Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ-ՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈ ...

 

 

031.0051.160412

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 56-րդ հոդվածով և հիմք ընդունելով Ազգային անվտանգության խորհրդի 2012 թվականի մարտի 1-ի նիստի առաջարկությունը` որոշում եմ.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը` համաձայն հավելվածի:

2. (2-րդ կետն ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

i

3. (3-րդ կետն ուժը կորցրել է 05.04.18 ՆԿ-48-Ն կարգադրություն)

 

16 ապրիլի 2012 թվականի

ՆԿ-51-Ն

 

Հավելված

ՀՀ Նախագահի

2012 թվականի ապրիլի 16-ի

ՆԿ-51-Ն կարգադրության

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ժամանակակից աշխարհում ազգային անվտանգության, տարածքային ամբողջականության, սահմանադրական իրավունքների և ազատությունների համար իրական վտանգ է ներկայացնում ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով: Ներկայումս միջազգային հանրությունը թևակոխել է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այնպիսի ժամանակաշրջան, երբ ժամանակակից քաղաքակրթությունը, պետությունների կենսագործունեության հիմնական ճյուղերն էապես կախված են տեղեկատվական համակարգերից: Արդի զարգացման այդպիսի դրական միտումների հետ մեկտեղ ի հայտ է եկել որակապես նոր բնույթի ահաբեկչություն, ինչն իր հերթին առաջացրել է պետականության, հասարակության և տնտեսության բնականոն զարգացման, մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների նկատմամբ նոր սպառնալիքներ և մարտահրավերներ: Ահաբեկչությունը, կիրառելով կիբեռհանցագործությունների մեթոդները, ստացել է նոր որակ: Նման երևույթը համաշխարհային պրակտիկայում ընդունված է բնութագրել «կիբեռահաբեկչություն» հասկացությամբ, ինչը Հայաստանի Հանրապետությունում ընդունվում է որպես ահաբեկչության տարատեսակ:

Միջազգային քաղաքական և տնտեսական հարաբերությունների որակական արդի ձևաչափերի, աշխարհաքաղաքական և, հատկապես, տարածաշրջանում ընթացող զարգացումների, Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարաբնույթ դիրքորոշում ունեցող հարևան պետությունների վերաբերմունքի, մասնավորապես` Ադրբեջանի վարած ռազմատենչ քաղաքականության, ինչպես նաև ծայրահեղականորեն տրամադրված առանձին կառույցների և հանցավոր խմբերի կողմից որդեգրված գործելաոճի պայմաններում գերակա խնդիր է դառնում և կարևորվում ահաբեկչությունը և դրա դեմ պայքարը:

Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը բխում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության ռազմական դոկտրինը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերից, «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությունից, «Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշումից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերից:

 

ԳԼՈՒԽ 1
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԴՐԱ ԴՐՍԵՎՈՐՈՒՄՆԵՐՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ, ԱՌԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՏՈՒՄՆԵՐԸ

 

1. «Ահաբեկչություն», «ահաբեկիչներ», «ահաբեկչական գործունեություն» հասկացությունները գրեթե անընդհատ հանդիպում են առօրյա կյանքում` առաջացնելով հասարակության շրջանում վախի և անհանգստության մթնոլորտ իրենց ներկայի և ապագայի, իրավունքների և ազատությունների պաշտպանվածության համար, որոնք երաշխավորված են յուրաքանչյուր պետության թիվ մեկ օրենքով` Սահմանադրությամբ:

2. Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) հանձնարարականների` ահաբեկչությունը ժամանակի ամենավտանգավոր և բարդ կանխագուշակվող երևույթներից է, որն օրեցօր ստանում է ամենատարբեր ձևեր և հասնում զգալի ծավալների: Ահաբեկչական գործողություններն առավել հաճախ բերում են զանգվածային մարդկային կորուստների, հոգևոր և նյութական արժեքների կործանման, ինչը շատ հաճախ ենթակա չէ վերականգնման, դառնում է թշնամանքի և պատերազմների, ինչպես նաև սոցիալական և տարբեր ազգային խմբավորումների միջև ատելության առաջացման պատճառ: Ներկա դրությամբ ազգային գործոնները, կրոնական անհանդուրժողականության դրսևորումները, ֆանատիզմը և դրանից բխող զինված ընդհարումները մեծ մասամբ բնորոշում են պետություններում հասարակական-քաղաքական իրավիճակը և դրա զարգացումները տարբեր տարածաշրջաններում: ՄԱԿ-ի գնահատականներով 1960-ականների կեսերից մինչ օրս կրոնական ծայրահեղական կազմակերպությունների թվաքանակն աճել է գրեթե երեք անգամ:

3. Վերջին տարիների իրադարձությունները վկայում են միջազգային ասպարեզում ահաբեկչական կազմակերպությունների ակտիվացման և դրանց հանցավոր գործունեության ծավալների մեծացման մասին: Համաձայն ԱՄՆ RAND Corporation-Research and Development ռազմավարական կենտրոնի` դեռևս 90-ական թվականներին աշխարհում գործում էին ավելի քան 500 ահաբեկչական կազմակերպություններ, իսկ, ըստ ՌԴ ռազմավարական զարգացման կենտրոնի, այժմ ահաբեկչության ոլորտում շրջանառվող գումարների տարեկան ծավալը կազմում է 5-20 մլրդ ԱՄՆ դոլար: ՌԴ անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի բնութագրմամբ` ահաբեկչությունը վերածվել է միջազգային բիզնեսի, որն ունակ է տնօրինելու մեծաքանակ տեղեկատվական, ֆինանսական, տեխնոլոգիական և այլ տեսակի բազմաթիվ լծակներ: Ահաբեկչությունը դիտարկվում է նաև որպես պատերազմի նոր տեսակ` այսպես կոչված «ասիմետրիկ պատերազմ», հաշվի առնելով այն հանգամանքը, որ ահաբեկչական կազմակերպությունները սկսել են ավելի լայն օգտագործել պատերազմական գործողություններին բնորոշ մեթոդներ: Առկա է ահաբեկչական կազմակերպությունների և կազմակերպված հանցավորության միջև կապերի սերտաճում, ինչն ամրապնդում է ահաբեկիչների թե՛ դիրքերը, թե՛ հանցավոր հնարավորությունները: Տարածում է գտել քրեական ահաբեկչությունը, ահաբեկչական ակտերի իրականացումը հանցավոր և այլ խմբավորումների կողմից մրցակիցներին չեզոքացնելու, ինչպես նաև պետական տարբեր օղակների վրա ազդելու նպատակով:

4. Հատուկ վտանգ է ներկայացնում քիմիական և բակտերիոլոգիական զենքի կիրառմամբ իրականացվող ահաբեկչությունը: Տարբեր երկրներում գործող շատ ահաբեկչական կազմակերպություններ խմբեր են ստեղծում նաև համացանցային ոտնձգությունների և պատերազմների համար: Տեղեկատվական անվտանգությունը և կիբեռհանցագործությունների դեմ պայքարը դարձել է ժամանակակից պետությունների անվտանգության համակարգի կարևորագույն բաղկացուցիչ մասը: Համաձայն ՄԱԿ-ի հանձնարարականների, ելնելով կիբեռհանցագործությունների շարժառիթներից և նպատակներից, հասարակությանն ահաբեկելուն, երկրի տնտեսության և պետականության քայքայմանն ուղղված գործողություններն անվանվում են կիբեռահաբեկչություն:

5. Մարդու իրավունքների միջամերիկյան համաժողովի ընթացքում (1970 թ.), որը նվիրված էր ահաբեկչության խնդիրներին և դրա հետևանքներին, առանձնացվել է ահաբեկչության երեք ձև`

1) սոցիալական (հաճախ նաև կենցաղային ահաբեկչություն, ինչը պատճառ է դառնում փողոցային հանցավորության, աճող քրեական մթնոլորտի, ընդհանուր սոցիալական անկայունության),

2) քաղաքական (ահաբեկչական գործողությունների տարբեր տեսակներ, որոնց նպատակն է ազդել քաղաքական ղեկավարների, նրանց կողմից իրականացվող քաղաքականության վրա` ստիպելով իրականացնել քաղաքական գործողություններ կամ ընդունել քաղաքական որոշումներ` ահաբեկիչների համար նպաստավոր տարբերակներով),

3) գաղափարական (իրականացվում է բնակչության մտավոր և գաղափարական մշակում):

6. Քրեագիտության տեսաբանների կարծիքով ահաբեկչությունը կարող է դասակարգվել նաև հետևյալ ինքնուրույն ձևերով.

1) տարածքային հատկանիշով`

ա) միջազգային.

բ) միջպետական,

2) հանցավոր դրդապատճառներից ելնելով`

ա) քաղաքական.

բ) կրոնական.

գ) ազգայնական.

դ) տնտեսական:

7. Ահաբեկչության առաջացմանը և տարածմանը կարող են նպաստել հետևյալ ներքին գործոնները.

1) կենսամակարդակի տեսանելի անկումը և հասարակության մեջ աճող սոցիալական բևեռացումը, որոնք առաջ են բերում սոցիալ-հոգեբանական խնդիրներ, մասնավորապես` նախանձ, չարություն, ատելություն, կարոտախտ և այլն,

2) տնտեսական և էներգետիկ ճգնաժամը, գնաճը և սղաճը,

3) գործազրկության աճը, ինչն առաջացնում է միգրացիոն խնդիրներ, հոգեբանական ճնշվածությունը և առանձին մասնագիտությունների պահանջարկի անկումը, անհատի ապակողմնորոշումը շուկայական տնտեսության պայմաններում,

4) բնակչության շրջանում զենքի, ռազմամթերքի լայն տարածումը,

5) որոշ սոցիալական և մասնագիտական խմբերի ճգնաժամային իրավիճակը, հատկապես` մարտական փորձ ունեցող անձանց շրջանում, որոնք ունեն զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի հետ վարվելու համապատասխան փորձ և ունակություն,

6) հակաիշխանական դրսևորումները և իշխանությունների տապալման փորձերը,

7) ԶԼՄ-ների միջոցով ծայրահեղական հայացքների տարածումը, անհավասարության, անհանդուրժողականության, բռնության, ահաբեկիչների ամենազորության և անպատժելիության քարոզումը,

8) տնտեսության, կառավարման, պաշտպանության և անվտանգության բնագավառում տեղեկատվության փոխանակման գործընթացների կատարելագործման և պաշտպանվածության ոչ բավարար մակարդակը,

9) ահաբեկչության, այդ թվում` կիբեռահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միասնական պետական քաղաքականության ձևավորման և կիրառման ուղղությամբ պետական կառավարման մարմինների գործունեության համակարգման անբավարար մակարդակը,

10) միասնական տեղեկատվական և հոգևոր տարածության քայքայումը, տարաբնույթ ցանցերի ակտիվացումը,

11) ահաբեկչության, այդ թվում` կիբեռահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավական բազայի, ինչպես նաև իրավակիրառ փորձի անբավարարությունը,

12) տեղեկատվական շուկայի զարգացման ուղղությամբ անբավարար պետական հսկողությունը,

13) ահաբեկչության, մասնավորապես կիբեռահաբեկչության դեմ պայքարի ոլորտում որակյալ կադրերի անբավարար քանակը:

8. Ահաբեկչության առաջացմանը և տարածմանը կարող են նպաստել հետևյալ արտաքին գործոնները.

1) պետության առանձին տարածքներ թափանցելու միջազգային ահաբեկչական կազմակերպությունների փորձերը,

2) պետական սահմանի մոտակայքում ահաբեկչական խմբավորումների առկայությունը,

3) օտարերկրյա պետություններում միջազգային ահաբեկչական և ծայրահեղական, կրոնական ծայրահեղականության գաղափարախոսություն տարածող ուսումնական հաստատությունների առկայությունը,

4) տարատեսակ գաղափարախոսական ուղղվածություն ունեցող երիտասարդական կազմակերպությունների վրա միջազգային ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ֆինանսական ազդեցություն հաստատելու փորձերը,

5) ինտերնետի տեղեկատվական-հաղորդակցական ցանցով և զանգվածային լրատվության միջոցներով ահաբեկչության և ծայրահեղականության գաղափարների տարածումը,

6) զանգվածային լրատվության միջոցներով հանրային առավել մեծ արձագանք տալու նպատակով միջազգային ահաբեկչական գործունեության սուբյեկտների մասին լուսաբանման փորձերը,

7) ահաբեկչության սահմանման հարցում միջազգային հանրության կողմից միասնական մոտեցման բացակայությունը, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտի իրավակիրառական պրակտիկայում երկակի չափորոշիչների առկայությունը,

8) միջազգային և ազգային մակարդակներում միասնական հակաահաբեկչական տեղեկատվական դաշտի բացակայությունը,

9) օտարերկրյա քաղաքական, տնտեսական, ռազմական, հետախուզական և տեղեկատվական համակարգերի գործունեությունը` ուղղված տեղեկատվական ոլորտի դեմ,

10) մի շարք երկրների գերիշխելու ձգտումը և համաշխարհային տեղեկատվական տարածությունում այլ երկրների շահերի իրացման խոչընդոտումը, արտաքին և ներքին տեղեկատվական շուկաներից դուրսմղումը,

11) տեղեկատվական տեխնոլոգիաներին և միջոցներին տիրանալու միջազգային մրցակցության սրումը, տեղեկատվական դաշտում միջազգային ահաբեկչական կազմակերպությունների գործունեությունը,

12) գերտերություններում տեխնոլոգիական մակարդակի զարգացածությունը և նրանց կողմից տեղական մրցունակ տեղեկատվական տեխնոլոգիաների ստեղծմանը դիմակայելու հնարավորությունների մեծացումը,

13) օտարերկրյա պետությունների տիեզերական, օդային, ծովային, ցամաքային տեխնիկական և այլ միջոցներով հետախուզական գործունեությունը,

14) տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի բնականոն աշխատանքի խախտման, տեղեկատվական միջոցների պահպանության խաթարման, դրանց նկատմամբ անթույլատրելի հասանելիության ստացման նպատակով երկրների կողմից այլ երկրների տեղեկատվական ոլորտի վրա ներազդումը:

9. Ժամանակակից ահաբեկչությանը բնորոշ են.

1) միջազգային ահաբեկչության աշխարհագրության ընդլայնումը,

2) միջազգային ահաբեկչության առաջացման և տարածման գործում ներքին, արտաքին, սոցիալական, քաղաքական, տնտեսական և այլ տարաբնույթ գործոնների փոխադարձ ազդեցության ուժեղացումը,

3) միջազգային ահաբեկչական գործունեության կազմակերպական մակարդակի բարձրացումը, զարգացած ենթակառուցվածքով խոշոր ահաբեկչական կազմավորումների ստեղծումը,

4) տարբեր երկրներում կազմակերպված հանցավորության հետ միջազգային ահաբեկչության կապերի ուժեղացումը,

5) միջազգային ահաբեկչական գործունեության ֆինանսավորման և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների նյութատեխնիկական ապահովվածության մակարդակի բարձրացումը,

6) զանգվածային ոչնչացման զենքին տիրապետելու` միջազգային ահաբեկչական գործունեության սուբյեկտների ձգտումը,

7) միջազգային ահաբեկչությունը` որպես պետությունների ներքին գործերին միջամտելու գործիք օգտագործելու փորձերը,

8) ահաբեկչական գործողությունների իրականացման արդեն գոյություն ունեցող ձևերի և մեթոդների կատարելագործումը և նորերի մշակումը:

10. Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնը 2009 թ. ազգային հակաահաբեկչական կենտրոնների ղեկավարների (շտաբի պետերի) II խորհրդակցության ընթացքում ներկայացրել է իրավիճակի զարգացման հնարավոր սցենարներ տնտեսական ճգնաժամի պայմաններում: ԱՊՀ տարածքում հակաահաբեկչական կենտրոնը կանխատեսում է ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների կոնկրետ գործողությունների ակտիվություն` թալանի, պատանդներ վերցնելու և ահաբեկելու միջոցով հավելյալ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ: Համաձայն կենտրոնի վերլուծության` ծայրահեղական և ահաբեկչական կազմակերպությունները ստիպված կլինեն անցնել ինքնաֆինանսավորման: Առաջ են եկել քրեական հանցավորության աճի լուրջ վտանգներ, հնարավոր է, որ տնտեսական ճգնաժամը վերածվի նաև սոցիալականի: ԱՊՀ համապատասխան մարմիններն իրականացնում են ահաբեկչության և ծայրահեղականության ակտիվացման մոնիթորինգ, հատկապես` սոցիալ-տնտեսական իրավիճակի փոփոխությունների տեսանկյունով և ստացված արդյունքների հիման վրա նախագծում հնարավոր զարգացումներ: Արձանագրվել է, որ ԱՊՀ երկրների համար «հակաճգնաժամային փաթեթի» հիմքում ընկած են տնտեսական լուծումները, միաժամանակ, կարևորելով հատուկ ծառայությունների և իրավապահ մարմինների դերը, նախատեսվել են համագործակցության հետևյալ ուղիները.

1) ամենամյա համատեղ ուսումնավարժանքների սցենարների մշակում, որը թույլ կտա լուծել ինչպես ռազմավարական, այնպես էլ` մարտավարական խնդիրներ,

2) համատեղ հակաահաբեկչական գործողությունների տիպային մոդելների մշակում և դրանց կիրառում, պաշտպանության նախարարների խորհրդի և սահմանապահ զորքերի ղեկավարների խորհրդի միջև շփումների ձևաչափերի փոփոխում` ահաբեկչության դեմ պայքարի և փորձի փոխանակման ընդհանուր մոտեցումների մշակման նպատակով:

11. Համաձայն ԱՄՆ ահաբեկչության ուսումնասիրությունների կենտրոնի (The Terrorism Research Center) տեսաբանների` համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հանցավոր արարքը, որի հետևանքը բռնություն է, ինչպես նաև վախի մթնոլորտի ստեղծումը և տարածումը, նպատակ ունենալով ստիպել իշխանություններին փոխել քաղաքական ուղին, որակավորվում է որպես «կիբեռահաբեկչություն»: Ըստ ԱՄՆ ՀԴԲ ազգային ենթահամակարգերի պաշտպանության կենտրոնի` կիբեռահաբեկչության պարտադիր հատկանիշ է ահաբեկչական գործողություններում տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի և ցանցերի աշխատանքին անօրինական միջամտումը: Ահաբեկիչների կողմից ինտերնետի օգտագործումն իրենց հայացքների քարոզչության, ահաբեկչական գործողությունների ծրագրավորման, իրականացման և ղեկավարման նպատակներով կարող է համարվել կամ կիբեռահաբեկչական արարք, կամ տեղեկատվական ահաբեկչություն: Կիբեռահաբեկչական ակտերի նպատակները բնորոշ են ավանդական ահաբեկչությանը, այն է` առաջացնել հասարակական մեծ արձագանք և ահաբեկչական ակտի կրկնության սպառնալիքի մթնոլորտ (ԱՄՆ կոնգրեսի հետազոտական ծառայություն (Congressional Research Service), 2004 թ.): Կիբեռահաբեկչության արդյունքում ենթադրվում են մարդկային և նյութական կորուստներ, որոնք առաջանում են տեղեկատվական և հեռահաղորդակցական համակարգերի, ցանցերի խիստ գաղտնիություն պարունակող տեղեկատվության կամ կենսաապահովման ոլորտների կառավարման ցանցային ենթակառուցվածքների չթույլատրված շահագործման հետևանքով: Ըստ Միջազգային հակաահաբեկչական քաղաքականության ինստիտուտի (International Policy Institute for Counter-Terrorism) տվյալների` կիբեռահաբեկիչներն իրենց նպատակներին հասնելու համար օգտագործում են «կիբեռզենքի» այնպիսի տեսակներ, ինչպիսիք են համակարգչային վիրուսները, որդերը, DoS-հարձակումները (Denial of Service attack), երբ համակարգչի շահագործումը դառնում է անհնար կամ դժվար: Արդյունքում կարող են իրականացվել ոտնձգություններ պետության ենթակառուցվածքների հիմնական տարրերի` էներգետիկայի, ջրամատակարարման, տրանսպորտի, առողջապահության, կապի և էլեկտրոնային կառավարման համակարգերի, ինչպես նաև կարևորագույն տեղեկատվության նկատմամբ: Կիբեռահաբեկչության հետևանքով պատճառված վնասների չափերն անմիջականորեն կապված են տեղեկատվական համակարգերի պաշտպանվածության մակարդակի հետ:

12. Ըստ ԱՄՆ RAND Corporation ռազմավարական կենտրոնի, վերջին տարիներին «համացանցային պատերազմի» ոլորտում արմատական փոփոխություններ են տեղի ունենում: Եթե նախկինում կիբեռհանցագործությունն ավելի քաոսային բնույթ էր կրում, ապա այժմ ձևավորվում է ցանցային մաֆիա, որն ահռելի գումարներ է վաստակում կիբեռհանցագործությունների միջոցով, տեսանելի է դառնում ավանդական կազմակերպված հանցավորության հետ սերտաճումը: Բացի այդ, եթե նախկինում համակարգչային պայքարի համար ուժեր էին հավաքագրում բացառապես գերհզոր տերությունները, ապա այժմ տեղեկատվական տեխնոլոգիաների ու համացանցի զարգացածության ու տարածման արդյունքում այդ ուղղությամբ քայլեր են ձեռնարկվում ավելի մեծ թվով երկրների կողմից: «Համաշխարհային հանրությունը հանցավորության և ահաբեկչության գլոբալիզացիայի դեմ» միջազգային խորհրդաժողովում նշվել է, որ արդեն ավելի քան 120 պետություն սկսել է պատրաստել մասնագետների խմբեր, որոնք պետք է կազմեն կիբեռզորքերի հիմքը:

13. Ներկայումս Եվրոպական միության (ԵՄ) անդամ երկրների կողմից քայլեր են ձեռնարկվում համացանցային պայքարի և անվտանգության ժամանակակից ու արդյունավետ համակարգերի ստեղծման ուղղությամբ:

 

ԳԼՈՒԽ 2
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔՆԵՐԸ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՎԻՃԱԿԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ

 

14. 2007 թ. Երևանում անցկացված «Ահաբեկչության դեմ պայքարում պատրաստվածության ապահովման» միջազգային համաժողովի ընթացքում հայկական կողմը հայտարարել է, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացված համակարգային միջոցառումների արդյունքում չի գրանցվել ահաբեկչական գործունեության կամ դրա ֆինանսավորման որևէ դեպք, և ահաբեկչական սպառնալիքների տեսանկյունից հանրապետության տարածքը կարելի է գնահատել որպես համեմատաբար անվտանգ:

15. Միևնույն ժամանակ, Հայաստանի Հանրապետությունը, ունենալով յուրահատուկ աշխարհագրական դիրք, միջազգային ահաբեկչական կազմակերպությունների կողմից հեռանկարում կարող է դիտարկվել որպես «հանցավոր շահերի գոտի»: Այստեղ հնարավոր են ահաբեկչությանը զուգորդող այնպիսի երևույթների ակտիվացում, ինչպիսիք են` թմրանյութերի հոսքը, ապօրինի միգրացիան, թրաֆիքինգը, ահաբեկչության ֆինանսավորումը և այլն, ինչպես նաև չեն բացառվում դիվերսիոն-ահաբեկչական գործողությունների փորձերն Ադրբեջանի կողմից:

16. Ահաբեկչության և ծայրահեղական գաղափարախոսության հիմնական թիրախ է հանդիսանում երիտասարդությունը: Ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունները, օգտագործելով տեղեկատվական համակարգերը, մասնավորապես` ինտերնետը, իրականացնում են լայնածավալ քարոզչություն` իրենց գաղափարները տարածելու, ինչպես նաև կողմնակիցներ ձեռք բերելու համար: Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում որոշակի տարածում են փորձում ստանալ ֆաշիստական, ազգայնամոլական, սատանիստական գաղափարախոսությունները, որոնք հիմնականում արմատներ են գցում երիտասարդության միջավայրում:

17. Ներկայումս Հայաստանի Հանրապետության բնակչությունը պատրաստ չէ ահաբեկչության սպառնալիքի և դրան ուղեկցող նախադրյալների իրական ընկալմանը, բացի այդ էլ` ԶԼՄ-ների ներկայացուցիչները չունեն արտակարգ իրավիճակները ճիշտ լուսաբանելու բավարար պատրաստվածություն, չնայած այն հանգամանքին, որ լրագրողների որակավորման նման հնարավորություն առկա է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունում:

18. Հայաստանի Հանրապետության տարածքում առկա են կենսաապահովման, տրանսպորտի և հեռահաղորդակցության բարձր վտանգ ներկայացնող օբյեկտներ, ռադիոակտիվ, թունավոր և պայթուցիկ նյութերի պահման վայրեր, դիվանագիտական և տարբեր միջազգային ներկայացուցչություններ, որոնք կարող են թիրախ հանդիսանալ ինչպես ահաբեկչական կազմակերպությունների, այնպես էլ` հնարավոր հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խմբերի համար:

19. Բացի այդ, Հայաստանի Հանրապետությունում գտնվող Հայկական ատոմային էլեկտրակայանը, բնական և արհեստական ջրակալները, քիմիական արդյունաբերության հրդեհավտանգ և պայթյունավտանգ օբյեկտները հենց իրենք կարող են հանդես գալ որպես զանգվածային ոչնչացման միջոց, եթե դրանց նկատմամբ իրականացվեն գլոբալ ահաբեկչական ակցիաներ: Հնարավոր ահաբեկչական վտանգ կարող են ներկայացնել նաև քաղաքացիական ավիացիայի օբյեկտները և միջոցները: Հայաստանի Հանրապետությունում առկա են նաև երկակի տեխնոլոգիաներին վերաբերող միջոցներ, ինչպես նաև սուր վարակիչ հիվանդությունների աղբյուր հանդիսացող մանրէներ, որոնք հանցավոր մտադրություններով օգտագործման դեպքում կարող են հանդիսանալ զանգվածային ոչնչացման զենքի բաղադրիչներ:

20. Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող ռազմավարական և վտանգավոր օբյեկտների ֆիզիկական պաշտպանվածությունը դեռևս գտնվում է ոչ պատշաճ վիճակում և կարող է թիրախ հանդիսանալ ահաբեկչական տեսանկյունից: Որոշ օբյեկտների անվտանգության համակարգը թույլ չի տալիս հրատապ արձագանքել հնարավոր ահաբեկչական վտանգներին:

21. Արտասահմանյան երկրներում իրականացվում են «Մեգապոլիսի կրիտիկական կետեր» անվանմամբ ուսումնասիրություններ, որոնց հիման վրա կազմակերպվում են համապատասխան միջոցառումներ` քաղաքների ֆիզիկական անվտանգությունն ամրապնդելու համար: Երևանը, ելնելով իրեն հատուկ առանձնահատկություններից, նույնպես պետք է դիտարկվի որպես հակաահաբեկչական պաշտպանվածության ենթակա հատուկ օբյեկտ: Երևանում կուտակված են կենսաապահովման բազմաթիվ ձեռնարկություններ, պետական կառույցներ, դիվանագիտական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ, բնակչության զանգվածային կուտակման վայրեր: Բացի այդ, այստեղ բնակվում և աշխատում են պետական և հասարակական գործիչներ, դիվանագետներ, որոնք կարող են հանդիսանալ ահաբեկչության թիրախ:

22. Ինչպես ցույց է տալիս միջազգային փորձը, ապօրինի պահվող զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի և սարքերի առկայությունը բարձրացնում է ահաբեկչական ռիսկերի մակարդակը: Հարկ է նշել նաև, որ միջազգային ահաբեկչական կազմակերպություններն իրականացնում են ակտեր այն պետությունների տարածքում, որտեղ թույլ է հակահետախուզական ռեժիմը, և հեշտությամբ կարող են ձեռք բերել զենք, ռազմամթերք և պայթուցիկ նյութեր: Այդ կապակցությամբ շարունակում է հրատապ մնալ ազգաբնակչության մոտ ապօրինի պահվող զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի առգրավման ուղղությամբ համապատասխան միջոցառումների իրականացումը:

23. Ահաբեկչության տեսանկյունից վտանգ են ներկայացնում ռիսկի խմբերը: Ներկայումս միջազգային ահաբեկչական կազմակերպությունները հիմնականում գործում են ծայրահեղական կրոնական գաղափարների հենքի վրա: Հիմնական վտանգ կարող են ներկայացնել այն երկրների քաղաքացիները, որտեղ առկա են ծայրահեղական և արմատական կրոնական կազմակերպություններ, և նրանց որոշակի զանգվածը, որը մշտական կամ ժամանակավոր բնակություն է հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքում:

24. Ահաբեկչության տարատեսակ հանդիսացող կիբեռահաբեկչության ոլորտում Հայաստանի Հանրապետությունում առկա են`

1) սպառնալիքներ` ուղղված Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության տեղեկատվական ապահովմանը,

2) սպառնալիքներ` ուղղված հայրենական տեղեկատվական միջոցների զարգացմանը, դրանց արտադրանքի ներքին շուկայի բավարարմանը և համաշխարհային շուկա արտահանմանը, ինչպես նաև հայրենական տեղեկատվական միջոցների կուտակման, պահպանման և արդյունավետ օգտագործման ապահովմանը,

3) սպառնալիքներ` ուղղված տեղեկատվական և հեռահաղորդակցական միջոցների և համակարգերի անվտանգությանը:

25. Կիբեռահաբեկչության սպառնալիքներից է քայքայիչ տեղեկատվական հոսքերի ներթափանցումը հանրային կյանք, ինչը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ հանրային գիտակցության վրա: Ժամանակակից աշխարհում հասարակական գիտակցության կառավարումը և ուղղորդումը ռազմավարական միջոց են հանդիսանում քաղաքական հիմնախնդիրներ լուծելու համար:

26. Հայաստանի Հանրապետության հեռահաղորդակցության զարգացման ժամանակակից միտումներն արդեն իսկ բերել են այնպիսի ցանցերի և ծառայությունների ներդրմանը, որոնք շահագործվում են հանրապետությունում և տեխնիկապես ղեկավարվում են միայն արտերկրից: Դրանց ցանկին, որպես օրինակ, կարելի է դասել արբանյակային հեռախոսային շարժական կապը (ԻՐԻԴԻՈՒՄ, ԳԼՈԲԱԼՍԹԱՐ, ՏՈՒՐԱՅԱ), ինտերնետային ՍԿԱՅՊ տեսահեռախոսակապը, ԲԼԵՔԲԵՐԻ շարժական հեռախոսակապի հաղորդումների փոխանցման ծառայությունը: Նշված ցանցերը և ծառայությունները նույնպես կարող են օգտագործվել կիբեռահաբեկչություն իրականացնող անձանց և խմբերի կողմից:

27. Հայաստանի Հանրապետությունը համաշխարհային գործընթացներում ներգրավված երկիր է և տարածաշրջանում ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող քաղաքական, սոցիալական, տնտեսական այնպիսի զարգացումների և իրադարձությունների լիիրավ մասնակից, որոնց համահունչ են Հայաստանի Հանրապետության որդեգրած նպատակներն ու ռազմավարությունը: Այս տեսանկյունից, միջազգային անվտանգության ապահովման խնդիրներում Հայաստանի Հանրապետության շահերն ունեն օբյեկտիվ ընդհանրություն այլ պետությունների շահերի հետ` ներառելով թմրամիջոցների և զենքի անօրինական տարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման, բնապահպանական սուր խնդիրների լուծման և միջազգային համագործակցության այլ ոլորտներ:

28. Հայաստանի Հանրապետության ազգային շահերը կիբեռահաբեկչության դեմ պայքարում և դրան շաղկապված տեղեկատվական անվտանգության ոլորտում, ինչը ներառում է հանրային և պետական կենսագործունեության բոլոր բնագավառների ու մակարդակների տեղեկատվական բաղադրիչները, բնորոշում են Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության և դրանով պայմանավորված կիբեռահաբեկչության դեմ պայքարի էությունը:

29. Տեղեկատվական ոլորտը, լինելով հասարակական կյանքը համակարգող և կարգավորող կարևոր գործոն, ակտիվորեն ազդում է Հայաստանի Հանրապետության անվտանգության քաղաքական, տնտեսական, ռազմական և այլ բաղադրիչների վրա: Հայաստանի Հանրապետությունում ազգային անվտանգությունն էականորեն կախված է տեղեկատվական անվտանգության ապահովումից և այդ կախվածությունը մեծանում է գիտատեխնիկական առաջընթացին համընթաց: Տեղեկատվական ոլորտում հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման թույլ զարգացած և հակասական վիճակը հանգեցնում է բացասական լուրջ հետևանքների: Սահմանադրական կարգի հիմքերի, քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պահպանության, երկրի պաշտպանունակության և պետության անվտանգության ապահովման նպատակով կիրառվող զանգվածային տեղեկատվության ազատության սահմանադրական հնարավոր սահմանափակումների բնագավառում հարաբերությունների անբավարար իրավական կարգավորումն էապես դժվարացնում է տեղեկատվական ոլորտում անձի, հասարակության և պետության շահերի անհրաժեշտ հավասարակշռության ապահովումը:

30. Հայրենական տեղեկատվական տեխնոլոգիաների հետ մնալը համաշխարհային չափանիշներից ստիպում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկատվական համակարգեր ստեղծել արտասահմանյան սարքավորումներով` ներգրավելով նաև արտերկրի ընկերություններին, ինչը մեծացնում է մշակվող տեղեկատվության չարտոնված օգտագործման հավանականությունը, աճում են Հայաստանի Հանրապետությունում կիբեռհանցագործությունների իրականացման հնարավորությունները: Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության վիճակի մակարդակը դեռևս չի համապատասխանում հասարակության և պետության ներկայիս պահանջներին:

31. Կարելի է փաստել, որ վերջին շրջանում հայկական տեղեկատվական համակարգեր ներխուժելու և կայքերի աշխատանքները խափանելու փորձերը ցանցահենների կողմից կրում են պարբերական բնույթ: Անօրինական մուտքերի ընթացքում ժամանակավորապես խափանվում են որոշ կայքերի բնականոն աշխատանքները:

32. Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության տարածքում կանոնակարգվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, 2005 թ. մարտի 22-ին ընդունված «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի իրավական, կազմակերպական հիմքերը և կարգավորում է ահաբեկչության դեմ պայքարի իրականացման հետ կապված հարաբերությունները, 2008 թ. մայիսի 26-ին ընդունված «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության այլ հարակից օրենքներով, ինչպես նաև ահաբեկչության ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով (1999 թ. հունիսի 4-ին ստորագրված «Ահաբեկչության դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» պայմանագիր, 1999 թ. դեկտեմբերի 9-ին Նյու Յորքում ստորագրված ՄԱԿ-ի «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիա, 2003 թ. մայիսի 15-ին Ստրասբուրգում ստորագրված «Ահաբեկչության արգելման մասին» եվրոպական կոնվենցիան փոփոխող արձանագրություն և այլն):

33. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հասարակության ձևավորման հայեցակարգը», որը տեղեկատվական-հեռահաղորդակցական ոլորտի զարգացման հետ մեկտեղ նախատեսում է կիբեռանվտանգության ընդհանուր շրջանակների սահմանումը և այդ ուղղությամբ միջոցառումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության պետական մարմինների և հատուկ կարևորության օբյեկտների, ինչպես նաև հասարակության լայն շերտերին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների տեղեկատվական, հեռահաղորդակցական և ավտոմատ կառավարման համակարգերի ենթակառուցվածքները դիտվում են որպես ահաբեկչական և դիվերսիոն բնույթի ոտնձգությունների հնարավոր թիրախներ, կիբեռպաշտպանության շրջանակների ամենակարևոր բաղկացուցիչներից է համարվում պաշտպանությունը կիբեռահաբեկչությունից:

34. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության հակազդեցությունն իրականացվում է հետևյալ ուղղություններով`

1) ահաբեկչության կանխարգելում (նախականխում),

2) ահաբեկչության դեմ պայքար,

3) ահաբեկչության դրսևորումների հետևանքների նվազեցում և (կամ) վերացում:

35. Ահաբեկչության դեմ պայքարում առավել կարևորվում են ահաբեկչության և ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների բացահայտումը և չեզոքացումը: Այդ նպատակով Հայաստանի Հանրապետությունը 2006 թվականից անդամակցում է և ակտիվորեն ներգրավված է Եվրախորհրդի (ԵԽ) ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբին, որն իրականացնում է անդամ երկրների փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգերի փոխադարձ գնահատումներ: 2009 թ. սեպտեմբերին հանձնախմբում հաստատվել է Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի երրորդ փուլի գնահատման հաշվետվությունը: Հաշվետվությամբ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետությունում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի իրավական, ֆինանսական և իրավապահ ոլորտներում, ինչպես նաև արդյունավետության բարձրացման կանխարգելիչ միջոցառումներում: Դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում արդյունավետորեն ներդրված է փողերի լվացման և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտը կարգավորող միջազգային չափորոշիչների մեծամասնությունը:

 

ԳԼՈՒԽ 3
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ

 

36. Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության հիմնական նպատակներն են` ստեղծել ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգ, մշակել և իրականացնել այդ բնագավառում պետական քաղաքականության հիմնական խնդիրները և դրանց լուծման ուղղությամբ առաջարկվող միջոցառումները:

37. Ահաբեկչությունը բարդ և բազմաբնույթ երևույթ է: Բացի իրավական խնդիրներից, այն առնչվում է նաև հոգեբանական, պատմական և մի շարք այլ խնդիրների հետ, ինչի պատճառով համաշխարհային հանրությունը մինչ օրս չի մշակել ահաբեկչության համընդհանուր իրավական սահմանում: Այսօր գոյություն ունեն մի շարք ահաբեկչական դրսևորումներ, որոնք ուսումնասիրվում են քաղաքագետների, սոցիոլոգների, քրեագետների և այլ մասնագետների կողմից: Դրա հետ մեկտեղ գիտատեխնիկական առաջընթացին զուգընթաց ի հայտ են գալիս ահաբեկչության նոր, առավել «կատարելագործված» ձևեր: Կարևորվում է ահաբեկչության դեմ պայքարի գրագետ քաղաքականության մշակումը: Ելնելով դրանից` ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրականացման հիմնական խնդիրներն են համարվում.

1) անհատի և հասարակության օրինական շահերի, ազատությունների և իրավունքների պաշտպանության ապահովումը,

2) ահաբեկչության կանխարգելմանը, բացահայտմանը և կասեցմանն ուղղված իրավական բազայի կատարելագործումը,

3) ահաբեկչության դեմ պայքարի, ձևերի, մեթոդների և միջոցների օպտիմալացումը,

4) քաղաքացիական հասարակության բոլոր ենթահամակարգերի փոխգործակցության ապահովումը,

5) ահաբեկչության դեմ պայքարում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության շարունակական զարգացումը:

38. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության խնդիրների լուծման հիմնական ուղիներն են.

1) ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական քաղաքականության հիմնական ուղղությունների և իրագործման մեխանիզմների մշակումը, այդ գործում միասնական պետական քաղաքականություն իրականացնող համակարգի ստեղծումն ու զարգացումը,

2) ահաբեկչության սպառնալիքների ի հայտ բերման, գնահատման և կանխատեսման ձևերի, մեթոդների և միջոցների, այդ թվում նաև սպառնալիքներին հակազդող համակարգերի կատարելագործումը,

3) ահաբեկչության դեմ պայքարի նպատակային պետական ծրագրերի մշակումը,

4) ահաբեկչության դեմ պայքարի համակարգերի և միջոցների արդյունավետության գնահատման չափանիշների ու մեթոդների մշակումը,

5) ահաբեկչության դեմ պայքարի իրավական բազայի բարելավումը,

6) ահաբեկչության դեմ պայքարի պահանջների պահպանման գործում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնատար անձանց, իրավաբանական անձանց և քաղաքացիների պատասխանատվության սահմանումը,

7) ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների ու կազմակերպությունների գործունեության համակարգումը` անկախ կազմակերպաիրավական ձևից,

8) ահաբեկչության դեմ պայքարի գիտական-գործնական հիմքերի զարգացումը` հաշվի առնելով ժամանակակից աշխարհաքաղաքական իրավիճակը, հանրապետության քաղաքական և սոցիալ-տնտեսական զարգացման պայմանները և «տեղեկատվական զենքի» օգտագործման սպառնալիքների իրողությունը,

9) ահաբեկչական գործողության հետևանքով պատճառված վնասի փոխհատուցումը և տուժած անձանց սոցիալական պաշտպանությունը, ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձանց իրավական և սոցիալական պաշտպանությունը,

10) ահաբեկչական ակտերի աղբյուրների ի հայտ բերման, կանխման և խափանման ժամանակակից մեթոդների և միջոցների մշակումը, ինչպես նաև տեխնոլոգիաների անվտանգության ապահովումը, առաջին հերթին զինված ուժերի, կենսաապահովման, պետական, հասարակական նշանակության, բնապահպանական տեսանկյունից վտանգավոր և հատուկ կարևորություն ունեցող արտադրությունների ավտոմատ կառավարման համակարգերում,

11) խաղաղ պայմաններում, արտակարգ իրավիճակներում և պատերազմի ժամանակ ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի հիմքերի ստեղծումը և զարգացումը,

12) ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի միջազգային գործընթացներում Հայաստանի Հանրապետության մասնակցության համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը,

13) ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի կադրերի պատրաստման միասնական համակարգի ստեղծումը:

 

ԳԼՈՒԽ 4
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

 

39. Ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգն ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և նրանց գործունեությունը կարգավորող իրավական ակտերի համակցություն է, որն ուղղված է ահաբեկչության հայտնաբերմանը, կանխարգելմանը, բացահայտմանը, կանխմանը, ահաբեկչական դրսևորումների հետևանքների նվազեցմանը և (կամ) վերացմանը: Այն կոչված է ապահովելու միասնական պետական քաղաքականություն ահաբեկչության դեմ պայքարում, ուղղված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանությանը:

40. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության, այդ թվում կիբեռահաբեկչության դեմ պայքարի համակարգի հիմնական գործառույթներն են.

1) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառի իրավական բազայի մշակումը,

2) քաղաքացիների և կազմակերպությունների` օրենքով թույլատրված գործունեության իրականացման համար պայմանների ստեղծումը,

3) քաղաքացիների, հասարակության և պետության միջև տեղեկատվության ազատ փոխանակման պահանջմունքների և տեղեկատվության տարածման անհրաժեշտ սահմանափակումների միջև հավասարակշռության սահմանումն ու պահպանումը,

4) Հայաստանի Հանրապետությունում անվտանգության վիճակի գնահատումը, ներքին և արտաքին սպառնալիքների աղբյուրների բացահայտումը, այդ սպառնալիքների կասեցման, անդրադարձման և չեզոքացման առաջնային ուղղությունների սահմանումը,

5) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում իրավասու պետական կառավարման տարբեր մարմինների գործունեության ապահովումը և համակարգումը,

6) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի խնդիրների լուծմանը մասնակցող պետական կառավարման մարմինների, պետական և միջգերատեսչական հանձնաժողովների գործունեության վերահսկումը,

7) քաղաքացիների, հասարակության և պետության օրինական շահերի դեմ ոտնձգությունների ի հայտ բերումը, կանխարգելումը և խափանումը, այդ բնագավառում հանցագործություններով դատավարությունը,

8) հայրենական տեղեկատվական ենթակառուցվածքների, ինչպես նաև տեղեկատվական և հեռահաղորդակցության միջոցների զարգացումը, դրանց մրցունակության բարձրացումը ներքին և արտաքին շուկաներում,

9) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի պետական ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքների համակարգումը,

10) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում միասնական տեխնիկական քաղաքականության իրականացումը,

11) Հայաստանի Հանրապետությունում անվտանգության ապահովման բնագավառում հիմնարար և կիրառական գիտական հետազոտությունների կատարումը,

12) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններում և ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններում պետական տեղեկատվական միջոցների պաշտպանության ապահովումը,

13) տեղեկատվական պաշտպանության միջոցների ստեղծման և օգտագործման գործընթացի վերահսկումը` այդ բնագավառում գործունեության պարտադիր արտոնագրման և տեղեկատվության պաշտպանության միջոցների համապատասխանության հավաստման միջոցով,

14) ոլորտն ընդգրկող և դրան առնչվող օրենսդրական դաշտի ձևավորումը և կատարելագործումը` գործող միջազգային չափորոշիչներին և Եվրախորհրդի կիբեռհանցագործությունների դեմ պայքարի կոնվենցիայի հանձնարարականներին համապատասխան,

15) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի և տեղեկատվական անվտանգության ոլորտի կադրերի պատրաստման միասնական համակարգի զարգացումը և կատարելագործումը:

41. Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում գործուն ծրագրերի մշակման համար անհրաժեշտ է հակաահաբեկչական քաղաքականության հստակեցում: Հակաահաբեկչական քաղաքականության հիմնական ուղղություններն են`

1) գաղափարախոսական, որի նպատակն է ահաբեկչության հակահասարակական և հակամարդկային բնույթի բացահայտումը,

2) իրավական, որի նպատակն է հակաահաբեկչական քաղաքականության իրականացումը գործող օրենսդրության շրջանակներում, ինչպես նաև ահաբեկչության առաջացմանը և բացահայտմանն ուղղված օրենքների ընդունումը,

3) սոցիալ-տնտեսական, որի նպատակն է բնակչության շրջանում չքավորության նվազեցումը,

4) ուժային պայքար, որի նպատակն է ահաբեկչական կազմակերպությունների անդամների և ղեկավարների, հանցածին տարրերի հայտնաբերումը և չեզոքացումը,

5) կրոնական, որի նպատակն է, հոգևոր առաջնորդների և կրոնական կազմակերպությունների հետ սերտ համագործակցելով, իրականացնել տեղեկատվական-քարոզչական հակազդեցություն,

6) ազգային, որի նպատակն է պետության ներսում գտնվող ազգային փոքրամասնությունների, ազգային հասարակական տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությունը:

42. Հակաահաբեկչական քաղաքականությունը սերտորեն փոխկապակցված է սոցիալ-տնտեսական, իրավական և քաղաքական խնդիրների լուծման հետ` ոչ միայն պետության ներսում, այլև ամբողջ աշխարհում: Հակաահաբեկչական քաղաքականության արդյունավետությունը պայմանավորված է պետության կողմից ընտրված և իրականացվող նպատակային սոցիալ-տնտեսական գործընթացներով: Արդի փուլում ահաբեկչության սոցիալական հենքի ծավալմանը նպաստում են հետևյալ գործոնները.

1) սոցիալ-քաղաքական պայքարի մեջ այն հասարակական խմբերի ներգրավվածության չափերի մեծացումը, որոնք չեն տիրապետում հասարակական իրավիճակին, չունեն բավարար քաղաքական մշակույթ և ենթակա են քաղաքական ծայրահեղականության ազդեցությանը,

2) շատ երկրներում բնակչության լայն խմբերի ներգրավման արդյունքում միջազգային և միջկրոնական հակասությունների սրացումը և դրանց հենքի վրա կայուն միջպետական և ներպետական հակամարտությունների ձևավորումը,

3) տարբեր տարածաշրջաններում միջպետական սահմանների փոփոխման ուղղությամբ տարվող պայքարի սրացումը:

43. Այս պարագայում առավել կարևորվում է ահաբեկչության կանխարգելման հետևյալ միջոցառումների կազմակերպումը`

1) ահաբեկչական ոտնձգությունների առաջացմանը, զարգացմանը և իրականացմանը նպաստող գործոնների բացահայտում,

2) տեղեկատվության վերլուծության ընդհանրացման և համակարգման միջոցով ահաբեկչության պատճառների և դրանց չեզոքացման ուղիների որոշակիացում,

3) բնակչության լայն խավերի շրջանում տեղեկատվության տարածում և կրթադաստիարակչական աշխատանքների կազմակերպում,

4) ահաբեկչական գործունեության սուբյեկտների կողմից իրականացվող քարոզչական ուղիների բացահայտում և չեզոքացում,

5) ահաբեկչական կառույցների մեկուսացում բնակչությունից և զրկում սոցիալական աջակցությունից,

6) հատուկ միջոցառումների ձեռնարկում զենքի, ռազմամթերքի, քիմիական, թունավոր, ռադիոակտիվ նյութերի, ատոմային էներգետիկայի և արդյունաբերության այլ օբյեկտների պաշտպանության ուժեղացման ուղղությամբ,

7) իրավական դաշտի կատարելագործման միջոցով ահաբեկչության և ծայրահեղականության նյութական աջակցության չեզոքացում և կասեցում:

44. Հակաահաբեկչական քաղաքականությունը պետական իշխանության մարմինների (հասարակության քաղաքական համակարգի այլ տարրերի հետ համատեղ) կողմից քաղաքական և հասարակության կայունության ապահովման, ահաբեկչության պատճառների վերացման և ահաբեկչական սպառնալիքների նվազման ուղղությամբ իրականացվող միջոցառումների ծրագրային գործողությունների համալիր է:

45. Հակաահաբեկչական քաղաքականության նպատակներն են.

1) պետության միասնականության, ամբողջականության և ինքնիշխանության ապահովումը,

2) գործող քաղաքական կարգի և պետական սահմանների պահպանությունը,

3) պետության քաղաքական ղեկավարության անվտանգության ապահովումը,

4) բնակչության կենսական շահերի պաշտպանությունը, ինչն անվերապահորեն պետք է զուգակցվի պետության կողմից տարվող արդյունավետ սոցիալական քաղաքականության հետ:

46. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության հիմնական դրույթներն են`

1) ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների և ազատությունների երաշխիքների ապահովումը,

2) ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում քաղաքացիների, հասարակության և պետության շահերի հավասարակշռության սկզբունքի պահպանումը, դրանց առաջնայնության օրենսդրական ամրապնդումը, հասարակության կենսագործունեության տարբեր բնագավառներում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների գործունեության նկատմամբ հասարակական հսկողության տարբեր ձևերի կիրառումը,

3) ահաբեկչության սպառնալիքների նախազգուշացմանը, բացահայտմանը, կանխմանը և չեզոքացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացումը,

4) Հայաստանի Հանրապետության տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հայրենական արտադրության զարգացումն ու մրցունակության ապահովումը, Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ենթակառուցվածքների արդիականացումը և պետական տեղեկատվական միջոցների արդյունավետության բարձրացումը, գիտատեխնիկական առաջընթացի ապահովման պետական աջակցությունը:

 

ԳԼՈՒԽ 5
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

47. Ահաբեկչության դեմ պայքարի արդյունավետ կազմակերպման պայման է հանդիսանում ահաբեկչության դեմ պայքարի սուբյեկտների ուժերի և միջոցների ժամանակին նախապատրաստումը, ահաբեկչական գործողության կանխարգելումը:

48. Ահաբեկչության դեմ պայքարն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական մարմինները` «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

49. Հայաստանի Հանրապետության Նախագահն իր սահմանադրական լիազորությունների սահմաններում համակարգում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ապահովման մարմինների արդյունավետ գործունեությանը:

50. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իր իրավասությունների սահմաններում Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում ապահովում է գործադիր իշխանության մարմինների գործունեությունը, նախատեսում տվյալ բնագավառում պետական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ միջոցների հատկացումը:

51. Ազգային անվտանգության խորհուրդն իրականացնում է Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության սպառնալիքների վերհանման և գնահատման գործունեությունը և Հայաստանի Հանրապետության Նախագահին է ներկայացնում առաջարկություններ նման սպառնալիքների կանխման վերաբերյալ, մշակում է առաջարկներ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի համակարգի բարելավման ուղղությամբ:

52. Գործադիր իշխանության մարմիններն իրականացնում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերի պահանջների կատարումը, համագործակցում են Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում գործող սուբյեկտների հետ, կառավարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ապահովման համակարգի կատարելագործմանը վերաբերող առաջարկություններ:

53. Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության և Ազգային անվտանգության խորհրդի կողմից ստեղծվող միջգերատեսչական հանձնաժողովներն իրենց լիազորությունների սահմաններում նպաստում են Հայաստանի Հանրապետությունում հակաահաբեկչության ապահովման խնդիրների լուծմանը:

54. Տեղական ինքնակառավարման մարմինները տվյալ բնագավառում իրենց լիազորություններն իրականացնում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

55. Հայաստանի Հանրապետությունում հակաահաբեկչության ապահովման համակարգի կազմի մեջ կարող են մտնել նաև տվյալ բնագավառում տեղային խնդիրների լուծմանն ուղղված ենթահամակարգեր:

 

ԳԼՈՒԽ 6
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 

56. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի ապահովման համար պետք է իրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ, որոնք ներառում են վարչաիրավական միջոցառումներ, սպառնալիքների ի հայտ բերման, կանխման ու խափանման ուղղությամբ անհրաժեշտ ուժերի և միջոցների ստեղծում, ինչպես նաև ներքին և արտաքին քաղաքական կյանքի արդի հրամայականներին համապատասխան համակարգերի մշակում: Ըստ այդմ` անհրաժեշտ է.

1) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ազգային շահերի պաշտպանության համար միասնական պետական քաղաքականության մշակում ու իրականացում,

2) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարում ներգրավված մարմինների գործառույթների մշակում, հստակեցում, համագործակցության մեխանիզմների ապահովում և կատարելագործում,

3) Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական ապահովում`

ա) ստեղծել տվյալների շտեմարան ահաբեկչության հետ առնչություն ունեցող անձանց, կազմակերպությունների, նրանց կողմից օգտագործվող միջոցների, ահաբեկչությանն օժանդակող կազմակերպությունների, իրավիճակի դինամիկայի և զարգացման միտումների վերաբերյալ.

բ) ստեղծել գործընկեր ծառայությունների և պետությունների հետ ահաբեկչության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման մեխանիզմներ,

4) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի գործում պետական իշխանության, հասարակական և կրոնական կազմակերպությունների, զանգվածային լրատվական միջոցների և քաղաքացիների նպատակային համագործակցության կազմակերպում և գործունեության վերահսկում,

5) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի կադրերի պատրաստում, որակավորման բարձրացում,

6) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի միջազգային փորձի մշտական ուսումնասիրություն և համագործակցության զարգացում,

7) Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության, մասնավորապես` կիբեռահաբեկչության դեմ պայքարի ոլորտում անհրաժեշտ հայեցակարգերի և դրանցից բխող օրենսդրական փաթեթի մշակում,

8) Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական կառույցների կատարելագործում, տեղեկատվական նոր տեխնոլոգիաների զարգացում և դրանց լայն տարածում,

9) Հայաստանի Հանրապետությունում տեղական հեռահաղորդակցության և տեղեկատվական միջոցների զարգացում և ներքին շուկայում արտասահմանյան արտադրանքի նկատմամբ դրանց առաջնայնության հաստատում,

10) օտարերկրյա քայքայիչ տեղեկատվական հոսքերից Հայաստանի Հանրապետության տեղեկատվական ներքին միջոցների անվտանգության ապահովում,

11) Հայաստանի Հանրապետության պատմական և մշակութային արժեքների, այդ թվում` գրադարանների, թանգարանների, արխիվների, պատմական օբյեկտների տեղեկատվական պաշարների պահպանություն և պաշտպանություն,

12) Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությանն ուղղված տեղեկատվական օժանդակության ապահովման հիմնական միջոցառումների մշակում, արտերկրում հայկական ներկայացուցչությունների ու կազմակերպությունների համար ապատեղեկատվության տարածումը կանխարգելելու նպատակով անհրաժեշտ պայմանների ստեղծում,

13) կիբեռահաբեկչության դեմ պայքարի ազգային համակարգի կառավարման մեխանիզմների կատարելագործում, ինչը թույլ կտա ապահովել հետևյալ միջոցառումների իրականացումը`

ա) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության հնարավոր թիրախների ի հայտ բերում և դասակարգում` ըստ կարևորության և վտանգավորության աստիճանների, նախօրոք մշակված չափանիշների համաձայն.

բ) դրանց պաշտպանվածության աստիճանի բարձրացման ուղղությամբ առաջնահերթ միջոցառումների ծրագրի մշակում և իրականացում.

գ) Հայաստանի Հանրապետության տարբեր ոլորտներում կիբեռահաբեկչության դեմ պայքարի իրավիճակային պլանների մշակում.

դ) կիբեռահաբեկչության սպառնալիքների ի հայտ բերման ուղղությամբ մոնիթորինգային մեխանիզմների մշակում և կիրառում.

ե) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի բնագավառում բոլոր սուբյեկտների, ներառյալ` տեղեկատվական և հեռահաղորդակցային համակարգերի օգտագործողների կարգավիճակի որոշում, օրենսդրության պահպանման գործում նրանց պատասխանատվության սահմանում.

զ) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության դեմ պայքարի միջոցների մշակման, ստեղծման, զարգացման, օգտագործման, արտահանման և ներմուծման նկատմամբ հսկողության սահմանում` համապատասխանության հավաստման և արտոնագրման միջոցով.

է) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության սպառնալիքների համալիր հակազդեցության համակարգի զարգացում ու կատարելագործում, համակարգչային հանցագործությունների կանխման ձևերի մշակում.

ը) Հայաստանի Հանրապետությունում կիբեռահաբեկչության կոնկրետ սպառնալիքների և օբյեկտների ուղղությամբ կանխարգելիչ ազգային միջոցառումների ծրագրերի մշակում ու դրանց իրականացման ապահովում:

57. Ահաբեկչական, այդ թվում նաև կիբեռահաբեկչական դրսևորումների կանխման, հետևանքների նվազեցման և (կամ) վերացման միջոցառումները ծրագրավորվում են` նախապես հաշվի առնելով հնարավոր ահաբեկչական, ինչպես նաև կիբեռահաբեկչական գործողությունների հետևանքների կանխատեսումները: Այդ միջոցառումները պետք է ապահովեն.

1) մարդկային զոհերի բացառումը (նվազեցումը)` ելնելով նյութական և ֆինանսական միջոցների նկատմամբ մարդու կյանքի և առողջության գերակայությունից,

2) ահաբեկչական գործողության իրականացման դեպքում վթարափրկարարական աշխատանքների ժամանակին իրականացումը, ահաբեկչական գործողության կանխարգելմանը մասնակից, ինչպես նաև ահաբեկչական գործողություններից տուժած անձանց բժշկական և այլ օգնության ցուցաբերումը, նրանց հետագա սոցիալական և հոգեբանական վերականգնումը,

3) հասարակության և առանձին սոցիալական խմբերի վրա ահաբեկչական գործողության հետևանքների և դրա անբարենպաստ բարոյահոգեբանական ազդեցության նվազեցումը,

4) ահաբեկչական գործողության հետևանքով վնասված կամ փլուզված օբյեկտների վերականգնումը,

5) օրենսդրությանը համապատասխան` ահաբեկչական գործողության արդյունքում տուժած ֆիզիկական և իրավաբանական անձանց վնասի փոխհատուցման մեխանիզմների մշակումը:

58. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի պետական քաղաքականության իրականացման առաջնահերթ միջոցառումներն են`

1) ահաբեկչության դեմ պայքարի իրավիճակի վրա ազդող քաղաքական, սոցիալ-տնտեսական, ներքին և համաշխարհային զարգացումների վերահսկողությունը,

2) համապետական միջոցառումների իրականացման մշակումը և վերահսկողությունը, ահաբեկչական դրսևորումների կանխարգելումը, այդ թվում` ահաբեկչական նկրտումների կողմից խոցելի օբյեկտների (ջրամբարներ, քաղաքացիական ավիացիա, երկաթուղային տրանսպորտ, Երևանի մետրոպոլիտեն, Մեծամորի ատոմակայան և այլն) պաշտպանվածության ապահովումը,

3) ահաբեկչության հնարավոր ֆինանսավորման կանխարգելման նպատակով դրամական և այլ գույքային փոխանցումների վերահսկողության հաստատումը,

4) հակաահաբեկչական գործունեության բնագավառում գիտական հետազոտությունների առաջնային ուղղությունների որոշակիացումը և գիտափորձնական մշակումների նախագծումը, ինչպես նաև նոր տեխնոլոգիաների, մեթոդների ու միջոցների մշակումը և ներդրումը,

5) հանրության կրթման, զբաղվածության և հանրային միջոցառումների միջոցով հանդուրժողականության, սոցիալական համախմբվածության, քաղաքացիական դաստիարակության և հոգևոր արժեքների քարոզումը, ոլորտում ընդգրկված պատասխանատուների օժանդակումը, ծայրահեղականության պատճառները հասկանալու ունակությունների կատարելագործումը,

6) կրոնական և մշակութային բազմազանության վերաբերյալ հասարակության շրջանում տեղեկատվության տարածումը, միջկրոնական երկխոսության խթանումը և տեղեկացվածության ընդլայնումը, տարբեր մշակույթների, կրոնական և էթնիկ խմբերի վերաբերյալ հասարակական կարծիքի և վերաբերմունքի ձևավորման գործում կարևորելով ԶԼՄ-ների դերը` ապահովել նրանց ներկայացուցիչների վերապատրաստման կազմակերպումը:

59. Ահաբեկչական, այդ թվում նաև կիբեռահաբեկչական գործողության հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների բարեհաջող իրականացման պայմաններն են`

1) արտակարգ իրավիճակների առանձնահատկության հաշվառումը,

2) ահաբեկչական հնարավոր ազդեցության օբյեկտների և ահաբեկչական գործունեության միջոցների գնահատումը,

3) ահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգի ուժերի և միջոցների գործունեության տիպային պլանների մշակումը և դրանց խաղարկումը վարժանքների ժամանակ:

 

ԳԼՈՒԽ 7
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԴՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑԵՐԸ

 

60. Կադրային քաղաքականությունը հանդիսանում է ահաբեկչության դեմ պայքարի համապետական համակարգի արդյունավետ գործունեության հիմնական ուղղություններից մեկը: Ահաբեկչության դեմ պայքարի պետական համակարգի գործունեության արդյունավետությունը պայմանավորված է անհրաժեշտ մասնագիտական ունակություններով օժտված բարձրորակ մասնագետների համալրմամբ: Ահաբեկչության դեմ պայքարի գործում կարևորվում է կադրերի նպատակային պատրաստման քաղաքականությունը պետական տեղեկատվական միջոցների պաշտպանության և էլեկտրոնային անվտանգության բնագավառում: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում որակյալ մասնագետների պատրաստման խնդիրն արդիական է նաև այն պատճառով, որ ներկայումս բավականին ազատ շրջանառվում են տպագիր հրատարակումներ, որոնցում ներկայացվում են համակարգչային հանցագործությունների իրականացման հստակ մեխանիզմներ: Վերջիններս բավականին լայն տարածում են գտնում երիտասարդության շրջանում: Ստացված գիտելիքների շնորհիվ յուրաքանչյուր անհատ կարող է համակարգչային համակարգերի անվտանգության համար սպառնալիք դառնալ (ինտերնետում ներկայացված են համակարգչային ոչնչացում սովորեցնող ավելի քան 30 հազար կայքեր): Համակարգչային հանցագործները հետևողականորեն աշխատում են իրենց մասնագիտական որակավորման բարձրացման ուղղությամբ, աճող սերնդին ներգրավում են իրենց միջավայր և ուսուցանում, ընդ որում` օրինական դիրքերից: Արդյունքում ժամանակակից կրթության հրատապ խնդիրներից է դառնում նորագույն ուսումնադաստիարակչական այնպիսի մեթոդների մշակումը, որոնք տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ներգրավված յուրաքանչյուր մասնակցի մոտ կձևավորեն բարձր բարոյական հատկանիշներ: Որակյալ մասնագետների պատրաստման համար անհրաժեշտ է նաև իրավապահ մարմինների ուսումնական կենտրոնների համապատասխան դասընթացներում ընդգրկել համակարգչային հանցագործությունների վերաբերյալ հարցեր և տեղեկատվական անվտանգության մասնագետների պատրաստման կրթական ծրագրերում և ուսումնամեթոդական փաստաթղթերում ներառել համակարգչային հանցագործությունների կանխարգելման վերաբերյալ բաժիններ:

61. Ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության դեմ պայքարի կադրային ապահովումն իրականացվում է հետևյալ հիմնական ուղղություններով`

1) ահաբեկչության դեմ պայքարին մասնակից անձնակազմի պատրաստում և վերապատրաստում,

2) ահաբեկչության դեմ պայքարի գործում լիազոր պետական մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների հակաահաբեկչական նախապատրաստում,

3) ահաբեկչության դեմ պայքարի նեղ մասնագիտական ոլորտների (ահաբեկչական գաղափարախոսություն, կիբեռահաբեկչություն, միջուկային, քիմիական, կենսաբանական և ահաբեկչական այլ դրսևորումներ) կադրերի պատրաստում,

4) ահաբեկչության դեմ պայքարի սուբյեկտների ներկայացուցիչներից հատուկ գիտելիքներով և ունակություններով օժտված փորձագիտական և խորհրդատվական խմբերի ստեղծում,

5) գիտամեթոդական ձեռնարկներ կազմելու գործընթացի կազմակերպում և իրականացում,

6) ուսումնագիտական ձեռնարկների փոխանակման կազմակերպում և իրականացում,

7) համապատասխան պայմանների ստեղծում միջազգային փորձի ուսումնասիրության, յուրացման և փոխանակման համար,

8) համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման կազմակերպում և իրականացում:

62. Ահաբեկչության դեմ պայքարի կադրերի պատրաստումը և վերապատրաստումն իրականացվում են միջգերատեսչական և գերատեսչական ուսումնական կենտրոններում և հաստատություններում:

63. Ահաբեկչության դեմ պայքարի կադրերի պատրաստումը միջազգային համագործակցության շրջանակներում թույլատրվում է նաև արտասահմանում:

 

ԳԼՈՒԽ 8
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ

 

64. Ահաբեկչության կանխարգելումը չափազանց բարդ խնդիր է, քանի որ հետևանք է քաղաքական, սոցիալական, հոգեբանական, տնտեսական, պատմական և այլ պատճառների: Համաձայն ՄԱԿ-ի հանձնարարականների` ահաբեկչության և ծայրահեղականության տարածման կանխման առավել արդյունավետ միջոց է համարվում կանխարգելիչ միջոցառումների համակարգային իրականացումը` պետական մարմինների, հասարակական գործիչների, ԶԼՄ-ների ներկայացուցիչների և կրոնական հեղինակությունների մասնակցությամբ:

65. Ահաբեկչության կանխարգելումը (նախականխումը) պետք է իրականացվի միաժամանակ մի քանի ուղղություններով.

1) ահաբեկչության գաղափարախոսության հակազդեցության համակարգի ստեղծում,

2) ահաբեկչական ոտնձգությունների հնարավոր թիրախ հանդիսացող օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ապահովմանն ուղղված իրավական, կազմակերպական, օպերատիվ, վարչական, ռեժիմային, ռազմական և տեխնիկական բնույթի միջոցառումների իրականացում,

3) վարչաիրավական ռեժիմների պահպանման նկատմամբ հսկողության ուժեղացում,

4) ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրության վերլուծում, օրենսդրական դաշտի զարգացում և կատարելագործում, ինչպես նաև միջազգային հակաահաբեկչական օրենսդրության ներդրում Հայաստանի Հանրապետության ազգային հակաահաբեկչական օրենսդրական դաշտում:

66. Ահաբեկչության կանխարգելման (նախականխման) համար կիրառվում են ահաբեկչական գործողությունների սպառնալիքի մակարդակի իջեցմանն ու քաղաքական, տնտեսական, սոցիալական հակասությունների կարգավորմանն ուղղված միջոցներ: Ընդ որում, կիրառվում են նաև նախականխման ընդհանուր և կոնկրետ ձևեր, որոնց ընթացքում հաշվի են առնվում նախականխման ազդեցությանը ենթարկվող օբյեկտի կրոնադավանաբանական, անհատական-հոգեբանական և այլ առանձնահատկությունները:

67. Ահաբեկչության, այդ թվում նաև կիբեռահաբեկչության կանխարգելման (նախականխման) հիմնական միջոցների շարքին են դասվում.

1) քաղաքական միջոցները` հասարակական-քաղաքական իրավիճակի կարգավորում, սոցիալական հակամարտությունների լուծում, սոցիալ-տնտեսական լարվածության մակարդակի իջեցում, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային համագործակցության իրականացում,

2) սոցիալ-տնտեսական միջոցները` տնտեսության առողջացում և երկրի տարբեր տարածքների զարգացման մակարդակների հավասարեցում, հասարակության կրթական, սոցիալական և գույքային տարբերությունների նվազեցում, սոցիալական պաշտպանվածության ապահովում,

3) իրավական միջոցները` ահաբեկչական բնույթի հանցագործությունների, զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և նրանց պրեկուրսորների, ռադիոակտիվ նյութերի, վտանգավոր կենսաբանական նյութերի և քիմիական բաղադրիչների անօրինական շրջանառության կանխում, ահաբեկչության ֆինանսավորման համար նախատեսված պատժի անխուսափելիության սկզբունքի սահմանում և կիրառում, ինչպես նաև միգրացիոն գործընթացների և տեղեկատվական-հաղորդակցական համակարգերի օգտագործման կանոնակարգում,

4) տեղեկատվական միջոցները` ահաբեկչության էության և նրա հանրային վտանգավորության պարզաբանում, հասարակության կողմից բռնության գաղափարախոսության անընդունելիության ընկալման ձևավորում, ինչպես նաև քաղաքացիների ընդգրկումը ահաբեկչության դեմ պայքարում,

5) կրթամշակութային միջոցները` կրթական, մշակութային և սոցիալական արժեքների ձևավորում, հանդուրժողականության քարոզչություն, հասարակական երկխոսության համար պայմանների ստեղծում,

6) կազմակերպատեխնիկական միջոցները` ենթակառուցվածքների, կենսապահովման հույժ կարևոր օբյեկտների, մարդաշատ վայրերի պաշտպանության ապահովման նպատակային ծրագրերի և միջոցառումների մշակում և իրականացում, ահաբեկչական գործողության թիրախ հանդիսացող օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ապահովման պահանջների խախտման համար պատասխանատվության մեխանիզմի կատարելագործում և ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների տեխնիկական հագեցվածության բարելավում:

68. Դրա հետ մեկտեղ, մինչ կանխարգելումը պետք է ուշադրություն դարձնել հետևյալ գործոններին, որոնք որոշակի խոչընդոտներ են ստեղծում այդ միջոցառումների իրականացման համար: Դրանք են`

1) ահաբեկչական բնույթի հանցավորության դեմ պայքարը հիմնականում տարվում է արձագանքման ընթացքում` արդեն իրականացված հանցագործություններից հետո,

2) տեղական և միջազգային իրավապահ մարմինների կողմից համաձայնեցված կանխարգելման աշխատանքների բացակայությունը և դրա հետևանքով ահաբեկչական կազմակերպությունների դեմ պայքարի արդյունավետության նվազումը,

3) իրականացված հանցագործությունների և ահաբեկչական գործողությունների ու դրանց մասնակիցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվական շտեմարանի բացակայությունը,

4) տեղեկատվության հաշվառման և գրանցման աշխատանքներում առկա թերությունները, որոնց հետևանքով խաթարվում է վիճակագրական տեղեկագրության հավաստիությունը, չի ապահովվում քրեական գործերի գրանցման կարգը, ինչը պատճառ է դառնում քննչական և օպերատիվ միջոցառումների կրկնության, զրկում է օպերատիվ տեղեկատվության արագ փոխանակման հնարավորությունից, տեսադաշտից դուրս են մնում ահաբեկչական բնույթի հանցագործություն իրականացրած և նախկինում պատիժ կրած անձինք, որոնք հաճախ շարունակում են զբաղվել հակահասարակական գործունեությամբ, թաքցնում են զենք, ռազմամթերք և հետախուզման մեջ գտնվող անձանց,

5) հաճախ նկատվում է տեղեկատվության արտահոսք քրեական գործերով նախապատրաստվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների մասին, որի արդյունքում ահաբեկչական խմբավորումների անդամների գտնվելու հնարավոր վայրերում իրավապահ մարմինների կողմից իրականացվող բազմաթիվ զննումներ մնում են անարդյունք:

69. Ահաբեկչության կանխարգելման գործում տարբերակվում է հանցավորության կանխարգելման երկու տեսակ` ընդհանուր, որն իր մեջ ներառում է լայնածավալ, երկարաժամկետ բնույթի աշխատանքներ, և հատուկ` նպատակային, ուղղված կոնկրետ ոլորտներում (տնտեսական, քաղաքական, մշակութադաստիարակչական) հանցավորության դեմ պայքարին:

70. Հակաահաբեկչական պաշտպանվածության և ահաբեկչության հնարավոր հետևանքների նվազեցման տեսանկյունից առաջնահերթ ուշադրություն են պահանջում էներգետիկայի, ֆինանսների, տրանսպորտի, տուրիզմի ոլորտները, ինչպես նաև կիբեռտարածությունը:

 

ԳԼՈՒԽ 9
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՄԻԱՑՈՒՄԸ, ԵՐԿԿՈՂՄ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ

 

71. Դեռևս 1934 թվականից ահաբեկչության դեմ պայքարը գտնվում է միջազգային կազմակերպությունների ուշադրության կենտրոնում (Ազգերի լիգան տվյալ «երևույթը» հայտարարել է օրենքից դուրս և անցկացրել քննարկումներ ահաբեկչությունը քննադատող և կանխարգելող կոնվենցիայի նախագծի շուրջ: Կոնվենցիան ընդունվել է 1937 թ., բայց այդպես էլ ուժի մեջ չի մտել): 1963 թվականից ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված կառույցների կողմից մշակվել է շուրջ 16 միջազգային համաձայնագիր (13 հակաահաբեկչական կոնվենցիա և 3 արձանագրություն): 1994 թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Միջազգային ահաբեկչության չեզոքացման միջոցների մասին» հռչակագիրը: 2001 թ. սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ստեղծվել է Հակաահաբեկչական կոմիտե, որն իրականացնում է մասնակից պետությունների միջպետական համակարգումը և տեխնիկական օգնությունը` ահաբեկչության դեմ պայքարում առավել արդյունավետ համակարգերի ստեղծման ուղղությամբ: 2004 թ. դեկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին ուղղված զեկույցում Սպառնալիքների, մարտահրավերների և փոփոխությունների բարձր մակարդակի խումբն (High-level Panel on Threats, Challenges and Change) առաջարկել է առավել մեծ չափերի հասնող ահաբեկչական գործողությունների մեջ մեղադրվող անձանց դասել պատերազմի հանցագործների կամ մարդկության դեմ իրականացվող հանցագործությունների մեջ մեղադրվողների շարքին: Բոլոր պետություններին առաջարկվել է նաև վավերացնել ահաբեկչության դեմ պայքարի միջազգային կոնվենցիաները, ինչպես նաև մշակել ահաբեկչության դեմ պայքարի գլոբալ ռազմավարություն և տալ «ահաբեկչություն» երևույթի սահմանումը: 2006 թ. սեպտեմբերի 8-ին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն ընդունել է «Գլոբալ հակաահաբեկչական ռազմավարություն»` բանաձևի և նրան կից տրվող գործողությունների ծրագրի տեսքով: Ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրությունը գործում է ինչպես միջազգային, այնպես էլ ազգային մակարդակներով:

72. 2001 թ. սեպտեմբերի 11-ի ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական դրսևորումներից հետո ԵԽ կողմից ընդունվել է ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների ծրագիր, որի հիման վրա հետագայում մշակվել է ահաբեկչության դեմ պայքարի «Ճանապարհային քարտեզ»: Գործողությունների ծրագիրը նախատեսել է միջոցառումների իրականացում, մասնավորապես` ահաբեկչության քրեաիրավական դասակարգման ընդհանուր չափորոշիչների, կալանքի համաեվրոպական ձևի ընդունման, փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի, ինչպես նաև անվտանգության ապահովման ոլորտում պատասխանատու մարմինների միջև տեղեկատվության փոխանակման և համագործակցության ուղղությամբ: Ստեղծվել է եվրոպական միացյալ ոստիկանության` Եվրոպոլի, ահաբեկչության դեմ պայքարի հատուկ ստորաբաժանում, ինչպես նաև` միջսահմանային հանցագործությունների հետաքննման համար պատասխանատու Եվրոջաստ գործակալությունը: ԵԽ 2004 թ. «Ահաբեկչության դեմ պայքարի հռչակագրում» մատնանշվել են ահաբեկչության դեմ պայքարի գործողությունների հետևյալ 7 ռազմավարական կետերը.

1) ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում միջազգային համաձայնության խորացում և միջազգային ջանքերի ակտիվացում,

2) տնտեսական և ֆինանսական միջոցների նկատմամբ ահաբեկիչների և ահաբեկչական կազմակերպությունների հնարավորությունների չեզոքացում,

3) ԵՄ անդամ երկրների ներուժի համախմբում ահաբեկչության բացահայտման, հետաքննման, դատական հետապնդման, ինչպես նաև ահաբեկչական գործողությունների կանխման գործընթացում,

4) միջազգային փոխադրումների անվտանգության ապահովում և սահմանային կետերի վերահսկման արդյունավետության բարձրացում,

5) ԵՄ անդամ երկրների հնարավորությունների ընդլայնում ահաբեկչական գործողությունների հետևանքների վերացման ուղղությամբ,

6) ահաբեկչության աջակցմանը, տարածմանը և ահաբեկիչների շարքերի համալրմանը նպաստող գործոնների վերացում,

7) ԵՄ շրջանակներում նպատակային միջոցառումների կազմակերպում ահաբեկչական դրսևորումներ ունեցող երրորդ երկրներում հակաահաբեկչական հնարավորությունների կատարելագործման համար:

73. Ահաբեկչական գործողություններից սպասվող վտանգների միջազգային բնույթն ԱՊՀ մասնակից պետություններին պարտավորեցրել է համախմբել ջանքերը և ստեղծել միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համատեղ միջոցառումների համակարգ: 2000 թ. «ԱՊՀ մասնակից պետությունների միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի ծրագիրը» մշակվել է ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների կանխարգելման, բացահայտման, կանխման և հետաքննման հարցերով համագործակցության իրականացման նպատակով:

74. ԱՊՀ մասնակից պետություններում սկզբունքորեն կարևորվում են ուժերը, որոնցով պետք է իրականացվեն ռազմաքաղաքական գործողությունները: ՌԴ մի շարք մասնագետների կարծիքով այս հարցում պետք է առաջնայնությունը տրվի տեղական համակարգերին` բարեկամ պետությունների ազգային միջոցների հետ համագործակցության համատեքստում: Նրանց կարծիքով ԱՊՀ երկրներում պետք է ներդրվի ԱՄՆ-ում արդեն մշակված և փորձարկված «նախնական տեղակայման» ռազմավարությունը: Ըստ այդ ռազմավարության` յուրաքանչյուր ինքնիշխան պետություն վտանգներին դիմագրավում է սեփական սահմաններից որքան հնարավոր է հեռու:

75. Միջազգային հակաահաբեկչական քաղաքականության կարևորագույն տարրերից է քաղաքացիական գիտակցության ձևավորումը քաղաքական սուբյեկտների մոտ, որոնց դեմ կարող է ուղղվել ահաբեկիչների գործունեությունը: Այդ գիտակցության ձևավորումը պետք է իրականացվի մի քանի փուլերով.

1) հասարակությունը` առանձին պետության ներսում, և համաշխարհային հանրությունը իրազեկվում են ահաբեկչական գործունեությամբ զբաղվող պետությունների և կազմակերպությունների, ինչպես նաև դրանցից բխող վտանգների մասին,

2) ամբողջ աշխարհի բնակչությունը կամ դրա մեծամասնությունը միջազգային ահաբեկչությունն ընկալում է որպես հասարակական վտանգավոր երևույթ,

3) համաշխարհային հանրությունը հանգում է նրան, որ միջազգային ահաբեկչությունը լուրջ խնդիր է, և երկար ժամանակ է անհրաժեշտ դրա դեմ արդյունավետ պայքարելու համար,

4) աշխարհի բնակչության մեծ մասը գիտակցում է պետության, միջազգային կազմակերպությունների, ամբողջ համաշխարհային հանրության ակտիվացման և ուժերի լարման անհրաժեշտությունը` ահաբեկչությանը և դրա գաղափարախոսությանը հակազդելու, ինչպես նաև ահաբեկչություն ծնող պատճառները չեզոքացնելու համար,

5) հասարակությունը հանգում է միջազգային հակաահաբեկչական քաղաքականություն մշակելու անհրաժեշտությանը:

76. Միջազգային հանրությունը մեծ ուշադրություն է դարձնում ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրական ապահովմանը: Այս հարցում նկատվում են որոշակի դժվարություններ, որոնք պայմանավորված են ազգային օրենսդրությունների յուրահատկություններով, ինչն իր հերթին առաջացնում է ազգային ու միջազգային նորմերի միասնականացման անհրաժեշտություն:

77. Ահաբեկչության դեմ պայքարն արդյունավետ է այն ժամանակ, երբ իրականացվում է համաշխարհային հանրության բոլոր մասնակիցների համատեղ ջանքերով: Ժամանակակից միջազգային իրավունքում գործում են մի շարք համապարփակ և տարածաշրջանային բնույթի միջազգային կոնվենցիաներ, որոնց թվին են պատկանում`

1) «Քաղաքացիական ավիացիայի անվտանգության դեմ ուղղված ապօրինի գործողությունների դեմ պայքարի մասին» կոնվենցիան (1971 թ.),

2) «Միջազգային պաշտպանությունից օգտվող անձանց, այդ թվում` դիվանագիտական ներկայացուցիչների դեմ կատարվող հանցագործությունները կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիան (1973 թ.),

3) «Ահաբեկչության արգելման մասին» եվրոպական կոնվենցիան (1977 թ.),

4) ՄԱԿ-ի «Պատանդներ վերցնելու դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան (1979 թ.),

5) «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության մասին» կոնվենցիան (1980 թ.),

6) ՄԱԿ-ի «Ահաբեկչական ռմբահարումների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան (1997 թ.),

7) ՄԱԿ-ի «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիան (1999 թ.),

8) Եվրոպայի խորհրդի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիան (2001 թ.):

78. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը վավերացրել է Եվրոպայի խորհրդի «Կիբեռհանցագործությունների մասին» կոնվենցիայի` «Համակարգչային համակարգերի միջոցով կատարվող ռասիստական և քսենոֆոբիական բնույթի արարքների քրեականացման մասին» լրացուցիչ արձանագրությունը, «Համակարգչային տեղեկատվության ոլորտում հանցագործությունների դեմ պայքարում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը, որոշակի աշխատանք է տարվում տեղեկատվական ոլորտում հասարակական հարաբերությունները կարգավորող իրավական հիմքերի մշակման, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայի կատարելագործման ուղղությամբ: Այդուհանդերձ, անհրաժեշտություն է առաջանում ուսումնասիրել ահաբեկչության դեմ պայքարի ուղղությամբ համաշխարհային զարգացումները և դրանց հետ կապված միջազգային պայմանագրերը, քննարկել դրանց միանալու հարցը` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության շահերը:

79. Հայաստանի Հանրապետության հիմնական ջանքերը միջազգային հակաահաբեկչական համագործակցության շրջանակներում նպատակաուղղված են`

1) ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում պետությունների համագործակցության կանոնակարգմանը վերաբերող միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ներդրմանը և ներդաշնակեցմանը, միջազգային կոնվենցիաներին մասնակցությանը,

2) բազմակողմանի (Անկախ պետությունների համագործակցության, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) և այլ միջազգային կազմակերպությունների ձևաչափով) և երկկողմ փոխգործակցության մեխանիզմների ստեղծմանը,

3) միջազգային ահաբեկչական կազմակերպությունների ֆինանսավորման աղբյուրների չեզոքացմանն ուղղված գործնական միջոցառումներին մասնակցությանը, զենքի, ռազմամթերքի և պայթուցիկ նյութերի ապօրինի շրջանառության կանխմանը, պետական սահմաններով ահաբեկչական գործունեության սուբյեկտների շարժի խափանմանը, ահաբեկչության քարոզչության և գաղափարախոսության տարածման հակազդմանը:

80. Ահաբեկչության դեմ պայքարի բնագավառում Հայաստանի Հանրապետությունը միջազգային պայմանագրերի հիման վրա համագործակցում է օտարերկրյա պետությունների, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքար իրականացնող միջազգային կազմակերպությունների հետ: Միջազգային համագործակցության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն արդեն իսկ մասնակցում է մի շարք գործընթացների Եվրախորհրդի, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), ԱՊՀ և ՀԱՊԿ շրջանակներում: 2000 թ. ստեղծված ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը հանդիսանում է ԱՊՀ տարածքում ահաբեկչության և ծայրահեղականության այլ դրսևորումների դեմ պայքարի գործում համակարգող մարմին: Հիմնվելով ահաբեկչության զարգացման միտումների վերլուծության վրա` կենտրոնում որոշվել է նշագծել ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի տեղեկատվական-վերլուծական գործառույթների առաջնային ուղղությունները, որոնց թվին է պատկանում տրանսպորտային հաղորդակցության հակաահաբեկչական ապահովումը, ինչպես նաև ռադիացիոն անվտանգության հետ կապված խնդիրները: Որոշվել է հատուկ ուշադրություն դարձնել ծովային, երկաթուղային և ցամաքային տրանսպորտին, ինչպես նաև նավթագազային խողովակաշարերի անվտանգությանը: 2006 թ. ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի կողմից ընդունվել և մասնակից պետությունների խորհրդարաններին են հանձնվել «Ահաբեկչության դեմ պայքարի մասին», «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» տիպային օրենքները, որոնք նախատեսված են կիրառել ազգային օրենսդրություններում փոփոխություններ կատարելու համար:

81. ԱՊՀ շրջանակներում դեռևս 1993 թ. սեպտեմբերի 24-ից գործում է ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում Կազմակերպված հանցավորության և հանցավորության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարի համակարգման բյուրոն: Վերջինս անընդմեջ գործող մարմին է, որի նպատակն է ապահովել ԱՊՀ մասնակից պետությունների ներքին գործերի և պետական մարմինների արդյունավետ համագործակցությունը կազմակերպված հանցավորության, ահաբեկչության, թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառության և հանցավորության այլ վտանգավոր տեսակների դեմ պայքարում:

82. Հայաստանի Հանրապետությունը, հանդիսանալով հակաահաբեկչական կոալիցիայի անդամ և ահաբեկչության դեմ պայքարի հիմնական միջազգային պայմանագրերի մասնակից, պարտավորվել է պայքարել ահաբեկչության և դրա բոլոր դրսևորումների դեմ: Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է համագործակցություն ԱՊՀ մասնակից պետությունների, Սևծովյան տնտեսական համագործակցության, ՀԱՊԿ և Հայաստան-Հյուսիս-ատլանտյան պայմանագրի կազմակերպության (ՆԱՏՕ) Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակներում:

83. Հայաստանի Հանրապետությունը կարևորում է անվտանգության նպատակով անհրաժեշտ համագործակցությունը միջազգային այնպիսի կառույցների հետ, ինչպիսիք են ՀԱՊԿ-ն և ՆԱՏՕ-ն: Հայաստանի Հանրապետությունը միացել է ՆԱՏՕ-ի շրջանակներում գործող «Ահաբեկչության դեմ պայքարի համագործակցության գործողությունների ծրագրին»: Պարբերաբար ընդլայնվում է մասնակցությունը ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին: Հայաստանի Հանրապետությունը հետևողականորեն շարունակելու է փոխգործակցությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցների և գործընկեր պետությունների հետ: Ահաբեկչության դեմ պայքարը ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների գործունեության գերակա ուղղություններից է: Համագործակցության գործնական խնդիրները մշակվում են ԱՊՀ տարածքում պարբերաբար անցկացվող հակաահաբեկչական զորավարժությունների ընթացքում: Զորավարժությունները համակարգվում են ԱՊՀ Հակաահաբեկչական կենտրոնի կողմից: 2006 թ. Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է «Ատոմ-Անտիտեռոր» վարժանքը, որն ուղղված էր գործընկեր-ծառայությունների միջև համագործակցության մշակմանը:

84. ԵԱՀԿ շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը մասնակցում է կիբեռահաբեկչության, այդ թվում` ինտերնետային ցանցի միջոցով ազգային, կրոնական և ռասայական ատելության դեմ պայքարի, ոլորտին վերաբերող հիմնախնդիրների ի հայտ բերման ուղղությամբ կազմակերպվող քննարկումներին: Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում ստեղծվել է կիբեռհանցավորությունների դեմ պայքարի ազգային կենտրոն, որը հանդիսանում է նույն ոլորտում ԵԽ շրջանակների ազգային կոնտակտային մարմին: Վավերացվել է ԱՊՀ մասնակից պետությունների Համակարգչային տեղեկատվության բնագավառում հանցագործությունների դեմ պայքարի համաձայնագիրը, աշխատանքներ են տարվում ՀԱՊԿ տեղեկատվական անվտանգության համակարգի կազմավորման ուղղությամբ:

85. Կիբեռահաբեկչության դեմ պայքարում և տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության հիմնական ուղղություններն են`

1) միջազգային տեղեկատվական փոխանակման համակարգերում, հեռահաղորդակցային ցանցերում և կապի ուղիներում կիբեռահաբեկչության, միջազգային ահաբեկչության, անդրսահմանային կազմակերպված հանցավորության, զենքի անօրինական վաճառքի, թմրանյութերի տարածման, ինչպես նաև մարդկանց առևտրի դեմ պայքար տանող միջազգային իրավապահ կազմակերպությունների պաշտոնական տեղեկատվության չարտոնված հասանելիության կանխարգելումը,

2) կիբեռահաբեկչության դեմ պայքարում և տեղեկատվական անվտանգության բնագավառում Հայաստանի Հանրապետության և միջազգային կազմակերպությունների սերտ համագործակցության ապահովումը,

3) «տեղեկատվական զենքի»` ներազդվող օբյեկտի տեղեկատվական պաշարների հսկման և նրա տեղեկատվական համակարգերի աշխատանքներին միջամտելու համար նախատեսված ծրագրային և տեխնիկական միջոցների համալիրի մշակման, տարածման և օգտագործման արգելումը,

4) միջազգային տեղեկատվական փոխանակման, այդ թվում` տեղական հեռահաղորդակցային և կապի ուղիներով տեղեկատվության փոխանցման անվտանգության ապահովումը,

5) համակարգչային հանցագործությունների կանխարգելման, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման ուղղությամբ այլ երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության համակարգումը,

6) տեղեկատվական անվտանգության բնագավառում գործունեություն իրականացնող միջազգային կազմակերպություններում, այդ թվում` տեղեկատվական և տեղեկատվության պաշտպանության միջոցների չափորոշիչների համապատասխանեցման և համապատասխանության հավաստման ոլորտում Հայաստանի Հանրապետության ակտիվ մասնակցության ապահովումը:

86. Հայաստանի Հանրապետությունը, իր կողմից կնքված միջազգային պայմանագրերի դրույթներին համապատասխան, պետք է համագործակցի պայմանագրերին մասնակից պետությունների հետ` կիրառելով քրեական գործերով միջազգային համագործակցության համապատասխան միջոցները, միասնականացման կամ փոխադարձաբար պարտավորեցնող օրենսդրության հիման վրա կնքված համաձայնագրերը և օրենքները:

 

ԳԼՈՒԽ 10
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՈՒՄԸ

 

87. Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում օրենսդրական դաշտի կատարելագործումը պետք է կրի անընդմեջ բնույթ, ներառի միջազգային փորձն ու օրենսդրությունը:

88. Ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրական դաշտի կատարելագործումը նախատեսում է վերանայել Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրությունը` նպատակ ունենալով այն համապատասխանեցնել միջազգային նորմերին, ապահովել անհրաժեշտ լրացումներ իրավական ակտերում` ոլորտին առնչություն ունեցող մասերում: Անհրաժեշտություն է առաջանում քննարկել «Օտարերկրացիների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վերանայման հարցը` նպատակ ունենալով խստացնել օտարերկրացիների` Հայաստանի Հանրապետությունում բնակվելու ռեժիմը, պարզեցնել Հայաստանի Հանրապետությունից նրանց վտարելու գործընթացը, եթե վերջիններիս գտնվելը Հայաստանի Հանրապետությունում հակասում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգության շահերին: Առաջին հերթին պետք է մշակել իրավական և կազմակերպական երաշխիքներ և հստակ մեխանիզմներ ահաբեկչության դեմ պայքարում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ: Համապատասխան իրավական ակտերով խստացնել կենսապահովման, ռազմավարական և առավել վտանգավորության օբյեկտների ղեկավար և սեփականատեր հանդիսացող անձանց պատասխանատվությունը և ընդարձակել նրանց պարտականությունները` այդ օբյեկտների հակաահաբեկչական պաշտպանվածության ամրապնդման բնագավառում:

89. Հայաստանի Հանրապետության օրենսդրությունում կիբեռահաբեկչության սահմանումը բացակայում է: Բազմաթիվ պետություններում որպես կիբեռհանցավորության դեմ պայքարի հիմնարար փաստաթուղթ և ուղենիշ է հանդիսանում 2001 թ. ստորագրված «Կիբեռհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիան, որում սահմանվել են հստակ գործողություններ ու ընթացակարգեր ազգային և միջպետական մակարդակներում կիբեռհանցավորության դեմ պայքարի կազմակերպման ուղղությամբ:

90. Կիբեռահաբեկչության դեմ պայքարի բնագավառում օրենսդրական դաշտի կատարելագործումը նախատեսում է վերանայել Հայաստանի Հանրապետության ներկայիս օրենսդրությունը` այն միջազգային իրավունքի պահանջներին համապատասխանեցնելու, ինչպես նաև ոլորտին առնչվող իրավական ակտերում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակով: Ձևավորվում է տեղեկատվական անվտանգության իրավական դաշտը: Ընդունվել են այդ բնագավառին առնչվող «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին», «Տեղեկատվության ազատության մասին», «Արխիվային գործի մասին», «Անհատական տվյալների մասին», «Էլեկտրոնային փաստաթղթի և էլեկտրոնային թվային ստորագրության մասին», «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:

91. Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի իրավական մեխանիզմների բարելավումը և կատարելագործումը նախատեսում են տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված իրավախախտումների կոնկրետ սահմանումներ և ձևակերպումներ, ինչը հնարավորություն կտա սահմանազատել կիբեռահաբեկչություն հասկացությունը հարակից հասկացություններից:

92. Հաշվի առնելով վերը նշվածը` անհրաժեշտություն է առաջանում.

1) նախատեսել և իրականացնել աշխատանքներ Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտը «Կիբեռհանցագործությունների մասին» Եվրախորհրդի կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես` «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում կատարել լրացումներ` կիբեռահաբեկչության մասով,

2) նախատեսել և իրականացնել կիբեռահաբեկչության դեմ պայքարի իրավական հիմքերի, ինչպես նաև միջազգային չափանիշների հիման վրա տեղեկատվության պաշտպանության կազմակերպման և տեխնիկական կանոնների ձևավորման և դրանց իրականացման ու վերահսկման ձևերի մշակումը,

3) կատարելագործել օրենսդրությունը` ստեղծելով իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի համար անհրաժեշտ պայմաններ,

4) օրենսդրորեն կանոնակարգել ինտերնետային կայքերում տեղադրված զանգվածային տեղեկատվության տարածումը, ապահովել սահմանադրական արգելքը սոցիալական, ռասայական, ազգային կամ կրոնական թշնամանք հարուցող տեղեկությունների նկատմամբ,

5) օրենսդրորեն ամրացնել պետական մարմիններում օգտագործվող տեղեկատվական ենթակառուցվածքների տեխնիկական և ծրագրային միջոցների առջև դրվող անհրաժեշտ պահանջների մշակումն ու ընդունումը, ինչպես նաև այդ մարմինների պատասխանատվությունը սեփական կայքերում տեղադրված պաշտոնական տեղեկատվության նկատմամբ:

 

ԳԼՈՒԽ 11
ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

93. Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրականացումը պայմանավորված է առաջարկվող միջոցառումների համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրներով: Այդ նպատակով պետք է համակարգել միջազգային և ներպետական ֆինանսական միջոցները` դրանք նպատակաուղղելով ահաբեկչության դեմ պայքարի առաջնահերթ աշխատանքների իրականացմանը: Ռազմավարության իրականացման հիմնական աղբյուր են հանդիսանում պետական բյուջեի միջոցները և այլ` օրենքով չարգելված աղբյուրները:

94. Ահաբեկչության հակազդման ոլորտում ֆինանսավորումը կատարվում է երկու հիմնական ուղղություններով. առաջին ուղղությունը վերաբերում է ահաբեկչության կանխատեսման, նախազգուշացման, խափանման և դրա վտանգների կասեցման հետ կապված միջոցառումներին, իսկ երկրորդը` մշտապես իրականացվող նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումներին, որոնք թեև արագ արդյունք չեն տալիս, սակայն հակաահաբեկչական պայքարի համակարգում առավել արդյունավետ են:

95. Ահաբեկչության, ինչպես նաև կիբեռահաբեկչության դեմ Հայաստանի Հանրապետությունը միայնակ չի կարող պայքարել: Ելնելով խնդրի ազգային և գլոբալ նշանակությունից` ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ է ապահովել միջազգային դոնոր կազմակերպությունների ֆինանսական աջակցությունը:

96. Ահաբեկչության դեմ պայքարի ազգային ռազմավարության իրականացման ֆինանսավորման միջազգային հիմնական աղբյուրներից են`

1) Համաշխարհային բանկը,

2) միջազգային զարգացման գործակալությունները,

3) Միավորված ազգերի կազմակերպությունը և այլն:

 

pin
ՀՀ Նախագահ
16.04.2012
N ՆԿ-51-Ն
Կարգադրություն