Սեղմել Esc փակելու համար:
«ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ Հ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo

«ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵ ...

 

 

100.0138.160302

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         03           2002 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10002053

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՄԱՆ

 

6 մարտի 2002 թվականի N 138

 

«ԱՂՄՈՒԿՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ» N2-III-11.3 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(2-րդ մաս)

 

Հավելված 1

 

i

ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ ԵՎ ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԱՂՄՈՒԿԻ ԳՈՐԾԻՔԱՅԻՆ ՉԱՓՈՒՄԸ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն հավելվածով (այսուհետ` Հավելված) կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման գործընթացը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2002 թվականի մարտի 6-ի N 138 հրամանով հաստատված «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2III-11.3 սանիտարական նորմերի պահանջներին համապատասխան:

2. Սույն Հավելվածով կանոնակարգվում է աղմուկի գործիքային չափման կազմակերպման և իրականացման գործընթացը և արդյունքների ամփոփումը` ուղղման արժեքների օգտագործմամբ:

3. Աղմուկի չափիչ սարքերը ունենում են ստանդարտացման մարմնի կողմից տրված ստուգաչափման մասին հավաստող փաստաթուղթ, իսկ աղմուկի չափիչ սարքեր շահագործումը և պահպանումն իրականացվում է չափման յուրաքանչյուր սարքի տեխնիկական հրահանգին համապատասխան:

 

2. ԱՂՄՈՒԿԻ ՆՈՐՄԱՎՈՐՎՈՂ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐՆ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՇԵՆՔԵՐՈՒՄ, ԲՆԱԿԵԼԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ

 

4. Աշխատատեղերում աղմուկի նորմավորվող չափորոշիչները համարվում են`

1) հաստատուն աղմուկի գնահատման համար.

ա. ձայնի մակարդակները, դԲԱ,

բ. ձայնային ճնշման մակարդակները 31,5-63-125-250-500-1000-2000-4000-8000 Հց միջին երկրաչափական հաճախականությունների օկտավային շերտերում.

2) փոփոխական աղմուկի գնահատման համար` ձայնի համարժեք մակարդակները, դԲԱհամ.:

5. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում, բնակելի կառուցապատման տարածքներում, բացօթյա հրապարակներում և փակ հարմարեցված սենքերում փոփոխական աղմուկի գնահատումը դԲԱհամ. կատարվում է նաև ձայնի առավելագույն մակարդակներով, դԲԱառավ.:

 

3. ԱՂՄՈՒԿԻ ՉԱՓՄԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ

 

6. Աղմուկի մակարդակի գործիքային չափումներ կատարելիս անհրաժեշտ է պահպանել մի շարք ընդհանուր պահանջներ`

1) չափիչ սարքի ձայնի ընդունիչը (այսուհետ` միկրոֆոն) ուղղվում է դեպի աղմուկի աղբյուրը և հեռացված լինի չափում կատարողից ոչ պակաս, քան 0,5 մ.

2) չափման կետերում օդային արտահայտված հոսքերի առկայության դեպքում, եթե արագությունը գերազանցում է 5 մ/վրկ, աղմկաչափի միկրոֆոնը պաշտպանվում է հակահողմային սարքով:

i

7. Չափիչ սարքի ժամանակային բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) հաստատուն աղմուկի չափման ժամանակ` «դանդաղ» (S),

2) փոփոխական աղմուկի չափման ժամանակ` «արագ» (F),

3) իմպուլսային աղմուկի չափման ժամանակ` «իմպուլս» (I):

(7-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

8. Չափիչ սարքի հաճախականությունների բնութագրի փոխարկիչը դրվում է հետևյալ դիրքերում.

1) ձայնի ընդհանուր գումարային մակարդակի գնահատման համար` «A»,

2) ձայնային ճնշման ընդհանուր մակարդակի համար` «L»,

3) ձայնային ճնշման սպեկտրալ վերլուծության համար հաջորդաբար` 31.5-63-150-250-500-1000-2000-4000-8000 Հց օկտավային միջին երկրաչափական շերտերին համապատասխան:

9. Արտադրական սենքերում աղմուկի չափման կետերը ընտրվում են մշտական աշխատատեղերում, իսկ ոչ մշտական աշխատատեղերում (աշխատանքային գոտում և արտադրական տարածքում)` իրարից հավասարաչափ հեռացված 3-ից ոչ պակաս կետեր:

10. Աշխատատեղում աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուր հանդիսացող սարքերից ու սարքավորումներից 1 մ հեռավորության, սենքի սահմանափակող կառուցվածքներից 2 մ հեռավորության և հատակից 1,2-1,5 մ բարձրության վրա: Եթե սենքի մակերեսը փոքր է և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմանները, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում:

11. Չափման կետերը ընտրելուց հետո չափումը կատարվում է`

1) նմանատիպ սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղում,

2) նմանատիպ սարքավորումների խմբերով տեղակայման դեպքում` յուրաքանչյուր խմբի կենտրոնում նախատեսված աշխատատեղում,

3) տարբեր տիպի սարքավորումներով տեղակայված արտադրական սենքում` 3-ից ոչ պակաս մշտական աշխատատեղերում:

i

12. Բնակելի սենքերում և հասարակական շենքերում աղմուկի չափման համար ընտրվում են սենքով հավասարաչափ տեղաբաշխված` սենքի սահմանափակող կառուցվածքներից 1 մ հեռավորության և հատակից 1,2-1,5 մ բարձրության վրա, 3-ից ոչ պակաս չափման կետ: Եթե սենքի մակերեսը փոքր է 20 մ2 և չի բավարարում վերոհիշյալ չափման պայմաններին, ապա աղմուկի չափումը կատարվում է սենքի կենտրոնում` 1 կետում: Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքի ներսում, ապա չափումները կատարվում են դռները և պատուհանները փակած, իսկ եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, ապա բնական օդափոխություն ապահովող կոնստրուկցիաները (պատուհան, դուռ և այլն) պետք է լինեն բաց:

Յուրաքանչյուր կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

Եթե աղմուկի աղբյուրը տեղակայված է շենքից դուրս, բայց ամրացված է շենքի արտաքին պատին, տանիքում` առաստաղին, սակայն աղմուկը սենք թափանցում է նաև առաստաղից, հատակից, հարակից և հանդիպակաց պատերից, ապա չափումները կատարվում են դռների, պատուհանների և փակ և բաց վիճակում: Գնահատման համար ընտրվում է չափման ընթացքում ստացված առավելագույն մակարդակը:

(12-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

13. Բնակարաններում աղմուկի չափումների ժամանակ անջատվում է ռադիո և հեռուստատեսային ընդունիչները, հեռացվում են աղմկոտ ժամացույցները: Բացի չափումներ իրականացնող անձնակազմից, այլ մարդկանց ներկայությունը չափումների գործընթացին ցանկալի չէ: Եթե չափումների գործընթացին այլ անձանց ներկայությունը անհրաժեշտ է, ապա չափման գործընթացին կարող են մասնակցել 3-ից ոչ ավել անձ` պահպանելով բացարձակ լռություն:

(13-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

14. Հանգստյան գոտիների և թաղամասերի, մանկական, նախադպրոցական և դպրոցական հիմնարկների հրապարակներում, առողջապահական կազմակերպությունների և հանգստյան տների տարածքներում աղմուկի մակարդակի չափումները կատարվում են շենքի սահմանափակող կառուցվածքից 2 մ հեռավորության, հողի մակերևույթից 1,2-1,5 մ բարձրության վրա` 3-ից ոչ պակաս չափման կետում:

(14-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

15. Եթե բնակելի շենքերում (բնակարանում) և/կամ կառուցապատման տարածքում հնարավոր չէ որոշել տեղակայված որ կազմակերպությունն է հանդիսանում աղմուկի տարածման աղբյուր, ապա անհրաժեշտ է քարտեզագրել աղմուկի հնարավոր բոլոր աղբյուրները և չափել առանձին-առանձին` պարզելով յուրաքանչյուր աղբյուրի ներդրումը:

(15-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

16. Աղմկային քարտեզ ստանալու համար կազմվում է այդ ուղղություններով (աղմուկի աղբյուրից դեպի շենք և/կամ կառուցապատման տարածք) աղմուկի տարածման պատկերը` քառակուսի վանդակներով ցանցի տեսքով, ըստ որի ցանցի գծերի միջև եղած հեռավորությունը բնակելի շենքերի (բնակարանի) համար պետք է լինի 6-12 մ, կառուցապատման տարածքի համար` 50 մ-ից ոչ պակաս, իսկ ցանցի հանգույցները (հատման կետերը) կլինեն չափման համար ընտրված կետերը:

17. Բազմաբնակարան շենքերում աղմուկի չափումները կատարվում են շենքի առաջին, միջին և վերջին հարկերի` դեպի աղմուկի աղբյուրը կողմնորոշված բնակարաններում:

18. Ներքաղաքային (ներհամայնքային) մայրուղիներում և բանուկ խաչմերուկներում աղմուկի չափումը կատարվում է փոխադրամիջոցների առավելագույն հոսքի (պիկ) ժամերին: Մայրուղիներում աղմուկի չափման համար ընտրվում է մայթի լայնքի հեռավոր կետը, իսկ բանուկ խաչմերուկներում` բոլոր ուղղություններով նմանապես:

19. Յուրաքանչյուր հսկողական կետում հաստատուն աղմուկի չափումը կատարվում է աղմուկի աղբյուրի առավել ինտենսիվ աշխատանքի ժամանակ և չափման տևողությունը կազմում է 5 րոպեից ոչ պակաս (նպատակ ունենալով ընդգրկել աղմուկի աղբյուրը բնութագրող ազդեցության ողջ ընթացքը), իսկ փոփոխական աղմուկի չափումները կատարվում են սույն Հավելվածի 7-րդ կետի համաձայն:

20. Յուրաքանչյուր հսկողական կետում աղմուկը չափվում է ոչ պակաս, քան 3 անգամ և չափման արդյունքներով որոշվում է ձայնային ճնշման օկտավային մակարդակների, համարժեք և առավելագույն մակարդակների միջին թվաբանականը:

 

4. ՉԱՓՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄԸ

 

21. Բնակելի և հասարակական շենքերի սենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի գնահատման համար ֆոնային աղմուկը համարվում է կարևոր գործոն: Եթե աղմուկի և ֆոնային աղմուկի մակարդակների տարբերությունը մեծ է կամ հավասար 10 դԲ-ի (դԲԱ), ապա չափման արդյունքներին կատարվող ուղղումները հաշվի չեն առնվում, իսկ եթե փոքր է 10 դԲ-ից (դԲԱ), ապա չափման արդյունքներում պետք է մտցնել ուղղումներ` համաձայն 1-ին աղյուսակի:

i

22. Երբ ֆոնային աղմուկի մակարդակը բարձր է և չափված և ֆոնային մակարդակների միջև տարբերությունը փոքր է 3 դԲ-ից, ապա չափումը կատարվում է օրվա այն ժամերին, երբ ֆոնային աղմուկի մակարդակն առավել ցածր է:

(22-րդ կետը փոփ. 14.11.17 թիվ 52-Ն հրաման)

23. Աշխատատեղերում իմպուլսային և տոնային աղմուկի համար սահմանային թույլատրելի մակարդակները սահմանվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III-11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակի 5-րդ կետով սահմանված սահմանային թույլատրելի համարժեք մակարդակից 5 դԲԱ-ով պակաս (ուղղում -5դԲ):

(23-րդ կետը փոփ. 06.05.17 թիվ 19-Ն հրաման)

24. Աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում աղմուկի չափման փաստացի մակարդակները համադրվում են «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III-11.3 սանիտարական նորմերի`

1) աշխատատեղերում` 2-րդ աղյուսակին համապատասխան սահմանային թույլատրելի մակարդակների հետ,

2) բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում` 3-րդ աղյուսակին համապատասխան թույլատրելի մակարդակների հետ:

25. Չափման արդյունքներով կազմվում է արձանագրություն սահմանված կարգով:

 

Աղյուսակ 1

 

Աղմուկի` ձայնային ճնշման օկտավային մակարդակներին, ձայնի համարժեք

և առավելագույն մակարդակներին կատարվող ուղղումները

 

.____________________________________________________________________.

|Չափված և  ֆոնային աղմուկ մակարդակների    |3   |4-5 |6-9 |10 և  ավելի|

|տարբերությունը, դ` (դԲԱ)                 |    |    |    |           |

|_________________________________________|____|____|____|___________|

|ՈՒղղումը, դ` (դԲԱ)                       |- 3 |- 2 |- 1 |0          |

.____________________________________________________________________.

 

5. ՁԱՅՆԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՄԻՋԻՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 

26. Ձայնի մակարդակների միջին արժեքը որոշվում է միևնույն կետում առնվազն երեք չափումների արդյունքների հիման վրա: Եթե նույն կետում չափման արդյունքներն իրարից տարբերվում են ոչ ավելի, քան 7 դԲԱ-ով, ապա այն որոշվում է համաձայն (1) բանաձևի` որպես միջին թվաբանական, իսկ եթե դրանք իրարից տարբերվում են ավելի, քան 7 դԲԱ-ով` համաձայն (2) բանաձևի

 

    Lմիջ = (L1 + L2+ L3 +....+ Ln), դԲԱ         (1)

 

                  0.1L1    0.1L2   0.1L3        0.1Ln

    Lմիջ = 101g(10     + 10    + 10     + ...+10      ) -10Lgn,  դԲԱ (2),

 

որտեղ`

L1 + L2+ L3 +....+Lո - չափված մակարդակներն են, դԲԱ

ո - չափումների թիվը:

 

27. Ձայնի մակարդակների միջին արժեքը` Lմիջ., հաշվարկելու համար չափված մակարդակները գումարվում են աղյուսակ 2-ի օգտագործմամբ, որից հանվում է աղյուսակ 3-ին համապատասխան որոշված 10lgn-ի արժեքն է, այդ դեպքում (2) բանաձևը ստանում է հետևյալ տեսքը`

 

                          Lմիջ.= Lգում.- 10Lgn     (3)

 

28. Չափված L1 + L2+ L3.... Lո մակարդակների` Lգում.-ը ստանալու համար կատարվում է գումարում զույգերով` հետևյալ կերպ. L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է դրան համապատասխան /\L ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, արդյունքում ստացվում է L1,2= L1 + /\L:

1) L3-ը որոշելու համար պետք է վարվել նույն կերպ. ստացված L1,2 և L3 մակարդակների տարբերության միջոցով աղյուսակ 2-ից ընտրվում է /\L ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին և այդպես շարունակ, մինչև վերջնական արդյունք ստանալը: Վերջնական արդյունքը կլորացվում է մինչև ամբողջական թիվը:

2) Հավասար մակարդակների (L1=L2=L3=...=Lո) դեպքում Lգում.-ը հաշվարկվում է հետևյալ բանաձևով.

 

                           Lգում. = L + 10Lgn     (4)

 

29. Ձայնի գումարային մակարդակը Lգում. դԲԱ-ն հանդիսանում է համարժեք մակարդակ` L համ. դԲԱ, որը համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III-11.3 սանիտարական նորմերով սահմանված ձայնի համարժեք մակարդակի հետ:

 

Աղյուսակ 2

 

/\L ուղղման արժեքները` կախված գումարելի մակարդակների

տարբերությունից

 

._________________________________________________________________.

|Գումարելի մակարդակների  |  0 |1  |2  |3  |4  |5  | 6 |7  |8  |10 |

|տարբերությունը, դԲԱ     |    |   |   |   |   |   |   |   |   |   |

|________________________|____|___|___|___|___|___|___|___|___|___|

|/\L ուղղման արժեքները   |  3 |2,5|2,2|1,8|1,5|1,2| 1 |0,8|0,6|0,4|

|գումարելի մակարդակներից |    |   |   |   |   |   |   |   |   |   |

|առավելագույնին, դԲԱ     |    |   |   |   |   |   |   |   |   |   |

._________________________________________________________________.

 

Աղյուսակ 3

 

10 Lgn-ի արժեքները` կախված մակարդակների թվից (ո-ից)

 

._____________________________________________________________________.

|Մակարդակների թիվը, n | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 8 |10 |20 |30 |50 |100|

|_____________________|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|___|

|10 Lgn, դԲԱ          | 0 | 3 | 5 | 6 | 7 | 8 | 9 |10 |13 |15 |17 | 20|

._____________________________________________________________________.

 

30. Ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման օրինակներից`

1) Օրինակ` Անհրաժեշտ է որոշել չափված L1 = 84 դԲԱ, L2 = 90 դԲԱ և L3 = 92 դԲԱ ձայնի մակարդակների միջին արժեքը: Գումարելի մակարդակները համադրվում են զույգերով, որի համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2-L1 = 90 - 84 = 6 դԲԱ, դրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է /\L=1 դԲԱ ուղղումը, այն ավելացվում է բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին` 90դԲԱ-ին և ստացվում է` L2+/\L= 90+1= 91 դԲԱ: Այնուհետև ստացված մակարդակը` 91 դԲԱ-ն համադրվում է մնացած մակարդակի` 92 դԲԱ-ի հետ: Դրանց տարբերությանը` 1 դԲԱ-ին, համապատասխանում է 2,5 դԲԱ հավելումը, այն ավելացվում է 92 դԲԱ-ին և ստացվում է` 92+2.5=94.5 դԲԱ կամ կլորացված` 95 դԲԱ:

2) Երեք մակարդակներին համապատասխան աղյուսակ 3-ից ընտրվում է 10 Lgn-ի արժեքը, որը հավասար է 5 դԲԱ-ի: Ստացվում է ձայնի մակարդակների միջին արժեքի վերջնական արդյունքը`

Lմիջ = Lգում - 10 Lgn = 95 - 5 = 90 դԲԱ

3) Ստացված ձայնի միջին մակարդակը` 90 դԲԱ-ն, որը հանդիսանում է նաև ձայնի համարժեք մակարդակ, համադրվում է «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III-11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ և պարզվում է, որ այն գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 10 դԲԱ-ով:

 

6. ՁԱՅՆԻ ՀԱՄԱՐԺԵՔ ԵՎ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՈՒՄԸ

 

31. Ձայնի համարժեք մակարդակը որոշվում է ինչպես հաշվարկային եղանակով, այնպես էլ, ազդեցության ժամանակից կախված, չափման արդյունքներին համապատասխան ուղղումներ տալու միջոցով:

32. Ձայնի համարժեք (ըստ էներգիայի) մակարդակը` համարվելով ոչ մշտական աղմուկի միաթիվ բնութագիր, ստացվում է փաստացի մակարդակների միջինացման արդյունքում` հաշվի առնելով յուրաքանչյուր մակարդակի ազդեցության ժամանակը և որոշվում է հետևյալ բանաձևով.

 

                  1        0.1L1       0.1L2          0.1Ln

     Lհամ = 10Lg ___ (t1*10     + t2*10  + ... + tn*10     ),

                  T

 

որտեղ`

L1, L2, ... Lո - համապատասխանաբար t1, t2...tn ժամանակահատվածում ազդող մակարդակներն են, դ` (դԲԱ),

T= t1+ t2+...+tո - աղմուկի ազդեցության ընդհանուր ժամանակը (վայրկյան, ժամ):

33. Ազդեցության տևողությունից կախված` ձայնի համարժեք մակարդակը հաշվարկվում է` չափման արդյունքներին տալով համապատասխան ուղղումներ 4-րդ աղյուսակին համապատասխան:

 

Աղյուսակ 4

 

Հերթափոխի ընթացքում աղմուկի ազդեցության տևողությունից կախված

չափման արդյունքներին տրվող ուղղման արժեքները

 

._____________________________________________________________________.

|Աղմուկի      |ժամ-ով|8  |7   |6   |5  |4  |3   |2  |1  |0.5|15  |5   |

|ազդեցության  |      |   |    |    |   |   |    |   |   |   |րոպե|րոպե|

|տևողությունը |______|___|____|____|___|___|____|___|___|___|____|____|

|             |%-ով  |100|88  |75  |62 |60 |38  |25 |12 |6  |3   |1   |

|____________________|___|____|____|___|___|____|___|___|___|____|____|

|ՈՒղղումը, դԲ (դԲԱ)  |0  |-0.6|-1.2|-2 |-3 |-4.2|-6 |-9 |-12|-15 |-20 |

._____________________________________________________________________.

 

34. Ձայնի համարժեք մակարդակի, ինչպես նաև յուրաքանչյուր օկտավային գոտում ձայնային ճնշման մակարդակների հաշվարկները կատարվում են հետևյալ հաջորդականությամբ. յուրաքանչյուր մակարդակի ազդեցության տևողությունից կախված` աղյուսակ 4-ից ընտրվում է ուղղումը և ավելացվում չափման արդյունքին: Այնուհետև ստացված տվյալները ամփոփվում են վերը նշված` ձայնի մակարդակների միջին արժեքի որոշման, հաշվարկման եղանակով:

35. Ձայնի առավելագույն մակարդակը որոշվում է տեսողական հաշվարկով չափիչ սարքի (աղմկաչափի) ուղղակի ցույց տվող առավելագույն ցուցմունքին համապատասխան կամ ձայնի մակարդակի արժեքը, որը գերազանցում է չափման ժամանակի 1%-ի ընթացքում ավտոմատ սարքով գրանցման դեպքում:

36. Ձայնի համարժեք մակարդակի հաշվարկման օրինակներից`

1) Օրինակ` Կազմակերպության արտադրական սենքում 8-ժամյա աշխատանքային հերթափոխում աղմուկի ազդեցության, համապատասխանաբար, 5, 2, և 1 ժամվա ընթացքում աղմուկի մակարդակները կազմել են 80, 86 և 94 դԲԱ:

Ըստ աղյուսակ 1-ի` այդ մակարդակներին համապատասխանում են -2, -6 և -9 դԲԱ ուղղումները: Կատարելով մակարդակներին համապատասխան ուղղումները, ստացվում է L1 = 78, L2 = 80 և L3 = 85 դԲԱ:

2) Ստացված մակարդակները գումարվում են զույգերով: Դրա համար L1 և L2 մակարդակների տարբերության միջոցով, որը կազմում է L2 - L1 = 80 - 78 = 2 դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է /\L = 2.2 դԲԱ ուղղումը և ավելացվում դրանցից բարձր ցուցանիշ ունեցողին, որի արդյունքում ստացվում է L2 + /\L = 80 + 2.2 = 82.2 դԲԱ: Նույն սկզբունքով որոշվում են L3 և L2 մակարդակների տարբերությունը` L3-L2= 85-82.2 = 2.8դԲԱ, սրան համապատասխան աղյուսակ 2-ից ընտրվում է /\L = 1.8ԲԱ ուղղումը և ավելացվում բարձր ցուցանիշ ունեցող մակարդակին, որի արդյունքում` L3 + /\L = 85 + 1.8 = 86.8 դԲԱ: Ստացված 86.8-ը կլորացնելով, ստացվում է աղմուկի համարժեքային մակարդակը հավասար 87 դԲԱ-ի:

37. Աղմուկի համարժեքային մակարդակի` 87 դԲԱ-ի, «Աղմուկն աշխատատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» ՍՆ N 2 III-11.3 սանիտարական նորմերի 2-րդ աղյուսակով սահմանված ձայնի համարժեք մակարդակի` 80 դԲԱ-ի հետ համադրման արդյունքում աղմուկի համարժեքային մակարդակը գերազանցել է սահմանային թույլատրելի մակարդակը 7 դԲԱ-ով:

 

(1-ին հավելվածը լրաց. 16.10.13 թիվ 62-Ն հրաման)

 

 

pin
Առողջապահության նախարարություն
06.03.2002
N 138
Հրաման