Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱ ...

30.06.2018 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   25.05.2017  -ից մինչեւ   30.06.2018  -ը:
 

(ուժը կորցրել է 08.06.18 թիվ 705-Ն որոշում)

040.1245.280802

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«28» օգոստոսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 օգոստոսի 2002 թվականի N 1245-Ն

 

i

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Դիվանագիտական ծառայության մասին» և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ստեղծել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ:

2. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի.

գ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը` համաձայն N 3 հավելվածի:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-ԻՆ

 

Հավելված N 1

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

i

1. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում և իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, ինչպես նաև կազմակերպում և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում:

(1-ին կետը փոփ. 11.11.04 թիվ 1640-Ն որոշում)

2. Նախարարությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրով:

3. Նախարարության լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով:

4. Նախարարությունն իր գործունեությունն իրականացնում է` ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ, դրոշմակնիք և այլ անհատականացման միջոցներ:

i

6. Նախարարությունը կազմված է նախարարից և նախարարության աշխատակազմից: Նախարարության համակարգը ներառում է`

նախարարության աշխատակազմը, աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումները, օտարերկրյա պետություններում գործող կառուցվածքային ստորաբաժանումները (օտարերկրյա պետությունում գործող դիվանագիտական ծառայության մարմինները)`

Հայաստանի Հանրապետության դեսպանությունները,

միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունները` բացառությամբ մասնագիտացված միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների և ներկայացուցչությունների,

Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկները:

Նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկներն ընդգրկվում են նրա համակարգում:

(6-րդ կետը փոփ. 11.11.04 թիվ 1640-Ն, 22.05.08 թիվ 567-Ն, 06.11.08 թիվ 1264-Ն որոշումներ)

7. Նախարարության նպատակները և խնդիրներն են`

i

ա) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության հայեցակարգի և ուղղությունների մշակմանը մասնակցելը և Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելն ու Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականություն իրականացնելը.

բ) միջազգային հարաբերություններում Հայաստանի Հանրապետության շահերը և իրավունքները պատշաճ և հետևողականորեն ներկայացնելը.

գ) Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանությունը.

դ) օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների հետ դիվանագիտական և (կամ) հյուպատոսական հարաբերությունների իրականացումը.

ե) աշխարհի քաղաքական և տնտեսական դրության, օտարերկրյա պետությունների արտաքին ու ներքին քաղաքականության, միջազգային կազմակերպությունների գործունեության ուսումնասիրության հիման վրա Հայաստանի Հանրապետության Նախագահին և Հայաստանի Հանրապետության կառավարություն համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

զ) Հայաստանի Հանրապետության դերի բարձրացումը համաշխարհային և տարածաշրջանային հիմնախնդիրների լուծման գործում.

է) պետական լիազոր մարմնի հետ համատեղ սփյուռքահայության հետ հարաբերությունների համակարգումը.

ը) Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ապահովումը.

թ) պետական մարմիններն արտաքին և ներքին քաղաքականության իրականացման համար անհրաժեշտ տեղեկությամբ ապահովելը:

(7-րդ կետը փոփ. 06.11.08 թիվ 1264-Ն որոշում)

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

8. Նախարարությունն իր նպատակներն ու խնդիրներն իրագործելու համար իրականացնում է հետևյալ գործառույթները`

ա) Հայաստանի Հանրապետությունն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում ներկայացնելը.

բ) Հայաստանի Հանրապետության միջազգային արտաքին քաղաքականության ռազմավարության իրագործումը.

գ) միջազգային հարաբերությունների և կապերի ոլորտում գործադիր իշխանության հանրապետական ու տարածքային մարմինների գործունեության համակարգումը.

դ) «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը` մասնավորապես`

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կնքման հետ կապված գործառույթների կազմակերպումը և այդ բնագավառում գործադիր իշխանության այլ մարմինների գործունեության համակարգումը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պետական գրանցման միասնական գրանցամատյանի վարումը,

Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերը գրանցման ներկայացնելը,

Հայաստանի Հանրապետության ուժի մեջ մտած միջազգային պայմանագրերի հրապարակումը,

Հայաստանի Հանրապետության կնքած միջազգային պայմանագրերի ավանդապահի գործառույթների իրականացումը,

Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նկատմամբ ընդհանուր հսկողություն իրականացնելը և անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարություն կամ Հայաստանի Հանրապետության վարչապետին համապատասխան առաջարկություններ ներկայացնելը.

ե) Հայաստանի Հանրապետության գործունեության և միջազգային կազմակերպություններում, կոնֆերանսներում, խորհրդակցություններում և այլ հավաքներում մասնակցության ապահովումը.

զ) Հայաստանի Հանրապետության արտաքին և ներքին քաղաքականության, սոցիալ-տնտեսական, մշակութային և հոգևոր կյանքի վերաբերյալ օտարերկրյա պետություններում պաշտոնական տեղեկությունների տարածմանն աջակցելը.

է) Հայաստանի Հանրապետությունում արտաքին քաղաքականությանն առնչվող հիմնահարցերի լուսաբանումը.

ը) միջազգային հարաբերությունների բնագավառում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխանեցնելու ուղղությամբ առաջարկություններ պատրաստելը.

թ) Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ ընդհանուր վերահսկողության իրականացումը.

ժ) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների հետ պաշտոնական կապի իրականացումը և նրանց գործունեությանն աջակցելը.

ժա) օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և իրավաբանական անձանց իրավունքների ու օրինական շահերի պաշտպանության իրականացումը.

ժբ) հյուպատոսական գործունեության իրականացումը` համաձայն Հայաստանի Հանրապետության օրենքների, միջազգային պայմանագրերի և այլ իրավական ակտերի.

ժգ) դիվանագիտական ու հյուպատոսական փոստի առաքման և ստացման իրականացումը.

ժդ) Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնատար անձանց և պաշտոնական պատվիրակությունների արտասահման մեկնելուն և օտարերկրյա պետությունների ու միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու պատվիրակությունների Հայաստանի Հանրապետություն նախատեսվող այցելություններին աջակցելը և անհրաժեշտության դեպքում դրանք կազմակերպելը.

ժե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ժողովածուների, տեղեկագրերի, պարբերականների հրատարակումն իրականացնելը.

ժզ) արտաքին քաղաքականության ոլորտի սեմինարների և հանդիպումների, ինչպես նաև միջազգային խորհրդակցությունների, գիտաժողովների ու այլ հավաքների աշխատանքները կազմակերպելը և դրանց մասնակցելը.

ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կադրերի պատրաստման և վերապատրաստման, նախարարության համակարգի աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքների կազմակերպումը, ատեստավորման անցկացումը, աշխատողների և ղեկավար կադրերի ընտրության ու տեղաբաշխման աշխատանքների կազմակերպումը.

ժը) պետական կառավարման այլ մարմինների հետ համագործակցությունը, անհրաժեշտության դեպքում նրանց հետ համատեղ հանդիպումների կազմակերպումը և աշխատանքային խմբերի ու հանձնաժողովների ստեղծումը, համատեղ հրամանների արձակումը.

ժթ) նախարարության գործունեության ոլորտի իրավական ակտերի կիրառման պրակտիկայի ընդհանրացումը, արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մշակումը և դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնելն ապահովելը.

ի) քաղաքացիների և իրավաբանական անձանց նամակների (դիմումների, բողոքների) ժամանակին քննարկման կազմակերպումը` հասնելով դրանցում բարձրացված հարցերի ճիշտ և արդարացի լուծմանը, ինչպես նաև նախարարության համակարգի գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար միջոցների ձեռնարկումը.

իա) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվություններ (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդնելը և դրանց միջոցով հավաքագրված տվյալների ու տեղեկությունների հիման վրա` վարչական վիճակագրական ռեգիստրներ վարելը.

իբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում այլ գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

9. Նախարարությունը կառավարում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը (այսուհետ` նախարար), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի ներկայացմամբ: Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Իր գործունեության ընթացքում նախարարն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

10. Նախարարն իրականացնում է նախարարությանը վերապահված խնդիրները և գործառույթները և պատասխանատու է լիազորված բնագավառներում քաղաքականության մշակման ու իրականացման, տիրող իրավիճակի և հեռանկարային զարգացման ապահովման համար:

11. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու Հայաստանի Հանրապետության վարչապետին:

12. Նախարարը`

i

ա) իր իրավասության սահմաններում ընդունում և օրենքով սահմանված կարգով հրապարակում է գերատեսչական իրավական ակտեր.

բ) ղեկավարում է նախարարության ընթացիկ գործունեությունը և պատասխանատվություն կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

գ) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի նպատակներին ու խնդիրներին համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարություն.

դ) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ նախարարության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

ե) կատարում է նախարարի տեղակալների պարտականությունների բաշխում, սահմանում է նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

զ) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին և օգնականներին, ինչպես նաև նշանակում է կատարում դիվանագիտական ծառայության պաշտոններում և ազատում այդ պաշտոններից.

է) հաստատում է դիվանագիտական ծառայության մարմինների հաստիքացուցակները և պաշտոնների նկարագրերը, օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների կառուցվածքը, նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները.

ը) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի, նախարարության համակարգի դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

թ) լսում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերի տարեկան նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

ժ) վերահսկողություն է իրականացնում նախարարության աշխատակազմին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության և օտարման նկատմամբ.

ժա) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը և կառուցվածքը.

ժբ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատողների թիվը.

ժգ) հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության և միջազգային դրության մասին հաշվետվություններով ու հաղորդումներով.

ժդ) վարում է բանակցություններ և ստորագրում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերը.

ժե) ղեկավարում է օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանությունների և միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունների աշխատանքները.

ժզ) իր ստորագրությամբ ամրագրում է Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվող օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դեսպանների, միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչների հավատարմագրերը, հետկանչագրերը, միջազգային պայմանագրերի վավերագրերը և հայտարարագրերը.

ժէ) Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է գործերի հավատարմատարներին.

ժը) օտարերկրյա պետություններում նշանակում է հյուպատոսներ և պատվավոր հյուպատոսներ ու նրանց տալիս հյուպատոսական արտոնագրեր.

ժթ) նախարարության մրցութային-ատեստավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա շնորհում է դիվանագիտական աստիճաններ և զրկում դրանցից.

ի) դիվանագիտական ծառայողին օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում է պաշտոնի և ազատում պաշտոնից.

իա) հաստատում է մրցութային-ատեստավորող հանձնաժողովի կազմը և աշխատակարգը, նախարարության աշխատանքային կարգապահության կանոնները.

իբ) ներկայացնում է առաջարկություններ միջազգային խորհրդաժողովներին, արտաքին հարաբերություններին առնչվող հիմնահարցերին նվիրված խորհրդակցություններին մասնակցող նախարարությունների պատվիրակությունների ձևավորման և կազմի վերաբերյալ.

իգ) սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատակազմի աշխատողներին.

իդ) ստեղծում է խորհրդակցական մարմիններ (այդ թվում` կոլեգիա).

իե) իրականացնում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ:

(12-րդ կետը փոփ. 11.11.04 թիվ 1640-Ն, 22.05.08 թիվ 567-Ն, 06.11.08 թիվ 1264-Ն որոշումներ)

13. Նախարարի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի տեղակալներից մեկը:

14. Նախարարի տեղակալը`

ա) համակարգում, վերահսկում և իրականացնում է արտաքին քաղաքական գործունեության որոշակի ուղղություններ.

բ) մասնակցում է Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ուղղությունների և հայեցակարգի մշակմանը.

գ) նախարարի սահմանած պարտականությունների բաշխման շրջանակներում վերահսկում և համակարգում է նախարարության աշխատակազմի համապատասխան վարչությունների ու դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքները.

դ) նախապատրաստում է նախարարի մոտ քննարկվելիք հարցերը և մասնակցում դրանց քննարկումներին.

ե) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

զ) պարբերաբար նախարարին ներկայացնում է տեղեկատվություն իր կողմից համակարգվող բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

է) ապահովում է իր կողմից համակարգվող բնագավառում նախարարի հրամանների և ցուցումների կատարման նկատմամբ վերահսկողությունը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին.

ը) կատարում է նախարարի կողմից տրված այլ հանձնարարականներ:

15. Նախարարն ունի խորհրդականներ, օգնականներ, մամուլի քարտուղար, որոնց միջև պարտականությունների բաշխումը կատարում է նախարարը:

i

15.1. Նախարարության առջև դրված խնդիրներն ու գործառույթներն արդյունավետ իրականացնելու նպատակով նախարարին կից կարող է ստեղծվել կոլեգիա: Նախարարին կից կոլեգիան`

1) օժանդակում է նախարարության գործունեության ռազմավարական պլանավորման, քաղաքական որոշումների ընդունման, միջոցառումների ծրագրերի մշակման գործընթացներին.

2) նպաստում է ռազմավարական ծրագրերի իրականացմանը, գնահատմանը և, անհրաժեշտության դեպքում, այդ գործընթացներին քաղաքացիական հասարակության մասնակցությանը.

3) մշակում և ներկայացնում է նախարարության կառավարման արդյունավետության բարձրացման վերաբերյալ առաջարկություններ:

(15.1-րդ կետը լրաց. 08.01.09 թիվ 10-Ն, 31.03.16 թիվ 337-Ն որոշումներ)

15.2. (15.2-րդ կետն ուժը կորցրել է 18.05.17 թիվ 499-Ն որոշում)

i

(15.2-րդ կետը լրաց. 31.03.16 թիվ 337-Ն որոշում)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

 

i

16. Նախարարության աշխատակազմի նպատակը և խնդիրը նախարարության, այդ թվում` «Պետական արարողակարգի ծառայություն» գործակալության` օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ վերապահված նպատակների ու խնդիրների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովելն է:

(16-րդ կետը փոփ. 22.05.08 թիվ 567-Ն որոշում)

17. Նախարարության աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող կազմակերպություն է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող մարմնի կողմից:

18. Նախարարության աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, «Դիվանագիտական ծառայության մասին», «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի ու սույն կանոնադրության հիման վրա:

19. Նախարարության աշխատակազմն իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

20. Նախարարության աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք: Նախարարության աշխատակազմը կարող է ունենալ իր անվանմամբ ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

21. Նախարարության աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

22. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի իրականացնելու միայն այնպիսի գործունեություն, որը նպատակաուղղված է նախարարությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցության ապահովմանը:

23. Նախարարության աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն: Նախարարության աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների համար կարող է գանձվել միայն պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:

24. Նախարարության աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով: Նախարարության աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև նախարարության լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգով:

25. Նախարարության աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանատվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:

26. Նախարարության աշխատակազմի անվանումն է` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմ:

i

27. Նախարարության աշխատակազմի գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3, Կառավարական տուն 2:

(27-րդ կետը փոփ. 11.08.16 թիվ 829-Ն որոշում)

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարության աշխատակազմի գույքը օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ` գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախարարության աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

29. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմից նախարարության աշխատակազմին հանձնված գույքը:

30. Նախարարության աշխատակազմն իրավունք ունի օրենքով, իրավական այլ ակտերով և իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, իր գործունեության նպատակներին և գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու իրեն հանձնված գույքը:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

31. Նախարարության աշխատակազմի կառուցվածքը ներառում է նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ, քարտուղարություն) և առանձնացված ստորաբաժանումները:

32. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումն ունի վարչության կարգավիճակ, եթե այն իր ներքին կառուցվածքում ներառում է առնվազն երկու ոչ ինքնուրույն գործող բաժին: Վարչությունը ղեկավարում է վարչության պետը:

33. Նախարարության աշխատակազմի ինքնուրույն բաժնի կարգավիճակ ունեցող կառուցվածքային ստորաբաժանումը ղեկավարում է բաժնի պետը:

34. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագիտական ծառայության պաշտոններ զբաղեցնող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների քաղաքացիական ծառայող հանդիսացող աշխատողների ծառայության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:

Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների դիվանագետ կամ քաղաքացիական ծառայող չհանդիսացող աշխատողների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությանը համապատասխան:

35. Նախարարության աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախարարը:

36. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

37. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծառայություններ մատուցող մարմին է:

38. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն իրականացնում է աշխատակազմի առանձին գործառույթներ կամ դրանց մի մասը և հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից:

39. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

40. Նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և հայերեն ու այլ լեզվով իր անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

 

41. Նախարարության աշխատակազմի կառավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նախարարը` օրենքով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված իրավասության սահմաններում:

Նախարարության աշխատակազմի ղեկավարումն իրականացնում է գլխավոր քարտուղարը:

42. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

ա) վերակազմակերպում և դադարեցնում է նախարարության աշխատակազմի գործունեությունը.

բ) հաստատում է նախարարության կանոնադրությունը.

գ) որոշում է նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

դ) հաստատում է նախարարության աշխատակազմի կառուցվածքը.

ե) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

43. Գլխավոր քարտուղարի պաշտոնը դիվանագիտական ծառայության բարձրագույն պաշտոն է:

44. Գլխավոր քարտուղարը պաշտոնի է նշանակվում Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ` նախարարի ներկայացմամբ, և ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը:

i

45. Գլխավոր քարտուղարը նախարարության աշխատակազմի ղեկավարն է և ապահովում է դիվանագիտական ծառայության շարունակականությունը:

Գլխավոր քարտուղարն օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախարարի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է նախարարության աշխատակազմի ընթացիկ վարչական գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության, նախարարի որոշումների և սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:

(45-րդ կետը փոփ. 11.11.04 թիվ 1640-Ն որոշում)

46. Գլխավոր քարտուղարը`

i

ա) նախարարի ստորագրությանն է ներկայացնում նախարարի հրամանները, հանձնարարականները և կարգադրությունները.

բ) կազմակերպում է նախարարի հրամանների, հանձնարարականների առաքումը նախարարության աշխատակազմի ստորաբաժանումներ և դիվանագիտական ծառայության մարմիններ.

գ) կազմակերպում է նախարարությունում ստեղծված խորհրդակցական մարմինների (այդ թվում` կոլեգիայի) նիստերը, նախարարությունում ստեղծված աշխատանքային խմբերի խորհրդակցությունները, դրանց արձանագրությունների վարումը և ձևակերպումը.

դ) մասնակցում է նախարարի մոտ անցկացվող խորհրդակցություններին և քննարկումներին.

ե) ապահովում է աշխատակազմում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով անձնակազմի կառավարման հետ կապված գործառույթների իրականացումը, համակարգում է դիվանագիտական ծառայության պաշտոնի համար անցկացվող մրցույթների, դիվանագետների ատեստավորման, մրցութային-ատեստավորող հանձնաժողովի աշխատանքները, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` իր լիազորությունների սահմաններում աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական ծառայողներին և այլ աշխատողների, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

զ) օրենքով, այլ իրավական ակտերով, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարության աշխատակազմին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

է) կազմակերպում է նախարարության աշխատակազմի և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմինների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նախագծի նախապատրաստման աշխատանքներն ու ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

ը) իր լիազորության սահմաններում ապահովում է կապը պետական կառավարման այլ մարմինների համապատասխան պաշտոնատար անձանց հետ.

թ) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի կնքում է գործարքներ.

ժ) նախարարի հաստատմանն է ներկայացնում նախարարության աշխատակազմի տարեկան ֆինանսական ու վարչական հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը (այդ թվում` ապահովում է նախարարության աշխատակազմի հաշվապահական հաշվառում վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը), նախարարության աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

ժա) իր լիազորության սահմաններում նախարարին է ներկայացնում առաջարկություններ նախարարության աշխատակազմի վարչական գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

ժբ) (46-րդ կետի ժբ ենթակետն ուժը կորցրել է 12.07.07 թիվ 791-Ն որոշում)

ժգ) կազմակերպում է նախարարի մոտ քաղաքացիների ընդունելությունը.

ժդ) կազմակերպում է նախարարությունում գործավարության աշխատանքները.

ժե) կազմակերպում է նախարարության գործունեության տեխնիկական սպասարկման աշխատանքները` գործերի կառավարչության միջոցով.

ժզ) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

(46-րդ կետը փոփ. 11.11.04 թիվ 1640-Ն, 12.07.07 թիվ 791-Ն որոշումներ)

47. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում է նախարարության աշխատակազմի ֆինանսական ու հաշվապահական ծառայությունները, գործում է նախարարության գլխավոր քարտուղարի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված լիազորությունները:

48. Նախարարության աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը պատասխանատու է հաշվապահական հաշվառումը վարելու, նախարարության աշխատակազմի ֆինանսական, բյուջետային, հարկային, վիճակագրական, պարտադիր վճարների հաշվետվությունները ժամանակին կազմելու համար:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

49. Նախարարության աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ է ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների մասին, ինչպես նաև վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ ու հայտարարագրեր:

50. Նախարարության աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

IX. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

51. Նախարարության աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգը և պայմանները սահմանվում են օրենքով:

 

Հավելված N 2

i

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

i

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

Եվրոպայի վարչություն

Ամերիկայի վարչություն

Մերձավոր և Միջին Արևելքի վարչություն

ԱՊՀ վարչություն

Ասիայի, Աֆրիկայի և Օվկիանիայի վարչություն

Քաղաքական ծրագրավորման վարչություն

Միջազգային կազմակերպությունների վարչություն

Հյուպատոսական վարչություն

Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության

վարչություն

Բազմակողմ և երկկողմ տնտեսական համագործակցության վարչություն

Իրավաբանական վարչություն

Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն

Անձնակազմի կառավարման վարչություն

Ֆինանսական վարչություն

Սահմանակից երկրների վարչություն

Մշակույթի և հումանիտար համագործակցության վարչություն

Քարտուղարություն

Գործերի կառավարչություն

Սփյուռքի բաժին
Ներքին աուդիտի բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

«Պետական արարողակարգի ծառայություն» գործակալություն

 

(կառուցվածքը փոփ. 24.12.03 թիվ 1771-Ն, 12.07.07 թիվ 791-Ն, 22.05.08 թիվ 567-Ն, 06.11.08 թիվ 1264-Ն, 18.02.10 թիվ 144-Ն, 26.04.12 թիվ 508-Ն որոշումներ)

 

Հավելված N 3

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

օգոստոսի 1-ի N 1245-Ն որոշման

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԸ ԵՎ ՉԱՓԸ

 

-----------------------------------------

ԻՐՏԵԿ - N 3 հավելվածը չի բերվում

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.08.2002
N 1245-Ն
Որոշում