Սեղմել Esc փակելու համար:
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ Մ ...

 

 

040.1523.291214

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 դեկտեմբերի 2014 թվականի N 1523-Ն

 

ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ, «ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով, 29-րդ հոդվածի 2-րդ մասով, 30-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, ինչպես նաև 67-րդ և 68-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արդյունաբերության զարգացման հիմնադրամը (պետական գրանցման համարը` 222.160.01177) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը (պետական գրանցման համարը` 222.160.00939) միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով Հայաստանի զարգացման հիմնադրամ: Սահմանել, որ Հայաստանի զարգացման հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինն է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:

2. Հաստատել Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միջև 2014 թվականի նոյեմբերի 20-ին կնքված` Արդյունաբերության զարգացման և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամների միաձուլման մասին պայմանագիրը:

3. Հաստատել`

1) Արդյունաբերության զարգացման հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` Հայաստանի զարգացման հիմնադրամին փոխանցման ակտը.

2) Հայաստանի մրցունակության հիմնադրամի գույքի, այլ գույքային իրավունքների, ինչպես նաև պարտատերերին ու պարտապաններին վերաբերող բոլոր (ներառյալ` վիճարկվող) պարտավորությունների` Հայաստանի զարգացման հիմնադրամին փոխանցման ակտը.

3) Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամների` միաձուլման ձևով վերակազմակերպման հետևյալ կարգն ու պայմանները`

ա. Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամների միաձուլմամբ ստեղծված հիմնադրամի պետական գրանցումից հետո տասնհինգօրյա ժամկետում միաձուլվող հիմնադրամների կողմից կազմված և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ու 2-րդ ենթակետերով հաստատված փոխանցման ակտերի համաձայն Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամները հանձնում են, իսկ միաձուլմամբ ստեղծված Հայաստանի զարգացման հիմնադրամն ընդունում է միաձուլվող հիմնադրամների առկա հիմնական և շրջանառու միջոցները, դրամական մնացորդները, ինչպես նաև դեբիտորական և կրեդիտորական պարտքերը: Հանձնում-ընդունումը կատարվում է համապատասխան ակտերի միջոցով, որոնք ստորագրվում են այդ նպատակով կողմերի տնօրենների հրամաններով ձևավորված հանձնաժողովների նախագահների կողմից,

բ. Արդյունաբերության զարգացման և Հայաստանի մրցունակության հիմնադրամները վերակազմակերպված են համարվում միաձուլման արդյունքում ստեղծված Հայաստանի զարգացման հիմնադրամի պետական գրանցման պահից.

4) Հայաստանի զարգացման հիմնադրամի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:

4. Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արման Խաչատրյանին (անձնագիր` BA 0022856, տրված` 08.01.2013 թ., 001-ի կողմից):

5. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերությունը:

6. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել Հայաստանի զարգացման հիմնադրամի պետական գրանցումը Հայաստանի զարգացման հիմնադրամի միջոցներով և դրա հիմնադրի` օրենքով սահմանված մյուս լիազորությունների իրականացումը.

2) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանը ներկայացնել Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին անհատական կազմի նախագիծը.

3) ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում սույն որոշումից բխող վերաբաշխումներ կատարելու վերաբերյալ:

7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության (երկու անդամ) և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (երկու անդամ` հանձնաժողովի նախագահ և անդամ-քարտուղար) ներկայացուցիչներին:

8. Սահմանել, որ`

1) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքները վերապահվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը.

2) «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքի առկայության դեպքում այն, որպես կամավոր գույքային վճար, հանձնվում է Հայաստանի զարգացման հիմնադրամին:

9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ

 

Հավելված

ՀՀ կառավարության

2014 թվականի դեկտեմբերի 18-ի

N 1523-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի զարգացման հիմնադրամը (այսուհետ` հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է տնտեսական, սոցիալական, գիտական, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ: Հիմնադրամն ստեղծվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1523-Ն որոշման համաձայն Արդյունաբերության զարգացման հիմնադրամի (պետական գրանցման համարը` 222.160.01177) և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (պետական գրանցման համարը` 222.160.00939) միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում և վերջիններիս իրավահաջորդն է` փոխանցման ակտերին համապատասխան:

2. Հիմնադրամն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով և սույն կանոնադրությամբ:

3. Հիմնադրամի հիմնադիրն է Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս Հայաստանի Հանրապետության կառավարության, որի լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն է:

4. Հիմնադրամն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում և (կամ) արտերկրում:

5. Հիմնադրամն ունի իր անվանմամբ կլոր կնիք (հայերեն, անգլերեն և ռուսերեն գրառումներով), դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև այլ անհատականացման միջոցներ:

6. Հիմնադրամի անվանումն է`

1) հայերեն լրիվ` Հայաստանի զարգացման հիմնադրամ.

2) հայերեն կրճատ` ՀԶՀ.

3) անգլերեն լրիվ` Development Foundation of Armenia.

4) անգլերեն կրճատ` DFA.

5) ռուսերեն լրիվ` Ֆօնդ րազվիտիյա Արմենիի.

6) ռուսերեն կրճատ` ՖՐԱ:

7. Հիմնադրամի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մհեր Մկրտչյան 5, 0010:

8. Հիմնադրամի շահառուներ են միջազգային կազմակերպությունները, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա առևտրային ու ոչ առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և քաղաքացիները:

 

II. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

 

9. Հիմնադրամը պետական գրանցման պահից ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ և օգտվում է իրավաբանական անձի համար օրենքով սահմանված բոլոր իրավունքներից և կրում համապատասխան պարտականություններ:

10. Հիմնադրամն ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, Հայաստանի Հանրապետության և այլ պետությունների բանկերում հաշվարկային և այլ հաշիվներ, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

11. Հիմնադրամն իր պարտավորությունների համար պատասխանատու է սեփականության իրավունքով իրեն պատկանող ամբողջ գույքով: Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների, իսկ հիմնադիրը` հիմնադրամի պարտավորությունների համար:

12. Հիմնադրամի գործունեության ժամկետը չի սահմանափակվում:

 

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

13. Հիմնադրամի առաքելությունն է Հայաստանի Հանրապետության տնտեսական աճի խթանումը: Հիմնադրամն իր առաքելության իրագործմանը ձգտում է հետևյալ նպատակների իրականացման միջոցով`

1) երկրի վարկանիշի և մրցունակության բարձրացում.

2) ներդրումների ներգրավում.

3) արտահանման խթանում.

4) գործարար միջավայրի բարելավում.

5) տարածքային զարգացման ծրագրերի իրականացում.

6) զբոսաշրջության խթանման աջակցում:

(13-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1386-Ն որոշում)

14. Հիմնադրամի հիմնական գործառույթներն են`

1) երկրի վարկանիշի ձևավորմանը, բարձրացմանը և խթանմանը նպաստելը.

2) գործարար միջավայրը, ներդրումները, արդյունաբերության ոլորտը կարգավորող բարենպաստ օրենսդրական դաշտի ձևավորման ու վարչարարական խոչընդոտների վերացման միջոցառումների մշակմանն աջակցելը և մասնակցությունը.

3) պետական մարմինների և գործարարների միջև համագործակցությանը, պետություն-մասնավոր հատված արդյունավետ երկխոսության և համագործակցության շարունակական կատարելագործմանը նպաստելը, համատեղ ծրագրերի իրականացումը.

4) իր իրավասությունների սահմաններում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցումը և համատեղ ծրագրերի իրականացումը.

5) օտարերկրյա ներդրողներին «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով սպասարկումը և հետներդրումային ծառայությունների մատուցումը.

6) ներդրումային, արդյունաբերական արտահանման խթանման ծրագրերի մշակմանը մասնակցությունը և իրականացումը, առանձին դեպքերում` դրամաշնորհների տրամադրման միջոցով.

7) օտարերկրյա ներդրումների իրավական, կառուցվածքային և կազմակերպական պայմանների բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակմանը մասնակցությունը և դրանք ներկայացնելը.

8) տնտեսության և դրա ոլորտների ներդրումային վարկանիշի ձևավորմանը նպաստելը.

9) տեղական և օտարերկրյա ներդրողների միջև պոտենցիալ գործարար գործընկերության խթանումն ու համակարգումը.

10) մասնավոր հատվածի հետ համատեղ ներդրումային ծրագրերի մշակումը, կառավարումը, ֆինանսական և ոչ ֆինանսական աջակցության գործիքների կիրառումը, ծրագրերի իրականացմանը շարունակական աջակցությունը.

11) Հայաստանի տնտեսության և նրա ոլորտների մրցակցային առավելությունների խթանումը.

12) օտարերկրյա ներդրողներին Հայաստանի Հանրապետությունում ներդրումային և գործարար միջավայրի, առավելությունների և հնարավորությունների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը.

13) տնտեսության զարգացման ծրագրերի մշակմանն ու իրականացմանն օժանդակելը.

14) առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման վերաբերյալ առաջարկությունների մշակումը, այդ հարաբերությունների զարգացման գործընթացներին մասնակցությունը և համագործակցությունը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև կազմակերպումը.

15) օտարերկրյա ներդրումներ ներգրավելու նպատակով քարոզարշավների իրականացումը.

16) Հայաստանի Հանրապետության` համաշխարհային տնտեսությանն ինտեգրման ծրագրերի իրականացումը.

17) արտահանման ներուժ ունեցող ոլորտների և դրանց թիրախային շուկաների բացահայտումը.

18) հայկական կազմակերպությունների և (կամ) ձեռնարկատերերի` արտահանման ներուժի գնահատումը, դրանց զարգացմանն ու արտահանմանն ուղղված գործունեությանն աջակցությունը, այդ թվում` ֆինանսական գործիքների կիրառմամբ.

19) կազմակերպությունների և (կամ) ձեռնարկատերերի` ցուցահանդեսներին, տոնավաճառներին, համտեսներին, համաժողովներին, սեմինարներին և այլ համանման միջոցառումներին մասնակցությանն աջակցելը, ինչպես նաև դրանց կազմակերպումը.

20) արտահանողների` «Մեկ կանգառի կենտրոն» սկզբունքով սպասարկումը.

21) արդյունաբերության զարգացման ծրագրերի իրականացումը, ֆինանսավորումը, համակարգումը և դիտարկումը.

22) արդյունաբերական և ազատ տնտեսական գոտիների ստեղծմանն ու դրանց հետագա զարգացմանն աջակցելը.

23) ինովացիոն և տեխնոլոգիական զարգացման ծրագրերին աջակցելը.

24)-32) (24-32-րդ ենթակետերն ուժը կորցրել են 22.12.16 թիվ 1386-Ն որոշում)

33) տնտեսության տեխնիկական և տեխնոլոգիական վերազինմանն աջակցելը.

34) ոլորտային միավորումների և առանձին կազմակերպությունների միջև համագործակցության խթանումը.

35) շուկաների մասին տեղեկատվության և խորհրդատվության տրամադրումը.

36) գիտական արդյունքի առևտրայնացմանն ու տեխնոլոգիաների փոխանցմանն աջակցելը.

37) մասնագետների պատրաստման և վերապատրաստման ծրագրերի մշակումն ու իրականացումը.

38) արտահանմանն ուղղված արդյունաբերական ռազմավարությանը համապատասխան ստեղծված ոլորտային խորհուրդների քարտուղարության վարումը.

39) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված և հիմնադրամի նպատակից բխող այլ գործառույթներ:

(14-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1386-Ն որոշում)

15. Հիմնադրամն իր գործառույթներն իրականացնում է համապատասխան ոլորտի պետական քաղաքականությանը համապատասխան:

 

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ

 

16. Հիմնադրի կողմից հիմնադրամին հանձնված գույքը հիմնադրամի սեփականությունն է:

17. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում ու տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները` սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներով:

18. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ շարժական և անշարժ գույք, դրամական միջոցներ, բաժնետոմսեր, այլ արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

19. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներ կարող են լինել`

1) հիմնադրի կամավոր ներդրումները.

2) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից դրամական մուտքերը.

3) ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվություններն ու նվիրաբերությունները.

4) հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

5) դրամաշնորհները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրներ:

20. Հիմնադրամի սեփականությունը չի կարող օգտագործվել ի շահ իր հիմնադրի, հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև հիմնադրամի աշխատողների` բացառությամբ աշխատողների աշխատավարձի և, հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված, փոխհատուցման ենթակա ծախսերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ հիմնադրամի հիմնադիրը, հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև հիմնադրամի աշխատողները սույն կանոնադրությամբ նախատեսված շահառուներ են:

 

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

21. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի`

1) անարգել տարածելու տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրելու մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալու տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծելու առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծելու տնտեսական ընկերություններ կամ լինելու նրանց մասնակիցը.

6) ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ կնքելու պայմանագրեր.

7) իրականացնելու օրենքով չարգելված այլ գործունեություն:

22. Հիմնադրամը կարող է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ` միայն այն դեպքում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար ստեղծվել է հիմնադրամը և համապատասխանում է այդ նպատակներին:

23. Հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակներով`

1) դասընթացների կազմակերպում.

2) տարածքների, սարքավորումների և տեխնիկայի վարձակալությամբ տրամադրում.

3) հետազոտական ծառայությունների մատուցում.

4) գործարար ծրագրերի մշակման ծառայությունների մատուցում.

5) հրատարակչական գործունեություն:

24. Իր առջև դրված նպատակների արդյունավետ կատարումն ապահովելու համար հիմնադրամը`

1) ներգրավում է միջոցներ` իր կանոնադրական նպատակների իրականացման համար.

2) համագործակցում է Հայաստանի Հանրապետության և արտերկրի հասարակական կազմակերպությունների, միջազգային տնտեսական ու ֆինանսական կառույցների, գործակալությունների և հիմնադրամների հետ.

3) իր կանոնադրական նպատակների իրագործման համար իրականացնում է այլ միջոցառումներ:

25. Հիմնադրամը պարտավոր է`

1) գործել` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև սույն կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում, անցնել տարեկան աուդիտ` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտորական կազմակերպության կողմից.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ:

 

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

26. Հիմնադրամի մարմիններն են`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը.

2) հիմնադրամի գործադիր տնօրենը:

27. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է (այսուհետ` խորհուրդ): Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցման հաջորդ օրվանից, եթե նշանակվել են խորհրդի բոլոր անդամները: Խորհուրդը բաղկացած է 14 անդամից: Խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի մեկ այլ մարմնի անդամ:

(27-րդ կետը փոփ. 11.08.16 թիվ 830-Ն որոշում)

28. Խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) ներկայացնելու առաջարկություններ խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ ու որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի մասին.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում.

5) համակարգելու հիմնադրամի նպատակներին վերաբերող հիմնադրամի գործունեության տարբեր ոլորտների կամ ուղղությունների աշխատանքը:

29. Խորհրդի անդամի լիազորությունը դադարում է «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում:

30. Ի պաշտոնե խորհրդի անդամ և նախագահ է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ի պաշտոնե խորհրդի անդամ է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Խորհրդի մյուս անդամները նշանակվում են խորհրդի նախագահի կողմից. մեկ ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջադրմամբ, և մեկական ներկայացուցիչներ` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունից, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունից` համապատասխան նախարարի առաջադրմամբ, և յոթ ներկայացուցիչ` գիտական, հասարակական ու մասնավոր հատվածից:

(30-րդ կետը փոփ. 11.08.16 թիվ 830-Ն որոշում)

31. Խորհրդի անդամի լիազորության դադարման դեպքում նրա փոխարեն նոր անդամ նշանակվում է նախկին անդամի նշանակման կարգով` ոչ ուշ, քան խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին հիմնադրամի գործադիր տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում հիմնադրամի գործադիր տնօրենը տեղեկացնում է հիմնադրին, խորհրդի անդամներին առաջադրած անձանց կամ մարմիններին, հիմնադրամի մարմիններին:

32. Խորհրդի իրավասություններին են պատկանում`

1) հիմնադրամի նպատակների իրականացման տարեկան և միջանկյալ ծրագրերի քննարկումն ու հաստատումը, դրանց կատարման նկատմամբ վերահսկողության իրականացումը, ծրագրերի իրականացման վերաբերյալ ընթացիկ և ամփոփիչ հաշվետվությունների քննարկումն ու հաստատումը.

2) հիմնադրամի բյուջեի և դրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և հիմնադրամի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունների հաստատումը.

3) հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, կանոնադրության փոփոխություն, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

4) հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.

5) հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը.

6) հիմնադրամի լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի ու ժամկետների սահմանումը, միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատումը, լուծարային հաշվեկշռի հաստատումը.

7) հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրությունը և պաշտոնից ազատումը.

8) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

9) սույն կանոնադրությամբ սահմանված պարբերականությամբ հիմնադրամի գործադիր տնօրենի հաշվետվությունների լսումը և հաստատումը.

10) հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի հաստատումը.

11) հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումը.

12) հիմնադրամի կողմից կնքվող ցանկացած գործարքի` ներառյալ փոխկապակցված գործարքների հաստատումը, որոնց գումարը գերազանցում է 10000000 դրամը.

13) հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.

14) հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

15) օրենքով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով սահմանված, ինչպես նաև հիմնադրամի այլ մարմինների չվերապահված այլ լիազորությունների իրականացումը:

33. Խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերում խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե սույն կանոնադրությամբ ավելի մեծ թվով ձայներ նախատեսված չեն:

34. Հիմնադրամի գործադիր տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման վերաբերյալ որոշումներն ընդունվում են խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների ճնշող (2/3) մեծամասնությամբ:

35. Եթե խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

36. Խորհրդի նախագահը`

1) կազմակերպում է խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր.

2) գումարում է խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.

3) կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.

4) որոշում է խորհրդի անդամների աշխատանքի համակարգման ոլորտները կամ ուղղությունները.

5) հիմնադրամի անունից աշխատանքային պայմանագիր է ստորագրում հիմնադրամի գործադիր տնօրենի հետ:

37. Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, խորհրդի որոշմամբ, կատարում է խորհրդի անդամներից մեկը:

38. Խորհրդի նիստերը գումարվում են առնվազն յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ` խորհրդի նախագահի կողմից: Խորհրդի նիստերը խորհրդի նախագահի կողմից կարող են հրավիրվել նաև խորհրդի անդամների 1/3-ի պահանջով` համապատասխան պահանջը ներկայացվելուց հետո 30 օրվա ընթացքում: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել հեռուստահամաժողովի, էլեկտրոնային փոստի կամ այլ կապի միջոցների կիրառմամբ, ինչպես նաև` հարցման կարգով: Խորհրդի նիստերին խորհրդի նախագահի հրավերով կարող են մասնակցել համապատասխան ծրագրերի իրականացման պատասխանատուներ, այդ թվում` տվյալ ծրագրային ոլորտի աշխատանքները համակարգող նախարարները կամ նախարարության ներկայացուցիչները` խորհրդակցական ձայնի իրավունքով: Խորհրդի նիստերի արձանագրությունները ենթակա են ստորագրման` խորհրդի նախագահի և տվյալ նիստին մասնակցող խորհրդի բոլոր անդամների կողմից:

39. Եթե սույն կանոնադրությամբ սահմանված ժամկետում խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստը կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

40. Հիմնադրամի գործադիր տնօրենը ղեկավարում է հիմնադրամի ընթացիկ գործունեությունը: Նրա իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

41. Հիմնադրամի գործադիր տնօրենը կազմակերպում է խորհրդի որոշումների կատարումը, տարեկան մեկ անգամ խորհրդին ներկայացնում է հաշվետվություններ:

42. Հիմնադրամի գործադիր տնօրենը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է խորհրդի կողմից` բաց, հրապարակային և հավասար մրցույթով: Մրցույթի իրականացման կարգն ու պայմանները սահմանվում են խորհրդի կողմից:

43. Հիմնադրամի գործադիր տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է խորհրդի նախագահը կամ խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

44. Հիմնադրամի գործադիր տնօրենը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի.

4) տալիս է լիազորագրեր.

5) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում` աշխատանքային.

6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ.

7) խորհրդի հաստատմանն է ներկայացնում հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը, ծրագրերի իրականացման խմբերի գործունեության կարգերը, ընդ որում, ծրագրերի իրականացման խմբերի գործունեության կարգերը նախապես համաձայնեցնում է տվյալ ծրագրերի պատասխանատուների հետ.

8) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

9) աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) կնքում է պայմանագիր ընտրված աուդիտորական կազմակերպության հետ.

11) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում և դրա սահմաններից դուրս խթանում է, ներդրումների ու արտահանման իրականացումը, ինչպես նաև գործընկերային հարաբերություններ է ծավալում համապատասխան շահառուների, իրավաբանական անձանց և քաղաքացիների հետ:

(44-րդ կետը փոփ. 22.12.16 թիվ 1386-Ն որոշում)

 

-----------------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - 22.12.16 թիվ 1386-Ն որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում

նշվում է «կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 6.1-ին

և 6.2-րդ ենթակետերով»: Սակայն քանի որ նշված չէ թե որ

կետում պետք է կատարվի լրացումը, ապա ԻՐՏԵԿ-ը համապատասխան

լրացումը չի կարող կատարել

-----------------------------------------------------------------

 

45. Հիմնադրամի գործադիր տնօրենը չի կարող այլ կազմակերպություններում վճարովի պաշտոններ զբաղեցնել կամ իրականացնել այլ գործունեություն:

46. Խորհուրդն իրավունք ունի լուծելու գործադիր տնօրենի հետ կնքված պայմանագիրը` օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով:

 

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

 

47. Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում զարգացման հեռանկարները և ընդունում իր գործունեության վերաբերյալ որոշումներ:

48. Հիմնադրամի` այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության ընթացքում բոլոր հարաբերություններն իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

49. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս` հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունելու Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

 

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

50. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարվում են, ինչպես նաև կանոնադրության փոփոխությունը և (կամ) նոր խմբագրությամբ կանոնադրությունը հաստատվում է խորհրդի որոշմամբ:

 

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

51. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամի հետ միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:

52. Հիմնադրամը վերակազմակերպվում է հիմնադրի միաձայն որոշմամբ կամ խորհրդի որոշմամբ:

53. Հիմնադրամը, միաձուլման ձևով վերակազմակերպվելիս, վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից:

54. Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս` նրանք համարվում են վերակազմակերպված` միացած հիմնադրամի գործունեության դադարման պետական գրանցման պահից:

55. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումից հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:

56. Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում` վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

57. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է կայացնել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումի հիման վրա:

58. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակների իրականացմանը և փոփոխել այդ նպատակները.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս` հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:

59. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

60. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում կայացվելուց հետո խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի ու «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն` սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները:

61. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես են գալիս լուծարման հանձնաժողովի ներկայացուցիչները:

62. Լուծարման գործընթացում գտնվելու մասին (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) տեղեկությունները գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

63. Լուծարման հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում (http://www.azdarar.am) զետեղում է հայտարարություն հիմնադրամը լուծարելու և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

64. Լուծարման հանձնաժողովը վերագնահատում է գույքը, միջոցներ է ձեռնարկում` պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման համար, ինչպես նաև պարտատերերին տեղեկացնում է հիմնադրամի լուծարման մասին:

65. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ` միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

66. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացվելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը պարունակում է տեղեկություններ լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

67. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

68. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատումից հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են` պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով վաճառում է հիմնադրամի գույքը:

69. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման պահից:

70. Պարտատերերի պահանջների բավարարումից հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

71. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում խորհրդին` հաստատման: Լուծարման հանձնաժողովը խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարան` հաստատման:

72. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր` հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

73. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած` լուծարման պետական գրանցման պահից:

74. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն կանոնադրության 59-րդ, 66-րդ և 70-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման կայացման, լուծարման հանձնաժողովի կողմից միջանկյալ լուծարման հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացվելու պահից) չկատարվելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.12.2014
N 1523-Ն
Որոշում