Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱ ...

09.04.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   30.12.2016  -ից մինչեւ   09.04.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-49-Ն կարգադրություն)

i

031.0036.110309

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2008 թվականի հուլիսի 13-ի «Հանրային խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-157-Ա հրամանագրով ստեղծված հանձնախմբի առաջարկությունները.

1. Հաստատել Հանրային խորհրդի կանոնադրությունը` համաձայն 1-ին հավելվածի:

2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակվող` Հանրային խորհրդի անդամների կազմը (համաձայնությամբ)` համաձայն 2-րդ հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված` Հանրային խորհրդի անդամները սույն կարգադրությունն ուժի մեջ մտնելուց հետո 40 օրվա ընթացքում կազմակերպում են Հանրային խորհրդի հանձնաժողովների ձևավորման և Հանրային խորհրդի մյուս անդամների ընտրության գործընթացը:

 

11 մարտի 2009 թվականի

ՆԿ-36-Ն

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2009 թվականի մարտի 11-ի

ՆԿ-36-Ն կարգադրության

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հանրային խորհուրդը Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից կազմավորվող խորհրդակցական մարմին է:

2. Հանրային խորհուրդը նպաստում է ժողովրդավարական համակարգի զարգացմանն ու մարդու և քաղաքացու հիմնարար իրավունքների և ազատությունների ապահովմանը, հասարակության մեջ անհանդուրժողականության մթնոլորտի առաջացման կանխարգելմանը և քաղաքացիական հասարակության կայուն զարգացմանն ու ամրապնդմանը, պետական իշխանության մարմինների և քաղաքացիների, հասարակական այլ միավորումների (քաղաքացիական ինստիտուտների) միջև փոխադարձ վստահության կայացմանը, հասարակության և իշխանության միջև երկխոսության ու վստահելի գործընկերային հարաբերությունների ձևավորմանը, պետական կառավարման մեջ նրանց ներգրավվածության աստիճանի բարձրացմանը, ինչպես նաև հասարակական վերահսկողության իրականացմանը:

3. Հանրային խորհուրդն ապաքաղաքականացված մարմին է, որի գործունեությունը հիմնվում է ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների, սփյուռքի ներկայացուցիչների կամավոր մասնակցության սկզբունքի վրա:

4. Հանրային խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է ՀՀ Սահմանադրության, օրենքների, ՀՀ Նախագահի հրամանագրերի և կարգադրությունների, սույն կանոնադրության և նորմատիվ իրավական այլ ակտերի հիման վրա:

5. Հանրային խորհուրդը սույն կանոնադրության վերաբերյալ փոփոխությունների և լրացումների առաջարկություններ է ներկայացնում ՀՀ Նախագահին` Հանրային խորհրդի անդամների ձայների 2/3-ի որոշմամբ:

6. Հանրային խորհրդի գտնվելու վայրը Երևան քաղաքն է:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

7. Հանրային խորհրդի նպատակներն են`

1) ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների շահերի ներկայացումը պետական քաղաքականության մշակման և իրականացման գործում.

2) ՀՀ-ում բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացմանը նպաստելը` պետական կառավարման գործընթացում (գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, տնտեսության, բնապահպանության, անվտանգության, ՀՀ սահմանադրական կարգի պահպանման և այլն) քաղաքացիների և հասարակական միավորումների ակտիվ մասնակցության խթանմամբ.

3) պետական մարմինների գործունեության արդյունավետության բարձրացումը` հանրության հիմնական հատվածի սպասելիքները բավարարելու կարողությունների ձևավորմամբ.

4) քաղաքացիական հասարակության կայացումը` հանրային կյանքում մասնակցային կառավարման արմատավորման և առողջ ավանդույթների ձևավորման ճանապարհների խթանմամբ.

5) հանրության և փորձագիտական շրջանակների այլընտրանքային մոտեցումների ու դիրքորոշումների միջոցով հանրային հնչեղություն և կարևորություն ունեցող խնդիրների վրա ՀՀ Նախագահի ուշադրության հրավիրումը.

6) ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների օրինական շահերի, իրավունքների ու ազատությունների պաշտպանությանն ուղղված քաղաքացիական նախաձեռնությունների իրականացմանն աջակցելը:

8. Հանրային խորհրդի խնդիրներն են`

1) քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների և միավորումների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության այլ ինստիտուտների ուժերի ներգրավմամբ հանրային կարևորության այն խնդիրների վերհանումը, որոնք ընդգրկված չեն պետական քաղաքականության առաջնահերթություններում կամ անհրաժեշտ ուշադրության չեն արժանացել պետական ծրագրերում, և դրանց վերաբերյալ մասնագիտական եզրակացությունների հիման վրա առաջարկությունների ներկայացումը ՀՀ Նախագահին.

2) ՀՀ օրենքների, նորմատիվ իրավական այլ ակտերի (այդ թվում` տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի) նախագծերի հասարակական փորձաքննության իրականացումը.

3) ՀՀ-ում քաղաքացիական հասարակության ամրապնդման և զարգացման ուղղությամբ պետական քաղաքականության առաջնահերթությունների հստակեցումը, վերլուծությունը և պետական իշխանության մարմիններին առաջարկությունների ներկայացումը.

4) հանրային հնչեղություն ունեցող խնդիրների, օրենքների և որոշումների նախագծերի, ինչպես նաև այլ առաջարկությունների ու նախաձեռնությունների հասարակական փորձաքննության իրականացումը և եզրակացության ներկայացումը ՀՀ Նախագահին.

5) ՀՀ քաղաքացիների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների կողմից արված առաջարկությունների և բողոքների ուսումնասիրումը, վերլուծությունն ու դրանց ծագման պատճառների մասին եզրակացությունների ներկայացումը ՀՀ Նախագահին.

6) հասարակական վերահսկողության իրականացումը` նպաստելով պետական կառավարման համակարգի նկատմամբ հասարակության վստահության աստիճանի բարձրացմանը.

7) քաղաքացիների, հասարակական միավորումների և զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների ներգրավումը խոսքի ազատության պաշտպանության, քաղաքացիների` օրենքով սահմանված կարգով տեղեկատվություն տարածելու իրավունքի կիրարկման, զանգվածային լրատվության և խոսքի ազատության երաշխիքների ապահովման հարցերով քննարկումներում և դրանց վերաբերյալ եզրակացությունների ու առաջարկությունների ներկայացումը.

8) Հանրային խորհրդի աշխատանքների տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ միջազգային համագործակցության իրականացումը:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ԵՎ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

9. Հանրային խորհուրդը կազմված է 36 անդամներից:

10. Հանրային խորհրդի անդամ կարող է լինել 18 տարին լրացած յուրաքանչյուր անձ` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

11. Հանրային խորհրդի անդամ չեն կարող լինել`

1) ՀՀ Նախագահը, Ազգային ժողովի պատգամավորները, ՀՀ կառավարության անդամները, սահմանադրական դատարանի անդամները, դատավորները, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարները, զինված ուժերի, ոստիկանության, ազգային անվտանգության և դատախազության մարմինների ծառայողները.

2) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված անձինք.

3) հանցագործության համար դատապարտված անձինք, որոնց դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

4) ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած անձինք:

12. Հանրային խորհուրդը գլխավորում է Հանրային խորհրդի նախագահը, որին Հանրային խորհրդի անդամների կազմից նշանակում է ՀՀ Նախագահը: Հանրային խորհրդի նախագահն իրականացնում է Հանրային խորհրդի գործունեության ընդհանուր ղեկավարումը:

13. Հանրային խորհրդի նախագահի բացակայության ժամանակ նրան իր հանձնարարությամբ փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը:

14. Հանրային խորհրդին կից ձևավորվում և գործում է 12 հանձնաժողով (այսուհետ` Հանրային խորհրդի հանձնաժողով կամ հանձնաժողով):

15. Հանրային խորհրդի հանձնաժողովները և դրանց գործունեության ոլորտներն են`

1) գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողով (գիտություն, կրթություն, հրատարակչական գործ, մշակույթ, երիտասարդություն, սպորտ).

2) պետաիրավական հարցերի հանձնաժողով (սահմանադրական փոփոխություններ, ընտրական համակարգ, հանրային ծառայություն, դատարանակազմություն, արդարադատություն, դատախազություն, քաղաքացիական, քրեական, վարչական օրենսդրություն).

3) քաղաքացիական հասարակության կայացման հարցերի հանձնաժողով (մարդու և քաղաքացու իրավունքներ ու ազատություններ, կուսակցություններ և այլ հասարակական միավորումներ, մամուլ, ռադիո, հեռուստատեսություն, այլ զանգվածային լրատվության միջոցներ).

4) ֆինանսատնտեսական-բյուջետային հարցերի հանձնաժողով (հարկեր, տուրքեր, վճարներ, արդյունաբերություն, քաղաքաշինություն, էներգետիկա, տրանսպորտ, կապ, հաղորդակցություն, պետական գույքի կառավարում, բյուջետային օրենսդրություն, փոխառություններ, վարկեր, դրամ, դրամաշրջանառություն, բանկային համակարգ, ֆինանսավարկային կազմակերպություններ).

5) գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի հանձնաժողով (գյուղատնտեսություն, բնական պաշարներ, բնապահպանություն).

6) առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողով (առողջապահություն, մայրություն, մանկություն, ծնելիություն, սննդի անվտանգություն, զոհված ազատամարտիկների ընտանիքներ, սոցիալական ապահովություն, հաշմանդամության հիմնահարցեր, աշխատանք, զբաղվածություն, բնակարանային պայմաններ, վետերանների խնդիրներ).

7) տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողով (տարածքային կառավարում, տեղական ինքնակառավարում, տարածքային զարգացում, համայնքային ծառայություն, տեղական հարկեր, տուրքեր և վճարներ).

8) պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի հարցերի հանձնաժողով (պաշտպանություն, անվտանգություն, արտակարգ իրավիճակներ, ոստիկանություն, ռազմարդյունաբերական համալիր, ռազմական ուսումնական հաստատություններ, զինվորական և ոստիկանական ծառայություններ).

9) ձեռնարկատիրական գործունեության և սպառողների հարցերի հանձնաժողով (ձեռնարկատիրական գործունեություն, առևտուր և ծառայություններ, սպառողների իրավունքներ).

10) ազգային փոքրամասնությունների հարցերի հանձնաժողով (ազգային փոքրամասնությունների խնդիրներ).

11) ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողով.

12) կրոնի, սփյուռքի և միջազգային ինտեգրման հանձնաժողով (կրոնական կազմակերպություններ, սփյուռքի կազմակերպություններ և խնդիրներ, միջազգային կազմակերպությունների հետ աշխատանքների ներդաշնակեցում):

16. Հանձնաժողովները գործում են ըստ ոլորտների, որոնք ձևավորվում են` ելնելով Հանրային խորհրդի գործառույթներն արդյունավետ իրականացնելու անհրաժեշտությունից:

17. Հանրային խորհրդի հանձնաժողովների աշխատանքներին կարող են մասնակցել Հանրային խորհրդի անդամները:

18. Հանրային խորհրդի աշխատանքային խմբերում կարող են ընդգրկվել Հանրային խորհրդի անդամները, հասարակական միավորումների ներկայացուցիչները և Հանրային խորհրդի աշխատանքներին մասնակցող այլ անձինք:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

19. ՀՀ Նախագահի կողմից նշանակված` Հանրային խորհրդի 12 անդամները հանձնաժողովներ ձևավորելու համար դիմում են համապատասխան ոլորտների կազմակերպություններին, միավորումներին, հայրենակցական և ստեղծագործական միություններին, երիտասարդական ու ուսանողական կազմակերպություններին, զանգվածային լրատվության միջոցներին, վետերանների միություններին, գիտակրթական կազմակերպություններին, սպառողների իրավունքների պաշտպանության, գործարարների ու արդյունաբերողների միություններին, կրոնական կազմակերպություններին, սփյուռքի կառույցներին, տեղական ինքնակառավարման մարմիններին և այլ կառույցներին` Հանրային խորհրդի հանձնաժողովներում ներկայացուցիչներ առաջարկելու խնդրանքով:

20. Սույն կանոնադրության 19-րդ կետով նախատեսված մարմինները 30 օրվա ընթացքում կարող են Հանրային խորհրդի կազմին գրավոր ներկայացնել հանձնաժողովների անդամների թեկնածությունները:

21. Հանձնաժողովներն իրենց անդամներից մեկ շաբաթվա ընթացքում ընտրում են Հանրային խորհրդի կազմի 12 անդամներին (վերջիններս նաև համարվում են հանձնաժողովի նախագահները) և ներկայացնում ՀՀ Նախագահի հաստատմանը:

22. Հանրային խորհրդի կազմի 24 անդամներից յուրաքանչյուրն առաջադրում է Հանրային խորհրդի մեկական թեկնածու (ընդհանուր թվով` 24 թեկնածու), որոնցից ընտրության (գնահատման 24 միավոր համակարգով) միջոցով առավել բարձր միավոր ստացած 12 անձանց առաջարկվում է անդամակցել Հանրային խորհրդին:

23. Հանրային խորհրդին անդամակցելու վերաբերյալ 12 անձանց համաձայնությունն ստանալուց հետո Հանրային խորհրդի 24 անդամները ՀՀ Նախագահի հաստատմանն են ներկայացնում նրանց կազմը:

24. ՀՀ Նախագահը Հանրային խորհրդի ձևավորումից հետո Հանրային խորհրդի կազմից նշանակում է Հանրային խորհրդի նախագահ:

25. Հանրային խորհրդի առաջին նիստը գումարվում է ոչ ուշ, քան Հանրային խորհրդի ձևավորումից 10 օր հետո: Հանրային խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին մասնակցում է Հանրային խորհրդի անդամների 2/3-ը:

i

26. Հանրային խորհրդի անդամների լիազորությունները դադարում են 2015 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ գլուխն ուժի մեջ մտնելու օրը:

(26-րդ կետը փոփ. 13.04.13 ՆԿ-53-Ն, 26.11.13 ՆԿ-205-Ն, 05.06.14 ՆԿ-81-Ն, 26.12.14 ՆԿ-219-Ն, 26.12.16 ՆԿ-271-Ն կարգադրություններ)

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 13.04.13 ՆԿ-53-Ն կարգադրություն)

 

i
ԳԼՈՒԽ 5. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ

 

28. Հանրային խորհրդի անդամներն անձամբ մասնակցում են Հանրային խորհրդի նիստերին, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի աշխատանքներին:

29. Հանրային խորհրդի անդամն իրավունք ունի Հանրային խորհրդի, հանձնաժողովների կամ աշխատանքային խմբերի գործունեության հետ կապված ցանկացած հարցի վերաբերյալ ազատորեն կարծիք արտահայտել:

30. Իրենց լիազորություններն իրականացնելիս Հանրային խորհրդի անդամները հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների որոշումներով կաշկանդված չեն:

31. Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամը խորհրդակցական ձայնի իրավունքով կարող է մասնակցել Հանրային խորհրդի նիստին, եթե նիստին քննարկվող հարցը վերաբերում է տվյալ հանձնաժողովին վերապահված ոլորտին (ոլորտներին):

32. Հանրային խորհուրդն իր աշխատանքներում կարող է ներգրավել հասարակական միավորումների և քաղաքացիների:

33. Հանրային խորհուրդն իր գործունեությունը կազմակերպում է նիստերի, հանձնաժողովների և աշխատանքային խմբերի նիստերի, Հանրային խորհրդի և հանձնաժողովների արտագնա նիստերի, հանրային լսումների, քաղաքացիների ընդունելությունների, հանդիպումների և իր լիազորությունների արդյունավետ իրականացումն ապահովող այլ միջոցներով:

34. Հանրային խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան եռամսյակը մեկ անգամ: Հանրային խորհրդի անդամների 2/3-ի նախաձեռնությամբ կարող է գումարվել Հանրային խորհրդի արտահերթ նիստ:

35. Իրեն վերապահված լիազորություններն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով Հանրային խորհուրդը կարող է`

1) նախաձեռնել հասարակական հնչեղություն ունեցող հարցերի քննարկումներ.

2) եզրակացություններ ներկայացնել պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց կողմից ՀՀ օրենքների խախտումների վերաբերյալ և դրանք ուղարկել իրավասու մարմիններին.

3) փորձաքննության ենթարկել ՀՀ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը.

4) ՀՀ Նախագահի աշխատակազմի միջոցով ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հրավիրել մասնակցելու Հանրային խորհրդի նիստերին.

5) Հանրային խորհրդի հանձնաժողովների նիստերին, աշխատանքային մասնակցության կարգով, Հանրային խորհրդի նախագահի միջոցով հրավիրել այլ պաշտոնատար անձանց:

36. Հանրային խորհրդի անդամներն իրենց կանոնադրական պարտականությունները կատարելու նպատակով, Ազգային ժողովի կանոնակարգով սահմանված դեպքերում և կարգով, կարող են մասնակցել Ազգային ժողովի և նրա հանձնաժողովների նիստերին, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում կառավարության գործունեության կազմակերպման մասին ՀՀ Նախագահի հրամանագրով սահմանված դեպքերում և կարգով` կառավարության և գործադիր իշխանության մարմինների կոլեգիալ նիստերին և աշխատանքային քննարկումներին.

37. Հանրային խորհրդի կողմից համապատասխան որոշմամբ լիազորված խորհրդի անդամը տեղական ինքնակառավարման մարմինների համաձայնությամբ կարող է մասնակցել տվյալ տեղական ինքնակառավարման մարմնի նիստերին:

38. Հանրային խորհրդի որոշումներն ընդունվում են Հանրային խորհրդի նիստի մասնակիցների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված դեպքերի:

39. Հանրային խորհրդի որոշումներն ընդունվում են եզրակացությունների, առաջարկությունների, ուղերձների ձևով և կրում են խորհրդատվական բնույթ:

40. Հանրային խորհրդի անդամներն իրավունք ունեն ներկայացնելու հատուկ կարծիք, որը պարտադիր կցվում է Հանրային խորհրդի որոշմանը:

41. Հանրային խորհրդի որոշմամբ հանձնաժողովն իրավասու է փորձաքննության ենթարկել ՀՀ օրենքների և նորմատիվ իրավական ակտերի նախագծերը:

42. Հանրային խորհրդի որոշմամբ փորձաքննություն է իրականացվում ՀՀ օրենքների և ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և (կամ) լրացումներ նախատեսող այն նախագծերի վերաբերյալ, որոնք վերաբերում են պետական քաղաքականությանը` գիտության, կրթության, մշակույթի, առողջապահության, սոցիալական ապահովության, բնապահպանության բնագավառներին և մարդու իրավունքներին, հասարակական անվտանգության և կարգի պահպանմանը:

43. Հանրային խորհրդի եզրակացությունները «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված դեպքերում և կարգով հրապարակվում են Ազգային ժողովի համապատասխան մշտական հանձնաժողովի և Ազգային ժողովի նիստերում:

44. ՀՀ կառավարության իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ Հանրային խորհրդի եզրակացությունները կառավարության գործունեության կազմակերպման կարգով սահմանված դեպքերում ու կարգով ենթակա են հրապարակման ՀՀ կառավարության նիստում:

45. Հանրային խորհրդի եզրակացությունները տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ ուղարկվում են համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին:

46. Հանրային խորհուրդը հասարակական կյանքի կարևորագույն ոլորտներին առնչվող հարցերով կազմակերպում է հասարակական քննարկումներ:

47. Հանրային խորհուրդը յուրաքանչյուր տարի հրապարակում է իր տարեկան հաշվետվությունը:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

48. Հանրային խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են խորհրդի կանոնակարգով սահմանված կարգով, եթե`

1) ավարտվել է նրա լիազորությունների ժամկետը.

2) դիմում է ներկայացրել Հանրային խորհրդից դուրս գալու վերաբերյալ.

3) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

4) երեք անգամ անընդմեջ, անհարգելի պատճառով չի մասնակցել Հանրային խորհրդի նիստերի աշխատանքին.

5) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել նրա լիազորությունների իրականացմանը Հանրային խորհրդում.

6) նրա նկատմամբ կա դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ.

7) չեն պահպանվել սույն կանոնադրության 11-րդ կետի պահանջները.

8) մահացել է:

49. Հանրային խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարման դեպքում Հանրային խորհրդի նոր անդամը Հանրային խորհրդում ընդգրկվում է սույն կանոնադրությամբ սահմանված կարգով` հաշվի առնելով, թե լիազորությունները դադարած խորհրդի անդամը ինչպիսի ընթացակարգով է նշանակվել կամ ընտրվել:

 

ԳԼՈՒԽ 7. ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

50. Հանրային խորհրդի բնականոն գործունեությունն ապահովում է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմը:

51. Հանրային խորհրդի գործունեության տեղեկատվական ապահովման և Հանրային խորհրդի կողմից քննարկվող հարցերում հասարակության լայն շրջանների ներգրավումն ապահովելու նպատակով Ինտերնետում գործում է Հանրային խորհրդի կայքէջը:

52. Հանրային խորհրդի կողմից հաստատված տեղեկատվական ծրագրերը կարող են հեռարձակվել Հանրային հեռուստառադիոընկերության կողմից:

53. Հանրային խորհուրդը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է թողարկել իր պարբերականը:

54. Հանրային խորհրդի անդամի, ինչպես նաև Հանրային խորհրդի հանձնաժողովի անդամի` Հանրային խորհրդի գործունեության հետ կապված ծախսերը փոխհատուցվում են:

55. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք Հանրային խորհրդի հարցումների վերաբերյալ տեղեկությունները տրամադրում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

56. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու նրանց պաշտոնատար անձինք ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օժանդակում են Հանրային խորհրդի անդամներին` իրենց լիազորություններն իրականացնելիս:

57. Հանրային խորհրդի անդամին իր լիազորությունների ժամկետով տրվում է վկայական:

 

Հավելված 2

i

ՀՀ Նախագահի

2009 թվականի մարտի 11-ի

ՆԿ-36-Ն կարգադրության

 

i

Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված` Հանրային խորհրդի անդամների կազմ

 

Ռոբերտ Ամիրխանյան

Աննա Ասատրյան

Լիլիթ Ասատրյան

Գագիկ Մանասյան

Անելկա Գրիգորյան

Աստղիկ Գևորգյան

Հայկ Դեմոյան

Վազգեն Մանուկյան

Սմբատ Լպուտյան

Էդիկ Մինասյան

Ռուբեն Գևորգյանց

Արթուր Գրիգորյան

 

(կազմը փոփ. 27.04.11 ՆԿ-79-Ն, 31.05.12 ՆԿ-69-Ա, 27.02.15 ՆԿ-17-Ն, 03.02.16 ՆԿ-10-Ն կարգադրություններ)

 

 

pin
ՀՀ Նախագահ
11.03.2009
N ՆԿ-36-Ն
Կարգադրություն