Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ...

08.01.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   06.11.2001  -ից մինչեւ   08.01.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 28.12.02 թիվ 797-Ն որոշում)

i

041.0189.120301

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

12 մարտի 2001 թվականի N 189

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հունվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՆՀ-770 հրամանագրին համապատասխան`

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության կանոնադրությունը (կցվում է).

բ) (1-ին կետի բ ենթակետն ուժը կորցրել է 06.11.01 թիվ 790 որոշում)

i

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի հունիսի 15-ի N 358 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման հավելվածի 30-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«30. ՀՀ քաղաքաշինության նախարարություն 155 4 1»:

i

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի ապրիլի 25-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և քաղաքաշինության գործունեությունը համակարգող նախարարության կանոնադրությունն ու կենտրոնական ապարատի կառուցվածքը հաստատելու մասին» N 218 որոշման 1-ին կետը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 12-ի N 189 որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը (այսուհետև` նախարարություն) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմին է:

2. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան և իր առջև դրված խնդիրները լուծելու նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:

3. Նախարարությունն իր իրավասության սահմաններում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության անունից`

ա) ձեռք է բերում և իրականացնում գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ և պարտականություններ, դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող.

բ) տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն ամրակցված պետական գույքը, այդ թվում` նաև ընկերությունների բաժնետոմսերը (բաժնեմասերը).

գ) ղեկավարում է իր ենթակայության պետական հիմնարկները:

4. Նախարարությունն իր իրավասության սահմաններում ընդունում է գերատեսչական նորմատիվ ակտեր:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր անվամբ կնիք, դրոշմակնիք ու ձևաթուղթ:

6. Նախարարության կենտրոնական ապարատի պահպանման և գործունեության համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

7. Նախարարության խնդիրներն ու գործառույթներն են`

ա) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման համալիր ծրագրերից բխող քաղաքաշինության, ճարտարապետության, շինարարության, տարածքների ինժեներական պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության, տարածքային հատակագծման և տարաբնակեցման համակարգերի ձևավորման, տարածքների նպատակային օգտագործման ուղղությունների ու գերակայությունների, շինարարական կարողությունների տեղաբաշխման, ինժեներական ենթակառուցվածքների կազմակերպման ոլորտներում հեռանկարային զարգացման ծրագրերի և պետական քաղաքականության մշակման ապահովումը.

բ) բնագավառի զարգացումն ապահովող և գործունեությունը կարգավորող օրենքների ու այլ իրավական ակտերի նախագծերի մշակումն ու դրանք սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը ներկայացնելը.

գ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ներդրումային և մրցակցային դաշտի ձևավորմանը նպաստելը.

դ) իր իրավասության սահմաններում ներդրումների ու դրանց պաշտպանությանը նպաստելը.

ե) Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության (այդ թվում` փոքր և միջին), անկախ սեփականության ձևից, զարգացմանը նպաստելը.

զ) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ներդրումային քաղաքականության մշակմանն ու իրականացմանը, ինչպես նաև ներդրումային ծրագրերի փորձաքննությանը մասնակցելը.

է) առանձին ներդրումային ծրագրերի մշակումը, դրանք սահմանված դեպքերում համապատասխան մարմիններ ներկայացնելն ու դրանց իրականացմանը ցուցաբերվող օժանդակության ապահովումը.

ը) միջազգային ֆինանսական կազմակերպությունների, դոնոր երկրների հետ համատեղ իր իրավասության սահմաններում բնագավառին ցուցաբերվող օժանդակության և աջակցության ծրագրերի նախապատրաստումը և դրանց իրականացումը.

թ) միջազգային կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների կողմից ֆինանսավորվող ծրագրերն իրականացնող գրասենյակների հետ համագործակցելը, նախարարության իրավասության սահմաններում դրանց աշխատանքը համակարգելն ու վերահսկելը.

ժ) իր իրավասության սահմաններում քաղաքաշինական, ճարտարապետական ու շինարարական նորմատիվային տեխնիկական փաստաթղթերի (շինարարական նորմեր, ստանդարտներ, հրահանգներ, հանձնարարականներ և այլն) մշակումն ու սահմանված կարգով հաստատումը (ընդունումը, բացի ազգային ստանդարտներից).

ժա) բնակավայրերի վերականգնման և զարգացման քաղաքականության մշակումը.

ժբ) Հայաստանի Հանրապետության տարածքային հատակագծման և տարաբնակեցման նախագծերի մշակման ապահովումը, նշված նախագծերի սահմանված կարգով հաստատումից հետո դրանց իրականացման աշխատանքների նկատմամբ վերահսկողությունը.

ժգ) քաղաքաշինության նպատակով հողամասերի հատկացումների, քաղաքաշինական փաստաթղթերի մշակման նախագծային առաջադրանքների և նախագծերի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցումը.

ժդ) տարածքային ճարտարապետական-քաղաքաշինական ծառայություններին մեթոդապես օժանդակումը.

ժե) բնագավառի տեխնիկական քաղաքականության վարումն ու այդ աշխատանքների համակարգումը Հայաստանի Հանրապետության տարածքում.

ժզ) Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմակայուն շինարարության իրականացման նպատակով կատարվող ինժեներաերկրաբանական, ինժեներատեղագրական, հետախուզական, բնակավայրերի միկրոսեյսմաշրջանացման, տարածքների ինժեներական պաշտպանության, շահագործվող շենքերի և կառուցվածքների (այդ թվում` ինժեներական) տեխնիկական վիճակի ուսումնասիրման, վկայագրավորման (անձնագրավորման) ուղղությամբ կատարվող աշխատանքների կազմակերպման և համակարգման ապահովումը.

ժէ) քաղաքաշինական գործունեության առանձին տեսակների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորումը.

ժը) քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների կողմից իրավական ակտերի, քաղաքաշինական փաստաթղթերի, նորմերի ու ստանդարտների պահանջների կատարումը, ինչպես նաև շենքերի և շինությունների շինարարության (քանդման) ու շահագործման ընթացքում մարդկանց և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության նկատմամբ պետական տեսչական վերահսկողությունը.

ժթ) Հայաստանի Հանրապետության պետական քաղաքաշինական կադաստրի վարումը և քաղաքաշինական-տեղեկատվական բանկի կազմավորումը.

ի) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների և պետական սահմանի սահմանազատման (դելիմիտացիա) և սահմանագծման (դեմարկացիա) աշխատանքներին մասնակցելը.

իա) շինարարական և բնակարանային շուկայի զարգացմանը նպաստող արդյունավետ մեխանիզմների մշակումն ու դրանց կիրառման ապահովումը,

իբ) բնագավառին (այդ թվում` սեյսմակայուն շինարարությանը) վերաբերող կիրառական գիտական հետազոտությունների և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների կազմակերպումն ու համակարգումը.

իգ) սահմանված կարգով քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության կազմակերպումը.

իդ) կապիտալ շինարարության ծրագրերի մշակման և դրանց իրականացման աշխատանքների համակարգումը.

իե) բնակարանային քաղաքականության (բնակարանային շինարարության), բնակարանային տնտեսության մեջ առկա առանձին հիմնահարցերին վերաբերող ծրագրային փաստաթղթերի մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իզ) իր իրավասության սահմաններում կոմունալ ոլորտի տնտեսական քաղաքականության հիմունքների մշակումը և դրանց ներդրման մեխանիզմների ապահովումը.

իէ) աղետի գոտու վերականգնման աշխատանքների համակարգումը.

իը) աղետի գոտու վերականգնման ներդրումային ծրագրերի մշակման աշխատանքներին մասնակցելը.

իթ) օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների (այդ թվում` միջազգային) հետ համատեղ աղետի գոտու վերականգնման շուրջ վարվող բանակցություններին մասնակցելը.

լ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության և միջազգային պայմանագրերին (համաձայնագրերին) միանալու նպատակով իրականացվող աշխատանքներին մասնակցելը.

լա) իր իրավասության սահմաններում` բնագավառին վերաբերող հարցերի գծով օտարերկրյա պետությունների հետ գիտատեխնիկական համագործակցության ծրագրերի մշակման ու իրականացման, արտասահմանյան առաջատար փորձի ուսումնասիրման, տարածման ու ներդրման աշխատանքներին մասնակցելը.

լբ) իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման ծրագրին համապատասխան, ընկերությունների և անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցմանը մասնակցելը.

լգ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և իր իրավասության սահմաններում բնագավառում տեխնիկական նորմավորման, ստանդարտացման ու սերտիֆիկացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ղեկավարումը.

լդ) բնագավառում գնագոյացման պետական քաղաքականության վարումը և նշված գործընթացի իրականացման աշխատանքների համակարգումը.

լե) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պետական կառավարման տարածքային մարմինների համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների, հիմնարկների քաղաքաշինական գործունեության տեսչական ստուգումների իրականացումը.

լզ) իր իրավասության սահմաններում բաժնետիրական ընկերությունների պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինումը.

լէ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ խնդիրների և գործառույթների իրականացումը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

8. Նախարարության համակարգն ընդգրկում է իր ենթակայության հիմնարկների ամբողջությունը:

9. Նախարարությունը բնագավառին վերաբերող հարցերը լուծում է իրեն վերապահված իրավունքների սահմաններում` չխախտելով կազմակերպությունների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ինքնուրույնությունը:

10. Նախարարությունը`

ա) իրականացնում է գործարար կապեր պետական կառավարման մյուս մարմինների հետ և համագործակցում բնագավառին վերաբերող հարցերը մշակելիս, կարգավորելիս ու լուծելիս.

բ) անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության նախարարությունների ու գերատեսչությունների հետ համատեղ արձակում է հրամաններ.

գ) Հայաստանի Հանրապետության կառավարության հանձնարարությամբ իրականացնում է համակարգի պետական գույքի տնօրինման և օգտագործման գործառույթները.

դ) ընդհանրացնում է օրենսդրական ակտերի կիրառման պրակտիկան բնագավառում, մշակում Հայաստանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման վերաբերյալ առաջարկություններ և դրանք սահմանված կարգով ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության կամ Հայաստանի Հանրապետության վարչապետի քննարկմանը.

ե) սահմանված կարգով մասնակցում է նախարարության իրավասության մեջ մտնող հարցերին վերաբերող միջազգային պայմանագրերի նախագծերի մշակմանն ու քննարկմանը, կնքում միջազգային պայմանագրեր.

զ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վերահսկում է համակարգի հիմնարկների տնօրինությանը հանձնված պետական գույքի օգտագործումը, ինչպես նաև համաձայնություն է տալիս այդ գույքն օտարելու կամ վարձակալության հանձնելու համար.

է) մասնակցում է բնագավառի աշխատողների մասնագիտական պիտանիության և որակավորման վերաբերյալ պահանջների սահմանման գործին, կոորդինացնում համակարգի ղեկավար կադրերի ընտրության, բաշխման և մասնագիտական որակավորման բարձրացման աշխատանքները.

ը) կազմակերպում է քաղաքացիների, հասարակական կազմակերպությունների, նախաձեռնող խմբերի նամակների, դիմումների ու բողոքների ժամանակին քննարկումը և դրանցում ներկայացված փաստերի վերլուծությունը, միջոցներ է ձեռնարկում քաղաքացիների նամակներում հաղորդվող` նախարարության ենթակայության կազմակերպությունների գործունեության մեջ տեղ գտած թերությունների վերացման համար:

11. Նախարարությունը բնագավառի կառավարման բոլոր հարցերի քննարկումն ու լուծումը կազմակերպում է կոլեգիալության և միանձնյա ղեկավարման զուգակցման հիման վրա` աշխատանքի հանձնարարված տեղամասում գործերի վիճակի, որոշակի առաջադրանքների կատարման համար պաշտոնատար անձանց պատասխանատվության ճշտորոշ սահմանմամբ:

12. Նախարարությունը գլխավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարը (այսուհետև` նախարար), որին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխան, պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` Հայաստանի Հանրապետության վարչապետի առաջարկությամբ:

Նախարարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով նախարարի հետ:

13. Նախարարը`

ա) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, որոնց կատարումը պարտադիր է իր ենթակայության պետական հիմնարկների համար.

բ) իր իրավասության սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարության ենթակայության պետական հիմնարկների` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները.

գ) պատասխանատվություն է կրում նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների կատարման համար.

դ) սահմանում է նախարարի տեղակալների, վարչությունների ու բաժինների պետերի և նախարարության կենտրոնական ապարատի մյուս կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների իրավասությունների սահմանները.

ե) կատարում է նախարարի տեղակալների միջև պարտականությունների բաշխում.

զ) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կանոնադրությունը, կենտրոնական ապարատի կառուցվածքը և աշխատողների թիվը.

է) հաստատում է նախարարության կենտրոնական ապարատի վարչությունների, բաժինների, մյուս կառուցվածքային ստորաբաժանումների, նախարարության ենթակայության պետական հիմնարկների կանոնադրությունը.

ը) Հայաստանի Հանրապետության վարչապետի հաստատմանն է ներկայացնում նախարարության կոլեգիայի անդամների թիվը և կոլեգիայի անհատական կազմը.

թ) կազմակերպում և ղեկավարում է նախարարության կոլեգիայի նիստերը.

ժ) աշխատանքային պայմանագրեր է կնքում նախարարության ենթակայության պետական հիմնարկների ղեկավարների հետ.

ժա) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է նախարարության կենտրոնական ապարատի աշխատողներին, ենթակա պետական հիմնարկների ղեկավարներին.

ժբ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տալիս է լիազորագրեր, բանկերում բացում հաշիվներ, տնօրինում նախարարության ֆինանսական միջոցներն ու գույքը.

ժգ) կազմակերպում է կադրերի պատրաստման, վերապատրաստման, մասնագիտական որակավորման բարձրացման գործը, սահմանված կարգով խրախուսում կամ կարգապահական պատասխանատվության է ենթարկում նախարարության աշխատողներին.

ժդ) հաստատում է նախարարության կոլեգիայի նիստերի նախապատրաստման, հրավիրման, անցկացման և որոշումների ընդունման կարգը.

ժե) համակարգում է պետական կառավարման մարմինների, ինչպես նաև պետության կողմից կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա ստեղծված կազմակերպությունների` աղետի գոտու վերականգնման աշխատանքներին առնչվող հարցերը.

ժզ) համաձայնություն է տալիս Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի մարտի 31-ի «Հայաստանի Հանրապետության միասնական արտաքին քաղաքականության վարման գործում Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների գործունեությունը համակարգելու մասին» ՆՀ-541 հրամանագրով նախատեսված պետական կառավարման մարմինների և կազմակերպությունների միջազգային հարաբերությունների իրականացմանը` աղետի գոտուն վերաբերող մասով.

ժէ) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

ժը) նախարարի բացակայության ժամանակ, նրա հանձնարարությամբ, նախարարի պարտականությունները կատարում է նախարարի առաջին տեղակալը, իսկ վերջինիս բացակայության դեպքում` տեղակալներից մեկը:

14. Նախարարությունում ստեղծվում է կոլեգիա, որի կազմի մեջ մտնում են նախարարը, նախարարի տեղակալները` ի պաշտոնե, նախարարության կենտրոնական ապարատի և համակարգի այլ ղեկավար աշխատողներ:

15. Նախարարության կոլեգիան`

ա) իր նիստերում քննության է առնում բնագավառի զարգացման, համակարգի պետական կառավարման քաղաքականության մշակման ու ներդրման հիմնական, կարևորագույն և այլ հարցեր:

Կոլեգիայի նիստերն անցկացվում են առնվազն յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ.

բ) ընդունում է որոշումներ, որոնք կենսագործվում են, որպես կանոն, նախարարի հրամաններով: Նախարարի և կոլեգիայի անդամների միջև ծագած տարաձայնությունների դեպքում նախարարը կենսագործում է իր որոշումը` նշված տարաձայնությունների մասին զեկուցելով Հայաստանի Հանրապետության վարչապետին, իսկ կոլեգիայի անդամներն իրենց հերթին կարող են այդ տարաձայնությունների մասին հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Գիտության և տեխնիկայի զարգացման հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկությունները քննության առնելու, բնագավառում գիտականորեն հիմնավորված միասնական տեխնիկական քաղաքականություն իրականացնելու, տնտեսավարման շուկայական ձևերն արմատավորելու վերաբերյալ հանձնարարություններ մշակելու համար նախարարությունում ստեղծվում է գիտատեխնիկական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի Հանրապետության գիտահետազոտական, նախագծային ինստիտուտների, բարձրագույն ուսումնական հաստատությունների, շինարարական արդյունաբերության և շինանյութերի արտադրության կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից;

Գիտատեխնիկական խորհրդի կազմը և խորհրդի կանոնադրությունը հաստատում է նախարարը:

17. Քաղաքաշինության և ճարտարապետության զարգացման ուղիները քննարկելու, քաղաքաշինական միասնական քաղաքականություն մշակելու, ինչպես նաև քաղաքաշինական կարևորագույն ծրագրերն ու նախագծերը, հանրապետական նշանակություն ունեցող կառույցների նախագծերը քննարկելու և դրանցից բխող հանձնարարականները մշակելու համար նախարարությունում ստեղծվում է քաղաքաշինական խորհուրդ` կազմված նախարարության, Հայաստանի ճարտարապետների միության, Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի և նախագծային կազմակերպությունների ներկայացուցիչներից, բնագավառի բարձր որակավորում ունեցող մասնագետներից:

Քաղաքաշինական խորհրդի կազմը և կանոնադրությունը հաստատում է նախարարը:

 

Հաստատված է

ՀՀ վարչապետի 2001 թ.

մարտի 12-ի N 189 որոշմամբ

 

ԿԱՌՈՒՑՎԱԾՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԱՊԱՐԱՏԻ

(կառուցվածքն ուժը կորցրել է 06.11.01 թիվ 790 որոշում)

 

քաղաքաշինական քաղաքականության, ճարտարապետության և գիտության գլխավոր

վարչություն

շինարարության կազմակերպման գլխավոր վարչություն

բնակարանային-կոմունալ տնտեսության գլխավոր վարչություն

ֆինանսատնտեսագիտական և ծրագրավորման գլխավոր վարչություն

կադրերի և հատուկ աշխատանքների վարչություն

իրավաբանական վարչություն

նախարարի աշխատակազմ

 

 

pin
ՀՀ Վարչապետ
12.03.2001
N 189
Որոշում