Սեղմել Esc փակելու համար:
ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ...

 

 

040.1173.150910

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

3 սեպտեմբերի 2010 թվականի N 1173-Ն

 

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

1) ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման կարգը` համաձայն N 1 հավելվածի:

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 28.09.17 թիվ 1209-Ն որոշում)

(1-ին կետը փոփ. 28.09.17 թիվ 1209-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

(վերնագիրը փոփ. 28.09.17 թիվ 1209-Ն որոշում)

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-ԻՆ

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 3-ի

N 1173-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՄԱՆ, ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են ոչ նյութական մշակութային արժեքների նույնականացման, փաստաթղթավորման, պահպանության և տեղեկատվության փոխանակման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգի դրույթները վերաբերում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված` Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգության և անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պետական ցանկերում (այսուհետ` պետական ցանկեր) ընդգրկված` Հայաստանի Հանրապետության մշակույթի ոլորտի պետական լիազոր մարմնի (այսուհետ` պետական լիազոր մարմին) մասնագիտական խորհրդի կողմից ճանաչված ոչ նյութական մշակութային արժեքներին, որոնք ենթակա են ընդգրկվելու նշված պետական ցանկերում:

 

II. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԵՎ ՓԱՍՏԱԹՂԹԱՎՈՐՈՒՄԸ

 

3. Պետական լիազոր մարմինը ոչ նյութական մշակութային արժեքների հայտնաբերման, հաշվառման և ուսումնասիրման, ինչպես նաև պետական ցանկերի տվյալների արդիականացման, ճշգրտման, անհրաժեշտ տեղեկույթի տրամադրման, լրամշակման նպատակով պարբերաբար կազմակերպում է երթուղային դիտանցումներ` համակարգված կերպով ընդգրկելով Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերի ու բնակավայրերի տարածքները:

4. Դիտանցումների ընթացքում բացահայտված ոչ նյութական մշակութային արժեքին վերաբերող տվյալները տեղում գրառվում, լուսանկարվում, տեսագրվում և ձայնագրվում են:

5. Դիտանցման ավարտից հետո հավաքված նյութերը նույնականացվում են նախկինում գրանցված նույնանուն կամ նկարագրական տվյալների համընկնում ունեցող արժեքների հետ, արձանագրվում են ինչպես պահպանված, այնպես էլ` կորսված բաղադրատարրերը, գրանցվում է դիտանցման պահին առկա իրավիճակը:

6. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկությունները ներկայացնում է մասնագիտական խորհուրդ` քննարկման:

7. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ներկայացնում է պետական կառավարման մարմիններ և շահագրգիռ գիտական հաստատություններ` քննարկման:

8. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերի կամ արդեն հաստատված ցանկերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացվող որոշման նախագծին կից ներկայացնում է մասնագիտական խորհրդի և շահագրգիռ կազմակերպությունների եզրակացություններն ու առաջարկությունները:

9. Պետական ցանկերում նոր արժեք ընդգրկելու կամ նշված ցանկերից արժեք հանելու վերաբերյալ առաջարկություն կարող են ներկայացնել նաև պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք` համապատասխան հիմնավորմամբ դիմելով պետական լիազոր մարմնին:

10. Սույն կարգի 9-րդ կետում նշված պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինները, ֆիզիկական և իրավաբանական անձինք առաջարկությունները ներկայացնում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

11. Պետական ցանկերից արժեքը կարող է հանվել միայն այն դեպքում, եթե այն բնական կամ արհեստական գործոնների ազդեցությամբ այլևս չի կենցաղավարում, և հնարավոր չէ վերականգնել դրա կենսունակությունը:

12. Պետական ցանկերում ընդգրկված արժեքների մասին տվյալները պարբերաբար (յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ) ճշգրտվում և լրամշակվում են` ըստ նոր բացահայտումների, հետազոտությունների, պահպանության վիճակի և կարգավիճակի փոփոխման մասին տվյալների:

13. Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության օբյեկտների հաշվառումը, հետազոտումն ու պահպանությունն իրականացնում է պետական լիազոր մարմինը` միջազգային նորմերին համապատասխան` համագործակցելով օտարերկրյա համապատասխան պետական և հասարակական կազմակերպությունների, գիտական, կրթական հաստատությունների, սփյուռքահայ կրոնական, մշակութային, գիտական, կրթական կազմակերպությունների ու հայրենակցական միությունների հետ:

14. Ոչ նյութական մշակութային արժեքների հետազոտման, հաշվառման, նույնականացման, վավերագրման վերաբերյալ նյութերը և փաստաթղթերն անժամկետ պահվում են պետական լիազոր մարմնի, ինչպես նաև գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների արխիվներում: Նրանց կողմից ամփոփված, թվայնացված նյութերը հրապարակվում են տեղեկատու էլեկտրոնային շտեմարաններում, կայքէջերում:

 

III. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

 

15. Ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության գործառույթներ կարող են իրականացնել ինչպես մշակույթի, գիտության և կրթության ոլորտի Հայաստանի Հանրապետության պետական լիազոր մարմինները, տեղական ու տարածքային կառավարման մարմինները, այնպես էլ` իրավաբանական և ֆիզիկական անձինք:

16. Պետական լիազոր մարմինը, մշակութային, գիտական, կրթական հաստատությունների ու կազմակերպությունների համաձայնությամբ, կազմում է ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջոցառումների ծրագրեր` անհրաժեշտության դեպքում ընդգրկելով համապատասխան այլ պետական մարմիններ կամ հասարակական կազմակերպություններ:

17. Ծրագրերը կազմվում են` հաշվի առնելով ոչ նյութական մշակութային ժառանգության յուրաքանչյուր բնագավառի առաջնահերթությունները, զարգացման հեռանկարները:

18. Հաշվի առնելով առանձին արժեքների կենսունակության նվազման միտումները` պետական լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություն` դրանք ներառելու Հայաստանի Հանրապետության անհապաղ պաշտպանության կարիք ունեցող արժեքների ցանկում:

19. Պետական լիազոր մարմինը, մշակութային, գիտական, կրթական հաստատությունների հետ համատեղ, մշակում և իրականացնում է անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, կենսունակության պաշտպանության միջոցառումներ:

20. Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

21. Ոչ նյութական մշակութային այն արժեքները, որոնք այլևս հնարավոր չէ բնական, սոցիալ-մշակութային միջավայրում պահպանել, դրանց վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը սահմանված կարգով անհրաժեշտ է թանգարանացնել:

 

IV. ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆԱԿՈՒՄԸ

 

22. Ոչ նյութական մշակութային արժեքների մասին տեղեկատվության փոխանակումը և հրապարակումն իրականացվում են գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների կողմից` էլեկտրոնային շտեմարանների, կայքէջերի, գիտական, գիտաճանաչողական, հանրամատչելի գրականության հրատարակման միջոցով:

23. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարաններում ընդգրկված տարրերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մարտի 11-ի N 310-Ա որոշման N 1 հավելվածի 2-րդ կետով հաստատված չափորոշիչների համաձայն:

24. Պետական լիազոր մարմինը պետական ցանկերում ներառված տարրերի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակում է «Հայաստանի Հանրապետության ոչ նյութական մշակութային ժառանգություն» կայքէջում` http://int-heritage.am/am/ հղումով:

25. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարանի հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության տարածքում և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական ոչ նյութական մշակութային արժեքների գրանցումն ու պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական ու ֆիզիկական անձանց ոչ նյութական մշակութային ժառանգության մասին հավաստի տեղեկատվությամբ ապահովումն է:

26. Տեղեկատու էլեկտրոնային շտեմարանի վարման հիմնական խնդիրներն են`

1) տվյալների հավաստիության և ամբողջականության ապահովումը.

2) ոչ նյութական մշակութային արժեքների պահպանության, օգտագործման, զարգացումների ու փոփոխությունների, դրանց կրողների մասին տեղեկատվության տարածումը.

3) գիտական, կրթական, մշակութային պետական հաստատությունների արխիվներում և ֆիզիկական անձանց մոտ պահպանվող տեղեկատվության տրամադրումը:»:

 

(1-ին հավելվածը խմբ. 28.09.17 թիվ 1209-Ն որոշում)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության

2010 թվականի սեպտեմբերի 3-ի

N 1173-Ն որոշման

 

Ձև

 

ՎԿԱՅԱԳԻՐ ՈՉ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔԻ

(2-րդ հավելվածն ուժը կորցրել է 28.09.17 թիվ 1209-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
03.09.2010
N 1173-Ն
Որոշում