Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՆ ...

 

 

102.0501.100800

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
ՀՐԱՄԱՆ

 

10 օգոստոսի 2000 թվականի թիվ 501

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 1995 թվականի հունվարի 13-ի «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» թիվ 15 որոշմամբ և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու աշխատանքները կանոնակարգելու նպատակով`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ ապոստիլ դնելու համար անձանց դիմումներն ընդունվում են և դրանք քաղաքացիներին են հանձնվում ամեն օր Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի քարտուղարության կողմից` ժամը 10.00-ից 17.00-ն:

(2-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2000 թվականի փետրվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոստիլ դնելու կարգը հաստատելու մասին» թիվ 53 հրամանը:

 

Հաստատված է ՀՀ արդարադատության

նախարարի 2000 թվականի 10 օգոստոսի

թիվ 521 հրամանով

 

Կ Ա Ր Գ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի օրինականացման պահանջը չեղյալ հայտարարելու մասին» 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիայի համաձայն օտարերկրյա պաշտոնական փաստաթղթերի դիվանագիտական կամ հյուպատոսական վավերացման (լեգալիզացման) փոխարեն կոնվենցիայի մասնակից երկրների կողմից տրված փաստաթղթերի վրա լիազորված մարմինների կողմից դրվում է հատուկ դրոշմակնիք` «Ապոստիլ» (այսուհետ` ապոստիլ), որով վավերացվում է փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

2. Ապոստիլ դրվում է հետևյալ պաշտոնական փաստաթղթերի վրա`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից տրված պաշտոնական փաստաթղթերի.

բ) Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների կամ նրանց մարմինների կողմից տրված փաստաթղթերի.

գ) վարչական փաստաթղթերի.

դ) նոտարական փաստաթղթերի (նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթեր).

ե) պաշտոնական գրանցումների, հրավերքների, ոչ նոտարական կարգով իրականացված ստորագրությունների իսկության հաստատումների և այլն:

3. Ապոստիլ չի դրվում դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցիչների կողմից տրված փաստաթղթերի, ինչպես նաև առևտրային կամ մաքսային գործողություններին ու գործարքներին ուղղակիորեն վերաբերվող փաստաթղթերի վրա:

Ապոստիլ չի դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող փաստաթղթերի վրա:

4. Ապոստիլ դրված փաստաթուղթը հետագա դիվանագիտական, հյուպատոսական կամ այլ վավերացման ենթակա չէ:

5. Ապոստիլ դրվում է միայն այն փաստաթղթերի վրա, որոնք ուղարկվում են 1961 թվականի հոկտեմբերի 5-ի Հաագայի կոնվենցիային միացած երկրներ (ցանկը կցվում է):

 

II. ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

6. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (այսուհետ` նախարարություն) կողմից ապոստիլ դրվում է «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաստատված փաստաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի (այսուհետ` նոտարական փաստաթղթեր), քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաստաթղթերի, դատարանների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա:

Նախարարության կողմից ապոստիլ կարող է դրվել նաև այլ մարմինների կողմից տրված փաստաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված ստորագրության իսկությունը վավերացված է նոտարական կարգով:

(6-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

7. Ապոստիլ դրվում է նաև նոտարական կարգով վավերացված փաստաթղթերի պատճենների, ինչպես նաև վավերացված թարգմանությունների վրա:

Այս դեպքում ապոստիլով հաստատվում է համապատասխան նոտարի ստորագրության և նրա կնիքի իսկությունը:

8. Ապոստիլ դնելու համար կարող է դիմել ցանկացած անձ:

9.Անձը ապոստիլ դնելու համար նախարարություն է ներկայացնում `

ա) դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոսահամարը (դրա առկայության դեպքում), ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթերի անվանումները.

բ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի իսկական օրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաստաթուղթը.

գ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենը կամ պատճենը.

դ) պետական տուրքի վճարման անդորրագիր` ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միասնական անդորրագրով:

Դիմումում կարող է նշվել նաև այն երկրի անվանումը, որին ներկայացվելու է փաստաթուղթը:

Եթե ապոստիլով վավերացման ենթակա փաստաթուղթը կամ նրա լուսապատճենը կազմված է մեկից ավելի էջերից, ապա դրանցից յուրաքանչյուրը պետք է առանձին կարված լինի, իսկ նրանց էջերը` համարակալված:

Պետական տուրքի վճարման անդորրագիրն ամրացվում է ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի լուսապատճենին:

10. Ապոստիլ դնելու համար պետական տուրքը մուծվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե թիվ 900005163523 հաշվի համարով` 5000 դրամի չափով:

(10-րդ կետը փոփ. 24.11.17 թիվ 592-Ն հրաման)

11. Ապոստիլ դնելու դիմումները քննարկվում և ապոստիլ դրվում է նախարարության աշխատակազմի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության (այսուհետ` գործակալություն) կողմից:

Դիմումի քննարկման ժամանակ պետք է պարզվեն`

ա) ներկայացված փաստաթուղթը ենթակա է ապոստիլով վավերացման.

բ) ներկայացված փաստաթուղթը բխում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կարգի պահանջներից.

գ) ներկայացված փաստաթուղթն ստորագրած անձի պաշտոնի, ստորագրության, ինչպես նաև այդ փաստաթղթի վրա դրված կնիքի կամ դրոշմակնիքի իսկությունը:

(11-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

12. Գործակալությունը ապոստիլ դնելու համար ներկայացրած փաստաթղթերում դրված ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը ստուգելու համար դրանք համեմատում է իր մոտ եղած ստորագրությունների, կնիքների ու դրոշմակնիքների նմուշների հետ:

Փաստաթուղթն ստորագրած պաշտոնատար անձի ստորագրության նմուշը նախարարությունում չլինելու դեպքում ապոստիլ կարող է դրվել միայն փաստաթղթում դրված ստորագրության իսկությունը կամ փաստաթղթի պատճենը նոտարական կարգով վավերացնելուց հետո, որից հետո անձի պահանջով ապոստիլ դրվում է փաստաթղթի իսկական օրինակի վրա:

(12-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

13. Եթե փաստաթղթի հնության կամ այլ պատճառներով հնարավոր չէ ստուգել փաստաթղթի վրա դրված ստորագրությունների, կնիքների կամ դրոշմակնիքների իսկությունը, ապա ապոստիլ կարող է դրվել միայն փաստաթղթի կրկնօրինակի վրա:

14. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է, եթե`

ա) ներկայացված փաստաթուղթը չի բխում Հայաստանի Հանրապետության օրենսդրության, ինչպես նաև սույն կարգի պահանջներից.

բ) փաստաթուղթը ներկայացվել է սույն կարգի պահանջների խախտմամբ.

գ) դիմումում նշված է, որ փաստաթուղթն ուղարկվում է միայն Հաագայի կոնվենցիային չմիացած երկիր.

դ) փաստաթղթում առկա են չհաստատված ջնջումներ, փոփոխություններ կամ սխալներ.

ե) փաստաթղթի վրա ապոստիլ դնելու լիազորությունը նախարարությանը վերապահված չէ:

Սույն կետում նշված հիմքերով փաստաթղթի մերժումը կատարվում է այն նախարարություն մուտք լինելու օրվանից մեկ օրվա ընթացքում:

(14-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

15. Փաստաթղթի վրա ապոստիլ դնելու դիմումը մերժվում է գրավոր` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համապատասխան տեղակալի ստորագրությամբ:

Դիմումի մերժման մեջ հստակ նշվում է մերժման պատճառներն ու իրավական հիմքերը:

Ապոստիլ դնելու դիմումի մերժման դեպքում մերժման պատասխանի հետ միասին դիմողին է վերադարձվում ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթի իսկական օրինակը և պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Դիմումի մերժումը օրենքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել դատարան:

16. Փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի: Նշված դեպքում քաղաքացիները ապոստիլ դրված փաստաթղթերը կարող են ստանալ 2-րդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած:

Առանձին փաստաթղթերի իսկությունը ճշտելու համար գործակալության պետի կողմից ապոստիլ դնելու ժամկետը կարող է երկարաձգվել մինչև 5 օրով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալի կողմից` մինչև 10 օրով, իսկ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից` մինչև 15 օրով: Նշված դեպքում դիմողին մեկ օրվա ընթացքում տրվում է գրավոր պատասխան, որում նշվում է ապոստիլ դնելու ժամկետի երկարացման պատճառների մասին` ժամկետը երկարացնող անձի ստորագրությամբ:

Այն դեպքում, երբ դիմողի հետ կնքվում է ապոստիլ դնելու վճարովի ծառայության մատուցման պայմանագիր, փաստաթղթի վրա ապոստիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու օրվանից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Ընդ որում, եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 10.00-ից 13.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա դիմողը ապոստիլ դրված փաստաթղթերը կարող է ստանալ հաջորդ աշխատանքային օրվա ժամը 10.00-ից սկսած, իսկ եթե դիմումը ներկայացվել է աշխատանքային օրվա ժամը 14.00-ից 17.00-ն ընկած ժամանակահատվածում, ապա` հաջորդ աշխատանքային օրվա ժամը 14.00-ից սկսած:

(16-րդ կետը փոփ. 27.09.10 թիվ 199-Ն, 22.12.10 թիվ 241-Ն, 11.07.11 թիվ 96-Ն հրամաններ)

 

III. ԱՊՈՍՏԻԼ ԴՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

17. Նախարարության կողմից դրվող ապոստիլը 12 x 12 չափերի փաստաթուղթ է (ձևը կցվում է):

(17-րդ կետը փոփ. 03.07.17 թիվ 334-Ն հրաման)

18. Ապոստիլի բոլոր տողերը լրացվում են անգլերեն:

(18-րդ կետը փոփ. 24.11.17 թիվ 592-Ն հրաման)

19. Եթե ներկայացված փաստաթուղթը ստորագրված է պաշտոնատար անձի կողմից, որի ստորագրությունը կասկած չի հարուցում, սակայն ազգանունն անընթեռնելի է և վաղեմության պատճառով հնարավոր չէ վերականգնել (օրինակ` ծննդյան վկայական), ապա ապոստիլի 2-րդ տողում նշվում է «պաշտոնատար անձի կողմից» բառերը, իսկ ապոստիլի 3-րդ տողում նշվում է այդ անձի պաշտոնը, օրինակ` «ՔԿԱԳ տարածքային բաժնի վարիչ» , այնուհետև` 4-րդ տողում` «Կոտայքի ՔԿԱԳ տարածքային բաժին»:

20. Ապոստիլի 9-րդ տողում նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կլոր կնիքը դրվում է այնպես, որ կնիքի կեսը դրոշմվի ապոստիլի, իսկ մյուս կեսը` փաստաթղթի առաջին էջի վրա:

21. Ապոստիլ դնելու փաստը գրանցվում է առանձին գրանցամատյանում, որտեղ նշվում է`

ա) դիմումն ընդունելու տարին, ամիսը և ամսաթիվը.

բ) դիմումն ընդունող պաշտոնատար անձի ազգանունը.

գ) դիմողի անունը, ազգանունը (հայրանունը).

դ) ապոստիլով վավերացման ենթակա փաստաթղթի անվանումը.

ե) ապոստիլ դնելու ժամանակը և ապոստիլը հաստատող անձի ազգանունն ու անունը, որը պետք է համապատասխանի ապոստիլի 6-րդ և 7-րդ տողերին.

զ) ապոստիլի հերթական համարը, որը համապատասխանում է ապոստիլի 8-րդ տողին.

է) ապոստիլ դնելու դիմումը մերժելու տարին, ամիսը, ամսաթիվը (եթե ապոստիլ դնելու դիմումը մերժվում է).

ը) ապոստիլ դրած պաշտոնատար անձի ստորագրությունը:

22. Գործակալությունում ապոստիլ դնելու փաստը գրանցելու համար վարվում են հետևյալ գրանցամատյանները`

ա) քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաստաթղթերի իսկական օրինակների վրա ապոստիլ դնելու գրանցամատյան,

բ) այլ փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու գրանցամատյան:

(22-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

23. Գրանցամատյանները և ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները պահպանվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումում: Գրանցամատյանները պահվում են անժամկետ, իսկ փաստաթղթերի լուսապատճենները` 3 տարի:

Ապոստիլ դնելու համար ներկայացված փաստաթղթերի լուսապատճենի վերևի աջ անկյունում նշվում է այդ փաստաթղթի իսկական օրինակի (կրկնօրինակի) վրա դրված ապոստիլի համարը, տարին, ամիսը և ամսաթիվը:

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

25. Ապոստիլի վրա նախարարության Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքը դրվելուց հետո համապատասխան ստորաբաժանման աշխատակիցները դրանք հանձնում են նախարարության նախարարության աշխատակազմի քարտուղարություն:

(25-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

26. Նոտարական փաստաթղթերի վրա ապոստիլ դնելու աշխատանքներն իրականացնում են նախարարության նոտարիատի վարչությունը, քաղաքացիական կացության ակտերի գրանցման վերաբերյալ կազմված փաստաթղթերինը` քաղաքացիական կացության ակտերի գրանցման վարչությունը, դատական և այլ ակտերինը` վերահսկողության ծառայությունը, կատարողական փաստաթղթերինը` դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը:

27. Ապոստիլը ստորագրում և կնքում է գործակալության պետը, իսկ նրա բացակայության դեպքում վերջինիս հանձնարարությամբ գործակալության աշխատակիցներից որևէ մեկը:

(27-րդ կետը փոփ. 11.07.11 թիվ 96-Ն հրաման)

28. Ապոստիլ դնող անձինք անձնական պատասխանատվություն են կրում սույն կարգի պահանջների խախտման համար:

29. Ապոստիլ դնելու աշխատանքների ընթացքում փչացած կամ սխալ լրացված ապոստիլները համապատասխան նշումով հաշվառվում ու պահպանվում են նախարարության համապատասխան ստորաբաժանումում:

 

.__________________________________________________________________.

|                           APOSTILE                               |

|           (CONVENTION DE LA HAYE DU 5 OCTOBE 1961)               |

|                                                                  |

|   1. Contry: ____________________________                        |

|                  This public document                            |

|   2. Has been signed by ______________________                   |

|                              (surname)                           |

|   3. Acting in the capacity of _______________                   |

|                                   (position)                     |

|   __________________________________________________________     |

|                                                                  |

|   4. Bears the seal/stamp of _________________________           |

|                                                                  |

|                           CERTIFIED                              |

|                                                                  |

|   5. At ______          6. ___ the _____ 20                      |

|   7. by ___________________________________                      |

|               (position and surname)                             |

|   __________________________________________________________     |

|                                                                  |

|   8. No.______________                                           |

|   9. Seal/Stamp                    10. Signature:                |

|   ____________________             ___________________           |

|                                                                  |

|                                     Verify.www.e-apostile.am     |

|                                     XXXX XXXX XXXX XXXX          |

|                                                                  |

.__________________________________________________________________.»:

 

(ձևը փոփ. 03.07.17 թիվ 334-Ն հրաման)

 

ՑԱՆԿ

1961 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ՀԱԱԳԱՅԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ

(առ 01. 07. 1999 թվականի)

 

   ԱՄՆ                                 ՀԱՐԱՎՍԼԱՎԻԱ

   ԱՆԴՈՐՐԱ                             ՀՈՒՆԱՍՏԱՆ

   ԱՆՏԻԳՈՒԱ ԵՎ ԲԱՐԲՈՒԴԱ                ՀՈՒՆԳԱՐԻԱ

   ԱՎՍՏՐԻԱ                             ՃԱՊՈՆԻԱ

   ԱՎՍՏՐԱԼԻԱ                           ՄԱԼԱՎԻ

   ԱՐԳԵՆՏԻՆԱ                           ՄԱԼԹԱ ԿՂԶԻՆԵՐ

   ԲԱՀԱՄՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ                    ՄԱԿԵԴՈՆԻԱ

   ԲԱՐԲԱԴՈՍ                            ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

   ԲԵԼԳԻԱ                              ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ

   ԲԵԼԻԶ                               ՄԵՔՍԻԿԱ

   ԲԵԼՈՌՈՒՍ                            ՄԱՎՐԻՏԱՆԻԱ

   ԲՈՍՆԻԱ ԵՎ ՀԵՐՑՈԳՈՎԻՆԱ               ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ

   ԲՈՍՏՎԱՆԱ                            ՆԻՈՒ

   ԲՐՈՒՆԵՅ                             ՆՈՐՎԵԳԻԱ

   ԳԵՐՄԱՆԻԱ                            ՇՎԵԴԻԱ

   ԷԼ ՍԱԼՎԱԴՈՐ                         ՇՎԵՅՑԱՐԻԱ

   ԹՈՒՐՔԻԱ                             ՍՎԱԶԻԼԵՆԴ

   ԻՌԼԱՆԴԻԱ                            ՉԵԽԻԱ

   ԻՍՐԱՅԵԼ                             ՊԱՆԱՄԱ

   ԻՍՊԱՆԻԱ                             ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱ

   ԻՏԱԼԻԱ                              ՌՈՒՍԱՍՏԱՆ

   ԼԱՏՎԻԱ                              ՍԱՆ ՄԱՐԻՆՈ

   ԼԵՍՈՏՈ                              ՍԵՅՇԵԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ

   ԼԻԲԵՐԻԱ                             ՍԼՈՎԵՆԻԱ

   ԼԻԽՏԵՆՇՏԵՅՆ                         ՍՈՒՐԻՆԱՄ

   ԼԻՏՎԱ                               ՍՈՒՐԲ ԿԻՏՏՍ ԵՎ ՆԵՎԻՍ

   ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳ                       ՎԵՆԵՍՈՒԵԼԱ

   ԽՈՐՎԱԹԻԱ                            ՏՈՆԳԱ

   ԿԻՊՐՈՍ                              ՖԻՆԼԱՆԴԻԱ

   ՀԱՅԱՍՏԱՆ                            ՖԻՋԻ

   ՀԱՀ                                 ՖՐԱՆՍԻԱ

 

ԳՐԱՆՑՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ «10»  08  2000 Թ. ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10200076

 

 

pin
Արդարադատության նախարարություն
10.08.2000
N 501
Հրաման