Սեղմել Esc փակելու համար:
{09.09.2016 - 31.12.2017} ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

{09.09.2016 - 31.12.2017} ՀՀ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ...

Ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.09.2016  -ից մինչեւ   31.12.2017  -ը:     անցնել գործող խմբագրությանը
 

 

040.1920.170112

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 դեկտեմբերի 2011 թվականի N 1920-Ն

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 609-Ն ՈՒ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 208-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ, 14.3-րդ, 17-րդ և 30-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ և 57-րդ հոդվածները, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

i

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը` համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

2. ՈՒժը կորցրած ճանաչել`

i

1) Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 609-Ն որոշումը.

i

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների պարզեցված գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» N 208-Ն որոշումը:

2.1. (2.1-ին կետն ուժը կորցրել է 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

i

(2.1-ին կետը լրաց. 02.04.15 թիվ 412-Ն որոշում)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 18.08.16 թիվ 855-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 17-ԻՆ

 

Հավելված

i

ՀՀ կառավարության

2011 թվականի դեկտեմբերի 29-ի

N 1920-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման ընթացակարգերին ներկայացվող հիմնական պահանջների հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացող պահանջները: Հայաստանի Հանրապետության մարզպետների և համայնքների ղեկավարների իրավասություններին առնչվող հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենքներով:

2. Համայնքի վարչական սահմաններում քաղաքաշինական գործունեությունը կանոնակարգվում է համայնքի գլխավոր հատակագծով, քաղաքաշինական գոտևորման նախագծով, ինչպես նաև համակցված տարածական պլանավորման փաստաթղթով (այսուհետ` քաղաքաշինական ծրագրային կամ տարածական պլանավորման փաստաթղթեր): «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով սահմանված «բազմաբնակավայր» համայնքների համար քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը մշակվում են համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման սկզբունքով` սույն կարգով գլխավոր հատակագծերի համար սահմանված ընթացակարգով` կարգի N 2 հավելվածի 6-րդ և 7-րդ կետերում նշված կազմով և բովանդակությամբ:

3. Համաձայն «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 14.3-րդ հոդվածի պահանջների` համայնքի գլխավոր հատակագիծը`

1) հանդիսանալով ռազմավարական բնույթի քաղաքաշինական ծրագրային (տարածական պլանավորման) փաստաթուղթ` սահմանում է`

ա. համայնքի տարածական զարգացման հիմնական ուղղությունները,

բ. քաղաքաշինական գործունեության օբյեկտ հանդիսացող հողերի օգտագործման ռեժիմները, պարտադիր պահանջներն ու սահմանափակումները,

գ. հողատարածքների կառուցապատման առաջնահերթ (մինչև 5 տարի), միջնաժամկետ (5-10 տարի) և հեռանկարային (10-15 տարի) փուլերը,

դ. համայնքի վարչական սահմաններում ընդգրկված հողամասերի նպատակային նշանակությունը և (կամ) դրանց փոփոխությունները` օրենքի և սույն կարգի պահանջների կատարման ապահովմամբ,

ե. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ և սահմանափակումներ.

2) մշակվում է համայնքի վարչական սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ.

3) օրենքի 14.3-րդ հոդվածի 4-րդ մասում նշված համայնքների համար (բացառությամբ օրենքի 14.4-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված միկրոռեգիոնալ միավորների կազմում ընդգրկված համայնքների) մշակվում է պարզեցված տեսքով (այսուհետ` պարզեցված գլխավոր հատակագիծ)` սահմանելով տարածական զարգացման անվտանգության, շրջակա միջավայրի պահպանության, քաղաքաշինական նպատակներով հողօգտագործման կանոնակարգման ու արդյունավետ կառավարման ապահովմանն ուղղված, օրենքով և սույն կարգով նախատեսված պարտադիր պահանջները.

4) մշակվում է համայնքային բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին.

5) համայնքի ղեկավարի ներկայացմամբ` հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ` օրենքի և սույն կարգի պահանջներին համապատասխան:

4. Համաձայն օրենքի 14.4-րդ հոդվածի պահանջների` համակցված տարածական պլանավորման փաստաթուղթը (այսուհետ` համակցված փաստաթուղթ)`

1) օրենքի 14.4-րդ հոդվածի 1-ին մասում նշված համայնքների խմբերի համար (այսուհետ` միկրոռեգիոնալ միավորներ) միկրոռեգիոնալ և տեղական մակարդակները համադրող քաղաքաշինական ծրագրային փաստաթուղթ է, որում համատեղվում են տարածքային հատակագծման նախագծի, գլխավոր հատակագծի և գոտևորման նախագծի վերաբերյալ` օրենքի 14.4-րդ հոդվածով և սույն կարգով սահմանված նորմերը.

2) մշակվում է միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված բոլոր հողատարածքների ներառմամբ` կանոնակարգելով ինչպես տեղական, այնպես էլ` միկրոռեգիոնալ միավորների համար ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող տարածական զարգացման խնդիրները.

3) հաստատվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշմամբ, միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված համայնքների ավագանիների` համայնքների գոտևորման նախագծերը հաստատելու մասին համապատասխան որոշումների առկայության դեպքում:

5. Համակցված փաստաթղթի նպատակն է քաղաքաշինական պլանավորման միջոցով ապահովել դիտարկվող տարածքի նպատակային օգտագործմանն ու կայուն զարգացմանը, բնական և պատմամշակութային ժառանգության պահպանմանը, ինչպես նաև կենսագործունեության բարենպաստ տարածական միջավայրի և այլ անհրաժեշտ պայմանների ձևավորմանը նպատակաուղղված` տարածքային կազմակերպման հիմնական դրույթների պահանջների կատարումը:

6. Գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը, օրենքի 14.3-րդ հոդվածի 5-րդ ու 6-րդ մասերի և սույն կարգի պահանջներին համապատասխան, համայնքի ղեկավարի ներկայացմամբ` հաստատվում է համայնքի ավագանու որոշմամբ:

7. Միկրոռեգիոնալ միավորման համակցված փաստաթղթի նախագծման առաջադրանքը հաստատվում է Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետի որոշմամբ` միկրոռեգիոնալ միավորի սահմաններում ընդգրկված համայնքների մասով ավագանիների որոշումների առկայության դեպքում:

8. Համայնքի գլխավոր հատակագիծը, ինչպես նաև համակցված փաստաթուղթը (այդ թվում` դրա կազմում մշակվող հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները) հաստատելու մասին համապատասխան որոշումներում առանձին դրույթներով ամրագրվում են հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները (հողամասերի կատեգորիաների տրանսֆորմացիան) և սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությամբ սահմանված փուլերը:

9. Նախքան համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելը` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և նախագծման առաջադրանքների նախագծերը` գլխավոր հատակագծի մշակման դեպքում համայնքի ղեկավարը, համակցված փաստաթղթի մշակման դեպքում մարզպետը (այսուհետ` իրավասու մարմին) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե (այսուհետ` լիազոր մարմին) համաձայնեցման և Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի (այսուհետ` միջգերատեսչական հանձնաժողով կամ հանձնաժողով) եզրակացությունը ստանալու համար:

10. Լիազոր մարմինն ուսումնասիրում է փաստաթղթերը և իր կողմից քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով առարկություններ չունենալու, իսկ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի դեպքում նաև դրանց վերաբերյալ ՀՀ օրենքներով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով նախատեսված փորձաքննական դրական եզրակացությունների առկայության դեպքում, օրենքի 14.3-րդ հոդվածի 6-րդ մասի և սույն կարգի պահանջներին համապատասխան` դրանք ներկայացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարություն, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ոստիկանություն (այսուհետ` պետական կառավարման մարմիններ) և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզպետարան, ինչպես նաև միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպություններ` կարծիքի:

11. Հաստատված գլխավոր հատակագիծ կամ համակցված փաստաթուղթ ունեցող համայնքներում անշարժ գույքի միավոր հանդիսացող հողամասի (այսուհետ` առանձին հողամաս) նպատակային նշանակության փոփոխության վերաբերյալ առաջարկությունն իրավասու մարմնի կողմից ներկայացվում է լիազոր մարմին, ընդ որում, համակցված փաստաթղթի դեպքում համապատասխան համայնքի ղեկավարն այն ներկայացնում է մարզպետին, որն ստանալու օրվանից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում` իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազոր մարմին կամ մերժում է` հիմնավորման մեջ հղում կատարելով մերժման համար հիմք հանդիսացող իրավական ակտի կոնկրետ դրույթին:

12. Լիազոր մարմինը սույն կարգի 11-րդ կետում նշված առաջարկություններն ուսումնասիրում է և իր կողմից քաղաքաշինական խնդիրներին առնչվող մասով առարկություններ չունենալու դեպքում, ներկայացնում է նաև տվյալ հարցին առնչվող պետական կառավարման մարմին (մարմիններ) և (կամ) համապատասխան մարզպետին` կարծիքի:

13. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, նախագծման առաջադրանքները և առանձին հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունները համապատասխան մարմինների կողմից կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում: Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծերի դեպքում միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը փոխարինում է (համարժեք է) պետական համալիր փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի եզրակացությանը:

14. Միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը տրվում է, եթե համաձայնեցման ներկայացված փաստաթղթերի վերաբերյալ պետական կառավարման մարմինների, համապատասխան մարզպետի և կազմակերպությունների (այսուհետ` շահագրգիռ մարմիններ) կարծիքները դրական են: Այն դեպքերում, երբ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության առաջարկությունը լիազոր մարմնի կողմից ներկայացվել է համաձայնեցման միայն հարցին առնչվող մարմնին (մարմիններին), միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ուժի մեջ է մտնում` շահագրգիռ մարմիններին վերջինիս օրինակը ներկայացնելու օրվանից 7 աշխատանքային օր հետո, եթե այդ ժամկետում շահագրգիռ մարմիններից գրավոր առարկություն չի ստացվում:

15. Այն դեպքում, երբ շահագրգիռ մարմիններից ստացվել են համապատասխան իրավական ակտերի կոնկրետ դրույթներին հղումներ պարունակող բացասական կարծիքներ (դիտողություններ և առաջարկություններ), լիազոր մարմինը նախագիծը վերադարձնում է լրամշակման, կցելով` ներկայացված դիտողությունների և առաջարկությունների ամփոփ տեղեկանքը: Եթե կրկին ներկայացված փաստաթղթում հաշվի են առնված բոլոր դիտողությունները և առաջարկությունները, փաստաթղթի վերաբերյալ կազմվում է դրական եզրակացություն: Այն դեպքում, երբ լրամշակված նախագծում ընդունվել են ոչ բոլոր դիտողությունները կամ փոփոխությունները կատարվել են մասնակիորեն, լիազոր մարմինը լրամշակված փաթեթը համաձայնեցնում է բացասական կարծիք ներկայացրած շահագրգիռ մարմնի (մարմինների) հետ:

16. Լրամշակված փաստաթղթերի վերաբերյալ կրկին բացասական կարծիք (կարծիքներ) ստանալու կամ սույն կարգի 14-րդ կետում նշված` դրական եզրակացության վերաբերյալ առարկություն ներկայացվելու դեպքում, լիազոր մարմինը` բացասական կարծիքը (առարկությունը) սույն կարգի պահանջներին համապատասխան հիմնավորված լինելու դեպքում, փաթեթը վերադարձնում է իրավասու մարմնին` կցելով մերժման հիմքերը կամ, անհրաժեշտ հիմնավորման բացակայության դեպքում` հարցը ներկայացնում է միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը:

17. Լիազոր մարմինը կարող է միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կարծիքը ստանալ նաև հարցման միջոցով` էլեկտրոնային կապի միջոցների կիրառմամբ: Հանձնաժողովի անդամի կարծիքը համարվում է ստացված, եթե այն արտահայտվել է շահագրգիռ մարմնի կողմից ստորագրված փաստաթղթում:

18. Հանձնաժողովի նիստում (կամ հարցման արդյունքում) հարցի վերաբերյալ միասնական կարծիք չձևավորելու դեպքում, լիազոր մարմինն ամփոփում է կարծիքները և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` մշտապես գործող տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի (այսուհետ` նախարարական կոմիտե) առաջիկա նիստում զեկուցելու համար: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է հարցի վերաբերյալ հանձնաժողովի վերջնական որոշումն ընդունելու համար:

19. Առանց միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և (կամ) դրանց փոփոխությունների իրավական հետևանքները սահմանված են օրենքի 14.3-րդ հոդվածի 8-րդ մասով:

20. Օրենքի պահանջներին համապատասխան գլխավոր հատակագծի, համակցված փաստաթղթի կազմում կամ որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գոտևորման նախագծերը (նույնն է ինչ գոտիավորման նախագիծը) մշակվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ սահմանված կարգով: Ընդ որում`

1) գլխավոր հատակագծի կազմում մշակվող գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.

2) համակցված փաստաթղթի կազմում մշակվող գոտևորման նախագիծը հաստատվում ու փոփոխվում է օրենքով և սույն կարգով համակցված փաստաթղթի հաստատման և (կամ) փոփոխման համար նախատեսված պահանջների ապահովմամբ.

3) որպես ինքնուրույն փաստաթուղթ մշակվող գոտևորման նախագիծը, եթե այն հանգեցնում է գլխավոր հատակագծի և (կամ) համակցված փաստաթղթի փոփոխություններին, հաստատվում ու փոփոխվում է սույն կարգի պահանջների ապահովմամբ, համապատասխանաբար գլխավոր հատակագծում և (կամ) համակցված փաստաթղթում համապատասխան փոփոխությունների հաստատումից հետո:

21. Օրենքի 14.3-րդ հոդվածի 31-րդ մասի պահանջով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաստատված գլխավոր հատակագծով սահմանված պայմանները պարտադիր են քաղաքաշինական գործունեության բոլոր սուբյեկտների համար, տարածվում են անշարժ գույքի բոլոր օբյեկտների վրա` անկախ սեփականության ձևից, սեփականատերերի կամ օգտագործողների փոփոխման դեպքում պահպանում են իրենց ուժը և հիմք են քաղաքաշինական գործունեության իրականացման, վերահսկողության ու վիճելի հարցերի լուծման համար:

22. Գլխավոր հատակագծի իրագործումը, համաձայն դրանով սահմանված միջոցառումների ծրագրի, ապահովում է համայնքի ղեկավարը` օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում և կարգով: Համայնքի ղեկավարը տարեկան մեկ անգամ, մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը, լիազոր մարմին է ներկայացնում գլխավոր հատակագծին համապատասխան իրականացված միջոցառումները և գլխավոր հատակագծով չնախատեսված առանձին հողամասերի մասով կատարված փոփոխությունները` տեղադրված համայնքի ընթացիկ քարտեզի վրա, քարտեզին կցելով` սույն կարգի N 3 հավելվածի Ձև 2-ում նշված տեխնիկատնտեսական ցուցանիշների և N 4 հավելվածի Ձև 3-ի լրացված աղյուսակները:

23. Սույն կարգի 21-րդ և 22-րդ կետերով գլխավոր հատակագծի համար սահմանված դրույթները տարածվում են նաև համակցված փաստաթղթերի վրա, ընդ որում` 22-րդ կետում նշված ընթացիկ քարտեզը և աղյուսակները միկրոռեգիոնալ միավորման մեջ ընդգրկված համայնքների ղեկավարները մինչև հաշվետու տարվա դեկտեմբերի 20-ը ներկայացնում են համապատասխան մարզպետին, որը սույն կարգի N 3 և N 4 հավելվածների Ձև 3-ներին համապատասխան ամփոփում է ստացված նյութերը և մինչև դեկտեմբերի 25-ը ներկայացնում լիազոր մարմին:

24. Սույն կարգով նախատեսված ընթացակարգով հաստատվելուց հետո գլխավոր հատակագծի և (կամ) համակցված փաստաթղթի փոփոխությունները`

1) կատարվում են օրենքով և սույն կարգով գլխավոր հատակագծի և (կամ) համակցված փաստաթղթի մշակման ու հաստատման համար նախատեսված ընթացակարգով, եթե`

ա. գլխավոր հատակագծի, համակցված փաստաթղթի (սույն կարգի իմաստով` տարածական պլանավորման փաստաթուղթ) հաստատումից հետո` դրանում չնախատեսված առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունների հանրագումարը գերազանցում է բնակավայրի սահմաններում ընդգրկված հողերի 10 տոկոսը: Բնակավայրի սահմաններից դուրս գտնվող ընդերքօգտագործման նպատակով կատարվող փոփոխությունների դեպքում սույն կետի սահմանափակումը չի կիրառվում, եթե վերջինիս վերաբերյալ առկա է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության դրական եզրակացությունը,

բ. տարածական պլանավորման փաստաթուղթը հաստատվելուց հետո` առաջին չորս տարվա ավարտին դեռևս չեն իրականացվել սույն կարգի N 2 հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ե» պարբերությունում նշված առաջնահերթ միջոցառումների առնվազն 50 տոկոսը:

2) սույն կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում նշված դեպքերում իրավասու մարմինը գլխավոր հատակագծով (համակցված փաստաթղթով) չնախատեսված փոփոխությունների անհրաժեշտության դեպքում պետք է նախաձեռնի համայնքի տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակման կամ նոր փաստաթղթի մշակման աշխատանքներ: Համակցված փաստաթղթի դեպքում նշված աշխատանքները կարող են իրականացվել փաստաթղթում ընդգրկված առանձին համայնքի (բնակավայրի) մասով:

3) հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները, եթե դրանք չեն հանգեցնում հողամասի նպատակային նշանակության փոփոխությանը, կատարվում են համայնքների ղեկավարների կողմից, բացառությամբ սույն կետի 3-րդ ենթակետում նշված դեպքերի, երբ հողամասի գործառնական նշանակությունը կարող է փոխվել միայն լիազոր մարմնի համաձայնությամբ: Քաղաքաշինական գործունեության իրականացում չնախատեսող դեպքերում, հողամասի սեփականատերը կամ օգտագործման իրավունք ունեցող անձը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 1-ի: Համայնքի ղեկավարը սույն կարգով սահմանված ժամկետներում և կարգով ընթացք է տալիս դիմումին (փոփոխում է հողամասի գործառնական նշանակությունը կամ համապատասխան հիմնավորմամբ մերժում է, կամ սույն կետի 3-րդ ենթակետով սահմանված դեպքերում ներկայացնում է լիազոր մարմնի համաձայնեցմանը)` դիմումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում: Քաղաքաշինական գործունեության իրականացում նախատեսող դեպքերում հողամասերի գործառնական նշանակության փոփոխությունները կատարվում են հողամասի սեփականատիրոջը կամ օգտագործողին Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված կարգով նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանքի) տրամադրման շրջանակներում:

3) սույն կետի 2-րդ ենթակետում նշված հողերի գործառնական նշանակության փոփոխությունները համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ, եթե`

ա. դրանք առնչվում են Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերին,

բ. դրանք առնչվում են սույն կարգի 10-րդ կետում նշված շահագրգիռ մարմինների կանոնադրական խնդիրներին,

գ. հողամասերը գտնվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների (գոտիների) տարածքներում,

դ. հողամասերը նախատեսված են բարձր և բարձրագույն ռիսկայնության` IV և V կատեգորիաների շինարարական օբյեկտների կառուցման համար,

ե. հողամասերը նախատեսված են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի (այդ թվում` պետությանը տրամադրված վարկային և դրամաշնորհային) միջոցների հաշվին կամ դրանց ներգրավմամբ օբյեկտների կառուցման համար:

4) սույն կետի 3-րդ ենթակետի ա-ե պարբերություններում նշված դեպքերում լիազոր մարմնի նախաձեռնությամբ հարցը կարող է ներկայացվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստի քննարկմանը կամ համաձայնեցվել խնդրին առնչվող շահագրգիռ մարմնի (մարմինների) հետ:

5) սույն կետի 1-ին ենթակետում չնշված դեպքերում առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը կատարվում է սույն կարգի 62-րդ և 63-րդ կետերով սահմանված դրույթներին համապատասխան, ընդ որում, հողամասի յուրաքանչյուր մեկ կադաստրային միավորի համար կազմվում է առանձին գործ.

5) առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը չի իրականացվում հիմնադրութային փաստաթղթի մշակմամբ և չի համարվում շրջակա միջավայրի վրա ազդեցության և քաղաքաշինական համալիր փորձաքննությունների ենթակա գործունեություն.

6) անկախ առանձին հողամասի գործառնական կամ նպատակային նշանակության փոփոխման հանգամանքից` գլխավոր հատակագծով կամ համակցված փաստաթղթով չնախատեսված` «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված օբյեկտներին վերաբերող` լիազոր մարմնի համաձայնեցմանը ներկայացված գործերը, քաղաքաշինական նորմերին համապատասխանության դեպքում, լիազոր մարմինը ներկայացնում է հակահրդեհային և տեխնիկական անվտանգության բնագավառի պետական լիազորված մարմին (նպատակային նշանակության փոփոխության դեպքում` կցելով շահագրգիռ մարմինների կարծիքները), որը հինգ աշխատանքային օրվա ընթացքում իր դրական կամ բացասական (հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթին) եզրակացությունը տրամադրում է առաջարկությունը լիազոր մարմին ներկայացրած համապատասխան մարմնին` դրա մասին տեղեկացնելով լիազոր մարմնին:

25. Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու նպատակով հողամասի սեփականատերը կամ օգտագործողը համայնքի ղեկավարին ներկայացնում է դիմում` համաձայն սույն կարգի N 4 հավելվածի Ձև 2-ի: Համայնքի ղեկավարը դիմումն ստանալու օրվանից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում`

1) օրենքով սահմանված կարգով ընդունում է որոշում հողամասի նպատակային նշանակության փոփոխման մասին, եթե տվյալ հողամասի համար այդպիսի նպատակային նշանակություն սահմանված է տարածական պլանավորման փաստաթղթով.

2) սույն կարգի 62-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմին, եթե տվյալ հողամասի համար գլխավոր հատակագծով սահմանված է այլ նպատակային նշանակություն.

3) սույն կարգի 63-րդ կետով սահմանված կարգով ներկայացնում է համապատասխան մարզպետին, եթե տվյալ հողամասի համար համակցված փաստաթղթով սահմանված է այլ նպատակային նշանակություն: Մարզպետն իր դրական եզրակացության հետ միասին ներկայացնում է լիազոր մարմին, կամ մերժում է` հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթին:

26. Սույն կարգի N 1 հավելվածով սահմանվում են համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման նախագծման առաջադրանքին և անհրաժեշտ ելակետային նյութերին ներկայացվող պահանջները:

27. Սույն կարգի N 2 հավելվածով սահմանվում են համայնքների գլխավոր հատակագծերի, պարզեցված գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները:

28. Սույն կարգի N 3 հավելվածով սահմանվում են համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերով նախատեսված հողամասերի նպատակային նշանակության փոփոխությունների ներկայացման ձևաչափը և տեխնիկատնտեսական ցուցանիշները:

29. Սույն կարգի N 4 հավելվածով սահմանվում են հողամասի գործառնական ու նպատակային նշանակությունների փոփոխման վերաբերյալ դիմումների ձևերը և առանձին հողամասերի մասով տարածական պլանավորման փաստաթղթերում կատարված փոփոխությունների վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ներկայացվող ամենամյա տեղեկատվության ձևաչափը:

30. Քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին ներկայացվող հիմնական պահանջները, համայնքների զարգացման ծրագրերի հետ փոխկապակցվածությունը, դրանց մշակմանն ուղղվող ֆինանսական միջոցների գոյացման և անհրաժեշտ ելակետային նյութերի տրամադրման առանձնահատկությունները, պետական կամ համայնքային նշանակության նոր ծրագրի ընդունման հետևանքով տարածական պլանավորման փաստաթղթում անհրաժեշտ փոփոխություններն արտացոլելու, համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզի վարման պայմանները, հիմնական (բազային) և օժանդակ գոտիավորմանը ներկայացվող պահանջները, հաստատված տարածական պլանավորման փաստաթղթի հիման վրա տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կառուցապատման նպատակով հողօգտագործմանը, հողամասերի նկատմամբ իրավունքի պետական գրանցմանը և քաղաքաշինական թույլտվությունների տրամադրմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև համայնքները քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով ապահովելու վերջնաժամկետը սահմանված են օրենքով և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով:

 

II. ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻ ՄՇԱԿՄԱՆ, ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ, ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ, ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

31. Գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքը կազմում է համայնքի ղեկավարը, իսկ համակցված փաստաթղթի առաջադրանքը` մարզպետը:

32. Համակցված փաստաթղթի առաջադրանքը` տարածքային հատակագծման նախագծի մասով կազմում է մարզպետը և միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների ղեկավարների կողմից կազմված և ավագանիների հավանությանն արժանացած գոտևորման նախագծերի մշակման առաջադրանքների հետ միասին ամփոփում մեկ ընդհանուր փաստաթղթում:

33. Իրավասու մարմինն առաջադրանքի նախագիծը կազմելուց հետո համայնքի (միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների) բնակչությանն իրազեկում է առաջադրանքի հասարակական քննարկման օրվա և ժամի, ինչպես նաև մինչև քննարկումն առաջադրանքի բովանդակությանը ծանոթանալու հնարավորության մասին:

34. Քննարկումը կարող է նշանակվել դրա մասին իրազեկման օրվանից ոչ շուտ, քան 10 աշխատանքային օր անց` 5-օրյա ժամկետում:

35. Համայնքի (համայնքների) բնակիչները կարող են մինչև քննարկման օրը իրավասու մարմին ներկայացնել առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններ` անհրաժեշտ հիմնավորումներով:

36. Իրավասու մարմինը հասարակական քննարկման արդյունքում արված առաջարկություններն ամփոփում է և անհրաժեշտության դեպքում լրամշակում առաջադրանքի նախագիծը քննարկման օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում, որից հետո սույն կարգի N 1 հավելվածի պահանջներին համապատասխան լրացրած նախագծման առաջադրանքի նախագիծը ներկայացնում է լիազոր մարմին` համաձայնեցման:

37. Լիազոր մարմինը, առաջադրանքի նախագծին համաձայնություն տալու դեպքում, նախագիծը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է շահագրգիռ մարմիններին` առաջադրանքի վերաբերյալ առաջարկություններ և համայնքին առնչվող ելակետային նյութեր, տվյալներ և իրականացվող ու նախատեսվող ոլորտային ծրագրերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով:

38. Այն դեպքում, երբ առաջադրանքի նախագիծը կազմված է թերություններով և այն աշխատանքային կարգով հնարավոր չէ լրամշակել, լիազոր մարմինը, համապատասխան հիմնավորումներով, առաջադրանքը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում այն վերադարձնում է իրավասու մարմնին` լրամշակման:

39. Շահագրգիռ մարմիններն առաջադրանքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն և սույն կարգի 37-րդ կետում նշված նյութերը տրամադրում են լիազոր մարմնին, առաջադրանքի նախագիծը ստանալու օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում: Լիազոր մարմինը, ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն և 5 աշխատանքային օրվա ընթացքում իրավասու մարմնին է տրամադրում շահագրգիռ մարմինների առաջարկությունների ու դիտողությունների հիման վրա լրամշակված առաջադրանքի նախագիծը, կցելով հանձնաժողովի եզրակացությունը և ստացված ելակետային նյութերը: Եթե սույն կետում նշված ժամկետում առաջադրանքի նախագծի վերաբերյալ շահագրգիռ մարմնի կողմից առաջարկություն չի ներկայացվում, լիազոր մարմինն ամփոփում է առաջադրանքի նախագիծը ստացված կարծիքների հիման վրա:

40. Իրավասու մարմինը, ստանալով համաձայնեցված առաջադրանքի նախագիծը բնակչությանը իրազեկելու նպատակով փակցնում է այն հայտարարությունների պատին և հրապարակում իր պաշտոնական կայքում (համակցված փաստաթղթի դեպքում նաև միկրոռեգիոնալ միավորի մեջ ընդգրկված համայնքների կայքերում), որից հետո 15 օրվա ընթացքում բնակչությունից գրավոր առարկություններ չստանալու դեպքում առաջադրանքի նախագիծը ներկայացնում է ավագանու հաստատմանը (համակցված փաստաթղթի դեպքում` մարզպետի հաստատմանը): Հիմնավորված առաջարկություններ ստանալու դեպքում իրավասու մարմինը ներառում է դրանք առաջադրանքում, 5-օրյա ժամկետում համաձայնեցնում փոփոխությունները լիազոր մարմնի հետ, որից հետո ներկայացնում հաստատման:

41. Քաղաքաշինական ոլորտի հիմնադրութային փաստաթղթերի նախնական գնահատման հայտի փորձաքննությունը և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի նախագծման առաջադրանքի համաձայնեցման գործընթացները կարող են համատեղվել` Հայաստանի Հանրապետության օրենքների և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի պահանջների ապահովման դեպքում:

42. Առաջադրանքը հաստատելուց հետո իրավասու մարմինը «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ընտրված` նախագծային աշխատանքներ իրականացնող` քաղաքաշինական փաստաթղթերի մշակման լիցենզիա ունեցող կապալառուի հետ (այսուհետ` կատարող) կնքում է պայմանագիր, նրան է փոխանցում իր տրամադրության տակ գտնվող ելակետային նյութերը: Բացակայող ելակետային նյութերի հավաքագրման պարտավորությունը պայմանագրով կարող է դրվել կապալառու կազմակերպության վրա:

43. Ելնելով տարածական պլանավորման փաստաթղթի առանձնահատկություններից, ծավալից և (կամ) բարդությունից` լիազոր մարմնի կամ իրավասու մարմնի նախաձեռնությամբ փաստաթղթի մշակման աշխատանքների նախագծային կապալի պայմանագրով սահմանված փուլերը կարող են քննարկվել միջգերատեսչական հանձնաժողովի նիստում` վերջինիս առաջարկությունների և դիտողությունների հիման վրա հետագա աշխատանքները շարունակելու նպատակով:

44. Իրավասու մարմինը, ստանալով նախագծող կազմակերպությունից ավարտված նախագիծը, ուսումնասիրում է այն և նախագծի հիմնական լուծումների հետ համաձայն լինելու դեպքում նախագիծը ստանալուց 7 աշխատանքային օրվա ընթացքում նախագծային փաստաթղթերը ներկայացնում է քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության լիցենզիա ունեցող անձին` քաղաքաշինական փորձաքննության` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

45. Նախագծային փաստաթղթերը փորձաքննության կարող են ներկայացվել կատարողի կողմից, եթե այդպիսի պայման նախատեսված է նախագծային աշխատանքների կապալի պայմանագրով: Փորձաքննությունն իրականացվում է պատվիրատուի (կամ պայմանագրով նախատեսված դեպքերում` կատարողի) և փորձաքննություն իրականացնողի միջև կնքվող պայմանագրի համաձայն:

46. Տարածական պլանավորման փաստաթղթերը ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման և փորձաքննության` «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

47. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 28-ի N 660 որոշմամբ նախատեսված իրավասու մարմնի կողմից հասարակության իրազեկումն իրականացվում է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված հասարակական լսումների շրջանակներում:

48. Իրավասու մարմինը գլխավոր հատակագծի (համակցված տարածական պլանավորման փաստաթղթի) նախագիծը, նախագծի վերաբերյալ քաղաքաշինական և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունների դրական եզրակացությունները, ինչպես նաև հասարակական լսումների արձանագրությունը ներկայացնում է լիազոր մարմին` մեկ օրինակ թղթային և 15 օրինակ էլեկտրոնային կրիչների վրա` նախագծի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը ստանալու նպատակով:

49. Լիազոր մարմինն ուսումնասիրում է գլխավոր հատակագծի նախագիծը և կից փաստաթղթերն ու հավանություն տալու դեպքում` նախագիծը ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում այն շահագրգիռ մարմինների համաձայնեցմանը: Նախագծի վերաբերյալ դիտողություններ և առարկություններ ունենալու դեպքում` նույն ժամկետում նախագիծը վերադարձնում է լրամշակման` կցելով իր դիտողությունները` համապատասխան հիմնավորումներով: Լիազոր մարմնի դիտողությունները ներկայացվում են նաև նախագիծը մշակող կապալառու կազմակերպությանը և նախագծի վերաբերյալ փորձաքննության դրական եզրակացություն տրամադրած անձին:

50. Սույն կարգի 62-րդ կետի պահանջներին համապատասխան ներկայացված առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաթեթը լիազոր մարմնի կողմից ուսումնասիրվում է և համաձայնություն տալու դեպքում` փաթեթը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացվում է հարցին առնչվող շահագրգիռ մարմնի (մարմինների) համաձայնեցմանը, կամ առարկություններ ունենալու դեպքում նույն ժամկետում վերադարձնում է իրավասու մարմնին, կցելով իր առարկությունները` համապատասխան հիմնավորումներով:

51. Իրավասու մարմինը տարածական պլանավորման փաստաթղթի (առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման) վերաբերյալ առարկություններն ստանալուց հետո ուղղում է թերությունները և լրամշակված փաթեթը ներկայացնում լիազոր մարմին:

52. Շահագրգիռ մարմինները տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները 15 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ներկայացնում են լիազոր մարմին, նշված ժամկետում առաջարկություններ ու դիտողություններ չներկայացնելու դեպքում, համարվում է, որ կարծիք չներկայացրած մարմինը քննարկվող փաստաթղթերի վերաբերյալ առարկություններ չունի:

53. Տարածական պլանավորման փաստաթղթի կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ շահագրգիռ մարմինների առաջարկություններն ու դիտողությունները պետք է ներկայացվեն սպառիչ և հիմնավորվեն` հղումներ կատարելով համապատասխան իրավական ակտերի կոնկրետ դրույթներին:

54. Լիազոր մարմինը 10 աշխատանքային օրվա (առանձին հողամասի դեպքում` 5 աշխատանքային օրվա) ընթացքում ամփոփում է շահագրգիռ մարմիններից ստացված առաջարկություններն ու դիտողությունները, ընդ որում`

1) բոլոր շահագրգիռ մարմիններից դրական կարծիքներ ստանալու դեպքում, լիազոր մարմինը կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը (հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրությամբ) և 3 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում իրավասու մարմին և միջգերատեսչական հանձնաժողովի անդամներին.

2) շահագրգիռ մարմիններից հիմնավորված դիտողություններ և առաջարկություններ ստանալու դեպքում, տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման փաթեթը վերադարձվում են իրավասու մարմնին` լրամշակման:

Լրամշակված նախագիծը ներկայացվում է ամբողջական կազմով, կցելով ստացված առաջարկությունների և դիտողությունների վերաբերյալ ամփոփ տեղեկանքը, կատարված փոփոխությունների նշումով (գծագրի համարը, տեքստային մասի համապատասխան բաժինը, կետը և այլն), կամ առաջարկությունը չընդունելու դեպքում` համապատասխան հիմնավորմամբ:

3) Սույն կետի 2-րդ ենթակետում նշված տարածական պլանավորման փաստաթղթի լրամշակված նախագիծը կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման լրամշակված փաթեթը լիազոր մարմինը` դրանք ստանալուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում (առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում) ուսումնասիրում և, եթե ընդունվել են բոլոր դիտողություններն և առաջարկությունները կազմում է միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և լրամշակված փաթեթի հետ միասին ուղարկում հանձնաժողովի անդամներին: Եթե հանձնաժողովի անդամներին տրամադրելուց հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվում, եզրակացությունը ուժի մեջ է մտնում և լիազոր մարմնի կողմից տրամադրվում իրավասու մարմնին:

55. Այն դեպքում, երբ լրամշակված փաթեթում ընդունվել են ոչ բոլոր դիտողություններն ու առաջարկությունները կամ դրանք կատարվել են մասնակիորեն, լիազոր մարմինը ներկայացնում է փաթեթը դիտողությունները ներկայացրած համապատասխան մարմին (մարմիններ)` համաձայնեցման կամ, լրամշակումն անբավարար գտնելու դեպքում` վերադարձնում փաթեթն իրավասու մարմնին:

56. Կրկին ներկայացված փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմնից (մարմիններից) բացասական կարծիք ստանալու դեպքում, նախագիծը կամ առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության առաջարկությունը մերժվում է (կազմվում է հանձնաժողովի բացասական եզրակացություն), կամ, եթե բացասական կարծիքը ներկայացվել է առանց իրավական ակտերի կոնկրետ դրույթներին հղումներ պարունակող հիմնավորման, լիազոր մարմնի կողմից հարցը ներկայացվում է միջգերատեսչական հանձնաժողովի առաջիկա նիստի քննարկմանը, իսկ հանձնաժողովի նիստում ընդհանուր կարծիք չձևավորվելու դեպքում` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ` նախարարական կոմիտեի առաջիկա նիստում զեկուցելու համար:

57. Նախարարական կոմիտեի նիստին մասնակցելու համար հրավիրվում է հանձնաժողովի` բացասական կարծիք ներկայացրած անդամը, որը նախարարական կոմիտեի քննարկմանն է ներկայացնում իր հիմնավորումը: Նախարարական կոմիտեում քննարկման արդյունքում ընդունված որոշումն արձանագրվում է: Նախարարական կոմիտեի որոշումը հիմք է փաստաթղթի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի համապատասխան եզրակացություն կազմելու համար:

58. Տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը մերժվում է (կազմվում է հանձնաժողովի բացասական եզրակացություն)` Հայաստանի Հանրապետության օրենսդրության և նորմատիվատեխնիկական փաստաթղթերով սահմանված պահանջներին չհամապատասխանելու հիմքերով, ինչպես նաև անձանց իրավունքների սահմանափակումը բացառելու, մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությունը և հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ապահովելու անհրաժեշտությամբ:

59. Կոմիտեի նիստի արձանագրությունը ստանալու օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում լիազոր մարմինը միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը` կոմիտեի արձանագրության հետ միասին փոխանցում է իրավասու մարմնին և հանձնաժողովի անդամներին: Տարածական պլանավորման փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանձնաժողովի բացասական եզրակացությունն իրավասու մարմնի համար հիմք է կապալառու նախագծային կազմակերպության հետ պայմանագիրը միակողմանի լուծելու համար` կիրառելով պայմանագրի համապատասխան դրույթները: Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխման վերաբերյալ բացասական եզրակացությունը հիմք է դիմումատուին մերժելու կամ այլ տարբերակ առաջարկելու համար:

60. Գլխավոր հատակագծի նախագծի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունն ստանալուց հետո համայնքի ղեկավարը` գլխավոր հատակագծի նախագիծը ներկայացնում է համայնքի ավագանու առաջիկա նիստի քննարկմանը, որից հետո համայնքի ավագանին ընդունում է համապատասխան որոշում:

61. Համակցված փաստաթղթի վերաբերյալ միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը ստանալուց հետո մարզպետը 3 աշխատանքային օրվա ընթացքում այն ներկայացնում է համապատասխան համայնքների ղեկավարներին, որոնք միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացությունը և նախագծային փաստաթղթերը ներկայացնում են համայնքների ավագանիների հաստատմանը որից հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ավագանիների որոշումները ներկայացնում են մարզպետին.

1) համայնքների ավագանիների դրական որոշումների դեպքում, մարզպետը դրանք ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է որոշում համակցված փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին.

2) եթե համայնքների ավագանիներից որևէ մեկը չի հաստատում տվյալ համայնքի գոտևորման նախագիծը, համայնքի ղեկավարը բացասական որոշումը` համապատասխան հիմնավորմամբ ներկայացնում է մարզպետին: Մարզպետը 5 աշխատանքային օրվա ընթացքում հարցը ներկայացնում է լիազոր մարմին` հանձնաժողովի քննարկմանը, որին պարտադիր հրավիրվում է այն համայնքի ղեկավարը, որի ավագանին ընդունել է բացասական որոշում.

3) հանձնաժողովի որոշումը հիմք է համայնքի ավագանու որոշման ընդունման համար`

ա. եթե հանձնաժողովը տալիս է դրական եզրակացություն, ապա այն հիմք է հանդիսանում համակցված փաստաթղթի հաստատման համար,

բ. եթե հանձնաժողովի եզրակացությունը բացասական է որևէ համայնքի մասով, ապա համակցված փաստաթուղթն ընդունվում է` առանց տվյալ համայնքի գոտիավորման նախագծի ընդգրկման:

62. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարի կողմից լիազոր մարմնին ներկայացվող փաթեթում ներառվում են.

1) համայնքի ղեկավարին քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումը` սույն կարգի N 4 հավելվածի Ձև 2-ին համապատասխան (համասեփականության, օգտագործման կամ կառուցապատման իրավունքի մի քանի սուբյեկտների դեպքում` վերջիններիս ստորագրությամբ) և դիմումին կցվող փաստաթղթերի պատճենները,

2) հողամասի տեղադիրքը գլխավոր հատակագծի հիմնական գծագրի վրա` 1:10000 կամ 1:5000 մասշտաբով,

3) հողամասի հատակագիծը (շրջադարձային կետերի կոորդինատներով),

4) իրավիճակային հատակագիծը` 1:500 կամ 1:1000 մասշտաբով, նշելով հողամասը, հարևան հողօգտագործումները, գոյություն ունեցող և նախատեսվող շենքերը և շինությունները, դրանց բնույթը, շենքերի, շինությունների միջև հեռավորությունները, հողամասից 70 մ շառավղով միջպետական, հանրապետական, տեղական նշանակության ճանապարհները, ինժեներական ենթակառուցվածքի գծային և կետային օբյեկտները,

5) տեղեկանք Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածին առնչություն ունենալու և հողամասին առնչվող այլ սահմանափակումների մասին,

6) համայնքի ղեկավարի տեղեկանք-հիմնավորումը` համայնքի համար նախատեսվող օբյեկտի կարևորության, գլխավոր հատակագծով նախատեսված հեռանկարային զարգացման համապատասխան գոտիների սահմաններում համարժեք հողամասի տրամադրման անհնարինության պատճառների և առաջարկվող փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ:

63. Առանձին հողամասի նպատակային նշանակության փոփոխության մասով համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու նպատակով համայնքի ղեկավարը մարզպետին է ներկայացնում առաջարկություն, կցելով սույն կարգի 62-րդ կետում նշված փաստաթղթերը: Մարզպետն իր դրական կամ բացասական եզրակացությամբ առաջարկությունը 5 աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում է լիազոր մարմին, բացասական եզրակացության դեպքում` հիմնավորելով կարծիքը հղում կատարելով իրավական ակտի կոնկրետ դրույթին:

64. Սույն կարգի 62-րդ և 63-րդ կետերում նշված փաստաթղթերի փաթեթի վերաբերյալ շահագրգիռ մարմիններից ստացված կարծիքների հիման վրա սույն կարգի 14-րդ կետին համապատասխան կազմվում է միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը, ընդ որում, հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը համայնքի ավագանու, համակցված փաստաթղթի դեպքում` համայնքի ավագանու և մարզպետի կողմից կարող են հաստատվել միայն միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության դեպքում:

65. Սույն կարգի 22-րդ կետում նշված ընթացիկ քարտեզը և աղյուսակները սահմանված ժամկետում չներկայացնելու դեպքում, գլխավոր հատակագծով (համակցված փաստաթղթով) չնախատեսված առանձին հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխման առաջարկությունները լիազոր մարմնի կողմից 3-օրյա ժամկետում վերադարձվում են իրավասու մարմնին, նշելով պատճառը:

 

III. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

66. Տարածական պլանավորման փաստաթուղթը կապալառու նախագծային կազմակերպության կողմից մշակվում է համակարգչային ծրագրերի կիրառմամբ և սահմանված կարգով հաստատվելուց հետո 4 օրինակներով (թղթային և էլեկտրոնային) տրամադրվում է համայնքի (համայնքների) ղեկավարին (ղեկավարներին): Նշված օրինակներից մեկը մնում է համայնքում, մեկական օրինակ (թղթային և էլեկտրոնային) համայնքի ղեկավարը տրամադրում է` մարզպետին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, լիազոր մարմնին:

67. Լիազոր մարմնին նախագծի էլեկտրոնային տարբերակը տրամադրվում է նախագծի մշակման բնօրինակ համակարգչային ծրագրով և պդֆ (* pdf) ձևաչափերով:

68. Տարածական պլանավորման փաստաթուղթը սահմանված կարգով հաստատվելուց հետո համայնքի (համայնքների) վարչական տարածքում (տարածքներում) հողերի նպատակային նշանակության փոփոխությունները կատարվում են բացառապես տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություններ կատարելու միջոցով` օրենքով և սույն կարգով նախատեսված պահանջներին համապատասխան:

69. Գլխավոր հատակագծի և համակցված փաստաթղթի փորձաքննության, համաձայնեցման, հաստատման և փոփոխման ժամանակ ծագող վեճերը լուծվում են Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության համայնքների

(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և

համակցված տարածական պլանավորման

փաստաթղթերի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՆԱԽԱԳԾՄԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԻՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԵԼԱԿԵՏԱՅԻՆ ՆՅՈՒԹԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

I. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման առաջադրանքին ներկայացվող պահանջներն են.

1. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի նախագծման առաջադրանքում նշվում են`

1) համայնքի անվանումը.

2) համայնքի հիմնական բնութագիրը, այդ թվում`

ա. տարածքի մակերեսը,

բ. բնակչության թիվը և ժողովրդագրական տվյալները,

գ. ռեսուրսների հիմնական տեսակները (բնական, բուժական, առողջարարական, հանքահումքային և այլ),

դ. հանրային օգտագործման կանաչ գոտիները, լանդշաֆտային, ռեկրեացիոն, բնության հատուկ պահպանվող տարածքները,

ե. արտադրության գերիշխող ճյուղերը,

զ. տվյալներ ինժեներատրանսպորտային և կոմունալ-կենցաղային ենթակառուցվածքների, այդ թվում` էներգետիկայի և տրանսպորտի կետային և գծային օբյեկտների, գերեզմանատների, աղբավայրերի, կենցաղային կեղտաջրերի մաքրման կառույցների, խմելու ջրի աղբյուրների տեղակայման և սանիտարական պահպանման գոտիների վերաբերյալ,

է. տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, այդ թվում` տեղեկատվություն ջրային օբյեկտների առկա վիճակի` կարգավորման, մաքրման և հատակի խորացման ենթակա գետերի ու այլ ջրային ավազանների հուների տարածքների մասով, մթնոլորտային օդի աղտոտման վիճակի, բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրների առկայության վերաբերյալ,

ը. տեղեկատվություն պատմամշակութային հիմնավորման նախագծերի, պատմության և մշակույթի հուշարձանների (այդ թվում` նաև նորահայտ հուշարձանների) զբաղեցրած տարածքի և պահպանական գոտիների մակերեսների և օգտագործման պայմանակարգերի վերաբերյալ,

թ. տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ,

ժ. համայնքի առանձնահատկություններից բխող այլ տեղեկատվություն.

3) համայնքի տարածական զարգացման հիմնական հեռանկարային ուղղությունները, այդ թվում`

ա. համայնքի զարգացման ծրագրից բխող` համայնքի (բնակավայրի) հատակագծային կառուցվածքի և գործառական զարգացմանը, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի սպասարկման ու զարգացման կազմակերպմանը, գծային օբյեկտների պահպանմանն ու կատարելագործմանը, շրջակա միջավայրի, բնական լանդշաֆտների պահպանությանն ու կատարելագործմանը, քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքների առանձնացմանը, տարածքների կազմակերպմանն ու կառուցապատմանը, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պահպանությանը ներկայացվող հիմնական պահանջները,

բ. հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերով առաջարկվող համայնքի տարածքային զարգացման հեռանկարային ուղղությունները,

գ. բնակավայրի (բնակավայրերի) տարածական զարգացմանը ներկայացվող պահանջները,

դ. քաղաքաշինական, գյուղատնտեսական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումներին, ինչպես նաև հատուկ կարգավորման դրույթներին վերաբերող պահանջները,

ե. ինժեներաերկրաբանական նախապատրաստմանը, բնական և տեխնածին վտանգավոր երևույթներից տարածքների պաշտպանության միջոցառումներին, հողերի պահպանությանը, քաղաքացիական պաշտպանության միջոցառումներին ներկայացվող հիմնական պահանջները,

զ. համայնքի զարգացման առանձնահատկություններից բխող այլ լրացուցիչ պահանջներ.

4) նախագծման հիմքը (գլխավոր հատակագծի մշակման առաջադրանքը հաստատելու վերաբերյալ համայնքի ավագանու որոշում).

5) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումները (որոշումների անվանումները, ընդունման ժամկետները, համարները).

6) համայնքի գլխավոր հատակագծի նախագծի կազմին և բովանդակությանը ներկայացվող լրացուցիչ պահանջները (առկայության դեպքում):

2. Գլխավոր հատակագծի մշակման առաջադրանքում ներառվում են նաև դրա կազմում մշակվող քաղաքաշինական գոտևորման նախագծին ներկայացվող պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 14-ի N 408 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան:

3. Գյուղական բնակավայրեր ներառող համայնքների համար նախագծային առաջադրանքով կարող է նախատեսվել հողերի օգտագործման սխեմայի մշակում` համայնքի սահմաններում ընդգրկված գյուղատնտեսական հողերի, դրանց հողատեսքերի և գյուղատնտեսությունում դրանց արդյունավետ օգտագործման մասով:

4. Համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման առաջադրանքում սույն հավելվածի I գլխի 1-ին և 2-րդ կետերում նշված դրույթները լրացվում են տարածական միավորում ընդգրկված յուրաքանչյուր համայնքի մասով, համակցված փաստաթղթի տարածքային հատակագծման նախագծի մասով մշակվող գծագրերը նախատեսվում են Մ1:25 000 կամ Մ1:50 000 մասշտաբներով:

II. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման համար անհրաժեշտ ելակետային տվյալներն են.

5. Հայաստանի Հանրապետության համայնքների գլխավոր հատակագծերի ելակետային նյութերի ցանկը ներառում է`

1) տարածքի տեղագրական հանույթը, Մ 1:10 000 կամ 1:5000, 1:2000 կամ 1:1000,

2) կադաստրային քարտեզագրման նյութերը (այդ թվում` տարածքի կառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, տարածքի չկառուցապատված հատվածի կադաստրային հանույթը, Մ 1:10 000 կամ 1:5000, 1:2000 կամ 1:1000, անշարժ գույքի կադաստրի թեմատիկ շերտերի տեղեկատվությունը),

3) հողօգտագործման քարտեզները, Մ 1:10 000 կամ 1:5000,

4) փաստացի հողօգտագործումների և սեփականության սուբյեկտների վերաբերյալ տեղեկատվություն և անշարժ գույքի կադաստրի այլ տվյալներ,

5) նախկինում հաստատված քաղաքաշինական ծրագրային և հողաշինական փաստաթղթերը,

6) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաստատված սեյսմամիկրոշրջանացման քարտեզը` Մ1:10 000 կամ 1:5000 (գլխավոր հատակագծի դեպքում), մանրամասն սեյսմաշրջանացման քարտեզը` Մ 1:25 000 կամ 1:50 000 (համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի դեպքում):

7) ինժեներաերկրաբանական շրջանացման քարտեզը, Մ 1:10 000 կամ 1:5000 և ինժեներաերկրաբանական հետազննման նյութերը.

8) տվյալներ բնության հուշարձանների, պատմամշակութային հիմնավորման նախագծերի վերաբերյալ, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքների և պահպանական գոտիների հաստատված նախագծերը և դրանց օգտագործման պայմանակարգերը.

9) տվյալներ շրջակա միջավայրի վիճակի, բնության հատուկ պահպանվող տարածքների և դրանց պահպանական գոտիների վերաբերյալ.

10) տվյալներ հանրային օգտագործման կանաչ գոտիների, լանդշաֆտների, ռեկրեացիոն տարածքների, ջրային օբյեկտների վերաբերյալ.

11) տվյալներ բնակելի, հասարակական, արտադրական կառուցապատման, կոմունալ տնտեսության, ինժեներատրանսպորտային ենթակառուցվածքի (այդ թվում` գծային օբյեկտների) առկա վիճակի վերաբերյալ.

12) տեղեկություններ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի, բնական ու տեխնածին արտակարգ իրավիճակների աղբյուրների, քաղաքացիական պաշտպանության, տարածքի սանիտարական և հակահրդեհային պայմանների մասին.

13) համայնքի զարգացմանն առնչվող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմնի որոշումների պատճենները.

14) տվյալներ ռեսուրսների` բնական, բուժական, առողջարարական և այլ պաշարների մասին.

15) համայնքին վերաբերող արխիվային նյութերը (առկայության դեպքում).

16) տվյալներ առկա և նախատեսվող էներգատեղակայանքների ու դրանց զբաղեցրած հողատարածքների վերաբերյալ` համաձայնեցված տվյալ տեղակայանքները տնօրինող շահագործող ընկերությունների հետ.

17) առաջադրանքով ամրագրված լրացուցիչ պահանջներին վերաբերող նյութեր (առկայության դեպքում).

18) տվյալներ օգտակար հանածոների հանքավայրերի վերաբերյալ:

6. Սույն հավելվածի II գլխի 5-րդ կետում նշված ելակետային նյութերը համակցված տարածական պլանավորման փաստաթղթի մշակման դեպքում հավաքագրվում են տարածքային միավորումներում ընդգրկված յուրաքանչյուր համայնքի մասով, համակցված փաստաթղթի տարածքային հատակագծման նախագծի մասով մշակվող գծագրերի համար տեղագրական հանույթը տրամադրվում է Մ1: 25 000 կամ Մ1:50 000 մասշտաբով:

 

Հավելված N 2

Հայաստանի Հանրապետության համայնքների

(բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և

համակցված տարածական պլանավորման

փաստաթղթերի մշակման, փորձաքննության,

համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգի

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ, ՊԱՐԶԵՑՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ԵՎ ՀԱՄԱԿՑՎԱԾ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԿԱԶՄԻՆ ՈՒ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Հայաստանի Հանրապետության համայնքի գլխավոր հատակագծի նախագծային փաստաթղթերի փաթեթը կազմված է գրաֆիկական և տեքստային մասերից: Գրաֆիկական մասի գծագրերը մշակվում են տեղագրական հանույթի և կադաստրային քարտեզի հիմքի վրա, հաշվի առնելով ինժեներաերկրաբանական և սեյսմամիկրոշրջանացման քարտեզների տվյալները, քաղաքաշինական, բնապահպանական, պատմամշակութային և այլ սահմանափակումները:

2. Գլխավոր հատակագծի գրաֆիկական մասը ներկայացվում է հետևյալ կազմով`

1) Հենակետային հատակագիծ (կամ տարածքի փաստացի օգտագործման հատակագիծ), Մ 1:10000 կամ 1:5000: Հենակետային հատակագծում ցույց են տրվում`

ա. տարածքի հատակագծային և ծավալատարածական կառուցվածքը (բնակելի, հասարակական, ընդհանուր օգտագործման, արտադրական, գյուղատնտեսական, կոմունալ, պահեստային և այլ տարածքներն ըստ գործառնական նշանակության (հողատեսքերի), հարկայնության և տեխնիկական բնութագրերի),

բ. տրանսպորտային (այդ թվում` արտաքին տրանսպորտի) կապերը և ճանապարհային ցանցը` ըստ դասակարգման և փողոցների անվանումների,

գ. ինժեներական և կոմունալ ենթակառուցվածքների տարածքները, ուղեգծերը և անվտանգության գոտիների սահմանները, հեղեղատարները, արտեզյան ջրերի ելքերը, աղբավայրերը, մաքրման կայանները և այլն,

դ. ջրային օբյեկտների սահմանները, կարգավորման, մաքրման, ինչպես նաև խորացման ջրային ավազանների տարածքները,

ե. բնության հատուկ պահպանվող տարածքների սահմանները և բնության հուշարձանների պահպանական գոտիները,

զ. պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների զբաղեցրած տարածքների սահմանները, ինչպես նաև սահմանված կարգով հաստատված` պատմամշակութային հիմնավորման նախագծերի տվյալները և հուշարձանների պահպանական գոտիների սահմանները և օգտագործման պայմանակարգերը:

է. քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների սահմանները,

ը. հողերի սահմաններն ըստ սեփականության ձևերի` պետական, համայնքային և մասնավոր,

թ. բնակավայրի փաստացի սահմանագիծը,

ժ. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված հողահատկացումները.

ժա. քաղաքաստեղծ օբյեկտները` վարչական, կրթական, մշակութային, սպորտային, առևտրի և այլ սպասարկման նշանակության շենքերը ու շինությունները, գործարանները, արտադրամասերը և այլ կառույցները:

 

-------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ -   Սույն որոշման N 4 հավելվածի Ձև N 2 «5)» ենթակետը

բացակայում է

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

(հավելվածը խմբ. 18.08.16 թիվ 855-Ն, 14.12.17 թիվ 1645-Ն որոշումներ)

 

-----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.12.2011
N 1920-Ն
Որոշում