Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏԻ ԴԻՄ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱ ...

 

 

050.0238.170117

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «17»        01            2017 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05017015

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

20 դեկտեմբերի 2016 թվականի թիվ 238-Ն

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով բարձրացնել բանկերում և վարկային կազմակերպություններում վարկի մարումների գործընթացի արդյունավետությունը, այդ թվում` ամբողջ վճարահաշվարկային համակարգի համար յուրաքանչյուր վարկային պրոդուկտի ճանաչման և նույնականացման համակարգի ներդրման միջոցով, ինչպես նաև դրա միջոցով նախադրյալներ ստեղծել առցանց և իրական ժամանակում (real time) հեռահար սպասարկման համակարգերով համապատասխան ծառայությունների մատուցման համար (այդ թվում` իրական ժամանակում բանկային ծառայությունների մատուցման համար (online banking)),

հաշվի առնելով այն հանգամանքը, որ համակարգի ներդրման վերջնական փուլում հնարավորություն կընձեռվի հաճախորդներին իրական ժամանակում (real time) առցանց գործարքների իրականացման համար և ընդունելով համակարգի վերջնական ներդրման կապակցությամբ բանկերի (վարկային կամ վճարահաշվարկային կազմակերպությունների) համար առաջացող խնդիրները, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը կարևորում է նշված համակարգի ներդրումը փուլային եղանակով, հետևյալ հաջորդականությամբ.

- Որպես առաջին փուլ ՀՀ տարածքում բոլոր վարկերը կկոդավորվեն սույն որոշմամբ սահմանվող կառուցվածքին համապատասխան և հնարավորություն կընձեռվի վարկերի ուղղակի մարումների իրականացման համար (առանց ընթացիկ կամ հաճախորդի այլ բանկային հաշիվներին մուտքագրման).

- Որպես երկրորդ փուլ, համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմամբ կապահովվի վճարահաշվարկային համակարգի ներսում իրական ռեժիմում կրեդիտային պարտավորությունների չափի (պարտքի) ստացումը և իրական ռեժիմում գործարքի իրականացումը (մարումը).

- Առաջին և երկրորդ փուլերի ներդրումից հետո հնարավորություն կստեղծվի համապատասխան կոդերի միջոցով յուրաքանչյուր առանձին վճարման (վճարողի) նույնականացման համար:

Ելնելով նաև վարկային պարտավորությունների կատարման հեշտացման անհրաժեշտությունից և ընդունելով ֆինանսական համակարգի հաշտարարի կողմից մարման գործընթացի շուրջ ներկայացված սպառողների բազմաթիվ ազդակները,

հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 41-րդ հոդվածը, 43-րդ հոդվածի 1.1 մասը, «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասը, «Վարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վարկային գործառնության և կրեդիտի դիմաց վճարման հատուկ կարգը, ինչպես նաև վարկային կոդերի կառուցվածքը»` համաձայն սույն որոշման հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի ապրիլի 30-ից:

3. Սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ՀՀ տարածքում գործող բանկերը և վարկային կազմակերպությունները պատվիրված նամակով կամ այլ եղանակով վարկային կոդերի վերաբերյալ տեղեկությունները ծանուցման միջոցով հայտնում են մինչ սույն որոշման ուժի մեջ մտնելը կնքված (այդ թվում` երկարաձգված) և գործող կրեդիտային պայմանագրի կողմ հաճախորդներին:

4. Սույն որոշման 3-րդ կետով սահմանված վարկային կոդերի վերաբերյալ ծանուցումները բանկերը կամ վարկային կազմակերպություններն իրենց հայեցողությամբ կարող են ուղարկել և կիրառել մինչ սույն որոշման 3-րդ կետով սահմանված մեկ տարի ժամկետը:

5. Սահմանել, որ սույն որոշման նկարագրական մասում երկրորդ փուլի շրջանակում նկարագրված ենթակառուցվածքները ստեղծվում են մինչև 2017 թվականի օգոստոսի 31-ը` բանկային (վարկային, վճարահաշվարկային) համակարգի ներքո իրական ռեժիմում կրեդիտային պարտավորությունների չափի (պարտքի) ստացումը և իրական ռեժիմում կրեդիտային պարտավորության վճարման (մարման) գործարքների իրականացումն (ավարտը) ապահովելու համար, որից հետո ՀՀ տարածքում գործող բանկերը, վարկային կազմակերպությունները և վճարահաշվարկային կազմակերպությունները ապահովում են անդամակցումը սույն կետի հիման վրա ստեղծվող ենթակառուցվածքին:

 

Հավելված

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2016 թվականի դեկտեմբերի 20-ի

թիվ 238-Ն որոշմամբ

 

ՎԱՐԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԵԴԻՏԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգը սահմանում է վարկային կոդի էությունը, ՀՀ տարածքում գործող բանկերի, վարկային և վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից վարկային կոդի կիրառման, դրա միջոցով վճարումների իրականացման, բանկերի և վարկային կազմակերպության հաճախորդներին վարկային կոդի տրամադրման, վարկային կոդի կառուցվածքին ներկայացվող, ինչպես նաև այլ պահանջներ:

2. Սույն կարգով սահմանված կրեդիտ հասկացությունը օգտագործվում է որպես պարտավորության տարաժամկետ վճարման իրավունք, վարկ, ֆինանսական վարձակալություն (լիզինգ), ինչպես նաև օգտագործվում է որպես ցանկացած այլ համաձայնություն կամ պայմանավորվածություն, որի նպատակը ապրանքների, ծառայությունների կամ աշխատանքների ձեռքբերումը ֆինանսավորելն է:

3. Յուրաքանչյուր առանձին կրեդիտի գծով դրամական պարտավորությունների վճարման (մարման) հերթականությունը (առաջնահերթությունը) սահմանվում է հաճախորդի հետ կնքված կրեդիտի պայմանագրով կամ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 358-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ:

4. Սույն կարգով սահմանված վարկային կոդի կիրառմամբ իրականացվող դրամական միջոցների փոխանցումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 25-ի թիվ 187-Ն որոշմամբ սահմանված` դրամական փոխանցման առավելագույն ժամկետների համաձայն:

5. Վճարում ընդունող կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հաճախորդի կողմից անճշտություններով կամ թերի ներկայացված վարկային կոդի կիրառման հետևանքով իրականացված (կամ չիրականացված) սխալ վճարման համար:

6. Սույն կարգով սահմանված վարկային կոդի կիրառմամբ իրականացվող վճարումների դիմաց ֆինանսական կազմակերպության կողմից կիրառվող սակագինը չպետք է լինի ավելի, քան սահմանված է առանց վարկային կոդի կիրառման իրականացվող դրամական փոխանցման համար:

7. Սույն կարգով նախատեսված վարկային կոդի տրամադրումը չի բացառում հաճախորդի ցանկությամբ այլ եղանակով կրեդիտի պայմանագրից բխող պարտավորությունների դիմաց վճարման (մարման) իրականացումը:

8. Վարկային կոդի իրականացմամբ կատարված գործարքների նկատմամբ կիրառվում են «Վճարման հանձնարարականով միջոցների փոխանցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կանոնները:

 

ԳԼՈՒԽ 2. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

9. Բանկը յուրաքանչյուր կրեդիտի տրամադրման դեպքով հաճախորդին տրամադրում է վարկային կոդ, հնարավորություն ընձեռելով կրեդիտառուին կամ կրեդիտառուի պարտավորությունների դիմաց վճարում (մարում) իրականացնող անձին վարկային կոդի կիրառմամբ (մուտքագրմամբ) իրականացված գործարքների պարագայում ուղղակիորեն (առանց ընթացիկ կամ հաճախորդի այլ հաշիվներին գումարի մուտքագրման) իրականացնել կրեդիտի գծով առկա պարտավորությունների դիմաց վճարում (մարում)` կանխիկ կամ անկանխիկ եղանակով:

10. Վարկային կոդի տվյալները ներառվում են բանկի և վերջինիս հաճախորդի միջև կնքվող համապատասխան կրեդիտի տրամադրման պայմանագրում: Ընդ որում, սույն կետով սահմանված վարկային կոդը հանդիսանում է բանկի հաճախորդի և վերջինիս կրեդիտը նույնականացնող նիշերի հաջորդականություն, որի միջոցով նույնականացվում է բանկի հաճախորդի կոնկրետ կրեդիտը և որը կառուցվում է (կոդավորվում է) համաձայն սույն կարգի գլուխ 5-ի (սույն գլխում այսուհետ` Վարկային կոդ):

11. Բանկն իրական ռեժիմում բանկային ծառայություններ մատուցելու դեպքում (հեռահար սպասարկման համակարգերով) ապահովում է Վարկային կոդի կիրառմամբ (մուտքագրմամբ) հաճախորդի կրեդիտային պարտավորությունների դիմաց վճարման (մարման) գործարքի իրականացումը, ինչպես նաև իր հաճախորդների կողմից Վարկային կոդի կիրառմամբ կատարված գործարքների (այդ թվում` մարումների) մասին տեղեկատվությանը, հաճախորդի առկա կրեդիտային պարտավորություններին և դրա հետ կապված այլ տեղեկություններին հաճախորդի ծանոթանալու հնարավորությունը:

12. Բանկն ապահովում է նաև, որ հաճախորդի կամ վերջինիս օգտին կրեդիտի պայմանագրից բխող պարտավորությունների դիմաց վճարում (մարում) կատարող անձի կողմից Վարկային կոդի կիրառմամբ իրականացված վճարումները (մարումները) արտացոլվեն հաճախորդին տրամադրվող համապատասխան քաղվածքներում կամ այլ տեսքով տրամադրվեն հաճախորդին` անկախ կրեդիտի պայմանագրի կնքման կամ դրա գծով պարտավորությունների դիմաց վճարման (մարման) գործարքների իրականացման եղանակից` կանխիկ կամ անկանխիկ` տեղում (բանկի տարածքում) կամ իրական ռեժիմում (հեռահար սպասարկման համակարգերով):

13. Բանկն ապահովում է Վարկային կոդի կիրառմամբ իրականացված և այլ բանկին ուղղված վճարման ընդունումը և փոխանցումը, ինչպես նաև այլ բանկից (վարկատու չհանդիսացող) վարկային կոդի կիրառմամբ ստացված վճարման դիմաց կրեդիտի պայմանագրով սահմանված պարտավորությունների դիմաց վճարման (մարման) իրականացումը:

14. Բանկն ապահովում է նաև վարկային կազմակերպության կողմից վերջինիս հաճախորդին տրամադրված Վարկային կոդով և դրա կիրառմամբ վճարման իրականացումը:

15. Սույն կետով նախատեսված Վարկային կոդի տրամադրումը չի ենթադրում բանկի կողմից հաճախորդին մատուցվող լրացուցիչ ծառայություն, այլ կիրառվում է հաճախորդին տրամադրված կրեդիտի գծով պարտավորությունների ուղղակի կատարումն ապահովելու համար, որի տրամադրման կամ սպասարկման համար հաճախորդից վճարներ չեն գանձվում:

 

ԳԼՈՒԽ 3. ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳ

 

16. Վարկային կազմակերպություններն իրենց կողմից հաճախորդին (վարկառուին) տրամադրված յուրաքանչյուր կրեդիտի համար ապահովում են վարկային կոդի տրամադրում ու դրա կիրառմամբ (մուտքագրմամբ) գործարքների իրականացումը: Ընդ որում, սույն կետով նախատեսված վարկային կոդը հանդիսանում է տվյալ վարկային կազմակերպությունում հաճախորդի և վերջինիս կրեդիտը նույնականացնող նիշերի հաջորդականություն, որով նույնականացվում է վարկային կազմակերպության հաճախորդի կոնկրետ կրեդիտը և որը կառուցվում է համաձայն սույն կարգի գլուխ 5-ի (սույն գլխում այսուհետ` Վարկային Կոդ): Վարկային Կոդի տվյալները ներառվում են վարկային կազմակերպության և վերջինիս հաճախորդի միջև կնքվող համապատասխան կրեդիտի տրամադրման պայմանագրում:

17. Վարկային Կոդի տրամադրումն ու դրա գծով իրականացված գործարքների վարումը (հաշվառումը) չի ենթադրում վարկային կազմակերպության կողմից հաճախորդին մատուցվող լրացուցիչ ծառայություն, ինչի համար վարկային կազմակերպության կողմից իր հաճախորդից վճարներ գանձվել չեն կարող: Վարկային Կոդի նույնականացնող համարը տրամադրվում է վարկային կազմակերպության հաճախորդին` Վարկային Կոդի կիրառմամբ կրեդիտի գծով առկա պարտավորությունների վճարումներն իրականացնելիս դրանք նույնականացնելու նպատակով:

18. Վարկային կազմակերպությունը հեռահար սպասարկման ծառայություններ մատուցելու դեպքում ապահովում է իր հաճախորդների կողմից Վարկային Կոդի կիրառմամբ կատարված գործարքների (այդ թվում` մարումների) մասին տեղեկատվությանը, հաճախորդի առկա կրեդիտային պարտավորություններին և դրա հետ կապված այլ տեղեկություններին հաճախորդի ծանոթանալու հնարավորությունը:

19. Վարկային կազմակերպությունն ապահովում է Վարկային Կոդի կիրառմամբ իրականացված գործարքների արտացոլումը հաճախորդին տրամադրվող համապատասխան քաղվածքներում:

 

ԳԼՈՒԽ 4. ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

20. Վճարահաշվարկային կազմակերպությունը ապահովում է սույն կարգի գլուխ 2-ով և գլուխ 3-ով սահմանված Վարկային կոդերի կիրառմամբ բանկին կամ վարկային կազմակերպությանն ուղղված վճարման ընդունումը` կրեդիտի պայմանագրով սահմանված պարտավորությունների դիմաց վճարման (մարման) համար:

 

ԳԼՈՒԽ 5. ՎԱՐԿԱՅԻՆ ԿՈԴԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

 

21. Բանկը կամ վարկային կազմակերպությունը կրեդիտի տրամադրման հետ կապված սույն կարգի գլուխ 2-ով ու գլուխ 3-ով սահմանված իր հաճախորդներին տրամադրվող վարկային կոդերը (այսուհետ սույն գլխում` վարկային կոդ) կառուցում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի հուլիսի 23-ի թիվ 178-Ն որոշմամբ (այսուհետ` Որոշում) դրամական հաշվեհամարների կառուցվածքին ներկայացվող սկզբունքի համաձայն, բացառությամբ եթե սույն գլխով այլ բան սահմանված չէ:

22. Վարկային կոդերը թվերի և լատինատառ նիշերի հաջորդականություն է, որի երկարությունը 16 (տասնվեց) նիշ է, որտեղ բոլոր նիշերի կիրառումը պարտադիր է: Ընդ որում` վարկային կոդերի կառուցվածքում լրացվող բոլոր նիշերը կազմված են հետևյալ բաղադրիչ մասերից`

1) բանկի կամ վարկային կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդը առաջին 5 նիշն է, որտեղ առաջին 3 նիշը Ֆինանսական կազմակերպության համարն է, իսկ հաջորդ 2 նիշը կառուցվածքային ստորաբաժանման համարն է (գլխամասային գրասենյակը կամ դրա մասնաճյուղը),

2) հաճախորդին նույնականացնող թվային նիշերը (6 նիշ), որը լրացվում է Ֆինանսական կազմակերպության կառուցվածքային ստորաբաժանման կոդից հետո,

3) այնուհետև հաջորդում է ստուգիչ նիշը (1 նիշ),

4) որպես 13-րդ նիշ պարտադիր կիրառվում է «L»-ը լատինատառ նիշը, որը հանդիսանում է կրեդիտի նույնացուցիչ,

5) վերջին 3 թվային նիշերը կիրառվում են բանկի կամ վարկային կազմակերպության հայեցողությամբ, որոնք բնութագրում են միևնույն հաճախորդի տարբեր կրեդիտները:

23. Մինչև վճարման ընդունումը հաճախորդին սպասարկող կազմակերպությունը ապահովում է վարկային կոդի կառուցվածքում ստուգիչ նիշի ստուգումը` համաձայն Որոշման:

24. Այն դեպքում, եթե բանկի կրեդիտառուն տվյալ բանկում արդեն իսկ (մինչ կրեդիտի պայմանագրի կնքումը) ունի բանկային հաշիվ, ապա Բանկը կարող է վարկային կոդի առաջին 12 նիշերը նույնացնել առկա բանկային հաշվի առաջին 12 նիշերի հետ: Ընդ որում, եթե միևնույն Բանկը հաճախորդի համար բացել և վարում է մեկից ավել բանկային հաշիվներ, ապա վարկային կոդի առաջին 12 նիշերի հետ նույնացվող բանկային հաշվի ընտրությունը կատարում է տվյալ բանկը: Բանկի կողմից տրամադրված Վարկային կոդի 12 նիշերը և վերջինիս համապատասխան բանկային հաշվի 12 նիշերը պետք է նույնականացնեն միևնույն անձին:

25. Վարկային կոդի կառուցվածքում բանկի կամ վարկային կազմակերպության համարը իրենից ներկայացնում է վերջինիս նույնականացման նպատակով Որոշմամբ սահմանված կարգով տրամադրված Ֆինանսական կազմակերպության կոդը:

26. Բանկը կամ վարկային կազմակերպությունը պետք է կիրառի միայն վերջինիս նույնականացման նպատակով ՀՀ կենտրոնական բանկի կողմից տրամադրված Ֆինանսական կազմակերպության կոդը: Կոդերի համար սահմանված համապատասխան թվային միջակայքերի համարները չեն կարող կիրառվել Ֆինանսական կազմակերպության կողմից, եթե դրանք ՀՀ կենտրոնական բանկի կողմից չեն տրամադրվել այդ կազմակերպությանը:

27. Վարկային կոդերի կառուցվածքի վերաբերյալ սույն որոշմամբ չկարգավորված հարցերը կարգավորվում են Որոշմամբ, եթե սույն որոշման իմաստից կամ բովանդակությունից չի բխում, որ դրանք չեն կարող կիրառվել սույն որոշմամբ սահմանված պահանջների նկատմամբ:

28. Այն դեպքում, երբ համապատասխան կազմակերպության կողմից մեկ հաճախորդին տրամադրված կրեդիտների քանակը գերազանցում է 999-ը, ապա սույն կարգի 22-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված «Լ» նիշը սույն կետով սահմանված պարտադիր հաջորդականությամբ նշագրվում է համապատասխանաբար հետևյալ լատինատառ նիշերով` «M», «N», «O», «P», «Q», «R», «S», «T», «U», «V», «W», «X», «Y», «Z»:

(28-րդ կետը լրաց. 08.12.17 թիվ 270-Ն որոշում)

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
20.12.2016
N 238-Ն
Որոշում