող կամ չսահմանափակող տվյալները գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի բժշկական փորձաքննության քարտում:

65. Եթե ՌՈՒՀ ընդունվող սպաների մոտ հայտնաբերվում են ծառայությունը սահմանափակող հիվանդություններ (կարիք ունեն անհատական մոտեցման), ապա այդ սպաները պիտանի են միայն հեռակա ուսուցման ֆակուլտետներ և ադյունկտուրա ընդունվելու համար:

66. Պատերազմական ժամանակ ՌՈՒՀ ընդունվող ժամկետային զինծառայողները և քաղաքացիական անձինք փորձաքննվում են համաձայն I, սպաները և ենթասպաները` III սյունակների:

67. ՌՈՒՀ ուղարկվելուց առաջ բոլոր դիմորդներն անցնում են կրկնակի բժշկական փորձաքննություն, որի արդյունքները և բժշկական հանձնաժողովի եզրակացությունը գրանցվում են ՌՈՒՀ ընդունվողի ռազմաբժշկական փորձաքննության քարտի համապատասխան սյունակում, իսկ զինծառայող-դիմորդների դեպքում` նրանց բժշկական գրքույկում:

Պատերազմական ժամանակ կրկնակի բժշկական փորձաքննություն չի անցկացվում:

Զինծառայող-դիմորդների բժշկական գրքույկները ՌԲՀ-ի որոշմամբ ուղարկվում են ընդունող հանձնաժողովներին կամ կնքված վիճակում տրվում են դիմորդներին:

68. Վերջնական բժշկական փորձաքննության ժամանակ անհրաժեշտության դեպքում կարող են անցկացվել տարբեր հետազոտություններ, ընդհուպ ստացիոնար հետազոտությունը ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկում:

69. Ոչ պիտանի ճանաչված դիմորդի բժշկական փորձաքննության քարտը 3 օրվա ընթացքում ուղարկվում է համապատասխան զինկոմիսարիատ, որտեղ այդ փաստի վերաբերյալ նշանակվում է ծառայողական քննություն:

 

ԳԼՈՒԽ VI
ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

70. Աշխատանքային մեկ օրվա ընթացքում ռազմաբժշկական փորձաքննություն անցնող զինծառայողների թվաքանակը խաղաղ ժամանակ չպետք է գերազանցի 50-ը, պատերազմական ժամանակ` 100-ը:

71. Ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու իրավասություն ունեն.

1) ժամկետային զինծառայողներին` զորամասերի հրամանատարները, ԿՌԲՀ-ի նախագահը, ՀՀ ԶՈՒ ՌԲՎ պետը, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, զինվորական դատախազությունը, ոստիկանությունը և դատարանները,

2) սպաներին, ենթասպաներին և կին զինծառայողներին` ուղղակի հրամանատարները` սկսած գնդի հրամանատարից, զինվորական դատախազությունը և դատարանը, իսկ պատերազմական ժամանակ` նաև կայազորների պետերը, հաստիքային ՌԲՀ-ների նախագահները, ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունների պետերը, կայազորների պարետները:

Եթե սպաների, ենթասպաների և կին զինծառայողների հետազոտման և բուժման ընթացքում հայտնաբերվում են խաղաղ ժամանակ ծառայության համար ոչ պիտանիություն կամ հաշվառումից հանելով ոչ պիտանիություն պայմանավորող հիվանդություններ (վիրավորվելու, վնասվածքի, խեղման հետևանքներ), ապա այդպիսի անձինք ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության, որի վերաբերյալ հիվանդության պատմության մեջ կատարվում է համապատասխան գրանցում:

72. Ժամկետային զինծառայողները հիվանդության պատճառով արձակուրդ ստանալու կամ ծառայողական պարտականություններից ազատվելու համար ռազմաբժշկական փորձաքննության կարող են ուղարկվել այն ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկի պետի հրահանգով, որտեղ նրանք գտնվում են ստացիոնար կամ ամբուլատոր բուժման մեջ:

Զինվորական կամ քաղաքացիական բուժկանխարգելիչ հիմնարկներում բուժվող (հետազոտվող) այն ժամկետային զինծառայողները, որոնց ծառայության ժամկետը լրացել է և որոնք ենթակա են զորացրման, բուժումն ավարտվելուց կամ հիվանդության (վիրավորվելու) պատճառով հետևանքների ի հայտ գալուց հետո ուղարկվում են ռազմաբժշկական փորձաքննության:

72.1. Առողջական վիճակի վերաբերյալ գանգատի առկայության դեպքում բժշկական զննության ենթակա են նաև պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվող ժամկետային զինծառայողները:

(72.1-ին կետը լրաց. 16.03.16 թիվ 5-Ն հրաման)

73. Ժամկետային զինծառայողներին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելիս տրվում են.

1) ուղեգիր, որտեղ նշվում են ուղարկվողի պաշտոնը, զինվորական կոչումը, ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, բժշկական փորձաքննության նպատակը և նախնական ախտորոշումը,

2) բժշկական գրքույկը,

3) ըստ անհրաժեշտության տրվում են նաև.

ա. ըստ առողջական վիճակի պարտադիր զինվորական ծառայության ոչ ճիշտ զորակոչված ժամկետային զինծառայողներին` դեռահասի ներդիր թերթիկը, ինչպես նաև նախազորակոչային շրջանում նրանց առողջական վիճակի վերաբերյալ այլ փաստաթղթեր,

բ. մինչև պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելը և ծառայության ընթացքում հոգեկան խանգարումներ, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական հիվանդություններ, գիշերամիզություն ունեցող, ինչպես նաև տարբեր վնասվածքների հետևանքներից տառապող անձանց` ծառայողական և բժշկական բնութագրեր,

գ. նկատի ունենալով առողջական վիճակը` զինծառայողին ըստ մասնագիտության զբաղեցրած պաշտոնում հետագայում թողնելու մասին հրամանատարության և զորամասի բժշկի կարծիքները,

դ. վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի պատճառով բժշկական փորձաքննության ուղարկվող անձանց` տեղեկանք վիրավորվելու, վնասվածքի, խեղման կամ կոնտուզիայի վերաբերյալ (Հավելված 12):

74. Զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքի չհասած սպաները, ենթասպաները և կին զինծառայողները, որպես կանոն, բժշկական փորձաքննության ուղարկվում են ծառայողական և բժշկական բնութագրերով:

Ռազմական բուժկանխարգելիչ հաստատությունը և ՌԲՀ-ն իրավունք ունեն անհրաժեշտության դեպքում զինվորականների համար պահանջել ծառայողական և բժշկական բնութագրեր:

75. Զորամասի բժիշկն իրավունք ունի մասնակցելու ԿՊ-ի կամ հոսպիտալային ՌԲՀ-ի նիստերին, հանձնաժողովին զեկուցելու փորձաքննվողի առողջական վիճակի հսկողության արդյունքների, ծառայողական պարտականությունների կատարման վրա զինվորի հիվանդությունների ազդեցության մասին, իր կարծիքը հայտնելու փորձաքննական հնարավոր եզրակացությունների վերաբերյալ:

76. Զինծառայող կանանց հղիության պատճառով արձակուրդ տրվում է համաձայն ՌԲՀ-ի որոշման` գործող օրենսդրությանը համապատասխան, հղիության մասին տեղեկանք ներկայացնելուց հետո:

 

ԳԼՈՒԽ VII
ՌՆ, Իճ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ, ՀՎԲՄ, ԷՄԴ ՍՏԵՂԾՈՂ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԸՆԴՈՒՆՎՈՂՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏ ԱՇԽԱՏՈՂ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՈՒ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՌԱԶՄԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ

 

77. ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար ընդունվող և դրանց հետ աշխատող զինծառայողների և ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն անցկացնում են կայազորային, հոսպիտալային և հատուկ նշանակության ՌԲՀ-ները` համաձայն սույն Կարգի 1-ին հավելվածի IV սյունակի, զորամասի բժշկի և հրամանատարության ներկայացուցչի պարտադիր մասնակցությամբ:

Առանց նախնական ռազմաբժշկական փորձաքննության արգելվում է զինծառայողներին և ծառայողներին ընդունել ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

78. Զորամասի հրամանատարությունը նախօրոք ՌԲՀ է ներկայացնում ռազմաբժշկական փորձաքննության ենթակա զինծառայողների և ծառայողների ցուցակը` նշելով ռազմաբժշկական փորձաքննության նպատակը, մասնագիտական ստաժը, իսկ ՌՆ, Իճ այլ աղբյուրների հետ աշխատողների համար` նաև անհատական դոզաչափական ստուգման տվյալները: ՌԲՀ-ի նիստից առաջ հրամանատարության ներկայացուցիչը զեկուցում է փորձաքննվողների աշխատանքային պայմանների մասին, իսկ բուժծառայության պետը` նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում փորձաքննողների առողջական վիճակի հսկողության արդյունքների մասին:

79. ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատող զինծառայողների և ծառայողների ռազմաբժշկական փորձաքննությունն անցկացվում է ըստ բժշկական ցուցումների, տարեկան առնվազն մեկ անգամ, իսկ էլեկտրամագնիսական դաշտ ստեղծող աղբյուրների հետ աշխատողների համար` երկու տարին մեկ անգամ:

Նիստերի միջև ընկած ժամանակաշրջանում այդպիսի անձինք անցնում են բժշկական զննում:

80. Ժամանակին ռազմաբժշկական փորձաքննության ուղարկելու պատասխանատվությունը կրում են զորամասի հրամանատարը և բժիշկը:

81. Ժամանակին ռազմաբժշկական փորձաքննություն չանցած զինծառայողներին և ծառայողներին ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատել չի թույլատրվում:

82. Արտահերթ ռազմաբժշկական փորձաքննության ենթակա են առողջական վիճակից գանգատներ ունեցող, հիվանդության պատճառով ստացած արձակուրդից վերադարձած զինծառայողները, ինչպես նաև ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատանքի համար ոչ պիտանի ճանաչելու հիմք հանդիսացող հիվանդություններ տարած անձինք:

ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատանքի համար ավելի վաղ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչված անձինք ուղարկվում են ստացիոնար հետազոտության, որից հետո փորձաքննվում են 3-12 ամիսը մեկ անգամ (բացառությամբ` հղիության պատճառով արձակուրդ ստացած կանայք):

83. Եթե կասկած կա, որ զինծառայողները և ծառայողները մասնագիտական հիվանդություն ունեն, ապա նրանք ստացիոնար հետազոտության և ռազմաբժշկական փորձաքննության են ուղարկվում միայն ռազմական բուժկանխարգելիչ հիմնարկներ: Միաժամանակ ներկայացվում է աշխատանքային պայմանների և մասնագետի աշխատանքի տեղի սանիտարահիգիենիկ բնութագիրը: Այդ բնութագիրը քաղաքացիական հիմնարկներ չի ներկայացվում:

84. Այն դեպքերում, երբ ենթադրվում է, որ զինծառայողը և աշխատողը, մասնագիտական ախտահարմամբ պայմանավորված, կարող են ոչ պիտանի ճանաչվել ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար, ՌԲՀ-ի նիստին հրավիրվում է ճառագայթաբան-բժիշկ կամ թունաբան-բժիշկ:

85. Անհատական մոտեցում պահանջող հիվանդությունների առկայության դեպքում որոշում ընդունելիս նկատի են առնվում հիվանդության արտահայտվածության աստիճանը, ընդհանուր և մասնագիտական ստաժը, փաստացի աշխատունակությունը, զորամասի հրամանատարության և բժշկի կարծիքը:

Պատերազմական ժամանակ այդպիսի դեպքերում մասնագետը ճանաչվում է պիտանի աշխատելու ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ:

86. Եթե փորձաքննվողն ունի մի շարք հիվանդություններ, որոնք առանձին վերցրած չեն սահմանափակում նրա պիտանիության աստիճանը, որոշումն ընդունվում է խիստ անհատապես` նկատի ունենալով հիվանդության բնույթը և ֆունկցիոնալ խանգարման աստիճանը:

87. 18 տարին չլրացած անձանց, հղի և կրծքով կերակրող կանանց ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատել չի թույլատրվում:

88. ՌՆ, Իճ այլ աղբյուրների, ՀՎԲՄ, ԷՄԴ ստեղծող աղբյուրների հետ ըստ մասնագիտության աշխատելու համար ոչ պիտանի ճանաչված ծառայողներին զորամասի հրամանատարությունն ուղարկում է ՌԲՀ` փորձաքննության:

 

--------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Պաշտպանության նախարարություն
08.04.2013
N 410-Ն
Հրաման