Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍ ...

 

 

020.0286.200201

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՈՒ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 24-ԻՆ ՄԻՆՍԿՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Քաղ. Երևան 20 փետրվարի 2001 թ.

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը, նախագահությամբ` սահմանադրական դատարանի նախագահ Գ. Հարությունյանի, կազմով` սահմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վ. Հովհաննիսյանի, սահմանադրական դատարանի անդամներ Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Նազարյանի, Ռ. Պապայանի, Վ. Պողոսյանի, Վ. Սահակյանի, Մ. Սևյանի,

մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարար Կ. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետի, 101 հոդվածի 1 կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետի, 21 հոդվածի, 25 հոդվածի 1 կետի, 56 և 67 հոդվածների,

դռնբաց նիստում քննեց «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև համագործակցության ու փոխգործակցության մասին 2000 թվականի մայիսի 24-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի դիմումն է սահմանադրական դատարան:

Լսելով սույն գործով զեկուցող` Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ Վ. Պողոսյանի հաղորդումը, Հանրապետության Նախագահի ներկայացուցիչ Կ. Պետրոսյանի բացատրությունները, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՊԱՐԶԵՑ.

 

1. Համաձայնագրի նպատակը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև տնտեսության ոլորտում հանցագործությունների, կոռուպցիայի, միջազգային ահաբեկչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ու փոխգործակցությունն է:

2. Համաձայնագրով Կողմերն ստանձնել են հետևյալ պարտավորությունները.

- համագործակցել հետախուզական և հակահետախուզական գործունեության կոնկրետ հիմնախնդիրների լուծման ընթացքում,

- իրականացնել համատեղ միջոցառումներ տնտեսության ոլորտում հանցագործությունների, մաքսանենգության, թմրաբիզնեսի, միջազգային ահաբեկչության և այլ հանցագործությունների դեմ պայքարում,

- ցուցաբերել օգնություն հանցագործությունների հայտնաբերման, կանխման, բացահայտման և այլ գործերում,

- իրականացնել համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ,

- իրականացնել միջոցառումներ զենքի և զինամթերքի, պայթուցիկ և թունավոր նյութերի` Կողմերի տարածքներով ապօրինի տեղափոխման բացահայտման և կանխարգելման հետ կապված հարցերում,

- համագործակցել ուսումնական հաստատությունների հիմքի վրա կադրերի պատրաստման և վերոհիշյալ հանցագործությունների դեմ պայքարում համատեղ գիտական հետազոտությունների անցկացման հարցերում,

- ապահովել օպերատիվ տեղեկատվություն Կողմերի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության մյուս ոլորտներին առնչվող իրավիճակների մասին,

- համատեղ միջոցառումների իրականացման ընթացքում պահպանել գաղտնապահության պահանջները,

- փոխգործակցել կապի միջոցների շահագործման և նյութատեխնիկական ապահովման հարցերում,

- հետազոտել և բուժել Կողմերի անվտանգության մարմինների աշխատակիցներին ու թոշակառուներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին և աջակցել դրանց հետ կապված հարցերում:

3. Համաձայնագրի դրույթները չեն հակասում ՀՀ ստանձնած այլ միջազգային պարտավորություններին և համահունչ են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության մի շարք դրույթներին (մասնավորապես, հոդվածներ 9, 89 կետ 6):

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100 հոդվածի 2 կետով, 102 հոդվածի առաջին և երրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածի 2 կետով, 67 և 68 հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

 

1. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության և Բելառուսի Հանրապետության պետական անվտանգության կոմիտեի միջև համագործակցության ու փոխգործակցության մասին 2000 թվականի մայիսի 24-ին Մինսկում ստորագրված համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 102 հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է, վերանայման ենթակա չէ, ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

20 փետրվարի 2001 թ.

ՍԴՈ-286

 

 

pin
ՀՀ Սահմանադրական դատարան
20.02.2001
N ՍԴՈ-286
Որոշում