Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ...

 

 

031.0161.250909

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2009 թվականի հուլիսի 21-ի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` ապահովել Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգով նախատեսված ծրագրերի մշակումը, հաստատումը և իրականացումը:

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

 

25 սեպտեմբերի 2009 թվականի

ՆԿ-161-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2009 թվականի սեպտեմբերի 25-ի

ՆԿ-161-Ն կարգադրության

 

ՀԱՅԵՑԱԿԱՐԳ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԹՆՈԼՈՐՏԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՎՐԱ ԱԿՏԻՎ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅԱՆ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

1. Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հայեցակարգը (այսուհետ` հայեցակարգ) նպատակ ունի ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության անհրաժեշտությունը և իրականացման մեխանիզմները, ինչը պահանջում է համալիր ռազմավարություն, համադրյալ և կենտրոնացված քաղաքականության կերտում և համակարգային մեխանիզմների ստեղծում:

2. Հայեցակարգն ունի երկու բաղկացուցիչ`

1) հակակարկտային աշխատանքներ.

2) մթնոլորտային այլ երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ:

Նշված բաղկացուցիչների վերաբերյալ մոտեցումները ներկայացված են հայեցակարգում:

Հակակարկտային պաշտպանության վերաբերյալ ՀՀ կառավարության ծրագրի հաստատումը պայմանավորված է գյուղացիական տնտեսությունները կարկտահարումից պաշտպանելու, հնարավոր վնասներն արագ կանխարգելելու հրամայականով:

Միաժամանակ խիստ անհրաժեշտ են երկու հիմնական բաղկացուցիչների օրգանական համադրությամբ բազմաբաղադրիչ համակարգի ձևավորումը և զարգացումը, որոնց հիմքը հայեցակարգի ընդունումն է:

3. Հայեցակարգում սահմանված են Հայաստանի Հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության հիմնավորումը, նպատակներն ու հիմնական խնդիրները, մեթոդներն ու տեխնոլոգիաները, իրականացման մեխանիզմները, զարգացման հեռանկարային ուղղությունները:

4. Հայեցակարգը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության տարածքը մթնոլորտային երևույթների անցանկալի ազդեցությունից զերծ պահելուն, իսկ անհրաժեշտության դեպքում` առանձին հատվածներում բարենպաստ եղանակային պայմանների ստեղծմանը, մթնոլորտի վրա ակտիվ ներգործության աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը և դրա հետագա զարգացմանը:

5. Կարկուտները, ամպրոպները, փոթորիկները, տեղատարափ անձրևները, սելավները, մառախուղները, սառցակալումը և մյուս մթնոլորտային երևույթները զգալի վնաս են պատճառում հանրապետության տնտեսությանը և ազգաբնակչությանը:

6. Հատկապես վտանգավոր երևույթ են համարվում ամպրոպակարկտային պրոցեսները: Նկատի ունենալով, որ հանրապետության տարածքի հիմնական մասը գտնվում է հողագործության ռիսկային գոտում, ինչի պատճառով գյուղատնտեսական արտադրությունը կրում է զգալի վնասներ այնպիսի բնական տարերային աղետից, ինչպիսին է կարկտահարությունը, խիստ անհրաժեշտ են դարձել այդ երևույթի ժամանակին հայտնաբերումը կազմավորման և զարգացման վաղ շրջանում, նախազգուշական միջոցների ձեռնարկումը, ինչը հնարավորություն կտա էապես նվազեցնել դրա ներգործության վտանգավորության աստիճանը բնակչության կենսագործունեության վրա:

7. Վտանգավոր երևույթների վրա արհեստական ակտիվ ներգործության պայքարի ճիշտ, գիտականորեն հիմնավորված աշխատանքների կազմակերպումը թույլ կտա մի կողմից` հնարավորինս նվազեցնելու աղետալի երևույթների ազդեցությունից խոցելիությունը, մյուս կողմից` երաշտի, սակավ խոնավության առկայության պայմաններում անհրաժեշտ տեղումների (անձրևի, ձյան տեսքով) արհեստականորեն ստացումը:

 

II. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ

 

8. Բնական տարերային երևույթները և դրանց հետ կապված աղետները հանդիսանում են ժամանակակից հասարակության անբաժանելի մասը:

Դրանք հաճախ հանգեցնում են ոչ միայն մարդկային զոհերի և նյութական զգալի վնասների, այլև մարդու կենսամիջավայրի շոշափելի փոփոխությունների: Բնական երևույթների և աղետների հաճախականության աճի պայմաններում մարդկությունը պարտավոր է անընդհատ կատարելագործել կենսագործունեության անվտանգ պայմանների ապահովման ձևերն ու միջոցները:

Նկատի ունենալով, որ ժամանակակից պայմաններում անհնար է իսպառ բացառել վթարների և աղետների հնարավորությունը, անվտանգության ապահովումը ենթադրում է բնակչության և տնտեսական օբյեկտների անհրաժեշտ և բավարար պաշտպանվածությունը, նրանց նախապատրաստվածությունը բնության հնարավոր տարերային աղետալի երևույթներին:

9. Հայեցակարգը նախատեսում է նախազգուշական միջոցների գիտականորեն հիմնավորված և տնտեսական նպատակահարմար համակարգ` ուղղված բնածին արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանը, դրանց հետևանքների մեղմացմանը, և ներառում է տնտեսական, տեխնիկական, տեխնոլոգիական, կազմակերպական և այլ միջոցառումների ողջ համալիրը:

10. Նախազգուշական միջոցների արդյունավետությունը մեծապես կախված է բնական տարերային աղետների ժամանակին և որակյալ կանխատեսումից, ինչը հիմնված է բնական վտանգների, դրանց ծագման պատճառների, կայացման և ազդեցության առանձնահատկությունների մասին գիտելիքների հանրագումարի վրա: Բնական արտակարգ իրավիճակների կանխարգելման համար պետությունն ու հասարակությունը խիստ կարիք ունեն բնական պրոցեսների տարածման մասշտաբների և վտանգավորության աստիճանի վերաբերյալ լիարժեք և բազմակողմանի տեղեկատվության, որն իր հերթին պահանջում է զգալի ուժերի և միջոցների ներդրում: Սակայն, ինչպես ցույց է տալիս հանրապետությունում առկա փորձը, արտակարգ իրավիճակների կանխարգելման վրա ծախսվող միջոցներն այսօր զգալիորեն փոքր են պատճառված հնարավոր վնասների համեմատ, հատկապես, երբ Հայաստանի աշխարհագրական և բնակլիմայական պայմաններն իրենց հերթին նպաստավոր են մթնոլորտային վտանգավոր երևույթների առաջացման և դրանց հետևանքով հանրապետությունում արտակարգ իրավիճակների ստեղծման համար:

11. Կարկտահարությունը, տեղատարափ տեղումները, սելավը, երաշտը, մառախուղը, սակավ խոնավությունը, ձնահյուսերը և մյուս մթնոլորտային երևույթները լուրջ վտանգ են ներկայացնում բազմաթիվ օբյեկտների և ազգաբնակչության բնականոն կենսագործունեության համար` պատճառելով հսկայական վնասներ:

12. Կարևորագույն խնդիր է հանրապետության պարենային անվտանգության ապահովումը, որի մեխանիզմ կարող է հանդիսանալ մեր երկրում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի զարգացումը:

13. Ներկայումս ոլորտում հրատապ են դարձել կենտրոնացված քաղաքականության իրականացումը և համակարգված քայլերի կատարումը ընդհանրական տրամաբանությամբ:

Ելնելով կարկտից առավել հաճախ տուժող և բարձր խոցելիություն ունեցող տարածքներում ստեղծված իրավիճակից` անհրաժեշտություն է առաջանում հանրապետության տարածքում մթնոլորտային առավել վտանգավոր երևույթների խոցելիության նվազեցման նպատակով ստեղծել նախազգուշացման ու վաղաժամ պատրաստության և անհետաձգելի ու փրկարար աշխատանքների օպերատիվ պլանավորման համակարգ:

Անհրաժեշտ է նաև ձեռնարկել համապատասխան միջոցներ երկրում եզակի և ռազմավարական նշանակություն ունեցող մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության լիարժեք վերականգնման համար:

 

III. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

14. Հայեցակարգի հիմնական նպատակներն են`

1) մթնոլորտային երևույթների կառավարումը.

2) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն և արբանյակային դիտարկումների իրականացումը.

3) կարկտահարությունից գյուղատնտեսական մշակաբույսերի պաշտպանությունը.

4) լրացուցիչ մթնոլորտային տեղումների` անձրևի, ձյան ստացումը.

5) օդանավակայաններում ցածր ամպամածությունների և մառախուղների ցրումը.

6) կենսական օբյեկտներն ու տրանսպորտային մայրուղիները պաշտպանելու և բնակչության անվտանգությունն ապահովելու համար ձնահյուսերի նախազգուշական էջքի կատարումը.

7) անտառային հրդեհների կանխումը և մարումը.

8) ցրտահարության դեմ պայքարի աշխատանքների իրականացումը.

9) ամպերի ամպրոպային ակտիվության թուլացումը.

10) տեղատարափ և երկարատև տեղումների դեմ պայքարի իրականացումը.

11) օդային ավազանի մաքրումը.

12) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության նոր մեթոդների մշակման, կատարելագործման և դրանց ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքների շարունակական կատարումը:

15. Հայեցակարգի հիմնական խնդիրներն են`

1) մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության միջոցով հանրապետության տնտեսության և ազգաբնակչության անխաթար կենսագործունեության ապահովումը.

2) մարդկանց կյանքի, առողջության և ունեցվածքի անվտանգությունը, դրանով իսկ այդ երևույթներից պատճառվող վնասները նվազագույնի հասցնելը:

16. Նշված խնդրի իրականացումը ենթադրում է, համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ, հետևյալ հիմնահարցերի լուծում`

1) հանրապետությունում մթնոլորտի և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության կատարելագործում և զարգացում` փուլ առ փուլ, տեխնոլոգիայով պահանջվող միջոցառումների հաջորդական իրականացում.

2) ակտիվ ներգործության արդյունավետ մեթոդների ընտրության և ներդրման նպատակով գիտափորձարարական աշխատանքների կատարում.

3) հանրապետության ջրային պաշարների ավելացման նպատակով, արհեստական ճանապարհով լրացուցիչ տեղումներ ստանալու ուղղությամբ գիտափորձարարական աշխատանքների կազմակերպում.

4) համակարգի լիարժեք գործունեության համար պահանջվող տեխնիկական միջոցների ձեռքբերում.

5) հիմնախնդրի լուծման համար անհրաժեշտ կայանքների, համակարգերի, սարքերի, սարքավորումների նախագծում, կառուցում, շահագործում և սպասարկում.

6) համակարգի գործունեության ապահովման համար անհրաժեշտ մասնագիտական կադրերի պատրաստում և համալրում.

7) մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության համակարգի գործունեության համար պահանջվող ֆինանսական միջոցների հատկացում:

 

IV. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐԸ, ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԸ ԵՎ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

 

17. Հայեցակարգի հիմնական խնդրի լուծման մեխանիզմներն ունեն երկու ուղղություն`

1) հակակարկտային աշխատանքներ.

2) մթնոլորտային այլ երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքներ (տեղումների ստացում, մառախուղների և ցածր ամպամածությունների ցրում, ցրտահարության դեմ պայքար, համապատասխան տարածքներում բարենպաստ եղանակի ապահովում և այլն), որոնց ուղղությամբ ներկայումս տարվում են վերլուծական աշխատանքներ:

18. Հակակարկտային աշխատանքներ ներկայումս տարվում են աշխարհի ավելի քան 30 երկրներում հետևյալ մեթոդներով`

1) հրթիռային, որը կիրառվող մեթոդներից ամենաարդյունավետն է` մինչև 70% և ամենաթանկը: Մեթոդն օգտագործվում է Ռուսաստանի Դաշնությունում, Մոլդովայում, ՈՒկրաինայում, Տաջիկստանում, ՈՒզբեկստանում, Բուլղարիայում, Հարավսլավիայում, Արգենտինայում, Չիլիում, իսկ Չինաստանում` հրետանային մեթոդի հետ համատեղ և այլն: Այս մեթոդի կիրառումը հանրապետությունում կապված է մի շարք բարդությունների հետ: Քանի որ հրթիռները ոչ կառավարվող են, չի բացառվում, որ դրանց հետագծով անկումը և պայթումը տեղի ունենան հարևան երկրների տարածքներում: Հաճախակի են նաև գործարանային խոտանի պատճառով հրթիռների պայթման դեպքերը գետնի վրա, որոնք կարող են ավերածությունների, ինչպես նաև զոհերի պատճառ դառնալ: Պակաս կարևոր չէ նաև այն հանգամանքը, որ պաշտպանական գործողություններ իրականացնելիս այդ գոտում ավիացիայի թռիչքների պատճառով, որպես կանոն, դադարեցվում են ներգործության աշխատանքները.

2) ավիացիոն, որը հրթիռայինի համեմատ էժան է, սակայն արդյունավետությունը կազմում է 50%: Մեթոդն օգտագործվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Հունաստանում, մասնակի` Գերմանիայում, Թաիլանդում և այլն: Այս մեթոդի կիրառումը հանրապետության տարածքում, ներկայիս աշխարհաքաղաքական վիճակից ելնելով, անհնարին է: Կարկտաբեր ամպերը հիմնականում առաջանում են երկրի արևմտյան սահմանների երկայնքով և շարժվում դեպի հանրապետության խորքը: Այս մեթոդի կիրառման դեպքում կարկտավտանգ ամպերի վրա ակտիվ ներգործության նախնական աշխատանքները պետք է իրականացվեն հարևան երկրի տարածքում, որը ներկայումս անհնարին է: Ինչ վերաբերում է հանրապետության ներքին տարածքներում մեթոդի կիրառմանը, ապա դա կապված է բարդ լեռնային ռելիեֆի հետ, իսկ նախատեսվող պաշտպանվող տարածքներն անընդհատ չեն, դրանք մասնատված են: Մեթոդը կիրառելու համար անհրաժեշտ են 4-5 հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռներ.

3) գազագեներատորային`

ա. ացետիլեն գազով, որի արդյունավետությունը կազմում է մինչև 50%: Մեթոդն օգտագործվում է Արգենտինայում, Բոլիվիայում և Բրազիլիայում,

բ. պրոպան-բութան գազախառնուրդով, որի արդյունավետությունը կազմում է 55-75%: Մեթոդն օգտագործվում է Հայաստանի Հանրապետությունում: Դրա կիրառումը հանրապետությունում նպատակահարմար է և միակը, քանի որ սահմանամերձ գոտիները հնարավոր չէ գոյություն ունեցող այլ մեթոդներով պաշտպանել.

4) քիմիական ռեագենտով գործող գեներատորային, որի արդյունավետությունը կազմում է մինչև 45%, սակայն ամենաէժան տարբերակն է: Մեթոդն օգտագործվում է Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրիայում, Կանադայում, Հունգարիայում, Իտալիայում, Գերմանիայում և այլն: Այս մեթոդի կիրառումը հանրապետությունում նույնպես ընդունելի է, քանի որ մեթոդը կիրառվելու է գազագեներատորային կայանքների համալիր օգտագործմամբ և ռադարային կառավարմամբ, որը կավելացնի պաշտպանվող տարածքների ծավալները` համեմատաբար չնչին ծախսերով:

19. Մթնոլորտային այլ երևույթների վրա ներկայումս տարվում են ակտիվ ներգործության աշխատանքներ աշխարհի տարբեր երկրներում, տարբեր մեթոդներով`

1) ավիացիոն.

2) հրթիռային.

3) ռեագենտագեներատորային.

4) իոնիզատորային (էլեկտրաֆիզիկական, ձայնային, լազերային ազդեցության), որը հիմնականում կրում է գիտափորձարարական բնույթ:

20. Իոնիզատորը իոնացնում է ընտրովի կերպով միայն թթվածինը` ձևավորելով աերոններ (թթվածնի բացասական լիցքավորված իոններ):

21. Մթնոլորտային երևույթների վրա ազդեցության միջոցի հիմքում դրված է մթնոլորտային երևույթների փոխակերպման սկզբունքը, որն իրականացվում է մթնոլորտում օդի կոնվեկտիվ հոսանքների առաջացման միջոցով:

22. Ներկայումս գոյություն ունի թերմոդինամիկ պրոցեսների վրա արհեստական ներգործությամբ ամպերի և տեղումների առաջացմանը նպաստող գիտականորեն հիմնավորված հնարավորություն:

Այս տեխնոլոգիայի հիմքում դրված է տարբեր մթնոլորտային իրավիճակներում վերընթաց հոսանքների կոնվեկցիոն խթանման գործածության ներխուժման տիպի նոր միջոցը, որը թույլ է տալիս որոշակի տարածքներում կառավարել եղանակը:

23. Դեռևս 2004 թվականին հանրապետությունում էլեկտրաֆիզիկական մեթոդով իրականացվել են գիտափորձարարական աշխատանքներ` արհեստական տեղումների ստացման ու դադարեցման, մառախուղների ցրման, վերընթաց հոսանքների ստացման ուղղությամբ:

24. Այսօր առկա է «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից մշակված ձայնային մեթոդը, որն էկոլոգիապես անխոցելի է:

25. Նախկինում լրացուցիչ արհեստական տեղումների ստացումն իրագործվել է նաև ավիացիոն, հրթիռային և ռեագենտագեներատորային մեթոդներով: Նպատակահարմար է հանրապետությունում այս աշխատանքները վերագործարկել էլեկտրաֆիզիկական, ձայնային, լազերային ու գեներատորային մեթոդներով:

 

V. ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԿԱՐԱԳԻՐԸ

 

26. Հակակարկտային ռազմականացված ծառայությունը հանրապետությունում ստեղծվել է 1964 թվականին: Հանրապետությունում կարկտաբեր ամպերի օդային հոսանքների ձևավորման և զարգացման օդերևութաբանական և այլ գեոֆիզիկական պրոցեսների վրա ակտիվ ներգործություն իրականացնելու նպատակով 1980-ական թվականներին «Հայհիդրոմետ» ծառայության կազմում ստեղծվել էր 11 հակակարկտային ռազմականացված կենտրոն` 60 հրթիռահրետանային մարտկոցով: Ծառայության համակարգում աշխատում էր շուրջ 1700 մարդ:

Հանրապետության 15 վարչական շրջանների ավելի քան 1,0 մլն հեկտար ընդհանուր տարածքի վրա կատարվում էին կարկտի դեմ պայքարի աշխատանքներ:

Մթնոլորտային երևույթների հետազոտման աշխատանքները, ինչպես նաև կարկտավտանգավոր պրոցեսների վրա ակտիվ ներգործությունն իրականացվել են 11 ռադարային համակարգերի միջոցով` ավելի քան 400 միավոր 100 մմ տրամաչափի զենիթային հրանոթներով և շուրջ 100 միավոր 82,5 մմ տրամաչափի հրթիռային կայանքով:

27. Մինչև 1992 թվականը հակակարկտային պաշտպանության աշխատանքների արդյունավետությունը, ըստ վիճակագրական տվյալների, կազմել է մինչև 90%, որի արդյունքում կարկտահարությունից վնասված տարածքները տարեկան նվազել են միջին չափով 20 անգամ, իսկ ստացված եկամուտները գերազանցել են ծախսերն ավելի քան 5 անգամ:

28. Ծառայությունն իրականացրել է նաև ակտիվ ներգործության աշխատանքներ Սևանի ավազանում տեղումների արհեստական ավելացման ուղղությամբ: Այս դեպքում ստացված եկամուտները գերազանցել են կատարված ծախսերը 8-10 անգամ:

1992 թվականից մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության, այդ թվում նաև հակակարկտային աշխատանքները դադարեցվել են ֆինանսական հատկացումների բացակայության պատճառով:

Հրթիռահրետանային տեխնիկայի, զինամթերքի, կապի ու տրանսպորտային միջոցների, ռադիոլոկացիոն համակարգերի մի մասը 1990-1993 թվականներին շարքից դուրս է եկել սահմանամերձ գոտում մարտական գործողությունների ընթացքում, իսկ մնացած մասը հանձնվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը:

29. Հակակարկտային ծառայության չգործելու հետևանքով հանրապետության տնտեսությունը կրում է նյութական մեծ վնասներ` միայն բուսաբուծության ճյուղում հասնելով 15-20 մլրդ դրամի:

30. Այլ մթնոլորտային վտանգավոր երևույթները նույնպես հասցնում են զգալի վնասներ: Օրինակ, 2006 թվականին հանրապետության 7 մարզերում երաշտից ընդհանուր վնասը կազմել է 1,1 մլրդ դրամ, ցրտահարությունից` 842 մլն դրամ, 2007 թվականին գարնանային հեղեղումների պատճառած վնասները կազմել են 2.1 մլրդ դրամ, ամպրոպից եղել են մարդկային զոհերի դեպքեր:

Բացի դրանից, կարկտահարության և դրան հաջորդող հորդառատ անձրևների հետևանքով հողերը ենթարկվում են էրոզիայի, առաջանում են սողանքներ, մեծապես տուժում են անտառները, արոտավայրերը, բույսերը, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված բուսատեսակները, վայրի կենդանիները, թռչունները, ինչպես նաև շենքերը, շինությունները, օժանդակ կառույցները և կոմունիկացիաները:

31. Համակարգում ներկայումս գործում են երկու ռադիոլոկացիոն հակակարկտային կենտրոններ` Արագածոտնի և Լոռու մարզերում:

32. Արագածոտնի և Արմավիրի մարզերի 16 գյուղերում տեղակայված 30 հակակարկտային գազագեներատորային կայանքները ռադիոմոդեմային հեռակառավարման մեթոդով ղեկավարվում և շահագործվում են Արագածոտնի ռադիոլոկացիոն կայանի միջոցով: Պաշտպանության տակ են վերցված շուրջ 2500 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր, որոնց պաշտպանության ֆիզիկական արդյունավետությունը կազմում է 55-75%:

33. Ներկայումս թվով 12 նույնատիպ կայանքներ են կառուցվում Արարատի մարզում, որոնք պաշտպանության տակ կվերցնեն շուրջ 1000 հեկտար գյուղատնտեսական մշակաբույսեր:

 

VI. ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

34. Ծառայության կողմից տարվում են գիտափորձարարական աշխատանքներ` էկոլոգիապես անվտանգ, տարբեր քիմիական ռեագենտներով նոր տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ:

35. ՈՒսումնասիրվում են նաև էկոլոգիապես մաքուր բնական նյութեր և բուսական ծագումով ռեագենտներ ստանալու հնարավորությունները, որոնց նպատակն է փոխարինել ավանդական օգտագործվող քիմիական ռեագենտներին:

36. Որոշակի հետաքրքրություն է ներկայացնում գոյություն ունեցող ռեագենտների միկրոչափերի անցումը նանոչափերի, որը կարող է լուծել պաշտպանական բնույթի մի շարք հարցեր: Այս անցումը հեռանկարային է և մթնոլորտի վրա ակտիվ ներգործության մի շարք կիրառական խնդիրներ լուծելու մեծ հնարավորություններ ունի:

Համակարգում առկա են պատրաստի ծրագրեր և նախագծեր, որոնք ներառում են բարձր տեխնոլոգիաներ և նպատակահարմար են կիրառման տեսանկյունից:

37. Մթնոլորտային այլ երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների վերագործարկումը, համաշխարհային փորձի լիարժեք ուսումնասիրման հիման վրա գիտափորձարարական գործունեության ծավալումը դրականորեն կազդեն հանրապետության տնտեսության և ազգաբնակչության կենսագործունեության վրա:

38. Հանրապետությունում մշտապես կատարելագործվում են ակտիվ ներգործության գազագեներատորային, ռեագենտային գեներատորային մոդելները և կիրառվող մեթոդները:

Այս բնագավառում տարբեր երկրներում գիտական փորձարարական աշխատանքներ են տարվում էլեկտրաֆիզիկական մեթոդի մշակման և ներդրման ուղղությամբ:

Քննարկվում է նաև քիմիական ռեագենտների փոխարեն միկրոմարմինների կիրառման հնարավոր ներդրման խնդիրը:

39. Հայաստանի Հանրապետությունում մեծ նշանակություն ունեն գազագեներատորային և ռեագենտային գեներատորային մոդելների և մեթոդների կիրառումը, ժամանակակից ռադիոլոկացիոն կայանների և այլ ճշգրիտ սարքերի ու սարքավորումների օգտագործումը:

Հնարավորություն կա մշակելու և իրականացնելու պաշտպանական նշանակության նախագծեր:

Մթնոլորտի վրա ակտիվ ներգործության էլեկտրաֆիզիկական մեթոդի օգնությամբ մթնոլորտում առաջանում են տարբեր նշանակության ու մասշտաբների պրոցեսներ, մթնոլորտային մրրիկներ, քամիների հորիզոնական ու ուղղահայաց տեղաշարժեր, շիթային հոսանքներ, պլանետար, գրավիտացիոն և այլ ալիքներ:

40. Մեթոդի կիրառումը թույլ է տալիս մթնոլորտի շրջապտուտային պրոցեսների կառավարումով ռադիոակտիվ և այլ նյութերի տեղափոխում, ամպամածությունների, եղանակի փոփոխություն, տեղումների տեղաբաշխում, մառախուղների, տեղատարափ տեղումների (ձյան և անձրևների տեսքով) ստեղծում, քաղաքների օդային ավազանների աղտոտում և այլն:

41. Էլեկտրամագնիսական իմպուլսային արագացուցիչով ղեկավարվող թռչող հատուկ արկհրթիռը մթնոլորտում իոնների խտության փոփոխությամբ լոկալ օբյեկտների տիրույթում կարող է խափանել հակառակորդի ռադիոկապի գործունեությունը:

Հնարավոր են օզոնային շերտի արհեստական փոփոխություն, իոնոսֆերայում ալեկոծության խթանման ստեղծում:

Ակտիվ ներգործության աշխատանքների հետագա զարգացման փուլերում հնարավոր է այլընտրանքային տարբերակների ի հայտ գալը:

 

VII. ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

42. Հայեցակարգի ֆինանսական ապահովումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների, ինչպես նաև օտարերկրյա ներդրումների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:

 

 

pin
ՀՀ Նախագահ
25.09.2009
N ՆԿ-161-Ն
Կարգադրություն